ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳ

10 Դկտ

Ոչ մի արվեստագետ օր-օրի, ամեն օր քսանչորս ժամ շարունակ արվեստագետ չի լինում, բայց ճշմարիտ, անանց արժեքները, որ հաջողվում է ստեղծել, նա ստեղծում է ներշնչանքի սակավաթիվ ու հազվագյուտ պահերին միայն:
Այդպես էլ պատմությունը, ի դեմս որի մենք հարգում ենք բոլոր ժամանակների մեծագույն բանաստեղծին ու արարչին, բնավ էլ անընդմեջ չի արարվում: Եվ «տեր աստծու այդ խորհրդավոր արհեստանոցում», ինչպես կոչում էր պատմությանը Գյոթեն, աննշան ու սովորական շատ բան է տեղի ունենում: Այստեղ էլ, ինչպես կյանքի ու արվեստի բոլոր ոլորտներում, հազվագյուտ են մեծ ու անմոռաց պահերը: Ավելի հաճախ պատմությունը տարեգրի անաչառությամբ շարում է փաստ փաստի ետևից, օղակ առ օղակ ավելացնելով այն վիթխարի շղթային, որ ձգվում է հազարամյակների միջով, քանի որ դարաշրջանի ամեն մի քայլը պահանջում է նախապատրաստություն, ամեն մի ճշմարիտ իրադարձություն հասունանում է ներքուստ: Միլիոնավոր մարդկանցից, որ ժողովուրդ են կազմում, ծնվում է միայն մի հանճար, ապարդյուն անցնող միլիոնավոր ժամերից միայն մեկն է դառնում իրոք պատմական: Եվ դա մարդկության աստեղային ժամն է:
Դրա փոխարեն, եթե արվեստում հանճար է հայտնվում, նա մնում է ապրելու դարերով: Երբ խփի աստեղային ժամը, նա կարող է կանխորոշել գալիք տարիներն ու հարյուրամյակները, և այդ պահին, ինչպես շանթարգելի ծայրին է բևեռվում մթնոլորտի բովանդակ էլեկտրականությունը, ժամանակի ամենակարճ հատվածը կպարունակի պատմական բազում իրադարձություններ: Այն, ինչ սովորաբար հոսում է համաչափ, միաժամանակ կամ հետևողաբար, խտանում է այդ եզակի ակնթարթում, և դա կարգավորում ու կանխորոշում է ամեն ինչ. մի եզակի «այո» կամ «ոչ», մի «չափազանց վաղ է» կամ «չափազանց ուշ» կանխորոշում է հարյուրավոր սերունդների բախտը, ուղղություն է տալիս առանձին մարդկանց, ամբողջ ժողովրդի կամ նույնիսկ բովանդակ մարդկության կյանքին…

Թողնել մեկնաբանություն