ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼՔ
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Քաղաքներուն մեջ և քաղաքներեն դո՜ւրս.
Եվ բարբարոսներն արյուններով կդառնան
Մեռելներուն ու ոգեվարներուն վրայեն
Ագռավներու բազմություններ կանցնին վերերեն
Արյունոտ բոերաններով ու գինովի քրքիջներով…
Ցամաքահով մը կիսամեռները զայրույթով կխեղդե,
Ու պառավներու անջայն կարավաններ
Շտապով կփախչին լայն ճամփաներեն…։
Գիշերին մեջեն արյուններուն ալիքը կբարձրանա
Ծառերուն հետ շատրվաններ ուրվագծելով,
Ու ամեն կողմե սոսկումով կսուրան հալածված՝
Նախիրները հրդեհվող ցորյաններուն մեջեն…
Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կտեսնեմ,
Եվ ամբոխներ անպատմելի սրածութենե դարձող.
Արևադարձային տաքություն մը կբարձրանա
Հրդեհի տրված ազնվական քաղաքներեն…
Ու մարմարի ծանրությունով իջնող ձյունին տակ
Ավերակներուն և մեռելներուն մենությունը կմսի,
Օ՜, մտի´կ ըրեք սա սայլերուն ճռնչյունն ահավոր,
Իրենց վրա դիզված դիակներուն տակ,
Ու սգավոր մարդերուն աղոթքներն արցունքոտ,
Որ կածանե մը դեպի համայնափոսերը կերկարին։
Մտիկ ըրե՜ք հոգեվարքներուն ձայները վերջին
Հովին հարվածներուն մեջ, որ ծառերը կջարդե,
Օ՜, մի´ մոտենաք, մի´ մոտենաք, մի´ մոտենաք,
Չըլլա որ մոտենաք գերեզմաննոցներուն և ծովուն,
Կարմիր ջուրերուն վրա նավեր կնշմարեմ հեռուն,
Մեռելներու կուտակումներ անոնց մեջ կան,
Ու ցավեն գալարվող ալիքներուն վրա
Գանգեր ու սրունքներ ինծի կերևան…
Մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք
Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մեջ,
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք
Մահաձայն ոռնումը զարհուրյալ շուներուն,
Հովիտներեն ու գերեզմաններեն ինծի հասնող,
Օ՜, պատուհանները փակեցեք ու աչքերնիդ ալ,
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Like this:
Like Loading...
Պիտակներ՝ Սիամանթո