Պահոց | Հոկտեմբերի, 2010

ՖՐԻԴՐԻԽ ՌՅՈՒԿԿԵՐՏ

31 Հկտ

Մի երգ կա մանկուց, մի երգ կա մանկուց
Դեռ իմ ականջում.
Ա՜խ, ի՜նչքան հիմի, ա՜խ, ի՛նչքան հիմի
Հեռու է հընչում:
Ճախրում էր ծիծառ, ճախրում էր ծիծառ՝
Գարունը բերում,
Աշխարհքը պայծառ, աշխարհքը պայծառ
Ծաղկում էր, բուրում:
Հայրենի դաշտե՜ր, հայրենի դաշտե՜ր,
Ա՜խ, ո՛նց եմ ուզում,
Ձեր գըրկում մին էլ, ձեր գըրկում մին էլ
Թըռչեմ երազում:
Երբ որ հեռացա, երբ որ հեռացա
Լիքն էր ողջ ու շեն,
Երբ որ ետ դարձա, երբ որ ետ դարձա՝
Դատարկ էր արդեն:
Գալու է գարուն, գալու է գարուն —
Աշխարհ լըցվելու.
Բայց իմ սիրտն, ավա՜ղ, բայց իմ սիրտն, ավա՛ղ,
Էլ չի բացվելու:
Եվ ոչ մի ծիծառ, և ոչ մի ծիծառ
Չի բերի իր հետ,
Ինչ որ կորցըրի, անդարձ կորցըրի
Անցած երգի հետ:

ՐԱՖՖԻ

31 Հկտ

… Հույսը մարդերի մեջ հայտնվում է երկու կերպարանքով. մեկ, որ մարդը գործում է, աշխատում է և ամենևին չի թուլացնում իր եռանդը և հույս ունի, որ կհասնի իր նպատակին: Մյուս, որ մարդը ոչինչ չի անում, ծույլ է, հանգիստ իր տեղը նստած է և հույս ունի, թե մի օր կստանա այն, ինչ որ ցանկանում է: Մեր խոսքը վերջին տեսակի վրա է: Կան աղքատներ, որ միշտ երևակայում են, թե մի օր գանձ կգտնեն և կհարստանան: Դուք քննեցեք մի ծույլ և ստրուկ ժողովրդի առակները, առածները, հեքիաթները և կտեսնեք, որ նրանց մեծ մասը թաքուցած գանձերի վրա է: Աղքատի երևակայությունը մի ուրիշ բան չի կարող ստեղծել: Այնպես էլ քաղցած հավը երազում կուտ է տեսնում և սկսում է իր ոտները կտցահարել:… Այս տեսակ հույսերը գժերի երազներ են: Այս տեսակ հույսերով ապրում են ոչ միայն մասնավոր անհատներ, այլև ամբողջ ժողովուրդներ և ամբողջ ազգեր…

ԻՄԱՆՈՒԻԼ ԿԱՆՏ

31 Հկտ

ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՐԱԳՄԱՏԻԿ ՏԵՍԱՆԿՈՒՆԻՑ
Ժողովուրդ (populus) ասելով հասկանում են այս կամ այն տեղանքում միավորված մարդկանց բազմություն, քանի որ նրանք մեկ ամբողջ են կազմում: Այդ բազմությունը կամ նրա մասը, որը, նկատի առնելով ընդհանուր ծագումը, իրեն համարում է մեկ քաղաքացիական ամբողջի մեջ միավորված, կոչվում է ազգ, իսկ այն մասը, որն իրեն բացառում է այդ օրենքներից (վայրի ամբոխ այդ ժողովրդի մեջ), կոչվում է խաժամուժ, որի հակաօրինական միավորումը կոչվում է խառնամբոխ. դա այնպիսի վարքագիծ է, որը զրկում է նրանց քաղաքացիական արժանիքից:
… Այսպես, աշխարհում երկու ամենաքաղաքակրթված ժողովուրդները, որոնք միմյանց հակադիր բնավորություն ունեն և գուցե գլխավորապես այդ պատճառով են մշտապես թշնամանքի մեջ — անգլիացիները և ֆրանսիացիները – տարբեր են արդեն ըստ իրենց բնածին բնավորության, որի հետևանքն է ձեռք բերված և արհեստական բնավորությունը. գուցե դրանք միակ երկու ժողովուրդներն են, որոնց վերաբերյալ կարելի է ընդունել, որ նրանք ունեն որոշակի բնավորություն և, քանի դեռ չեն խառնվում ռազմական ուժի օգնությամբ, անփոփոխ բնավորություն: Այն հանգամանքը, որ ֆրանսերենը դարձավ ընդհանուր խոսակցական լեզու, գլխավորապես կանանց նրբաճաշակ հասարակությունում, իսկ անգլերենը` առևտրային մարդկանց ամենատարածված գործնական լեզուն, բացատրվում է այդ երկու ժողովուրդների աշխարհագրական դիրքի տարբերությամբ. մեկն ապրում է աշխարհամասում, մյուսը` կղզում: Ինչ վերաբերում է նրանց բնական հատկություններին, որոնցով իսկապես օժտված են ներկայումս, նրանց զարգացմանը լեզվի օգնությամբ, ապա հարկ է նրանց դուրս բերել իրենց հեռավոր նախնիների բնածին բնավորությունից, բայց դրա համար մենք անհրաժեշտ վկայություններ չունենք: Պրագմատիկ մարդաբանության մեջ մեզ համար կարևոր է տալ, որքան հնարավոր է, միայն երկու ժողովուրդների բնավորության կանոնավոր շարադրանքը, ինչպես են նրանք գոյատևում ներկայումս` բերելով որոշ օրինակներ, ինչը թույլ կտա մեզ դատել այն մասին, թե ինչ կարող է սպասել մի ժողովուրդը մյուսից և ինչպես նրանցից մեկը կարող է օգտագործել մյուսին ի շահ իրեն:
Բնատուր կամ երկարատև սովորությունից ասես բնական դարձած և նրա վրա պատվաստված մաքսիմները, որոնք արտահայտում են ժողովրդի զգայական բնավորությունը, ցույց տալու փորձը չափազանց վտանգավոր փորձ է` դասակարգելու ամբողջ ժողովուրդների բնական հակումների բազմազանությունը, ավելի շուտ աշխարհագրագետների էմպիրիկորեն, քան փիլիսոփայի` բանականության սկզբունքներով, համար:
Պնդումը, թե ժողովրդի բնավորությունը կախված է կառավարման ձևից, ոչնչի վրա չհիմնված և ոչինչ չբացատրող պնդում է. իրականում որտեղի՞ց է կառավարման այդ ձևն ստացել իր առանձնահատուկ բնույթը: Կլիման և հողը նույնպես չեն տալիս սրա բանալին. ամբողջ ժողովուրդների վերաբնակեցումն ապացուցում է, որ այդ ժողովուրդները նոր վայրերում չեն փոխել իրենց բնավորությունը, այլ ջանացել են հարմարեցնել այն նոր պայմաններին, և որ, ընդսմին, լեզվի, զբաղմունքի տեսակի, նույնիսկ հագուստի մեջ դեռևս երևում են նրանց ծագման հետքերը և դրանով իսկ` նրանց բնավորությունը: Ես ուրվագծում եմ նրանց դիմանկարը` նշելով ոչ այնքան նրանց լավ կողմերը, որքան թերություններն ու շեղումները կանոններից (թեև ոչ ծաղրանկարային տեսքով). չէ՞ որ բացի նրանից, որ շողոքորթությունը փչացնում է մարդկանց, իսկ հանդիմանությունը` ուղղում, քննադատն ավելի քիչ է մեղանչում նրանց ինքնասիրության դեմ, երբ կշտամբում է նրանց բոլորին, առանց բացառության, թերություններ ունենալու համար, քան երբ մեծ կամ փոքր գովաբանություններով նրանց մեջ արթնացնում է միայն նախանձ միմյանց հանդեպ:

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ

31 Հկտ

… Վերջապես, ո՞րն է նացիոնալիզմի էությունը: Ինչու՞ է այդքան միանշանակ և դրանով իսկ վտանգավոր դարձել: Ինչ-որ հանգամանքներում, ինչ-որ պատմական իրադարձություններում նացիոնալիզմն ու հայրենասիրությունը նույնացել են, նույնանում եմ: Ի՞նչ էր հայ ֆիդայինների և ընդհանրապես հայդուկների պայքարը թուրք բռնապետության դեմ, եթե ոչ նացիոնալիզմ: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե այդ նացիոնալիզմը առաջադիմական երևույթ չէր… Իսկ ընդհանրապես որո՞նք են այդ սարսափելի, այդ փայթուցիկ բառի հոմանիշները` մեր լեզվին ու մտածողությանը հասկանալի ու հարազատ, որո՞նք են, հիշենք, որպեսզի վախից ու նախապաշարումից ձերբազատված ավելի որոշակի պատկերացնենք այդ բառի էությունը: Ահա` ազգայնական, ազգայնամոլ, ցեղամոլ, ցեղապաշտ: Մանավանդ` ցեղապաշտ:
Ցեղապա՞շտ է արդյոք այն պաշտոնյան, որ այցելուի դեմքին նայելով գանգատ լսելու փոխարեն նրա գրպաններն է տնտղում:
Ցեղապա՞շտ է այն փոքրիկ իշխանատերը, որ պանելակրի վարորդին (որին երբ տեսնում ես իր ծանր բեռի հետ, ուզում ես գլխարկդ հանել) ստիպել է և նրա արդար վաստակին փայատեր դարձել:
Ազգայնամո՞լ է այն դատավորը, որ հանցագործի հետ գործարքի մեջ է մտնում:
Ցեղամո՞լ է կուշտ ու կռուշտ այն փափկամարմին երիտասարդը, որ զզվանքով է անցնում տրամվայի ռելսերը փոխող կանանց կողքով, մտնում իր դուքանը` կանացի ներքնազգեստներ վաճառելու:
Ցեղամո՞լ են Երևան քաղաքի հազարավոր այն երիտասարդները, հանրապետության մյուս քաղաքների ու շրջանների բազմահազար նորելուկները, որոնք ոչ մի տեղ չեն սովորում և աշխատանքից փախչում են` ինչպես օձից:
Ազգայնամո՞լ են ծաղկավաճառները: Եվ նրանց` մեխակների տերերին նախանձող, ընդամենը ձնծաղիկ վաճառող գյուղացին:
Ազգայնակա՞ն են ժողովրդի սեփականության` հանքային պաշարների նկատմամբ սեփականատիրոջ իրավունքով վարվող որոշ մասնագետներ ու ղեկավարներ, որոնք քամուն ու ջրին են տալիս աղքատ հանքանյութը, դժվար կորզվող էլեմենտները առանց ցավ զգալու, որ գալիք սերունդները ժառանգելու են միայն սարերի կեղևը:
Ազգայնամո՞լ է գյուղի այն երիտասարդը, որ հոտ քշելը պատվի դեմ է համարում:Եվ ցեղամո՞լ է այդ գյուղի ղեկավարը, որը կտրում-անցնում է յոթը սար, հովիվներ է ճարում, խնդրում է, խոստումներ է տալիս, խախտում կանոնադրությունը` ձեզ կրկնակի աշխատավարձ, էս հոտը ձեզ, էս սարերը, ձորերը, գետերը ձեզ, միայն թե եկեք:
Եվ ցեղամո՞լ է այն ասպիրանտը, ապագա գիտության ու մտքի տերը, որի համար միակ կարևորը գիտական կոչում ստանալն է…
Այսպես կարելի է երկար շարունակել: Ուրեմն որտե՞ղ որոնել նացիոնալիզմը: Ցեղապաշտությունը: Ժողովրդի ո՞ր խավի մեջ: Ո՞ր շերտում: Որտե՞ղ է բույն դրել: Որտե՞ղ որոնել: Արվեստի՞ մեջ, գրականությա՞ն մեջ… Դրանք կյանքից են գալիս, որտեղայդպիսի երևույթ չկա…

ԿՈՒՐՏ ՏՈՒԽՈԼՍԿԻ

31 Հկտ

ՄԱՐԴԸ
Մարդը ունի երկու ոտք և երկու համոզմունք. մեկը այն դեպքի համար, երբ նա իրեն լավ է զգում, և մյուսը` երբ նա իրեն լավ չի զգում: Վերջինը կոչվում է կրոն:
Մարդը ողնաշարավոր կենդանի է և ունի անմահ հոգի, ինչպես նաև հայրենիք, որպեսզի քիթը շատ վեր չցցի:Մարդը բազմանում է բնական ճանապարհով, բայց նա ինքը այդ ճանապարհն ընկալում է որպես հակաբնական և այդ մասին այնքան էլ չի տարածվում:
Մարդը օգտակար էակ է, քազի ծառայում է այն բանի համար, որպեսզի իր զինվորական մահով բարձրացնի նավթային բաժնետոմսերի գինը, իր հանքափորային մահով ավելացնի ձեռնարկատերերի շահույթը, ինչպես նաև մշակույթի, արվեստի և գիտության արժեքը:
Բազմանալու բնազդի, ուտելու և խմելու ձգտումների հետ մեկտեղ մարդն ունի երկու հակում` վիճաբանել և չլսել: Մարդուն կարելի է բնորոշել որպես մի էակի, որը երբեք չի լսում: Եթե նա իմաստուն է, ապա իրավացի է, որովհետև խելացի բաներ շատ հազվադեպ կարելի է լսել: Մարդիկ շատ են սիրում խոստումներ, շողոքորթություններ, խոստովանություններ ունկնդրել:
Խորհուրդ է տրվում, որ շողոքորթությունը մի երեք անգամ ավելի կոպիտ լինի, քան հնարավոր է համարվում:
Իր նմաններին մարդը ոչ մի բան թույլ չի տալիս, դրա համար նա օրենքներ է հնարել: Իրեն չի կարելի, ուրեմն ուրիշներինել է արգելված…
Մարդը քաղաքական էակ է. նա առանձնակի մեծ հաճույքով իր կյանքն անց է կացնում նախրակույտերում: Ամեն մի կույտ ատում է մյուս կույտերին, որովհետև նրանք ուրիշ են, և ատում է իր կույտերին, որովհետև դրանք յուրային են: Վերջին ատելությունը կոչվում է հայրենասիրություն: Յուրաքանչյուր մարդ ունի փայծաղ, լյարդ, թոքեր և դրոշ. այդ չորս օրգանները կենսականորեն անհրաժեշտ են. գոյություն չունեն անդրոշ մարդիկ…

ՕԳՅՈՒՍՏ ՌՈԴԵՆԻ ԴԱՍԵՐԸ

31 Հկտ

Երիտասարդներ, որ ցանկանում եք գեղեցկության սպասավորները դառնալ, դուք, հնարավոր է, ուրախ կլինեք այստեղ գտնելու իմ երկարատև փորձառության ամփոփումը:Ակնածանքով սիրեցեք այն վարպետներին, որոնք նախորդել են ձեզ: Զգուշացեք, սակայն, ձեր նախորդներին ընդօրինակելուց: Հարգելով ավանդույթը` կարողացեք կռահել այն հավիտենապես բեղմնավորը, որ նա պարունակում է իր մեջ. բնության սերն ու անկեղծությունն այն է, ինչին կրքոտությամբ կոչ են արել բոլոր հանճարները: Նրանք բոլորն էլ պաշտել են բնությունը և երբեք չեն ընդունել կեղծիքը: Այսպիսով, ավանդույթն այստեղ բանալի է տալիս, որը ձեզ կօգնի խուսափելու հնամոլությունից: Նա ձեզ առաջարկում է միշտ դիմել իրականությանը, բայց արգելում է կուրորեն հետևել որևէ վարպետի:
Թող ձեր միակ աստվածուհին բնությունը լինի: Անսահման հավատ ընծայեք նրան: Իմացեք, որ այն երբեք այլանդակ չի լինում. հավատարիմ մնացեք նրան` չվախենալով զոհաբերել ձեր փառասիրությունը:
Արվեստագետի համար ամեն ինչ գեղեցիկ է, որովհետև յուրաքանչյուր էակի, յուրաքանչյուր իրի մեջ նրա խորաթափանց հայացքը խառնվածք է հայտնագործում, այսինքն` այն ներքին ճշմարտությունը, որը լուսարկում է արտաքին ձևի միջոցով: Եվ այդ ճշմարտությունն ինքը գեղեցկությունն է: Ակնածանքով ուսումնասիրեցեք, և այդ որոնումների մեջ դուք անպայման կգտնեք այն, կհասնեք ճշմարտության…

Ա. ՂԱՐԻԲՅԱՆ

31 Հկտ

ԴՈՒ ԱՆՄԵՂ ԵՍ
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր,
Դու խաղում ես իմ հոգու հետ ամեն օր,
Հույս ես վառում քո հայացքով ամենքին.
Մեկ կանչում ես, մեկ էլ խաբում, մոլորում,
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր:

Այս աշխարհում անցողիկ ենք ես ու դու,
Այս աշխարհն էլ անկում մի օր կունենա,
Հեծեծանքս է իմ անարցունք, որ անհուն
Տիեզերքի սահմաններում կմնա:
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր:

Լալ չգիտեմ. արցունք չունեմ ես բնավ,
Մահն ինձ համար մի հանգիստ է ցանկալի,
Ինձ չհաղթեց այս աշխարհում ոչ մի ցավ,
Վախենում եմ, որ քո սերն ինձ տապալի,
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր…

Իմ մորմոքին անպատասխան հայացքով
Սիրտս ես փշրել, ես ի՞նչ անեմ, սգավոր,
Քեզ անիծեմ ինչպե՞ս և ի՞նչ անեծքով…
Ոչ. ներում եմ: Չէ, աչքերդ են մեղավոր,
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր:

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

31 Հկտ

ՑԱՅԳԱՅԻՆ

Կը սիրեմ ես թափառիլ գիշերին մեջ. գիշերին մեջ, ուր այգուն դեմ, երազի անո՜ւյշ ծաղիկներ, ձյունե փթթումներով, կը բացվին հոգիներու շուշան համբույրին, գիշերի՜ն մեջ, ուր գետեզրին մոտեն լսվող կոչնակին գանգյունը կը ծավալի սարե սար ու խորհրդավոր կերպով կ’օրրե զգացումները: Կարավանը կ’անցնի լերան արահետներեն, ու բոժոժներու ձայնին միստիք մելամաղձությունը հեռուեն հեռու կը լսվի գիշերին մեջ, որ լուռ է, որ մթին է և ահավոր:
Եղնիկները,- անրջային ու պաշտելի՜ կենդանիներ,- թեթև, թեթև, գետափն ի վար կը սուրան, գետափն ի վար` որուն մեջ կըստվերանկարվին լուսնի լազվարթային սատափացումներեն, ինչ որ ունին խոլագիծ ու խուսափուկ ու անշոշափ` երազի մեջ վարշամակված իրենց ամպային ձևերը: Ու իրենց մեղրիկ նայվածքներուն լույսը կ’առկայծի գիշերին մեջ, որ լայն է, հեշտագին ու համապարփակ:
Ու բոլոր մրտենիները, բուրումնալիր, դալար համբույրներ կը սոսավեն հոլանի միջոցին մեջ: Պարզկա գիշերվան սյուքը կ’անցնի տերևախիտ թավուտքին ճիշդ սրտին ընդմեջեն, սարսուռներ պտտեցնելով հոն: Ու ես կը մտածեմ, աչքերս կիսափակ ու հոգնած, գլուխս քարի մը հեցած և հոգիս հեշտանքով ու տենդով լեցուն, ես կը մտածե՜մ…
Հո՜վը, գինով աղջիկ մըն է կարծես հովը, ծփացիկ պարեգոտով հո՜վը, գիշերվան դողահար ու բուրումնավե՛տ հովը, որ ջուրերուն վրա խոլ ու տատանուտ շրջպար մը կը դառնա հուլորեն, գիշերին մեջ, որ ցրտին է ու դողդոջուն:
Կը սիրեմ ես թափառիլ քու հոգիիդ գիշերին մեջ, ո՜վ կին, գիշերին մեջ քու հոգիի՜դ, որ տրտում է և ահավոր, լայն ու հեշտագին, կրքոտ ու խանդաբորբ, ցրտին ու դողահար…

ՖՐԱՆՍՈՒԱ ՌԱԲԼԵ

31 Հկտ

… Հայց Տրդատ արքան Ներոնի ժամանակներում այցելեց Հռոմ, ուր նրան ընդունեցին հանդիսավոր ու ճոխությամբ, որ նա հավերժ բարեկամ մնա սենատին ու հռոմ ժողովրդին: Չկար քաղաքում դիտարժան մի բան, որ ցույց չտային նրան: Տրդատի մեկնելու ժամանակ կայսրը նրան մատուցեց արտակարգ ընծաներ և, դրանից զատ, առաջարկեց ընտրել այն բանը, ինչը ամենից ավելի էր նրան դուր եկել Հռոմում, ընդ որում կայսրը երդվեց, որ ինչ էլ խնդրի` մերժում չի ստանա: Եվ Տրդատը խնդրեց իրեն ընծայել լոկ մի դերասանի, որին տեսել էր թատրոնում և, չհասկանալով նրա արածը, հասկացել էր այն ամենը, ինչ դերասանն արտահայտել էր նշաններով ու շարժումներով: Հյուրն իր խնդրանքը պատճառաբանեց այն բանով, որ իր տիրապետության տակ հավաքված են տարբեր լեզուներով խոսող ժողովուրդներ, և նրանց պատասխանելու և նրանց հետ խոսելու համար ինքն ստիպված է օգտվել բազում թարգմանիչների ծառայությունից, մինչդեռ այս դերասանը կարող է մեն-մենակ բավարարել բոլորին, քանի որ նա շարժումներով այնպես հիանալի էր ցույց տալիս ամեն ինչ, որ թվում էր` խոսում է մատներով…

ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ

31 Հկտ

… Երբ ես երեխա էի, սուրբ գրքի մեջ ոչ մի անձնավորության ճակատագիր այնքան խղճուկ չէր թվացել, որքան Նոյինը, որը ջրհեղեղի պատճառով փակված էր մնացել տապանում: Ավելի ուշ ես հաճախակի էի հիվանդանում և շատ օրեր ստիպված էի անցկացնել : Եվ ես հասկացա, որ Նոյը աշխարհը ամենալավ ձևով կարողացել է տեսնել տապանից, չնայած այն բանին, որ փակված էր այնտեղ, իսկ երկրագնդում խավարն էր իշխում…
Յուրաքանչյուր նոր օրվա շեմին ես ավելի ու ավելի քիչ եմ գնահատում բանականությունը: Յուրաքանչյուր նոր օր ես ավելի ու ավելի պարզորեն եմ տեսնում, որ գրողը միայն նրանից դուրս կարող է իր տպավորություններից ինչ-որ բան ընկալել: Այն, ինչ անցյալ անվան տակ մեզ է վերադարձնում բանականությունը, դարձյալ այն չէ: Իրականում մեր կյանքի յուրաքանչյուր ժամ մարմնավորվում ու թաքնվում է ինչ-որ իրական առարկայի մեջ…
Հանճարեղ ստեղծագործությունների հեղինակները բոլորովին էլ նրանք չեն, ովքեր ամենանուրբ միջավայրում են ապրում, ում խոսքը առանձնանում է փայլով, ովքեր ամենալայն ուսումն են ստացել: Այդ հեղինակները նրանք են, ովքեր անձնական կյանքից հրաժարվելու, իրենց անձը հայելու վերածելու ձիրքն ունեն, այնպես, որ նրանց կյանքը, ինչքան էլ որ բարձր խավի կամ նույնիսկ ինտելեկտուալ հայեցողությունից դիտվի, կարտապատկերվի հայելու մեջ, քանի որ հանճարը արտացոլելու ընդունակությունն է, այլ ոչ թե ինքնին վերցրած արտացոլված տեսարանի որակը…

ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ

31 Հկտ

ՆԱՄԱԿ ՋՈՆ ՔԵՆԵԴՈՒՆ
Իմ թանկագին Ջեկ,
Օրն առանց քեզ հավերժություն է: Ես թափառում եմ ամայի լողափում, ուր մենք միասին ենք եղել, ու մտածում եմ քո մասին, կարոտում քեզ:
Այո, թանկագինս, ես գիտեմ, որ անհույս է քո վերադարձը: Դու այդ մասին արդեն ասել ես ինձ: Ես հաճախ եմ հիշում այդ խոսակցությունները: Այն օրը, երբ ասացիր, որ պիտի բաժանվենք, իմ կյանքի ամենաատելի օրն էր:
Այնպիսի խորը հուսահատության մեջ եմ, որ զգում եմ` ինչ-որ բան պիտի ձեռնարկել: Երբ մտածում եմ, որ դու չես լինելու իմ գրկում, ինձ կորցնում եմ: Մենք դա կարող ենք անել, Ջեկ, գիտեմ, որ կարող ենք: Մի՞թե չէիր ասում, որ ինձ հետ ամենաերջանիկն ես եղել: Մի՞թե չես հիշում այն հիասքանչ երեկոները, երբ վերմակի տակ իրար ականջի փսփսում էինք մեր երազանքները: Ինչպե՞ս դիմանամ ցավին, որը, գիտեմ, զգում ես նաև դու: Դու ավելի ուժեղ ես ինձնից, թանկագինս, քանի որ ես անկարող եմ… ուժ չունեմ, բարեկամների ձայները չեն հանգստացնում, և անգամ ցանկալի քունը չի բերում մոռացում…Ես հպարտ կին եմ և կյանքում ոչ մեկից երբևէ ոչինչ չեմ խնդրել: Բայց քեզ խնդրում եմ: Աղաչում եմ, կարո՞ղ ես արդյոք ինչ-որ հույս թողնել…

ՎԵՐՋԻՆԻԱ ՎՈՒԼՖ

31 Հկտ

… Սիրում եմ մտածել հենց ծառի մասին` նախ փայտության չոր զգացում, հետո փոթորիկի գվվոց, հետո համեղ հյութարտադրություն: Սիրում եմ մտածել նաև կուչ եկած տերևներով, ձմեռային գիշերները դատարկ դաշտերում, լուսնի մանգաղի տակ կանգնած ծառի մասին, որի վրա ոչ մի նուրբ բան չկա, երկրի վրա մերկ կայմ է, որն անընդհատ, ամբողջ գիշեր ճոճվում է ու ճոճվում: Թռչունների երգը պետք է որ շատ բարձր ու տարօրինակ հնչի հունիսին, և ինչ սառնություն պետք է զգան միջատների ոտքերը, երբ դժվարությամբ բարձրանում են կեղևի ծալքերով, կամ տերևների բարակ, կանաչ տաղավարի վրա տաքանում արևից և ուղիղ իրենց առջև նայում ալմաստե, կարմիր աչքերով…
Մեկը մյուսի ետևից տերևները կուչ են գալիս երկրի ուժեղ, սառը ճնշման տակ, հետո անցնում է վերջին փոթորիկը, ամենավերևի ճյուղերն ընկնելով կրկին խրվում են հողի մեջ: Նույնիսկ այդ դեպքում կյանքն ավարտված չէ: Ծառի համար դեռ միլիոնավոր, կայուն կյանքեր կան. Ամբողջ աշխարհում, ննջասենյակներում, նավերի վրա, մայթերին, հանգստի սենյակներում, որտեղ տղամարդիկ ու կանայք թեյից հետո սիգարետ են ծխում: Ծառը լի է խաղաղ, երջանիկ մտքերով…

Թարգմանությունը` Ռուզան Թոփչյանի

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

31 Հկտ

… Նոր խնդիրները ստիպել են մեզ նոր սխալներ անել, բայց մեկը` ամենաբութը, կրկնում ենք հավիտյան. աշխարհի դաժան թոհուբոհի մեջ բարոյականություն ենք փնտրում, համառորեն արդարություն ենք ակնկալում` աղերսելով…
Զգայուն ժողովուրդ ենք. եթե չենք գտնում,- իսկ մենք չենք գտնում երբեք,- խոր հիասթափություն ենք ապրում, անհարկի ցնցումներ…
Չենք տեսնում, որ արդարությունն ու հաղթանակները քայլում են նրանց հետ, ովքեր ազգը միացնող միտք ունեն, պետականության ձգտում…
Քանի՞ դար կարելի է, ժողովրդի ասած` նստել թախտին, սպասել բախտին…
Եվ չսրբանանք: Աստված հեռու պահի, մենք մեզ չսրբացնենք, թե չէ կդառնանք մատաղացու ոչխար. պատմությունը վկա: Միլիոն ու կես միանգամից, անպայքար զոհ տալուց հետո չարժե հոխորտալ. , չարժե. դեռ մեր հողում թաղված ու չթաղված մեռելների ոսկորներն է տրորում նվաճողը:
Մեր մեղավորությունը ինքներս մեզնից չպարտակենք, պարտությունները տղամարդավարի ընդունենք, ԱԶԱՏԻ պես մտածենք, թող կարգավորվի, առողջանա մեր հոգու աշխարհը, մեր պատմության առաջ ապաշխարենք ազգովին, թողություն հայցենք մեր Աստծուց` մեր թերությունների, մեր դեմ իսկ գործած մեղքերի համար…

31 Հկտ


ՇԱ ՇԺԱՆԲԱՅ

31 Հկտ

Քաղաքային աղմուկի հմայքների մասին

Կա անտառային թավուտի եւ ծառերի աղմուկը, եւ կա քաղաքի աղմուկը, երբ թռչունները, կենդանիներն ու մարդիկ ապրում են կողք կողքի, լսվում է ձայների մեծ բազմազանությունը, երբ ունկնդրում ես կենդանիների ճչոցներն ու թռչունների ճռվողյունն անտառում, ակամա հասկանում ես, որ այդ ամենը մաքուր բերկրանքի ձայներն են` առանց պատճառի ու նպատակի: Իսկ քաղաքի աղմուկն ունի իր նշանակությունը: Մարդիկ հնչյուններ արտաբերելով, կամենում են ցույց տալ այն, ինչին տիրում են, կամ ստանալ այն, ինչն իրենք չունեն: Քաղաքում օդը չոր է, և առեւտրականների ճիչերը հեռվից լսելի են: Օրնիբուն, ցանկացած եղանակին փողոցային առեւտրականները թափառում են ամենուր, առաջարկելով իրենց ապրանքները: Նրանք, ովքեր իշխանություն ունեն, վաճառում են իշխանությունը, իսկ նրանք, ովքեր փառք ունեն, վաճառում են փառքը: Արհեստավորներն ու գիտնականները, զինապարտներն ու կանայք` ամենքն առեւտուր են անում իրենց վարպետությամբ, իրենց ընկերությամբ, իրենց խելքով կամ իրենց գեղեցկությամբ: Նրանք բոլորը ցուցադրում են այլոց այն, ինչ ունեն, եւ կամենում են ձեռք բերել այն, ինչն իրենք չունեն: Կան նույնիսկ շշուկները խոր գիշերով, խուլ զրույցները փակ դռների ետեւում` խոսքեր առանց ձայնի, երգեր առանց բառերի, որոնք զանգերից ու թմբուկներից ուժգին են հնչում: Այդ անձայն հնչյունների նշանակությունը նույնն է, ինչ եւ առեւտրականների ճիչերինը, բայց իմաստը միշտ չէ նույնքան պատշաճ: Ավաղ, սոսկ փյունիկն է կարող թռչունների գեղգեղանքներից ներդաշնակություն արարել, սոսկ միեղջյուրը կարող է կարգի բերել կենդանիների ճիչերը, եւ սոսկ մեծ իմաստունն է ունակ բավարարելու մարդկանց ամենայն ցանկություններն այնպես, որպեսզի բոլոր մարդկային ձայները դառնան խնդության եւ խաղաղության հնչյուններ: Սակայն ճիշտ չէ մտածելը, թե մարդ պետք է գնա սարերն ու ճգնակեցությամբ ապրի` ախորժանք զգալով թռչունների երգերից եւ կենդանիների ճչոցներից: Յուրաքանչյուր ձայնի մեջ կա իր գեղեցկությունը:

ՖՐԱՆՍՈՒԱԶ ՍԱԳԱՆ

31 Հկտ

… Ես հորինելու աստվածային պահերին ինձ զգում եմ բառերի թագուհի: Դա մի անսովոր զգացում է, ասես գտնվում ես դրախտում: Ես սիրում եմ հիմարություններ անել` խմել, զբոսնել, արագ երթևեկել: Պաշտում եմ ոչինչ չանելը, մնալ անկողնում ու նայել ամպերին, ինչպես ասում էր Բոդլերը, դետեկտիվ կարդալ կամ հանդիպել բարեկամներին: Սակայն հենց ծուլության և ոչինչ չանելու մեջ է, որ ծնվում են նոր ստեղծագործություններս… Եթե Ճապոնիայում իմ անունով ակումբներ կան և այնտեղ ինձ ծաղիկներով ու նվագախմբերով են դիմավորում, ապա Ֆրանսիայում ես ասես հանցագործ լինեմ: Երբեք չեմ ժխտել, որ թմրադեղեր ընդունում եմ: Ես չափահաս մարդ եմ և ունեմ ինձ իրավունքը, եթե ես դա ցանկանում եմ… Ափսոսում եմ, որ կյանքս ավելի հանդարտ ու ներդաշնակ չեղավ: Երբեմն իմ երազներում ինձ տեսնում եմ լողափին անհոգ պառկած: Ինձ վերաբերում է հետմահու փառքին և պանթեոնում իմ տեղին, ապա ես թքած ունեմ դրանց վրա…
Ես նայում էի մահվան աչքերին, որը իմ առջև հայտնվել էր մի սև ակնոցի տեսքով: Դրանից հետո ինձ համար մահը կորցրեց ամեն մի հետաքրքրություն: Ես հավատացնում եմ, որ այնտեղ` կեցության այն կողմում, ոչինչ չկա…

ՔՎԻՆԹՈՍ ՀՈՐԱՑԻՈՍ ՖԼԱԿ

31 Հկտ

ՆԵՐԲՈՂ ՀՌՈՄԵԱՑԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ո՞ւր, ո՞ւր եք լցվում, հանցագործներ,
Թրերը խելահեղ խլելով:
Քի՞չ են, միթե, դաշտերն ու ալիքները ծովի
Ողողվել արյամբ հռոմեական –
Ո՛չ նրա համար, որ ագահ Կարթագենի
Պատվարն այրեցին հռոմեացիները,
Ո՛չ նրա համար, որ ընկճված բրիտանացին
Անցնի Հռոմով կաշկանդված,
Այլ նրա համար, որ, ինչպես ձեռնտու է պարթևներին,
Մեր Հռոմը կործանվի յուրայինների ձեռքո՞վ:
Ոչ առյուծները, ոչ գայլերը ոչ մի տեղ այդպես չեն կատաղում՝
Թշնամություն անելով միայն այլ գազանի հետ:
Կուրացե՞լ եք, միթե, դուք: Ձեզ մոլո՞ւցքն է առաջնորդում:
Թե՞ ինչ-որ մեկի մեղքը: Պատասխանե՛ք:
Լռում են… Եվ դեմքերն ավելի են գունատվում մեռելային,
Մտքերն անզգայացած են…
Այո՛: Հռոմեացիներին հետապնդում է ճակատագիրը դաժան
Եղբայրասպան այն օրվա համար,
Երբ հեղվեց անմեղ Ռեմի արյունը,
Ծոռների արյունը նզովված:

ՋԵԿ ԼՈՆԴՈՆ

31 Հկտ

ՆԱՄԱԿ ԱՆՆԱ ՍՏՐԱՆՍԿԻԻՆ
Օքլանդ, 1901 թվ ,Ապրիլի 3, ժամը …
Սիրելի Աննա
Ես ասե՞լ էի, որ բոլոր մարդիկ բաժանվում են տեսակների: Եթե ասել եմ քեզ այս մասին, թույլ տուր մանրամասնել և քեզ պատմել այն ամենը, ինչ գիտեմ դրա մասին: Բայց տարօրինակ է, դու դուրս ես սահում և ես չեմ կարողանում քեզ դասել այս տիպերից և ոչ մեկի շարքում: Սարսափելի է` ես չեմ կարող քեզ մասնատել, կիսել իմ և մարդկանց միջև: Կիսել իմ և իմ միջև:Ես կարող եմ գլուխ գովել, որ տասը մարդուց 9-ի պահվածքին կարեղ եմ հետևել ու բացահայտել, թե ովքեր են նրանք իրականում: Ես դա կարող եմ անել` ուսումնասիրելով նրանց խոսքերը, քայլերն ու ժեստերը, ես կարող եմ նրանց սրտի ռիթմն անգամ կռահել ու բացահայտել նրանց նույնիսկ այդ կերպ…
Ժամը …
Տասներորդ… Բայց տասներորդն ինձ համար մնում է հանելուկ: Ես հուսահատության մեջ եմ, քանի որ այդ տասից ինձ անհրաժեշտ է միայն իմանալ ու կռահել վերջինը: Իսկ ես անզոր եմ, որովհետև այդ վերջինը հենց դու ես: Իմ փախչող ու վերադարձող ներկա: Հետաքրքիր է, բայց մեզնից յուրաքանչյուրն իրեն զգում է միայնակ մյուսի կողքին, մյուսից տարբեր, և գուցե այդ պատճառով էլ ամենափոքրիկ նմանությունը մեր մեջ նման է հրաշքի…
Ժամը…
Մեզ պետք չեն բառեր` բարձրաձայն բառեր: Մենք այդ բառերի համար չափազանց անհասկանալի ու բարդ ենք: Գուցե Աստված հիանում է մեզնով` տեսնելով մեր լուռ միասնությունն ու շփումը:Այս ամենում և մեր հարաբերություններում միակ բնական բանը անբնական տաքարունությունն է, չափազանց մեծ, վտանգավոր, լուսավոր: Դե ճիշտ է, մենք միասին ենք, բայց մենք նման ենք այլմոլորակայիների ուրվականների: Ու միասին ենք…
Վերլուծելով մեր հարաբերություններ, ես չեմ կարողանում ընդունել, որ դու այդ տասներորդն ես, հանելուկ, չբացահայտվող:Կարծես մեզ հավերժությունն է ուղեկցում, և ահա թե ինչն է մեզ ստիպում լռել` լինելով այդքան մոտիկ:
Ժամը….
Քո մասին մտածելիս և քո կողքին անգամ քո մասին երազելիս ես ժպտում եմ: Ժպտում եմ նախանձելի ու անկեղծ ժպիտով: Դա մի ժպիտ է, որին կարելի է ներել: 25 տարի ես ապրել եմ հուսահատության բանտում: Ես սովորել եմ չհիանալ: Դա մի դաս է, որն անհնար է մոռանալ: Ես ինձ արգելում եմ հուսալ և հավատալ նաև հույսի գոյությանը: Ես ուրախանում եմ ամենափոքրիկ մանրուքներով, նույնիսկ իմ օրերով: Բայց ես չեմ կարողանում հիանալ ինքս ինձանով, հիանալ այն հրաշքով, որ թաքնված է իմ ներսում: Հիանալ իմ սիրով…

ԴԵՅԼ ԿԱՐՆԵԳԻ

31 Հկտ

1871թվականի գարնանը ոմն երիտասարդ ձեռքն առավ գիրքը և կարդաց տասնյոթ բառ, որոնք ամբողջովին փոխեցին նրա ապագան: Երբ նա ուսանող բժիշկ էր և իր պրակտիկան անցկացնում էր Մոնրեալի հիվանդանոցում, նրան անհանգստացնում էին հետևյալ խնդիրները` ինչպե՞ս հանձնել ավարտական քննությունները, ո՞ւր գնալ սովորելու, ինչպե՞ս կազմակերպել պրակտիկան, ինչպե՞ս ապրուստի միջոցներ հայթայթել:
Տասնյոթ բառերն օգնեցին նրան դառնալու ժամանակի ամենանշանավոր թերապևտը: Նա կազմակերպեց Ջոն Հապկինսի համալսարանին առընթեր աշխարհում հայտնի Բժշկական դպրոցը: Դարձավ բժշկության թագավորական պրոֆեսոր`Օքսֆորդում ամենաբարձր տիտղոսը, որ կարող է շնորհվել գիտնական-բժշկի Բրիտանական կայսրության մեջ: Պալատական կոչման անցավ Անգլիայի թագավորի կողմից: Նրան կոչում էին սըր Ուիլյամ Օսլեր: Ստորև բերված են Թոմաս Կարլեյալի կողմից գրված այն տասնյոթ բառերը, որոնք օգնեցին նրան իր կյանքն ազատել անհանգստությունից: «Մեր գլխավոր խնդիրն է չխորանալ ապագայի մշուշապատ հեռվում, այլ գործել այժմ, այն ուղղությամբ, որ տեսանելի է մեզ»:
Քառասուներկու տարի անց, Ուիլյամ Օսլերը ելույթով դիմեց Յելսի համալսարանի ուսանողներին: «Համարվում է,- ասաց նա,- որ այնպիսի մարդն, ինչպիսին ինքն է`չորս համալսարանների պրոֆեսորն ու հանրաճանաչ գրքի հեղինակը, հատուկ որակի ուղեղի տեր պետք է լինի: Դա ճիշտ չէ: Պարզվում է, որ իր մտերիմներն էլ գիտեն, որ նա ամենամիջակ ընդունակությունների տեր է»: Ինչու՞մն է ուրեմն նրա հաջողության գաղտնիքը: Նա ասաց, որ հաջողության է հասել այն պատճառով, որ ձգտել է ապրել մնացած մյուս օրերից անթափանց կերպով անջրպետված ներկա օրվա մեկուսարանում:
Այսօր… մեկուսացրեք անցյալը:
Թող մեռած անցյալը թաղի իր մեռյալներին…
Անցյալի բեռան վրա ավելացրած ապագայի բեռը, որ դուք բարդում եք ձեզ վրա ներկայումս, ստիպում է սայթաքել անգամ ամենաուժեղներին: Մեկուսացրեք ապագան նույնքան հերմետիկորեն, որքան անցյալը… Ապագան ներկայում է… Վաղը գոյություն չունի: Մարդու փրկության միակ օրն այսօրն է:

ՋԵՆԹԼՄԵՆ ՈՒ ԴՈՆ ԺՈՒԱՆ

31 Հկտ

Խիստ ակնառու տասը տարբերություն

1.Ջենթլմենն իրեն պահելու, Դոն Ժուանն` իր մոտ պահելու վարպետ է:
2.Ջենթլմենը խոսքի, Դոն Ժուանը` գործի տեր մարդ է …
3.Ջենթլմենը նույն` ուղղակի ուժահատ Դոն Ժուանն է…
4.Ջենթլմենը առաջնայնությունը մշտապես կանանց զիջող, Դոն Ժուանը` կանանց ունենալու առաջնայնությունը ոչ մեկին չզիջող մարդն է:
5.Ջենթլմենը կանանց հրապուրում է առաքինությամբ, Դոն Ժուանը` արատավորությամբ…
6.Կանանց հետ սիրավեպերում ջենթլմենը ներկայանում է այնպես, ասես հավերժ է ապրելու, մինչդեռ Դոն Ժուանը` ճիշտ հակառակը, միանշանակ հասկացնում է, որ եթե իրեն չտրվեն` տեղում կմահանա:
7.Ջենթլմենը սափրվում է ամեն առավոտ, Դոն Ժուանը` ամեն գիշեր:
8.Ջենթլմենը խիստ արդիական, Դոն Ժուանը` խիստ արագ է հագնվում:
9.Եթե ջենթլմենը վայր ընկած կնոջը շտապում է բարձրացնել, ապա Դոն Ժուանը, առանց ժամանակ իսկ կորցնելու, պառկում է կողքին…
10.Կնոջ արժանապատվության համար ջենթլմենը ձեռնոց, Դոն Ժուանը` մնացած ամեն ինչն է նետում…
ԿՈՍՏԱՆՏԻՆ ՄԵԼԻԽԱՆ

Թարգմանեց Արթուր Ազարյանը