Բայց ինչպե՞ս վարվել, եթե ամեն ինչի համար հարկավոր է ժամանակ ու համբերություն: Հիշեք, թե որքան ջանքեր վատնեց ձեր մայրիկը, որքան ձեզ ձեռքերի վրա տարավ-բերեց, կերակրեց կծքով, «ահու-ահու» արեց… Եվ այդ բոլորն ինչի՞ համար: Որպեսզի ձեզ սովորեցնի խոսել: Իսկ լռե՞լ: Դրա վրա մի ամբողջ կյանք կանցնի…
ԳՐԻԳՈՐԻ ԳՈՐԻՆ
31 ԴկտԱՄԱՆՈՐԻՑ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
30 ԴկտԱմանորից մեկ օր առաջ ուզում եմ պատմել թևավորների մասին:
Մարդիկ վաղուց էին նկատել, որ թռչունները երամներով լքում են Աֆրիկայի տաք ու բարեբեր եզերքները և չվում դեպի հյուսիս` այնտեղ, որտեղ ոչինչ չկա, բացի համատարած ձյուներից: Ասում են, որ թռչուններն այնտեղ են գնում` հագեցնելու իրենց ծարավը: Ասում են նաև, թե մի բուռ հալած ձյունը թռչունների սրտում սիրո ցանկություն է արթնացնում:
Ես չէի ցանկանա այս գեղեցիկ պատկերը «աղավաղել» գիտնականների այն պնդումներով, որ ստրուկտուրացված ձյունը` փոխելով ֆերմենտների կենսաբանական մոլեկուլների ակտիվությունը` նպաստում է բազմացման պրոցեսին: Սա թողնենք իրենց` մասնագետներին, իսկ մենք վերադառնանք սիրո հեղուկին:
Նոր տարի է գալիս: Եվ կգա նաև ձյունը: Ուրեմն դուրս եկեք, ձյուներից վերցրեք ձեր բաժին սիրո ջուրը, քանի դեռ փաթիլները չեն հալել ու չքացել: Ու թող չլինի մեկը, ում ծարավն անհագ կմնա: Ամենքի համար միշտ էլ կգտնվի մի բուռ սեր:
ԹՈՄԱՍ ՀՈԲՍ
29 ԴկտԵվ ինչպես այլ իրերի, այնպես էլ մարդկանց դեպքում գինը որոշում է ոչ թե վաճառողը, այլ գնորդը: Թող մարդիկ (ինչպես որ դա անում են շատերը) գնահատեն իրենք իրենց` որքան ուզում են բարձր, նրանց ճշմարիտ արժեքն ավելին չէ այն գնից, որով գնահատում են ուրիշները:
Արժանապատվությունն է այն գինը, որ հասարակությունը պատրաստ է ձեզ համար վճարել:
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
29 ԴկտՄհեր Մկրտչյանը Հնդկաստանում մասնակցել էր «Ալի Բաբան և 40 ավազակները» ֆիլմի նկարահանմանը: Երևան էր վերադարձել ու պատմեց. «Մի հնդիկ մեծահարուստ ինձ ռեստորան հրավիրեց: Հյուրասիրությունից հետո դուրս եկանք փողոց, և այդ ժամանակ մեզ շրջապատեցին մի քանի մուրացկան երեխաներ: Մեծահարուստն իր գրպանից մետաղադրամներ հանեց և նետեց նրանցից շատ հեռու: Երեխաները վազեցին ու սկսեցին գետնից հավաքել: Երբ արդեն մեքենայի մեջ էինք, ես հարցրեցի. «Ինչու՞ փողը պարզապես չտվեցիր նրանց, այլ նետեցիր»: Եվ մեծահարուստը պատասխանեց. «Եթե ես դնեի նրանց ձեռքի մեջ, ապա նրանք փող կունենային առանց ջանք թափելու: Նետեցի հեռու, որպեսզի հասկանան, որ ամեն մի վաստակ քրտինք ու աշխատանք է պահանջում»:
ԱՆՆԱ ԳԵՐՄԱՆ
28 ԴկտՄենք` կանայքս, ծայրահեղ հազվադեպ ենք որևէ բան ձեռնարկում բացառապես հանուն բուն գործի: Առավել հաճախ մեր քայլերի արտաքին երեսապատի ետևում թաքնված է տղամարդը: Նրա հանդեպ սիրո պատճառով մենք քնքշանքի, դիվանագիտության, քաջության ու ինքնաժխտումի հրաշքներ ենք գործում: Սովորում ենք կառավարել գերձայնային ինքնաթիռներ միայն այն պատճառով, որ նա ցանկանում է զվարճանալ երկնակամարում և մոտիկից դիտել ամպերը: Հանուն նրա հաջողութամբ ձևանում ենք աշխարհի հիմարագույն արարածները` տնային սագիկներ, չնայած այն բանին, որ ինքներս հրապուրված ենք կիբեռնետիկայով…
ԱՌԱԿ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ
28 Դկտ— Ո՞ւր ես գնում,- հարցրեց ճամփորդը՝ հանդիպելով ժանտախտին։
— Գնում եմ Բաղդադ։ Այնտեղ պիտի կոտորեմ հինգ հազար մարդու։
Մի քանի օր անց ճամփորդը նորից հանդիպեց ժանտախտին։
— Դու ասացիր, թե կոտորելու ես հինգ հազար մարդու, բայց սպանեցիր հիսուն հազարի,- կշտամբեց նա։
— Ոչ,- առարկեց ժանտախտը,- ես սպանեցի միայն հինգ հազարին, մնացածները մեռան վախից։
ԻՍԿ ՆՐԱՆՔ ԹՌՉՈՒՄ ԷԻՆ
27 ԴկտԹող ներեն նրանք, ովքեր հակառակ կարծիքի են, բայց ես չեմ հավատում թռչող ափսեների ու այլմոլորակայինների գոյությանը: Դրանց մասին պատմությունները ինձ երբեք համոզիչ չեն թվացել: Եվ հիմա ուզում եմ մի դեպք պատմել, որ տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 30-ի երեկոյան (ամսաթիվը ճշգրիտ է, քանի որ հետո այդ մասին գրվեց թերթում):
Պատերազմական օրեր էին: Երասխի սահմանին լարված էր: Ես այդ տարի աշխատում էի Վեդիում, թերթ էի խմբագրում: Եվ ահա նոր համարի նյութերն առած դուրս եկա խմբագրությունից, որ գնամ տպարան: Աստիճանների վրա մի պահ կանգ առա ու ակամա նայեցի երկնքին: Այն, ինչ տեսա, անհավատալի էր: Երկնքում, բավականին ցածր թռչում էին 5 լուսավոր գնդեր: Նրանք շարժվում էին երկու շարքով, դանդաղ: Մութը դեռ չէր ընկել, տեսանելիությունը հրաշալի էր, և կասկած լինել չէր կարող, որ դրանք ոչ ինքնաթիռներ էին, ոչ ուղղաթիռներ: Գնում էին անձայն, լույսերը չէին թարթում: Ես անմիջապես ինձ նետեցի շենք ու դուրս կանչեցի գրեթե բոլորին: Ու մենք աստիճանների վրա խմբված դիտում էինք գնդերի ընթացքը, որոնք թռչում էին սահմանի կողմը:
Շենքում ռադիոկապ կար սահմանը հսկող ջոկատների հետ: Անմիջապես կապվեցինք: Ծանոթ տղա էր կապավորը: Խնդրեցինք նայել երկնքին ու ասել, թե ինչ է տեսնում: Կրկնեց նույնը, ինչ մենք էինք տեսել:
Ասածս ինչ է. լինում է նաև այսպես` երբեմն չես հավատում նրան, ինչն անձամբ ես տեսել, և հավատ ես ընծայում նրան, ինչը ոչ տեսել, ոչ լսել ես:
Երջանիկ որդի և բախտավոր մայր
27 Դկտ1955 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Վազգեն Առաջինը: Նրա նստավայրն այդուհետ պիտի լիներ Սբ. Էջմիածինը: Իսկ վեհափառի մայրը բնակվում էր Ռումինիայում: Նա դեռ չէր տեսել իր օծյալ որդուն: Վերջապես վրա է հասնում պահը: Իսկ թե ինչպես նրանք հանդիպեցին, այդ մասին փոքրիկ տեղեկատվություն է պահպանվել «Էջմիածին» ամսագրի էջերում. «Դեկտեմբերի 27-ին Ս. Էջմիածին ժամնեց Նորին Ս. Օծության Վեհափառ Հայրապետի մայրը` տիկին Սիրանուշ Պալճյանը, ընկերակցությամբ ռումինահայ թեմի քարտուղար պ. Հովհաննես Գայփաքճյանի:
Վեհափառի մորը դիմավորելու համար Մոսկվա էր մեկնել Մայր Աթոռի տնտեսաֆինանսական գործերի վարիչ պ. Հմայակ Սեդգարյանը: Երևանի կայարանում իր սիրելի մորը դիմավորեց անձամբ Վեհափառ Հայրապետը: Հուզիչ ու սրտագրավ էր մոր և որդու հանդիպումը…
Երջանիկ որդի և բախտավոր մայր»:
ԺԱՆ-ՄԻՇԵԼ ԳԵՆԱՍԻԱ
26 ԴկտԵս երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարելի է ասել մի բան, բայց անել միանգամայն այլ բան: Երդվել, թե սիրում ես ու ցավ պատճառել սիրելիին: Ընկերություն անել ու հեշտությամբ մոռանալ ընկերոջը: Պատկանել մի ընտանիքի ու ոչինչ չիմանալ մյուսների մասին: Բարձրագույն սկզբունքներ դավանել և չհետևել դրանց: Վստահեցնել, թե հավատում ես Աստծուն և վարվել այնպես, ասես Նա չկա: Ինքդ քեզ հերոս երևակայել ու վարվել սրիկայի պես…
Մեր բոլոր դժբախտությունները մեկ հիմք ունեն. յուրաքանչյուրը կարծում է, թե իր համոզմունքներն անսխալ են: Նրանք, ովքեր հրաժարվում են փոխել կարծիքը` ապուշներ են, ինչպես և նրանք, ովքեր թույլ են տալիս իրենց տարհամոզել:
ՅՈՒԿԻՈ ՄԻՍԻՄԱ
26 ԴկտԻնքնախաբեությունը վերջին շյուղն էր, որից ես կարող էի կառչել: Մարդը, ով վերք է ստացել, ջանում է հնարավորինս արագ կանգնեցնել արյունահոսությունը, և նա հակված չէ քմահաճություններ դրսևորել մաքուր վիրակապի պատճառով: Մոտավորապես այդպես էլ վարվեցի ես. ինքնախաբությունը պիտի ընդհատեր արյունահոսությունը, քանի դեռ ես չէի հասել հիվանդանոց առավել հիմնավոր բուժման համար…
ՋԵՆԻՖԵՐ ԱՐՄԵՆԹՐՈՈՒԹ
26 Դկտ— Ասա ինձ դա:
— Ի՞նչ ասեմ,- հարցրեցի ես:
— Ասա այն, ինչ ասել էիր նախկինում:
Սիրտս բարձրացավ մինչև կոկորդս: Ես նրան շատ բաներ էի ասել, բայց ես գիտեմ, թե ինչ էր ուզում լսել` «Ես քեզ սիրում եմ»:
— Դա ամբողջն է, ինչ կցանկանայի լսել:
— Այդ երեք բառը՞:
— Միշտ միայն այդ երեք բառը:
… Ես չեմ ուզում լավ կյանք: Ես ուզում եմ կյանք` քեզ հետ…
ՎԻԿԻ ԲԱՈՒՄ
26 ԴկտԴուք ինչպե՞ս եք պատկերացնում իրական կյանքը: Կամ արդյո՞ք գոյություն ունի այնպիսի մի կյանք, որ դուք պատկերացրել եք: Ամենակարևոր իրադարձությունները միշտ կատարվում են այնտեղ, որտեղ մենք չկանք: Երիտասարդ ժամանակ մտածում ես` հետո: Հետո մտածում ես` ամեն բան արդեն եղել է նախկինում: Մինչդեռ այն, ինչ եղել է նախկինում, հենց դա էլ եղել է կյանքը: Կյանքը կյանք է դարձնում միայն նրա պարունակությունը, և երկու հագեցած օրերը կարող են ավելին արժենալ, քան 40 տարվա դատարկ գոյությունը:
Ավելի խորքից է գալիս
24 ԴկտՇատ տարիներ առաջ էր: Ձմռան մի օր: Ահավոր ցուրտ էր: Ես ու ընկերս քայլում էինք Կալինինգրադի երկրամասի անտառներով: Ծնկահաս ձյուն էր: Եվ հանկարծ սառույցը կոտրվեց ու երկուսս էլ հայտնվեցինք ջրում: Գետը խորն էր, մեր հագուստների ծանրությունը ներքև էր տանում: Թե ինչ հրաշքով ափին հասանք` հիմա չեմ պատմի: Ասեմ միայն, որ երբ դուրս եկանք ջրից, սառնամանիքն անմիջապես մեզ պատեց սառցե շերտով: Մոտակա բնակավայրից բավականին հեռու էինք: Միայն երեկոյան կարողացանք տեղ հասնել: Ոչինչ չէինք զգում, թվում էր` նույնիսկ չէինք էլ շնչում: Իսկ հետո նստել էինք վառարանի մոտ ու համբերատար սպասում էինք, թե երբ պիտի հիվանդանանք ու ջերմենք: Բայց ոչինչ էլ չեղավ: Բացարձակապես ոչինչ: Նույնիսկ մի թեթև փռշտոցի չարժանացանք:
Ասելիքս ինչ է. նույնիսկ ամենածանր պահերին պետք չէ նստելու ու սպասել հիվանդությանը`լինի մարմնական, հոգևոր, նյութական, թե մեկ այլ կարգի: Եվ հիվանդ լինելու համար էլ միշտ չէ, որ սառցակալած գետն ընկնել է պետք: Սա արդեն առողջապահություն չէ: Սա ավելի խորքից է գալիս:
ՕԼԵԳ ԲԱՍԻԼԱՇՎԻԼԻ
24 ԴկտԱհա նրանք- մենք,- բոլորս տարբեր ենք: Սպիտակ, սև, մուսուլման, քրիստոնյա, բուդդիստ, հրեա,- կանգնած ենք բոլորս միասին, քարացել ենք… Որովհետև մեզ միավորում է այնպիսի մի բան, որ վեր է ամեն կարգի կրոններից: Նա, ով արարել է ամբողջը, նա այնտեղ է` ինձ հետ, քո հետ, նրանց հետ: Մենք բոլորս ամբողջություն ենք… միասին… մենք կվերադառնանք տուն և կաղոթենք մեր աստվածներին: Բայց երբեք չենք մոռանա այն ակնթարթը, երբ Միքելանջելոյի հանճարը մեզ ստիպեց հասկանալ, որ մենք մեկ ընտանիք ենք:
ՍԵԲԱՍՏՅԱՆ ԲԱՐՐԻ
24 ԴկտՊատմությունն ինձ ներկայացվում է ոչ այնպես, ինչպես իրականում կատարվել է, ոչ ճշմարտության հետևողական շարադրանքով, այլ կռահումների ու ենթադրությունների հեքիաթային կուտակումներով, որ մխրճվում է երկնքում, ինչպես դրոշ` ընդդեմ ճշմարտության հյուծված զորքերի: Երբ խոսք է գնում մարդկանց մասին, պատմությանն անհրաժեշտ է լինել սարսափելի հնարամիտ, որովհետև կյանքի մասին չընդհատվող ճշմարտությունը նման է մեղադրանքի առ այն, որ մարդը երկրի վրա ամենագլխավորը չէ:
ԿԱՐԻՆ ԲՈՅԵ
23 ԴկտՄարդիկ այնքան անկեղծ չեն, որ լսեն ճշմարտությունը: Եվ դա շատ տխուր է: Մինչդեռ ճշմարտությունը կարող էր դառնալ այն կամրջակը, որ կապում է մարդուն մարդու հետ: Բայց առայժմ դա կամավոր է, առայժմ տրվում և ընդունվում է իբրև նվեր: Մի՞թե զարմանալի չէ, որ ամեն ինչ աշխարհում, նույնիսկ ճշմարտությունը կորցնում է իր արժեքը, երբ դառնում է հարկադիր:
Ես այսօր ամառ հիշեցի
22 ԴկտԵս այսօր ամառ հիշեցի: Հեռավոր մի ամառ իմ մանկության օրերից:
Մեր տնից մոտ 100 մետր այն կողմ գյուղամիջի ցայտաղբյուրն էր: Դրա դիմաց` հարթ տարածքում դրված էր երկաթե հսկայական մի կշեռք, իսկ շուրջբոլորը բլուր-բլուր լցված էին անթիվ ձմերուկներ: Խոշոր, արևից տաքացած, ճախճքած կեղևներով ձմերուկի լեռներ: Ձմերուկն արժեր 3 կոպեկ: Հայրս եկել էր կշեռքի մոտ ու վաճառողին ասել էր. «Կես տոննա ձմերուկ տուր»: Մենք բեռնեցինք մեր բաժինը մեքենայի թափքում ու տուն տարանք: Դարպասի մոտ կանգնեցինք ու սկսեցինք բեռնաթափել: Մեկ առ մեկ գլորում էինք ձմերուկները և նրանք բակի երկայնքով գնում, կուտակվում էին նկուղի բաց պատուհանի մոտ: Մեր բակում գլորվում էին, խոշոր, տաք, հյութալի ձմերուկները, և նրանց հոսքին վերջ չկար: Ես այսօր այդ հոսքը հիշեցի…
Եթե այս պահին հարցնեն` ո՞րն է ամենաթանկ մաղթանքը, թերևս ասեմ. ես բոլորիդ անհոգություն եմ մաղթում: Մանկության օրերի անհոգություն, որ հոսում է ու թվում է, թե դրան վերջ չի լինելու…
ԱԹԹԻԼԱ ԲԱՐՏԻՇ
22 ԴկտԸստ իս, ազատությունն այն վիճակն է, երբ ոչինչ մեզ չի կապում շրջապատի իրականության հետ: Երբ մենք չունենք ոչ երազանքներ, ոչ կրքեր, ոչ տագնապներ: Երբ մենք չունենք ոչ նպատակ, ոչ աննպատակություն, երբ կատարյալ անտարբերության այդ դատարկությունը մեզ ցավ չի պատճառում: Ազատությունը զարմանալի է իր գունազրկությամբ: Նա բոլորովին նման չէ անտարբերությանը, քանի որ վերջինս անտանելի ցինիկ է: Նման չէ վհատությանը, երբ կորցնելու ոչինչ չկա, քանի որ հուսահատությունը միշտ թաքցնում է ամոթը կամ ծածուկ հույսը: Ազատությունը հուսահատության հակոտնյան է, դա համամարդկայնացնող վիճակ է: