Պահոց | 9:13 ե.

ԱՆՏՈՒԱՆ Դ’ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

7 Դկտ

… Ձեր պարտականությունների մեջ չի մտնում փոքրիկ մարդուկների մեջ սպանել մարդուն կամ վերածել նրանց միայն մրջնանոցում ապրելու ընդունակ մրջյունների, քանի որ ինձ համար բացարձակապես կարևոր չէ` լեցուն է, թե լեցուն չէ մարդը իմացությամբ։ Ինձ համար կարևոր է նրա մարդ լինելը։ Ես չեմ հարցնում այն մասին, թե երջանի՞կ կլինի մարդը կամ ոչ, այլ հարցնում եմ այն մասին, թե ինչպիսի՞ մարդը կլինի երջանիկ։ Եվ ինձ քիչ է մտահոգում, թե արդյո՞ք լիության մեջ են ապրում նստակյաց ցեղերը՝ հագեցած, ինչպես անասունը գոմում։
Դուք պետք է մարդկանց հագեցնեք ոչ թե դատարկ սահմանումներով, այլ ամեն տեսակի սխեմաներ ժխտող պատկերներով։ Դուք չպետք է բեռնեք նրանց մեռած գիտելիքներով, այլ ընկալմանը նպաստող ձևը պիտի կոփեք։ Դուք չպետք է դատեք նրանց ընդունակությունների մասին՝ առաջնորդվելով միայն նրանց այս կամ այն զբաղմունքի նկատմամբ տեսանելի հակումներով, քանզի մյուսներից առաջ է անցնում և հաջողության է հասնում միայն նա, ով համառորեն աշխատել է` հակառակ իր հակումներին։ Եվ ամենից առաջ հաշվի առեք սերը։
Ձեզ պետք է մտահոգի ոչ թե հմտությունների ձեռք բերումը, այլ մարդու ձևավորումը, որպեսզի փայտ տաշող ձեր աշակերտը լցվի պատվի ու հավատարմության ոգով, և այդ դեպքում նա փայտն անհամեմատ լավ կտաշի։ Դուք պետք է երեխային հարգել սովորեցնեք, քանի որ հեգնանքը անկիրթների սփոփանքն է ու անհատի մոռացության մատնումը։
Դուք պետք է մարդկանց և նյութական բարիքների կապին խոչընդոտեք։ Եվ փոքրիկ մարդու մեջ մարդ դաստիարակեք՝ ընտելացնելով նրան հոգևոր արժեքների փոխանակությանը, քանի որ այդպիսի փոխանակությունից դուրս միայն հոգու չորություն է։
Դուք պետք է խորհել և աղոթել սովորեցնեք, քանի որ հոգին վսեմանում է դրանցից։ Եվ հոգիները սիրելու վարժեցրեք։ Չէ՞ որ ոչինչ չի փոխարինի նրան։ Սերն ինքն իր հանդեպ հակադրությունն է սիրո։
Դուք պետք է խստորեն դատեք մատնությունն ու կեղծիքը, չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանք հօգուտ մարդու են և նույնիսկ հօգուտ քաղաքի։ Բայց միմիայն հավատարմությունն է կերտում հոգով ուժեղներին։ Մարդը չի կարող մի դեպքում հավատարիմ լինել, իսկ մյուս դեպքում՝ ոչ։ Նա, ով իսկապես հավատարիմ է, հավատարիմ է միշտ և ամենուրեք։ Չի կարելի հավատարիմ համարել նրան, ով դավաճանում է աշխատանքային ընկերոջը։ Ես ամուր քաղաքի կարիքը չունեմ, և մարդկանց բարոյալքումը այդպիսի ամրության հիմք չի կարող ծառայել։
Դուք պետք է ճաշակ զարգացնեք դեպի կատարյալը, քանի որ յուրաքանչյուր գործ մերձեցում է Աստծուն, և այս գործընթացն իր ավարտը կարող է միայն մահվան մեջ գտնել։ Դուք չպետք է լիակատար ներում և գթասրտություն սովորեցնեք, քանի որ այս արժանիքները կարող են աղավաղված հասկացվել և չարիքի ու վնասի երկրպագությանն արժանանալ։ Բայց դուք պետք է յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ համագործակցության միջոցով բոլորը բոլորի հետ զարմանալի համագործակցություն սովորեցնեք։ Եվ այդ ժամանակ վիրաբույժն անապատի մի կողմից մյուսը կշտապի՝ հասարակ սևագործ բանվորի ծունկը տեղը գցելու համար, քանի որ և՛ նա, և՛ մյուսը հավասարապես նույն կառքի կառապաններ են։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴԵՐԿԱՉ

7 Դկտ

ԻՄ ԵՎ ՁԵՐ ՀԱՎԱՏԱՄՔՆԵՐԸ

Ես գիտեմ.
Ինչ էլ որ ինձ հետ պատահի,
Ամեն ինչ կկատարվի վատագույն ձևով,
Եվ ես դրան պատրաստ եմ:
Ես գիտեմ,
Կյանքն այն ժամանակ կդառնա ավելի լավը,
Երբ ես մեկ անգամ և ընդմիշտ բաժանվեմ Հույսից.
Ու դրանից բացի ես ինձ նաև ասացի.
Մի’ վախեցիր:
Մի’ հավատա:
Մի’ խնդրիր:

Հույսի զավակաները Հիասթափություններն են:
Եվ նա չունի ուրիշ զավակներ:
— Պետք է սպասել,- ասում է Հույսը:
Եվ ահա սպասում էի ես:
Բայց իզուր:

Տե’ր Աստված:
Ես գիտեմ.
Հետոն երբեք չի գա:
Օգնիր ինձ բաժանվել հույսերից
Եվ ապրել ոչ թե գալիքով, այլ ներկայով:

ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

7 Դկտ

Մարդկային երջանկության մասին ունեցած իմ մտքերին միշտ էլ, չգիտեմ ինչու, մի տխուր բան էր խառնվում. իսկ հիմա երջանիկ մարդ տեսնելով` ես համակվեցի մի ծանր, հուսահատության մոտեցող զգացումով: Առանձնապես ծանր էր ինձ համար այդ գիշերը: Իմ անկողինը գցեցին եղբորս ննջարանին կից սենյակում, և ես լսում էի, թե ինչպես նա չէր քնում, վեր էր կենում, մոտենում հաղարջով լի ափսեին ու մի-մի հատ վերցնում: Ես միտք էի անում, թե իրոք, որքան գոհ, երջանիկ մարդիկ կան: Ինչպիսի ճնշող ուժ է դա: Նայեցեք այս կյանքին. ուժեղների լկտիություն ու անգործություն, թույլերի տգիտություն ու անասնակերպություն, չորս կողմը անասելի աղքատություն, նեղություն, այլասերում, հարբեցողություն, կեղծավորություն, ստախոսություն… Մինչդեռ բոլոր տներում ու փողոցներում լռություն է, անդորր. քաղաքում ապրող հիսուն հազարի մեջ չկա մեկը, որ ճչա, բարձրաձայն վրդովվի: Մենք տեսնում ենք նրանց, ովքեր շուկա են գնում մթերքի. ցերեկն ուտում են, գիշերը` քնում, ասում են իրենց դատարկ խոսքերը, ամուսնանում, ծերանում, բարեհոգաբար գերեզման տանում իրենց ննջեցյալներին. սակայն մենք չենք տեսնում ու լսում նրանց, որոնք տառապում են, և այն, որ ահավոր է կյանքում, տեղի է ունենում կուլիսների ետևը: Ամեն ինչ խաղաղ է, հանգիստ, բողոքում է միայն համր վիճակագրությունը. այսքան մարդ է խելագարվել, այսքան դույլ ջուր է խմվել, այսքան երեխա է մահացել թերսնումից… Եվ, ակներևաբար, այսպիսի կարգ ու կանոն է պետք. ակներևաբար, երջանիկն իրեն լավ է զգում լոկ այն պատճառով, որ դժբախտները լուռ տանում են իրենց լուծը և առանց այդ լռության երջանկությունն անկարելի կլիներ: Սա ընդհանուր հիպնոս է: Պետք է որ յուրաքանչյուր գոհ, երջանիկ մարդու դռան ետևը կանգներ որևէ մեկը` մուրճը ձեռքին և թակոցով շարունակ հիշեցներ, որ կան դժբախտներ, որ, ինչքան էլ նա երջանիկ լինի, կյանքը վաղ թե ուշ ցույց կտա նրան իր մագիլները, մի փորձանք կպայթի` հիվանդություն, աղքատություն, կորուստներ, և նրան ոչ ոք չի տեսնի և չի լսի, ինչպես նա հիմա չի տեսնում և չի լսում ուրիշներին: Սակայն մուրճը բռնած այդ մարդը չկա, երջանիկն ապրում է իր համար, և առօրյա մանր հոգսերը հուզում են նրան թեթևակի, ինչպես կաղմախիին երերող քամին, և ամեն ինչ մնում է բարեհաջող:

ԻՌԼԱՆԴԱՑԻ ԿՈՐՄԱԿ ԱՐՔԱՅԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

7 Դկտ

-Ով Կորմակ, Կոնալի թոռ, իսկ ես ինչպիսի՞ սովորությունների հետևեմ,- հարցրեց Կոյրեբեն:
— Դժվար չէ ասել` եթե հետևես ուսմունքին,- պատասխանում էր Կորմակը:
— Մի’ ծիծաղիր ծեր մարդու վրա, եթե դու երիտասարդ ես,
և աղքատի վրա, եթե դու հարուստ ես,
և կաղի վրա, եթե դու ճարպիկ ես,
և կույրի վրա, եթե դու տեսանող ես,
և հիվանդի վրա, եթե դու առողջ ես,
և բթամիտի վրա, եթե դու ընդունակ ես,
և հիմարի վրա, եթե դու իմաստուն ես:
Մի’ եղիր չափազանց խելացի և մի’ եղիր չափազանց հիմար,
Մի’ եղիր չափազանց ինքնավստահ և մի’ եղիր չափազանց ամաչկոտ,
Մի’ եղիր չափազանց հպարտ և մի’ եղիր չափազանց համեստ,
Մի’ եղիր չափազանց զրուցասեր և մի’ եղիր չափազանց լռակյաց,
Մի’ եղիր չափազանց խստասիրտ և մի’ եղիր չափազանց բարի:
Եթե դու չափազանց խելացի լինես, ապա քեզնից չափազանց շատ բան կսպասեն,
Եթե չափազանց ինքնավստահ լինես, ապա քեզնից կխուսափեն,
Եթե չափազանց համեստ լինես, քեզ չեն հարգի,
Եթե չափազանց շատախոս լինես, քեզ վրա ուշադրություն չեն դարձնի,
Եթե չափազանց լռակյաց լինես, քեզ հաշվի չեն առնի,
Եթե չափազանց խստասիրտ լինես, քեզնից երես կթեքեն,
Եթե չափազանց բարի լինես, քեզ ոտնատակ կտան:

Դերաբաշխումը փոփոխություններ չի կրի

7 Դկտ

Բոլորովին անհրաժեշտություն չկար քրքրելու դիվանագիտական գաղտնազերծված թղթարարության հազարավոր էջերը, որպեսզի պարզ դառնար, որ Թուրքիայի համար ի սկզբանե կարևորը եղել է ոչ թե Հայաստանի հետ հաշտեցումը, այլ հայ-թուրքական ցուցադրական գործընթացը: Եվ հիմա, երբ դա պարզից էլ պարզ է, թվում է, թե մեզ այլ բան չի մնում անելու, քան Ազգային ժողովի օրակարգում գտնվող արձանագրությունները միակողմանի չեղյալ հայտարարելն ու ստորագրության ետ վերցնելը:
Սակայն, ո՞վ գիտե, գուցե Հայաստանի համար նույնպե՞ս որոշակի իմաստ է ձեռք բերել գործընթացի առկայությունը: Եթե կա խաղ, իսկ դու այդ խաղի մեջ չես, ապա այն ինքստինքյան սկսում է ծավալվել քո դեմ։ Ուրեմն կամ ստիպված ես լինելու անպտուղ ջանքեր գործադրել` այդ ընթացքը կասեցնելու համար, կամ պիտի մասնակից դառնաս, որպեսզի հնարավորություն ձեռք բերես թելադրելու նաև խաղի սեփական կանոնները:
Հայաստանը դեռևս նախաձեռնությունն իր կողմը գրավելու համար չունի ոչ բավարար ռեսուրսներ և ոչ էլ բավարար վճռականություն: Ու թերևս սա է պատճառը, որ առայժմ առավելապես կարևորում է մյուս շահագրգիռ դերակատարների մասնակցության որակը` փորձելով նրանց հակասություններում գտնել իր օգուտի մասնաբաժինը, դիրքավորվել նրանց դասավորությանը համապատասխան: Իսկ դա առաջին հերթին վերաբերում է Միացյալ Նահանգներին, որը, ի տարբերություն ուրիշ միջնորդ երկրների, այս խնդրում ոչ միայն առավել ակտիվ է, այլև մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանում ձևավորված իրավիճակին:
Բայց արի ու տես, որ ԱՄՆ-ը ևս խորապես հիասթափված է Թուրքիայից` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ձախողելու առումով: Իսկ նմանօրինակ հուսախաբությունը կարող է երկու կարգի հետևանք ունենալ: Կամ Սպիտակ Տունը վերջնականապես կհրաժարվի հայ-թուրքական գործընթացին բարձր մակարդակով աջակցելուց և ընդամենը ձևական ներկայություն կապահովի առանձին զարգացումների ժամանակ, կամ կգործադրի մյուս տարբերակը`որոշակի ճնշումներ կբանեցնի Անկարայի վրա` իր կամքը թելադրելու համար:
Երկրորդ մոտեցումն առայժմ շատ ավելի իրատեսական է դիտվում, և դրա համար կա նույնիսկ նպատակահարմար ժամանակահատված: Նախ և առաջ դա վերաբերում է եկող տարի Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այսօրինակ հեռանկարը չեն բացառում նույնիսկ թուրք քաղաքական վերլուծաբանները, սակայն իրավիճակը գնահատում են այլ դիտանկյունից` գտնելով, որ ընտրություններն իսկապես կարող են մեծ ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վերաբեռնման վրա, սակայն ընդգծում են նաև, որ կարգավորման փորձեր կարվեն անկախ այն բանից, թե որ կուսակցությունը մեծամասնություն կստանա կամ ինչպիսին կլինի դրսից եկող ներգործությունը: Անուղղելի լավատեսները նույնիսկ չեն բացառում, որ 2011-ի ամռանը կարող է մասնակիորեն բացվել հայ-թուրքական սահմանը:
Ազդեցություն թողնելու մյուս` արդեն փորձված ժամանակահատվածը Վաշինգտոնի համար շարունակում է մնալ ապրիլ ամիսը, երբ կարելի է Անկարային սպառնալ Ցեղասպանության ճանաչմամբ ու հարկադրել ինչ-ինչ զիջումների: Այստեղ հարկ է նկատել, որ թուրքերը նախկինի պես շարունակում են շատ զգայուն վերաբերվել Հայոց ցեղասպանության հարցին: Ինչպես WikiLeaks-ի գաղտնազերծված փաստաթղթերից մեկում բավականին դիպուկ նկատել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եղեռնի խնդիրը դամոկլյան սրի պես կախված է մնում Թուրքիայի գլխին: Սակայն Թուրքիան նույնպես միամիտ չէ, և յուրաքանչյուր անգամ գտնում է որևէ հարմար պատրվակ ամերիկացիների գլխի տակ փափուկ բարձեր տեղադրելու համար: Այնպես որ, հաջորդ տարի ևս նրանք ինչպես թուրք-ամերիկյան, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների մասով կհորինեն ինչ-որ մի ձևական քայլ և միջազգային հանրությանը դա կմատուցեն «բարի կամքի դրսևորում» գեղեցիկ փաթեթավորմամբ:
Այն, որ վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի քաղաքական դիրքորոշումը խմբագրումների չի ենթարկվել, օրեր առաջ հաստատեց նաև այդ երկրի արտգործանախարար Ահմեդ Դավութօղլուն, երբ աշխատանքային այցով գտնվում էր Վաշինգտոնում: Նա բառացի հայտարարեց, որ «հայ-թուրքական համաձայնագրի շուրջ փոփոխություն չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց չի արձանագրվել»: Նախարարն իր խոսքում երկու էական ճշտում կատարեց, ինչի մասին հարկ է, որպեսզի խորհեն Երևանում: Նա ասաց, որ եթե նույնիսկ արձանագրություններն առանց հայ-ադրբեջանական համաձայնության վավերացվեն, ապա, միևնույն է, իրավիճակի առաջին իսկ լուրջ բարդացման դեպքում Թուրքիան դարձյալ կփակի սահմանը: Իսկ այդպիսի «բարդացում» Բաքուն կարող է հրահրել օրը մի քանի անգամ:
Հաջորդ դիտողությունն այն մասին էր, որ երկու պետությունների վրա ճնշում գործադրելու միջազգային հանրության բոլոր փորձերը միայն կխանգարեն բանակցություններին: Անկարայում սա արդարացնում են այն հանգամանքով, որ այդ ճնշումների ժամանակ «թուրքական հասարակությունը լցվում է դրան հակադրվելու վճռականությամբ և ավելի համառ է դառնում` խանգարելով խնդիրների լուծման բնական դինամիկային»: Հասկանալի է, որ սա համարյա նույն բանն է, ինչ ադրբեջանական ճակատում լարվածության հեռանկարը, այսինքն` թուրք հանրությունը ամեն պահի կարող է հակադրվել ու ընդվզել, եթե նման հրահանգ տրվի Անկարայի բարձր ատյաններից: Հետևաբար խոսելով այսպես կոչված «Ցյուրիխ-2»-ի, այսինքն` հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման հնարավորության մասին, նախ պետք է հիմնավորել դրան նպաստող նախադրյալների առկայությունը: Իսկ դա այսօր, ցավոք, չի գծագրվում:
Մի բան կասկածից վեր է. մոտակա ժամանակներում «Հայաստան-Թուրքիա» խաղի դերաբաշխումը լուրջ փոփոխություններ չի կրի: Հին դիմակները կմնան հին դեմքերի վրա: Ու քանի դեռ հայ-թուրքական հարցը կապվում է ղարաբաղյան հիմնախնդրի հետ, ապա գործընթացը դադար կառնի փակուղում։

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: