Tag Archives: գերեզման

ԽԼԱՑՆՈՂ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

1 Դկտ

Կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի գերեզմանի տեղադրված է խորհրդանշական մի քար, որի վրա քանդակված է երաժշտական հնգագիծը: Դրանց վրա պատկերված է դադարի նշանը, նրա վերևում` ֆերմատան, ինչը պաուզան անորոշ ժամանակով երկարձգելու համար է, իսկ ներքևի հատվածում «ֆորտե-ֆորտիսիմո»-ն է, այսինքն ամենաբարձր հնչեղությունը: Բոլորը միասին կարելի է մեկնաբանել իբրև խլացնող հավերժական լռություն:

Камень на могиле композитора Альфреда Шнитке

ՀՈՂԻՆ Ի ՊԱՀ

23 Հլս

Երբ 1862 թվականին վախճանվեց անգլիացի գրող Դանթե Ռոսսետիի կինը, բանաստեղծը նրա դագաղի մեջ դրեց իր անտիպ պոեմները: Մի քանի տարի անց գրողին առաջարկեցին ժողովածու հրատարակել, սակայն Ռոսսետին չկարողացավ հիշողությամբ վերականգնել թաղված գործերը: Այդ ժամանակ ընկերները նրան հորդորեցին բացել գերեզմանը և դուրս բերել ձեռագրերը: Ի վերջո նա տեղի տվեց համառ խնդրանքներին, և գիրքը տպագրվեց:
Նույնը կրկնեց Եղիշե Չարենցը, երբ 1927 թ. հունվարին վախճանվեց բանաստեղծի կինը` Արփենիկը: Չարենցը նրա դագաղի մեջ դրեց կնոջը նվիրած բանաստեղծական շարքի ձեռագիրը: Սակայն, ի տարբերություն Ռոսսետիի, Չարենցը երբեք չփորձեց էջերը դուրս հանել:

pizap.com15006812574971

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ ՀԵՏՄԱՀՈՒ «ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ»

12 Հնս

1872 թվականին, 21 տարին դեռ չբոլորած, վախճանվեց բանաստեղծ Պետրոս Դուրյանը: Այդ անսպասելի ու ծանր կորստի պահին նրա ընկերները հանկարծ հիշեցին, որ տաղանդավոր երիտասարդը նույնիսկ լուսանկար չուներ: Շտապ կանչեցին նկարիչ Աբրահամ Սարգայանին, որ գոնե մահվան մահճում Դուրյանի դիմանկարը վրձներ: Բայց մահն այնպես էր աղավաղել Դուրյանի դեմքը, որ նկարիչը հրաժարվեց այդ փորձից: (Ավելի ուշ հիշողությամբ, հարազատների նմանությունը օգտագործելով պիտի ստեղծվեր պայմանական մի կերպար, որ Պետրոս Դուրյանի դիմանկարն էր համարվելու երկար տարիներ): Նրա մարմինը հողին հանձնեցին Կ.Պոլսի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանատանը: Այսպես անցավ 85 տարի:

71609_518020394883268_1523132163_n
1957 թվականին թուրքական իշխանությունները հանկարծ որոշեցին, որ գերեզմանատան տարածքով պիտի նոր մայրուղի անցնի և դիմեցին բնակիչներին՝ իրենց հարազատների շիրիմները տեղափոխելու հորդորով: Շատերի հետ վտանգվել էր նաև Դուրյանի գերեզմանը: Պոլսո Հայոց պատրիարքարանը անմիջապես ստանձնեց բանաստեղծի վերաթաղման հոգսը: Այն օրերին պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի հանձնարարությամբ ու մասնակցությամբ Դուրյանի մասունքները հանվեցին ու տեղափոխվեցին շիրմատան խորքը:
Բայց այդ օրը տեղի ունեցավ ևս մի դեպք, որը հայտնի դարձավ տարիներ հետո: Պահպանվել է ականատես Կարպիս Տողրամաճյանի գրավոր վկայությունն այդ մասին, ուր մասնավորապես ասված է. «Ես` սրորագրյալս` Կարպիս Տողրամաճյան, Թուրքիո Հայոց պատրիարքարանին բարապանը եղած եմ 1950 թվականեն ի վեր: Կվկայեմ, որ ես անձամբ ներկա էի հանգուցյալ Գարեգին Ս. պատրիարքի կողքին 1957 թվականին, երբ Պետրոս Դուրյանի գերեզմանը կփորվեր անոր ոսկորները գերեզմանին ավելի ներսերը փոխադրելու համար, քանի որ հին գերեզմանին տեղը ընդարձակվելուն՝ ճամփու պիտի հատկացվեր: Ես անձամբ տուփի մը մեջ բերի գանգին ոսկորները նախ` դպրեվանք, ուր մնաց քանի մը ամիսներ և ապա փոխադրեցինք պատրիարքարան, ուր կման մինչև այսօր»:850
Նույնատիպ մի վկայություն էլ թողել է գերեզմանափորը՝ Միհրան Ակտաղը, և նրա գրությունն այսօր պահվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվում: 1967 թ. սեպտեմբերին նա հաստատում էր, որ հենց ինքն է դուրս բերել Դուրյանի փշրված գանգը և հանձնել հայ հոգևորականներին:
Թե որն էր պատրիարքի մտադրությունն՝ այնքան էլ հստակ չէր: Ամեն դեպքում, բանաստեղծի գանգը նրա մոտ պահվում էր կիսածածուկ և միայն եզակի, վստահելի մարդկանց էր նա արժանացնում այն տեսնելու պատվին: Վերջինիս մահից հետո Դուրյանի մասունքների պահպանությունն անցնում է Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանին: Նորընտիր պատրիարքն այդ օրերին հարկ է համարում մի հավաստագիր գրել, որտեղ ասվում էր. «Հանգուցյալ Պատրիարքը ինձի ցույց տված է Պետրոս Դուրյանի գանգին ոսկորները և ըսած է, որ զանոնք հանել տված է Դուրյանի գերեզմանեն 1957 թվականին, երբ Սկյուտարի Պաղլար- Պաշըի մաս մը կհատկացվեր հարակից ճամփուն… Մեր պատրիարք ընտրվելեն ասդին մեծ բանաստեղծին այս պատվական նշխարքը կմնա մեր հոգածության ներքո»:
Հանգուցալուծումը վրա հասավ 1969 թվականին: Օգտագործելով Էջմիածին մեկնելու անհրաժեշտությունը, պատրիարքը որոշում է Դուրյանի գանգն իր հետ տանել Հայաստան: Նա կարծում էր, որ բանաստեղծի աճյունի մյուս մասի հանգրվանը պիտի հայրենքը դառնա, իսկ նրա պոեզիայի սիրահարների համար այդ երկրորդ շիրմատեղը պիտի լինի ուխտատեղի: Պատմում են, թե ավելորդ անախորժություններից խուսափելու համար զգուշավոր պատրիարքը գանգը թաքցրել էր իր սքեմի տակ և այդպես անցել սահմանը:duryan_04
Շնորհք արքեպիսկոպոսը բանաստեղծի գանգը հանձնում է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին՝ ի տնօրինություն: Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի շտապում կազմակերպել դրա վերաթաղումը, այլև իր հերթին այն տալիս է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին: Բանն այն է, որ Վեհափառը մեկ այլ մտադրություն ու ցանկություն էլ ուներ: Նա ուզում էր մասնագետների օգնությամբ, գանգաբանական սկզբունքներով վերականգնել Դուրյանի իրական դեմքը, ինչից հետո արդեն կորոշվեր գանգի ճակատագիրը:
Այդ տարիներին մեծ համբավ ու հեղինակություն էր վայելում մարդաբանության լաբորատորիայի հիմնադիր, գանգաբան Անդրանիկ Ճաղարյանը, ով պլաստիկ անատոմիայի նորագույն մեթոդների գործադրմամբ կարողանում էր գանգի բեկորների հիման վրա վերարտադրել դեմքի եռաչափ պատկերը: Հենց նրա օգնությանն էլ ապավինել էր Վազգեն Առաջինը՝ Դուրյանի գանգն ի պահ հանձնելով թանգարանին: Եվ թանգարանի աշխատակիցները չհապաղեցին:
Ճաղարյանը հետագայում այդ նշանավոր պահը շատ անգամ պիտի մտաբերեր, և ոչ առանց հուզմունքի. «1970 թվականի մայիսն էր… Թանգարանի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Ս. Մելիքսեթյանը գուրգուրոտ հոգածությամբ ինձ հանձնեց փայտյա մի փոքրիկ տուփ, որի մեջ ամփոփված էին խունացած ոսկորներ և մի բուռ հող. «Պետրոս Դուրյանի գանգի բեկորներն են, փորձենք վերականգնել բանաստեղծի դեմքը»: Վերականգնել Դուրյանի դեմքը…Ընդունե՞լ առաջարկը, թե՞ մերժել: Իմ գիտական կյանքում հուզումներ շատ եմ ունեցել, բայց խոստովանում եմ, որ այն, ինչ համակեց ինձ այդ պահին, անկարելի է բառերով արտահայտել: Ոչ, դա ուրախության կամ հպարտության սոսկական զգացում չէր, դա գուցե ամենից առաջ վախ էր: Այո, ես վախենում էի Դուրյանից, նրա անկրկնելի հմայքից…»:71699_518020008216640_1752874978_n
Բայց գիտությունն ու էմոցիաները համատեղվել չեն սիրում, և մասնագետը գործի է անցնում: Պահպանվել է նույն տարվա մայիսի 19-ին կազմված արձանագրությունը գանգի ընդհանուր անատոմիա-մարդաբանական նկարագրական նշանների մասին: Այնտեղ մասնավորապես ասվում էր. «… Գանգը շատ վատ է պահպանված, փշրված բեկորներ, բացակայում են աջ այտային աղեղը, աջ այտոսկրի ճակատային ելունը, աջ կողմնաոսկրի մի մասը, ծոծրակոսկրի մի մասը, պահպանված է 20 ատամ, ձախ ճակատոսկրի վրա սուր գործիքից առաջացած ակոսավոր վնասվածք, որը թափանցում է ոսկորի սպունգանման շերտը, 2սմ երկարությամբ (հավանաբար դամբարանը փորելու ժամանակ բրիչի հարվածից փշրվել է գանգը)… Գանգը վերևից հնգանկյունանի (պենտագոնալ) ձևի , դեպի ծոծրակը լայնացող ձվի տեսքով, ճակատը բարձր, թմբերը` թույլ զարգացած, ունքամեջը հարթ, վերունքային աղեղները`միջին բարձրության, պտկաձև ելունները` միջակ, ձախ ելունի վրա` բազմաթիվ անցքեր, որոնք վկայում են, որ կենդանի ժամանակ Դուրյանն ունեցել է միջին ականջի բորբոքում` հավանաբար հյուծախտային ծագմամբ և բորբոքումը տարածվել է ոսկորի վերադիր հյուսվածքների մեջ…»:

77042_518022458216395_1263027382_n
Իսկ հետո մեկը մյուսին են հաջորդում մանրակրկիտ աշխատանքի երկարատև օրերը՝ լի տարատեսակ բարդություններով և նաև անսպասելի անակնկալներով: Օրինակ, ինչ-որ մի պահի հանկարծ պարզվում է, որ գանգակամարի ոսկրաբեկորների մեջ կան կտորներ, որոնք պատկանում էին տարիքն առած կնոջ: Շփոթված գիտնականն առաջին պահին չի հասկանում, թե բանն ինչ է: Եվ միայն հետո հաջողվում է ճշտել, որ Դուրյանի հարևանությամբ թաղված է եղել նրա մայրը և գերեզմանը տեղափոխելիս մոր գանգի ոսկորները խառնվել են որդու գանգի ոսկորներին:
Ի վերջո վրա է հասնում այնքան սպասված պահը: Ճաղարյանի աշխատասենյակում տեղադրված էր Պետրոս Դուրյանի կիսանդրին: Պրոֆեսորը համոզված էր. բանաստեղծը եղել է հենց այս դեմքով: Մնում էր, որ հանրությունը նույնպես ընդունեն նրան այնպիսին, ինչպիսին գիտությունն էր ծնունդ տվել՝ վերացականությունից հասնելով մինչև առարկայության:
Թե ինչեր տեղի ունեցան հետո, արդեն հանրահայտ փաստեր են: Հայաստանցիների մեծ մասը դրական գնահատեց բանաստեղծի դեմքի վերականգնումը, իր աշխատանքի մասին Անդրանիկ Ճաղարյանը մի ամբողջ գիտական աշխատություն գրեց, իսկ Դուրյանի մասունքները 2012 թվականին զմռսվեցին Պանթեոնի հուշապատի մեջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ5931359.854cdefd.560

ԲԱԿՈՒՆՑԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԸ

13 Հնս

«… Ինձ միշտ հետաքրքրել է Բակունցի՝ ժամանակի ամենափայլուն գրողի ճակատագիրը, բայց ոչինչ չգիտեի նրա վախճանի մասին: Երբ ես 1989 թ. վերջին անգամ եղա Հայաստանում, շատերը ինձ գրեթե նույնությամբ պատմեցին նրա կյանքի վերջին օրվա մասին:
Մահվան դատապարտելուց հետո նրան բերում են Զանգվի կիրճ, Խանջյանի նախկին սև ամառանոցի դիմաց: Զանգվի հակառակ ափին նրա ձեռքն են տալիս բահը և ստիպում փորել սեփական գերեզմանը: Նա շատ երկար է փորում, հետո ջուր է խնդրում ու նստում հանգստանալու, որից հետո կրկին շարունակում է փորել: Նրան շտապեցնում էին: Երբ վերջացնում է փորելը, նետում է բահը, նստում հողաթմբին և թույլտվություն խնդրում ծխելու վերջին գլանակը: Նրան թույլ են տալիս: Նա երկար ու դանդաղ ծխում, վերջացնում է և անմիջապես էլ գնդակահարում ու նետում են իր իսկ փորած գերեզմանի մեջ…»:

ՄԱՐԻԱՄ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

Հերթը հասավ Պետրոս Դուրյանին

19 Հնվ

Վաղ թե ուշ այս բանը պիտի լիներ: Մի օր համբերության բաժակը լցվում է, և խուլուհամր ձևացողների ապուշային պահվածը այլևս արդարացում չի դառնում անվերջանալի սպասման համար: Եվ հիմա, 42 տարվա չարչրկումներից հետո վերստին խոսվում է բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքները հողին հանձնելու անհրաժեշտության մասին: Բայց թերևս ավելի ճիշտ բառով բնորոշենք ստեղծված կացությունը, քանի որ ոչ թե խոսվում է, այլ չարաշահվում է թեման: Հիմա բացատրենք, թե ինչու:
Հանրահայտ փաստ է, որ 1872-ին վախճանված Դուրյանը թաղվել էր Պոլսի Սկյուտար թաղամասի գերեզմանատանը: Ստացվեց այնպես, որ մոտ 90 տարի անց, իսկ ավելի ճիշտ՝ 1960-ականների վերջին տեղի իշխանությունները հայտնեցին, թե գերեզմանը տեղաշարժելու խնդիր կա, քանի որ որոշվել է այդ տարածքում ճանապարհ կառուցել: Հենց այս կացությունն էլ առիթ դարձավ, որպեսզի Պոլսի հայոց պատրիարքը Հայաստան բերեր բանաստեղծի գանգը: Պատրիարքը այն հանձնեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, իսկ վերջինս էլ մասունքները տվեց գրականության և արվեստի թանգարանին: Վերհիշենք նաև, որ հենց նույն շրջանում նախաձեռնվեց Դուրյանի դիմաքանդակի ստեղծումը՝ գանգաբանական վերականգնման սկզբունքներին համապատասխան, ինչը իրականացրեց ակադեմիկոս Անդրանիկ Ճաղարյանը: Այս ամենը ևս խիստ կարևոր էր ու վարպետությամբ կատարված, միայն թե դա չէր լուծում գանգի հետագա ճակատագրի խնդիրը: Ի վերջո ի՞նչ էր անհրաժեշտ անել: Գանգը ցուցանմուշ չէ, որ կարելի է տեղադրել թանգարանում և այցելուներ գրավել: Կար մեկ և միակ խելամիտ լուծումը՝ այն հանձնել հողին, ինչպես ընդունված է քրիստոնյա կոչվող հայերիս մոտ և ինչպես թելադրում է մարդու հիշատակի հանդեպ ունեցած հարգանքը: Սակայն արի ու տես, որ այդ «մեկն ու միակը» այնքան էլ միակը չէր շատերի համար: Ու սկսվեց վաղուց ծանոթ, միայն տհաճություն ու զայրույթ հարուցող պատմությունը:
Տասնամյակներ շարունակ տարբեր անհատներ ու կազմակերպություններ դիմեցին իշխանություններին՝ խնդրին վերջնական լուծում տալու ակնկալիքով, բայց նրանց հորդորները մնացին անարձագանք: Վերջնականապես չխելագարվելու համար անիմաստ ենք համարում մեջբերել այն բոլոր «փաստարկներն» ու «հիմնավորումներ», որոնք միջոցով գանգի թաղումը հետաձգվում էր անորոշ ժամանակով: Ասենք միայն, որ այսօր կատարվող դեպքերն ու ծավալվող քննարկումները ոչնչով չեն տարբերվում նախորդներից:
Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ: Ըստ տեղեկությունների, մի քանի տարի առաջ մշակույթի նախարարությունը որոշում է զբաղվել Դուրյանի մասունքների խնդրով: Եվ ի՞նչ է անում: Մի հսկա կառուց՝ իր բոլոր պատասխանատուներով լարում են ուղեղները, անքուն գիշերներ են լուսացնում, որպեսզի հաշվարկեն, թե հուղարկավորությունն իրականացնելու գործը ի՞նչ կարժենա: Ի վերջո համաձայնության են գալիս ընդամենը… 1000 դոլարի շուրջ և դրանից հետո հարցը փակվում է: Վերջ: Դուրյանի խնդիր չկա: Մոռացեք այդ մասին:
Հավանաբար ինչ-որ մեկին մեծ շռայլություն էր թվացել նման գումար վատնել մի բանաստեղծի համար, եթե կարող էր այդ փողերով իր չնչին գոյությունն արդարացնել այս հողի վրա: Երևի: Սակայն առաջ գնան ու հիշենք, թե ինչպես 2 ամիս առաջ նույն մշակույթի նախարարությունը բացառիկ սրտացավություն հանդես բերեց և հարցի քննարկման ու եզրակացություն տալու արտոնությունը տրամադրեց… Գրողների միությանը: Սա, ինչ խոսք, բացառիկ աբսուրդի օրինակ է: Ի՞նչ կապ ունի մի սովորական հասարակական կազմակերպությունը գործադիր մարմնի որոշումների հետ: Դա նույնն է, թե սպառողների միության անդամին արտոնես առևտրային համաձայնագրեր քննարկել կամ, ասենք, կանաչների միությանը խնդրես՝ երկրաբանական-տնտեսագիտական եզրակացություն տալ հանքարդյունաբերության որևէ ճյուղի մասին: Եթե նախարարությունը պատսպարվում է գրողների միության թևի տակ, այդ դեպքում ինչի՞ համար են գրականության ինստիտուտը, պատմության ինստիտուտը, այլ պետական ու ակադեմիկան կառույցներ, որոնք կոչված են հենց այս կարգի խնդիրներ լուծելու և մասնագիտական եզրակացությունների հանգելու համար:
Այս հարցերի պատասխանը թողնելով նույն այդ հաստատությունների պատասխանատուներին, անցնենք առաջ և հասնենք աբսուրդի հաջորդ գործողությանը: Պանթեոնում Դուրյանի մասունքները ամփոփելու ցանկությանը թվում էր՝ չէր լինելու որևէ առարկություն, քանի որ բանաստեղծն իր տաղանդով վաստակել է մյուս հայ մեծերի կողքին տեղ զբաղեցնելու իրավունքը: Բայց նույնիսկ այդ պարագայում մեր լավատեսությունը չափազանց է, քանի որ, պարզվում է, կան այդպիսիները: Կան ու դեռ առարկությունների համար բացատրություններ էլ ունեն: Օրինակ, մեր հարգարժան հոգևորականները պնդում են, թե մարդը չի կարող երկու գերեզման ունենալ, այդ իսկ պատճառով էլ Պանթեոնում Դուրյանի համար նոր շիրմատեղ հատկացնելը հակասում է եկեղեցական կարգին: Իհարկե, նույն հոգևորականներին կարել է հիշեցնել, թե ինչպես էին իրենք հոծ խմբերով մասնակցում Թումանյանի սրտի թաղմանը Դսեղում, երբ Թումանյանը Թբիլիսիում գերեզման ունի, ինչպես էին նույն կերպ Վիլյամ Սարոյանի սիրտը հողին հանձնում Երևանում, երբ Սարոյանի մարմինն օվկիանոսից այն կողմ է, և ուրիշ այլ պատմություններ էլ, սակայն կարծում եք իրենք չե՞ն հիշում:
Բանը հասավ նրան, որ նույնիսկ առաջարկ հնչեց գանգն ընդհանրապես չթաղել, քանի որ այն… հետաքրքիր կլինի Բժշկական համալսարանի ուսանողների ու առողջապահության հաստատությունների աշխատակիցների համար այն տեսանկյունից, թե ինչպես կարելի է այդ բեկորներից ստանալ մարդու դեմքը: Պատկերացնու՞մ եք այդ բանն ասողի գանգի չափերն ու դրա դատարկ պարունակությունը, որը հաստատ կհետաքրքրի կենսաբանական խեղումներով հրապուրվող ապագա բժիշկներին:
Ահա թե ովքեր են տնօրինում մեծերի երկնային կյանքն ու հիշատակը, ահա թե ովքեր են մի հողակտոր հատկացնելու անհրաժեշտությունը վերածում հիմարության խրախճանքի: Ու որքան էլ փորձում ես հասկանալ, թե ինչու՞ է յուրաքանչյուր պարզագույն իրավիճակ, յուրաքանչյուր կարևոր գործ փորձություն դառնում մեր ջղերի ու գիտակցության համար, միևնույն է, պատասխանը չես գտնում:
Այս տարի լրանում է Պետրոս Դուրյանի 160-ամյակը: Ի սեր աստծո, գոնե մի անգամ մարդ եղեք: Այնքան մարդ եղեք, որ ուժ գտնեք Դուրյանին ազատելու ձեր անախորժ ներկայությունից: Թող նրա մասունքները հանգիստ առնեն հողում, իսկ դուք մնացեք վերևում, բայց հեռու, հեռու թե նրանից, թե մեզնից…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ — SHANT TV

13 Նյմ

Աղբակույտեր Չարենցի գերեզմանին — Հասարակական — Նորություններ – Շանթ հեռուստաընկերություն — SHANT TV.

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

13 Նյմ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ ԵՆ ՉԱՐԵՆՑԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Չարենցի թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը սուտ է խոսում

3 Նյմ

Բանաստեղծ Եղիշե Չարենցի թաղման վայրը պղծելուց 4 օր անց դեպքին արձագանքել է Չարենցի տուն-թանգարանի տնօրինությունը, սակայն արձագանքել է խիստ յուրահատուկ կերպով՝ հայտարարելով, թե իբր դա Չարենցի գերեզմանը չէ և այդպես ասողները ստում են ու ապակողմնորոշում հանրությանը: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի այդ կտրուկ արձագանքին գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն այսպես պատասխանեց. «Հակոբյանից ես այլ բան չէի էլ սպասում: Այդ տիկինը ոչ միայն բառերի մեջ ընտրություն կատարելու շնորհից է զրկված, այլև հակում ունի՝ պարբերաբար մոլորության մեջ գցել մարդկանց: Նրա վերջին «քաջագործություններից» մեկը թուրքերի հետ ձեռք-ձեռքի տված մի անկապ քարակույտ իբրև Չարենցի տուն մեզ վրա սաղացնելու գործարքն էր, որը անփառունակ վախճան ունեցավ, և այդ օրից Լիլիթ Հակոբյանն ատամ ունի ինձ վրա: Սա, իհարկե, զվարճալի պիտի հնչի, եթե այդքան ցավալի չլինի: Իսկ գալով այն հարցին, թե մեզնից ով է սուտ խոսում, ապա ես կարող եմ միանշանակ պնդել, որ դա առայժմ մնում է տիկին Հակոբյանի բացառիկ մենաշնորհը: Ասածս հիմնավորելու համար կան մի քանի փաստարկներ, բայց ես կհիշատակեմ դրանցից միայն մեկը, ինչը լիովին բավարար է ընդդիմախոսիս բառերի արժեքը գնահատելու համար: Ի՞նչ եք կարծում, սրանից 15 տարի առաջ ո՞վ էր, որ առաջինը հանրությանը տեղյակ պահեց, թե գտնվել են Չարենցի թաղման վայրն ու գրողի մասունքները: Ասեմ՝ չեք հավատա: Նույն Լիլիթ Հակոբյանը: Եթե թերթելու լինեք այդ օրերի մամուլը, ինքներդ էլ կհամոզվեք, որ դա այդպես է: Ես ընդամենը մի կարճ մեջբերում կատարեմ այն օրերի թերթերից. «…Եվ տնօրենն ասաց. «Ճշտված է Չարենցի գերեզմանի տեղը… Մի քանի չարենցապաշտների ու թանգարանի աշխատակիցների ջանքերով հաջողվել է ճշգրիտ որոշել Չարենցի թաղման վայրը: Փորել ենք և գտել մի քանի ոսկորներ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք Չարենցինն են» (Արամ Մարգարյան, «Եվ տնօրենն ասաց…», «Հայք», 10.1.1996 թ.): Ահա այսպես: Փորել են, գտել, ուսումնասիրել, համոզվել ու հայտարարել: Իսկ հիմա պարզվում է, որ ես ստախոս եմ, իսկ Լիլիթ Հակոբյանը ճշմարտության մարմնացումն է:
Հիմա դառնանք նրա մեկ այլ աղաղակող կեղծիքին, երբ անտեղյակ լրագրողին ասում է. « Ի վերջո, այդտեղից ոսկորներ հանվե՞լ են, չէ՞ որ կարելի է ոսկորների ԴՆԹ-ի ախտորոշմամբ պարզել իսկությունը, արե՞լ են նման բան, իհարկե ոչ»: (Խեղճ գրագետը նույնիսկ չգիտի, թե ինչ բան է ախտորոշումը և որ ԴՆԹ-ն երբեք չեն ախտորոշում, բայց այս մասին՝ մեկ այլ անգամ, հիմա դառնանք բուն խնդրին):
Ինչպես նկատեցիք, քիչ առաջ նա բոլորովին այլ բան էր պնդում գտնված ոսկորների, մասունքների ուսումնասիրության մասին: Բայց սա դեռ բոլորը չէ: Թե ինչպես է ընթացել գենետիկական հետազոտություն կատարել-չկատարելու հարցի լուծումը, այդ մասին հստակ պատկերացում է տալիս ոչ այլ ոք, քան Չարենցի թոռնուհին՝ Անահիտ Չարենցի դուստր Հասմիկ Չարենցը: Ահա մի հատված վերջինիս հարցազրույցից՝ տպագրված 2008 թ. մայիսի 10-ին «Հրապարակ» թերթում. «… Ես ասացի՝ խնդրեմ, տվեք ոսկորներ, տանեմ Հոլանդիա, ԴՆԹ-ի թեստ անցկացնենք, եթե արդյունքում ապացուցվի, որ գտել ենք Չարենցի աճյունը, ես կասեմ՝ փառք Աստծո, քրիստոնեաբար կթաղենք, վրան էլ խաչ կդնենք։ Բայց ինձ չտվեցին…»։
Այն նախանձախնդիր լրագրողները, ովքեր այդքան հակված են ճշմարտությունը բացահայտել, գուցե հենց այս հարցի՞ց սկսեն՝ ինչու՞ չտվեցին, ինչու՞ ուրացան այն, ինչ ասում էին նախկինում և, վերջապես, որտե՞ղ է տիկին Հակոբյանը պահ տվել այդ ոսկորները: Հասկանում եմ, որ սրանք ծանր հարցեր են նրա համար, բայց ի՞նչ կարող ես անել…
Եթե նկատեցիք, ես առայժմ ոչինչ չեմ ասել իմ անունից: Առայժմ մյուսներն են խոսում: Եվ ձեզ վստահեցնում եմ, որ դա էլ լիովին բավարար է իսկությունը պարզելու համար: Ու՞մ է Հակոբյանը ստախոս անվանում: Նրանց, ովքեր համոզված են, որ դա է Չարենցի գերեզմանը: Կնշանակի նա ստախոս է հորջորջում նաև հարգարժան բանաստեղծ Արևշատ Ավագյանին, ով առաջիններից մեկը հրապարակեց գերեզմանի գտնվելու վայրի մասին տեղեկությունը: Ստախոս է անվանում չարենցագետ Դավիթ Գասպարյանին, ով իր գրքում գրել է«…Չարենցին թաղեցին գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի մինիստրության պանսիոնատի այգու քարքարուտների մեջ: Դեռ ապրում է այդ օրերի ականատես վկան…»: Ստախոս է անվանում այն բոլոր հրաշալի, հետևողական մարդկանց, ովքեր անշահախնդրորեն տարիներ շարունակ զբաղվել են մեծ գրողի վերջին հանգրվանի որոնումներով, քայլ առ քայլ տարել մեզ դեպի բացահայտում և այժմ միայն մի բան են ցանկանում՝ արժանին մատուցել նրա հիշատակին ու հեռու պահել նրան ճշմարտություն պղծողների ու քողարկողների ոտնձգություններից:
Այսքանից հետո ինչ այլ բան չի մնում, քան հերթական անգամ ասել. տիկին Հակոբյան, դուք արդեն անտանելի եք դառնում: Խելամիտ եղեք, լռեք ու զբաղվեք այն գործերով, որոնք ձեզ են վերաբերում: Չարենցագիտությունը ձերր խելքի բանը չէ»:

ՎԱՆԴԱԼԻԶՄ. ՊՂԾՎԵԼ Է ՉԱՐԵՆՑԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

29 Հկտ

Այսօր մի խումբ հեռուստալրագրողների և բանաստեղծ Արևշատ Ավագյանի հետ մենք այցելեցինք այն վայրը, որտեղ գտնվում է Եղիշե Չարենցի գերեզմանը: Չեմ կարող բառերով նկարագրել զգացումը, որ ունեցանք բոլորս, երբ տեսանք այն, ինչը բոլորովին չէինք սպասում տեսնել: Եղիշե Չարենցի գերեզմանը պղծված էր, ոչնչացված էր այնտեղ տեղադրված խաչը, բանաստեղծի դիմանկարը և ցուցանակը, որի վրա նշված էր նրա մահվան օրը: Գերեզմանաթումբը հարթեցված էր, իսկ այնուհետև ծածկված շինարարական աղբով, քարերով և մետաղե թիթեղներով: Թե ո՞վ կամ ովքե՞ր են մարդկային կերպարանքով այն թերմածքները, որ հանդգնել են ձեռք բարձրացնել այդ սրբավայրի վրա, առայժմ հատնի չէ: Սակայն ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք: Շատերին է հայտնի, որ Չարենցի թաղման վայրը գտնվում է Երևանից Էջմիածին տանող մայրուղու ձախ կողմում, Հրազդանի կիրճի եզրին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան պարսպի կողքին: Այդ տարածքը հսկվում է օրուգիշեր ոչ միայն թիկնապահների կողմից, այլև պարսպի տարբեր հատվածներում տեղադրված տեսախցիկներով: Ընդ որում, տեսախցիկներից մեկը գտնվում է հենց Չարենցի գերեզմանի մոտ: Բացառվում է, որ այն արձանագրած չլինի այն պահը, երբ վանդալները հողին էին հավասարեցնում շիրմաթումբը: Ուզում եմ հավատալ, որ ամենակարճ ժամանակում մենք Ռ. Քոչարյանի գրասենյակից կստանանք մեզ հուզող հարցերի գոնե մի մասի պատասխանը:
Հիշեցնեմ, որ դեռևս 1996 թվականին գտնվեցին Չարենցի մասունքները, իսկ վերջին տարիներին այդ վայրը դարձել էր Չարենցի պոեզիայի երկրպագուների ուխտավայրը: Չարենցասերների ջանքերով այն հնարավորինս բարեկարգվել էր, տեղադրվել էին հիշատակի խաչն ու հուշատախտակը: Այժմ կատարված անմարդկային արաքը ոչ միայն հանճարեղ գրողի հիշատակի պղծումն է, այլև ծանր վիրավորանք նրա ընթերցողների ջերմ զգացումների հանդեպ: Եվ սա չի կարող անհետևանք մնալ:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԵՐԸ

30 Մրտ

«… Հունվարի 6-ին առբաժնի միջոցով հրավիրվեց կոնսիլիում` բաղկացած 3 բժշկից: Բժիշկներն ասացին, որ ոչինչ անել հնարավոր չէ և պետք է րոպե առ րոպե սպասել վախճանին: Լույս 7-ի ամբողջ գիշերը չքնեց, մի քանի անգամ խնդրեց իրեն հագցնել և նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպե անգամ չէր կարողանում նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին, և խնդրում էր դրանք շփել, իսկ ինքը հանգիստ էր: Հարցնում էր` ի՞նչ եմ ես կարծում, ու՞մ համար է ավելի դժվար` նրա՞, որ մեռնում է, թե՞ հարազատների, որ մնում են… Միայն ասում էր` որքան հնարավոր է շուտ գնանք Մոսկվա…
… Առավոտյան ես գնացի հաջողացնելու մեր մեկնումը: Վերադարձա, նա խնդրեց բժիշկ հրավիրել… Գնացի այն ռազմա-սանիտարական գնացքի բժիշկին բերելու, որով մենք Սամարայից եկել էինք (գնացքը դեռ կանգնած էր Օրենբուրգ-1-ում, 9 վերստ հեռու): Երբ մենք մեկ ժամից հետո եկանք, նրա զարկերակը գրեթե չէր խփում, սակայն ֆելդշերին նա ճանաչեց և շատ ուրախացավ: Երբ սրսկում էինք, նա խոսում էր ու հարցնում. «Կարելի՞ է անվերջ սրսկել և այդպիսով կյանքը երկարացնել դարձյալ մեկ շաբաթով…
…Կամֆորայից հետո երկու ժամ դեռ գիտակցությունը տեղն էր: Խնդրեց հանգիստ նստել իր մոտ և լաց չլինել ու չվազվզել: Այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ դա մահ է…»:

Անահիտ Շահիջանյան

«Տերյանի վերջին խոսքերը.
— Ու՞ր է իմ պայուսակը: Ես ընկնում եմ…»

Սաքո Սուքիասյան

«… Թաղեցին Տերյանին այնպես, ինպես խնդրել էր նա իր բանաստեղծության մեջ` «Ինձ թաղեք, երբ վերջին վերջալույսն է մարում», հունվարյան կարճ օրվա վերջում, երեկոն իջնելուց առաջ: Շատ հայեր էին եկել, նրանք ծաղիկներ էին բերել` այն ամենը, ինչ կարելի էր ճարել ձմեռային քաղաքում: Հավաքվել էին նաև ինձ անծանոթ մարդիկ. բանակի շտաբից, նահանգգործկոմից, հարևան տների բնակիչները` ռուսներ, թաթարներ, լեհեր: Ես գերեզմանոց չգնացի. հոգեհացի էր պետք պատրաստվել, իսկ առանց տանտիրուհու այդպիսի գործերում յոլա չես գնա: Բայց ինձ հետո պատմեցին, որ այնտեղ էլ ամեն ինչ այնպես էր եղել, ինչպես կտակել էր ժամանակին բանաստեղծը. «Ինձ անխոս թաղեցեք…»:
Մարգարիտ Վեքիլյան

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՆՈՔԱ ԱՆԳԱՄ ԱՄԱՉՈՒՄ ՔՈ ԱՃՅՈՒՆԻՑ…

25 Հկտ

Վերնագիրը Չարենցի տողն է, հասցեատիրոջն ինքներդ ընտրեք: Իսկ այս շարադրանքը պայմանավորված է օրերս օրաթերթերից մեկում տպագրված հոդվածով, որի վերնագիրը՝«Չարենցի գերեզմանը և աճյունը գտնված չեն», անտեղյակ ընթերցողին կարող է ոչ միայն մոլորեցնել, այլև հանել ափերից: «Ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ սրբապղծություն, ինչպե՞ս կարելի է նման բան անել»,- կբացականչեն ոմանք: Այդ «ոմանք»-ից երկուսի ձայնն արդեն լսեցինք։ Առաջինը Չարենցի թոռն է՝ Արմեն Չարենցը, ում անձամբ չեմ ճանաչում ու չգիտեմ, թե, ժառանգաբար նրան փոխանցված ազգանունից բացի, վերջինս ուրիշ ի՞նչ ընդհանրություններ ունի մեծ բանաստեղծի հետ: Փոխարենը գիտեմ երկրորդին՝ Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանին, ում մինչ այս պահը համարել եմ իր գործի գիտակ և սեփական խոսքի կշիռն արժևորող մար: Բայց, ավաղ, պարզվեց, որ խոսքի փոխարժեքն էլ այս դեպքում խիստ անկայուն ու տատանվող է՝ պայմանավորված այն բանով, թե քամին որ կողմից կփչի:
Իսկ այժմ դատենք փաստերով:
Մարդիկ հայտնվել են ցայտնոտի մեջ՝ իմանալով, որ մի խումբ չարենցասերներ բանաստեղծի մահվան օրը գնացել են նրա թաղման վայրը՝ հարգելու հանճարի հիշատակը։ Նրանց համար այդօրինակ քայլն ուրիշ անուն չունի, քան էժան սենսացիա։ Այնինչ էժանագին սենսացիայի իրական սիրահարներին պիտի հիասթափեցնեմ՝ ասելով, որ Չարենցի թաղման վայրը գտնվել է ոչ երեկ, ոչ երեկ չէ առաջին օրը, այլ… 20 տարի առաջ՝ 1989 թվին, և հերքողներն էլ այդ մասին հրաշալի գիտեն։ Բայց հո չե՞ն խոստովանի, որ եղածը վաղուցվա պատմություն է։ Այդ դեպքում ստիպված պիտի լինեին պատասխան գտնել մի այնպիսի պարզագույն հարցի, ինչպիսին սա է՝ 20 տարեկան սենսացիա է լինո՞ւմ։ Իհարկե` ոչ։ Սակայն փոխարենը կարող է լինել 20-ամյա կուրություն ու խլություն, քանի որ այդ երկու տասնամյակների ընթացքում բազում անգամ գրվել ու ասվել է դրա մասին և ուրեմն կարիք չկա այսօր անմեղ ու անտեղյակ գառնուկ ձևանալով՝ կոտրատվել, թե իբր մենք հենց նոր իմացանք։ Շատ հեռուն չգնանք։ Բառացիորեն շաբաթներ առաջ էլ Հանրային հեռուստատեսությամբ մի ընդարձակ հաղորդում եթեր հեռարձակվեց՝ նվիրված հատկապես Չարենցի թաղման վայրին։ Վստահ եմ, որ ընդդիմախոսներս դիտել են այդ հաղորդումը, բայց ձայն ու ծպտուն չհանեցին։ Հո չէի՞ն կարող դեմ գնալ Հ1-ին։ Իսկ հիմա պահը շատ հարմար է։ Հիմա նախաձեռնողներից վնաս չկա։ Բայց վերադառնանք փաստերին և նախապատմությանը։ Թաղման վայրը, որի մասին տեղեկությունն օդից չէր ընկել, այլ հիմնավորվում էր տարբեր ականատեսների վկայություններով, վերջին հաշվով ճշմարիտ դուրս եկավ։ Արդեն 1990-ին չարենցագետ Դավիթ Գասպարյանն իր գրքում գրում էր. «…Նրան թաղեցին գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի մինիստրության պանսիոնատի այգու քարքարուտների մեջ: Դեռ ապրում է այդ օրերի ականատես վկան…» (Դավիթ Գասպարյան` «Ողբերգական Չարենցը», Երևան, 1990 թ., էջ 99):
Սրան հաջորդեցին բազմաթիվ այլ հրապարակումներ, նոր փաստարկումներ, որոնց միայն թվարկումը թերթի մի քանի էջ կլցներ։ Բայց մենք կխնայենք ընթերցողի ջղերն ու առաջ կանցնենք, որպեսզի մոտենանք մեր պատմության ամենահետաքրքիր հատվածին։
Երբ հուղարկավորման վայրում ի վերջո գտնվեցին Չարենցի մասունքները, ի՞նչ եք կարծում, ո՞վ էր, որն առաջինն ի լուր ամենքի հայտարարեց այդ մասին։ Այո, դուք չեք սխալվում, հենց նույն Լիլիթ Հակոբյանը, հենց նա, ով այսօր ասում է, թե այդ ամենը կեղծիք է։ Մամուլում տեղ գտած առաջնեկ հրապարակումն էլ Հակոբյանի քիմքին հարիր վերնագիր ուներ. «Եվ տնօրենն ասաց. «Ճշտված է Չարենցի գերեզմանի տեղը»։ Ահա այսպես։ Թղթակցի ձայնագրիչի ներկայությունից ոգևորված ավետաբերը հայտարարում էր. «Մի քանի չարենցապաշտների ու թանգարանի աշխատակիցների ջանքերով հաջողվել է ճշգրիտ որոշել Չարենցի թաղման վայրը: Փորել ենք և գտել մի քանի ոսկորներ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք Չարենցինն են» (Արամ Մարգարյան, «Եվ տնօրենն ասաց…», «Հայք», 10.1.1996 թ.):
«Դրանք Չարենցինն են»։ Այս խոսքերի հեղինակը հետագայում ևս մի քանի առիթներով կրկնեց նույն միտքը, և դա կարող էր երկար շարունակվել, եթե… Հենց այս «եթե»-ն էլ բացեց տարաձայնության խորխորատը։ Քաղաքականության մեջ նման շրջադարձի մասին ասում են՝ «իրավիճակի փոփոխության պատճառով»։ Իսկ ի՞նչ անուն ունի սույնը գրականության պարագայում։ Լիլիթ Հակոբյանն ինքը ակամա բացում է փակագծերը։ «Ժառանգները գերեզման փորելուն և գերեզման գտնելուն դեմ են»,- ասում է նա։ Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը, ահա թե որտեղից է գալիս չարության հասնող անհանդուրժողականությունը։ Մարդիկ դեմ են և վերջ։ Նրանց համար կարևոր չէ՝ դա Չարե՞նցն է, թե՞ մեկ ուրիշը։ Նրանք որոնումների ու գերեզմանի կարիքը չունեն։ Իսկ եթե որևէ մեկն այլ կարծիքի է, ապա կարելի է նրան թեթև ձեռքով որակել արկածախնդիր ու սրբություն անվանարկող։
Հիմա վերադառնանք պարոն Արմեն Չարենցին, ով պաշտոնական (հետաքրքիր է, ո՞ր պաշտոնի դիրքերից) հայտարարություն է անում, թե «արկածախնդրություն և անազնվություն է այդպիսի լուրեր տարածելը»։ Մինչ վերը ասվածի համատեքստում կկռահենք, թե ո՞ւմ է ուղղված նրա մեղադրանքը՝ չարենցագետների՞ն, թանգարանի տնօրենի՞ն, թե՞ իր մյուս հարազատներին, նկատենք մի աննշան շեղում, որ վրիպել է զայրացած ժառանգորդի աչքից։ Բանն այն է, որ թոռը հանդես է գալիս բանաստեղծի ժառանգների անունից և մոռանում է, որ կա նաև թոռնուհին՝ Անահիտ Չարենցի դուստր Հասմիկ Չարենցը, ով այնքան էլ համամիտ չէ այդ կարծրացած տեսակետին։ Իր հարցազրույցներից մեկում (10 մայիսի, 2008 թ., «Հրապարակ») նա մասնավորապես հետևյալն է ասում. «… Ես ասացի. «Խնդրեմ, տվեք (ոսկորները- Հ. Չ.), տանեմ Հոլանդիա, ԴՆԹ-ի թեստ անցկացնենք, եթե արդյունքում ապացուցվի, որ գտել ենք Չարենցի աճյունը, ես կասեմ՝ փառք Աստծո, քրիստոնեաբար կթաղենք, վրան էլ խաչ կդնենք»։ Բայց ինձ չտվեցին…»։
Չտվեցին, քանի որ դա ոչ մեկին չի մտահոգում։ Իսկ այսօր իրենց անգործությունը մարդիկ փորձում են քողարկել մեկ ուրիշին փնովելով։ Այդպես ավելի հեշտ է ու անծախսատար։ Ասենք, գենետիկ հետազոտության մասին թանգարանի տնօրենը հազիվ թե հստակ պատկերացում ունի, այլապես չէր արտաբերի այնպիսի մի դարակազմիկ միտք, ինչպիսին սա է. «… Պիտի գանգոսկրը գտնվի, որպեսզի ժառանգական կապը հաստատվի»։
Գանգոսկրին սպասելով` պահն օգտագործենք ու տիկնոջ համար մի կարճ մեջբերում կատարենք տրամաբանության դասագրքից առ այն, որ առարկությունը նույնպես պիտի իր փաստարկված հիմնավորումն ունենա։ Եվ երբ ասում են՝ «ոչ», այդ «ոչ»-ը ևս պիտի պաշտպանված լինի ծանրակշիռ փաստերով։ Իսկ փաստեր չկան։ Փոխարենը կան անհարկի աղմուկ-աղաղակից բխող մեր եզրահանգումներն այն մասին, որ Չարենցի հիշատակը մասնավոր սեփականություն չէ։ Նաև այն մասին, որ չի կարելի մշակութային լուրջ խնդիրներ լուծել տնայնագործական եղանակով։
Սրանց հետ մեկտեղ կան նաև մութ հարցեր, որոնցից ընդամենը երեքը կտանք այս պահին։
Այդ ի՞նչ պատահեց, որ երեկվա «այո»-ն այսօր դարձավ «ոչ»։ Չարենցի հարազատներն ի՞նչ պատճառով լսել չեն ուզում գերեզմանի մասին։ Եվ մի վերջին հարց. իսկ որտե՞ղ են ոսկորները, որոնք հանձնվել էին թանգարանին։ Դրանք տուն-թանգարանում չեն, ակադեմիայում չեն, և որքան մեզ հաջողվեց ճշտել, գտնվում են մի մասնավոր անձի ձեռքում։
Ահա և ձեզ նախանձախնդրություն, լրջության աստիճան ու սրտացավություն։ Վայելեք։

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ