Պահոց | Հունիսի, 2018

Damnatio memoriae

17 Հնս

Հին Հռոմում պետական հանցագործների նկատմամբ հետմահու կիրառվում էր հատուկ պատիժ: Այն կոչվում էր հիշատակի անեծք: Հանցագործի մասին ցանկացած նյութական վկայություն` արձան, անվան փորագրություն, գրքերում կամ ժամանակագրության մեջ հիշատակություն ենթակա էր ոչնչացման, որպեսզի մեկընդմիշտ ջնջվեր նրա մասին հիշողությունը: Առավել դաժան դրսևորումներից էր հանցագործի ողջ ընտանիքի սպանդը:

Damnatio+Memoriae+in+Concrete

ՄԱՀԱՑՈՒ ԳՈԼԸ

17 Հնս

Ֆուտբոլի պատմությունը նաև իր ողբերգություններն ունի: Դրանցից մեկն էլ արձանագրվեց 1994 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին: ԱՄՆ-ի հավաքականի հետ հանդիպման ժամանակ Կոլումբիայի թիմի պաշտպան Անդրես Էսկոբարը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Նրա ինքնագոլի պատճառով Կուլումբիայի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից, և թիմը տուն վերադարձավ: Մի քանի օր հետո Էսկոբարը սպանվեց, երբ գտնվում էր իր ավտոմեքենայում: Ամեն կրակոցի հետ մարդասպանը գոռացել էր. «Գոլ, գոլ, գոլ…»:

a382acfd6e14ea6608aac2edd9c6b7da5b017777e8097631707392

ՇԱՏ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

17 Հնս

Գոլառատ ֆուտբոլը հրաշալի բան է: Բայց այս դեպքում էլ ամեն ինչ իր չափն ու սահմանը պիտի ունենա: Աշխարհում գոլերով ամենահարուստ խաղը տեղի է ունեցել Մադագասկարում, 2002 թվականին: Տեղի «Սթադ Օլիմպիկ Լեմիրն» թիմը պայքարում էր երկրի չեմպիոնի տիտղոսի համար: Սակայն հենց խաղի սկզբից, դժգոհելով մրցավարական կազմից, նրանք իբրև բողոքի նշան սկսեցին գնդակներ ուղարկել սեփական դարպասը: Արդյունքում խաղն ավարտվեց 149: 0 հաշվով` հոգուտ մրցակից «ԱՍ Ադեմա» թիմի:

madag

ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԾԽԱԽՈՏԸ

16 Հնս

Ռուս ցար Ալեքսեյ Միխայլովիչն իր երկրում արգելել էր ծխելը մահվան սպառնալիքով: Սակայն պատճառն այն չէր, որ ցարին մտահոգել էր բնակիչների առողջությունը: Նման ծայրահեղ քայլի գնալու շարժառիթը 1634 թվականի Մոսկվայի մեծ հրդեհն էր: Համարում էին, որ հրդեհի պատճառ էր դարձել չհանգցրած ծխախոտը:

560476.730xp

ՆԱԽ ՍԻԳԱՐՆԵՐԸ

16 Հնս

Կուբայի նկատմամբ առևտրային էմբարգո կիրառելուց առաջ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, որը մոլի ծխող էր, հանձնարարեց իր քարտուղարին որքան հնարավոր է շատ կուբայական սիգարներ ձեռք բերել: Հաջորդ առավոտ քարտուղարը նախագահին բերեց 1200 սիգար: Միայն դրանից հետո Քենեդին ստորագրեց էմբարգո սահմանելու հրամանը:

x4zkhy1u-n4_480_321_jpg

ՑԱՎԻ ԳԻՆԸ

16 Հնս

Ես չեմ հարցնում այն մասին, թե ինչու է մեղուն ընդհանրապես խայթում: Դա գիտեմ, ինձ բացատրել պետք չէ: Ուզում եմ հասկանալ, թե խայթոցն ինչու է նրա համար ունենում այդքան ցավալի ու դաժան վերջաբան: Եթե բնության մեջ ամեն ինչ օրինաչափ է ու արդարացված, ուրեմն պիտի նաև բացատրություն լինի այն բանի համար, թե ինչու են մեղուները կյանքով հատուցում իրենց խայթի դիմաց:
Իսկ գուցե սրա մե՞ջ էլ թաքնված մի խորհուրդ կա, սառը հաշվարկ, թափանցիկ ակնարկ.
— Նա, ով ցավ է պատճառում, պիտի հատուցի:

Հովիկ Չարխչյան

ukus-pchely-simptomy-pervaya-pomoshh-i-posledstviya-logo

 

ՍՈԿՐԱՏԵՍՆ ՈՒ ԷՐՈՏԻԿԱՆ

16 Հնս

«Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»,- սա Սոկրատեսի հայտնի ասույթներից մեկն է: Սակայն, ինչպես վկայում է Պլատոնը, այս շարքից Սոկրատեսին է պատկանում ևս մի ասույթ. «Ես միշտ ասում եմ, որ ոչինչ չգիտեմ, բացառությամբ թերևս մի գիտությունից` էրոտիկայից: Այդ ոլորտում ես շատ ուժեղ եմ»:

0889617df615c1f4911f6ad6636f1c64

ԱՐԺԱՆԱՎՈՐՆԵՐ ՉԿԱՆ

16 Հնս

Մահաթմա Գանդիի թեկնածությունը հինգ անգամ ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի, բայց նա այդպես էլ չհասցրեց արժանանալ դրան: Ավելի ուշ Նոբելյան կոմիտեն հրապարակավ խոստովանեց իր սխալը և 1948 թվականին, երբ Գանդին վախճանվեց, որոշվեց ընդհանրապես մրցանակը որևէ մեկին չտալ: Կոմիտեի ձևակերպումը հնչում էր այսպես. «Մրցանակի համար կենդանի մարդկանց շարքում արժանավորներ չկան»:

big_1349462389_ghandi-azglobus-net

Մի ոչնչացրեք այն, ինչը այլևս չի վերականգնվի

16 Հնս

1998-99-ին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի և Վազգեն Սարգսյանի կապը ստեղծվել է գրքի միջոցով:

— Առաջին՝ «Հացի փորձությունը» գիրքը լույս տեսնելուց հետո մորս միջոցով անձնապես ծանոթացա իր հետ: Այնպես ստացվեց, որ Վազգենի գրքի հանրային առաջին քննարկումը ես եմ կազմակերպել Վեդու շրջանային գրադարանում: Վազգենի արձակի մասին խոսելիս՝ իմ կարծիքը միշտ պիտի սուբյեկտիվ լինի` այդ շրջանում իր գրեթե բոլոր գործերի ստեղծման պրոցեսը տեսել եմ: Մենք (մի խումբ գրողներ, գրասերներ՝ Սոնա Մկրտչյան, Կարինե Աշուղյան, Աշոտ Ստեփանյան և ուրիշներ) հավաքվում էինք իրենց տան ներքեւի հայտնի նկուղում, ինքը ձեռագիրը ընթերցում էր, միասին քննարկում էինք: Նույնիսկ շատ գործեր կան, որոնց նախատիպերին գիտեմ, դրա համար եմ ասում, որ ընթերցելիս մի քիչ ուրիշ աչքով եմ նայում այդ գործերին, քան սովորական ընթերցողը կկարողանար ընկալել:
Գիտեմ նաեւ իր գրական նախասիրությունները: Հատկապես 80-ականների վերջին, 90-ականների սկզբին Վազգենը շատ տպավորված էր ռուսական արձակով՝ Շուկշին, Բիկով, Աբրամով… Ազդեցություն չասեմ, բայց այն, ինչ նրանցից վերցրել է, լավագույնն իր գործերի մեջ տեսնում եմ: Մյուս կողմից էլ Վազգենին պետք է դիտարկել 80-ականների գրական դաշտի համատեքստում: Մի հետաքրքիր գրական հոսանք էր պատրաստվում ձեւավորվել, որը, ցավոք, այդպես էլ չձեւավորվեց հայտնի իրադարձությունների պատճառով: Երկիրը փոխվեց, փոխվեցին նաեւ տրամադրությունները:
Մարդասիրությունը՝ ազգային նկարագրով. այդ շրջանի արձակագիրները հիմնական շեշտադրումներն այդպես էին անում, նրանք կարող էին փոքրիկ դրվագների ասպեկտով համամարդկային կարեւորագույն խնդիրներ բարձրացնել: Վազգենի նույնիսկ այն փոքրածավալ գործերում, որ պատմվածք ենք անվանում (ես ժանրային իմաստով դրանք ավելի շատ նովելներ կդիտարկեի՝ դեպքերի արագ ընթացքի ու անսպասելի վերջաբանի իմաստով) այդ շեշտադրումները անխտիր կտեսնեք:
Այդ տարիներին շրջանում մի թերթ էի խմբագրում, խնդրեցի պատմվածք գրել, մի գիշերում գրեց, ուղարկեց, տպագրեցինք: Փոքրիկ հումորային ստեղծագործություն էր միջին չինովնիկի մասին, որի նախատիպն էլ գիտեինք: Նույնիսկ այդ զավեշտալի պատմության, քննադատող շեշտադրումների մեջ նա պահպանել էր հերոսի մարդկային արժանապատվության խնդիրը՝ քննադատել, բայց չոչնչացնել մարդուն: Ինչպես որ նյարդային բջիջները անհնար է վերականգնել, այդպես էլ գրականության մեջ կան բջիջներ, որոնք եթե ոչնչացրիր, այլեւս ոչ մի գնով վերականգնել չի լինի: Վազգենի ամբողջ գրականությունը դրա կոչն էր. մի ոչնչացրեք այն, ինչը այլեւս չի վերականգնվի:
Հետագայում Վազգենի մոտ հրապարակախոսական շեշտադրումը արձակի մեջ ավելի գերակշռող եղավ, ինչպես օրինակ «Հավերժական շարժիչ» ստեղծագործության մեջ, որտեղ հրապարակախոսությունը միաձուլվել է գրականության հետ, կոնկրետ խնդիրներ է բարձրացնում՝ պահպանելով գեղարվեստի շունչը: Շատ եմ ցավում, որ Վազգենի գրականությունը շարունակություն չունեցավ:
Մի առիթով պատմել եմ, որ պաշտպանության նախարարությունում աշխատելու ժամանակ պատահական ձեռքս ընկավ իր անձնական նոթատետրը ու նկատեցի, որ այնտեղ փոքրիկ գրառումներ է անում, որոնք գուցե ինչ-որ ժամանակ, երբ ազատ լիներ, կարող էին դառնալ նոր պատմվածք, նոր վիպակ, նոր վեպ:
-Այդ գրառումները, եթե նույնիսկ չեն ամբողջացել, նո՞ւյնպես արժեքավոր են, գուցե հրապարակման նյու՞թ դառնան:
-Իհարկե արժեքավոր են, ցանկացած գրառում պատմական ու գրական արժեք է ներկայացնում, բայց թե որտեղ են այդ գրառումները, նոթատետրը, չգիտեմ: Հիշում եմ՝պատերազմական թեմայով ֆիլմի սցենար էինք պատրաստում: Ինքն անձամբ ամբողջ սցենարը կարդաց, նշումներ արեց (այդ ձեռագիրն իր նշումներով ինձ մոտ է): Իր այդ հետեւողականությունը՝ նայել, տեսնել, շտկել, գրական նրբերանգներ ավելացնել, երկխոսություններին միջամտել, վկայում էր, որ իր մեջ դեռ կար, ապրում էր գրողը: Ոչ մի կերպ չէր ուզում նահանջել ու բոլոր հնարավոր առիթները օգտագործում էր՝ նորից գալու, խառնվելու, տեր կանգնելու այդ ամեն ինչին:
— «Պարտքի զգացում» ակնարկում Վազգեն Սարգսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ՝ գրող կոչվելու իրավունք ունեն բացառապես այն ընտրյալները, ովքեր, ասենք, «Միրհավի» մակարդակով թեկուզ մեկ գործ են գրել»:
— Նա հասկանում էր՝ գրողը ոչ պաշտոն է, ոչ կոչում, ոչ աշխատանքի ձեւ, ոչ էլ մասնագիտություն: Դա մի բան է, որ քեզ պետք է շնորհի ընթերցողը: Նա քեզ կճանաչի որպես գրող, ուրեմն գրող ես, չի ճանաչի, ինչ կոչումներ ուզես անվանդ տակ շարի, դա որեւէ նշանակություն չի ունենա: Ընթերցողն է «ստեղծում» գրողին: Դրա համար էլ Վազգենի այդ համեստ դիրքորոշումն իր գրական կարողությունների մասին ինձ համար շատ հասկանալի է:
— Կարծում եք՝ ըստ արժանվույն ճանաչում-գնահատու՞մ ենք նրա գրականությունը:
— Վազգենի պետական գործչի փառքն ու հնարավորությունները ստվերեցին նրա գրական դիրքը: Սակայն կան գրողներ, առանց որոնց ներկայության դժվար է պատկերացնել տվյալ ժամանակահատվածի գրականությունը: Եթե խոսք բացվի 80-ականների արձակի մասին, ու անուններ տրվեն՝ Վարուժան Այվազյան, Վրեժ Իսրայելյան եւ այլք, ինչպե՞ս կարելի է շրջանցել Վազգեն Սարգսյանի անունը: Այդ շրջանում նա եւս գույն, համ ու հոտ էր տալիս գրական միջավայրին:
— Ինքն իր մասին կարծես երբեք չի գրում, թեեւ ներկա է բոլոր գործերում:
— Դա գրողի լավագույն հատկանիշներից է, երբ իր անձը չէ գլխավոր հերոսը: Հիմա շատ ենք տուժում դրանից, եսակենտրոն գրականություն է ստեղծվում, մարդը պատմում է իր ապրումների, հույզերի մասին՝ մոռանալով շրջակա աշխարհը: Վազգենը արձանագրում էր այն, ինչ կա, բայց քանի որ ցանկացած գրող ինքն իր ստեղծագործությունն է, ցանկացած ստեղծագործություն նախ եւ առաջ գրողն է, ապա մենք հեշտությամբ կարող ենք Վազգենին որոնել իր գործերի մեջ: Բոլոր հերոսների մեջ նա մի բեկոր կա, մի դրվագ կա, մի բջջի չափ կա: Բոլոր դեպքերը, որ տեսել ու արձանագրել է, հենց այդ արձանագրման պրոցեսի մեջ ինքն արդեն կա:
-Իր ո՞ր գործն էր շատ սիրում:
— Չեմ հիշում, որ իր ստեղծագործություններից որեւէ մեկին առավելություն տար: Ընդհակառակը, ինքը միշտ դժգոհ էր նախորդից, եւ միշտ ջանում էր, որ հաջորդն ավելի լավը լինի: Ասում էր՝ այ, տեսե՛ք, մի բան եմ գրելու, մյուսների վրա ստվեր նետի: Շատ հետաքրքիր էին մեր քննարկումները: Լսում էր մեր կարծիքները, բայց սկզբնապես նախատրամադրվածություն ուներ, դիրքերն անմիջապես չէր զիջում, կռիվ էր տալիս ամեն բառի, ամեն արտահայտության, ամեն պատկերի համար: Բայց հետո, երբ տպագրվում էր գործը, մենք տեսնում էին շտկումները: Ցավոք, վերջին շրջանի գործերի վրա դարձյալ աշխատելու հնարավորություն չունեցավ: Մի առիթով ասաց, որ ինքը աշխարհի ամենադանդաղ գրող հեղինակն է, շատ դանդաղ էր ստեղծագործում, ամեն բառի վրա երկար մտածելով:

— «Աշուն, հայկական բակ», «Վերջին գիժը» եւ շատ այլ ստեղծագործությունները միաժամանակ ստիպում են ընթերցողին եւ՛ տխրել, եւ՛ ծիծաղել:
— Ինքը կյանքում էլ էր այդպիսին, զավեշտալին շուտ ընկալելու ու դրա մասին շատ սրամիտ արտահայտվելու մեծ ընդունակություն ուներ: Երբ հումոր ես տեսնում, թվում է, թե դրա մեջ կյանքին թեթեւ նայելու մղում կա: Իրականում՝ ողբերգությունը թեթեւացնելու, ողբերգության հարվածն իր վրա վերցնելու եւ այդ հարվածից մյուսներին չվնասելու ցանկություն կա: Նույն հումորի կողքին մեկ էլ այնպիսի հոգեկան անհուն տխրություն կնկատես, հոգեկան ցավագին ճիչ, որ կզարմանաս, թե այս ահռելի տղամարդու մեջ որտեղի՞ց այսքան նուրբ սիրտ: Հենց այդ երկու ծայրահեղությունների հակադրությունն է, որ իր գրականությունը դարձնում է գեղեցիկ:
— «Մեր կարճատեւ կյանքի ընթացքում շատ հաճախ չե՞նք հանդուրժում անպատասխան ապտակներ». այս տողերով ավարտվում է «Ապտակ» պատմվածքը: Անարդարության դեմ ընդվզումը ցայտուն կերպով ընդգծված է նաեւ «Առաջին անգամ» պատմվածքի մեջ, որտեղ կապույտ աչքերով տղան առաջին անգամ մարդ է սպանում:
— Արդարամտութունը, յուրաքանչյուրին արժանին մատուցելու ներքին պահանջը իր մոտ եղել է միշտ ու բոլոր հարաբերություններում: Շատ արդար լինելը շատ խոցելի հատկանիշ է, դրան կարող են տարբեր մեկնաբանություն տալ: Դրա համար շատերը չկարողացան նրա այդ արդարամտությունը ճիշտ ընկալել, դրա մեջ ուրիշ երանգներ տեսան: Մարդկային ողբերգության թեման գուցե թե Վազգենի ամբողջ գրականությունով անցնող կարմիր գիծն է: Եթե մարդիկ ուզում են Վազգեն Սարգսյանի գրականությունը հասկանան, թող այդ գրականությանը նայեն սիրո ու ցավի միջոցով:
— «Էս ի՞նչ եք անում, տղերք» գիրքը տպագրվեց Թավշյա հեղափոխության օրերին: Խորհրդանշական էր վերնագրի ընտրությունը: Էլ չասենք, որ գրքում տեղ գտած հայտնի հրապարակախոսությունների ամեն մի նախադասությունը կարծես այսօրվա մասին լինի:
— Վազգենը կարողանում էր իր երկրի, ժողովրդի, պետության ապագան տեսնել լայն կտրվածքով, այլ ոչ թե տվյալ իրավիճակում: Ասում էր՝ 21-րդ դարը մերը պետք է լինի, չէր ասում՝ առաջիկա հնգամյակը: Մեծ-մեծ ժամանակային կտրվածքների մեջ էր այդ ամենը տեսնում: Հենց դրանում էր իր մեծությունը: Իր ասածը այն է, ինչը մենք կոչում ենք բացարձակ ճշմարտություն, իսկ ճշմարտությունը ժամանակային քննություն չունի:
Մարդկային պատմությունը պարուրաձեւ պտտվում է, ամեն ինչ նորից գալիս է դարձ ի շրջանս յուր, ամեն ինչ կրկնվում է: Այն սխալները, որ թույլ ենք տվել, վտանգ կա, որ նորից թույլ կտանք: Այն թռիչքն ու հաղթանակները, որ ունեցել ենք, նորից ունենալու հնարավորություն կա: Ընդամենը կամք, ուժ ու գիտակցություն է պետք ճիշտ ճանապարհը ընտրելու համար:
Ունենք Արցախի խնդիր, փորձում ենք հասկանալ, որը պետք է լինի մեր դիրքորոշումը, բայց ոչ մեկի մտքով չի անցնում վերընթերցել Վազգենի 90-ականներին ասած խոսքերը արցախյան հիմնախնդրի, դրա լուծման տարբերակաների մասին: Գուցե օգնի՞, գուցե դուռ բացի այդօրվա մտածողների, արտաքին քաղաքականությունը կանխորոշողների համար: Չարենցին ենք հիշում, Թումանյանին, հետքայլ ենք կատարում, գնում ենք պատմության խորքը, բերում մեր մեծերին, ասում ենք՝ կանգնի մեր առաջին շարքում ու մեզ ուղղորդի: Այդպիսի ուղղորդող այսօր կարող է լինել նաեւ Վազգեն Սարգսյանը:

Արմինե Սարգսյան
https://www.mediamax.am/am/news/BookHouse/28538/

576673_368707809831224_822063451_n

ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԸ

16 Հնս

Մինչև 1960-ականների վերջը ֆուտբոլային խաղի մրցավարները նախազգուշացնող քարտեր չունեին: Խախտումները նրանք գրանցում էին իրենց ծոցատետրում: Սակայն վերլուծելով մի քանի սկանդալային միջազգային հանդիպումներ, որտեղ մրցավարների և ֆուտբոլիստների միջև խնդիրներ էին ծագել լեզվական պատնեշների պատճառով, աշխարհի առաջնության մրցավարական կորպուսի ղեկավար Քեն Ասթոնը որոշեց տուգանքների սիստեմը դարձնել առավել տեսանելի: Գաղափարը նրա մոտ ծնունդ առավ, երբ մի անգամ մեքենայով կանգ առավ լուսացույցի տակ: Տուն հասնելուն պես նա այդ մասին պատմեց կնոջը: Իսկ վերջինս անմիջապես այն առարկայացրեց` մկրատով գունավոր թղթերից կտրելով կարմիր և դեղին քարտերը:45_main_new.1514801669

Հեղափոխությունը պետք է ատամներով պահել, իսկ հասարակությունը պետք է դառնա նոր իշխանության ընդդիմությունը

16 Հնս

«Ծնողներ կան, որ երբ շատ են սիրում իրենց զավակներին, մի քիչ խստություն են հանդես բերում, որպեսզի երեխան լավ մեծանա: Ես սիրում եմ այս հեղափոխությունը, ուզում եմ ծնողական հայացքով այդ ամեն ինչին նայել, և ուզում եմ խստություն դրսևորվի, որ ոգևորության ալիքի մեջ շատ արժեքավոր բաներ չկորչեն»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց գրականագետ, գրող Հովիկ Չարխչյանը: Նրա դիտարկմամբ՝ հեղափոխությունը նոր է սկսվում. հեղափոխությունը համակարգային փոփոխությունն է, որն իրականանում է բոլոր ոլորտներում:
Չարխչյանի խոսքով՝ պատմությունը ցույց է տվել, որ քաղաքական մեծ ցնցումներն առանձնապես մեծ ազդեցություն չեն ունեցել մշակույթի վրա. «Մշակույթն իր հունն ունի, հոսում է՝ երբեմն քաղաքական գործընթացներին զուգահեռ, երբեմն նրանից առանձնացած, բայց ավելի շատ քաղաքական իրադարձություններն են գալիս մշակույթի կողքով անցնում, քան մշակույթն է թեքվում դեպի քաղաքական իրադարձությունները: Բոլոր այն մշակույթի գործիչները, ովքեր առնչվել են քաղաքականությանը, ավելի շատ կորուստեր են ունեցել, քան ձեռքբերումներ, որովհետև մշակույթը վերքաղաքական հասկացություն է»:
«Մենք պետք է հասկանանք պետություն-մշակույթ հարաբերակցությունը, այստեղ մենք միշտ սայթաքել ենք՝ ով ում ունի տալիք՝ պետությյո՞ւնը մշակույթին, թե՞ մշակույթը պետությանը… Գալիս է մի նախարար, ասում՝ մշակույթը պետք է կապիտալիզացնենք: Խեղճ մշակույթ. սովամահ մշակույթը հազիվ իր գոյությունը պահպանում է, ինչպե՞ս կարող է կերակրել: Մշակույթը պիտի կերակրվի… Մենք կերակրել ենք կեղծ մշակույթը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

ԵՂԱՆԱԿԻ ԳԻՐՔԸ

11 Հնս

Պատմության մեջ 1816 թվականը մնացել է «տարի առանց ամռան» անունով: Այդ տարի Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ամռան ամիսներին անսովոր ցուրտ եղանակն էր գերիշխում: Ասում էին, թե պատճառը երկրագնդի մյուս կողմում` ինդոնեզական Սումբավա կղզում ժայթքած հրաբուխն էր: Ամեն դեպքում այդ ամառ անգլիացի գրող Մերի Շելլին իր ընկերների հետ հանգստանում էր ամառանոցներից մեկում: Բայց քանի որ եղանակն անտանելի էր, օրվա մեծ մասն անց էին կացնում ներսում: Ձանձրույթը փարատելու համար նրանք որոշեցին մի մրցույթ հայտարարել` ո՞վ կարող է գրել ամենասարսափելի պատմությունը: Հենց այնտեղ էլ լույս աշխարհ եկավ Շելլիի հանրահայտ «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս» վեպը:

GE DIGITAL CAMERA

ԹԵՐԹԱՅԻՆ ԲԱԴԸ

11 Հնս

«Մի գիտնական գնեց 20 հատ բադ և անմիջապես կարգադրեց դրանցից մեկին մորթել, մասնատել մանր կտորների և այդ կտորներով կերակրել մյուս թռչուններին: Որոշ ժամանակ անց նա նույն կերպ վարվեց մյուս բադիկների հետ և այդպես շարունակ, մինչև որ մնաց վերջինը, որը փաստացի խժռել էր իր 19 ընկերներին»:
Բելգիացի երգիծաբան Նորբերտ Կոռնելիսսենը այս շարադրանքը տպագրեց թերթերից մեկում, որպեսզի հետո ծաղրի ենթարկեր դյուրահավատ ընթերցողներին: Համաձայն տարածված վարկածի, հենց այս դեպքից հետո էլ կեղծ լուրերին սկսեցին անվանել «газетная утка» (թերթային բադ):23826_129363726566745575879_Original_secretworlds.

%d bloggers like this: