Պահոց | Հուլիսի, 2012

ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ

23 Հլս

Միացյալ Նահանգներում, երբ փողոց եմ դուրս գալիս, մի սոսկալի լքվածություն ու միայնություն է պաշարում ինձ։ Հանգամանքների բերումով ես պարտավոր եմ լինել այնտեղ ու երբեմն ինքս ինձ խղճալու աստիճան հուզվում եմ։ Հայրենիքը մնում է հայրենիք, չնայած` իր պրոբլեմներին, թերություններին, դժվարություններին։ Ես քայլում եմ Երեւանի փողոցներով եւ զգում եմ, որ իմ տանն եմ. մարդիկ, փողոցները, ծառերը` ամեն ինչ իմն է։ Օտարությունը սոսկալի ցավ է։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել։ Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ։ Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում են օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ ամերիկյան կրթօջախներում, ամուսնանում են: Ես խորապես խղճում եմ այդ մարդկանց, ցավում եմ նրանց ճակատագրի համար, օտարության դատապարտված նրանց կյանքի համար։ Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը։ Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում:

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

17 Հլս

ՍԻՐԵԼՈՒ ՏԱՐԻՔ

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։
Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասևեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։
Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարևորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ,- հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչև իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։
«Վերջ,- ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս,- խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել- անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի- այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։
Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։
Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։
Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։
Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է,- այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի- նույնիսկ մեկի դեմ։
Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ

8 Հլս

Կինոդահլիճից դուրս են գալիս հազար ու գուցե երկու հազար մարդ: Բայց ես գիտեմ, որ 2-ն են դուրս գալիս: Մեկը ժամ ու կես նայել է էկրանին, մյուսը ժամ ու կես ստեղծագործել է: Մեկը ֆիլմում լոկ գործողությունների շարան է տեսել և պատմել կողքը նստած աղջկան, մյուսը թափանցել է կինոնկարի հերոսների ու ստեղծողների ներաշխարհը: Մեկը ուրախացել է, որ հերոսն ու հերոսուհին ֆիլմի վերջում իրար գտան, մյուսի համար դա կարևոր չէ: Մեկը կինոդահլիճից իր հետ տանում է օգտակարության սնանկ գործակից, մյուսը ֆիլմի մթնոլորտի մեջ է և շարունակում է ստեղծագործել:
Կինոդահլիճից դուրս են գալիս միայն ու միայն երկու տեսակի հանդիսատես. դիտող-ստեղծագործող և ժամանակ սպառող: Երբ կինոդիտողը զուրկ է երևակայելու ընդունակությունից կամ խնայում է իր ստեղծագործական ճիգերը, հենց այդ ակնթարթից էլ կինոն որպես ստեղծագործական բջիջ դադարում է արվեստ լինելուց և լավագույն դեպքում դառնում է հաճույքի թամաշա, որն ընկալելու համար շատ բան պետք չէ:

ԴԻՆՈ ԲՈՒՑՑԱՏԻ

1 Հլս

ԳԻՇԵՐՎԱՆԻՑ ԳԻՇԵՐ

Մեկնում էի քաղաքից գնացքով, երբ արդեն իրիկնամուտ էր: Գնում էի մի հեռավոր ծովափ, ուր ինձ էր սպասում պատերազմը. մեկնում ու վերադառնում էի միաժամանակ: Տների (որ գիշերվա մթի մեջ ահռելի ու խորհրդավոր տեսք էին ստացել) մանուշակագույն վարագույրների վրա կայծկլտում էին հարյուրավոր լույսեր, պատուհաններ ու ծածկապատշգամբներ: Քանզի, իսկական պատերազմական, կանոնակարգված գիշերը դեռ չէր սկսվել, որ հիմա` օգոստոսին, վրա է հասնում ժամը քսանմեկին: Ու այդպես, տխրությամբ նայում էի այդ լույսերին` ուշադիր լսելով, թե ինչ էին ասում նրանք իմ սրտին:
Գնացքն անցնում էր արվարձանի շենքերի խիտ շարքերի միջով. ես տեսնում էի անծանոթ տներ, որոնց լույսը վառ էր, մի կնոջ, որն ամանեղեն էր լվանում, թերթ կարդացող մի տղամարդու, երկու պառավների, որ զրուցում էին իրար հետ, սեղանի մոտ նստած մի երեխայի, որի քունը սարսափելիորնեն տանում էր, նաև ուրիշ մարդկանց, որ թղթախաղ էին խաղում…հազար ու մի կյանքեր: Մութ փողոցնրում տեսնում էի նաև զույգ ստվերներ, գրեթե անշարժ ու ենթադրաբար` երջանիկ. ու ամեն անգամ, ինչ-որ շքեղ տան լույսերն էին դարձյալ, ուր ծառայապետերը սպասում էին ամրագրված ժամին, որպեսզի իջեցնեին արծաթավուն շերտավարագույրները: Ուրեմն, քաղաքը շարունակում էր ապրել` չիմանալով իմ գոյության մասին. լրիվ թքած ունենար ինձ վրա, ոչ էլ անունս գիտեր: Քաղաքը, որը լի էր երիտասարդ ու ոչ այնքան երիտասարդ կյանքերով, հույսերով, հիվանդություններով, շքեղությամբ ու խորհրդավոր երազներով: Ու նաև` գեղեցիկ կանանցով` սև ծառերի տակ:
Սերը, որը խույս էր տալիս ինձնից` մնալով ինձ համար մշտապես անծանոթ մի բան: Այն թողնում էր ինձ առանց ողբ ու կոծի, ոչ մի բան չէր արել ինձ պահելու համար, ոչ մի ժպիտ կամ հրավեր նրա կողմից, անգամ` մնաս բարով չէր ասել: Բայց և այնպես, ինձ համար ցավալի էր նրան թողնելը, տխուր էր բաժանվելը նրանից, ու դառն` մտածելը այն բոլոր հաճելի բաների մասին, որոնք մնացել էին այնտեղ` լավ օրերը, հեշտագին ու բանաստեղծական երեկոները, առաջին պատրանքները, փողոցները, ուր սովորաբար հանդիպում էի նրան, հեքիաթային դռները, որոնցով դեռ ներս չէի մտել, և որոնք, գուցե` սպասում էին ինձ. անսահման հնարավորությունները, որոնց մասին երազել ես, բայց դրանք, անգամ` չփորձած, ձեռքիցդ բաց ես թողել, ժամերը, օրերը, բոլոր տարիները արագընթաց կյանքի, որ մի կողմ են դրվել` փոքրոգության կամ հպարտության պատճառով:
Ես խորհում էի անցած կյանքի մասին մի թախիծով, որը լինում է նման մեկնումների ժամանակ, առավել ևս, որ ապագան երևում է անորոշ, որպես մի անծանոթ հովիտ, որը կախարդում ու վախ է պատճառում միաժամանակ: Այնտեղ` այդ լույսերի մեջ, ես թողնում էի մայր մտնող երիտասարդությանս պատկերները, քաղցր քունը, ու էլի շատ ու շատ բաներ, որոնք անհնար է արտահայտել բառերով:
Մինչդեռ, տների լույսերն ավելի հազվադեպ էին դառնում, ավելի էին պակասում երիտասարդ աղջիկների ստվերները, իսկ իմ գնացքը հետզհետե դուրս էր գալիս ահռելի քաղաքի սահմաններից:
Մինչև որ հեռվում մարեց նաև վերջին պատուհանը, վագոնների դխկդխկոցը դարձավ երաժշտություն, ու խավարը պատած երկրի, քնած գյուղի ու մենակյաց աշտարակների վրա մնաց միայն աստղերի լույսը: Որը սակայն, ինձ ավելի քիչ էր գոհացնում, քան քաղաքի լույսերը, քանզի բնավ չէր խոսում իմ սիրելի կյանքի, երաժշտության, սիրո, ընտանեկան ջերմության ու հինավուրց գաղտնիքների մասին:
Ու այդպես, նայում էի նրանց` ենթարկվելով մի աղոտ կանչի, որ թվում էր, ուղարկում էին ինձ: Նրանք դադարել էին երկնային մարմիններ լինելուց, որոնք հեռու են մեզնից հազարավոր կամ միլիոնավոր լուսնային տարիներ, չէին պատկերում հրեշներ կամ աստվածություններ, արջեր , կարիճներ, դելֆիններ, տիեզերքում չէին պտտվում ըստ մաթեմատիկական օրենքների, ու քառաչափ չէր այն տարածությունը, որը կառավարում էր նրանց, և որն ավելի շուտ` հին կախարդներին պատկանող չհետազատված տարածության էր նման: Կարծում եմ, նրանք մոռացել էին նաև ձգողականության ուժի մասին, որպեսզի նորից վերածվեին սովորական աստղերի` պարզ ու հասարակ, երկնքում վառված լույսերի: Ուստի դրանք չէին պարունակում ֆիզիկայի բնագավառին առնչվող դժվարագույն խնդիրներ, որոնց լուծման վրա պիտի կյանք մաշել: Փոխարենը, նրանցից ինձ էր հասնում մի տրտմալի, անձնական կոչ:
Շատ տրտմալի սակայն: Մինչ ուշադիր հետևում էի նրանց այս կամ այն խմբին, երբեմն, իսկապես ինձ թվում էր, թե մի նոր հույս էի նշմարում, երբեմն էլ` ոչ:
Ակնհայտորեն, ի տարբերություն արևի կամ լուսնի պայծառության, որ այնքան առատ են ու խանդալից, աստղերը կոչ էին այնում սիրելու ոչ թե այս աշխարհի ուրախությունները, այլ շատ ավելի հազվագյուտ բաներ, ու ավելի շատ են հավակնում պատասխանելու մեր նշաններին: Այնպես որ, ինքս ինձ հարցնում էի, թե հո չե՞մ սխալվում ( գուցե իսկապես նրանք չափազանց հեռու էին, իսկ ես ենթադրել էի` երևակայությանս տրվելով, թե իբր, կարող էին ինձնով հետաքրրքվել): Երբ հանկարծ նկատեցի, որ դրանք իմ պատանեկության նույն աստղերն էին, որոնք ունեին նույն առասպելական փայլը: Պատանեկությանս ավարտից հետո էլ, նրանք շարունակել էին շողշողալ բոլոր մյուս գիշերներին, իմ գլխավերևում, ու հիմա` նույնք, կայծկլտում էին այն հեռավոր ծովի վրա, որն ինձ էր սպասում:
Ու ես նորից կտեսնեմ նրանց իրիկնապահին, անփոփոխ, իմ գխավերևում: Ու հետո նաև մյուս գիշերը ու դրան հաջորդող գիշերները ևս, ու այդպես շարունակ, մինչև որ աչքերումս լույս կունենամ տեսնելու համար այն, ինչը գտնվում է այս ամենից անդին, երբ պատմությունն ավարտված կլինի գերեզմանիս մարմարի վրա:
Անխո՜նջ, հավատարի՜մ քույրեր: Նրանք չեն թողնում, որ մեկնեմ մենակ, չեն հեռանում ինձնից այս գիշերային գնացքի արագության մեջ, չեն թողնում, որ ընկնեմ ծիծաղելի պատրանքների մեջ, որպեսզի հետո, սթափվեմ` դառնագին: Նրանցից յուրաքանչյուրը, որքան էլ` փոքր, հավիտենական մի բարիք էր, որը ոչ ոք երբևէ չէր կարող ինձնից խլել:
Ես սևեռում էի հատկապես նրանցից մեկին, որի անունն ինձ անծանոթ էր. այն շատ խոշոր էր ու շատ գեղեցիկ, կապտավուն լույսով, ու ասես` ժպտում էր ինձ:
Որքա՜ն խեղճ էին քաղաքի լույսերը` նրա հետ համեմատած: Նա (մտածում էի) երբեք չի դավաճանի ինձ, բավական է մի փոքր հավատ ունենամ: Առանց իր մասին հայտնելու, մայրական համեստությամբ, նա լուռ կուղեկցի ինձ գիշերվանից-գիշեր, մինչև նախանշված ժամը: Այնտեղ էլ, նա չի հոգնի ինձ ուղեկցելուց, ինչպես և` մեկնումի պահին: Իմ վերևում ես մշտապես կտեսնեմ, թե ինչպես է թրթռում նրա օրհնյալ լույսը, երբ անցնելիս կլինեմ երկնային ոլորտներով, դանդաղորեն, որպես անմարմին ոգի:

Թարգմ. Գառնիկ Մելքոնյան