Պահոց | Դեկտեմբերի, 2016

Հայի նոր տեսակը

31 Դկտ

Հիմա կարող եմ մեկ առ մեկ թվարկել այն բոլոր իրադարձություններն ու դեպքերը, որ անցնող տարում քիչ թե շատ նշանակալի էին: Բայց դրանք նշանակալի էին այսպես ասած՝ դասական իմաստով: Իսկ որքան փոքր ու մեծ դրվագներ կան, որոնք հպանցիկ գալիս ու գնում են, կարծես թե էական ոչինչ պիտի չակնկալենք նրանցից, սակայն ժամանակն անցնում է և մի օր հանկարծ գիտակցում ենք, թե դրանք ինչպիսի անջնջելի հետք թողեցին մեր մտքերի ու ապրումների մեջ:
Այսօր այդպիսի մի «անցողիկ» դրվագ պիտի նշեմ: Խոսքը ըմբշամարտիկ, օլիմպիական խաղերի մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտնի գոտեմարտի մասին է, երբ հաղթանակից հետո նա ոտքի կանգնեց ու զինվորական պատիվ տվեց:
Ցնցող էր: Աննկարագրելի: Դա ընդամենը ժեստ չէր: Ընդամենը ակնարկ չէր, մարտահրավեր չէր: Դա պատվախնդիր մարդու կեցվածք էր: Դա արարք էր, որ իր մեջ խտացրել էր անցյալը, ներկան, ապագան: Մեր մարզիկը սպորտային մենամարտի էր դուրս եկել, միայն թե նրա մտքերը, հոգին, հույզերը այլ տեղում էին: Եվ նրա ձեռքի մի կարճ շարժումը մատնեց այդ բոլորի մասին:
Անցնող տարվա կարևորագույն իրադարձությունը նոր հայի տեսակի ձևավորումն է: Դա այն հայն է, որն այլևս չի կարող ոչինչ անել առանց «կողմնակի» մտածումների ու հույզերի՝ վերջնական արդյունքում այդ «կողմնակին» վեր դասելով այն ամենից, ինչն իր անձին է վերաբերում: Միհրան Հարությունյանը ընդամենը մեկն էր: Իսկ նրա նմանները արդեն շատ են:

Հովիկ Չարխչյան

2411180681471412647

Իրար ջերմացնելու կարողությամբ մուտք գործենք 2017թ

31 Դկտ

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով 2016 թվականը, նշեց, որ չի կարող ասել, թե այն լավագույն տարիներից մեկն էր, քանի որ մեծ ցնցումներ, փոփոխություններ, մարտահրավերներ եղան։

«Տարին մեզնից ավելի շատ պահանջելու է թոթափել այդ ծանր ժառանգությունը, հետո նոր մտածել առաջընթացի, ձեռքբերումների մասին»,-ասաց նա և նշեց, որ այդ բեռը թոթափելը ևս մեծ հաջողություն է:

Ինչ վերաբերում է Նոր տարվա պատրաստություններին, փոխադարձ այցելություններին, ապա Հովիկ Չարխչյանն ասաց, որ չի կարծում, որ մարդիկ ընկնում են անիմաստ վազքի մեջ, ծանրաբեռնում են իրենց, որ տոնը տոնի վերածվի:

«Դա ցանկացած մարդու անհատական ցանկությունն է, ընդհակառակը, պետք է մի պահ դուրս գալ ամենօրյա ռիթմից, դադար տալ, վերարժևորել կատարվածը և նոր սկիզբ սկսել: Իսկ այդ իմաստով Նոր տարին շատ լավ ժամանակահատված է: Տոնը օրացուցային չպետք է լինի, այլ մարդու հոգուց պետք է գա, և ընդհանուր տրամադրությունները հաշվի առնելով՝ չեմ կարող ասել, թե բոլորի մոտ բարձր սպասելիքների ու ակնկալիքների ժամանակահատված է գալիս»,-ասաց նա և ցավալի համարեց մտածել, որ մարդիկ շատ ավելի մեծ սպասելիքներ ունեն, քան իրականում կարող են ստանալ:
Ըստ նրա՝ հասարակությունում կա հիասթափություն, վախ՝ վաղվա օրվա նկատմամբ, անորոշություն:

«Այսօր մարդկանց մոտ ամենից շատ պակասում է վաղվա օրվա նկատմամբ հավատը: Մարդ ամենից շատ ցանկանում է իր օրը, կյանքը ծրագրավորել, սակայն չգիտի, թե ինչ կարող է լինել մեկ օր հետո, իսկ անհատի տրամադրությունը շատ վարակիչ է երկրի համար: Ինձ համար մեկ քաղաքացու հոգսը հավասարազոր է ամբողջ երկրի հոգսին, որովհետև իմ բարեկեցությունը կախված է ուրիշի բարեկեցությունից»,-ասաց նա:

Գրականագետը նշեց, որ որոշակի նախադրյալներ են լինում, որ մարդկանց մղում են անտարբերության, վերաբերմունքի սառեցմանը:

«Այդ մթնոլորտը պետք է ջերմացնենք, այդ սառույցը պետք է հալեցնենք: Երբ երկրի քաղաքացիները սկսեն մտածել, որ երկրի ընդհանուր վիճակը կախված է իրենցից, այդ դեպքում երկիրը լավը կդառնա: Այդ ջերմության պակասը այսօր զգալի է, մեկը մյուսին ձեռք մեկնելու կարողություն ունենալու դեպքում կտեսնենք, որ շատ բաներ կշտկվեն: Մենք շատ ավելի մեծ դժվարություններ կարողացել ենք հաղթահարել հենց այդ փոխադարձ ջերմության և վերաբերմունքի դրսևորումների շնորհիվ, ոչ թե տնտեսության, լիքը դրամապանակների շնորհիվ»,-ասաց նա:

Գրողը գտնում է, որ նախ և առաջ մարդը ուշադրության, վերաբերմունքի կարիք ունի: «Յուրաքանչյուրը գիտի, որ ապրում է մի անգամ և ցանկանում է, որ այդ կյանքը իմաստավորված լինի, իսկ այդ դեպքում նա դառնում է բավարարված, որից հետո կվերադառնա մարդու դեմքին ծիծաղը, բարձր տրամադրությունը: Մենք պետք է կարողանանք գնահատել ցանկացած մարդու, իր կարողությունների շրջանակներում խրախուսել: Պետք է կարողանանք բացատրել մյուսներին, որ չեն լինում ավելորդ մարդիկ, այլ լինում է վերաբերմունքի, ուշադրության, հոգատարության պակաս, իսկ դրանք կապ չունեն նյութական հարստության, այլ մարդկային հոգուց բխող վիճակներ են»,- ասաց նա:%d5%ba%d5%ba%d5%ba%d5%ba%d5%ba%d5%ba

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

30 Դկտ

Ձյուն նազուն, մեղմօրոր ու խաղաղ՝
Երկնքում մահացած թռչունի
Փետուրներ, փետուրնե՜ր նրբամաղ,
Ու կարծես սկիզբ ու վերջ չունի:

Ինձ տիրել է հիմա մի անուժ,
Մի անզոր, ամոքող մաքառում…
-Կանցնի այս ձմեռը վաղ թե ուշ,
Ու կգա արևոտ նոր գարուն:

…Երկնքում թռչուններ են մեռել,
Մաղում են փետուրներ հեռավոր,
Սուզվում են մշուշում դաշտ, լեռներ.
Ձյուն նազուն, ձյուն խաղաղ, մեղմօրոր…aaaa

ԼԵՈՆԻԴ ԱՆԴՐԵԵՎ

30 Դկտ

Նաև ես հասկացա, թե ինչ բան է դատարկությունը: Դա շատ սարսափելի ու անսովոր է: Այն ամենուր է ու բոլոր կողմերում, ինձնից մինչև լուսին: Հատկապես սարսափելի ու անսովոր է, որ այն զավթված է տներով, բնակարաններով ու շրջապատված է պատերով և առաստաղներով: Յուրաքանչյուր բնակարանում մի փոքր դատարկություն կա: Բայց եթե փլուզենք պատերը, ապա իմ, ամիսների ու աստղերի միջև ոչինչ չի մնա:

treshhina-v-kirpichnoj-stene

ԼԱՈ ՑԶԻ

27 Դկտ

Թուլությունը հզոր է, ուժը ոչինչ է: Երբ մարդը ծնվում է, նա թույլ է ու ճկուն: Երբ մեռնում է՝ ամուր է ու չորացած: Երբ ծառն աճում է, այն ճկուն է ու նուրբ, իսկ երբ չոր է ու կոշտ՝ նա մեռնում է: Չորությունն ու ուժը մահվան ուղեկիցներն են: Ճկունությունն ու թուլությունը արտահայտում են կեցության թարմությունը: Այդ պատճառով էլ այն, ինչ կարծարացել է՝ հաղթել չի կարող:09

ՄՏՔԵՐ

25 Դկտ

Սովորել՝ նշանակում է իմանալ այն, ինչ արդեն գիտեք: Գործել՝ նշանակում է ցույց տալ, որ դուք գիտեք այդ բանը: Ուսուցանել՝ նշանակում է հիշեցնել ուրիշներին, որ նրանք այդ բանը գիտեն նույնքան լավ, որքան դուք: Դուք բոլորդ ուսուցիչներ ու աշակերտներ եք:
Ռիչարդ Բախ

Զգացողությունը, որ քեզ դավաճանել են, ավելի քիչ ցավ է պատճառում, քան զգացումը, որ քեզ մոռացել են:
Սթվեն Գրոս

Խելագարվելու ձգտումը երբեմն միակ համարժեք արձագանքն է այսօրվա իրականությանը:
Ֆիլիպ Դիկ

Օ, ինքնասիրություն, դու այն լծակն ես, որով Արքիմեդը ցանկանում էր երկրագունդը բարձրացնել:
Միխայիլ Լերմոնտով

Ինչ-որ տեղ հայտնվեց արևը, կնշանակի՝ ինչ-որ տեղ հայտնվեց ստվերը:
Էշլի Դյուալ

Սերը միայն այն չէ, ինչ զգում ես: Դա այն է, ինչ անում ես:
Ջեկ Քենֆիլդ

Ամեն մեկն էլ ունենում է թռիչքներ ու անկումներ, կյանքը փոփոխվում է, ինչպես հոսող գետը: Մարդկանց ու գետերի տարբերությունն այն է, որ մենք փորձում ենք վերահսկել բնական ընթացքը՝ փոխանակ հետևելու դրան:
Լորենս Շորմեր

Մի կինը անհանգստություն է, երկու կինը՝ քաոս:
Ջոան Հարիս

— Ի՞նչ կա ավելի վատ, քան վրեժը:
— Դրա սպասումը:
Իրինա Էլբա

Այս աշխարհում միայն մի բան կարելի է վստահաբար պնդել. ոչ մեկի վրա չի կարելի հույս դնել:
Կեյթ Մորթոն

Որքան ավելի շատ ես մոտենում ճշմարտությանը, այնքան քիչ որոշակիություն է մնում:
Մաքս Ֆրայpolet-mysli-bukvy-samolet

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈԼՅԱՐՆԻ

25 Դկտ

Ինչ էլ որ պատահի, խնդրում եմ, դարձիր լույսի շող: Աշխարհում չափից շատ խնդիրներ, նենգություն և կեղծ մարդիկ կան: Իսկ դու իսկական եղիր: Նույնիսկ եթե աշխարհը քո հանդեպ անարդար է: Դարձիր լույսի շող, լուսավորիր խավարի միջից: Եվ գուցե թե ինչ-որ մեկի համար դու դառնաս փարոս:682652ae8924

Ավելի մեծ Հայրենիք

25 Դկտ

— Բառերի, անունների, երազների մեջ հավատ չի լինում ու երկիր չի լինում: Երկիրը դրանցից այն կողմ է: Ջնջիր երկրից բառ, անուն, երազ ու տես, որ այն, ինչ կմնա, դրանցից ամենուր էլ կա: Բայց ամենուրը Հայրենիք չէ:
— Այդ դեպքում ի՞նչ բան է Հայրենիքը, կասե՞ս ինձ:
— Մարդը: Մարդն է հայրենիքը: Մարդը, որ անուն է տալիս, որ սարը կոչում է Արարատ, որ տաճարին ասում է Գառնի, որ ջուրը Երասխ է դարձնում: Չկա մարդը` չկա հայրենիքը:
— Հիմա ես ու դու հայրենի՞ք ենք:
— Ավելին, քան հայրենիքը:
— Ինչու՞ ավելին:
— Որովհետև տարբեր ենք:
— Դա վա՞տ է:
— Չէ, ինչու՞ է վատ: Հայրենիքն այդպես ավելի մեծ է:

Հովիկ Չարխչյանs8r7m9rarx6kpth0yjbnllssoq-745x483

Երկու խոսք Երևանի մասին

25 Դկտ

Այսօրվա Երևանը նման է մի կնոջ, ում դեմքը պլաստիկ վիրահատության են ենթարկել ու հիմա նա նույնիսկ հարազատների համար է դարձել անճանաչելի: Դիմագծերը կարծես թե համաչափ են, սակայն անհետացել է նախկին հմայքը, յուրօրինակ ոգին, բացառիկ ինքնատիպությունը: Նորացող քաղաքը պարզապես վերածվել է խայտաբղետ շինությունների հավաքատեղիի՝ անկանոն, թափթփված, անճաշակ կառույցների խորդանոցի: Ու մի չարամիտ հետևողականությամբ դեռ շարունակվում է նրա դիմազրկման դիտավորությունը՝ այս անգամ էլ զանազան «նորամուծությունների», տգեղն ավելի տգեղացնելու, վատը վատթարագույն դարձնելու մոլագարությամբ: Ներկվում են խարխլված պատերը, փողոցները հեղեղվում են տձև դիզայներական իրերով, ծաղկային ու բուսական ինչ-որ սարսափազդու համադրություններով ու թվում է՝ ոչ թե քայլում ես քո սիրելի քաղաքում, այլ ընկել ես արևելյան մի փնթի շուկա, որտեղ էժանագին հնոտի ու կահկարասի են վաճառքի հանել: Բուն Երևանից սոսկ փշրանքներ են մնացել և դրանք էլ շուտով կուլ կգնան կեղծ շքեղության ու դատարկ բովանդակության երդվյալ ջատագովների «գեղագիտական» դատարկամտությանը:
Քաղաքը դարձել է ծերացած տիկին, որ անհավանական գռեհկացման աստիճան շպարվում է՝ փորձելով ետ բերել իր երիտասարդությունը, բայց դրանից դառնում է շատ ավելի վանող ու տհաճ:
Ինձ համար երբեք չի կարող լինել այնպիսի մի բաժանարար գիծ, որը պիտի տարանջատի Երևանը հնի ու նորի միջև, քանի որ նման որակումներն իրենց խորքում ունեն ոչ այնքան ժամանակային, որքան հոգևոր նախաշերտ: Քաղաքի էությունն է անփոփոխ, որքան էլ տարիներն անցնեն: Եվ երբ ինչ-որ մեկը փորձ է անում աղճատել Երևանի դիմագիծը, նա ձեռք է տալիս հենց էությանը, այլ ոչ թե հին կամ նոր շինություններին:
Մենք պիտի կարողանանք ի վերջո մայրաքաղաքն ընկալել իր համահավաք ամբողջության մեջ, գիտակցենք նրա կարևորությունը յուրաքանչյուր հայի համար, տեսնենք, որ չկա ու չի կարող լինել կռիվ անցյալի և ներկայի միջև: Ամեն բան փոփոխվում է, բայց փոփոխվում է ոչ թե ժխտման, այլ ինքնահաստատման հաշվին: Եվ Երևանն էլ պիտի նորացվի չկործանելու, այլ վերաշինման ճանապարհով: Միայն դա կարող է լինել բոլորի Երևանը, բոլոր սերունդների հարազատ տունը:a

ՈՎ Է «ՏԱՐՎԱ ԿԻՆ»-Ը

25 Դկտ

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Հայաստանի «ամենականացի կայքը»` Wnews.am-ը , որոշեց պարզել, թե ով է «Տարվա Կինը»: Մեր առաջարկով Ֆեյսբուքում հայտնի հայ օգտատերերը պատասխանեցին այս հարցին՝ յուրաքանչյուրը ներկայացնելով Տարվա Կնոջ իր թեկնածուին:

Հովիկ Չարխչյան.Գրող, գրականագետ, լրագրող

Անցնող տարվա բուռն իրադարձությունների ֆոնին հավակնորդների թիվը կարող է մեծ լինել: Բայց այս պահին ես կառանձնացնեմ մեկին: Նրա անունը Քնարիկ է: Ես նրան տեսա ապրիլյան պատերազմի օրերին, երբ մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում կամավորները օգնություն էին հավաքում բանակի համար: Վաղ առավոտից մինչև ուշ երեկո այդ աղջիկն ինքնամոռաց կերպով իր գործն էր անում՝ առանց ցուցամոլության, առանց խրախուսանքի կամ նկատվելու ակնկալիքի: Գուցե ասածս փոքր-ինչ վերամբարձ հնչի, բայց ես այնուամենայնիվ կպնդեմ, որ հենց նրա մեջ տեսա աննմնացորդ նվիրվող և անշահախնդիր կնոջ մարմնացումը: Եվ այս անգամ թող տարվա կին հռչակվի ոչ թե հանրահայտ մեկը, այլ 20-22 տարեկան անծանոթ ուսանողուհի Քնարիկը:

15380849_1203914382977225_2531526546346527857_n

ՀԵՐԲԵՐՏ ՈՒԵԼՍ

22 Դկտ

Սովորական մարդը նախընտրում է հեշտ ճանապարհը և համառորեն չի ցանկանում ոչինչ լսել այն մասին, որ հեշտ ճամփաներն ի վերջո տանում են փակուղի: Երբ պարզվեց, որ իրադարձությունների հոսքը չափազանց բարդ է, որպեսզի հնարավոր լինի այն ուղղորդել դեպի ցանկալի հունը, փիլիսոփաների մեծ մասը նախընտրեցին հորինել այս կյանքից փախուստ տալու գեղեցիկ և հանգստացուցիչ միջոցներ…gallery_369717d4

ԽԱՉՈՒԿԸ

20 Դկտ

Մեր մանկության տարիներին արհեստական տոնածառ չկար: Բնական եղևնի էինք զարդարում: Նոր Տարուց մի քանի օր առաջ հայրս բերում էր, հղկում էր կոթը ու ամրացնում փայտե հատուկ ոտնակի մեջ: Մենք դրան խաչուկ էինք ասում: Խաչաձև փայտ էր, մեջտեղում՝ անցք: Տոնածառը հանում էինք հին Նոր Տարվա հաջորդ օրը: Եղևնին դուրս էինք տանում, իսկ խաչուկը մնում էր մինչև հաջորդ Ամանոր:
Հիմա, երբ գյուղ եմ գնում, երբեմն նկուղ եմ իջնում ու այնտեղ մի անկյունում միշտ աչքիս է ընկնում բոլորից մոռացված, չգործածվող խաչուկը: Հազիվ թե երբևէ այն կրկին արժանանա տոնածառ պահելու պատվին: Եվ ու՞մ մտքով կանցներ, որ մանկության հուշերը կարող են ապրել նաև նկուղում՝ փայտի սովորական մի կտորի հետ:

Հովիկ  Չարխչյան5abee0f51be32ce87698ddfaa0de043b

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՕՐԱՑՈՒՅՑԸ

20 Դկտ

Կար ժամանակ, երբ Ամանորի նախօրեին տներում գալիք տարվա պատի օրացույց էին կախ տալիս (հիմա նման օրացույցներ գրեթե չկան): Մետաղե փոքրիկ բռնակներ ուներ հակառակ կողմում, ծալում էին ստվարաթղթի վրա, ամրացնում երևացող տեղում, և տարին բացվում էր նրա անբաժան ներկայությամբ:
Եղածն առանձնապես մեծ բան չէր, բայց զարմանալի, խոստումնալից ներգործություն ուներ: Ասես երաշխիքն էր եկող ժամանակի, պատից նայող վաղվա օրն էր: Առարկայական, շոշափելի: Առնվազն մեկ տարվա հույս: 365 օրերի հաջորդական շարան, որտեղ ընդհատումներ լինել չէին կարող, քանի որ դա էր խոստանում թերթիկների տրցակը, այդ թերթերից յուրաքանչյուրը՝ վստահեցնելով, որ դու անպայման պոկելու ես այն՝ հաջորդ օրը բացելու համար:
Ու ամեն տուն ունենում էր պատից կախված մի տարի:

Հովիկ  Չարխչյան762

ՍՐԲԱԳՐՎԱԾ ԹԵՐԱՑՈՒՄ

20 Դկտ

Մի անգամ սուլթանը մեծ խնջույք էր կազմակերպել: Հրավիրել էր բոլոր երևելի անձանց, միայն դերվիշին էին մոռացել: Բայց հենց խնջույքը սկսեց, սա արդեն հյուրերի շարքում էր և իրեն զգում էր՝ ինչպես ձուկը ջրում:
Շփոթված սուլթանը նրան մի կողմ տարավ ու հարցրեց.
— Ինչպե՞ս է, որ դու այստեղ ես: Ախր քեզ չէին հրավիրել:
— Եթե տերը թերանում է ու ինձ չի հրավիրում, ապա դա իրավունք չի տալիս ինձ թերանալ և չլինել բարեկիրթ հյուր,- պատասխանեց դերվիշը:80481612_3185107_nasreddin

ՍՐՏԻ ՈՒ ՄՏՔԻ ՁԱՅՆԵՐԸ

17 Դկտ

Մի աղջիկ գնաց իմաստունի մոտ խորհուրդ հարցնելու:
— Իմ ձեռքը խնդրում են երկու երիտասարդ,- ասաց նա:- Ես չգիտեմ, թե ինչպես վարվել: Սրտիս ձայնը հուշում է մեկին, իսկ միտքս մյուսին է ընտրում:
— Լսիր սրտիդ ձայնին,- ասաց իմաստունը:- Այդ դեպքում եթե նույնիսկ բաժանվես նրանից, միշտ էլ հիացմունքով կարող ես ասել՝ «Ես սիրել եմ նրան», և ոչ թե խորը հիասթափությամբ կխոստովանես. «Ինչ հիմարն եմ եղել…»:70131284_4715354_4bbc23f

ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ

17 Դկտ

Ես օգնություն չէի ակնկալում ուրիշներից և հույսս չէի դնում երջանիկ պատահականության վրա, բայց իմ ներսում հետզհետե ձևավորվում էր կամային համառությունը, և որքան դժվարին էին դառնում կյանքի պայմանները, այնքան ավելի ամուր և նույնիսկ ավելի խելացի էի զգում ինքս ինձ: Ես շատ վաղ հասկացա, որ մարդուն մարդ է դարձնում շրջապատող աշխարհի հանդեպ նրա դիմադրությունը:1

ՄՏՔԵՐ

16 Դկտ

Մարդիկ պնդում են, թե իբր պաշտում են հերոսներին, մինչդեռ մտապահում են չարագործներին:
Սթիվեն Կինգ

Պատմությունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ նրանից հեռանում են մարդիկ, ովքեր ամեն բան տեսել են սեփական աչքերով, մարդիկ, ովքեր այլևս չեն խանգարի պատմաբաններին և նրանց մտահայեցողական կառուցումներին: Ուրեմն որ ոք երբեք չի իմանա, թե իրականում ինչ է եղել:
Սեյս Նոթեբոմ

Եթե չես ուզում ամբողջ կյանքում երեխա մնալ, պետք չէ հուշում սպասել ուրիշներից: Դու պետք է ինքդ քեզ համար պատասխան գտնես, պիտի զգաս, որ ճիշտ է լինելու:
Դենիել Կիզ

Մարդուն կարելի է ներել ամեն բան` բացակայությունից բացի:
Օլդոս Հաքսլի

Թանկագին պետություն, ես քեզ հետ խոսակցություն ունեմ, եթե միայն կարողանամ գտնել ինչ-որ մեկին, ում հետ կարելի է խոսել:
Սմիգ Լարսոն

Այն, ինչ կատարվում է այսօր, հետևանքն է նրա, ինչ կատարվել է անցյալում:
Իրվին Շոու

Ոչ մի քննադատություն չի կարող քարից գեղեցիկ արձան կերտել:
Լաո Շե

Դու կարծում ես կարելի՞ է քնքուշ լինել, երբ հացը քիչ է:
Աբբա Պրևո

Չեն լինում մռայլ ժամանակներ, լինում են մռայլ մարդիկ:
Ռոմեն Ռոլան

Մարդն իրեն արքա է զգում այնքան ժամանակ, քանի դեռ կան ներքևում կանգնածներ, որոնց կարող է նայել վերևից:
Սինկլեր Լյուիս

Աշխարհում երեք բան անհնար է թաքցնել՝ սերը, հազը և թշվառությունը:
Իվո Անդրիչ

Աշխարհը թույլ չի տա ձեզ լինել այն, ինչ դուք կարող էիք լինել:
Գայ Գևրիել Կեյ

Եթե ինչ-որ մեկը գիշերով նայում է երկնքին, դա դեռ չի նշանակում, թե մենք գործ ունենք աստղագետի հետ:
Ջոն Բոյն

Աշխարհում չկա այնպիսի անմտություն, որ իր պաշտպանը չգտնի փիլիսոփաների շրջանում:
Ջոնաթան Սվիֆթ

Զգացմունքն այնպիսի բան է, որ եթե մի անգամ մեռավ, հազիվ թե հարություն առնեի:
Ռիչարդ Մամեսոն

Նույնիսկ ամենաբարձր աշտարակը սկսվում է գետնից:
Էրիկ Լարսսեն10_3

ԿՅԱՆՔԻ ՀԱՄԸ

15 Դկտ

Մեկը գնաց իմաստունի մոտ ու հարցրեց.
— Կարո՞ղ ես ինձ ասել, թե որն է կյանքի նպատակը:
— Չեմ կարող,- պատասխանեց իմաստունը:
— Այդ դեպքում ասա, ո՞րն է նրա իմաստը:
— Չեմ կարող:
— Իսկ կարո՞ղ ես գոնե ինչ-որ բան ասել հետմահու կյանքի մասին:
— Չեմ կարող:
Հիասթափված մարդը հեռացավ: Իսկ իմաստունն ասաց.
— Ի՞նչ օգուտ նրանից, որ գիտես կյանքի իմաստն ու նպատակը, եթե դու չես ճաշակել կյանքի համը:59093814

ԱՆՆՇԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

15 Դկտ

Թագավորը երազում տեսավ, որ իր բոլոր ատամները հերթով ընկնում են: Առավոտյան նա կարգադրեց իր մոտ կանչել երազների մեկնաբանին: Սա լսեց թագավորին ու տխրությամբ ասաց.
— Տեր իմ, քեզ ցավալի լուր պիտի հայտնեմ, դու մեկը մյուսի ետևից կկորցնես քո հարազատներին:
Զայրացած թագավորը կարգադրեց նրան բանտ նետել և կանչել մեկ ուրիշ մեկնիչի: Երկրորդը եկավ, լսեց երազը և ասաց.
— Ուրախությամբ ուզում եմ քեզ տեղեկացնել, որ դու քո բոլոր հարազատներից երկար ես ապրելու:
Թագավորը գոհ մնաց և առատորեն պարգևատրեց նրան: Պալատականները զարմացան կատարվածից:
— Չէ՞ որ դու նրան նույնը ասացիր, ինչ քո դժբախտ նախորդը: Ուրեմն ինչու՞ նա պատժվեց, իսկ դու վարձատրվեցիր,- հարցրեցին նրանք:
— Մենք երկուսս էլ նույն կերպ մեկնաբանեցինք երազը: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես դա կասես,- պատասխանեց երազների մեկնիչը:daniil-son-300

ՀԱԼԴՈՐ ԼԱՔՍՆԵՍ

13 Դկտ

Հիշիր, որդիս, նա, ով խոսում է հոգու մասին, նկատի ունի բոլորովին այլ բան, պարզապես չի համարձակվում այդ մասին բարձրաձայն ասել: Հին, բարի իսլանդերենով «հոգի» նշանակում է «պարկ», և, հավատա ինձ, նա, ով շատախոսում է հոգու մասին, միայն մի բան է սպասում՝ որ ինչ-որ բան նետես իր պարկի մեջ: Ես դրանում համոզված եմ:hlaxness

%d bloggers like this: