Պահոց | Ապրիլի, 2012

ԱՆԴՐԵՅ ՊԼԱՏՈՆՈՎ

29 Ապր

ՄՏՔԻ ՊՈԵՄԸ

Երկրի երեսին այնքան լուռ է, որ ընկնում են աստղերը: Մեր սրտում մենք կրում ենք մեր տրտմությունն ու անհնարինի ծարավը: Սիրտը` արմատ է, որից աճում եւ աճում է մարդը, դա հավերժական հույսի եւ սիրահարվածության կացարանն է: Ամենամեծ հրաշքը այն է, որ մենք դեռեւս ողջ ենք, ողջ ենք պաղ անհունում, աստղերով եւ խարույկներով լի, սեւ, ամայի փոսում: Քաոսում, ուր բախվում են միմյանց մոլորակները` հանց թմբուկներ, ուր պայթում են արեւները, ուր մրրկապտույտ բոցավառ խորխորատն է, մենք դեռեւս ուրախ ապրում ենք: Բայց ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ տրվում է հուժկու աշխատանքին: Ահա մենք նստել ու մտածում ենք: Եթե դուք երջանիկ լինեիք, դուք չէիք գա այստեղ: Պաղ անապատային քամին գրկում է երկիրը, եւ մարդիկ սեղմված են միմյանց, յուրաքանչյուրը շշնջում է մյուսին իր հույսն ու հուսահատությունն իր կասկածի մասին, եւ մյուսը լսում է նրան հանց մեռյալ: Յուրաքանչյուրը ճանաչում է մյուսի մեջ իր սիրտը, եւ նա լսում է ու լսում:
Եթե աշխարհն այնպիսին է, ինչպիսին նա կա, դա լավ է: Եվ մենք ապրում եւ ուրախանում ենք, քանզի հոգին մարդու միշտ փեսացու է, որ փնտրում է իր հարսին: Մեր կյանքը` միշտ սիրահարվածություն է, վսեմ բոցավառ գույն, ում քիչ է ողջ տամկությունը տիեզերքում: Սակայն կա գաղտնի, թաքնածածուկ միտք, կա մեզանում խոր ջրհոր: Մենք այնտեղ տեսնում ենք, որ և այս կյանքը, այս աշխարհը կարող էր այլ լինել` լավ և հրաշալի, քան կա: Կա ուղիների անվերջությունը, իսկ մենք գնում ենք միայն մեկով: Մյուս ուղիներն ընկած են ամայի ու լայնարձակ, նրանց վրա ոչ ոք չկա: Իսկ մենք գնում ենք ծիծաղկոտ ու սիրասուն ամբոխով` մեկ պատահական ճանապարհով: Բայց կան ուրիշները, ուղիղ եւ հեռավոր ճամփաները: Եվ մենք կարող էինք գնալ դրանցով: Տիեզերքը կարող էր այլ լինել, և մարդը կարող էր շրջել այն առ լավագույն ճամփան: Սակայն դա չկա և գուցե չի լինի: Այդպիսի մտքից սիրտը գոցվում է ու կյանքը սառեցվում: Ամեն ինչ կարող էր այլ լինել, լավ ու վսեմ, և երբեք չի լինի: Եվ ինչո՞ւ աշխարհը չի կարող փրկվել, այսինքն, անցնել այլ ճանապարհի, ինչո՞ւ է նա այդպես հուզվում, փոփոխվում, բայց մնում տեղում: Որովհետև նրա մոտ չի կարող գալ փրկիչը: Եվ երբ գալիս է, եթե գա, չի կարողանա այս աշխարհում ապրել, որ փրկի այն:
Բայց արդյո՞ք աշխարհն ուզում է իր փրկությունը: Գուցե նրան ոչինչ պետք չէ, բացի իրենից, և նա գոհ է, գոհ է, ինչպես դագաղ դրվածը:
Բայց տեսեք: Մենք մարդիկ ենք, այս կույս աշխարհի մի մասը, և ինչպես ենք մենք տոչորվում: Միշտ ուտում ենք և դարձյալ ուզում ենք ուտել: Սիրում ենք, մոռանում ու կրկին սիրահարվում ենք մեր կրակոտ արյամբ: Աճում և տոչորվում է ցողունը: Այրվում ու հանգչում է աստղը, ծիծաղում ու մահանում է մարդը: Սակայն այդ ամենը երևութականություն է, կենաց խաբուսիկ ամպը:
Բայց ահա և կյանքը լարվում է մինչև երկինք, ծայրեծայր լցվում է, հասնում իր եզերքին, այդժամ նա իրեն չի ուզում: Երեկոյան լռությունը մահացու է: Աղջկա ու ճամփորդի երգն՝ անարտահայտելի, մարդու հոգին իրեն չի դիմանում: Երկինքը կեսօրին մոխրագույն է, բայց գիշերով այն պեծկլտում է հանց ջրհորի հատակն, ու անկարելի է նրան նայել:
Մեծ կյանքը չի կարող ակնթարթից երկար լինել: Կյանքը` հիացքի բռնկում է, և դարձյալ խորխորատ, ուր խառնված ու բաց են ճամփաները` առ անսահմանության բոլոր ծագերը:
Աշխարհը տագնապալի է, ուժասպառ և ցասկոտ այն բանից, որ պայթել ու հանգչել է ակնթարթից հետո, լույսից հետո, որ ցմրուր լուսավորել էր բոլոր խորքերը, և մարմրում է ու մարմրում, այրվում է ու այրվում, և կպաղի մի ողջ հավերժություն:
Հենց դրանում է նրա մեղքը: Կյանքի մահացու բարձունքից հետո` սիրո և պայծառատես մտքի` կյանքը լեցվում է, և սափորը նրա պիտի տապալվի: Այդպիսի մարդն ամեն բան սիրել ու ճանաչել է մինչև վերջին հիացքը, և մարմինը նրա պատռվում է հիացմունքի բոցանուտ ուժով: Նա այլևս բան չունի անելու:
Աշխարհը չի ապրում, այլ մարմրում է: Դրանում է նրա ոճիրն ու անքավելի մեղքը: Քանզի կյանքը չպետք է ակնթարթից երկար լինի, որքան երկարում է կյանքը, այնքան ծանր է: Հիմա տիեզերքը կեցած է ուղիղ դժոխքի ճամփին: Խոտի և մարդու մեջ ավելի ու ավելի խիտ սփռվում է խելագարությունը: Գաղտնիքները բազմանում են, և արդեն չի ճեղքում դրանք մտքի խոյը: Տառապանքից առավել մաքուր ու հիասքանչ է տիեզերքի դեմքը, առավել լուռ է երեկոներին, բայց սրտում դրանց համար տեղ չկա:
Ինչու է բռնկվել արեգակը և այրվում է ու այրվում: Նա պիտի որ հրից երկնագույն դառնա ու չապրի ակնթարթը:
Տիեզերքը բոցեղեն ակնթարթ է, որ ճեղքանցել ու վերակառուցել է քաոսը: Սակայն տիեզերքի ուժը այնժամ է ուժ, երբ այն կենտրոնացված է մի հարվածում:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ԼՈՒՍԱՆԿԱՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

29 Ապր

Հրանտ Մաթևոսյան. 1990-ականներ:

ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ

29 Ապր

Այն տանն ապրում է ճակատագիրը: Այն բանում-ջանում է նրանց համար, ովքեր չեն կարողացել նմանվել մեզ, եթե անգամ ցանկացել են, այլ էդպես էլ մնացել են` նստելով մեր կավածեփ երկաթակուռ կաղապարների եզրին, իրենց նույնքան պատահաբար տեղավորելով այս կյանքում, ինչպես ինչ-որ մեկի մայրը, մեկնումեկի տատը կամ պարզապես հեռու ազգականուհին:
Սա էլ հենց ժողովուրդ հասկացությունն է, և ո՛չ թե երգերը, ո՛չ թե կեչիները, այլ ժողովուրդը, այսինքն` աստվածային ճակատագիրը, որ երկրի վրա դեռ տրվում է ոմանց: Նրանց մեջ բոլոր նրանք են, ովքեր եղել են, ովքեր չկան, ովքեր չեն էլ եղել: Ամենը, ինչ սիրել եմ, ամենը, որ դեռ սիրում եմ իմ մեջ մնացած այն մասով, որ վաճառքի չեմ հանել, ամենը, ինչ ունեցել եմ, և ամենը, որ դեռ մնացել է ինձ. շատ է քիչ, բայց սա այլևս հենց այն է, ինչը ես սիրում եմ:
Ճակատագիրը ժողովուրդն է, ժողովուրդը` ճակատագիրը: Ես` օտարվածս, կողմնակի մեկն եմ: Քանի դեռ միջիցս դուրս չի թափվել ողջ նախանձս, քանի դեռ ինձնից մնացած շռայլ փշուրը չեմ դրել անկշտում ափի մեջ, երբեք չեմ անցնի, չեմ մտնի այնտեղ, ուր ամեն ինչ երևում է` կարծես ափի մեջ, ուր դռնակը միշտ բաց է կրնկի վրա…

թարգմանեց Ա. Խաչատրյան

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

29 Ապր

ՄԻ ԳՆԱ ԱՅԴՔԱՆ ՀԵՌՈՒ

Մի գնա այդքան հեռու, թեկուզ մի օրով, մի գնա
Չգիտեմ ինչպես ասել` օրը ձգվելու է երկար,
ես սպասելու եմ քեզ դատարկ կայարանում
ու ճամփելու եմ քնատ ինչ-որ տեղ հեռացող բոլոր գնացքներին:

Չլքես ինձ, թեկուզ մի ժամով, չլքես,
Թե չէ, գիտես, ցավի փոքրիկ կաթիլները վազքի մրցման կելնեն,
Ծուխը կշրջի ամենուր, կգտնի ինձ տանը,
Դանդաղ կսողոսկի իմ մեջ ու կխեղդի սիրտս` գլուխը լրիվ կորցրած:

Կհալվի՞ նորից քո ուրվագիծը ծովափին,
Կթրթռա՞ն կոպերդ դատարկ տարածության մեջ…
Մի լքիր ինձ, սեր իմ, թեկուզ մի վայրկյան…

Որովհետև այն պահին, երբ հեռանաս ինձնից,
Ես խելագարի նման թափառելու եմ երկրագնդով մեկ ու գոռալու եմ`
Կգա՞ս հետ, հետ կգա՞ս, թե կթողնես ինձ այստեղ` մեռնելու այսքան մենակ:

Անգլերենից թարգմ. Հասմիկ Սիմոնյանը

ԷԴՈՒԱՐԴ ԴԱՆՍԵՅՆԻ

29 Ապր

ՍԽԱԼԸ
Բարի Փառքը մի անգամ երեկոյան քաղաքում քայլելիս տեսավ Գեշ Փառքի կարմիրով շպարած դեմքը, որ դեգերում էր գազի լամպերի լույսի ներքո, և շատերը նրա առջեւ ծնկի էին գալիս ճանապարհի կեղտի մեջ:
«Ո՞վ եք դուք»,- հարցրեց Բարի Փառքը:
«Ես Բարի Փառքն եմ»,- ասաց Գեշ Փառքը:
Այդժամ Բարի փառքն անաղմուկ թաքնվեց այնքան հեռու, որ ոչ ոք չգիտեր, թե նա ուր գնաց:
Եվ Գեշ Փառքն այդժամ շարունակեց ճամփան, և նրա բոլոր երկրպագուները ոտքի ելան ու հետևեցին նրան, և նա տարավ նրանց, ինչպես և ճամփին հանդիպած շատ շատերին իր հարազատ Տարտարոսը:

ԳՈՐԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ

29 Ապր

ՎԵՑԵՐՈՐԴ ԹԵՐԹԻԿԸ

Քանի որ մեր գյուղը մնաց իսպառ առանց նախշերի, հյուրը վերջապես չորացրեց իր անդրավարտիքը, դասավորեց պայուսակներն ու անհետացավ, իր ետքից թողնելով անելանելի միապաղաղությունը, որն ընդհատում էին միայն թեթեւակի իրարից տարբերվող նորակառույցները:
Ինչպես եւ այն ամառ, երբ մենք արձակում էինք արեւի շողերը, մենք դարձյալ նստում էինք բակում, ամպերի հաստ շերտի եւ մեկ էլ մեծ տան ստվերի ներքո, այս անգամ արդեն առանց որեւէ օգտակար զբաղմունքի:
— Նա մեզ խաբեց,- հանկարծ ասաց հայրս:
— Պատկերացնում ես, նա դեռ ուզում էր, որ մենք կամուրջ կառուցեինք այսպիսի մաքուր գետի վրա,- արձագանքեց պապս:
Մայրս արտասվեց:
— Ստվերում մի լացիր, թարթիչներիդ վրա մամուռ կաճի,- նրա ուսն հրեց տատս,- առ, սրբվիր: Ինձ հաջողվեց մի նախշակար թաշկինակ պահել:
Երբ մայրս արցունքները սրբեց, պապս թեքվեց իմ կողմը.
— Ուժս ինչ-որ լռվել է ողնաշարումս: Դու դեռ երիտասարդ ես, ահա վերցրու, դիր այս թաշկինակը սնդուկի մեջ`մնացած բարիքի հետ, մեկ էլ տեսար անմեռուկն ընտելացավ ու աճեց:
Ես ժողվեցի բոլոր թիկնոցները, սափորները, բաճկոնակները, գուլպաները, գոտիները, վերնաշապիկները, լանջագոտիները, բարձի երեսները, ճախարակները, եւ դարսեցի սնդուկի մեջ: Իսկ մինչ կափարիչը փակելը, թաշկինակի կողքին, որի վրա նախշակար անմեռուկներ էին, մաքուր թղթի վեց թերթ դրեցի:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ՋՈՐՋՈ ԳԱԲԵՐ

27 Ապր

ՆԵՐԿԱՆ
Կարծում եմ` ճիշտ ժամանակն է ներկայի մասին խոսելու:
Փիլիսոփաների համար ներկան գոյություն չունի, դա հայտնի է: Գուցե և նրանք ճիշտ են, քանի որ հաստատ կա անցյալ և կա ապագա: Ներկան էլ պետք է որ կազմված լինի մի քիչ անցյալից և մի քիչ էլ ապագայից: Փաստն այն է, որ երբ մեկն ասում է. «Հիմա» … ապա դա արդեն հետո է, կամ` առաջ: Պարզ է: Բայց արդյո՞ք այդքան պարզ է:
Ուզում էի ասել, որ առաջ վատ էինք, իսկ հիմա` ավելի վատ:
Թանկագին ընկերներիցս մի քանիսը փոքր-ինչ «ճայթել են», մյուսները ուժասպառ են լինում առողջարար մարզանքներից: Նրանցից մեկը Խորհրդարանում է, մնացած բոլորը` բանտում:
Ուրեմն ի՞նչ: Չկա՞ այլևս որևէ զրուցակից: Ո՛չ, պարոնայք: Մոռանում էի ամենահանճարներին, մենք այստեղ ենք, լավագույնները: Ասել է թե` բոլոր նրանք, ովքեր ի վիճակի եղան ձերբազատվել այն ամենի ծանրությունից, ինչը խանգարում է պսակազերծմանը նվիրվելուն:
Այո, որովհետև անցյալի բարոյախոսների երեսպաշտության փոխարեն գերադասում եմ տեսնել մշակույթի մարդու, որը մերկ լուսանկարվում է ծաղկավոր դիվանի առջև: Այո, խաղն ապրել իմանալու իր այդ ընդունակության համար: Մի խոսքով, խոսում եմ իսկապես կրթվածների մասին, որոնք թեթև ժպիտով վերագտել են ամեն ինչի վաղանցիկության իմաստը:
Ահա թե ինչ է ներկան. վաղանցիկություն: Եվ պետք է ասեմ, որ մեզ նման մարդկանց համար, որոնք այլևս ոչ մի բանի չեն հավատում, դա հրաշալի է:
Բավական է տրտնջալ: Ամենախելոք բանը, որ կարելի է անել` ժամանակի ազդանշանների հետ խորամանկորեն սիրախաղ տալն է:
Բայց զգույշ եղեք: Որովհետև աշխարհի անլուրջ լինելու զգացողությունն ունենալու և ուզածիդ պես նրանում շարժվելու միջև նույն տարբերությունն է, ինչ կոմիկականի զգացողություն ունենալու և ծիծաղելի լինելու միջև:

ԱՊԱԳԱՆ
Իբրև… Իբրև վերջաբան ուզում եմ մի լավ ճառ արտասանել ապագայի վերաբերյալ: Միայն թե ես ապագայի մասին քիչ ասելիք ունեմ:
Միայն գիտեմ, որ մի ժամանակ, չգիտեմ թե դուք հիշու՞մ եք, փորձում էինք ստեղծել իրերի… պատկերների նախատիպեր, որոնց կարելի էր ձգտել, այո, գրեթե նպատակակետեր: Ցանկալի մի հասարակության գեղեցիկ լուսանկարների էին նման… Այո, հետո այդ պատկերները ծերանում էին, կծկվում, բայց մենք շարունակում էինք հավատարիմ մնալ այդ դեղնած հրաշալի լուսանկարներին, հուսալով, թե գուցե վրայի փոշին մաքրելով…
Չէ, հիմա, վերջապես, ես ապագա չունեմ: Հիմա ես գերադասում եմ մտածել, որ այն, ինչն ինձ առաջ է տանում, ընդամենը հետևանք է, կամ, ավելի ճիշտ, մի ուժ է, որ ունեմ շալակիս, առջևում սոսկ դատարկություն է: Կարևոր է ուշադրությամբ նայել այդ դատարկությանը, կարծես ուր որ է` իրերը կարող են դուրս գալ լռությունից ու երևակվել:

ՄԵՐ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Պայծառամտության հազվադեպ պահերիցս մեկին նայեցի հայելու մեջ և հասկացա, որ միտքս լիֆթինգի կարիք ունի: Մի պահ այդ թուլությունը վերագրեցի իմ վաղաժամ ծերունական ապուշացմանը: Հետո նայեցի շուրջս ու… չէի ասի, թե ինձ խելացի զգացի, սակայն մխիթարվեցի:
Հասկացա, որ մեր օրերում մարդն ինչքան քիչ իր մտքերն արտահայտի, այնքան` լավ: Ամենաշատը կարող է կարծիք հայտնել: Հայտնի է, սակայն, որ կարծիքները տաշաղների պես բաներ են. ամեն մեկն իրենն ունի:
Եվ այսպես, կամաց-կամաց, իմ մեջ հասունացավ այն գաղափարը, որ արևմտաեվրոպական աշխարհը, քաղաքակրթության անտիկ օրրանը, իսկապես մի նոր, թարմ ու հզոր մտածողի կարիք ունի: Ոչ, քավ լիցի, իմ թեկնածությունն առաջարկելու մտադրություն չունեմ: Ո՛չ թարմ եմ, ո՛չ հզոր, և ո՛չ էլ, մանավանդ, մտածող եմ:
Զգում եմ միայն, որ մեր այս ժամանակներում մտածել` ասել կուզի ապրել գերեզմանոցում: Էհ, այո, լավ կլիներ վերակենդանացնել փիլիսոփայությունը, որ մեռած է, խեղճը: Իհարկե, մի նոր փիլիսոփայություն, որն ի զորու կլինի լուսավորել միտքը և ջերմացնել Երրորդ հազարամյակի մարդու սիրտը:
Միայն թե փիլիսոփայելն այսօր, այսքան անզոր, ինչպես որ ենք, նույնն է` թե ձմռան սառնամանիքին մի քիչ տաքանալու համար վրադ միզես:

Թարգմ. Գ. Բաղդասարյան

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

27 Ապր

Չեն կողոպտել-ոչինչ-ոչ ոք:
Բաժանված ենք ու-սիրելի:
Համբուրում եմ հարյուրավոր
Մեզ բաժանող մղոն հեռվից:

Շնորհս ձեզ անարժան է:
Ու բեկվում է ձայնս մեկից:
Ձեզ ի՛նչ, ջահել իմ Դերժավին,
Իմ երգերը խեղճ ու անկիրթ:

Ձեզ ահարկու թռիչքի եմ
Օրհնում:- Ճախրիր, ջահել արծիվ:
Թե՞ ծանր է հայացքը իմ
Արեգակի ալ հալոցքից:

Ոչ մի հայացք չի ուղեկցել
Ձեզ ավելի քնքուշ ու խիստ…
Համբուրում եմ հարյուրավոր
Տարիների հեռուներից:

Թարգմ. Ն. Աթաբակյան

ԿԻԵՐԿԵԳՈՐԻ ՕՐԱԳՐԻՑ

26 Ապր

«Ամբոխը»` ահա իմ բանավեճի գլխավոր սյուժեն: Այստեղ ես Սոկրատեսի աշակերտն եմ: Ես ուզում եմ սթափեցնել մարդկանց, ուզում եմ իրենց ուշադրությունն ուղղել իրենց վրա, իրենց կյանքի վրա և նախազգուշացնել նրանց ապարդյուն կորստից… Ուզում եմ բանալ ամբոխի աչքերը, և եթե այն կամովին չհասկանա, կստիպեմ բռնի, սակայն պետք է հասկանալ ինձ: Ես չեմ ուզում ծեծել ամբոխին (մենակյացը չի կարող ծեծել զանգվածին), ոչ, ես ուզում եմ ստիպել նրան՝ ծեծել ինձ: Ահա թե որ դեպքում ես միայն բռնություն կգործադրեմ, քանզի, երբ ամբոխը սկսի ինձ ծեծել, նրա ուշադրությունն ակամա կարթնանա: Ավելի լավ է, եթե այն սպանի ինձ` այդ ժամանակ նրա ուշադրությունը լիովին կկենտրոնանա և, ուրեմն, իմ հաղթանակն ամբողջական կլինի: Այդ առումով ես ձախավեր դիալեկտիկ եմ: Եվ հիմա արդեն շատերն են ասում` մենք ի՞նչ գործ ունենք Կիերկեգորի հետ, այ թե մենք նրա դասը կտանք: Բայց չէ՞ որ ասել, որ նրանք ինձ հետ գործ չունեն, և միաժամանակ ձգտել իմ դասը տալ, կնշանակի՝ արդեն որոշակի կախվածություն ինձանից…

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ԱՐԹՈՒՐՈ ՊԵՐԵՍ ՌԵՎԵՐՏԵ

25 Ապր

… Ես գիտեմ, թե ինչ ես ասելու, որդիս: Այն, որ կյանքը կարճ է, երբեմն նաև շան կյանք է այդ կյանքը, և որ դու միշտ չէ, որ երիտասարդ ես լինելու, որ կյանքում ամենալավ բաներից մեկը, եթե ոչ ամենալավը, քո ընկերուհու հավասարասրուն եռանկյան գլխավոր անկյան ուղիղ կիսորդի մեջ է հենց: Եվ որ Մարի Խուլիի, նրա աչքերի, շուրթերի և այլնի մեջ է և մխիթարությունը, և ցավի սփոփանքը, և հույսը, և անիծյալ միայնությանը, վախին և ողջ լինելու անորոշությանը դիմանալը: Ես գիտեմ այդ ամենը, նաև այն, որ քո էությունը (ընկերուհունդ նույնպես, բարեկամս, աչքդ վրան պահիր) իր իրավունքներն է պահաջում: Եվ եթե նույնիսկ ինքդ քեզ պարտադրես և բախտդ բերի ամեն գիշեր երազում տեսնես «Բաց է մինչև լուսաբաց» ֆիլմում օձի հետ պարող Սելմա Հայեկին, և սփոփվես երազանքներով (եթե նույնիսկ Մարի Խուլիին նույնպես սփոփվի համապատասխան հակառակ երազանքներով), ձեր տարիքի որոշ երիտասարդներ, որոնք խելքները թռցնում են իրար համար, կարող են ձախողվել կյանքում: Գիտեմ նաև, որ այն, ինչ ասում են քեզ եպիսկոպոսները, Պեպե, ոչ մի կապ չունի աշխարհի իրոք շոշափելի իրականության հետ, և որ ավելի լավ կլիներ մի օր նրանք դուրս գային իրենց կատակոմբներից և հայացք նետեին իրենց շուրջը: Բայց ականջ արա, որդիս, բարեկամս, իմ պարտականությունը քեզ առողջ խորհուրդներ տալն է, որոնք քեզ ետ պահեն արատներից և օգնեն, որ հոգիդ քննելու ժամանակ փրկության արժանի վիճակում լինի:
Իսկ եթե չնայած այս բոլոր ասածներիս, Պեպե, այնուամենայնիվ որոշես մեղք գործել, հիշիր, որ ավելի լավ է դժոխք գնալ պահպանակ դրած:

Թարգմ. Կ. Չոբանյան

ՇԱՏՆ ՈՒ ՔԻՉԸ

24 Ապր

Կինոռեժիսոր Օրսոն Ուելսը պետք է դասախոսություն կարդար, և երբ մտավ աննշմար քաղաքի ինչ-որ շինության մեծ դահլիճը, ապա հազիվ 20-25 հոգի էին հավաքվել: Զննելով դահլիճն ու մարդկանց՝ Օ. Ուելսն ասաց. «Ես գրում եմ վեպեր, պիեսներ, բանաստեղծություններ, կինոսցենարներ, ռադիոբեմադրություններ եմ անում ու ֆիլմեր նկարում, ինչպես նաև նկարահանվել եմ մի շարք կինոնկարներում: Նվագում եմ դաշնամուր, ջութակ, սրինգ և այլն, և այլն»: Հետո մի անգամ ևս հայացքով չափեց դահլիճն ու հավաքվածներին ու ասաց. «Ահա տեսնո՞ւմ եք, թե ինչ շատ եմ ես, և ինչ քիչ եք դուք»:

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱԼՅԱՎԻՆ

23 Ապր

Նայելով արդի կյանքին՝ դժվար է պահպանել լավատեսությունը: Եվ նույնիսկ բանն այն չէ, որ վախենալու չափ շատ մարդիկ են հարմարվել անհեթեթություններ ասելուն և ուղղակի միմյանց խաբելուն` ի շահ երկուստեք հաճույքի: Ամենից վատն այն է, որ այդ դատարկախոսության և սուտասելուկի ետևում դույզն-ինչ հոգևոր հետաքրքրություն չկա, ոչ մի անկեղծ պոռթկում կամ նպատակ: Մենք թաղված ենք կլիշեներով, ներթափանցվել ենք դրանցով և ապրում ենք մեքենաբար: Ընդմեջ օտար, բորբոսի պես ահագնացող խոսքերի ու պատկերների, մենք համարյա թե մոռացել ենք, թե ինչ բան է Խոսքն ու Պատկերը: Չտեսնված ցնցում է պետք, ինչ-որ գերճիգ, որպեսզի դեն նետենք ոչ թե պարզապես տեխնիկականի, այլև հոգեկան ավտոմատիզմի այս թմբիրը: Չգիտեմ, արդյո՞ք այժմյան մարդկանց հասու է դա…

ԻՆՔՆԱՆԿԱՐԻ ՃԱԿԱՏԻՆ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ

22 Ապր

60-ականների սկզբին Ռուդոլֆ Խաչատրյանն ինձ տարավ Երվանդ Քոչարի՝ իր վարպետի մոտ. այդպես առաջին անգամ հայտնվեցի Մաեստրոյի արվեստանոցում: Ռուդոլֆը տան տղա էր և իրեն Քոչարի ներկայությամբ ազատ էր պահում: Ես, որ երբևէ ինձ թույլ չեմ տվել որևէ մեկի հետ ազատ լինել, զարմանում էի: Հետագայում մենակ էլ էի այցելում, այլևս Ռուդոլֆի ընկերակցությունը պարտադիր չէր, բացի այդ, Քոչարին հաճախ հանդիպում էի Նկարիչների տան սրճարանում, որտեղ գրեթե ողջ հայ մտավորականությունն էր հավաքվում՝ Կոստան Զարյանը, Լևոն Ներսիսյանը, դերասաններ, գրողներ, նկարիչներ և այլք: Քայլել ենք Երևանով, զրուցել, զգացել եմ նրա մտերմիկ վերաբերմունքը: Այդ տարիներին դեռ սովորում էի ուսումնարանում, Չարենցի խոսքերով մի երգ էի հորինել՝ «Էլի գարուն կգա, կբացվի վարդը…»: Ամեն անգամ, երբ հանդիպում էինք, խնդրում էր, որ այդ երգը երգեմ՝ ականջը մոտեցնում էր, ես երգում էի՝ մի քիչ արևելյան, մի քիչ աշուղական, մի քիչ կոտրտված ռիթմով,- այդ երգը հիմա էլ ինձ համար թանկ է:
Գնացել էի Մատենադարան երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանի մոտ: Աստիճաններով իջնում էինք՝ հանդիպեցինք տիկին Մանիկին: Նա շատ ուրախացավ և առաջարկեց այցելել Քոչարի արվեստանոց: Պարզվեց, որ Մաեստրոն Կոմիտասի արձանն ավարտել է: Մենք՝ Նիկողոսն էլ, ես էլ, հիացանք. «Շատ գեղեցիկ արձան է, իսկապես Կոմիտաս է, իսկապես բարձր երաժշտի բարձր կերպար, բարձր արվեստ՝ բոլոր իմաստներով»: Զրույցը եղավ, սուրճն էլ խմեցինք, ուզում ենք ցտեսություն ասել՝ տիկին Մանիկը խնդրեց քիչ էլ մնալ: Մի քիչ էլ մնացինք: Էլի խոսք ու զրույց, էլի հիացումի խոսքեր: Կոմիտասի մասին պատմություններ՝ Նիկողոսը լավ գիտեր Կոմիտաս: Նորից ցանկանում ենք ցտեսություն ասել, և նորից տիկին Մանիկը՝. «Մի քիչ էլ մնացեք»: Էլի մնացինք, բայց երրորդ, չորրորդ անգամ, երբ գնալու հարցը հասունացավ՝ արդեն բոլոր իմաստներով այլևս անհասկանալի էր, թե ինչո՞ւ պիտի մնանք, ի՞նչ է պատահել: Գաղտնիքը բացվեց. Էջմիածնի շրջկոմի քարտուղարն էր գալու՝ Քոչարը պետք է նրան ներկայացներ Կոմիտասի քանդակը, և մենք՝ իբրև Կոմիտասի պաշտամունք ունեցող երաժիշտներ, մեր խոսքը պիտի ասեինք նրա ներկայությամբ: Դա էր տիկին Մանիկի պատրաստած փոքրիկ միզանսցենը: Չեմ կարծում, որ մեր ներկայությունը ինչ-որ դեր խաղաց, ուղղակի դա տիկին Մանիկի տևակա՛ն հոգածությունն էր, տևակա՛ն հոգատարությունն էր Քոչարի նկատմամբ: Եվ այս հոգատարությունը երբեմն այնքան ընդգծվում, այնքան սահմանները մեծացնում էր, որ Քոչարը նշաններ էր անում, որ պետք է փոքր-ինչ զուսպ լինել: Այս տեսակի հոգատարության մեջ Քոչարն ապրեց տասնամյակներ:
Փարիզի Art Modern թանգարանի երկրորդ հարկում, սրահի կենտրոնում տեսա Քոչարի Տարածական նկարներից: Այդ ժամանակ մեզ՝ արվեստով ապրող երիտասարդներիս համար՝ երաժիշտ թե նկարիչ, հայտնվել Փարիզում և Փարիզում տեսնել մեկի աշխատանքը, ում ամեն օր հանդիպում ես սրճարանում, ուղղակի ապշելու բան էր: Ես ցնծության մեջ էի:
Միասին քայլում ենք Տերյան փողոցով: Ես պատմում եմ. «Մաեստրո, Փարիզում տեսա Ձեր աշխատանքը…»: Տեսնեմ, դիմացի մայթին է նայում. շրջվել, ինչ-որ մեկին բարևում է: Մեկին բարևեց, մյուսին բարևեց, երրորդին… Հասկացա, որ չի ուզում լսել, հասկացա, որ իմ պատմելուց ցավ է ապրում: Այդպես էլ ուշադրություն չդարձրեց, իմ ոգևորությանը ոչնչով չպատասխանեց: Ես այդ ամբողջի մեջ զգացի նրա ցավի չափը, անկարողությունը՝ վերադառնալ և տեր լինել այն ամենին, որ թողել էր Փարիզում:
Երիտասարդների հանդեպ զարմանալի շռայլ էր: Պատրաստ էր գնահատել, գովել, հիանալ: Դա իր մեծության, բարեսրտության, վարպետ լինելու վկայությունն էր անշուշտ, բայց նաև կար փարիզյան վարքագիծը՝ արվեստում, ամենապարզ դրսևորման մեջ գեղեցիկը գնահատելու շնորհը:
Մի օր մտանք ջրերի խանութ, վաճառողուհուն ասաց. «Ի՜նչ գեղեցիկ աչքեր ունես»: Վաճառողուհին հիացմունքից հալվեց: Ես երբևէ ուշադիր չէի եղել այդ ջուր վաճառողի խալաթի մեջ պարուրված կնոջ նկատմամբ. նա տեսավ աչքերը՝ խոշոր, գեղեցիկ, հոնքերը՝ շքեղ, թարթիչները՝ թանձր. այդ պահը անմոռնալի էր: Գեղեցիկը միշտ նկատում էր, բարձրաձայնում:
Նույնիսկ այդ տարիներին նրան երբևէ չեմ տեսել փնթփնթալիս, դժգոհելիս, մշտապես Մաեստրո էր, իսկական artist:
Քոչարը և Սարյանը երիտասարդների համար նույն իրականության տարբեր ճյուղերն էին: Նկարիչների մի մասը պատկանում էր սարյանական թևին, մյուսների համար չափը Քոչարն էր: 60-ականներին մոդեռնի հովերը եկել էին Հայաստան և նոր արվեստի նկատմամբ մի տեսակ հիվանդագին ընդգծված ուշադրություն կար:
Պարույր Սևակը, Հանճար Յուրան, Գևորգ Կարապետյանը և ես քեֆներս լավ գնում էինք շարունակելու: Յուրան պաշտամունք ուներ Քոչարի հանդեպ, փառաբանում էր նրան, հետն էլ թերագնահատում Սարյանին: Սևակն ասաց. «Յուրա ջան, Սարյանը Սարյան է, Քոչարը՝ Քոչար, պետք չէ հակադրել»: Ես Պարույրին տարբեր իրադրությունների մեջ եմ տեսել և՛ վիճելիս, և՛ խաղաղ, բայց այդ օրը տեսա, որ նա կարող է նաև խնդրելու պես եղբայրաբար խորհուրդ տալ:
Այդ տարիներին շոշափվում էր նաև Սարյան–Կոջոյան հարաբերությունը, եղան նաև հասարակական հնչեղության արտահայտություններ, իբրև թե Սարյանի մեղքն է, որ Կոջոյանը հավուր պատշաճի գնահատված չէ: Այս վեճերին Քոչարը սնունդ տալիս էր իր անտարբերությամբ: Նա Հայաստանում Մեդեռն արվեստի առաջին դեմքն էր՝ ինքը դա ընդունում էր սիրով, իսկ երբ Սարյանի մասին անպատշաճ արտահայտություններ էին հնչում՝ լռում էր:
Առանձնահատուկ էր Քոչարի և Կոստան Զարյանի մտերմությունը: Նկարիչների տան սրճարանում ուրիշ մեծեր ևս կային, անշուշտ, բայց նրանց չափը չունեին: Այն, ինչ կարող էր պատմել Քոչարը կամ ասել Կոստան Զարյանը, որևէ տեղ ոչ կկարդայիր, ոչ կլսեիր. դա միայն այդ միջավայրի ներսում գոյացող մտքեր, արժեքներ էին: Նման խնդիրներ շոշափվում էին լենինգրադյան կամ մոսկովյան որոշ ինտելեկտուալների խոհանոցներում միայն: Այդ ընթացքն իմ կյանքում կարևոր համալսարանական շրջան եղավ: Իհարկե, մենք ունեինք մեր րՑցՍՈփ–ը: «Սիրում» էինք նրան, նա էլ մեզ էր «սիրում», և սա մի հարաբերություն էր, որ քննարկման չէր դրվում՝ վատ տոն էր համարվում այդ մասին խոսելը: Այդ մարդիկ գալիս-գնում էին, ի վերջո իրենց գործն էին անում: Եթե րՑցՍՈփ–ը պիտի հեռանար, ասենք՝ տեղափոխվեր այլ աշխատանքի, մեկ ամիս իր հետ տանում-բերում էր նորին: Նորին էլ էինք «սիրում»՝ գիտեինք, որ փոխարինելու է եկել:
Մի անգամ Քոչարն ինձ հարցրեց. «Պուշկինյան թանգարանում Սեզանի Ինքնադիմանկարը տեսե՞լ ես»: Ասացի. «Այո՛»: «Նկատե՞լ ես. ճակատի վրա, հոնքերի միջև նկարի հետ որևէ կապ չունեցող երկու վրձնահարված կա»: Ասացի. «Չեմ նկատել»: «Կգնաս, կնայես, ընդհանուր հյուսվածքի հետ ոչ մի կապ չունեցող երկու վրձնահարված է դրել, մեկը՝ կարմիր, մյուսը՝ կանաչ: Ճակատին դրել է այն խնդիրը, որն ամբողջ կյանքում իրեն հուզել է»:
Ես իհարկե գնացի, այդ նկարը դիտեցի և հիմա ամեն անգամ Սեզանի «Ինքնանկարին» նայելիս, ուշադրությունս գրավում են այդ վրձնահարվածները, որ Քոչարից նվեր եղան ինձ:

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

ԳՅՈՒՆՏԵՐ ԳՐԱՍՍ

21 Ապր

Հնուց ի վեր և այժմ նման գոյության ահեղ անսասանությունն ընդդիմանալով էլ հակադրվում է առաջընթացին` իբրև կործանարար ուժի: Քանզի որտեղ էլ առաջընթացն անհաջողության մատնվի` մե՛րթ նպատակակետերի ոչ արդիականության պատճառով, մե՛րթ ուտոպիական իրականությունից կտրվածության, մե՛րթ սեփական ամբիցիաների ոչ չափավորությունից, նաև նորույթի էֆեկտն Է ծիծաղելիորեն չնչին լինում, և այնտեղ խրախճանում է պահպանողականն իր հավերժական և «ես այդ ամենը վաղուց գիտեի»–ով: Մելանխոլիկ շարժումներով նա ուզում է ցույց տալ, թե ոչինչ չի կարելի փոխել, որ մարդկային ճիգերը դատարկ բան են, և որ բոլորիս կառավարում է անկանխատեսելի ճակատագիրը, մարդկային կյանքը ճակատագրի իշխանության տակ է: Եվ հուսալի է լոկ կարգուկանոնը` իբրև բոլորի կողմից ընդունված համակարգ: Այն ամրապնդում է հասարակության հիերարխիական կառուցվածքը և աշխարհիկ իշխանությունը: Գոյությանը կայունություն է տալիս: Կարգուկանոնը հիմնվում է իր պարտքը բարեխղճորեն կատարելու և հեզ անխստապահանջության վրա: Մելամաղձի իրավունքը պահպանվում է կրթյալ շերտի, ղեկավարող ընտրախավի և իշխանությամբ օժտված մարդկանց համար:
Քանզի ուզածդ ներփակված հասարակական կառուցվածք իրերի պահպանողական կարգը մերժում է տալ զանգվածներին, նրանց բնութագրելով որպես անտեղյակների, իրավունք ունի Մելամաղձի նկատմամբ, այսինքն` իրավո՛ւնք ունի չենթարկվելու կառուցվածքին և նրա հետ փոխադարձ պայմանավորվածություններին: Իշխանությունը` ինչ-որ տվածուրիկ բան է: Բավարարվածությունը` գոյություն ունեցող իրերի կարգով` անհրաժեշտություն: Մելամաղձը կասկածանք է ծնում` հենց դադարում Է լինել ինչ-որ ընտրախավի արտոնություն և իր կնիքն է դնում զանգվածների հասարակական վարքագծի վրա: Մելամաղձի հանդեպ կասկածամտությունն, իբրև նրա արգելանքի կանխանշան, հնուց ի վեր հիմնվում Է Մելամաղձն ու հիվանդությունը նույնացնելու վրա:

Թարգմ. Շ. Մկրտչյան

ԽՈՒՆ ՑԶԻՉԵՆ

20 Ապր

Եթե ամուր չկապվես աշխարհին, ապա աշխարհիկ կեղտը քեզ չի դիպչի: Եթե խորամուխ լինես աշխարհի գործերին, ապա մեխանիկական խելքը խորապես կմտնի քո մեջ: Դրա համար էլ ազնվաբարո այրն իր ձգտումներում ամենից շատ հակված է պարզությանը, իսկ իր արարքներում ամենից բարձր է գնահատում անմիջականությունը:
Իշխանությունն ու շահը, փառքն ու շուքը` ով չի կորչում դրանց մեջ, նա հիրավի մաքուր է: Սակայն նա, ով դիպչում է դրանց, բայց իր վրա կեղտ չունի, նա կրկնակի մաքուր է: Բազմիմացությունն ու խորամանկամտությունը, դյուրըմբռնողությունն ու խորաթափանցությունը` ով զուրկ է դրանցից, նա հիրավի վսեմ է: Սակայն նա, ով օժտված է դրանցով, բայց չի օգտվում՝ կրկնակի վսեմ է:
Կյանքում հաճախ է պատահում մեզ համար անցանկալի զրույցներ լսել և տհաճություն պատճառող գործերով զբաղվել: Սակայն միայն այդպես մենք կգտնենք հեսանը, որի վրա կսրվի մեր առաքինությունը: Իսկ եթե լսես լոկ այն, ինչը հաճելի է լսել, և մտածես սոսկ այն մասին, ինչի մասին հաճելի է մտածել, ապա ողջ կյանքդ կապրես, ասես թունավոր հմայախոտերից թմրած:

ԲՈՀՈՒՄԻԼ ՀՐԱԲԱԼ

18 Ապր

Ինչ հաճախ եմ ես անցնում կարմիր լույսի տակով, հենց ավտոմեքենաների հոսքի միջով, սակայն, որքան էլ ես մտազբաղ եմ, ինձ հետ է միշտ իմ պահապան-հրեշտակը, եւ նա, իմ զվարթունը, ուզում է, որ ես դեռ ապրեմ այս աշխարհի երեսին, որպեսզի ես հասնեմ իմ հատակին, մի հարկ ևս իջնեմ, այնտեղ, ուր թաքչում են ամենածանր խղճի խայթերը, որի համար էլ իմ մեջ ցավով է արձագանքվում ողջ աշխարհը, և նույնիսկ հենց իմ հրեշտակը. մեկ անգամ չէ, որ ես տենչացել եմ նետվել վեցերորդ հարկի իմ բնակարանից, ուր ինձ տանջում է յուրաքանչյուր սենյակ, բայց հրեշտակը վերջին պահին միշտ փրկում է ինձ հետ քաշելով, նույն կերպ՝ ինչպես իմ Ֆրանց Կաֆկային, ով նույնպես ուզում էր նետվել վեցերորդ հարկից, «Մեզոն Օպելտից», այնտեղից, ուր ելքը Ստարոմեստյան հրապարակից էր, միայն թե պան դոկտոր Կաֆկան կընկներ անկյունում` Փարիզյանի վրա, նրան, երևի, նույնպես ցավոտ վիրավորում էր աշխարհը և ողջ իր կյանքը:
Օ՜, այո, ես հաղթեցի, հասա խորագույն դատարկության, եւ ահա նրանք` պտուղները… Իսկ Կոնստանտին Բիբլը միեւնույն է՝ նետվեց պատուհանից, բայց սկզբում` դրանից շատ առաջ նա Շտիրսկուն նկար պատվիրեց` մարդն ընկնում է պատուհանից, բայց հակառակ ուղղությամբ, ինչպես, եթե էջը դարձնես: Եվ Արթուր Շոպենհաուերի հայրը նույնպես ինքնասպանությամբ վերջ տվեց կյանքին, եւ Սենեկան նույնպես` Սալամանկայում: Բայց ես պատուհանից չեմ նետվի, իմ պահապան-հրեշտակը ոչ թե ինձ տարհամոզել է, այլ պարզապես շշնջացել է ինձ, որ նա, ով թույլ է տվել ինձ հասնել խորագույն պարապությանը, ասել է նրան, որ ահա այսպես գնալը` չափազանց հեշտ է, իմ տիեզերական ցավը ես պետք է կրկին վերապրեմ, ինչպես վերջին չինացի կայսրը, ում մահապատժի փոխարեն 12 տարի ուղեղն էին ողողում, որպեսզի նա հասկանա, թե ինչ է գործել, և հասնի ոչ թե խորագույն պարապության, այլ դառնա հասարակ մահկանացու, ով գնումների է գնում, ինչպես ամենքը, որ նա մարդ դառնա:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

17 Ապր

Թմբի հենց ծայրին աճում էր ինչ-որ դեղին ծաղիկ: Ես կանգ առա ծխելու` մտովի տարվելով ինչ-որ բանով` նայեցի ծաղկին, այնպես զգացի, որ ծաղիկն էլ, ասես, ինձ էր նայում: Այդպիսի կապերը երբեմն… Դուք գիտեք, ամեն ոք կարող է դրանք զգալ, դա անվանում են գեղեցկություն: Այ, հենց այդ է, ծաղիկը գեղեցիկ էր, դա սքանչելի ծաղիկ էր: Իսկ ես դատապարտված եմ, ես կմեռնեմ մեկ անգամ եւ մեկընդմիշտ: Ծաղիկը սքանչելի էր, գալիքի մարդկանց համար միշտ կլինեն ծաղիկներ: Հանկարծ ես ընկալեցի անէությունը: Ես կմահանամ, իսկ Լյուկն արդեն մեռել է, այլեւս ծաղիկ չի լինի այնպիսիների համար, ինչպիսին մենք ենք, ոչինչ չի լինի, բացարձակապես ոչինչ չի լինի, անէությունը ծաղկի հենց մշտնջենական բացակայությունն էր, վառած լուցկին այրեց մատներս: Հրապարակում նետվեցի մի ավտոբուսի մեջ, որն ինչ-որ տեղ էր ընթանում, եւ սկսեցի նայել, անկանոն նայել ամեն ինչին, ինչ որ կար փողոցում, եւ այն ամենին, ինչ կար ավտոբուսում: Երբ հասանք վերջնականգառին, ես դուրս եկա եւ նստեցի մի այլ մերձքաղաքային ավտոբուս: Ողջ երեկո, մինչեւ գիշերամուտ, ես ավտոբուսներ էի փոխում, եւ մտքերս դառնում էին ծաղկի եւ Լյուկի շուրջը: Ուղեւորների մեջ ես փնտրում էի Լյուկի նման որեւէ մեկին, որպեսզի նայեմ նրան, իմանալով, որ այդ ես եմ, իսկ այնուհետեւ նրան թույլատրեմ հեռանալ` չասելով ոչ մի խոսք, գրեթե պաշտպանելով նրան, որպեսզի նա կարողանա շարունակել իր անիմաստ կյանքը, իր հիմար, անհաջող կյանքը, որն ընթանում է դեպի մի այլ հիմար ու անհաջող կյանք… Այլ մի…

ՖԵՐՆԱՆԴՈ ՊԵՍՈԱ

17 Ապր

Օրեցօր նյութն ինձ վիրավորում է: Եվ այդժամ ամեն ինչ իմ ներսում քամու բերանն ընկած հուր է…
Օրվա վերջում մնում է մի բան` միևնույնը, ինչ մնացել էր երեկ և երևի թե կմնա վաղը, ինքը և այլ մեկը լինելու ոչնչի հետ չչափվող անհագուրդ ծարավը:
Օ՜հ, անծիր դաշտեր արեգակի ներքո: Նա, ում համար դուք ողջ եք, ձեզ է նայում խավարից:
Ես այստեղ եմ, բայց որտեղ` ես չգիտեմ:
Ես ողջ եմ, բայց այդ ես չեմ:

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

15 Ապր

ԱՆԿՈՒՄ

Ես, որ սենտիմենատալ չեմ, գիտե՞ք, թե ինչ եմ երազում. մի իդեալական սեր, որ լցնում է ամբողջ հոգին ու մարմինը ցերեկ թե գիեշեր, անդադրում գրկախառնումների մեջ, մարմնական վայելքներով և մտային հուզումով լեցուն, և այս թող իրականանար հինգ տարի անընդհատ և թող մահվամբ վերջանար … Ավա՜ղ …
Մահը մենակ է, մինչ ստրկությունը հավաքական է … Ամեն մարդ իր բաժինը կստանա, բայց ամենակարևորն այն է, որ կստանա ուրիշների հետ … և այսպես, բոլորս ի վերջո միացած ենք, բայց ծնկի եկած, գլուխներս խոնարհած …
Իրականում ես սխալ արեցի՝ ասելով ձեզ, որ կարևորը դատապարտությունից խուսափելն էր … Կարևորը ամեն ինչ ինքն իրեն թույԼ տալ կարողանալն է, նույնիսկ սեփական անարժանությունը ժամանակ առ ժամանակ բարձր ձայնով քարոզելը… Ես ինձ նորից ամեն ինչ թույլ եմ տալիս, այս անգամ առանց ծիծաղելու …Ես կյանքիս ձևը չեմ փոխել, շարունակում եմ ինձ սիրել և ուրիշներին օգտագործել…
Եվ ես խղճում եմ առանց վերլուծելու, հասկանում եմ առանց ներելու և, մանավանդ, ա՜հ, վերջապես զգում եմ, որ ինձ պաշտում են…
Ինչպե՞ս անել ուրիշ մարդ դառնալու համար … անկարելի է … Պետք է մոռանալ որևէ մեկ լինելդ, ուրիշի համար ինքդ քեզ մոռանալ առնվազն մի անգամ …
Բայց մի մտահոգվեք, այժմ արդեն ուշ է… միշտ շատ ուշ է լինելու… բարեբախտաբար…

ԷՆԹՈՆԻ ԴԵ ՄԵԼԼՈ

15 Ապր

Աղաչում եմ Քեզ, Տեր, ներել ինձ իմ երեք գլխավոր մեղքերը: Առաջին, ուխտագնացություն եմ կատարել քո շատ սրբատեղեր՝ մոռանալով, որ Դու ամենուր ես: Երկրորդ, ես հաճախ եմ դիմել քեզ խնդրանքներով՝ մոռանալով, որ Դու ինձանից ավելի շատ ես հետաքրքրված իմ բարեկեցությամբ: Եվ վերջապես, ես ներում եմ խնդրում քեզանից՝ գիտենալով, որ Դու ներում ես մեզ մեր մեղքերը, մինչև մենք կհասցնենք նրանք կատարել»: