Պահոց | Հունվարի, 2017

ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐԻ ԵՐԿՈՒ ՔԱՐԵՐԸ

31 Հնվ

Հայտնի հնագետ ու գիտնական Աշխարհբեկ Քալանթարի ծառայությունները մեր երկրի պատմությանն ու մշակույթին անգնահատելի են: Ստալինյան բռնաճնշումներին զոհ դարձած այդ մեծ մտավորականի գրչի տակից դուրս եկած ավելի քան 80 աշխատություններն այսօր դարձել են այն հենասյուներից մեկը, որի վրա խարսխվում է հայկական հնագիտությունը: Եվ իր կյանքում շատ բաներ տեսած, շատ փորձություններ հաղթահարած, բազում բացահայտումների ու հայտնագործությունների հեղինակ այս մարդուն պիտի որ չափազանց դժվար լիներ զարմացնել ու հիացնել: Սակայն արի ու տես, որ նրա կենսագրության մեջ կա երկու դրվագ, որ Քալանթարի զարմացական հիացմունքի արժանանալու բոլոր հիմքերն ունեին:02-11-1926_ashxarhabek_qalantar-01
Դրանցից առաջինը 1926 թվականին էր, երբ հայտնի հնագետը իր արշավախմբի հետ ուղևորվեց Սևան` տեղում ուսումնասիրելու Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև ընկած «Օձաբերդ» հնավայրում հայտնաբերված ուրարտական արձանագրությունը: Ռուսա Առաջին թագավորին վերագրվող այդ սեպագիրը գտնվել էր դեռևս 1862 թվականին, Մեսրոբ Արքեպիսկոպոս Սմբատյանցի կողմից: Լճի ափամերձ հատվածում, հենց ջրից վեր խոյացող ժայռի հյուսիսհայաց երեսի վրա առկա անհասկանալի նշաների մասին Սմբատյանցին պատմել էին տեղաբնակները: Ավելի ուշ հետազոտողը պիտի գրեր. «Երբ 1862 թվին Ալիչալուի (Արծվանիստ) մոտ բևեռագիր արձանագրություն օրինակեցի, Սևանա ծովի մակերևույթը այնքան բարձր է, որ ջուրը հավասար էր արձանագրին և մենք նավակով գնալով ջրի վրա… օրինակեցինք: Իսկ 1883 թվին նույն արձանագիրը համեմատելու համար 10 ոտնաչափ սանդուղք դնելով ծովի ցամաքած գետնից մինչև արձանաքարը, այնպես օրինակեցինք: Ըսդ այսմ` ուրեմն 20 տարվա ընթացքում ջուրը պակասելով իջել էր 10-ն աստիճան ցած, այն է` 20 ֆուտ կամ ոտնաչափ»:
Մեսրոբ Արքեպիսկոպոսը միակը չէր, ում պիտի հրապուրեր արձանագրության վերծանումը: Հետագա տարիներին շատերը կրկնեցին նրա փորձը: Ի դեպ, դրանց թվում էր նաև գերմանացի Վոլդեմար Բելքը, ով երեք ժամ շարունակ մինչև գոտկատեղ ջրի մեջ կանգնած փորձել էր կրկնօրինակել արձանագրությունը, բայց կարողացել էր 19 տողից միայն երեքը ընթերցել: Եվ ահա 1926 թվականին Աշխարհաբեկ Քալանթարը որոշեց «նվաճել» հազարամյա գաղտնիքը` գործադրելով իր նոր մոտեցումը: Թե ինչպես նա վարվեց` դրա մասին է պատմում բացառիկ մի լուսանկար, ինչպես նաև ականատեսների վկայությունները: Համաձայն դրանց, պրոֆեսոր Քալանթարը սկզբում ցանկանում էր պատճենել Ռուսա Ա արքայի ժայռակերտ արձանագրությունը` նավակի վրա կանգնած: Բայց մի քանի փորձերը լիովին ձախողվեցին, որովհետև ջրերի ճոճքը խանգարում էր, իսկ քամին մոմաթուղթը պոկում ու տանում էր:d5b0d5b6d5a1d5a3d5a5d5bf-d5a1-d684d5a1d5acd5a1d5b6d5a9d5a1d680
Եվ այդ ժամանակ հնագետները դիմեցին հնարամիտ մի միջոցի: Նրանք պարանով ժայռից կախ տվեցին վիմագրագետ և պատմաբան Սեդրակ Բարխուդարյանին ու վերջինս կարողացավ այդ էքստրեմալ դիրքում էստամպաժ եղանակով կրկնօրինակել արձանագրությունը: Պահպանված լուսանկարում կարելի է տեսնել ժայռի գլխին կանգնած, սպիտակ գլխարկով Աշխարհբեկ Քալանթարին, ով լարված, բայց համբերատար կեցվածքով հետևում է գործողությանը: Նա արդեն վստահ է, որ իրենց ձեռնարկը հաջողությամբ է պսակվելու: Ու նաև գիտի, որ երբեք չի մոռանալու այդ բախտորոշ ժամերը:
Տասնամյակներ են անցել այն օրերից: Հիմա լիճը նահանջել է, ջրերն այլևս չեն լիզում հանրահայտ ժայռը: Փոխարենը այդ վայրում կանգնեցվել է գեղեցիկ մի հուշասյուն, որ պատմում է Ռուսա արքայի, արձանագրության և այն մարդկանց մասին, ովքեր գիտեն հազարամյակների լեզուն:
Հաջորդ զարմանալի պատմությունը, որ պիտի վիճակվեր Աշխարհբեկ Քալանթարին, տեղի ունեցավ երկու տարի հետո` 1928 թվականին: Դա ձմեռնամուտին էր, երբ հնագետը մի նամակ ստացավ Ղուրդուղուլիից (այժմ Արմավիր): Նրան գրում էր տեղի չինովնիկներից մեկը` Գնունի Եփրեմյանը: Եփրեմյանը հայտնում էր, որ Ջանֆիդա գյուղում մի տարօրինակ քար է գտնվել` զարմանալի նշաններով և ըստ ամենայնի այդ գտածոն իրենից պատմական արժեք է ներկայացնում: Նման պնդումն առաջին հայացքից անսովոր էր: Բանն այն է, որ Ջանֆիդան նախկինում բնակեցված էր եղել քոչվոր, մահմեդական ցեղերով, իսկ հետագայում` 1915-1918 թթ. Արևմտյան Հայաստանից այստեղ էին գաղթել մեծ թվով հայեր` հաստատվելով կիսադատարկ գյուղում: Տեղում որևէ նշանակալի հուշարձան կամ հին բնակատեղի չկար և ուրեմն որևէ հնածոյի գոյությունը չէր կարող առաջին իսկ պահից կասկած չհարուցել:12074564_917164481652218_855239878450301456_n
Ամեն դեպքում Քալանթարը շտապ կարգով Ջանֆիդա գործուղվեց: Այն, ինչ նա տեսավ տեղում, վեր էր իր բոլոր սպասելիքներից: Դա մի հնագույն սեպագիր արձանագրություն էր` բաղկացած 10 տողից: Հնագետը նաև արագ կռահեց, որ արժեքավոր քարի ներկայությունը Ջանֆիդայում զուտ պատահականության արդյունք է. այն, ըստ երևույթին, տարիներ առաջ բերվել էր մեկ այլ վայրից (ամենայն հավանականությամբ՝ Արմավիր հնավայրից) և օգտագործվել իբրև շինանյութ: Քարի ընդանուր ձևը հաշվի առնելով` գյուղացիները դա դարձրել էին տան աստիճան: Իսկ երբ նախկին թուրք բնակիչների փոխարեն գյուղ էին եկել հայերը, նոր տանտերը՝ Նազար Հարությունյանը, որոշել էր շինությունը ձևափոխել: Եվ հենց այդ ժամանակ էլ շարվածքից դուրս էր բերել քարը և նկատել դրա վրայի գրությունը:
Դեկտեմբերի 7-ին Լուսավորության ժողկոմ Ասքանազ Մռավյանին հասցեագրված պաշտոնական զեկուցագրում Քալանթարը գրում էր. «Գտնված է մի սեպագիր արձանագրություն, որը հանդիսանում է գիտական նորություն: Արձանագրությունը բաղկացած է տասը տողից, որի մեջ կարդացվում է Սարդուրի անունը` գրված մի քարի վրա (բազալտի), որն ամբողջական ձևով մշակված է… Նորագյուտ արձանագիր քարը կոմիտեի կողմից անմիջապես փոխադրվեց Էջմիածնի պետական թանգարանը, ուր կենտրոնացված են Արմավիրի շրջանում գտնված բոլոր սեպագիր արձանագրությունները»:
Բայց մինչ այս ամենը տեղի կունենար, Քալանթարը իրականացնում է ևս մի բան, ինչը նա պակաս կարևոր չէր համարում, քան սեպագիր գտնելը: Հանձնարարում է ջանֆիդացի տանտիրոջն ու քարը գտնողին լուսանկարել Արգիշտիի որդի Սարդուր 2-րդի սեպագիր արձանագրության հետ: Այդ լուսանկարը պահպանվել է մինչ օրս` իբրև վավերագիր ու ապացույց այն բանի, թե ինչպես դարերի խորքից վերադարձվեց արքայական գիրը և դա արվեց հասարակ հայ շինականների ձեռքով:img_0294_0

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Advertisements

Հաշվում են…

31 Հնվ

Ինչ ասես, որ չեն հաշվարկի գիտնականները: Օրինակ, նստել ու հաշվել են, որ մարդը մեկ օրում կատարում է մոտ 20 հազար քայլ, մեկ տարվա ընթացքում` մինչև 7 միլիոն, իսկ ամբողջ կյանքի ընթացքում` գրեթե կես միլիարդ քայլ: Բայց գիտնականները չեն հաշվի, թե այդ քայլերից քանիսն էին սխալ և քանիսը` ճիշտ, քանիսն էին, որ նահանջող էին և քանիսը, որ մեզ առաջ տարան: Ու չեն կարող իմանալ, թե դեպի ուր քայլեցինք մենք…

Հ. Չարխչյանshutterstock_159047975

Հայտնի դեմքեր

31 Հնվ

Այս լուսանկարի ամսաթիվը հայտնի չէ: Սկզբնաղբյուրում ասվում է, թե արված է 1931-ին, սակայն այդ թվականին Ավետիք Իսահակյանը Հայաստանում չէր: Ամեն դեպքում, պատկերում կարելի է տեսնել շատ նշանավոր մարդկանց` Իսահակյանին, Մարտիրոս Սարյանին, նշվում են Թորոս Թորամանյանի, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի տիկնոջ` Օլգայի անունները:%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a9%d5%a5%d6%80%d5%a9-1996-%d6%83%d5%a5%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d6%80

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

29 Հնվ

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Թառլանի պես թառել ես
Էդ սև մռայլ քարափին,
Աչքդ հեռուն հառել ես,
Որ մոտ չգա հարամին:

Սարերը բուք ու բորան,
Կուրծքդ մի սար անառիկ,
Հայրենիքիդ պահապան
Կանգնած ես լուռ, հայ մարտիկ:

Ուշ չես դնում թշնամու
Գնդակների տարափին,
Պարտքիդ ձայնին դու հլու
Մնում ես էդ քարափին:

Աստված թևիդ հովանի,
Սարի թառլան անվեհեր,
Քեզ հետ, կտրիճ, թող լինի
Մեր օրհնությունն ու մեր սեր:

1919img_4632-420x280

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ

29 Հնվ

Մի տղա, միայնակ ու ասպետ մի զինվոր՝ արյունարբու ու նենգ մի բանակի դեմ։ Յոթ զինվոր՝ յոթ բանակի դեմ։ Ամենաշատը քառասուն զինվոր՝ քառասուն հազարանոց արյունարբու ու նենգ բանակի դեմ։ («Քառսուն» թիվը հեքիաթային է, իսկ պատմությունը՝ իրական)։ Միայնակ զինվորը գիտեր, որ մի բանակի հաղթել չի կարող։ Քառասունը գիտեին, որ հաղթանակը քառսուն գազ խորը՝ քառսուն ջրաղացքարի տակ է, սակայն որոնում էին իրենց լեռների Բրաբիոն ծաղիկը: Կհաղթես, թե կպարտվես՝ չարի դեմ չարանալը առաքելություն է, կգտնես, թե ոչ՝ հայրենիքի երջանկության ծաղիկը որոնելը հայրենիքի որդու պարտքն է։277d806dc668a21b411e5d5bbb5710d3

ԲԱՆԱԿԻ ԾՆՆԴԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ

29 Հնվ

25 տարի առաջ, 1992 թ. հունվարի 21-ին մի արտառոց դեպք կատարվեց Հայաստանում: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով զինվորները ձերբակալեցին 7-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Եվգենի Իվանովիչ Մեսչերյակովին ու նետեցին նկուղը: Նա այնտեղ մնաց 24 ժամ: Դուրս գալուց անմիջապես հետո գեներալը զանգահարեց Մոսկվա, բողոքեց, իսկ հետո սպառնաց, որ Վազգեն Սարգսյանին դատի է տալու:
Ռուս գեներալ ձերբակալելու համար մեծ համարձակություն էր պետք, իսկ հետևանքների մասին կարելի էր միայն կռահել: Բայց Վազգենն այդ քայլին դիմելու համար ծանրակշիռ հիմքեր ուներ: Նա տեղեկություն էր ստացել, որ Մեսչերյակովը պատրաստվում է Հասաստանից դուրս բերել բոլոր ուղղաթիռները: Գեներալը պատճառաբանել էր, թե իբր ուզում է դրանք տանել Ցխինվալի, որտեղ գտնվում էր տարածաշրջանի ուղղաթիռային վերանորոգման կայանը: Պատրվակը ուղղաթիռների խնամքն ու ստուգումն էր, մինչդեռ Հայաստանում գերազանց հասկանում էին, որ ռուսների նպատակը զինտեխնիկան մեր երկրից հեռացնելն էր: Ահա հենց այս հետին մտադրության համար էլ Վազգենը որոշեց ինքնադատաստան տեսնել:
Հավելենք միայն, որ ուղղաթիռները մնացին Հայաստանում, իսկ Մեսչերյակովն այդպես էլ Սարգսյանին դատի չտվեց:

Հովիկ Չարխչյանpizap-com14856003442681

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

28 Հնվ

ՀՐԵՇԸ

Նա ծնվեց աննկատելի: Ոչ ոք չիմացավ նրա ծննդյան տեղն ու ժամը, որովհետև, ոչ ոք չէր կարծում, թե կարող է ծնվել մի այդպիսի հրեշ: Բայց նա ծնվեց: Հենց առաջին օրից նա սնվում էր արյունով, որովհետև և՛ արյունից էր ծնվել և՛ արյունահեղությունն էր նրա ծնողը: Ամիսը չլրացած դուրս եկան սրաատամները: Նախ մանր Էին նրանք, աննկատելի, բայց հետո արագ մեծացան:
Մեծացան և կարճ ժամանակում դարձան ժանիքներ, սրածայր,- հաստարմատ, ծուռ՝ նման երկաթյա ունելիքների:
Այլևս արյունը նրան չէր կշտացնում:
Ժանիքները պահանջում էին, կարծր ուտելիքներ, ստամոքսը կարոտում էր համադամ կերակուրների՝ բաղկացած մարդկային մսից, ոսկորից և ուղեղից: Եվ նա քանիմեծացավ, այնքան ավելի ու ավելի դարձավ ագահ, խստապահանջ և հանդուգն: Մանավանդ հանդուգն ու անամոթ:
Այժմ նա պտտում է փողոցներում, և դուք ամեն օր տեսնում եք նրան, ամեն ժամ, ամեն րոպե, որովհետև նա ձեզ հետևում է ամենուրեք: Նրա աչքերն արյունալի են, բերանը միշտ բաց՝ ինչպես անհատակ ու մթին անդունդ, ատամները փայլուն: Նա անցնում է դռնեդուռ, մտնում է տները և ճանկում ու կլանում է ամեն ինչ, որհնարավոր է, ամեն ինչ, որ անհնարին է: Ծերունիների վերջին օրերը, երիտասարդների վերջին ուժերը, մանուկների վերջին կտոր հացը, ծծկերների վերջին կաթիլըկաթի, կանանց ու աղջիկների ամոթխածությունը, հայրերի ինքնասիրությունը, այրերի պատիվը, մայրերի հանգստությունը: Նա ոչինչ չի խնայում և ոչնչով չիկշտանում: Երեկ նա մի հուսահատ սպայի ճանկեց և ձգեց գետի մեջ ու խեղդեց: Այսօր նա սպանեց մոր գրկում, փողոցի մեջտեղում, խուռն բազմության առջև նրամիակ զավակին: Վաղը նա խեղդելու է մորը:
Զարհուրելին այն է, որ ամենքը սարսափած դիտում են հրեշի այդ գազանությունները, և ոչ ոք չի ուզում նրա հետ կռվել, վասնզի ահն ու սարսափը կաշկանդել էամենքին: Եվ նա շարունակում է իր ավերումներն աներկյուղ ու անպատիժ: Մարդիկ միայն մի բան գիտեն անել- անիծել: Եվ անիծում են հրեշին բոլոր տներում, բոլոր փողոցներում, մեծն ու փոքրը, աղքատն ու հարուստը:
Անունն է այդ հրեշի- թանկություն:
Աևդյոք մինչև ե՞րբ պիտի նա իշխե անպատիժ: Արդյոք կգա՞ մի օր, որ ուժասպառ ու թմրած ամբոխը ոտքի ելնե միահամուռ ուժերով և ջարդուփշուր անե լրբացած հրեշի գլուխը:768px-%d5%b7%d5%ab%d6%80%d5%be%d5%a1%d5%b6%d5%a6%d5%a1%d5%a4%d5%a5

ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՏԱԿ

27 Հնվ

Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի կյանքի մի տևական ժամանակահատված կապված է մայրաքաղաքի Ամիրյան փողոցի հետ: Այստեղ էր նրա հայրական տունը: Բայց 1992 թվականին, համաձայն շինարարական նախագծերի, այդ տունը քանդեցին: Կապուտիկյանը լուսանկարվեց կիսավեր շինության մոտ, իսկ հետո գրեց այս բանաստեղծությունը:

ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՏԱԿ

Իմ մանկության տնակ Ամիրյանի վրա,
Հիմա քարուքանդված, խեղճ ու անօգ.
Քեզ չփրկեց ոչինչ, քեզ չփրկեց ոչ ոք,
Ոչ էլ երգս` հարկիդ ներքո գրված:
Հիմա կանգնած եմ ես` ավերակիդ կքած,
Հոգուս մեջ էլ` փլված պատ ու տանիք,
Ավեր տուն չես միայն, այլ ավերված մի կյանք,
Ավերակված հողիս խորհրդանիշ:
Տունս` ոչինչ, հողս ոտքի կանգնի միայն,
Տանս մոխրի վրա լույս եղիցի,
Ինչպես ատրուշանի աճյունների վրա
Կանգնեց մի օր հայոց եկեղեցին:
28 հունիսի, 1992 թ.1992

ԱԼԵՆ ՄՈՒՐ

25 Հնվ

Ես կմեռնեմ այստեղ: Կանհետանան բոլոր մասնիկները, որոնցից ես կազմված եմ: Բոլոր-բոլորը: Բացի մեկից: Այն փոքր է ու փխրուն: Բայց այն միակն է, ինչի համար արժե ապրել: Չի կարելի այն կորցնել, չի կարելի հրաժարվել նրանից, չի կարելի թույլ տալ, որ դա խլեն մեզնից:
Ես հույս ունեմ, որ դու կկարողանաս դուրս գալ այստեղից, ինչպես հուսով եմ, որ աշխարհն ի վերջո կփոխվի դեպի լավը: Բայց ամենաշատը ես հույս եմ փայփայում, որ այս խոսքերն ընթերցելիս դու կհասկանաս (թեև չգիտեմ` ով ես դու, թեև երբևէ քեզ չեմ տեսնելու, չեմ ծիծաղելու քեզ հետ, արտասվելու քեզ հետ, համբուրելու քեզ), որ ես քեզ սիրում եմ: Իմ ամբողջ սրտով ես սիրում եմ քեզ:
«V- նշանակում է վենդետտա» գրքիցv-for-vendetta-wallpaper-10-714524

ՄՏՔԵՐ

24 Հնվ

Մարդիկ երբեք չկարողացան կյանքն ընկալել այնպես, ինչպիսին այն կա: Նրանք միշտ կործանեցին կյանքը և ապրեցին ամպերի մեջ:
Ռոբին Հոբբ

Դուք կարծում եք, թե տիրապետում եք հիշողությանը, մինչդեռ նա է ձեզ տիրապետում:
Ջոն Իրվինգ

Ոչ մի տղամարդ չի կարող պարազապես կնոջ ընկերը լինել:
Ջոն Իրվինգ

Ես համեստ եմ, երբ խոսում եմ իմ մասին, բայց հպարտ եմ, երբ ինձ համեմատում եմ:
Սերգեյ Դովլաթով

Տարիքն առնել` նշանակում է չիմանալ, թե ուր գնալ:
Մոնիկա Ֆագերհոլմ

Գնացին նրանք: Մենք էլ ենք գնալու: Գալու եք դուք, բայց ձեզնից հետո էլ են գալու:
Կարապետ Գրիչ

Մարդկային հնարավորությունները միշտ հետ են մնում մտադրություններից:
Ջերոմ Ք. Ջերոմ

Սերը երգ է, որ կարող ես նաև միայնակ երգել, բայց ընտանեկան կյանքը պար է, որ պարում են միայն զույգերով:
Վերա Չիրկովա

Այսօրվա աշխարհը երեկվա կրակի մոխիրն է:
Գրացիա Վերասանի

Մարդը, ով ցանկացել, բայց չի կարողացել սուրբ դառնալ, դառնում է հրեշ:
Բորիս Ակունին

Հրաժեշտ տալը ցավոտ էր: Բայց ես հրաժեշտի փորձ ունեմ: Այն սովորեցնում է նայել առաջ:
Պոլ Անդերսոն

Ինչ-որ մեկին սիրելն ամենահամարձակ բանն է, որ մենք կարող ենք անել այս կյանքում:
Վիկտորյա Ուոլտերս

Գույժ, մոտենում է ժամանակը, երբ մարդն այլևս աստղ չի ծնվելու: Գույժ, մոտենում է ամենաչնչին մարդու ժամանակը, որն այլևս չի կարողանալու քամահրել ինքն իրեն: Նայեք, ես ձեզ ցույց եմ տալիս Վերջին մարդուն:
Նիցշե

Քանի դեռ մենք հակված ենք փախչել ինքներս մեզնից և խուսափել մեր տառապանքների ազնիվ գնահատումից, մենք կմնանք հիվանդներ:
Ռոբին Նորվուդ

Վտանգը չարի մեջ չէ, այլ մարդու: Չարն ամենքի մեջ էլ կա, բայց արդյունքում ամեն մեկին տրվում է ընտրության իրավունք:
Ռեյչել Վան Դայկեն

Արժեքավոր է միայն այն, ինչը դուք կիմանաք այն բանից հետո, երբ կիմանաք ամեն ինչ:
Ջոն Վուդեն

Սերն ու գեղեցկությունը հավերժ չեն: Միայն կեղտն է հավերժ:
Կամիլա Գրեբե

1395914996_001-ellf-ru

ԲԵԿՈՐՆԵՐ

24 Հնվ

Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ

Պատմում են, որ երբ 1922 թվականին իրականացվեց մեր լեզվի ուղղագրության «բարեփոխումը», Հրաչյա Աճառյանն այնքան էր զայրացած այդ փաստից, որ չցանկանալով իր տան դռան վրա նույնիսկ սեփական ազգանունը գրել նոր ուղղագրությամբ, ընդամենը գրել էր «Աճառ.»:

ՏԵՂԸ ՉԿԱ

— Ո՞րտեղ հադիպենք:
— «Սևան» կինոթատրոնի դիմաց:
Արդեն քառորդ դար է` «Սևան» կինոթատրոնը չկա: Բայց մենք հանդիպում ենք:
Ինչ կուզեք` ասեք, բայց փոքր-ինչ անբնական է հանդիպել մի տեղում, որն այլևս գոյություն չունի:

ԱՆԱԶԱՏ

Երևան- Արտաշատ մայրուղու եզրին ցուցանակ կա` «Ազատ գետ»: Նայում են շուրջս: Ոչ մի գետ էլ չկա, դատարկ ամայություն է, ոչինչ նույնիսկ հեռավոր կերպով չի հուշում այն մասին, որ այստեղով երբևէ գետ է հոսել: Անունն ու հիշողությունն են միայն մնացել: Ազատը անազատության մեջ է:thumb2-cvetnye-oskolki-abstrakcija

ԿԼԵՐ ՆՈՐԹ

22 Հնվ

Մարդիկ չգիտեն ամենակարևոր հարցերի պատասխանները: Եվ չեն ուզում իմանալ: Մարդիկ ուզում են, որ իրենց հանգիստ թողնեն և հնարավորություն տան պարզապես ապրելու: Սակայն ես ուզում եմ իմանալ, թե հանուն ինչի եմ ապրում: Մարդիկ հաճախ ասում են. «Ես ապրում եմ հանուն սիրելի կնոջ» կամ «Ես ապրում եմ հանուն երեխաների»: Բայց ինձ ու իմ նմաններին նման պատասխանները չեն բավարարում: Մարդը պետք է ապրի` գիտակցելով, որ իր կյանքը, իր գործերը ունենալու են հետևանք: Սակայն ես դեռ չեմ տեսնում այդ հետևանքները: Իսկ տեսնել ուզում եմ: Ես ուզում եմ իմանալ, թե ինչու ենք մենք ապրում, ամեն գնով:14-robert-shana-parkeharrison

ԱՆԿԱԽ ԵՐԿՐԻ ԱՌԿԱԽ ԳԻՐԸ

21 Հնվ

Եթե մի փոքր խտացնենք գույները, ապա կարելի է առանց ավելորդ խղճի խայթի (բայց ոչ առանց ափսոսանքի) արձանագրել, որ անկախության շրջանի հայ գրականությունը առավելապես ժամանակագրական, քան մշակութաբանական երևույթ է: Եվ դա բնական է, քանի որ անկախ պետականության հաստատումը՝ լինելով քաղաքական իրադարձություն, մշակութային նշանակություն կարող էր ձեռք բերել միայն այն դեպքում, եթե գրականությունը դիտարկեր իբրև իր գաղափարական հենարան: Սակայն, չունենալով հստակ նախանշված գործառույթ, այդ բախտորոշ փուլում գրողական ընտանիքին վիճակված էր ստանձնել սոսկ դիտորդական առաքելություն և իրադարձությունների հետագա զարգացումներում ընդամենը արձանագրել իրենց համար կենսական նշանակության փաստը, այն է՝ բաժանարար գիծ քաշել, համաձայն որի անկախությունը դիտարկում էր իբրև վերացականություն, իսկ ռեալությունը նրանց համար ազատ արտահայտման իրավունքը և բաց սահմաններն էր:
Սահմանների հարցում միտումը քիչ թե շատ հասկանալի է՝ ընդլայնված հորիզոն, նոր առնչություններ և, իհարկե, ազդեցություններ: Իսկ ահա ստեղծագործական ազատության գայթակղությունը մասամբ ստվերում էր թողնում դրա իմաստային հատվածը: Գեղեցիկ է հնչում՝ ազատ գրականություն: Իսկ ի՞նչ ասել է ազատ գրականություն. ահա մի հարց, որ պատասխան չուներ, քանի որ ուներ բազում պատասխաններ: Եվ հենց այս բազմազանությամբ էլ տրվեց անկախացած երկրի նորագույն գրականության մեկնարկը, որտեղ կար ամեն ինչ, բացառությամբ ազատության կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ չափի զգացման:
Նոր գրական միջավայրի ձևավորումը սկզբնական շրջանում ուղեկցվում էր գերազանցապես ժխտողականությամբ. «Այն, ինչ հին է, վատն է, այն ինչ նոր է, լավ է»: Բարեբախտաբար, այս հիվանդագին մտայնությունից հաջողվեց արագորեն հրաժարվել, թեև դրա հետևանքները նշմարելի են մինչև օրս: Փոխարենը բավականին ժամանակ և ջղեր վատնվեցին, որ հասարակական ու մշակությային միտքը հանգեր մի պարզագույն ճշմարտության. գրականությունը անկախ լինել չի կարող: Գրականությանը հակացուցված է անկախությունը, ավտոնոմ հակումներն այստեղ միշտ բախվելու են հանրային պատվերի, էսթետիկ պահանջների և զարգացման տրամաբանության անբեկանելի համառությանը: Եվ քանի որ կար այդ ոսկե կանոնը, բայց բացակայում էր դրա լիարժեք գիտակցումը, այդ իսկ պատճառով էլ գրեթե մի ամբողջ տասնամյակ հայ գրողական նոր միջավայրի ձևավորումը, առանձին հոսանքների և ուղղությունների ուրվագծումը, գեղագիտական արժեքների համալրումը առավելապես ինտուիտիվ, քան համակարգված բնույթ կրեց, ինչն իր հետ անխուսափելիորեն պիտի բերեր ադապտացման պրոցեսի դանդաղեցում: Եվ եթե խոսենք գրական արտադրանքի վրա տվյալ ժամանակահատվածի կարևորագույն իրադարձությունների ուղղակի կամ անուղղակի ազդեցության մասին, ապա կարող ենք փաստել, որ դրանք (անկախության հռչակում, պատերազմ, երկրաշարժ, երկրի տնտեսական ֆորմացիայի փոփոխություն և այլն) այս բոլորը քիչ թե շատ իրենց արձանագրումը գտան բազմաթիվ ստեղծագործություններում, բայց դրանք սոսկ իրավիճակային նկարագրություններ էին, այլ կերպ ասած՝ թեմատիկ արձանագրում, բայց ոչ երբեք լեյտմոտիվ յուրահատկություն, որով պիտի անկախության շրջանի գրական հունձքը տարբերվեր պատմական այլ շրջանի գրավոր ժառանգությունից:
Ըստ այդմ մոլորություն չի համարվի, եթե պնդենք, որ արդեն 25 տարի մեր նորագույն գրականությունը ինքնահաստատման դռներն է ծեծում ու ներկայումս հասել է մի եզրագծի, որտեղ իր համար կարգախոս կարող է ունենալ «Ժամանակն է ընտրում գրականությունը, այլ ոչ թե հակառակը» սահմանումը: Սակայն այս սահմանային անցակետում դեռ անհրաժեշտություն կա ստանալու վավերականացման ևս մի կնիք, քանի որ հատկապես այժմ օրակարգում է ավանդների ու ժառանգականության հարցը: Թե ինչպիսի պաշարով մեր գրականությունը կշարունակի իր ուղին, հենց դա էլ կպայմանավորի նրա ճամփորդության երկարատևությունն ու արդյունավետությունը: Ուղեբեռի ծանրությունն է, որ կապահովի անվտանգ հավասարակշռություն, իսկ պարունակությունը գոյության երաշխիքը կլինի:

Հովիկ Չարխչյան

«Գարուն» ամսագիր, 2016 թ. թիվ 1default

ԱՆՎԱՆ ԿՆՔԱՀԱՅՐԸ

19 Հնվ

1964 թվականի հունիսի 25-ին կայացավ Արտասահմանի հայության հետ մշակութային կապի կոմիտեի (ԱՕԿՍ-ի) հիմնադիր համագումարը: Կառույցն այդպես պիտի կոչվեր ԽՍՀՄ կենտկոմի և ՀԿԿ կենտկոմի բյուրոյի որոշմամբ: Համաժողովին մասնակցում էր Վազգեն Առաջին կաթողիկոսը, հայ մտավորականության սերուցքը: Բայց հավաքի կեսին հանկարծ տեղից բարձրացավ Մարտիրոս Սարյանն ու զարմացած հարցրեց. «Ի՞նչ արտասահմանի հայություն: Ի՞նչ պատմություններ եք հորինում: Մենք սփյուռք ունենք: Եկեք կարճ անվանենք` Սփյուռքի կոմիտե: Ամենալավը դա է»: Բոլորը հանկարծակիի եկան: Չգիտեին, թե ինչպես արձագանքեն: Բայց Սարյանին ո՞վ կհամարձակվեր մերժել: Եվ անունն այդպես էլ մնաց` որոշ վերապահումով: Կառույցի ձևաթղթերի վրա հայերեն գրվում էր «Սփյուռքի կոմիտե», իսկ ռուսերեն տարբերակում պահպանվում էր Կենտկոմի որոշմամբ հաստատված անունը:big_09bbd54e0db36911b7edc44211bcd475

ԷՇԼԻ ԴՅՈՒԱԼ

19 Հնվ

Շրջապատի բոլոր մարդիկ, այդ բոլորը օտարներ են: Չկան մտերիմներ, չկան հարազատներ, չկան կարևորներ: Կան պարզապես նրանք, ովքեր քո կողքին են և նրանք, ովքեր քեզնից հեռու են: Ըստ էության, այդ երկուսի միջև հսկայական տարբերություն կա: Բայց իրականում նրանցից և ոչ մեկին հավատալ չի կարելի: Եվ հենց դրա մեջ է նրանց գլխավոր բարդությունը:
«Միայնակ հոգիները» գրքից

48644

ԿՈՒՐՏ ՎՈՆԵԳՈՒՏ

18 Հնվ

Երբեք մի խաղա ժամանակի հետ: Հիման թող լինի հիմա, իսկ հետոն` հետո: Ու եթե երբևէ կխարխափես ծխածածկույթի մեջ, նստիր զգաստ ու սպասիր, մինչև որ ծուխը ցրվի: Նստիր զգաստ ու սպասիր, քանի դեռ չես տեսել` որտեղ էիր դու, որտեղ ես հիմա և երբ ես պատրաստվում առաջ շարժվել:brand_bio_biog_124449_sf_2997_005_20131219_v1_hd_768x432-16x9

ԱՆՐԻ ԹՐՈՒԱՅԱ

15 Հնվ

Տարիքն առնելով նկատում եք, որ երիտասարդ տարիներին ձեզ ամեն ինչ տրված է եղել, որ աննշան կամ տվյալ պահին ձեզ աննշան թվացած դեպքերը հետք են թողել ձեր ամբողջ կյանքի վրա: Եվ որ, ըստ էության, ձեր մեջ գտնվող հիմնական բանը մանկությունն է: Դուք կարող եք ունենալ ճերմակ մազեր, կնճիռներ, աստիճաններ բարձրանալիս շնչակտուր լինել, բայց երեխան է, որ գոյատևում է ձեր մեջ և հավանաբար կգոյատևի մինչև վերջին շունչը:

c66215e3ac479b224aa64cb4b73d11d1

Իսկ վագրեր եղել են

14 Հնվ

1924 թվականի մայիսին թերթերը գրել են այն մասին, որ Դավալու (ներկայիս Արարատ) գյուղի մերձակայքում բնակիչները վագր են սպանել: Իսկ հետո լրագրողը շարունակում է. «Մի շաբաթ առաջ Դավալվի մի գյուղացի դաշտում պատահաբար հանդիպում է մի վագրի ձագի, որը հարձակվում է նրա վրա և բարձրանում նրա ուսը: Հաղթանդամ գյուղացին բռնում է վագրի բկից և սկսում է խեղդել նրան: Վագրի ձագը պատառոտում է գյուղացու զգեստներն ու մարմինը, մինչև որ գյուղացուն հաջողվում է դանակը հանել և կտրել նրա կոկորդը»:
Այնուհետև այս միջադեպի մասին լրատվությունն ավարտվում է հետևյալ նախադասությամբ. «Նման կենդանիների ու վայրի խոզերի դավալվեցիք հաճախ են հանդիպում»: Ստացվում, որ տասնամյակներ առաջ Հայաստանում վագրերն այնքան շատ էին, որ նրանց կարելի էր հանդիպել նույնիսկ Արարատյան դաշտում:

panthera_tigris_sondaica_01

ՄՏՔԵՐ

8 Հնվ

Վախեցիր համբերատար մարդու զայրույթից:
Պենելոպա Դուգլաս

— Դու հավատու՞մ ես Աստծուն:
— Ես սպասում եմ: Սպասում եմ, թե երբ կհավատամ:
Դեն Սիմմոնս

Ընկերները պետք են հաջողության հասնելու համար: Իսկ աներևակայելի հաջողության հասնելու համար պետք են թշնամիներ:
Սիդնի Շելդոն

Մարդը կարող է վերք հասցնել ձեր մարմնին, բայց նա երբեք չի հաջողի վիրավորել ձեր հույզերը, եթե, իհարկե, դուք ինքներդ թույլ չտաք նրան այդ բանը:
Ավգուստո Կուրի

Զբաղված լինելը բավարար չէ. այդպես նաև մրջյուններն են լինում: Հարցն այն է, թե ինչով ես զբաղված:
Հենրի Դեվիդ Թորո

Մենք անհուսորեն ձգտում ենք դեպի անցյալ, բայց նա ամեն ժամ փոփոխվում է, և այնտեղ են ներխուժում մեր այսօրվա զգացմունքները:
Պասկալ Կինյար

Մի հավատացեք մեզ, հավատացեք նրան, ինչ մեր թիկունքում է:
Ալեքսանդր Բլոկ

Խինդն ու թախիծը նույն անկողնում են քնում: Ու պատահում է, որ երբ ձայն ես տալիս մեկին, մյուսն է արթնանում:
Բոժենա Նեմցովա

Ցանկանում եմ ցանկանալ այն, ինչ չեմ ցանկանում:
Միքելանջելո

Դժոխքն այն չէ, որ քեզ երբեք չեն սիրել: Դժոխքն այն է, երբ դու ոչ մեկին սիրելչես կարող:
Խայմ Շապիրա

Թերությունների բացակայությունն արդեն իսկ մեծ թերություն է:
Վոն Էնթվիստլ

— Պաշտում եմ խոզերին,- նկատեց Չերչիլը` շոյելով նրանցից մեկին:- Շները մեզ նայում են հարգանքով: Կատուները մեզ արհամարհում են: Իսկ խոզերը մեզ վերաբերվում են, ինչպես հավասարը հավասարի:
Բարրի Սնիգեր

Երջանկությունն ինքը քեզ կգտնի: Նա սիրում է վստահներին ու անկախներին, այլ ոչ թե նրանց, ովքեր լապտերով են երջանկություն փնտրում:
Տատյանա Ուստինովա

Նույնիսկ անսիրտ մարդիկ են սրտի կաթված ստանում, այնպես չէ՞:
Լի Բերմեխո

Հասարակ գաղտնիք է. եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան անել, դադարեք մտածել, ընդհատեք ներքին երկխոսությունը մինչ այն պահը, երբ սկսում եք գործել:
Փիթեր Բրեգման

77081551

ՍՅՈՒԼԼԻ-ՊՐՅՈՒԴՈՄ

6 Հնվ

Օհ, եթե դուք իմանաք, թե ինչպես են լալիս
Մարդիկ, որ մենակ են, աչք ունեն կարոտող,
Գոնե կարեկցանքից մի օր դուք կանցնեիք
Իմ խրճիթի մոտով:

Օհ, եթե դուք իմանայիք, որ մի հայացքը ջինջ
Ծնում է մարդու մեջ վառ երազներ, խոհեր,
Ապա կնայեիք լուսամուտին դուք իմ
Պատահաբար գուցե:

Եվ եթե դուք իմանայիք, որ ձեր սիրտը ջերմին
Ինչպես կամոքեր իմ սիրտը որբ ու տխուր,
Կնստեիք իմ տան դռան շեմին
Որպես քնքուշ մի քույր:

Օ, եթե դուք իմանայիք, որ սիրում եմ ձեզ,
Պատրաստ եմ կյանքս էլ տալ առանց մնացորդի,
Գուցե մի օր հանկարծ դռնից մտնեիք ներս`
Նման մի անցորդի:

Թարգմ. Ռ. Ավետիսյանprudhomme

%d bloggers like this: