Պահոց | Դեկտեմբերի, 2011

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

31 Դկտ

2011-Ը «ՑԱՆՔԻ» ՏԱՐԻ Է

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը 2011-ը համարում է «ցանքի» տարի: Նրա խոսքերով` մենք մի ամբողջ տարի սերմեր էինք նետում, որի պտուղները պետք է հավաքենք գալիք տարում: Իսկ բերքը ինչպիսին կլինի, կապված է նրանից, թե ինչ սերմեր նետեցինք մենք, այսինքն`մեր հավաքած բերքի համար որևէ մեկին մեղադրելու խնդիր չկա:
Իսկ տոնը գրականագետը պայմանակություն է համարում, քանի որ, նրա խոսքով, ժամանակի հոսքը չի ճանաչում այդպիսի դադարներ, ամեն վայրկյանն իսկ նույն արժեքն ունի ժամանակի համար, իսկ տոնը հորինել են մարդիկ, ուրեմն մարդիկ հենց իրենք պետք է արժևորեն իրենց իսկ ստեղծած տոնը:
«Նոր տարին պետք է մեզ դարձնի մի քիչ ավելի խելամիտ, մի քիչ ավելի շրջահայաց, մի քիչ ավելի սթափ»,-նշեց գրականագետը` ավելացնելով, որ բոլորը շատ լավ հասկանում են`առաջիկայում մեզ դժվարին տարի է սպասվում, փոփոխությունների, վերագնահատումների տարի:
«Կուզեի գալիք տարին մեր երկրի համար խաղաղ ընթացքի տարի լինի, նվազագույնն եմ ցանկանում, որ եթե առավելագույնը լինի, էլ ավելի բավարարված զգամ ինձ որպես քաղաքացի: Ուզում եմ մեր ժողովուրդը մեծ ցնցումներ չապրի»,-ասաց Հովիկ Չարխչյանը`հիշեցնելով, որ թեև մարդիկ հիացած էին արաբական գարունով, հեղափոխություններով, հեղաշրջումներով, բայց այդ նույն մարդիկ տեսան դրա հետևանքները, հեղափոխությունները եկան անցան, բայց ոչինչ չխաղաղվեց, արյունը շարունակվեց հոսել:
«Ուզում եմ մեր քաղաքացիների մեջ տագնապը յուրաքանչյուր փոփոխությունից եկող հետևանքների մասին, այնուամենայնիվ, մնա: Ես շատ լավ հասկանում եմ, որ ժամանակի ընթացքը պահանջում է այդ փոփոխությունները, պետք է անընդհատ առաջ շարժվենք, տեղաշարժվենք, նոր բարձունքներ նվաճենք, ազատություններ ձեռք բերենք, որի պակասը ունենք, արդար ընտրություններ ունենանք, որին սպասում ենք ու ցանկանում:
Մեր յուրաքանչյուր քայլը պետք է կշռադատված լինի, պետք է շախմատիստի նման մեկ քայլ առաջ տեսնենք, արդյոք մենք դեպի պարտությո՞ւն, թե՞ դեպի հաղթանակ ենք գնում, եթե այդ շրջահայացությունը չեղավ, եթե մենք ընդամենը այսրոպեական խնդիրներ լուծեցինք ու առաջնորդվեցինք այս րոպեի պահանջներով, մենք հաստատ որևէ հաջողության չենք հասնի: Իմ ժողովրդին մաղթում եմ լինել սթափ, շրջահայաց, խելամիտ, դա շատ անհրաժեշտ է մեզ թե՛ այսօր, թե՛ վաղը»,-մաղթեց Հովիկ Չարխչյանը:

Հրաժեշտը տոն չէ

30 Դկտ

Անշնորհակալ գործ է տարին ամփոփելը: Դու կարող ես լավագույն դեպքում ամփոփել այն մի հատվածը, որ եղել է քո հայացքի տեսադաշտում, դու կարող ես վերհիշել ու գնահատել այն օրերը, որոնք քո ժամանակի մասն են կազմել, սակայն ինչպե՞ս պիտի իմանաս իրական կշիռը մի ամբողջ տարվա, որը եղել է բոլորինը՝ ծանոթ ու անծանոթ, հեռավոր ու մերձավոր, բարեհաճ և ոչ այնքան…
Այսօր՝ տարեմուտի նախաշեմին եթերն ու մամուլը հեղեղված են բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով, և կամա թե ակամա դառնում ես նրանց լսարանի մի անդամը: Ինչեր ասես, որ չեն ցանկանում քեզ ժպտերես դեմքով իշխանավորներդ, ազգիդ սերուցքը, պատկառազդու անձինք: Այսքան մեծահոգություն, նրբանկատություն, բարեհաճություն պիտի բավարարի գալիք բոլոր ժամանակների համար, այսքան աներևակայելի ու հեքիաթային իղձերի իրականացման պահանջ-հրամայականը պիտի նախ սթափեցնի, իսկ հետո մեղավոր լինելու զգացողությամբ համակի հոգիդ: Ախր ինչպե՞ս կարող էիր նախկինում կասկածանքով վերաբերվել այդ մարդկանց, ինչպե՞ս էիր քեզ թույլ տվել մտածել, թե վերևները մոռացել են ստորիններին:
Բայց դու դեռ չես հասցրել ուշքի գալ առաջին հարվածից, երբ դրան հաջորդում է երկրորդը: Այս ամենի հետ մեկտեղ հանկարծ պարզում ես, որ անցնող տարին լի էր ձեռքբերումներով, հաջողություններով, նվաճումներով, և սկզբում տարակուսում, իսկ հետո նույնիսկ անկեղծորեն տխրում ես, որ ինքդ մասնակիցը չես եղել այդ բոլոր թռիչքներին, որ բարեկեցությունն անցել է կողքովդ, իսկ դու քնած ես եղել ուղտի ականջում, որ այսքան ու այնքան տոկոսով կյանքը գեղեցկացել է, իսկ դու դա չես տեսել գեղեցկագույն կյանքը, որ մի ողջ պետություն իր բազմաչարչար կառավարությամբ հանդերձ տքնել է քո երջանկության համար, իսկ դու՝ երիսցս երջանիկդ, անշնորհակալ ու երախտամոռ ես գտնվել նրա հանդեպ:
Եվ որպեսզի վերջնականապես չփչացնեմ օրվա իրական խորհուրդը, ես սկսում եմ մտածել տոնի մասին: Ի վերջ, ի՞նչ բան է դա: Չէ՞ որ ժամանակն իր հոսքի մեջ չունի որևէ դադար կամ ընդհատում, ժամանակի համար տարին բաժանող վայրկյանն ունի նույն արժեքը, ինչ տարին լրացնող միլիոնավոր մյուս վայրկյանները: Ուրեմն տոնը բացառապես մարդկանցն է, նրանց կարիքի ու պահանջի բավարարումը, նրանց կողոպտած չնչին ավարը ժամանակի ահռելի հարստությունից: Եվ դրա համար մարդիկ ուրախ են: Նրանք ուրախ են, որ անցնում է հին տարին, իրենց իսկ կյանքի մեկ տարին, իրենց ապրած օրերի շղթան, իրենց երիտասարդությունը, ավյունը, չարչարանքը, այն ամենը, ինչը դեռ երեկ ակնկալիք էր, որ կամ արդարացվեց կամ հուսախաբ արեց: Նրանք այդպես ծախսում են կյանքը, որ ձեռք բերեն հույսը վաղվա օրվա համար: Մարդիկ թոթափվում են իրենցից, փախչում են սեփական ստվերից ու պատսպարվում այս լուսավոր, գեղեցիկ, առինքնող թիկունքի ետևում, որ տոն է կոչվում:
Եվ այս մտքերին հետամուտ՝ ես հանկարծ դառնում եմ մեկը նրանցից, ովքեր քիչ առաջ և քիչ հետո վերստին տոնական մաղթանքներ են արտաբերելու: Ես մինչև կոկորդս ընկղմվում եմ տոնական ծանր, ներծծվող թուրմի մեջ, և մինչ նա կհասցնի ինձ լիովին կլանել, շտապում եմ ամենքի պես ձայն տալ բոլորին. «Շնորհավոր Նոր տարի…»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Շղթայական ռեակցիա

30 Դկտ

Եթե փորձենք մի բառակապակցությամբ բնորոշել այն, ինչ կատարվեց Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետ, ապա պիտի դա անվանենք ոչ այլ կերպ, քան շղթայական ռեակցիա: Այս դեպքում խոսքը միայն իրադարձությանը հաջորդած արձագանքների մասին չէ և ոչ էլ նույնիսկ նրա, որ Իսրայելն իր հերթին խորհրդարանի հանձնաժողովներից մեկում քննության դրեց 1915 թվականի ողբերգությանը առնչվող փաստաթղթի նախագիծը: Շատ ավելի անսպասելի և, կարելի է ասել, չնախատեսված արձագանքներ հաջորդեցին ֆրանսիացիների քայլին, որոնք հետաքրքիր խորհրդածությունների տեղիք են տալիս: Սրանց շարքում առանձնապես զարմանալի էր բոսնիացի սերբերի քաղաքական առաջնորդ Միլորառ Դոդիկի հայտարարությունը, համաձայն որի իրենք մտադիր են օրենքով արգելել Բոսնիայում Հայոց ցեղասպանության ժխտումը: Բոսնիայի և Հերցոգովինայի սերբերով բնակեցված տարածքները ղեկավարող անձը խոստացավ, որ իր կուսակցությունը հանդես կգա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: Այս դեպքում խիստ հատկանշական էր Դոդիկի հիմնավորումը, ինչը թույլ է տալիս գոնե մասամբ հասկանալ նրա մտադրությունների ուղղվածությունը: Վերջինս ասել էր. «Մենք ցանկանում ենք մտնել քաղաքակիրթ երկրների շարքը, որոնք դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Մոտ օրերս մենք օրինագիծ կներկայացնենք կենտրոնական խորհրդարանի քննարկմանը»:
Ներկայացնելով Ցեղասպանության ճանաչումն իբրև քաղաքակրթվածության դրսևորում, սերբերի առաջնորդը կամա թե ակամա էական որակական առանձնահատկություն է հաղորդում խնդրին, որը մինչ այժմ մշտապես դիտարկվել էր քաղաքական, իրավական կամ բարոյական հարթությունների վրա: Սրա հետ մեկտեղ պետք չէ նաև մոռանալ, որ ժամանակին ՄԱԿ-ի միջազդային դատարանի որոշմամբ Սրեբրենիցա քաղաքում 1995-ի հուլիսի 11-ին տեղի ունեցած դեպքերը որակվել են որպես ցեղասպանություն, այդ իսկ պատճառով Դոդիկի նախաձեռնությունը պետք է գնահատել նաև այս տեսանկյունից՝ թե որպես հակադարձման քայլ, թե որպես նույնականացումը ժխտող մարտահրավեր:
Հաջորդ անակնկալը եկավ շատ ավելի հեռվից: Հայաստան այցելած Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամ Ուոլթ Սեքորդը, ով նաև Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահն է, իր ուղևորության գլխավոր նպատակներից մեկն էր համարել տեղում ծանոթանալ պատմական իրողությունների փաստարկումներին: Հանդիպումների ժամանակ նա կրկնում էր, թե շատ է լսել ցեղասպանություն տեսած հայ ժողովրդի պատմության, նրա մշակույթի ու ժողովրդավարական երկիր կառուցելուն միտված ներկա գործընթացների մասին, բայց որոշել է ամեն ինչ իր աչքերով տեսնել: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացներին` պատգամավորը նշում էր, որ ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը այն դատապարտելն է: Սեքորդը նաև այցելեց ցեղասպանության թանգարան ու հուշահամալիր` իր հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Թերևս սխալված չենք լինի, եթե նրա առաքելությունը որակենք իբրև «հետախուզական», ինչին կարող են հաջորդել նաև գործնական քայլերն ու որոշումները: Ամեն պարագայում, առաջին հայացքից մասնավոր վերաբերմունքի այս արտահայտությունը իր խորքում ընդգրկում է այն էական տեղաշարժի նախանշանները, որոնք կարող են վարակիչ լինել:
Շաբաթվա երրորդ արձագանքը ստացվեց Սիրիայից: Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մամուն Հարիրին բոլորովին անսպասելի ու խիստ կտրուկ մի հայտարարություն արեց, որի բուն ասելիքն այս էր. «Թուրքիան ետ կանգնեց իր սկզբունքներից և տրվեց Արևմուտքի շանտաժին, սակայն Սիրիան չի ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը սոսկ միայն ի հակառակ Անկարայի, այլ Սիրիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը իր համոզմունքների հիման վրա և այն ժամանակ, երբ հիմնավորապես կուսումնասիրի այդ իրադարձության բոլոր մանրամասները»: Առաջին միտքը, որ կարող է հաջորդել այս կարգի բուռն ելույթին, այն է, որ Սիրիան նույնպես պատրաստվում է անցնել Իսրայելի ճանապարհով: Այդ երկիրը հրեական պետության պես մինչև վերջին ժամանակներս բարձր մակարդակի հարաբերություններ էր պահպանում Թուրքիայի հետ: Բայց բավական էր, որ ջերմության փոխարեն վրա հասներ «սառցային ժամանակաշրջանը», և սիրիացիներն անմիջապես հիշեցին հայկական ողբերգության, այդ փաստը թուրքերի դեմ պատժիչ գործիքի վերածելու անհրաժեշտության մասին: «Մենք խնդիրներ ունեինք Օսմանյան կայսրության, այլ ոչ թե Էրդողանի կառավարության հետ, ահա թե ինչու Թուրքիայի նման անարդար վարքագիծը մեզ անակնկալի բերեց: Մենք հուսով էինք, որ Թուրքիայի դիրքորոշումն արդար կլիներ, բայց նա ապաստարան տվեց նույնիսկ ահաբեկիչներին: Չեմ կարծում, որ մեր հարաբերությունները կարող են հեշտությամբ նախկին մակարդակին վերադառնալ»,- խոստովանեց Հարիրին՝ նույնիսկ փորձ չանելով թաքցնել, թե ինչու են մտադիր անդրադառնալ Հայոց ցեղասպանության հարցին:
Հայաստանում այս բոլոր միտումներին նայում են ընդգծված ըմբռնումով: Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր, կազմակերպություն կամ անհատ այսպես թե այնպես իր դրդապատճառներն ու համոզմունքներն է ունենալու: Մենք էլ, իհարկե, կարող ենք առաջնորդվել «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով և հայտարարել, թե մեզ համար միևնույն է՝ ով ինչ պատճառով կճանաչի, միայն թե դա տեղի ունենա: Սակայն այսպիսի մոտեցումը հազիվ թե որևէ լավ բան խոստանա, քանի որ ինչ-որ ժամանակ, երբ այս փոփոխական աշխարհում ժամանակի անիվը կսկսի գլորվել ոչ այնքան ցանկալի ուղղությամբ, այդ «արդարացված միջոցները» կդառնան ոչ միայն կասկածելի ու խոցելի, այլև հարվածի տակ կդնեն հենց մեր իսկ արդար պահանջներն ու պատմության ճշմարտացիությունը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Օդում՝ ինչպես ցամաքում

28 Դկտ

Վերջին շրջանում տարօրինակ դեպքեր են կատարվում Ադրբեջանում: Ընդամենը օրեր առաջ էր, որ Բաքվի մոտ գտնվող Մասազըր լիճն ընկավ մի ինքնաթիռ։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Զաբրատի օդանավակայանում, բայց հայտնվեց ջրի մեջ: Հետո ադրբեջանցիներն այս մասին խորը լռություն պահպանեցին: Իսկ չար լեզուներն ասացին, թե ինքնաթիռը ռազմական էր, այդ պատճառով էլ պատկան մարմինները հարկ համարեցին չշատախոսել դեպքի առթիվ:
Իսկ ահա երեկ մեկ այլ դժբախտ դեպք կատարվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական օդանավակայանում: Թաղիև ավանի տարածքում գտնվող թռիչքահրապարակում ռազմաօդային ուժերի «SU-25» ինքնաթիռը ուսումնական թռիչքին նախապատրաստող Յուրի Կուլաչկովն ընկավ ինքնաթիռի ռեակտիվ շարժիչի տուրբինի մեջ ու զոհվեց: Հետաքրքրական էր հատկապես այն, որ Յուրի Կուլաչկովը Վրաստանի քաղաքացի էր և իր երկրից հատուկ գործուղվել էր Ադրբեջան:
Առաջին հայացքից այս երկու պատահարները կարծես թե քիչ ընդհանուր բաներ ունեն՝ բացառությամբ նրա, որ երկու դեպքում էլ խոսքը ինքնաթիռների մասին է: Սակայն սա՝ միայն առաջին հայացքից: Իսկ իրականում այդ պատահարները բավականին հետաքրքրական շերտեր են բացահայտում: Հավանաբար այսօր էլ դեռ շատերն են հիշում, որ ամիսներ առաջ Բաքվում կայացած շքերթ- ուժի ցուցադրության ժամանակ ադրբեջանցիները օդ հանեցին նաև իրենց մարտական ինքնաթիռները, սակայն դրանց հաղթական սավառնումից շատ չանցած հայտնի դարձավ, որ ինքնաթիռները կառավարվում էին օտարերկրացի օդաչուների կողմից, քանի որ տեղում որակյալ կադրերի խիստ պակաս կա: Եվ հիմա, վերհիշելով դա, միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու են թռչող սարքերը լիճն ընկնում և ի՞նչ գործ ուներ վրացին ադրբեջանական ռազմական օբյեկտում:
Մեկ անգամ չէ, որ ռազմական փորձագետները նշել են հարևան երկրի օդուժի ավելորդ շքեղությունների և այն մասին, որ Բաքուն շատ դեպքերում հսկայական միջոցներ է վատնում ընդամենը PR նպատակների համար: Եվ այժմ այդ պնդումներն իրենց անուղղակի հաստատումն են գտնում: Մշտապես վարձկանների ծառայություններից օգտվող Ադրբեջանը ըստ էության այդպես էլ չի սովորել շահագործել սեփական ինքնաթիռները և, ինչպես մարտական գործողությունների ժամանակ, խաղաղ պայմաններում նույնպես կողմնակի օգնության կարիք է զգում: Ասվածին կարող ենք հավելել նաև ժամանակին շրջանառված տեղեկություններն այն մասին, որ մասնավորապես ՄիԳ-29 կործանիչների շահագործումն այնտեղ իրականացնում են ուկրաինացի մասնագետները և հրեա օդաչուները:
Շատ տեղին է հիշեցնել նաև այն մասին, որ բոլորովին վերջերս Ռուսաստանը Ադրբեջանի հետ համաձայնության եկավ վերջինիս ՄԻ-35Մ տիպի հարվածային 24 ուղղաթիռներ վաճառելու խնդրի շուրջ: Ուղղաթիռների մեծ մասը Ադրբեջանին է տրամադրվելու 2012 թ.: Ներկա պահին վերջնական փորձարկումներ են կատարվում նրանցից երկուսի հետ: Պատվերի ընդհանուր գումարը կազմում է 360 մլն դոլար: Նշենք նաև, որ այժմ ադրբեջանական ուղղաթիռային խմբավորումը բաղկացած է սովետական արտադրության ՄԻ-24 «Хинд» տիպի 20 ուղղաթիռներից, և նորերը կարող են զգալիորեն ուժեղացնել ադրբեջանական օդուժը:
Ընդունված է ասել, որ hամաձայն դասական ռազմավարության կանոնների, հաջողության հասնելու համար հարձակվող կողմը պետք է պաշտպանվողին առնվազն երեք անգամ գերազանցի ռազմական տեխնիկայով և զինուժով: Մի կողմ թողնելով ցամաքային ուժերի առկա հարաբերակցությունը, երկնքում Ադրբեջանը ճնշող գերակշռություն ունի: Օրինա, Հայաստանի ընդամենը մեկ МиГ-25-ի դիմաց Ադրբեջանն ունի 32-ը: Երկու կողմն էլ ունեն մեկուկես տասնյակ Су-25 ինքնաթիռ: Վերջին տարիներին Ադրբեջանը Ուկրաինայից գնեց 14 միավոր МиГ-29 ինքնաթիռներ (որոնցից մեկը հետագայում կործանվեց): Սակայն օդում նրանց գերկաշռությունը զգալիորեն չեզոքացվում է հայկական կողմի բավականին հզոր հակաօդային պաշտպանության համակարգի առկայությամբ: Եվ այնուամենայնիվ, որքան էլ մենք զուգորդենք թվաքանակները, արդյունքում վերստին հանգելու ենք այն նույն հետևությանը, որ ցանկացած պատերազմում կարևորագույն դեր է խաղում մարդկային գործոնը: Այսինքն հաղթանակ կարող է ակնկալել միայն նա, ում բանակը համալրված է բարձրորակ մասնագետներով և սպայական կազմով: Այս իմաստով Ադրբեջանը վստահապար հպարտանալու կամ պարծենալու ոչ մի հիմք առայժմ չունի: Եվ քանի դեռ հարևաններ կաղում են այդ խնդրում, նրանց հոխորտանքները հնարավոր պատերազմի մասին արժեզրկվում են ճիշտ այնքան, որքան նրանց գնած տեխնիկան, որը օդ բարձրանալ դեռ չի կարող, սակայն մեծ հաջողությամբ լող է տալիս ջրերում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հրեաների հայկական հարցը. եթե, ապա…

28 Դկտ

Երեկ Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի Կրթության հարցերի հանձնաժողովը քննարկեց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ այնուհետև որոշեց, որ բանաձևերի ընդունումը հետաձգվում է անորոշ ժամանակով։ Այս առաջարկը խորհրդարանին ներկայացվել էր դեռևս ութ ամիս առաջ, սակայն քննարկումը տարբեր պատճառաբանություններով անընդմեջ հետաձգվում էր:
Նիստին մասնակցում էր Կնեսետի նախագահ Ռուվեն Ռիվլինը, ինչն աննախադեպ երևույթ է Իսրայելի խորհրդարանական պրակտիկայում: Իր ելույթում նա նշեց, որ Իսրայելը պատմական և բարոյական պարտավորություն ունի ընդունելու Հայոց Ցեղասպանությունն՝ անկախ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններից: Ընդհանուր առմամբ քննարկման ընթացքում ներկաների ճնշող մեծամասնությունը կողմ արտահայտվեց ցեղասպանության ճանաչմանը, բացառությամբ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներից: ԱԳՆ-ի հիմնավորումը հստակ էր՝ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ ճգնաժամի մեջ են և պետք չէ, որ չափը անցնեն: «Հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները` կարծում ենք, որ նման բանաձև պետք չէ ընդունել»,- ասացին նրանք: Նշենք, որ Ազգային անվտանգության խորհրդատու Յաակով Ամիդրորը դեռևս մինչև նիստն էր առաջարկել Կնեսետի խոսնակ Ռիվլինին հետաձգել քննարկումը, բայց Ռիվլինը մերժել էր` նշելով. «Որպես Հոլոքոստ ապրած ազգ` մենք չենք կարող արհամարհել այս հարցը, և արդյունքում լսումները տեղի կունենան նախատեսվածի պես»:
Գաղտնիք չէ, որ առաջներում հրեական կազմակերպությունները միջազգային հարթակներում և այլ հարաբերություններում երբեք էլ աչքի չեն ընկել հայկական խնդիրների շուրջ ընդգծված հետևողականությամբ: Նրանք կամ եղել են իներտ, կամ դրսևորել են բացասական վերաբերմունք: Ու եթե վերջին մեկուկես տարվա ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվել է, ապա դա ոչ թե արդյունքն է այն բանի, որ Իսրայելը հանկարծ հատուկ ջերմ վերաբերմունք է որդեգրել Հայաստանի նկատմամբ, այլ միակ պատճառը իսրայելա- թուրքական խորացող գժտությունն է: Եվ նաև սա է պատճառը, որ ինչպես երկրի ներսում, այնպես էլ խորհրդարանում չկա միասնական դիրքորոշում: Նույնիսկ Կնեսետում կոալիցիոն գլխավոր դաշնակիցներ «Լիկուդ» և «Մեր տուն Իսրայելը» կուսակցությունները հայերի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության շուրջ տարաձայնություններ ունեն. իշխող կուսակցության անդամների զգալի մասը կողմ են ճանաչմանը, իսկ «Մեր տուն Իսրայելը» կուսակցության անդամները դեմ են: Նրանք կարծում են, որ Կնեսետի կողմից այդ հարցի անգամ քննարկումն արդեն վնասում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությանը: Այդ իսկ պատճառով էլ վերլուծաբանները այսօր շատ ավելի հավանական են համարում, որ ճանաչում, այդուհանդերձ, չի լինի: Կնեսետում քվեարկելու դեպքում իշխող կուսակցության մեծամասնությունը ճանաչմանը դեմ կլինի, քանի որ նրանց այդպես կասի վարչապետը:
Հատկանշական է այն փաստը, որ երեկվա քննարկման ժամանակ շատերը վկայակոչում էին Ֆրանսիայի կողմից ընդունված օրինագիծը՝ նշելով, որ՝ տեսեք, ֆրանսիացիները չվախեցան հակամարտության մեջ մտնել Թուրքիայի հետ: Սակայն այդ կարծիքներին դեմ հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը՝ բացատրելով, թե կարևոր է հասկանալ, որ ամեն երկիր ունի իր կանոններն ու առաջնահերթությունները, ու այս պարագայում Ֆրանսիան կարող է իրեն թույլ տալ այն, ինչն իրեն չի կարող թույլ տալ Իսրայելը: «Բացի այդ, նրանք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ավելի շատ պատճառներ ունեն»,-ասաց Միլլերը՝ պարզաբանելով, որ նկատի ունի 600 հազարանոց ֆրանսահայ համայնքի առկայությունը, ինչը լուրջ ձայներ կապահովի Սարկոզիի համար:
Եթե խոսքը միայն լիներ այն մասին, թե հարկ չկա պատճենել Ֆրանսիացի պատգամավորների գործողությունները, դա թերևս հասկանալի լիներ: Սակայն հրեաները հարցի էությունը շեղում են ոչ այնքան ցանկալի ուղղությումբ՝ նշելով, թե կարիք չկա ակադեմիական ու պատմական խնդիրը վերածել քաղաքականի, այսինքն՝ կարելի է սովորել ու դասեր քաղել պատմությունից, որպեսզի ողբերգությունները չկրկնվեն, բայց դրա հետ մեկտեղ իմաստ չունի փչացնել հարաբերությունները դաշնակիցների հետ: Այս մասին հատկապես բացահայտ արտահայտվեց «Ադրբեջան-Իսրայել» միջազգային ասոցիացիայի վարչության անդամ Յանա Սալմանը. «Հայերը գրեթե հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն օգտագործում են քաղաքական նպատակներով: Իսրայելը չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարեց նա:
Դառնալով Իսրայելի քաղաքական շրջանակներում տիրող տրամադրություններին, հարկ է նկատել, որ այնտեղ ևս համակիրների թիվը մեծ չէ, իսկ ազդեցիկ դեմքերի անմիջական միջամտությունները անում են իրենց սև գործը: Այդ հակամետ դեմքերի շարքում այս օրերին հատկապես հաճախակի է հիշատակվում վարչապետ Բենիամին Նեթանյահուի անունը: Նրա դերակատարության և կառավարության ներսում տիրող մթնոլորտի մասին բավականին զավեշտական պատկեր է ներկայացրել IzRus.co.il կայքէջը՝ մասնավորապես գրելով. «Պատճառը պարզ է, եթե հիմա պետք լիներ քվեարկել այդ հարցով, ապա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մոտ կգային խորհրդականներ, ովքեր նրան կբացատրեին, որ մենք Ֆրանսիա չենք, եւ մեզ համար թուրքական թշնամանքը շատ ավելի կարևոր է, քան Ֆրանսիայի պարագայում: Նրա մոտ կգար Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը, ով լավ հարաբերություններ ունի ինչպես իր ադրբեջանցի գործընկեր Մամեդյարովի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա կբացատրի վարչապետին, որ թեկուզ Ադրբեջանը կապ չունի 1915-ի իրադարձությունների հետ, սակայն այնքան էլ սերտ հարաբերությունները չունի Հայաստանի հետ: Եվ Բաքվում կարող են օժանդակություն ցույց տալ եղբայրական Թուրքիային, թեկուզ և այնքան էլ չեն սիրում Էրդողանի կառավարությանը: Ու հետո բոլորը միասին կհարցնեին մեր վարչապետին. իսկ դա Ձեզ պե՞տք է»:
Այս հնչեցված հարցի պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է: Ներկա պահին չափազանց փոքր է հավանականությունն այն բանի, որ Կնեսետն ինչ-որ պահի կանաչ լույս կվառի այդ բանաձևի առաջ: Իսկ եթե հանկարծ հրաշք կատարվի և դա իրողություն դառնա, այդ դեպքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում մենք կունենանք հերթական և շատ նշանակալից հաջողությունը: Սա անվիճելի փաստ է, քանի որ հանրահայտ է, թե հրեական համաշխարհային կազմակերպություններն ինչպիսի մեծ ազդեցություն և դերակատարում ունեն միջազգային քաղաքական գործընթացներում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՑԱՐԸ ՃԱՆԱՉՈՒՄ ԷՐ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ

26 Դկտ

Հին ժամանակներից Ռուսիայի ժողովուրդները սովորույթ ունեին նշելու նոր տարվա սկիզբը զարդարված ծառերով ու մասսայական զբոսանքներով: Հունվարի 1-ին Նոր տարվա տոնակատարությունը ներմուծվել է ավելի քան 300 տարի առաջ՝ Պետրոս Առաջինի հրապարակած հատուկ հրամանով, ուր ասվում է. «Քանի որ Ռուսաստանում նոր տարվա սկիզբը տարբեր օրերի է նշվում, այս օրվանից դադարեցնել մարդկանց հիմարացնելը և Նոր տարին ամենուր համարել հունվարի 1-ից և ի նշան այդ բարի սկզբի ու ցնծության` շնորհավորել մեկմեկու Նոր տարվա առթիվ` ցանկանալով հաջողություն գործերում և բարեկեցություն ընտանիքներին: Ի պատիվ Նոր տարվա` զարդարել եղջերուներին, երեխաներին զվարճացնել լեռներում սահնակ քշելով, իսկ մեծերին` հարբեցողությամբ և տուրուդմբոցով չզբաղվել: Դրանք մյուս օրերի համար էլ բավարար են: Պետրոս Առաջին: 15 դեկտեմբերի, 1699թ»:

Այս անկանխատեսելի Ռուսաստանը

26 Դկտ

Տարեմուտից հաշված օրեր առաջ, երբ թվում էր, թե քաղաքական կյանքում հազիվ թե լինեն կտրուկ շրջադարձեր կամ այնպիսի դեպքեր, որոնք կծանրաբեռնեն դեպի լիցքաթափում գնացող ուղեղները, մի իսկական գլուխկոտրուկ առաջադրեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Վերջինս հարցազրույց էր տվել ադրբեջանական «AzTV» հեռուստաընկերությանը (ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան 50-ամյակի առիթով), և այդ հարցազրույցում՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, չափազանց անսպասելի մտքեր էր արտահայտել: Մասնավորապես, նա ասել էր, թե ինքը համոզված է, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն գոյություն ունի: «Դա, թերևս, հետխորհրդային տարածքում միակ հակամարտությունն է, որը ներկա պահին հնարավոր է կարգավորել: Ամեն ինչ կախված է կողմերի բարի կամքից, միմյանց փաստարկները լսելու նրանց ցանկությունից ու հնարավորությունից, և պետք է ուղիղ ասել, որ հեշտ որոշումներ չեն լինում»,- հայտարարել էր Մեդվեդևը:
Այն ժամանակ, երբ ամենքը խոսում են կարգավորման գործընթացում ակտիվության անկման, փակուղային իրավիճակների, միջնորդ երկրների ձեռնարկած քայլերի անարդյունավետ լինելու մասին, այդ միջնորդներից մեկը (ընդ որում, ամենահետևողականը) հանկարծ պնդում է, թե խնդրի լուծման շանսերը մեծ են և այդ բանը կարելի է անել նույնիսկ այս պահին: Մեդվեդևը նաև ասել էր, որ իր երկիրը հետագայում ևս կաջակցի հակամարտության խաղաղ լուծմանը՝ հավելելով, թե ինքը այդ հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցում: Խոսելով անցած տարիների ջանքերի մասին և հիշեցնելով, որ իր միջնորդությամբ եռակողմ ձևաչափով ութ հանդիպում է տեղի ունեցել, Ռուսաստանի նախագահը նշել էր. «Հաջողվել է ուղիղ կերպով դնել բոլոր հարցերը, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումը տարբերվում է, սակայն դնել ազնիվ, բաց կերպով և ներկայացնել բոլոր փաստարկները»:
Կարելի է կարծել, թե Մեդվեդևն ինչ-որ բան գիտի, ինչից անտեղյակ է հանրությունը, այդ պատճառով էլ նրա խոսքերը համեմված են այս կարգի ինքնավստահությամբ: Մյուս կողմից, դիտարկելով ներկա իրավիճակը, մոտ ապագայում սպասվող զարգացումները և հասարակության մեջ գերիշխող տրամադրությունները, խիստ դժվար է կիսել նրա լավատեսությունը, քանի որ դրա համար որևէ նախադրյալ կարծես թե չկա: Սրա հետ մեկտեղ չի կարելի աչքաթող անել և այն, որ Ռուսաստանն ինքը այս պահին հայտնվել է լուրջ ընտրության առաջ, և դրա ելքը անպայման իր անդրադարձը կունենա ինչպես երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, այնպես էլ մեր տարածաշրջանում դրա ներգործության վրա: Այս առթիվ դիտորդներն ու վերլուծաբաններն արդեն իսկ մռայլ կանխատեսումներ են կատարում:
Համաձայն այդ կարծիքների, հատկապես նոր՝ 2012 թվականին է որոշվելու, թե Արևմուտքը պատրա՞ստ է Ռուսաստանին ընդունելու որպես հավասարազոր գործընկեր Եվրամիության կազմում: Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո ձևավորվել է որոշակի տրամադրվածություն, ինչը հուշում է, թե հատկապես Միացիալ Նահանգներն այնքան էլ հակված չէ Մոսկվային դիտել որպես իրավահավասար գործընկեր։ Քաղաքագետները արձանագրում են նաև, որ Մոսկվան հետզհետե կորցնում է դիրքերը ավանդաբար ռուսամետ համարվող երկրներում: Ներկա պահին նրանք նկատի ունեն Սիրիային ու Լիբիային, սակայն ապագայում դրանց ցանկը կարող է համալրվել նոր անուններով: Մի խոսքով, ժամանակն աշխատում է ընդդեմ Ռուսաստանի: Եվ որպեսզի այդ կորուստները չբազմապատկվեն կամ գոնե հասցվեն նվազագույնի, Ռուսաստանից պահանջվում է ձեռք առնել շուտափույթ քայլեր: Իսկ քայլերից մեկն էլ պիտի լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Միայն այս պարագայում ռուսները կկարողանան վերահաստատել ու ամրապնդել իրենց դիրքերը հարավկովկասյան տարածաշրջանում:
Բայց այստեղ էլ ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան կարող է թվալ: Արդեն իսկ կանխատեսումներ են հնչում, որ իբր խնդրի էությունը լինելու է հետևյալը. որոշակի տարածքներ են վերադարձվելու Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը դրա փոխարեն Ռուսաստանին հնարավորություն կտա վերականգնել իր ռազմավարական դիրքերն այդ երկրի տարածքում: Սակայն մի՞թե դա կարող է բխել Մոսկվայի շահերից: Մի՞թե հստակ չէ, որ այդ դեպքում Ռուսաստանը կկորցնի Հայաստանին, իսկ երբ Ադրբեջանը լուծի իր խնդիրը, նրան այլևս խիստ անհրաժեշտ չի լինի պահպանել Ռուսաստանի հետ ձևավորված սերտ կապերը:
Նման հետևություններն առաջին հայացքից միանգամայն տրամաբանական պիտի դիտվեն: Բայց մյուս կողմից էլ չմոռանանք բոլորովին վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի կարող որոշվել ընտրություններով, և որ Մոսկվան պաշտպանում է Ադրբեջանի տարածքայի ամբողջականությունը:
Խիստ անպատեհ պահի արված խիստ անպատեհ այս պնդումը Երևանում փորձեցին չտեսնելու տալ, իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ ստիպված եղան անդրադառնալ դրան, հորդորեցին չշփոթվել, քանի որ ի վերջո այս հարցը լուծվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա դա էլ հասկանալ կարելի է, քանի որ ոչ մի երկիր դեռևս չի ճանաչել ԼՂ-ի ամբողջականությունը: «Այսօր ՌԴ-ը ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը, վաղը կճանաչի Լեռնային Ղարաբաղինը»,- ինքնավստահ տոնով շեշտեցին որոշ պաշտոնյաներ՝ խնդիրը համարելով փակված:
Միայն թե խնդիրը մնում է բաց, իսկ Մեդվեդևի վերջին մտքերը Ղարաբաղի մասին ոմանց արդեն իսկ մղել են այն համոզմանը, որ ղարաբաղյան գործընթացում ներկա պահին միակ երկիրը, որը կարող է փոխել իր դիրքորոշումը, Ռուսաստանն է: ՌԴ նախագահը կամա թե ակամա դրդեց այն կարծիքին, որ ի տարբերություն Մոսկվայի, մյուս խաղացողմերի պահվածքը քիչ թե շատ կանխատեսելի է: Եվ այս պարագայում անորոշ է մնում, թե որ կողմի վրա կարվեն խաղադրույքները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՇԻՄՈՒՆ ՎՐՈՉԵԿ

25 Դկտ

Ես այնպես սիրում եմ շատ թշնամիներ ունենալ: Նրանց հակառակ ես դառնում եմ ավելի լավը: Ընդհանրապես թշնամիներին պետք է գուրգուրել ու փայփայել՝ չմոռանալով ժամանակ առ ժամանակ նրանց ոչնչացնելու մասին: Թշնամիները մեզնից ստեղծում են արագ ու խելացի մարդիկ՝ բաց չթողնելով մեր ոչ մի վրիպում կամ թուլություն:
Ծրարիր քո կյանքն ինչպես նամակ, որ կրում է այս մակագրությունը. «Շտապ: Գաղտնի: Հանձնել անձամբ հասցեատիրոջը: Ընթերցումից հետո այրել»: Մենք բոլորս արդեն մեռել ենք: Նա, ով կարդում է այս ուղերձը, իմ վերջին խնդրանքն է՝ պատկերացրեք, որ իբրև թե մենք բաց ենք թողել ջինը շշից և նրան ետ խցկել չենք կարող: Այժմ պիտի ցանկություն պահենք: Մենք պահում ենք ցանկությունը: Մեր հազարավոր, միլիոնավոր ցանկություններն ի կատար են ածվում միաժամանակ: Բայց ո՞րն էր նրանցից ամենացանկալին, ամենաուժգին, ամենաանանձնականը: Սա՝ «Ուզում եմ, որ այս աշխարհն ուղղակի անհետանա, այրվի միջուկային կրակների մեջ, մեռնի ժանտախտից, խեղդվի թափոններից»: Այժմ մենք բոլորը ստացանք: Բոլորը միասին: Թերևս սա միակն էր մարդկային ցանկություններից, որ կարող է ի կատար ածվել: Ամեն: Եվ ննջիր խաղաղությամբ…

Ճչում է նա, ում վերքն առավել ցավոտ է

23 Դկտ

Եղավ այն, ինչ ենթադրվում էր դեռ շաբաթներ առաջ: Կողմերից յուրաքանչյուրը կատարեց իր խոստումը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծը, իսկ Թուրքիան հայտարարեց Փարիզի դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասին։ Արդեն երեկ միջազգային մամուլը հեղեղված էր այդ մասին ահազանգող հոդվածներով: «Թուրքիան սպառնում է Ֆրանսիային», «Թուրքիան ավելացնում է ճնշումը Ֆրանսիայի վրա», «Ֆրանսիան ու Թուրքիան վիճում են օրինագծի շուրջ», և նման վերնագրերով նյութերը ի հայտ էին բերում իրավիճակի լրջությունն ու լարման աստիճանը: Իսկ երբ վրա հասավ աղմկելուց գործին անցնելու ժամանակը, առաջին պատասխան քայլը կատարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հրապարակ հանելով իրենց մտադրությունների ողջ փաթեթը:
Ի դեպ, Էրդողանը վշտանալու միանգամից մի քանի առիթներ ուներ: Մասնավորապես նրան խորապես վիրավորել էր այն փաստը, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը հայկական բանաձևն ընդունել էր այն օրը, երբ 1979-ին Փարիզում ԱՍԱԼԱ-ի կողմից սպանվեց թուրք դիվանագետ։ Սակայն հերոսաբար մի կողմ թողնելով հույզերը, նա արտասանեց արդեն պատրաստի խոսքերը. «Մենք խստորեն քննադատում ենք այս որոշումը։ Ցավոք, այս ամենը Սարկոզիի քաղաքական նկրտումների հետ էր կապված։ Հիմա ես հարցնում եմ՝ Ֆրանսիայում խոսքի ազատություն կա՞։ Եվ պատասխանում եմ՝ ոչ։ Նրանք վերացրեցին ազատ քննարկելու մթնոլորտը»,- ասաց Էրդողանը ու հավելեց, թե այս որոշումը վերքեր բացեց Փարիզի հետ հարաբերություններում, որոնք բուժելը դժվար է լինելու:
Իհարկե, մեծ վերքեր բացելու սովոր ժողովրդի զավակը պիտի իմանա, թե դրանցից որոնք են բուժվող և որոնք՝ ոչ: Միայն թե այժմ ոչ թե բժշկության, այլ պատասխան հարված հասցնելու ժամն էր, և Էրդողանը հրապարակեց այն 8 հիմնական պատժամիջոցների ցանկը, որոնք Թուրքիան կիրառվելու է Ֆրանսիայի դեմ: Ըստ հաջորդականության դրանք ներկայացնում էին այս պատկերը.
1. Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը ետ է կանչվում Անկարա։
2. Չեղյալ է հայտարարվում քաղաքական, զինվորական ու տնտեսական համատեղ գործունեություններում, կրթության և մյուս ոլորտներում կադրերի փոխանակումը։
3. Չեղյալ են համարվում զորավարժությունները։
4. Դադարեցվում է Ֆրանսիայի հետ ցանկացած քաղաքական շփում։
5. Ֆրանսիական ռազմական օդանավերն ամեն անգամ Թուրքիայի օդային տարածքից օգտվելու դեպքում պետք է առանձին-առանձին թույլտվություն ստանան։
6. Եվրամիության հետ տարվող ծրագրերում հրաժարվելու է համագործակցել Ֆրանսիայի հետ։
7. Արգելվելու է ֆրանսիական նավերին խարիսխ գցել Թուրքիայի նավահանգիստներում։
8. Թուրքիան չի մասնակցի 2012-ին նախատեսված Ֆրանսիա-Թուրքիա տնտեսական համաժողովին։
Ահա այսպես՝ մեկը մյուսի ետևից այրելով բոլոր կամուրջները, պաշտոնական Անկարան պատրաստվում է հետայսու Ֆրանսիային ( իսկ մեծ հաշվով՝ Եվրոպային) ցույց տալ, թե որքան տխուր է լինելու աշխարհը առանց Թուրքիայի ընկերակցության: Իսկ կամուրջներ հրկիզելու մոլուցքով միայն իշխանությունները չէ, որ տառապում են: Օրինակ, Թուրքիայի առևտրականնների և արհեստավորների միությունը կոչ է արել 82 այլ միությունների և 13 ֆեդերացիաների՝ խանութների դարակներից իջեցնել ֆրանսիական ապրանքները։ Իսկ Թուրքիայի վարորդների ու ավտոսեփականատերերի ֆեդերացիան Ֆրանսիայի ընդունած որոշումը քննադատող 100 հազարավոր բրոշյուրներ է տպագրելու, որոնք կփակցվեն տաքսիներում ու հասարակական տրանսպորտում։
Առայժմ դժվար է ասել, թե նման հակաքայլերը որքանով կարող են վնասել ֆրանսիական տնտեսությանը կամ երկրի վարկը: Սակայն մի բան հայտնի է. Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև ապրանքաշրջանառությունը 2010-ին կազմել է 12 մլրդ եվրո։ Այդ թիվն ընթացիկ տարում կարող էր հասնել մինչև 14 մլրդ-ի, ընդ որում, ֆրանսիական անմիջական ներդրումները Թուրքիայում կազմում են 10 մլրդ եվրո։ Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ թուրքական բոյկոտը ֆրանսիական խոշոր ընկերություններին կարող է ոչ շահեկան դրության մեջ դնել, ապա չպետք է նաև մոռանալ, որ, ինչպես ասում են, դանակը երկու սայր ունի: Շատերն արդեն իսկ անհիմն են համարում Թուրքիայի սպառնալիքները՝ ելնելով այն իրողությունից, որ Ֆրանսիան համարվում է թուրքական ապրանքների 5-րդ ներմուծողը և 6-րդ արտահանողը Թուրքիա: Նման հարաբերակցության պայմաններում պիտի որ չափազանց դժվար լինի միանշանակ պնդել, թե տուժողը կողմերից միայն մեկն է լինելու: Այդ փաստն արդեն իսկ իր ապացույցն է գտնում այն անհանգստությամբ, որ ունեն բազմաթիվ թուրքական ընկերությունների ղեկավարներ: «Թուրքիայի տնտեսությունը արտահանման ուղղվածություն ունի և արտասահմանյան իր գործընկերների դիվերսիֆիկացիայի կարիքն է զգում` արտադրության ու աշխատատեղերի պահպանման համար»,- նշել է Թուրք գործատուների ասոցիացիայի նախագահ Ումիթ Բոյները: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան Թուրքիայի արտասահմանյան չորրորդ գործընկերն է: Թուրքիան 2010թ. 5,4 մլրդ եվրոյի արտադրանք է արտահանել Ֆրանսիա, և այդ երկիրը հազիվ թե հեշտությամբ համակերպվի այն մտքի հետ, որ պիտի զրկվի նման սպառողից այն դեպքում, երբ տնտեսագետներն առանց այդ էլ 2012թ. տնտեսական ակտիվության նվազում են կանխատեսել:
Եվ մինչ գործարարները հաշվում ու վերահաշվում են իրենց հնարավոր կորուստները, Թուրքիայի իշխանությունները շարունակում են մանևրել հուզական դաշտում: Օրինակ, կառավարությունը սպառնում է, թե Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներում բարձրաձայնելու է «Ֆրանսիայի կողմից իրագործված ցեղասպանությունների հարցը», իսկ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է, որ իրենք Անկարայում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց կկանգնեցնեն Ալժիրում ֆրանսիացիների վայրագությունների մասին պատմող հուշարձան։
Այսպիսի քայլերը հազիվ թե բավարարեն թուրք հասարակությանը, որն այսօր կբոյկոտի, իսկ վաղն իր կաշվի վրա կզգա դրա հետևանքները: Սակայն իրադարձություններից առաջ չընկնենք և հիշենք նաև, որ հայկական օրինագիծը դեռ պիտի քննարկման դրվի Սենատի Վերին պալատում: Ակնակալվում է, որ դրա վերջնական ընդունումը տեղի կունենա փետրվարին, նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ: Ենթադրվում է նաև, որ այդ ընթացքում Թուրքիան կջանա աննախադեպ ճնշումներ բանեցնել Ֆրանսիայի դեմ: Այս պարագայում բոլորովին կարիք չկա լիովին բացառել նաև այն հնարավորությունը, որ Սենատը կարող է չընդունել օրինագիծը: Չմոռանանք, որ պատգամավորների շրջանում խնդրի մասին տարակարծություններ կան, թեև ընդհանուր կարծիքն այն է, որ պետք չէ խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ, միաժամանակ պետք է գոհացնել հայ համայնքին: Այս հնարավորության կապակցությամբ և մեկնաբանելով բրիտանական The Guardian-ում ներկայացված այն տեսակետը, թե կարճ ժամանակ է մնացել մինչև նախագահական ընտրություններ, ու Սենատը չի հասցնի ընդունել օրինագիծը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները պատասխանել են. «Այո, ժամկետը կարճ է, Սենատի նիստերը մինչև փետրվարի կեսն են լինելու: Արդեն սենատոր Կալտենբախի կողմից լսումներ են նախաձեռնվել, և հավանաբար նա ու մյուսները կներկայացնեն օրինագիծը Սենատին: Կարծում ենք` քիչ է հավանականությունը, որ չընդունվի»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Երբ փորձադաշտը չի հնազանդվում

22 Դկտ

Ընդամենը հաշված օրեր առաջ էր, երբ Ադրբեջանն իր բանակային ստորաբաժանումները մտցրեց Լենքորան՝ ճնշելու այնտեղ բռնկված խռովությունը: Իսկ հիմա նոր տեղեկություն է տարածվել. Բաքուն տանկեր է ուղարկել Նախիջևան: Դեպքերի նման շրջադարձն առայժմ մեկ բացատրություն ունի. Նախիջևանի ինքնավարությունում շարունակում է վատթարանալ սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Հասարակության շրջանում նույնպես աճում է լարվածությունը։ Վախենալով կորցնել այդ կտրված շրջանի նկատմամբ իր վերահսկողությունը՝ պաշտոնական Բաքուն այնտեղ է տեղափոխում հավելյալ ուժեր։
Այս ենթադրություններին զուգահեռ զանազան լուրեր են շրջանառվում՝ էլ ավելի համոզիչ դարձնելով երկրի այդ հատվածում խորացող հակասությունների իրական ծավալների պատկերը: Տանկեր տեղափոխելու պատմության մասին իրանական աղբյուրները գրեցին, որ Ադրբեջանից ինքնաթիռների միջոցով մի քանի միավոր իսրայելական արտադրության տանկեր տեղափոխելու և դրանց բեռնաթափման ժամանակ օդանավակայանի երկու աշխատակիցներ բջջային հեռախոսներով փորձել են նկարել դրանք, սակայն վերջիններս անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվել են: Ավելի ուշ նրանցից մեկը, խոշտանգումների ենթարկվելով, մահացել է: Իսկ այս դեպքից օրեր առաջ ադրբեջանական ընդդիմադիր մամուլը ահազանգեց, թե Զինված ուժերի Նախիջևանի կորպուսում ապստամբություն կարող է սկսվել: Թերթերը գրում էին, որ տարիներ շարունակ Նախիջևանի բանակային կորպուսում խախտվում են բոլոր տեսակի օրենքները, իսկ կոռումպացվածության մակարդակը չափազանց բարձր է: Սպայական անձնակազմը լուրջ դժգոհություն է արտահայտել ստեղծված իրադրության կապակցությամբ, ինչին էլ հաջորդել են պատիժները:
Թե որքանով նոր համալրում առաքելու մասին խոսակցությունները կապ ունեն մարդկանց դժգոհության հետ, առայժմ դժվար է ասել: Բայց բոլորն էլ միաբերան կրկնում են, որ տանկերի փողերը հաստատապես ուղղված չեն լինելու սահմանից այն կողմ, և իրական վտանգը ներսում այս պահին շատ ավելի մեծ է, քան արտաքին սպառնալիքներն են:
Թե ինչ է կատարվում բուն Նախիջևանում, մինչ օրս քչերին է վիճակվել իմանալ: Հայտնի է, որ այնտեղ չեն թույլատրում օտարերկրացի դիվանագետների ու լրագրողների մուտքը: Իսկ ահա շաբաթներ առաջ Ադրբեջանի ընդդիմադիր «Հասարակական պալատը» հրապարակեց մի տեղեկություն, համաձայն որի այդ տարածքը այնտեղ բնակվողների համար վերածվել է դժոխքի, այն թե քաղաքական, թե սոցիալ-տնտեսական, թե աշխարհաքաղաքական առումով վտանգավոր է: «Ինքնավար հանրապետությունում մարդկանց բռնի ձևով տանում են ոստիկանություն, առանց պատճառի ազատազրկում և բռնությունների են ենթարկում: Նախիջևանում անձնական ու քաղաքացիական ազատություն չկա, գործադիր կառույցները բռնություն են կիրառում ցանկացած մարդու դեմ, հեռացնում են երկրից, ճնշում ընդդիմադիրներին»,- նշում էին նրանք: Այսօր, համաձայն պաշտոնական վիճակագրության, Նախիջևանը 450 հազար բնակիչ ունի, սակայն տեղաբնակները փաստում են, որ այնտեղ իրականում հազիվ 120-130 հազար բնակիչ է մնացել: Մարդկանց մեծամասնությունը Թուրքիա է հեռանում: Ստեղծված կացության ամբողջական ողբերգությունը գիտակցողները միայն մի ելք են տեսնում. «Նախիջևանում դրությունը փոխելու համար պետք է ամբողջ երկրում ստեղծված իրավիճակը, առկա վարչակարգը փոխել: Ժողովրդական ապստամբություն պետք է կազմակերպել: Դրանից հետո Նախիջևանում ևս դրությունը կշտկվի»,- ասում են նրանք: Եվ այժմ հասկանալի է դառնում, թե ինչի են պետք հավելյալ տանկերը:
Սակայն խնդիրը սոսկ սա չէ: Խորը հակասություններ կան նաև մեկ այլ հարթության վրա, որոնք այս անգամ չեն առնչվում շարքային մահկանացուներին: Բանն այն է, որ տարիներ շարունակ բացահայտ առճակատում է ընթանում Բաքվի վարչախմբի և այսպես կոչված «Նախիջևանյան կլանի» միջև: Միայն թե այդ հակասությունները ևս իրենց առանձնահատկություններն ունեն: Որքան էլ առաջին հայացքից անտրամաբանական դիտվի, սակայն փաստ է, որ այժմ նախիջևանյան կլանը ծրագրում է առաջիկայում խոշոր համագումար հրավիրել, որտեղ Իլհամ Ալիևից վերջնական պատասխան է ակնկալվում. առաջադրելո՞ւ է նա իր թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրություններում, թե ոչ: Իսկ այդ հարցը չափազանց մեծ կարևորություն ունի կլանի համար: Բան այն է, որ վերջիններս ցանկանում են Ալիևին հերթական անգամ տեսնել որպես «Յենի Ազերբայջան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու: Իսկ սա բնավ էլ պայմանավորված չէ նրա հանդեպ տածած անսահման սիրով, ուղղակի նախիջևանյան կլանի համար դա միակ հնարավորությունն է պահպանել իր դիրքերը երկրում: Ինչպես խոստովանում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը, Նախիջևանը ավտորիտարիզմի լաբորատորիա է, ժողովրդին տանջելու և բթացնելու համար այնտեղ քննություն բռնած փորձերն այնուհետև կիրառվելու են ամբողջ երկրում: «Կարելի է ասել, որ մենք մոտ ժամանակաշրջանում Բաքվում և այլ վայրերում կտեսնենք Իլհամ Ալիևի անվան կամուրջներ, պողոտաներ, շենքեր: Մի խոսքով, Նախիջևանում հեյդարիզմը վերածվել է իլհամիզմի»,- գրում է նույն աղբյուրը:
Փորձադաշտի գաղափարը նոր չէ: Այդ մասին բազմիցս է ասվել: Ժամանակին Նախիջևանում ստեղծված իրադրությունը հետազոտելու և խնդիրների լուծման համար ուղիներ գտնելու նպատակով Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության Նախաձեռնող խումբը դիմել էր ադրբեջանական հասարակությանը և հատուկ հավաք կազմակերպել՝ արձանագրելով, որ եթե Հեյդար Ալիևն իշխանության գալու համար Նախիջևանն օգտագործեց որպես հարթակ, ապա այսօր Իլհամ Ալիևը Նախիջևանը դարձրել է քաղաքական փորձադաշտ. փորձարկումներ է անում այնտեղ, որ հետո դրանք կիրառի ամբողջ Ադրբեջանում: Այնտեղ մամուլի ազատություն չկա, իրավապաշտպանները չեն կարող գործունեություն ծավալել, թերթերի հրապարակումները ևս արգելվում են, իսկ ինտերնետի օգտագործումը սահմանափակվում է:
Բայց հիմա կարծես թե խստորեն վերահսկվող տարածքը ապստամբում է: Իսկ դեպքերի նման զարգացումը չի մտնում Բաքվի ծրագրերի մեջ: Եվ ինքնաթիռները հապշտապ կարգով տանկեր են տեղափոխում՝ անհնազանդներին կարգի հրավիրելու համար: Մի քանի քաղաքացու թափված արյունը կամ մի քանի ձերբակալվածների առկայությունը ոչինչ է՝ համեմատած այն ամենի հետ, ինչ կարող է կորցնել Ալիևի վարչակարգը, եթե հանկարծ Նախիջևանը սկսի ազատություններ պահանջել…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Նամակներ գրելու թուրքական օրերը

21 Դկտ

Վաղը նախանշված է Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենսդրական առաջարկության քննարկումը։ Այս նոր նախագիծը համընդհանուր է դարձնում Հայոց ցեղասպանության ուրացման քրեականացման հարցը, քանի որ տեքստը առնչվում է ֆրանսիական օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների վիճարկմանը: Մասնավորապես, օրինագիծը վերաբերում է հայերի ու հրեաների ցեղասպանություններին: Սակայն ներկա պահին հանրության ուշադրությունը բևեռված է ոչ այնքան խնդրի իրավական կողմին, որքան թուրքական ջղակծկումներին, ինչը դարձել է համընդհանուր քննարկման ու ենթադրությունների առարկա: Նման առանձնահատուկ վերաբերմունքի են դրդում հակազդեցության ծավալները, որոնք բացառիկ են ու ձգվում են Բոսֆորի ափերից մինչև Եվրոպայի սիրտը: Թուրքիայի իշխանություններն այս կապակցությամբ արդեն հանդես են եկել տարաբնույթ սպառնալից հայտարարություններով և խորհրդարանական պատվիրակություն են ուղարկել Ֆրանսիա` կանխելու բանաձևի ընդունումը: Նրանք, հաշվի առնելով ֆրանսիացի սոցիալիստների աջակցությունը, ինչպես նաև նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը Երևանում, հասկանում են, որ այս անգամ օրինագծի ընդունման հավանականությունը բավականին մեծ է: Եվ ուրեմն հակազդեցությունը չի կարող հավանականության համարժեքը չլինել` համեմված ամեն կարգի սպառնալիքներով ու վերջնագրերով: Իսկ այն տեղեկությունները, որոնք ստացվում են այս օրերին, հաստատում են նման ենթադրությունները:
Այսպես, թուրքական Hurriyet օրաթերթը գրում է, թե Թուրքիայի արտգործնախարարությունը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատնից գաղտնի գրություն է ստացել, ըստ որի, Ազգային Ժողովի դեկտեմբերի 22-ի օրակարգում հայտնված օրինագծի թիկունքում անձամբ նախագահ Նիկոլա Սարկոզին է կանգնած։ Գրության մեջ նշվել է նաև, թե չնայած Թուրքիայի քաղաքական ու գործարար շրջանակների բոլոր ջանքերին, սպասվում է, որ հայկական օրինագիծը կընդունվի: Լուրեր են շրջանառվում, թե իբր թուրքերն այնքան են հուսահատված, որ Փարիզում Թուրքիայի դեսպանն արդեն նախապատաստվել է հայրենիք վերադառնալ և ինքնաթիռի տոմսը գրպանում սպասում է Անկարայի հրահանգին։ Ի դեպ, այս հեռանկարի մասին պաշտոնապես հայտարարել էր հենց դեսպանատունը՝ տեղեկացնելով, որ Թուրքիան հետ կկանչի իր դեսպանին, եթե այդ երկրի Ազգային ժողովը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: «Կլինեն անդառնալի հետևանքներ երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում՝ սկսած մեր դեսպանին դեկտեմբերի 22-ին անորոշ ժամանակով հետ կանչելուց»,- հայտնել էր Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Էնգին Սոլաքօղլուն:
Էլ ավելի տհաճ իրավիճակում էին հայտնվել օրինագծի դեմ լոբբինգի համար Փարիզ մեկնած թուրքական գործարար աշխարհի ներկայացուցիչները: Բանն այն է, որ տեղում ֆրանսիացիները հրաժարվել էին համաժողովի համար նրանց դահլիճ տրամադրել։ Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միությունը (TÜSİAD) և Թուրքիայի պալատների ու բորսաների միությունը (TOBB) օրեր առաջ 200 հոգանոց համաժողով անցկացնելու համար պատվիրել էին Փարիզի Le Grand հյուրանոցի դահլիճը։ Սակայն հյուրանոցի ադմինիստրացիան վերջին պահին չեղյալ էր հայտարարել թե հյուրանոցի համարների, թե դահլիճի ամրագրումը՝ նշելով, որ դրանք զբաղված են։
Այսպիսի ընդհանուր տրամադրության ու դեպքերի շղթայի ֆոնի վրա մի առանձնակի ընդգծվածությամբ են հնչում թուրք քաղաքական գործիչների ու պետական այրերի ելույթները: Դրանց շարքում հատկապես աննախանձելի է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վիճակը, ով, աշխատանքի բերումով, առաջինն է պատասխանատվություն կրում ներկա կացության համար: Անցած շաբաթ նա հրավիրել էր տեղական ընկերությունների 20 ղեկավարների, հայտարարել էր, թե Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիան Եվրոպայում կդառնա միջնադարյան մտածելակերպ ներմուծող առաջին պետությունը, իսկ հանդիպումից հետո նամակներ էր հղել ֆրանսիական ընկերություններին ու Ֆրանսիայի հետ կապեր ունեցող թուրքական ձեռնարկություններին` նախազգուշացնելով գործողությունների մասին, որոնք «զգալի տնտեսական կորուստների կհանգեցնեն», եթե օրինագիծն անցնի: Ըստ այդ նամակի, այժմ Թուրքիայում կան ֆրանսիական ներդրումներով 960 ձեռնարկություններ, և նրանց բոլորովին լավ օրեր չեն սպասվում:
Մյուս կարկառուն այրը՝ ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուն իր հերթին հարկ համարեց Փարիզի քայլն անվանել ֆրանսիական ղեկավարության նախընտրական քարոզարշավի մի մասը: Նա նաև հայտարարեց, որ նախագահ Սարկոզին Թուրքիային օգտագործում է որպես գործիք իր քաղաքական շահերի համար:
Իսկ հետո թուրքական իշխանություների՝ Ֆրանսիային ուղղված կոչ-սպառնալիքներին միացավ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սարկոզիին ուղարկված նամակում նա ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կախված նշեց, թե այդ խնդիրը լուրջ է և երկկողմ հարաբերություններում ողջամտությունը քաղաքական հաշիվներից ավելի կարևոր պետք է լինի։ «Այդ ամենի պատասխանատվությունն ընկնելու է նմանատիպ նախաձեռնության հեղինակների վրա։ Թող Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները գերի չդառնան երրորդ կողմի պահանջներին»,-ասվում էր նամակում։ Էրդողանի նամակին հաջորդեց Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքի նամակը: Սա էլ իր ֆրանսիացի գործընկեր Բեռնար Ակուայեին գրում էր, թե անհրաժեշտ է, որ այդ խնդիրը թողնվի պատմաբաններին ու հետազոտողներին:
Եվ վերջապես եկավ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի նամակ գրելու ժամանակը, ով իր տողերը հասցեագրեց Նիկոլա Սարկոզիին՝ շեշտելով, թե օրինագծի ընդունումը շատ լրջորեն կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա և կոչ արեց անհապաղ հրաժարվել դրա քննարկումից։ Թե ինչ մտածեցին Փարիզում Գյուլի նամակի մասին, հայտնի դարձավ շատ արագ: Մամուլը գրեց, որ Գյուլը 2 օր է՝ չի կարողանում հեռախոսով խոսել Սարկոզիի հետ՝ հայտնելու Թուրքիայի բողոքը հայկական բանաձև կապակցությամբ: «Սարկոզին տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է հեռախոսազրույց ունենալ Աբդուլլահ Գյուլի հետ»,-ասաց Գյուլի մամլո քարտուղարը՝ պնդելով, թե Սարկոզին ուղղակի խուսափում է խոսել Գյուլի հետ։
Խուսափում է, թե՞ արհամարում է՝ դա պարզելու ժամանակ իրենք դեռ կունենան: Իսկ մինչ այդ, վաղվա օրվա սպասումով, Հայաստանի իշխանությունները նույնպես շտապում են վերաբերմունք բարձրաձայնել՝ հայտարարելով, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունումը բացառիկ կարևոր նշանակություն ունի այդ փաստի միջազգային ճանաչման համար: Ըստ պաշտոնական Երևանի, այդ քայլն առաջին հերթին միտված է բարձրացնել մեր ազգային անվտանգության աստիճանը: Իսկ ընդհանրապես օրինագծի ընդունումը էական է հետագայում նման ցեղասպանությունները կանխարգելելու տեսանկյունից:
Ի դեպ, մի փոքրիկ հավելում ներկա իրավիճակին, որը կարծես թե որևէ ընդհանուր բան չունի վերը արծարծված խնդիրների հետ, բայց և այնպես, այն էլ այս օրերին, չէր կարող աննկատ մնալ: Ֆրանսիային պատկանող C-160 տիպի ռազմական օդանավը մի քանի օր առաջ խախտել է Թուրքիայի օդային տարածքը Դաթչա թերակղզու հարա-արևմտյան մասում։ Տեսնես թուրքերն ի՞նչ են մտածել այդ միջադեպի առիթով…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ղազախստանի «խուլիգանական» խռովությունը

20 Դկտ

Հերթը հասավ Ղազախստանին: Գոնե արտաքուստ խաղաղ, կայուն, որևէ փոփոխություն չխոստացող այդ երկրում հանկարծ ամեն ինչ գլխիվայր շրջվեց, և դա այն օրը, երբ ղազախները պատրաստվում էին նշել իրենց անկախության 20- ամյակը: Ինչպես մյուս քաղաքներում, այնպես էլ Ժանաոզենում սպասվում էին տոնին նվիրված հանդիսություններ: Սակայն դրանց այս անգամ վիճակված էր աննախադեպ ավարտ ունենալ:
Նույնիսկ այսօր ամենահակասական տեղեկություններն են շրջանառվում անկարգությունների պատճառների ու հրահրման շարժառիթների մասին: Որոշ աղբյուրների համաձայն, դրանք սկսել են տեղի նավթային ընկերությունների նախկին աշխատակիցները, ովքեր զինված են եղել հրկիզող շշերով ու մահակներով: Շուրջ վեց ամիս գործադուլ հայտարարած նավթագործները բողոքում էին ցածր աշխատավարձի դեմ, և ահա փորձել են խոչընդոտել հրապարակում կայանալիք տոնական միջոցառմանը, ինչն էլ հարուցել է իրավապահների կոշտ հակազդեցությունը: Քաղաքում բախումներ սկսվեցին, իսկ հետո դրանց ալիքը շատ արագ տարածվեց Ղազախստանի արևմուտքում:
Այս վարկածին կարելի էր հավատ ընծայել: Միայն թե շատ չանցած ղազախական լրատվամիջոցները հայտնեցին այն մասին, թե իբր անկարգությունները հրահրել են կասկածելի «ծագմամբ», սև հագուստով երիտասարդները, ինչի արդյունքում ոստիկանությունն ու ներքին զորքերը կրակ են բացել ցուցարարների վրա: Իսկ ավելի ուշ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ներկայացրեց դեպքերի զարգացման բոլորովին այլ տարբերակ: «Կենտրոնական հրապարակում Անկախության հոբելյանը տոնելու համար հավաքված խաղաղ քաղաքացիները հարձակման են ենթարկվել մի խումբ խուլիգանների կողմից…. Նավթային ընկերությունների աշխատակիցների աշխտանքային վեճը չպետք է խառնել բանդիտական տարրերի գործողություններրի հետ»,-հայտարարեց նա։
Ղազախները դեռ ժամանակ կունենան պարզելու, թե ինչպես «կայծից բոց բռնկվեց», իսկ մինչ այդ իրադարձությունները գնալով ծավալվեցին ու դարձան անկառավարելի: Ժանաոզենում տեղի ունեցած ցույցի մասնակիցներին աջակցելու համար մի խումբ մարդիկ արգելափակեցին երկաթգծով ընթացող գնացքների ճանապարհը և հրդեհեցին 3 բեռնատար գնացք ։ Հետո անկարգությունները շարունակվեցին Շետպեյի տարածքում, որտեղ այրեցին տոնածառը, կոտրեցին խանութների ապակիները ու հրկիզեցին մեքենաներ: Մինչև օրվա ավարտ կրակի ճարակ դարձավ 46 շինություն, այդ թվում` տեղական կառավարման ու նավթային «Օզենմունայգազ» ընկերության գրասենյակը: Ոստիկանությունը հայտարաեց, որ օրինախախտների գործողությունները սպառնում են խաղաղ բնակիչների կյանքին ու առողջությանը, այդ իսկ պատճառով իրենք ստիպված կրակ են բացելու: Եվ կրակեցին:
Այսօր խոսում են 15 զոհերի մասին: Սակայն իրավապաշտպանները պնդում են, որ զոհերի ու վիրավորների թիվն ավելի շատ է, քան հաղորդում է երկրի ՆԳՆ-ն: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, ընդհանուր առմամբ տուժել է 500-ից 800 մարդ: Պատմում են նաև, որ քաղաքի հիվանդանոցներում տեղ չկար բոլոր տուժածներին ընդունելու համար: Շատերին պարզապես տեղափոխել են մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ակտաու քաղաք: Իսկ հետո քաղաքը շրջափակվեց և զորք մտցվել: Արգելափակվեցին բջջային կապն ու ինտերնետը: Ամբողջ Ղազախստանում անջատվեց Twitter-ը, չէին գործում անկախ լրատվամիջոցների կայքերը: Այդ ընթացքում ոստիկանությունը հայտարարեց սկզբում 70 կասկածյալների, իսկ հաջորդ օրը՝ ևս 60 ձերբակալվածների մասին: Նշվում էր, թե դրանց մեծամասնությունը կասկածվում էր գողության մեջ: Ղազախստանի նախագահը Ժանաոզեն քաղաքում 20-օրյա արտակարգ դրություն մտցրեց: Այս օրերի ընթացքում գիշերները քաղաքի փողոցներում պարետային ժամ է սահմանվելու` արգելվելու են բոլոր ցույցերն ու հավաքները, իրականացվելու են անձնագրային ստուգումներ:
Թվում էր՝ կատարվածի իրավական գնահատականի համար հավելյալ փաստարկների անհրաժեշտություն չէր զգացվելու, եթե դեպքերից երեք օր անց Ներքին գործերի նախարար Կալմուհանբեթ Կասիմովը (որը ղեկավարում էր դրանց հետաքննության հատուկ խումբը) հանկարծ չհայտարարեր, որ «ապստամբությունը ճնշված է»: Սա արդեն տարակուսանքի լուրջ հիմքեր էր ստեղծում: Դեռ երեկ «մի խումբ խուլիգաններ» կոչված մարդիկ հաշված ժամերի ընթացքում դարձել էին ապստամբներ: Եվ դա արդեն բացատրություն էր ենթադրում, ինչն էլ չուշացավ, քանի որ շուտով երկրի պաշտոնատար անձինք հանդես եկան մեկ այլ հայտարարությամբ, ըստ որի տեղի ունեցած խռովությունների համար պատասխանատվությունն ընկնում է «օտարերկրացիների» վրա: Ղազախստանի նախագահի խորհրդականներից մեկն էլ իր հերթի հայտնեց, որ երկրի քաղաքացիների հիմնական մասը սատարում է նախագահին, իսկ արաբական պետություններում տեղի ունեցած հեղափոխությունների սցենարով իրադարձություններ «տեղի չեն ունենա»:
«Դրսի հետքը», որի վրա բարդվում է ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը, երբ հանկարծ աշխարհի որևէ անկյունում իրավիճակը դուրս է գալիս հսկողության շրջանակներից, Ղազախստանում նույնպես մեղադրանքների իր բաժինը ստացավ: Այժմ արդեն կարելի է ամբողջ կրքով ձեռնամուխ լինել «վհուկների որսին», Արևմուտքից ներթափանցած սադրիչներ որոնել, տեղի ունեցածի համար պատասխանատու հայտարարել «հանցավոր տարրերին, որոնք ցանկանում էին օգտվել ստեղծված իրավիճակից՝ իրենց հանցավոր նպատակների համար»: Դրա համար բոլոր նախադրյալները ստեղծված են, իսկ Նազարբաևն էլ հատուկ շեշտել է. «Մենք կբացահայտենք, թե որտեղից է գալիս ֆինանսավորումը և ով է դրանով զբաղվում»:
Դժվար է ասել, թե այս պայմաններում կողմերից որն առավել ձեռնահաս ու օպերատիվ կգտնվի: Մինչ Ղազախստանում մտմտում են, թե ինչպես պատժել մեղավորներին, այդ ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախումբը մտահոգություն է հայտնել անկարգությունների ժամանակ բազմաթիվ մարդկանց մահվան կապակցությամբ: Հանձնախումբը Ղազախստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ հետաքննել միջադեպը ու հոգ տանել, որպեսզի անվտանգության ուժերը հասարակական կարգը պաշտպանելիս բռնության չդիմեն: Հեռուներից խոսել է նաև Human Rights Watch կազմակերպությունը՝ հանդես գալով Ժանաոզեն քաղաքում հեռուստահաղորդակցման ծառայությունները վերականգնելու օգտին: «Առանց արտաքին աշխարհի հետ շփման միջոցների Ժանաոզենի բնակիչները չափազանց խոցելի են»,- ասել են նրանք: Մյուս քայլերի մասին արդեն կարելի է կռահումներ չանել: Սցենարը վաղուց ծանոթ է, դերակատարները՝ նույնպես: Ինչպես ասում են, ոչինչ նոր չէ այս լույսի տակ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Պատերազմ ձկնորսների ու վտանգավոր մտքերի դեմ

19 Դկտ

Ադրբեջանի բանակը մտել է սեփական երկրի Լենքորանի շրջանը: Հազիվ թե որևէ հիմնավորում կամ բացատրություն ի զորու լինի մեղմել կատարված փաստի արտակարգ լինելու հանգամանքը: Երբ իշխանությունը սեփական տարածքում կարգուկանոն հաստատելու համար դիմում է զինված ուժերի օգնությանը, սա արդեն իսկ նշանակում է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և մնացել է միջոցներից ծայրագույնը՝ կոպիտ ուժի գործադրումը:
Եթե անդրադառնալու լինենք բուն դեպքերի ընթացքին, ապա ըստ տեղեկությունների, զորքի ներկայության հիմնական պատճառը Լենքորանի թալիշաբնակ Նարիմանաբադ գյուղի բնակիչների բախումն է սահմանապահների ու ոստիկանության հետ, որը սկսվել է այն բանից հետո, երբ սահմանապահները թույլ չեն տվել նրանց ձուկ բռնելու համար ծով դուրս գալ: Զինվորականները ձկնորսներից կաշառք են պահանջել, իսկ երբ սրանք հրաժարվել են վճարել, այդ ժամանակ սահմանապահները ձերբակալել են 9 գյուղացիների: Զայրացած բնակիչները պահանջել են ազատ արձակել նրանց, ինչից էլ արյունալի բախում է սկսվել, որի արդյունքում մի գյուղացի սպանվել է, 9 հոգի վիրավորվել են, իսկ տեղաբնակներն էլ իրենց հերթին պատանդ են վերցրել մի սպայի: Ի վերջո իրավիճակն այնքան է լարվել, որ իշխանությունները ստիպված են եղել զորք մտցնել ինչպես Նարիմանաբադ, այնպես էլ Լենքորան:
Առաջին հայացքից կարող է այն տպավորությունը ստեղծվել, որ եղածը մի իրավիճակ է, ինչը շատ է հիշեցնում «Մի կաթիլ մեղրի» պատմությունը: Սակայն հակասությունն իրականում շատ ավելի խորը արմատներ ունի, իսկ բախումները ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը կլինեն: Հենց այս նույն գյուղում ավելի վաղ, իրենց իրավունքները ոտնահարվելու պատճառով, գյուղացիները պատանդ էին վերցրել նաև բանակցելու եկած Լենքորանի գործադիր իշխանության ղեկավարին, որին բաց էին թողել միայն ճնշումների ու խոստումների արդյունքում: Իսկ ընդհանրապես, համաձայն պաշտոնական տվյալներով, թալիշների թիվն Ադրբեջանում 80 հազար է, սակայն թալիշներն ասում են, որ այդ թիվը 10 անգամ նվազեցված է: Ադրբեջանում իրանալեզու թալիշները էթնիկական հողի վրա հաճախ են ենթարկվում բռնաճնշումների, ինչի պատճառով թալիշ առաջնորդներն արդեն մի քանի անգամ պաշտպանություն են խնդրել համաշխարհային հանրությունից ու Իրանից: Ոչ ոք չի մոռացել, թե տարիներ առաջ ինչպես Ադրբեջանի այս վարչական տարածքը անկախություն հռչակեց, արդյունքում ենթարկվեց դաժան ճնշումների, իսկ շարժման առաջնորդները նետվեցին բանտերը կամ արտաքսվեցին երկրից: Այնպես որ ձկնորսների հետ կապված միջադեպը և զորքերի ներկայությունը որքան էլ պաշտոնական Բաքուն ցանկանա ներկայացնել իբրև կենցաղային խնդրի արդյունքում ծագած հակասություն, միևնույն է, թե այդ երկրի ներսում և թե նրա սահմաններից դուրս բոլորն էլ հասկանում են՝ որտեղ է թաղված շան գլուխը:
Ասվածը հիմնավորող լավագույն ապացույցը դարձավ նույն օրերին տեղի ունեցած ևս մի նշանակալի դեպք, ինչն առանձնակի ուշադրության է արժանի: Խոսքն այն բաց նամակ- հայտարարության մասին է, որն ընդունվեց Ադրբեջանի բնիկ ժողովուրդների մի շարք հասարակական կազմակերպությունների և առաջնորդների կողմից՝ ուղղված հանրապետությունում ապրող իրենց ազգակիցներին, և անմիջապես լայն տարածում գտավ դրսի լրատվամիջոցներում: Այդ փաստաթուղթն առանձնահատուկ էր նրանով, որ անմիջականորեն առնչվում էր հայերիս ու ներկայացնում էր ինչպես թալիշների, այնպես էլ հարևան երկրում բնակվող մյուս ազգային փոքրամասնությունների վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: «Ահա արդեն ավելի քան 20 տարի է, ինչ Ադրբեջանի ղեկավարությունը մեր ժողովուրդներին ստիպում է պատերազմել Արցախ-Ղարաբաղի հայերի հետ: Հավանաբար դա ամենամեծ անարդարությունն է, որին Ադրբեջանի բնիկ ժողովուրդներն ակամա մասնակցում են: Արդեն 20 տարուց ավելի է` մեր պատանիներն իրենց ջահել կյանքն են վտանգում և զոհվում հանուն ադրբեջանցիների շահերի: Զոհվում են իրենք, սպանում մեր դարավոր հարևաններին` հայերին: Եվ այդ ամենն այն բանի համար, որպեսզի ամրապնդել Բաքվի իշխանությունը մեր հայրենիքում: Աշխարհում ոչ ոք չի կարող մեզ բացատրել, թե ինչու լեզգիները, թալիշները, ավարները, ցուխուրները, ուդիները, ռութուլները պետք է կռվեն հայկական լեռներում: Բաքուն ասում է, թե մենք պետք է հայրենիքը պաշտպանենք թշնամուց: Բայց մի՞թե Ղարաբաղը մեր հայրենիքն է հանդիսանում: Եվ մի՞թե հայերը մեր թշնամիններն են հանդիսանում»,- այսպիսի տողերով էր սկսվում այդ ընդարձակ նամակը՝ պատմական անդրադարձ կատարելով 1988-94 թթ. իրադարձություններին և փորձելով բացատրություն գտնել այն հարցերին, թե ինչպե՞ս պատահեց, որ թալիշների, լեզգիներ, ավարների և մյուսների արյան գնով ամրապնդվեց Ալիևների դինաստիան, իսկ հետո իրենց հողերում սկսեցին բնակություն հաստատել Ղարաբաղից, Նախիջևանից ու Վրաստանից եկած ադրբեջանցիներն ու քրդերը: Սակայն սա դեռ ամենամեծ ողբերգությունը չէ, որ գիտակցում են բնիկները: Նրանց համար տեսանելի է նաև վաղվա օրը, երբ վարչակարգը իր ուժերը կուղղի նաև իրենց դեմ: «Մեզնից խլում են մեր պատմությունը: Մեզնից խլում են լեզուն: Մեզնից խլում են մշակույթը: Մեզնից խլում են Հայրենիքը: Եվ ամենաբարձրյալ Ալլահի կողմից արգելված այդ արարքում մենք ինքներս` մեր լռությամբ ու անգործությամբ, օգնում ենք թշնամուն»,- գրում են նրանք: Ու որպեսզի չկատարվի այդ մեծ անարդարությունը, պետք է սկսել առաջին քայլից: Իսկ իբրև առաջին քայլ հայտարարության հեղինակները համարում են հետևյալը. «Մենք պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ հայ ժողովրդի թշնամիներ չենք հանդիսանում: Հայերի և մեր ժողովուրդների պատմությունը միահյուսվել է մեր օրհնյալ հողում, խոր արմատներ ձգել, և մենք իրավունք չունենք մեր ընդհանուր թշնամիներին թույլ տալ թշնամանք և ատելություն բորբոքել մեր միջև: Մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում վճռականորեն հրաժարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանում Ադրբեջանի զինված ուժերում ծառայելուց»:
Քաղաքացիական անհնազանդության այդ բացահայտ կոչն իր տեսակի մեջ աննախադեպ է: Եվ եթե նույնիսկ ներկա պահին դա մնա անարձագանք կամ համարվի անիրագործելի, միևնույն է, սա կարող է կարևոր նախաքայլ դիտվել հետագա ընթացքի համար: Այն առաջին հերթին լուրջ տեղաշարժ է գիտակցական հարթության վրա: Իսկ այդպիսի փոփոխությունները թողնում են իրենց նստվածքը՝ հետզհետե ձևավորելով այն հիմքը, որի վրա պիտի կառուցվի հանրության ինքնահաստատման ու դրսևորման ծրագիրը:
Այս տեսանկյունից ոչ պակաս հատկանշական էր այն երրորդ դեպքը, որ դարձյալ տեղի ունեցավ այս օրերին, և այստեղ արդեն անհնազանդության ռևանշը նախաձեռնել էին Լենքորանի թալիշ հոգևորականները: Վերջիններս պահանջում էին վերացնել Կովկասի մահմեդականների վարչությունը և դրա փոխարեն Թուրքիայի օրինակով Կրոնական գործերի նախագահություն ստեղծել: Պատճառը չէր տարբերվում նախորդներից՝ բռնությունները հոգևորականներ դեմ: Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին ուղղված նամակում նրանք բաց տեքստով գրում էին. «Մենք ընդհանրապես հիասթափվել ենք Ձեզնից և Կովկասի մահմեդականների վարչությունից: Ցարիզմի ու խորհրդային վարչակարգի մնացուկ այդ կառույցը այլևս կորցրել է իր նշանակությունը: Չնայած իր հնչեղ անվանը, Կովկասի մահմեդականների վարչության գործունեությունը սահմանափակվում է զուտ Ադրբեջանով»:
Թվարկված բոլոր իրադարձություններն, անկասկած, ընդգրկվում են միևնույն համատեքստում: Ու Բաքվի կայացրած վճիռը՝ զորքեր ուղարկել Լենքորան, հազիվ թե նպատակ ունի հանդարտեցնել մի քանի զայրացած ձկնորսների: Բանակը թալիշների հող է մտնում շատ ավելի կարևոր առաքելությամբ՝ արմատախիլ անելու այն ծիլերը, որոնք վաղը կարող են լուրջ անախորժություններ ստեղծել ալիևյան վարչակարգի համար: Բայց թե որքանով դա կպսակվի հաջողությամբ՝ առայժմ ոչ ոք գուշակել չի կարող: Այժմ միայն կարելի է վստահաբար պնդել, որ այլ երկրներում նման միջոցները հազվադեպ են արդյունավետ եղել:

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

ՍՅՈՒՅ ՍՅՈՒԵՄՈ

17 Դկտ

Դժբախտությունները, որ վրա են հասնում ջրհեղեղներից, հրդեհներից և ավազակներից, փլվում են առաջին հերթին աղքատների գլխին, չարիքները, որ ծնունդ են առնում ունայնամտությունից ու փառասիրությունից, սովորաբար հետապնդում են մեծատոհմիկներին ու հարուստներին: Նույնիսկ պետության ամենանշանավոր այրերը մի անգամ կյանքում նվաստացուցիչ ծանուցագիր են ստանում` երբ նրան հարազատ գյուղ են ուղարկում: Նույնիսկ ռամիկներից ամենաանարժանը մի անգամ կյանքում գովասանքի խոսքի է արժանանում` երբ նա ի հող է դրվում:
Բարի գործոց մեջ հարկ է միայնակ վարժվել: Ահա թե ինչու մարդիկ ըստ ինքյան են բարի դառնում: Չարիք գործելու համար պետք է համաձայնության մեջ լինել: Ահա թե ինչու առևանգիչը միշտ իր հետ հանցակիցներ է վերցնում: Պատահում է, որ կարիքն ու քաղցը ստիպում են վեհանձն այրին օգնություն խնդրել, բայց նա դա արժանապատվորեն է անում: Անելանելի վիճակում կործանվել են նույնիսկ այրերից իմաստնագույնները, բայց նրանք իրենց մասին հավերժական հուշ են թողել:
Հարստությունն ու անվանի լինելը չեն վազում վեհանձն այրի ետքից, քանի որ նա ինքը չի վազում դրանց ետևից: Հաջողությունն ու փառքը անշուշտ վրա կհասնեն նպատակաուղղված մարդուն, որովհետև նրանք պայքարում են դրա համար՝ գետին դեմ առած մարտիկների նման:

Մի չկայացած աղետի տեսլականը

16 Դկտ

Իրանի գլխին հետզհետե կուտակվող սև ամպերի հեռանկարը երբեք Հայաստանի համար միևնույն չեն եղել: Մեր երկրում հրաշալի հասկանում են դրա հետևանքները: Սակայն այն «ապոկալիպսիսը», որն օրերս ներկայացրեցին ռուս վերլուծաբաններն ու ռազմական մասնագետները, ստիպում է փոքր-ինչ այլ հայացքով նայել իրականության աչքերի մեջ և պատրաստ լինել ամենամռայլ զարգացումներին: Մյուս կողմից թերևս պետք է հասկանալ, որ տվյալ պարագայում չի բացառվում գույներն անհարկի խտացնելու միտումը՝ ստեղծելով մի տպավորություն, որը չի կարող իր անդրադարձը չունենա ինչպես փոխադարձ վերաբերմունքների, այնպես էլ ապագա զարգացումները գնահատելու կողմնորոշման վրա:
Ի՞նչ են ասում այդ աղբյուրները: Նախ, նրանք վստահեցնում են, թե Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հավանական հարձակման դեպքում Ռուսաստանը համարժեք հարված է նախապատրաստում, որի աշխատանքներն ընթանում են արդեն մեկ տարի: Սակայն տարվող միջոցառումների շրջանակում մեզ առավել հետաքրքրական են այն քայլերը, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանին: Իսկ այս մասին ասվում է, թե Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանն օպտիմալացվել է 2011 թ. հոկտեմբեր- նոյեմբերին և զինծառայողների ընտանիքները տեղափոխվել են Ռուսաստան: Դրա հետ մեկտեղ Երևանի մոտակայքում տեղակայված կայազորը կրճատվել է և տեղափոխվել Գյումրի`թուրքական սահմանի մոտ: Այսինքն, ենթադրվում է, որ հենց Թուրքիայի տարածքից ամերիկացիները կարող են հարված հասցնել, իսկ հարվածն էլ ուղղված կլինի անմիջականորեն մեր տարածքներին, այլապես ընտանիքների էվակուացիան այլ շարժառիթներ չէր կարող ունենալ:
Թե ինչ խնդիրներ պետք է կատարի 102-րդ ռազմակայանը, տվյալ պահին այնքան էլ պարզ չէ: Սակայն վերլուծաբանները միակարծիք են այն հարցում, որ, համաձայն իրենց ստացած տպավորությունների, ՌԴ պաշտպանության նախարարությունը մտահոգված է Հայաստանում տեղակայված ռազմակայանով, ինչը գնահատվում է ոչ այլ կերպ, քան Կովկասում Ռուսաստանի պատվար: Կրեմլն ակնհայտորեն զգուշանում է, որ ռազմակայանը կարող է դադարել՝ լինել աշխարհաքաղաքական ակտիվ, ինչի կորուստը պատերազմական գործողությունների մեկնարկի դեպքում աղետալի կլինի ռուսների համար: Միայն թե մխիթարիչ հանգամանքները քիչ են: Ընթացիկ տարվա ապրիլին Վրաստանը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, որը թույլ էր տալիս Ռուսաստանին ռազմական տարանցում իրականացնել դեպի Հայաստան: Ստացվում է այնպես, որ այժմ ռուս-հայկական զորախմբերը պարզապես մեկուսացված են այդ վայրում: Ռուսական զորակազմին անհրաժեշտ վառելիքը, սննդամթերքը և մնացած ամեն բան պետք է տեղափոխվի օդով: Իսկ Իրանում պատերազմի բռնկման պարագայում նման չվերթները կարող են դառնալ ոչ միայն դժվար, այլև նույնիսկ անհնար: Այս հանգամանքի առնչությամբ Կովկասում ռուսական բանակի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևն ասել է, թե Իրանում պատերազմը կստիպի Ռուսաստանին Վրաստանի տարածքով Հայաստանի զորակազմի համար մատակարարումների նոր ուղեգիծ փնտրել:
Սրա հետ մեկտեղ, և ոչ բոլորովին անհիմն, մտահոգիչ կանխատեսումներ են շրջանառվում այն մասին, թե իրադարձությունների աղետալի զարգացման պայմաններում ինչպես իրեն կդրսևորի Ադրբեջանը: Մասնավորապես, Քաղաքական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը խոստովանել է, որ Ռուսաստանը խիստ կասկածամտորեն է վերաբերվում ադրբեջանցիներին: Իսկ դրա համար հիմքերն առավել քան բավարար են: Այդ երկիրը վերջին երեք տարում ավելացրել է իր ռազմական բյուջեն, անօդաչու ինքնաթիռներ և ժամանակակից այլ զինատեսակներ գնել Իսրայելից: Ավելորդ չէ վերհիշել, որ Բաքուն նույնիսկ ճնշում է գործադրել Ռուսաստանի վրա` Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի օգտագործման համար ավելի բարձր վճար պահանջելով: Ու եթե դեռ ոմանք կարծում են, թե Ադրբեջանը ավելի հեռուն չի գնա և ուղղակի մասնակցություն չի ունենա Իրանի դեմ ռազմական արշավանքին, ապա քչերն են բացառում, որ Բաքուն իր հարվածի նշանակետ կունենա մեկ այլ ուղղություն՝ Լեռնային Ղարաբաղը: Նրանք կարող են հարված հասցնել Հայաստանին և ԼՂՀ-ին`տարածքները վերադարձնելու նպատակով, իսկ այդ պարագայում շատ բան կախված կլինի Ռուսաստանի վարքագծից: «Եթե Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ Իրանում պատերազմն օգտագործի Հայաստանում իր «փոքր» պատերազմի համար, Ռուսաստանը և հայկական զենիթային ուժերը կապահովեն օդից պաշտպանությունը Հայաստանի ողջ տարածքում: Տվյալ պահին դա չի կարող դիտարկվել որպես մասնակցություն մարտական գործողություններին: Ռուսական բանակը չի մասնակցի ռազմական գործողություններին Ղարաբաղի տարածքում, այդ մասին խոսք անգամ չի կարող լինել: Այնուամենայնիվ, ռուսական բանակը, հավանաբար, ստիպված կլինի պայքարել Հայաստանի ներսում, երբ զորքերն իրենք գտնվեն վտանգի տակ»,- հիշյալ հեռանկարի առիթով ասել է ռազմական փորձագետ, գնդապետ Վլադիմիր Պոպովը:
Հասկանալի է, որ այս ամենը դեռևս միայն ենթադրություններ են, թեև ոչ անհավանական: Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված ռազմակայանին, ապա վերջին օրերի ընթացքում այնտեղ կատարված դեպքերը լուրջ տագնապների և անհանգստությունների տեղիք չեն տալիս: Վերջերս հայտնի դարձավ, որ պահեստազոր ուղարկված անձնակազմի փոխարեն ժամանել են նոր սերժանտներ ու զինվորներ, ովքեր նախապատրաստություն են անցել Հարավային և Կենտրոնական զինվորական օկրուգների ուսումնական կենտրոններում: Զինվորականների ժամանակին տեղափոխումը կազմակերպելու համար ավելի քան 50 ավիաթռիչք էր իրականացվել, սակայն ռազմակայանում անձնակազմի թվի փոփոխություն տեղի չի ունեցել: Սրա հետ մեկտեղ տեղեկություն տարածվեց նաև այն մասին, որ ռազմակայանի ուսումնամարզական համալիրների նյութատեխնիկական բազան 30 տոկոսով թարմացվել է, մասնավորապես, պարապմունքներին պատրաստ են միավորման տանկակայանը, ավտոդրոմը, տանկային դիրեկտրիսան և զինվորական հրաձգարանը, նորոգվել են հսկիչ անցակետերը, ինչպես նաև զինամթերքի կառավարման և հանձնման կետերը: Բացի այդ, ամբողջովին վերականգնվել է ստորաբաժանումների ուսումնանյութական բազան, որն օգտագործվում է դաշտային պարապմունքների ժամանակ:
Այս ամենի հետ մեկտեղ, տարօրինակ զուգադիպությամբ, հենց երեկ ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում համաձայնություն տվեց «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի տեղաբաշխման կետերի և դրանց տեղաբաշխման և օգտագործման համար ՀՀ սեփականությունը հանդիսացող հողատարածքների, զորանոցային և բնակելի ավանների հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Թե այս ամենը ինչ կարող է նշանակել, թողնում ենք ընթերցողի հայեցողությանն ու եզրահանգմանը: Միայն նշենք այն մասին, որ Հայաստանում «իրանական սցենարի» շուրջ կա մտահոգություն, սակայն չկա խուճապ: Երկրի իշխանություններն իրենց հերթին շարունակում են պահպանել խորը լռություն: Միայն թե դա երբեմն նմանվում է այն լռությանը, որը լինում է մեծ փոթորկից առաջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Վրաստանի նոր «փրկիչը»՝ Իվանիշվիլին

15 Դկտ

Երբ այս տարվա աշնանը վրաց միլիարդատեր, գործարար ու մեկենաս Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց այն մասին, թե մտադիր է ստեղծել քաղաքական կուսակցություն` Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, առաջին անգամ վրացիները հարց տվեցին մեկը մյուսին. «Իսկ ի՞նչ գիտենք նրա մասին»: Պարզվեց՝ գրեթե ոչինչ: Շատերը նույնիսկ նրան արտաքնապես չէին ճանաչում: Հետո հիշեցին, որ դեռ ընթացիկ տարվա մայիսին գործարարի մամուլի ծառայությունը տարածել էր մի ինչ-որ տարօրինակ հայտարարություն, որտեղ Իվանիշվիլին քննադատել էր գործող իշխանություններին, սական էական որևէ բան այդպես էլ չէր ասել: Հիշեցին նաև, որ Իվանիշվիլին հաճախ էր հայտնվում Ռուսաստանի ամենհարուստ հարյուր մարդկանց ցուցակում, կարողությունը գնահատվում էր 5,5 միլիարդ դոլար, իսկ բիզնեսի մի մասն էլ հայրենիքում էր: Եվ այս ամենով հանդերձ Իվանիշվիլին լրջորեն մտադրվել էր վերադառնալ:
Նրա վերադարձը տհաճ անակնկալ էր հատկապես իշխանությունների համար: Պատահական չէ, որ Թբիլիսիիում անմիջապես լուրեր տարածվեցին այն մասին, թե այդ տեղեկությունն առնելուց հետո նախագահ Սահակաշվիլին չի կարողանում դուրս գալ շոկից և դեպրեսիայից։ Գուցե սրանք փոքր-ինչ չափազանցված որակումներ էին, սակայն հստակ էր նաև այն, որ Սահակաշվիլին վերջին տարիներին մեծ ջանքեր էր գործադրել իր երկրի ընդդիմության վարկանիշն ու շանսերը զրոյացնելու ուղղությամբ, ու հանկարծ հայտնվում է մեկը՝ սպիտակ ձեռնոցներով ու ծանր գրպաններով, հայտարարում է, թե պատրաստվում է հաղթել նրան, իսկ հասարակությունն էլ իր հերթին անվերապահորեն հավատում է այդ խոսքերին: Բացի այդ, եթե առաջներում Վրաստանի ընդդիմությունը թույլ էր, պառակտված և ֆինանսական լուրջ հենարան չուներ, իսկ նախագահն էլ իր ղեկավարած կուսակցությամբ ճնշող մեծամասնություն է կազմում խորհրդարանում, այսինքն՝ իշխանության վերարտադրության ճանապարհին որևէ խոչընդոտ չէր տեսնում, ապա հիմա միլիարդատեր Իվանիշվիլին խառնեում է հաշիվները և մարտահրավեր նետում բոլորին: Պետք էր անմիջապես ինչ-որ բան ձեռնարկել: Եվ վերնախավը գործի անցավ:
Առաջին իսկ օրերից հայտարարվեց, թե նա Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի «պրոեկտն է», հրաժարվեցին նրան քաղաքացիություն տրամադրել, իսկ իշխանամետ լրատվամիջոցները շրջանառության մեջ դրեցին մտքերն այն մասին, որ հենց այն ժամանակ, երբ վերջին 20 տարվա ընթացքում քաղաքացիական պատերազմ, հեղափոխություն և Ռուսաստանի հետ ռազմական հակամարտություն տեսած Վրաստանը սկսեց նորմալ երկրի նմանվել, իսկ դրա քաղաքական կյանքը նույնիսկ սկսեց ձանձրալի դառնալ, հայտնվում են մարդիկ, ովքեր փորձում են վայելել այն ձեռքբերումների պտուղները, որոնց ստեղծմանն իրենք մասնակցություն չեն ունեցել: Գրեցին նաև, թե Իվանիշվիլին ինչպիսի դղյակ է կառուցել՝ թռիչքուղիով և փոքր ջրվեժով, իսկ տարածքը պաշտպանում է նրա անձնական բանակը և նման այլ բաներ: Սակայն հակաքարոզչական հնարանքների արդյունքներն աննշան էին: Մեծ համբավը Իվանիշվիլիից ավելի արագ էր սլանում: Նա արդեն ուներ ամենահարուստ և առեղծվածներով լի մարդ անուն, ով գաղտնի բարեգործություններ էր իրականացնում, աշխատավարձ էր վճարում դերասաններին, եկեղեցիներ ու թանգարաններ էր վերանորոգում, կառուցել էր երկրի ամենամեծ տաճարը և դեռ ուրիշ շատ ու շատ բաներ: Եվ այս իմաստով նա իսկապես նոր ֆենոմեն էր Վրաստանի քաղաքական երկնակամարում, ով հաշված շաբաթների ընթացքում գլխիվայր շուռ տվեց Վրաստանի ներքաղաքական կյանքը։
Սակայն ճիշտ չի լինի պնդել, թե հասարակությունը նրան միանշանակ է ընդունում: Ոմանք փաստում են, որ Իվանիշվիլին փոխել է խաղի կանոնները, ինչը մարդկանց մեջ նոր հույս է ծնում։ Ոմանք էլ խորհուրդ են տալիս սպասել, քանի դեռ նորահայտ գործիչը չի ներկայացրել իր քաղաքական ծրագրերը։ Իսկ նոր ժամանակի հերոսն այդ ընթացքում համեստություն է խաղում, իր համախոհներին խնդրում է չիդեալականացնել իրեն ու ապագայի մասին տեղեկացնում է, թե մտադիր է նոր կառավարություն ձևավորել, փոխել համակարգը և դրանից անմիջապես հետո… հրաժարական տալ։
Իհարկե, Իվանիշվիլիի նմանները այդքան հեշտությամբ հրաժարական չեն տալիս: Բայց քանի որ այդ ճակատագրական օրը դեռևս մշուշոտ ապագայի մեջ է, այդ իսկ պատճառով Իվանիշվիլին առայժմ տարված է իր նոր գաղափարներով ու մտադրություններով: Իսկ ի՞նչ է ասում նա, ինչպե՞ս է տեսնում իր երկրի վաղվա օրը, ի՞նչ է պատրաստվում իրագործել, որ չեն արել ներկա իշխանությունները: Առաջինը, ինչի մասին նա խոսեց, այն էր, որ իշխանության գալու դեպքում մտադիր չէ ամեն օր ԱՄՆ-ին և Եվրամիությանը հիշեցնել, թե Ռուսաստանը պետք է անհապաղ վտարվի օկուպացված տարածքներից։ «Իշխանությունն իր ռազմավարությամբ վրացական հասարակության աչքում վարկաբեկում է արևմտյան դաշնակիցներին, ողջ պատասխանատվությունը նրանց վրա է գցում, իսկ ինքը բռունցք թափահարելուց բացի այլ բան չի անում»,–նշեց նա և ապա պարզաբանեց, թե միջազգային հանրության մասնակցությամբ և աջակցությամբ անհրաժեշտ է «երկխոսության ռեժիմ» ստեղծել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ու փորձել վերականգնել վստահությունը։ «Ճգնաժամերը կարող են մեծ փոփոխություններ առաջ բերել աշխարհաքաղաքականության մեջ, և ես չեմ բացառում, որ այդ գործընթացները կարող են լինել մեր օգտին։ Դրա համար էլ մեր տարածքների վերադարձը կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քան մենք կարող ենք դա պատկերացնել»,- հայտարարեց Իվանիշվիլին՝ իր ողջ քաղաքական գործունեության հույսը դնելով պատեհության և ենթադրյալ իրավիճակային ցնցումների վրա:
Սա, իհարկե, լուրջ դիտվել չի կարող: Բայց դա չի խանգարում նրան մեկ անգամ ևս ընդգծել արտաքին քաղաքականության մեջ Վրաստանի համար եվրաատլանտյան ինտեգրացիայի նշանակությունը և պնդել, որ Վրաստանի համար կարևոր է իրական ինտեգրացիան, ոչ թե Եվրոպա «մուտքի» իմիտացիան: Իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, ապա, ըստ նրա, Վրաստանի անվտանգության շահերը ենթադրում են, որ դա այլընտրանք չունի։
Մի քանի օր առաջ տեղի ունեցավ քաղաքականացված միլիարդատիրոջ «Վրացական երազանք» ընդդիմադիր հասարակական շարժման շնորհանդեսը: Մեկնարկն արդեն տրված է: Իրենց հերթին «Մեր Վրաստանը. ազատ դեմոկրատներ» և Հանրապետական կուսակցությունները համաձայնել են Բիձինա Իվանիշվիլիի հետ կոալիցիա ձևավորել։ Նշվում է, որ վերոհիշյալ կուսակցություններից բացի կոալիցիայի մեջ այլ ընդդիմադիր շարժումներ են մտնելու։ Արդեն խորհրդակցություններ են անցկացնում Պահպանողական և Ժողովրդական կուսակցությունների հետ։ Այդ ընթացքում հայտնի դարձան Սոցիոլոգիական հետազոտության և վերլուծական կենտրոնի կողմից անցկացրած հարցման արդյունքները, ըստ որոնց, եթե առաջիկա օրերին Վրաստանում տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, ապա Թբիլիսիում հարցվողների 39,6 տոկոսը կքվեարկի Իվանիշվիլիի, իսկ 23,9-ը` իշխող «Ազգային շարժման»՝ այսինքն Սահակաշվիլիի օգտին:
Սա, ինչ խոսք, վատ նախանշան է: Բայց արի ու տես, որ ոչ բոլորն են հավատում երկու հակամետ ճակատների իրական մրցակցությանը: Այս օրերին ավելի ու ավելի լայն տարածում է գտնում այն կարծիքը, թե հանրությունն ընդամենը հանդիսատեսն է մի մեծ ու լավ կշռադատված խաղի: Իսկ ճշմարտությունն այն է, որ խորհրդարանական և նախագահական հաջորդ ընտրություններից հետո Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ու գործարար Բիձինա Իվանիշվիլին մտադիր են միասնական կառավարություն ստեղծել, որտեղ վարչապետը կլինի Սահակաշվիլին, իսկ խորհրդարանի ղեկավարը`Իվանիշվիլին, կամ էլ հակառակը: «Միշիստական եւ բիձինիստական ուժերի միջև համաձայնությունը արդեն կայացել է»,- պնդում են արմատական ընդդիմության ներկայացուցիչները, իսկ Վրաստանի քաղաքացիները արձագանքում են. «Ոչինչ բացառված չէ»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Բաքվի ու Թեհրանի միջև վազվզող սև կատուն

14 Դկտ

Հետզհետե շատ ավելի դժվար է դառնում հանրությանը համոզել, թե ադրբեջանա-իրանական հարաբերությունները նախկինի պես ջերմ են ու բարեկամական: Երկու երկրները շարունակում են ճաշակել այդ հարաբերությունների իրական պտուղները, որոնք դառն են ու դժվարամարս, իսկ վերջին շաբաթների իրադարձությունները բոլորովին նոր փուլ են կանխորոշում Բաքու-Թեհրան մրցամարտում, որի ավարտը չի նշմարվում, փոխարենը հստակ գծագրվում են դրանից բխող հետևանքները:
Կարելի է պայմանականորեն ասել, որ վերջին զարգացումների համար պատրվակ դարձավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովի Թեհրան կատարած այցը: Ենթադրվում էր, թե այդ առաքելության միջոցով Բաքուն պատրաստվում է «բարիշել» Իրանի հետ ու մոռացության տալ հին վիրավորանքները: Հասանովը 3 օր մնաց Թեհրանում, խոստումների ու երդումների պակաս չզգացվեց, համաձայնություն ձեռք բերվեց լրատվական ոլորտում ադրբեջանա-իրանական համագործակցության խորացման վերաբերյալ, բայց նրա վերադարձից անմիջապես հետո Բաքվի օդանավակայանում թույլ չտվեցին երկիր մուտք գործել Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի ներկայացուցչության ղեկավար Ահմադ Քազիմին և ընտանիքի հետ վտարեցին Ադրբեջանից: Հանկարծակիի եկած Իրանի ԱԳՆ-ը փաստի կապակցությամբ չփորձեց թաքցնել հիասթափության աստիճանը: «Մենք զարմացած ենք, որ Ալի Հասանովի` իրանյան այցից կարճ ժամանակ անց նման անհարմար միջադեպ է տեղի ունենում: Հուսով ենք, որ Բաքուն կփոխհատուցի և որքան հնարավոր է շուտ կուղղի իրանցի պաշտոնյայի հանդեպ կատարված անհիմն քայլը»,- հայտարարեց ԱԳՆ-ն, իսկ իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներն էլ ավելի կոշտ կեցվածք որդեգրեցին՝ պահանջելով, որ Բաքուն ներողություն խնդրի և վերանայի իր որոշումը: «Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ-ից պահանջում ենք բողոքի նոտա հղել Ադրբեջանի դեսպանին և Թեհրանից վտարել Ադրբեջանի ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչներին»,- նշում էին իրանցի լրագրողները:
Սակայն երկու կողմերն էլ հրաշալի հասկանում էին, որ պատահածը ոչ թյուրիմացություն էր, ոչ էլ բացառիկ դեպք: Առանց այդ էլ Ադրբեջանը վերջին ամիսներին իսլամականներին հալածանքների ենթարկելու հետ մեկտեղ սահմանափակում էր Իրանի` Ադրբեջանում ունեցած կառույցների գործունեությունը, հրաժարվում էր մուտքի վիզա տրամադրել Իրանի պաշտոնական ներկայացուցիչներին, իսկ Բաքվի մամուլն իր հերթին սկսել էր հաճախ անդրադառնալ այսպես կոչված «իրանական սպառնալիքին»` պնդելով, որ պարսիկները լուրջ վտանգ են ներկայացնում Ադրբեջանի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, և իբրև ասվածի հիմնավորում մեջբերում էին արևմտյան թերթերում շրջանառված այն տեղեկությունը, թե իբր Իրանը նախատեսում է 2012-ին երկու խոշոր ահաբեկչական ակտ և մեկ սպանություն իրականացնել Ադրբեջանում, որոնք հանգեցնելու են բնակչության շրջանում քաոսային իրավիճակի ստեղծմանը: «Դա էլ իր հերթին նպաստելու է Ադրբեջանում զանգվածային անկարգությունների ու դժգոհությունների ալիքի բարձրացմանը: Երկրում կայունությունը խախտվելու է, ինչն էլ ստիպելու է իր հեղինակությունը կորցրած նախագահ Իլհամ Ալիևին հրաժարական տալ»,-գրում էին այդ աղբյուրները՝ «գունավոր հեղափոխությունների» կիրառման տեխնոլոգիաներում իրենց հմտության աստիճանը վերագրելով Իրանին: Մի խոսքով, մեղադրանքների պակաս չկար:
Մինչ ադրբեջանցիները փորձում էին հավաստիացնել, թե Իրանն անհիմն կասկածներ ունի, որ Ադրբեջանը կարող է օգտագործվել Իրանի տարածքից հետախուզական տվյալներ հավաքելու համար, Թեհրանն իր հերթին, հաշվի առնելով աշխարհաքաղաքական շահերը, մատնացույց էր անում ադրբեջանա-իսրայելական համագործակցությանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը շարունակվում է զինվել իսրայելական զենքով: Դրա հետ մեկտեղ իրանցիներին ափերից դուր է հանում Ադրբեջանի հակաիրանական դրսևորումների հիմքում ընկած այն կարևոր հանգամանքը, ըստ որի Բաքուն այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի»՝ Իրանական Ատրպատականի տարածքի հանդեպ հավակնություններ ունի:
Ասվածին կարելի է գումարել նաև կրոնական գործոնի առկայությունը: Գաղտնիք չէ, որ Իրանի այաթոլահները հաճախ են իրենց ելույթներում շեշտում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության «հանցագործ ու հակաիսլամական» լինելու հանգամանքը: Իսկ օրերս Իրանում ազդեցիկ «Անսարի-Հզբոլլահ» կազմակերպության Թավրիզի բաժանմունքի ղեկավար, ախունդ Ռուհուլլահ Բեջանիի՝ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հղած նամակն ընդհանրապես յուղ լցրեց առանց այդ էլ բորբոքված կրակի վրա: Նախագահ Իլհամ Ալիևի հասցեին կոշտ արտահայտություններով լի նամակում «Հզբոլլահ»-ի ներկայացուցիչը վերջնագիր էր ներկայացրել Ահմադինեժադին՝ նշելով, որ Ադրբեջանի գոյությունը մեծ սպառնալիք է Իրանի համար: «Ադրբեջանում մզկիթները քանդվում, նրանց տեղում սինագոգներ են կառուցվում: Կրոնական ղեկավարները նետված են բանտերը, արգելված է կրոնի քարոզչությունը: Դուք պետք է այնպես հնազանդեցնեք Իլհամ Ալիևին, որպեսզի նա նման սխալներ չգործի, հակառակ դեպքում մենք այդ երկրի դեսպանատունը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ճակատագրին կարժանացնենք: Առաջին քայլը կլինի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի լրտեսական որջի վերածված Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության դեմ»,- սպառնացել էր Թավրիզի ախունդը:
Մեջբերված փաստերից հետո արդեն նույնիսկ ավելորդ է հիշատակել, թե ինչպես Իրանի ադրբեջանցիները Թավրիզի ֆուտբոլային մարզադաշտերում ցույցերի ալիք բարձրացրին, ինչպես է ադրբեջանական մամուլը հոդվածներ հրապարակում` պնդելով, թե իբր Իրանը նախատեսում է ձախողել ադրբեջանական «Եվրատեսիլ-2012»-ը, ինչպես է Բաքուն պատրաստվում լույս ընծայել հակաիրանական ուղղվածությամբ նոր օրաթերթ, որը ֆինանսավորվում է Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության (Մոսադի) կողմից, ինչպես Ստոկհոլմում կայացած կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Գաֆար Ալիևը հայտարարեց. «Փոխանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին աջակցելու, Իրանը մեր երկրի հանդեպ իրականացնում է ճնշման ու սպառնալիքների անընդունելի քաղաքականություն` խորացնելով ու զարգացնելով հարաբերությունները Հայաստանի հետ», և նմանատիպ այլ դրսևորումներ:
Ի վերջո, ինչպիսին էլ լինի ու գնահատվի այս լարվածության պատճառահետևանքային կապը, ներկա պարագայում հստակ է նաև այն, որ արևմտյան որոշ ուժերի ձեռնտու է Իրանի նկատմամբ լարված տրամադրությունների ստեղծումը, ինչը կարող է օգտագործվել Իրանի դեմ ուղղված անդրօվկիանոսյան ծրագրերի իրագործման նպատակով: Իսկ Ադրբեջանը Իրանի շուրջ սեղմվող օղակի կծկումների պայմաններում ջանում է շահել կրկնակի չափով՝ դուր գալ Արևմուտքին և հարվածել մրցակից հարևանին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ծուռ հայելիների թագավորությունում

13 Դկտ

Բաքվում ինչ-որ բան է կատարվում: Կամ այնտեղ հիմնավորապես խճճվել են իրենց իսկ նետած ցանցերի մեջ ու այլևս ի վիճակի չեն միանշանակ դիրքորոշում ձևավորել, կամ սկսել են հրապարակային մակարդակով մի այնպիսի խաղ խաղալ, որի հետևանքները հազիվ թե որևէ լավ բան խոստանան: Առաջինը, ինչն աչքի է զարնում, ադրբեջանցիներ բացահայտ առճակատումն է բոլոր կողմերի հետ: Ընդ որում, նրանց համար ամենևին էական չէ, թե խոսքն ինչի մասին է, քանի որ յուրաքանչյուր դեպքի համար պատրաստ կա միևնույն պատասխանը. «Այստեղ խառն է հայերի մատը»: Ասվածի վերջին և ամենաակնհայտ օրինակը դարձավ Բաքվի արձագանքը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթին, որտեղ վերջինս կոշտ քննադատության էր ենթարկել մարդու իրավունքների և ազատությունների վիճակն Ադրբեջանում՝ այդ երկրին համեմատելով Զիմբաբվեի հետ: Արձագանքը չուշացավ և այն եկավ հենց նախագահի աշխատակազմից: Աշխատակազմի արտաքին կապերի հարցերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ոչ միայն ծաղրական տոնով մեկնաբանեց Քլինթոնի հայտարարությունը, այլև Վաշինգտոնին մեղադրեց կողմնապահության մեջ՝ պնդելով, թե նրանք անտեսում են «հայկական ագրեսիայի» զոհ դարձած գրեթե 1 միլիոն ադրբեջանցի փախստականների և հարկադիր վերաբնակների իրավունքների խախտումները: Սակայն սա միակ մեղադրանքը չէր: Հետո Բաքուն պնդեց, թե Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից անբնական սեր գոյություն ունի: «ԱՄՆ-ում խորը լռություն են պահապանել նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանում կոպտորեն կեղծել են ընտրությունները, իսկ բողոքողների ցրման ընթացքում սպանվել է 30 մարդ։ Եթե նույնիսկ Հայաստանի բանտերում նստեն հարյուրավոր քաղբանտարկյալներ, իսկ իշխանությունները փակեն բոլոր ԶԼՄ-ները և հայտարարեն արտակարգ իրավիճակ՝ ԱՄՆ-ում կպահպանեն գերեզմանային լռություն։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ հայկական համայնքի առջև ինչ որ պարտավորություններ ունի, որն ինչպես մամլո կառույցներին, այնպես էլ պաշտոնական անձանց ստիպում է՝ բացասական գնահատականներ արտահայտել բացառապես Ադրբեջանի մասին, դրա հետ մեկտեղ՝ Հայաստանի մասին արտահայտվել միայն դրական առումով»,- հավելում էր Մամեդովը։
Այդպես էլ տարակուսանքի մեջ թողնելով բոլոր նրանք, ովքեր լիովին չըմբռնեցին, թե ի՞նչ պիտի շահեր Ադրբեջանը և ինչպե՞ս պիտի շտկվեր այդ երկրում մարդու իրավունքների վիճակը, եթե ամերիկացիները հայերին նույնպես քննադատեին, Բաքուն նույն ոգևորությամբ շարունակեց երկակի ստանդարտներ կիրառող նոր մեղավորներ փնտրել, և հաջորդ թիրախը դարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Դարձյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ստանձնեց միջնորդների «պորտը տեղը դնելու» առաքելությունը և Մինսկի խմբին մեղադեց նրա համար, որ Ղարաբաղի խնդրով բանակցություններն ու ձեռնարկվող քայլերը ցանկալի արդյունք չեն տալիս։ Բողոքելով, որ իբր արդեն 7 տարի բանակցություններն անցկացվում են նախ Պրահայի գործընթացի, այնուհետև մադրիդյան սկզբունքների հիման վրա, սակայն այդ ընթացքում միջազգային հանրությունը, իրենք՝ համանախագահները, և բանակցություններին մասնակցող Ռուսաստանի նախագահը հերթական անգամ ականատեսը դարձան տարբեր պատրվակներով բանակցային գործընթացը ձգձգելու Հայաստանի փորձերին, իսկ հայերի կողմից առաջ քաշած բոլոր առաջարկություններն էլ անընդունելի են համաշխարհային հանրության համար, Բաքուն եզրահանգում էր. «Մոտ 20 տարի է՝ համանախագահները անարդյունք այցեր են կատարում տարածաշրջան։ Կա՞ արդյոք այդ խմբի գործունեության շարունակման անհրաժեշտություն, եթե յուրաքանչյուր պետությունից մեկական պրոֆեսիոնալ քաղաքագետ չեն կարողանում միանալ այդ գործընթացին և արդյունավետ քայլեր ձեռնարկել: Այդպես շարունակվել չի կարող։ Նրանք պետք է կոնկրետ դիրքորոշում ցուցաբերեն և կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը՝ հայկական զորքերը դուրս բերեն օկուպացված տարածքներից։ Եթե կա միջազգային իրավունք, ապա դա պետք է կիրառել։ Այդ ժամանակ համանախագահներն էլ կիմանան, թե ինչ պետք է անել և կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր»:
Նույնիսկ ծիծաղելի է, որ առ այսօր Ադրբեջանում կարծում են, թե ինչ-որ մեկը պարտավոր է գալ և լուծել իր խնդիրները: Նրանք անկեղծորեն զարմանում են, երբ միջնորդներն ասում են՝ «Ինքներդ պայմանավորվեք, որպեսզի մենք աջակցենք»: Այս տարբերակը բոլորովին Բաքվի սրտով չէ: Ու քանի որ անհնար բան է խոստովանելը, որ ըստ էության որդեգրած քաղաքականությունը լիակատար ձախողում է ապրում դիվանագիտական դաշտում, հրապարակ է գալիս հաջորդ տարբերակը՝ այն է, նույն աղբյուրից երկու հակասական կարծիքներ հնչեցնելը կամ քայլեր ձեռնարկելը: Եվ ստացվում է, որ մինչ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը չի վստահում միջնորդներին, նույն երկրի ԱԳ նախարարությունը հաշված օրեր առաջ միանում է այն հայտարարությանը, որում իր երախտագիտությունն էր հայտնում համանախագահ պետություններին՝ նրանց կառուցողական գործունեության համար:
Վերադառնալով տարակուսանք հարուցող իրադարձությունների շղթային, չենք կարող չհիշատակել դրանցից նվազագույնը երեքը, որոնք որևէ տրամաբանության չեն ենթարկվում: Առաջինը մեր հարևանների բուռն մղումն է՝ այցելել Ղարաբաղ, ինչպես նաև կազմակերպել հայերի ու ադրբեջանցիների հանդիպումներ: Թվում է՝ դատապարտելի ոչինչ չկա. ուզում են՝ թող այցելեն: Սակայն նույնիսկ այս դեպքում նրանք խնդիրն այնպես են ներկայացնում, որ այլևս որևէ ցանկություն չի մնում շփման մասին մտածելու համար: Պնդելով, թե հայկական կողմն ամեն կերպ խուսափում է հանդիպումից, Բաքվում իսկույն հետևության են հանգում. « Երևի կառավարությունը նրանց թույլ չի տալիս դա անել», իսկ հետո ասում են մի բան, որն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է: Պարզվում է, որ հայկական և ադրբեջանական համայնքները արդեն մի քանի անգամ հանդիպել են, բայց արի ու տես, որ այս հերթական հանդիպման ժամկետը չի նշանակվել, ու դրա մեղավորը ռազմատենչ հայերն են:
Այն, որ ոչ մի հանդիպում էլ չի եղել ու չի սպասվում, բոլորը գիտեն: Իսկ սուտը քաղաքական կատեգորիա հռչակող Ադրբեջանում այս մեթոդը դեռ կիրառվում է ողջ թափով՝ ստեղծելով այն պատրանքը, թե իբր բարի կամքն ու պարզված ձեռքը չեն արժանանում ուշադրության: Ի դեպ, պատրանքների ոլորտում այնտեղ վաղուց լուրջ հաջողությունների են հասել: Այլ կերպ չես անվանի Բաքվի հերթական նախաձեռնությունը, որոնք դեռ որևէ հարց չլուծած արդեն խոսում են այն մասին, թե իբր… Ադրբեջանի և Հայաստանի միջև կքնարկվեն սահմանի սահմանագծման հետ կապված հարցերը։ Այդ մասին հայտնող Ադրբեջանի հողի և քարտեզագրության հարցերով պետկոմիտեի նախագահ Ղարիբ Մամեդովը հավաստիացնում է, թե այդ ուղղությամբ բանակցություններ են սպասվում Ադրբեջանի և բոլոր սահմանամերձ պետությունների միջև, և ըստ այդմ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղին պայմանական կարգավիճակ տրամադրել ու դա հաշվի առնել սահմանները գծելու կառավարության քաղաքականության ժամանակ:
Ահա այսպես, դեպքերից, իրադարձություններից, ժամանակից առաջ սլացող Ադրբեջանում այսօր քննարկում են են այնպիսի թեմաներ, որ կարծես Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է և ընդամենը մնացել են հարակից հարցերը, իսկ իրենք մտահոգ են օր առաջ դրանք կյանքի կոչելու համար: Ասվածին եթե գումարենք նաև այն, որ բոլորովին վերջերս այդ երկրի խորհրդարանում պետական բյուջեի շուրջ քննարկումների ժամանակ բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորման հարցը, ապա ամբողջական կդառնա այն մեծ աբսուրդը, որի մեջ խրվել են հարևանները և որևէ ցանկություն չունեն ձերբազատվել դրանից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱԼԻՍՏԵՐ ԿՐՈՈՒԼԻ

12 Դկտ

Արարեք ցանկալին, և թող դա լինի ձեր միակ օրենքը: Ես արգահատանք եմ տածում օրենքների հանդեպ: Դրանք ինձ համար արգելքների շարաններ են, որոնք խանգարում են խելամիտ վարվել: Քանզի ողջամտությունը փոխզիջում է, ողջամտությունը մեզ հրում է ետ: Իսկ մեր գիտակցության մեջ միշտ էլ կա մի բան, որն արգելում է մտածել նրա մասին, ինչը չի բավականացնում:
Մեր մեջ ասած, յուրաքանչյուր մարդ վերջին հաշվով անբնական է, քանի որ նա բացառիկ է: Մենք միշտ նվազագույնը երկուսով ենք: Նա, ով զգում է և նա, ով գիտի, միշտ չէ, որ միևնույն մարդն են: Նույնիսկ մարդկանցից ամենաիմաստունները չգիտեն, թե ինչպես կարելի է երջանկացնել տառապյալին, որը միևնույն ժամանակ կարող է լինել երիտասարդ, գեղեցիկ, հարուստ, առողջ ու սիրված: Մեր դժբախտությունների կեսից ավելին կատարվում են այն պատճառով, որ մենք խոստովանում ենք դրանց գոյությունը: Այդ պատճառով էլ եթե մենք մոռանանք, որ դրանք կան, ապա այդ դժբախտություններն իսկապես կդադարեն գոյություն ունենալ:

Չարչրկված օրինագծի վերջին վերադարձը

12 Դկտ

Ֆրանսիայի Ազգային ժողովի սահմանադրական օրենքների, օրենսդրության ու հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովն ընդունեց Վալերի Բուայեի և նրա գործընկերների` քաղաքական մեծամասնական «Ժողովրդական շարժում միության» (UMP) և Նոր կենտրոնի կուսակցության անդամների կողմից ներկայացրած օրինագիծը, որը պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանության ուրացման համար: Օրինագիծը ստորագրեցին 40 պատգամավորներ: Ըստ այդմ, մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեն Հայոց ցեղասպանության փաստը, որը Ֆրանսիան օրենքի մակարդակով ընդունել է 2001-ի հունվարի 29-ին: Այս առթիվ Բուայեն հայտարարեց. «Մենք կգնանք մինչև վերջ, և Ֆրանսիան ավելի քան երբեք կդրսևորվի իբրև մարդու իրավունքների երկիր»։
Գուցե թե Բուայեն ինչ-որ բան գիտի, եթե այդքան վստահաբար է խոսում: Մեզ ընդամենը հայտնի է այն, որ հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընդգծեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը ու նախազգուշացրեց, որ իր երկիրը մինչև տարեվերջ կարող է ընդունվել օրենք, ըստ որի այդ իրադարձությունների հերքումը կհամարվի հանցագործություն: Սրա հետ մեկտեղ մեզ հայտնի է նաև, որ այս տարվա մայիսի 4-ին նույն Ֆրանսիայի Սենատը երեք ժամ տևած քննարկումներից հետո մերժեց Եղեռնի հերքումը քրեականացնող օրինագիծը: 196 սենատոր դեմ քվեարկեցին, ինչի արդյունքում նախագիծը դուրս մնաց Սենատի օրակարգից: Ի դեպ, այդ օրերին ևս կային մարդիկ, ովքեր արտասանում էին Բուայեի խոսքերին մոտ մտքեր…
Սակայն արժե դիտարկել ներկա իրավիճակի այն նրբերանգները, որոնք փոքր-ինչ այլ ընթացք են խոստանում այս խնդրի ճակատագրին: Նախ արձանագրենք, որ օրինագիծը հանձնաժողովում անցավ հենց այն ժամանակ, երբ Մարսելում էր գտնվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս ոչ միայն հարկ համարեց ընդգծել, որ օրինագծի ընդունումը ընդգրկվում է բարեկամական հարաբերությունների նույն շրջանակում, ինչն առկա է հայ-ֆրանսիական առնչություններում, այլև ուղղակի և անուղղակի ձևերով ֆրանսահայերին կոչ արեց առաջիկա նախագահական ընտրություններում քվեարկել Նիկոլա Սարկոզիի օգտին: Այլ կերպ դժվար է մեկնաբանել Սարգսյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա ասում էր. «Ես ուզում եմ իմ հայրենակիցներին հավաստիացնել, որ Ֆրանսիայի նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիի վերջին այցը Երևան, իրոք, պատմական այց էր, և աշխարհի որևէ երկրի ղեկավար մեր ժողովրդի ցավերի` կապված հենց հայ-թուրքական հարաբերությունների հետ, ցեղասպանության հետ, որևէ մեկն այդպիսի խոսքեր չէր արտաբերել երբեք, և մենք ուղղակի պետք է երախտապարտ լինենք այս չքնաղ երկրի իմաստուն նախագահին»:
Մինչ կներկայանար չքնաղ երկրին շնորհակալություն հայտնելու առիթը, այդ ընթացքում կատարվածից զայրացած Թուրքիայի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ դժգոհություն հայտնելով օրինագծի կապակցությամբ: «Ֆրանսիայի իշխանությունները գիտեն այս լուրջ խնդրի վերաբերյալ մեր երկրի զգայունությունը։ Այն շրջանում, երբ Թուրքիա-Ֆրանսիա համագործակցության հնարավորությունները կարող են մտնել զարգացման կայուն փուլ, նման նախաձեռնությունները բացասաբար կանդրադառնան ընթացքին։ Հետևանքների համար պատասխանատվությունը կրելու է այդ ամենը նախաձեռնող կողմը։ Ֆրանսիայից մեր սպասելիքն այն է, որ նա աջակցություն ցուցաբերի Թուրքիայի ու Հայաստանի միջև պատմության հետ կապված անհարթությունը երկխոսության միջոցով կարգավորմանը»,-ասվում էր թուրքական կողմի հայտարարության մեջ։
Ինչ խոսք, հեքիաթներն այն մասին, թե կան հայ-թուրքական հարաբերություններ և դրանք կարող են խաթարվել, հազիվ թե համոզիչ հնչեն Փարիզի համար: Իր հերթին Երևանի համար նույնքան պարզ է, որ ցանկացած երկրի կողմից Հայոց ցեղասպանության հարցի ճանաչումը միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարցերը լուծելու միջոց, և Ֆրանսիան այս շարքում բացառություն չէ: Բավական է միայն հիշել Իսրայելի օրինակը, որը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից անմիջապես հետո բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, սակայն հենց որ կացության չնչին հարթեցում գրանցվեց, նրանք նույն արագությամբ հարցի քննարկումը Կնեսեթում հետաձգեցին անորոշ ժամանակով: Իսկ ի՞նչն է խանգարում ֆրանսիացիներին վարվել հրեաների պես: Ըստ էության, ոչինչ: Եթե այսօր Թուրքիայի համար մի ցավոտ օրինագիծ Ազգային Ժողով է մտել, կնշանակի կա խնդիր, և այդ խնդրում Ֆրանսիան դեռ իր ցանկացածը չի ստացել Թուրքիայից: Առաջիկա շաբաթները բավարար ժամանակահատված են, որպեսզի Ֆրանսիան սպասի Թուրքիայի արձագանքին և ըստ այդմ կայացնի իր որոշումը: Միևնույն ժամանակ՝ չմոռանալով նախընտրական շրջանի առանձնահատկությունները, չի կարելի լիովին բացառել, որ այդ գործոնը ուժեղ գտնվի նախորդից, այսինքն՝ նույնիսկ Թուրքիայի կողմից Ֆրանսիայի ցանկությունը կատարելու պարագայում նախագիծն ընդունվի: Մի խոսքով, տվյալ իրավիճակում մեր ցանկություններն ու ջանքերը ոչ մի էական նշանակություն ունենալ չեն կարող, և գլխավոր ընտրությունը Ֆրանսիայինն է. այնտեղ պիտի որոշեն, թե ի՞նչն է առաջնային` կամ Սարկոզիի շահերը, կամ Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանումը:
Այս իմաստով խիստ հատկանշական էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հայտարարության հետ կապված պատմությունը: Երբ Ժյուպեն Անկարայում նշել էր, թե «Փարիզը պատրաստ է հյուրընկալել հայերի ու թուրքերի հանձնախմբերին, որոնք կքննարկեն 1915-ի ցավալի իրադարձությունները», դիվանագետի այս մտքերը խիստ վրդովմունք էին առաջացրել հայերի շրջանում, ինչին ի պատասխան պաշտոնական Փարիզի ներկայացուցիչը նկատել էր. «Ճիշտ է, Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն չպետք է անտեսել Թուրքիայի դերը տարածաշրջանում ու նրա հարաբերությունները Եվրոպայի հետ»:
Այո, դա իսկապես չի անտեսվելու: Իսկ ինչ վերաբերում է չարչրկված օրինագծի վերջին վերադարձին, ապա Ֆրանսիայի Ազգային ժողովի օրենսդիր հանձնաժողովի նախագահ Ժան-Լյուկ Վարսմանը հնարավոր է համարել, որ այն խորհրդարանի ստորին պալատի քննարկմանը ներկայացվի դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Ուրեմն մինչև տարեվերջ մենք հնարավորություն կստանանք իմանալու մեզ հուզող մի շարք հարցերի պատասխանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: