Պահոց | Օգոստոսի, 2011

ՈՍԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

31 Օգս

Այսօր ձեռքիս տակ եղած հին թերթերից մեկում մի փոքրիկ լուր կարդացի և մտածեցի, որ ձեզ էլ կհետաքրքրի այդ պատմությունը, կամ ավելի ճիշտ, դրա զուգորդումը մեր օրերի հետ: Թերթը մոտ 100 տարվա վաղեմություն ունի, «Ռուսկոյե սլովո»-ի 1913 թվականի օգոստոսի համարներից մեկն է: Ահա թե ինչ է գրված այնտեղ «Պատահարներ» խորագրի ներքո. «Հուլիսի 24-ին Մոսկվայի Պետրովսկի պարկի «Մավրիտանիա» ռեստորանի առանձնասենյակներից մեկում քեֆ էին անում «Բրև-Բոյա» նժույգի տեր Հ. Մանթաշյանը, իշխան Գ. Բեհբությանը և Մոսկվայի ձիարշավների ընկերության ստարտեր Ա. Բերսը: Առանձնասենյակից լսվում էր երգի ձայնը, կոտրատվող ամանների շրխկոցը, ճչոցները և պարողների դոփյունները: Մի խոսքով, ամեն ինչ իր տեղն էր: Լուսաբացին առանձնասենյակից ատրճանակի կրակոց լսվեց: Դա արդեն սովորական «քեֆերի» ծրագրի մեջ չէր մտնում, և «Մավրիտանիայի» վարչությունը կարծելով, թե դժբախտություն է տեղի ունեցել ներսում, անմիջապես ոստիկանություն կանչեց: Սակայն պարզվեց, որ ոչ մի դժբախտ դեպք էլ չի պատահել: Իշխան Բեհբությանի քեֆը այդ է ուզել և կրակել է առաստաղին: Նրանց տարել են ոստիկանատուն: Ոչ մեկը չի կամեցել կառքով գնալ, և Տվերսկայա զաստավա են հասել ոտքով: Թե ճանապարհին և թե ոստիկանատանը Հ. Մանթաշյանն ու Ա. Բերսը խոսքով վիրավորել են պրիստավի ավագ օգնական Վասկովսկուն՝ անվանելով «նախալ» և այլն, և այլն: Վերջապես, երբ ոստիկանատանը կազմում են արձանագրություն, Հ. Մանթաշյանը հրաժարվել է ստորագրել և իր մերժումը պատճառաբանել է՝ ասելով.
— Ես հարուստ եմ, ինձ համար միևնույն է, փողով կազատեմ ինձ:
Արձանագրությունը ուղարկված է դատարան…»:
Սա ինչ-որ բան ձեզ հիշեցրե՞ց: Կարծես անցած 100 տարին չի էլ եղել, այնպես չէ՞: Միայն մի տարբերությամբ, որ կառքերին այժմ փոխարինում են մեքենաները…

Հովիկ Չարխչյան

Advertisements

ԱՆԴՐԵ ԲՐԵՏՈՆ

31 Օգս

Ազատությունը, որ ձեռք է բերվել հազարավոր ամենադժվարին հրաժարումների գնով, պահանջում է, որպեսզի մենք վայելենք իրեն առանց ժամանակային սահմանափակումների, առանց որևէ պրագմատիկ դատողությունների, քանի որ հենց մարդու էմանսիպացիան՝ ընկալված ամենասովորական հեղափոխական ձևով (այսինքն ոչ պակաս, քան մարդկային էմանսիպացիա բոլոր հարաբերություններում՝ կախված միջոցներից, որին տիրապետում է յուրաքանչյուրը), կհանգեցնի միակ նպատակին, որին արժե ծառայել: Եթե մեր հոգու խորքում ննջում են ինչ-որ խորհրդավոր ուժեր՝ ընդունակ կամ բազմապատկելու այն ուժերը, որ առկա են գիտակցության մակերեսին, կամ հաղթականորեն մարտնչելու նրանց դեմ, այդ դեպքում կա ուղղակի իմաստ տնօրինելու հիշյալ ուժերը, ենթարկելու մեր բանականության հսկողությանը: Մարդը մտադրվում է և տնօրինում: Միայն նրանից է կախված՝ լիովին կպատկանի՞ ինքն իրեն, այլ խոսքերով ասած՝ կկարողանա՞ սատարել անարխիայի ոգուն իր ցանկությունների հորսակախումբի մեջ, որն օր-օրի դառնում է ավելի ու ավելի վտանգավոր…
Այն ամենը, ինչ ծուլության, ուրիշների հոգնության արդյունքն է, չի գրավում իմ ուշադրությունը: Ես չափից ավելի անկայուն պատկերացում ունեմ կյանքի անդադար տևողության մասին, այդ պատճառով էլ ես իմ գոյության լավագույն վայրկյանները չէի համարի հոգեկան պասիվության և լիցքաթափման պահերը: Ես ուզում եմ, որպեսզի մարդը լռի, երբ նա դադարում է զգալ: Եվ փորձեք հասկանալ, որ ես հանցանք չեմ համարում ինքնատիպության բացակայությունը հենց միայն ինքնատիպության բացակայության համար: Ես միայն ուզում եմ ասել, որ հաշվի չեմ առնում իմ կյանքի դատարկության պահերը և որ նմանատիպ պահերի բյուրեղացումը կարող է վերածվել գործի, որն անպատվաբեր է յուրաքանչյուր մարդու համար: Եվ ըստ այդմ թույլ տվեք ինձ բաց թողնել այդ նկարագրությունը և դրա հետ մեկտեղ՝ նաև շատ ուրիշները…

Վեցերորդ պատվիրան. «Մի սպանիր»

31 Օգս

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շատ է սիրում խոսել: Կարելի է ասել՝ նա միայն խոսում է: Մարդիկ հոգնել են նրա ոչինչ չասող, տրիվյալ ելույթներից, որոնք շատ նման են մաշված ձայնասկավառակի պտույտներին: Խոսելուն զուգընթաց նա նաև սիրում է զանազան գրքեր գրել, հետո այդ գրքերը պարտադրում է իր անձնակազմին, իսկ երբ այլևս անելու ոչինչ չի մնում, հավաքում է լրագրողներին, մեկնում է որևէ հեռավոր զորամաս ու իր մտքերի գանձանակն այս անգամ բաց է անում այնտեղ՝ տպավորիչ բնանկարի ֆոնի վրա: Ահա այդպես, երեկ նա հայտնվեց սահմանային գոտում և սկսեց այնտեղ արտասանել այսօրինակ մտքեր. «Մենք բարձրացնում ենք անձնակազմի որակն ու պատրաստությունը», կամ՝ «Ամենակարևորը սպաների ու զինվորների անձնական հարաբերություններն են», ապա՝ «Սպաների անձնական օրինակը հայրենասիրության և ռազմական ոգու երաշխիքն է»: Պետք է օժտված լինել որոշակի հատկանիշներով և միևնույն ժամանակ զուրկ լինել մի քանի այլ հատկանիշներից, որպեսզի արտաբերես նմանատիպ դատողություններ այն ողբերգության ֆոնի վրա, որ տեղի է ունեցել այս օրերին՝ Ղարաբաղի տխրահռչակ «Եղնիկներ» կոչվող զորամասում: Հիշեցնենք, որ 1992 թվականին ծնված զինծառայող Աղասի Աբրահամյանը մահացել էր անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց: Դեպքից անմիջապես հետո զորամասի հրամանատարները հայտարարել էին, թե իբր էպիլեպսիա հիվանդության պատճառով զինվորը ուշագնաց էր եղել, ինչի հետևանքով վայր էր ընկել անկողնուց ու ստացել վնասվածքներ: Եվ միայն այն բանից հետո, երբ հարազատները աղմուկ բարձրացրին, իսկ նրանց բողոքին միացան նաև Facebook սոցիալական ցանցի հարյուրավոր անդամներ, իրավիճակը նոր զարգացումներ ձեռք բերեց: Facebook-ում բացված խումբը «Գտնել և պատժել» անունն է կրում: Վրդովված մարդիկ այնտեղ գրում էին աղաղակող կեղծիքի մասին, իսկ այնուհետև նշում, որ շարունակաբար տեսնելով այսպիսի ցավալի դեպքեր, հայ երիտասարդը երկմտանքով է վերաբերվում ազգային բանակում ծառայելու փաստին:
Հասարակության արձագանքն ու ճնշումը այս անգամ էլ քանդեց լռության ու ստի պատը: Երկու օր անց ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանն անձամբ մեկնեց «Եղնիկներ» զորամաս, իսկ հետո տեղեկացրեց, թե՝ «ամեն ինչ արվում է դեպքը բացահայտելու համար, գործում ներգրավված են քննչական, ոստիկանական, դատախազական մասով բոլոր ուժերը, կա համապատասխան անձանց շրջանակ, որոնց հետ հիմա աշխատում են»։ Զինդատախազը նաև հավաստիացրեց, որ տվյալ դեպքի բացահայտման հարցում իրենք լինելու են հետևողական: Այս հավաստիացումներին, իհարկե, հարկ չկա լիովին հավատ ընծայել, քանի որ արդեն իսկ հայտնի է, որ քրեական գործ պետք է հարուցվեր սպանության հատկանիշներով, մինչդեռ նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել ՔՕ 112 հոդվածի երկրորդ մասի 14 կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Բայց վերադառնանք նախարար Օհանյանին, ով վերստին առիթը բաց չթողեց կացությունը գլխիվայր ներկայացնելու և ընդգծելու իր անուրանալի ավանդը արդարությունը վերականգնելու գործում: Ի դեպ, նրա համար նախընտրելի է այդ ամենը տարածել ավելի մեծ ժամանակահատվածի վրա, ճիշտ այնքան, որքան ինքը պաշտոնավարում է ՊՆ-ում: «2007 թվականն ամենահաջող տարին էր կորուստների նվազ ցուցանիշով: 2010 թվականի երկրորդ կիսամյակում սահմանում եղան միջադեպեր՝ նաև հակառակորդի կրակի, դիվերսիոն գործողությունների պատճառով: Իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կիսով չափ քիչ պատահարներ են գրանցվել»,- հայտարարեց նա՝ հավելելով, թե Աղասի Աբրահամյանի մահվան հանգամանքների առնչությամբ ոչ միայն քրեական գործ է հարուցվում, այլ նաև ծառայողական քննություն է անցկացվում, և «ոչ մի հանցագործություն ու արտակարգ պատահար անպատիժ չի մնա»:
Պետք է անուղղելի միամիտ կամ դյուրահավատ լինել, որպեսզի Օհանյանի խոսքերն ընկալվեն իրենց նախաստեղծ իմաստով: Բոլոր մեղավորներին պատժելու մասով ավելորդ չէր լինի նախարարին հիշեցնել, որ այսօր կան դեռևս 2001թ. բանակում կատարված սպանություններ, որոնք չեն բացահայտվել: Իսկ ինչ վերաբերում է ներկա կացությանը, ապա նա պարզապես ի պաշտոնե պարտավոր է իմանալ, որ միայն անցյալ տարի զինված ուժերում մահվան 54 դեպք է արձանագրվել, և սա ընդամենը հայտնի փաստերը, քանի որ ՊՆ-ն տվյալներ չի տրամադրում մահվան դեպքերի վերաբերյալ՝ հայտարարելով, թե իբր դրանք ռազմական գաղտնիք են, և այժմ այդ հարցը իրավապաշտպանները վիճարկում են դատարանում: Բայց այս անմխիթար ու ցավալի վիճակը Սեյրան Օհանյանին չի կաշկանդում, որպեսզի լրագրողների առաջ կանգնած հպարտորեն ասի. «2011-ի առաջին կիսամյակը ՀՀ զինված ուժերում հայտարարվել է կարգապահության ամրապնդման կիսամյակ»:
Որպես օհանյանական կարգապահության ակնառու արգասիք, բանակում այս տարի արդեն 20 դեպք է գրանցվել, երբ զինվորը կամ ինքնասպանություն է գործել, կամ սպանվել մեկ ուրիշի ձեռքով: Իրավապաշտպան կազմակերպությունները հավաստիացնում են, որ այդ 20 դեպքերից միայն 5-ի դեպքում է քրեական գործ հարուցվել: Խիստ հատկանշական էր, որ հատկապես այս օրերին շրջանառու դարձավ Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված հերթական փաստաթուղթը, որտեղ ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված նամակում Հայաստանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար էնթոնի Գոդֆրին պատմում էր մեր բանակում տիրող անպատժելիության մթնոլորտի մասին ու իր զարմանքն արտահայտում, թե ինչպես են մեղավորները կամ մեղմ պատիժների արժանանում, կամ ընդհանրապես խուսափում արդարադատությունից:
Այո, կարիք չկա խաբել հանրությանը: Մարդիկ ոչ կույր են, ոչ խուլ: Նրանք տեսնում ու հասկանում են, որ մահվան դեպքերը բանակում չեն նվազում, իսկ իրավիճակը շարունակում է մնալ աղետալի: Դա կարող է միայն մի բացատրություն ունենալ. պաշտպանության նախարարությունը չի տիրապետում իրավիճակին, և կամք չի դրսևորում՝ փոխելու ստեղծված կացությունը: Իսկ հետևանքն այն է, որ զինված ուժերը վերածվում են մի միջավայրի, որտեղ բռնի բարքեր են, ագրեսիայի բարձր մակարդակ: Չկա վերահսկողություն, չկա կարգապահություն, ներքին հարաբերությունները չեն կանոնակարգվում և չեն վերահսկվում: Խիստ տեղին կլինի նկատել նաև, որ ՊՆ քննչական ծառայությունը, ով կոչված է զբաղվելու այդ ցավալի գործերի քննությամբ, գտնվում է նույն նախարարության համակարգում, այսինքն այն անկախ մարմին չէ և, բնականաբար, կախվածությունը բանակային վերանախավից դառնում է անխուսափելի: Սա էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ զինվորական դատախազությունը, զինվորական ոստիկանությունը, դատաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինը աշխատում են մեկ ուղղությամբ` սպանությունը որակել կամ որպես հակառակորդի մարտական գործողությունների հետևանք, կամ ինքնասպանություն, կամ հիվանդության պատճառով վրա հասած մահ։ Եվ ստացվում է, որ զինակիցների կողմից դաժանաբար սպանված տղային կարելի է վերագրել էպիլեպսիա, մի հիվանդություն, ինչի ախտանիշները ճիշտ կլիներ որոնել մեր մի շարք բարձրաստիճան զինվորականների մոտ…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԷՓԹՈՆ ՍԻՆԿԼԵՐ

30 Օգս

Կա միայն մեկ միջոց ստիպելու տղամարդուն, որպեսզի նա իր ամբողջ կյանքն ապրի մի կնոջ հետ.- փակել երկուսին մի տան մեջ ու երբեք դուրս չթողնել: Բայց քանի որ դուք թույլ եք տալիս նրանց հարաբերվել այլ մարդկանց հետ, ապա տղամարդն անմիջապես կասի, որ իրեն ուրիշ կին է պետք, կին, որն իրեն ավելի համապատասխան է: Եվ այդպես կլինի միշտ:
Բանն այն է, որ տղամարդն ու կինը չեն կարող բավարարվել միայն զգացական հաճույքներով: Տղամարդն ու կինը մարմնից բացի նաև հոգի ունեն, և այդ հոգեկան կողմը պահանջում է գաղափարների հայտնի ներդաշնակությունը: Ու ինչպե՞ս նրանք կարող են շարունակել սիրել մեկմեկու նախկին կրքոտությամբ՝ միաժամանակ հոգեպես իրարից հեռացած զգալով: Տղամարդն ու կինը իրենցից «բնավորություններ» են ներկայացնում, այդ բնավորություններից բխում են արարքները, և ի՞նչ է կատարվում, երբ բնավորությունները առաջնորդում են դեպի անհամապատասխան արարքներ: Ի՞նչ կկատարվի, եթե տղամարդն անընդհատ ձգտի ընթերցել, իսկ կինը՝ պարել…
Մեծ գաղտնիք է բոլոր կանանց էությունը: Նրանք թվում են այնպես մեղմ, տպավորվող, ճնշված, մինչդեռ նրանց ճնշվածությունը ոչնչով չի տարբերվում ռեզինի կամ ջրի սեղմումից, որ մշտապես ձգտում է վերադառնալ իր նախնական տեղը, պահպանել իր նախկին ձևը: Կանացի բնավորությունը բեկել անհնար է: Նա միշտ իրենը կպնդի:

Լուսանցքային ՀՅԴ-ի կարմիր վրանները

30 Օգս

Արդեն մեկ շաբաթից ավելի է, Գյումրիի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, ՀՅԴ ներկայացուցիչները կարմիր վրան են տեղադրել, որտեղ հերթապահում են երիտասարդ կուսակցականները: Դաշնակների այս վաղաժամկետ ակտիվությունը, որը ներկա պահին դրսևորվում է «Քվեն ուժ է» ծրագրի շրջանակներում, արտահայտվում է նրանով, որ նրանք սկսել են պայմանագրեր կնքել քաղաքացիների հետ, ովքեր ընտրական իրավունքի իրացման միջոցով հայտնելու են իրենց պատրաստակամությունը` ձևավորել ժողովրդի իշխանություն: Եթե նույնը պարզ բառերով շարադրենք, ապա նախաձեռնության հեղինակները քաղաքացիներից կորզում են խոստում, որ առաջիկա ընտրություններում իրենց ձայնը կտան Դաշնակցությանը:
Կարմիր վրանների գաղափարը փոխառված է զյուգանովյան կոմունիստներից, ովքեր մեկ անգամ չէ, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում նման ակցիաներ են իրականացնում: Իսկ դրա հայկական կատարումը առաջիկայում կուղեկցվի նաև Հայաստանի տարբեր մարզերում հանրահավաքների շարքով, որի նախակարապետը ներկա պահին դարձել է Գյումրին: Հարցին, թե ինչո՞ւ են իրենց ակտիվությունը սկսում հատկապես այդ քաղաքից, ՀՅԴ Շիրակի մարզի պատասխանատու Արամ Հակոբյանը պատասխանել էր. «Ամենաաղքատ մարզը Շիրակի մարզն է հանրապետությունում, դրա համար դաշնակցականները նախ որոշել են հանրահավաք կազմակերպել Գյումրիում»:
Առաջին հայացքից նման պատասխանը կարող է ուղղակի անտրամաբանական թվալ: Ի՞նչ կապ ունի բնակչության աղքատությունը միտինգների հետ: Ի վերջո, Դաշնակցությունը չի պատրաստվում հավաքի ժամանակ հումանիտար օգնություն բաժանել կամ բնակարանի բանալիներ նվիրել: Սակայն այս խոսքերի տակ քողարկված մտադրությունը միանգամայն ակնհայտ է: ՀՅԴ-ին հիմա օդ ու ջրի պես անհրաժեշտ է սոցալական դժգոհություն, զրկվածների այն խումբը, որոնց ցավերի ու խնդիրների նուրբ լարերի վրա խաղալով և դրանց ալիքի վրա կուսակցությունը կկարողանա առաջ լողալ: Երևանն այս իմաստով զբաղեցված է ՀԱԿ-ի ու հարակիցների կողմից: Մնում են մարզերը:
Սակայն սա դեռ գլխավորը չէ: Ներկա պահին ամենաէականն այն է, որ Դաշնակցությունն իր դեմքը պահելու խնդիր ունի, մի դեմք, որը բավականին աղճատվեց վերջին իրադարձություններից հետո: Դրանցից առավել տհաճն ու անսպասելին ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի հայտարարություն էր, որում մասնավորապես ասված էր, թե ամերկացի դաշնակցականները չեն պատրաստվում մասնակցել Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակի առիթով ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի տոնական հանդիսավոր ճաշկերույթ կազմակերպելու նախաձեռնությունը: «Անկախության տոնակատարությունը չի կարող առիթ ծառայել փառավորելու հեղինակազրկված պաշտոնատարներ, այս պարագայում` մի նախագահ, որի վարած քաղաքականության հետևանքով 20-ամյա անկախ Հայաստանը ամեն օր առավել ևս խրվում է փտախտի տիղմի մեջ, իսկ ժողովրդավարութունն ու ժողովրդավարական արժեքները շարունակվում են ոտնակոխ լինել, որպեսզի կարելի լինի ապահովել հանցավոր վարչակարգի վերարտադրությունը»:
Հայտարարության հրապարակումից հետո Հայաստանի դաշնակների շրջանում մի իսկական խուճապ էր: Բայց այդ խուճապը բացատրություն էր պահանջում: Եթե ՀՅԴ-ն ընդդիմություն է, իսկ դառը խոսքերը բաժին են հասել նախագահին, այդ դեպքում ինչու՞ են անհանգստության ցնցումները փոխանցվել ընկեր հեղափոխականներին: Այս տագնապն արդարացնել էր պետք: Մի քանի օր անց ՀՅԴ բյուրոյի պատասխանատուները համաձակություն կուտակեցին ու քննադատեցին Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի որոշումը: Վերջիններս պնդում էին, թե այդ հայտարարությունն արտահայտում է ԿԿ-ի դիրքորոշումը ու, թերևս, արդյունք է գաղութում առկա որոշակի տրամադրությունների։ Սրա հետ մեկտեղ հայաստանցի դաշնակները գրում էին, որ Հայաստանում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։ «Բայց 20-ամյա տարելիցը մեր ընդհանուր հաղթանակի և ձեռքբերումների ամրագրումն է: Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում անձնավորված հարաբերություններով և հուզական քայլերով առաջնորդվելու»,- ասում էին նրանք:
Իրավիճակը զավեշտալի էր: Նախ, դաշնակներն իրենց պատասխանով բոլորովին էլ չէին ժխտում այն որակումները, որոնք տվել էր ամերիկյան կառույցը: Մյուս կողմից էլ հակազդում էին նրան, քանի որ կատարվածը դեմ էր Հայաստանում գործող ՀՅԴ Բյուրոյի գծին: Ստացվում էր, որ ոչ անկախության տարեդարձը, ոչ էլ նախագահն այս դեպքում էական չէին: Եղածը սոսկ մի բան էր վկայում. կուսակցության ներսում առկա են սուր խնդիրներ ու հակասություններ։ Իսկ դրանց մեղավորները կրկին ՀՅԴ վերնախավում էին, այլ ոչ թե հարակից տարածքներում:
Հիմա նույնիսկ ամերիկացի դաշնակցականների համար գաղտնիք չէ, որ Երևան տեղափոխված կուսակցության ղեկավարությունը վերջին տարիներին ամուր թելերով սերտաճել է իշխանությանը` այդ մերձեցման դիմաց ստանալով ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական արտոնություններ: Պատմում են, որ երբ այս տարվա հուլիսի սկզբին Ծաղկաձորում գումարվել էր ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը, սփյուռքից ժամանած կուսակցապետերը դառը խոսքեր ուղղեցին իրենց հայաստանցի կուսակիցների հասցեին՝ մեղադրելով վերջիններիս այն բանում, որ նրանք ընդդիմության իմիտացիա են ստեղծում և հարկ եղածին պես չեն արձագանքում իշխանությունների վարած սխալ քաղաքականությանը: Սրան ի պատասխան տեղի դաշնակները ՀՅԴ Բյուրոյի կազմից դուրս թողեցին ԱՄՆ-ի ու Կանադայի ներկայացուցիչներին: Բայց ռևանշը կարծես թե ձախողվում է: Մի կողմից Դաշնակցության ներսում ծայր են առնում լուրջ հակասություններ հատկապես այն հիմնահարցի շուրջ, թե ինչ դիրքորոշում պետք է ունենա կուսակցությունը Հայաստանի առաջիկա ներքաղաքական զարգացումների առնչությամբ, մյուս կողմից նվազել է «կերակրափողը»՝ դեպի կուսակցության գանձարան հոսող սփյուռքի ֆինանսական աղբյուրները:
Դրսի անհաջողությունները կարծես թե քիչ էին, ներսում էլ ՀՅԴ-ին միանգամայն լուսանցքային ուժի վերածեցին իշխանությունների ու ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև ծայր առած քաղաքական երկխոսությունները: Դաշնակները խաղից դուրս են: Մնում են փրփուրները, որոնցից էլ այսօր նրանք կառչում են՝ մի դեպքում կարմիր վրաններ շարելով, մեկ այլ դեպքում ակնարկելով այն մասին, թե պատրաստ են նույնիսկ երկխոսությունից դուրս մնացածներ մյուս ուժի՝ «Ժառանգության» հետ համագործակցել, միայն թե վերջնականապես չվտարվեն քաղաքական դաշտից: Նրանք հիմա էլ շարունակում են հայտարարել, թե իբր ՀՅԴ-ն ընդհանուր առմամբ հանդես է գալիս Հայաստանում համակարգային իշխանափոխության օգտին, բայց այս խոսքերի անկեղծությանը օր-օրի ավելի քիչ թվով մարդիկ են հավատում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՌՈԲԵՐՏ ՓԵՆ ՈՒՈՐԵՆ

29 Օգս

Եթե մարդն իմանար, թե ինչպես է պետք ապրել, նա երբեք չէր մեռնի:
Դուք երբեք չեք կարող խուսափել նրանից, ինչից աշխարհում ամենաշատը կցանկանայիք խուսափել: Մարդը հեռանում է տնից՝ ինչ որ բան նրան այն կողմ է հրում: Բայց գիշերը նա պառկում է ուրիշի մահճակալին, և ուրիշի քամին աղմկում է նրա վերևում՝ ծառերի մեջ: Նա թափառում է օտար փողոցներում, և նրա հայացքի առջևով անցնում են դեմքեր, բայց նա չգիտի այդ դեմքերի անունը: Ձայները, որոնք նա լսում է, այն ձայները չեն, որ հնչել են նրա ականջներում այն պահից ի վեր, ինչ հեռացել է տնից: Սրանք բարձր ձայներ են: Այնքան բարձր, որ խլացնում են հարազատ ձայները: Բայց ահա վրա է հասնում լռության րոպեն, և նա կրկին լսում է նախկին ձայները, այն ձայները, որոնք նա վերցրեց իր հետ, երբ հեռանում էր տնից: Եվ նա արդեն հասկանում է, թե ինչ են նրանք ասում: Նրանք ասում են. «Վերադարձիր»: Նրանք ասում են. «Վերադարձիր, տղա»: Եվ նա վերադառնում է:
…Կյանքը կրակ է, որ վազում է խծուծի վրայով (կամ վառոդի տակառի դյուրավառ քուղի վրայով, որին մենք Աստվա՞ծ ենք կոչում), և քուղը դա այն է, ինչը մենք չգիտենք, մեր Անգիտությունը, իսկ մոխրի հետքը, որ մնում է քուղից, եթե այն չի ցրում քամին, դա Պատմությունն է, մարդկային Իմացությունը: Սակայն այն մեռած է: Ու երբ կրակը կհասնի քուղի ծայրին, մարդկային իմացությունը կհավասարվի աստվածային իմացության հետ, և կրակը, որ կյանքն է, կմարի: Կամ եթե քուղը տանի դեպի վառոդի տակառը, այն կբռնկվի հրեշավոր բոցերով և ցիրուցան կանի նույնիսկ իր մոխրե հետքը…

Հանգուցյալի համար արցունքներ չեն լինի

29 Օգս

Ինչպես որ անբուժելի հիվանդի մահը առանձնապես մեծ զարմանք չի պատճառում, այդպես էլ ոչ ոք անակնկալի չեկավ այն տեղեկությունից, որ Թուրքիայի խորհրդարանը ի թիվս այլ օրինագծերի անվավեր էր ճանաչել դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ստորագրվել էին մոտ 2 տարի առաջ, Ցյուրիխում: Փաստը բացատրվեց հետևյալ կերպ. Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության համաձայն, տվյալ օրենսդրական շրջանում վերջնական լուծում չգտած օրինագծերը համարվում են անվավեր: Ըստ այդմ, բացի հիշյալ արձանագրությունից, նաև չեղյալ էին համարվել ևս 898 օրինագծեր:
Սակայն ֆորմալ կարգի հիմնավորումներն այս պարագայում ոչինչ չեն փոխում: Թիկունքում մնացած ժամանակահատվածը քիչ չէր, բայց և այնպես Թուրքիայի նախկին խորհրդարանն այդ արձանագրութունների խնդրում մատը մատին չխփեց՝ ապացուցելով, որ իրեն ձեռնտու չէ առանց նախապայմանների հարբերությունների կարգավորումը: Բացեիբաց հայտարարելով, որ հայ-թուրքական շփումներն անիրական են, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը, դրանով իսկ նա դիրքորոշում կտակեց նոր խորհրդարանին, որն էլ այսօր, ինչպես արձանագրում է «Pirus Haber»-ը, հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ:
Միանգամից նկատենք, որ պաշտոնական Երևանն իր հերթին որևէ կարգի դիրքորոշում չցուցաբերվեց հարևան երկրի ապակառուցողական քայլի վերաբերյալ: Ոչ հանրապետության առաջին դեմքերը, ոչ արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռևս հրապարակայնորեն չեն տվել իրենց գնահատականը և չեն շարադրել այն մոտավոր գործողությունները, որոնց պատրաստ են դիմել այս պահից ի վեր: Դրա փոխարեն առանձին քաղաքական խմբեր առիթը բաց չթողեցին անմիջապես մեղավորներ փնտրել երկրի ներսում և վերհիշել գլխավոր խնդրին ենթակա դրվագների ու դրանց թերությունների մասին: Ինչ խոսք, սա իսկապես լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր դժգոհ են Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից: Եվ հիմա ամենևին էլ պարտադիր չէ բացատրել, թե հատկապես ո՞ր հարցում է ձախողվել ԱԳՆ-ն և ի՞նչ էր պետք անել, որ չի արվել՝ հաշվի առնելով Հայաստանի դիրքը, իրավիճակը և այլ հարակից հանգամանքները: Դրա փոխարեն հնչում են կտրական պահանջներ առ այն, որ Ազգային ժողովն իր առաջին իսկ նիստում պետք է օրակարգից հանի հայ-թուրքական արձանագրությունները՝ ամբողջ պատասխանատվությունը բարդելով Թուրքիայի վրա։
Թվում է, թե սա չափազանց հրապուրիչ ու տեղին դեմարշ կարող էր համարվել, եթե չնմանվեր տաք գլխով պատասխանատու գործ ձեռնարկելուն, ինչի հետևանքները ավելի հաճախ հակառակ էֆեկտն են տալիս: Եթե նույնիսկ Հայաստանը որոշի հետ կանչել իր ստորագրությունը արձանագրություններից, ապա դա կպահանջի ոչ միայն լուրջ կշռադատում, այլև երաշխիքներ, որ վաղը նա չի զղջա իր հապշտապ պատասխանի համար: Իսկ խնդիրն այս անգամ սոսկ այն չէ, թե ինչպիսին կլինի մեր արձագանքը, այլ նաև այն, որ կարիք չկա սեփական գործողությունները մշտապես պայմանավորել թուրքական պահվածքով: Մենք կամ դա անում ենք« կամ չենք անում, քանի որ այդպես է թելադրում երկրի շահը: Մնացյալը երկրորդական հարցեր են, որոնք ժամանակի ընթացքում կկորցնեն իրենց սրությունը: Նաև սա է պատճառը, որ այսօր կան հակառակը պնդողներ, համաձայն որոնց վաղաժամ է այրել բոլոր կամուրջները, երբ կարելի է ներկա իրավիճակը օգտագործել որպես հաղթաթուղթ և դա հրապարակ բերել այն ժամանակ, երբ անհրաժեշտ լինի Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրել: Այդ իմաստով Հայաստանը առայժմ ունի բոլոր հիմքերն ասելու, որ ինքը հավուր պատշաճի կատարել է ստանձնած պարտավորությունները, իսկ ահա Թուրքիայի համար դժվար կլինի ներկայանալ բարեխիղճ գործընկերոջ կերպարով:
Ամեն դեպքում, իրավիճակի յուրահատկություններից մեկը շարունակում է մնալ այն, որ ոչ Անկարայում ու ոչ էլ Երևանում ոչ ոք չի պատրաստվում արցունք հեղել վաղաժամ վախճանված արձանագրությունների համար: Երկուսն էլ փորձում են եղածը գնահատել փիլիսոփայորեն և որոնել ոչ թե ելքեր, այլ շրջանցիկ ճանապարհներ: Հայաստանում, օրինակ, շատերը ցնծությամբ արձանագրեցին, թե վերջապես ձերբազատվեցինք հայ-թուրքական արձանագրությունների «լծից» և հետագայում շանսեր կան բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների։ Մի խոսքով, Թուրքիան, կարելի է ասել, ծառայություն մատուցել մեզ՝ ազատելով այն ծանրությունից, որ կրում էինք այդ փաստաթղթի պատճառով:
Սակայն պետք չէ դեպքերից առաջ ընկնել ու վաղաժամ եզրահանգումներ անել: Բանն այն է, որ թուրքական օրենքի համաձայն, կառավարությունը կամ պատգամավորները օրինագիծը կարող են վերստին վերականգնել: Այսինքն այն, ինչ եղավ, նույն հաջողությամբ կարելի է բնորոշել իբրև բյուրոկրատական քայլ։ Այլ հարց է, որ եթե առաջիկա ամիսների ընթացքում Թուրքիան փորձ չանի արձանագրությունները վերադարձնել խորհրդարան, ապա դա արդեն կհամարվի հստակ արձագանք հարաբերությունների եթե ոչ վերջնական, ապա գոնե երկարատև սառեցման մասին: Իսկ մեր դառը փորձը ցույց է տվել, որ թուրքերը շփումների կարող են գնալ միայն այն պարագայում, եթե ցանկություն ու անհրաժեշտություն առաջանա մեկ անգամ ևս դրանցից քաղաքական դիվիդենտներ շահել:
Երկրորդ էական շարժառիթը արտաքին ուժերի շահագրգռվածությունն ու միջամտությունն է: Եթե վստահելու լինենք փորձագետ, Արտաքին քաղաքականության գերմանական միության ԱՊՀ ու Ռուսաստանի հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարի կարծիքին, ապա «Թուրքիայի և Հայաստանի միջև մերձեցման ինչ-որ գործընթաց կա: Եվրամիությունում կան ազդեցիկ ուժեր, որոնք հետայսու ևս աշխատելու են, որպեսզի այդ մերձեցումը կայանա»:
Ճիշտ է, Անկարան պարտավորություններ ունի Եվրամիության առջև: Բայց այդ պարտավորություններից զատ հարևան երկիրն այսօր ունի նաև այնպիսի լուրջ ու հրատապ խնդիրներ, որոնց համատեքստում հայ-թուրքական հարցը կարող է մղվել երկրորդ պլան: Հենց միայն քրդական, սիրիական խնդիրները, բարդ հարաբերությունները Իսրայելի հետ, Կիպրոսի հարցը միանգամայն բավարար են նրա ուշադրությունը մի առ ժամանակ շեղելու այս կետից: Ասվածը հիմնավորենք նաև այն փաստով, որ արձանագրությունները օրակարգում թողնել-չթողնելու կամ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ Անկարան նույնպես ոչ մի հայտարարություն առայժմ չի արել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՋՈՆ ԳՈԼՍՈՒՈՐԴԻ

28 Օգս

Յուրաքանչյուրը հավատում է նրան, ինքին ուզում է հավատալ: Այն, ինչ ցանկանում ես ինքդ, առավել կարևոր է նրանից, ինչը չեն ցանկանում ուրիշները: Եթե չես ուզում տեսնել, կարող ես և չտեսնել: Եթե չեք մտածում ապագայի մասին, դու այն չես ունենա: Առանց անհայտության էլեմենտի կյանքի խաղը կորցնում է իր իմաստը: Իսկ երբ մարդիկ իմանում են չափից ավելին, դա նրանց հունից հանում է: Կյանքը տրված է նրա համար, որպեսզի ապրես, այլ ոչ թե բթամիտի պես ննջես այն կուլտուրական արգելոցի կենտրոնում, որտեղ ծերությունը մարդկանց արյան մեջ է: Լինում են տարբեր կարգի հարվածներ՝ հարված ողնաշարին, ջղերին, խղճին, սակայն ամենաուժեղն ու ցավոտը հարվածն է սեփական արժանապատվության զգացմանը:
Կյանքում չկա առավել ողբերգական բան, քան բացարձակ անհնարինությունը՝ փոխելու այն, ինչը դու արդեն արել ես: Մի թույլ տվեք, որպեսզի հեռանա այն, ինչը կարող եք պահել, որովհետև այն, ինչը հեռանում է, այլևս անհնար կլինի վերադարձնել: Կարելի է ծաղրել անցած ժամանակը, և իհարկե, մեր ժամանակը հղի է ավելի մեծ գաղթակղություններով, բայց ինչ-որ պարզ, ազնիվ մի բան բաժանվեց կյանքից անվերադարձ: Հիմա մարդիկ իրենց ուզածը ձեռք են բերում ամեն կարգի ճշմարտությամբ ու կեղծիքով, նրանք չեն ցանկանում այլևս սպասել, թե երբ հաջողություն ինքը կընկնի ձեռքերի մեջ: Իդիալիզմի աճը դարձել է ուղիղ համեմատական մինչև պրոբլեմ ընկած տարածությանը…

ՀԵՆՐԻ ՋԵՅՄՍ

27 Օգս

Կյանքը դժվարին մի կացություն է, որը նախորդում է մահվանը: Նախ և առաջ անհրաժեշտ է պատկերացում կազմել կյանքի մասին ընդհանրապես: Առանց դրա չեք խուսափի սխալներից, և միայն նման պատկերացում ձեռք բերելով կարելի է լրջորեն զբաղվել մյուս մարդկանց աննախանձելի վիճակով: Առաջինը, ինչ պետք է հաշվի առնել այլոց հետ հարաբերություններում, դա այն է, որ չպետք է նրանց խանգարել երջանիկ լինել, քանի որ նրանք այդ բանն ուզում են: Ամենակարևոր, ամենամեծ շնորհն այն է, երբ ընդունակ ես ուրիշներին գնահատել ավելի լավ, քան նրանք են ընդունակ գնահատել քեզ: Հաճախ մենք չափից ավելին գիտենք, չափից ավելի ենք լսում մարդկանց մասին: Մեր ականջները, ուղեղը, բերանը լեփլեցուն են մինչև վերջ: Մի լսեք, թե մարդիկ ինչ են ասում միմյանց մասին: Ջանացեք ինքներդ դատել բոլորի և ամեն ինչի շուրջ: Ավելի լավ է ունենալ սխալ դատողություններ, քան ընդհանրապես չունենալ:

ԺԱՆ ԿՈԿՏՈ

26 Օգս

Աստված մտածում է մեզ համար, բայց չի մտածում մեր փոխարեն: Իսկ ի՞նչ է մտածում մարմարը, երբ քանդակագործը նրանից գլուխգործոց է կերտում: Նա մտածում է. «Ինձ հարվածում են, փշրում են, ինձ անարգանքի են ենթարկում, ես կործանվում եմ»: Բայց մարմարը հիմար է: Կյանքը քանդակում է ինձ, նա ինձնից գլուխգործոց է ստեղծում: Ու ես պետք է դիմանամ բոլոր հարվածներին, եթե նույնիսկ չեմ հասկանում նրանց: Պիտի ամուր լինեմ: Պիտի հանգստորեն ընդունեմ ամեն բան, օգնեմ նրանց, համագործակցեմ նրանց հետ, որպեսզի կարողանան ավարտել իրենց գործը: Կամքը կարող է նույնիսկ մեր ձեռքի ափի գծերն ուղղել…
Արթնացման պահերին մեր ներսում խորհում է կենդանին, բույսը: Միտքը նախաստեղծ է՝ ոնչով չգունազարդված: Մենք տեսնում ենք ահավոր աշխարհը, քանի որ տեսնում ենք այն, ինչ կա: Փոքր-ինչ անց գիտակցությունը աղբով է խցանում մեր հայացքն իր հնարանքներով: Նա մատուցում է փոքրիկ զարդեր, խաղալիքներ, որ մարդը պատրաստում է, որպեսզի քողարկի դատարկությունը: Եվ մեզ այնպես է թվում, թե ահա հիմա մենք ճիշտ ենք տեսնում: Ի՞նչ գիտենք մենք: Ի՞նչ ենք ասում: Մենք նստել ենք գերբնականի հենց պարանոցին: Մենք աստվածների հետ պահմտոցի ենք խաղում: Մենք ոչինչ չգիտենք: Ոչինչ: Ոչինչ…

ԱՄԲՐՈԶ ԲԻՐՍ

26 Օգս

… Հրելը կյանքում հաջողության հասնելու երկու միջոցներից մեկն է: Երկրորդ միջոցը դեպի քեզ քաշելն է: Եղեք երկու չարիքներից փոքրագույնը: Հնարավորությունը հիասթափություն ստանալու բարենպաստ պատահմունքն է: Եթե դուք հիվանդացել եք՝ շտապեք ներել ձեր թշնամիներին: Չէ՞որ կարող եք նաև առողջանալ: Ի վերջո, դժբախտությունը լինում է երկու տեսակի՝ մեր սեփական անհաջողությունը և ուրիշների հաջողությունը: Այն, ինչը մենք չենք ցանկանում տեսնել, սովորաբար օժտված է լինում մի ինչ-որ տարօրինակ ձգողական ուժով՝ երբեմն անհաղթահարելի: Եվ ես պիտի նկատեմ, որ չարժե խիստ դատել կնոջը, երբ նա ձեռքերով փակում է դեմքը, բայց ծիկրակում է իր մատների արանքից…
Մենք ոչինչ չգիտենք պատճառի մասին, բացի այն, որ դա նախորդում է ինչ-որ բանի: Ոչինչ չգիտենք հետևանքի մասին, բացի այն, որ դա ինչ-որ բանի հաջորդում է: Կան երևույթներ, որոնք գոյություն ունենալ չեն կարող առանց մեկը մյուսի, թեև նրանց միջև ոչ մի ընդհանուր բան չկա: Ժամանակային առումով սկզբում մենք ունենում ենք պատճառը, այնուհետև հետևանքը: Այսպիսով, ով շատ անգամներ տեսել է նապաստակին, որ հետապնդվում է շան կողմից և երբեք չի տեսել նապաստակին ու շանը առանձին-առանձին, կարող է համարել, որ նապաստակը շան պատճառն է:

ՍԵՆ-ԺՈՆ ՊԵՐՍ

26 Օգս

Լվացեք, օ, Անձրևներ, քարաշեն տեղ բացեք ուժեղների համար: Մեծ սեղանների շուրջ, իրենց ուժի հովանու ներքո կնստեն նրանք, ովքեր չեն արբել գինուց մարդկային, ովքեր չեն պղծվել ոչ արցունքների, ոչ էլ անուրջի գաղջ դառնահամից, ովքեր մտահոգ չեն, թե անուններն իրենց աղավաղվում են ոսկրե շեփորականչերում… մեծ սեղանների շուրջ կնստեն նրանք, իրենց ուժի հովանու ներքո, քարաշեն տեղում՝ ուժեղների համար:

Լվացեք կասկածն ու խոհեմությունը գործի ընթացքում, լվացեք կասկածն ու պարկեշտությունը ձեր տեսադաշտում: Լվացեք, օ, Անձրևներ, ակնափառը բարեգործ մարդու, ակնափառը բարեխոհ մարդու, լվացեք ակնափառը նրբաճաշակ մարդու, ակնափառը նրբակիրթ մարդու, ակնափառը արժանավոր մարդու, ակնափառը տաղանդավոր մարդու, լվացեք աչքի եղջերաթաղանթը Վարպետի ու Մեկենասի, ակնահատը Արդարադատի ու Տիտղոսավորի… ակնահատը մարդկանց՝ խոհեմ ու պարկեշտ հորջորջված:

Լվացեք, լվացեք բարեսիրությունը մեծ Հովանավորների սրտում, լվացեք բարեձևությունը մեծ Դաստիարակների դեմքին և լեզվի ախտը՝ հասարակաց շուրթերին: Լվացեք, օ, Անձրևներ, ձեռքը Դատավորի ու Վերակացուի, ձեռքը տատմերի ու պատանքողի, անկյալի ու կույրի լիզված ձեռքերը, լվացեք նաև այն ստոր ձեռքը՝ մարդու ճակատին, որը երազում է նորից մտրակ, երասան… մեծ Հովանավորների ու մեծ Դաստիարակների բարեհաճությամբ:

Լվացեք, լվացեք ժողովուրդների պատմությունը հիշողության ամենաբարձր հարթակներին, հսկա տարեգրքերը պաշտոնական, մեծ ժամանակագրությունները Կղերականների և տեղեկագրերը ակադեմիական: Լվացեք կոնդակներն ու հրովարտակները, նաև Տետրականները Երրորդ դասի, Դաշինքները, Ուխտագրերը միաբանական և մեծ պայմանագրերը դաշնակցային: Լվացեք, լվացեք, օ, Անձրևներ, բոլոր մագաղաթներն ու մորթագրերը՝ անկելարանների ու բորոտանոցների պատերի գույնի, փղոսկրե բրածոյի և ջորիների հին ատամների գույնի… Լվացեք, լվացեք, օ, Անձրևներ, ամենաբարձր հարթակները հիշողության…

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

25 Օգս

Իրագործումը ցանկության թշնամին է: Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք: Կյանքն ավելի շուտ դժբախտություն է, քան երջանկություն: Այն, որ նա հավերժ չի ձգվում, գթասրտություն է: Իսկ եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես: Այդպես, իհարկե, դժվար է, բայց միևնույն ժամանակ հեշտ է: Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենդժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:
Ընդհանրապես, ճակատագիրն առանձնակի կամակոր և չափազանց անսպասելի բան է: Երբեմն լինում է հլու ու մեղմ՝ ամեն ինչ հանձնած ինքնահոսի, թույլ տալով հպատակներին հավատ ընծայել սեփական ուժերին: Բայց ավելի հաճախ աղմկում է, դիմացկունություն ստուգում, անդադար նետում մի փորձությունը մյուսի ետևից: Անխղճաբար շպրտում է իրադարձությունների հորձանուտը, իր հայեցողությամբ խառնում է մարդկային հոգիների խաղաթղթերը, ճակատ ճակատի է բերում ոմանց, մյուսների միությունն է խորտակում… Երբեմն այդ չարամիտին հարկավոր է լինում, որպեսզի որոնողների ճանապարհները չհատվեն: Այդ պատճառով չէ՞, որ յուրաքանչյուրին վիճակված է շատ ավելի կարևոր դեր, քան միմյանց որոնելը: Ճակատագիրն առույգ նժույգ է: Երբեք չես իմանա, թե երբ կցուցադրի իր բարքն ու ցայտեր կցփնի: Ոմանք նախընտրում է նրա հետ չվիճաբանել ու բաց թողնել սանձերը, մյուսներն, ընդհակառակը, ցանկանում են ենթարկել: Թամբել նրան քչերին է հաջողվում: Դառնալ ճակատագրի տերը՝ եզակիներին…

ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ

24 Օգս

Ոմանք հակված են չափազանցնելու իրենց հարաբերություններն այլոց հետ: Չգիտես ինչու, նրանց թվում է, թե իրենք յուրաքանչյուրի մոտ հարուցում են համակրանքի ու հակակրանքի բարդ գամմաներ: Երիտասարդ տարիքում, երբ մարդն առավել տպավորվող է, ես մի անգամ հորիցս խորհուրդ լսեցի, որը ընդմիշտ դրոշմվեց իմ հիշողության մեջ. «Եթե դու երբևէ ցանկանաս դատապարտել ինչ-որ մեկին,-ասաց նա,- հիշիր, որ աշխարհում ոչ բոլորն են տիրապետում այն առավելությանը, որ ունեցել ես դու»: Տասնութ տարեկանում մեր համոզմունքները նման են լեռան, որի բարձրունքից նայում ենք աշխարհին, քառասունհինգ տարեկանում՝ քարանձավի, որտեղ թաքնվում ենք աշխարհից:
Երբ ցանկանում ես հեռանալ մի բանից, ինչը քեզ ցավ է պատճառել, թվում է՝ ավելի հեշտ կլինի, եթե վերստին կրկնես արդեն անցած ճանապարհը: Անվիճելի է, որ ամբողջ կյանքը դանդաղ փլուզման ընթացք է, սակայն կյանքի այն հարվածները, որոնք դառնում են այդ ընթացքի դրամատիկ գագաթնակետերը, սարսափելի, անսպասելի հարվածներ են՝ հասցված դրսից (կամ թվում է, թե դրսից),- նրանք որոնց մասին հիշում ես, նրանք, որոնց մասին հոգու թուլության պահերին գանգատվում ես ընկերներիդ մոտ,- նման հարվածները և դրանց հետևանքները գիտակցվում են ոչ միանգամից…

ՋԵՐՈՄ Դ. ՍԵԼԻՆՋԵՐ

24 Օգս

… Ես պատկերացրեցի, թե ինչպես են երեխաները երեկոյան խաղում հսկայական տարեկանի դաշտում: Հազարավոր փոքրիկներ, իսկ շուրջը ոչ մի շունչ չկա, ոչ մի մեծ մարդ, բացի ինձնից: Իսկ ես կանգնել եմ հենց ժայռի եզերքին, անդունդին մոտ, հասկանու՞մ ես: Եվ իմ գործն է որսալ երեխաներին, որպեսզի նրանք անդունդը չընկնեն: Հասկանու՞մ ես, նրանք խաղում են ու չեն նկատում, թե ուր են վազում, իսկ այդ ժամանակ ես վազ եմ տալիս ու բռնում եմ նրանց, որպեսզի վայր չընկնեն: Ահա և իմ ամբողջ գործը: Հսկել երեխաներին տարեկանի արտում, անդունդի եզրին: Գիտեմ, դա հիմարություն է, բայց դա միակ բանն է, որ ես իսկապես ուզում եմ: Հավանաբար ես հիմար եմ…
Անդունդը, որի վրայով դու թռչում ես, ահավոր անդունդ է, վտանգավոր: Նա, ով կընկնի այնտեղ, երբեք չի զգա հատակը: Նա կընկնի, կընկնի անվերջ: Դա պատահում է այն մարդկանց հետ, ովքեր իրենց կյանքի ինչ-որ մի պահի սկսել են որոնել այն, ինչը չի կարող տալ նրանց սովորական շրջապատը: Ավելի ճիշտ, նրանք կարծում են, թե սովորական միջավայրում իրենց համար ոչինչ գտնել չեն կարող: Եվ նրանք դադարել են որոնել: Դադարել են որոնել՝ նույնիսկ փորձ չանելով ինչ-որ բան գտնել…

ՍԵՐՎԱՆՏԵՍ

23 Օգս

«…Այսպես է ճակատագրի օրենքը, որ ոչ մի բան իր գոյության ընթացքում չի կարող երկար անփոփոխ մնալ: Նրա կարգը փոփոխություններն են… Իմ բարի համբավը զենիթին հասավ, հետևաբար պետք է որ թեքվեր: Ես տեսնում եմ, որ երկար չեմ ապրելու, և որովհետև ես շատ լավ գիտեմ, որ բարձրացա նրա համար, որ իջնեմ, ծաղկեցի, որ թառամեմ, ուրախացա նրա համար, որ տխրեմ, ծնվեցի, որ ապրեմ, ապրեցի, որ մեծանամ, մեծացա, որ ծերանամ, ծերացա, որ մեռնեմ: Եվ քանի որ դրանում ես վաղուց համոզված եմ, ապա իմ բոլոր դժբախտությունները հեշտությամբ եմ կրում, բայց, այնուամենայնիվ, ես վերջնականապես չեմ կարող հրաժարվել ափսոսանքից, քանի որ կառուցված եմ դյուրզգաց նյութից…
Մնում է գինին: Նա սրտից թախիծը քշում է ավելի լավ, քան ոսկին ու մարջանը, պատանուն խիզախություն, իսկ ծերունուն ուժ է տալիս, դժգույնին կարմրություն է փոխանցում, վախկոտին՝ քաջություն, ծույլին՝ եռանդ, ամրապնդում է ուղեղը, ստամոքսից քշում է ցուրտը… Միայն մի թերություն ունի՝ լավը թանկ արժե, իսկ վատը վնասում է…»:

«Սելեստինա» վեպից

ԿԱՐԼՈ ԴՈՍՍԻ

23 Օգս

Ամբիոնը սովորեցնում է մեզ բանավիճել, բայց ոչ ապրել: Ով շատ է խոսում, քիչ է մտածում: Անխելքությունը կարելի է կոչել արթմնի քուն: Բայց և այնպես, չկա մոլորություն, որի մեջ չլինի մի հատիկ իսկություն: Անհաջողության վերջին աստիճանը հաջողության առաջին աստիճանն է: Հազվադեպ է մեծ մարդ դառնում նա, ով իր մեջ արիություն չի գտնում արհամարհել բազմաթիվ անպետք բաների իմացությունը: Խեղահեղները ճանապարհներ են հարթում, որոնցով հետո պիտի անցնեն խելամիտները: Շատ դեպքերում փառքի հասնելու համար կարևորը հաղթանակը չէ: Բավական է և մարտնչելը: Ով ծնվել է փառքի համար, նա չի վախենում աղքատությունից ու թշվառությունից, քանզի գիտե, որ աղքատության մեջ իր տաղանդը հանճար կդառնա: Տաղանդն աշխատում է, հանճարն` արարում: Տաղանդը մեկ երրորդով կազմված է բնազդներից, մեկ երրորդով՝ հիշողությունից, մեկ երրորդով՝ կամքից: Սակայն գիտելիքը իմաստ է ձեռք բերում՝ միայն գիտակցությանը ձուլվելով…

ՊԵՏՐԱՐԿԱ

22 Օգս

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ- Ես մի լավ տեր ունեմ:
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ- Ուրեմն կորցրել ես ազատությունդ, որովհետև չի կարելի միաժամանակ երկուսն էլ ունենալ: Այժմ վտանգի տակ են և քույրերդ, և դուստրերդ, և հարսներդ, և նույնիսկ կինդ, ինչպես նաև ունեցվածքդ ու կյանքդ:
ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ- Ճակատագիրը ինձ և հայրենիքին տվել է բարի տեր:
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ- Դրանք անհամատեղելի և նույնիսկ հակադիր բաներ են: Եթե նա բարի է, ապա տեր չէ, եթե տեր է, ապա բարի չէ, մանավանդ, եթե նա ցանկանում է տեր կոչվել: Բարի են ծնողները, բարի կարող են լինել եղբայրները, բայց բարի ասել տիրոջը,- հաճելի կեղծիք է և ակնհայտ շողոքորթություն է…

(Ըստ «Լավ տերերի մասին» դիալոգի)

ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՃԱՆՃԸ

21 Օգս

Ժամանակին կաթոլիկ եկեղեցին Արիստոտելին հռչակեց անառարկելի հեղինակություն: Նա, ով կհանդգներ կասկածի տակ դնել նրա որևէ ասույթ, անմիջապես համարվում էր հերետիկոս, Պապի թշնամի և ենթարկվում էր խստագույն պատիժների: Բայց արի ու տես, որ ծերուկ Արիստոտելը մի հարցում սայթաքել էր, կամ գուցե որոշել էր չար կատակ անել ապագա սերունդների հետ: Բանն այն է, որ նա սահմանել էր, թե սովորական ճանճը չորս ոտք ունի: Ինչ խոսք, դա ստուգելը հեշտից էլ հեշտ էր, սակայն մի քանի դար շարունակ վեցոտանի ճանճերն առանց խղճի խայթի նստում էին հույն մտածողի հետնորդների քթին, իսկ նրանցից և ոչ մեկը չէր հանդգնում վիճարկել այդ պնդումը: Մոտ երկու հազար տարի պահանջվեց, որպեսզի հայտնվեր ոմն Ուլիս Ալդրովանդի` իտալացի կենսաբան, և ուղղեր անհեթեթությունը: «Իհարկե, Արիստոտելն անվիճելի հեղինակություն է, սակայն ճանճը վեց ոտք ունի»,- հայտարարեց համարձակ իտալացին՝ ի զարմանս շատ-շատերի…
Եվ այսքանից հետո դուք դեռ ցանկանում եք, որ վաղն ևեթ բացահայտ ճշմարտությունները ընդունվեն անվերապահորե՞ն… Միամիտներ: Առջևում ձեր սպասումի երկու հազար տարին է…

Հովիկ Չարխչյան

ՊՈԼ ԺԵՐԱԼԴԻ

21 Օգս

Եթե ես քեզ սիրեի ու եթե դու ինձ սիրեիր՝ ինչպես մենք կսիրեինք իրար…
Պետք է լինել մի քիչ նման՝ միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր՝ միմյանց սիրելու համար: Սիրո պատմությունը նրա պայքարի դրաման է ժամանակի հետ: Սերը հարկադրում է հավատալ հատկապես այն բանին, ինչին ամենից շատ պետք է կասկածել: Սիրո մեջ չկա հանցագործություն, չկան սխալներ, կա միայն ճաշակի վրիպում: Այդ դեպքում սիրտն ու միտքը սոսկ խորհրդակցական ձայն ունեն: Վճռորոշ խոսքը մնում է մարմնին: Սերը դա տղամարդու փորձն է բավարարվել մեն-միակ կնոջով: Իսկ կինն ինքն է ընտրում այն տղամարդուն, ով իրեն ընտրում է: Եթե կինը քեզ սիրում է, ապա ըստ էության նա, ում սիրում է, դու չես: Իսկ նա, ում նա այլևս չի սիրում՝ հենց դու ես: Երբ մենք դատողություններ ենք անում կանանց մասին, մենք երբեք բավարար չափով հաշվի չենք առնում, թե որքան դժվար է կին լինելը: Չկա ավելի շատախոս բան, քան կնոջ լուռ տառապանքը…

%d bloggers like this: