Պահոց | Սեպտեմբերի, 2013

Ինչպես հայ վաճառականը փրկեց Պետրոս Առաջինին

30 Սպտ

Պետրոս Առաջինի մասին, ինչպես հայտնի է ռուս ժողովրդի մեջ ստեղծվել և տարածվել են բազմաթիվ երգեր, գրույցներ, հեքիաթներ ու ավանդություններ։ Հայ ժողովրդի մեջ ևս նրա մասին շատ վաղուց ստեղծվել է հեքիաթախառն մի զրույց, որն իր ժամանակին գրի է առնված եղել Լազարյան տոհմին վերաբերող հայերեն մի ձեռագրում, որը 1850 թ. ընդօրինակել է բանահավաք Ասլան Աթաբեկյանը:

Զրույցի սկզբում պատմվում է, որ առևտրական նպատակներով եվրոպացիների, այդ թվում հոլանդացիների մոտ միտք է հղանում նոր երկրներ և ժողովուրդներ գտնել։ Նրանք նավերով գնում են երկրագնդի զանազան կողմերը և հայտնաբերում նոր կղզիներ, նոր ժողովուրդներ և նրանց հետ առևտուր անում։ Հոլանդացիները, շարունակելով իրենց ճանապարհը, հասնում են Հնդկաստան, այնտեղ ծանոթանում են հայ վաճառականների հետ և առևտրական հարաբերությունների մեջ մտնում։ Օգտվելով հոլանդացիների բարեկամությունից, հայ վաճառականները տեղափոխվում են Հոլանդիա, առևտրական ընկերություններ հիմնում ու եվրոպացիների հետ առևտուր անում մինչև Պետրոս Առաջինի Հոլանդիա գնալը:

Այնուհետև զրույցում պատմվում է, թե իբր Պետրոս Առաջինը ծպտված գնում է Հոլանդիա արհեստներ և նավաշինություն սովորելու։ Հոլանդացիները ճանաչում են նրան և բանտարկում։ Բանտից Պետրոսին ազատում Է Մարկոս Միրզախանով անունով հայ մի վաճառական, որը Պետրոսի հրավերով մտնում է նրա խուցը, փոխում նրա հետ իր հագուստը, ինքը Պետրոսի փոխարեն մնում խցում և այդպիսով ազատում նրան:

Հայ վաճառականը թյուրիմացության մեջ դնելով հոլանդական կառավարությանը, ինքը նույնպես ազատվում է բանտից և գնում Պետերբուրգ, ապա Մոսկվա։ Պետրոս Առաջինը ջերմորեն ընդունում է նրան և տանում Պետերբուրգ իր պալատը, ամուսնացնում է նրան ռուս մի աղջկա հետ, ինքն էլ նրանց քավորը դառնում, ապա մեծ արտոնություններ տալիս հայ վաճառականներին՝ Ռուսաստանում առևտուր անելու: Մարկոս Միրզախանովի և նրա ռուս կնոջ թոռներից մեկը` Եկատերինան, ըստ զրույցի, ամուսնանում է Հովհաննես Լազարյանի հետ:

Ավանդության վերջում պատմվում է այն մասին, որ թագավորը նավով գնում է դեպի Աստրախան, հասնում հնություններով հարուստ ավերակ Բոլղար քաղաքին, շրջում, ուսումնասիրում հնությունները և այնտեղ գտնում արևելյան լեզուներով գրված տապանաքարեր, որոնք ընդօրինակել է տալիս և պահում իր մոտ: Նա հետո գնում է Աստրախան։ Աստրախանցիները, այդ թվում նաև հայերը, սիրով դիմավորում են նրան։ Նա հայերին հրավիրում է Մոսկվա և Պետերբուրգ։

 Ա. ԱԴԱՄՅԱՆ2posolstvo-petr1

ՖՐԱՆՉԵՍԿՈ ԱԼԲԵՐՈՆԻ

30 Սպտ

Սերն, ինչպես հայտնի է, չի ենթարկվում բանականությանը: Նրան կարելի է ճնշել, ժխտել, բայց ոչնչացնել անհնար է: Կիրքն անշրջելի է: Իսկ ահա ընկերության դեպքում վերջին խոսքը բանականությանն է: Սերը կարող է լինել վեհ և ողորմելի, հերոսական և հիմար, բայց այն երբեք չի լինում արդարացի: Արդարության թագավորությունը սերը չէ, այլ բարեկամությունը:

Անբարո աշխարհում, որտեղ բոլորը մարտնչում են բոլորի դեմ, բարեկամությունը բարոյականության կղզի է: Այն գոյատևում է  առանձին փշրանքների տեսքով, որոնք հայտնվում են մեկ այս, մեկ այն վայրում, իբրև հավելում, իբրև շքեղություն, որով ճակատագիրը ժամանակ առ ժամանակ պարգևատրում է մեզ, բայց որին մենք կարող ենք նաև երբեք չարժանանալ, քանզի մեր կյանքը կարող է լցված լինել միայն բախումներով, ինտրիգներով, գայթակղություններով, խարդախությամբ, խաբեությամբ և ոչ այլ բաներով:francesco_alberoni

ՏՈՆԻՆՈ ԲԵՆԱԿՎԻՏԱ

29 Սպտ

Այս աշխարհում մեզնից յուրաքանչյուրն ունի մեկ և միևնույն թշնամին: Ես ունեմ, դուք ունեք, դիմացի հարևանն ունի: Անհաշտ թշնամի, որ ներսից խոշտանգում է ձեզ և թույլ չի տալիս մեկ քայլ անգամ կատարել դեպի այլ կողմ: Ես կարող եմ երդվել, որ այդ թշնամին հենց միայն սպասում է նրան, որ իջեցնի գիլյոտինի դանակը: Նրա հիշողությունը կարող է մրցել ամենաճարտար մեխանիզմի հետ, նա արձագանքում է ավելի արագ, քան բնազդներն ու ռեֆլեքսները միասին վերցրած, նրա ծարավը սահման չունի և, ինչ էլ պատահի, վերջին խոսքը նրան է մնում, ճակատամարտը տանուլ է տրված ի սկզբանե: Ես ունեմ նրան, դուք ունեք, նույնիսկ սրբերն ու մարդասպաններն ունեն այդ թշնամին: Նրա անունն է Ենթագիտակցություն:бенаквиста

ՌՈԲԵՐՏ ՓԵՆ ՈՒՈՐԵՆ

28 Սպտ

Չկա ավելի լիակատար առանձնություն, քան մեքենայում` միայնակ, գիշերը, անձրևի տակ: Ես մեքենայի մեջ էի: Եվ ուրախ էի դրա համար: Քարտեզի վրա մի կետից մինչև մյուս կետն ընկած էին միայնությունն ու մեքենան` անձրևի տակ:
Ասում են, թե դուք իբրև անհատականություն կարող եք դրսևորվել միայն այլ մարդկանց հետ շփումների դեպքում: Եթե չլինեին մյուսները, չէիք լինին նաև դուք, քանի որ այն, ինչ անում եք (իսկ դա` հենց դուք եք), իմաստ է ձեռք բերում միայն այլոց հետ կապի միջոցով: Սա շատ մխիթարական միտք է, եթե դուք միայնակ մեքենայով ընթանում եք անձրևոտ գիշերով, քանի որ դուք արդեն դուք չեք, իսկ չլինելով ինքներդ ձեզ հետ և ընդհանրապես ոչինչ չլինելով, կարելի է հենվել թիկնակին ու հանգսանալ…

«Արքայի ամբողջ թիկնազորը» գրքից1003231_3231_101

ԹՈՄԱՍ ՄԱՆ

27 Սպտ

Փաստացի մահն ավելի շատ առնչվում է մնացողներին, քան գնացողներին, քանզի գիտենք մենք այդ մեջբերումը, թե՞ ոչ, բայց ոմն սրամիտ իմաստունի խոսքը այժմ էլ պահպանում է մեզ համար իր ամբողջ ներքին իմաստը. «Քանի դեռ մենք կանք` մահը չկա, իսկ երբ կա մահը`մենք չկանք»: Այսպիսով, մեր և մահվան միջև որևէ կոնկրետ կապ չի ծագում, դա այնպիսի երևույթ է, որը մեզ ընդհանրապես չի առնչվում և սոսկ մասնակիորեն վերաբերում է աշխարհին ու բնությանը: Ահա թե ինչու բոլոր արարածները առերեսվում են դրա հետ մեծ հանգստությամբ, սառնասրտությամբ, անպատասխանատվությամբ և եսասիրական պարզամտությամբ:Thomas-Mann-um-1939

ՏԱՐԿՈՎՍԿՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԵՐԸ

27 Սպտ

Ռուս հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հայկական առնչությունների մասին եղել են մի շարք հրապարակումներ: Հանրահայտ փաստ է, որ նա մտերմություն ու կապեր է ունեցել բազմաթիվ հայերի հետ: Հայտնի է նաև, որ Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում ուսանելիս իր դիպլոմային աշխատանքի` «Գլդոնը և ջութակը» կարճամետրաժ ֆիլմի մի քանի դրվագներ 1960-ին նկարահանել է Երևանում` Լենինի հրապարակում: Միաժամանակ տեղեկություններ կան այն մասին, որ Տարկովսկին Հայաստան է այցելել նաև 1965-ին: Այդ օրերից հրաշքով պահպանվել են ինչպես վավերագրական կադրեր, այնպես էլ լուսանկարներ` արված Լևոն Աթոյանցի կողմից: Փոխարենը քիչ հայտնի է Տարկովսկու մեկ այլ` համեմատաբար ավելի երկարատև և գործնական ուղևորությունը մեր հանրապետություն: Այս անգամ առիթը ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի նոր ֆիլմն էր` «Հնձանը»: Բ. Հովհաննիսյանի և Տարկովսկու մտերմական կապերը մինչ այդ արդեն «ամրագրվել» էին ռուս ռեժիսորի երկու աշխատանքներում. Հովհաննիսյանը «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմում աշխատել էր իբրև ստաժոր-բեմադրիչ, իսկ «Սոլյարիսում» խաղացել էր էպիզոդային մի դեր: Եվ ահա 1972 թ, ձեռնամուխ լինելով իր առաջին կինոնկարի ստեղծմանը` Հովհաննիսյանը դիմում է փորձառու բեմադրիչին:tarkovsky-1

Անդրեյ Տարկովսկու օրագրերում պահպանվել են մի շարք գրառումեր, որոնք արժեքավոր տեղեկություններ են հաղորդում այդ օրերի մասին: Այսպես 1972-ի մարտին Տարկովսկին գրել է. «Եկավ Բագրատ Հովհաննիսյանը: Խնդրում է ինձ դառնալ իր ֆիլմի գեղարվեստական ղեկավարը, որը նկարահանվելու է Հ. Մաթևոսյանի սցենարի հիման վրա: Բոլորովին ցանկություն չկա»: Նկատենք սակայն, որ իրականում Տարկովսկին մինչ այդ լուրջ մասնակցություն էր ունեցել Հովհաննիսյանի համար դեբյուտային ֆիլմ նկարելու թույլտվություն ձեռք բերելու գործում և նույնիսկ նամակ էր գրել «Հայկինո»-ին: Այնպես որ, մերժումն ի սկզբանե բացառվում էր:

Կարդում ենք Տարկովսկու` մայիսի 7-ի օրագրային գրառումը. «Լարիսայի հետ եղանք Երևանում: Բագրատի գործերը մի տեսակ անորոշ են: Չի հասցնում նկարահանումները սկսել: Ինձ համար մի տեսակ ձանձրալի դարձավ հայերի հետ»:

Մինչդեռ այդ օրերի հիշողություններն այլ բան են ասում: Բագրատ Հովհաննիսյանի դուստրը` Նունեն պատմում է. «Նա եղել է մեր տանը, ես լավ եմ հիշում այդ օրը: Հայրս, նա և պապս` բոլորն էլ հարբած ու երջանիկ: Տարկովսկին նստել էր պապիս կողքին, ով ռուսերեն ոչ մի բառ չգիտեր, պապս անընդհատ ինչ-որ տեղից լավ օղի էր բերում, նրանք խմում ու գրկախառնվում էին»:tarkovsky-2

Հնարավոր է, որ Տարկովսկու ներքին լարվածությունն ու դժգոհությունը պայմանավորված էր իր նոր ֆիլմի ճակատագրով: Նա պատրաստվում էր մեկնել Կաննի կինոփառատոն, որտեղ ներկայացվելու էր վերջին աշխատանքը` «Սոլյարիսը», մինչդեռ այդ նախապատրաստական շրջանում հարկադրաբար եկել էր Երևան` մտքերով մնալով իր հոգսերի հետ:

Հունիսին, արդեն Կաննի փառատոնից վերադառնալուց հետո, Տարկովսկին վերստին անդրադառնում է հայաստանյան ուղևորությանը` օրագրում գրելով. «Լարիսայի հետ Հայաստանում եղանք` Բագրատի և Պրոպագանդայի բյուրոյի գործերով: Բագրատի մոտ ամեն ինչ այնքան էլ լավ չի: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ նա ինքն էլ չգիտի, թե ինչ անի իր «Հնձանի» հետ: Տղան լավը չի, սցենարն ու երկխոսությունները պարզապես վատն են, բանի պետք չեն: Չգիտեմ, հո չէի՞ կարող ես նրանց մոտ հավերժ մնալ: Պրոպագանդայի բյուրոյում աշխատավարձի հարցով ոչինչ չստացվեց: Չնայած այն բանին, որ Ղուկասյանը մի քանի ամիս շարունակ պահանջում էր  մեր այցելությունը, մենք ոչինչ չվաստակեցինք: Կամ մեզ խաբեցին, կամ նրանք ընդհանրապես աշխատել չգիտեն: Հայրյանի և Ռազմիկ Մադոյանի հետ մենք մեկնեցինք Զանգեզուր: Հիասքանչ վայրեր էին»:tarkovsky-3

Գևորգ Հայրյանը ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահն էր, Մադոյանը` «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենը: Ի դեպ, զանգեզուրյան ուղևորության մասին մի փոքրիկ դրվագ էլ պահպանվել է գրականագետ Լևոն Մկրտչյանի հիշողություններում, ով հավանաբար եղել է նույն խմբի հետ: Նա գրում է. «… Սիսիանից մենք մեկնեցինք Գորիս: Մոտ 15 կլիլոմետր անցնելուց հետո կանգ առանք այսպես կոչված «պորտաքարի» մոտ: Այս «պորտ» քարը լայնորեն հայտնի է Զանգեզուրում: Կանայք, ովքեր չեն կարողանում հղիանալ, պորտի կողմով պառկում են պսպղացող պորտաքարի ոչ մեծ ցցվածքի վրա, որն ասես փայլեցվել է հազարավոր կանանց որովայնի հպումից. պառկում են, և գործն արդեն եղած է: Անդրեյ Տարկովսկու կինը (նրանք արդեն մի քանի երեխաներ ունեին) ոչ այլ կերպ, քան չարաճճիություն անելու համար, պառկեց պորտաքարին:

— Քո ինչին է պետք: Մենք առանց դրա էլ այդ իմաստով խնդիրներ ունենք,- բացականչեց Անդրեյ Արսենևիչը»:

Պահպանվել են նաև Հրանտ Մաթևոսյանի հիշողություններն այդ օրերից. «Երևանում ցուցադրելու կապակցությամբ իրեն հրավիրել էին, ու ինքը հետը բերել էր «Սոլյարիսը»: Հրավիրեց իր նոր ֆիլմը դիտելու, բայց ես հենց նախորդ օրն էի նայել «Անդրեյ Ռուբլյովը» ու իրեն ասեցի , որ գիտակցաբար չեմ գա քո նոր ֆիլմը նայելու, որովհետև վախենում եմ «Ռուբլյովից» ստացած տպավորությունը մի քիչ աղարտվի, իմ մեջ ստեղծված քո կերպարը մի քիչ աղարտվի… Երևանում իր գտնված ժամանակները մենք, կարելի է ասել, մի քիչ ընկերացանք: Մի հանդիպում էլ մեր տանը եղավ: Երկար զրուցեցինք ու չնայած ես ինձ ոչ առանց հավակնությունների գրող էի համարում, այդուհանդերձ, էստեղ ես իր սովորական հանդիսատեսն էի ու երկրպագուն: Էդպես ես միշտ խոշոր տաղանդների առաջ դառնում եմ սովորական հանդիսական ու ընթերցող, խոր ակնածանքով եմ վերաբերվում: Մեր տան հանդիպումը իմ մեջ տպավորվել է որպես փոխըմբռնման ու փոխադարձ սիրո ցույց»:tarkovski-bagrat

Պետք է կարծել, որ «Հնձանի» գլխավոր դերակատարներից մեկի` Սոս Սարգսյանի հուշերը ևս վերաբերում են այդ օրերին: Ս. Սարգսյանը, ով նաև հրաշալի դերակատարում էր ունեցել «Սոլյարիսում», մի առիթով պատմել է, որ Երևանում Տարկովսկին ապրում էր «Անի» հյուրանոցում, և մի օր, երբ նկարահանում չկար, իրենք միասին իջել են Հրազդանի ձորը լողանալու: « Վերադարձին մեքենա չկար, ստիպված ոտքով քայլեցինք դեպի վեր: Հանկարծ նկատեցի դուրս ցցված հսկա տրամաչափի մի խողովակ, փրփրած, սպիտակած ջուրը հորդում էր ուղղակի: Նայեցի Անդրեյին, նայեց ինձ, սուս ու փուս իջանք, հանվեցինք ու մտանք ջրի տակ: Երանություն էր…»:

Տարկովսկու հայաստանյան հոգսերն ու շփումներն այսքանով դեռ չէին ավարտվելու:

Պահպանվել է նույն տարվա սեպտեմբերի 18-ի նրա օրագրային մեկ այլ գրառում, ուր ասվում է. «Զանգահարեց «Հայֆիլմից» Ռազմիկը: Խնդրում է Իտալիայից հետո գալ Բագրատի մոտ: Այնտեղ նա ինչ-որ անախորժություններ ունի: Ամեն դեպքում, նա այնքան էլ ընդունակ մարդ չի: Առանց երևակայության: Պետք է շտապ նրան ուղարկել Վահեի եզրափակիչ մենախոսությունը, այլապես նա լիովին ծանր դրության մեջ կընկնի»:

Նկատենք, որ «Հնձան» ֆիլմի և նրա ռեժիսորի հարցում Տարկովսկին ակնհայտորեն խտացնում էր գույները: Բագրատ Հովհաննիսյանի աշխատանքը, որ էկրան բարձրացավ 1973-ին, ոչ միայն լավ ստացվեց, այլև ջերմ ընդունելության արժանացավ: Իսկ երկու ռեժիսորների տարակարծությունները պետք է բացատրել նրանց ընկալումների տարբերությամբ:  Ի վերջո, կինոյի աշխարհը նաև և առաջ անհատականությունների աշխարհ է, որտեղ յուրաքանչյուրը թողնում է իր ձեռագիրը, կերտում է արվեստագետի իր ճակատագիրը:

 Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

tarkovsky-4

ՉԱՐԼԶ ԴԻԿԵՆՍ

26 Սպտ

Ինչու՞ է մեզ համար միշտ ավելի դյուրին հաշտվել բաժանման հետ մտովի, քան իրականում: Եվ ինչո՞ւ հարկ եղած քաջությամբ այդ բանը վճռելիս մենք վախենում ենք բարձրաձայն արտասանել «ներիր» բառը: Որքան հաճախ է պատահում, երբ երկար տարիների բաժանումի կամ երկարատև ճամփորդության նախօրեին մարդիկ, ովքեր քնքշորեն կապված էին մեկը մյուսի հետ, սովորական հայացքներ, սովորական ձեռքսեղմումներ են փոխանակում, կարծես դեռևս հույս ունեն վաղվա հանդիպման` այն դեպքում, երբ նրանցից յուրաքանչյուրը հրաշալի գիտի, որ դա ընդամենը խղճուկ խորամանկություն է, որպեսզի հեռու վանեն ցավը, որն իր ետևից քարշ կտա հրաժեշտի խոսքերը և որ ենթադրյալ հանդիպումը չի լինելու: Ստացվում է, որ անհայտությունն ավելի՞ սարսափելի է, քան իրականությունը: Չէ՞ որ մեզնից ոչ ոք խույս չի տալիս մեռնող ընկերներից, և այն բանի գիտակցումը, որ մեզ չհաջողեց ինչպես հարկն է հրաժեշտ տալ նրանց, որոնց թողնում ենք վերջին անգամ` անսահման սիրով ու քնքշությամբ, երբեմն ի զորու է թունավորել մեր մնացյալ օրերը:Charles-Dickens-102_209447k

ԿՈՄԻՏԱՍԻ ՆԱՄԱԿԸ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

26 Սպտ

1912, դեկտեմբեր, Կ. Պոլիս

… Արդ, մեր երկիրն սկզբեն եղել է կռվախնձոր արշավող ու շրջակա հզոր պետությանց աշխարհակալության ճանապարհի վերա և պահել է ցարդ նույն վիճակը։ Մենք այժմ իրապես ռուսաց շահի առարկան ենք. մեր երկիրն արդեն որոշված է, այսօր կամ վաղր ռուս պետության բաժին դառնալու։ Ուրեմն պիտի ձգտենք մեզ ազատագրել երկու կերպ, թեպետ և երկուքի վերջակետն էլ նույնն է, տարբեր ուղիով միայն։ Առաջինն է առավելագույնը՝ ինքնուրույն ու անկախ լինելով իբր պատվար ցցվել ռուս դիվանագիտության առջև և երկրորդը՝ նվազագույնը՝ ապավինել Քեռի Ռուսին և միաձույլ հայություն սահմանել։ Երկուքն էլ նույն է, բայց երկրորդն իրագործելի՝ շահերի նույնության վերա հենվելով, իսկ առաջինը անիրագործելի։ Ռուս կառավարությունը ծայրագույն արևելքեն տուժեց, ուրեմն ընդարձակման ճանապարհը այս կողմը մնաց…

Ես չե՛մ կարող մտքես անցնել, որ ռուս կառավարությունը իր շահերը զոհե մեզ. զի նա չէ կարող թույլ տալ, որ այս բաժինն ավելի լավ վիճակ ունենա, քան իր երկրի հայերը, ուրեմն մի՛շտ ձգտելու է պահել մեզ (եթե իրան չմիանանք) իրան կարոտ վիճակի մեջ, որպեսզի ապագա գրավման ձեռնտու տարր հանդիսանանք, արդեն մեր մեծ ջարդերն ապացույց են ասածներիս։ Ռուս թերթերն էլ ճիշտ այս կետն է, որ շարունակ շեշտում են, թե մեր փրկությունը կռելու և կոփելու ենք Փերպուրկի [Պետերբուրգի] պարիսպներու դռներուն առաջ, ա ՛յս էր պնդել ժամանակին Լոռիս Մելիքով Գևորգ Դ. կաթողիկոսին զգուշացնելով (երբ սա ռուս-տաճկական պատերազմի ժամանակ, փրկությունը տեսնելով ու հուսալով տաճիկներեն, գրեթե բացարձակապես սպասելիս է եղել տաճիկներին էջմիածնի մեջ)։ Արդեն քաջ դիտես, որ Անգլիո, Ֆրանսիո ու Ռուսիո միության գլխավոր նպատակն էլ այս էր։ Ուրեմն չիք փրկություն արտաքո Ռուսիո։ Պետք է նախ բոլոր հայերը խմբվեն մեկ տերության, մեկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապես և նյութապես և ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերե մեզ մեծ ազատությունը. շտապելով, աոաջինը չառած երկրորդ քայլի դիմելով բոլորովին պիտի կորչենք, տաճիկէն ոչ մի հույս մի ունենաք, մի սպասեք, նորա ուղեղը քարե ժայռից է, զարգացման անընդունակ, լոկ փշրվելու համար պիտանի և ոտքի տակը սալահատության հարմար։

Չպետք է բաժանվենք, չպե՛տք է խաբվենք Եվրոպայի զանագան խոստումնալից խաբկանքներեն, միանալու ենք և գործնական ճամփան բռնելու՝ ըստ իս, աոաջին քայլն է բոլոր հայությունն ամփոփել ռուսի իշխանության տակ, երկրորդ քայլն է տնտեսապես ու բարոյապես, զուտ ազգային, առանց օտարեն ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդվելու զարգանալ. երրորդ քայլն արդեն ինքը ռուս հեղափոխությունն է, որ պիտի անե, ոչ թե մենք, իսկ մենք օգտվելու ենք այդ քայլեն, սակայն պատրաստվելով, լեհերու պես զուտ ազգային շավիղը բռնելով. եվյապական մարդկային գաղափարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպետք են. պաղ երկրի բույսերը մեր ջերմ արևին տակ կկիզվեն։

Ես վախ չունիմ, թե ռուս կառավարության մեջ կհալենք, որքան ալ որ հալենք, այնուամենայնիվ մեր ինքնագիտակցությունը զարթնած է և եթե խելոք շարժվենք` կվաստկենք, ես այս կարծիքն ունիմ…

Համբույր ե կարոտով`

Քույդ Կոմիտաս վարդապետ:pizap.com13801567436881

ՎԻԿՏՈՐ ՖՐԱՆԿԼ

25 Սպտ

Հաջողությունը ձեզ համար նպատակ մի դարձրեք: Որքան հաճախ դուք ձգտեք նրան` այն դարձնելով նպատակետ, այնքան մեծ է կորցնելու հավանականությունը: Հաջողության, ինչպես և երջանկության ետևից պետք չէ վազ տալ: Այն պետք է ստացվի,- և ստացվում է, ինչպես մեծ գործին անձնական նվիրվածության կողմնակի ազդեցությունը, կամ ինչպես մեկ ուրիշի նկատմամբ սիրո և նվիրվածության փոխհատուցումը: Երջանկությունը, ինչպես և հաջողությունը պիտի ծնվի ինքնիրեն: Դուք պետք է թույլ տաք նրան ծնվել, այլ ոչ թե հոգ տանեք նրա համար:viktorfrankl1

Առաջին «հայկական» գունավոր լուսանկարը

25 Սպտ

Ռուս լուսանկարիչ Պրոկուդին-Գորսկին Արդվինում 1912 թ գարնանը լուսանկարեց այս երկու հայ կանանց` հրաշալի բնության գրկում: Այժմ այս գունավոր լուսանկարը համարվում է առաջինը, որտեղ հայեր են պատկերված: Նույնիսկ անհավատալի է, որ ավելի քան 100 տարի առաջ հնարավոր է եղել նման որակի պատկեր ստանալ: Անհավատալի է, բայց փաստ:0_80860_c465669c_XL

ԱՆՏՈՒԱՆ ԴԵ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

24 Սպտ

Հավատները թշնամացել էին: Ատելով այլախոհներին, նրանցից յուրաքանչյուրը կառուցում էր իր փոքրիկ տաճարը`սովորության համաձայն մարդկանց բաժանելով այլախոհների և ուղղահավատների: Եվ այն, ինչը չէր ճանաչվում ճշմարտություն, համարվում էր մոլորություն, իսկ այն, ինչը մոլորություն չէր դիտվում, դառնում էր ճշմարտություն: Բայց ես հո գիտեմ, որ մոլորությունը ճշմարտության հակառակը չէ, այն նույնպես տաճար է ու կառուցված է նույն քարերից, սակայն այլ կերպ: Սիրտս արյունվում էր` տեսնելով մարդկանց, ովքեր պատրաստ էին մեռնել հանուն պատրանքի: Ես աղոթեցի Տիրոջը. «Բացահայտիր ինձ համար իսկությունը, որտեղ կարող են տեղ գտնել նրանց բոլոր փոքրիկ ճշմարտությունները, որը կառնի ամենքին մի ծածկոցի տակ: Որպեսզի թշնամացած ցողուններից ես ծառ արարեմ, նրա հոգին ոգեշնչի բոլորին և մի ճյուղն աճի մյուսի զորության շնորհիվ, քանի որ ծառը միշտ էլ համախմբման ու ծաղկունքի հրաշքն է արևի տակ: Մի՞թե իմ սիրտը չի բավականացնի, որ այնտեղ բոլորին օթևան տամ»:image52630159

ԱՄՈՍ ՕԶ

23 Սպտ

Սովորական մարդը երբեք չի կարող հրամցնել բացարձակ կեղծիքը: Կեղծությունն ինքը նրան կմատնի: Նման կարճ վերմակին. կձգի ոտքերին` գլուխը կբացվի, կքաշի գլխին` ոտքերը ցույց կտա: Մարդը հորինում է խորամանկ սնամտություններ, որպեսզի թաքցնի ճշմարտությունը` չնկատելով, որ նույն ժամանակ հենց այդ հորինվածքներն են մերկացնում դաժան ճշմարտությունը: Սակայն մյուս կողմից այրող ճշմարտությունը ավերում է ամեն ինչ` ոչինչ չստեղծելով: Ի՞նչ է մնում անել սովորական մարդկանց: Մեզ մնում է լռել ու դիտել: Հենց դա էլ մնում է մեզ` լռել ու դիտել…AMOS-OZ

ՄԻՇԵԼ ՈՒԵԼԲԵԿ

22 Սպտ

Եթե անկեղծորեն սիրում ես, ապրելու միակ հնարավորությունը սիրելի կնոջից քո զացմունքները թաքցնելն է, ցանկացած հանգամանքում թեթև անտարբերություն ձևացնելը: Որքան պարզ է դա և որքան տխուր: Այդ փաստն ինքնին մեղադրական դատավճիռ է մարդու համար:
Այո, սերը մարդուն դարձնում է թույլ, և նա, ով ուժեղ է, ճնշում, չարչարում ու արդյունքում սպանում է մյուսին, ընդ որում, առանց որևէ չարամտության, նույնիսկ հաճույք չզգալով, այլ բացարձակ անտարբերությամբ: Հատկապես սա է սովորաբար մարդկանց մոտ կոչվում սեր…2425563-la-derniere-fois-qu-on-a-vu-michel-houellebecq

ԱՆԴՐԵ ԼԵԿԼԱՐԿ

21 Սպտ

ՍԻՐՈ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 Առանց սիրո ամուսնությանն արդարացում չկա:

Սիրահարներին չարժե ամուսանանալ, եթե հաճախ սերը վերածվում է խուճապային փախուստի:

Չկա հաճույք այն գուրգուրանքներից, որոնք ձեռք են բերվում առանց համաձայնության:

Ոչ ոք չի խանգարում կնոջը սիրված լինել երկու տղամարդու կողմից, կամ տղամարդուն` սիրվել երկու կնոջից: Սակայն ոչ ոք չի կարող ունենալ երկու կապվածություն միաժամանակ:

Սերն ու ժլատությունը չեն ապրում մի տան մեջ:

Այն թեթևությունը, որով մեզ տրվում են մարմնական հաճույքները, արժեզրկում են դրանք, այն դեպքում, երբ դժվարություններն ու խոչընդոտները բարձրացնում են դրանց գինը:

Ճշմարիտ սիրահարները միշտ ամաչկոտ են:

Ամուսնությունը չի բացառում սերը:17f2c5a9

Իսահակյանի մի անծանոթ լուսանկար

20 Սպտ

Այս լուսանկարը պահվում է ռուս գրող Ալեքսեյ Սիլաչի ժառանգների արխիվում: 1939 թ. Հայաստանում նշվում էր «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակը: Սիլաչը Հայաստան ժամանած հյուրերի թվում էր: Երևանում նրանց ընդունել է Ավետիք Իսահակյանը: Исаакян, 39_0

ՅՈՒՋԻՆ ՋԵՆԴԼԻՆ

20 Սպտ

Յուրաքանչյուր ապրում և իրադարձություն գաղտնորեն իր ներսում պարունակում է հետագա զարգացումների հնարավորությունը: Սակայն որպեսզի բացահայտվեն դրանք, անհրաժեշտ է զգալ տվյալ հնարավորության աղոտ գոյությունը, ապրումների անորոշ սահմանները:

Անցյալը չի հանդիսանում ձևավորված և արձանագրված իրադարձությունների սովորական միագումարը: Այն ամենը, ինչ կատարվում է ներկայում, պետք է ներառի իր մեջ անցյալի փորձը, բայց դրա հետ մեկտեղ չի կարելի ներկան համարել անցյալ կենսափորձի վերակազմավորումը: Ներկան` դա միանգամայն նոր իրադարձություն է, որն անցյալին հաղորդում է նոր գործառնական ուղղություն և նոր դեր: Իր նոր դերում անցյալը նաև կառուցվածքորեն կլինի բացարձակորեն նորովի: Ավելին, այն ոչ միայն կմեկնաբանվի նորովի, այլև միանգամայն նոր կերպով կգործարկվի ներկայի նոր իրադարձություններում` նույնիսկ եթե անհատականությունը չգիտակցի բոլոր այդ փոփոխությունները: Պատկերավոր ասած` այսօր կատարվող ապրումները փոխում են անցյալը: Իսկ դա անցյալի ու ներկայի փոխհարաբերության նոր միջոց է ստեղծում:1317624615_12193100-1024x640

ՕՐՍՈՆ ՍԿՈՏ ԿԱՐԴ

19 Սպտ

Որքան հիշում եմ, կամքի ազատության մասին հարցին փիլիսոփայության պաշտոնական պատասխանում ասվում է, որ նման բան գոյություն չունի: Կա ընդամենը կամքի ուժի խաբկանք, քանի որ մեր պահվածքի պատճառներն այնքան բարդ են, որ մենք պարզապես չենք կարող դրանք գաղտնազերծել: Եթե դու ունես դոմինոյի քարերի շարք, որոնք հերթականությամբ վայր են ընկնում, դու միշտ էլ կարող ես ասել. «Այս քարն ընկավ, քանի որ այն մեկը նրան հրեց»: Բայց եթե դու ունես անսահման թվով քարեր, որոնց կարելի է հետևել անսահման թվով ուղղություններից, ապա չես կռահի, թե որտեղից սկիզբ առավ պատճառահետևանքային շղթան: Այդ պատճառով էլ դու մտածում ես` դոմինոյի այս քարն ընկավ, քանի որ նա այդպես ցանկացավ…13186domino_effect

Երկու հրաշալի լուսանկար

19 Սպտ

Երկու հրաշալի լուսանկար: Հրանտ Մաթևոսյանը` Իոսիֆ Բրոդսկու և Սերգեյ Դովլաթովի հետ: Ցավոք, որակն այնքան էլ լավ չէ, բայց իբրև պատմական փաստ լուսանկարները շատ արժեքավոր են:brodski-matevosyan dovlatov-matevosyan

Լուսանկարն ու նախատիպը

18 Սպտ

Հիշու՞մ եք Հրանտ Մաթևոսյանի «Չեզոք գոտին»: «… Ճարտարապետն ու վանահայրը բազիլիկ վանքի գավթում էին՝ որ նրանց կացարանն էր, ճարտարապետն արտանկարում էր ճեպանկարը, վանահայրը հետևում էր նրա աշխատանքին, Սիմոնը, Շողերը և տղան գավթի դռանն էին, Սիմոնը խաչքար էր նմանակում, Շողերը՝ գուլպա գործում, երեխան՝ փրփրաքարի կտորով մի հին թուր մաքրում:
Գավիթ-կացարան, Մեծ Մայր Տաճար վանք, սրանց միջև ընկած բակը՝ ուր նմանակվող խաչքարն է կանգնած»:

Անցյալ դարասկզբին արված այս լուսանկարն ինչ-որ առումով կարելի է համարել այդ պիեսի «նախահիմք-կադրը». գավիթ Անիում, որ վերածվել էր թանգարանի և որտեղ աշխատել էր Մաթոսյանի հերոսի նախատիպը` ճարտարապետ Թորոս Թորամանյանը:1333521439ff1

ՕՆՈՐԵ ԴԵ ԲԱԼԶԱԿ

18 Սպտ

Հասարակությունը բաժանվում է երեք կարգի`

մարդիկ, որոնք աշխատում են,

մարդիկ, որոնք մտածում են,

մարդիկ, որոնք ոչինչ չեն անում:

Այստեղից հետևում է, որ անկախ այն բանից` խոսքը գնում է թափառող նկարչի պոետիկ պատմության, թե՞ սահմանադրական միապետի տրտում ու խռմփան քնի մասին, գոյություն ունի միայն երեք կենսակերպ`

աշխատանքային կյանք,

բոհեմական կյանք,

էլեգանտ կյանք:honore-de-balzac

%d bloggers like this: