Պահոց | Հուլիսի, 2016

ՋԵՐՈՄ Դ. ՍԵԼԻՆՋԵՐ

28 Հլս

Դուք հիշու՞մ եք Աստվածաշնչի խնձորը, որն Ադամը կերավ դրախտում: Իսկ գիտե՞ք, թե ինչ կար այդ խնձորի մեջ: Տրամաբանություն: Տրամաբանություն և ամենայնի ճանաչողությունը: Ուրիշ ոչինչ այնտեղ չկար: Եվ ահա թե ես ձեզ ինչ կասեմ. կարևորն այն է, որ մարդը սրտխառնուք զգա այդ խնձորից, եթե, իհարկե, ուզում եք իրերը տեսնել այնպիսին, ինչպիսին նրանք կան: Ձեզ աչքին այլև յուրաքանչյուր իր չի երևա իր սահմաններում:

SDHS_JDSalinger-020

SDHS_JDSalinger-020

ՄՏՔԵՐ

24 Հլս

Ես մտածում եմ, հետևաբար ես պիտի զգամ:
Ես զգում եմ, կնշանակի ես կարող եմ ցանկանալ:
Ես ցանկանում եմ այնքան շատ, բայց ունեմ այնքան քիչ:
Դիկ Կունց

Որքանով մենք տարբեր կերպ են ընկալում աշխարհը, այնքանով մենք, ըստ էության, ապրում ենք տարբեր աշխարհներում:
Ռոնալդ Դ. Լեյնգ

Հիմար բան է օրենք փնտրելը, առավել հիմար բան է այն գտնելը:
Վլադիմիր Նաբոկով

Ներկա կյանքում մարդիկ հնանում են՝ չհասցնելով ծերանալ:
Ֆրեդերիկ Բակման

Արա՝ ինչ պիտի անես, և թող լինի՝ ինչ լինելու է:
Տոլստոյի սիրած ասույթը

Եթե դուք չգիտեք, թե ինչի համար արժե ապրել, այդ դեպքում ինչու՞ եք ապրում:
Հարի Թերթլդավ

Գնացին նրանք, մենք էլ ենք գնալու: Գալու եք դուք, բայց ձեզնից հետո էլ են գալու:
Կարապետ Գրիչ, 1487 թ.

Սիրուց խելոքները հիմարանում են: Սիրուց հիմարները խելոքանում են:
Կնուտ Համսուն

Ամեն մեկը համոզված է, որ ուրիշները սխալվում են, երբ դատում են իր մասին և որ ինքը չի սխալվում, երբ դատում է ուրիշների մասին:
Անդրե Մորուա

Կար-չկար՝ մի մարդ կար և նա ութ որդի ուներ: Եթե այս փաստը հաշվի չառնենք, ապա այս մարդը ավելին չէ, քան մի կետ պատմության էջի վրա: Ցավալի է, բայց ահա ամբողջը, ինչ կարելի է ասել որոշ մարդկանց մասին:
Թերրի Պրիթչեթ

Անհաջողությունները մարդուն դարձնում են եսասեր:
Իրվին Շոու

Բոլոր երիտասարդները կարծում են, թե իրենց չեն հասկանում: Այդպես եղել է միշտ, դա երիտասարդների ընդհանուր հիվանդությունն է: Ոչ մի նոր բան:
Մարլեն Դիտրիխ

Երբ մարդիկ ասում են՝ «Ես արեցի՝ ինչ կարող էի», դա նշանակում է, որ նրանք թերագնահատում են իրենց:
Մարլեն Դիտրիխ

Աստված թող պաշտպանի ինձ ինձնից:
Իսպանական առած

— Ուրեմն դուք չե՞ք սիրում մեր երկիրը:
— Ես այնտեղ ապրում եմ:
Օսկար Ուայլդtainavtebe1

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԵՂԱԴՐԵՑԻՆ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻՆ

24 Հլս

Մեծ մարդկանց մեծ մեղքեր են վերագրվում: Սա օրինաչափություն չէ, սակայն կա նման հակում. մարդկային մի ներքին մղում կարծես պահանջ ունի նվազեցնել տարբերությունն իրենց և նրանց միջև, ովքեր բացառիկ են կոչմով ու անհատականությամբ: Համանման վերաբերմունքի մի դրվագ էլ մեր եկեղեցու պատմության մեջ ենք հանդիպում, որն առնչվում է Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա. Խրիմյանի՝ Խրիմյան Հայրիկի բարենորոգչական գործունեության հետ:
Այդ ծրագրերի մասին եկեղեցու աղբյուրներն այսպես են գրում. «Կաթողիկոսի գահակալության օրոք շարունակվում են Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները: Նա մի շարք կարգադրություններ է կատարում Տաճարի վերանորոգման աշխատանքներն սկսելու համար: Սակայն ինչ-ինչ պատճառներով Հայրիկի նպատակադրվածությունը կյանքի չի կոչվում, իսկ սկսված աշխատանքներն էլ մնում են անավարտ»:0000001315
Որ մտահղացումները կարող էին նաև չիրագործվել, միանգամայն բնական է: Զարմանալին այս պատմության մեջ մեկ այլ բան է: Խոսքը Խրիմյան Հայրիկի հասցեին հնչող ծանր մեղադրանքների մասին է: Մասնավորապես կաթողիկոսն ամբաստանվում է այն բանի համար, որ նրա ձեռնարկումների արդյունքում զոհաբերվել են թանկագին մշակութային արժեքներ, մեծ վնաս է հասցվել Մայր տաճարի ներքին հարդարմանը, անհետ կորել են գեղարվեստական գործեր: Բայց որքանո՞վ են հիմնավոր ու փաստարկված նման պարսավանքները: Դատենք ըստ իրադարձությունների հաջորդականության:
Խրիմյան Հայրիկը 1895 թվականին ձեռնարկում է Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգումը: Դրանից 15 տարի անց՝ 1910 թվականին հայտնի գրող և հասարակական գործիչ Արշակ Չոպանյանը վրդովմունքով արձանագրում է, թե տաճարի զարդերն ու նկարները Խրիմյան Հայրիկը «քանդած ու փչացուցած է անհավատալի վանդալությամբ՝ անհասկանալի քմայքը գոհացնելով»: Չոպանյանն ասում է, որ տաճարից հաջողվել էր փրկել միայն գմբեթի որմնանկարները, այն էլ՝ Պետերբուրգի հնագիտական ընկերության մասնագետների միջամտությունից հետո, իսկ եկեղեցում կախված գեղանկարչական աշխատանքներին դուրս էին բերվել և ուղարկվել էին տարբեր գյուղերի եկեղեցիներ:էջմիածին 1874
Ոչ պակաս նշանավոր մեկ այլ անձնավորություն՝ հայագետ, պատմաբան Մաղաքիա Օրմանյանն իր «Ազգապատում» աշխատության մեջ գրեթե նույնն է պնդում՝ տեղեկացնելով, որ Մայր տաճարի ներքին զարդարանքներն ու Նաղաշ Հովնաթանի կտավները ոչնչացվել են ու «120 պատկերներեն հազիվ 20 հատ անխնամ կերպով մնացեր են թանգարանին մեջ նետված»:
Կա նաև Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի վկայությունը, ով ժամանակին ցավով նշել է, թե «Խրիմյան կաթողիկոսի օրոք մեծ սխալ էր կատարվել հայ արվեստի նկատմամբ»: Նա գրում է, որ առանց նախապես հոգալու ֆինանսական ծախսերը, նորոգման համար անհրաժեշտ նյութերը, առանց մասնագետների ու նկարիչների հետ խորհրդակցելու քանդվել են որմնանկարները, սրբվել են նախշազարդերը, պատերից ցած են բերվել կտավները, որոնք արդեն սկսել էին խոնավությունից պոկոտվել ու թափվել:
Իսկ ահա գրող Կոստան Զարյանը հեգնանքով ամփոփում է թեման՝ ասելով. «Լուսավորյալ» մի կաթողիկոս՝ նույն ինքը Խրիմյանը, հանուն առաջադիմության և քաղաքակրթության, հին բաներ անվանելով, ծեփել է տվել անողոք կերպով որմնանկարի գեղեցիկ մի մասը, և ոչ մի սպառնացող ատրճանակ չի արգելել այդ ոճիրը»:
Մի՞թե այս բոլորը ճշմարտություն է: Արդյո՞ք Խրիմյան Հայրիկի պես շրջահայաց ու խելամիտ անձնավորությունը կարող էր նման անհեռատեսություն ու կամայականություն հանդես բերել, երբ խոսքը հոգևոր ժառանգության ճակատագրին էր վերաբերում: Եվ արդյո՞ք նրա արարքն իրոք ոճրագործություն էր, որը պիտի կանխվեր ատրճանակով:10704_b
Այս հարցերին պատասխան գտնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք նկատառումներ: Սկսենք այն փաստից, որ Վեհափառին վանդալիզմի համար մեղադրող անձանցից և ոչ մեկն այդ իրողության ականատեսն ու վկան չի եղել: Նրանք բոլորն էլ իրենց կարծիքը շարադրել են դեպքերից ավելի ուշ, այս կամ այն խոսակցությունների, տեղեկությունների ազդեցության տակ՝ առանձնապես խորամուխ չլինելով բուն խնդրի նրբերանգների ու մանրամասների մեջ:
Վերցնենք թեկուզ անհետ կորած 100 կտավների պատմությունը, ինչի համար պատասխանատու է դիտվում Խրիմյան Հայրիկը: Ի՞նչ նկարների մասին է խոսքը, ովքե՞ր են եղել դրանց հեղինակները, որտե՞ղ են ցուցադրվել: Չկան հաստատ ու վստահելի վկայություններ այն մասին, թե այդ շրջանում Մայր տաճարում 100-120 կտավներ են եղել: Փոխարենը այն, ինչն առկա էր, գրեթե բոլորն էլ հասել են մինչև մեր օրերը: Եթե տվյալ դեպքում ակնարկը վերաբերում է Նաղաշի գեղանկարչական աշխատանքներին, ապա, այո, դրանց զգալի մասը ոչնչացվել է, միայն ոչ թե 19-րդ դարի վերջին, այլ ավելի վաղ՝ 18-րդ դարում, երբ գահակալած որոշ կաթողիկոսների օրոք տաճարից հաճախակի հանվել են հնացած պատկերները՝ փոխարինվելով նորերով: Ընդ որում՝ հետաքրքիր մի հանգամանք. նոր գործերը արվել են Նաղաշի որդիների ու թոռների ձեռքով, այսինքն հենց նրանք էլ եղել են հները պատերից իջեցնողն ու նորերով փոխարինողները: Իսկ եթե նույնիսկ ընդուենք այն պնդումները, թե իբր Խրիմյանի կարգադրությամբ ընդհանրապես հանվել էին բոլոր կտավները՝ անհանդուրժելի համարելով Մայր տաճարում պատկերներ ցուցադրելու երևույթը, ապա սա դեռ չի նշանակում, որ դրանք ոչնչացված են:
Նմանապես հիմնավոր չեն այն հավաստիացումները, թե Խրիմյան Հայրիկը չի առաջնորդվել մասնագետների ու նկարիչների խորհուրդներով: Օրինակ, պահպանվել է Խրիմյանի մի նամակը՝ գրված 1894 թվականի օգոստոսի 5-ին: Հասցեատերն է Մկրյան քահանան: Ահա այս նամակում կաթողիկոսը գրում է, որ ձեռնարկել է նոր մատենադարանի կառուցումը, ինչպես նաև տաճարի ձևավորումը և փնտրում է մի արվեստավոր, «պատկերահան»: Այնուհետև նա հավելում է. «Էջմիածնա տաճարի ներսի նորոգություն ևս առաջիկա գարնան պիտի սկսվի, որոյ մեջ թե պատկերուն նկարներ և թե հին ու նոր կտակարանի պատմական նշանավոր պատկերն պիտի պատրաստվի»: Այս նպատակի համար սկզբնապես Էջմիածին է հրավիրում պոլսեցի նկարիչ Պետրոս Սրապյանին: Ավելի ուշ նոր որմնանկարչական աշխատանքների համար Մայր Աթոռ է գալիս նկարիչ Վարդգես Սուրենյանցը:

King_Tiridates_with_his_wife_Ashkhen_and_sister_Khosrovidukht_by_Naghash_Hovnatan
Կաթողիկոսն իրոք պատրաստվում էր հեռացնել տաճարի որմնանկարները և հայկական ոճով նկարազարդել ամբողջ կառույցի ներսը: Սակայն այդպիսի քայլի նա դիմում էր հարկադրաբար: Բանն այն է, որ տարիների ընթացքում վատ պայմանները, անձրևաջրերը, խոնավությունը լիովին գունաթափել ու վնասել էին նկարազարդ շերտերը: Այս մասին բազմաթիվ վկայություններ կարելի է գտնել նույն շրջանում Էջմիածին այցելած մարդկանց գրառումներում: Ելքը մեկն էր. տաճարի որմնանկարները հատվածաբար դուրս բերել և տեղափոխել ավելի ապահով վայր, իսկ այնուհետև ձեռնամուխ լինել նորի ստեղծմանը, ինչն էլ արել է Խրիմյան Հայրիկը: Մայր տաճարի որմնանկարների մի մասը կաթողիկոսի ցուցումով հանվել ու պահվել են վանքի թանգարանում, դրանց որոշ նմուշներ այսօր էլ կարելի է տեսնել Հայաստանի ազգային պատկերասրահում:
Գալով այն հարցին, թե ինչու՞ ծրագիրն անկատար մնաց, ապա սրա համար պատճառները չափազանց շատ էին: Եվ խոսքը միայն միջոցների ու հնարավորությունների սղությունը չէր: Հայտնի փաստ է, որ 1890-ականներին վերջին ծայր առան հակախրիմյանական տրամադրություններ: Դրանք խմորվում էին ինչպես հասարակության առանձին շերտերում, այնպես էլ կղերական միջավայրում: Այդ արհեստածին կրակն ամեն գնով թեժ էին պահում միաբանության մի շարք անդամներ, նաև «Մշակ» թերթը՝ լիբերալ հայացքների շղարշի տակ: Նույն ժամանակներում ծավալվող քաղաքական իրադարձություններն իրենց հերթին անելիքների ու հոգսերի այնպիսի մի ծանրություն բերեցին Հայոց եկեղեցու առաջնորդի համար, որ Խրիմյան Հայրիկին ուրիշ ոչինչ չէր մնում, քան անկատար թողնել իր ծրագիրը և զբաղվել առավել հրատապ ու կենսական հարցերի լուծմամբ: Իսկ անհաստատ ու անկայուն ժամանակների թոհուբոհում չկա ավելի դյուրին բան, քան մեղավորների փնտրտուքն ու մեղադրանքների շռայլումը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՆԵՐԿԱ- ԲԱՑԱԿԱ

17 Հլս

Համացանցում մեկը գրում է. «Քեզ չի՞ մտահոգում մեր երկրում մարդու իրավունքների վիճակը: Վաղը կեսօրին միացիր մեր միտինգին»: Հետո երկրորդն է գրում. «Աշխարհը բնապահպանական աղետի եզրին է, քո բողոքի ձայնը բարձրացրու, մասնակցիր ակցիային»: Երրորդից է գալիս ահազանգ. «Ի պաշտպանություն քաղբանտարկյալների` շարժվում ենք դեպի դատախազություն: Դու պիտի այնտեղ լինես: Այսօր նրանք են, վաղը քո հերթը կգա»: Մյուս նամակն է ստացվում. «Գայլերին դաժանորեն ոչնչացնում են: Աջակցիր մեր նստացույցին»: էլի մեկը. «Պատմական հուշարձանն են ավիրում: Եկ, որ միասին կանխենք բարբարոսությունը»: Հետո՝ դարձյալ հրավեր. «Հանդես բեր քաղաքացիական ակտիվություն, դատապարտիր լրագրողների դեմ բռնությունը»: Այսպես անդադար կանչում ու կանչում են: Պիտի կորսված տարածքները ետ վերադարձվի, ՄԱԿ-ի շենքի դիմաց պիտի դատապարտվի Բաքվի ագրեսիան, պիտի Պոլսո պատրիարքին քարկոծենք, պիտի թունավոր թափոնների դեմն առնենք, պիտի «Նաիրիտը» բացենք, պիտի խաղողի մթերման գումարները ետ բերենք, պիտի անվասայլակներ տանք հաշմանդամներին, պիտի, պիտի, պիտի… Հետո օգնություն ենք հանգանակում՝ բանակի համար, փոքրիկ Վարդանիկի համար, վիրավոր զինվորի համար, անապահով ընտանիքի համար, Գերմանիա մեկնող հիվանդի համար, կարկտից տուժածների համար, սահմանամերձ բնակավայրերի համար, Արցախի համար, փախստականների համար…
Այս հոսքն ավարտ չունի: Հեղեղի պես թափվում է և դրա տարափի տակ մարդը խեղճանում, դառնում է ճնշված, անօգնական ու անպաշտպան: Չկա ավելի ծանր բան, քան գիտակցումը, որ բոլորին օգնել ու աջակցել չես կարող: Թակարդն ընկածի պես պատեպատ ես խփվում, նայում ես շուրջբոլորդ, ուզում ես հազար կտոր լինել, բայց մարդ ես՝ մասնատվել չես կարող, իսկ նրանք շարունակում են կանչել: Ոչ ոք չի էլ ջանում գիտենալ՝ համակրածիք ես իրենց հետ, թե ոչ: Եվ այդ ժամանակ քո ներկա-բացակա լինելու հանգամանքը դառնում է չափման միավոր: Չկաս, ուրեմն անտարբեր ես երկրիդ վիճակի նկատմամբ: Ներկա ես, կնշանակի քո հիմնական անելիքն արդեն արել ես:
Իսկ ո՞րն է այդ անելիքը: Մարդիկ ասում են՝ պայքարելը: Ու հենց ասում են՝ պայքարել, յուրաքանչյուրն իր պայքարն է մատնացույց անում: Ես դեմ չեմ և ոչ էլ վերին ատյան եմ, որ սահմանեմ, թե ով է իրավացին և ով է մոլորվածը: Բայց ես համաձայն չեմ, թե պայքար բառի աշխարհագրությունն այնքան նեղ է, որ պիտի մշտապես ենթադրի փողոց ու հրապարակ: Ես նաև համաձայն չեմ, թե երկրի ամենասրտացավ մարդը ցուցարարն է:
Նույն նպատակին տանող ճանապարհները կարող են բազմաթիվ լինել: Այլ հարց է, թե որն ենք ընտրում մենք: Մեր ընտրությունից նպատակը փոխվել չի կարող: Սակայն կփոխվի վերաբերմունքը, որովհետև նա, ով ասում է, թե իր ճանապարհն է միակ ճանապարհը, ինձ ուղեկից լինել չի կարող:
Եվ հետո ես՝ մեղավորս, համարձակություն ունեմ մտածելու, որ իմ անելիքը աշխատելն է: Ես ուզում եմ գործ անել: Այն գործը, որ հոգեհարազատ է ու գուցե թե ոմանց էլ անհրաժեշտ է: Բայց որպեսզի ես դա անեմ, պիտի լինեմ այնտեղ, որտեղ գործն է:

* * *
Շատ անգամ ու շատ առիթներով եմ լսել այս բազմաչարչար հարցը. «Որտե՞ղ են մեր մտավորականները»: Հարցնում են նրանք, ովքեր այլևս ուրիշ հարցնելու բան չունեն: Հարցնում են նրանք, ովքեր ուզում են իրենց առաքելությունը գեղեցկացնել մեկ-երկու հանրահայտ դեմքերի ներկայությամբ: Հարցնում են նրանք, ովքեր ձախողվել են և շտապ անհրաժեշտ է մեղավոր գտնել: Ու քանի որ ամենալավ մեղավորները բացականերն են, հենց նրանց մասին էլ ասում են. «Որտե՞ղ են մեր մտավորականները»:
Իսկ որտե՞ղ կուզեիք, որ նրանք լինեին: Ձեր կողքի՞ն: Եվ ինչու՞: Որովհետև դո՞ւք եք հասարակությունը: Շատ լավ: Իսկ դուք, որ հասարակություն եք, երբևէ եղե՞լ եք ձեր մտավորականի կողքին: Ու եթե եղել եք, ինչպե՞ս է, որ չգիտեք, թե որտեղ է ձեր մտավորականը: Նա այնտեղ է, որտեղ նրան թողեցիք: Ավելի ճիշտ, լքեցիք: Ավելի ճիշտ, բաժանվեցիք: Հենց այն նույն կետում, որտեղ նա դադարեց լինել մտավորական ու վերածվեց քավության նոխազի: Հենց այն խաչուղու վրա, որտեղ սայթաքել են բոլոր ժամանակներում:
Սրանից մեկ դար առաջ նույնպես կային մարդիկ, ովքեր հարցնում էին. «Ու՞ր են մեր մտավորականները»: Հիմա պատմեմ այդ մտավորականներից մեկի՝ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի մասին: 1919 թվականի աշնանը նա իր ընտանիքն առած` վերադարձավ հայրենիք, որ լինի բոլորի հետ: Բայց ոչինչ չուներ ու քաղցած էր: Ստիպված հպարտությունը մի կողմ դրեց ու նամակ գրեց եկեղեցուն՝ նրանցից հաց խնդրելով: «Ակամա աքսորից միայն սեպտեմբերին վերադառնալով` հնարավորություն չունեցա ձմեռվա պաշար կուտակել՝ բազմանդամ ընտանիքիս կերակրելու համար: Արդեն վեց օր է` տոմսերով հաց էլ չեն տալիս, իսկ շուկայից գնելու համար 200 ռ. և ավելի ծախսելու կարիք կա, որն իմ ուժերից վեր է»,- գրել էր Հովհաննիսյանը: Հետո այդպես քաղցած որոշ ժամանակ սպասեց, մինչև եկավ պատախանը: Իսկ եկեղեցուց նրան պատախսխանել էին. «Վանական խորհուրդս վերստին քննության առնելով պարոն Հովհաննես Հովհաննիսյանին փոխարինաբար մեկ խալվար ցորեն տալու խնդիրը և գտնելով, որ շտեմարանի պաշարը չի կարող բավարարել վանքի կարիքները, որոշեց մերժել»:
Ես մեկը պատմեցի, դուք շատերը հիշեք: Մեկիկ-մեկիկ հիշեք մեր այն մեծերին, որոնք ապրեցին ու մեռան թշվառության, աղքատության, քաղցի, լքվածության ու մոռացության մեջ: Նույնիսկ կարող եք ժամանակի մեջ շատ հեռուները չգնալ: Ընդամենը մի քանի տարի առաջ էր, ընդամենը մի քանի ամիս առաջ էր, ընդամենը երեկ էր…
Իսկ եթե հեռուներից կուզեք, դա էլ կպատմեմ: Հնագույն լեգենդն ասում է, որ հույն հայտնի փիլիսոփան դուրս էր գալիս քաղաքի հրապարակ ու դիմում էր անցորդներին. «Ինձ հաց տվեք»: Չէր խնդրում, ձեռքն առաջ պարզած չէր մուրում, այլ պահանջում էր: Ինձ հաց տվեք,- ասում էր,- որովհետև ես ձեր միտքն եմ: Ու այդ միտքը կերակրել է պետք: Ինչպես որ ծառը նախ ջրում են ու հետո միայն նրանից պտուղ են ակնկալում: Իսկ ում կերակրում, խնամում են, ում պտուղներից օգտվում են, նրա մասին երբեք չեն հարցնում, թե որտեղ է նա: Եվ ուրեմն դուք էլ երբեք մի հարցրեք, թե որտեղ է մտավորականը, որովհետև ճշմարիտ մտավորականը միշտ այնտեղ է, որտեղ ձեր խիղճն է օթևան տվել:

* * *
Լեռնագնացն ընտրում է անհաղթահարելի գագաթը, գերմարդկային ճիգերով մագլցում է մինչև վերջ և ամպերի մեջ թաղված կատարին ոչ թե իր անունն է թողնում, այլ կանգնեցնում է հարազատ երկրի դրոշը: Լեռնագնացը միայնակ է, բարձունքն ինքն է նվաճել, բայց վեհության գագաթին դրոշը կծածանվի բոլորի համար: Որովհետև չի լինում մեկ հոգու հաղթանակ: Որովհետև ամենաբարձր կետի վրա բոլոր բացակաները ներկա են:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆIMG_2610

Լույսը հեռու

17 Հլս

Արգինա Հարությունյան- «Լույսը հեռու»: Խոսքերի հեղինակ՝ Հովիկ Չարխչյան:

ԱՅՐԻՍ ՄԵՐԴՈԿ

17 Հլս

Մենք բոլորս դատող ու դատվող ենք, բոլորս այլ մարդկանց սովորական չարության ու հերյուրանքների զոհերն ենք, և մեր հերթին պատրաստ ենք նմանատիպ չարության ու հերյուրանքի: Ու եթե մեզ երբեմն մեղադրում են գոյություն չունեցող մեղքերի համար, ապա մի՞թե մեր թիկունքում չկան այլ մեղքեր, իսկական մեղքեր, որոնց մասին աշխարհը ոչինչ չգիտի:6552b2a37f11da66813cadf1063

ՋՈՒՐԸ

17 Հլս

Ջուրը ուրախ ծփում էր հարազատ ծովի տարերքում: Բայց մի անգամ գլուխը մի հիմար միտք մտցրեց` հասնել մինչև երկինք:
Նա դիմեց կրակի օգնությանը: Կրակը իր ջերմությամբ ջուրը վերածեց տաք գոլորշու մանր կաթիլների, որոնք օդից շատ ավելի թեթև դուրս եկան: Գոլորշին իսկույն վեր սլացավ դեպի օդի ամենաբարձր ու սառը շերտերը:
Ամպերից էլ վեր բարձրանալով` գոլորշու հատիկները այնպես սառեցին, որ ցրտից ատամներն իրար էին զարկվում: Որպեսզի տաքանան, նրանք ամուր իրար սեղմվեցին և օդից ծանրանալով` հենց նույն պահին էլ թափվեցին ներքև:
Ջուրը, հիվանդանալով փառասիրությամբ, բարձրացավ երկինք, բայց այնտեղից վտարվեց: Պապակած հողը մինչև վերջին կաթիլը կլանեց ամբողջ անձրևը: Եվ ջուրը հողում դեռ երկար կրեց իր պատիժը մինչւ որ կարողացավ վերադառնալ ծովի ազատ տարածությունները:

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻc78fde2ab7c3722f2319b69ebecba82e

ՄԱՐԼԵՆ ԴԻՏՐԻԽ

17 Հլս

Պատերազմից վերադարձող զինվորները միշտ թախծում են: Դա այն տխրությունն է, որ համակում է մարդկանց, ովքեր մարտնչել են, սպանել են, վտանգել են իրենց կյանքը և հիմա ոչ մի կերպ չեն կարողանում ձեռք բերել ներքին հանգստություն:
«Իմ կյանքի այբուբենը» գրքից9f1952181da28aa85c8f23fcc97b7d9a

ԱՆՐԻ ԹՐՈՒԱՅԱ

10 Հլս

Տարիքն առնելով նկատում եք, որ երիտասարդ տարիներին ձեզ ամեն ինչ տրված է եղել, որ աննշան կամ տվյալ պահին ձեզ աննշան թվացող դեպքերը հետք են թողել ձեր ամբողջ կյանքում: Եվ որ ըստ էության ձեր մեջ գտնվող հիմնական բանը մանկոությունն է: Դուք կարող եք ունենալ ճերմակ մազեր, կնճիռներ, աստիճանով բարձրանալիս շնչակտուր լինել, բայց երեխան է, որ գոյատևում է ձեր մեջ և հավանաբար կգոյատևի մինչև վերջին շունչը:2d0cee56514286f8491235378ca116b8

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՆՔՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ՕՐԵՆՔԸ

10 Հլս

Հիշել եմ՝ պատմեմ:
Երասխի կռիվների ամենաթեժ պահին ռուսական զորքը եկավ, նստեց սահմանին, իրավիճակը վերցրեց իր ձեռքը: Մեր կամավորները հայտնվեցին անորոշ դրության մեջ: Ոչ ոք դիրքերը լքելու մտադրություն չուներ, բայց որպեսզի հեռու մնային տհաճ միջադեպերից, մի խորամանկ ելք գտան: Գյուղի տների մեծ մասը դատարկված էր: Ու որոշեցին հրացանավոր մարդկանց խումբ-խումբ տեղակայել հենց այդ տներում, որ և աննկատ մնային, և ներսից հսկեին սահմանը:
Մեզ բաժին հասավ մի տուն, որ հենց սահմանի մոտ էր: 7-8 հոգի էինք: Պատուհանների մոտ հերթապահ կանգնեցրինք, մենք էլ նստոտեցինք հյուրասենյակում՝ կիսամութի մեջ: Քաղցած էինք: Սնունդն ուշանում էր: Ճարահատյալ տղաներից մեկը պտտվեց սենյակներում, հետո մտավ նկուղ ու վերադարձավ մի բանկա կոմպոտը ձեռքին: Մեր քաղցած հայացքների ներքո գունեղ մրգահյութը և նրա մեջ լողացող պտուղները երկնային մանանայի պես մի բան թվացին: Ու այն է՝ ուզում էինք բացել կափարիչը, երբ հանկարծ մերոնցից մեկն ասաց.
— Չբացեք:
— Ինչու՞
— Դա մերը չի:
— Եղածն ընդամենը կոմպոտ է:
— Հետո՞ ինչ: Մենք էստեղ նրա համար չենք, որ ուրիշի ունեցվածքը յուրացնենք:
— Ի՞նչ ես խոսում, ի՞նչ յուրացնել: Մենք նրանց տունն ենք պահպանում, մի կոմպոտ չարժի՞:
— Դու ոչ թե նրա, այլ քո տունն ես պաշտպանում: Տար, դիր տեղը…
Կոմպոտն այդպես էլ չբացվեց: Ոչ ոք ոչնչի ձեռք չտվեց: Սնունդն, իհարկե, բերեցին մեկ օր անց, իսկ մենք այդ տանը մնացինք երեք օր: Հետո շատ ուրիշ բաներ պատահեցին, բայց կոմպոտի պատմությունը չմոռացվեց:
Ես ցանկություն չունեմ փոքրիկ բաներից մեծ ընդհանրացումներ անելու, ոչ էլ ուզում եմ մարդու արժեքը գնահատել մի կոմպոտի օրինակով: Պարզապես այդ պատկերը մտքիցս չի ջնջվում, ու նաև հիշում եմ, որ պատերազմ էր: Իսկ պատերազմում ոչինչ հենց այնպես չի լինում, որովհետև նա ընդմիջում չի տալիս կշռադատումների համար: Նրա ամուր ձեռքը պարզապես ճանկում ու դուրս է քաշում այն, ինչն արդեն կա ներսում: Դու ժամանակ չես ունենում այլակերպման համար: Նա ժամանակ չի ունենում զանազանման համար:
Մարդիկ սրան ասում են պատերազմի օրենք, իբրև թե նա է թելադրում վարքականոնը՝ օրերի էության հանգույն: Մարդիկ նաև ասում են, որ լավ պատերազմ չի լինում՝ ինչ նպատակի համար էլ այն ծառայի, և հետևաբար նրա օրենքները նույնպես լավը լինել չեն կարող: Այդ օրենքները պահանջում են ոչնչացնել, որպեսզի քեզ չոչնչացնեն, զրկել, որ զրկված չլինես, հարվածել, քանի դեռ քեզ չեն հարվածել: Ու դժվար է վիճել նրանց հետ, ովքեր ուզում են լինել՝ չլինելու պահանջին հակընդդեմ:
Չէ, վիճաբանել եմ ուզում: Բայց ուզում եմ նույն օրերի մի դրվագ էլ հիշել, որի ականատեսը եղա:
Հավանաբար ձմեռ էր: Կամավորներով լի մեքենան կանգ առավ մի փոքրիկ կրպակի մոտ: Երկուսն իջան ու սկսեցին առևտուր անել: Լցրեցին ուսապարկերը, հետո ասացին, որ չեն վճարելու: «Կռվող տղերքի համար է»,- ասացին: Վաճառողը խեղճացավ, սկսեց բացատրել, որ ապրանքն իրենը չէ, ինքն ընդամենը աշխատող է ու չի կարող ձրի ոչինչ տալ, թեև շատ հարգում է զինվորներին: Բայց բացատրությունն իզուր էր: Վեճը շուտով վերածվեց քաշքշուկի, ապա սկսեցին փշրվել շշերը, ապրանքը փողոց շպրտվեց, իսկ «առևտրականներն» իրենց ավարն առած՝ նստեցին մեքենան ու գնացին:
Սա էլ է եղել: Ցավոք: Եվ երբ դա հիշում եմ, պատերազմի չգրված օրենքները դառնում են անընթեռնելի, պատերազմի վարքը ինձ սփոփանք չի բերում: Փոխարենը մխիթարվում եմ մեկ ուրիշ պատմությամբ, որ լսել եմ իմ ծանոթից: Դեպքն այսպես է եղել: Ազատագրված տարածքներում մերոնք մի դատարկված գյուղ են մտնում: Անցնում են տնետուն, հետո տեսնում են գրադարանը: Ներս են գնում ու կռվողներից մեկը, որ պատմաբան էր, զարմանքով նկատում է, որ դարակներում բազմաթիվ հազվագյուտ ու արժեքավոր գրքեր կան: Սկսում է ընտրել: Մի 15-20 գիրք է առանձնացնում, թելերով կապում ու դնում է մեքենայի մեջ: Բայց հենց շարժվում են, խնդրում է կանգ առնել: Դուռը բացում է, գրքերը թղնում է ճամփեզրին ու ասում է.
— Դատարկ ձեռքերով եկել եմ, դատարկ ձեռքերով էլ տուն եմ գնալու…
Փշրված շշերի, ընտրված գրքերի ու դատարկ ձեռքերի մեջ պատերազմի ի՞նչը պիտի փնտրեմ, որ ինձ տանի դեպի մարդը: Որքանո՞վ է ազնիվ ամեն անգամ մեղքը բարդել պատերազմի վրա կամ պատերազմի տիղմի մեջ պահ տալ մաքրության երաշխիքները: Ես չեմ հավատում այդ խաղին: Ես չեմ հավատում պատերազմի օրենքի գոյությանը, և երբ մարդիկ սկսում են խոսել դրա մասին, միշտ սպասում եմ, թե երբ նրանք կմտաբերեն մյուսը՝ մարդու օրենքը: Միայն թե ոչ ոք դա մտաբերելու պատճառ չունի, քանի որ չկա այդպիսի բան, երբեք չի եղել ու լինել չի կարող: Ի՞նչ մարդու օրենք: Ո՞վ կարող է սահմանել անսահմանելին, համակարգել արարքների ու մտքերի օրինակելի աստիճանակարգը, եզրագծել, թե որտեղ է սկսվում ու ավարտվում մարդը: Սա սոսկ ներքին մի պահանջ է, որ որակական տարբերակման միջոցով պիտի փորձի տարանջատել թույլատրելին անթույլատրելիից, հաստատականը՝ ժխտականից և վերջապես՝ մարդկայինը անմարդկայինից:
Գայլը չի մտահոգվում գայլ լինելու համար, թռչունը չի ջանում մնալ թռչուն, մրջյունը չի պնդում, թե ինքը մրջյուն է, և միայն մարդն է, որ տվայտում է մարդ լինելու պահանջից, որովհետև վստահ չէ, որովհետև դեռ կասկածը կրծում է սիրտը, որովհետև հեշտ չէ լինել այն, ինչը լինելը բավարար չէ, դեռ կայանալ է պետք:
Ես գիտեմ, թե ինչ կարող է անել պատերազմը մարդու հետ: Ես գիտեմ, թե ինչ է անում մարդը պատերազմի հետ: Բայց վստահաբար գիտեմ նաև մի բան. երբ մարմնիդ մեջ թույն է ներարկվում, դու սկսում ես հակաթույն որոնել:
Ուրեմն փնտրենք և գտնենք այդ փրկագործ շիճուկը: Ու եթե ձեզ անհրաժեշտ է պայմանականությունը, եթե պետք է մի բան, ինչից կառչելը կազատի անկումներից, եթե կարիք ունեք փոխարինել առկան թեականով, ուրեմն թող լինի, ապրելու իրավունք առնի մարդու օրենքը: Ու մի օր, երբ արհավիրքը կրկին կգա ու կանցնի, ես էլ պիտի ձեզ հետ միասին ասեմ. «Այնուամենայնիվ, մարդը կա»: Կնշանակի՝ մարդկանց օրենքը դեռ հաղթում է: Դեռ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆhov

ԳՈՐԿԻՆ ԵՐԵՎԱՆԸ ԼՔԵՑ ԱՌԱՆՑ ՀՐԱԺԵՇՏԻ

10 Հլս

Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում մի գեղեցիկ, հնաոճ շինություն կա, որի պատին ցուցանակ է փակցված. «Այս տանը 1928 թ. իջևանել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին»: Ժամանակին առիթ եմ ունեցել լսելու պնդումներ, թե Գորկին այս տանն ընդհանրապես չի եղել, բայց քանի որ նախատեսված էր, որ նա այստեղ գիշերեր, այդ պատճառով էլ ցուցանակը հետագայում տեղադրել են: Սակայն իրականությունն այլ բան է ասում: Եվ ոչ միայն ցուցանակի մասին:2013-04-30 093
1928 թվականի ամռանը անսպասելի լուրը տարածվեց երկրով մեկ. «Գորկին Հայաստան է գալիս»: Հեղափոխության երգիչն ու մրրկահավը, Լենինի ու Ստալինի մտերիմը, սովետների երկրի թիվ մեկ գրողը պիտի այցելեր հայերի հողը: Համաձայն պաշտոնական տեղեկության, Գորկին հուլիսի 25-ի առավոտյան Թիֆլիսից Ղարաքիլիսա (Վանաձոր) էր ժամանելու: Նրան դիմավորելու համար շտապ այնտեղ մեկնեցին Ժոմկոմխորհի նախագահ Ս. Տեր- Գաբրիելյանը, Լուսժողկոմ Ա. Մռավյանը և Կենտգործկոմի քարտուղար Ռ. Դաշտոյանը: Օրն անձրևային էր, սակայն լուսաբացին քաղաքի երկաթուղային կայարանում դիմավորելու համար հավաքվել էր հսկա բազմություն՝ պաշտոնական դեմքեր, գրողներ, երկաթգծի բանվորներ, արհմիությունների ներկայացուցիչներ, կոմերիտականներ ու պիոներներ:
Եվ ահա ուժգին սուլոցով կառամատույց է մտնում գնացքը: Մարդիկ բուռն ծափահարություններով և ուռաներով դիմավորում են նրա մուտքը: Շարժակազմը կանգ է առնում: Դռները բացվում եմ: Բոլորն անհամբերությամբ սպասում են: Բայց Գորկին չկա: Անցնում են րոպեները: Ոչ մի շարժում, վագոնից ոչ ոք դուրս չի գալիս: Ստիպված որոշում են պարզել, թե ինչ է կատարվում: Գրող Վահրամ Ալազանը համընդհանուր շփոթմունքին հաջորդած պատկերն այսպես է ներկայացնում. «…Մտնում ենք ներս: Ահա կարմիր պղնձագույն դեմքը ծռած՝ հանգիստ կերպով թեյ է խմում: Դրսում` հուզմունք ու համբերահատություն: Ներսում` հանգիստ ու անտարբերություն»:
Այդ պահվածքի մեջ վիրավորական երանգներ կային, բայց ինչ-որ մեկը որոշեց եղածը վերագրել Գորկու բացառիկ համեստությանը, բազմությունն էլ այդ խայծը կտցեց, և երբ վերջապես նա դուրս ելավ վագոնից, հավաքվածների խնդության ու խանդավառության փոթորիկը պայթեց օդում: Ալեքսեյ Մաքսիմովիչը նստեց մեքենան և նրան կայարանից տարան քաղաքի հանգստյան տուն: Նա լուսանկարվեց հանգստացողների հետ, իսկ տեղի պարտիզպանը երկու մեծ ծաղկեփունջ նվիրեց գրողին: Այնուհետև Գորկին ուղղություն վերցրեց դեպի Դիլիջան՝ ճանապարհին մի կարճ կանգառ անելով Վարդանլու գյուղի մոտ գտնվող պիոներական ճամբարում:Gorki-Hayastan
Տոնական ու հանդիսավոր տրամադրություն էր նաև Դիլիջանում: Շարված էր զորքը, սպասում էին տեղացիներն ու հյուրերը: Քաղաքի նոր հյուրանոցի շենքի առաջ կայացավ դիմավորման միտինգը: Հնչեցին ելույթներ, որից հետո Գորկին մի փոքր զբոսնեց ու կարգադրեց ճանապարհ ընկնել: Առջևում Սևանն էր: Հետագայում նա իր ուղեգրության մեջ այսպիսի գրառում պիտի կատարեր.
«Դիլիջանի դաշտում ընկերներից ինչ-որ մեկը կիսաձայն ասաց.
— Թուրքերն այստեղ շատ հայերի են կոտորել:
— Դե ինչու՞ այդ մասին հիշել այսպիսի գեղեցկության գրկում,- պատասխանեցին նրան:
Այո, զարմանալի գեղեցիկ է: Կարծես լեռները գրկել ու պահպանում են դաշտը կենդանի էակների սիրով ու քնքշությամբ»:
Գորկին հիացած էր Հայաստանով, բայց ոչ նոր ժամանակների հայաստանցիներով, ովքեր փորձում էին ամեն կերպ շրջանցել անցյալի «անհարմար» փաստերը: Իր գրառումներում գրողն այդ մարդկանց հեգնանքով անվանում էր «պարոնայք հումանիստներ, իդեալիստներ ու մշակույթի պահապաններ», որոնց դավանած արժեքները հիմնված էին ցինիզմի վրա: Իսկ հիմա նա պիտի տեսներ նաև նոր ժամանակների գյուղերն ու դրանց բնակիչներին, որոնց ծայրահեղ աղքատությունը ցնցում է Գորկուն: Երբ կանգ են առնում Ելենովկայում (այժմ՝ Սևան քաղաք), նրան տանում են դիտելու լիճը, ծանոթանալու ձկնաբուծության փորձերի և գիտական աշխատանքների հետ, սակայն թանկագին հյուրի համար անջնջելի են մնում իր զրույցները տեղաբնակների հետ, որոնք ապրում էին միջնադարի կենցաղով ու անտեղյակ էին մեծ աշխարհի անցուդարձից:
Օրվա երկրորդ կեսին Մաքսիմ Գորկին արդեն Երևանում էր: Այստեղ նրա համար նախատեսել էին գերհագեցած ծրագիր: Սկզբում հանդիսավոր նիստն էր Կուլտուրայի տանը, հետո գրողը ծանոթացավ Երևանի արդյունաբերական և կուլտուրական կյանքին: Պատմության թանգարանում տպավորված էր մագաղաթե ձեռագրերով, պատկերասրահում հիացավ Մարտիրոս Սարյանի կտավներով: Այնուհետև մամուլը հայտնում էր. «Նախաճաշից հետո պրոլետգրող Եղիշե Չարենցը Մաքսիմ Գորկուն մատուցեց իր «Երկիր Նայիրի» գրվածքի ռուսերեն թարգմանությունը: Գորկին շնորհակալություն հայտնեց Չարենցին և խոստացավ նամակ գրել նրան այդ գրքի մասին, որը նա սկսել է կարդալ դեռ Իտալիայում»:Մաքսիմ Գորկու դիմավորումը դիլիջանում
Գորկուն ուղեկցեցին հիդրոկայան, բամբակազտիչ գործարան, ապա գնացին Ձեթ- օճառի գործարան: Մի զավեշտալի դրվագ կա՝ կապված այդ այցի հետ: Գործարանում նա առանձին ուշադրությամբ էր դիտում մեքենայի ամեն մի շարժումը: Ափի մեջ բռնում էր բամբակի հունտը, գցում ատամի տակ, ծամում, վերցնում էր թեփը, քուսպը, ուշադիր զննում էր ամեն բան: Այդ ժամանակ որոշում են նրան ցուցադրել բանվոր «արձանագործի» կերտած Լենինի օճառե կիսանդրին: Գորկին վերցնում է քանդակը, շուռումուռ է տալիս և հանկարծ ասում է, որ իրեն առավելապես հետաքրքրում է օճառի որակը: Դրա համար էլ պոկում է Լենինից մի փոքրիկ կտոր, թրջում շրթունքներում, ապա սկսում է մատներով տրորել: Մինչ ներկաները ապշած դիտում էին, թե ինչպես էր անարգվում հեղափոխության մեծ առաջնորդը, Գորկին շարունակում է աշխուժորեն բացատրել, թե ուզում էր ընդամենը իմանալ՝ փրփուր տալի՞ս է այդ օճառը, որից իր սիրելի ընկերոջ կիսանդրին էին կերտել:
Այցելությունների կարևոր վայրերից մեկն էլ դառնում է «Արարատ» գինու գործարանը, որի նկուղներում հիացած հյուրը առատորեն համտեսում է տակառների թունդ պարունակությունը: Ասում են, թե հենց այստեղ էլ նա արտասանել է իր նշանավոր խոսքերը. «Երևի ավելի հեշտ է Արարատ լեռը բարձրանալ, քան բարձրանալ «Արարատի» նկուղից»:
Հենց այդպես՝ գինովցած էլ Գորկին գնաց մասնակցելու մեծ միտինգին, որ կայացավ քաղաքային այգում, շուրջ 10 հազար երևանցիների ներկայությամբ: Փոթորկալից օվացիաներով, խնդության բացականչություններով և համատարած ուրախությամբ դիմավորեցին նրան, Գորկին մի ճառ արտասանեց, որն ըստ էության խորհրդային երկրի ու հեղափոխության գովքն էր: Իսկ երեկոյան նույն այգում նրա համար մեծ համերգ տվեցին: Կոնսերվատորիայի սաները կատարեցին Սպենդիարյանի ստեղծագործություններից, իսկ պարախումբը ցուցադրեց Սասունցիների պարը: Սա անջնջելի տպավորություն թողեց Գորկու վրա: Հետագայում նա այդ տեսարանը պիտի վերհիշեր այսպիսի գույներով. «Տաքացած երգում է դուդուկը, բայց նրա բարձր ձայնը արդեն ականջ ծակող չի թվում, բարձր, բայց փափկորեն չափ է խփում թմբուկը, և այդ երաժշտության ետևում տեսնում ես մեկ ուրիշը՝ մարդկային ճկուն մարմնի զարմանալի գեղեցիկ շարժումների երաժշտությունը, ազատ խաղը վառ հագուստների բազմերանգ ալիքների մեջ: Այն պահերին, երբ բազմագլուխ մարմնի շարժումների սլացիկությունը աճելով փոխվում էր ոսկե և ծիածանագույն փոթորկի, ես սպասում էի, որ պարողների շղթան կկտրվի առանձին օղակների, բայց այդ փոթորկի մեջ էլ նրանք պահպանում էին շարժումների միահամուռ շարժունությունը՝ մեծացնելով և խորացնելով ուժի ու միասնության տպավորությունը: Երբեք ես չէի տեսել և չէի կարող երևակայել այդպիսի կատարյալ միաձուլության պատկեր, շատերի համախմբվածություն մի միասնական գործողության մեջ: Այդ շատ հինավուրց պարի մեջ անտարակույս թաքնված էր ինչ-որ խորհրդանշական բան, բայց ինձ չհաջողվեց պարզել, թե ինչ է դա` քրմերի կրոնական պա՞ր, թե՞ ռազմիկների պար… Անտարակույս, սասունցի հայերի պարը ռազմիկների հաղթական պար է»:caption
Համաձայն այդ օրերի մամուլի տեղեկություների, երեկոյան ժամը 9-ին Մ. Գորկին Մյասնիկյանի անվան գրադարանում տեսակցություն է ունեցել Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի, Աշխատավորական գրողների միության անդամների և մամուլի աշխատակիցների հետ: Սակայն այլ աղբյուրներ վկայում են, որ իրականում հանդիպումը կայացել էր Բանկոոպի թեյարանում: Դատելով արձագանքներից, զրույցն այնքան էլ աշխույժ և հետաքրքիր չի անցել՝ հերթապահ հարցեր, հերթապահ պատասխաններ: Օրվա անցուդարձից հոգնած ռուս գրողը իր գործն ավարտած մարդու շտապողականությամբ հեռացել է հավաքից և գնացել էր իրեն հատկացված բնակարանը՝ հենց այն տունը, որտեղ այսօր ցուցանակն է փակցված: Իսկ երբ առավոտը բացվեց, նա արդեն Երևանում չէր: Գորկին Թիֆլիս էր մեկնել՝ առանց հրաժեշտ տալու:
Իբրև վերջաբան՝ այս պատմությանը կցենք այդ օրերին «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրված լուրը՝ «Մաքսիմ Գորկին Հայաստանում» վավերագրական ժապավենի մասին: Այնտեղ մասնավորապես ասվում էր. «Մաքսիմ Գորկին Երևանում» կինոժապավենը կիսով չափ միայն կարող է գոհացուցիչ համարվել, որովհետև միանգամայն անհայտ պատճառներով խրոնիկայում բոլորովին բացակայում են Երևանում գրողի մնալու կադրերը, օրինակ` գործարանները, հիդրոկայան, թանգարան այցելելը: Վերջապես այն վիթխարի միտինգը, որը կազմակերպվել էր Կոմունարների այգում Մաքսիմ Գորկու մասնակցությամբ , ապա` հանդիսավոր ընդունելությունը, օվացիաները, որոնք ցույց տվին բազմահազար ընթերցողները մեծ գրողին:
Ինչ վերաբերվում է հանված կադրերին, չի կարելի չխոստովանել, որ հաջող են թե լուսանկարները, թե մոնտաժի սյուժետային կառուցվածքը և թե դինամիկ լինելը` չնայած աննպաստ պայմաններին»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ0_7bc7e_3e553f5a_L

ՍՎԵՏԼԱՆԱ ՏԱԼԱՆ

10 Հլս

Հաջողությունը, երջանկությունը երբեմն լինում են դավադիր: Նրանք սովորություն են ունենում օգտվել հետնամուտքից և հաճախ թաքնվում են անհաջողության դիմակի տակ: Մի մարդ թևաթափ եղավ ու չնկատեց երջանկության հրեղեն թռչունին: Իսկ մյուսը, ում ներսում ապրում է հույսը, կպոկի այդ դիմակը և կտեսնի երջանկության դեմքը: Կամ պարզապես կսպասի, մինչև որ երջանկությունը կձանձրանա թաքնվել դիմակի տակ ու ինքը մի կողմ կնետի այն…40753f2e9b1b

ԴՈՒԳԼԱՍ ՔԵՆԵԴԻ

9 Հլս

Մենք այնպես եռանդով ենք մեր կյանքի ծրագրերը կազմում, ճիշտ չէ՞: Կարծես երեխաներ լինենք, որոնք հետևողականորեն մի խորանարդիկը դնում ենք մյուսի վրա: Աշխատանք, տուն, ընտանիք, գնված անպետք իրեր: Մենք կառուցում ենք աշտարակը խորանարդ առ խորանարդ՝ հուսալով, որ կառույցը կդիմանա, որ այն հուսալի է: Բայց եթե հասուն կյանքն ինչ-որ բան սովորեցնում է, ապա ընդամենը մի բան՝ չկա ոչինչ հաստատ, ամուր, անփոփոխ: Որպեսզի ամբողջ կառույցը փուլ գա գլխիդ, նույնիսկ կարիք էլ չի լինի սպասել աղետի: Բավական է ընդամենը մի ցնցում:41998278

ՀԵՐՄԱՆ ԿՈԽ

6 Հլս

Կարծում եք ողբերգությունը մերձեցնու՞մ է մարդկանց, կիսվող ցավը ամրապնդու՞մ է կապերը: Ցավոք, դա այդպես չէ: Բազմաթիվ մարդիկ պարզապես ուզում են մոռանալ ողբերգությունը: Իսկ մյուսներն ընդամենը անընդհատ հիշեցնում են նրանց այդ մասին: Ես չեմ մեղադրում նրանց, ովքեր նախընտրում են մոռացումը:Herman-Koch

ՀԵՌԱՎՈՐ ԱՍՏՂ

6 Հլս

Աղաղակում են
Հայացքները պաղ հայելիներում.
— Փրկեք մեզ ոսկյա շրջանակներից,
Չէ՞ որ երբեմնի եղել ենք ազատ:

Աղաղակում են պատերը խարխուլ.
-Ազատեք մեզ այս մեռյալ ծեփերից,
Հում աղյուսներն էլ բավական են մեզ:

Երկնքում ցրված խոնավ աչքերով
Աստղերը մոլոր
Կախվել են անքուն քամու փոշերից.
— Քամի, ով քամի,
Մենք այսպես չէինք մեր ծնված օրից,
Մենք արտասուքի կաթիլներ էինք
Ճիչերից հետո:

***
Ոչ, քամի չեմ ես,
Բայց միշտ կարոտ եմ եղել ճչալու:
Պատ չեմ հիրավի,
Բայց միշտ ինձանից կառչած են եղել
Ծեփերը մեռյալ:
Ոչ, հայացք չեմ ես պաղ հայելու մեջ,
Բայց տեսեք վիշտն ինձ ինչպես է մաշել:

***
Վերջապես ես այն աստղն եմ հեռու,
Որ խմում է իմ արցունքները ջինջ
Ու չի հագենում…

ՆԱԴԵՐ ՆԱԴԵՐՓՈՒՐ
Թարգմ. Համո Սահյանիmaxresdefault

Շատ լավ է, որ հայ հոգևորականները նկատել են եկած հյուրի և իրենց տարբերությունը. Հովիկ Չարխչյան

6 Հլս

NewsBook-ի զրուցակիցն է գրականագետ Հովիկ Չարխչյանը:
— Պարոն Չարխչյան, օրերս Հայաստանում էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հայ հասարակությանը զարմացրեց իր համեստ կեցվածքով: Այսօր մեր հոգևոր բարձրաստիճան հայրերը նման համեստություն չունեն: Ի՞նչ եք կարծում՝ այցից հետո մեզ մոտ որոշակի փոփոխություն կլինի՝ հաշվի առնելով այն, որ տեսանելի էր՝ ժողովրդի համար Հռոմի պապի կերպարն ավելի ընդունելի էր:

— Հռոմի պապը բավականին խելացի մարդ է, և նա ոչ միայն պարզապես իր համեստ կեցվածքն, իր էությունն ու ապրելակերպը ցույց տվեց, այլ մեսիջներ հաղորդեց: Նա այնքան խելացի է, որ նրա ցանկացած արարքի մեջ որոշակի հաղորդագրություն պետք է տեսնեն բոլոր նրանք, ովքեր ապրում են այլ արժեքներով ու չափանիշներով: Պատահական չէ, որ Հռոմի պապը հատկապես Հայաստանում այդպիսի կեցվածքով հանդես եկավ, որովհետև, եթե մենք հետևում ենք Հռոմի պապի` այլ երկրներ կատարած այցերը, ապա կտեսնենք, որ շատ տեղերում նա խիստ ընդգծված համեստություն չի ունեցել: Հայաստանում այս ամենը խիստ նպատակային էր, և դեռ չեմ խոսում նրա ելույթներում հնչած որոշ դիտողությունների մասին, որոնք կոդավորված մեսիջներ էին: Կարծում եմ՝ նա մինչև ՀՀ տեղափոխվելը բավականին տեղեկացված է եղել մեր երկրում տիրող բարքերի, հատկապես հոգևորականության շրջանում ու իշխող շքեղ ապրելակերպի մասին: Ժողովուրդը, որը որոշ դեպքերում գուցե հակում ունի իրավիճակը ծայրահեղացնելու և խստացնելու, ամեն դեպքում Հռոմի պապի այցին շատ ճիշտ գնահատական տվեց և հասկացավ այն, ինչ նրան մատուցվեց: Մեր իշխանավորներն ու հոգևորականները պետք է հասկանան, որ մարդու հարստությունը նրա ունեցվածքի մեջ չէ, այլ նրա էության մեջ է, իսկ խելացի, հարուստ մարդիկ երբեք ցուցամոլությամբ աչքի չեն ընկնում: Հռոմի պապի այցը մեզ համար բարոյականության մեծ դաս էր, և մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, թե հանրության մեջ սոցիալական խզվածքը որքան խորն է, մարդկային նկարագիրների մեջ ճեղքվածքը որքան խորն է և վաղուց ժամանակն է մտածել հարթեցման մասին, որպեսզի լինի այնպիսի հասարակություն, որտեղ կգնահատվի աշխատող մարդը, ոչ թե գրպանի պարունակությունը:

— Խոսեցիք Հռոմի պապի կեցվածքի ու ելույթների մեսիջների մասին: Ի՞նչ մեսիջների մասին է խոսքը:

— Հռոմի պապն անընդհատ շեշտադրումներ էր անում այն հանգամանքի վրա, որ մենք բիբլիական ազգ ենք, որ մեզնից է ծնունդ առել քրիստոնեությունը, որ մենք քրիստոնեության համար կղզյակ ենք: Այս ամենը նշանակում է, և նա շեշտում էր, որ մենք նաև պարտավոր ենք լինենք քրիստոնեական արժեքների պահպանողները: Պապը նշում էր, որ եթե մենք մեզ համարում ենք այս իմաստով եզակի, ուրեմն՝ պետք է բարի լինենք և եզակի լինենք նաև մյուս առումներով և չի կարելի միայն հղում անել պատմական փաստերին: Այս իմաստով մերոնք պետք է հասկանային, թե ինչո՞ւ էր միշտ նույն բանը թիրախավորվում: Մյուս կողմից, երբ Հռոմի պապը խոսում էր Ցեղասպանության մասին, նա մեզ զոհի կարգավիճակում չէր տեսնում, նա չէր ուզում, որ մենք հիվանդանանք այդ ախտով, թե մենք կոտորված և ջարդված ենք: Հռոմի պապը շեշտելով ասում էր, որ տեսեք` դուք այդքան զրկանք կրած ժողովուրդ եք, բայց այդ տառապանքը պետք է Ձեզ կոփած լինի, եթե դուք հաղթահարել եք նման փորձություններն, ապա բարի եղեք լինել տեր ձեր կրած տառապանքին, այսինքն՝ այնքան լավը լինեք, որ ձեր լավ հատկանիշները հատուցում լինի ձեր կրած զրկանքներին:

— Հռոմի պապի այցելության օրերին և դրանից առաջ էլ, անգամ սոցիալական ցանցերն էին ողողված Հռոմի պապի արտահայտած մտքերով: Ցիտում էին նույնիսկ քարոզից խոսքեր: Արդյո՞ք կգա մի ժամանակ, երբ հայ հասարակությունը կցիտի իր հոգևորականի խոսքերը:

— Ես հավատում եմ, որ կգան այդ ժամանակները, քանի որ մեր պատմության մեջ նման բան եղել է: Մենք իսկապես ունեցել են մեծ հոգևորականներ՝ Խրիմյան Հայրիկ, Վազգեն Առաջին և այլոք, որոնք մեր համար հոգևոր առաջնորդներ են եղել, իսկ նրանց խոսքը մեզ համար իրոք արժեքավոր էր: Մարդիկ իրենց վերաբերմունքով ապացուցեցին և հայտարարեցին, որ բավական է և իրենց պետք է ասել ոչ միայն խելացի խոսք, այլ նաև անկեղծ խոսք: Մեր հոգևորականությունը գուցե իր ելույթներում վեհ բաների մասին է խոսում, բաց նրանց խոսքերը չեն ցիտվում ու տարածվում, քանի որ մարդիկ կարիք ունեն երկխոսության այնպիսի մեկի հետ, ով իրենց հետ անկեղծ է մինչև վերջ, ով իրենց հետ դառը ճշմարտությունների մասին կխոսի: Այս իմաստով, այո, մեր հոգևորականները կարիք ունենք իրենց ասելիքը վերաձևակերպելու և համապատասխանեցնելու իրենց էությանը, քանի որ նախ պետք է փոխել էությունը, հետո նոր բառերի դասավորությունը: Բառերի թիկունքում անպայման պետք է կանգնած լինեն արարքները և այն արարքները, որոնք գնահատավում են:

— Տեսակետ կա, որ մեր Հայ Առաքելական եկեղեցում նույնպես կան իսկապես հարգանքի արժանի հոգևորականներ, սակայն ընդհանուր համակարգն այնպիսին է, որ մենք նրանց չենք ճանաչում, քանի որ կտրված է եկեղեցի-հասարակություն կապը: Այսօր ոչ թե ցանկանում ենք հարգել այս կամ այն հոգևորականին, այլ պարտավոր ենք հարգել:

— Իսկապես կան հարգանքի արժանի հոգևորականներ, և ես գնահատում եմ նրանց գործունեությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք՝ իբրև հոգևոր հոտի անդամներ, եկեղեցին գնահատում ենք իր ամբողջության մեջ, որովհետև մարդուն դու կարող ես անհատապես արժևորել, բայց դու նրան պետք է դիտարկես այն համակարգի մեջ, որում գործում է: Նույնն իշխանության մեջ է, քանի որ իշխանության մեջ կան ազնիվ չինովնիկներ, բայց երբ իշխանական ամբողջ համակարգն աղճատված վիճակում է գտնվում, մեր վերաբերմունքն էլ անուղղակի տարածվում է մյուսների վրա: Պարկեշտ հոգևորականները ներսում կարող են ինչ-որ բան փոխել, եթե ունենան ժողովրդի մեծ աջակցությունը: Բացի դա, մենք մեր եկեղեցուն վերաբերում ենք որպես մեր մշակույթի ու հազարամյա պատմության անբաժանելի ներկայացուցիչ և մեր կապը եկեղեցու հետ կապված է ժամանակային ու տարածական ժառանագությամբ: Մենք մի կողմից սիրում, հարգում և գնահատում ենք մեր եկեղեցին, իսկ մյուս կողմից՝ շատ խիստ պահանջներ ենք ներկայացնում, որովհետև ուզում ենք, որ այն, ինչ որ մերն է, լինի լավագույնը: Սրա մեջ որևէ վատ բան չկա, թեև մեր հոգևորականները շատ են նեղվում իրենց հասցեին հնչող քննադատություններից՝ մոռանալով, որ իրենք այդ հազարամյա մշակույթի կրողներն են և իրենք պարտավոր են ոչ թե լավը լինելու, այլ շատ լավը լինելու, քանի որ իրենց թիկունքում գտնվող պատմական ժառանգությունը դա է թելադրում: Հոգևորականներին պետք է հասկացնել, որ իրենց կրած համազգեստի տակ ահռելի մշակույթ է թաքնված, ուրեմն՝ նրանք պետք է բարի լինեն պատվով կրել այդ համազգեստը, բարի լինեն հոգևոր տաճարը պահեն մաքուր ու ազնիվ, իսկ եթե ի վիճակի չեն, ապա գնան, այլ բանով զբաղվեն: Հռոմի պապի այցը մենք իդեալականացրեցինք, քանի որ կարիք ունենք անկեղծ մարդկանց հետ շփման:

— Հռոմի պապի այցելությունից հետո որոշ քահանաներ հարցազրույցներ տվեցին, որոնցում Ձեր ասած առողջ քննադատություն ընդունելը չերևաց: Հակառակը` նրանք հայ հասարակությանն օտարամոլ անվանեցին: Փաստացի մեր եկեղեցին առողջ քննդատություն ընդունելու և հասարակություն-եկեղեցի կապն ամրապնդելու փոխարեն, մեզ օտարամոլ է անվանում:

— Միանշանակ պետք է ասեմ, որ որևէ օտարամոլության մասին խոսք լինել չի կարող, թեպետ, շատ լավ է, որ իրենք այդպես են արձագանքել, քանի որ դա նշանակում է, որ նկատել են եկած հյուրի և իրենց տարբերությունը: Հասկացան, թե ինչպես է պատահում, որ ժողովուրդը հոգևորականին կարող է ընդունել, իսկ մի այլ հոգևորականից երես թեքել, այսինքն՝ մատը դրվել է ցավոտ վերքի վրա և այդ ցավը նրանց ստիպել է խոսել ու բարձրաձայնել այդ երևույթի մասին, սակայն վստահ եմ, որ հոգևորականները իրենց ներսում հետևություններ արել են: Պարզ է, որ օտարամոլության մասին խոսք չկա, ի՞նչ է` մենք բոլոր դրսից եկած հոգևորականին ընդունելու ենք, բնականաբար, ոչ: Նույն բանը ժամանակին կար գրական միջավայրում, երբ դրսից գրող էր գալիս ու մեր մոտ ջերմ ընդունում էին, հայ գրողները սկսում էին խանդով վերաբերվել: Մենք պատասխանում էինք, որ դուք էլ լավ գրեք ու ձեզ էլ լավ կընդունեն, ո՞վ է մեղավոր: Մեր երկիր շատ օտար մարդիկ են գալիս ու գնում, մեծ ու փոքր մարդիկ են լինում, հակառակը որոշ հյուրերի համար մենք մեր երկիրը փակում ենք: Մեր հոգևորականները պետք է տեսնեին, որ մենք շատ դառը խոսքեր ասացին ու մեր երկրի դռները փակեցին ուրիշ հայ հոգևորականի առաջ՝ Պոլսո Հայոց Պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ու սրանից էլ պետք է հետևություններ անեին: Եթե զուգահեռներ անցկացնեն, ապա հետաքրքիր եզրահանգման կգան:

— Կարո՞ղ ենք փաստել, որ հայ հասարակությունը հեռացել է ոչ թե հավատքից կամ Հայ Առաքելական եկեղեցուց, այլ պարզապես ցանկանում է տեսել այլ եկեղեցի ու հոգևորական:

— Հայերը չեն հեռացել ու նույնիսկ Հռոմի պապը շեշտեց, որ մենք երբեք կրոնին չենք վերաբերվել որպես մի հագուստի, որը կարող են հանել ու հագնել: Մեր ներսում, մեր արյան բաղադրության մեջ շատ խորը նստած է հարգանքը եկեղեցու ու հավատցյալների նկատմամբ: Այստեղ մենք պարզապես խոսում ենք արժեքների վերաիմաստավորման վերաբերյալ մեր տեսակետի մասին, ու մենք ասում ենք, որ բարի եղեք արժանի լինել նրան, ինչը ձեզ է վստահվել երկրի ու երկնքի կողմից: Եթե արժանի չեք, ապա միշտ մեր կողմից արժանանալու են հանդիմանանքի: Իզուր են մեր հոգևորականները հիվանդագին ընդունում հայ հասարակության քննադատությունը, նրանք հակառակը, գոնե, պատճառների մասին պետք է մտածեն, թե ինչո՞ւ մի ժողովուրդ, որ մեծ հարգանք ուներ և ունի եկեղեցու նկատմամբ, սկսել է դժգոհել իր հոգևորականներից: Թող գնան ու հատիկ-հատիկ շարեն իրենց հոգևորականներին և հասկանան, թե ինչպիսի՞ կենցաղով, առօրյայով ու բարքով են ապրում, արդյո՞ք նրանց ապրելակերպը համապատասխան է այն արժեքներին, որ նրանք քարոզում են եկեղեցում:

Հարցազրույցը՝ Անի Արամիh

ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ

4 Հլս

* * *
Չեմ ցավում ,լալիս, չեմ կանչում խոսքով,-
Ողջը ծխի պես քամին կտանի:
Ես՝ արդեն պատված խամրումի ոսկով,
Էլ չե՜մ լինելու երբեք պատանի:

Հիմա այլևս այնպես չես խփի,
Այնպես չես զարկի, սիրտ իմ ցրտահար,
Կեչու շոր հագած հողն էլ չի խաբի,
Որ ոտաբոբիկ շրջեմ անդադար:

Թափառման ոգի, բոցով քո, նայի՜ր,
Գնալով շուրթըս սակավ ես վառում:
Օ, իմ թարմությո՜ւն, առավոտային,
Աչքերի մոլուցք, հույզի վարարում:

Իմ իղձերի մեջ ժլատ եմ դարձել,
Թե՞ եղել ես, կյանք, դու միայն երազ:
Գարնան մի զնգուն առավոտ կարծես
Կարմիր նժույգով սլացա վռազ:

Կյանքում բոլորս, բոլո՜րըս ենք անցվոր,
Պղինձ սաղարթն է թխկուց վար ընկնում…
Թող օրհնյալ լինի այն ամենը, որ
Գալիս է, ծաղկում ու մեռնում գնում:
Թարգմանիչ՝ Պարույր Սևակbrodude.ru_5.10.2015_fIz1FrrRTHL1U

ՄՏՔԵՐ

3 Հլս

Կյանքն ինձնից արարքներ է սպասում: Ես նրանից իրադարձություններ եմ սպասոււմ: Ու մենք ամեն վայրկյան դժգոհ ենք իրարից:
Մարիա Արբատովա

Մեկի դրախտը մյուսի դժոխքը կարող է լինել:
Սալման Ռուշդի

Իմաստունը մտածում է կյանքի, ոչ թե մահվան մասին:
Սպինոզա

Սիրո հակոտնյան ատելությունը չէ, այլ անտարբերությունը:
Էմիլի Գիֆին

Եկեք նայենքն ճշմարտությանը և նրա անպատկառ աչքերին:
Վիկտոր Սուվորով

Խորը զգացմունքները թաքցնել չեք կարող, վաղ թե ուշ դրանք կմատնեն իրենց գոյությունը: Բայց նրանք, ովքեր ընդունակ են խորը զգացմունքների, աշխարհի ամենադժբախտ մարդիկ են:
Հարիեթ Բիչեր-Սթոու

Չերազելը նույն է, թե չքրտնելը. արդյունքում օրգանիզմում վնասակար նյութեր են կուտակվում:
Թրուման Կապոտե

Այնքան հեշտ է հույզերը զսպել ցերեկը, իսկ ահա գիշերը բոլորովին այլ է…
Էռնեստ Հեմինգուեյ

Ինչքան քիչ ենք մենք տեսնում, այնքան շատ ենք հավատում:
Վիրջինիա Վուլֆ

Տվեք մարդուն դիմակ և նա կասի ճշմարտությունը:
Օսկար Ուալդ

Սեփական կարևորության զգացումից զրկվելով մենք դառնում ենք անխոցելի:
Կարլոս Կաստանեդա

Երբեք ձեռք չես բերի, քանի դեռ չես կորցրել:
Ռոբերտ Փիրսիգ

Լինել աղքատ ու չտրտնջալ՝ դժվար է: Լինել հարուստ ու չհպարտանալ՝ հեշտ է:
Կոնֆուցիոս

Դեռ ոչ ոք այնքան հարուստ չէ, որ հետ գնի իր անցյալը:
Բեար Գրիլս

Բանն այն չէ, թե ինչ ես տեսնում, այլ այն, թե ինչն անուշադրության մատնեցիր:
Բրենդոն Սանդերսոն

Ես սիրում եմ ծաղիկները, որովհետև նրանք լռում են:
Վիկտորյա Կոննելի

Ամենասարսափելի սխալը, որ կարելի է թույլ տալ կյանքում՝ թերագնահատել թշնամուն և գերագնահատել բարեկամին:
Ելենա Մալինովսկայա

Ամեն բան կանցնի, կառկայծի և ոչինչ չի մնա: Մենք էլ կանցնենք: Կանցնեն՝ մշտապես մնալով այն հույզերի հետ, որով հատեցինք վերջին սահմանագիծը: Եվ երանելի է նա, ով սիրում է…
Նիկոլայ Գավրիլով

Ինձ այնպիսի մի բան էր պետք, ինչին ես կարող էի հավատալ: Մեծ սեր, այնպիսին, որը երբեք չի ավարտվի, երբեք ինձ չի լքի: Հոգեբույժն ինձ լսեց մեծ հետաքրքրությամբ և խորհուրդ տվեց շուն գնել:
Էդգար Կերեմfotos-053

ՍԻՐԱՀԱՐԸ

3 Հլս

Իմ կոպերի վրա կանգնած
Ու մազերը մազերիս մեջ՝
Նա ձևն ունի իմ ձեռքերի,
Նա գույնն ունի իմ աչքերի,
Նա սուզվում է իմ ստվերում,
Ինչպես քարը երկնքի մեջ:

Բաց են նրա աչքերը միշտ
Եվ չեն թողնում, որ ես ննջեմ,
Նրա կիզիչ երազները
Արևներ են շոգիացնում,
Ստիպում են, որ ես խնդամ, լամ ու խնդամ,
Խոսեմ՝ առանց իմանալու ինչի մասին:

ՊՈԼ ԷԼՅՈՒԱՐPaul-Eluard

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

3 Հլս

Ես մի անգամ ասացի տղաներիս, որ Հայաստանը վերջապես անկախություն է ստացել: Բայց դա նրանց վրա այնպիսի տպավորություն գործեց, ինչպես եթե ասեի, որ այգում խաղողի վազերի վրա կանաչ տերևներ կան: Նրանք նույնիսկ հայերեն չպատասխանեցին ինձ: Նրանք ասացին. «Վի ար գլեդ, դեդ»: Ոչ թե պապա, ոչ թե հայրիկ, այլ «դեդ»: Եվ վերջ: Ես նրանց ասում եմ անմիջապես, մոր մոտ, որ կանգնել է իր այդ մաունտխոլյոկյան ժպիտով, որ նրանք պետք է սկսեն հաճախել հայկական դպրոց, սովորեն կարդալ, գրել ու ճիշտ խոսել հայերեն, մի խոսքով պատրաստվեն Հայաստան վերադառնալու: Չէ՞ որ մենք պետք է մեզ վրա պատասխանատվություն վերցնել մեր հայրենիքի համար: Բայց նրանք երեքն էլ ժպտում են ճիշտ այնպես, ինչպես իրենց մայրը, և ես նրանց այդ ժպիտներից փախա այստեղ… Բոլոր խնդիրներն էլ անձնական են, բայց այդ խնդիրները ազգային են դառնում…
«Ֆրեզնո, սրճարան «Արաքս» պատմվածքիցWilliam-Saroyan-1