Պահոց | 11:10 ե.

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

22 Դկտ

«Իշխանությունները երեսուն արծաթի դիմաց ծախեցին սեփական ժողովրդի վաղվա օրը»

«Լեզվի մասին» օրենքի ընդունումը հրապարակախոս Հովիկ Չարխչյանը որպես ստորություն գնահատեց: Նա նշեց, որ ԱԺ-ի որոշմանը արգահատանքով է վերաբերվում. «Ազգային ժողովի հղփացած պատգամավորները երեսուն արծաթի դիմաց ծախեցին սեփական ժողովրդի վաղվա օրը»:
Հովիկ Չարխչյանը համոզված է, որ վաղը կգան ավելի բարոյական առաջնորդներ ու կպատռեն այդ ամոթալի փաստաթուղթը:

19:38 Քաղաքական | Չորեքշաբթի 22.12.2010

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԿԵԴՐՈՎ

22 Դկտ

ԹԻԹԵՌԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ

«Բերկրիր, սանդուղք երկրից դեպ երկինք»,- ասվում է Աստվածամոր օրհներգության մեջ: Դուռն ու սանդուղքը, այդպիսի հասարակ առտնին առարկաներ, օրեցօր շոշափելի, իրենց մեջ թաքցնում են Հիսուսի և Մարիամ Աստվածածնի պատկերները: Ծառը ժամանակի մեջ` ողջ անտառն է: Ողջ անտառը ժամանակի մեջ` ողջ մարդկությունն է: Ողջ մարդկությունը հավերժության մեջ` Հիսուս է, իսկ Հիսուս` դուռն առ անմահություն: Ուշադրություն դարձրեք, ինչպես ծավալվելով առ անվերջություն, մարդը դարձյալ վերադառնում է ելման կետին, ինքն իրեն, դռանը: Դրանում գեղարվեստական պատկերի էությունն է: Այն անտեսանելին տեսանելի է դարձնում և անվերջությունը վերադարձնում է երկիր, ձգելով այն դեպի մարդը: Այդպես Հերմես Եռամեծարը, ձգտելով անմահության միստիկական գաղտնիքի բացահայտմանը` դիմում է թիթեռի կերպարին: Մարդկային մարմինը` բոժոժ է, որում հասունանում է թիթեռ-հոգին: Բայց ինչպե՞ս ենք մենք պատկերացնում այդ թիթեռը: Ինչպիսի՞ն են այդ թիթեռի չափերը: Ինչպիսի՞ տեսք ունեն նրա թևերը: Շատ թիթեռներ ապրում են մեկ օր: Իսկ հին հնդիկներն ասում են, որ Բրահմայի օրը ձգվում է հազարավոր տարիներ:
Այժմ պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենում բոժոժի ներսում: Բոժոժը սև խոռոչ է, իսկ բոժոժը ժամանակի մեջ` մի ողջ խառնակույտ սև խոռոչների, որոնցից էլ բաղկացած էր մեր տիեզերքը մինչ ի հայտ գալը: Նորագույն տվյալների համաձայն՝ այդ բոժոժ-սև խոռոչների ներսում կա ինչ-որ կարծեցյալ տարածություն-ժամանակ, քանզի բանաձևումների համաձայն՝ այնտեղ ժամանակը տարածականայնանում է, իսկ տարածությունը ժամանակայնանում: Դա դժվար է երևակայել և առավել դժվար է պատկերացնել: Սուրբ Հովհան Աստվածաբանը տվել է այդ երկնային քաղաքի իր նկարագրությունը: Այնտեղ հոսում են կենդանի ջրի գետերը: Ով խմում է դրանցից, նա հավետ ծարավ չի ճանաչում: Այնտեղ աճում է կենաց ծառը, և նա, ով ճաշակել է նրա պտուղներից, քաղց չի ճանաչում: Գետն ու ծառը, որոնց մասին խոսում է Հովհան Աստվածաբանը, Քրիստոսի սիրելի աշակերտը` հավերժական տարածություն-ժամանակ պատկերներն են: Բայց մեզ հետաքրքիր է ոչ թե տարածություն-ժամանակը, որ մեր տիեզերքի նկատմամբ նշագրված է որպես կարծեցյալ մեծություն, այլ մեր մտքերն ու զգացմունքները հավերժության մեջ: Այժմ հասկանալի է դառնում, որ հավերժությունը կարծեցյալ տարածություն-ժամանակ է, որը սովորական մարդկային գիտակցության մակարդակով ընկալվում է որպես մահ: Մահը ընդհատում է երկրային տարածության և ժամանակի սահմանը, բայց մեր տեսողությունը, մեր միտքն ու լսողությունը չեն կարող հաղթահարել զրոյական անջրպետը, որպեսզի սուզվեն հավերժական կարծեցյալության մեջ: Սակայն կան գաղտնատեսներ, գաղտնահանդիսատեսներ և բանաստեղծներ, որոնք տեսել են հավերժությունը: Հավերժությունը` թիթեռ չէ, թրթուր չէ և բոժոժ չէ, որի փոխակերպվում է թիթեռը՝ մահանալիս, և որից նա դուրս է թռչում՝ կրկին հարություն առնելիս: Հավերժությունը` եռամեկ է, եռամարմին, սակայն միեղեն էություն: Թիթեռ-բոժոժ-թրթուր: Ժամանակի առումով դուք կարող եք այդ երրորդություններից ցանկացածը կոչել ինչպես ձեզ հարմար է: Ասենք, թիթեռը` ներկան է, բոժոժը` անցյալը, թրթուրը` ապագան: Կամ թիթեռը` ապագան, թրթուրը` ներկան, բոժոժը` անցյալը: Բայց մարդու համար այս կյանքում ավելի բնական է բոժոժը տեսնել՝ որպես ապագա, թիթեռը՝ որպես ներկա, թրթուրը՝ որպես անցյալ: Քանի որ կարծեցյալ տարածականայնացված ժամանակի մեջ կարելի է փոխադրվել, ինչպես տարածության մեջ, դուք կարող եք միասնական հայացքով աչք ածել անցյալապագաներկան: Թիթեռթրթուրբոժոժը: Եվ այդժամ ձեր առջև հառնում է ամենակատարյալ մարդու` Ադամ-Կադմոնի կերպարը, ինչպիսին որ նա դրախտում էր` մինչ արտաքսվելը: Ադամ-Կադմոնը Եվայի համեմատ բոժոժ էր, ով հենց հանց թիթեռ ելել է նրա կողից: Հնարավոր է, որ օձը` Ադամի և Եվայի երկրային, սողացող էությունն է, այսինքն՝ թրթուրը:
Ռուբլյովի «Երրորդությունն» ասես պարփակված է ինչ-որ թափանցիկ, բյուրեղապակյա գնդաձև բոժոժի մեջ: Այստեղ հրեշտակներից յուրաքանչյուրը` Հայր-Որդի-Սուրբ Հոգին է, բայց նաև ժամանակն է` անցյալապագաներկան: Եռաստիճան հավերժություն: Բայց և ինքը՝ թիթեռը` երեք սկիզբների սիմվոլն է մի էակի մեջ: Երկու թևերը` անցյալն ու ապագան, եւ մեջտեղի մարմինը` ներկան: Երբ թիթեռը թռչում է, նա կազմում է հավերժությունը, սակայն, ըստ երկրային ժամանակի, երբեմն մեկ օր է ապրում: Աստծո համար մեկ օրը, ասես հազար տարի, և հազար տարին, ասես մեկ օր:

Թարգմ. Վ. ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ

22 Դկտ

Կանցնեն բոլոր վերքերն ու բոլոր հուսահատությունները, բոլոր նվաստացումներն ու բոլոր ստրջանքները,- ինչ որ կմնա հայ մանուկն է հայրենի հողին վրա: Ահա այս պետք է ըլլա մեր Ալֆան ու մեր Օմեղան, մեր ճշմարտությունն ու մեր արդարությունը: Թող այս օտար եզերքներուն վրա մեր վերջին երգը լռե հավիտյանս հավիտենից, միայն թե հայ շինականը լուսաբացին կարենա իր զվարթությունը մրմնջել:
Թող նոր աժդահա մը ելլեր Երկոքին Մասյաց վրա, սրունքներեն մեկը նետեր մեկ լեռան ու մյուսը` Արագածի լերկ գագաթին ու ողջ հայոց աշխարհը երիկամունքներեն սարսող ձայնով մը որոտոտ, լեցնելով կիրճերու մեր խոնարհ գյուղերը, Սանահինեն մինչև Սևանի եզերքը, Զանգեզուրեն մինչև Շիրակա դաշտ, թող որոտը գոռալով թավալեր ավաններեն ու քաղաքներեն:
Կանցնին բոլոր փոթորիկներն ու բոլոր ահագնադղորդ պատերազմները, կանցնին բոլոր հորդաներն ու բոլոր բարբարոսները, կանցնին բոլոր հերետիկոսներն ու բոլոր պզտիկ պարոնները` իրենց սուտ իմաստությամբ: Հայոց ազգ, քայլերդ դուրս մի նետեր այս ավանդակներեն, այս ծործորներեն ու այս խոպան հողերեն: Եթե նույնիսկ բազուկներդ չկրնան հրացան բռնել` մագիլներովդ ճանկե արդարությունդ, եթե նույնիսկ ստիպված ըլլաս անգամ մը ևս ողնաշարդ ծռել, ողջ հասակովդ ընկիր մեր կարմիր հողերուն վրա: Ավելի լավ է սողալ այստեղ, քան թե գլուխ ցցել ուրիշին սահմաններուն վրա: Ոչ մեկ նոր ելք այլևս այս հողերեն: Ճակատագիրդ հոս է, և սրբությունդ` հոս, վասնզի հոսկե է միայն, որ վաղը բոլոր փառքերը կրնան արթննալ և բոլոր ցորենները բարձրանալ գեղուղեշ, բոլոր ակոսներեն…

Ուժի դեմ` ուժով

22 Դկտ

Վերջին օրերին Հայաստանի պաշտպանության ոլորտում արձանագրվեցին երկու կարևոր իրադարձություններ: Դրանցից առաջինն այն է, որ մեր երկրի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ու Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում բացվեց հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ: Այն այժմ ի զորու է գերժամանակակից սարքավորումների օգնությամբ վայրկյանների ճշգրտությամբ գրանցել օդային սահմաններին սպառնացող վտանգը և կառավարել օդային թիրախների խոցումը: Հարկ է նաև նկատել, որ դա երկու երկրների միջև ռազմական համագործակցության որակական միանգամայն նոր հարթություն է, ինչի նշանակությունը պատշաճ գնահատական կպահանջի:
Հաջորդ նշանակալի իրադարձությունն այն էր, որ մեր երկիրն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց հանրապետության տարածքում S-300 զենիթահրթիռային համակարգերի առկայության մասին: Ընդ որում, տարածված հաղորդագրության մեջ առանձնահատուկ կերպով շեշտվում էր այն փաստը, որ դրանք գտնվում են հատկապես ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում: Ավելորդ չէ հիշել, որ այս մասին ասվում և նույն պահին էլ հերքվում էր շուրջ 10 տարի շարունակ: Իսկ այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին, թե ռուսները պատրաստվում են Ադրբեջանին վաճառել նույնատիպ համակարգեր, խնդիրն էլ ավելի հրատապ ու սկզբունքային բնույթ ձեռք բերեց: Այժմ դժվար է ասել` S-300-ները վաղուց էին այստեղ, թե՞ դրանք նոր են տեղափոխվել Հայաստան, սակայն էականն այս դեպքում զենքի առկայության փաստն է: Իսկ ինչ վերաբերում է միայն այժմ այդ մասին բարձրաձայնելուն, ապա հիշյալ քայլը կարող է ունենալ երկու բացատրություն: Նախ անհրաժեշտ է այն դիտարկել քարոզչական պատերազմի թելադրանքի տեսանկյունից: Այլ կերպ ասած` սա բացահայտ «մեսիջ» է Ադրբեջանին` իր մեծ ախորժակը զսպելու համար: Բանն այն է, որ ավելի վաղ Բաքուն էր համանման մի հաղորդագրությամբ հանդես եկել` տեղեկացնելով, որ վերջին կես տարում իրեն հաջողվել է գնել հարձակողական տիպի մի շարք հրթիռներ, որոնց հեռահարությունը 100-ից մինչև 350 կիլոմետր է: Սա նշանակում էր, որ դրանք իրոք մեծ վտանգ կարող էին ներկայացնել Հայաստանի պաշտպանունակության համար: Իսկ ահա S-300 հրթիռները եղած սպառնալիքները չեզոքացնելու լավագույն միջոցներն են: Փաստորեն ստացվեց, որ Ադրբեջանը փորձեց ուժի ցուցադրություն կազմակերպել, իսկ մենք էլ այսօր հակադարձում ենք նրան:
Նկատենք նաև, որ S-300-ների մասին Երևանը տեղեկացրեց այն բանից հետո, երբ օրեր առաջ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հրավիրեց Ազգային անվտանգության խորհրդի նիստ` քննարկելու և հավանության արժանացնելու «ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը»: Իսկ նշված ծրագիրը գերազանցապես ուղղված է ռազմական սպառնալիքների չեզոքացման համար անհրաժեշտ միջոցների ապահովմանը: Սա, իհարկե, սոսկ գեղեցիկ ցանկություն լինել չի կարող: Այդ մասին սովորաբար կամ լռում են, կամ խոսում են այն դեպքում, երբ իրագործումի հնարավորություններ են ստեղծվում:
Այն, որ Հայաստանը որոշեց (կամ կարողանում է) լրացնել իր զինանոցը, պիտի անհանգստացներ մոտիկ ու հեռու հարևաններին: Թուրքերն, օրինակ, չեն թաքցնում իրենց դժգոհությունը: Թուրքական Zaman պարբերականը նույնիսկ այդ առթիվ մի ընդարձակ հրապարակմամբ հանդես եկավ, որ կրում էր «Հայաստանը շարունակում է զինվել» վերնագիրը: Թերթն իր ընթերցողների ուշադրությունն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած Հայաստանը Կովկասի ամենամարտունակ բանակն ունի, սակայն դրանով չի բավարարվում ու ավելի հզորանալու քայլեր է ձեռնարկում։
«Հայաստանը չի բավարարվում ներկայիս իր ռազմական հզորությամբ՝ նախատեսելով ավելի հզորանալու քայլեր ձեռնարկել։ Օրինակ՝ Հայաստանում ընդունվել է զինված ուժերի արդիականացման ծրագիրը, որը նախատեսում է 2011-2015 թվականներին զինտեխնիկայի արդիականացում և զարգացում։ Այդ ծրագիրը նախատեսում է նաև սեփական ռազմական արդյունաբերության զարգացում»։ Թե ինչու՞ է մեր զինվելը թուրքերին արտառոց թվում, դժվար է ասել: Հավանաբար պատճառներից մեկն այն է, որ նրանց համար միշտ էլ նախընտրելին հայի անզեն տեսակն է եղել: Եվ ահա Zaman-ը նույն դժկամությամբ շարունակում է. «Այսօր Հայաստանի ձեռքում կան հակառակորդի որոշ թիրախներին ուղղված հրթիռներ։ Օրինակ, ռուսական «Սկադ»-ը։ Հնարավոր է՝ «Սկադ»-ից բացի այլ զինատեսակներ էլ կան, քանի որ հայտնի է՝ Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել արդիական զենքեր։ Այս համատեքստում, հավանականություն կա, որ Հայաստանը տիրապետի նաև հեռահար հրթիռների»:
Ինչ խոսք, թուրքական մամուլը երբեք տագնապով չի գրի այն մասին, որ համեմատած նախորդ տարվա հետ, 2010 թ. Ադրբեջանում կտրուկ` 3,6 անգամ ավելացել է ռազմական նշանակության արտադրության ծավալները, որ այդ երկրի պաշտպանության նախարարությանը 2011 թվականին կհատկացվի 3,1 մլրդ դոլար, որ ամբողջությամբ վերացվել է Բաքվի կախվածությունը ռազմամթերքների ներկրումից, որ մինչև 2011 թ. մարտ Ադրբեջանը ծրագրում է գործարկել 8 նոր գործարաններ, որտեղ կարտադրվեն ռազմամթերք ու նոր զենքեր: Սակայն թուրք լրագրողների փոխարեն այս անգամ այդ հոգսն իր ուսերին է վերցրել ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրը, որը հրապարակել է 2009թ. Ադրբեջանի կողմից սպառազինությունների ձեռքբերման հաշվետվությունը: Ըստ այդմ, Ադրբեջանը Բելառուսից գնել է 9 միավոր 2С7 «Пион» հրետանային համալիր, Ուկրաինայից՝ 29 միավոր 2С1 «Գվոզդիկա» ու 6 միավոր 2С3 «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներ, Հարավային Աֆրիկայից` 10 միավոր Marauder զրահափոխադրիչ: Էլ չենք խոսում 9 միավոր «ՍՈՒ-25» ինքնաթիռների, «ՄիԳ-29ՈՒԲ», «Միժ 24» 11 ռազմական ուղղաթիռների մասին, որոնք դարձյալ տրամադրել են Բելառուսն ու Ուկրաինան: Այս բոլորից հետո Հայաստանի քայլերը դժվար պիտի լինի գնահատել համարժեք, սակայն եղածը միանգամայն ընդունելի է պաշտպանական տրամաբանության շրջանակներում: Ամեն ուժ ունենում է իրեն հակազդող ուժը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՕՐԱՍԻՈ ԿԻՐՈԳԱ

22 Դկտ

ՊԱՏՄՎԱԾՔԻ ՀՄՈՒՏ ԼԵԶՈՒՆ

Այս նույն սյունակներում, որ մի անգամ մանկության այն ընկերներս էին խնդրել գրել, ովքեր ցանկանում էին պատմվածքներ գրել առանց այն անքակտելի դժվարությունների, որ սովորական բան են պատմվածքի պատումի համար, ես մի քանի կանոններ և հնարքներ գրեցի, որոնք բավարար չափով մեկ անգամ չէ, որ ծառայել էին ինձ, կասկածեցի, թե կարող էին դրանք իսկապես օգտակար լինել մանկության այդ ընկերներիս համար:
Լռությունից ոգեշնչված,- գրականության մեջ լռությունը միշտ էլ ոգեշնչող է,- որի մեջ ընկել էր գործի վերաբերյալ իմ տարրական անգիտակությունը, լրացրեցի այն մի շարք նոր արդյունավետ ու համոզիչ հնարքներով, համոզված, որ գրելու արվեստի անթիվ հավակնորդներից գոնե մեկը պիտի որ խավարի մեջ երևելի մի պատմվածք հղանալիս լինի:
Ժամանակ անցավ: Մինչև հիմա չգիտեմ, թե իմ գրական կանոնները մի բանի ծառայեցի՞ն արդյոք: Մի շարք հնարքներ, որոնք ավելի շատ հակվածությամբ էին գրվել, քան հանդիսավորությամբ, «Վարպետ պատմվածագրի ձեռնարկ» ընդհանուր վերնագիրն էին կրում:
Այսօր ինձ նորից են խնդրում, բայց այս անգամ շատ ավելի լուրջ, քան ուղղակի լավ տրամադրվածությամբ: Նախ և առաջ ինձնից պատմվածքի վերաբերյալ կայուն և հստակ հայտարարություններ են պահանջում: Այնուհետև արդյունավետ մի բանաձև՝ խուսափելու համար պատմվածքներն արդեն հնացած ձևով գրելուց, որ այնքան խղճուկ հաջողությամբ կլանեց մեր նախորդ ժամանակը:
Ինչպես երևում է, որքան անհոգ և հուսալի էր վարպետ պատմվածագրի հնարքներ հրապարակելու իմ դրությունը, այնքան անկայուն է իմ ներկա վիճակը: Ինչ ես գիտեի պատմվածքի մասին, սխալ էր: Գործի վերաբերյալ իմ աներկբա իմացությունը, փոքրիշատե պարզ իմ փոքրիկ խորամանկություններն ինձ միայն ծառայել են մերկ ու վախվորած մանկան նման ոտքի վրա կանգնելու պատմվածքի մի նոր հմուտ լեզվի սխրագործությունների առջև, որ մեզ պետք է սնի:
«Նոր հմուտ լեզու…»: Ես չեմ առաջինն այսպես արտահայտել նորընծա կանոնները: Նրանց հետ խաղի մեջ է ոչ թե մեր հին գեղագիտությունը, այլ մի նոր նոմենկլատուրա: Որպեսզի կողմնորոշվենք, թե ինչպես գտնենք այն, ավելի օգտակար բան չկա, քան հիշել, թե երեկվա գրականությունը, տասը դար առաջվա գրականությունը և քաղաքակրթության առաջին թոթովանքների գրականությունը ինչ էին հասկանում պատմվածքի տակ:
Գրական պատմվածքը,- ասում է այդ գրականությունը,- բաղկացած է նույն միահյուսված տարրերից, ինչից և բանավոր պատմվածքը և վերջինիս նման շարադրանքն է բավականին հետաքրքիր մի պատմության, նաև բավականաչափ կարճ, որպեսզի կլանի մեր ողջ ուշադրությունը:
Սակայն պարտադիր չէ,- ասում է մեզ այդ հմուտ լեզուն,- որ հակառակ թեման սկիզբ, միջնամաս և ավարտ ունեցող պատմություն ներկայացնի: Անավարտ մի դրվագը, մի միջադեպը, մի հասարակ հուզիչ, մտային կամ հոգեկան իրավիճակը լի ու լի տարրերի են տիրապետում, որպեսզի դրանցով պատմվածք ստեղծվի:
Գուցե որոշ դարաշրջաններում պատմությունն ամբողջությամբ, ինչը և կարող ենք սյուժե անվանել, անբաժան է եղել պատմվածքից. «Խղճու՜կ սյուժե»,- ասում էին,- «Խղճու՜կ պատմվածք»: Ավելի ուշ, հասարակ մի հոգեվիճակի համառոտ, դինամիկ և խորաթափանց պատմությամբ ժանրի մեծ վարպետները անմահ պատմվածքներ ստեղծեցին:
Պատմվածքում թեմայի և մեթոդների անսահման տարածության մեջ երկու հատկանիշներ միշտ են պահանջվել. իր տպավորություններն առանց հապաղելու և աշխուժորեն հաղորդելու կարողություն՝ հեղինակի մեջ, պատումի անկաշկանդություն, էներգիա և համառոտություն՝ ստեղծագործության մեջ:
Այնքան յուրահատուկ են այս հատկանիշները, որ մարդկության վաղ ժամանակներից ի վեր, և գրականության ամենախորը ցնցումների միջով անցնելով, պատմվածքի ըմբռնումը չի փոխվել: Երբ մյուս ժանրերի ըմբռնումը փոփոխություն էր կրում ըստ տվյալ պահի մոդայի, պատմվածքն իր ողջ բնույթով մնաց կայուն: Եվ քանի դեռ արտահայտման մեր նախընտրելի միջոցը մարդկային լեզուն լինի, մարդը միշտ պատմելու է, որովհետև պատմվածքն է պատմելու բնական, նորմալ և անփոխարինելի ձևը:
Ծավալվելով մինչև վեպ, պատմվածքը կարող է տուժել իր կառուցվածքի մեջ: ՍԵղմված լինելով իր դինամիկ համառոտության մեջ՝ պատմվածքը կա և չի կարող այլ բան լինել, քան այն, ինչ բոլորս՝ գիտակ թե անգետ, հասկանում ենք դրա տակ:
Չինական և պարսկական, հունա-հռոմեական, արաբական Հազար ու մի գիշերի, իտալական Վերածննդի, Պեռռոյի, Հոֆմանի, Պոյի, Մերիմեի, Բրեթ Հարթի, Վեգայի, Չեխովի, Մոպասանի, Քիպլինգի պատմվածքները բոլորը միևնույն բանն են իրենց կատարման մեջ: Կարող են տարբերվել մեկը մյուսից ինչպես արևն ու լուսինը: Սակայն ըմբռնումը, պատմելու համարձակությունը, լարվածությունը, համառոտությունը նույնն են բոլոր տարիքի բոլոր պատմվածագիրների մոտ:
Նրանք բոլորն առավելագույնս են տիրապետում նյութի մեջ արագ մտնելու հատկությանը: Անհնարին է այլ բառ կիրառել նրանց դեպքում, քան «Էությունը, էությունը…», ինչով և գանահարվում է վատ պատմողը: Պատմվածագիրը, ով «ոչինչ չի ասում», ով ժամանակ է խլում մեզնից, ով ինքն է ժամանակ կորցնում անհարկի երկարաբանություններով, կարող է մեկ այլ տեղ կոչում փնտրել իր համար: Այդ մարդը պատմվածագիր չի ծնվել:
Իսկ եթե այդ երկարաբանությունները, ավելորդաբանություններն ու նրբագույն պաճուճանքներն իրենց մեջ մեծագույն գեղեցկության տարրե՞ր ունեն: Եթե նրանք առանձին, շատ ավելի շատ, քան խեղդված պատմվածքն ինքը, արվեստի բարձրագույն գո՞րծ են ներկայացնում:
Շնորհավորանքներս,- պատասխանում է հմուտ լեզուն: Բայց դրանք պատմվածք չեն հանդիսանում: Այդ սքանչելի երկարաբանությունները կարող են փայլել որևէ հոդվածում, ֆանտազիայում, պատկերում, էսսեում, և վստահաբար նաև վեպում: Պատմվածքում դրանք տեղ չունեն, ոչ էլ կարող են իրենք իրենցով պատմվածք կազմել:
Քանի դեռ մի նոր հմուտ լեզու չի ստեղծվել, — եզրահանգում է մեր ծերուկը, — էպիկական պոեզիայի նոր ձևերով, պատմվածքը կա և կմնա այն, ինչ հասկացել ենք դրա տակ բոլորս՝ մեծ թե փոքր, ահել թե ջահել, ողջ թե մեռած: Ապագա նոր ժանրն իր բնութագրերով և երկրպագուներով կարող է ավելի բարձրակարգ լինել մարդ արարածին այրող պատմելու վաղեմի և կայուն տենչից, բայց եկեք այլ անուն փնտրենք դրա համար:
Ահա սա է խնդիրը: Ավանդական հմուտ լեզվի բերանով ահա այսպիսի պատասխան է տրվում ինձ առաջադրված հարցերին:
Իսկ ինչ վերաբերում է ինձ, պատմվածքն ընկալելու իմ անօգուտ մոլուցքին, անկեղծ ասած կարծում եմ, որ արդեն ուշ է դրանից ազատվելու համար: Բայց կանեմ, որքան որ խելքս գլխիս լինի, որպեսզի ավելի վատ չընկալեմ այն:

Թարգմանեց ԿԱՐԻՆԵ ՉՈԲԱՆՅԱՆԸ

ՆԱՋԱՐՅԱՆԻ, ԹԵ՞ ԽՐՈՒՇՉՈՎԻ ԱՍԱԾՆ ԷՐ ՕՐԵՆՔ

22 Դկտ

Ինչպես ամեն բան, ֆուտբոլն էլ իր պատմությունն ունի: Եվ 1954 թվականը նույնպես նշանավոր էր ինչպես ֆուտբոլային, այնպես էլ ոչ ֆուտբոլային առումով: Դա առանձնահատուկ տարի էր նախ և առաջ այն իմաստով, որ Ստալինի մահից հետո իշխանության եկած Նիկիտա Խորուշչովը խորհրդային երկրում իր բարեփոխումների սկիզբն էր հայտարարել, որ հետագայում պիտի կոչվեր «ձնհալի տարիներ»: Այդ տարի մեկ այլ կարևոր իրադարձություն էլ կար` նշվում էր Ուկրաինայի` Ռուսաստանին միավորվելու 300- ամյակը: Ողջ երկրով մեկ հանդիսավոր միջոցառումներ էին անցկացվում պատմական տարեդարձի առիթով, ինչի գագաթնակետը դարձավ Խրուշչովի աննախադեպ որոշումը` Ղրիմը հանձնել Ուկրաինային: Թվում էր` ոչինչ չէր կարող ստվեր նետել տոնական տրամադրության վրա, շեղել կանխապես որոշված ընթացքը: Բայց արի ու տես, որ հենց ֆուտբոլը հանդգնել էր անհնազանդություն դրսևորել, իսկ այս տհաճ անակնկալը պատրաստվում էր մատուցել փոքրիկ Հայաստանը:
Բայց ամեն ինչ` ըստ կարգի:
Խրուշչովյան ձնհալը Հայաստանին դուրս էր բերել երկարատև թմբիրից ու ամլությունից: Ամեն քայլափոխի նորի ու լավի ակնկալիք կար, կորցրածը վերագտնելու պահանջ, բաց թողնվածը լրացնելու սպասելիք: Եվ ամենևին զարմանալի չէր, որ հատկապես 1954-ին էր, երբ արտաքուստ իրարից անչափ հեռու և ոչ մի ընդհանրություն չունեցող երկու նշանակալի երևույթները` կինոն ու ֆուտբոլը, հասան աննախադեպ հաջողությունների: 1949թ մինչև 1954 թ Հայաստանում ընդհանրապես որևէ լուրջ, արժեքավոր գեղարվեստական ֆիլմ չէր նկարահանվել: Մինչև այսօր էլ մասնագետներն այդ ժամանահատվածն իրավամբ անվանում են «սակավաֆիլմի դարաշրջան»: Ու հանկարծ մեկը մյուսի ետևից էկրան են բարձրանում Քարամյանի ու Գևորգովի «Ուրվականները լքում են բարձունքները», Երզնկյանի «Հասցեատիրոջը որոնելիս» ֆիլմերը: Նույն տարվա աշնանը Մ. Հակոբյանը սկսում է «Ոսկե ցլիկի» նկարահանումները:
Ճիշտ նույն ժամանակ Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային թիմը զարմանալի մի թռիչքով դուրս էր եկել եզրափակիչ (ընդ որում, դրանից առաջ մեր մարզիկները 4 խաղում խփել էին 10 գոլ` սեփական դարպասում չընդունելով ոչ մի գնդակ, ինչը բացառիկ ցուցանիշ էր Բ խմբում հանդես եկող թիմի համար), և ստացվել էր այնպես, որ վճռորոշ խաղում հայ ֆուտբոլիստների մրցակիցն էր լինելու Կիևի «Դինամոն»: Ասենք, այդ տարի այլ կերպ լինել չէր էլ կարող: Մոսկվայում բծախնդրորեն մշակված սցենարի համաձայն ուկրաինական տոնակատարությունների բարձրակետը պիտի դառնար հատկապես գավաթի եզրափակիչ խաղը` մեկ անգամ ևս շեշտելով պատմական պահի կարևորությունը և դրանով ոգեշնչված ուկրաինական ֆուտբոլի առավելությունը մյուսների նկատմամբ: Բայց ճշմարտությունն այն էր, որ Կիևի դինամոյականներին բառացի իմաստով քարշ էին տվել մինև եզրափակիչ: Մեկ քառորդ եզրափակիչում ու կիսաեզրափակիչում կիևցիները միայն լրացուցիչ ժամանակում կարողացան առավելության հասնել Մոսկվայի բանակայինների ու Լենինգրադի «Զենիթի» նկատմամբ:
«Սպարտակի» հետ ավարտական խաղը նշանակված էր 1954 թ. հոկտեմբերի 20-ին:
Հենց նույն այդ օրը «Ոսկե ցլիկի» ստեղծագործական խումբը պատրաստվում էր նկարահանել ֆիլմի ամենահայտնի էպիզոդներից մեկը, որտեղ արտասանվելու էր հետագայում մեծ ճանաչում գտած ֆրազը` «Նաջարյանի ասածը ինձ համար օրենք է»: Ֆուտբոլի մեծ երկրպագուներ Գուրգեն Գաբրիելյանը, Իշխան Ղարիբյանը, մյուս դերակատարները ղեկավարությունից խնդրեցին, որպեսզի դերասանների համար նկարահանման հրապարակում հատուկ բարձրախոսներ տեղադրվեն` աշխատանքին զուգահեռ ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի 15-րդ խաղարակության եզրափակիչ խաղի ռադիոռեպորտաժը ունկնդրելու համար: Վերջապես լարերը միացվեցին, բարձրախոսն աղմկեց, և ֆուտբոլային մեկնաբանը ռուսերենով ազդարարեց մրցամարտի մեկնարկը: Խաղը սկսված էր:
Հատկանշական է, որ այդ խաղի մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել: Հիշատակվում է միայն, որ այդ օրը Մոսկվայի «Դինամո» ստադիոնում լոնդոնյան թանձր մառախուղ էր, անձրևոտ եղանակ, և երևանցիները մի իսկական ճակատամարտ էին մղում թե եղանակի քմահաճության, թե վերնախավի կամայականության դեմ: Առաջին գոլը խփեց կիևցի Տերենտևը: Այնուհետև երևանցի Մերկուլովը փայլուն հարվածով հավասարեցրեց հաշիվը: Եվ միայն խաղի վերջին րոպեներին մի անհեթեթ իրավիճակի մեջ դինամոյական Կոմանը խփեց հաղթական գոլը: 2- 1: Կիևն առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց Խորհրդային Միության գավաթը:
Դժվար չէ պատկերացնել կինոկատակերգություն նկարահանվող այն դերասանների հոգեվիճակը, որոնք լսում էին ռադիոռեպորտաժը և հրաշալի հասկանում, թե ինչ է կատարվում մարզադաշտում ու նրա սահմաններից դուրս: Այլևս ոչ թե Նաջարյանի ասածն էր նրանց համար օրենք, այլ ավելի բարձրում նստած մեկ ուրիշինը…
Ի դեպ, տասնյակ տարիներ հետո ռուսական մամուլում հայտնվեցին հրապարակումներ, որոնք կասկածի տակ էին դնում կիևցիների հիշյալ հաղթանակները: Այնտեղ ասվում էր, թե վերջիններս հանդերձարան էին վերադառնում կիսամեռ վիճակում, սակայն կարճ ընդմիջումից հետո վերստին դաշտ էին դուրս գալիս առաջվա պես առույգ ու մարտական: Հոդվածների հեղինակները հավատացած էին, որ ֆուտբոլիստներն ընդունում էին մինչ այդ բոլորին անհայտ խթանիչ դեղամիջոցներ, իսկ հայ մարզիկներն այդ ընթացքում ստանում էին ղեկավարությունից եկող ճնշումի հերթական չափաբաժինը: Կրեմլում այդ տարի հազիվ թե հանդուրժեին, որ ինչ-որ մի հայկական թիմ համարձակվի հաղթանակ տոնել` շրջանցելով Կենտկոմի որոշումը:
Սակայն պատմությունը հաճախ է սրբագրում անցյալի խոտորումները: Նախախնամության հաճո էր, որ 19 տարի անց, կրկին հոկտեմբերին, այս նույն թիմերը հանդիպեին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, որպեսզի այս անգամ էլ գրանցվեր նույն 2-1 հաշիվը` բայց արդեն` հօգուտ հայաստանյան «Արարատի»:
Միայն թե սա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է:

%d bloggers like this: