Պահոց | Դեկտեմբերի, 2017

ՄՏՔԵՐ

31 Դկտ

Պատմությունը ստիպված է կրկնվել, քանի որ նրան ոչ ոք չի լսում:
Լորենս Պիտեր

Քեզ ընկեր գտիր, դու չես կարող երջանիկ լինել միայնակ: Երջանկությունը գործ է երկուսի համար:
Պյութագորաս

Կյանքի իմաստն այն չէ, որ բավարարվեն ցանկություններդ, այլ այն, որ դրանք ունենաս:
Մ. Զոշենկո

Լույսը Աստծո ստվերն է:
Պլատոն

Երբ դու իրավացի ես, ոչ ոք դա չի հիշի: Երբ դու սխալվես, ոչ ոք չի մոռանա:
Իռլանդական

Ամեն մարդ ցանկանում է դրախտ ընկնել, բայց ոչ ոք չի ցանկանում մեռնել:
Ջո Լուիս

Ատելությունը սրտից է գալիս, արհամարհանքը` գլխից:
Արթուր Շոպենհաուեր

Հուսալ պետք է մինչև վերջին րոպեն: Բայց վերջին րոպեին կարելի է նաև չհուսալ:
Դոն- Ամինադո

Ավելի հեշտ է մեռնել ընկերոջ համար, քան գտնել ընկեր, որի համար արժե մեռնել:
Լուի Մարեն

Չկա ավելի բարոյալքող բան, քան փոքր, բայց մշտական աշխատավարձը:
Էռլ Ուիլսոն

Չեն լինում վատ գարեջրատներ և լավ բանտեր:
Լ. Կամերտոն

Ես չգիտեմ` իսկապե՞ս հրեշտակներն Աստծո ներկայությամբ միայն Բախ են նվագում, բայց ես վստահ եմ, որ իրենց ընտանեկան նեղ շրջանակում նրանք նվագում են Մոցարտ:
Կարլ Բարտ

Երբեք կնոջը մի ասա, որ դու արժանի չես նրա սիրուն: Նա առանց քեզ էլ այդ բանը գիտի:
Անհայտ հեղինակ

Չկա ավելի դժվարին աշխատանք, քան գեղեցիկ տեսք ունենալ առավոտվա 8-ից մինչև կեսգիշեր:
Բրիջիդ Բարդո

Ներեք ձեր թշնամիներին, բայց երբեք մի մոռացեք նրանց անունները:
Ջոն Քենեդի

Լավ հագնված մարդը նա է, ում հագուստին ուշադրություն չեք դարձնում:
Սոմերսեթ Մոեմ

0b0638eeef9098fe94b571a52d36780fres

ԲԵԿՈՐԱՅԻՆ

31 Դկտ

Փշրվող խաղալիքը… Անպայման պիտի սահեր մատներիս միջից հատկապես այն պահին, երբ առավելագույնս զգույշ էի: Հատակին նրա բախվելը, բեկորների փայլը, իմ սրտի զարկը ու միտքը, որ արդեն փշրված է, մեղավորության երեխայական մի տխրություն էին ծնում` շաղախված այն խորին համոզմունքի հետ, թե դա ամենագեղեցիկն էր բոլոր խաղալիքներից:
Սա կրկնվում էր գրեթե ամեն տարի, թեև մորս մշտական խոսքը` «Չարը խափանվեց», մի չնչին մխիթարություն էր տալիս ու անտեսանելի ափով փակում էր զարդարվող տոնածառի այն հատվածը, որտեղ պիտի կախվեր փշրվածը: Եվ այդ ժամանակներից ի վեր բեկորներն ինձ համար դարձան հետապնդող մտասևեռում: Ցանկած բեկորի մեջ ես ճգնում էի տեսնել ամբողջը և այդ ամբողջը կորցնելու ցավը:
… Օրերս, երբ կրկին եղևնի էինք զարդարում, տղաս ասաց, որ իր գնած նոր խաղալիները չեն փշրվում, եթե նույնիսկ ուժգին հարվածեմ հատակին: Ես հավանաբար ժպտացի տարօրինակ մի ժպիտով, որ պիտի նշանակեր հետևյալը. «Հրաշալի է, որ ձեր խաղալիքները չեն բեկորվում: Ափսոս միայն, որ ես դրանց մեջ չեմ գտնելու իմ տոնածառի փշաքաղ երկյուղածությունը»: Բայց հետո մտածեցի` դա այնքան էլ վատ չէ: Ի վերջո, պետք է որ տարբեր լինենք: Եվ, անկեղծ ասեմ, ինձ հետզհետե սկսեց դուր գալ նոր խաղալիքի վստահ, անբաժան փայլը:

Հովիկ Չարխչյան6a4d1a082cf4ad111a4d9848cc1f7483

ԱՄԱՆՈՐԻՑ ՐՈՊԵՆԵՐ ԱՌԱՋ

31 Դկտ

Ավանդույթ կա, Ամանորին` կեսգիշերից մի քանի րոպե առաջ, երկրի ղեկավարը եթերից խոսք է հնչեցնում: Թե այդ ելույթը որքանով է կարևոր տոնին սպասող մարդկանց համար, կարող եք ինքներդ դատել` այլ երկրների օրինակով:
Այսպես, 1991 թվականին ռուսներին ընդհանրապես ոչ ոք չցանկացավ շնորհավորել` ոչ Գորբաչովը, ոչ Ելցինը: Ստիպված եթերը տրամադրեցին հումորիստ Միխայել Զադորնովին: Սա էլ այնքան երկար խոսեց, որ ժամացույցի զարկերը խփեցին մեկ րոպե ուշացումով:
Իսկ Գերմանիայում 1986 թվականի դեկտեմբերի 31-ին ARD հեռուստաընկերությունը ցուցադրեց կանցլեր Հելմուտ Քոլի նախորդ տարվա շնորհավորական ելույթը: Եվ պատկերացրեք, որ հեռուստադիտողներից ոչ ոք դա չնկատեց:

025195155_prevstill-664x291

ՏԽՈՒՐ ԵՎ ՈՒՐԱԽ

31 Դկտ

Երբ ամերիկացի կինոռեժիսոր Լյուիս Մայլսթունը նկարահանեց «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» ֆիլմը` Ռեմարկի համանուն վեպի մոտիվներով, կինոնկարի պրոդյուսերները դժգոհ մնացին և խնդրեցին ռեժիսորին անել այնպես, որ ավարտը փոքր-ինչ ուրախ լինի: Այդ ժամանակ զայրացած Մայլսթոունը բացականչեց. «Շատ լավ, ես ձեզ համար կկազմակերպեմ երջանիկ ավարտ: Մենք գերմանացիներին թույլ կտանք հաղթել այդ պատերազմում»:

all_quiet_on_the_western_front_cover

ՎԵՐՋԻՆ ՆՎԵՐԸ

30 Դկտ

Իմ բարձի տակ վերջին անգամ ե՞րբ Ամանորի նվեր դրեցին: Չեմ հիշում: Ի՞նչ դրեցին: Չեմ հիշում: Որովհետև մարդը չի կարող հիշել այն օրը, երբ ավարտվում է մանկությունը: Որովհետև մանկությունը չի կարող ավարտվել ինչ-որ մի օր` նվերի կամ հիշողության չգոյության պատճառով: Որովհետև եթե կա մի բան, ինչն ավելի երկարակյաց է, քան մեր հուշը, էլի ու նորից մանկությունն է: Հիմա էլ նա քնած է իմ ներսում: Քնած է ճիշտ այն օրվա խորունկ քնով, երբ մայրս թաքուն վերջին նվերը դրեց գլխիս տակ: Քնած է ճիշտ նույն սպասումով, որ ձմռան առավոտի հետ ձեռքերի մեջ երազանք կունենա: Քնած է իմ մանկությունը` ամեն վայրկյան արթնանալու պատրաստ, որ հորս ժպիտի մեջ տեսնի այդ երազի անցած ճամփան…
Չեմ հիշում վերջին նվերը, բայց եթե երբևէ որևէ մեկն ինձ հարցնի, թե հեքիաթային այն գիշերը ի՞նչ կար իմ գլխատակին, ես առանց կասկածի ու վարանումի կասեմ. «Մի աշխարհ երջանկություն ու սեր կար, որ մարդուն կարող են նվիրել միայն իր ծնողները»:

Հովիկ Չարխչյան

interesniepodarkinadenzashitnikaotechest_0A0AFF21

ՓԱԽՈՒՍՏԻ ԹԵՍՏԸ

27 Դկտ

Մի ամերիկացի գրող ու հոգեբան կա` Թիմոթի Լիրի: Նրան դատապարտեցին թմրանյութեր պահելու համար: Բանտարկության վայրը ճշտելու համար Լիրիին առաջարկեցին լրացնել թեստ: Եվ գրողն այնպես արեց, որ իրեն, համաձայն թեստի, ընտրեն դաշտային աշխատանքների համար, իսկ հետո այդ վայրից փախուստի դիմեց: Միայն այդ դեպքից հետո կալանավայրի աշխատակիցները տեղեկացան, որ հիշյալ թեստը տարիներ առաջ մշակել էր հենց Թիմոթի Լիրին:

1431863168354

ԱՆՀԱՅՏ ԱՊՍՏԱՄԲԸ

27 Դկտ

1989 թվականի հունիսին Չինաստանի իշխանությունները զորքեր մտցրեցին Պեկին` ցուցարարներին ցրելու համար: Հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Ցուցարարներից մեկը միայնակ կանգնեց տանկերի շարասյան դիմաց և շուրջ մեկուկես ժամ կասեցրեց նրանց ընթացքը: Այդ մարդու լուսանկարը տպագրվեց աշխարհի բոլոր թերթերում: Time ամսագիրը նրան ընդգրկեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում «անհայտ ապստամբ» անվամբ: Մինչ օրս էլ հայտնի չէ ոչ այդ տղամարդու ինքնությունը, ոչ նրա հետագա ճակատագիրը:

450px-Tank-man

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆ

27 Դկտ

Ընթերցողների մեծամասնությունը ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպի գլխավոր թեման համարում է իշխանական գրաքննության միջոցով մարդու անհատականության ճնշումը: Սակայն հեղինակը համաձայն չէ նման կարծիքի հետ: Մի առիթով Բրեդբերին ասել է, որ իր հիմնական ասելիքը վերաբերում է հեռուստատեսությանը: Նա պնդում է, որ հեռուստատեսությունը ոչնչացնում է ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը և դա փոխարինում է զվարճանքով, իսկ խորը գիտելիքները ստորադասվում են մակերեսային «ֆակտոիդներին»:

gallery_43cff102

ՀՈՒՄՈՐԻ ԾՆՈՒՆԴԸ

23 Դկտ

Հրաշալի բան է հումորը: Բայց այդ բառի առաջացման պատմության մեջ ծիծաղելի քիչ բան կա: «Հումոր»-ը ծնունդ է առել Հին Հունաստանում: Անտիկ շրջանի բժիշկները կարծում էին, թե մարդու ինքնազգացողությունը կախված է նրա օրգանիզմում առկա հեղուկ նյութերի հարաբերակցությունից: Խոսքը չորս նյութերի մասին էր` արյունը, ավիշը, սև և դեղին լեղիները: Հենց դրանց էլ բժիշկներն անվանում էին հումոր: Եթե այս չորսը գտնվում էին ներդաշնակ վիճակում, ապա մարդուն կարելի էր համարել առողջ: Ասել է, թե` հումորի զգացում ունենալը առողջ լինելու նշան է:

christmas-1908989_960_720

ԱՆՄԵՂԻ ՄԵՂՔԸ

22 Դկտ

Ավտոբուս նստած մարդը քնել էր: Հավանաբար գիշերային հերթափոխից էր գալիս կամ հոգնեցուցիչ օր էր ունեցել: Մարդիկ իջնում ու բարձրանում էին, իսկ նա անխռով ննջում էր: Ոչ ոք չէր փորձում արթնացնել մարդուն: Գուցե արդեն անցել էր իր կանգառը, գուցե պետք էր զգուշացնել: Միայն թե ուղևորները նայում էին նրան, հետո զգույշ շրջանում էին և իջնում իրենց կանգառներում` թողնելով նրան խախաղ քնի մեջ:
Երևի ճշմարիտ է, որ ամեն բան իր հատուցման գինը պիտի ունենա: Ու նույնիսկ մարդու անմեղ քունը պիտի պատժվի կանգառի կորստով:

Հովիկ Չարխչյանkodutu-uhistransport-65900854

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

22 Դկտ

Ավստրալիայի զինանշանի վրա պատկերված են երկու կենդանիներ` կենգուրուն և էմու ջայլամը: Սրանց ընտրությունը պատահական չէ: Տարածված կարծիք կա, որ այդ երկուսն էլ չեն կարողանում ետ-ետ քայլել: Եվ ավստրալիացիները հենց դրանց են ընտրել` իբրև հետևողական առաջընթացի խորհրդանիշ:

government-policy_390

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

22 Դկտ

Նոր Տարվա նախօրեին ամուսինները գնահատում էին անցնող տարին: Ռեստորանում ճաշի սեղանի շուրջ ամուսինը սկսեց դժգոհել, թե գնացել է ոչ այն ճանապարհով, որով, ըստ իր կարծիքի, պիտի անցներ: Կինը ակնդետ նայում էր ամանորյա տոնածառին, որ դրված էր ռեստորանում: Ամուսնուն թվաց, թե նրան այլևս չի հետաքրքրում իրենց զրույցը և փոխեց թեման.
— Տես ինչ հրաշալի են եղևնու լույսերը,- ասաց նա:
— Այո, դա այդպես է,- պատասխանեց կինը:- Բայց եթե դու ավելի ուշադիր նայես, ապա կտեսնես, որ բազմաթիվ լույսերի մեջ կա մեկը, որը չի վառվում: Ինձ թվում է, նրա փոխարեն, որ անցնող տարվան դիտես բազմաթիվ հաջողված գործերի տեսանկյունից, որոնք լուսավորել են տարին, դու կառչել ես այն միակ մարած լամպին, որը ոչինչ չի լուսավորում:

1295192205_EDEEE2FBE920E3EEE4

ՎԱՍԻԼԻ ԿԼՅՈՒՉԵՎՍԿԻ

19 Դկտ

Երբ հիմարն իրեն համարում է սրամիտ, սրամիտ մարդկանց քանակը չի ավելանում: Երբ խելացի մարդն իրեն համարում է սրամիտ, միշտ խելացիների թիվը մեկով պակասում է և երբեք չի լինում մի սրամիտ ավել: Երբ սրամիտը սկսում է իրեն համարել խելացի, միշտ սրամիտների քանակը մեկով պակասում է և երբեք խելացիների թիվը մեկով չի ավելանում:

klyuchevsky4_1485521548.jpg.600x450_q85

 

ՄՏՔԵՐ

18 Դկտ

Չկա այնպիսի հիմարություն, որ հնարավոր չլինի հիմնավորել:
Վլադիմիր Շերբատիխ

Ես չեմ պնդում, որ ունեմ բոլոր հարցերի պատասխանը, բայց ես խոստանում եմ, որ ունեմ հարցեր ցանկացած պատախանի համար:
Դեյվիդ Լենդեր

Աշխարհում չկան ավելի տխուր բառեր, քան «Մինչդեռ կարող էր լինել…» բառերը:
Գիլբերտ Կ. Չեստերտոն

Սերը գուցե և կույր է, բայց հարևանները` ոչ:
Էվան Էզար

— Պարոն Չերչիլ, դուք հարբած եք:
— Այո, տիկին: Իսկ դուք տգեղ եք: Բայց ես վաղը կսթափվեմ:
(Լեդի Աստորի և Ուինսթոն Չերչիլի զրույցից)

Չեք կարող սեղմել այն ձեռքը, որ բռունցքված է:
Ինդիրա Գանդի

Այս տխուր և մեղսավոր աշխարհում միշտ էլ կան բաներ, որ արժանի են գոհության: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ուրախ եմ, որ հանրապետական չեմ:
Հենրի Լուիս Մենկեն

Վերջում դուք կհիշեք ոչ թե ձեր թշնամիների վիրավորանքը, այլ ձեր բարեկամների լռությունը:
Մարտին Լյութեր Քինգ

Երբեք մի վստահիր ապագային: Նա ոչնչով վստահության չի ներշնչել:
Անդրե Շանսոն

Նոր զգեստը կնոջ վրա ներգործում է այնպես, ինչպես 4 գավաթ օղին` տղամարդու վրա:
Յանինա Իպոխորսկայա

Մի՞թե դուք կարծում եք, որ երբ գիշերը միայնակ անկողին եք մտնում, ապա միտքն այն մասին, որ ձեզ սիրում է աշխարհի կեսը, կարող է մխիթարական լինել: Աշխարհի կեսը ոչինչ է:
Բրիջիդ Բարդո

Երբեք ականջ մի դրեք ձեր հասցեին հնչող դատողություններին, որովհետև եթե դուք նույնիսկ կարողանաք քայլել ջրերի վրա, ինչ-որ մեկն անպայման կասի. «Տեսեք, նա անգամ լողալ չգիտի»:
Մարգարետ Թետչեր

Մարդուն վիճակված չէ մի ազգից ավելի խելացի լինել:
Բալզակ

Ճշմարտության հարցերը չեն լուծվում ձայների մեծամասնությամբ:
Դեմոկրիտես

Ոչինչ ինձ վրա այնքան ծանր տպավորություն չի գործում, որքան այն, երբ տեսնում եմ, որ եզները իրենք են իրենց ոտքով գնում և վզները լծան տակ կոխում:
Նար-Դոս

Գիտության և արվեստի գործիչները չեն կատարում իրենց պարտականություններն այն պատճառով, որովհետև նրանք այդ պարտականություններից ստեղծեցին իրավունքներ:
Լև Տոլստոյ

f9fb34e364e74c6f42451f3918022d7656e91564

 

ԿԱԼԻԳՈՒԼԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

17 Դկտ

Աստված հեռու պահի խելագար առաջնորդներից:
Հռոմի կայսր Կալիգուլան մի անգամ պատերազմ հայտարարեց ծովերի աստված Նեպտունին: Նա իր զորքերը տարավ ծովափ և զինվորներին հրամայեց նիզակները ջուրը նետել:

be5f19079d0f

ՌԱՄԶԵՍԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ

17 Դկտ

1974 թվականին եգիպտագետները պարզեցին, որ Ռամզես Երկրորդ փարավոնի մումիան արագորեն քայքայվում է: Որոշում կայացվեց անհապաղ նրան ինքնաթիռով տեղափոխել Ֆրանսիա` փորձաքննության: Այդ նպատակով մումիայի համար ձևակերպվեց իսկական եգիպտական անձնագիր, որտեղ «զբաղմունքը» տողի վրա գրվեց` «Արքա (հանգուցյալ)»: Փարիզում մումիային դիմավորեցին բոլոր կարգի զինվորական պատիվներով, ինչպես կդիմավորեին երկիր այցելող օտար տիրակալին:

ramsm

ՖՈՒՏԲՈԼ ԵՎ ԿԱՅԾԱԿ

15 Դկտ

1998 թվականին Կոնգոյում ֆուտբոլային խաղի ժամանակ կայծակի հարվածից զոհվեցին 11 ֆուտբոլիստներ: Ապշեցուցիչն այն է, որ 11-ն էլ հյուրընկալվող թիմի խաղացողներն էին: Իսկ տանտերերին ոչինչ չպատահեց:

751big

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ` ՓՈՂՈՑՈՒՄ

15 Դկտ

Նույնիսկ փողոցային մշակույթը պիտի լինի բարձրակարգ: Օրինակ, Տորոնտոյում այդ մասին հոգ են տարել տեղի իշխանությունները: 1980 թվականից ի վեր երաժիշտները, որոնք ցանկություն են ունենում այդ քաղաքի մետրոյի կայարաններում, անցումներում փող վաստակել` իրենց արվեստը ցուցադրելով, չեն կարող պարզապես գործիքը վերցնել ու իջնել ստորգետնյա տարածք: Ամեն տարի հատուկ մասնագիտական հանձնաժողովը լսումներ է կազմակերպում և բազմաթիվ ցանկացողներից ընտրում է ընդամենը 75 անհատ կատարողների: Իսկ եթե հայտ են ներկայացնում երաժշտախմբեր, ապա նրանք կարող են ելույթ ունեալ միայն հատուկ արտոնագրի առկայության պայմաններում, որի համար, ի դեպ, քննություն հանձնելուց զատ վճարում են 150 դոլար: Միայն այս ամենից հետո երաժիշտին հատկացվում է կոնկրետ տարածք և նշվում այն ժամանակահատվածը, երբ նա կարող է իր ունակությունները ցուցադրել քաղաքացիներին:

o-SUBWAY-MUSICIAN-facebook

ՀՈԳԵՊԱՀՈՒՏ

12 Դկտ

Մենք մի այսպիսի բառ ունենք` «հոգեպահուստ»: Խոսքն այս դեպքում խնայված միջոցների մասին է: Բայց ի՞նչ կապ ունի հոգին թաքցված փողերի հետ: Սրա բացատրությունը կարելի է գտնել հնագույն հավատալիքների մեջ: Մեր նախնիները կարծում էին, թե մարդու հոգին մարմնի վրա տեղադրված է պարանոցի շրջանում, երկու անրակների միջև ընկած փոսիկում: Ու քանի որ շատերն իրենց գումարը պահում էին ծոցում` «հոգուն» մոտիկ կամ վզից կախ տված քսակում, այդ պատճառով էլ դա կոչվեց հոգեպահուստ:

450_1000

ՄՏԱԾԵԼՈՒ ԲԱՆ Է

11 Դկտ

1898 թականին «Ինչ բան է արվեստը» տրակտատում Լև Տոլստոյը թվարկեց այն երեք գործոնները, որոնք նպաստում են արվեստի կործանմանը`
ա) արվեստի վերածումը մասնագիտության,
բ) քննադատությունը,
գ) գեղարվեստի դպրոցները:

1028780556

%d bloggers like this: