Պահոց | 8:23 ե.

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ

19 Դկտ

ՍԽԱԼ ՀԵՔԻԱԹՆԵՐ
-Լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում, որի անունը Դեղին Գլխարկ էր:
-Ո´չ, Կարմիր:
-Ախ, հա, Կարմիր Գլխարկ: Նրա մայրիկը նրան կանչում է և ասում` լսիր, Կանաչ Գլխարկ…
-Դե ոչ, Կարմիր:
-Ախ հա, Կարմիր: Գնա մորաքույր Դիոմիրայի մոտ և տար նրան այս կարտոֆիլի կեղևները:
-Ոչ, գնա´ տատիկի մոտ և տար նրան այս կարկանդակները:
-Դե լավ: Աղջիկը գնում է անտառ և հանդիպում ընձուղտին:
-Խառնեցիր իրար: Հանդիպում է գայլին, ոչ թե ընձուղտին:
-Եվ գայլը նրան հարցնում է` ի՞նչ կանի վեց անգամ ութ:
-Ոչ մի նման բան: Գայլը հարցնում է` ու՞ր ես գնում:
-Ճիշտ ես ասում: Եվ Սև Գլխարկը պատասխանում է…
-Կարմիր գլխարկ էր, կարմիր, կարմիր:
-Այո´, և պատասխանում է` գնում եմ շուկա` տոմատ գնելու:
-Երազումդ ես տեսել… Գնում եմ տատիկիս մոտ, որը հիվանդ է, բայց ճանապարհը կորցրել եմ:
-Ճիշտ է: Եվ ձին ասում է…
-Ի՞նչ ձի: Գայլ էր:
-Իհարկե: Եվ այսպես է ասում` կնստես 75 համարի տրամվայը, կիջնես Դուոմոյի հրապարակում, կթեքվես աջ, գետնին կտեսնես երեք աստիճան և փող, աստիճանները թող մնան, փողը վերցրու ու քեզ համար ծամոն գնիր:
-Պապի´կ, դու ընդհանրապես հեքիաթ պատմել չգիտես, միշտ սխալվում ես: Բայց միևնույնն է, ինձ համար ծամոն գնելու ես:
-Դե լավ, վերցրու փողը:
Եվ պապիկը վերադարձավ թերթի ընթերցանությանը:

Թարգմ. Լուսիե Հակոբյան

%d bloggers like this: