Պահոց | Նոյեմբերի, 2011

Պուտինի վերադարձը- 2

30 Նյմ

Օրերս «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը միաձայն որոշեց Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում առաջադրել որպես թեկնածու: Ռուսաստանը նախագահ կընտրի 2012-ի մարտի 4-ին, իսկ հինգ օրից այդ երկրում կմեկնարկեն խորհրդարանական ընտրությունները: Եվ այժմ խոսել նոր ժամանակների Ռուսաստանի մասին՝ դա պայմանավորելով մեկ անձի ընտրությամբ, գուցե թե այնքան էլ տեղին ու իրատեսական չդիտվեր, եթե այդ անձը Պուտինը չլիներ՝ մարդ, ով արդեն 12 տարի կառավարում է գերտերություններից մեկի ղեկը՝ դրանով իսկ իր անհատական ազդեցությունն ունենալով համաշխարհային գլոբալ զարգացումների ու գործընթացների վրա: «Ժամանակակից Ռուսաստանում Պուտինն ամենահայտնի, ամենափորձառու ու հաջողակ քաղաքական գործիչն է», -հայտարարեց նախագահ Դմիտրի Մեդվեդևը` մեկնաբանելով Պուտինի` նախագահական ընտրություններում առաջադրվելու փաստը: Իսկ հետո դիտորդները պիտի մի հետաքրքիր «մանրուք» նկատեին՝ կատարված զուտ պուտինյան ոճով։ Վլադիմիր Վլադիմիրիչն իր ելույթում ոչ մի անգամ չասաց այն մասին, թե Մեդվեդևը ապագա վարչապետն է։ Ավելին, նա ընդհանրապես չխոսել Ռուսաստանի գործող նախագահի վաստակի ու ձեռքբերումների մասին։
Սա, իհարկե, չի նշանակում, թե Պուտինը տառապում է սեփական դերի գերագնահատմամբ: Սակայն սա նաև չի նշանակում, թե մոտ ժամանակներս նրա միանգամայն հնարավոր վերադարձը էական որևէ փոփոխություն չի բերելու ռուսների և մյուսների համար: Այլ խնդիր է, թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները և որքանով դրանք նախընտրելի կլինեն քաղաքացիների համար: Ահա այս կետում է, որ տարակարծությունները ոչ միայն առկա են, այլև խիստ ընդգծված: Կարծիքներ ձևավորելու համար առայժմ մարդկիկ հիմք են ընդունում ինչպես Պուտինի երկարամյա գործունեությունը, այնպես էլ նրա վերջին ելույթները: Իսկ դրանք արդեն իսկ զանազան մեկնաբանությունների տեղիք են տվել։ Նախ, շատերը նկատեցին, որ ապագա նախագահի խոսքը, մտքերը, անգամ ոճն ու ժեստերը կարծես տարիների վաղեմություն ունեցող նախընտրական ելույթի կրկնողությունը լինեին։ Բացի այդ, տարակուսանք հարուցեց այն հանգամանքը, որ Պուտինի ելույթներում չի առաջադրվում ապագա 6 տարիների գործողությունների հստակ ծրագիրը։ Օրինակ, ոմանք անկեղծորեն զարմացան, որ նա տնտեսության մասին խոսելիս այդպես էլ ոչ մի անգամ չօգտագործեց «մոդեռնիզացիա» կամ «ինովացիա» բառերը։ Փոխարենը Պուտինը ռուսներին խոստացավ կայունություն, և այդ բառը նա կրկնեց բազմաթիվ անգամներ: Ըստ Պուտինի, Ռուսաստանը «կայուն քաղաքական համակարգի» կարիք ունի, ինչն այդ երկրի համար կերաշխավորի դարեր շարունակ ունեցած «կայուն զարգացումը»: Սակայն հիշատակված մտքերի շարքում դեռևս գլխավորը մնում է նրա խոստումն այն մասին, որ հետամուտ է լինելու Եվրասիայի Միություն ձևավորելու իր ծրագրի իրականացմանը, որպեսզի խթանի ինտեգրումը Ռուսաստանի և հարևան երկրների միջև` վերականգնելով Խորհրդային Միության՝ 20 տարի առաջ ընդհատված կապերը:
Բացառված չէ, որ Պուտինն այս նոր գաղափարը ոչ միայն համարում է իր գլխավոր խաղաքարը առաջիկա ընտրություններում, այլև, ինչպես ասում են, իր «կյանքի գործը»: Այս տարվա հոկտեմբերի 3-ին «Իզվեստիա» օրաթերթում իր հեղինակած «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որ ծնվում է այսօր» վերնագրով հոդվածում ներկայացնելով Եվրասիական Միություն ստեղծելու մասին սեփական պատկերացումները, նա առանց այլևայլության նշեց, որ դա պիտի լինի «վերպետական հզոր միավորում, որն ի զորու է դառնալ ժամանակակից աշխարհի բևեռներից մեկը»: Իսկ այսպիսի ծրագիրը չէր կարող մտավախություններ չառաջացնել բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե Պուտինն այս կերպ փորձում է ԱՊՀ հիմքի վրա Խորհրդային Միության պես նոր միավոր ստեղծել: Ասենք, Պուտինը բոլորովին էլ չի թաքցնում իր հեռուն գնացող ծրագրերը: Այդ առումով բավական է հիշատակել վերջերս նրա արած այն հայտարարությունը, թե ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունն էր: Իսկ նման անկեղծ խոստովանությունը դրսում կարող էր ընկալվել միայն մեկ իմաստով. Ռուսաստանում գլուխ են բարձրացնում կայսերապետական նկրտումները: Եվրոպացիներն անմիջապես հաշվեցին ու տեղեկացրեցին բոլորին՝ Պուտինը կարող է երկու անգամ անընդմեջ ստանձնել նախագահի պաշտոնը, ինչը նշանակում է, որ նա կարող է իշխանության ղեկին մնալ մինչև 2024 թվականը, երբ արդեն կդառնա 72 տարեկան ու կլինի Կրեմլի ամենաերկարակյաց առաջնորդը Ստալինից հետո: Ամերիկացիների տագնապները կիսեց նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ ասելով, թե Պուտինը ժողովրդավարության սկզբունքները ծաղրի առարկա է դարձրել և Կրեմլ վերադառնալուն պես կուժեղացնի ընդդիմության նկատմամբ ճնշումները, էլ ավելի կկենտրոնացնի իշխանությունը, իսկ նման զարգացումները կարող են խանգարել Ռուսաստանի ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը: Guradian պարբերականն իր հերթին տեղի ունեցածը որակեց որպես «անհատի նեոխորհրդային պաշտամունք»: «Պուտինը հրապարակային էֆեկտիվ հայտնություններից անցավ համընդհանուր խոնարհման, ինչը կոչված է ցույց տալու, որ իրենից բացի ոչ ոք ի վիճակի չէ կառավարել Ռուսաստանը»:
Ի՞նչն է Արևմուտքին այդպես մտահոգություն պատճառում: Գուցե ա՞յն, որ Պուտինը խստորեն զգուշացրել է նրանց՝ չմիջամտել Ռուսաստանի ընտրություններին: Բավական է միայն հիշել, թե ինչ ասաց նա՝ խոսելով ռուսական որոշ կուսակցությունների` արևմտյան պետությունների կողմից աջակցություն ստանալու մասին ու քննադատելով վերջիններիս ֆինանսավորելու համար: «Անօգուտ գործ է: Ինչպես ժողովուրդն է ասում, փողը քամուն են տալիս: Չի ստացվի, որովհետև Հուդան Ռուսաստանում ամենաժողովրդական կերպարը չէ: Ավելի լավ է` իրենց արտաքին պարտքը մարեն»,- իրեն հատուկ թունալի հեգնանքով նշեց Պուտինը: Ապա գալով ներքին ընդդիմությանը՝ նա կոչ արեց չապակայունացնել երկիրը՝ ասելով, թե իշխող կուսակցությունը միշտ ակնակալում է, որ ընդդիմությանը պետք է իրեն խաղաղ պահի և նավակը չճոճի: «Մենք դեռ առջևում շատ անորոշություններ և ռիսկեր ունենք, սակայն փոթորկի, ցնցումների, ճգնաժամերի ժամանակ շատ կարևոր է, որ ամբողջ թիմը սահուն աշխատի, որպեսզի նավակը իսկապես չշրժվի»,-իր պահանջը հիմնավորեց Պուտինը:
Համաձայն հասարակական կարծիքի հարցման վերջին արդյունքների՝ Վլադիմիր Պուտինի կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող է ստանալ ձայների 53 տոկոսը: Առաջին հայացքից սա նշանակում է՝ լինել մեծամասնություն: Սակայն այն ունի երկու մեծ ու կարևոր նահանջի նախանշան: Առաջինն այն է, որ Պուտինի անհատական վարկանիշը ժամանակին կազմում էր շուրջ 70 տոկոս: Բացի դա, սա էական անկում է «Եդինայա Ռոսիա»-ի համար, քանի որ արդյունքում հնարավոր չէ ապահովել այնքան ցանկալի ձայների 2/3-ը, ինչը թույլ կտար անհրաժեշտության դեպքում փոփոխել Սահմանադրությունը՝ առանց մյուս երեք ազդեցիկ կուսակցությունների աջակցության: Բայց ռուսները հակված են կարծելու, որ ապագա նախագահը այս ջրից էլ չոր դուրս կգա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՍԱՌԱ ԲԵՌՆԱՐ

29 Նյմ

Ներել՝ չի նշանակում մոռանալ:
Սիրում եմ խորհուրդներ տալ և բնավ չեմ սիրում, երբ ինձ են խորհուրդ տալիս: Ինձ հետ կատարվող ամեն բան զուրկ է տրամաբանությունից ու խելամիտ դատողությունից: Ես անընդհատ իմ առջև զանազան նպատակներ եմ դնում, որպեսզի չդառնամ կապը կտրած: Իսկ որպեսզի հասնես հաջողության, պետք է լինես հրապուրիչ: Հրապույրը դրսևորվում է ամեն ինչում և միաժամանակ ոչ մի բանում: Այն պետք է լինի ձեզնից հորդող էներգիայի մեջ, ձեր հայացքում, քայլվածքի մեջ, ձայնի հնչերանգում, նրբակիրթ շարժուձևում: Բոլորովին պարտադիր չէ լինել ճանաչված գեղեցկուհի կամ գեղեցիկ: Գլխավորը՝ տիրապետել անձնական հրապույրի: Բայց հասարակությունն առավել հակում ունի հավատալու վատ համբավին, քան լավերին: Բարի, խելացի, կարեկից մարդիկ երբ հավաքվում են մի վայում, նրանք դառնում են անհամեմատ վատը: Անհատական պատասխանատվության բացակայության զգացումը հոռի բնազդներ է ծնում: Ծիծաղելի երևալու երկյուղը նրանց զրկում է բարությունից:
Մեծ է այն արվեստագետը, ով հանդիսատեսին ստիպում է մոռանալ մանրամասները: Եթե նույնիսկ ինչ-որ մեկի ճակատին գրված է, որ նա պիտի կարևոր անձ լինի, ապա այդ մասին դատել կարող են միայն նրա մահից հետո: Իսկ լեգենդը միշտ էլ դառնում է ճշմարտությունից նախապատվելի:

Պատրիարքը, ով գիտի, թե երբ է պետք հիվանդանալ

29 Նյմ

Հիվանդանում են բոլորը: Բայց եզակիներին է տրված հիվանդանալ ըստ նպատակահարմարության: Եվ որքան էլ փորձենք խուսափել նման քայլից, այնուամենայնիվ այդ բացառիկների թվում չենք կարող չհիշատակել Վրաստանի հոգևոր առաջնորդ Իլյա Երկրորդի անունը: Այժմ բացատրենք, թե ինչու:
Երեկ Երևանում մեկնարկեց ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության երկօրյա նիստը, որին մասնակցում էին ԱՊՀ երկրների կրոնական առաջնորդներն ու ներկայացուցիչները, այդ թվում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և նույնիսկ Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն: Սպասվում էր, որ Հայաստան պիտի ժամաներ նաև Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը: Բայց նա չեկավ: Այն, որ պատրիարքը չէր ժամանելու, հայտնի դարձավ նիստից երկու օր առաջ, երբ նրա խորհրդական Զուրաբ Աբաշիձեն մամուլին հայտնեց, թե Իլյա Երկրորդը «ամենայն հավանականությամբ» չի մասնակցի Երևանում կայանալիք Հարավային Կովկասի հոգևոր առաջնորդների հավաքին: Վրացական կողմն այլ մեկնաբանություններ չէր տվել, սակայն ցանկանում ենք հատուկ ուշադրություն հրավիրել «ամենայն հավանականությամբ» բառակապակցության վրա, քանի որ դա մեզ պիտի օգնի որոշակի լույս սփռել իրականության վրա:
Երեկ վրացի հյուրի բացակայության պատճառների մասին պարզաբանումներ տվեց Մայր Աթոռի ներկայացուցիչը՝ Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով ասաց, թե Համայն Վրաց պատրիարք Իլիա Երկրորդը չի կարողացել Հայաստան ժամանել առողջական խնդիրների պատճառով։ Նաթան եպիսկոպոս նաև հավելեց, որ իրականում վրացական կողմն ամեն ինչ անում էր, որպեսզի պատրիարքը գար։ Այս խոսքերից հետո հայ հոգևորականն անմիջապես մեկ այլ միտք էլ հայտնեց, որի էությունը հետևյալն էր. երևանյան հանդիպումը նախատեսված էր ԱՊՀ երկրների համար, իսկ քանի որ Վրաստանը ԱՊՀ անդամ չէ, Իլյա Երկրորդը հրավիրված էր որպես հյուր: «Վրաստանի ներկայացուցչի բացակայությունը ոչինչ չի փոխում, քանի որ նա պաշտոնական անձանավորություն չէ»,- ամփոփել էր հայր սուրբը:
Այժմ երկու-երեք օրով ետ վերադառնանք ու հիշենք Մայր Աթոռի հավաստիացումն այն մասին, թե իրենք սպասում են Իլյա Երկրորդի այցելությանը: Դրանից հետո Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը լրագրողներին հայտնում է, որ Երևանում կայանալիք կրոնապետերի հանդիպմանը վրաց պատրիարքը չի մասնակցելու, և անդրադառնալով պատճառներին՝ նշում, որ պատճառները կարող է ներկայացնել միայն վրացական կողմը, քանի որ՝ «մենք տեղեկացված ենք միայն, որ պատրիարքը չի ժամանելու»: Արդյունքում այնպես ստացվեց, որ պատճառն, այնուամենայնիվ, հայկական կողմը ներկայացրեց, բայց մինչ այդ Տեր Վահրամը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վրացի հոգևոր առաջնորդի Երևան չժամանելը կապված է ամիսներ առաջ հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած հովվապետական այցից հետո բարձրացված աղմուկի հետ, ասել էր. «Նրանց փոխարեն որևէ պատասխան տալ չեմ կարող»:
Կասկածից վեր է, որ ինչ-որ մեկը ճիշտ չի խոսում: Իսկ ավելի մեծ է հավանականությունն այն բանի, որ ճիշտ չեն խոսում ինչպես վրացիները, այնպես էլ հայերը: Բայց եթե վրացիներն այդպես վարվելու դրդապատճառներ ունեն, ապա հասկանալի չէ, թե Մայր Աթոռին ի՞նչն է ստիպում «փրկել» Իլյա Երկրորդին, եթե վերջինս մեծ հաշվով թքած ունի թե մեր հյուրընկալության և թե հայկական կողմի կարծիքի վրա:
Այժմ՝ ամենահետաքրքիրն ու ամփոփիչը: Վրաց պատրիարքի գրասենյակը երեկ հերքել է այն լուրը, թե Իլյա Երկրորդը պիտի Երևան մեկներ: «Կաթողիկոս-պատրիարքի այցը նախատեսված չի եղել: Մեզ հայտնի չէ, թե հայկական լրատվամիջոցներում որտեղի՞ց են հայտնվել տեղեկություններ այն մասին, որ Իլյա Երկրորդը պիտի մասնակցեր այդ հավաքին»,- ասել են նրանք: Հենց այսպես: Ոչ մի հիվանդության պատմություն, ոչ մի ծրագրված ուղևորություն, ոչ մի սպասում: Վրացիները նաև պնդում են, թե իրենք երբեք չեն էլ խոստացել, որ այցը կկայանա: Ու հենց այստեղ է, որ հարկ է վերհիշել Զուրաբ Աբաշիձեի «ամենայն հավանականությամբ» բառակապակցությունը: Իմաստային առումով այս բառերը նշանակում են, որ կար մեկնելու հավանականություն, սակայն այն դարձել է նվազագույն: Իսկ եթե նույնիսկ չնչին չափով հավանականությունը կար, կնշանակի, որ այն եղել է ծրագրված: Էլ չենք ասում այն մասին, որ պատրիարքի խորհրդականը ոչինչ չի ասում առողջական խնդիրների մասին, թեև, եթե այդպիսիք լինեին, բացառված էր, որ նա չիմանար:
Ինչ խոսք, տարիքն առած մարդը կարող էր նաև հիվանդանալ: Միայն թե Իլյա Երկրորդը սովորություն է դարձրել հիվանդանալ հատուկ առիթներով և բոլոր այն դեպքերում, երբ այդ առիթները հայկական երանգներ են կրում: Վերհիշենք, թե նախկինում նա քանի անգամ հետաձգեց Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան՝ պատրվակ մատուցելով իր վատառողջությունը: Բայց այդ տկար մարդը հաշված օրեր առաջ կտրուկ կերպով կայտառացավ, երբ անհրաժեշտ էր մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի տարեդարձի միջոցառումներին: Ի դեպ, չափազանց հատկանշական է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կանադաձեի գնահատականը Իլյա Երկրորդի մոսկովյան այցելության մասին: «Շատ դժվար է գնահատել պատրիարքի այցը Մոսկվա, քանի որ մենք չենք մասնակցել դրան: Իհարկե, եթե ինչ- որ մեկը կարող էր իր նպաստը բերել ռուս-վրացական հակամարտության լուծմանը, ապա դա միայն ողջունել կարելի է»,- ասել է Կալանդաձեն: Այս շարադրանքում ապշեցնում է Կալանդաձեի մտքի տրամաբանության հետագիծը՝ «դժվար է գնահատել, քանի որ չենք մասնակցել»: Կարելի է գնահատել նաև առանց մասնակցության, մի բան, ինչը վրացական կողմը պարբերաբար անում է: Օրինակ, նախագահ Մ. Սահակաշվիլին նունիսկ մեր փրկարարներին գնահատեց՝ առանց Տավուշի սողանքի գոտի այցելելու: Իսկ որ Իլյա Երկրորդը Ռուսաստան էր մեկնել հարազատ իշխանությունների գիտությամբ և նրանց խնդրանքով, դա էլ կասկածից վեր է: Իշխանություն-եկեղեցի այս երկակի խաղը Վրաստանում վաղուց են խաղում, և խաղացին նաև մեր գլխին, երբ փորձում են իրերի վիճակն այնպես ներկայացնել, թե իբր կան տարակարծություններ և պատրիարքն անվերահսկելի է: Իսկ ինչ վերաբերում է տեղեկատվական դաշտին, ապա միշտ էլ կարելի է այնտեղ մի փոքրիկ խառնաշփոթ ստեղծել ու մի լավ զվարճանալ: Չէ՞ որ այդպես պատահեց նաև Հայաստանի նախագահի՝ Վրաստան կատարելիք այցի հետ կապված պատմության ժամանակ: Եվ հիմա նրանք, ովքեր կարծում են, թե դեռ կարող են «թոզ փչելով» մոլորեցնել մարդկանց, հենց իրենք են հայտնվում հիմար վիճակում:
Իլյա Երկրորդը չեկավ Հայաստան միայն մի պատճառով. նա գիտի, որ այստեղ իրեն սրտատրոփ սպասողներ չկան, գիտի, որ հայերի ու հայ եկեղեցու հասցեին թույլ տված «անզգույշ» արտահայտություները Երևանում կարող էին հակադարձվել, գիտի, որ կհիշեցնեին Վրաստանում հայ եկեղեցուն կարգավիճակ շնորհելու խնդրի մասին, ինչը նրա թեթև ձեռքով անիրագործելի դարձավ: Գիտի, և խելամիտ համարեց մնալ տանը: Փոխարենը եկավ Փաշազադեն՝ հայերի թշնամին: Եվ նրան Երևանում ոչ ոք թթու խոսք չասաց: Իսկ սա ունի մի բացատրություն. երբեմն նույնիսկ բացահայտ թշնամին ավելի նախընտրելի է դառնում, քան կեղծ բարեկամը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԻՐԺԻ ՎՈԼԿԵՐ

28 Նյմ

… Զմայլանքի մեջ նա մոռացավ ամեն ինչ և միայն անսահման ու անծայրածիր տարածությունն էր տեսնում: Իսկ տիեզերքը լուսավորված էր ինչ- որ աստվածային լույսով. աղջկա հանդերձանքի ծայրը կպչում էր Վլադյայի շրթունքերին, իսկ հայացքը թափանցում էր սրտի խորքը: Այդ հայացքից հանգստություն ու ներդաշնակություն էր գալիս: Համբույրները նոր աշխարհներ ու նոր անսահմանություններ էին ծնում: Վլադյայի հոգում բացվում էին իրեն իսկ անհայտ գաղտնարաններ, որտեղ նրա միտքը, ասես ամպրոպից հետո, խաղաղ ապաստարան էր փնտրում: Նա երջանիկ էր:
Այսպես է ցավը վրեժ լուծում: Որովհետև նա պարտքի տակ չի մնում: Իսկ իսկական սերը ցավ է: Եվ միայն նա ունի ոգեշունչ, միայն իրեն հատուկ քնքուշ հաճույքներ, որոնք նա պարգևում է արյունաշաղախ սրտերին: Այդպես է իր պարտքը մարում ցավը՝ շռայլ, հարյուրապատիկ….

«Մշուշոտ երեկո» պատմվածքից

Երբ հզորները գժտվում են

28 Նյմ

Մեծ էր հավանականությունը, որ Վաշինգտոնի կողմից եվրոպական երկրներում հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման քայլերն ի վերջո Ռուսաստանի կողմից պիտի ունենային հենց այնպիսի հակազդեցություն, ինչպիսին օրերս հնչեցրեց այդ երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Եվ իզուր էր ԱՄՆ-ն այդքան երկար ու համառ պնդում, թե իբր ցանկանում է հիմնել ցամաքային ու ծովային հակարթիռային պաշտպանության համակարգ՝ ՆԱՏՕ-ին և նրա դաշնակիցներին Իրանի ու Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակումից պաշտպանելու համար, ինչը բոլորովին էլ ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ: Այն, որ իրանական ու կորեական հրթիռներն ի զորու չեն հաղթահարել նման հեռավորությունը, բոլորը գիտեն: Ու այս կարգի հեքիաթներով ոչ ոք, առավել ևս՝ Ռուսաստանը, խաբվել չի ցանկանում: Փոխարենն ի սկզբանե ակնհայտ էր, որ համակարգի ստեղծման միջոցով ԱՄՆ-ը պարզապես փորձում է փոխել աշխարհի մեծ տերությունների ուժային հավասարակշռությունը: Ահա հենց այս հարցում էլ Մոսկվան հնչեցրեց իր կտրական «ոչ»-ը:
Նոյեմբերի 23-ին նախագահ Մեդվեդևը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, թե ինչ եզրահանգման է եկել Կրեմլը Հոնոլոլոյում Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների ղեկավարների նիստի շրջանակներում Բարաք Օբամայի հետ ունեցած ձախողած բանակցություններից հետո: Նշելով, որ ԱՄՆ-ը, իսկ նրա հետ մեկտեղ նաև ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները լուրջ պատրաստակամություն հանդես չեն բերել, նա ի պատասխան 5 կետից բաղկացած որոշում առաջ քաշեց՝ ԱՄՆ-ի պաշտպանության վահանի տեղակայման դեպքում իր երկրի ռազմական նախաձեռնությունների մասին: Ըստ դրա, Ռուսաստանը երկրի արևմուտքում և հարավում կտեղակայի ժամանակակից սպառազինության հարվածային համակարգեր, որոնք կապահովեն հակահրթիռային պաշտպանության համակարգի եվրոպական բաղադրիչի կրակային խոցումը: Առաջին նման քայլը կդառնա «Իսկանդեր» հրթիռային համակարգի ծավալումը Կալինինգրադի մարզում: Հարավային սահմանների վերաբերյալ առայժմ ստույգ ոչինչ չի ասվել, բայց չպետք է մոռանալ, որ հրթիռային հարձակման նախազգուշացման ռուսական համակարգի գլխավոր բաղադրիչը Գաբալայի կայանն է: Ռուսները նաև խոստացան մշակել միջոցառումների համալիր, որն անհրաժեշտության դեպքում կապահովի հակահրթիռային պաշտպանության տեղեկատվական և կառավարման համակարգերի խափանումը: Մեդվեդևը չբացառեց, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ Ստրատեգիական-հարձակողական զինատեսակների վերաբերյալ պայմանագրից: Ու թեև Ռուսաստանի ղեկավարը կարծում է, որ Նահանգների հետ իրենք դեռ կարող են համաձայնության հասնել, սակայն նրա այս քայլը արդեն իսկ արժանացել է «Սառը պատերազմը վերադառնում է» ահազանգին:
Ասել, թե Մեդվեդևի հայտարարությունները բուռն ռեակցիա առաջ բերեցին ԱՄՆ-ում, այնքան էլ ճիշտ չէ: Ըստ էության Վաշինգտոնը պատրաստ էր լսելու նման պատասխան, այդ իսկ պատճառով էլ թե Պենտագոնի, թե Ազգային անվտանգության խորհրդի ու Պետդեպարտամենտի պաշտոնյաների՝ իրար հաջորդած ելույթներում կրկնվեց այն, ինչն արդեն բազմիցս հնչել էր: ԱԱԽ-ի ներկայացուցիչ Թոմի Վիտորը հայտարարեց, որ ռուսական դիրքորոշումը չի փոխի Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր ստեղծելու ԱՄՆ-ի որոշումը: Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասաց, որ հիասթափված է Մոսկվայի այս հայտարարությամբ, ու ընդգծեց, որ նման հայտարարություններն իրեն հիշեցնում են «ոչ հեռավոր անցյալը» և հակասում են ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը: Իսկ որպեսզի «ոչ հեռավոր անցյալի» մասին հիշողություններն էլ ավելի շոշափելի լինեին, նախ ԱՄՆ-ն, ապա և Մեծ Բրիտանիան հայտարարեցին Ռուսաստանի հետ ռազմական տեղեկատվության փոխանակման դադարեցման մասին` վերջինիս մեղադրելով Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու մեջ:
Ինչ խոսք, այս կարգի մեղադրանքներն ու դրանց հաջորդած քայլերը ապագայում կբազմապատկվեն ու կծավալվեն, իսկ մինչ այդ բոլորը շարունակում են քննարկել Մեդվեդևի խոսքերը, որոնք նախագահության տարիներին այդ կապակցությամբ նրա կատարած ամենախիստ արտահայտություններն են եղել: Սրա առթիվ «Կամերսանտ» օրաթերթը գրել է. « Մեդվեդևը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անվտանգությանը վնասելու մեջ է մեղադրել և նախատել է նրանց՝ հիշյալ համակարգի էության մասին Մոսկվային երաշխիք չներկայացանելու համար: ԱՄՆ-ը սին հավակնությամբ և որոշ երկրների հրթիռային սպառնալիքի պատրվակներով, իսկ իրականում իր տարածամոլական ծրագրերի համար որոշել է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության վահան տեղակայել»:
Ի դեպ, Մեդվեդևի մեկ այլ նախատինք էլ անմիջականորեն առնչվում էր եվրոպական մի շարք երկրների ղեկավարների ստրկամիտ կեցվածքին: «ԱՄՆ-ի կողմից եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգը զգալի չափով պարտադրված է Եվրոպային»,- հայտարարել էր ՌԴ նախագահը՝ չտալով անուններն այն ղեկավարների, որոնք, նրա խոսքով՝ գանգատվում էին, թե այդ հարցում իրենք աննշան դեր են խաղում: Ու թեև այժմ արևմտյան դիտորդները նշում են, որ այս կերպ ՆԱՏՕ-ի գործընկերների միջև պառակտում մտցնելով Մեդվեդևը կարող է գրգռել եվրոպական պետություններին, հատկապես խորհրդային բլոկի նախկին անդամներ Լեհաստանին ու Ռումինիային, քանի որ նրանք Իսպանիայի հետ միասին համաձայնություն են տվել իրենց տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղադրիչներ տեղակայելուն, սակայն նրանք էլ երևի հոգու խորքում կիսում են այն կարծիքը, որ Մեդվեդևի խոսքերում ճշմարտության չափաբաժինը նշանակալի է:
Կա նաև ներկա իրավիճակի մեկ այլ մեկնաբանություն, համաձայն որի Մեդվեդևը, ով դեռ երեք տարի առաջ Օբամային կոչ Էր անում «վերաբեռնել» Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները, վերջին ժամանակներս հակված է ձայնակցել վարչապետ Վլադիմիր Պուտինի հակաարևմտյան հռետորաբանությանը: Իսկ նրա վերջին՝ սպառնալից հայտարարությունը գնահատվում է որպես դեկտեմբերյան խորհրդարանական ընտրությունների և դրանից հետո կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին ներքին լսարանին հաճոյանալու փորձ:
Վերջին մտքի հետ դժվար է համաձայնել, քանի որ իրավիճակը շատ ավելի լուրջ է և շատ ավելի հին արմատներ ունի, քան նախընտրական հռետորաբանության շրջանակներն են թույլատրում: Այդ լրջությունը լիովին զգացող ուժերը ներկա պահին ջանքեր են գործադրում փակուղուց ելք գտնելու համար: Մասնավորապես Ֆրանսիան արդեն կողմերին կոչ է արել «շտապ սառեցնել ուղեղները» հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգերի հարցում, և հիշեցրել է առաջնահերթությունների մասին` «երկխոսություն ու համագործակցություն Ռուսաստանի հետ` ՀՀՊ-ի հարցով»: ՆԱՏՕ- ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, մեկնաբանելով երկրի նախագահի կոշտ հայտարարությունը, ասել է, որ ամերիկյան նախաձեռնությանը Ռուսաստանի ռազմա- տեխնիկական պատասխանը կլինի փուլային ու սա չի նշանակում վերադարձ դեպի սառը պատերազմ։ Սակայն Ռոգոզինն այս անգամ կարծես թե հարթեցրել է սուր անկյունները և փորձել է իրավիճակը ներկայացնել հնարավորինս լավատեսական լույսի ներքո: Մինչդեռ առավել իրատեսական տարբերակ է համարվում այն, որ ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի հարաբերությունների վերսկսմանը դատարկ էջից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

27 Նյմ

… Բայց դուք ինքնասպանություն եք գործել, և մի՞թե կարևոր է` ձեզ հավատում են, թե ոչ. դուք այլևս չեք կարող նրանց` թեկուզ ակնթարթային զարմանքին և զղջմանը ներկա լինել, չեք կարող մասնակցել, ինչպես երազում է յուրաքանչյուր մարդ, սեփական հուղարկավորությանը: Կասկածելի չլինելու համար անհրաժեշտ է պարզապես դադարել գոյություն ունենալուց: Հետո, ավելի լավ չէ՞ այդպես լինելը: Մենք շատ ենք տառապում նրանց անտարբերությունից:
«Նա ինքնասպան եղավ, որովհետև չկարողացավ տանել, որ…»: Ահ, սիրելի բարեկամ, մարդիկ որքան աղքատ երևակայություն ունեն որևէ բան հնարելու համար: Միշտ կարծում են, թե ինքնասպան են լինում մի որևէ պատճառի համար: Բայց կարելի է շատ լավ ինքնասպան լինել նաև երկու պատճառի համար: Ոչ, այդ մեկը նրանց գլուխը չի մտնում: Ուրեմն ինչո՞ւ մահանալ կամավոր կերպով, զոհվել, որպեսզի մարդիկ բարձր կարծիք ունենան քո մասին: Երբ մահանաք, նրանք առիթից պետք է օգտվեն և ձեր այդ արարքին վերագրեն հիմար կամ գռեհիկ պատճառաբանություն: Մարտիրոսները, սիրելի բարեկամ, պետք է ընտրություն կատարեն մոռացվելու, ծաղրվելու կամ շահագործվելու միջև: Իսկ հասկացվելու մասին թող երբեք չմտածեն:

Հատված «Անկում» վիպակից

ՕՍԿԱՐ ՈՒԱԼԴ

26 Նյմ

Այս աշխարհը թատրոն է: Միայն թե խաղացանկը բանի նման չէ:
Կյանքի իմաստն ինքնադրսևորումն է: Ամբողջապես դրսևորել սեփական էությունը՝ ահա թե ինչի համար ենք ապրում: Իսկ մեր դարում մարդիկ սկսել են վախենալ իրենք իրենցից: Մեր մեծամասնությունը՝ դա մենք չենք: Մեր մտքերը ուրիշների դատողություններն են, մեր կյանքը՝ ընդօրինակում է, մեր կրքերը՝ մեջբերումներ: Բարու և չարի մասին հասկացությունները դարձել են հասու միայն նրանց համար, ովքեր զրկված են մյուս բոլոր հասկացություններից: Չկա ուրիշ մեղք, բացի հիմարությունից: Ու ամեն անգամ, երբ մարդը որևէ հիմարություն է թույլ տալիս, նա այդ բանն անում է ամենաազնիվ մտադրություններով:
Կյանքում հնարավոր է միայն երկու ողբերգություն. առաջինը՝ չստանալ այն, ինչ երազում ես, երկրորդը՝ ստանալ: Երբ աստվածներն ուզում են մեզ պատժել, նրանք ականջ են դնում մեր աղոթքներին: Մինչդեռ աղոթքը պիտի անպատասխան մնա, այլապես այն կդադարի աղոթք լինել և կվերածվի նամակագրության: Սրբերի ու մեղսավորների միակ տարբերությունն այն է, որ սուրբն անցյալ ունի, իսկ մեղավորը՝ ապագա: Մեղք գործելով մարդն ազատվում է մեղքի հակումից, քանզի իրագործումը ուղին է դեպի մաքրագործում:

Սահակաշվիլու վերջին «քյանդրբազությունը»

25 Նյմ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարելիք այցից հաշված օրեր առաջ Թբիլիսիում որոշել են մի վերջին անգամ փորձության ենթարկել հարևան երկրի համբերությունը: Այլ կերպ դժվար է բացատրել այն, ինչն այժմ կատարվում է ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարս կոչվող հսկիչ անցակետում: Թե ինչպիսի կարևորություն կարող է ունենալ մեզ համար մի ճանապարհ, որն ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ուղիղ վերերկրյա տրանսպորտային կապը, ավելորդ է բացատրել, առավել ևս այս պայմաններում, երբ շրջափակման մեջ գտնվող հանրապետությունը արտաքին աշխարհի հետ տնտեսական առնչությունների պահպանման կենսական անհրաժեշտություն ունի: Սակայն վրացիների համար մեր հոգսերը՝ մեր հոգսերն են, իսկ իրենց մտադրությունները՝ իրենցը: Ահա այս պարզ ընտրության արդյունքում էլ ներկա պահին Հայաստան եկող շուրջ 180 բեռնատար մեքենաներ կուտակվել են Վերին Լարսի մոտ՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ մեղքի համար են արժանացել այդ պատժին: Ասվում է այն մասին, թե պատճառը առատ ձյունն է: Իհարկե, տեղումները նույնպես կարող են բարդություններ հարուցել, միայն թե զարմանալի է լսել այսպիսի բացատրություն այն երկրից, որի նախագահը շաբաթներ առաջ Տավուշում տեղի ունեցած աղետալի սողանքի ժամանակ հանդիմանում էր անճարակ հայերին և գլուխ էր գովում, թե իր երկրի փառապանծ փրկարարները ի զորու են երկու ժամում հաղթահարել այն դժվարությունները, որ Հայաստանը չի կարողանում անել շաբաթների ընթացքում: Բայց հիմա այդ հերոսական փրկչական խմբերը հանկարծ նահանջել են ձյան առաջ և տեղաշարժի որևէ նախանշան չեն ցուցաբերում: Կամ գուցե չե՞ն ուզում ցուցաբերել:
Նման կասկածները, ցավոք, անհիմն չեն: Նախ, սա առաջին դեպքը չէ, երբ վրացական կողմը բնական կամ տեխնածին բարդություններն իբրև պատվակ է օգտագործում Հայաստանին նեղը գցելու համար: Եվ հետո, լսելով այն հիմնավորումները, որ ներկայացնում են Վրաստանի համապատասխան մարմինները, թույլ չեն տալիս կատարվածի նկատմամբ այլ վերաբերմունք դրսևորել, քան անվստահությունն է: Պաշտոնական Թբիլիսին ասում է, որ իբր վերջին 10 օրերին ձյան առատ տեղումների և սառցակալման հետևանքով արգելում է երթևեկությունը տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Բոլորին է հայտնի, որ Հայաստան եկող բեռները տեղափոխվում են բացառապես հենց այդ կարգի մեքենաներով: Սրանով կարելի է բացատրել այն փաստը, որ խցանման մեջ գտնվողները հատկապես Հայաստան ուղևորվող մեքենաներն են: Սակայն հայտնի է նաև, որ ընդամենը 2 օր առաջ Երևանում դիմավորել են Ուկրաինայից Հայաստան եկող 30-ից ավելի նստատեղով ավտոբուս, որը բարեհաջող անցել է Վերին Լարսը և որի ուղևորները պնդել են, թե իրենց ճանապարհին անանցանելի հատվածներ չեն եղել ու որ իրենց էլ, առանց պատճառաբանության, 4 ժամ պահել են անցակետում: Այսինքն ստացվում է, որ ոչ միայն պատճառաբանություններն են չափազանցված ու անհիմն, այլև վերաբերմունքն է ընտրողական. սրան կարելի է, իսկ սրան՝ ոչ:
Ի՞նչ է անում Հայաստանը նման կացության պայմաններում: Այն, ինչ սովորաբար արել է՝ լռում է: Արտգործնախարարությանն առանձնապես չի մտահոգում իր երկրի քաղաքացիների ճակատագիրը, մեր նախագահն այնպես չի արձագանքում, ինչպես կարձագանքեր Սահակաշվիլին, եթե դա կատարվեր վրացական բեռների հետ, իսկ տրանսպորտի ու կապի նախարարությունը վերջապես որոշեց տեղից շարժվել, և այժմ ասում են, թե վրացական կողմի հետ համատեղ հայ-վրացական ընկերություն ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը կզբաղվի նման հարցերի լուծմամբ և նման իրավիճակները կանխելով, այդ թվում նաև ձյունմաքրման աշխատանքներ կիրականացնի: Ո՞րն է պատճառը, որ նախարարությունը միայն նոր է հիշել Վերին Լարսում 10 օր առանց սննդի մնացած տասնյակ բեռնատարների վարորդների մասին և ի՞նչ կոնկրետ քայլեր են, այնուամենայնիվ, ձեռնարկվում նրանց օր առաջ անցակետի գերությունից ազատելու ուղղությամբ. այս և նմանատիպ հարցերի պատասխանը հազիվ թե ստանանք: Առայժմ կա միայն մեկ հարցի հստակ պատասխանը: Դա այն է, որ հայ վարորդներն ու ուղևորները շարունակում են մնալ հայ-վրացական հարաբերությունների «պատանդի» կարգավիճակում:
Նրանք, ովքեր ականատես են դարձել, թե ինչ է կատարվում սահմանի վրա, իրավիճակի ամենատխուր պատկերն են ներկայացնում: Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների, երեք շաբաթ անցակետում կանգնած մարդկանց մոտ վառելիքը վերջանում է, ոմանց նյարդերը տեղի են տալիս, շատերի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել: «Այն, ինչ կատարվում է Վերին Լարսում, սահմռկեցուցիչ է. մարդիկ սոված-ծարավ են, լվացվելու հնարավորություն չունեն, սկսել են իրարից գողություն անել, վառելիք են գողանում՝ գիշերը տաքանալու համար»,- հաղորդում է «Վեստին»: Եվ այս պայմաններում միակ օգնությունը գալիս է ոչ թե երկու երկրների իշխանություններից, այլ հասարակ մարդկանցից: Օրերս անցակետում մնացած Հայաստանի քաղաքացիներին օգնություն է ցուցաբերվել Դոնի Ռոստովի հայ համայնքի ուժերով: Ռոստովահայերը նրանց սնունդ, ծխախոտ, տաք հագուստներ են տարել: Բայց մի՞թե սա է ելքը: Շատերը կորցրել են հույսը և այլևս չեն հավատում, թե իրենց թույլ կտան անցնել սահմանը: Որոշ բեռնափոխադրող ընկերություններ արդեն մտմտում են այն մասին, որ թերևս հրաժարվեն ցամաքային ուղուց և բեռները տեղ հասցնեն ծովային ճանապարհով, ինչը, ճիշտ է, անհամեմատ թանկ է, բայց ուրիշ ի՞նչ անել: Կան նաև շատ ավելի մռայլ կանխատեսումներ: Ոմանք կարծում են, որ եթե իրավիճակը ձգձգվի, իսկ ձմեռը խորանա, ապա բեռնատարները ստիպված են լինելու ձմեռել սահմանին:
Հայաստանն ունի՞ պատասխանի հնարավորություն: Իհարկե ունի: Վրաստանը տարանցիկ երկիր է և Վերին Լարս հսկիչ անցագրային կետով հայկական բեռնափոխադրումներին խոչընդոտելու համար Վրաստանի նկատմամբ կարող են կիրառվել միջազգային պատժամիջոցներ: Բայց արդյո՞ք Երևանում կորոշեն դիմել այդպիսի միջոցի: Հազիվ թե:
Միևնույն ժամանակ այս օրերին շատերի ուշադությունը գրավեց երկու իրադարձությունների զուգադիպությունը: Բանն այն է, որ Վերին Լարսն անսպասելի փակվեց հենց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ հայկական առաջին բեռնատար մեքենաները շուտով Թուրքիայի տարածքով հնարավորություն կստանան տարանցիկ անցնել դեպի Ռուսաստան: Հավելենք, որ դեռևս 2 ամիս առաջ Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների տրանսպորտի նախարարների համաժողովի ժամանակ Թուրքիան տվել էր 200 բեռնատար մեքենաների տարանցման իրավունք: Ինչպես հայտնի է, Թուրքիայի նավահանգիստները եռապատիկ, քառապատիկ ավելի էժան են, քան վրացական Փոթիի նավահանգիստը: Իսկ այսպիսի շրջադարձը չէր կարող աննկատ մնալ վրացիների համար: Եվ ստացվում է այնպես, որ Վերին Լարսը վրացական պատասխանը դարձավ մեր «թուրքական կողմնորոշմանը»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Սառը, շատ սառը, ամենասառը…

24 Նյմ

Հայ-թուրքական ներկա հարաբերությունների անհասկանալի բնույթը, ինչը նույնիսկ թույլ չի տալիս պատասխանել այն պարզագույն հարցին՝ դրանք կան, թե՞ չկան, իր անկայունությամբ հանդերձ շարունակում է ոչ միայն զբաղեցնել առճակատող կողմերին, այլև ժամանակ առ ժամանակ մատուցել այնպիսի թարմ տեղաշարժեր, որոնք ստիպում են կամա թե ակամա վերադառնալ այդ նյութին: Վերջին օրերի ընթացքում միանգամից մի քանի առիթներ ներկայացան հարևան երկրին վերհիշելու համար: Նախ հայտնի դարձավ, որ հաստատվել ու օրենքի ուժ է ստացել Սլովակիայի Ազգային խորհրդին ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացում ենթադրող օրինագիծը, ինչը հաճելի անակնկալ էր շատերի համար: Դրանից անմիջապես հետո տեղեկություն տարածվեց այն մասին, որ նույն ճանապարհն են բռնել նաև ֆրանսիացիները, և Ֆրանսիայի Սենատի օրակարգ է վերադարձել համանման մի օրինագիծ՝ դարձյալ քրեական պատասխանատվություն նախատեսող: Կարծես այսքանը քիչ էր, օվկիանոսի մյուս կողմից էլ Միացյալ Նահանգների հայամետ կոնգրեսականները վերստին հաստատեցին իրենց աջակցությունը Հայաստանի նկատմամբ և հատկապես նշեցին, որ «շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն համապատասխան դիվանագիտություն ցուցաբերի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար: «Հուսով ենք, որ ամերիկյան ղեկավարության մասնակցությամբ կարգավորումը կարող է լինել շուտով»,-ասում էին նրանք:
Սակայն առավել նշանակալի իրադարձություններից մեկն, անկասկած, Երևանում կայացած հայ-թուրքական գործարար համաժողովն էր, որին մասնակցում էին գործարար շրջանակների ու հասարակական կառույցների գրեթե 100 ներկայացուցիչներ, իսկ նրանցից 50-ը ժամանել էին Թուրքիայից: Մասնակիցները չմոռացան այդ հանդիպումը բնութագրել որպես համագործակցության համեստ փորձ՝ թուրք քաղաքական գործիչներին սթափեցնելու համար, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց կարծրատիպերից, ինչն էլ լրջորեն զայրացրեց պաշտոնական Անկարային: Այլ կերպ դժվար է բացատրել նրանց հապշտապ արված հայտարարությունը, որ տարածվեց համաժողովի փակումից անմիջապես հետո՝ նպատակ ունենալով սառը ջուր լցնել Երևանում հավաքվածների ոգևորության վրա: Թուրքիայի ԱԳ նախարարությանը հատկապես խոցել էր Հայաստանի ու Թուրքիայի ձեռնարկատերերի միջև համագործակցության մասին պայմանագիր կնքելու փաստը։ Եվ ահա ԱԳՆ մամլո ծառայությունը տեղեկացնում էր, որ թուրք բիզնեսմենների այցը Հայաստան և փաստաթղթի ստորագրումը եղել է առանց թուրքական կառավարության գիտության: «Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում Երևանում կայացած գործարար ֆորումում Թուրքիայի ու Հայաստանի ձեռնարկատերերի միջեւ կնքված պայմանագիրը»,- ասված էր արտաքին գերատեսչության տարածած զայրալից տեքստում։
Բայց արի ու տես, որ դա ոչ մեկին առանձնապես չվշտացրեց: Գործարարներն անմիջապես պատասխանեցին, որ արտգործնախարարության բացասական հայտարարությունը որևէ կերպ չի կարող անդրադառնալ պայմանագրով նախատեսված քայլերի իրականացմանը այն պարզ պատճառով, որ կողմերը հասարակական կազմակերպություններ են և այդ բնույթի սպառնալիքները չեն կարող ազդել նրանց համագործակցության վրա:
Թվում էր՝ հենց այսքանով էլ կարելի էր փակված համարել հայ-թուրքական առնչությունների թեման, եթե Մեծ Բրիտանիայի թագուհու հրավերով Լոնդոնում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թեմզայի ափին չհիշեր հարևան Հայաստանին և հարկ չհամարեր այդ մասին իր նորագույն տպավորությունները կիսել լրագրողների հետ: Առաջին հերթին Գյուլն անդրադարձել էր հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին, ինչի առիթով ասել էր, թե դժվար խնդիրները մեկ քայլով չեն լուծվում։ «Հայ-թուրքական հարաբերություններն այնքան սառած են, որ փչելով չեն հալչում։ Արձանագրությունների ստորագրման պահը լավ ժամանակաշրջանն էր, սակայն, ըստ իս, կային չհամաձայնեցված բաներ։ Այս գործում տարածաշրջանում բոլորն իրենց շահերն ունեին»,-նշել էր նա և ապա հավելել, թե հայ-թուրքական արձանագրությունները դեռ ամբողջովին չեն մահացել։
Շփումների ջերմաստիճանի մասին մրսած մարդու տեսանկյունից դատող նախագահը թերևս ճիշտ կաներ, եթե սանդղակի վրա սառնության չափորոշիչը հստակեցնելուց առաջ նաև բացատրեր, թե այդ ե՞րբ են երկու երկրների հարաբերությունները եղել ջերմագին ու եթե նույնիսկ եղել են, ապա ի՞նչ պատճառով դրանք սառցակալեցին:
Գյուլի փոխարեն այս անգամ էլ պարզաբանումը հնչեց Երևանից: Իշխող կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ եթե Թուրքիայի նախագահին տաքություն է պետք, ապա նրա երկիրն առաջին հերթին պիտի վերացնի Հայաստանի շրջափակումը, քանզի պաշտոնական Անկարայի կողմից իրականացվող քաղաքականությունը լրջորեն վնասում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:
Թուրքիան, իհարկե, ոչ սահման կբացի, ոչ էլ արձանագրություն կստորագրի: Ի դեպ, այս փաստը օրերս հաստատեց նաև Թուրքիայի խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրը, որը Բաքվում հավաստիացրեց եղբայր ադրբեջանցիներին, թե «թուրք -հայկական հարաբերությունների կարգավորման մասին այդ երկրների ստորագրած Ցյուրիխյան արձանագրությունները չեն վավերացվի»: Իրականում Բոզքիրի պնդումները սոսկ սիրաշահության համար չէին հնչում: Ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքական շրջանակներում դեռևս գոյություն ունի լուրջ հակազդեցություն, և ոչ այդ երկրի նախագահը, ոչ վարչապետը չեն կարող այլ բան ասել (կամ անել), քան իշխող տրամադրությունն է թելադրում: Այս իմաստով միանգամայն հասկանալի ու բնական է հնչում նաև Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի խիստ քննադատությունը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին՝ պատմության հետ առերեսվելու կոչի առնչությամբ։ Կուսակցապետն Էրդողանին ուղղված իր քննադատության մեջ հայտարարել էր, թե Թուրքիայի վարչապետի և Հայկական սփյուռքի մտածելակերպի աշխարագրությունը նույնն է։ «Եթե մոտ ապագայում Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության հարցը դնի թուրք ժողովրդի օրակարգում, բոլորովին չեմ զարմանա»,-ասել էր Քըլըչդարօղլուն։ Ու եթե այս մտայնության դիրքերից գնահատելու լինենք կացությունը, ապա նույնիսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերում կարելի է գտնել անկեղծության եզակի նմուշ, ով Financial Times-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ Հայաստանի հետ լարվածության աճը օրակարգում չի դրված:
Այո, օրակարգում կարող է նման հարց չլինել, քանի որ այն լիուլի գոյություն ունի իրականության մեջ: Եվ այդ իսկ պատճառով երկու երկրների հարաբերությունները այլ կերպ չես անվանի, քան սառը: Չափազանց սառը…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՋՈԶԵՖ ԱԴԻՍՈՆ

23 Նյմ

Այս կյանքում երջանկության հիմնական բաղկացուցիչներն այսպիսին են՝ մարդը պետք է ինչ-որ բանի վրա աշխատի, ինչ-որ մեկին սիրի և ինչ-որ բան հուսա: Խելացի մարդը երջանիկ է միայն այն ժամանակ, երբ արժանանում է սեփական խրախուսանքին: Հիմարը բավարարվում է շրջապատի ծափահարություններով: Անհամեստ մարդը երբեմն կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան չարը, քանի որ վերջինը հարձակվում է միայն իր թշնամիների վրա, մինչդեռ առաջինը կարող է վնաս պատճառել ինչպես իր թշնամիներին, այնպես էլ բարեկամներին: Համեստությունը ոչ միայն զարդաքանդակ է, այլ նաև առաքինության պահապանը: Ոչինչ (եթե չհաշվենք հանցագործությունը) բոլորի աչքում մարդուն չի դարձնում այնքան արհամարհելի ու ոչնչություն, որքան անհետևողականությունը: Եվ մարդիկ ոչինչ այնքան զզվանքով չեն ընդունում, որքան խորհուրդները:

Մինչև չի գալիս վերջինը, չի հիշվում առաջինը

23 Նյմ

Կար ժամանակ, երբ յուրաքանչյուր դպրոցական գիտեր, թե ինչ է հաջորդում հեղափոխություններին: Ցավոք, այսօր այդ դասը կարծես թե այնքան էլ ուշադիր չեն սերտում: Եվ երբ վերափոխումների ալիքը գալիս, սրբում է ամեն բան, երբ ցնցումները հաջորդում են մեկը մյուսին, և ոչ ոք չգիտե, թե երբ դրանք կավարտվեն, այնժամ սթափված գլուխները հասկանում են, որ սկսելը հեշտ էր, կասեցնելն է դժվար: Իսկ իր ետևից միայն ավերածություններ թողնող հոսանքը մի ինչ-որ պահի կլանում է նաև այդ վերջին հույսը՝ կորստյան մատնելով նաև այն, ինչը ձեռք էր բերվել այնքան մեծ ջանքերի ու զոհողությունների գնով: Այսօրվա Եգիպտոսը ասվածի վառ օրինակներից մեկն է:
Փետրվարյան իշխանափոխությունից հետո անցել է 9 ամիս, իսկ այնտեղ արյունը հոսում է նախկինի պես, և երբեմնի կայուն, խաղաղ երկիրում դարձյալ նույն քաոսն է, որին, չգիտես ինչու, քնքշորեն անվանում են Երկրորդ եգիպտական հեղափոխություն, մինչդեռ եղածը իրականում ոչ այլ ինչ է, քան Եգիպտոսի զինվորական իշխանության ձգտումը՝ երկրում ստանձնել այն նույն դերը, ինչը տասնամյակներ շարունակ բանակին էր վերապահված Թուրքիայում:
Երկու օր առաջ՝ նոյեմբերի 21-ի ուշ գիշերին ավարտվեց այդ տխուր բեմադրության առաջին գործողությունը, երբ հայտնի դարձավ, որ Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը հրաժարական է տվել: Հրաժարականի հայցադիմումը ներկայացվեց կառավարող Զինված ուժերի բարձրագույն խորհրդին: Միաժամանակ կառավարությունը պարտավորվեց կատարել իր գործառույթները մինչև ռազմական խորհրդի կողմից որոշման կայացումը: Իր հերթին ռազմական խորհուրդը համաձայնեց մի շարք քայլեր իրականացնել, որոնք պետք է երաշխավորեն իշխանության փոխանցումը օրինական ընտրված քաղաքացիական մարմիններն: Համաձայնությունը մասնավորապես ներառում էր ազգային փրկության կառավարության ձևավորումը և 2012 թվականի առաջին կեսին՝ նախագահական ընտրությունների անցկացումը:
Սակայն այս հանգրվանին նախորդել էին 5 դժվարին օրեր, որոնք ամենաարյունալին էին «արաբական գարնանից» հետո և ուղեկցվում էին ամենադաժան բախումներով: Զանգվածային բողոքի ցույցերի էպիկենտրոնը դարձյալ Կահիրեի Թահրիր հրապարակն էր, որ վերածվեց ռազմական ղեկավարության նկրտումների միակ պատվարի: Բողոքի ակցիաների մասնակիցների թվում էին իսլամիստները, որվքեր դժգոհ են Սահմանադրական խարտիայի նախագծից, որը հիմք է լինելու Եգիպտոսի հիմնական օրենքի համար: Շուրջ 40 քաղաքական ուժեր ու միավորումներ հայտարարեցին, որ միանում են շարժմանը: Առավել ազդեցիկ «Եղբայր մուսուլմանների» խմբավորումը ներկայացրեց ցուցարարների հիմնական պահանջը՝ իշխանությունը ռազմական վարչակազմից քաղաքացիական կառավարությանը շուտափույթ փոխանցումը: Միևնույն ժամանակ իրենց ընդհանուր հայտարարության մեջ կազմակերպիչները պայման էին դնում իշխանությունը մինչև 2012-ի մայիս հանձնելու մասին: Սկսվեցին բախումները բանակի և ցուցարարների միջև: Հինգ օր շարունակվող անկարգությունների ընթացքում Կահիրեում և այլ քաղաքներում զոհվեցին ավելի քան 30 մարդ, մոտ 2 հազարը վնասվածքներ ստացան: «Փրկենք հայրենիքը» բողոքի ակցիան փողոց դուրս բերեց աննկարագրելի թվով քաղաքացիների, ծավալվեց այսպես կոչված «միլիոնների երթը», և դրա ծավալներից անհագստացան նույնիսկ «Մահմեդական եղբայրներ» կուսակցության առաջնորդները, ովքեր շտապեցին հայտարարել երթի մասնակցությունից իրենց հրաժարվելու մասին, որպեսզի խուսափեն բռնություններից ու չսրեն իրավիճակը: Սակայն արդեն ուշ էր:
Միջազգային հանրությունը, որն ամիսներ առաջ միայն խրախուսում էր Եգիպտոսում սկիզբ առնող յուրաքանչյուր շարժում, այս օրերին նույնպես անհանգստության նշաններ ցույց տվեց: Իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից՝ սպառնալով հողին հավասարեցնել այն ամենը, ինչ ծրագրվել ու իրագործվել էր Արևմուտքի «սցենարիստների» ջանքերով: Իր հերթին մտահոգություն արտահայտեց նաև Արաբական երկրների լիգան: Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին՝ երկրին վերադարձնել կայունությունը և ապահովել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:
Այն գիշեր, երբ մարդիկ լսեցին կառավարության հրաժարականի մասին, լուրն ընդունվեց ցնծությամբ և «Ալլահը մեծ է» կոչերով: Սակայն ոչ ոք չի պատրաստվում ցրվել. հավաքվածները մտադիր չեն դադարեցնել ցույցերը այնքան ժամանակ, քանի դեռ զինվորականներն ամբողջությամբ չեն հանձնել լիազորությունները: «Մենք չենք հեռանա հրապարակից, քանի դեռ չի հայտնվել ազգային կառավարություն, որը մեր շահերը կներկայացնի և իր վրա կվերցնի ողջ պատասխանատվությունը»,-ասում են նրանք: Այդ անհնազանդությունն իր հերթին բանակի ղեկավարությանը մղում է այն տեսակետին, թե ինչ-որ մեկը արհեստականորեն բորբոքում է հանրությանը` նպատակ ունենալով հերթական անգամ ապակայունացանել իրավիճակը: «Ինչ-որ մեկը սեպ է խրում ժողովրդի և զինվորականների մեջ: Ինչ-որ անհայտ ձեռք կա, որն ուղղորդում է ամբոխի գործողությունները՝ մեծացնելով բանակի և զանգվածների միջև անդունդը»,- հայտարարեց գեներալ Սաիդ Աբբասը:
Այդ անդունդն իսկապես կա: Բայց ահռելի ճեղքը հենց այնպես չբացվեց: Եվ դրա համար միշտ չէ, որ մեղավորներին պետք է որոնել հեռուներում: Այսօր արդեն անժխտելի փաստ է. Եգիպտոսի բարձրագույն զինվորական խորհուրդն իր դաժանությամբ գերազանցեց նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմին։ Եվ սրա մասին խոստովանում է նույնիսկ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ հրապարակելով Եգիպտոսում վերջին զարգացումների վերաբերյալ զեկույցը։ Այնտեղ մասնավորապես նշվում է, որ երկրում մարդու իրավուքնների ոտնահարման դեպքերը ոչ թե նվազել, այլ, ընհակառակը, աճել են։ Մուբարաքի հրաժարականից հետո Եգիպտոսում խոստացված ժողովրդավարական բարեփոխումներ այդպես էլ տեղի չունեցան, իշխանությունները շարունակում են դաժանորեն ճնշել ցույցերը, հազարավոր մարդկանց դեմ շարունակվում են հետաքննությունները։ Իհարկե, այդ կարգի զեկույցներում սովորաբար մոռացության են տրվում հանգամանքներն ու փաստերը, որոնցից ծնունդ են առնում մեծ ողբերգությունները: Բայց այժմ վստահաբար կարելի է ասել, որ եթե ամեն ոք վաստակում է այն, ինչին արժանի է, ապա Եգիպտոսի հեղափոխական ժողովուրդն այժմ ճաշակում է իր ցանած սերմերի պտուղները: Իսկ նրանք, ովքեր ժամանակին դրսից խրախուսում էին այդ խմորումները, հիմա հարկադրված են ցավով արձանագրել՝ Մուբարաքից հետո Եգիպտոսում զինվորականների ռեժիմ է հաստատվել:
Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսին կլինի բացվող օրը Կահիրեում և Թահրիր հրապարակում: Այս ընթացքում Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհուրդը երկրի վարչապետի պաշտոնում քննարկում է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի նախկին գլխավոր տնօրեն Մուհամմեդ Ալ- Բարադեի թեկնածությունը: Բայց գլխավոր մտահոգությունները կապված են նոյեմբերի 28-ի հետ: Հենց այդ օրն է Եգիպտոսում տեղի ունենալու խորհրդարանական ընտրությունները: Նախապես մտավախություն կար, որ անկարգությունների պատճառով դրանք կհետաձգվեին, սակայն ռազմական խորհուրդը ևս մեկ անգամ հաստատեց, որ չի պատրաստվում փոխել ժամկետը: Այն, որ հիշատակված օրը կլինի շրջադարձային, ոչ ոք չի կասկածում: Եվ այս պահին դեռ վաղ է մտածել ու մտահոգվել մեկ այլ ամսաթվի՝ մինչև 2012 թվականի հունիսի վերջ Եգիպտոսում սպասվելիք նախագահական ընտրությունների համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Կրակոցներ, զոհեր, խոստումներ…

23 Նյմ

Պատերազմն իր օրենքներն ունի: Այն խաղահրապարակ չէ, և ցանկացած ողբերգություն, միջադեպ, կորուստ, ուզենք թե չուզենք, ընկալում ենք իբրև դառն իրականություն: Դրա հետ մեկտեղ հրաշալի գիտակցում ենք, որ այդ պատերազմը դեռ ընթացքի մեջ է և այն ոչ մի վայրկյան չի դադարել: Սակայն ցավը բանականության հետ միշտ էլ անհաշտ է, և երբ վրա է հասնում պահը, գիտակցությունը դադարում է ընկալել արդարացումները…
Նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվեց ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Սիմոնյանը: Հաջորդ օրը առավոտյան սահմանի մեկ այլ տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղությամբ) կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վերքից զոհվեց ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Միհրան Մարգարյանը: Երկու զոհ՝ երկու օրում, երկուսն էլ՝ առաջնային գծում: Իսկ հետո հրապարակվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանն այն մասին, որ Արեն Սիմոնյանը հետամահու պարգևատրվել էր «Մարտական ծառայության» մեդալով: Կնշանակի՝ կատարվածը սոսկ դիպուկահարի կրակոց չէր: Ինչ-որ բան էր կատարվել սահմանի վրա, շատ ավելի ծավալուն մի բախում, քան սովորական դարձած հրաձգությունը կարող էր լինել: Սակայն ի՞նչ: Այս մասին ոչ ոք ոչինչ չի ասում: Մեկ օր անց որոշ լրատվամիջոցներ, հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրները, գրեցին, թե ԼՂՀ սահմանի նշված դիրքերում մեր մարտիկներից բացի սպանվել են մի քանի ադրբեջանցիներ, ընդ որում, նրանցից մեկը սպա է։ Բայց այս անգամ էլ ադրբեջանական կողմն է համառ լռություն պահպանում:
Ողբերգական միջադեպերը քչերին կարող էին թողնել հավասարակշիռ վիճակում: Նման էմոցիոնալ-խոցված տրամադրության արգասիք էր ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, որտեղ ասվում էր, թե ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից, և Բաքուն չի մտածում իր զինվորների անվտանգության մասին: Դրանից հետո բանակի ղեկավարությունը խոստանում էր «անհամաչափ պատասխան» տալ թշնամուն` սպառնալով Ադրբեջանի բնակչությանը: «Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»,- ասվում էր նույն տեքստում: Սա իր տեսակի մեջ աննախադեպ սպառնալիք էր՝ վաղօրոք տրվող խոստում մահեր սփռելու մասին, զինված ուժերի կողմից առաջիկայում պատժիչ գործողություններ ձեռնարկելու բաց հրաման: «Դա լինելու է մեր բնական, տրամաբանական և օրինաչափ արձագանքը: Եվ եթե դրա արդյունքում ադրբեջանական կողմում լինեն կորուստներ, դրա ամբողջ պատասխանատվությունը ադրբեջանական կողմի վրա է»,- եզրափակվում էր մեր մարտակոչը:
Այս տարվա ընթացքում հայկական զինուժի ձեռնարկած պատժիչ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմն արդեն ունեցել է 42 զոհ: Մեր կորուստները նույնպես քիչ չեն: Իսկ թվացյալ հրադադարի սպանդը դեռ շարունակվում է, և հայտնի չէ, թե դեռ քանի-քանի կյանքեր կզոհաբերվեն այդ բնագծերում:
Միջադեպերից երկու օր անց Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը «մշտապես հավատարիմ» է հրադադարի ռեժիմին, երբեք առաջինը այն չի խախտում: «Մենք պատասխանում ենք միայն այն ժամանակ, երբ հակառակորդը կրակում է մեր դիրքերին։ Թող չկրակեն, և այդ դեպքում մենք չենք պատասխանի։ Ինչ վերաբերում է հայ զինծառայողների զոհվելուն, ապա հայկական կողմը պետք է նախ իր բանակի ներսում հետաքննի դրանք և նոր դրանում մեղադրի մեզ»։
Երբ հնչում են կրակահերթերը, պատճառները քննարկելու ժամանակ այլևս չի մնում: Բայց և այնպես մենք էլ առիթ ունեցանք մտածելու որոշ բաների մասին և անպատասխան հարցեր հնչեցնելու: Օրինակ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) տարակուսած հարցրեց, թե ԴՕՍԱԱՖ-ում վարորդություն սովորած երիտասարդին ինչու՞ են դիրքեր տարել, եթե նա պետք է մեքենա վարեր: «Ո՞վ պետք է սրա համար պատասխան տա. պատասխան պետք է տան հրամանատարները: Շփման գծում տեղի ունեցող դեպքերը ցույց են տալիս, որ այնտեղ ինչ-որ բան այնպես չէ, ինչ-որ բան կամ ինչ-որ մեկն այնտեղ չի աշխատում: Այս ամենի հանդեպ մեր հրամանատարությունը շատ անլուրջ վերաբերմունք ունի»,- իր զայրույթն արտահայտեց գեներալը:
Ոլորտին տեղյակ մեկ ուրիշը՝ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը ևս կիսում էր այդ մտահոգությունները. «Իրականում պետք է արվի ամեն ինչ, որպեսզի բանակի խոցելիության աստիճանն իջնի զրոյի: Այդ առումով մեծ անելիք ունեն մարտական ստորաբաժանումների հրամանատարները, Զինված ուժերի ղեկավարները»,- ասում էր նա: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ղեկավարած կառույցի մասին յուրաքանչյուր քննադատություն սրերով է դիմավորում և սպառնում է պատժել այդ մարդկանց: Այս անգամ նա ստիպված պիտի լինի իր պատժիչ գործողությունները սկսել Կոմանդոսից ու Աղաբեկյանից…
Բայց վերադառնանք սահմանին ու փորձենք հասկանալ, թե ի՞նչը կարող է լինել հակառակորդի ագրեսիվ պահվածքի դրդապատճառը, ինչու՞ հանկարծ կացությունը կրկին շիկացավ, երբ բավականին ժամանակ առաջին գծում հարաբերական հանդարտություն էր: Այս հարցերի համար ռազմական փորձագետներն ու դիտորդները մի քանի վարկածներ ունեն: Նրանցից ոմանք կարծում են, որ այդ կրակոցներով Ադրբեջանի բանակի բարձրագույն հրամանատարությունը ցանկանում է ինչ-որ կերպ հաստատել նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արված հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով նվաճել Արցախը: Այլ կերպ ասած, դիպուկահարների գործողություններով կամ դիվերսիոն-հետախուզական խմբերի մասնակցությամբ թշնամին փորձում է կշիռ հաղորդել ռազմական գործողությունները վերսկսելու իր սպառնալիքներին: Կան կարծիքներ նաև այն մասին, որ Ադրբեջանն ուղղակի փորձում է հոգեբանական ճնշում բանեցնել հայկական կողմի վրա, ընդ որում` ոչ միայն դիրքերում գտնվող զինվորների նկատմամբ: Բանն այն է, որ այս օրերին ընթանում է աշնանային զորակոչը, և պահը հարմար է տագնապ ու վախ սերմանելու համար, մի մեթոդ, որին նրանք լավ են տիրապետում:
Եղան տեսակետներ էլ, համաձայն որոնց պաշտոնական Երևանը պիտի հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող բանակցություններից` պայման դնելով, որ բանակցությունները կշարունակվեն այն ժամանակ, երբ Բաքուն շփման գծից ետ կքաշի դիպուկահարներին: «Հայկական դիվանագիտությունը պետք է հարցը դնի բավականին կոշտ, որովհետև նշված հարցադրումը միանգամայն իրավացի է»,- ասում էին նրանք: Միայն մի հարցում էին բոլորը համակարծիք՝ Հայաստանն այլընտրանք չունի և շփման գծում հակառակորդին պետք է խոցել ոչ պակաս, քան նույն զենքով, դրսևորվել այնպես, որպեսզի թշնամին հասկանա՝ բացի զինադադարի ռեժիմը պահպանելուց նա այլընտրանք չունի և պետք է հաշտվի այդ մտքի հետ:
Բանակը խոստացել է: Թշնամին գիտի այդ մասին: Հետևանքները կռահել ոչ ոք չի կարող…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ինչպես են սայթաքում ֆրանսիացիները

21 Նյմ

Հայաստանը տարակուսելու հերթական առիթն ունեցավ: Իսկ այդ առիթն այս անգամ մեզ տվեց Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն, ով աշխատանքային այցով մեկնել էր Անկարա և այնտեղ խոսել Հայոց Ցեղասպանության մասին: Վերջինս «մարտահրավեր» էր անվանել 1915 թվականի իրադարձությունների թեման և ապա իր երկրի անունից պատրաստակամություն հայտնել՝ Փարիզում անցկացնելու դրա շուրջ հայ-թուրքական քննարկումներ։ Համաձայն թուրքական ԶԼՄ-ների, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ժյուպեն նշել էր, թե բոլոր մեծ երկրները աշխատանք են տանում իրենց պատմությունն ուսումնասիրելու ուղղությամբ և նման աշխատանք կարող է կատարվել նաև պատմական հանձնաժողովում, քանի որ հիշյալ ժամանակաշրջանը «դժվարին է թե Թուրքիայի և թե Հայաստանի համար»: Հասկանալի է, որ այսպիսի առաջարկը գրկաբաց պիտի ընդունվեր թուրքերի կողմից, ինչն էլ անմիջապես արել էր Դավութօղլուն՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ է համատեղ հանձնաժողովի ստեղծմանը՝ տվյալ խնդրի պատմական ուսումնասիրման համար: «Մենք պատրաստ ենք քննարկել պատմությունը։ Սակայն ցանկանում եմ նշել, որ մենք դեմ ենք այնպիսի օրենքների առկայությանը, ինչպիսին, օրինակ, Ֆրանսիայի Սենատում առկա օրինագիծն է, որոնք անհնար են դարձնելու այդ քննարկումների ժամանակ մեզ պաշտպանելու հնարավորությունը»,- հավելել էր թուրք նախարարը:
Ունենալ այնպիսի խաղաքարտ, ինչպիսին կամա թե ակամա մատուցել էր ֆրանսիացի հյուրը, իսկական պարգև էր Անկարայի համար, որպեսզի հերթական անգամ աշխարհին ցուցադրեր իր բարի կամքի դրսևորումները, հավաստիացումներ շռայլեր, թե իբր այդ քննարկումները կարող են դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, և նաև հիշեցնել, որ դեռևս մի քանի տարի առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր հղել Հայաստանի ղեկավարությանը` կոչ անելով Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրման համար համատեղ հանձնաժողով ստեղծել: Անշուշտ, ոչ մի խոսք այն մասին, թե Երևանն ինչ հիմնավորմամբ մերժեց այդ առաջարկը, քանի որ ներկա պահին դա էական չէ, եթե կա ռևանշ վերցնելու հնարավորություն և այն էլ` հայերի բարեկամ ֆրանսիացիների օգնությամբ: Ահա թե ինչն էր տարակուսանքի մատնել Հայաստանին, որտեղ բոլորովին վերջերս նույն Ֆրանսիայի նախագահը միանգամայն այլ կոչեր ու պահանջներ էր հնչեցնում և պատրաստվում էր այլ մեթոդներով պայքարել թուրքական ժխտողականության դեմ:
Սակայն եկեք չշտապենք հետևությունների հարցում և փորձենք հասկանալ՝ իսկապե՞ս Փարիզը հրաժարվում է իր խոստումներից, թե՞ Ալեն Ժյուպեն անզգուշաբար սայթաքել է թուրքական դիվանագիտության լպրծուն զարտուղիների վրա: Բանն այն է, որ նույն օրերին որոշ լրատվական գործակալություններ միանգամայն այլ տեղեկատվություն հաղորդեցին հիշյալ ասուլիսի մասին: Համաձայն այդ աղբյուրների, երբ Թուրքիայի արտգործնախարարը հերթական անգամ ակնարկել է Ցեղասպանության հարցը պատմաբանների հանձնաժողովում քննարկելու մտադրության մասին, Ժյուպեն հակադարձել է նրան՝ նշելով, որ «1915 թ. իրադարձությունները շատ զգայուն հարց են, այդ իսկ պատճառով չէի գնա հարցը համատեղ հանձնաժողովում քննարկելու այդ անհաջող մտքին»:
Եթե նույնիսկ մի կողմ թողնենք ֆրանսիացի նախարարի այս խոսքերի նպատակահարմարությունը մեզ համար և առաջնորդվենք սոսկ փաստերով ու տրամաբանությամբ, ապա Ֆրանսիան իրոք պիտի հրաժարվի հանձնաժողով ստեղծելու գաղափարից հենց թեկուզ այն պատճառով, որ այդ երկիրը ոչ միայն վաղուց ճանաչել է Հայոց Ցեղասպանության փաստը, այլև, նախագահ Նիկոլա Սարկոզիի խոստման համաձայն, պատրաստվում է մինչ այս տարեվերջ խորհրդարանում ընդունել Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը: Այլ կերպ ասած՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի Թուրքիայում արած հայտարարությունը հակասում է Հայոց Ցեղասպանության հարցում այդ երկրի պաշտոնական քաղաքականությանը: Այս ամենից հետո Փարիզի ինչի՞ն է պետք մեկ անգամ ևս համոզվել այն ճշմարտության մեջ, որում համոզված է օրենքի ամբողջ ուժով:
Թուրքերին, իհարկե, սա ներկա պահին քիչ է հետաքրքրում, քանի որ նրանք վարպետորեն խաղում են իրենց խաղը և ջանում են հնարավորինս մեծ հնչեղություն հաղորդել դրան: Դեռ չէր լռել Դավութօղլուի բառերի արձագանքը, երբ «Սուլթան Աբդուլմեջիդի մահվան 150-ամյա տարելիցը և ժամանակաշրջանը» միջազգային սիմպոզիումի ժամանակ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարեց, թե իր երկիրը պատրաստ է առերեսվել սեփական անցյալի ու պատմության հետ: «Մենք առնչվում ենք միջազգային մակարդակի մեղադրանքների, հատկապես 1915 թվականի հետ կապված: 1915թ. իրադարձությունների առնչությամբ մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ։ Մենք բացել ենք մեր արխիվներն ու պատրաստ ենք քննարկել պատմաբանների աշխատությունները։ Վստահ եմ՝ սխալ տեղեկությունների հիման վրա դատողություններ անելու փոխարեն ավելի ճիշտ կլինի քննարկել մեր գիտնականների կողմից ներկայացվող իրողությունները»,- ասել էր Չիչեքը: Իսկ տեղական մամուլն այս օրերին այդ մտքերը շեփորում է հնարավոր բոլոր միջոցներով ու ելևեջներով:
Փոխարենը լռում է Փարիզը: Այո, ֆրանսիական ոչ մի պաշտոնական աղբյուր դեռ չի հաստատել կամ չի հերքել իր ԱԳ նախարարի արած հայտարարությունը: Իսկ այդ լռությունն իր հերթին առիթ է տալիս հակասական ենթադրությունների: Եվ ահա այս անորոշության պայմաններում Հայաստանի իշխանություններին ոչինչ չի մնում անելու, քան հայտարարել, որ եթե նույնիսկ նման բան է ասվել, ապա իրենք կրկին հաստատում են հայկական կողմի դեռ 2005թ. արտահայտած դիրքորոշումը, համաձայն որի Հայաստանը 1915թ. դեպքերը քննելու համար հրաժարվում է պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծել` փոխարենն առաջարկելով ստեղծել միջկառավարական հանձնաժողով: Հարկ է հիշել, որ այս նույն միտումն առկա էր նաև Ցյուրիխյան արձանագրություններում, որտեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կետ չկար, սակայն կար միջկառավարական հանձնաժողով ստեղծելը նախատեսող կետ: Հետևաբար կամ Թուրքիան ստիպված պիտի լինի կատարել Ցյուրիխյան արձանագրություններով նախատեսված պարտականությունները, կամ հարկադրված է մեկ անգամ ևս իմանալ այն մասին, որ Հայաստանը մտադիր չէ քննարկել Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն անվիճելի փաստ է: Իսկ պատմաբաններն անելիք չունեն այնտեղ, որտեղ գործում է քաղաքական հարցերի տրամաբանությունը:
Առայժմ դժվար է կռահել, թե ինչ ավարտ կունենա այս միջադեպը: Ամեն դեպքում շատերն են այն կարծիքին, որ Հայաստանի ԱԳ նախարարը եթե ոչ բացատրություն, ապա գոնե որոշ հստակեցում պիտի պահանջի ֆրանսիացի իր գործընկերոջից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԴԵՎԻԴ ՅՈՒՄ

20 Նյմ

Ոչինչ այնքան ազատ չէ, որքան մարդկային միտքը:
Երջանիկ է նա, ով ապրում է իր խառնվածքին համապատասխան միջավայրում: Բայց առավել կատարյալ է նա, ով կարողանում է իր խառնվածքը համապատասխանեցնել ցանկացած միջավայրի: Սովորաբար երջանկությունը հովանավորում է համարձակներին ու ձեռներեցներին, սակայն ոչինչ մեզ այնքան համարձակություն չի ներշնչում, որքան լավ կարծիքը սեփական անձի նկատմամբ: Ինքնասիրությունը ծնում է արդարության կանոնները և հանդիսանում է առաջին դրդապատճառը հաջորդները պահպանելու համար: Սակայն եթե մեր գործողությունների միակ դրդապատճառը սեփական ազատությունը ցուցադրելու ցանկությունն է, կնշանակի մենք ոչ մի կերպ չենք կարող ազատագրվել անհրաժեշտության կապանքներից: Ոչինչ ավելի խրախուսելի չէ, քան սեփական արժանապատվության գիտակցումն այն դեպքերում, երբ մենք իսկապես արժեքավոր որակների ենք տիրապետում: Այս պարագայում պիտի որ անպտուղ լինի մարդուն հիմարության համար պատժելը կամ նրան համոզելը, որպեսզի լինի խելացի ու սկզբունքային, թեև նույն այդ պատիժներն ու պնդումները կարող են նշանակալի ազդեցություն թողնել, եթե խոսքը վերաբերում է արդարությանն ու անարդարությանը:

ԺՈԶԵՖ ԺՈՒԲԵՐ

19 Նյմ

Զարմանալին զարմացնում է միայն մեկ անգամ, իսկ հիասքանչը յուրաքանչյուր անգամ էլ ավելի մեծ հիացմունք է պատճառում:
Երբ չափից ավելի ես սարսափում այն բանից, ինչ կարող է պատահել, թեթևություն ես զգում, երբ մտավախություններդ ի վերջո իրականություն են դառնում: Գիտակցությունը կարող է հուշել, թե ինչից է պետք խուսափել, բայց միայն սիրտը կասի, թե ինչ է հարկավոր անել: Երևակայությունը հոգու աչքն է: Նա ով ունի երևակայություն, բայց չունի գիտելիք, նույնն է, թե ունի թևեր, բայց չունի ոտքեր: Հարցերը ցույց են տալիս մտքի խորությունը, պատասխանները` սրությունը…
Ծիծաղի առարկա դարձնել այն, ինչ ենթակա չէ ծաղրի, ինչ-որ իմաստով նույն է, եթե բարին վերածես չարի: Նա, ով ծիծաղում է չարի վրա՝ իր բոլոր դրսևորումներով, բարոյականության անառողջ զգացում ունի: Բարոյականությանը հարիր է այլ կարգի հստակություն: Այստեղ խոսքը ոչ թե հայեցողության մասին է, որ սնուցում է գիտակցությունը, այլ համոզվունքների, որոնք ուղղորդվում են կամքով: Իսկ նրանց ավելի շատ տոթ ու կրակ է պետք, քան լույս: Նրանք, ովքեր երբեք չեն հրաժարվում նախկինում արտահայտած համոզմունքներից, իրենց ավելի շատ են սիրում, քան ճշմարտությունը:

ՍԵՄՈՒԵԼ ԲԱԹԼԵՐ

18 Նյմ

Կյանքը անսփոփ պատճառներից սփոփիչ հետևանքներ կորզելու արվեստն է:
Մեր կյանքը կարծես Նոյյան Տապանը լինի. հատուկենտ մարդիկ ու լիքը կենդանիներ: Իսկ մարդը միակ կենդանին է, որ կարողանում է բարեկամական հարաբերություններ պահպանել իր զոհերի հետ, որոնց նա մտադիր է խժռել՝ ընդհում այն պահը, երբ նրանք կդառնան ուտելի: Ապրելը նույնն է, ինչ սիրելը՝ գիտակցությունը դեմ է, առողջ բնազդը՝ կողմ: Եվ ընդհանրապես, մարդու իրական կյանքն այն է, որի մասին նա նույնիսկ չի էլ ենթադրում: Այն ամենը, ինչ մենք անում են բացարձակապես անգիտակցաբար, դա հենց այն է, առանց որի մենք անմիջապես կմեռնեինք: Մեր սխալները երբեմն դրսևորվում են ոչ թե արարքներում, այլ այդ արարքների համար զղջումների մեջ: Միակ, իսկապես լուրջ համոզմունքն այն է, որ կյանքում չկա ոչինչ, ինչին արժե լրջորեն վերաբերվել:

Սիրիա. եռման կետ

18 Նյմ

Ութ ամիս շարունակ Սիրիայում շիկացող իրավիճակը հետզհետե մոտենում է իր եռման կետին: Վերջին մեկ շաբաթվա զարգացումները հուշում են շրջադարձերի մասին, սակայն դեռևս ոչ ոք չի կարող կանխատեսել, թե հատկապես ինչ ճյուղավորումներ կստանան դրանք: Այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան դադարեցրեց Սիրիայի անդամակցությունն այդ կազմակերպությանը, սա կարծես ազդանշան դարձավ երկու հակամարտ ճամբարների համար՝ ձգել գոտիները և նախապատրաստվել վճռական քայլերի: Եվրամիությունը սառեցրեց Սիրիայի վարկավորումը և ընդլայնեց սիրիացի պաշտոնյաներից կազմված «սև ցուցակը»՝ դա պատճառաբանելով երկրում շարունակվող բռնություններով: Նոյեմբերի 16-ին ԱՊԼ-ն Դամասկոսին եռօրյա վերջնագիր ներկայացրեց`նույնպես սպառնալով տնտեսական պատժամիջոցներով: Համաձայն այդ վերջանագրի, լիգան Սիրիայի ղեկավարությանը հորդորում էր ստորագրել արձանագրությունը, որի համաձայն այդ երկիր կուղարկվեն մի քանի տասնյակ միջազգային դիտորդներ, պահանջում էր դադարեցնել իշխանական ուժերի հարձակումները ցուցարարների վրա, քաղաքներից դուրս բերել զրահատեխնիկան, ազատ արձակել քաղբանտարկյալներին, լրագրողներին ու իրավապաշտպաններին թույլատրել աշխատելու երկրի տարածքում: Պատասխանը եղավ այն, որ նույն օրը նախագահ Ասադի կողմնակիցները դուրս եկան հրապարակներ` արտահայտելու իրենց հավատարմությունը ազգային միասնությանը: Նրանք դատապարտեցին ԱՄՆ-ի ու Արևմուտքի հրահրած սադրիչ գործողությունները, դեմ արտահայտվեցին ԱՊԼ-ի որոշմանը, ինչից հետո հարձակվեցին Դամասկոսում ԱՄԷ դեսպանատան վրա: Ճիշտ նույն պատճառով երեք օր առաջ ամբոխը գրոհել էր Սիրիայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա, որից հետո դիվանագետների ընտանիքները տարհանվել էին, իսկ ժամեր անց Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդունել էր Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներին։ Ասադի կողմակիցները նույն կերպ ներխուժեցին նաև Սաուդյան Արաբիայի դեսպանատուն և այնտեղ ավերածություններ գործեցին, հարձակվեցին Քաթարի դեսպանատան ու Լաթաքիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա: Սակայն ամենաանսպասելին, ինչը կատարվեց նույն նոյեմբերի 16-ին, դա այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակի» հարձակումն էր Դամասկոսի ծայրամասում գտնվող ռազմաօդային ուժերի հետախուզական ծառայության համալիրի վրա: Այդ խմբավորումը, որ ձևավորվել է սիրիական բանակի դասալիքներից, մարտի բռնվեց՝ գործադրելով գնդացիրներ ու նռնականետեր: Իսկ հետո Դամասկոսի երկնքում հայտնվեցին ռազմական ուղղաթիռները…
Սիրիացիներին այս օրերին արյունահեղությամբ չես զարմացնի: Զոհերն այստեղ հազարներով են հաշվում: Սիրիացիներին նաև հարկ չկա բացատրելու, թե ինչպիսին են ներքին ու արտաքին դավադրության մասշտաբները, և ինչով նրանք կարող է հատուցել՝ հանուն սկզբունքայնության կամ հայրենասիրության: Ու եթե իշխանություններն ահազանգում են, որ խռովություններ հրահրող արտաքին ուժերի իրական նպատակները այլ են և ընդհանուր ոչինչ չունեն մարդու իրավունքների պաշտպանության մասին կարգախոսների հետ, ապա քիչ չեն նաև նրանք, ովքեր կարծում են, որ Սիրիայում այս օրերին ընթանում են քաղաքացիական կռիվներ:
Այսպես են մտածում նաև Ռուսաստանում, որն առայժմ այն երկրների շարքում է, ովքեր կտրականապես դեմ են օտար ուժերի միջամտությանը, սխալ են համարում ԱՊԼ-ին Սիրիայի անդամակցության դադարեցումը և համոզված են, որ նրանք, ովքեր ընդունել են այդ որոշումը, իրադրությունն ավելի թափանցիկ հունի մեջ դնելու շատ կարևոր հնարավորություն են կորցրել: Մոսկվան նաև այն տեսակետի կողմնակիցն է, որ Սիրիայում բռնության դադարեցման պահանջը պետք է վերաբերվի ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմությանը, քանի որ զինված բախումները սադրում են ոչ միայն կառավարական զորքերը, այլև ապստամբները, որոնք զենք են ստանում հարևան երկրներից: Այս իմաստով Կրեմլը խորը հիասթափություն պատճառեց սիրիական ընդդիմությունը, ովքեր ակնկալում էին, թե Ռուսաստանը կճանաչի և կհամագործակցի Սիրիական ազգային խորհրդի հետ ու հապշտապ կարգով Մոսկվա մեկնեցին: Բայց ընդունելությունն այնքան էլ ջերմ չէր, և դա իր պատճառներն ուներ: Նախ, այս օրերին սիրիացի ընդդիմադիրները հայտարարում են, թե պատրաստ չեն բանակցություններ սկսել երկրի նախագահ Բաշար Ասադի հետ, իսկ այդ անպատրաստվածությունը հազիվ թե միջնորդների սրտով լինի: Ավելի ճիշտ կլինի պնդել, որ նրանք այս պահին ուղղակի չեն ցանկանում լինել պատրաստ, քանի որ դա չի բխում իրենց և հովանավորների շահերից: Ու երբ Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհրդի նախագահ Բուրհան Գալյունը պարզաբանում է, թե նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Դամասկոսը հրաժարվել է իրականացնել ԱՊԼ-ի պահանջները, իսկ այնուհետև ասում, որ իրենք հրաժարվում են բանակցել Ասադի ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ, քանի որ նրանք մասնակցել են սիրիական ժողովրդի դեմ կիրառված բռնաճնշումներին, ապա հասկանալի է դառնում, որ բոլոր կամուրջներն այրված են և նույնիսկ ԱՊԼ պահանջները կատարելու դեպքում որևէ հաշտություն չի գծագրվելու:
Սիրիամետ երկրների նախազգուշացումից հետո նրանք, ովքեր պատրաստվում էին այստեղ կրկնել լիբիական սցենարը, այժմ փոքր-ինչ զսպել են իրենց նկրտումների սանձերը: Այդ առթիվ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը հայտարարեց, որ այս պահին Սիրիա ներխուժելու ոչ մի ծրագիր, մտադրություն ու քննարկում չկա և այդ մոտեցումը կիսում են Դաշինքի բոլոր անդամները: Բայց նա չմոռացավ ասել, որ իրավիճակը կարող է ամեն պահի փոխվել, իսկ սա նշանակում է, որ Արևմուտքն այնուամենայնիվ կջանա իր համար նախադրյալներ ստեղծել՝ արշավի մեկնարկը տալու համար, ինչը այնքան էլ բարդ չէ, եթե դրա համար սոսկ անհրաժեշտ է Սիրիայի ընդդիմության հստակ ձևակերպված պահանջը, տարածաշրջանային աջակցությունն ու օրենսդրական հիմքը: Իսկ նման նախադրյալներ միշտ էլ կարելի է լույս աշխարհ բերել, ինչպես արդեն արվել են այլ երկրների պարագայում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախազգուշացրել է, որ Արևմուտքի միջամտությունը իր երկրի ներքին գործերին կարող է երկրաշարժ առաջ բերել Մերձավոր Արևելքում, սակայն այդ ցնցումների հեռանկարն այժմ առանձնապես անհանգստություն չի պատճառում: Փոխարենը խիստ ոգևորված են մի շարք հարևան երկրներ, և առաջին հերթին Թուրքիան: Այս երկրի վարչապետ Էրդողանն արդեն հասցրել է իրեն լիովին դրսևորել՝ դիմելով Սիրիայի նախագահին այսպիսի խոսքերով. «Պատմությունն այդպիսի լիդերներին հիշում է որպես ժողովրդի արյունով սնվող լիդերների։ Ասադ, դու այդ ճանապարհով ես գնում։ Սիրիայի ժողովրդին մենք չենք թողնի բախտի քմահաճույքին։ Ասադը պետք է տեսնի, թե իր ժողովրդին բռնության ենթարկողներն ինչ վիճակի կհասնեն»: Եվ սա ասում էր Թուրքիայի սահմանների ներսում քրդերի արյունը լիուլի ըմպող Էրդողանը՝ դրա հետ մեկտեղ դառնություն ապրելով այն փաստից, որ Սիրիայի հարցում դեռ չի տեսնում արևմտյան այն նույն խանդավառությունը, ինչ որ եղավ Լիբիայում:
Էրդողանից ետ չի մնացել Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը, ով կոչ է արել նախագահ Բաշար Ասադին հրաժարական տալ «հանուն իր երկրի շահերի»: «Կարծում եմ` եթե ես լինեի նրա փոխարեն, հրաժարական կտայի»,- ասել է թագավորը՝ դրսևորելով չափազանց կասկածելի անկեղծություն և հիշեցնելով, թե արդեն քանիսն են նրա պես սկզբում կրկնել այդ հավաստիացումը, իսկ հետո մինչև վերջ կառչած մնացել իրենց իշխանությունից:
Իսկ Ասադին ու նրա համակիրներին, որոնք պարտվել են քարոզչական պատերազմում, հազիվ թե երբևէ հաջողվի ապացուցել, որ 22 միլիոնանոց երկիր շուրջ 3 հազար մահերի մեծ մասը բանակի զինվորներն են, իսկ նրանց դեմ ոտքի ելածներն այնքան էլ ժողովրդավարության մարտիկներ չեն, այլ ավելի շուտ իսլամական ծայրահեղականներ, որոնք երկրի ներսում առանձնապես դերակատարություն չունեն, ինչպես որ չունեն իշխանության գալու շանսեր, բայց փոխարենը դարձել են այն վարակի բացիլը, որ մի օր կարող է գետին տապալել առողջ և ուժեղ մարմինը, քանի որ վարակի տարածման համար բարենպաստ պայմաններ ստեղծողների թիվն այս պահին առավել քան շատ է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄՈՐԵԽԸ

18 Նյմ

Մի անգամ աշնանը Բասյոն և Կիկակուն գնում էին բրնձի դաշտով: Կիկակուն իր ուշադրությունը գրաված կարմիր մորեխի մասին հոքու գրեց՝
Պոկիր զույգ թեւերը
Մորեխի-
Եվ կստացվի տաքդեղի պատիճ:
— Ոչ,- ասաց Բասյոն,- դա հոքու չէ: Դու մորեխին սպանեցիր: Եթե դու ուզում ես հոքու ստեղծել և նրան կյանք պարգևել, ապա պետք է ասես՝
Ավելացրու զույգ մի թեւ
Տաքդեղի պատիճին —
Եվ դու մորեխ կարարես:

ՄԱՅՔԼ ՖԱՐԱԴԵՅ

17 Նյմ

Որքան զարմանալի է այս աշխարհում մեր պահվածքը: Այստեղ մենք ծնվում ենք, դաստիարակվում, ապրում և այս ամենն ընկալում ենք իբրև սովորական մի բան: Ըստ էության ասած, մենք այնքան քիչ ենք զարմանում, որ մեզ այլևս ոչինչ չի ցնցում իր անակնկալով: Ես մտածում եմ, որ երիտասարդի մոտ ջրվեժի տեսքը կամ բարձրաբերձ լեռները ավելի մեծ զարմանք են հարուցում, քանի իր գոյության մասին հարցը, այն, թե նա ինչպես է լույս աշխարհ եկել, ինչպես է ապրում, ինչ կերպ է ուղիղ կանգնում և ինչի շնորհիվ է շարժվում մի վայրից մյուսը: Այդ պատճառով էլ ստացվում է, որ մենք այս աշխարհ ենք գալիս, ապրում ենք և լքում ենք այն՝ մեզ նեղություն չպատճառելով հատուկ խորհելու այն մասին, թե ինչպես է այդ ամենը կատարվում: Եթե չլինեին իմացասեր մարդկանց ջանքերը, ովքեր խորամուխ են լինում այդ հարցերում, բացահայտում կարևորագույն օրենքները, կարգավորում մեր գոյությունը երկրի վրա, հազիվ թե մենք կռահեինք, որ այդտեղ ինչ-որ զարմանալի բան կա:

ԷՆՐԻԿԵ ՎԻԼԱ ՄԱՏԱՍ

17 Նյմ

ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ

Ես նվագում եմ հիշողության հնչյունի վրա: Այդ աննկատ գործիքը հար միանման է հնչում: Նրա հնչյունը մեկ երկար է, մեկ կարճ, մեկ դանդաղկոտ, մեկ փութկոտ: Նա համաչափ է շնչում, և մեկ էլ անակնկալ ցատկով ինքն իրենից առաջ է անցնում: Նա տրտում է և զվարթ: Միայն տարօրինակ է, որ երբ նա տրտում է հնչում, ստիպում է ինձ ծիծաղել, իսկ երբ ուրախ է ու անդադար, ես ուզում եմ արտասվել: Հնարավո՞ր էր արդյոք երբևէ նման հնչողություն: Նվագե՞լ է որևէ մեկն արդյոք այդպիսի կախարդական գործիքով: Եվ հազիվ թե ձեռքդ վերցնես այդ գործիքը. նույնիսկ ամենանուրբ և ամենաթրթռուն ձեռքերը չափազանց կոպիտ են նրա համար: Նա անասելի նուրբ և քնքուշ լարեր ունի: Մազերը դրանց հետ համեմատած` սանձեր են: Կա մի տղա, ով կարողանում է նվագել, և ես, երբ լրտեսելու ժամանակ է լինում, լսում եմ նրան: Նա գիշեր ու զօր նվագում է՝ չմտածելով հաց ու ջրի մասին, օրնիբուն: Առավոտից գիշեր և գիշերից մինչև լույս: Ժամանակը պետք է նրան միայն այն բանի համար, որ կողքանց թռչի, հանց հնչյուն: Ճիշտ այնպես, ինչպես ես եմ լսում նրան` նվագողին, այնպես էլ լսում է և ինքը` նվագողը, անընդհատ իր սիրելիին, իր գործիքի նվագը: Դեռևս ոչ ոք և ոչ մեկին այդպես հավատարիմ և թրթռուն չի դարանել: Ինչ քաղցր է դարանողին դարանակալելը, սիրահարին տեսնելը, լքյալին զգալը քո կողքին: Տղան` արվեստագետն է, հիշողությունը` նրա գործիքը, գիշերը` նրա տարածությունը, երազանքը` նրա ժամանակը: Հնչյունները, որոնք նա կյանքի է կոչում, իր փութաջան ծառաներն են, որոնք պատմում են նրա մասին աշխարհի ծարավի ականջներին: Ես գեթ միայն ականջ եմ, անասելի հուզախռով ականջ: