Պահոց | Հուլիսի, 2017

ԿՈՒՅՐ ԶՈՐԱՎԱՐԸ

31 Հլս

Չեխերը ազգային հերոս ունեն` Յան Ժիժկան: Այս զորավարը մի աչքից կույր էր: 15-րդ դարի սկզբին, երբ երկրում ներքին կռիվներ էին, նա զրկվեց նաև երկրորդ աչքից: Բայց դրանից հետո էլ շուրջ 3 տարի ղեկավարում էր բանակը և ոչ մի ճակատամարտում պարտություն չկրեց: Հենց այդ մարդն էր, որ կտակեց իր մաշկը քաշել թմբուկի վրա, որ նույնիսկ մահից հետո կարողանա ոգևորել իր զինվորներին:

36287_original

Advertisements

ՄԵՂՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

31 Հլս

«1961 թ. Թուրքիայի տարածքում գտան յոթհազարամյա մի քաղաք, և այդ քաղաքում բնակարանների ու տաճարների պատերին հայտնաբերվեցին որմնանկարներ, որոնք պատկերում էին ոչ միայն մեղուների, այլև շրջանակ` մեղրաբջիջներով: Ուրեմն ոչ թե եգիպտացիները, այլ ուրիշնե՞րն են առաջինը ընտելացրել մեղուներին: Իսկ գուցե հայե՞րը:
Հայաստանում կա մի շրջան, որ կոչվում է Մեղրի: Որոշ գիտնականներ գտնում են, որ հատկապես այստեղ է եղել մեղուների ընտելացման գլխավոր և առաջին կենտրոնը: Համենայն դեպս, ստույգ հայտնի է, որ հին հայկական Ուրարտու թագավորությունում մեղրը շատ տարածված ուտելիք էր: Բացի այդ, մեղուները նաև պաշտպանում էին իրենց տերերին. կան տեղեկություններ, համաձայն որոնց հայերը անկախության համար մղվող իրենց պայքարում օգտագործում էին մեղուներին, որոնք հարձակվում էին թշնամու վրա ու նրանց փախուստի մատնում»:
Յուրի Դմիտրիև
«Մարդը և կենդանիները» գրքից

3121

ՄՏՔԵՐ

30 Հլս

Հիշիր այս օրը… քանզի նրանից է սկսվում հավերժությունը:
Դեն Բրաուն

Ամեն անգամ, երբ իմ հեռախոսը լռում է, ես գիտեմ, որ դա դու ես:
Յանուշ Վիշնևսկի

Գործը միավորում է, խոսքը բաժանում է:
Բրեթ Իսթոն Էլիս

Երբեմն այն, ինչ մենք գիտենք, անիմաստ է նրա համեմատ, ինչ մենք զգում ենք:
Սթիվեն Կինգ

— Աչքերիդ ի՞նչ է եղել: Դու արտասվե՞լ ես:
— Ոչ,- պատասխանեց նա` ժպտալով:- Ես չափից ավելի սևեռուն նայեցի իմ հեքիաթներին, իսկ այնտեղ շատ պայծառ արև էր:
Կնուտ Համսուն

Լավատեսն ու հոռետեսը հավասար ներդրում ունեն հասարակական կյանքում: Լավատեսը ստեղծում է օդանավը, իսկ հոռետեսը` պարաշյուտը:
Բեռնարդ Շոու

Լռում է միայն նա, ով ընդունակ է ինչ-որ բան ասելու:
Ժան-Պոլ Սարտր

Եթե աշխարհում ամեն ինչ անիմաստ է,- ասաց Ալիսան,- ի՞նչն է խանգարում հորինել որևէ իմաստ:
Լուիս Քերոլ

Մարդկային ուղեղն ընդունակ է պահպանելու մոտ 60 միլիարդ հիշողություն: Երբ հիշողության «ամբարը» լցվում է, տեղի է ունենում դրանց զտումը: Պակաս հետաքրքիր հիշողությունները մոռացվում են: Մնում են ողբերգական հուշերն ու անցած ուրախությունների ափսոսանքը:
Բեռնարդ Վերբեր

Սիրահարված կնոջից տրամաբանություն պահանջելը նույնն է, թե արև փնտրես խուլ գիշերվա մեջ:
Ստեֆան Ցվայգ

Կյանքում չկան ուղիղ ճանապարհներ: Բոլոր ուղիներն իրենց բնույթի մեջ շրջանաձև են: Կարող ես ճամփա ընկնել, հեռանալ ինքդ քեզնից, բայց միևնույն է, կվերադառնա քեզ մոտ, ինչպես անտառում մոլորվածը, ինչպես շղթայով կապված շունը:

Ուիլլ Ֆերգյուսոն

Փախան մանկությունը, պատանեկությունը, հասունությունը: Կփախչի ծերությունը: Բոլորը կփախչեն: Մենակ կմնամ:
Յուրի Նագիբին

Ուրիշի հիմարությունը երբեք չի նվազեցնում քոնը:
Ումբերտո Էկո

54240289_Black_White_Angel

ԳԻՍԱՍՏՂԻ ՀԵՏ

29 Հլս

1835 թվականին մեր մոլորակի կողքով անցավ Հալլեի գիսաստղը: Այդ դեպքից 2 շաբաթ անց ծնվեց Մարկ Տվենը: 1909 թվականին Տվենը գրեց. «Ես աշխարհ եկա գիսաստղի հետ, նրա հետ էլ կհեռանամ, երբ եկող տարի կրկին հայտնվի»: Այդպես էլ եղավ: Գրողը մահացավ 1910 թ. ապրիլի 21-ին, Հալլեի գիսաստղի հայտնվելու հաջորդ օրը:

m-tven-7

 

ԱՆՁՐԵՎԻ ՄԱՐԴԸ

29 Հլս

Ամերիկյան հրաշալի մի ֆիլմ կա` «Անձրևի մարդը»`Դասթին Հոֆմանի անզուգական կատարմամբ: Բայց երևի քչերը գիտեն, որ ֆիլմի գլխավոր հերոսն իսկապես ունեցել է իր նախատիպը: Նրա անունն էր Կիմ Պիկ` ֆենոմենալ հիշողությամբ մի մարդ, որ կարողանում էր մտապահել ընթերցած ինֆորմացիայի 98 տոկոսը: Պիկը աուտիզմով չի տառապել, ինչպես կինոնկարում է, փոխարենը ունեցել է բնականից մեծ գլուխ` ուղեղային վնասվածքով: Ասում են, որ ապշեցնում էր հատկապես նրա ընթերցանության տեխնիկան: Աջ աչքով նա կարդում էր աջ էջը, իսկ ձախով` ձախը: Արդյունքում գրքի բացվածքի ընթերցումը տևում էր 8-10 վայրկյան:

pizap.com15012038965831

ՈՐ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԼԻՆԻ

28 Հլս

Սեմյուել Մորզեն մինչև 34 տարեկանը զբաղվում էր գեղանկարչությամբ և երբևէ չէր հրապուրվել տեխնիկայով: 1825 թվականին փոստատարը նրան հանձնեց հոր նամակը, որտեղ գրված էր, որ նրա կինը մահամերձ է: Մորզեն անմիջապեց լքեց Վաշինգտոնը և ճանապարհ ընկավ դեպի Նյու-Հեյվեն, ուր նրա ընտանիքն էր ապրում, բայց մինչև տեղ կհասներ, կնոջն արդեն հուղարկավորել էին: Այդ ցավալի դեպքը Մորզեին ստիպեց մտածել մեծ տարածության վրա տեղեկություններն ավելի արագ հաղորդելու խնդրի շուրջ: Արդյունքում 1838 թվականին ծնունդ առան Մորզեի այբուբենն ու էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը:

pizap.com15011146138491

ԵԹԵ

28 Հլս

Հայտնի է, որ «լակոնիկ» բառն առաջացել է հին հունական Լակոնիա երկրամասի անունից, որտեղ գտնվում էր նաև Սպարտա քաղաքը: Այստեղի բնակիչներն առանձնանում էին դիպուկ և հակիրճ խոսքով: Ասվածի դասական օրինակ է համարվում պատմությունը` կապված Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդի հետ: Թագավորը շրջապատում է Սպարտան և վերջնագիր է հղում նրանց, որտեղ ասվում էր. «Անհապաղ հանձնվեք, որովհետև եթե ես ուժով նվաճամ Սպարտան, կոչնչացնեմ բոլոր բնակիչներին, իսկ քաղաքը հողին կհավասարեցնեմ»: Այս նամակին սպարտացիները պատասխանեցին մեկ բառով. «Եթե»:

300_spartancev_02

ՍՊԱՍԵՄ ՀՈՐՍ

28 Հլս

Խաչմերուկում կանգնում ու սպասում էիր մեր գալուց կես ժամ առաջ: Թեև նախապես զանգում, ասում էինք` նոր ենք դուրս եկել, բայց դու արդեն կանգնած էիր դրսում: Մեր կես ժամ շուտ տեղ հասնելը քեզ ի՞նչ էր տալու: Մենք դա չիմացանք: Դու գիտեիր:
Քո կանգնած տեղի թափուրը, քո սպասման տեղի թափուրը, քո թափուրը, իմ թափուր-թափուրը, քեզ տարած իմ կոտրված ձեռքի մեղավոր թափուրը, իմ խղճի ցավոտ անթափուրը մեխվել, մոլորվել են այդ մի կետի վրա ու գնալու տեղը չեն գտնում:
Մի օր էլ մենք ենք կանգնելու դատարկ փողոցում` աչքներս ճանապարհին, ժամանակից առաջ ընկած և կես ժամ առաջ երջանկացած լինելու երջանկությամբ: Եկողները կգան: Հեռացածիդ ես ինչքա՞ն սպասեմ…

20375648_1439520362749958_81956451383882570_n

ՍԵՆԵԿԱ

26 Հլս

Որքան բաներ ենք մենք ձեռք բերում միայն այն պատճառով, որ ուրիշներն էլ են դրանք ձեռք բերում, որ մեծամասնությունն ունի դրանցից: Մեր դժբախտությունների պատճառներից մեկն այն է, որ մենք ապրում ենք ուրիշների օրինակով:

seneka-o-tom-kak-spravljatsja-s-besprichinnymi_1

 

ԽԱՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԿԱՄԻ

26 Հլս

Ի վերջո ալեբախությունը կդադարի և դու չես էլ հիշի, թե ինչպես հաղթահարեցիր այն: Դու նույնիսկ վստահ չես լինի, թե արդյո՞ք այն իսկապես ավարտվել է: Բայց մի բան անվիճելի է. երբ դուրս գաս փոթորկից, դու այլևս երբեք չես լինի այն մարդը, որ կայիր փոթորկի մեջ ընկնելիս: Քանի որ հենց դրա մեջ էր նրա ամբողջ իմաստը:

wave_vector_3_161605

 

ՄՈՒԼՏՀԵՐՈՍՆԵՐԻ ՆԱԽԱՏԻՊԵՐԸ

26 Հլս

«Թոմը և Ջերրին» մուլտֆիլմի հերոսների անունների ընտրությունն ամենևին էլ պատահական չէ և դա հին արմատներ ունի: 19-րդ դարի առաջին կեսին ստեղծագործում էր անգլիացի գրող Պիրս Իգանը, ով առավելապես ընթերցողներին հայտնի էր «Կյանքը Լոնդոնում» ակնարկների ժողովածուով: Նրա նախընտրած կերպարները «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչներն էին, որոնց կյանքն անցնում էր արկածների ու զվարճանքների մեջ, իսկ գլխավոր հերոսներն էին Թոմն ու Ջերրին: Այդ տարիներին նույնիսկ տարածում գտած արտահայտություն կար` «tom and jerry», որը նշանակում էր «կռիվներ հրահրել, հարբել, և շրջապատի համար խնդիրներ ստեղծել»: Կա ենթադրություն, որ հենց այս փաստն էլ որոշիչ է եղել մուլտֆիլմի հերոսների անուններն ընտրելիս:

v2tom-jerry

ԷՅՆՇՏԵՅՆԻ ԼԵԶՈՒՆ

24 Հլս

Շատերին է ծանոթ Ալբերտ Էյնշտեյնի այս լուսանկարը, որտեղ աշխարհահռչակ ֆիզիկոսը լեզու է ցույց տալիս: Լուսանկարն արվել է 1951 թվականին, Էյնշտեյնի ծննդյան օրը: Օրվա անցուդարձից և լրագրողների բազմաթիվ հարցերից հոգնած գիտնականը նկարվելու համար կեցվածք ընդունելու հերթական խնդրանքին որոշեց պատասխանել լեզուն հանելով, բայց ճարպիկ լուսանկարիչը հասցրեց անմահացնել ակնթարթը:
Ի դեպ, նկարն անչափ դուր էր եկել Էյնշտեյնին: Նա նույնիսկ որոշեց կրկնօրինակներից մեկը նվիրել գիտահանրամատչելի հաղորդման հեղինակ Հովարդ Սմիթին: Լուսանկարի հակառակ երեսին նա գրեց. «Ձեզ դուր կգա այս ժեստը, քանի որ այն հասցեագրված է ողջ մարդկությանը»:

7cd7e9938329f23bf0e177d735f605c8

Սելֆիի մասին

23 Հլս

Նրանց համար, ովքեր սիրում են սելֆի անել, գուցե և հետաքրքիր լինի իմանալ, որ «selfie» բառը լույս աշխարհ է եկել Ավստրալիայում: Առաջին անգամ համացանցում այն օգտագործվել է դեռևս 2002 թվականին, թեև այդ եզրույթի լայն տարածումը նախ անգլախոսների շրջանում, ապա և ամբողջ աշխարհում տեղի ունեցավ միայն 10 տարի հետո:

selfie_

 

ԱՆՎԵՐՋ ՍԵՐ

23 Հլս

Ինքնատիպ նվեր ընտրելը նույնքան մեծ արվեստ է, որքան լավ բանաստեղծություն գրելը: Վլադիմիր Մայակովսկին իր սիրելիին` Լիլիա Յուրևնա Բրիկին որոշեց մատանի նվիրել և դրա վրա փորագրեց կնոջ անվան սկզբնատառերը` Л. Ю. Б.: Ու քանի որ մատանու վրա տառերը փորագրված էին շրջանաձև, ապա ստացվում էր անվերջանալի ЛЮБЛЮ…

pizap.com15006786501311

ՀՈՂԻՆ Ի ՊԱՀ

23 Հլս

Երբ 1862 թվականին վախճանվեց անգլիացի գրող Դանթե Ռոսսետիի կինը, բանաստեղծը նրա դագաղի մեջ դրեց իր անտիպ պոեմները: Մի քանի տարի անց գրողին առաջարկեցին ժողովածու հրատարակել, սակայն Ռոսսետին չկարողացավ հիշողությամբ վերականգնել թաղված գործերը: Այդ ժամանակ ընկերները նրան հորդորեցին բացել գերեզմանը և դուրս բերել ձեռագրերը: Ի վերջո նա տեղի տվեց համառ խնդրանքներին, և գիրքը տպագրվեց:
Նույնը կրկնեց Եղիշե Չարենցը, երբ 1927 թ. հունվարին վախճանվեց բանաստեղծի կինը` Արփենիկը: Չարենցը նրա դագաղի մեջ դրեց կնոջը նվիրած բանաստեղծական շարքի ձեռագիրը: Սակայն, ի տարբերություն Ռոսսետիի, Չարենցը երբեք չփորձեց էջերը դուրս հանել:

pizap.com15006812574971

ՊԵԿԱՍՈՅԻՆ ՓՐԿԵԼ Է ԾԽԱԽՈՏԸ

22 Հլս

Պաբլո Պիկասոն այն մարդկանցից է, ով կարող էր վստահաբար հայտարարել, որ ծխելը փրկել է իր կյանքը: Բանն այն է, որ երբ ապագա նկարիչը լույս աշխարհ է եկել, մանկաբարձուհին ասել է, թե փոքրիկը մահացած է ծնվել: Նորածնին փրկել է նրա քեռին, ով սիգար էր ծխում: Տեսնելով սեղանի վրա պառկած մանկանը, քեռին ծուխը փչել է նրա դեմքին, ինչից հետո Պիկասոն կենդանության նշաններ է ցույց տվել ու սկսել է լաց լինել:

picasso-M9NM_o_tn

ՄՈՑԱՐՏԻ ԱՅՐՈՒ ԱՄՈՒՍԻՆԸ

21 Հլս

Մոցարտի մահից 7 տարի անց նրա կինը` Կոստանցիան հադիպեց դանիացի դիվանագետ Գեորգ Նիսսենին և շուտով նրանք ամուսնացան: Բայց մի քանի տարի հետո դիվանագետը մահացավ: Նրա գերեզմանաքարի վրա կա նաև այսպիսի տող` «Մոցարտի այրու ամուսինը»:

sPHD6Rgw4uw

 

Ե՞ՐԲ Է ԸՆԿԵԼ ՆՅՈՒՏՈՆԻ ԽՆՁՈՐԸ

21 Հլս

Հանրահայտ պատմությունը, թե Իսահակ Նյուտոնը ձգողականության տեսությունը մտահղացել է այն բանից հետո, երբ նրա գլխին խնձոր է ընկել, ոչ բոլորին է համոզիչ թվում: Բանն այն է, որ նշված դեպքի մասին պահպանվել է երկու գրավոր վկայություն: Մեկի հեղինակը Նյուտոնի կենսագիր Ուիլյամ Սթյուքլին է: Նա գրում է, որ 1726 թվականին ինքը գիտնականի հետ թեյ է խմել խնձորի այգում և Նյուտոնը վերհիշել է, թե ինչպես ծագեցին մտքեր գրավիտացիայի մասին, երբ մի անգամ ճիշտ այդպես նստած է եղել խնձորենու տակ: Մյուս տարբերակի հեղինակը Նյուտոնի ասիստենտ Ջոն Կոնդուիտն է: Վերջինս պնդում է, թե խնձորի դեպքը տեղի է ունեցել 1666 թվականին, երբ ֆիզիկոսը հանգստանում էր իր մոր դաստակերտում:
Մնում է միայն հասկանալ, թե ինչու՞ Նյուտոնն իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը, որտեղ ապացուցում է տիեզերական ձգողականության օրենքը, գրեց ոչ թե անմիջապես, այլ խնձորի անկումից 20 տարի հետո:

pic5

ՄՏՔԵՐ

20 Հլս

Ով գիտի` անում է, ով չգիտի` սովորեցնում է ուրիշներին:
Բեռնարդ Շոու

Ես հրաժարվեցի հրաշքներ գործել, քանզի հրաշքներն անհրաժեշտ են միայն անհավատներին` տալով նրանց նյութ զազրախոսության, բայց ոչ մտածումների համար:
Էրիկ-Էմանուել Շմիտ

Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի լսիր, թե նրա մասին ինչ են ասում ուրիշները: Լսիր, թե նա ինչ է ասում ուրիշների մասին:
Վուդի Ալեն

Ծխելուց հրաժարվելը շատ հեշտ է: Ես մի հազար անգամ հրաժարվել եմ:
Մարկ Տվեն

Մարդիկ կարծում են, թե կդադարեն սիրահարվել, երբ ծերանան, մինչդեռ իրականում նրանք ծերանում են, երբ դադարում են սիրահարվել:
Մարկես

Աստված սիրեց թռչուններին ու ստեղծեց ծառը: Մարդը սիրեց թռչուններին ու ստեղծեց վանդակը:
Ժակ Դևալ

Եթե դուք պատրաստ չեք տեսնել ավելին, քան տեսանելի է, ուրեմն դուք ոչինչ չեք տեսնի:
Ռութ Բերնհարդ

Ես միշտ հանդես եմ եկել հանուն այն բանի, որ վտանգավոր զենքը չընկնի հիմարների ձեռքը: Եկեք սկսենք գրամեքենայից:
Ֆրենկ Լլոյդ Ռայթ

Իմ դժբախտությունն այն է, որ ես ամեն ինչ հասկանում եմ:
Քամյու

Երբեք մի կանգնեք կնոջ և այն բանի միջև, ինչ նա երազում է:
Մայնեթ Ուոլթերս

Սերը կույր է, բայց ամուսնությունը վերականգնում է տեսողությունը:
Գեորգ Լիխտենբերգ

Տղամարդուն կին է հարկավոր, որովհետև բոլոր մեղքը չես կարող բարդել միայն կառավարության վրա:
Լեոնարդ Լևինսոն

Եթե իրավիճակից ելք չեք տեսնում, վարվեք անտրամաբանորեն: Հենց դա էլ կլինի ելքը:
Կոկո Շանել

Եթե փակուղում ես հայտնվել, քեզ ապուշի պես մի պահիր: Դուրս եկ այնտեղից, որտեղից մտար:
Խորխե Բուկայ

Աշխարհին հայտնի է կնոջ արտասուքի 700 տեսակ: Եվ այդ ողջ հրաշագեղությանը տղամարդն արձագանքում է միան մեկ արտահայտությամբ. «Ախր ի՞նչ ես լալիս, Կատյա»:
Սլավա Սե

toshnit-i-kruzhitsja-golova-pri-beremennosti_1

 

ՆԻՑՇԵՆ ԵՎ ՆԻՑՇԵՆ

20 Հլս

1900 թ. օգոստոսի 25-ին վախճանվեց Ֆրիդրիխ Նիցշեն: Ուղիղ հարյուր տարի անց` 2000 թ. օգոստոսի 25-ին վախճանվեց Ջեկ Նիցշեն` հայտնի կոմպոզիտորը, որը գրել էր «Թռիչք կկվի բնի վրայով», «9 ու կես շաբաթ» և այլ ֆիլմերի երաժշտությունը: Ստացվում է, որ ազգանունն էլ կարող է ճակատագրական լինել:pizap.com15004923273151

 

%d bloggers like this: