Պահոց | Մարտի, 2018

ԱՋ, ՁԱԽ, ԿԵՆՏՐՈՆ

27 Մրտ

1789 թվականին Ֆրանսիայի խորհրդարանում այն պատգամավորները, որոնք պաշտպանում էին թագավորին, նստեցին դալիճի աջ կողմում, ընդդիմադիրները տեղ զբաղեցրին ձախ թևում: Ավելի ուշ Օրենդիր ժողովը այդ տարանջատումը պահպանեց. Սահմանադրության կողմնակիցներին բաժին հասան աջ կողմի աթոռները, նորարարները ձախում էին, իսկ չեզոքները` կենտրոնում: Այդ ժամանակներից ի վեր ձևավորվեց ավանդույթը` քաղաքական գործիչներին դասակարգել աջերի, ձախերի և ցենտրիստների:

60358_555_343

ԿՈՎԲՈՅՆԵՐԻ ԴԱՀԻՃԸ

27 Մրտ

Ավելի քան քառասուն տարի Marlboro ծխախոտի գովազդային հերոսին` կովբոյին մարմնավորած 4 դերասանները վախճանվեցին հիվանդություններից, որոնք կապված էին ծխելու հետ, ներառյալ թոքերի քաղցկեղը: Այդ պատճառով երկար ժամանակ Marlboro-ին անվանում էին «կովբոյների դահիճ»: Բայց արի ու տես, որ հինգերորդ դերասանը` Դարել Ուինֆիլդը շատ առողջ էր և վախճանվեց 85 տարեկան հասակում:

eric-lawson_19944067

ՇԻՇԿԻՆԸ ՄԵՆԱԿ ՉԷՐ

27 Մրտ

Ռուս նկարիչ Իվան Շիշկինը իր «Առավոտը սոճուտում» հանրահայտ կտավը միայնակ չի նկարել: Նրան օգնել է Կոստանտին Սավիցկին (վերջինս նկարել է արջերին): Սակայն երբ կտավը ձեռք բերեց Տրետյակովը, նա ջնջեց Սավիցկու ստորագրությունը, այնպես որ հիմա հեղինակը համարվում է միայն Շիշկինը:

Х70-613x452

ՄԵՆ

22 Մրտ

Դու մենակ ես: Դու մեն-մենակ ես ու դու ոչինչ չունես: Այն ամենը, ինչ կա, քոնը չէ: Դրանք քոնը չեն, այլ տրվել են քեզ: Եվ քոնը չեն մտքերդ, և հույզերդ քոնը չեն, և տեսանելի ու աներևույթ աշխարհները քոնը լինել չեն կարող, որովհետև ի սկզբանե դրանք չկային, հետո ունեցար, իսկ եթե մի բան իր հատուցման գինն ունի, ուրեմն դա փոխառել ես մեկ այլ բանի դիմաց: Ունեցել ես ի տրիտուր: Վերցրել ես վերադարձման պայմանով:
Ընչազուրկ կյանքիդ երջանկության մեջ դու պիտի բարեբախտ լինես, երբ կուտակվեն շնչավորված իղձերդ, ապրեն միաբան իրենց մենության հետ քո մենության կողքին, սիրվեն ու սիրեն այն ջերմությամբ, որով ջերմանում է ծուխը, բայց չի մնում կրակի մեջ: Եվ մեկուսի գոյությանդ շեղջերի ամեն հատիկ քեզնից զոհաբերում կուզի, ամեն մի հունդ կպահանջի ծլարձակման կորով, ամեն հատիճ կապավինի քո առատաձեռն նվաղումին: Մինչև վերջին ջիղը, մինչև վերջին շունչը, մինչև վերջին ժամը: Եվ երբ ամեն-ամեն ինչ կավարտվի, քեզ կարող է մնալ ընդամենը մեկ բան` հիշատակը:

Հովիկ Չարխչյան

13

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆՈՎ

21 Մրտ

Ֆուտբոլասերները թերևս գիտեն, որ Կրիշտիանու Ռոնալդու ոչ թե անուն-ազգանուն է, այլ կրկնակի անուն: Ընդ որում, Պորտուգալիայում Ռոնալդու անունը շատ հազվադեպ է: Հայտնի ֆուտբոլիստն այդ անունը ստացել է այն պատճառով, որ նրա հայրը ժամանակին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մեծ երկրպագուն էր և նորածնին պարգևել է նախագահական անվանում:

23f792

ՉԱՐԵՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

20 Մրտ

«Հայեցակետ» հաղորդման հերթական թողարկումը: Այս անգամ Արմեն Հովհաննիսյան-ին հյուրընկալել էր գրականագետ Հովիկ Չարխչյանը:
Թեման՝ 
Չարենցի արդիականությունը, 
Բանաստեղծն ու Մեդալը, 
Մշակույթը՝ որպես Ազգի գոյության ձև և նպատակ:

https://drive.google.com/file/d/1v-XfXaZ6uODTpcc2ECFs0I3aUnD1-Yci/view

29214482_394590794337296_8620049068728516608_n

 

 

ՏԱՐԻՖԻ ԾՆՈՒՆԴԸ

20 Մրտ

Ինչպե՞ս է առաջացել «տարիֆ» բառը: Այդ անունով մի քաղաք կա Ջիբրալթարի նեղուցի մոտ, որն այդպես է կոչվում ի պատիվ արաբ զորապետ Տարիֆ Բեն Մալիկի: Արաբների տիրապետության շրջանում նրանք նեղուց մտնող բոլոր նավերից տուրք էին գանձում, որի չափը կախված էր բեռների քանակից ու որակից: Հետագայում այն սկսեց կիրառվել նաև այլ երկրներում, իսկ «տարիֆ» անունը ձեռք բերեց նոր իմաստ ու համընդհանուր գործածություն:

image

ՀԱՇՎԵՑ ՄԱՀՎԱՆ ՕՐԸ

20 Մրտ

Արդեն տարիքն առաջ անգլիացի մաթեմատիկոս Աբրահամ դը Մուավրը մի անգամ նկատեց, որ իր քնի տևողությունն ամեն օր աճում է 15 րոպեով: Կազմելով հանրահաշվական պրոգրեսիան, նա որոշեց այն ճիշտ օրը, երբ քունը կտևի 24 ժամ` 1754 թվականի նոյեմբերի 27-ը: Հենց այդ օրն էլ նա մահացավ:

3427

ԾԽԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

20 Մրտ

Մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյը մոլի ծխող էր: Այդ պատճառով էլ Դիսնեյլենդում նրա լուսանկարները փակցնելը միշտ խնդիրներ էր առաջացնում: Ստիպված էին լինում անընդհատ նկարի վրայից ջնջել ծխախոտը, ինչի արդյունքում էլ նա գրեթե միշտ ներկայանում էր ձեռքի տարօրինակ շարժումով` երկու մատներն առաջ պարզած: Իրարվիճակը փրկելու համար տեղի աշխատակիցներն այդ լուսանկարները տեղադրում էին այնպիսի վայրերում, որ թվար, թե Դիսնեյն ինչ-որ բան է ուզում մատնացույց անել:

36

ՄՏՔԵՐ

16 Մրտ

Կարծիքը քողարկում է մտադրությունը:
Հանս Կելլեր

Եթե նույնիսկ տղամարդը կարողանար հասկանալ, թե ինչ են մտածում կանայք, միևնույն է, չէր հավատա:
Դորոթի Փարքեր

Որոշ նկարիչներ արևը դարձնում են դեղին շրջանակ: Բարեբախտաբար, կան ուրիշները, որոնք իրենց վարպետությամբ դեղին շրջանակը վերածում են արևի:
Պաբլո Պիկասսո

Վարդերը բնության հանդեպ սեր են սերմանում, փշերը` հարգանք:
Անտոն Լիգով

Թղթակից- Պարոն նախագահ, դուք երբևէ թռչող ափսե տեսե՞լ եք:
Հարի Թրումեն- Միայն թերթերում:

Այսօրվա արմատականը վաղվա պահպանողականն է:
Մարկ Տվեն

Ես դեռ չեմ հանդիպել մի կատվի, որ մտահոգվի, թե իր մասին ինչ են խոսում մկները:
Յուզեֆ Բուլատովիչ

Ես հարցրեցի կնոջս. «Ո՞ւր կցանկանաս գնալ մեր ամուսնության տարեդարձի առթիվ»: Նա պատասխանեց. «Այնտեղ, որտեղ երբեք չեմ եղել»: Դե ես էլ ասացի. «Գուցե խոհանո՞ց»:
Խեննի Յանգմոն

Ես լիովին համաձայն եմ, որ վտանգավոր զենքերը պիտի պահել հիմարների աչքից հեռու: Եկեք սկսենք գրամեքենայից:
Սոլոմոն Շորթ

Ես և հարուստ եմ եղել, և եղել եմ աղքատ: Հավատացեք ինձ, հարուստ լինելն ավելի լավ է:
Մեյ Ուեսթ

Պարզ է, որ ոչինչ էլ պարզ չէ: Դրա համար էլ պարզ չէ, թե մենք ինչպես ենք հանդուրժում պարզության բացակայությունը:
Սեմյուել Բաթլեր

Ամենևին չեմ ցանկանում իմանալ, թե ինչ են խոսում իմ մասին իմ թիկունքում: Առանց դրա էլ ես իմ մասին շատ բարձր կարծիք ունեմ:
Օսկար Ուալդ

Ես ոչ մեկի կարծիքի հետ համաձայն չեմ: Ես իմ կարծիքն ունեմ:
Իվան Տուրգենև

Լեզուն հորինվել է, որ մարդիկ հարցեր տան: Պատասխանել կարելի է և աղաղակով, և շարժումներով, բայց հարցը անհրաժեշտ է արտաբերել: Բանականությունը ծնունդ առավ, երբ մարդն առաջին հարցը տվեց:
Էրիկ Հոֆֆեր

Ես հոգ եմ տանում ճշմարտության համար ոչ թե հանուն ճշմարտության, այլ հանուն ինձ:
Սեմյուել Բաթլեր

Ես համոզված եմ, որ տիեզերքում կան 15, 747, 724, 136, 275, 002, 577, 605, 653, 961, 181, 555, 468, 044, 717, 914, 527, 116, 709, 366, 231, 425, 076, 185, 631, 031, 296 պրոտոններ և նույնքան էլ էլեկտրոններ:
Սըր Արթուր Էդինգտոն

Ես երբեք աղքատ չեմ եղել, թեև եղել եմ անփող: Աղքատ լինելը մտքի վիճակ է, անփող լինելը` սովորական պատահականություն:
Մայք Թոդ

misli

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

16 Մրտ

Ես խորապես համոզված եմ, որ ոչ մի հարստություն չի օգնի մարդկության առաջընթացին, եթե նույնիսկ դա գտնվի ամենանվիրյալ մշակի ձեռքերում: Նոր գաղափարներ ու ազնիվ արարքներ կարող են կյանքի կոչել միայն մեծ ու ամբասիր նկարագրի տեր մարդիկ: Փողը սոսկ եսասիրություն է հարուցում և մղում է չարաշահումների գայթակղության: Կարո՞ղ է որևէ մեկը պատկերացնել Մովսեսին, Հիսուսին կամ Գանդիին` Քարնեգիի հիմնադրամի փողերով լի պարկը ձեռքին:

maxresdefault-768x432

ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՉԿԱՆ

14 Մրտ

Ոմանք կարծում են, թե ամերիկյան թղթադրամների վրա պատկերված են այդ երկրի նախագահները: Բայց դա այդպես չէ: 10 դոլարանոցի վրա տեղ գտած Ալեքսանդր Համիլթոնն ու 100 դոլարանոցի վրա պատկերված Բենջամին Ֆրանկլինը ԱՄՆ նախագահներ չեն եղել:

доллар-740x390

ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ

14 Մրտ

«Խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի»: Այս հայտնի արտահայտությունը հին հռոմեական ծագում ունի: Լատիներեն այն հնչում է այսպես. «Si vis pacem, para bellum»: Երբ ավստրիացի զինագործ Լյուգերը 1898 թվականին պատրաստեց իր նոր ատրճանակը, նա վերցրեց այդ արտահայտության վերջին երկու բառերը, միացրեց իրար և նոր զինատեսակը կոչեց Պարաբելում:

par1

ԼԵՌՆԵՐԻ ՓՉՈՂ… ՖԵՆԸ

14 Մրտ

Լեռներից փչող տաք ու չոր քամին կոչվում է ֆյոն: Հենց այդ անունն էլ ընդօրինակելով 20-րդ դարասկզբին Գերմանիայում սկսեցին արտադրել Fön ապրանքանշանը կրող սարքեր մազերը չորացնելու համար: Անունը լայն տարածում գտավ, որոշ լեզուներում աննշան փոփոխություն կրեց, և հիմա մենք այդ սարքն անվանում ենք Ֆեն:

7225cf19b722d9cf74b672516e638cc5

ԻՄ ԸՆԿԵՐ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ

14 Մրտ

Ասելու բան էլ չի, բայց քանի որ մտքովս անցավ` գրեմ:
Բազմաթիվ ծանոթներ ու ընկերներ ունեմ, որոնք մեծ ու փոքր պաշտոններ են զբաղեցնում պետական կառույցներում: Հիմնականում լավ մարդիկ են, ոմանք` խելացի, ոմանք` ոչ այնքան: Բայց էականը դա չէ: Այդ ծանոթ-ընկերները, որոնցից շատերին երկար տարիներ գիտեմ, հանկարծ ընդհատակ են անցնում կամ խուսափում են շփվել ինձ հետ, եթե ես իրենց գերատեսչության ղեկավարի կամ անմիջական շեֆի հասցեին ինչ-որ քննադատող խոսքեր եմ ասում: Այսինքն մարդիկ հայտնվում են պարզ ընտրության առաջ ու նախապատվությունը տալիս են գործատուին: Սա էլ կարող եմ ինչ-որ տեղ հասկանալ: Բայց ոչ մի կերպ հասկանալ չեմ կարող հավատարմություն ցուցաբերելու այդ ձևը: Այսինքն ի՞նչ է ստացվում: «Շեֆ ջան, տես, թե քեզ ինչքան եմ նվիրված, որ կարող եմ հանուն այդ նվիրվածության խզել կապերս իմ վաղեմի ծանոթների հետ»:
Այնպես չէ, որ դրանից հետո ես վշտից սկսում եմ կոշիկներով քնել: Չէ, նման բան չկա: Պարզապես սիրտս ցավում է այդ մարդկանց համար, որովհետև նրանց արարքը ոչ թե հարկադիր, այլ կամավոր ստրկություն է: Եվ տխուր է տեսնելը, որ մարդը, ով հետաքրքիր մտքեր, դատողություններ, աշխարհընկալում ուներ, հանկարծ վերածվում է ինչ-որ մի պաշտոնյայի շարժական կցորդի, նրա քմահաճությունների կամակատարի, ապրում է նրա սրտի զարկերի ու շնչառության ռիթմով, համացանցի իր էջը ողողում է այդ չինովնիկի լուսանկարներով: Մարդը վերանում է, նրա փոխարեն հայտնվում է մի բան, որը համաձայնել է լինել մեկ ուրիշի ստվերը, բայց նույնիսկ ստվեր դառնալը պահանջում է գոնե մի փոքր լույսի առկայություն, իսկ այստեղ համատարած խավար է:
Իմ սիրելի ստրուկ ընկերներ, եղեք երջանիկ: Միայն թե իմացեք, որ երջանկությունը ոչ թե իմ բարևին բարևով պատասխանելու կամ չպատասխանելու մեջ է, այլ թեկուզ միայնակ, բայց արժանապատիվ, ազնիվ ու ազատ գոյության ծիրում: Եղեք հաջողակ, որ գոնե ձեր նվաստացումը հատուցվի ինչ-որ բանով: Ու հիշեք նաև, որ կամավոր ստրկությունը նույնքան մեծ ձեռքբերում է, որքան կամավոր ստորությունը:

Հ. Գ.- Հա, ի դեպ, եթե որևէ մեկը սկսի կասկածել, թե արդյո՞ք տողերս նաև իր մասին չեն, ապա միանգամից ասեմ. «Այո, քո մասին էլ են, եթե սկսել ես կասկածել»:

Հ. Չարխչյան

28003

ՄԵՐԺՎԱԾ ՄԱՅԻՍԸ

14 Մրտ

Մայիսին հարսանիքներ չանելու սովորությունը բավականին տարածված է: Ասում են, որ դա վատ բանի նշան է, սակայն թե ինչու է վատ` գրեթե ոչ ոք չգիտի: Իսկ իրականում նման ավանդույթը սկիզբ է առել դեռևս Հին Հռոմում: Եվ դրա մասին հիշատակություն է թողել Պլուտարքոսը: Համաձայն նրա գրառումների, մարդիկ մայիսին չեն ամուսնանում, քանի որ մայիսը գտնվում է Վեներային նվիրված ապրիլի և Յունոնային նվիրված հունիսի միջև, իսկ այդ երկու աստվածներն էլ ամուսնության հովանավորներն են: Մեկ այլ վարկածի համաձայն, մայիս անունը առաջացել է maiores` երեց բառից, իսկ հունիսը` iuvenes` պատանի բառից, այդ պատճառով էլ երիտասարդները սպասում են մինչև ամառ:

4a433884fecc

ԴԱԼԻԻ ԿՈՆՖԵՏԸ

7 Մրտ

Քաղցրահամ «Չուպա-Չուպսի» ծաղկանման խորհրդանշանին բոլորդ եք ծանոթ: Իսկ գիտե՞ք, որ դրա հեղինակը Սալվադոր Դալին է: Աշխատանքը կատարվել է 1961 թվականին, հաշված ժամերի ընթացքում: Աննշան փոփոխությամբ այն պահպանվում է առ այսօր:

334c5c

ԱՌԱՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

7 Մրտ

Ձմեռային մի հեռավոր գիշեր եղբորս հետ խափանված մեքենայով մնացել էինք ամայի մայրուղու վրա: Թանձր մթի մեջ ոչ մի շունչ չկար: Թրատող ցուրտը ցավեցնում էր մարմինը, բայց կպչուն մետաղի հպումից փայտացած մատներով մենք դեռ փորձում էինք կարգի գցել շարժիչը: Հետո շարժվելը դարձավ անհնար, մենք փակվեցինք մեքենայում ու կուչ եկանք նստատեղերի վրա: Ոչինչ չէր մնում, քան սպասելը: Ու եղբայրս ասաց.
— Արի փորձենք քնել:
Փակ աչքերով, ատամներն իրար սեղմած, անզգա ձեռքերը թևքերի մեջ պահ տված մենք նստել էինք լուռ և մի պտղունց ջերմությունից առավել երազում էինք խելահեղ ցավը քնի մեջ խեղդելու մասին…
Երևի բավականին ժամանակ էր անցել, երբ նախ արգելակող բեռնատարի ձայնը լսեցինք, հետո սառած ապակուց այն կողմ տեսանք վերարկուի մեջ փաթաթված վարորդին:
— Ինչո՞վ կարող եմ օգնել,- ձայն տվեց նա` ծեծելով փակ պատուհանը:
Ու մենք ցավի միջից ժպտալով ասացինք.
— Եթե կարող ես` օգնիր, որ մի քիչ քնենք:

Հովիկ Չարխչյան

2005_winter_road_dipped_beam-640x426

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

5 Մրտ

Վազգենն էր, Կյաժ Արմենն ու ես:
Արմենի «Նիվան» ճանկռոտում էր լեռնային ճանապարհի քարն ու տիղմը: Գիշերվա վարար անձրևից հետո բլուրներն ի վեր գալարվող խճուղին դարձել էր սայթաքուն, ամեն կողմից հոսող առվակները քշում էին հող ու ավազ: Հերթական վերելքի ժամանակ մեքենայի անիվները խրվեցին թանձր ցեխի մեջ ու անշարժացան:
— Ետ չդառնա՞նք:
— Չէ:
Իջանք մեքենայից, սկսեցինք հրել: Մի քանի մետր առաջ անցանք: Հետո նորից: Հետո նորից ու նորից…
Ռազմաճակատ չէինք գնում: Օգնության չէինք շտապում: Մոլորված չէինք: Ընդամենը գնում էինք ձնծաղիկ հավաքելու, որ նվիրեինք աղջիկներին…
Իրիկնամուտին ետ դարձանք` ցեխոտ, քաղցած ու ծաղկաշատ: Գարնան առաջին օրն էր:

Հովիկ Չարխչյան

slug-40611

«Երբ դանակը հասնում է ոսկորին, գտնվում են մարդիկ, որոնք շտկում են իրավիճակը». Հովիկ Չարխչյան

5 Մրտ

«Մեդիալաբի» զրուցակիցն է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը։

— Պարո՛ն Չարխչյան, տրամաբանական կլիներ, որ մեր զրույցն սկսենք գիրք նվիրելու օրից, Ձեր հեղինակած գրքից, առհասարակ, գիր-գրականությունից, մշակույթից: Բայց այն, ինչ կասեմ, հարց չէ, սովորական տեղեկություն չէ, բանավեճի թեմա չէ. Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել է քաղցից հյուծվող, քաղցից մահացող երեխաների մասին: Ես հասկանում եմ, որ Դուք սոցապ նախարարություն չեք, բայց ի՞նչ պիտի լինի հետո: Ի վերջո, ինչ-որ բան պիտի՞ անել:
— Անկասկած, ինչ-որ բան պիտի անել: Եվ այն, ինչ պիտի արվի, վաղ թե ուշ լինելու է` չեմ կասկածում: Երբ դանակը հասնում է ոսկորին, գտնվում են մարդիկ, որոնք շտկում են իրավիճակը: Մեր պատմության մեջ, ցավոք, այդպիսի իրավիճակներ բազմակի են եղել ու հաճախակի, երբ հասարակությունը չի պատկերացրել, թե ո՛ր կողմի վրա պիտի նետվի` ֆիզիկական գոյության խնդի՞ր պիտի լուծի, թե՞ հոգևոր առաջընթացի մասին մտածի: Ժամանակներ կան, երբ «Ի՞նչ եք գրում հիմա» հարցը տեղին չէ, որովհետև ի՞նչ գրելու մասին է խոսքը, երբ մի կյանք փրկելն ավելի կարևոր է, քան մի կտոր գիրքը: Եթե կա մեկ երեխա, որն այսօր կիսաքաղց է, ապա մեղավոր ենք բոլորս. պետք է եղել խոսել` լռել ենք, պետք է եղել արագ գործել` դանդաղել ենք, պետք է եղել ապտակել մեկին` քաղաքավարություն ենք խաղացել: Քանի դեռ կա քաղցած երեխա, այլ անելիք չպիտի լինի, քան այդ երեխայի խնդիրը լուծելն է:
— Վերջերս մեկ խնդիր, կարծես, լուծվեց, երբ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները ավագանու նիստում ստիպեցին իշխող կուսակցության ավագանու անդամներին ու քաղաքապետին շնչել այն գարշահոտը, որն Աստծո ամեն օր շնչում են Նուբարաշենի բնակիչները: Հենց գարշահոտն առան, խնդրի լուծման քայլեր ձեռնարկվեցին: Մինչ այդ բազում դիմումներ են գրվել, բազում անդրադարձնել են եղել, բայց մինչև գարշահոտը քթները չընկավ, մինչև սկանդալ ու բռնության տեսարաններ չեղան, տեղաշարժ չեղավ: Քաղցից մահացող երեխաների պարագայում ի՞նչ պետք է անել` նկարները հրապարակենք, այդ երեխաներին տանենք նրանց առանձնասենյակներ, փող հավաքենք, որբանոցներ հիմնենք… Ի վերջո, 1915 թիվը չէ:
— Այն մտայնությունը, որ այսօր 1915 թիվը չէ, մեր տունը քանդում է: Այսօր 1915 թիվն է: Գուցեև ավելի վատ թիվ է: Ընդամենը մենք մեզ երևակայում ենք, թե ապրում ենք 21-րդ դարում, և այդպիսի խնդիրներ չպիտի լինեն: Նույն կերպ 1915-ին մարդիկ մտածում էին, թե իրենք 20-րդ դարում են, և չեն կարող մասսայական կոտորածներ լինել, քաղաքակիրթ աշխարհը թույլ չի տա, որ Ցեղասպանություն լինի: Պետք չէ նայել օրացույցին, թե ժամանակի որ կտրվածքում ենք ապրում: Պետք է դիմել թույլատրելի և նույնիսկ անթույլատրելի քայլերի: «Մենք այս հարցը կլուծենք օրենքի շրջանակներում,Սահմանադրությանը համապատասխան»` սա իմ ամենաչսիրած արտահայտություններից է: Ի՞նչ օրենք, ի՞նչ Սահմանադրություն: Եթե մի տարածքում քաղցից երեխաներ են մահանում, ուրեմն այդտեղ օրենքն ու Սահմանադրությունը պարտվել են: Դուք ճիշտ նկատեցիք` հենց գարշահոտությունն առան, քայլեր ձեռնարկվեցին: Խնդիր լուծվեց, և արդեն կարևոր չէ, թե ինչպես: Նպատակը միշտ չէ, որ արդարացնում է միջոցները: Բայց ամբողջ հարցն այն է, որ ուրիշ միջոց չեն թողել:
— Գիտեի՞ք, որ Տարոն Մարգարյանն ամենաշատ ձայները ստացել է Նուբարաշենում:
Դե, ուրեմն, թող նուբարաշենցիները մտածեն:
— Բայց կմտածե՞ն:
— Եթե նոր գարշահոտություններ են ուզում, կարող են և չմտածել: 100 տարով ետ գնանք: 1918 թվականին` հայ-վրացական պատերազմի ժամանակ, երբ վրացիները հայկական գյուղեր էին գրավել, հայկական զորքը, որ գնացել էր ազատագրելու հայկական բնակավայրերը, գյուղացիներից օգնություն էր խնդրում թշնամուն գյուղերից հանելու համար: Ժամանակակիցը պատմում է, որ հերթական գյուղն ազատագրելուց հետո գյուղացիները հրաժարվում էին պայքարել հարևան գյուղի համար: Համարում էին, որ մյուս գյուղերի ճակատագիրն իրենց չի վերաբերում: Ցավոք, այդ մտայնությունը նաև այսօր է պահպանվել: Եվ եթե նուբարաշենցին համարում է, թե իր խնդիրը լուծվեց, չարաչար սխալվում է:
— Իսկ այն, որ նուբարաշենցին, մայրաքաղաքի մյուս վարչական շրջանների բնակիչները, գարշահոտության միջով անցնելով, քաղաքային տրանսպորտի մեջ ճզմվելով, գնացել և ընտրել են գործող քաղաքապետին, այստեղ Ձեր` որպես գրողի անելիքի պակասը, թերացումը չե՞ք տեսնում:
— Բացարձակ չեմ տեսնում: Գրողի, առհասարակ, մտավորականի դերն ու գործառույթն ուռճացվում է: Ավելին է պահանջվում, քան նրանք ընդունակ են անելու: Մտավորականի զենքը խոսքն է: Բայց մտավորականն էլ հասնում է մի կետի, երբ հասկանում է, որ խոսքն այլևս ավարտվել է: Խոսքի գործիքն էլ չի աշխատում: Ու այդ նույն մտավորականը գնում միանում է որևէ ցուցարարի, ընդվզող խմբի: Ուրիշ ի՞նչ կարող է անել: Այդ մտավորականն էլ ունի այն նույն կենցաղային, քաղաքական ու հոգևոր խնդիրները, ինչ մյուսները:
Պահանջել մտավորականից քաղաքական ակտ` տեղին չէ: Մտավորականը կարող է կանգնել ընդվզող քաղաքացու կողքին, վանկարկել այն, ինչ մյուսները, կարող է իր հերթին կոմպրոմիսի չգնալ իշխանության որևէ գործարքի հետ` որպես սովորական քաղաքացի` այն նույն հնարավորություններով ու խնդիրներով, ինչ մյուսներն ունեն:
Դուք քաղցած երեխաների, այդ փաստը բարձրաձայնելու, իշխանություններին փաստի առաջ կանգնեցնելու մասին եք ասում: Ցանկացած մեկը, որ մարդկային հույզեր ունի, որ ընտանիքից է դուրս եկել, գիտի` ինչ է երեխան, ինչ է երեխայի լացը, ինչ է քաղցից թուլացած երեխայի անգամ լացելու անզորությունը, նրան այդ ամենը բացատրել պետք չէ: Կարծում եք` իշխանությունը չգիտի՞, որ երկրում քաղցից երեխաներ են մահանում: Եվ ի՞նչ կարող եմ անել ես, բացի այն, որ համացանցում կարդալով որևէ երեխայի այս կամ այն պետքի մասին, ինչը տալու հնարավորությունն ունեմ, վերցնեմ ու սուսուփուս հասցնեմ այդ երեխային:
Պետք է հստակեցնենք, թե ով է մտավորականը և ինչ կարելի է նրանից ակնկալել: Ինքս մի բանաձև գիտեմ`եթե ամեն մարդ իր տեղում իր գործը լավ է անում` վերջ, երկիրը փրկված է: Ուրիշ ոչինչ պետք չի անել նորմալ երկիր ունենալու համար: Հնարավոր չէ հայրենասիրություն, մարդկայնություն, ազնվություն սերմանել. մարդու մեջ դրանք կա՛մ կան, կա՛մ` ոչ:
— Իսկ հնարավո՞ր է սեր սերմանել գրքի, ընթերցանության հանդեպ: Փետրվարի 19-ը` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որպես գիրք նվիրելու օր նշելու որոշումը նկատի ունեմ:
— Սեր` չէ, բայց հետաքրքրություն` հնարավոր է: Դա ես չեմ ասում, վիճակագրությունն է ասում: Նախ` հետաքրքրությունը պիտի լինի, որ հետո արթնանա սերը: Իհարկե, ցուցամոլ հետաքրքրություն էլ կա, բայց ոչինչ, թող դա էլ լինի: Այդտեղ վտանգ չկա:
— Գիրք նվիրելու օրվան ընդառաջ` «Անտարես» հրատարակչության նախաձեռնած ակցիայի շրջանակներում բավական տարածվեց Ձեր գիրքը` «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» հատորները: Իհարկե, միշտ հետաքրքիր է կարդալ ուրիշի նամակները, մանավանդ, սիրային բովանդակությամբ: Դուք ինչպե՞ս գտաք այդ նամակները:
Իրականում, դա այնքան էլ դժվար չէր: Երբ ես արդեն ունեի այդ նամակները, հասկացա, որ ինձնից առաջ ոչ ոք չէր էլ որոնել: Ընդամենը չէին որոնել: Եթե որոնեին, գուցե ավելին գտնեին, քան ինձ հաջողեց: Վստահ եմ, որ այդպես է: Արդեն 14 տարի է անցել այդ գրքի առաջին հրատարակությունից: Գիրքը կարողացել է իր համար ճանապարհ հարթել: Թող գնա այնտեղ, ուր պիտի հասնի:
— Սուլամիթան ո՞ղջ է:
— Այո՛:
— Նա ստացե՞լ է այդ գրքից:
— Ստացել է:
— Եվ ի՞նչ է ասել:
— Այնպես չէ, որ միանշանակ գոհ էր: Նամակ գրեց ինձ, որտեղ գրքի մասին հետևյալն էր ասում` «Այնտեղ լավն ավելի շատ է, քան վատը»: Իր ձևակերպումն այս էր: Եվ դա բնական է, որովհետև դա իր կյանքն է, իսկ ես ընդամենը պատմողն եմ: Ինչպես էլ պատմեմ, իր համար կիսատ մի բան մնալու է: Եթե Դուք իմ կյանքը փորձեք պատմել` անգամ լավագույն նկատառումներով ու նպատակներով, հաստատ, ինձ գոհացնել հնարավոր չէ: Բաներ կան, որ շատ անձնական են, շատ քոնն են, ու որևէ մեկը չի կարող դա գաղտնազերծել կամ ներկայացնել այնպես, ինչպես դու ես զգացել, դու ես ապրել:
Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի
MediaLab.am

3cc2aff7-7768-1000x708-100-scale

 

%d bloggers like this: