Պահոց | Հուլիսի, 2018

Մշակույթ-պետություն հարաբերությունները հասցնել նվազագույնի. երկուսն էլ շահած դուրս կգան. Հովիկ Չարխչյան

30 Հլս

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Մշակույթ-արվեստ-պետություն. պահանջարկ-առաջարկ» թեմայով հանդիպում-քննարկմանը։

Ամեն անգամ, երբ խոսք է բացվում պետություն-մշակույթ հարաբերությունների մասին, խնդիր է առաջանում: Պետությունն ուզում է մշակույթին ծառայեցնել իր նպատակներին, մշակույթը չի ուզում ծառայեցվել, այլ ուզում է պետությանն օգտագործել իր համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Եվ այս տեսանկյունից մոտենալով խնդրին՝ պետք է նշենք, որ պետք է այս մշակույթ-պետություն հարաբերությունները հասցնել նվազագույնի. երկուսն էլ շահած դուրս կգան:
Մենք պետականության կորուստ ունեցել ենք, բայց մշակույթի կորուստ չենք ունեցել: Մենք մշակույթ ունեցել ենք՝ անկախ նրանից, կար պետականություն, թե՝ չէ: Ընդհանրացնեմ. մշակույթ կա պետության ցանկությունից և գիտակցությունից անկախ: Մի՞թե մարդը պիտի մտածի՝ պետությունը լավ աչքով նայի, ստեղծագործեմ. մեծագույն մոլորություն է: Եթե մարդը տաղանդ չունի, տասներկու պետություն թիկունքին կանգնեցնենք, ոչ մի լավ բան չի ստեղծվի: Մյուս կողմից, պիտի չմոռանանք, որ մշակութային գործիչը ռոբինզոն չի, նա անկախ իրենից հարաբերվելու է թե պետության հետ, թե հանրության հետ: Եվ այս առումով՝ ցանկացած արվեստագետ՝ որպես քաղաքացի պիտի մտածի, որ ինքը պարտավոր է գործի դնել իր բոլոր հնարավորությունները, կարողությունները՝ նպաստելու պետության զարգացմանը: Այսինքն, այս հարաբերության մեջ արվեստագետն ավելի շատ բան ունի պետությանը տալու, քան պետությունը՝ արվեստագետին: Հատկապես, երբ մենք ապրում ենք մի ժամանակում, երբ հանրային կապ ապահովելու միջոցների մեջ ընտրությունը շատ մեծ է: Ներողություն արտահայտությանս համար, այսօրվա ամեն ֆեյսբուքի օգտատեր ավելի մեծ լսարան ունի, քան Քրիստոսը ժամանակին ունեցել է: Եթե դու ասելիք ունես, դու շատ հեշտ կարող ես դա անել. պետք չէ մահանա գտնել, թե ես այսպիսի լավ բան ուզում էի անել, իմ դեմ դռները փակեցին: Ցանկացած գրող տպագրվում է, ցանկացած երգիչ ունի իր լսարանը, ցանկացած բեմադիչ կարողանում է ներկայացնել՝ թե մտքում ինչ կա: Վստահեցնում եմ ձեզ, համենայն դեպս, անցած բոլոր տարիները դա են ապացուցում, որևէ լավ բան գետնին չի մնում:
Մշակութային ճգնաժամի պատճառը պետությունը չէ. վերջին երեսուն տարիներին ստեղծված պոեզիայի մեծ մասն աղբ է. այդպես ստացվեց. հասարակությունը չուզեց կարդալ, իմանալ: Մեր ընթերցողը չի ուզում կարդալ հայ հեղինակին: Գրողներ կան, որ տարվա մեջ յոթ գիրք են վաճառել. նույնիսկ իր հարազատները չեն ուզել կարդալ իր գիրքը, էլ ուր մնաց թե դրսում թարգմանվելու, այնտեղ մատուցվելու մասին խոսվեր: Այսինքն, նախ մենք պիտի լավ արտադրանք տանք, հետո պահանջենք, որ այն հասանելի դառնա լայն հանրությանը:
Ամփոփելով՝ հիշեցնեմ՝ փորձը ցույց է տալիս, որ մշակութային գործիչն ինչքան հեռու մնա պետությունից, այնքան շահած է դուրս գալիս:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ

36978747_1024148994416699_8332453540282761216_o

ՄԱՀԱԲԵՐ ՕՐԵՆՔԸ

30 Հլս

Մի անգամ Սիամի թագավոր Ռամա 5-րդի 19-ամյա դուստրն իր երեխայի հետ լողում էր նավակով: Հանկարծ նավակը շրջվեց և նրանք սկսեցին խեղդվել: Շրջապատում բազմաթիվ ականատեսներ կային, բայց նրանցից և ոչ մեկը չնետվեց օգնության: Արքայադուստրն ու փոքրիկը զոհվեցին: Իսկ մեղավորը օրենքն էր, որը մահվան սպառնալիքով սովորական մահկանացուին արգելում էր դիպչել թագավորական ընտանիքի անդամներին:

6ffd4ba86e27ce05cfcb54495fc5aa59__980x

ԱԶՆԻՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

30 Հլս

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում կա օրենք, համաձայն որի եթե քաղաքապետի թեկնածուները հավասար թվով ձայներ են հավաքում, ապա հաղթողին որոշում են խաղի օգնությամբ: Օրինակ, հիշյալ օրենքը կիրառվեց 1998 թվականին էսթանսիա քաղաքում: Երկու թեկնածուներն ունեին 68-ական ձայն: Նրանք սկսեցին պոկեր խաղալ: Հաղթեց և քաղաքապետ դարձավ Ջեյմս Ֆարինգտոնը:

pravila-pokera2

ԱՍՏՂԸ ՊԱՏԻ ՎՐԱ

30 Հլս

Հոլիվուդի Փառքի ճեմուղու բոլոր աստղերը տեղադրված են մայթին: Միակ բացառությունը բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի աստղն է: Այն տեղադրված է «Դոլբի» թատրոնի պատին: Այդպես է ցանկացել Ալին` բացատրելով, թե չի ուզում, որ Մուհամմեդ մարգարեի անունը անցորդները ոտքերով տրորեն:

37984072_2124903427721938_6889617164760776704_n

ՌՈՒՄԲՆ ԷԼ ՉԽԱՆԳԱՐԵՑ

29 Հլս

Հեռավոր Արևելքի ժողովուրդների մոտ լայն տարածում ունի գո սեղանի խաղը: Սև և սպիտակ քարերով այս խաղի մասնակիցներից յուրաքանչյուրի նպատակը տախտակի վրա հնարավորինս շատ տարածք զբաղեցնելն է: Եվ ահա 1945 թվականի օգոստոսի 6-ին Ճապոնիայի Հերոսիմա քաղաքում ընթանում էր գո խաղի բաց առաջնությունն ամենապատվավոր մրցանակի համար: Այդ պահին ամերիկացիները քաղաքի վրա նետեցին ատոմային ռումբը: Պայթյունի ալիքը փշրեց դահլիճի ապակիները, խաղասեղանները շրջվեցին, քարերը թափվեցին գետին, սակայն մասնակիցները տախտակների վրա կրկին վերականգնեցին նախկին պատկերը և մրցամարտը հասցրեցին իր ավարտին:Go_board

ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿԸ

29 Հլս

Իր ծննդից մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
— Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհը: Ի՞նչ պիտի անեմ այնտեղ:
Աստված պատասխանեց.
— Ես քեզ հրեշտակ կնվիրեմ, որ միշտ քո կողքին կլինի: Նա ամեն բան քեզ կբացատրի:
— Իսկ ինչպե՞ս պիտի նրան հասկանամ: Չէ՞ որ ես նրա լեզուն չգիտեմ:
— Հրեշտակը քեզ կսովորեցնի իր լեզուն: Նա քեզ կպաշտպանի բոլոր դժբախտություններից:
— Իսկ ի՞նչ է իմ հրեշտակի անունը:
— Կարևոր չէ, թե նրա անունն ինչ է: Նա շատ անուններ ունի: Դու նրան կարող ես կոչել «Մայրիկ»:

138513181_image__2_

ԴԵՆ ՎԱԼԴՇՄԻԴՏ

29 Հլս

Հաջողությունն այն չէ, ինչ դուք անում եք, այլ այն, ինչ դուք ձեզանից ներկայացնում եք: Այն ամենը, ինչին դուք ձգտում եք հասնել, ձեր բոլոր նպատակներն ու ցանկությունները ձեր ներքին էության ծնունդն են, այլ ոչ թե գործողությունների: Այդ պատճառով էլ մենք խոսում ենք ոչ այն մասին, թե ինչպես հասնել հաջողության, այլ այն մասին, թե ինչպես լինել հաջողակ:
Եղեք հաջողակ: Միայն դուք գիտեք ձեր ներքին կարողությունները: Իսկ սա այն հարցն է, որը պիտի տաք ինքներդ ձեզ. «Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ուզում դառնալ և իմ ինչի՞ն է դա պետք»:

den-valdshmidt-2-30hcmzvblqq616bm5e2g3u

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

29 Հլս

Մի օր իմաստունին հարցրեցին.
— Ո՞ր երկրում արժե ապրել:
Եվ նա ասաց.
— Օրհնյալ է այն երկիրը, որտեղ գիտուն մարդկանց հարգում են, ինչպես հորը, իշխանին, ինչպես հարազատ զարմիկի, զինվորին, ինչպես եղբորը, իսկ պոետին, ինչպես սիրելի որդու:

114533451_crop_92494505_UWVh

ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ

29 Հլս

Ըստ Հերոդոտոսի, հնագույն ժամանակներում պարսիկները կարևորագույն որոշումները կայացնում էին երկու փուլով: Շատ հաճախ այդ որոշումներն ընդունվում էին գինարբուքների ժամանակ, բայց հաջորդ օրը նրանք անպայման նույն հարցը քննարկում էին սթափ վիճակում: Եվ հակառակը. այն, ինչ ընդունվել էր առանց խմիչքի ազդեցության, պիտի երկրորդ քննություն անցներ հարբած վիճակում: Մի խոսքով, օրինագիծը հաստատվում էր երկրորդ ընթերցմամբ:

pers

ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

29 Հլս

Միակ վայրը Մեծ Բրիտանիայում, որտեղ թագուհին կամ թագավորը մուտք չունեն, Համայնքների պալատն է: Այս ավանդույթն օրենքի ուժ ստացավ այն բանից հետո, երբ 1642 թվականին Կարլոս Առաջին թագավորը փորձեց ձերբակալել խորհրդարանի ստորին պալատի հինգ անդամներին հակամիապետական հայացքների համար:

fs1600x1200px-House_of_Commons_of_the_United_Kingdom_3

ՀԻՎԱՆԴ ԵՄ

29 Հլս

Ես աշխարհի ամենալավ հիվանդությունն ունեմ: Ես հիվանդ եմ նրանով: Ես նստում, խոսում եմ նրա հետ, թեև գիտեմ, որ շատ բաներ դեռ չի հասկանում ու չի պատասխանելու: Բայց նա ինձ ստիպում է լինել իր նման և ես ուզում եմ լինել իր նման: Մենք միասին ճամփա ենք գնում, հատակին նստած փշրում ենք հերթական խաղալիքը, վազում ենք մորեխի ետևից, թաթախվում ենք ջրերի մեջ, միասին երգեր ենք լսում մի ուրիշ մոլորակի վրա, ուրիշ մի մոլորակի վրա միասին ծիծաղում ենք` ես իր ծիծաղի վրա, նա` իմ երեխայության: Ու իրենով հիվանդս սկսում եմ խղճալ բոլոր առողջներին, որովհետև այդ առողջությունը նրանց չի տալու այն, ինչ լիուլի ստանում են ինձ նման հիվանդները: Որովհետև կա մի սահմանագիծ, որից այն կողմ դուք էլ մի օր գտնելու եք ամենաթանկը: Որովհետև ապրելու իմաստը ոչ թե ծավալային, տարածական ու քանակային մեծության մեջ է, այլ խտացման: Եթե նույնիսկ դա խտացված է մի հատիկ հայացքի մեջ: Ես դա արդեն գտել եմ: Նույնը ձեզ եմ մաղթում:

Հովիկ Չարխչյան37646077_1835120506523273_5703171692356960256_n

ԿՐԱԿ ԵՎ ՋՈՒՐ

29 Հլս

Գիշերային լճի հմայքների մասին դուք ասեք: Ես կպատմեմ լճի ափին վառվող կրակի մասին: Փոքրիկ կրակ, որ չի հավակնում մեծ խարույկ դառնալ ու դեռ չգիտի, որ ջուրն ու կրակը ներհակ են: Եվ քանի որ չգիտի, կրակի կարմիրը բեկբեկվում է ջրերում, կրակն արտացոլվում է լճի անտարբեր հանդարտության վրա: Կրակն ուզում է ջրերի հետ լինել:
Բայց լիճը չի արտացոլվում խարույկի մեջ: Ոչ էլ նրա ջերմությունն է առնում: Ոչ էլ մոխիրների մեջ է լինելու: Որովհետև պատահում է նաև այդպես` սերը չի փոխադարձվում, ձգտումներն անկատար են մնում և ծփանքը գեղեցիկ է լինելու իր միայնության մեջ:

Հ. Չ.2114

Նախարարի շտապողականությունը միայն ծիծաղ է հարուցում. Գրականագետ

12 Հլս

Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախօրեին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը:
«Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել էր նախարարը:
Լիլիթ Մակունցի այս հայտարարությունը միանշանակ չընդունվեց։
Panorama.am-ը գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանից հետաքրքրվեց, թե Ձեր կարծիքով, արդյո՞ք նման ցուցասրահ ունենալու անհրաժեշտություն կա Պատմության թանգարանում, այն դեպքում, երբ մշտապես ասում են, որ թանգարանը տարածքի խնդիր ունի, թանգարանի ցուցանմուշների քիչ տոկոսն է ցուցադրվում, նա ասաց. «Բնության մեջ գոյություն ունի դեպքերի հաջորդականություն: Նախ պետք է պատմություն կերտել, հետո միայն դառնալ պատմության թանգարանում ցուցադրման կարևորության երևույթ: Տվյալ դեպքում նախարարի շտապողականությունը միայն ծիծաղ է հարուցում` անկախ այն բանից, թանգարանում տարածքը բավարար է, թե ոչ»:
Հարցին, թե արդյո՞ք այդպես անձի պաշտամունքին չենք «վերադառնում», քանի որ թավշյա հեղափոխությունը կապվում է մասնավորապես մեկ անձի հետ, նա պատասխանեց. «Չեմ կիսում ձեր կարծիքը, թե «թավշյա հեղափոխությունը» մեկ անձի հետ է կապված: Յուրաքանչյուր շարժում ունենում է առաջնորդ, սա ևս բացառություն չէր: Այլ խնդիր է, թե ոմանք ինչպես են ընկալում անհատի դերը քաղաքական խոշոր իրադարձություններում: Բնական է, որ կլինեն գերագնահատողներ, ինչպես որ կլինեն նաև թերագնահատողներ: Սակայն ժամանակն ամեն բան իր տեղը կդնի: Ընդամենը պետք է մի փոքր սպասել»:
Ձեր կարծիքով ի՞նչ նմուշներ են հնարավոր ցուցադրել հարցին ի պատասխան Հ. Չարխչյանն ասաց. «Ես նույնիսկ չեմ էլ փորձի մտածել ցուցադրվելիք նմուշների մասին, որովհետև, ինչպես արդեն ասացի, նման ցուցադրության կազմակերպումը համարում եմ վաղաժամ և ինչ-որ առումով նաև թեթևամիտ արարք: Կգա օրը ու ժողովուրդն ինքը կորոշի` հեղափոխությունը արժանի՞ է իր պատմության լուսավոր էջ համարել, թե՞ ոչ: Իսկ հիմա դեռ պետք է իրագործել այդ հեղափոխությունը ժամանակային ու որակական իմաստներով: Դափնիները բաժանում են վերջում: Թանգարաններում պահում են անցյալը, ոչ թե գալիքը»:

https://www.panorama.am/am/news/2018/07/11/%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80/1976875

1in

ԱՎԳՈՒՍՏՈ ԿՈՒՐԻ

12 Հլս

Հին Հռոմում մարդու կյանքի միջին տևողությունը չէր գերազանցում քառասուն տարին: Այսօր այն մոտենում է ութսունին, բայց ես նկատի ունեմ մարդու հոգեկան աշխարհը: Հոգեկան առումով մենք մեռնում ենք ավելի վաղ: Ձեզ չի՞ թվում, պարոնայք, որ դուք ձեր կյանքը քնով եք անցկացրել: Հիմա ժամանակը մեր ընկալմամբ հոսում է անհամեմատ ավելի արագ: Օրերը վազում են, տարիները թռչում են: Եվ այդ ի՞նչ զեխություն է, որ այդպես ներազդել է տարիքի վրա:
— Ավելորդ սոցիալական ճնշումը, մրցակցությունը, ինֆորմացիան, պարտականությունները, նեղ շրջանակները, ծանր տուրքերը, ժամանակակից պահանջների մակարդակին մնալու անհրաժեշտությունը: Կրճատեք այս ավելորդությունները, եթե նույնիսկ դա հանգեցնի փողի ու կարգավիճակի կորստին: Եթե դուք չեք ցանկանում լինել ծերացած մարդիկ, որոնք պահանջում են վերադարձնել արդեն անցած երիտասարդությունը, քաջություն ունեցեք կրճատել:

11-dicas-de-augusto-830x450

 

ՄՈՐԻՍ ԴՐՅՈՒՈՆ

12 Հլս

Բոլորովին պարտադիր չէ, որ պետությունը լինի հզոր, ունենա ահռելի տարածքներ կամ մեծաքանակ բնակչություն: Անհրաժեշտ է միայն, որ ժողովրդի մոտ զարգացած լինի հպարտության զգացումը, որ նա ունակ լինի խոյանքների և որ նրան երկար ժամանակ կառավարի խելացի տիրակալը, ով կկարողանա մարդկանց հոգիներում վառել մեծ ձգտումների կրակը:

b1be89e57953c89e6a10c8187cce28f5

ԿԱՆԳՆԵԼՈՒ ՏԵՂԸ

12 Հլս

Ցույցերի օրերին հրապարակում մի խումբ երիտասարդներ մոտեցան ինձ և նրանցից առավել համարձակն ասաց.
— Հոպար ջան, որ խնդրենք, մի քիչ այն կողմի վրա կկանգնե՞ք: Ուղղակի սա մեր մշտական տեղն է:
Ցույցի մշտական տեղ ունենալը որքան էլ զարմանալի, բայց հարգանքի արժանի բան է: Բնականաբար, տեղը զիջեցի: Հիմա էլ դրա պես մի ուրիշ բան եմ նկատում: Ոնց որ անընդհատ մի խումբ մարդիկ գան ու ասեն` հոպար ջան, պիտի էլի քո տեղը փոխես, էս նոր ժամանակներում սա մեր մշտական տեղն է դառնալու, գնացեք, ուրիշ կանգնելու տեղ գտեք ձեզ համար:

Հ. Չ.2

ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐԸ ՉԿԱՐ

12 Հլս

Տարիներ առաջ մի կարևոր համաժողով պիտի կայանար Երևանում: Մասնակցելու էին երկրի ամբողջ վերնախավը, հարյուրավոր երևելի հյուրեր, օտարերկրյա պատվիրակություններ: Եվ ահա այդ համաժողովի նախօրեին ինձ զանգահարեց մի բարձրաստիճան պաշտոնյա ու ասաց.
— Ուզում եմ մի անձնական խնդրանքով քեզ դիմել: Համաժողովին հրավիրված է նաև գրող Աղասի Այվազյանը: Եթե դժվար չէ, խնդրում եմ, որ անընդհատ հետը լինես, անես այնպես, որ իրեն լավ զգա: Նրանից ավելի կարևոր մարդ դահլիճում չի լինելու……
Պատմության ամբողջության համար ասեմ, որ Այվազյանը չեկավ: Բայց ես արդեն նրա փոխարեն լավ էի զգում:

Հովիկ Չարխչյանagasi_ayvazyan

ՍՏԻ ԴԵՏԵԿՏՈՐԸ

12 Հլս

Դեռևս հնագույն ժամանակներում տարբեր ժողովուրդներ գործածում էին այն սկզբունքները, որոնք այսօր ընկած են կասկածյալի մեղավորության աստիճանը որոշող «ստի դետեկտորի» կիրառման հիմքում: Օրինակ, չինացիները ստիպում էին բերանի մեջ պահել մի բուռ բրինձ, իսկ հետո այն դուրս թքել: Արաբները ստիպում էին լիզել շիկացած շեղբը: Եթե բրիբձը չոր էր մննում կամ կասկածյալը լեզվի այրածքեր էր ստանում, դա նշանակում էր, որ գործողությունից առաջ նրա բերանը չորացել է, ինչն էլ մեղքի ապացույցն էր:

sorok-razboynikov

ԳՐՊԱՆԻ ՓՈՂ

12 Հլս

Մի հին ծանոթ կա: Երևի 2 տարի առաջ էր, գործի բերումով սրա մոտ գնացի: Իր աշխատասենյակում ինձ ընդունեց Հարուն ալ Ռաշիդ թագավորի կեցվածքով և Ավիցենայի լրջախոհությունը դեմքին: Խոսեցինք դեսից-դենից, հարցրեց՝ ոնց ես ապրում: Ասացի. «Բոլորի պես»: Մեկ էլ սա, թե՝ «Բա լա՞վ չէր լինի, որ հիմա գրպանումդ մի 10 հազար դոլար լիներ (իր գրպանում կար), հանգիստ քաղաք դուրս գայիր, քեզ համար կյանքը վայելեիր»: Ես էլ իբր կատակի տալով ասացի՝ ես հիմա էլ եմ քաղաք դուրս գալիս ու կյանքն էլ լիուլի վայելում եմ:
Ինչու՞ սա հիշեցի: Օրերս իմացա, որ մեր սիրելի Ավիցենան հնար է ման գալիս երկրից մի կերպ ճողոպրելու համար: Ու հիմա դարդ եմ անում՝ տեսնես գոնե էն 10 հազարը պահե՞լ է, որ օտար երկրում խեղճացած չապրի: Ոնց որ թե իր գրպանի եղածը քչություն արեց մեր երկրում կյանք վայելելու համար:

Հ. Չ.1330534192_money_karman

ԳԻՊՍԵ ՕՍԿԱՐ

12 Հլս

Դժվար ժամանակները դժվար լուծումներ են պահսնջում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Օսկարի մրցանակաբաշխության արձանիկները պատրաստել էին գիպսից: Եվ միայն պատերազմի ավարտից հետո բոլոր դափնեկիրներին հանձնված գիպսակերտերը փոխարինվեցին ոսկեջրած մետաղային արձանիկներով:

oscar