Պահոց | 5:38 ե.

ՎԱՍԻԼԻ ԿԱՆԴԻՆՍԿԻ

24 Դկտ

ՄԵՐԿ ՊԱՏԸ
Մերկ պատ…
Իդեալական պատ, որի վրա ոչինչ չկա, որին ոչինչ չի հենվում, որից նկար չի կախված, որի վրա տեսնելու ոչինչ չկա:
«Էգոցենտրիկ», ինքնաբավ ապրող, իրեն հաստատող, անարատ պատ:
Ռոմանտիկ պատ:
Ես էլ եմ սիրում մերկ պատը, որովհետև այն նոր, եկող ռոմանտիկայի հնչողություններից մեկն է:
Ով կարող է վերապրել մերկ պատը, լավագույնս նախապատրաստված է նկարչական ստեղծագործության վերապրման համար:
Երկչափ, անթերի հարթ, ուղղահայաց, համաչափ, «լռող», վեհ, իրեն հաստատող, խորասույզ, դրսից սահմանափակված և դեպի դուրս ճառագող պատը գրեթե նախնական մի տարր է:
Իսկ նախնական տարրը արվեստի ըմբռնման «Ա»-ն է, որից հետո անխուսափելիորեն «Բ»-ն է գալիս. պետք է, քանզի կարող է:
Գարեջրային երաժշտությունը բարձր է և դղրդալից միջակ բյուրգերական բնակարանի նման: Այսօրվա մարդը խլացած է. նա կարող է միայն բարձրաձայնն ընկալել: Եթե նրան չեն բռնում օձիքից և կարգին ցնցում, ապա նա անհաղորդ է մնում: Սակայն բարձրաձայնը միայն մի մասն է ամբողջի. ով գիտե, ցածրաձայնը (և լռինը) արդյո՞ք ամբողջի ավելի կարևոր մասը չէ…

ԽՈՒԱՆ ՄԻՌՈ

24 Դկտ

Անշարժությունն ապշեցնում է ինձ: Այս շիշը, այս բաժակը, մեծ քարը` լքված ծովափում,- սրանք անշարժ առարկաներ են, սակայն մեծ շարժում են առաջացնում իմ մտքում: Ես նման բան չեմ զգում, երբ մարդ արարածն անընդհատ փոխում է իր տեղը ամենաանհեթեթ ձևով: Մարդիկ, որ գնում են լողալու ծովափին, և անցուդարձ են անում, շատ ավելի քիչ են ներգործում ինձ վրա, քան ծովաքարի անշարժությունը: (Անշարժ առարկաները դառնում են ահռելի, շատ ավելի ահռելի, քան շարժվողները): Անշարժությունն ինձ մտածել է տալիս մեծ տարածությունների մասին, որոնցում սկիզբ առած շարժումը չի դադարում որոշակի մի պահի, շարժում, որը վերջ չունի: Ինչպես Կանտն է ասում` դա անվերջության անմիջական մուտքն է վերջավորի մեջ: Ծովաքարը, որ վերջավոր ու անշարժ օբյեկտ է, ինձ ոչ միայն սոսկ շարժում է ներշնչում, այլ այնպիսի շարժում, որը վերջ չունի: Իմ կտավներում դա թարգմանվում է կայծերի նմանվող ձևերով, որոնք ժայթքում են շրջանակից դուրս, ինչպես հրաբխից:
Քանի որ այնտեղ չկա հորիզոնի գիծ, ոչ էլ խորության նշույլ, նրանք տեղափոխվում են խորության մեջ: Նրանք տեղափոխվում են նաև հարթության մեջ, քանի որ գույնը կամ գիծը անխուսափելիորեն բերում են տեսանելիության անկյան տեղաշարժ: Մեծ ձևերի մեջ շարժվում են փոքրերը: Փաստորեն իմ փնտրածը անշարժ շարժումն է, որ համարժեք է այսպես կոչված լռության ճարտասանությանը…

Եվ ամեն ինչ կսկսվի նորից…

24 Դկտ

Պետք է ասել, որ անկախ այն բանից` Հայաստանը դա ցանկանում էր, թե ոչ, անցնող տարին ակտիվ էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի տեսանկյունից: Եվ եթե, այլ ոլորտների օրինակով, փորձ կատարենք ամփոփելու նաև ԼՂՀ ճակատագրին առնչվող բանակցային և ոչ բանակցային գործընթացները, պատասխանը կարող է ստացվել երկիմաստ: Մի դեպքում պիտի արձանագրենք, որ գործընթացը շարունակվեց առանց էական արդյունքների: Իսկ մյուս կողմից էլ չենք կարող չնկատել կարևորագույնը` Հայաստանին ևս մեկ տարի հաջողվեց պահպանել խաղաղությունը: Ճիշտ է, ոմանք այս ձևակերպման մեջ հակված են հատկանշական շտկում կատարելու` պնդելով, թե մենք իրականում պարտադրեցին այդ խաղաղությունը, սակայն այդ ո՞ր խաղաղությունն է, որ ներկա աշխարհում տրվում է առանց հարկադրանքի ու ճիգերի: Այս առումով շատ ավելի ընդունելի է նրանց վերաբերմունքը, ովքեր նախապատվելին համարում են ժամանակի փորձություններին դիմակայող որակներով օժտված արդյունքները, այսինքն այն քայլերը, որոնք կապահովեն վաղվա առաջընթացը:
Իսկ օր եկող տարին ևս հագեցած է լինելու զարգացումներով, դրանում չեն կասկածում ինչպես միջնորդները, այնպես էլ հակամարտող կողմերը: Պարզապես նրանցից յուրաքանչյուրը սպասելիքների սեփական նկարագիրն ու վերջնահաշվարկն ունի, և հենց դրանց անհամապատասխանության վրա էլ կառուցվում է այն, ինչն անվանում ենք կարգավորում:
Ադրբեջանն, օրինակ, արդեն իսկ հայտարարում է, թե հաջորդ տարի ցանկանում է հնարավորինս հասնել որևէ համաձայնության, այսինքն` ավարտել հարցը և հաստատել պլանը: Այսպիսին է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պատկերացումը, ով խոսելով ղարաբաղյան խնդրի մասին, մեկ անգամ ևս հաղորդում է, որ ադրբեջանական կողմը ընդունել է Մադրիդյան սկզբունքները, իսկ հայկական կողմը չի ընդունում որոշ պահեր: «Ցանկանում ենք վերացնել այդ խնդիրը և սկսել աշխատել խաղաղության համաձայնագրի վրա»,- իր ամանորյա երազանքն է պահում Մամեդյարովը:
Նոր տարվա հայաստանյան ռազմավարության և մոտեցումների մասին ընդհանուր պատկերացում կարելի է քաղել նախագահ Սարգսյանի վերջին ելույթից` արտասանցած ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ: Նախագահն ի մասնավորի ասաց. «Մեր խնդիրը արդարացի լուծում գտնելն է, որին հասնելու ճանապարհի հարցում միակարծիք են և այդ մասին հստակ հայտարարել են թե Հայաստանը, թե խնդրի կարգավորման հետ առնչություն ունեցող տերությունները և թե միջազգային ամենահայտնի կազմակերպությունները… Վերջին մի քանի ամիսների ընթացքում կարևորագույն բոլոր հարթակներում և խնդրի հետ կապ ունեցող բոլոր կողմերին հրապարակավ ներկայացվել է այն եզրագիծը, որից այն կողմ մենք բանակցելու տեղ չունենք»:
Ինչպես տեսնում ենք, այդ երզրագծերը էականորեն տարբեր են, եթե ոչ` հակադիր: Ս. Սարգսյանի ակնարկը ԼՂՀ անկախ կարգավիճակի մասին է, մի բան, ինչի շուրջ Բաքուն, մեր օրինակով, դեռևս «բանակցելու տեղ չունի»: Եվ սա է պատճառը, որ թե հարևան երկրում, թե Հայաստանում մշտապես օրակարգ է վերադառնում պահուստային տարբերակը: Հատկապես դրա հեռանկարով էր, որ կնքվեց հայ-ռուսական ռազմական համաձայնագիրը: Իսկ երկու օր առաջ ադրբեջանական խորհրդարանը վավերացրեց Թուրքիայի ու Ադրբեջանի միջև նույնպես ամռանը կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը: Մինչ օրս օտար աչքի համար գաղտնի պահված փաստաթուղթն այժմ ետ է տանում խորհրդավորության քողը, և միանգամայն պարզ է դառնում, որ դրա հիմնական նպատակը հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ հավասարակշռվելն է: Պայմանագրի երկրորդ կետը բառացիորեն կրկնում է այն, ինչը ստորագրվեց օգոստոսին Երևանում. «Եթե պայմանագիրը ստորագրած կողմերից մեկը զինված հարձակման կամ ագրեսիայի ենթարկվի այլ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա մյուսը պարտավորվում է փոխադարձ օգնություն տրամադրել` առկա բոլոր հնարավորությունների կիրառմամբ»: Ահա այսպես խնդրին միջամտել ցանկացող մասնակիցները իրավական հիմքեր են ստանում իրենց ներկայության համար: Սակայն դա էլ կարծես թե բավարար չէ:
Բոլորովին վերջերս ռուսական մամուլում հայտնվեցին ուշագրավ հրապարակումներ, որոնցից մեկը «Արգումենտի նեդելի» պարբերականի հոդվածն էր այն մասին, թե Վաշինգտոնը անհրաժեշտության դեպքում չի խոչընդոտի ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը: Թերթը գրում էր, որ ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «քարտ-բլանշ» է տվել խնդիրը լուծելու համար: Թե որքանով է սա հավաստի, այլ հարց է: Սակայն հատկանշականն այն է, որ ռուսներն ավելի հաճախ են հրապարակ նետում նման վարկածներ` կարծես դրանով ցանկանալով ամեն կերպ ընդգծել ու մեծացնել իրենց դերակատարությունը ԼՂ կարգավորման գործում: Իսկ ամերիկացիները ոչ միայն չեն առարկում նրանց, այլև ընդհակառակը, անուղղակիորեն հաստատում են իրենց դերի նվազման հավանականությունը: «ԱՄՆ-ը 2011-ին կմտնի նախագահական ընտրարշավի փուլ, ուստի դժվար լուծելի հակամարտությունները, որոնցում Վաշինգտոնի համար անհապաղ քաղաքական և PR դիվիդենտներ ստանալու հեռանկարները մեծ չեն ու ազգային անվտանգության սպառնալիքը սահմանափակ է, ամերիկյան վարչակազմի համար (հատկապես երկրի տնտեսական դժվարությունների ֆոնին) քիչ դեր կունենան»,- ապագայի համար կանխագուշակում են կատարում Heritage Foundation-ի փորձագետները:
Կռահումներ անելն, իհարկե, անշնորհակալ զբաղմունք է: Իսկ մեր դառը փորձը մեզ հուշում է, որ շատ բաներ ուղղակի կախման մեջ կլինեն այս կամ այն հանգամանքից, անսպասելի կամ սպասելի շրջադարձերից, մեծ ու փոքր շահերի բախումներից: Այնպես որ, 2011-ին Ղարաբաղի խնդիրը ևս պայմանավորված կլինի ոչ այնքան ծրագրված քայլերով, որքան կողմնակի գործոններով: Այլ հարց է, թե մենք որքանով պատրաստ կլինենք մեր գործողությունները ներդաշնակեցնել այդ տարուբերումներ հետ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: