Պահոց | Սեպտեմբերի, 2023

ՀՈՍՊԻՏԱԼ Է ԵՂԵԼ

20 Սպտ

Այս կտավը, որի հեղինակը Ե. Մարտիկյանն է, ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Պատկերված է զինվորական հոսպիտալ Երևանում: Հետաքրքրականն այն է, որ հոսպիտալի համար օգտագործվել է այն շենքը, որտեղ այդ տարիներին ՀՀ Գիտությունների ակադեմիան էր: Հետո այն դարձավ Լեզվի ինստիտուտ, իսկ այնուհետև որոշեցին շենքը քանդել:

ՕՂԱԿՆԵՐԻ ԱՐՔԱՆ

7 Սպտ

1953 թվական: Մարմնամարզության ԽՍՀՄ առաջնության ժամանակ մարզիկներից մեկին դատավորները զրկում են միավորներից այն բանի համար, որ նա չէր կարողացել անհրաժեշտ ժամանակի չափով մնալ «խաչ» էլեմենտի դիրքում: Այնուհետև ելույթի հերթը Ազարյանինն էր: Եվ օղակների վրա ձգված հայ մարզիկը 90 աստիճանով թեքվում է դեպի դատավորներն ու հարցնում է. «Բավարար չափո՞վ եմ մնացել»: Նրան ասում են՝ այո, արդեն կարող ես իջնել: Ազարյանն այս անգամ 90 աստիճան թեքվում է մյուս կողմ ու կրկնում է իր հարցը:

Ահա այսպես, նույնիսկ լիովին չգիտակցելով, թե ինչ է անում, նա սպորտային մարմնամարզություն ներմուծեց մի նոր էլեմենտ, որն այդուհետ պիտի կոչվեր իր անունով՝ «Ազարյանական խաչ»:

«ՄԵՐ ԳՈՐԾՆ ԱՐԴԱՐ Է…»

4 Սպտ

1963 թ. գարուն: Մոսկվայում ընթանում էր շախմատի աշխարհի առաջնությունը Միխայիլ Բոտվիննիկի ու Տիգրան Պետրոսյանի միջև: Երևանի բոլոր հրապարակները, զբոսայգիներն ու պուրակները զարդարված էին ցուցադրական խաղատախտակներով: Եվ դրանցից յուրաքանչյուրի առջև խմբված էր շախմատասերների խիտ բազմությունը: Չգիտես ինչու, նրանց մեծամասնությունը կանայք էին, որոնք շախմատից գրեթե ոչինչ չէին հասկանում:

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը Տիգրան Պետորոսյանի մի պատահական սխալ քայլից հետո ընկավ ցայտնոտի մեջ, փշրեց խաղաքարերը և հեռագիր ուղարկեց Մոսկվա. «Քո թիկունքին կանգնած է երեք միլիոնանոց Հայաստանն ու բազմամիլիոն սփյուռքը: Մեր գործն արդար է, հաղթանակը մեր պիտի լինի: Ակադեմիկոս Համբարձումյան»:

Եվ տեղ հասավ հեռագիրը, և տեղ հասան հեռազգացության սեանսները: Եվ հաղթեց Պետրոսյանը, և փոքրիկ Հայաստանը դարձավ շախմատային ողջ աշխարհի կենտրոնը: Ես այն ժամանակ նույնիսկ նախանձեցի այդ բովանդակ միասնությանը, այդ բարոյական համընդհանուր աջակցությանը: Երանի մենք էլ այդպիսին լինեինք…

Ալեքսեյ Էյգենսոն

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

4 Սպտ

Մի անգամ ես նամակ ստացա Բեռնարդ Շոուից: Նա ինձ հրավիրում էր իր մոտ: Բնականաբար, հրավերն անմիջապես ընդունեցի: Շոուի տանը ես հանդիպեցի Հերբերտ Ուելսին: Հերբերտ Ուելսը դառնությամբ պատմում էր, որ պատրաստ է այրել իր բոլոր 68 վեպերը միայն այն բանի համար, որ դրանք դույզն ինչ չեն փոխել աշխարհը… Գրեթե նմանատիպ կարծիքի էր նաև Շոուն, որը, ճիշտ է, այդ առումով տուրք չէր տվել պատրանքներին, և այդ պատճառով էլ առանձնապես ծանր ապրումներ չուներ: Ես չհամաձայնեցի և մինչև հիմա էլ չեմ կարող համաձայնել ոչ մեկի, ոչ մյուսի հետ: Դեռևս Հոմերոսի ժամանակներից, իսկ գուցե դրանից էլ առաջ, գրականությունն ու արվեստը ներգործել են մարդկանց վրա և փոխել են նրանց… Ընդհանրապես ես կարծում եմ, որ գրականությունը նույնքան զգալի է ներգործում կյանքի վրա, որքան կյանքն է ներգործում գրականության վրա…

ՍԵՎԱԿԻ ԵՐԿՏՈՂԸ ՔՐԴԵՐԻՆ

3 Սպտ

Պարույր Սևակի ձեռքով գրված այս երկտողի ճշտգրիտ ամսաթիվը հայտնի չէ: Ենթադրաբար այն գրվել է 1960-ականների կեսին: Բայց կան մանրամասներ՝ կապված գրության շարժառիթի հետ: Ժամանակին Հայաստանում լույս տեսնող քրդալեզու «Ռյա թազա» թերթի բաժնի վարիչներից մեկը՝ Ագիթե Խուդոն հանդիպում է Սևակին՝ նրա հետ հարցազրույց վարելու նպատակով: Վերջում թղթակիցը խնդրում է բանաստեղծին մեկ-երկու տող գրել՝ հասցեագրված թերթի ընթերցողներին: Սևակն էլ գրում է այս տողերը:

ԱՐՑԱԽ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

2 Սպտ

Արցախ, հարազատս, ամեն հիմարի ասածի ականջ մի դիր: Ո՞նց կարող է Հայաստանը քեզնից երես թեքել: Ախր դու հենց Հայաստան ես: Քո ցավից մենք էլ ենք կուչ գալիս, քո զայրույթից մեր արյունն էլ է եռում, քո երազանքը մենք միասին ենք կերտել: Շատերը հիմա անզորությունից է, որ պապանձվել են: Լեզուն կարող է լռել, բայց սիրտը լռեցնելն անհնար է: Ինչքան-ինչքան ծանր օրեր ենք միասին ապրել: Ծանրությամբ մեզ չեն զարմացնի: Ինչքան կորուստ ու զրկանք տեսանք: Էլի քեզ հետ, քո համար, քո վաղվա ու մեր վաղվա օրվա համար: Մեր հաղթանակի համար, որ գալու է, անպայման գալու է:

Արցախ՝ Հայաստանի Հայաստան, դու միայն հույսդ չկորցնես: Գիտե՞ս քանի ձեռք է բռունցքվում քո համար: Գիտե՞ս քանի աչք է նայում քեզ: Գիտե՞ս քանի սիրտ է տրոփում քո տագնապից: Բոլորը՝ քեզ համար: Ամեն ինչ քեզ համար, Արցախ…

Հովիկ Չարխչյան