Պահոց | Սեպտեմբերի, 2017

ՄՏՔԵՐ

30 Սպտ

— Ո՞րն է քո երազանքը:
— Որ ինչ-որ մեկն ինձ համբուրի անձրևի տակ: Իսկ քոնը՞:
— Որ անձրև գա:
Չարլզ Բուկովսկի

Իրականացած երազանքը միշտ զրկված է ռոմանտիզմից:
Բորիս Վասիլև

— Երջանկությունն այցելում է նրան, ով կարողանում է սպասել:
— Այո, իհարկե: Միայն տես, որ ամբողջ կյանքդ չանցնի սպասասրահում:
Թեոդոր Դրայզեր

Հասակ մը կա մեր կենաց մեջ,
Ուր ամենայն իղձ կավարտի…
Նահապետ Ռուսինյան

Ավելի ցավալի բան չկա, քան ամբողջ սրտով սիրել մարդուն և իմանալ, որ նա գրոշ չարժե:
Սոմերսեթ Մոեմ

Բաժանումը սիրո համար նույնն է, ինչ որ քամին` կրակի համար: Փոքր սերը նա հանգցնում է, իսկ մեծ սերն ավելի է բորբոքում:
Ալեքսանդր Կուպրին

Եթե թշնամին գերագնահատում է քո թերությունները, դա մեծ հաջողություն է: Բայց եթե բարեկամդ թերագնահատում է քո առավելությունները, դա ավելի լավ է:
Մարիո Պյուզո

Աստված ամեն ինչ տեսնում է, հարևաններն` ավելի շատ:
Անհայտ հեղինակ

Աստված մտածում է մեր մասին: Աստված չի մտածում մեր փոխարեն:
Ժան Կոկտո

Ադամն ընդամենը էսքիզն էր: Աստծուն հաջողվեց մարդ կերտել միայն Եվայի միջոցով:
Սիմոնա դը Բովուար

Ավտորիտարիզմն այն է, երբ մեկն ասում է` «Ես ձեր թագավորն եմ», և բոլորը համաձայնվում են: Իսկ տոտալիտարիզմն այն է, երբ բոլորը գոռում են. «Դու մեր թագավորն ես, դու մեր թագավորն ես», և նա համաձայնվում է:
Բոլեսլավ Վոլտեր

Լավ է քիչ հասկանալ, քան վատ հասկանալ:
Անատոլ Ֆրանս

Նա, ով քեզ գովում է այն բանի համար, ինչը դու չունես, ուզում է քեզնից ստանալ այն, ինչը ունես:
Յուջին Մանյուել

Տղամարդիկ ստում են հենց այնպես, կանայք` արտասուքն աչքերին:
Դոն-Ամինադո

Երբ ժամը կգա որոշելու, թե ում արդարացնել, ամբոխը միշտ կընտրի Բարաբային:
Ժան Կոկտո

Երբ մի դուռը փակվում է, բացվում է մեկ ուրիշը: Սակայն մենք հաճախ այնքան երկար ենք նայում փակված դռանը, որ չենք նկատում բացվածը:
Հելեն Քելլեր

content_41__econet_ru

ՈՒՂԵՓԱԿՈՑԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

29 Սպտ

Կյաժ Խչոն իր բեռնատարով գնացել, բախվել էր գնացքին: Երբ Խչոյին հիվանդանոցից տուն բերեցին, տղերքը գնացին նրան տեսնելու:
— Այ անհաջող ճանապարհատրանսպորտային պատահար, բա հսկա գնացքը չտեսա՞ր,- հարցրել էին նրան: Ու Խչոն ցավերի միջից դժգոհ ձայնով ասել էր.
— Ինչի՞ պիտի տեսնեմ: Ճանապարհն իմն էր:
Հետո Կյաժ Խչոն մեռավ: Ոչ վթարից, ուրիշ պատճառով: Բայց մինչև վերջ էլ մնաց իր համոզմունքին, որ ուղեփակոցից այն կողմ դարձյալ իր ճանապարհն է: Եվ քանի դեռ գնացքները չգիտեն այդ շատ տարածված մոլորության մասին, մեր կյանքում վթարների պակաս չի լինի:

Հովիկ Չարխչյան

xw_1091457

ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԸ

29 Սպտ

Մի անգամ Նիցշեին հարցրեցին, թե նա իր իրավացիությունն ապացուցելու անհրաժեշտություն զգու՞մ է: Նիցշեն պատասխանեց.
— Չի կարելի ամբողջ կյանքում պնդել քո անփոփոխ իրավացիությունը: Մարդկային գոյության պայմանը հանդիսանում է ժամանակ առ ժամանակ սխալվելու հնարավորությունը:

Цитаты-великих-людей-Фридрих-Ницше

ՀԱՆՈՒՆ ԵՎ ԸՆԴԴԵՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ

29 Սպտ

Զիգմունդ Ֆրոյդն իր կյանքի մայրամուտին երկմտանք էր ապրում, թե արդյո՞ք մարդկության բազում ձեռքբերումները կարելի է համարել առաջընթաց: Իր վերջին ակնարկներից մեկում, որը վերնագրել էր «Մշակույթի անհարմարությունները», ծեր հոգեվելուծաբանը հաճոյախոսություններ էր շռայլում տեխնիկական նվաճումների հասցեին, որոնց շնորհիվ, օրինակ, նա մեծ ուրախությամբ լսում է հարազատ տնից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող որդու ձայնը: Բայց հետո Ֆրոյդը գրում էր. «Եթե չլիներ գնացքը, որն իմ որդուն տարավ այդքան հեռու, ինձ անհրաժեշտ չէր լինի հեռախոսը` նրա ձայնը լսելու համար: Եթե մարդիկ հսկայական նավեր չկառուցեին, ինձ անհրաժեշտ չէր լինի հեռագիրը` աշխարհի մյուս ծայրում գտնվող հարազատից լուր առնելու համար»:

zig-frejd-5

ՄԻ ԿԱՆԳՆԻՐ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ

29 Սպտ

Մի կանգնիր աշնան գիշերվա անձրևի տակ: Իզուր է: Նրանք, ովքեր քեզնից առաջ կանգնում էին, հետո տուն էին տանում թրջված հագուստներ, մի թեթև հարբուխ և ինքնախաբկանքն այն բանի, թե մարմնի չարչարանքը հատուցման գին ունի: Չէ, մի կանգնիր անձրևի տակ, սպասված գնի կեսն անգամ քեզ չեն տալու ոչ ամպը, ոչ մութը, ոչ էլ նա, ում համար գիշերն ընտրեցիր:
Մեր հիասթափությունների համար միշտ էլ մեղավորը մենք ենք լինելու, քանի որ ակնկալեցինք ավելին, քան պիտի տրվեր: Մեր կորուստներից ցավ ապրեցինք, քանի որ նախընտրեցինք լինել կողոպտված, երբ կարող էինք պարզապես հրաժարվել: Մեր նվաստացումների կսկիծը վերջին վերքերի մեջ լցվեց, երբ առաջինները ապաքինեցինք մոռացումով:
Դե ուրեմն մի կանգնիր անձրևի տակ, որովհետև եղածն ընդամենը անձրև է. կգա, կթացացնի, հետո կչորանա, կանցնի-կմոռացվի: Հավատա, հարբուխդ ավելի երկար կհիշես, քան այդ վարար տեղատարափը, ինչպես որ մտապահվելու են ճանապարհները, բայց ոչ քայլերը: Իսկ նա, ով իրապես քոնն է, աշնան գիշերներին իր հետ անձրևանոց կբերի:

Հովիկ Չարխչյան

foto-zontiki-05

ԿՆՈՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

27 Սպտ

Մի անգամ Չինգիզ խանին մոտեցավ մի կին և խնդրեց ազատել իր հարազատներին: Չինգիզ խանն ասաց.
— Ահա քո առաջ կանգնած են ամուսինդ, որդիդ և եղբայրդ: Ես ազատ կարձակեմ միայն մեկին: Որի՞ն կընտրես:
Կինն անմիջապես պատասխանեց.
— Եղբորս:
— Բացատրիր, ինչու՞:
— Ամուսին ես կարող եմ գտնել, որդի կարող եմ ծնել, բայց եղբայր ստեղծել չեմ կարող:
Իր լսածից հետո Չինգիզ խանը բաց թողեց բոլորին:

p159795_i_h12_aa_thumb[4]

ՏՈԼՍՏՈՅԸ ՀԻԱՑԱԾ ՉԷՐ

27 Սպտ

Աշխարհն այսօր էլ հիացմունքով է ընթերցում Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը, մինչդեռ հեղինակին այդ գործը կարծես թե այնքան էլ չի հիացրել: Այսպես, 1871 թ. Աֆանասի Ֆետին հասցեագրած իր նամակում Տոլստոյը գրում էր. «Ինչ երջանիկ եմ ես, որ այլևս երբեք չեմ գրելու այնպիսի անհեթեթ շատախոսությամբ գործեր, ինչպիսին էր «Պատերազմը»: Իսկ 1908 թ. իր օրագրային գրառումներից մեկում Տոլստոյն ասում էր. «Մարդիկ ինձ սիրում են այն դատարկ բանի` «Պատերազմ և խաղաղության» համար, որը նրանց թվում է շատ կարևոր»:

ТОлстой1

ԾԱՂԿԻ ՑԱՎԸ

27 Սպտ

Երբ պարսիկ փիլիսոփա Մանսուր ալ-Հալաջը դատապարտվեց աստվածուրացության ու հերետիկոսության համար և հանձնվեց ամբոխի դատաստանին, նա որևէ կերպ չցուցադրեց իր ցավը: Երբ կտրեցին նրա ձեռքերը, Մանսուրը լռեց: Երբ ամբոխը նրան քարկոծեց` ծանր վերքեր պատճառելով, նա լռեց: Այդ ժամանակ մոտեցավ նրա ընկերն ու Մանսուրին հարվածեց… ծաղիկով: Եվ միայն այդ ժամանակ փիլիսոփան հոգի կեղեքող ճիչ արձակեց:
Դրանով Մանսուրը ցանկանում էր ասել, որ նրանք, ովքեր հանիրավի, բայց հավատով մեղադրում էին իրեն, չէին կարող ցավ պատճառել: Սակայն երբ թեթև հպվեց նա, ով գիտեր, որ ընկերն իրավացի է և նրան դատապարտում էին անտեղի, այդ հպումը խոցեց ցանկացած խոշտանգումից առավել:

ccv

ԳՆԴԱՊԵՏ ԱՂԱՎՆԻՆ

27 Սպտ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայրենիքին մատուցած ծառայությունների համար անգլիական բանակի գնդապետի կոչում շնորհվեց… աղավնու: Խոսքը 888 համարը կրող փոստային աղավնու մասին է: Իսկ երբ հանրահայտ թռչունը հոգին ավանդեց, նրան հուղարկավորեցին զինվորական պատիվներով:

pombo-gi-joe

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

27 Սպտ

1992 թվականին Մոսկվայում մի ֆուտբոլային հանդիպում էր ընթանում: Մրցում էին ՌԴ կառավարության և մայրաքաղաքի թիմերը: Ստացվեց այնպես, որ առաջին խաղակեսին վնասվածք ստացավ կառավարության թիմի դարպասապահը: Ընդմիջմանը հանդերձասրահում Բորիս Ելցինին առաջարկեցին փոխարինող դարպասապահ վերցնել Վլադիմիր Մասլաչենկոյին (ԽՍՀՄ հավաքականի հանրահայտ դարպասապահ ու սպորտային մեկնաբան): Բայց Մասլաչենկոն հրաժարվեց` պատճառաբանելով, որ ինքը կառավարության անդամ չէ: Հենց այդ պահին Ելցինը կարգադրեց նրան նշանակել սպորտի փոխնախարար և վարչապետ Գայդարին հանձնարարեց համապատասխան հրամանագիր պատրաստել: 
Երկրորդ խաղակեսին դարպասի մոտ էր Մասլաչենկոն: Բայց ավելի ուշ նա հրաժարվեց պաշտոնից:

Bwd4PMuqrjM

Հովիկ Չարխչյան. «Մեր բարոյական արժեհամակարգն այսօր արժեհամակարգի բացակայությունն է»

23 Սպտ

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած վերջին միջադեպի մասին։
«Ավագանու նիստում տեղի ունեցածն ակնառու ցույց տվեց, թե որտեղից ուր ենք հասել»,- ասում է Հովիկ Չարխչյանը։

Զրույցի ընթացքում նա խոսում է նաև մտավորական և ազատություն երևույթների, ինչպես նաև Երևանի փողոցների վերանվանման մասին։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանն անհարգալից էր խոսել «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի մասին։ Ալեն Սիմոնյանն էլ իրեն «չէր կորցրել» ու գործընկերոջը հիշեցրել է նրա մականունը։

Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել նաև Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

Զրույցը վարում է Աննա Վարդանյանը։

https://armeniasputnik.am/video/20170921/8735855/armenia-hovik-charxchyan-avagani.html8719692

Մենք չենք դրսևորվում որպես ինքնիշխան երկիր

23 Սպտ

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ շարունակում է այն քաղաքականությունը, որը որդեգրել է վերջին 200-300 տարիների ընթացքում: Որևէ փոփոխություն չկա, ընդամենը ձևերն ու մեթոդներն են մի փոքր քաղաքակրթվել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Հովիկ Չարխչյանը։

«Եվ այն, որ Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է տեսնել իր թևերի տակ, այնքան ակնառու է, որ դրա մասին վիճելն անիմաստ է: Այլ խնդիր է մեր իշխանությունների պահվածքը տվյալ դեպքում»,-ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե տեղի՞ն են արդյոք հայ հասարակության շրջանում հնչող դժգոհությունները՝ կապված Հայաստանում ռուսերենի հայեցակարգի, հայաստանյան փողոցների անվանակոչման հարցում ռուսաստանցիների ակտիվ միջամտության («դեմ» կարծիքներով), Նժդեհի արձանի տեղադրման հարցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մակարդակով բացասական արձագանքի հետ:
Հայտնի է, որ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում անկացվելու է Իսրայել Օրուն նվիրված միջոցառումներ: Չի բացառվում, որ հայ հասարակության մեջ այս առնչությամբ հարցականներ կծագեն՝ ինչու հատկապես Իսրայել Օրին՝ ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձևավորման առումով ռուսական կողմնորոշման հայտնի ջատագովը: Չմոռանանք, որ վերը նշված հանգամանքների պատճառով է, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ պնդում են, թե անկախության 25 տարիներին Հայաստանն աստիճանաբար կորցնում է ինքնիշախության գործիքներն ու խորհրդանիշները, իսկ ավելի արմատական տրամադրություն ունեցողներն անգամ ապագաղութացման կոչեր են արվում:
Չարխչյանն ընդգծեց՝ այլ հարց է, որ Հայաստանը չի կարող իրեն դրսևորել իբրև ինքնիշխան, անկախ երկիր, որն ինքն է իր քաղաքական կողմնորոշումները կազմում՝ առանց արտաքին գործոնների ազդեցությունը կամ հնարավոր ելքերը հաշվի առնելու. «Կամ նաև հաշվի առնելով, բայց չվախենալով, ինչպես այսօր վախվորած գործում են մեր իշխանությունները»:
Ի վերջո, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու են ռուսները բոլոր հայ մեծերից առանձնացնում ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձևավորման առումով ռուսական կողմնորոշման հայտնի ջատագով Իսրայել Օրուն:
Հովիկ Չարխչյանը, ում կարծիքով՝ հասարակության դիրքրորոշումը միանգամայն տեղին է, միևնույն ժամանակ, գտնում է, որ իրականում շատ մեծ սխալ է Իսրայել Օրուն անվանել ռուսական կողմորշմամբ մարդ:
«Իսրայել Օրին ընդամենը ելքեր էր փնտրում իր ժողովրդի փրկության համար, և ճանապարհներից մեկն էլ դեպի Ռուսաստանն էր: Այդ հանգամանքը իբրև պարսավանք այդ մարդու կենսագրությանը կցելը սխալ է, և եթե հետևեք այդ դարերի պատմությանը, կտեսնեք, որ նա ոչ առաջին էր, ոչ էլ վերջինը: Տասնյակ հայ քաղաքական գործիչներ այդ տարիներին դեպի Հյուսիս էին գնում՝ փորձելով Ռուսաստանյան կայսրությունից օգուտներ քաղել, Հայաստանի համար ուժեղ պաշտպան գտնել: Եվ նույն հաջողությամբ նաև Եվրոպա էին գնում»,- իր առարկությունները ներկայացրեց մտավորականը:
Նրա ամփոփմամբ՝ այլ հարց է, որ մենք չենք կարող մեզ դրսևորել իբր ինքնիշխան անկախ երկիր, որը ինքն է իր քաղաքական կողմորոշումները կազմում՝ առանց արտաքին գործոնների ազդեցությունը կամ հնարավոր ելքերը հաշվի առնելու: «Կամ նաև հաշվի առնելով, բայց չվախենալով, ինչպես այսօր վախվորած գործում են մեր իշխանությունները»:
Անդրադառնալով հայաստանյան դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին՝ հրապարակախոսն ասաց, թե սա ոչ թե ռուսերենի հայեցակարգ է, այլ «ստրկամտության հայեցակարգ»:
«Ռուսերենը Հայաստանում պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ ունեն Հայաստանում բոլոր օտար լեզուները: Սրանք խնդիրներ են, որ կուտակվում ու կուտակվում են, և մեկ էլ տեսնում ենք, որ իսկապես մղվում ենք երկրորդ պլան մեր արժեքային համակարգով»,-ասաց նա և օրինակ բերեց Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի տոնակատարությունը՝ նշելով, որ այն գրեթե վերածվել էր ռուս նկարչի 200-ամյակի, և Հայաստանը չկարողացավ նույնիսկ այս հոբելյանը հնարավորինս հայկականացնել:
«Իսկ լեզվի թեման սկսվեց նրանից, որ Ռուսաստանից եկած գործիչները սկսեցին մեր տաքսիստներից իրենց լեզվի իմացությունը պահանջել,-նշեց Հովիկ Չարխչյանը,-սա է վիճակը ու սա պետք է ինչ-որ ձևով արմատախիլ անել»։
Նա այս առումով առայժմ տեսնում է միմիայն հասարակության հակազդեցությունը և ոչ որևէ քաղաքական ուժի կամ հոսանքի:

Անուշ Դաշտենց
Tert.am

14962587_1176971072395812_5260210727936451674_n

 

ՄԱՀ ԾԻԾԱՂԻՑ

23 Սպտ

Կուբացի նշանավոր գրող Խուլիան դել Կասալի ստեղծագործություններն աչքի էին ընկնում իրենց հոռետեսությամբ և մռայլ երանգներով: Սակայն ճակատագրով նրան վիճակված էր վախճանվել… ծիծաղից: 1893 թ. հոկտեմբերի 21-ին բանաստեղծը ընթրում էր իր ընկերների հետ: Ներկաներից մեկը որոշեց անեկդոտ պատմել: Պատմությունն իսկապես զվարճալի էր: Կասալի մոտ սկսեց անվերահսկելի ծիծաղի սուր նոպա, ինչն առաջ բերեց շնչերակի շերտավորում, արնահոսություն: Եվ գրողը մահացավ:

297729_900

ՆՅՈՒԹԵՂԵՆ

23 Սպտ

70 կիլոգրամ կշռող մարդն, ի դեպ, իր մեջ պարունակում է
— 45 լիտր ջուր,
— բավարար քանակությամբ կիր, որով հնարավոր է սպիտակեցնել հավանոցը,
— այնքան ֆոսֆոր, որ կբավականացնի 2200 լուցկու համար,
— 70 կտոր օճառ պատրաստելու բավարար ճարպ,
— երկաթ երկու մատնաչափ մեխի համար,
— ածխածին 2000 մատիտի համար.
Մի գդալ մագնեզիում:

Էռլենդ Լու1504105335

ՍՎԵՏԼԱՆԱՅԻՑ ԼՈՒՍԻՆԵ

23 Սպտ

Հանրահայտ փաստ է, որ երգչուհի Լուսինե Զաքարյանի անունը եղել է Սվետլանա: Նրան տանը պարզապես Սվետիկ են ասել: Իսկ «Լուսինե» անունը «Սվետլանա»-ի հայերեն թարգմանությունն է: Լուսինե անունով Սվետլանա Զաքարյանը սկսել է հանդես գալ 1965 թվականից: Ասում են, որ այդ անունով նրան կնքել է ամուսինը` Խորեն Պալյանը:
Բայց պարզվում է, որ Սվետլանան բուն սլավոնական անուն էլ չէ: Այն ևս հորինված է: Առաջին անգամ այդ անունը օգտագործել է բանաստեղծ Ալեքսանդր Վոստոկովը իր «Սվետլանա և Մստիսլավ» պոեմում: Իսկ 1813 թվականին, երբ Վասիլի Ժուկովսկին գրեց իր «Սվետլանա» բալլադը, նոր անունը միանգամից լայն տարածում ձեռք բերեց:

Հ. Չ.

hqdefault

ԱՌԱՆՑ «ԱՅՈ»-Ի ՈՒ «ՈՉ»-Ի

23 Սպտ

Չինարենում բացակայում են «այո» և «ոչ» բառերը: Եթե պետք է պատասխանել հարցին, ապա նրանք կրկնում են բայը: Օրինակ, «Դու ինձ սիրու՞մ ես» հարցին պատասխանում են «սիրում եմ» կամ «չեմ սիրում»:

Chinese-language-characters

ՇՎԵՑԱՐՆ ՈՒ ՇՎԵՅՑԱՐԱՑԻՆ

23 Սպտ

Հյուրանոցներում, ռեստորաններում մուտքի մոտ կանգնած և դուռը բացող-փակող մարդուն անվանում են շվեցար կամ շվեյցար: Մինչև 19 դարն այդպես էին անվանում նաև Շվեյցարիայի բնակիչներին: Բայց հետո, տեսնելով, որ խառնաշփոթ է ստեղծվում, սկսեցին երկրի լեռնային շրջանի բնակիչներին կոչել շվեյցարացի:
Իսկ բառերի նմանության պատմական արմատները շատ հեռվից են գալիս: Բանն այն է, որ ժամանակին Արևմտյան Եվրոպայի տիրակալներից ոմանք և նույնիսկ Հռոմի պապերը իրենց անձնական գվարդիայի, թիկնազորի անդամներին և ծառայողներին ընտրելիս նախապատվությունը տալիս էին շվեյցարացիներին: Հենց այստեղից էլ ծայր առավ դռնապանին շվեցար անվանելու սովորույթը:306089

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

18 Սպտ

— Ի՞նչ կարծիք ունես կյանքի մասին:
Նա մտքերի մեջ ընկավ.
— Առավոտյան այլ, քան երեկոյան, ձմռանն այլ, քան ամռանը, ուտելուց առաջ այլ, քան դրանից հետո, և երիտասարդ ժամանակ հավանաբար այլ, քան ծերության օրերին:
— Իրավացի ես: Վերջապես ես խելացի պատասխան լսեցի:

«Սև հուշասյուն» գրքիցc6f7c8b7537eaf3c77d45819fff7b501

ԴՅՈՒՄԱՆ ՎՐԻՊԵՑ

18 Սպտ

Գրողներից շատերն են մասնակցել մենամարտերի, սակայն նրանցից ոչ ոք չի վարվել այնպես, ինչպես դա արեց Ալեքսանդր Դյուման: Իր ախոյանի հետ նրանք պիտի վիճակ քաշեին: Ում բաժին հասներ ճակատագրական թերթիկը, նա պիտի ինքնասպան լիներ: Ստացվեց այնպես, որ վիճակն ընկավ Դյումային: Դյուման ատրճանակը ձեռքին առանձնացավ հարևան սենյակում: Քիչ անց հնչեց կրակոցը: Բայց հետո Դյուման վերադարձավ մասնակիցների մոտ և ասաց. «Ես կրակեցի, բայց վրիպեցի»:

4aca774e8218

ՉԿՐԿՆՎՈՂ ՏԱՌԵՐՈՎ

17 Սպտ

Յուրաքանչյուր գրող աշխատանքի իր տեխնիկան է ունենում: Բայց Սերգեյ Դովլաթովի մոտեցումն ամենատարօրինակներից մեկն էր: Կան վկայություններ այն մասին, որ կյանքի վերջին տասը տարիների ընթացքում նա գրում էր` հավատարիմ մնալով մի սկզբունքի. նախադասության մեջ չօգտագործել միևնույն տառով սկսվող բառեր, այսինքն բոլոր բառերը պիտի սկսեին տարբեր տառերով: Նրա խոսքերով, այդ մոտեցումն իր մեջ կարգապահություն է ներարկել` խուսափել շատախոսությունից ու դատարկաբանությունից: Ասում են, հենց այդ հնարանքի կիրառմամբ են գրվել նրա «Ճամպրուկը», «Արգելանոց», «Բաժանմունք» և այլ գործեր:

1475519576

%d bloggers like this: