Պահոց | 6:19 ե.

ԺՈՐԺ ԲԱՏԱՅ

4 Դկտ

Վան Գոգ կամ Պրոմեթևս

Այդ ինչպես որոշ դոմինանտ կերպարներ հայտնվում են կյանքի թատերաբեմում այնպիսի ուժգին հավատամքով, որ դու համոզվում ես անմնացորդ: Եվ անթիվ հնարավորությունների քաոսային ծովում նրանք ճառագում են այնպիսի փայլով, որ կասկածի տեղ անգամ չի մնում: Շատերին թվում է, թե այս երևույթը առնչություն չունի վերելքն հաղթահարող ամբոխի հետ: Արդ, ոչ մի ճշմարտություն հանգիստ չի ընդունվում: Եվ որևէ արվեստագետի ստեղծագործության կարևորությունը ոչ մի կերպ կախված չէ մեկ այլ նկարչի համերաշխ ու ներդաշնակ համախոհությունից, առավել ևս մի երրորդի` դիտողի հավանությունից, որին գուցե այդ նկարչի ստեղծագործությունը գրավել է մի օր և նետել խորհրդածությունների գիրկը: Այս տեսակետը, իհարկե, եթե մենք պատկերացնենք, թե ինչ է կատարվում ցուցասրահներում, իսկական ժխտում է, քանզի այցելուն պատրաստ է ավելի շուտ հանգիստ ընդունել ուրիշի դատողությունները, քան փնտրել այն, ինչ իրեն հարազատ է ու անհրաժեշտ: Անիմաստ է նաև վեր հանել այն թշվառ վիճակը, որում հայտնվում է համարյա ամեն ոք, ով կարդում է կամ դիտում: Բայց կյանքի այս զավեշտական սահմանազատումներից բացի, հնարավոր է բացահայտել մի ուրիշ աշխարհ, որը չի պատկանում ամբոխը նենգությամբ ճեղքող անհատին, այլ մեր աշխարհն է, աշխարհն այն մարդկային էակի, որը գարնան ավետումի հետ ուրախությամբ դեն է շպրտում ձմռան ծանր ու փոշոտ վերարկուն:
…Անկախ որևէ հանգամանքից, մարդկային գոյությունը պահանջում է իրերի հարատև ու կայուն վիճակ: Այստեղից էլ բխում է երկակի վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչն ստեղծվում է ուժերի հզոր վատնումով: Այդպիսի երևույթները` հար ու նման բնության որևէ երևույթի, հսկայական վտանգ են ներկայացնում հենց իրենց համար: Հիացմունքի և էքստազի հետ մեկտեղ, այսպիսի երևույթները պարզապես ենթադրում են վերջիններիս ընկալումը որոշակի հեռավորությունից միայն: Զգուշանալու նման մտահոգությունը ամենապարզ ձևով կարող ենք համեմատել արևի հետ: Եվ իսկապես. ինչ է արևը, ճառագում, լույսի ու ջերմության անսահամն կորուստ, բոց, պայթյուն: Բայց նա հեռվում է, հեռու մարդկանցից, որոնք հեռավորության հանգիստ ապահովության մեջ, հանգիստ վայելում են այդ համաղետի պտուղները: Իսկ երկրին վերապահված է կեղևի ծանրությունը, որն իր վրա կրում է քարե տների ու քայլերի ծանրությունը:

Ֆրանս. թարգմ. Մ. Զինջերեջյանը

ԻՎԱՆ ԻԼՅԻՆ

4 Դկտ

Մեր խնդիրները

Մարդը ծարավի է ազատության, քանզի նա կենդանի մարմին է և կենդանի ոգի: Ցանկացած կենդանի մարմին (բույսից մինչև մարդը) ինքնուրույն էակ է` ներքին խորհրդավոր ինքնագործունեությամբ և յուրահատուկ կենսական բնազդով: Նման բնազդային ինքնագործունեության վրա հնարավոր է որոշակի ազդեցություն գործել դրսից, սակայն անկարելի է զսպել կամ արգելել այն:
Մարմինն ապրում է ինքնուրույն, իր ներքին օրենքներով: Ուսումնասիրելով վերջինները, ներհյուսվելով դրանց ու զուգակցելով դրանք` կարելի է որոշ ուղղություն տալ մարմնի գործունեությանը, սակայն մարել նման ինքնագործունեությունը հնարավոր է միայն ընդհատելով նրա գոյությունը: Մարդն ի բնե ինքնագործ է. ինքն է իրեն կերտում` առողջության և հիվանդության պահանջմունքների և նողկանքների, սնվելու և աշխատանքի, սիրո և բազմացման պարագաներում: Մարդու բնազդին հատուկ է ներքին նպատակահարմարությունը: Մարմնի ինքնագործունեությունն անկարելի է փոխարինել որևէ մեխանիզմով, ազդել նրա վրա հիպնոսով, հրամանով կամ սարսափով: Այդպիսի փորձերը դատապարտված են անհաջողության, մարմնի խեղման, նրա գործունեության թուլացման, հոգու և ոգու նսեմացման:
Սակայն մարդը միայն կենդանի մարմին չէ. նա նաև կենդանի ոգի է: Իսկ ոգուն վայել է հավատքի, սիրո, հայեցողության, համոզմունքների և ստեղծագործության ազատություն: Ոգին կենդանի անհատականություն է` պատասխանատու Աստծո և մարդկանց առաջ հավատամքների, մտածելակերպի, արածի ու չարածի համար: Սակայն պատասխանատվությունը ենթադրում է ազատություն: Խոսքը ոչ թե «կամքի մետաֆիզիկական ազատության», օրենքների բացակայության, մարդու սանձարձակման, իրավունքների և առավելությունների չարաշահման, այլ հոգևոր ինքնորոշման մեջ հասարակական- քաղաքական հարկադրանքի բացառման, մարդու ներքնաշխարհի օրինապաշտպանության մասին է:
Պետք է ըմբռնել նաև, որ սիրել, հայել, ուսումնասիրել և ստեղծագործել մարդը կարող է միայն բնատուր օժտվածությամբ և մղումներով, սրտի ներշնչանքի ու խղճի պահանջարկով: Անհնար է սիրել կամ դադարել սիրելուց հրամանով: Հարկ չէ սպասել արվեստի գործի` սովի և սարսափի ուժով ամրապանդված սոցիալական պատվերներից, քանզի ստեղծագործությունն ազատության և առարկայական ներշնչանքի պտուղ է:

ՈՒՄԲԵՐՏՈ ՍԱԲԱ

4 Դկտ

Գերագույն քնքշանքը, հոգիս,
մահվան պես կգոցի
աչքերդ` պարզ, գեղեցիկ:
Եթե այս գարնանհյութը կենսատու
հրաշքով լցվի իմ ծեր բնի մեջ
և ինձ մեկ անգամ ևս ծաղկեցնի,
էլ ես չեմ լինի այնպես երջանիկ,
ինչպես քո կողքին ապրած ժամերին,
երբ սնվում էի քո շարժումներով
և վերածնվում բոլոր կերպերով
քո եղելության:
Եթե դու չգաս,
Եթե քո մասին
Ցուրտ մենության մեջ միայն մտածեմ,
իմ երակներում ավելի կաճի
կարոտը մարմնիդ,
բոլոր կողմերից ինձ կպարուրի
կանխագուշակումն ըղձյալ քնքշանքի,
որն, ավաղ, հոգիս,
մահվան պես կգոցի
աչքերդ` պարզ, գեղեցիկ:

ԱՎԳՈՒՍՏ ՄԻԼՍ

4 Դկտ

ԽԻՂՃԸ
Դանթեն իր «Աստվածային կատակերգության» մեջ Վերգիլիոսի հետ միասին անցնում է դժոխքի բոլոր շրջանները և լինում է դրախտում: Նմանատիպ մի բան էլ կատարվում է մարդու հետ, որը փորձում է գիտակցել բարոյակնության ամենագաղտնի երևույթներից մեկը` խղճի զգացողությունը: Այստեղ` հոգու խորքում գտնվում է մեր գորշ անտարբերությունը, մեր փոխզիջումը բարու ու չարի միջև: Այնտեղ են պատահական արարքները, որոնց հետևանքները մենք չենք կարող կանխատեսել: Այստեղ են մեր հրապուրանքները, որոնք շփոթում ենք սիրո հետ: Այնտեղ են արցունքները, կրքերը, սառնությունն ու շփոթմունքը: Այնտեղ սերն է, որ թուլության պատճառով չենք կարողացել մերժել, որը շոյում է մեր ինքնքսիրությունը և որը մենք օգտագործեցինք: Այնտեղ են մեզ վստահված, բայց չպահպանված գաղտնիքները: Այնտեղ են մեր սովորությունները, որոնք մենք անիծում ենք` խճճվելով ինչպես սարդոստայնում: Այնտեղ են մեր դյուրահավատությունն ու մակերեսայնությունը, մեղքերը, որոնք գործել ենք զայրույթի և ատելության պահին: Այնտեղ… անսահման, հաճախ քաոսային գրառումներն են մեր ենթագիտակցության:
Ինչքան ավելի բարդ է անհատի ներքին աշխարհը, այնքան բազմազան են մարդու հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, այնքան ավելի մեծ պահանջ ես զգում հավասարակշռել քո հոգևոր աշխարհը և լինել ինքնավար անձ: Եվ մարդը սկսում է ինքն իրեն դատել, ինքն իրեն գովեստներ անել, գնահատանք տալ իր գործած արարքներին, խորհուրդներ տալ, կարգ ու կանոն հաստատել իր ներքին տնտեսության մեջ, դաստիարակել ինքն իրեն: Եվ նա համոզվում է, որ այնտեղ` իր ներսում կա ինչ-որ մի հզոր և խորհրդավոր ուժ, որն ինքն իրենից օրենք է ներկայացնում: Կա խիղճ:

%d bloggers like this: