Պահոց | Մայիսի, 2012

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

31 Մյս

«ԱՅԳԻՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՆ Է»

Երևանում որքան էլ որ դժվար է գտնել զբոսնելու համար հարմար վայրեր, այնուամենայնիվ, դեռ կան մի քանի պուրակներ եւ զբոսայգիներ, որտեղ հաճելի է անցկացնել ժամանակը, մասնավորապես` ամռան շոգին: Իսկ թե երեւանյան որ պուրակներում եւ զբոսայգիներում են սիրում իրենց ժամանակն անցկացնել հանրային մարդիկ եւ հնարավորության դեպքում նրանք ի՞նչ կփոխեին, կարող եք արդեն հետեւել` Ձեր հայացքը մի փոքր ներքեւ ուղղելով:

Հայ գրող, գրականագետ, լրագրող ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Սիրում եմ Թումանյանի այգին (Հրազդան գետի լանջին): Ցավոք, հաճախ չեմ լինում այնտեղ: Չեմ սիրում «Սիրահարների այգին» (արհեստականը շատ է): Իմ պատկերացմամբ, այգին մի տարածք է, որտեղ ազատ, անկաշկամդ և հանգիստ զգալու հնարավորություններն առավելագույնն են: Ցավոք, մեր այգիներում շատ են ամեն կարգի անբնական միջամտությունները: Սիրում եմ նաև Օղակաձև զբոսայգու համալսարանամերձ հատվածը:

Հեղինակ՝ Քրիստինա Միրզոյան

ՖԵԴԵՐԻԿՈ ՖԵԼԻՆԻ

31 Մյս

Ամենասարսափելին հիվանդության մեջ` անհատի կորուստն է: Առողջ մարդիկ չգիտեն, թե ինչպես պահեն իրենց հիվանդի ներկայությամբ: Նրան միրգ ու քաղցրավենիք են բերում: Ծաղիկներ են ուղարկում, դրանցով լցնում են ողջ հիվանդասենյակը` շնչելն անհնար է: Հիվանդանոցում ես տեսել եմ, թե ինչպես ինֆարկտ տարած մարդուն փուչիկներ էին բերել: Այդ պատկերը մինչև հիմա աչքիս առաջ է: Հիվանդը պառկած էր, և անհասկանալի էր՝ խորհում է նա, թե իր ինչին են պետք այդ փուչիկները, կամ ընդհանրապես չի հասկանում, թե դրանք ինչ են: Պարզապես նրան այցելած մարդիկ չգիտեին, թե ինչով թեթևացնեն նրա տառապանքները: Իսկ դրա կարիքը կար, և պատահեց փուչիկ վաճառողը…

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

31 Մյս

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ. «ՄԵՆՔ ԿԿՈՐՑՆԵՆՔ ՓԱԿ ՇՈՒԿԱՆ»

Հարցազրույց գրող Հովիկ Չարխչյանի հետ

— Վերջին մեկ ամսում իրար հաջորդեցին աղետները` հրապարակում փուչիկների պայթյունը, ՀՀԿ գրասենյակը հրդեհը, հետո` պայթյուն Էլեկտրոն գործարանում, հրդեհ Ռազմական ոստիկանության շենքում: Ձեր կարծիքով, սրանք երկնային նախազգուշացումներ չեն?
— Ես շատ ավելի երկրային մարդ եմ ու պայթյունների, հրդեհների պատճառները շատ լավ հասկանում եմ: Դրանք տեխնածին աղետներ են, որոնք պայմանավորված են մարդկային գործոններով: Սա նշանակում է, որ վերջին տասնամյակներին մենք վատ մասնագետներ պատրաստեցինք: Ու թող որեւէ մեկը չզարմանա, որ այդ աղետների թիվը գնալով ավելանա: Աստված չանի, բայց մենք ավելի վատ միջադեպերի ականատես կարող ենք դառնալ զուտ վատ մասնագետների պատճառով: Մենք բացատրում էինք, որ չի կարելի տնտեսությունը, տեխնիկան, բոլոր մյուս ոլորտները վստահել մարդկանց, ովքեր թերի պատրաստվածության աստիճան ունեն: Վթարների թիվը տասնապատիկ ավելացել է ամենեւին ոչ մեքենաների առատությունից, այլ այն պատճառով, որ վարորդական իրավունք ստանում են անպատրաստ մարդիկ: Ուրիշ տեղ պետք չէ պատճառ որոնել: Ամբողջ երկիրն է ղեկավարվում մարդկանց կողմից, ովքեր, չասեմ տգետ են, բայց թերուս են: Իսկ դա անպայման իր հետեւանքներն ունենալու է: Անխուսափելի է:
— Իսկ ինչ է լինելու Փակ շուկայի հետ? Կկարողանան կանխել հայտնի օլիգարխի ոտնձգությունները:
— Անկեղծ ասած` վերջին շրջանում ես չեմ հիշում մի դեպք, երբ հուշարձանը քանդում էին, եւ հաջողվեր դա կասեցնել: Հաշվի առնելով դառը փորձը` ես մտածում եմ, որ, այնուամենայնիվ, նրանք իրենց մտադրությունը կիրագործեն: Կպահեն ֆասադը` ասելով, թե, ահա, մենք պահպանում ենք հուշարձանը: Մինչդեռ այդ հուշարձանի մի պատը ընդամենը կպահպանվի: Իսկ մնացած ամբողջ կառույցի տեղում կբարձրանան խոստացված 4 հարկերը: Կդառնա անհասկանալի ժամանակակից մի կառույց, ու մենք փաստացի կկորցնենք Փակ շուկան:
— Այդ դեպքում Մշակույթի նախարարություն կոչված կառույցն ինչի համար է, եթե նա ի զորու չէ պաշտպանել աչքի առաջ ոչնչացվող պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցը:
— Մշակույթի նախարարությունը արդեն 2 տասնամյակ ոչ մի բանի համար է: Եթե որեւէ մեկը ինձ գոնե մեկ օրինակ հիշեցնել, որ վերջին 20 տարվա մեջ Մշակույթի նախարարությունը որեւէ օգտակար բան է արել այս երկրի համար, ես ներողություն կխնդրեմ իմ ասած խոսքերի համար: Նույնիսկ սովորական գյուղի ակումբի վարիչը շատ ավելին կարող է անել, քան մի ամբողջ համակարգ, որը կոչվում է Մշակույթի նախարարություն: Ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում, բայց իրեն ներկայացնում է այդ ոլորտի տերն ու տիրականը: Անհասկանալի մի կառույց, օդից կախված մի հաստատություն, որը խժռում է էս պետության բյուջեի փողերը, բայց ոչինչ չի վերադարձնում դրա դիմաց:
— Այն բանից հետո, երբ բոլորը գլուխ էին ջարդում, թե արդյոք ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի, թե ոչ, ու հիմա, երբ բոլորը մտահոգված են, թե ինչ է լինելու մեզ հետ, որ ԲՀԿ-ն չմիացավ ՀՀԿ-ին… Ինչ եք կարծում, երկրում քաղաքական իրավիճակ կփոխվի?
— Մեծ առումով` ոչինչ չի փոխվել: Կա փոփոխության պատրանք ու կան մարդկային խմբեր, որոնք շահագրգռված են, որպեսզի պատրանքն իրականության տեղ ընդունվի: Որովհետեւ երբ ակնկալիք կա, որ ինչ-որ բան կփոխվի, մարդիկ դառնւմ են պասիվ ու համակվում են սպասողական վիճակով: Ընդամենը սա են ապահովել: Բայց ես համոզված եմ` երկրում ոչինչ չի փոխվել: Իշխանության երկու թեւեր վիճաբանում են պաշտոնական աթոռների համար ու թե ինչով կավարտվի այդ վեճը, որեւէ կերպ չի կարող անդրադառնալ հասարակության առաջնային խնդիրների վրա:
— Ընտրություններից հետո ապատիկ տրամադրություն էր կախված երկրի վրա: Որովհետեւ եթե մյուս ընտրություններին մտածում էինք, որ ընտրությունները կեղծվեցին մի խումբ զեղծարարների պատճառով, ապա այս անգամ ականատես եղանք զանգվածային առուծախի տեսարանի: Դուք ինչ եք մտածում սրա մասին:
— Ես անընդհատ մտածում էի մի հարցի շուրջ` լավ, իսկ ինչու է մեր հասարակությունը դարձել այդպիսին? Ինչու են մարդիկ որոշել, որ իրենց ձայները պիտի վաճառեն: Ընդհանրապես, ում ձայնն է հեշտ գնել կամ վաճառել: Մարդու, ում համար միեւնույնն է, թե ով կգա իշխանության: Կարելի է գնել այն մարդու ձայնը, ով որեւէ որոշում չի կայացրել, թե ում է ընտրելու: Չեմ կարծում, թե մարդիկ ապուշ են ու չեն հասկանում, որ 10 հազար դրամով ոչինչ չի փոխվելու իրենց կյանքում: Պարզապես այլեւս անտարբեր են…
— Իսկ ինչու են մարդիկ դարձել անտարբեր:
— Որովհետեւ ոչնչի չեն հավատում`ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ ապագային, որ փոփոխություններին: Ապագայի տեսիլքը չկա: Մարդիկ չգիտեն ինչ է իրենց կատարվելու վաղը: Նրանք ապրում են միայն այսօրվա օրով, այսօրվա օրն էլ կարելի է գոնե կերակրել 10 հազար դրամով: Իսկ թե առավոտը կբացվի ու ինչ կլինի, նրանց համար միեւնույնն է: Վաղն էլ գուցե փորձեն մի այլ տեղից 10 հազար գտնել: Ու շատ լավ կլինի, որ իշխանությունն էլ, ընդիմությունն էլ այս հարցի շուրջ մտահոգվեն, այլ ոչ թե փոխադարձ մեղադրանքներ իրար հասցեագրեն, թե` դու առար, դու ծախեցիր… Հա, առա, որովհետեւ ծախեցին: Մեկը չէր, երկուսը չէր… Ինչ պատահեց, որ մասսայաբար ծախվեցին?
— Ինչ պիտի պատահի, որ մարդիկ ինչ-որ բանի հավատան, որոշեն, որ հենց իրենք պիտի վիճակ փոխեն, շարժվեն:
— Հավատում են, երբ մեկը ներշնչում է այդ հավատը: Երբ կգա էն անհատը, քաղաքական ուժը, էն հասարակական նախաձեռնությունը, որ, իսկապես, կվաստակի էս ժողովրդի հավատը, էդ ժամանակ ժողովուրդը չի ծախվի: Կկառչի էդ հույսից ու կփորձի գնալ ավելի լավ վիճակի: Իսկ քանի դեռ համատարած հուսահատություն է եւ հուսախաբություն, թող որեւէ մեկին չմեղադրեն էս վիճակի համար, որեւէ մեկը թող դիտորդի վիճակում հանդես չգա: Բոլորն են մեղավոր: Բոլորն անխտիր:

Մարինա Բաղդագյուլյան
«Հայելի.ամ» կայք

ԱԿՈՒՏԱԳԱՎԱ ՐՅՈՒՆՈՍԿԵ

31 Մյս

Ավանդաբար համարվում է, որ քաղաքական հանճարը նա է, ով ժողովրդի կամքը վերածում է իր սեփականի: Սակայն ամեն ինչ ընդհակառակն է: Ավելի ճիշտ կլինի ասել, որ քաղաքական հանճարը նա է, որ իր սեփական կամքը վերածում է ժողովրդի կամքի: Կամ ծայրահեղ դեպքում` ստիպում է հավատալ, որ այդպիսին է ժողովրդի կամքը: Այդ պատճառով քաղաքական հանճարը պետք է լինի նաև հանճարեղ դերասան: Նապոլեոնն ասում էր. «Հանճարեղից մինչև ծիծաղելին մի քայլ է»: Այդ խոսքերը սազական են ոչ այնքան կայսրին, որքան դերասանին:
Ժողովուրդը հավատում է մեծ սկզբունքներին: Քաղաքական հանճարը գրոշ անգամ չի տա մեծ սկզբունքների համար: Միայն այն բանի համար, որ իշխի ժողովրդին, նա մեծ սկզբունքների համար պայքարող մարտիկի դիմակ է առնում: Բայց մի անգամ այդ դիմակը հագնելով` նա արդեն երբեք ի վիճակի չի լինի այն դեն նետելու: Իսկ եթե փորձի ուժով այն պոկել, ապա, որպես քաղաքական հանճար, մեկեն բեմից վայր կիջնի: Նույնիսկ միապետը գահը պահպանելու համար գնում է իր իշխանության սահմանափակմանը: Այդ պատճառով էլ քաղաքական հանճարի ողբերգությունը միշտ իր մեջ զավեշտականություն է պարունակում:

ԱՆԴՐԵՅ ՏԱՐԿՈՎՍԿԻ

31 Մյս

Մարդն արարված է որպես հակասական հատկությունների ամբողջություն: Պատմությունն ապացուցողաբար ցուցանում է, որ իրոք այն զարգանում է ամենաժխտական ուղով, այսինքն՝ կամ մարդն ի վիճակի չէ այն ղեկավարելու, կամ, այն ղեկավարելով, ունակ է միայն այն նետելու ամենասարսափելի ու անցանկալի ուղու վրա: Մարդիկ ունակ չեն մարդկանց կառավարելու: Նրանք ունակ են սոսկ կործանելու: Եվ նյութապաշտությունը` ապերասան ու լկտի, բերում է այդ կործանմանը:

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ

30 Մյս

Հիշո՞ւմ եք «Քավարանում» հիասքանչ դրվագը հռոմեացի բանաստեղծ Ստատիուսի հետ: Ավելի հուզիչ բան չեմ կարդացել: Վերգիլիոսն ու Դանտեն մոտենում են նրան: Եվ ասում են` «Ո՞վ ես դու»: Եվ նա պատասխանում է` «Ես Ստատիուսն եմ, հռոմեացի բանաստեղծը: Ինձ բախտ է վիճակվել ապրել Հռոմում Վերգիլիոսի հետ նույն ժամանակաշրջանում»: Դանտեն ակամա ժպտում է: Իսկ Ստատիուսն ասում է` «Դու ինչո՞ւ ես ծիծաղում ինձ վրա»: Վերգիլիոսը Դանտեին նշան է անում, որպեսզի նա իր մասին ոչինչ չխոսի: Բայց Դանտեն այդուհանդերձ ասում է նրա անունը: Եվ Ստատիուսը ծնկի է գալիս և սկսում է համբուրել Վերգիլիոսի սանդալները: «Ի՞նչ ես անում,- հարցնում է Վերգիլիոսը:-Չէ՞ որ մենք երկուսս էլ ստվերներ ենք»: Եվ Ստատիուսը պատասխանում է` «Դե պատկերացրու, թե ինչքան են քեզ սիրել ողջերի աշխարհում, եթե այստեղ, մեռյալների աշխարհում ես քո ստվերը կենդանի մարմնի տեղ դրեցի»:

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

29 Մյս

«Իմ Երևան» հաղորդաշար, մայիսի 22, 2012 թ.:

ԷԴՄՈՆ ԺԱԲԵՍ

28 Մյս

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՌՔԸ

Մի ժամանակ գտնվեց ձեռքը,
որ մեզ ուղեկցեց առ կյանք:

Արդյո՞ք կգտնվի հետո ձեռքը,
որ մեզ կուղեկցի առ մահ:

ՖԵԴԵՐԻԿՈ ՖԵԼԻՆԻ

28 Մյս

Միայնակ լինել՝ կնշանակի՝ ինքզինքը լինել, չէ՞ որ այդժամ դու կարող ես ազատ զարգանալ` ոչ մեկին աչք չածելով: Լիակատար մենությունը բացառիկ վիճակ է, իսկ մենությունը տանելու ընդունակությունը դրանից էլ հազվադեպ է պատահում: Ես միշտ նախանձել եմ ինքնաբավ մարդկանց` միայն դա է անկախություն պարգևում: Բոլորը պնդում են, թե ազատության կարիք ունեն, բայց իրականում վախենում են դրանից: Աշխարհում ամենից շատ մարդիկ վախենում են մենությունից: Միայնակ մնալով, նրանք արդեն մի քանի րոպե անց շրջապատ են փնտրում` ցանկացած, միայն թե դատարկությունը լցնեն: Նրանք վախենում են լռությունից, այն լռությունից, երբ մեն-մենակ ես մնում քո մտքերի հետ՝ անվերջանալի ներքին մենախոսություն վարելով: Չէ՞ որ այդ ժամանակ ստիպված կլինես սիրելու սեփական շրջապատդ: Բայց դա ունի նաև իր առավելությունը` դու կարիք չունես ինքդ քեզ ջարդելու, որպեսզի համակերպվես օտար մարդկանց գաղափարներին կամ պարզապես նրանց սիրաշահես:

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

28 Մյս

ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԿԱԿԱՉԸ

Երբ նա մահացավ, նրա ափից աճեց մի Երկնագույն Կակաչ: Ափի խորշոմներն ու գալարները դարձան նրա արմատները:
Մարդը դրանից շատ զարմացավ և իր մատներին հարցրեց, թե ինչպես այդքան ծեր, հոգնած ձեռքից կարող էր աճել այդքան հիասքանչ Երկնագույն Կակաչ: Եվ մատները նրան պատասխանեցին. «Իսկ ինչո՞ւ ես դու զարմանում: Մի՞թե կյանքում մենք քիչ ծաղիկ ենք աճեցրել»:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

27 Մյս

ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ

27 Մյս

Գեղանկարչության երկրպագուն, ով ճամփորդության է ելնում հանուն այն բանի, որ տեսնի Կլոդ Մոնեի կակաչի դաշտ պատկերող նկարը, երևի թե չի ուղևորվի զբոսնելու իսկական կակաչի դաշտով, այլ աստղագուշակի նման, կենաց երևույթներն ուսումնասիրելու համար հարմարանք ունենալով, որից հարկ է օգտվել մենության մեջ, մարդկանցից հեռու, նա ունի ոչ պակաս մոգական հայելիներ, այսինքն՝ կտավներ, որոնք արտացոլում են իրականության կարևոր տեսակետները, այդ հայելիներին պետք է կարողանալ նայել որոշակի հեռավորությունից: Մենք կանգնած ենք այդպիսի մոգական հայելու առաջ, փոքր-ինչ հեռանալով նրանից, ջանալով վանել բոլոր ավելորդ մտքերը և հասկանալ յուրաքանչյուր գույնի իմաստը, որ մեր մեջ հուշեր են հարուցում վաղեմի տպավորությունների մասին, որոնք նույնպիսի օդային և բազմագույն ճարտարապետական ձև են առնում, ինչպես և այն, որ կտավի վրա է, և մեր երևակայության մեջ բնանկար են արարում, հայելու առաջ, որին են տենչում ճերմակահեր ծերունիները, որ այրված չեն ո՛չ քամուց, ո՛չ արևից, բայց բոլոր այդ ճշմարտությունների հայտնաբերումից վայելք են ապրում, որոնց հիմքում` արևն ու քամին է, այդպես և երգչուհու երկրպագուհուն ծանոթ է այն հեղինակի անունը, ում գործերը նա սիրում է կատարել: Մոնեի կտավը մեզ ստիպում է սիրել նրա վրա պատկերված երկրի անկյունը… Մեր մեջ խոսում է ոչ թե պարզապես կռապաշտությունը Մոնեի հանդեպ: Մենք ինքներս կսիրենք: Բայց չենք համարձակվում: Հարկ է, որպեսզի ինչ-որ մեկը մեզ ասի` «Այստեղ դուք կարող եք սիրել` սիրեք»: Այդժամ մենք սիրում ենք: Մոնեի կտավները Արժանտեյլում, Վետեյլում, Էպտում, Ժիվերնիում մեզ համար բացում են այդ վայրերի դյութված էությունը…

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

27 Մյս

ԴՈՒ, ԵՍ ԵՎ ՏՐՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սրճարանը դատարկվում է: Աթոռները տարուբերում են, խոհանոցում ափսեներն են չխկչխկացնում: Մնում ենք միայն` դու, ես և տրտմությունը:
Ներիր ինձ, ես գիտեմ, դու կամենում էիր, որպեսզի այսօր մենք միայն երկուսով լինեինք, բայց ինձ հետ է իմ տրտմությունը…
Դե ահա դու արդեն բարկանում ես, քեզ զանգահարել է պետք: Ես հասկանում եմ: Շտապ:
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները տարուբերում են, խոհանոցում ափսեներն են չխկչխկացնում: Եվ մենք միայն երկուսով ենք, ես և դու, իմ տրտմություն:

ՍԼԱՎՈՄԻՐ ՄՐՈԺԵԿ

27 Մյս

ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Հոգեբույժների համաշխարհային կոնգրեսը որոշում ընդունեց կանգնեցնել Զիգմունդ Ֆրեյդի` հոգեբուժության հիմնադրի հուշարձանը: Նախնական նախագիծը նախատեսել էր, որ հուշարձանը, գրանիտե կամ բրոնզե, պետք է պատկերի Ֆրեյդին բնական չափով, ինչպես նաև՝ երկու այլաբանական կանացի ֆիգուր: Դրանցից մեկը, որ ներկայացնում էր Ենթագիտակցությունը, առաջարկվում էր նստեցնել նրա ձախ ծնկին, մյուսը՝ Գիտակցությունը` աջ:
Կասկածներ առաջացան այն բանի շուրջ, թե ինչ պիտի անի Ֆրեյդն իր ձեռքերի հետ: Ոչ աջի, քանզի պարզ է, որ աջ ձեռքը նա պետք է պահի Գիտակցության գլխի վրա: Իսկ ահա ուր դնել ձախ ձեռքը, այն, որ Ենթագիտակցության կողմից է` կարծիքները բաժանվեցին:
Շուտով, սակայն, այդ տարաձայնությունները երկրորդ պլան մղվեցին առավել կարեւոր խնդրի առջեւ: Նշվեց, որ հուշարձանին չի բավում Գերգիտակցությունը։ Քանի որ Ֆրեյդը չէր կարող երրորդ ոտքն ունենալ, Գերգիտակցության ֆիգուրը տեղադրեցին նրա մեջքի ետևում:
Սակայն Գերգիտակցության այդպիսի գերիշխող դիրքը, թող որ և գիտականորեն ճիշտ, նախագծի քննադատների ուշադրությունը բևեռեց Գիտակցության և Ենթագիտակցության անթույլատրելի համահարթեցման վրա: Չէ որ նրանք նստած էին նույն հարթության վրա, յուրաքանչյուր ֆիգուրը ծնկի վրա:
Այդժամ Ենթագիտակցությունը հանեցին Ֆրեյդի ծնկից և դրեցին նրա ոտքերի մոտ: Հիմա ամեն ինչ տեղն ընկավ: Ենթագիտակցությունը, ինչպես և հարկ էր` ամենաներքեւում, նրա վերեւում՝ Գիտակցությունը, իսկ Գերգիտակցությունը՝ նրանց երկուսի վերևում: Ձեռքի հետ ինքնաբերաբար լուծվում էր այն խնդիրը, թե ինչ պիտի աներ Ֆրեյդը ձախ ձեռքի հետ, որ Ենթագիտակցության կողմից էր:
Երբ հասավ հուշարձանի բացման հանդիսավոր օրը, պարզվեց, որ Ֆրեյդը գլուխն է քորում: Աղմուկ բարձրացավ, քանի որ համանման ժեստը կասկած և նույնիսկ մտահոգություն է արտահայտում:
Հուշարձանը տեղնուտեղը դարձյալ փակեցին, իսկ ավելի ուշ փոխարինեցին խորանարդի վրա գունդ պատկերող վերացական քանդակով: Ամեն ոք քանդակի մեջ տեսնում էր այն, ինչ ինքը կամենում էր, իսկ հոգեբուժությունը այդուհետ ևս կարող էր անխաթար զարգանալ:

ԱԿՈՒՏԱԳԱՎԱ ՐՅՈՒՆՈՍԿԵ

26 Մյս

ԻՆՉՈ՞Ւ ՖԱՈՒՍՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍԱՏԱՆԱՅԻՆ

Ֆաուստը ծառայում էր Աստծուն: Եվ եթե այդպես է, ապա խնձորը նրա համար «չարի և բարու իմացության պտուղն էր»: Ամեն անգամ խնձոր տեսնելիս նա հիշում էր Եդեմական այգու և Ադամի ու Եվայի մասին:
Բայց մի անգամ ձյուն տեղալուց հետո Ֆաուստը նայեց խնձորին և հիշեց թարմ, հյութեղ գույներով արված մի նկար, որը տեսել էր ինչ-որ մեծ վանքում: Այդ ժամանակվանից ի վեր հինավուրց պատկերացումը խնձորի մասին` որպես «չարի ու բարու իմացության ծառի պտուղի», միավորվեց նրա համար «նատյուրմորտ» ժամանակակից հասկացությանը:
Ենթարկվելով ինչ-որ բարեպաշտական զգացողության, Ֆաուստը կյանքում գեթ մեկ անգամ խնձոր չէր համտեսել: Բայց մի գիշեր, երբ դրսում մոլեգնում էր փոթորիկը, նա հանկարծ սովածացավ, խնձոր խորովեց և կերավ այն: Այդ պահից ի վեր խնձորը նրա գիտակցության մեջ միաձուլվեց նաև սնունդ հասկացությանը: Այժմ խնձոր տեսնելիս նա հիշում էր Մովսեսի տասը պատվիրանները, խորհրդածում էր գույների ներդաշնակության մասին և միաժամանակ փորի մեջ ղռղռոց էր զգում:
Վերջապես, մի ցրտաշունչ առավոտ, նայելով խնձորին, Ֆաուստը հանկարծ մտածեց, որ առևտրականի համար խնձորը ոչ այլ ինչ է, քան սովորական ապրանք: Որոշ քանակություն վաճառելով` վաճառականը արծաթադրամ է ստանում: Այդ ժամանակվանից ի վեր խնձոր հասկացությունը Ֆաուստի համար միաձուլվեց փող հասկացությանը:
Մի ամպամած օր Ֆաուստը միայնակ նստած էր իր առանձնասենյակում, չգիտես ինչպես, մի վտիտ շուն հայտնվեց: Ողջ մարմնով դողալով, շունն ակնթարթորեն կերպափոխվեց ասպետի և Ֆաուստին հարգալից գլուխ տվեց:
Ուրեմն ինչո՞ւ Ֆաուստը հանդիպեց սատանային: Դա հարկ է, որ հասկանալի լինի վերն ասվածից: Սակայն հանդիպումը սատանայի հետ դեռեւս չի նշանակում Ֆաուստի ողբերգության վերջին` հինգերորդ գործողությունը:
Մի անգամ երեկոյան, ուժեղ սառնամանիքին, Ֆաուստը և սատանան, որ ասպետի կերպարանք էր առել, զբոսնում էին մարդաշատ փողոցով, զրուցելով խնձորի մասին: Հանկարծ նրանք տեսան մի նիհար արտասվաթոր մանչուկի: Նա քաշում էր իր չքավոր մոր ձեռքն ու մուրում. «Ինձ խնձոր առ»:
Սատանան կանգ առավ ու մանչուկին մատնացույց անելով՝ ասաց.
— Նայեք այս խնձորին: Մի՞թե այն տանջանքի գործիք չէ:
Ահա թե երբ է բարձրանում վարագույրը, և սկսվում է Ֆաուստի ողբերգության հինգերորդ գործողությունը:

ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

26 Մյս

Գնդապետն ութսուն մարդ ունի, իսկ ախոյանը` հինգ հազար: Վրանում գնդապետը հայհոյում է ու լալիս: Հետո, ներշնչված, թռուցիկի տեքստ է գրում: Իսկ փոստատար աղավնիները թռուցիկները շաղ են տալիս ախոյանի ճամբարի վրա: Երկու հարյուր հոգի անցնում են գնդապետի կողմը: Այնուհետև բախում է լինում, և գնդապետը թեթև հաղթանակ է տանում: Եվս երկու գունդ անցնում են նրա կողմը: Երեք օր անց ախոյանն ութսուն մարդ ունի, իսկ գնդապետը` հինգ հազար: Եվ դարձյալ գնդապետը թռուցիկ է գրում: Նրա կողմն են անցնում 79 հոգի ևս: Թշնամու բանակում լոկ մեկն է մնում: Լռություն: Գնդապետը սպասում է: Գիշերն անցնում է, թշնամին չի հանձնվում: Գնդապետն իր վրանում հայհոյում է ու լալիս: Այգաբացին, սուրը դանդաղ մերկացնելով, թշնամին մոտենում է գնդապետական վրանին: Մտնում է ներս ու տեսնում, որ գնդապետի բանակը փախել է:

ԲՐՈՒՆՈ ՇՈՒԼՑ

24 Մյս

Իրականության հիմքում իմաստն է: Անիմաստն անիրական է: Իսկ իրականության ուզածդ մասնիկ ողջ է այն բանով, որ մտնում է ինչ-որ համընդհանուր իմաստի մեջ: Վաղնջական տիեզերածնությունները դա համանման էին արտահայտում` ի սկզբանե Բանն էր: Չանվանվածը գոյություն չունի: Անվանել իրը` կնշանակի կապել այն համընդհանուր իմաստին: Առանձին, խճանկարային խոսքը` ավելի ուշ ժամանակների արտադրանք է, տեխնիկայի ծնունդ: Նախասկզբնական բառը ստվերի պես հածում էր աշխարհի իմաստի վրա, և մեծ, համընդհանուր ամբողջություն էր: Այժմյան գործածության մեջ բառը` միմիայն բեկոր է, ինչ-որ հինավուրց, համընդգրկուն, միասնական առասպելաբանության մնացուկ: Այստեղից էլ` նրա ձգտումն առ վերականգնում, մինչև նախնական իմաստի լիալրումը: Բառն ապրում է այն բանով, որ հազարավոր թելերով պրկվում է մեկում, հանց առասպելական վիշապի հատված մարմինը, որի մասերը միմյանց են փնտրում համաշխարհային գիշերվա մեջ: Բառի հազարադեմ ու միասնական օրգանիզմը հատվել էր առանձին բառերի, հնչյունների, առօրյա խոսքի և արդեն այդ նոր, գործնական կարիքների համար հարմարեցված ձևով հասել էր մեզ՝ որպես փոխըմբռնման միջոց: Բառի կյանքը, նրա զարգացումը փոխադրել էին այլ ուղիներ, դեպի կենցաղային գործնականությունը, ենթարկել էին այլ օրենքների: Սակայն ամեն անգամ, երբ գործնականության խստաշունչ հրամայականները ինչ-ինչ պատճառներով թուլանում են և ճնշումից ազատ խոսքը թողնում են ազատ՝ վերադարձնելով վաղեմի իրավունքները, նրան մեկեն համակում է ետդարձի տենչը, և բառը ձգտում է վերականգնել նախկին կապերը, վերադառնալ դեպ իմաստի լիությունը: Բառի այդ տենչն առ հարազատ օրրանը, նրա կարոտն առ վերադարձ, դեպի բառային նախահայրենիքը կոչում են հենց բանաստեղծություն:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

23 Մյս

Պաշտոնյայի անձը չէ, որ նշանակություն ունի պետության աչքում, այլ նրա զբաղմունքը կամ պաշտոնը, որից օգտվում է պետությունը այնքան ժամանակ, ինչքան հարմար է գտնում: Իսկ տիտղոսը կամ պաշտոնը պետական շուքից մի մասնիկ են միայն, նրա հանդերձանքից քանի անգամ գործածված շքեղ վերարկու, որ ծերակույտը նետում է այս կամ այն անհատի հնազանդ ուսին, երբ իրերի բերմամբ կարիք է զգում կարճ ժամանակով հենվել այդ ուսին և ետ վերցնում, երբ կարիքն այդ դադարում է կարիք լինելուց, խնամքով ծալում, փաթաթում, դնում է իր հանդերձարանում մի ուրիշի ուսին նետելու համար…

ՊԵՏԵՐ ԷՍՏԵՐԽԱԶԻ

23 Մյս

Մենք հետզհետե սառչում ենք մեր կյանքում: Ողջը, քանի որ այն վաղուց լքել է իր իրականությունը, կարծրացել է. նյութը կատակ չի հասկանում: Այն միշտ լեցուն է ողբերգական արժանապատվությամբ: Ով կխիզախի մտածել, թե կարելի է նյութի հետ խաղ անել, թե թույլատրելի է հանուն կատակի ձևափոխել այն, կտեսնի, որ կատակը չի ներաճում նրանում, մեկեն չի մարսվում, ինչպես ճակատագիր, կամ կանխորոշում…
Երեխան` ահա ամբողջական և դրամատիկ էակը: Իսկ կյանքը` այդ ամբողջականության հետզհետե կորուստն է, հետզհետե խամրումը, հետզհետե մահը:

ՌԱԴՅԱՐԴ ԿԻՊԼԻՆԳ

22 Մյս

ԵԹԵ…

Եթե կարողանաս գլուխդ պահել, երբ շուրջդ ամենքը
Կորցնում են իրենցը և մեղավորը քեզ են համարում,
Եթե կարողանաս վստահել ինքդ քեզ, երբ բոլորը կասկածում են քեզ,
Բայց հաշվի առնել նրանց կասկածանքը նույնպես,
Եթե կարողանաս սպասել և չհոգնել սպասելուց,
Կամ էլ խաբված լինելով՝ խաբեությունը արհեստդ չկարգել,
Կամ էլ սիրված չլինելով՝ հագուրդ չտալ ատելությանը,
Եվ, այդուհանդերձ, չափազանց լավի կեցվածք չընդունել
Եվ ոչ էլ խոսել չափազանց իմաստուն։

Եթե կարողանաս երազել և երազանքներիդ ստրուկը չլինել,
Եթե կարողանաս մտածել և խոհերդ չլինեն ինքնանպատակ,
Եթե կարողանաս դիմակայել հաջողության ցնծությանն ու աղետին,
Եվ նույն կերպ վերաբերվել այդ երկու չսպասված ինքնակոչներին,
Եթե կարողանաս անվրդով լսել քո իսկ ասած ճշմարիտ խոսքը,
Որն աղավաղել է խարդախ սրիկան՝ հիմարներին իր որոգայթը գցելու համար,
Կամ նույն կերպ տեսնես, որ քանդված է այն ամենը, որոնց նվիրել ես քո կյանքը,
Եվ կռանաս ու մաշված գործիքներով նորից դրանք վեր խոյացնես։
….
Եթե կարողանաս բոլոր շահումներդ կուտակել ու վտանգել ամենը՝
Միայն մի անգամ վիճակ գցելով,
Եվ կորցնել ու սկսել ամեն ինչ նորից
Եվ երբեք ծպտուն չհանել կորստիդ համար,
Եթե կարողանաս ստիպել քո սրտին, նյարդերին ու ջլերին
Երկար ծառայել քո նպատակներին, մինչև իսկ եթե դրանք արդեն սպառվել են,
Եվ դեռ համառես, երբ ոչինչ այլևս չկա քո մեջ, բացի քո կամքից, որն ասում է.
«Շարունակի՛ր»։
….
Եթե կարողանաս զրուցել ամբոխների հետ՝ պահպանելով
Ողջախոհության քո արժանիքը,
Եվ նաև չկորցնել սովորական ոճը, երբ թագավորների հետ ես քայլ գցում,
Եթե ոչ թշնամիներդ և ոչ էլ ընկերներդ չկարողանան քեզ կոտրել,
Եթե հաշվի նստեն բոլորը քեզ հետ, ու ոչ ոք քեզ իր տերը չհամարի,
Եթե կարողանաս վաթսուն արժանի վայրկյաններով լցնել
Անգթորեն առաջ շարժվող ու անցնող քո կյանքի ամեն մի րոպեն,
Քոնն է աշխարհը և այն ամենը, ինչ կա մեջ,
Եվ դեռ ավելին՝ այդժամ ես դու մարդ, որդի՛ս։

Թարգմ. Յուրա Գանջալյան

%d bloggers like this: