Պահոց | Փետրվարի, 2011

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

28 Փտր

ՄԵՐ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում արվեստագետներին գրեթե ոչինչ հարկ չի լինում հորինելու: Նրանց կացության դժվարությունը կայանում է հակառակ պարագայում. ինչպե՞ս անել, որ իրենց պատկերած իրականությանը հավատան: Եվ այսպես եղել է միշտ: Մեր պատմության ամենասկզբից մեր գրականության մեջ չկան գրողներ, որոնց ավելի քիչ են հավատացել, բայց որոնք այնպես ձգտել են լինել ճշմարտացի, որքան Վեստ Ինդիայի նվաճման ժամանակագրության հեղինակները: Քրիստափոր Կոլումբոսի օրագիրը գրական այդ ժանրի հնագույն ներկայացուցիչն է: Սկսենք նրանից, որ մենք բացարձակապես համոզված չենք, թե իսկապես նրանք գոյություն ունեցել են, որքանով որ մեզ է հասել պադրե Լաս Կասասի գրչին պատկանող նրանց մեկնակերպը, որը հաստատել է, թե դրանք ընդօրինակներ են իրեն հայտնի բնօրինակից: Համենայն դեպս, ըստ այս վարկածի, նվազ համոզիչ են մատուցվում շշմեցուցիչ հրաշքները, որոնք Կոլուբոսը ստիպված էր գրանցել, որպեսզի համոզի կաթոլիկ պետերին իր հայտնագործության նշանակության հարցում: Կոլուբոսն ասում է, որ մարդիկ, որոնք դուրս են եկել դիմավորելու իրեն 1492 թվի հոկտեմբերի 12-ին, «մորեմերկ» էին:
Մյուս ժամանակագիրները նույնպես հաստատում են, որ Կարիբյան ավազանի բնիկները, որոնք դեռ իրենց անվտանգ էին զգում քրիստոնեական բարոյականությունից, զբոսնում էին մերկանդամ, ինչը բոլորովին բնական բան էր արևադարձայինների համար: Չնայած դրան, Կոլումբոսի կողմից Բարսելոնի արքայական պալատ բերված «նմուշները» հագել էին նկարազարդված արմավենու տերևներ և փետուրներ, մանյակներ` շինված արտասովոր կենդանիների ատամներից ու մագիլներից: Սա, թվում է, շատ պարզ բացատրություն ունի: Կոլուբոսի առաջին ճանապարհորդությունը, նրա հույսերին հակառակ, ավարտվեց տնտեսական կրախով: Նա ոչ միայն չգտավ թագուհուն խոստացած ոսկին, այլ նաև կորցրեց իր նավերի մեծ մասը, նա չկարողացավ բերել հսկայական արժեք ունեցող իր հայտնագործության ոչ մի ապացույց, և ընդհանրապես` ոչինչ, որ կարողանար արդարացնել այդքան երկար ու թանկ ճամփորդությունը:
Էլդորադոյի մասին լեգենդը ամենագեղեցիկը, զարմանալին ու վճռականն էր մեր պատմության համար: Այդ երևակայական երկրի որոնումների ժամանակ կոնկիսադոր Գոնգալու Խիմենես դե Կեսադան նվաճեց համարյա կեսը նրա, ինչն այսօր հանդիսանում է Կոլուբիան, իսկ Ֆրանսիսկո դե Օրելյանան հայտնագործեց Ամազոնը: Ինչն առավել ֆանտաստիկ է, նա հայտնագործեց գետը` նավարկելով վերին հոսանքից դեպի գետաբերանը, մի ուղղությամբ, որը հակառակ է այն ձևին, որով սովորաբար հայտնագործվել են բոլոր գետերը: Սակայն Էլդորադոն հանելուկ կմնա բոլոր ժամանակների համար: Ճիշտ այդպես էլ ոչ ոք կարծես թե ոչինչ և երբեք չի իմանա այն տասնմեկ հազար գուանակոների մասին, որոնք` յուրաքանչյուրը 100 ֆունտ ոսկու բեռով, մի անգամ ուղարկվել էին Կուսկոյից, որպեսզի վճարեն ոմն Ատուալպե կառավարչի տուրքը, բայց այդպես էլ չժամանանեցին նշանակված կայանը: Կոնկիսադորների նմանատիպ դյուահավատությունը ամբողջովին բացատրելի է, եթե հիշենք այդ դարում թագավորող մետաֆիզիկական տենդը և գրական ջերմախտը, որոնցով համակված էին ասպետական վեպերը: Գուցե միայն դրանով են բացատրելի Ալվարո Նունեսա Կաբես դը Վակի արտասովոր արկածները, որոնց նապատակը ավելի ազնիվ ու պոետական էր, քան Էլդորադոյի ոսկին: Նրա արշավախումբը որոնում էր հավերժական երիտասարդության աղբյուրը:
… Ամենալուրջ խնդիրներից մեկը, որը գրականության առաջ դնում է մեր անսահման իրականությունը, բառերի անհամապատասխանությունն է: Երբ մենք խոսում ենք գետի մասին, եվրոպացի ընթերցողը ունակ չէ պատկերացնել ավելի ահռելի գետ Դանուբից բացի, որի երկարությունը 2850 կմ է: Նրա համար դժվար է պատկերացնել Ամազոնի ռեալությունը (որի երկարությունը ավելի քան 7000 կմ է), մինչև այն չնկարագրվի: Երբ մենք գրում ենք «ամպրոպ» բառը, եվրոպացիները պատկերացնում են ամպրոպն ու կայծակը, բայց նրանց համար դժվար է երևակայել, թե ինչ երևույթ մենք նկատի ունենք: Նույնը կատարվում է «անձրև» բառի հետ: Անդերում, ֆրանսիացի Ժավյե Մարիմիրի վկայությամբ, հորդառատ անձրևները անդադար թափվում են 5 ամիս: «Նրանք, ովքեր չեն տեսել այդպիսի ամպրոպներ,- գրում է նա,- չեն կարող պատկերացնել դրանց կատաղիությունը: Անթիվ ժամեր դրանց հաջորդում են կայծակները, և մթնոլորտը դողում է անվերջ որոտներից, որոնց արձագանքում են անհամար լեռները»: Դժվար է սա համարել վարպետորեն արված նկարագրություն, բայց բավարար է, որ ամենաթերահավատ եվրոպացին ցնցվի ահից:
Որպեսզի լիովին պատկերացվի մեր իրականության ողջ անսահմանությունը, մենք ստիպված պետք է ստեղծենք նոր բառեր: Դրա անհրաժեշտությունը հավաստում են անթիվ օրինակներ: Հոլանդացի ճանապարհորդ Ֆ.-Վ. Ապ դե Գրաֆֆը, ով այս հարյուրամյակի սկզբին հետազոտել է Ամազոնի գետաբերանը, գրել է, որ նա գտել է այնպիսի տաք աղբյուրներ, որոնց մեջ իջեցված ձուն եփվում էր ընդամենը 5 րոպեում և, որ որոշ տեղերում բավական է ամբողջ ձայնով ասել ինչ-որ բան, որ հեղեղ սկսվի: Ինչ-որ տեղ Կարիբյան ավազանի կոլումբիական ծովափին ես հանդիպեցի մի մարդու, ով անձայն աղոթում էր կովի առաջ: Կենդանու ականջներում որդեր կային: Երբ նա ավարտեց աղոթքը, ես տեսա, թե ինչպես կովի ականջներից թափվեցին սատկած որդերը: Այդ մարդը հավաստիացնում էր, որ ինքը կարող է նմանատիպ կուրսեր անցկացնել տարածության վրա ևս, դրա համար բավական է նկարագրել կենդանուն և տեղը, որտեղ գտնվում է այն: 1902 թվականի մայիսի 8-ին արթնացավ Մարտինիկեի Պելե հրաբուխը: Այն մի քանի րոպեում ավերեց Սենտ Պիեռ նավահանգիստը` լավայի տակ թաղելով քաղաքի 30 հազար բնակիչների, բացառությամբ մեկի` Լյուդգար Սիլվարիսի, որն այդ քաղաքի միակ բանտարկյալն էր: Նրան փրկեցին բանտախցի ամուր պատերը, որոնք կառուցվել էին այնպես, որ նա չկարողանա փախչել:
Ինձ անհրաժեշտ կլինեն բազմաթիվ հատորներ Մեքսիկայի անհավանական իրականությունը նկարագրելու համար: Ես արդեն 20 տարի է` ապրում եմ այստեղ, և մինչև այժմ բազմաթիվ ժամեր եմ անցկացնում` դիտելով սափորում թռչկոտող ունդերին: Դրական ռացիոնալիստներն ինձ ասացին, որ ունդերի այսպիսի մոբիլությունը բացատրվում է նրանով, որ դրանց մեջ բնակություն են հաստատել կենդանի թրթուրները: Հրաշքն այն չէ, որ ունդերը շարժվում են և ոչ էլ այն, որ նրանց մեջ թրթուրներ կան, այլ այն, որ թրթուրները հատկապես տեղավորվել են ունդերի մեջ, որպեսզի կարողանան թռչկոտել:
Աներևակայելի իրականությունը իր առավելագույն հզորությանն է հասնում Կարիբյան կղզիների վրա: Այստեղ նախնական տարրերին` պարզունակ միֆերին և մոգերի հավատալիքներին միահյուսվել են մշակույթների այնքան առատ շերտեր: Այս ամենը միաձուլվել է մոգական միասնության մեջ, որի գեղարվեստական առատությունը պարզապես անսպառ է: Միաժամանակ խառնուրդը հաջող կերպով համեմված է աֆրիկյան հզորությամբ և զայրույթով: Աշխարհների այս խաչմերուկում կոփվել է անսահման ազատության զգացումը, առանց աստծո և օրենքի ռեալությունը, որտեղ ցանկացածը և ամեն մեկը ենթադրում է, թե ինքը կարող է անել ամեն ինչ: Գողերը հանկարծ իրենց արքաներ են կարծում, վռնդվածները` ծովակալներ, իսկ կուրտիզանուհիները` նահանգապետի կին: Եվ հակառակը:
Ես ծնվել և մեծացել եմ Կարիբյան ծովափին: Ես գիտեմ այս աշխարհը, յուրաքանչյուր երկիրը, յուրաքանչյուր կղզին, և ահա, թե ինչն է ամենից շատ հիասթափեցրել ինձ. ինձ հետ չպատահեց ոչինչ, որ ավելի սարսափելի լիներ իրականությունից, ոչ էլ ես կարողացա այդպիսի մի բան հորինել: Առավելագույնը, ինչին ես ընդունակ էի, փոխել իրականությունը բանաստեղծական միջոցներով, և այնուամենայնիվ, իմ գրքերից ոչ մեկում չկա մի տող, որը չհաստատվի փաստերով: Իրականությունը փոխելու իմ փորձերից մեկը խոզի պոչն է, որ այդքան անհանգստություն պատճառեց Բուենդիանների ընտանիքին «Հարյուր տարվա մենություն» գրքում: Ես կարող էի հորինել ցանկացած բան, սակայն ինձ թվում էր, թե նորածնի համար հորինած խոզի պոչը ամենաքիչը կհամընկնի իրականության հետ: Սակայն հենց որ վեպը հայտնի դարձավ երկու Ամերիկաների տարբեր մասերում, սկսեցին երևան գալ պոչ կրողների խոստովանությունները: Բարանկիլեում մի երիտասարդ հայտարարեց այդ մասին թերթով: Նրա հայտարարությունն այս առիթով ավելի զարմանալի էր, քան ինքը` պոչիկը: Նա ծնվել է պոչիկով, բայց երբեք չի ցուցադրել այն ոչ ոքի, քանի դեռ չի կարդացել «Հարյուր տարվա մենությունը»: «Ես չէի ցանկանում այդ մասին ոչ մեկի պատմել, որովհետև ամաչում էի,- ասել է նա:- Բայց հիմա վեպը կարդալուց և դա ընթերցողներին լսելուց հետո հասկացա, որ պոչը կատարելապես բնական բան է»: Շատ չանցած` մի ընթերցող ինձ ուղարկեց թերթի կտրվածք, որտեղ խոսվում էր սեուլցի մի աղջկա մասին, ով նույնպես ծնվել էր պոչիկով, բայց վեպում իմ արած ենթադրությանը հակառակ, աղջկա պոչիկը կտրել էին, և նա կենդանի էր մնացել:
«Նահապետ աշուն»-ի նախապատրաստական փուլը ամենաբարդն էր իմ գրական փորձում: Համարյա 10 տարի ես կարդացի ամեն բան, ինչ կարողացա գտնել լատինամերիկյան բռնապետների և հատկապես նրանց մասին, ովքեր իշխել են Կարիբյան ավազանում, որպեսզի գիրքը որքան հնարավոր է քիչ հիշեցներ կյանքը: Սակայն յուրաքանչյուր քայլը հիասթափություն եղավ: Վենեսուելական բռնապետ Խուան Վիսեատե Գոնեսն օժտված էր այնպիսի ինտուիցիայով, որը չեզոքացնում էր ցանկացած մոգական շնորհ: Հայիթյան բռնապետ դոկտոր Դյուվալյեն արտաքսեց երկրից բոլոր սև շներին, որովհետև նրա թշնամիներից մեկը, փորձելով փրկվել հետապնդումից, դիմակավորվեց սև շան մորթով: Մեր Անտոնիո Լոպես դե Սանտանան թաղեց սեփական ոտքը` թաղման արարողությունն ուղեկցելով ճոխ մեծարանքներով: Լոպե Ագիրրեի կտրված ձեռքը գետը նետեցին, և ով տեսնում էր այն, սարսափից դողում էր` ենթադրելով, թե ձեռքը դեռ ի վիճակի է թափակարել դաշույնը: Անաստասիո Սոմոսա Գարսիան ուներ գազանանոց` թեթև ցանցով բաժանված վանդակներով: Վանդակի մի մասում վայրի գազաններն էին, իսկ մյուսում` Սամոսայի քաղաքական հակառակորդը: Մաքսիմելյան Էռնանդո Մարտինեսը (սալվադորյան բռնապետ-աստվածաբան) հրամայեց փողոցային բոլոր լապտերներին կարմիր թղթե թասակներ հագցնել, որպեսզի հաղթահարվի կարմրուկի համաճարակը:: Նա օգտագործում էր ճոճանակ, որը պահում էր ուտելիքների վրա ճաշելուց առաջ, որպեսզի որոշի` թունավորվա՞ծ է, թե՞ ոչ: Մորասանի արձանը, որ մինչ օրս էլ կանգնած է Տեգուսիգալաեում, իրականում մարշալ Նեյինն է: Երբ պաշտոնական անձիք ժամանեցին Լոնդոն, որպեսզի պատվիրեն անհրաժեշտ արձանը, եկան այն եզրակացության, որ ավելի էժան է գնել պահեստում մոռացված արդեն պատրաստի արձանը, քան պատվիրել Մորասանինը…

ՄԱՐԿ ՏՎԵՆ

28 Փտր

ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հարգելի խմբագրություն,
Ես կարդացի իրավահավասարություն պահանջող հանրագիրը ստորագրած կանանց երկար ցուցակը (200 անուն) և, ինչպես ընտանիքի ամուսին ու հայր, պիտի վճռական բողոք արտահայտեմ ընդդեմ այդ գործի: Միանգամայն աննպատակահարմար է կանանց ձայնի իրավունք տալը, և դժվար թե լավ բան ստացվի, եթե նրանց թույլատրվի զբաղեցնել պետական պաշտոններ: Դուք, ինչպես և ես, հասկանում եք, որ եթե նրանց իրավունք տրվի, ապա անդորրի մի սպասեք: Նրանք երկիրը կհասցնեն անկման: Կանայք սիրում են կրքոտությամբ զբաղեցնել ամեն կարգի պաշտոններ: Նրանց դուր է գալիս կոչվել «Միսիս Սմիթ` բարեգործական ընկերության նախագահ», կամ` «Միսիս Ջոունս` սովյալ հնդկացիներին օգնող միջազգային ասոցիացիայի քարտուղար», կամ թե` միսիս այսինչ` այսինչ միության գանձապահ: Նրանց ամենից շատ գայթակղում է մեծարանքը, և այսպես ուղղակի արբենում են մեծաշուք կոչումների դյութիչ հնչյուններով: Նրանք հավերժ ձևավորում են ամեն տեսակի բարեպաշտական ընկերություններ ու միություններ, որպեսզի հետո ծեծկռտուք սարքեն նախագահական տեղի համար: Նրանք այնքան են սիրում զբաղեցնել պատվավոր պաշտոններ, որ պատրաստ են նույնիսկ անվճար ծառայել: Իսկ տվեք նրանց ձայնի իրավունք և թեկուզ մեկ անգամ բաց թողեք օրենսդիր մարմնում, այնժամ կտեսնեք` ինչ կկատարվի: Նրանք կտարվեն իրենց նոր գործունեությամբ, ձեզ համար կհիմնեն հազարավոր նոր ընկերություններ, և հարկատուներին կներկայացնեն այնպիսի հաշիվ, որ կցնցի ձեր զգացմունքները մինչև ձեր գրպանի խորքը: Պետական բյուջեի առաջին իսկ նախագիծը ձեզ կհասցնի սպիտակ տենդի: Հաստիքների սովորական կարգացուցակի փոխարեն (դատավորներ, պետքարտուղար, նախարարներ, գերագույն դատարանի գրագիր),- դուք կստանաք ահա մոտավորապես այսպիսի տարեկան նախահաշիվ.
Բարեգործական ընկերության նախագահուհի- 4 հազ. դոլար,
Նախագահուհու տեղակալներ (յուրաքանչյուրին)- 2 հազ. դոլար,
Կանանց համատեղ աղոթքների միության նախագահուհի- 3 հազ. դոլար,
Պոունի ցեղի մոտ անգրագիտության վերացման ընկերության նախագահուհի- 4 հազ. դոլար,
Էսկիմոսների շրջանում գեղեցիկ գրականության տարածման կանանց ընկերության նախագահուհի- 5 հազ. դոլար,
Կրինոլինների դեպարտամենտում նորաձևության գլխավոր օրենսդրուհի- 10 հազ. դոլար,
Կեղծամների դեպարտամենտում նորաձևության գլխավոր օրենսդրուհի- 10 հազ. դոլար,
Կանանց սանրվածքի համար երիժնակի յուղի գծով գլխավոր տեսչուհի- 10 հազ. դոլար,
Կապագլխարկների և գլխարկների դեպարտամենտում գլխավոր օրենսդիր- 50 հազ. դոլար:
Անիշխանություն ու քաոս` ահա թե ինչ կբերի այդպիսի նախահաշիվը: Միսսուրի նահանգում չի մնա ոչ մի կին, որ դեն չնետի ամեն ինչ հանուն Կապագլխարկների և գլխարկների դեպարտամենտում օրենսդրուհու պաշտոնի: Եվ, ի տարբերություն տղամարդկանց, որոնք եթե քննադատում են, ապա միայն իրենց նախորդների քաղաքական սխալները, կանայք կնետվեն քրքրելու հակառակորդի ողջ անձնական կյանքի պատմությունը: Ես գոնե գիտեմ նրանց ցեղը: Իմ կինը ճիշտ այդպիսին է:
Երեք օր չի անցնի նախընտրական արշավի սկզբից, և արդեն որոտաձայն կհայտարարեն, որ մեր ողջ նահանգում գոյություն չունի մի կին, որը կարող է «տիպար» հանդիսանալ: Իսկ դուք կարծում եք հաճելի՞ է ինձ համար լսել այդպիսի ակնարկ, եթե դա պիտի վերաբերի նաև իմ կնոջը: Իսկ ընդդիմության թեկնածուհիների՞, դե նաև ուրիշների համա՞ր: Անկեղծ ասած, ես ինքս էլ գիտեմ, որ իմ կյանքի ընկերուհին բոլորովին էլ տիպար չէ, հատկապես կրոնի հարցերում, բայց ես ամենևին չեմ ցանկանում, որ քաղաքական արշավի ժամանակ այդ մասին բոլորն իմանան: Ազնվորեն ասած, ես չգիտեմ, որ այդպիսի կինը, ինչպիսին իմն է, կարող է ապագայում տաղանդներ հանդես բերել, թեև, ով գիտե, եթե նա զբաղվի ինքնակատարելագործմամբ, ապա գուցե նաև ապագայում դառնա այլոց համար կանթեղ, բայց ես միայն վախենում եմ, որ այդ կանթեղը բավականին շատ է ծխահարելու: Ոչ, ես մնում եմ իմ կարծիքին: Կանանց մասնակցությամբ ընտրարշավը մեզ սպառնում է աղետով:
Ահա, պատկերացրեք, պերճաշուք ջահերով երթ` այսպիսի ցուցապաստառներով ու կարգախոսներով.
«Ոչ ոք, ինչպես Ռոբբինսը: Քվեարկեք Սալլի Ռոբբինսի օգտին` միակ բարեգործ թեկնածուն այդ պաշտոնում»:
«Առաքինություն, համեստություն, հայրենասիրություն: Թող մեծ ազգը պաշտպանի Մերի Սենդերսին` բարոյականության և առաջադիմության ջատագովին, անբասիր վարկի տեր միակ թեկնածուին»:
«Քվեարկեք Ջուդի ՄաքԳիննիսի` անկաշառի օգտին: Ինը երեխաների մայր: Իններորդը` կրծքի երեխա»:
Ընտրության օրը ամուսինը կհարցնի դայակին.
— Ի՞նչ է պատահել փոքրիկին:
Իսկ սա կպատասխանի.
— Փոքրիկի՞ն: Դե նա առավոտից այնպես տկար է:
— Իսկ ու՞ր է չքվել մայրը:
— Գնացել է Սալլի Ռոբբինսի համար քարոզչության:
Կամ էլ ահա թե ինչպես կզրուցեն տիկնայք` աղախին վարձելիս.
— Ճաշ եփել կարողանու՞մ ես:
— Կարողանում եմ:
— Իսկ լվացք անե՞լ:
— Կարող եմ:
— Իսկ տուն հավաքե՞լ:
— Դա էլ եմ կարողանում:
— Լավ, իսկ ու՞մ ես ձայնդ տալու գլխարկների գծով ամենագլխավորի ընտրություններին:
— Ջուդի ՄաքԳիննիսին:
— Ի՞նչ: Դուրս իմ տնից…
Կանայք խառնվում են քաղաքական քննարկումներին, փոխանակ քննարկեն տարազները, թողնում են տնային գործերը, որպեսզի գնան ու խմեն թեկնածուների հետ: Ամուսինները ստիպված են դայակություն անել նորածիններին, մինչ իրենց կանայք վազվզում են ընտրական տեղամասերում: Իսկ գլխավորը, նահանգապետի ընտրություններում գեղեցիկ, շքեղ բեղերով թեկնածուն առանց դժվարության կհաղթի անբարետես, թեև ավելի խելացի մրցակցին: Իսկ պատանյակը, որ կարողանում է գեղեցիկ վալս պարել, ավելի շուտ կդառնա ոստիկանապետ, քան խելացի, էներգիայի ու կամքի տեր տղամարդը:
Ըստ երևույթին յուրաքանչյուրը, ով թերթում գրքում է «ժողովրդի բարօրության» մասին, առաջին հերթին նկատի ունի անձնական հետաքրքրությունները, և ես այստեղ բացառություն չեմ: Այո, ես չեմ ցանկանում ընդլայնել կանանց իրավունքները: Իմ կինն առանց այդ էլ զբաղեցնում է 19 պաշտոն բոլոր այդ գրողի տարած կանանց ընկերություններում` ինձ վրա բարդելով իր ողջ գրասենյակային հոգսը: Իսկ եթե մենք դեռ նրա համար քաղաքականություն ներթափանցելու հնարավորություն էլ ստեղծենք, այն ժամանակ կինս այնտեղ էլ անկասկած կցանկանա ինչ-որ պաշտոն ստանալ, թեկուզ և հիմարագույնը: Այն դեպքում ես կորած եմ: Նա ի վերջո գլուխը կկորցնի, և նույնիսկ այն միակ պարտավորությունը, որից ես մինչև այժմ խույս եմ տվել, նույնպես կընկնի ինձ վրա, և դա արդեն իմ ընտանիքի համար կործանում կլինի: Ախր ես որպես կերակրող բոլորովին բանի պետք չեմ:
Անկեղծորեն Ձեր` Մարկ Տվեն:

Կասկածելի համերաշխության պտուղները

28 Փտր

Այսօր Լիբիայում իրադարձությունները զարգանում են այնպիսի աղետալի արագությամբ, որ որևէ իրավիճակ արձանագրելուց հետո անմիջապես անհրաժեշտություն է ծագում վերանայել ստեղծված կացությունը նոր դեպքերի լույսի ներքո: Ընդամենը հաշված օրեր պահանջվեցին, որպեսզի այդ երկրում խաղաղ ցույցերը վերաճեին արյունալի խռովության, մի բան, որից գուցե և հնարավոր լիներ խուսափել, ինչպես դա պատահեց «արաբական հեղափոխությունների» հորձանքի մեջ ընկած որոշ երկրներում: Հասկանալի է, որ ցանկացած իշխող վարչակարգի պատասխանը հանրային ընդվզումներին նախ և առաջ պիտի լիներ զսպման մեխանիզմների գործադրումը: Եվ միայն այն բանից հետո, երբ ակնհայտ է դառնում, որ անհավասար են ուժերը, ներգործման ազդակներն իրենց սպառվել են, իսկ ընթացքը դուրս է գալիս վերահսկողությունից, վրա է հասնելու ընտրության պահը:
Ցավոք, Լիբիայում նման բան չկատարվեց: Այստեղ շրջանցվեց «անցումային փուլը»` հենց սկզբից ձեռք բերելով այնպիսի բնույթ, ինչն այլ կերպ անհնար է անվանել, քան իսկական քաղաքացիական պատերազմ: 40 տարի շարունակ երկիրը ղեկավարող գնդապետ Մուամար Քադաֆիի համար այդ վճռական պահին այլընտրանքը բացառվում էր: Եվ բացառվում էր ոչ միայն իր մեղքով:
Աշխարհի վերաբերմունքն ու արձագանքը Լիբիայում ծայր առած հուզումներին չունեցավ այն ճկուն մաևրումների բնութագիրը, ինչն այս կամ այն կեպ պահպանվում և դրսևորվում էր նախորդած իրադարձությունների ժամանակ: Քադաֆին Մուբարաք չէր, որին կարելի էր հրավիրել Գերմանիա` բուժման: Քադաֆին նույնիսկ Թունիսի նախագահ Բեն Ալիի բախտին չարժանացավ, որին քաղաքական ապաստան կտային հարևան երկրներից որևէ մեկում: Աշխարհը որոշեց, որ Քադաֆին օրենքից դուրս է` դրանով իսկ բաց անելով դեպի ծայրահեղության գնալու նրա ճանապարհը և յուղ լցնելով արդեն բորբոքված կրակի վրա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որն այլ պարագայում որևէ բռնապետի կոչ կաներ երկխոսության գնալ ընդդիմության հետ կամ երկրում բարեփոխումներ իրականացնել, այս անգամ անհրաժեշտ համարեց հրապարակայնորեն Քադաֆիից պահանջել` անհապաղ հրաժարական տալ։ «Եթե առաջնորդը իշխանությունը կարողանում է պահել միայն սեփական ժողովրդի նկատմամբ զանգվածային բռնություններ գործադրելու օգնությամբ, ապա դա նշանակում է, որ նա կորցրել է իր լեգիտիմությունը և պետք է հրաժարական տա»,- ասաց Օբաման, ինչից հետո Միացյալ Նահանգները միակողմանի սանկցիա կիրառեց Լիբիայի կառավարության նկատմամբ ու խզեց դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ:
Պաշտոնական Լոնդոնն իր հերթին որոշեց Լիբիայի առաջնորդին և նրա որդիներին զրկել Մեծ Բրիտանիայի տարածքում դիվանագիտական անձեռնմխելիությունից և ավելի քան 5 միլիարդ դոլարի ակտիվներից` կոչ անելով Քադաֆիին վայր դնել իր լիազորությունները։ «Գնդապետի հեռանալու ժամանակն է»,- հայտարարեց այդ երկրի արտգործնախարարը։
Եվրոպական Միության երկրները շատ արագ համաձայնության եկան Լիբիայի նկատմամբ պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ կիրառելու հարցում: Համաձայն այդ միահամուռ որոշման, արգելք էր սահմանվում դեպի Լիբիա զենք-զինամթերքի մատակարարումների վրա, ինչը, ըստ ԵՄ-ի, կարող էր օգտագործվել բողոքի ալիքը զսպելու համար: Բացի այդ, այս տարածքում էլ սառեցվեցին նախագահ Մ. Քադաֆիի ու նրա հարազատների բանկային հաշիվները:
Հետո հերթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդինն էր, որը միաձայն բանաձև ընդունեց Լիբիայի ղեկավարության նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման մասին: «ՄԱԿ ԱԽ միջոցները կոչված են կասեցնելու Մուամար Քադաֆիի ռեժիմի հակառակորդների սպանությունները, դրանք նաև ենթադրում են էմբարգո` Լիբիայի հետ զենքի առևտրի վրա, լիբիական առաջնորդի հաշիվների սառեցում ու նրա, ինչպես նաև նրա ընտանիքի ու մերձավորների միջազգային այցերի արգելք»,- ասված էր այդ փաստաթղթում: Սրա հետ մեկտեղ Անվտանգության խորհուրդը պատմության մեջ առաջին անգամ միաձայն դիմեց Հաագայի Միջազգային դատարանին՝ մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի առնչությամբ։
«Թեև այս փաստաթուղթը ինքնին չի կարող կանգնեցնել արյունահեղությունը Լիբիայում, այդուամենայնիվ, այն խիստ կարևոր որոշում է, որն արտահայտում է միջազգային համայնքի համախմբված դիրքորոշումը»,- ավելի ուշ պիտի հայտարարեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի–մունը` բացահայտելով իրենց գործադրած ջանքերի իսկական էությունը: Ստացվում էր այնպես, որ միջազգային հանրության միասնությունն ավելին արժեր, քան լիբիացու արյունը:
Հերթական անգամ հարկ է լինում բախվել մի խնդրի, որը երկու դեմք ունի: Մի կողմից միջազգայնորեն ընդունելի սկզբունքներն են և հումանիստական մոտեցումները, իսկ մյուս կողմից մերկ իրականությունն է` շատ ավելի առարկայական և շատ ավելի կենսական: Երես դարձնել այդ ամենից` ոչ միայն պիտի նշանակեր զբաղվել ինքնախաբեությամբ: Դա նախ և առաջ պիտի նշանակեր այրել նահանջի բոլոր կամուրջները և փաստացի պարտադրել մեկուսացում, այնպիսի մի կացություն, որն արդեն իսկ հարկադրում էր դիմել ծայրահեղ միջոցների: Եվ հենց դա էլ կատարվեց Լիբիայի պարագայում: Քադաֆին հազիվ թե վարվեր այլ կերպ, քան վարվում է այժմ` ծուղակն ընկած գազանի կատաղությամբ հաշվեհարդար տեսնելով բոլորի հետ անխտիր:
Որքան էլ տարօրինակ թվա, այնուամենայնիվ Թուրքիայն այն քչերի շարքում էր, ովքեր Լիբիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ընդունված որոշումից անմիջապես հետո դատապատարտեցին ՄԱԿ-ի բանաձևը: Իսկ այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ հայտարարեց, որ «դրանից ավելի շատ կտուժի Լիբիայի ժողովուրդը, քան ինքը` Մուամար Քադաֆին»: Նա նաև հավելեց, որ միջազգային հանրությունն ավելի շատ հետաքրքրված է լիբիական նավթով, քան այդ երկրի ժողովրդի ճակատագրով:
Ակամա մտաբերում ես հայկական ասացվածքը. «Երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են»: Երկար տարիներ այս նույն` դատապարտող աշխարհը ներկա համերաշխությունից ոչ պակաս համերաշխ հանդուրժողականություն էր դրսևորում Քադաֆիի ու նրա ռեժիմի նկատմամբ` առանձնապես չմտահոգվելով ոչ ժողովրդավարության բացակայության, ոչ նրա իշխանության լեգիտիմության մասին: Շատ անգամներ էր Քադաֆին դաժան հաշվեհարդար տեսել ներքին հակառակորդների ու ընդդիմախոսների հետ, բայց ամեն անգամ այդ պղտոր ջրից չոր էր դուրս եկել: Իսկ հիմա փոխվել են պահանջները, ուրիշ են նպատակները և հանուն այդ մեծ նպատակների մի քանի հազար լիբիացու կյանքը ոչինչ չարժե: Այսպես են կարծում նրանք, ովքեր պատրաստ են ճաշակել իրենց կասկածելի համերաշխության պտուղները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԼԱՐԱԽԱՂԱՑԸ

28 Փտր

Լարախաղացը երկու սյուներից պարան կապեց ու ասաց.
— Ես կարող եմ երկու ոտքով քայլել պարանի վրա:
— Չես կարող,- ասացին հավաքված մարդիկ:
Լարախաղացը վեր մագլցեց ու վազ տվեց պարանի վրայով: Մարդիկ տեսան ու զարմացան:
— Ես կարող եմ մի ոտքով քայլել պարանի վրա,- ասաց լարախաղացը:
— Չես կարող,- չհավատացին մարդիկ:
Իսկ լարախաղացը նորից բարձրացավ ու մեկ ոտքով ցատկոտեց պարանին: Մարդիկ տեսան ու զարմացան:
— Ես կարող եմ առանց որևէ ոտքի քայլել պարանի վրա,- ասաց լարախաղացը:
— Չես կարող,- հակառակվեցին մարդիկ:
Լարախաղացը վեր բարձրացավ, կանգնեց, երկու ոտքերը կտրեց պարանից, ներքև ընկավ ու մեռավ:
Մարդիկ տեսան, զարմացան և համոզվեցին, որ անսահման են մարդկային հնարավորությունները:

Հովիկ Չարխչյան

ՓՈՍԸ

28 Փտր

Լինում է, չի լինում, մի քանի տարեկան մի մարդ է լինում, որի տարիքն այս պատմության հետ ոչ մի կապ չունի: Մի անգամ այս մարդու գլխին մի մեծ փորձանք է գալիս. ընկնում է փոսը: Փոսը այս պատմության հետ ոչ մի կապ չունի, բայց քանի որ մարդն ընկել է, հո չե՞նք կարող դրա մասին լռել: Շատ է չարչարվում այս մարդը, բայց դուրս գալ չի կարողանում: Մեծ բազմություն է հավաքվում նրա շուրջը: Բազմությունը այս պատմության հետ ոչ մի կապ չունի, բայց մենք նրանց հո չե՞նք կարող անտեսել: Շատերն են փորձում օգնել դժբախտ մարդուն, բայց ոչինչ չի ստացվում: Ու այդ ժամանակ փոսին է մոտենում փողկապ կապած մի մարդ: Փողկապը այս պատմության հետ ոչ մի կապ չունի, պարզապես փողկապավոր մարդը սկսում է մխիթարանքի խոսքեր ասել: Շատ է հուզվում փոսի մեջ ընկած մարդը: Այնքան է հուզվում, որ արտասվում է ոչ այն է ուրախությունից, ոչ այն է տխրությունից: Արտասուքն էլ, ինչպես գիտեք, հենց այնպես չի գալիս:
Իսկ այս պատմությունը գալիս է ասելու, որ քայլելիս ոտքի տակ նայել է պետք:

Հովիկ Չարխչյան

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

27 Փտր

Մարդ ու կին են լինում: Ապրում են հաշտ ու խաղաղ: Մի օր էլ այդ մարդը վերցնում ու սպանում է կնոջը: Վիշտ, արտասուք, ողբ… Բայց դե` էլ ի՞նչ, կինը մեռել է: Շատ չանցած սա մի նոր կին է բերում: Ամեն բան կրկին իր հունն է ընկնում, ապրում են երջանիկ: Ու մի օր էլ այս մարդը վերցնում ու սպանում է իր նոր կնոջը: Անհատակ ցավից մղկտում է սիրտը, կտոր-կտոր լինում: Բայց դե` էլ ի՞նչ, կինը չկա… Ամիսներ անց մարդը նորից է ամուսնանում: Երրորդ կինը դատարկված տունը լցնում է խինդով ու երջանկությամբ: Հաշտ ու խաղաղ օրերը հաջորդում են մեկը մյուսին: Եվ մի օր էլ այս մարդը վերցնում ու սպանում է իր կնոջը: Խորունկ սուգը պատում է նրան, թվում է` աշխարհը մեկեն դատարկվեց: Բայց դե` էլ ի՞նչ…
Իսկ այս պատմությունը գալիս է ասելու, որ անքննելին են սիրո գաղտնիքները…

Հ. Չարխչյան

ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ

27 Փտր

Դու ինձ կըփնտրես, երբ ես չեմ լինի
Կանգնած ամեն օր քո ճամփի վրա,
Երբ մենակության լալկան ուռենին
Կըթեքվի մի օր քո ճամփի վրա։

Ձայնըս կըլսես հեռու ձորերից,
Ինչպես հեռացող գնացքի սուլոց,
Սարսուռով կտաս անունըս նորից
Եվ ունայն հույսով կընետվես փողոց։

Բայց ես չեմ լինի ծանոթ մարդկանց մեջ,
Ձեր դռան մոտով չեմ անցնի կրկին,
Դու քայլամոլոր կշրջես անվերջ,
Եվ զղջման բոցով կայրվի քո հոգին:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈԼԺԵՆԻՑԻՆ

26 Փտր

ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔԸ

… Ինքնին ակնհայտ է, որ շրջադարձը Վերածննդին պատմականորեն անխուսափելի է: Միջնադարը սպառել է իրեն, դարձել անտանելի` մարդու հոգևոր էության օգտին նրա ֆիզիկականի վրա իր բռնակալական ճնշմամբ: Բայց և մենք անչափորեն ու անհամաչափորեն հեռացանք Հոգուց դեպի նյութը: Դառնալով մեր ղեկավարողը` հումանիստական էությունը մարդու մեջ չէր ճանաչում ներքին չարություն, նրա երկրային երջանկությունից վեր` այլ խնդիրներ, և ժամանակակից արևմտյան քաղաքակրթության հիմքում դրվեց մարդու և նրա նյութական պահանջմունքների առաջ երկրպագելու վտանգավոր հակումը: Ֆիզիկական բարեկեցությունից ու նյութական բարիքներ կուտակելուց զատ մարդու մնացած բոլոր` ավելի նուրբ և վեհ առանձնահատկություններն ու պահանջմունքները դուրս մնացին պետական կառուցվածքների և սոցիալական համակարգերի ուշադրությունից, կարծես մարդը չուներ կյանքի ավելի վեհ իմաստ:
Ինքնին, մերկ ազատությունը ոչ մի կերպ չի լուծում մարդկային գոյության բոլոր հիմնահարցերը, այլ մեծ քանակությամբ նորերն է առաջադրում:
Բայց և այնպես, վաղ, ինչպես նաև նորածնունդ ամերիկյան ժողովրդավարություններում բոլոր իրավունքները վերապահվեցին անհատին միայն այն բանի համար, որ նա Աստծո ստեղծագործությունն է, այսինքն` ազատությունը անհատին տրվում էր պայմանով` ենթադրելով նրա կրոնական պատասխանատվության մշտատևությունը. այսպիսին էր անցյալ հազարամյակի ժառանգությունը: Դեռևս 200 տարի, նույնիսկ 50 տարի առաջ անհնարին էր թվում, որ Ամերիկայում մարդուն տրվի անսաստելի ազատություն` հենց այնպես, իր կրքերի համար: Սակայն այն ժամանակներից սկսած` արևմտյան բոլոր երկրներում այդ սահմանափակումն անհետացավ, տեղի ունեցավ վերջնական ազատագրում, և գթասրտության, և զոհողության մեծ պաշարներով քրիստոնեական դարերի բարոյական և պետական համակարգերն առավել ավարտուն մատերիալիստական տեսք ստացան: Արևմուտքը, վերջապես, պաշտպանեց և նույնիսկ ավելցուկով, մարդու իրավունքները, բայց բոլորովին խամրեց Աստծո և հասարակության առաջ մարդու պատասխանատվության գիտակցությունը: Ամենավերջին տասնամյակներում արևմտյան աշխարհըմբռնման իրավական այդ էգոիզմը հասել է իր վերջնակետին, և աշխարհը հայտնվել է հոգևոր դաժան ճգնաժամի և քաղաքական փակուղու մեջ:

***
Որքան ավելի իր զարգացման ընթացքում հումանիզմը նյութականացվեց, այնքան ավելի հիմքեր տվեց սոցիալիզմին, իսկ հետո նաև կոմունիզմին` չարաշահելու իրեն: Այնպես որ, Կ. Մարքսը կարող էր ասել. «Կոմունիզմը բարեպաշտեցված հումանիզմն է»: Եվ պարզվեց, որ դա այնքան էլ իմաստից զուրկ չէ. անհետացած հումանիզմի և ամեն տեսակի սոցիալիզմի հիմնավորումներում կարելի է տեսնել ընդհանրություններ` անեզր մատերիալիզմ, մարդու ազատագրում կրոնից և կրոնական պատասխանատվությունից, կենտրոնացում սոցիալական կառուցման և դրա գիտականակերտության վրա:

***
Չափազանց մեծ հույսեր մենք կապեցինք քաղաքական- սոցիալական վերափոխումների հետ, իսկ պարզվեց` մեզնից խլում են ամենաթանկարժեքը, որ մենք ունենք` մեր ներքին կյանքը: Արևելքում այն կոխկրտում է կուսակցական, իսկ Արևմուտքում` առևտրական շուկան:
Եթե մարդը, ինչպես հռչակում է հումանիզմը, ծնվել է միայն երջանկության համար, նա ծնված չէր լինի նաև մահվան համար: Բայց քանի որ նա մարմնապես դատապարտված է մահվան, նրա երկրային խնդիրը, ըստ երևույթի, հոգևոր է. ապրել ոչ թե հանապազօրյա հացի , ոչ թե լավագույն եղանակներով բարիքներ հայթայթելու, իսկ հետո դրանք ուրախ մսխելու համար, այլ ապրել մշտական ու դժվարին պարտքի գիտակցումն ունենալով, այնպես որ կյանքի ամբողջ ուղին գլխավորապես դառնա բարոյական վեհացման փորձ, կյանքից հեռանալ ավելի բարձր էակ դարձած, քան այն սկսելը:
Հետադիմություն է այսօր հետևել լուսավորության դարաշրջանի ոսկրացած բանաձևերին: Աշխարհն հիմա մոտեցել է եթե ոչ կործանման, ապա պատմության շրջադարձի` իր նշանակությամբ համարժեք Միջնադարից Վերածնունդ շրջադարձին, ու այն մեզանից կպահանջի հոգևոր բոցավառում, մտահորիզոնի նոր բարձունքի և կյանքի նոր մակարդակի նվաճում, որտեղ նզովված չի լինի մեր ֆիզիկական բնությունը ինչպես Միջնադարում, բայց և առավել, չի տրորվի մեր հոգևոր բնությունը, ինչպես նորագույն ժամանակում:
Այդ վերելքը նման կլինի մարդաբանական հաջորդ աստիճանին բարձրանալուն: Ու երկրի վրա ոչ մեկին չի մնացել այլ ելք` միայն դեպի վեր:

ՋՈՐՋ ՄԱՅՔՍ

25 Փտր

ՎԵՃԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Շատերը պնդում են, թե լավ վեճերն ու վիճաբանությունները կյանքի, հատկապես բախտավոր ամուսնական կյանքի, համեմունքն են: Պիտի խոստովանեմ, որ ես ինքս բավական թույլ եմ վիճելու մեջ, որովհետև դեպքերի մեծամասնության ժամանակ բացարձակ անտարբեր եմ: Վաղ պատանությանս տարիներին քույրս հաճախ էր բողոքներ ներկայացնում իմ դեմ` անդրդվելության մեղադրանքով: Հայրս նույնպես նկատում էր, որ ես, որպես կանոն, հետևում եմ Բրիտանական Արտաքին գործոց նախարարության որդեգրած ռազմավարությանը. այսինքն, երբ նա ինձ այս կամ այն բանի համար խստորեն կշտամբում էր, ես սկզբունքորեն լիովին համաձայնում էի նրա հետ, ներողություն խնդրում` եթե պետք էր լինում, և շարունակում ճիշտ և ճիշտ նախկին վարքագիծս: Երբ նա բացատրություն էր պահանջում` հիշեցնելով, որ մենք որոշակի սկզբունքներում համաձայնության ենք եկել, և հարցնելով, թե ինչու եմ նորից նույն բանն արել, ես մշտապես բավական համոզիչ փաստարկներ էի պատրաստի ունենում` ցույց տալու, որ նույն բանը բնավ էլ նույն բանը չէ:
Համենայն դեպս, ես ուսումնասիրել եմ վիճելու և վիճաբանելու արվեստը և գուցե թե կարողանամ մի քանի խորհուրդ առաջարկել:
1. Խուսափեք փաստերից: Եթե դուք տհաճ բանավեճ եք մղում այն հարցի շուրջ` արդյոք Բեթսիի ծննդյան հրավերքը դեկտեմբերի վերջին շաբաթում էր, թե հունվարի առաջին շաբաթում, կամ թե «Սիրանո դը Բերժերակի» հեղինակն արդյոք Ռասինն է, թե՞ Վոլտերը, մի դիմեք օրագրերին, հանրագիտարաններին կամ հենց Բեթսիին: Այս քայլերից յուրաքանչյուրն անարդարացի կլիներ, որովհետև` ա) հենց կոկոնի մեջ կխեղդեր մի շատ աշխույժ վիճաբանություն, և բ) ձեր ընդդիմախոսին կզրկեր հետագա ամեն մի ողջամիտ պատասխանից:
2. Փոխարենը վկայակոչեք հեղինակությունների. «Դա ես եմ ձեզ ասում, երիտասարդ…», «Ես դա անձամբ լսել եմ Ուիլֆրեդ Փիքըլզից կամ Էնյուրին Բիվանից…»:
3. Գործածեք վիրավորական արտահայտություններ և ամեն մի դրդապատճառ վերագրեք ձեր ընդդիմախոսին: Եթե մեկն այն ենթադրությունն է անում, թե գրավառու հաստատությունները հարկավոր է ազգայնացնել, և դուք հավանություն չեք տալիս այդ առաջարկությանը, ապա ընդգծեք, որ նրա ամուսնական անհավատարմության պատճառով կինը դատարանով բաժանվում է նրանից, այնպես որ նա լավ կանի` լռի: Կամ ասեք, որ սա միայն մի ստոր հնարք է` փրկելու մոր կարողությունը: Կարևոր չէ, եթե` ա) նա մայր չունի, բ) նրա մայրը կարողություն չունի, և գ) սա առհասարակ կարողություն փրկելու ուղի չէ: Ցեխը միշտ էլ կկպչի: Կյանքի ընդհանուր օրենքն է. երբ ձեռնոցով դիպչում ես ցեխին` ցեխը երբեք չի ձեռնոցոտվում, միշտ էլ ձեռնոցն է, որ ցեխոտվում է:

Թարգմ. Շ. Ավագյան

Բարեկամի ուղղաթիռները` թշնամու համար

25 Փտր

Ադրբեջանական բանակը նոր սպառազինությամբ համալրելու մասին ցանկացած տեղեկություն մենք ընկալում ենք ընդգծված անհանգստությամբ, քանի որ գիտենք` մեծ է դրանց առաջին թիրախը դառնալու հավանականությունը: Միևնույն ժամանակ, ասվածից ոչ պակաս կարևորում ենք այն հանգամանքը, թե հատկապես ո՞ր երկիրն է այդ հարցում աջակցել մեր ագրեսիվ հարևանին: Եվ այս իմաստով պիտի հասկանալի լինի մեր մտահոգությունը, երբ օրերս «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդումից տեղեկացանք, որ ադրբեջանցիների հերթական գործընկերը դարձել է Ռուսաստանը: Համաձայն այդ աղբյուրի, դեռ անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի ու «Ռոսվերտոլ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքվել է մի պայմանագիր, ըստ որի Դոնի Ռոստովում գործող ընկերությունը ադրբեջանցիներին վաճառելու է 24 միավոր «Մի-35Մ» մակնիշի մարտական ուղղաթիռներ։ Տեղեկատվության հավաստիությունն ընդգծելու համար հավելենք, որ գործարքի մասին հաղորդումը ստացվել է «առաջին ձեռքից»` «Ռոսվերտոլ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Բորիս Սլյուսարից։
Մեզ համար հազիվ թե մխիթարական լինի այն փաստը, որ համանման պայմանագրեր ռուսական կողմը ստորագրել է նաև մի շարք այլ երկրների հետ, ինչի արդյունքում ընկերության մաքուր շահույթը հասել է 1,3 միլիարդ ռուբլու: Ինդոնեզիա կամ Վենեսուելա առաքվող ուղղաթիռները դժվար թե երբևէ չար մտադրություն ունենան սավառնելու հայկական երկնակամարով: Իսկ ահա Բաքվի հետ համաձայնության եկած ռուսները մինչ փաստաթղթերի ստորագրումը պիտի հրաշալի հասկանային, թե առանց այդ էլ պայթյունավտանգ մեր տարածաշրջանում հավելյալ զինտեխնիկայի առկայությունը ինչպիսի նոր ռիսկեր է հարուցելու և որքանով է ի զորու անդրադառնալու ամեն գնով պահպանվող ուժային հավասարակշռության վրա: Սակայն գործարքն այնուամենայնիվ կայացել է, և սա ոչ առաջին և ոչ էլ վերջին համանման դեպքն է: Զուտ ռուսական թեզ է այն տեսակետը, թե սպառազինությունների բազմապատկումը մեծացնում է անվտանգության երաշխիքները: Կովկասում նման պնդումների հետ ոչ բոլորն են համաձայն: Ինչ վերաբերում է վերջին դեպքին, ապա արժե հիշեցնել, որ այդ թռչող զինանոցի տպավորիչ բնութագիրը վաղուց է հայտնի: «Մի-35Մ» մակնիշի ուղղաթիռը բազմանպատակային է, օգտագործվում է հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, հետևակին աջակցելու, դեսանտային գործողությունների, վիրավորներին տարհանելու ու բեռներ փոխադրելու համար։ Ուղղաթիռը կարողանում է թռիչքներ կատարել եղանակային ամենաբարդ պայմաններում և հատկապես լեռնային ռելիեֆ ունեցող գոտիներում իրեն դրսևորել է գերազանց հատկանիշներով: Ուղղաթիռը զարգացնում է 310 կմ/ժ առավելագույն արագություն։
Ցավոք, ադրբեջանական նոր «ձեռքբերումների» մասին դեռևս հավելյալ տեղեկություններ ստանալ հնարավոր չէ: Վերստին ականատեսն ենք այն նույն պահվածքի, որի ծուղակում հայտնվել են շատ շատերը: Ինչ-որ մեկը տեղեկացնում է զենքի գնման մասին, մեկ ուրիշը դա անմիջապես հերքում է, հետո գալիս է երրորդն ու ասում այնպիսի մի բան, որը ոչ հերքում է, ոչ հաստատում: Իսկ արդյունքում ամեն կարգի կռահումները հյուսում են իրենց այլընտրանքային ցանցերը` էլ ավելի խճճելով առանց այդ էլ անորոշ կացությունը:
«Ռոստվերտոլ»-ն էլ հարկ համարեց վարվել այդ ձևով: Այն բանից հետո, երբ լուրը հայտնվեց մամուլի էջերում, պարզաբանումների համար ընկերությանը դիմած լրագրողներին տեղի ներկայացուցիչները ասացին, թե նախորդ հաղորդագրությունում հիշատակված Բորիս Սլյուսարը մեկ շաբաթով արձակուրդի է մեկնել, ուստի նա չէր կարող նման ինֆորմացիա հրապարակել։ Սրա հետ մեկտեղ նրանք հրաժարվեցին հերքել կամ հաստատել ուղղաթիռների վաճառքի մասին լուրը` պարզաբանելով, որ «Ռոսվերտոլ»-ը «Ռուտսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգի մաս է կազմում, իսկ գործարքների մասին տեղեկատվություն տարածելու իրավունքը վերապահված է միայն հոլդինգի կենտրոնական մոսկովյան գրասենյակին։ Մի խոքով` գնացեք ու տապակվեք ձեր ենթադրությունների մեջ:
Ակամա վերհիշում ենք ամիսներ առաջ Ս-300 հրթիռային կայանքների շուրջ բարձրացված աղմուկը, երբ շաբաթներ շարունակ որևէ մեկին այդպես էլ չէր հաջողվում վերջնական պատասխան ստանալ այն միակ հարցի մասին, թե ի վերջո Ռուսաստանը Ադրբեջանին տրամադրելու՞ է այդ հզոր զինատեսակից, թե՞ ոչ:
Համաձայն պաշտոնական աղբյուրների, Ադրբեջանի ռազմաօդային ուժերում ներկայումս շահագործվում են ավելի քան 60 ուղղաթիռներ: Անցյալ տարվա օգոստոսին հաղորդվեց այն մասին, որ Բաքուն մտադրվել էր Ռուսաստանից գնել Ka-32 տեսակի չորս մարտական ուղղաթիռ։ Այնուհետև թուրքական աղբյուրները տեղեկացրեցին, թե Ադրբեջանը այն երկրների ցանկում է, որոնց Թուրքիան կվաճառի Т-129 ռազմական ուղղաթիռներ։ Համարյա միաժամանակ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարեց, որ Ադրբեջանը հետաքրքրված է ուկրաինական օդային միջոցների կառուցմամբ զբաղվող ձեռնարկությունների արտադրանքի ձեռքբերմամբ և հավելեց, որ խոսքն առաջին հերթին վերաբերում է մարտական ուղղաթիռների գնմանը: Մի խոսքով, հնարավորությունների ու աղբյուրների պակաս չի զգացվում, և ռուսների հետ այս վերջին գործարքը իր տեսակի մեջ ոչ բացառիկ է և ոչ էլ անհավանական: Մնում է միայն ափսոսանքն այն մասին, որ թշնամին իր զենքերը մեր դաշնակից ու բարեկամ երկրից է ներմուծում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՎԵՐՋԻԼԻՈ ՋՈՏՏՈ

25 Փտր

ՎԵՐՋԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Երկու փայտից մի կրակ
Բոցկլտում է ու փայլում:
Եվ կրակի շուրջ հուշիկ
Մի մրսած կին է քայլում:

Ախ, իմ սիրտը մի անգամ
Շնչեց նրա սրտի հետ:
Մենք կանք, սակայն մեր ժամը
Հեռացել է առհավետ:

Մի թռչուն կա վանդակում:
Դրսում ձմեռ է ճերմակ:
Ես հիշում եմ ու ապրում
Այս արևի լույսի տակ:

Թարգմ. Գ. Բաղդասարյանի

ՀԵՆՐԻ ԹՈՐՈ

25 Փտր

Բնությունն ինչպես կարող էր այնքան լուսավոր ու գեղեցիկ լինել, եթե մարդու կոչումը նույնպես այդպիսին չլիներ: Մարդու հագուստի կարկատանը երբեք իմ աչքում նրան չի նսեմացնում, քանի որ բարությունն է միակ զգեստը, որը երբեք չի հնանում: Ամենաքնքույշ բույսերն իրենց համար ճանապարհ են հարթում ամենակոշտ հողի միջով, ժայռերի ճեղքերով: Այդպես էլ բարությունն է: Ինչպիսի՞ սեպ, ինչպիսի՞ մուրճ, խոյահարմամբ առաջացած ինչպիսի՞ ճեղքվածք կարող է համեմատվել բարի, անկեղծ մարդու ուժի հետ: Ոչ մի բան չի կարող դիմակայել նրան: Իսկ այն արժանիքները, որոնք մենք գնահատում ենք ուրիշների մեջ, հավասարապես պատկանում են նաև մեզ: Մենք նկատում ենք միայն այն, ինչ ունենք ինքներս:
Իմանալ, թե ինչը գիտենք և իմանալ, թե ինչը չգիտենք` ահա թե որն է ճշմարիտ իմացությունը: Չթերագնահատենք փաստի նշանակությունը: Երբևէ նրա վրա կբացվի ճշմարտության ծաղիկը: Սակայն բավական չէ պարզապես սիրել ու արտահայտել ճշմարտությունը: Հարկավոր է սիրել ու արտահայտել ճշմարտությունը` հետամուտ լինելով որևէ բարձրագույն նպատակի: Եղեք ոչ միայն պարզապես լավ, եղեք ինչ-որ բանի համար լավ: Մարդիկ ծնված են հաղթանակների, այլ ոչ թե պարտությունների համար: Չի կարելի սպանել ժամանակը` դրանով չվնասելով հավիտենականությանը: Ճշմարտությունը տապանագրերում խիստ հազվադեպ է:

Դարձյալ մի քանի էջ` Wikileaks-ից

24 Փտր

Wikileaks-յան թղթապանակների անսպառ պարունակությունից վերջին օրերին դուրս սպրդեցին ևս մի քանի գաղտնի էջեր, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում էին Հայաստանին ու մեր խնդիրներին: Կարելի է նաև ենթադրել, որ այդ փաստաթղթերի հրապարակումը հենց այս պահին` Սոչիում կայանալիք Ռուսաստանի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ, ոչ միայն պատահական չէր, այլև խիստ «օրինաչափ», միայն թե դրանից խնդրի էությունը քիչ է փոխվում, քանի որ արծարծվող հարցերը հենց նոր չծնվեցին, իսկ ընդհանուր դիրքորոշումներն ու գնահատականները դեռևս չեն կորցրել իրենց թարմությունը:
Թեև այս փաստաթղթերում երևույթներն ու իրադարձություններն արտացոլված են ամերիկյան տեսանկյունից, սակայն նշանակալին պետք է համարել տարածաշրջանային զարգացումների համատեքստում կողմերից յուրաքանչյուրի դերակատարությունը, որոնցում նախկինի պես գերազանցում է հակասությունների չափաբաժինը, ինչպես նաև Արևելք-Արևմուտք առանցքի շուրջ նախապատվելի կողմնորոշումներ որդեգրելու մրցակցությունը: Այդ իսկ պատճառով էլ դիվանագիտական գրիչն արձանագրել է նույնիսկ աննշան թվացող մանրամասներ`առաջնորդվելով այն ճշմարտությամբ, որ մեծ հետևանքների հիմնավորումները փնտրել է պետք փոքր շարժառիթների մեջ:
Գաղտնազերծված գրագրության մի հատվածի հեղինակը Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին է` պետքարտուղարությանը հասցեագրած իր զեկույցներով ու տեղեկատվությամբ: Դրանցից առավել հետաքրքրականը Դերսիի կոնֆիդենցիալ ճեպագիրն է, որ վերնագրված է. «Աջակցելով Իլհամին: Ինչպես համոզել Ադրբեջանին, որ դադարի վնասել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը»: Ճիշտ է, նշված հարցի պատասխանը դեսպանն այդպես էլ չի հնչեցնում, բայց փոխարենն ի հայտ է բերում հետաքրքիր եզրահանգումներ, որոնց ձևավորման գործում միայն սեփական դիտողականությունը քիչ պիտի լիներ: Այսպես, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը պատերազմի միջոցով ետ վերցնելու Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, դեսպանը գրում է. «Շատ քիչ հավանական է, որ Ադրբեջանը, նույնիսկ մեծ ուշադրություն դարձնելով իր ռազմական ներուժի հզորացմանը, մոտ ապագայում կարողանա զարգացնել այնքան մեծ և սպառազինված ուժ, որը կկարողանա հաղթահարել տեղանքի այն առավելությունները, որն ունեն Լեռնային Ղարաբաղի պաշտպանական և Հայաստանի բանակները»: Նման գնահատականն, անշուշտ, կառուցված է հնարավորությունների իրատեսական համադրությամբ, ինչպես նաև հաշվի են առնված երկրի ներսում առկա տրամադրությունները: Միևնույն ժամանակ չի կարելի չնկատել Վաշինգտոնի ակնհայտ բացասական վերաբերմունքը ուժ կիրառելու միջոցով հիմնահարցը հանգուցալուծելու տարբերակի հանդեպ, ինչը բոլորովին չի բխում Կովկասում ԱՄՆ շահերից:
Ճիշտ է, Wikileaks-ի հրապարակած փատաթղթերը գերազանցապես վերաբերում են 2009 թ. իրավիճակին, սակայն անցած ժամանակի մեջ քիչ բան է փոխվել ինչպես Բաքվի հռետորաբանության, այնպես էլ գործողությունների բնույթի իմաստով: Բացառություն են կազմում հայ-թուրքական հարաբերությունները, որոնք այժմ սառեցված են, բայց նույնիսկ հիշյալ հանգամանքի պարագայում կարևոր է մնում վերջինիս պահվածքը: Անդրադառնալով Երևան- Անկարա շփումներին և Բաքվի կողմից դրա հակազդեցությանը, ԱՄՆ դեսպանն նույն օրերին գրել է. «Բաքուն մեծապես վախեցած է հայերի վրա իր կարևորագույն լծակը՝ Թուրքիայի հետ փակ սահմանը կորցնելուց, և կարծում է, որ Սարգսյանն ավելի քիչ մոտիվացիա կունենա Բաքվի հետ բանակցելու հարցում, եթե բաց լինի հայ-թուրքական սահմանը: Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումը, առանց Լեռնային Ղարաբաղի խնդրում որևէ բան կորզելու, Բաքվում դիտվում է որպես դավաճանություն»:
Թուրքիային սեփական քաղաքական նպատակների պատանդ դիտարկելու ադրբեջանական գործելաոճը նոր չէ, ինչպես որ հանրահայտ է Բաքվի բարեկամության ձևը` հավատարմություն շորթել` փոխարենը ոչինչ չտալով: Այս իմաստով Ադրբեջանը մշտապես դժգոհ է ամենքից և ամեն բանի համար: Ահա, օրինակ, ԱՄՆ դեսպանը պատմում է 2009 թ. Ալիևի հետ ունեցած իր մի հանդիպման մասին, որի ժամանակ Ալիևը կշտամբել էր ԱՄՆ–ին՝ ասելով, թե Սպիտակ տունը արհամարհում է Ադրբեջանի շահերը և հաշվի չի առնում, որ Վաշինգտոնին հետաքրքրող հարցերում Բաքուն միշտ ամերիկացիների կողքին է եղել։ Այս գանգատի շարժառիթներից մեկը մասնավորապես վերաբերել է նրան, թե իբր Ղարաբաղյան հարցը դուրս է մղվել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, և Միացյալ Նահանգները պատասխանատվության իր բաժինն ունի:
Սակայն այլ բան է այս կամ այն խնդրի առնչությամբ դժգոհություններ արտահայտելը, և բոլորովին այլ բան, թե Բաքուն իրականում ինչպես է տեսնում իր հարաբերությունները Արևմուտքի հետ: «Ալիևը կարծում է, որ Արևմուտքի հետ մերձեցումը դրական արդյունքներ չի տա՝ դատելով Ուկրաինայի ու Վրաստանի փորձից, որտեղ դա հանգեցրեց անկայունության, և Թուրքիայից, որտեղ արդյունքը եղավ շրջադարձը դեպի իսլամ»,- գրում է դեպանը, իսկ մեկ ուրիշ առիթով պետքարտուղարությանը հաղորդում է հետևյալը. «Ադրբեջանը համոզված չէ, որ Արևմուտքը հուսալի գործընկեր է։ Ավելին, Վրաստանի հետ պատերազմից հետո տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվեց հօգուտ Ռուսաստանի, և այժմ Ռուսաստանն իրական հնարավորություններ ունի փոխելու վերջին 15 տարիների Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը»:
Իհարհե, ռուսներ դեռ չեն հասցրել վերաձևել Ադրբեջանի արտաքին քաղաքական վեկտորը, սակայն Բաքվի այս կտրուկ գունափոխությունը սոսկ ամերիկացիների պատվախնդրությունը չէ, որ պիտի խոցի: Անհուսալի գործընկերոջ (առավել ևս` դաշնակցի) համբավի ձևավորումը վաղ թե ուշ կունենա իր համարժեք վերաբերմունքը, և դա`արդեն ոչ միայն WikiLeaks-ի ջանքերով կամ զանազան կարգի գրագրությունների տեսքով, այլ շատ ավելի առարկայական ու ծանր արձագանքի ձևով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ

24 Փտր

ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ

Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:
-Կեցցեք, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք:
Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:
-Ահա խնդրեմ,- մռթմռթացին ծեր կանայք,-ի՞նչ օգուտ ստացաք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ` ինչպես մեր զավակները, որոնք, ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են, և մեզ, որ խնամել ենք նրանց, այլևս չեն հիշում:
Ծեր մորաքույր Ադան ոչինչ չասաց, բայց ամեն առավոտ մի թխվածքաբլիթ էր փշրում պատուհանագոգին, և թռչնակը գալիս էր այն կտցահարելու, միշտ նույն ժամին, հաճախորդի պես ճշտապահ, և տեսնել էր պետք, թե ինչպես էր նյարդայնանում, երբ փշուրները պատրաստ չէին լինում:
Որոշ ժամանակ անց թռչնակը բերեց նաև իր փոքրիկներին, քանի որ բույն էր հյուսել և չորս ձագ էր ունեցել, և նրանք էլ հաճույքով կտցահարում էին ծեր մորաքույր Ադայի թխվածքաբլիթը և գալիս էին ամեն առավոտ, ու եթե այն չէին գտնում, մեծ աղմուկ էին բարձրացնում:
-Ձեր թռչնակներն այստեղ են,- այդ ժամանակ, մի փոքր նախանձելով, ասում էին ծեր կանայք ծեր մորաքույր Ադային: Եվ նա մանրիկ քայլերով վազում էր դեպի իր պահարանը, մի չոր թխվածքաբլիթ էր գտնում սուրճի և անիսոնի կոնֆետների թղթերի արանքում և ասում.
-Համբերություն, համբերություն, արդեն գալիս եմ:
-Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները:
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
Ու երբ վերջացնում էին կտցահարել թխվածքաբլիթը`
-Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:
Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
Հետո ծեր մորաքույր Ադան մահացավ, իսկ նրա երեխաները դա իմացան բավական ժամանակ անց, և արդեն չարժեր թաղման համար ճամփա ընկնել: Բայց թռչնակներն ամբողջ ձմեռվա ընթացքում վերադառնում էին պատուհանագոգի մոտ և բողոքում էին, թե ինչու ծեր մորաքույր Ադան չի պատրաստել թխվածքաբլիթը:

Թարգմ. Լուսինե Հակոբյան

ՄԵԽԸ

24 Փտր

Մարդու ոտքը մեխ էր մտել: Գնաց բժշկի մոտ.
— Բժիշկ, ոտքիս մեխը հանիր, շատ է ցավում:
Բժիշկը ուշադիր զննեց ու զարմացած ասաց.
— Ինչ մեծ մեխ է…
— Բժիշկ ջան, ախր ցավում է, շուտ արա, է,- չդիմացավ մարդը:
Բժիշկը ուշադիր զննեց ու հարցրեց.
— Որտեղի՞ց ես ճարել այս մեխը:
Մարդը տանջվում էր: Աղերսանքով բժշկի ոտքերն ընկավ.
— Փրկիր, էլ չեմ դիմանում:
Բժիշկը ուշադիր զննեց ու ասաց.
— Սա տանիքի մեխ է, իսկ ինձ դուռն ամրացնելու համար էր պետք:
Մարդը անզորությունից լաց եղավ: Իսկ բժիշկն իր մտքերի հետ էր.
— Չես պատկերացնի, թե ինչ անտանելի է ճռում մեր դուռը…
Մարդը ցավից ուշաթափվեց: Բժիշկը ուշադիր զննեց ու ափսոսանքով հոգոց հանեց.
— Բայց ինձ երկու մեխ է պետք, իսկ այստեղ ընդամենը մեկն է:
Մարդը արյունաքամ եղավ ու մեռավ: Բժիշկը շատ տխրեց նրա համար ու տրամադրությունն ընկավ:
Իսկ այս պատմությունն էլ եկավ ասելու, որ մարդկանց տխրեցնելը հեշտ է, ուրախացնելն է դժվար:

Հովիկ Չարխչյան

ԲԵՆՋԱՄԵՆ ԹԱՔՔԵՐ

24 Փտր

ԱՆԱՐԽԻԶՄ

Սխալ է մտածել, թե անարխիան կհաստատվի բռնությամբ: Բռնությունը պետք է կիրառել ծայրահեղ դեպքերում: Եթե բժիշկը տեսնում է, թե տանջալից ցավը հիվանդի ուժերը ջլատում է այնքան արագ, որ մահը կարող է վրա հասնել մինչև դեղամիջոցի ազդեցությունը, այդժամ նա նշանակում է թմրամիջոցներ: Բայց լավ բժիշկը դա անում է տհաճությամբ: Նա գիտի, որ թմրանյութը խոչընդոտում և դժվարացնում է բուժումը: Նույնը կարելի է ասել բռնության մասին:
Քանի դեռ գոյություն ունեն խոսքի և մամուլի ազատությունները, շահագործման դեմ պայքարում
չարժե դիմել բռնի միջոցների: Նույնիսկ այն դեպքում, երբ խոսքի ազատությունը կխախտվի մեկ անգամ կամ տասներկու անգամ կամ թեկուզ հարյուր անգամ, դա չի արդարացնում արյունահեղությունը: Կարելի է կեղեքման դեմ բռնություն կիրառել միայն այն դեպքում, եթե նրանք լիովին անհնարին են դարձրել ամեն մի խաղաղ քարոզչություն:
Ոմանք մտածում են, թե պետությունը կանհետանա միայն այն ժամանակ, երբ մարդիկ կդառնան կատարյալ: Սա նշանակում է, որ անարխիզմը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ կհաստատվի հազարամյա արքայությունը: Եթե մենք կարողանայինք կատարելագործվել` չնայած արգելքներին, իհարկե, պետությունը կվերանար ինքնիրեն: Հասկանալի է, որ եթե մենք կարողանայինք մեր գլխից վեր թռչել, մենք հավանաբար մի գեղեցիկ օր երկինք կհամբառնեինք:
Մարդկանց ազատություն պետք է տալ ոչ թե այն բանից հետո, երբ նրանք կսովորեն կառավարել իրենց, այլ հենց այն բանի համար, որ նրանք դա սովորեն. ահա իսկական ուղին:
Ոչ բռնի դիմադրությունը ամենահզոր զենքն է, որին երբևէ տիրապետել է մարդը կեղեքման դեմ պայքարում: Բռնությունը ապրում է թալանով: Նա մահանում է, երբ իր զոհերը այլևս թույլ չեն տալիս իրենց թալանել: Բռնությունը չի կարելի սպանել ոչ քարոզով, ոչ հրացանի կրակոցով: Նրան կարելի է միայն սովի մատնել:

ԱՐԴԱՐԱԲԱՐ

24 Փտր

Եկեղեցում մի մարդ ծունկի էր եկել ու երկյուղածությամբ աղոթում էր: Մեկը մոտեցավ նրան ու հարցրեց.
— Դե, ինչպե՞ս է, օգնու՞մ է:
— Ի՞նչը,- հարցրեց հավատացյալը:
— Աղոթելը:
— Աղոթելն օգնում է, իսկ Աստված՝ ոչ,- պատասխանեց ծնրադիր մարդն ու հետաքրքրվեց:- Իսկ քե՞զ:
— Իսկ ինձ հավանաբար Աստված է օգնում, քանի որ աղոթել չգիտեմ:
Եվ սա է նաև արդարաբարը, քանի որ սա է արդարաբարը:

Հովիկ Չարխչյան

 

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

24 Փտր

Կարելի է պահպանել Ղարաբաղը, բայց նաև նպաստել ժողովրդավարության հաստատմանը

«Միշտ և բոլոր առումներով` Ղարաբաղը: Դա պատմության խնդիր է, իսկ ժողովրդավարությունը` կեցության»,- Ղարաբաղ, թե Հայաստանում ժողովրդավարության հաստատում խնդրին անդրադառնալով «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց հրապարակախոս Հովիկ Չարխչյանը:
Այդուամենայնիվ, ըստ Չարխչյանի, դրանք միմյանց հետ այդքան էլ կապված չեն. «Կարելի է պահպանել Ղարաբաղը, բայց նաև նպաստել ժողովրդավարության հաստատմանը:
Նրանք, ովքեր ասում են այդ բանը, ընդամենը զբաղվում են դեմագոգիայով»:
Չարխչյանի խոսքերով, դրանք կարող են մեկը մյուսին խթանել. «Ղարաբաղում ձեռք բերված հաղթանակը անպայման կնպաստի ապագայի հանդեպ հասարակության վստահության աճին: Իսկ ժողովրդական կառավարման ձևերը թույլ կտան ավելի ճկուն լինել ինչպես դիվանագիտական դաշտում, այնպես էլ ռազմական խնդիրներ լուծելիս: Միշտ հաղթում է այն երկիրը, ով առավելապես ազատ է, ինքնիշխան ու ունի մեծ նպատակների գնալու վճռականություն»:

Տոնը մարդկանց հոգում է և ոչ շնորհավորական ուղերձներում

«Ըստ էության այնքան էլ սխալ չի ասել: Կարմիր բանակը ստեղծվել է 1918թ. փետրվարի 23-ին: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում այդ տոնը վերանվանվեց, իսկ հայերը դա ընդունեցին «ի գիտություն»: Ուզենք, թե չուզենք` դա մեր պատմության մի մասն է, որից հրաժարվել չենք կարող»,- անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հայտարարությանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց հրապարակախոս Հովիկ Չարխչյանը:
Նշենք, որ Հայրենիքի պաշտպանության օրվա առթիվ Անհայտ զինվորի հուշարձանի մոտ իր հարգանքի տուրքը մատուցելու ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ասել է, թե սա Կարմիր բանակի տոնն է, և այսօր իրենք բարեկամ Հայաստանի հետ տոնում են այս խորհրդանշական օրը:
Չարխչյանի գնահատմամբ, խնդիրն այն է, թե մեզանից յուրաքանչյուրն ի՞նչ տեսանկյունից է հարցը դիտարկում. «Եթե մենք դա հիշում ենք մի տեսակ ստրկահաճո կարոտաբաղձությամբ, դա այլ բան է: Իսկ եթե նշում ենք այնպես, ինչպես, օրինակ, մայիսի 9-ին ենք տոնում ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը, այսինքն` որպես ընդհանուր պատմության մի դրվագ, դա շատ բնական է»:
Հրապարակախոսը նշեց, որ իրեն չի հետաքրքրում, թե Հայաստանի կառավարությունն այս կամ այն տոնն ինչպես է նշում. «Տոնը մարդկանց հոգում և մտքերի մեջ պիտի լինի, այլ ոչ թե օրացույցի թերթիկների վրա կամ կառավարության շնորհավորական ուղերձների մեջ»:

ՊՈԼ ՀՈԼԲԱԽ

23 Փտր

Մարդը դյուրընկալ, զգայուն, բանական և խելամիտ էակ է, որը ձգտում է ինքնապահպանման ու երջանկության: Ապագա երանության սպասումը և ապագա տառապանքների սարսափը մարդկանց սոսկ խանգարել են մտածել այն մասին, որ երջանիկ դառնան այստեղ` երկրի վրա: Բնությունը չգիտենալը արմատն է եղել այն անհայտ ուժերի, որոնց առջև այնքան երկար ժամանակ դողացել է մարդկային ցեղը, և այն սնահավատ դավանանքների, որոնք եղել են նրա բոլոր դժբախտությունների աղբյուրը: Սակայն երբեք հնարավոր չէ երջանիկ ապրել, եթե ամբողջ ժամանակ դողում ես սարսափից: Որպեսզի մեր երջանկությունը լիակատար լինի, մենք կարիք ենք զգում մեզ շրջապատող մարդկանց մտերմական կապին ու օգնությանը, իսկ վերջինները կհամաձայնեն սիրել ու հարգել մեզ, օգնել մեզ մեր ծրագրերում, աշխատել մեր երջանկության համար միայն այն չափով, ինչ չափով մենք պատրաստ ենք աշխատել նրանց բարեբախտության համար: Այդ անհրաժեշտ կապն անվանում են բարոյական պարտք, բարոյական պարտականություն: Այն բարեկամը, որն օգտակար չէ իր բարեկամին, նրա համար դառնում է օտար մարդ: Ասել, թե բարոյական իդեալները բնածին են կամ բնազդի արդյունք, նույնն է, թե պնդել, որ իբր մարդ ընդունակ է կարդալու` դեռևս չիմանալով այբուբենը:
Արդարադատությունը բոլոր հասարակական առաքինությունների հիմքն է: Իսկ խիղճը մեր ներքին դատավորն է, որն անսխալ վկայում է այն մասին, թե մեր արաքները որքանով են արժանի մեր մերձավորների հարգանքին կամ պարսավանքին:

Լոպազությամբ երկիր չեն պաշտպանում

23 Փտր

Բանակի մասին ընդունված է միայն լավը խոսել: Դե, ասում են` պատերազմական վիճակ է, կարիք չկա ջուր լցնել թշնամու ջրաղացին, կոտրել մարտական ոգին ու նման բաներ: Մենք էլ փորձում ենք ըմբռնումով մոտենալ դրան: Սակայն ամեն ինչ իր սահմանն ունի: Համբերությունն` առավել ևս: Եվ երբ այդ համբերության բաժակը լցվում է, այլևս շատ դժվար է մնալ սահմանված կաղապարների ու վերապահ դատողությունների տիրույթում: Սա` ոչ միայն այն պատճառով, որ աղաղակող փաստերն ու ցավալի դեպքերը հակառակն են ստիպում, այլ նաև նրա համար, որ վիճակը շտկելուն կոչված ու պատասխանատու կառույցները շարունակում են ամեն կերպ սևը սպիտակ ներկայացնել և քարկոծել բոլոր նրանց, ովքեր համարձակվել են մատը դնել բաց վերքի վրա: Բայց մախաթը պարկում անվերջ պահելն անհնար է: Պետք է, այնուամենայնիվ, ինչ-որ բան ձեռնարկել: Եվ այդ պատճառով էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը որոշել է վերականգնել իր ղեկավարած կառույցի վարկը ոչ այլ կերպ, քան… դասախոսություններ կարդալու ճանապարհով:
Մի օր նա վարչապետ Տիգրան Սարգսյանին է հրավիրում ՊՆ, որտեղ մեծ երազողը բանակի բարձրագույն սպայկազմի համար թեզիսներ է ընթերցում տնտեսության նվաճումների և ֆինանսական հաջողությունների շուրջ: Մեկ այլ անգամ հենց ինքն է մտավորականների առաջ ելույթ ունենում ձեռքբերումների մասին, կամ էլ գնում է Երեւանի պետական համալսարան` հանդիպելու դասախոսների և ուսանողների հետ, որտեղ ուղիղ մարդկանց աչքերի մեջ նայելով հայտարարում է, թե բանակում կարգապահությունը տարեցտարի ամրապնդվում է, տարվում է հետևողական դաստիարակչական աշխատանք, անցանկալի երևույթների ու միջադեպերի պրոֆիլակտիկա, որոնց մասին, ըստ նախարարի, «անպայման պետք է բարձրաձայնել, այլ ոչ թե թաքցնել»:
Մենք այժմ չենք խոսի այն հարյուրավոր մեծ ու փոքր իրավախախտումների և հոռի բարքերի մասին, որ բանակի անբաժանելի մասն են դարձել: Ընդամենը կարձանագրենք, որ միայն 2010 թվականին, համաձայն հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների ունեցած տվյալների, զինված ուժերում մահվան 54 դեպք է արձանագրվել: Իսկ այն փաստը, որ նշված դեպքերից միայն 10-ի դեպքում է պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածել, համաձայնեք, որ սա որևէ կերպ չի ներդաշնակում նախարարի` հրապարակայունությունը քաջալերելու խոստումների հետ: Դրա փոխարեն ՊՆ-ում ավելի հակված են պնդելու, թե իրավապաշտպանների հրապարակած թվերը «իրականությանը չեն համապատասխանում», սակայն նույն պահին էլ սեփական ամփոփագրերը ներկայացնելու պահանջին պատասխանում են, որ իրենք ձեռնպահ կմնան հրապարակել բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի պաշտոնական վիճակագրությունը: Այդպես ձեռնպահ-ձեռնպահ էլ մեր ուսադիրավոր պաշտպանները խուսափում են խոսել բանակում սպայակազմի հովանավորչության, պատասխանատվությունից խուսափելու, անպատժելիության մթնոլորտի, կանոնադրական հարաբերությունների խախտման, սպանությունների և ինքնասպանությունների մասին, որոք չեն կարող ծայրահեղ անհանգստություն չպատճառել հասարակությանը: Եվ միայն մենք չէ, որ այդ մասին ասում ենք: Օրերս նույնիսկ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատասխանատուները հայտարարեցին, որ Հայաստանի զինված ուժերի խնդիրները «մնում են իրենց ուշադրության կենտրոնում ու որոշակի անհանգստություն են հարուցում»: Նրանց ներկայիս պահանջն է, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի առկա թերությունների վերացման ուղղությամբ, և որպեզի բանակը համապատասխանի ԵԱՀԿ չափորոշիչներին:
Ինչքան էլ այսօր փորձ արվի արդարացնել նման կացությունը, բացատրություն գտնել այս կամ այն դեպքը ծնող հանգամանքների համար, շատ դժվար պիտի լինի հիմնավորել, թե ինչու՞ մինչ օրս զինծառայողները (հատկապես ստորադասները) օրենքով սահմանված որևէ մեխանիզմ չունեին բողոքելու կամ բողոքարկելու այն ապօրինությունները, որ իրենց նկատմամբ կատարվել են: Դրա հետ մեկտեղ չենք կարող նաև չարձանագրել, որ այդ մեխանիզմների առկայությունն ընդամենը գործի մի մասը կլիներ, քանի որ զինված ուժերում բացակայում է ամենահիմնականը` ստեղծված խնդրահարույց իրավիճակը շտկելու կամքը:
Օհանյանը երեկ ասում էր, թե բանակում այժմ բարեփոխումներ են իրականացվում, որոնք կարևոր երկու նպատակ են հետապնդում` Հայաստանի պաշտպանության համար ազգային ու միջազգային երաշխիքների ստեղծում: Օհանյանից այս հավաստիացումը լսում ենք արդեն չորրորդ տարին: Իսկ խոստացած բարեփոխումները ոչ տեսնող է եղել, ոչ ճանաչող: Չկա նման բան: Սրանք պարապ խոսքեր են: Վերջին դարակազմիկ նախաձեռնությունը եղավ այն, որ օրերս ի վերջո Հայաստանի զինվորական դատախազությունում սկսեց կգործել թեժ գիծը: Հիմա էլ խոսում են այն մասին, թե հրատապ է ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման անհրաժեշտությունը: Սակայն հազիվ թե ՊՆ-ն գրկաբաց ընդունի նման նախաձեռնությունը:
ԵՊՀ դահլիճում Սեյրան Օհանյանի ներկայությունից թևեր առած ռեկտոր Արամ Սիմոյանն իր ելույթում նշում էր. «Մենք լավ ենք հասկանում, որ հայոց բանակն է այն կարևոր ու միակ գործոնը, որ ապահովում է մեր երկրի ու ժողովրդի խաղաղ առաջընթացը»: Եթե ռեկտորն այսօր ասում է, թե բանակն է այն միակ գործոնը, որն ապահովում է մեր երկրի խաղաղ առաջընթացը (առաջընթա՞ցը), ապա այդ ռեկտորը նույնիսկ շարքային ուսուցիչ լինելու իրավունք չունի, քանի որ, նախ, յուրաքանչյուր իրեն հարգող երկիր չի կարող միայն մեկ գործոնի հույսին մնալ, և բացի դա էլ նշված այլ գործոններից մեկի առկայությունն էլ պարտավոր էր ապահովել հենց նույն ռեկտորն իր ղեկավարած հաստատության հետ միասին, ինչը, ինչպես տեսնում ենք, չի արվել: Իսկ գիտակցումն այն փաստի, որ Հայաստանն այլևս ոչ թե սպառող, այլ անվտանգության միջազգային երաշխավոր տարր է, էլ ավելի է առաջնային դարձնում պահանջը, որ մենք պետք է անհանդուժող լինենք Զինված ուժերում կատարված յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ:
Հայաստանի խորհրդարանում մարտի 10-ին օտարերկրացի փորձագետների մասնակցությամբ կայանալու են լսումներ զինված ուժերում առկա իրավիճակի եւ ԶՈՒ ներքին ու արտաքին կարգապահական կանոնագրքերի վերաբերյալ: Անկատար օրենսդրական դաշտը շտկելու ջանքերը հաջողություն կունենան միայն այն պարագայում, եթե գործեն օրենքները կիրառելու մեխանիզմներն ու նվազի այն ավելորդ լոպազությունը, ինչի հաշվին դեռ ոչ մի երկրում հայրենիք չեն պաշտպանել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: