Պահոց | Մայիսի, 2018

ԵԼՑԻՆԸ ՔԱՂՑԱԾ ԷՐ

25 Մյս

1995 թվականին ՌԴ նախագահ Բորիս Ելցինը պաշտոնական այցով մեկնել էր Վաշինգտոն` հանդիպելու ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ: Հետագայում Քլինթոնն իր ինքնակենսագրական գրքում պատմել է. «Ուշ գիշերին ԱՄՆ գաղտնի գործակալության պահնորդը հայտնաբերեց հարբած Ելցինին նրա նստավայրի մերձակայքում` Փենսիլվանիա-ավենյուում, հագին միայն վարտիք էր: Պարզվեց, նախագահը ցանկացել էր տաքսի կանգնեցնել, որ գնա պիցցա գնելու»:

6931332

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՐՎԱԾԸ

25 Մյս

2002 թվականի գարնանային մի օր Ճապոնիայի վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի թիկնապահները նրա աշխատասենյակից լսեցին հարվածի ուժգին ձայներ: Նետվելով ներս նրանք տեսան, որ սարսափելի ոչինչ չի կատարվել, ընդամենը վարչապետը ֆուտբոլի գնդակով հարվածում էր պատին: Հետո Կոիձումին թիկնապահներին բացատրեց, որ գնդակի հետ վարվելու ձև է սովորում, քանի որ մինչ այդ չի իմացել, իսկ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ նրան էր վերապահված առաջին խորհրդանշական հարվածը կատարելու պատիվը:

02151564

ՀԵՐՆ ԱՆԻԾԱԾ

25 Մյս

Քաղաքում թաց գիշեր է: Անծանոթ փողոցով քայլում եմ այնքան, մինչև փողոցը փոխվում է: Հետո փոխվում են տները, ծառերը, լույսերը: Մտքերն են փոխվում: Ամեն ինչ դառնում է այնպես, ինչպես եղել է. սովորական է դառնում: Ու այդ սովորական գիշերվա սովորական ստվերների միջով ես տուն եմ գնում` սուլելով սովորական մի մեղեդի, որ երբեք լավը չի եղել: Հետո՞ ինչ, մտածում եմ ես, որ վատն է մեղեդին: Հերն անիծած: Եվ հերն անիծած այն ամենի, ինչը երբևէ լավը չի եղել, բայց գոնե մեկ անգամ քեզ հետ է եղել այս մեղեդու նման: Քոնն է եղել: Եղել է այնքան, քանի դեռ մի օր, մի գիշեր, մի դատարկության մեջ դու հանկարծ կանգ չես առել փողոցում, որ ետ նայես խաղաղված հայացքով ու ասես ինքդ քեզ. «Հերն անիծած»:

Հովիկ Չարխչյան

nochnaya-ulitsa3-768x576

ՎԵՐՋԻՆԸ

25 Մյս

Դա լինում է ընդամենը մեկ անգամ: Դու ինքդ էլ չես իմանում, որ դա արդեն կատարվեց: Եվ միայն հետո, շատ հետո մի օր, երբ ժամանակը կանգ է առնում քեզ համար, երբ լինելը դառնում է դժվար, իսկ չգոյությունը` առավել, մոռացված օրերի միջից հանկարծ իջնում է նա, առանց պաճուճանքի, ճիշտ այնպես, ինչպես եղել է: Միայն այդքանը: Եվ ոչ ավելին: Ավելին չի լինում: Հիշողության ճերմակ սփռոցի վրա հեղվում է նրա քաղցրահամ գինին, ափսոսանքի կարմիր հետքը պատկերներ է գծում քո ցանկության ծոպքերին և կարոտն ամենամտերիմ հարազատի պես շշնջում է ականջիդ. «Սա նա է»: Ճանաչելն ամենահեշտն է: Դու գիտես նրան: Դու ընդամենը չգիտես, թե ինչու հատկապես նա: Դու կուզեիր, որ դա լիներ ուրիշ մի բան` հեքիաթային ու խորհրդավոր, թափանցիկ, ինչպես պատրանքը: Դու լույսեր կուզեիր ու գույների ջրվեժներ, որովհետև միայն այդպիսին կարող է լինել ամենանվիրական իղձը: Եվ եթե անգամ ունեցել ես այդ ողջ երազը, ուրեմն էլ ինչու՞ է երկյուղը համակում հոգիդ, երբ մոռացության միջից կրկին հառնում է նա` քո միակն ու մոլորվածը:
Պետք չէ, ոչինչ մի ասա: Դա միայն քոնն է, ինչպես որ քոնն է այսօրը` հայտնությամբ արբած, ինչպես որ քոնը կլինի վաղը` ցավի հետ անհաշտ, սակայն էլ երբեք չի լինի երեկն այնպես, ինչպես արդեն եղել է: Էլ երբեք:

Հովիկ Չարխչյան76767675

ՀՆԱՐԱՄԻՏ ԿՏԱԿ

25 Մյս

1902 թվականին Գերմանիայում վախճանվեց Փֆայֆեր ազգանունով մի մեծահարուստ: Իր հարազատներին շահամոլության մեջ կասկածող Փֆայֆերը մահից առաջ կազմել էր մի խորամանկ կտակ: Համաձայն այդ կտակի, յուրաքանչյուր հարազատ, որը կհրաժարվեր մասնակցել թաղմանը, կստանար 300 մարկ: Մնացած կարողությունը պիտի բաշխվեր հատուկ կարգով, ինչը գաղտնի էր պահվում: Իսկ այնտեղ գրված էր, որ ահռելի գումարներ բաժին կհասնեին նրանց, ովքեր կհրաժարվեին այդ 300 մարկից ու կգնային թաղմանը: Արդյունքում միլիոնները բաժին հասան մի խեղճ պառավի, որը հանգուցյալի հեռավոր ազգականն էր:

org3

ՄԻԱՅՆ ԱՅԴՔԱՆԸ

18 Մյս

Ինձ դուր է գալիս այդպես ապրելը: Ինձ հարազատ է առավոտի մեջ լինելը, որ հետո երեկոն իր սկիզբն ունենա: Ինձ համար սիրելի են բոլոր նրանք, ովքեր արթնանում են, որպեսզի գիշերը քուն մտնեն այն միամիտ հույսով, թե ապրեցին այս օրը վաղվա համար: Եվ ես ուզում եմ լինել բոլոր այդ մարդկանց կողքին, նրանց օրվա մեջ, նրանց մտքերում, նրանց հաջողությունների ու ձախողումների հետ, կորուստների ու հայտնությունների ժամանակ, լինել այնքան, որքան տրված է ու որքան ուզում է ցանկությունս: Ես սիրում եմ նրանց սիրելը, նրանց հիասթափություններն ու տխրությունը, լարված հայացքները, երբ պատասխան չի լինում, սեղմված մատները, երբ ուրիշ է ելքը, առկայծող աչքերը, եթե մոտ է ցանկալին, խաղաղ շնչառությունը, երբ հրաժեշտ են տալիս: Ես ինքս էլ նրանցից մեկն եմ, և ուրիշ ոչինչ ինձ պետք չէ, բացի նրանցից մեկը լինելը: Միայն այդքանը:
Այսօր էլ, ինչպես ամեն մի օր, լինելու է այն, ինչ լինելու է: Դա է մեր փրկությունը: Մեր բոլորի միակ փրկությունը հենց դա է: Եվ հենց սա է միակ անվիճելին, պատասխանների պատասխանը, ցանկություններից առաջինն ու վերջինը, համոզմունքներից անքննելին ու կասկածներից անմեղը:

Հովիկ Չարխչյան

flower-growing

ԿԻՆԸ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՄՈՏ

18 Մյս

Պատմում է.
— Հյուրանոցի դիմացի մայթին կանգնել, ընկերուհուս եմ սպասում: Մեկ էլ աչքս ընկավ` հյուրանոցի վերին հարկի պատուհանից մի կին ձեռքով է անում: Ես էլ ձեռքս բարձրացրի ու թափահարեցի: Անցավ մի փոքր, այդ կինը նորից ձեռքով արեց: Դարձյալ պատասխանեցի, բայց քանի որ հեռու էր, գլխի չէի ընկնում, թե ով կլինի: Հետո սա երրորդ, չորրորդ անգամ ձեռքը տարուբերեց: Էլ չդիմացա: Փողոցն անցա, մտա հյուրանոց, վերելակով բարձրացա նրա հարկը: Երբ սենյակի դուռը բացեցի, պատուհանի մոտ կանգնած հավաքարարը ապակիներն էր մաքրում…

plastikovye-okna-chem-otteret_2

ԽՈՀԱՐԱՐՈՒՀԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ

18 Մյս

«Ցանկացած խոհարարուհի կարող է զբաղվել պետության կառավարմամբ»,- այս խոսքերը վերագրվում են Լենինին: Իրականում Լենինը ոչ միայն նման բան չի ասել, այլ ասել է ճիշտ հակառակը. «Մենք ուտոպիտներ չենք: Մենք գիտենք, որ ցանկացած սևագործ բանվոր ու ցանկացած խոհարարուհի չեն կարող անմիջապես ներգրավվել պետության կառավարման գործում։ Բայց մենք պահանջում ենք անհապաղ հրաժարվել նախապաշարմունքից, թե իբր կառավարել պետությունը, վարել կառավարման ամենօրյա աշխատանքը ի վիճակի են միայն հարուստները կամ հարուստ ընտանիքներից սերող չինովնիկները»։

hvgwsfhnmml3ngjhmtvb

ԿԱՐՈՂ Է ԽՄԵԼ

18 Մյս

Բրիտանական պառլամենտի Համայնքների պալատում արգելված է ալկոհոլային խմիչք գործածել ինչպես պատգամավորներին, այնպես էլ հրավիրյալ անձանց: Միակ բացառությունն արվում է այդ երկրի գանձապետարանի կանցլերի համար: Սա կարող է խմել ցանկացած բան, երբ ելույթ է ունենում օրենսդիրների առաջ և ներկայացնում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:

1315812

ՄԵԿ ՖԻԼՄԻ ՆԱԽԱՐԱՐ

18 Մյս

«Մատանիների տիրակալը» ֆիլմը պատկառելի եկամուտ բերեց Նոր Զելանդիային, որտեղ ընթանում էին նկարահանումները: Բանը հասավ նրան, որ այդ երկրի կառավարությունը նույնիսկ պաշտոն սահմանեց` «Մատանիների տիրակալի» գծով նախարար, որը պիտի համակարգեր և լուծեր բոլոր կարգի տեխնիկական ու ֆինանսական խնդիրները:

180982-1280x800

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԲԺԻՇԿ

14 Մյս

1981 թվականի մարտի 30-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա կրակեցին: Փամփուշտը խոցեց նրա թոքը: Նախագահին շտապ տեղափոխեցին հիվանդանոց: Վիրահատության սեղանի վրա Ռեյգանը հանեց թթվածնային դիմակը և կատակով ասաց վիրաբույժին.
— Հուսով եմ, դուք հանրապետական եք:
Բժիշկն իրեն չկորցրեց և ամենայն լրջությամբ պատասխանեց.
— Այսօր, պարոն նախագահ, մենք բոլորս հանրապետական ենք:

Reagan_assassination_1

ՍԿԶԲՈՒՄ ՍԽԱԼՎԵՑ

14 Մյս

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգն իր «Հարի Փոթեր» գրքի առաջին մասն ավարտեց 1995 թվականին և այն առաքեց 12 հրատարակիչների: Բոլորն էլ մերժեցին գրողին: Միայն մեկ տարի անց լոնդոնյան Bloomsbury փոքրիկ հրատարակչութունը համաձայնեց լույս ընծայել գիրքը, սակայն հրատարակիչն այնուամենայնիվ հարկ համարեց հեղինակին խորհուրդ տալ, որ նա զբաղվի այլ գործով: «Մանկական գրքեր գրելը քո խելքի բանը չէ, ավելի լուրջ աշխատանք գտիր»,- ասաց նա Ռոուլինգին:

HP_01.2

ՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ

14 Մյս

Տխուր մարդն ամաչում է իր տխրության համար: Նա նստում է քեզ հետ, կատակներ է անում, ծիծաղում է ամենաբարձրը, սակայն տխրությունն աչքերից այնպես է ծորում, որ նա ոչինչ չի կարող անել այդ հոսքն ընդհատելու համար: Նրա բառերը հատու են և անարժեք, նրա շարժումները կտրուկ են, իսկ մատներն՝ անհանգիստ: Նա դեռ շարունակելու է հավատալ, թե ոչինչ չի կարող մատնել իր տխրությունը: Նա ազնվորեն չի ցանկանում լսել այդ մասին, ու եթե անզգուշաբար հարցնես, կասի՝ ամեն ինչ կարգին է, հետո նորից կկրկնի, որ ինքն էլ համոզվի: Նա կմնա քեզ հետ երկար ու կերազի միայնության մասին: Նա ինքը բազում հարցեր կտա ու պատմություններ կհիշի, սակայն ուզածը լռությունն է լինելու: Բայց նա սարսափում է թե մեկից, թե մյուսից: Ամեն ինչ, միայն թե ոչ լռությունը միայնության կողքին, ամեն ինչ, բայց ոչ անզորությունը: Տխրությունը վիշտ չէ, որ փարատես, ցավ չէ, որ մեղմես մխիթարանքով: Դրա համար էլ տխրել չի ուզում, ինչ էլ որ լինի: Ինչ էլ որ լինի:
Ուրեմն պետք չէ տխրել նաև անցնող օրվա համար, և ամպամած երկնքի համար, և չարդարացված հույսերի համար, և այրված ծխախոտի համար, և անորոշ սպասման համար, և դատարկ բառերի համար, և մեռած մարդկանց համար, և քաղցր հուշերի համար, և թափված գինու համար, և երկրի պտույտի համար: Ոչնչի համար պետք չէ տխրել: Ընդամենը ափսոսալ է պետք: Ու մենք բոլորս էլ ափսոսալու ենք, որովհետև երբ կանցնի ժամանակը, օրը, տարին, դարը, տխրությունից ոչինչ չի հիշվելու, սակայն երկարակյաց կլինի ափսոսանքը՝ մարդու համար արարված:

Հովիկ Չարխչյան

teen-depression-e1511358524718-1440x564_c

ԸՆԿԱՎ ԻՐ ԹԱԿԱՐԴԸ

14 Մյս

Մի անգամ Սալվադոր Դալին կարծիք հայտնեց այն մարդկանց մասին, ովքեր իրենց խոսքում հաճախ են օգտագործում ծեծված ու կաղապարված արտահայտություններ: «Առաջին մարդը, ով կնոջ այտերը համեմատեց վարդի հետ, պոետ էր: Առաջին մարդը, ով դա կրկնեց, ապուշ էր»,- ասաց նա: Նկատենք միայն, որ իր ասույթով Դալին հարվածի տակ էր դնում նախ և առաջ ինքն իրեն: Բանն այն է, որ այդ մտքի հեղինակն իրականում ֆրանսիացի բանաստեղծ Ժերար դը Ներվալն էր:

salvador-dal--696x392

ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՈՒՇԱՑԱՎ

14 Մյս

Աշխարհահռչակ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը հանրահայտ էր նաև նրանով, որ մշտապես ուշանում էր: Ինքն էլ այդ բանը գերազանց իմանալով, նա ցանկություն էր հայտնել նման հատկություն դրսևորել նաև մահից հետո: Նրա հուղարկավորման արարողությունը սկսեց հայտարարված ժամից 15 րոպե անց, իսկ արարողության կազմակերպիչն ընթերցեց հետևյալ հայտարարությունը. «Նա ցանկացել էր ուշանալ նունիսկ սեփական թաղումից»:

glumica

ԵՐԱԺԻՇՏ, ԹԵ՞ ԳԻՏՆԱԿԱՆ

14 Մյս

Ալբերտ Էյնշտեյնը հրաշալի ջութակահար էր: Մի անգամ Գերմանիայում բարեգործական միջոցառման ժամանակ նա նույնիսկ համերգ տվեց: Տեղի լրագրողներից մեկը, որ գաղափար չուներ Էյնշտեյնի ով լինելու մասին, հաջորդ օրը թերթում հիացական հոդված տպագրեց «մեծ և տաղանդավոր երաժշտի, անզուգական վիրտուոզի» մասին: Ասում են, Էյնշտեյնը պահել էր թերթի այդ համարը, հետագայում հպարտությամբ ցուցադրում էր իր հյուրերին և կրկնում, որ ինքն իրականում շատ ավելի լավ երաժիշտ է, քան գիտնական:

Без названия

20 ՏԱՐՎԱ ԵՐԱԶ

9 Մյս

Լայն տարածում ունի այն լեգենդը, թե իբր քիմիական տարրերի պարբերական աղյուսակի մասին միտքը Մենդելեևը հղացել է երազում: Մի անգամ նրան հարցրեցին, թե դա որքանո՞վ է հավաստի, ինչին գիտնականը պատասխանեց. «Ես այդ մասին, կարելի է ասել, 20 տարի եմ մտածել, իսկ դուք կարծում եք` նստեցի ու խնդրեմ, պատրա՞ստ է»:

maxresdefault

ՀԱՐՍԱՆԻՔ ԷՐ ԳՆԱՑԵԼ

9 Մյս

Իրավիճակը լարված էր: Արարատի գործկոմի նախագահ Դավիթ Զադոյանի աշխատասենյակում հավաքվել, հրատապ խնդիրներ էինք քննարկում: Հեռախոսն աղմկեց: Վազգենն էր.
— Նախիջևանի սահմանին լրացուցիչ խմբեր ուղարկեք: Հնարավոր է, որ ձեր ուղղությամբ հարված լինի: Ես վաղը զբաղված եմ լինելու, հարսանիք պիտի գնամ: Ուշքներդ վրաներդ պահեք:
Անջատեց: Ի՞նչ հարսանիք, ի՞նչ բան էս նեղ պահին: «Շեֆը քեֆի մեջ է»,- կատակեց ինչ-որ մեկը:
Առավոտյանի իմացանք. մերոնք վերցրել էին Շուշին: «Հարսանիքը լեռներում»:

Հ. Չ.

harsaniq_lernerum

 

ՆԻԿՈԼՆ ՈՒ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

9 Մյս

Իմ թղթերի մեջ պահվող այս վավերագիրը, որ 20 տարվա վաղեմություն ունի, հիմա արդեն կրկնակի արժեք է ձեռք բերում: Մի դեպքում այն պիտի առնչվի գրապատմությանը, մեկ այլ դեպքում` Հայաստանի նորագույն քաղաքական ժամանակաշրջանին: Ի դեպ, 20 տարի առաջ եզակի մարդիկ պաշտպան կանգնեցին Նիկոլին: Ու Հրանտ Մաթևոսյանը նաև այդ հարցում մնաց եզակի:

Հ. Չ.

IMG_20180508_034331

ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻ ՍԵՄԸ

5 Մյս

Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանացի նավաստիները «Բիսմարկ» հածանավ բերեցին մի կատվի: Բրիտանացիները խորտակեցին հածանավը, բայց կատուն փրկվեց և անցավ անգլիացի նավաստիների մոտ: 5 ամիս հետո այս նավը տորպեդահարվեց գերմանական սուզանավի կողմից: Կատուն կրկին փրկվեց ու այս անգամ էլ հայտնվեց «Արկ Ռոյալ» ավիակիրի վրա, որը նույնպես հետո խորտակվեց: Մի խոսքով, կատուն կրկին ողջ մնաց, բայց այս անգամ իր կյանքը շարունակեց ցամաքի վրա և ապրեց մինչև 1955 թվական: Նրա անունն էր Անխորտակելի Սեմ:

Unsinkable-Sam-cat

 

%d bloggers like this: