Tag Archives: դեսպան

ՀԱՅ ՍՊԱՅԻ ՀԱՄԱՐ

13 Սպտ

«Հայ բանակի սպա, քեզնից է կախված քո հարազատ ժողովրդի և հայրենիքի բախտը:

Դու միայն կարող ես պաշտպանել քո պապենական օջախը դրսի մեր թշնամիներից, որոնք մեր իսպառ բնաջնջումն են ցանկանում:

Դու միայն կարող ես քո ետևից տանել հայրենասիրությամբ համակված զինվորների` դարձնելով նրանց անձնվիրության և հերոսության մարմնացում, վառ պահելով նրանց մեջ մեր հայրենիքի արևոտ և ծաղկուն ապագայի հույսը:

Դու միայն կարող ես ամրապնդել և ուժեղացնել մեր ազգային բանակը, որովհետև դու ես այդ բանակի ոգին, նրա սիրտը, հրամայողը:

Քեզանից է կախված քո զինվորների վարքը և բարքը:

Ուրեմն գործի անցիր և դաստիարակիր քո զինվորներին, դաստիարակիր ինքդ քեզ:

Կազմակերպիր Հայաստանի բանակը առողջ հիմունքների վրա»:

 

«Հայ սպայի համար» գրքույկից: 1920 թվական, Երևան, էջ 2921-9-1-1

Ջոն Հեֆֆերնի երեք ու կես ոլորտները

18 Հկտ

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին քչերն էին այսքան շուտ սպասում: Հաշվի առնելով նախկին դեսպանների հետ կապված պատմությունները, կարծիք կար, որ այս անգամ էլ կկրկնվեր նույնը, և դեսպանը Երևան կժամաներ միայն այն ժամանակ, երբ կրքերը փոքր-ինչ հանդարտված կլինեին: Իսկ որ բորբոքված կրքեր կային՝ դա հաստատ էր: ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ Հեֆերնին դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի վարչակազմը առաջադրել էր դեռևս այս տարվա մայիսին, իսկ Սենատը նրան հաստատեց սեպտեմբերի վերջին։ Այդ ընթացքում թեկնածուն ստիպված էր կրել ինչպես հայամետ օրենսդիրների, այնպես էլ ամերիկահայ լոբբիստական կառույցների ծանր ճնշումը: Ի դեպ, դեսպանի լիազորությունների հաստատման գործընթացի տեմպերը ևս վկայեցին այն մասին, որ Վաշինգտոնը որոշել էր այս անգամ Հայաստանը երկար ժամանակով առանց դեսպանի չթողնել: Եվ տեղ հասնելուն պես ամերիկացի դիվանագետը շտապեց իր հավատարմագիրը հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահն իր հերթին պարտքի տակ չմնաց: «Մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին` մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող խնդիրներում հավասարակշիռ մոտեցման համար: Օգտվելով առիթից` ցանկանում եմ գնահատանքի խոսք ասել նախկին դեսպանի` տիկին Մարի Յովանովիչի կատարած լավ աշխատանքի համար»,- Հեֆֆերնին ասաց Ս. Սարգսյանը: Դժվար է ասել, Յովանովիչի մասին նախագահի ջերմ հիշողությունները ինչ չափով անդրադարձան նոր դեսպանի ինքնազգացողության վրա, սակայն այդ անվան հիշատակումն այս դեպքում կարծես բոլորովին էլ պատահական չէր:
Ամեն պարագայում, ԱՄՆ դեսպանն անմիջապես մտավ իր դերի մեջ և լրագրողների հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ բացեց խաղաթղթերը՝ տեղեկացնելով, որ իր օրոք հայ-ամերիկյան գործընկերությունը կխորանա երեք հիմնական ուղղություններով` տարածաշրջանային ինտեգրման, տնտեսական կապերի և քաղաքական ոլորտներում: Նա ընդգծեց, որ մեծ ուշադրություն է հատկացվելու երկկողմ առևտուրն ու ներդրումները խթանելու, երկու երկրների մասնավոր ոլորտին գործունեության լայն դաշտ ընձեռելու ուղղությամբ: Այնուհետև, քայլ առ քայլ մոտենալով շատ ավելի նրբազգաց հարցերին, Հեֆերնը չթաքցրեց, որ իր աշխատանքում առանձնահատուկ տեղ է հատկացվելու Հայաստանում 2012-2013թթ. ընտրությունների` միջազգային չափանիշերին համապատասխան անցկացման խնդիրներին: Պատմելով, թե ինչպես է ինքը մինչ Երևան գալը երկու ամիս շարունակ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարել, նա ևս վկայակոչեց նախկին դեսպան Մարի Յովանովիչին, ըստ որի վերջին վեց ամսում Հայաստանում կարևոր առաջընթաց է գրանցվել: Ամենայն հավանականությամբ, Յովանովիչի վերաբերմունքը մի առ ժամանակ դեռ որոշիչ կլինի, քանի դեռ նորանշանակ դեսպանը չի ձևավորել իր անձնական կարծիքը: Իսկ մինչ այդ նա ասում է. «Մենք հույս ունենք, որ կշարունակվեն զարգացումները տարեսկզբին հիմք դրված կարևորագույն ուղղություններով, որպեսզի երկրում հանդուրժողականության մթնոլորտում կայանան ընտրությունները և լինեն լավագույնը Հայաստանի կյանքում: Ինչպես ես, այնպես էլ իմ ղեկավարած դիվանագիտական առաքելությունը աշխատելու ենք հասարակության բոլոր օղակների հետ, որպեսզի ընտրությունները հնարավորինս լավ անցնեն»:
Հայ-ամերիկյան հարաբերությունների տնտեսական բաղադրիչի մասին ևս Հեֆֆերնը աղոտ պատկերացումներ ունի, այդ իսկ պատճառով էլ երբ նրան հարց ուղղեցին, դեսպանը կարողացավ մատնանշել սոսկ Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերների» հաջող իրականացման փաստը: Այն, որ ժամանակին իր երկիրն այդ ծրագիրն առանձնապես հաջող չէր գնահատել, դեսպանը ոչինչ չասաց:
Սակայն ամերիկացի դիվանագետը հազիվ թե այնքան միամիտ էր, որպեսզի չհասկանար, որ տնտեսական թեմաներով հայ հանրության գլուխը չես պտտի, և այստեղ քեզ անպայման առաջին հերթին կհարցնեն. «Իսկ դուք ի՞նչ եք մտածում ցեղասպանության մասին» կամ՝ «Ձեր կարծիքով, ո՞րն է Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին»: Եվ հայ լրագրողները հենց այդ կետից էլ սկսեցին:
«Ցեղասպանության ճանաչման հարցում որն է ձեր մոտեցումը» հարցին հնչեց դեսպանի հետևյալ պատասպանը. «Ապրիլի 24-ին նախագահ Օբաման իր ուղերձում հստակ արտահայտեց իր դիրքորոշումը, և ես հավատարիմ եմ ու պաշտպանում եմ այդ հայտարարության յուրաքանչյուր բառն ու աշխատելու եմ՝ հիմք ընդունելով այդ դիրքորոշումը»: ինչպես տեսնում ենք, սա նույնն է, թե ասել, որ մարդը զուրկ է սեփական տեսակետից, քանի որ նախագահի տեսակետը վկայակոչելն ավելի անվտանգ է: Մյուս կողմից էլ պետք չէ մոռանալ, որ իրականում Հեֆֆերնը թուրք-ամերիկյան ռազմական համագործակությանը քաջատեղյակ դիվանագետ է, ուստի նա պիտի որ ավելի գնահատի Թուրքիայի կարևորությունը և ավելի զգույշ գտնվի այս հարցում՝ միշտ հիշելով, որ Թուրքիան դեռևս մնում է Միացյալ Նահանգների համար շատ կարևոր դերակատար ու գործընկեր:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա դեսպանն այս դեպքում էլ ձեռքի տակ ուներ արդեն պատրաստի հուշաթերթիկը, որի վրա գրվածը նա արտասանեց. «Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և խնդրում ներգրավված երկրներին միայն խաղաղ կարգավորման ճանապարհով ենք տանելու: Մեր առաջնորդները հրապարակային ընդգծված դիրքորոշում են արտահայտել, և մենք, հավատարիմ այդ մոտեցմանը, շարունակելու ենք աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասաց Հեֆֆերնը: Դեսպանի այս սովորույթը՝ բոլոր դեպքերում վկայակոչել առաջնորդին կամ առաջնորդներին, գուցե և բխում է դիվանագիտական էթիկայից ու քաղաքականության պահանջներից, սակայն միևնույն ժամանակ արժեզրկում է նրա անձնական դերակատարությունը առանցքային հարցերում: Միակ հետաքրքիր միտքը, որ հայտնեց նա, այն էր, որ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Բրադտկեն մյուս համանախագահների հետ ակտիվ ներգրավված է խնդրի կարգավորմանը և որևէ մեծ փոփոխություն այդ աշխատանքում չի ակնկալվում:
Բանն այն է, որ վերջին շրջանում լայն տարածում էր ստանում այն կարծիքը, թե ԼՂ հարցում Ռուսաստանի ձախողումը կարող է ստիպել ԱՄՆ-ին նոր առաջարկներով հանդես գալ: Սրան զուգահեռ ամերիկյան առաջատար թերթերը վերջին ամիսներին մի քանի անգամ անդրադարձան Ղարաբաղի հիմնահարցին, և դրանք ունեին բավական հետաքրքրական շեշտադրումներ: New York Times և Washington Post թերթերը առաջ էին քաշել այն գաղափարը, որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը հնարավոր կարող է դառնալ այն դեպքում, եթե ԼՂ կառավարման համակարգը համարժեք լինի Արևմուտքում ընդունված ժողովրդավարական չափանիշներին: Սակայն սրանք խիստ «հեղափոխական», եթե չասենք՝ ներկա պահին անհավանական վարկածներ էին, առավել ևս, որ Վաշինգտոնի այս պահի զբաղվածությունը հազիվ թե թույլ տա ամերիկացիներին առանձնակի ուշադրություն հատկացնել Ղարաբաղի հարցին:
Բայց և այնպես չմոռանանք, որ հոկտեմբերի 18-ին Երևանում կլինի ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերհսկման հարցով տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերը։ Իսկ հոկտեմբերի 19-ին երկկողմ խորհրդատվությունների համար Երևան կժամանի նաև ԱՄՆ պետքարտուղարության թիվ 2 պաշտոնյան՝ պետքարտուղարի առաջին տեղական Ուիլյամ Բըրնսը։ Մեկ շաբաթում ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան արդեն իսկ ինչ-որ բան նշանակում է: Ի դեպ, լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Բըրնսը տարածաշրջան է գալիս ԼՂ հարցի շուրջ նոր գաղափարներով, որոնք նա մշակել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Բրադկեի հետ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ճշմարտությունը և Ազնավուրի ճշմարտությունը

14 Հկտ

Հասկանալու համար, թե ինչու՞ ֆրանսահայ մեծանուն շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի՝ «Les Nouvelles d’Armenie» պարբերականին տված հարցազրույցն այդքան լայն արձագանքի արժանացավ, բավական չէ միայն առաջնորդվել այն կարծիքներով, թե երգիչը իր խոսքում չափազանց անկաշկանդ գնահատականներ է հայտնել Հայաստանի արտաքին հարցերի և ներքին իրավիճակի վերաբերյալ: Բանն այն է, որ Ազնավուրը նախկինում ևս առիթներ է ունեցել խուսելու ինչպես նշված թեմաների, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների, սփյուռքի դերակատարության, հայերի ինքնությանն ու նկարագրին առնչվող հարցերի շուրջ: Սակայն այժմ նրա մտքերն առավելագույն ուշադրության ներքո են, իսկ տեսակետները ձեռք են բերել ինչպես համակիրներ, այնպես էլ երդվյալ հակառակորդներ: Ի վերջո, այդ ի՞նչ է ասում Ազնավուրը, որ խորթ է հնչում մեր ականջների համար:
Առաջին հերթին նա կարծում է, որ Հայաստանը չի կարող առաջ շարժվել՝ կենտրոնանալով «ցեղասպանություն» եզրույթի վրա: Նկատի ունենալով հայկական շահերը և Թուրքիայի հակազդեցությունն այդ եզրույթի օգտագործման հարցում, Ազնավուրը նշում է, թե պետք է մի այլ՝ փոխարինող բառ գտնել կատարվածը բնորոշելու համար: «Ի՞նչ բառ էր օգտագործվում ցեղասպանություն բառի հորինումից առաջ` հայերի կոտորածնե՞ր, ուրեմն օգտագործենք կոտորածներ բառը։ Եթե թուրքերը չեն ուզում ընդունել ցեղասպանությունը, ապա թող ընդունեն գոնե հայերի կոտորածները։ Արդեն մեծ քայլ արած կլինենք, եթե կարողանանք դրան հասնել»,- ասում է նա: Այնուհետև նա շեշտում է, թե կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը և խոստովանում, որ չի կարծում, թե Ֆրանսիան ինչ-որ բան կանի հայերի համար: «Ամեն ինչ անօգուտ է, քանի որ Թուրքիան շատ կարևոր երկիր է Ֆրանսիաի համար: Հնարավոր չէ անտեսել Թուրքիային: Ո՞ր երկիրը կզոհաբերի իրեն, որպեսզի պաշտպանի մեզ: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչել է այն, ինչ պետք է ճանաչեր և առաջ չի գնում: Ոչ մի երկիր մեզ չի սատարելու: Երբեք»,- ցավով արձանագրում է երգիչը:
Այս մտքերից հետո Ազնավուրն էլ ավելի հեռուն է գնում՝ այժմ էլ կասկածի ենթարկելով տարածքային պահանջատիրության անհրաժեշտությունը: Իբրև ծանրակշիռ փաստարկ, նա հիշատակում է գերմանացիների օրինակը, որոնք այլևս չեն պահանջում Էլզաս-Լոթարինգիան, հետո հիշում է ֆրանսիացիներին, որոնք մոռացել են Ռուռի մասին, և ապա հարց է տալիս. «Նույնիսկ եթե թուրքերը մեզ վերադարձնեն այդ տարածքները, ո՞վ է գնալու այնտեղ ապրելու: Ոչ ոք: Խելամիտ լինենք: Հաշվարկենք ամեն ինչ»:
Զայրացած Ազնավուրի խարազանի տակ են ընկնում սփյուռքահայերը, որոնց «առաքելությունը» նա համարում է լավ ուտելը, լավ խմելը, սեփական խանութ ունենալը և ցեղասպանության մասին խոսելը: Իսկ երբ հերթը հասնում է հայաստանցիներին, երգիչը տալիս է այնպիսի որակումներ, որոնք չափազանց դուր էին եկել հատկապես ընդդիմության ակտիվիստներին: Ազնավուրն ասում է, որ մարդիկ Հայաստանից արտագաղթում են, քանի որ այնտեղ մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում: «Ընդհակառակը, մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ գիտեմ: Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել: Այդպես այլևս չի կարող շարունակվել: Ցանկանում եք անդամակցե՞լ մաֆիային, գնացեք այլ երկրներում հիմնեք, սակայն դա ձեր երկրում մի արեք, ձեր ժողովրդի դեմ մի արեք»,- կոչ է անում նա՝ այնուհետև արձանագրելով, որ երկիրն օրեցօր դատարկվում է, հազարավոր դժբախտ մարդիկ ցրվում են աշխարհով մեկ, իսկ բնակչության իրական քանակի մասին իշխանությունների նշած 3,6 միլիոնը սուտ է, դրա կեսը հազիվ մնացած լինի…
Ի՞նչ է ստացվում: Ազնավուրն ասում է այն, ինչ մտածում ու ասում ենք նաև մենք: Մենք նրա ասածը գիտենք: Սակայն չգիտենք, թե ինչու՞ է դա ասում Ազնավուրը և այն էլ՝ այժմ: Դրա հետ մեկտեղ Ազնավուրը խորտակում է մի քանի տաբուներ, ամենից առաջ` ցեղասպանություն բառի տաբուն, որի օգտագործումը այնքան կարևորում են Հայ դատի պաշտպանները։ Նա պնդում է, թե դրանք կարծրատիպեր են և խոչընդոտում են մեր առաջընթացին, իսկ ահա նրա ընդիմախոսները համոզված են, որ «կարծրատիպ» հորջորջված արժեքների և պատմական հիշողության շնորհիվ է այս երկիրը դեռ գոյատևում, և չի կարելի հենց այդպես վերցնել ու մի կողմ ներտել դրանք:
Մարդկանց տարակուսանք է հարուցուցել նաև այն հանգամանքը, թե Ազնավուրն ինչու՞ է այս բոլորն ասում հարցազրույցի միջոցով, երբ մեծ հաջողությամբ դա կարող էր փոխանցել Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին, որոնց հետ ջերմ հարաբերություններ ու մշտական շփումներ ունի: Իսկ եթե եղածին էլ գումարենք այն փաստը, որ նա ի պաշտոնե այդ նույն իշխանությունների շահերի ու վարած քաղաքականության արտահայտիչն է Եվրոպայում, պատկերն էլ ավելի կխճճվի: Չենք կարծում, թե Ազնավուրն անտեղյակ է իր կարգավիճակին պատշաճող պահանջներից և չի գիտակցում, որ որպես Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, նման հայտարարություններ անելու իրավունք չունի: Յուրաքանչյուր դիվանագետ կհաստատի, որ սա լոյալության սկզբունքի խախտում է: «Դիվանագիտական գործունեության մասին» օրենքն արգելում է դիվանագետներին հրապարակավ հայտարարել իրենց քաղաքական դիրքորոշման մասին: Եվ եթե ստանձնել ես պետության ներկայացուցիչը լինել, ապա բարի եղիր ասել միայն այն, ինչը ընդունված է երկրի արտաքին քաղաքականության շրջանակներում:
Սա, ինչ խոսք, կտրուկ պահանջ է, որ տվյալ դեպքում պարզապես անհնար է լիովին տարածել մեզ ծանոթ և բոլորիս կողմից սիրված Շառլ Ազնավուրի վրա: Այդ իսկ պատճառով ամենևին էլ պատահական չէր, որ շատերը նրա խոսքը ընկալեցին հենց այդպես՝ ոչ թե որպես քաղաքական գործչի տեսակետ, այլ հայ մարդու, մտահոգ մարդու անկեղծ խոսք, որն այդպիսի բաներ ասելու ոչ մի քաղաքական շահագրգռվածություն չունի: Ասենք, Ազնավուրն ինքն էլ նույնն է հաստատում, երբ հիշյալ հարցազրույցում ասում է. «Ես քաղաքական գործիչ չեմ: Ես այդչափ խելամտություն և զարգացվածություն չունեմ, որպեսզի հաստատեմ այն ամենն, ինչի մասին խոսում եմ: Բայց ես սրտանց եմ խոսում, որովհետև ես այդպես եմ մտածում»:
Հայաստանի ազգային հերոս Ազնավուրը հարցեր բարձրաձայնող անհատ է: Իսկ ովքե՞ր են պատախան տվողները: Մինչ իշխանական վերնախավում այդ ընտրությունը կկատարեն, լրագրողներն այդ ընթացքում փորձել էին հստակեցնել այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք Ազնավուրը կազատվի դեսպանի պաշտոնից, և արդյո՞ք նրա հայտարարությունը դիվանագիտական էթիկայի խախտում չէ: Արտգործնախարարությունում ասել էին. «Չենք մեկնաբանում»: Իսկ նախագահի նստավայրից ընդհանրապես որևէ պատասխան չստացվեց: Միգուցե նրանց Ազնավուրի հարցերին ևս՞ այդ կերպ են արձագանքել՝ առանց մեկնաբանության կամ լռությամբ, և դա է պատճառը, որ երգիչը անկեղծացել է ոչ թե կաշեպատ դռների ետևում, այլ «Les Nouvelles d’Armenie» պարբերականի խմբագրատանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Միջամտվածները և միջամտողը

5 Հկտ

Թերևս հարկ չլիներ մեկ անգամ ևս խոսել Գերմանիայի դեսպան- Լևոն Տեր-Պետրոսյան բանակռվի մասին, եթե Հայ Ազգային Կոնգրեսը երեկ տարածած չլիներ իր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունած հայտարարությունը վերոնշյալի մասին: Այնտեղ ասվում էր, թե Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը անվայել արտահայտություններ է թույլ տվել առաջին նախագահի հասցեին, իսկ մեկ այլ վայրում հաստատել նախկին ասածները: Որպեսզի ընթերցողի մոտ տպավորություն չստեղծվի, թե օտարերկրացի դիվանագետը գործածում է փողոցի բառապաշարը, անմիջապես ասնենք, որ ՀԱԿ-ը «անվայել» ասելով նկատի ունի Յոխեն Շմիդտի մտքերն այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է այսօրվա դժվար իրավիճակը որպես ժառանգություն թողել Հայաստանին և հենց նրա ղեկավարության օրոք են դրվել այն «օլիգոպոլիայի» հիմքերը, որի քննադատությամբ հաճախ հանդես է գալիս ՀՀ առաջին նախագահը:
Բոլորովին նպատակ չունենք վիճարկելու կամ հաստատելու դեսպանի պնդումների հավաստիությունը: Ի վերջո յուրաքանչյուր ոք, ով վերջին 15-20 տարիներին ապրել է Հայաստանում, հրաշալի գիտի, թե բանավիճող կողմերից որ մեկն է կեղծում և ով է ասում ճշմարտությունը: Փոխարենը մեզ անմիջապես գրավեց այն սկզբունքը, որի վրա կառուցված էր ՀԱԿ-ի մեղադրանքների «փաթեթը»: Եվ դա հենց առաջին հայացքից այնքան հատկանշական թվաց, որ պահանջ առաջացավ կատարելու այս փորձը՝ հասկանալու մտքի տրամաբանությունը սոսկ փաստերը համադրելու միջոցով:
Եվ այսպես, ՀԱԿ-ի ներկայացուցիչները ասում են, որ Գերմանիայի դեսպանի արտառոց պահվածքը կոպտագույն միջամտություն է Հայաստանի ներքին գործերին և բացահայտ աջակցություն Հայաստանի հանցավոր ռեժիմին, ինչի վրա էլ հրավիրում են Գերմանիայի կառավարության ուշադրությունը։ «Նա երբեք հրապարակային քննադատության չի ենթարկել Հայաստանի իշխանություններին, ավելին, երբևէ իր վերաբերմունքը չի արտահայտել մարդու իրավունքների ոտնահարումների աղաղակող փաստերի նկատմամբ, ինչն արդեն, իրոք, դեսպանի կոչումն ու պարտականությունն է»,- գրված է այնտեղ:
Զարմանալի դատողություն է: Ստացվում է, որ օտար դիվանագետի կողմից տվյալ երկրի իշխանության քննադատությունը ներքին գործերի միջամտություն չի դիտվում, իսկ ահա ընդդիմության քննադատությունը միջամտություն է: Բացի այդ, պարզվում է նաև, որ դեսպանները նրա համար են, որպեսզի այլ երկրներում հսկեն օրինականությունն ու մարդու իրավունքների պահպանումը: Տեսնես այս տողերի հեղինակները կարո՞ղ են հիշել որևէ հայ դեսպանի, ով երբևէ համարձաված լինի քննադատել մեկ այլ երկրում տիրող կարգն ու անարդարությունները: Հազիվ թե: Սակայն օտարներից դա ոչ միայն պահանջում ենք, այլև մեղադրում այն բանի համար, որ «երբևէ իր վերաբերմունքը չի արտահայտել մարդու իրավունքների ոտնահարումների աղաղակող փաստերի նկատմամբ»:
ՀԱԿ-ն այս հարցում անարդար է և անարդար է երիցս: Ով՝ ով, սակայն Հանս Յոխեն Շմիդտի մասին նման խոսքերը հնչում են անտեղի: Շատերն են հիշում, որ բոլորովին վերջերս հայտնի դարձավ, թե ում ջանքերի շնորհիվ ընդդիմության առաջ կրկին բացվեց Ազատության հրապարակը և տրվեց այնտեղ հանրահավաքներ անցկացնելու արտոնություն: Դա հենց Յոխեն Շմիդտն էր և նրա շուրթերից են հնչել այս խոսքերը. «Իմ կարծիքով` շատ կարևոր քայլ էր Ազատության հրապարակում հանրահավաքների թույլատրումը, չնայած, ես կարծում եմ, որ քաղաքական տեսանկյունից պարզամտություն է միայն Ազատության հրապարակում հավաքների անցկացում պահանջելը: Եթե մարդիկ ցանկանում են հավաքներ իրականացնել, դա կարող են անել ցանկացած վայրում և հրապարակում»,- ասել էր Գերմանիայի դեսպանը: Բայց ոչ միայն ասել էր: Ու՞մ համար է այսօր գաղտնիք, որ Գերմանիայի դեսպանը պարբերաբար այցելում էր ՀԱԿ-ի հանրահավաքներին, նույնիսկ կանգնում էր հարթակի վրա, և նրա յուրաքանչյուր հայտնություն բուռն ծափողջույններով էր ընդունվում հավաքվածների ու նրանց խմբավարների կողմից: Այդ պահերին նա յուրային էր ու մարդու իրավունքների նվիրյալ: Իսկ այն, որ դեսպանի մասնակցությունը տարբեր մեկնաբանությունների առիթ էր տալիս քաղաքական շրջանակներում, այն, որ ականատեսների վկայությամբ, մինչ հանրահավաքի սկսելը հնչող երաժշտության տակ Յոխեն Շմիդտը նույնիսկ պարային շարժումներ էր անում, այսօր վերհիշելը տեղին չէ: Սակայն մենք սա հիշեցնում ենք, և հիշեցնում ենք ևս մի փաստ: Այս տարվա հունիսին Դաշնակցության թերթերում տպագրվեց մի հոդված, որը հետևյալ վերնագիրն ուներ. «Ի՞նչ գործ ունի Հայաստանում Գերմանիայի դեսպանը ՀԱԿ-ի հանրահավաքի հարթակում»: Եվ գիտե՞ք, թե ինչ էր ասվում այդ հոդվածում: Կզարմանաք, բայց այնտեղ բառ առ բառ կրկնվում էր այն նույն միտքը, որն այսօր տեղ է գրավել ՀԱԿ-ի հայտարարությունում: Նույնիսկ քիչ է մնում մտածել, որ ընդդիմության ներկայացուցիչները դաշնակների տեքստն են օգտագործել իբրև սկզնաղբյուր: Հրապարակման մեջ բառացիորեն այս միտքն էր գրված. «… Հարթակ բարձրացող Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը, խախտելով դիվանագիտական էթիկայի բոլոր գրված ու չգրված կանոնները, կոպտորեն միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին. ավելին, հստակ դիրքորոշվել է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում` հօգուտ վերջինի»:
Ահա այսպիսի բաներ: Ստացվում է, որ դեսպանը պարբերաբար միջամտում է մեր ներքին գործերին, բայց եթե ամռանը դա ՀԱԿ-ի սրտով էր, ապա աշնանը նույն սիրտն այլ բաներ է պահանջում: Ու քանի որ խոսում ենք միջամտության մասին, վերհիշենք ևս մի հանգմանք: Կարելի է վերջին ամիսների ընթացքում տպագրված մի քանի հաղորդագրություններ հիշատակել, որտեղ ասվում էր, որ «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական խնդիրները` մասնավորապես Հայաստանում ժողովրդավրության ու քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերը»: Մարդը մտահոգվել է, այցելել, զրուցել, թերևս հետո նաև ինչ-որ կերպ արձագանքել, և այն ժամանակ դա չի համարվել ոչ ներքին գործերին խառնվել, ոչ էլ անտարբեր վերաբերմունք մարդու իրավունքների ոտնահարման փաստերի նկատմամբ, սակայն այսօր իրավիճակի փոփոխությունը դրդել է ուրանալ ամեն բան՝ հանուն մի նպատակի. պաշտպանել Լևոն Տեր-Պետրոսյանին ու մեղադրել դեսպանին իր լիազորությունների չարաշահման համար: Սա համարվում է պարկե՞շտ:
Երկու օր առաջ Հանս Յոհեն Շմիդտն կրկին այցելել էր Ազատության հրապարակ, որտեղ շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում ՀԱԿ-ը: Նա հանդիպել էր Տեր-Պետրոսյանին, զրույցել, ինչը, ըստ ներկաների, ջերմ տպավորություն էր թողել, թեև որոշ ականատեսներ էլ նշում են, որ ՀՀ առաջին նախագահը խիստ է խոսել դեսպանի հետ: Ոմանք ասում են, որ լսել են, թե ինչպես է Տեր-Պետրոսյանը դեսպանին ասել. «Вы должны меня учить?»: Իհարկե, դեսպանի պատասխանը ոչ ոք չի լսել, բայց այն կռահելն այլևս դժվար չէ:
Մի դրվագ ևս: «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ասել է, որ հաստատում է Գերմանիայի դեսպանի ասածները՝ խոսելով 1994-1996 թթ. ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին։ Դեսպան Էվանսը նաև նշել է, որ այդ. ընտրությունների մասին գոյություն ունեն միջազգային դիտորդների զեկույցներ:
Հիմա ի՞նչ, ՀԱԿ-ը մի հայտարաություն էլ Էվանսի՞ն պիտի հասցեագրի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Վրաստանը, Ղարաբաղը և էլի որոշ բաներ

29 Հլս

Այն, որ վերջին շրջանում վրացիները տարբեր մակարդակներում սկսել են ավելի հաճախ խոսել Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, ակնհայտ փաստ է: Նախկինում, քանի դեռ նրանց գլուխը խառն էր սեփական հոգսերով, այս հարցն առանձնապես մեծ նշանակություն չուներ Թբիլիսիի համար: Սակայն այժմ Վրաստանում ոչ միայն պարբերաբար քննարկման նյութ է դառնում Ղարաբաղի թեման, այլև վերջիններս սկսել են ամեն առիթով ընդգծել իրենց մասնակցության կամ վերաբերմունքի մասին: Ասվածի ամենավերջին դրսևորումը դարձավ Եվրոպական ինտեգրման հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլ Չկոիձեի հարցազրույցը, որտեղ նա պնդում է, թե Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման դեպքում կվտանգվեն Վրաստանի ազգային շահերը, ինչպես նաև ողջ Կովկասի կայունությունը:
Կովկասը հանգիստ թողնենք ու տեսնենք, թե այդ ինչպես պիտի վտանգվի վրացական շահը: Պարզվում է, որ փորձագետն այդ դեպքի համար ունի իրադարձությունների զարգացումների սեփական սցենարը, համաձայն որի պատերազմի բռնկումից կօգտվի Ռուսաստանը և, որպես Հայաստանի ամենամոտ դաշնակից, Հայաստանի պաշտպանության պատրվակով սեփական զինված ուժերն ու ռազմական զինամթերքներն անցկացնելու համար կօգտագործի Վրաստանի տարածքը, իսկ սա էլ իր հերթին Վրաստանում կհանգեցնի անկայունության ու զինված բախման: Ահա այսպես պարզ ու միանգամից: Ասենք, նման բան առաջին անգամը չէ, որ լսում ենք հարևան երկրից: Ցանկացած իրավիճակին հակառուսականության ակնոցով դիտարկող վրացիների համար օբյեկտիվ գնահատական տալն այլևս դարձել է ուժերից վեր զբաղմունք: Այսօրինակ մտքի թռիչքով է պայմանավորված նաև նույն փորձագետի այն դատողությունը, թե այդ սցենարի դեպքում չի նշանակի, որ Վրաստանի անմիջականորեն կներգրավվի հակամարտության մեջ, բայց «շատ հնարավոր է, որ Ռուսաստանի գործողությունները դուրս գան տվյալ խնդրի շրջանակներից ու որոշակի անկայունություն կամ ռազմական հակազդեցություն առաջացնեն Վրաստանում»:
Հայաստանին հարվածելու գնով Ռուսաստանի հետ հաշիվներ պարզելու մտասևեռմամբ համակված մեկ ուրիշ վրացի, այս անգամ ռազմական փորձագետ, Վրաստանի ցամաքայիան զորքերի շտաբի նախկին պետ Գեորգի Թավդգիրիձեն ադրբեջանցիներին հավաստիացրել է, որ պատերազմի վերսկսման դեպքում Բաքուն կարող է ակնկալել Թուրքիայի ու Վրաստանի աջացությունը: Իսկ այդ աջակցությունն էլ, հասկանալի է, ոչ մի կերպ ուղղված չի լինի հայերի դեմ, այլ ընդամենը լուծում կտա այն ռազմավարական խնդրին, որտեղ Ադրբեջանն ու Վրաստանը դաշնակիցներ են, այսինքն` կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում: «Դա պահանջում է շատ նուրբ և քրտնատանջ աշխատանք տարածաշրջանի ու աշխարհի առաջատար երկրների հետ: Հակառակ դեպքում մենք անվերջ արյունոտ պատերազմ կստանանք Կովկասում»,- ասել է նախկին զինվորականը: Մեծ հաշվով վրացիների դիրքորոշումը հանգում է այն մտքին, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում իրենք չեն կարող ձեռքերը ծալած նստել, և իրենց թվում է, որ այսպիսով կարողանում են ցույց տալ, թե իրենք տարածաշրջանում էական խոսք ունեն ասելու, իսկ Ռուսաստանն էլ թող տեսնի, որ իր դիրքերը թուլացել են:
Չի կարելի ասել, թե այս մտայնությունը լայն տարածում ունի սոսկ հասարակության ներսում, իսկ պաշտոնական Թբիլիսին այլ տեսակետի պաշտպան է: Ահա մի պաշտոնյա` Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան Ռևազ Գաչեչիլաձեն խիստ նուրբ, դիվանագիտորեն հղկված բառապաշարով մեզ փորձում է դասեր տալ և բացատրել, թե` գիտե՞ք, սիրելի հայեր, յուրաքանչյուր պետություն պետք է ընդունի միջազգային մակարդակով ճանաչած սահմանները և բավարարվի նրանով, ինչ ունի: «Գուցե դա արդարացի չէ, սակայն ավելի լավ է պահպանել այն ինչ ունես, քան թե ուրիշից ձգտես խլել»:
Խլողն, իհարկե, մենք ենք: Ղարաբաղ ենք «խլել»: Խլողը նաև ռուսներն են: Վկան` Աբխազիան ու Հարավային Օսիան: Իսկ ահա Վրաստանն ու Ադրբեջանը դրա զոհերն են, և այս իմաստով նրանց հեռակա շահերը համընկնում են: Այնուհետև նախկին դեսպանը մեզ վստահեցնում է (նրանք բոլորն անխտիր ինչ-որ բան են վստահեցնում), որ Վրաստանը ոչ մի դեպքում չի խառնվի և ոչ մի բաղադրատոմս չի առաջարկի Ղարաբաղի հարցի լուծման համար: «Ես այս ամենը հայտարարում եմ Վրաստանի ղեկավարության և ժողովրդի անունից, քանի որ այն չի ցանկանում ոչ մեկի կողմը բռնել: Ադրբեջանն ու Հայաստանը պետք է գնահատեն Վրաստանի այս քայլը»,-իր խոսքը եզրափակում է Գաչեչիլաձեն:
Անշուշտ, կգնահատեն: Բայց մինչ գնահատելն ու երախտագիտություն հայտնելը նախ կփորձեն հասկանալ, որ եթե Վրաստանի դիրքորոշումը տրամաբանական է, քանի որ նա քիչ թե շատ նորմալ հարաբերությունների մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, իսկ սրա հետ մեկտեղ Վրաստանում առկա են հայկական ու ադրբեջանական համայնքներ, ապա դա որոշակի կաշկանդումներ կհաղորդի Թբիլիսիի արտաքին քաղաքականությանը: Մյուս կողմից էլ` անպայման կնկատեն, որ հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման դեպքում շահող կողմը լինելու է հենց Վրաստանը, որովհետև երբ երկուսը կռվում են, միշտ էլ շահում երրորդը: Եվ այժմ նա հոգու խորքում իսկապես կցանկանար մի մեծ իրարանցում, որպեսզի դրա պղտոր ջրերում որսար իրեն ցանկալի ավարը:
Հավանաբար ճիշտ այդպես էր մտածում նաև ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբիշվիլին, ով Արևմուտքին բացատրում էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեծ խնդիր է Հարավային Կովկասի երկրների միջև տարածաշրջանային համագործակցության և անվտանգության առումով: «Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն կապված են Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ խնդրի կարգավորումն ուղղակիորեն կախված է Ռուսաստանից, այստեղ տեղակայված է ռուսական ռազմակայան, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված չեն: Այսպիսով գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, որովհետև նման նյարդայնացնող խնդիրների առկայության պայմաններում ստիպված ես լինում մի կողմ թողնել այլ խնդիրների հաղթահարումը»,- իր խանգարված հոգեկան վիճակի բացատրությունն էր տալիս դեսպանը:
Ինչ զարմանալի տեղափոխություն: Պարզվում է, որ Կովկասի համար Աբխազիան ու Օսիան այլևս խնդիրներ չեն հարուցում, մնացել է միայն Ղարաբաղը: Ստացվում է, որ վրացիները մեկընդմիշտ հաշվել են այդ տարածքների կորստի հետ և փոխանակ իրենց վիշտը սգան, հիմա էլ մեզ են բացատրում, թե ինչպես կարելի է երկիր կորցնել: Ափսոս միայն, որ այս արկածախնդիր խաղի մեջ թաթախվող Վրաստանը հաշվի չի առնում նաև դեպքերի մի այնպիսի զարգացման հեռանկար, որի պարագայում իր համար արդյունքը էլ ավելի ծանր կլինի: Ախ, ինչքան ծանր կլինի…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ո՞վ եք դուք, պարոն Հեֆերն

13 Հլս

Վաղը Միացյալ Նահանգների Կոնգրեսում լսումներ կկայանան Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր պաշտոնակատարի թեկնածության վերաբերյալ: Այս տարվա մայիսի կեսերին Օբամայի վարչակազմն այդ պաշտոնում առաջադրեց ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ Ջոն Հեֆերնի թեկնածությունը: Եվ այժմ, Սենատի կողմից հաստատվելու դեպքում, Հեֆերնը կգա փոխարինելու Մարի Յովանովիչին, ով արդեն մեկնել է Երևանից` պաշտոնավարելու որպես ԱՄՆ-ի պետքարտուղարի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով փոխտեղակալ: Բայց Սենատում հաստատվելուց առաջ Հեֆերնը դեռ պետք է ստանա Արտաքին հարաբերություների հանձնաժողովի դրական եզրակացությունը և դրա հետ մեկտեղ հաղթահարի այն պատնեշները, որ նրա առջև արդեն իսկ դրել են հայկական լոբբիստական կառույցները: Սա է պատճառը, որ դիտորդները վաղօրոք հայտարարել են, թե Հեֆերնի թեկնածության հաստատումը ընթանալու է չափազանց լարված մթնոլորտում:
Բայց նախ տեսնենք, թե ո՞վ է մեր երկրում աշխատելու հավակնություններ ունեցող այդ դիվանագետը: Պետք է ասել, որ նրա մասին Հայաստանում շատ քիչ բան գիտեն, այնքան քիչ, որ նույնիսկ մամուլում անունն են սխալ գրում ու բավարարվում են այն հակիրճ կենսագրությամբ, որ տեղադրված է ԱՄՆ Պետքարտուղարության կայքէջում: Ծնունդով Միսսուրիից է, ավարտել է Միչիգանի համալսարանը։ Սկսած 1982-ից ԱՄՆ արտաքին գերատեսչական աշխատանքում ծավալած իր կարիերայի ընթացքում նա մասնագիտացել է Արևելյան Ասիայի խնդիրներում, որտեղ էլ դիվանագիտական առաքելություններ է իրականացրել երկար տարիներ։ Սկսել է Չինաստանից, այնուհետև աշխատել է Թայվանում, Փղոսկրի Ափում, Ջակարտայում, հետո աշխատանքի է անցել Վաշինգտոնում։ Ներկայումս Հեֆերնն աշխատում է ՆԱՏՕ-ի ամերիկյան ներկայացուցչությունում՝ Բրյուսելում։ Թե ինչու՞ հատկապես նրան առաջադրվեց Հայաստանում դեսպան լինելու պատիվը, այնքան էլ պարզ չէ: Ամեն դեպքում, պետք է հուսալ, որ վաղը շատ հարցեր իրենց պատասխանը կգտնեն: Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ սենատոր Ջին Շահեյնի գլխավորությամբ կայանալիք քննարկման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն բացատրություններ պիտի տա սենատորների հարցերին։
Իսկ ի՞նչ հարցեր կարող են հնչել այնտեղ: Այս բանը կռահումներ չի պահանջում: Նախապես Ամերիկայի Հայ դատի գրասենյակը հիմնավոր աշխատանքներ է տարել և հորդորել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բոլոր անդամներին ներկա գտնվել նիստին՝ «դիվանագիտական այս կարևոր պաշտոնում դեսպանի թեկնածու Հեֆերնին իր որակավորումների և թեկնածության վերաբերյալ հարցեր ներկայացնելու նպատակով»։ «Հուսով ենք, որ սենատորները լիարժեք կօգտագործեն այս լսումների միջոցով տրամադրվող հնարավորությունը՝ պահանջելու պարզաբանումներ նախագահ Օբամայի վարչակազմի կողմից Կովկասի տարածաշրջանում իրականացվող արտաքին քաղաքականության մի շարք հարցերի վերաբերյալ»,- ասվում էր Հայ Դատի տարածած հաղորդագրության մեջ:
Սակայն կասկածից վեր է, որ մինչ տարածաշրջանային պարզաբանումներին անցնելը դեսպանի թեկնածուին կուղղվեն ինչ-որ իմաստով անձնական բնույթի և ոչ այնքան հաճելի հարցեր: Հայտնի է, որ, օրինակ, 1990-ականների կեսերին Ջոն Հեֆերնը աշխատել է նախկին կոնգրեսական Դուգ Բարետոյի համար, իսկ սա ընդգծված հակահայկական դիրքորոշում ուներ և զբաղվում էր Կոնգրեսում թուրքական լոբբինգով: Վերջինս բազմաթիվ անգամներ դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանության օրինագծերին և այլ` մեզ համար կարևոր նախագծերի: Իհարկե, ինքը՝ Հեֆերնը, հայերին հուզող հարցերի շուրջ իր դիրքորոշումը երբեք բացահայտ չի արտահայտել, ու սխալ կլինի միանշանակ պնդել, թե նրա նախկին շեֆը խորը ազդեցություն է ունեցել քաղաքական հայացքների ձևավորման իմաստով: Սակայն ոչինչ լիովին բացառել չի կարելի, այդ իսկ պատճառով էլ շատերն են այժմ ձեռնպահ մնում նրա թեկնածության մասին վաղօրոք եզրահանգումներ անելուց։
Միևնույն ժամանակ համարյա անհնար պիտի լինի խուսափել այնպիսի հրատապ թեմաների արծարծումից, որոնք հուզում են ինչպես ամերիկահայերին, այնպես էլ հայաստանցիներին: Այնպես որ, վաղը կայանալիք լսումների ժամանակ Հաֆերնի ուշադրությունը կհրավիրվի միանգամից մի քանի խնդիրների վրա: Առաջին հերթին խոսք կգնա Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Չի շրջանցվի այնպիսի մի թեմա, ինչպիսին է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը: Սրանից բնականորեն կբխի այն հարցը, թե դիվանագետը ի՞նչ ծրագրեր է առաջադրելու Հայաստանը տնտեսական մեկուսացումից դուրս բերելու և տարածաշրջանում նրա ինտեգրման վերաբերյալ: Եվ, վերջապես, սենատորները կցանկանան ունկնդրել ԱՄՆ-Հայաստան երկկողմանի հարաբերությունների մասին Հեֆերնի տեսլականը:
Ինչպե՞ս կվարվի հարցաքննվողը: Արդյո՞ք կդիմի բառախաղերի ու հռետորաբանության օգնությանը, ինչպես արել են իր նախորդներից ոմանք: Թերևս այս դեպքում նրան անհրաժեշտ կլինի հետադարձ հայացք նետել ու վերհիշել որոշ փաստեր: Օրինակ, արժե մտաբերել, որ ժամանակին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը պաշտոնաթող արվեց այն բանի համար, որ «անզգուշաբար» գործածել էր ցեղասպանություն բառը: 2006-ին Էվանսին ետ կանչեցին, ու ԱՄՆ այն օրերի նախագահ Ջորջ Բուշը անմիջապես դեսպանի պաշտոնում առաջադրեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Սակայն երկարատև ձգձգումներից հետո Սենատը մերժեց Հոգլանդին դարձյալ ոչ ճիշտ բառախաղերի համար, և մոտ երկու տարի ԱՄՆ-ն Հայաստանում դեսպան չուներ: Ի դեպ, վատ չէր լինի, որպեսզի Սենատ գնալուց առաջ Հեֆերնը իր մտքում կրկներ նույն այն Ջոն էվանսի մի արտահայություն, որը նա գրել էր պետքարտուղարին ուղղված իր նամակում. «Սնանկ է այն պետական քաղաքականությունը, որը կոչ է անում դիվանագետներին աղավաղել պատմական փաստերը»: Այս դեպքում գոնե Հայաստանում կմտածեն, որ բաց են պահում երկրի դռները ազնիվ քաղաքական գործչի առաջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Նախ քո տան աղբը մաքրիր

1 Հնս

Երեկ Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին մամլո ասուլիս էր հրավիրել: Դժվար էր կռահել, թե այդ ընդարձակ երկխոսության համար հատկապես ինչն էր առիթ հանդիսացել` Վրաստանի անկախության օ՞րը, թե Թբիլիսիի վերջին իրադարձությունները, ինչից հետո վրաց դիվանագիտությունը հարևան երկրներում փորձում է տպավորություն ձևավորել, որ երկրի ներսում ամեն բան գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ: Բոլոր դեպքերում, Շարմանիշվիլիի վիճակն այնքան էլ նախանձելի չէր, քանի որ ի սկզբանե տոնական տրամադրություն ստեղծելու փորձերը ձախողվեցին, և նա հարկադրված էր մեկը մյուսի ետևից պատասխաններ գտնել ոչ այնքան հաճելի (եթե չասենք` տհաճ) հարցերի համար: Դրանցից մի քանիսի առթիվ կարելի է հիմնավոր առարկություններ հնչեցնել և բազում հակափաստարկներ վերհիշել, սակայն այս անգամ մենք կսահմանափակվենք միայն մեկով, ինչը լիովին բավարար է ընդհանուր պատկերը ներկայացնելու համար:
Լրագրողները դեսպանին հարցրեցին, թե ինչու են Վրաստանում Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանին «պերսոնա նոն-գրատա» հայտարարել: Ինչպես հայտնի է, վերջին անգամ նրան արգելել էին հատել հայ-վրացական սահմանը: Այս հարցին Շարմանիշվիլին հետևյալ բացատրությունը տվեց. «Եթե դուք ծանոթանաք այն հրապարակումների հետ, որոնք որևէ ընդհանուր բան չունեն խոսքի ազատության հետ, բայց սրում են իրավիճակը, հասկանալի կլինի թե ինչու է նման որոշում կայացվել»,- ասաց նա` ընդգծելով, որ Թորոսյանը սրում է իրավիճակը երկու ժողովուրդների միջև և ազգային թշնամանք է հրահրում: «Թորոսյանի երբեմն անհավասարակշիռ հայտարարությունների գերազգայնականությունը թույլ չի տալիս նրան Վրաստանում ցանկալի հյուր համարել»,- իր խոսքը եզրափակեց դեսպանը:
Ինչ խոսք, Շ. Թորոսյանի հրապարակային ելույթներին շատերն են ծանոթ և լավ են հիշում, թե նա ինչ է ասում և ինչու է ասում: Վրացիներին այդ ամենն, անշուշտ, դուր չի գա, թեև դժվար է վերհիշել մի դեպք, երբ վրացական կողմը պատշաճ և լիարժեք պատասխան տված լինի պատգամավորի բարձրացրած խնդիրներին ու դիտողություններին: Ամեն դեպքում մի պահ պատկերացնենք, թե պաշտոնական Թբիլիսին իր որոշման մեջ անսխալ է և նրա իրավունքն է` որոշել, թե երկրի տարածք ու՞մ մուտքն է ցանկալի և ու՞մն` անցանկալի:
Սակայն այս պարագայում երևույթը չի կարող սահմանափակվել սոսկ Թորոսյանի անձով: Եթե կա սկզբունքային մոտեցում, եթե բոլոր նրանք, ովքեր սրում են ազգամիջյան հարաբերությունները` արդեն իսկ անցանկալի են Վրաստանի համար, ապա թերևս նրանք սկսեին հենց իրենցի՞ց: Արդյո՞ք հայ պատգամավորն այն «սպիտակ ագռավն» է, որին պետք է ի ցույց դնել և պատժել վրացավարի: Իսկ նույն Շարմանիշվիլին և նրա ղեկավարներն ի՞նչ են մտածում վրաց պատգամավորների և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասին, որոնց հրապարակային ելույթներում նույնպես «գերազգայնական» ձևակերպումների պակաս չի զգացվում: Դեսպանի հիշողությունը կարող ենք թարմացնել անթիվ-անհամար օրինակներով:
Երբ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գ.Սագարեիշվիլին իր գործընկերնրի համերաշխ հայացքի ներքո ասում էր, թե «հայերը պետք է գիտակցեն, որ հեռու չէ այն օրը, երբ Վրաստանն ու Ադրբեջանը ոտքի կկանգնեն իրենց պատմական տարածքները ազատագրելու համար», կարծես թե ոչ ոք, առավել ևս այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պարոնները փորձ անգամ չէին անում նրան լռեցնելու համար:
Երբ նույն խորհրդարանի մեկ այլ պատգամավոր` Բեսո Ջուղելին առաջարկում էր որոշում ընդունել և բարձրացնել Թբիլիսիի պատմական կենտրոնում գտնվող անշարժ գույքի հարկը, վերջինս կոչ արեց ներկայացված նախագիծը չդիտարկել որպես հակավրացական, քանի որ Թբիլիսիի պատմական թաղամասերում բնակվում են հիմնականում հայեր: Ջուղելիի համար հիմնավորումը մեկն էր. «Բոլորովին էլ պարտադիր չէ, որ ինչ-որ Մկրտում դարերով ապրի Սոլոլակում»: Ու մինչ բազում Մկրտումներ կփորձեին հակադարձել շովինիստ պատգամավորին, հետաքրքիր է, ի՞նչ էին մտածում Շարմանիշվիլին ու նրա ընկերներն այս առթիվ: Եվ որտե՞ղ էին պարոն դեսպանի զգայուն ականջները, երբ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Լորդկիպանիձեն հայհոյանքներ էր տեղում Հայաստանի հասցեին այն բանի համար, որ հայերը չէին քվեարկել հօգուտ Վրաստանի` ՄԱԿ փախստականների վերադարձին վերաբերող բանաձևի քննարկման ժամանակ: Դարձյա՞լ միայն Շիրակ Թորոսյանի ձայնն էր նրա համար լսելի:
Հեռու չգնանք: Բոլորովին վերջերս ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Յակոբաշվիլին հայտարարել էր, որ Հայաստանն իր զարգացմանն անգամ չնչին ուշադրություն չի կարող դարձնել, որովհետև նրա գլուխն այլ բաներով է զբաղված: Այս առթիվ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ և վրացիներից պաշտոնական բացատրություն պահանջեց: Թերևս ազնիվ կլիներ, որ դեսպան Շարմանիշվիլին սկսեր հենց այդ կետից, այլ ոչ թե մեծ դաստիարակի կեցվածք ընդունած մեզ դասեր տար այն մասին, թե ինչպիսին պիտի լինի քաղաքական ու պետական գործիչների խոսքի արժեքը: Սա ոչ միայն պատշաճ չէ, այլև բարոյական չէ:
Հայաստանն իր գլուխը լցրել է զանազան բաներով, որովհետև գլուխ ունի: Իսկ Վրաստանի պաշտոնյաներին նախ պետք է աչք ունենալ: Եթե աչքերը լինեն` նրանք գուցե թե սկզբում կտեսնեն իրենց աչքի գերանը: Իսկ հետո կտեսնեն, որ առաջին հերթին անհրաժեշտ է սեփական տան աղբը մաքրել և հետո խոսել ուրիշների բացերի մասին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Վերքը և դրա սպեղանին

17 Մյս

Տեղեկատվական սադրանքը, որի նպատակը Հայաստան-Իրան հարաբերություններում լարվածություն հարուցելն էր, որոշ իմաստներով հասավ իր նպատակին: Հայտնի իրավիճակի նմանությամբ, երբ մի հիմար քար է գլորում ձորը, իսկ հազար խելոք փորձում են այն դուրս հանել, երկու հարևան երկրները ձեռնամուխ եղան հապճեպ կերպով ճեղքվածքը փակելու գործին: Սակայն Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ իմամ-ջումա այաթոլլահ Սեեդ Հասան Ամելիի հայտարարությունը, թե Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանն աջակցել է ադրբեջանական կողմին, հեշտորեն մոռացության տրվող վիրավորանքներից չէր:
Խոցված հայերին հանգստացնելու համար Թեհրանն անմիջապես Երևան գործուղեց Իրանի նախագահի հատուկ բանագնացին` նման դեպքերի համար մեծ փորձառություն ունեցող ԱԳ փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին: Վերջինս հանդիպեց նախագահ Սարգսյանի և ԱԳ նախարար Նալբանդյանի հետ: Միանգամայն ակնհայտ դարձավ, որ իրականում հյուրը մեր երկիր էր ժամանել ոչ թե այն նպատակների համար, որոնք թվարկված էին պաշտոնական հաղորդագրությունների ոչինչ չասող շարադրանքում, այլ հատկապես հիշյալ միջադեպն ամեն գնով հարթելու առաքելությամբ: Նրա ժամանումից մեկ օր անց Հայաստանում Իրանի դեսպանատունը հատուկ հաղորդագրություն տարածեց, ուր ասված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության, ռազմական որևէ ուժի չկիրառման և ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով: Հայկական կողմի ուշադրությունից չվրիպեց այն փաստը, որ հարցի կարգավորումը իրանցիները դիտարկում են ազգերի ինքնորոշման իրավունքի հարթության վրա, ընդ որում` պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը նրանք ընդհանրապես չէին հիշատակում: Սա առաջին հաճելի զիջումն էր: Հաջորդը հայտարարության այն հատվածն էր, որտեղ ասվում էր, թե «ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը արտաքին քաղաքականության բոլոր խնդիրների վերաբերյալ արտահայտվում է մեծարգո նախագահի, արտաքին գործերի նախարարի և ԱԳՆ խոսնակի կողմից, ուստի հիշատակված շրջանակից դուրս արտահայտված ցանկացած տեսակետ համարվում է անձնական մոտեցում»: Պարզ էր, որ ակնարկը վերաբերում էր Ամելիի պնդումներին, թեև ավելորդ չէ նկատել նաև այն, որ Ամելին տվյալ պարագայում ոչ թե տեսակետ էր շարադրել, այլ խոսել էր կոնկրետ փաստերի մասին, և ուրեմն ճիշտ կլիներ, եթե հերքվեին այդ փաստերը, այլ ոչ թե դրանց վերագրվեին տեսակետ կոչվելու անկարևորությունը:
Կար նաև երրորդ զգուշացում-նախապայմանը: «Քանի որ Իրանը միակ երկիրն է, որը հակամարտության գոտու հետ ունի ընդհանուր սահման, ուստի ցանկացած հրահրման և այս տարածաշրջանում լարվածության ստեղծման առնչությամբ հայտնում է իր մտահոգությունը ու թույլ չի տալիս, որ նման հրահրումները տարածաշրջանում օտար ուժերի ներկայության առիթ դառնան»,- ասվում էր դեսպանատան պաշտոնական գրության մեջ: Այս հասցեագրումն իր կոնկրետ հասցեատերն ուներ: Ադրբեջանը նպատակադրվել է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցը, որն էլ ՆԱՏՕ-ին առիթ կընձեռի հայտնվել տարածաշրջանում: Այդ պատճառով Իրանը նախապես տեղեկացնում է, որ թույլ չի տա իր սահմանի մոտ Արևմուտքի ուժերի ներկայությունը: Մյուս կողմից էլ սա հորդոր է Հայաստանին` լինել հնարավորինս ճկուն, որպեսզի երրորդ ուժը և նրա միջամտության պատրվակը բացառվեն:
Դեսպանատան հայտարարությունից հետո հերթը Իրանի ԱԳ նախարարությանն էր: Արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Ռամին Մեհմանփառասթը հարկ համարեց եղածին հավելել այն, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Իրանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել, Իրանը կողմնակից է համակարտության խաղաղ լուծմանը` միջազգայինհ օրենսդրության շրջանակում և բանակցությունների շարունակման միջոցով: Դրա հետ մեկտեղ Մեհմանփառասթը հավելեց, որ Իրանի ԱԳ նախարարությունը քննելու է ԼՂ-ի մասին Հայաստանում Իրանի դեսպանատան կողմից հրապարակված հայտարարության պատճառները: Այս կարգի կտրուկ անցումի շարժառիթը հասկանալի են դառնում, երբ լսում ենք, որ խնդրին միջամտել է Իրանում Ադրբեջանի դեսպանատունը` տարակուսանք հայտնելով, թե ինչու՞ ՀՀ-ում Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ չի հիշատակվել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կարևորությունը այն դեպքում, երբ պաշտոնական Թեհրանը բոլոր միջազգային փաստաթղթերում ճանաչել է դրանք:
Հիմա Իրանը պիտի խաղա երկու դաշտի վրա: Առանց այդ էլ Բաքուն չափից ավելի է դժգոհ հարավի հարևանից: Օրերս այդ երկրի խորհրդարանում կրկին քննության նյութ դարձավ Իրանի պահվածը, և այնտեղ ուղղակի ասացին. «Ուժեղ, աշխարհիկ, և իր խնդիրները լուծած Ադրբեջանը դարձել է Իրանի աչքի փուշը: Իրանն այնքան էլ շահագրգիռ չէ ԼՂ հակամարտության կարգավորման գործում, քանի որ վերջինիս մտահոգում է տարածաշրջանում խաղաղարար ուժերի դրոշի ներքո ոչ տարաշրջանային երկրների ռազմական միավորումների առկայության հեռանկարը»:
Իսկ եթե վերջին իրադարձությունները դիտարկելու լինենք փոքր-ինչ ընդհանրական հայացքով, ապա ակնհայտ է դառնում, որ այն, ինչ կատարվեց, ուղղված էր թե Ադրբեջանին և թե Հայաստանին: Մի կողմից Իրանն իր դրացիներին հերթական անգամ հիշեցնում էր, որ շարունակում է այս տարածաշրջանում մնալ որպես կարևոր և ազդեցիկ ուժ է: Մյուս կողմից պետք էր սառը ջուր լցնել Ադրբեջանի հակաիրանական քարոզչության վրա, սակայն այս անգամ դա ոչ թե հակազդելու ճանապարհով էր իրագործվելու, այլ հիշեցմամբ այն բանի, որ անցած ժամանակի մեջ եղել են նաև նմանօրինակ աջակցության փաստեր և կարիք չկա դրանք ուրանալ: Այդ իմաստով Հայաստանն էլ վերհիշելու բավականին բան կունենա…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Յո՞ երթաս, Յովանովիչ…

10 Մյս

Վերջին շաբաթվա ամենամեծ անակնկալը մատուցեց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Պարզվեց, որ նա պատրաստվում է ավարտել իր եռամյա առաքելությունը մեր երկրում: Յովանովիչը հունիսի սկզբներին կլքի Երևանը և կվերադառնա Վաշինգտոն` ստանձնելու իր նոր պաշտոնը` Հյուսիային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի աթոռը:
Եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ այս լուրը շատ անսպասելի էր, ապա դեսպանի մեկնումի փաստի մեջ իրականում տարօրինակ ոչինչ չկա: Տիկնոջ դիվանագիտական կենսագրությանը հետևելու դեպքում կարելի է նկատել, որ ոչ մի այլ աշխատանքում նա երեք տարուց ավել չի մնացել: Եվ այնուամենայնիվ զանազան կարգի ենթադրություններից լիովին ձերբազատվել չի հաջողվում: Ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում, և շատերն են մնում այն համոզման, որ Յովանովիչի հրաժեշտը հատկապես այս օրերին բոլորովին էլ պատահական չէ: Իսկ այդպես կարծելու համար նրանք ունեն մի քանի շարժառիթներ: Առաջին հերթին անհրաժեշտություն ծագեց մեկ անգամ ևս վերհիշելու, թե ինչպես և ինչ պայմաններում նա ժամանեց մեր երկիր: Դա դժվարին շրջան էր`2008-ի աշնանը, երբ Հայաստանում նախագահական ընտրություններից և դրանց հաջորդած դրամատիկ իրադարձություններից այնքան էլ շատ ժամանակ չէր անցել: Իսկ եթե ներքաղաքական լարված կացությանը գումարենք նաև այն փաստը, որ ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հեռանալուց հետո Վաշինգտոնը մեր երկրում մոտ երկու տարի դեսպան չուներ, ինչն էլ իր հերթին բացասաբար էր անդրադարձել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, ապա պարզ կդառնա, թե ինչպիսի պատասխանատվության բեռով ու բարդ առաքելությամբ էր դիվանագետ տիկինը գալիս Հայաստան:
Այժմ` աչքի առաջ ունենալով երեք տարիների հանրագումարը, թերև կարող ենք ասել, որ Յովանովիչին հաջողվեց լինել հնարավորինս ակտիվ դեսպան, պահպանել հավասարաչափ շփումներ ինչպես իշխանությունների, այնպես էլ հայաստանյան քաղաքական և հասարակական շրջանակների հետ: Այդ ընթացքում ամերիկացի դեսպանը հայ-ամերիկյան հարաբերությունները հետզհետե վերադարձրեց իր նախնական վիճակին` զերծ մնալով ծայրահեղ քայլերից և անցանկալի մեթոդների գործադրումից: Չի կարելի ժխտել, որ նրա հաջողություններում նշանակալի դեր խաղաց նաև մարդկային նկարագիրը: Այսօր արդեն շատերն են հավաստում այն մասին, որ Յովանովիչը արագ ինտեգրվեց հայկական միջավայրին, ձեռք բերեց բազմաթիվ բարեկամներ, սերտ կապեր է պահպանում հատկապես մշակույթի գործիչների ու արվեստագետների հետ:
Եվ հանկարծ Յովանովիչը հեռանում է Հայաստանից այնպիսի մի պահի, որը դժվար է այլ կերպ որակել, քան ներքաղաքական զարգացումների համար վճռորոշ ու հանգուցային շրջան: Շատ ավելի տրամաբանական պիտի լիներ, եթե փոփոխությունը հետաձգվեր կամ կատարվեր ավելի վաղ: Այդ իսկ պատճառով էլ թե այս փաստը և թե այն, որ իր գործունեության վերջին ամիսների ընթացքում դեսպանը հանդես եկավ մի շարք արմատական քայլերով, իրավունք տվեցին մտածել նրա պաշտոնաթողության այլ շարժառիթների գոյության մասին:
Իսկ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսք գնում: Առաջին հերթին այն, որ այս տարեսկզբից դեսպանը սկսեց ավելի հաճախ խոսել իշխանություն-ընդդիմություն առճակատման մասին: Նույնիսկ բանը հասավ նրան, որ քաղաքական դաշտում ոմանք իրենց դժգոհություններն արտահայտեցին առ այն, թե Յովանովիչի սերտ համագործակցությունը իշխանությունների հետ գերազանցում է թույլատրելի սահմանները: Դրան հաջորդեց ճիշտ հակառակ պատկերը: Այն պահին, երբ դեսպանը հրապարակավ խոսեց իշխանությունն իր ձեռքը վերցնելու հասարակության իրավունքի մասին, վերնախավն անմիջապես անհանգստության նշաններ ցուցաբերեց: Սակայն էլ ավելի զարմանալի էր դրա հանգուցալուծումը, երբ վերջին երկու ամիսներին իշխանություն-ընդդիմություն ենթադրյալ երկխոսության մեջ բանակցություններ սկսվելու հեղինակային իրավունքը վերագրվեց հենց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Խոսում են, որ այդ շրջադարձը կայացավ նրա պահանջով ու միջնորդությամբ:
Թե ինչն է այս ամենի մեջ ճշմարտանման, իսկ ինչը` հորինվածք, դժվար է ասել: Բայց և դժվար է հերքել, որ Յովանովիչի պաշտոնավարման շրջանը բարենպաստ ներգործություն ունեցավ և իշխանությունների, և նրանց ընդդիմախոսների համար:
Հաջորդ անհասկանալի քայլը, որ կատարեց ԱՄՆ դեսպանը, այն էր, որ նա այդպես էլ չմեկնեց Թբիլիսի, որտեղ կայանում էր Հարավային Կովկասում ԱՄՆ դեսպանատների ներկայացուցիչների հավաքը: Ի վերջո Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացրեց փոխդեսպան Բրյուս Դայնահաուն:
Եվ վերջապես չի կարելի մոռանալ նրա` ապրիլին արտասանած հանրահայտ ելույթը, երբ Յովանովիչը հայտնեց, որ Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրություններում տեղ գտած խախտումների և մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:
Իրենից հետո թողնելով բազմաթիվ անպատասխան հարցեր, Յովանովիչը կմեկնի մոտ մեկ ամսից: Իսկ այդ ընթացքում արդեն տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԱՄՆ Սենատի կողմից հաստատվելու պարագայում Հայաստանում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանը կարող է լինել Ջոն Հեֆըրնը, որի գործունեության հիմնական ոլորտը երկար տարիներ եղել է Արևելյան Ասիան։ Վերջինս պաշտոնավարել է Մալայզիայում, Ճապոնիայում, Չինաստանում ու Ինդոնեզիայում։ Այժմ Բրյուսելում ՆԱՏՕ-ի ամերիկյան առաքելության մշտական ներկայացուցչի տեղակալն է։
Դժվար է ասել` արդյո՞ք վերստին չի կրկնվի հին պատմությունը` մի առ ժամանակ թափուր թողնելով Երևանում դեսպանի աթոռը: Լավատեսները հակված են կարծելու, որ ներկայիս հանգուցային փուլում Վաշինգտոնն այդ բանը չի անի, իսկ հաջորդ դեսպանն իր հերթին նոր քաղաքականություն չի սկսի և կշարունակի այն, ինչի կրողն էր Մարի Յովանովիչը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ ՄԻՆՉԵՎ ՊԱՅԹՅՈՒՆԸ

24 Մրտ

Ադրբեջանի սպառնալիքը` հարվածել դեպի Ղարաբաղ թռչող ինքնաթիռներին, Բաքվի մեծաքանակ հոխորտանքների շարքում հերթական շանտաժն էր: Եվ նույնիսկ զարմանալի էր, որ այս մի դեպքում աշխարհն արձագանքեց: Սովորաբար լռությունն այնպիսին է լինում, ասել տարօրինակ ու դատապարտելի ոչինչ էլ չի կատարվում, և եթե հայկական կողմն այդ մասին ահազանգում է, ապա նրա պահվածն այլ բան չէ, քան անհիմն աղմկարարության դրսևորում: Սակայն արի ու տես, որ ներկա միջադեպն ընկալվեց` ինչպես որ հարկն էր: Առանց հավելյալ սեթևեթանքների արձանագրվեց, որ ադրբեջանցիները տվյալ իրավիճակում խոստանում են բառի բուն իմաստով ահաբեկչություն իրականացնել պետական մակարդակով և միակ նախընտրելի ճանապարհը դա են համարում` խոչընդոտելու համար Ստեփանակերտի օդանավակայանի վերջնական շահագործմանը:
Հետագա օրերին Հայաստանի համար ամենամեծ անակնկալը պիտի լիներ այն, որ կատարվածի մասին առաջին կարծիքը հնչեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ոչ անհայտ Մեթյու Բրայզայի շուրթերից: Վերջինս բաց տեքստով հայտարարեց, որ ուժի կիրառման սպառնալիքը, այդ թվում` քաղաքացիական ավիացիայի դեմ, որն ինքնին սպառնալիք չի ներկայացնում, ընդունելի չէ ու հակասում է նախագահների` խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած պարտավորություններին:
«Մենք կողմերին կոչ ենք անում համատեղ աշխատել`լուծելու համար թռիչքների առևտրային անվտանգության հարցերը մինչ Լեռնային Ղարաբաղում նոր օդանավակայանի բացումը », -նշեց դեսպանը:
Դրանից հետո իր գործընկերոջն անմիջապես լրացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մ. Յովանովիչը: Հրավիրված ասուլիսի ժամանակ նա նշեց, որ այս կարգի սպառնալիքները բացարձակ անընդունելի են: «Դա չի բխում այն սկզբունքներից, որոնց Ադրբեջանը հետամուտ պետք է լիներ բանակցային գործընթացում»,- հայտարարեց նա` ավելացնելով, որ հակամարտության կարգավորման կոնտեքստում ուժի չկիրառման սկզբունքն ամենակարևորն է:
Այս երկու հայտարարությունները քաղաքագետների կողմից որակվեցին որպես վկայությունն այն բանի, որ Միացյալ Նահանգները վերստին ակտիվացնում է իր մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում: Այնքան էլ չընդունելով նման դիտարկման իրավացիությունը, մենք դրա հետ մեկտեղ կցանկանայինք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ նշված հարցի շուրջ ամերիկացի երկու դիվանագետների խոսքերը ընդգրկված են գերազանցապես ԼՂՀ խնդրի կարգավորման համատեքստում, այսինքն երևույթը չի գնահատված իբրև ընդհանրապես ահաբեկչության սպառնալիք, այլ սոսկ դիտարկվել է որպես տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղված մարտահրավեր:
Հաջորդ «մեղադրականը» լսելի դարձավ Եվրոպայից: «Ռազմատենչ հայտարարությունները քաղավիացիայի վերաբերյալ պարզապես անհիմն են, քանի որ բոլոր հարցերն այդ ոլորտում լուծվում են միջազգային փաստաթղթերի հիման վրա»,- հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը`հղում կատարելով ոչ թե մարդկային բանականությանն ու տրամաբանությանը, այլ փաստաթղթերին ու պայմանագրերին, որոնց մեծ մասն ինչպես կնքվում, այդպես էլ պարբերաբար խախտվում են` կախված հանգամանքներից կամ տվյալ երկրի շահերից: Եվ ամենևին էլ անտեղի չէր, որ նույն օրերին European Circle հանդեսում «Որտե՞ղ է Եվրոպան» խորագրի տակ տպագրվեց «Թռիչքներ արգելող գոտի Կովկասո՞ւմ» վերնագրով հեգնական կարծիքը: Դրա հեղինակը` Բեռլինի Եվրոպական ակադեմիայի նախագահ պրոֆ. Էկարտ Դ. Շտրատենշուլթեն գրում էր, որ Ադրբեջանի սպառնալիքները սանձահարելու հարցում Եվրոպական Միության դերն առանձնահատուկ պահանջված է, քանի որ հակամարտության կողմերը կապված են Արևելյան գործընկերության ու Սևծովյան համագործակցության միջոցով: «Լավ կլինի, որ նախքան պայթյունը տիկին Էշթոնն արթնանա»,- իր հոդվածն այս բառերով էր եզրափակել պրոֆեսորը:
Իսկ մինչ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը արթնության նշաններ ցույց կտա, ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը տեղեկացրեց, որ հայկական կողմը պատրաստվում է այս հարցը բարձրացնել ICAO-ի առաջ` ակնկալելով համապատասխան վերաբերմունք Ադրբեջանի հայտարարության նկատմամբ: Հետաքրքրական էին նաև ռազմական փորձագետների կարծիքները, որոնց համոզմամբ ներկայումս Ադրբեջանի ռազմատեխնիկական միջոցները բավարար չեն իրենց խոսում-հայտարարություններն իրականացնելու համար։ Բանն այն է, որ Երևանից Ստեփանակերտ թռիչք կատարող օդանավը խոցելու համար դաշտային պայմաններից ամենամոտիկ ցամաքային սահմանը Աղդամի մերձակայքում տարածված հարթավայրն է, որտեղ հակառակորդը պետք է տեղակայի զենիթահրթիռային C 125 կամ C 200 համակարգեր: Բայց նույնիսկ հնարավոր է, որ C 125-ի հեռահարությունը չբավականացնի խոցելու օդանավը, քանի որ այն նախատեսված չէ ցածրաթռիչք նշանակետերը նման հեռավորության վրա հարվածելու համար: Մի խոսքով, Բաքուն սեփական ժողովրդին հավաստիացումներ է բաժանում` առանց դրանց գործնական կիրառության շանսերն ունենալու:
Միանգամայն այլ թեմա են այդ կարգի գործողությանը հաջորդող հետևանքները: Միջազգային պրակտիկայում բացի ահաբեկչությունից, գրեթե չկան դեպքեր, որ որևէ պետություն դիտավորյալ կերպով քաղաքացիական չվերթի օդանավ կործանի: Նույնիսկ արձանագրված պատահական դեպքերն են ժամանակին շատ լուրջ միջպետական ճգնաժամերի առիթ դարձել: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա եթե նրանք որոշեն այնուամենայնիվ իրագործել իրենց արկածախնդրությունը, ապա դա պարզապես կվերածվի ռազմական խոշորածավալ բախման: Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ հստակ հայտարարություն է արել. «Հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության կարողությունները ի զորու են պաշտպանել մեր երկինքը, իսկ հակառակորդի ցանկացած արկածախնդրության փորձ կավարտվի նրա մեծ կորուստներով»:
Ավելորդ չէ հիշել նաև այն մասին, որ մինչ օրս Երևանից Արցախ իրականացվել ու իրականացվում են տարատեսակ թռիչքներ, սակայն ոչ մի անգամ անհրաժեշտություն չի ծագել ոչ թույլտվություն հարցնել Բաքվից, ոչ էլ առանձնապես անհանգստանալ այդ թռիչքների անվտանգությամբ: Այնպես որ Ադրբեջանի ներկա սպառնալիքները և ուշացած են, և չկշռադատված:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ո՞ր մի ասածին հավատաս

14 Փտր

Իրանցի քաղաքական գործիչներն ու դիվանագետները սիրում են ժամանակ առ ժամանակ մեզ հիշեցնել իրենց ներկայությունը և նման առիթների դեպքում հատկապես ընդգծված շեշտադրությամբ խոսել տարածաշրջանում Իրանի դերակատարության մասին: Նախապատվելի թեմաներից մեկն էլ Ղարաբաղյան հակամարտությունն է, ինչի շուրջ հնչեցված դատողությունները սահմանի այս կողմում մշտապես ընկալվել են իբրև պաշտոնական Թեհրանի սկզբունքային տեսակետ: Այդ տարատեսակ ասույթները մեզ երբեմն ոգևորում են, երբեմն զայրացնում, բայց ավելի հաճախ դրանք տարակուսանք են հարուցում այն պարզ պատճառով, որ հակված են շատ արագ փոփոխվել ու վերանայվել: Այս հանգամանքը ևս կարող էր մեծ զարմանքի պատճառ չհանդիսանալ` պայմանավորված նրանով, որ իրավիճակային զարգացումներն իրենց հետ կարող էին բերել միանգամայն նոր լուծումներ ու մոտեցումներ: Բայց արի ու տես, որ տվյալ պարագայում խոսքը բոլորովին էլ դրա մասին չէ, այլ ընդամենը նույն ժամանակի մեջ մեկը մյուսին հակասող, լիովին տարբեր կարծիքների, որոնք սակայն բխում են մեկ ընդհանուր աղբյուրից և, հետևաբար, չեն կարող ընկալվել այլ կերպ, քան որոշակի քաղաքական խաղի արդյունք: Վերջին մի քանի օրերին մենք հնարավորություն ունեցանք հերթական անգամ այդ երկիմաստ պահվածքի ականատեսը լինելու:
Ստացվեց այնպես, որ Ղարաբաղի մասին միաժամանակ խոսեցին միանգամից երեք ու ևս մեկ` արդեն նախկին իրանցի դեսպան: Առաջինը Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդ Ռզա Սաջադին էր, երկրորդը` Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մամեդբահիր Բահրամին, երրորդը Հայաստանում հավատարմագրված Սեյեդ Ալի Սաղայանը և վերջապես մեր երկրում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին: Դժվար է հավատալ, որ այս «քառաձայն երգչախումբը» զուտ պատահականության բերումով համատեղվեց կարճ ժամանակի և կոնկրետ նյութի շուրջ: Կասկածից վեր է, որ սա հրաշալի ծրագրված քայլ էր, և հազիվ թե անհետևանք մնա:
Ռուսաստանում պաշտոնավորող Ռզա Սաջադին հավաստիացրեց, թե իր երկիրն անում է ամեն հնարավորը ԼՂ խնդրի կարգավորման համար: Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ հակամարտող կողմերը խնդրել են Իրանին միջնորդի դեր ստանձնել և «մենք սրտանց արել ենք դա, դրա համար էլ մենք հիմա էլ ինքնուրույն կամ Ռուսաստանի ու Թուրքիայի հետ միասին ձգտում ենք օգնել մեր հարևաններին՝ Հայաստանին ու Ադրբեջանին»:
Այն, որ Իրանը խոսում է լայն հանրությանն անծանոթ օգնության մասին, սա դեռ հստակեցման կարիք ունի: Բայց երբ դեսպանը ակնարկում է նաև Թուրքիայի օժանդակության մասին, ստիպված ես լինում
կասկածել արտասանված խոսքերի ճշմարտացիությանը: Սակայն Սաջադին միայնակ չէ իր համոզմունքների հետ: Անմիջապես նրան է ձայնակցում Հայաստանում Իրանի դեսպանը, որը բացառելով Ղարաբաղի շուրջ պատերազմի վերսկսման հավանականությունը` անմիջապես էլ բացում է փակագծերը` խոսքն այսպես հիմնավորելով. «Որովհետեւ նախ` չկան պատերազմի վերսկսման նախադրյալները, և երկրորդ` տարածաշրջանի ազդեցիկ ուժերը` ՌԴ, Իրանը, Թուրքիան և անգամ Մինսկի խմբի երկրները չեն թույլ տա, որ նման բան տեղի ունենա»: Ստացվում է, որ մեր փխրուն խաղաղության համար այս անգամ էլ մեծապես պարտական ենք Թուրքիային: Թե ի՞նչ նպատակների համար է արվում Անկարայի դերի միտումնավոր գերագնահատումը` հասկանալի է դառնում միայն այն դեպքում, երբ լսում ենք, թե Թեհրանը ու՞մ է ցանկանում ներկայացնել որպես հակակշիռ Թուրքիային: Այս անգամ խոսքն առնում է Ադրբեջանում Իրանի դեսպանը, որը խոսելով 1990–ականներին Ղարաբաղի խնդրով Իրանի անհաջող միջնորդության վերաբերյալ, այդ ձախողման համար ուղղակի մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին։ «Եթե այս երկու երկրները չմիջամտեին, ԼՂ հակամարտությունը վաղուց լուծված կլիներ»,-ասում է նա։
Քաղաքականությունը «եթե»-ներ չի սիրում, առավել ևս այս կարգի կասկածելի «եթե»-ներ: Միայն թե պարսիկ դիվանագետների մատուցած անակնկալներն այսքանով չեն ավարտվում: Դրանցից ամենահետաքրքիրը պետք է համարել հեռակա այն «գոտեմարտը», որ նույն օրը և գուցե թե նույն ժամին մղեցին Սաղայանը` Երևանից և Բահրամին` Բաքվից:
Երևանում Իրանի դեսպանը սկսեց այն բանից, որ անխնա քննադատեց Ադրբեջանին թե նրա համար, որ երկիրն այդքան մեծ զենքի կուտակում ունի, թե նրա համար, որ Բաքուն անիմաստ տեղն է փորձում Ղարաբաղյան պատերազմին կրոնական բնույթ հաղորդել: Իսկ հետո նա անցավ հիմնականին` այսինքն անդրադարձավ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների սկզբունքներին: Դրա առթիվ Սաղայանն ասաց. «Իհարկե, միջազգային փորձագետներն ասում են, որ այս երկու սկզբունքները հավասար են: Սակայն, ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, ապա կարծում եմ` դրա կարգավիճակն ավելի բարձր է: Չպետք է անտեսել մարդու իրավունքը և իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը, որի շնորհիվ էլ Հարավային Սուդանում մարդիկ հանրաքվեին մասնակցեցին ու իրենց կողմ քվեն տվեցին դրան»:
Ինչ խոսք, սա բոլոր իմաստներով հայաստանցիների համար հաճելի և ընդունելի տեսակետ է ու չի կարող չխրախուսվել մեր երկրում: Բայց` ընդամենը սա, քանի որ Բաքվում հնչում էր այն, ինչը ադրբեջանցիների լսելիքների համար էր հաճելի և բխում էր նրանց սրտից: Այնտեղ Իրանի դեսպան Մամեդբահիր Բահրամին հայտարարում էր, թե Իրանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «Իրանը միշտ քննադատել և քննադատում է ադրբեջանական տարածքների գրավումը։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, և հույս ունեմ, որ ադրբեջանական օկուպացված տարածքները շուտով ետ կվերադարձվեն»:
Ստացվում է այն, ինչ ցանկանում էին: Բոլորը գոհ են իրենց չափով, բոլոր կողմերը բավարարված են, իսկ Իրանն էլ շարունակում է մնալ սրտացավ ու առաջին ձեռքը մեկնող երկիրը: Դժվար է ասել, այս իրավիճակի վրա կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Քոլեյնի այն տեսակետը, թե Ադրբեջանը ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում, հաշվի չառնելով միջազգային ասպարեզում կատարված որոշ իրադարձություններ, հայտնվել է մեկուսացման մեջ: Կամ նշանակություն ունի՞ այն փաստը, որ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը Իրանին մեղադրում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեծ թվով փորձեր իրականացնելու մեջ, իսկ Բաքվում հակաիրանական բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են «Ահմադինեժադի բարեկամությունը Սարգսյանի հետ՝ Իրանի մահմեդական ֆանատիզմի իրական դեմք», «Ամոթ մարդասպանների հովանավորներին», «Պարսիկները, ռուսները, հայերը՝ թուրքերի թշնամիներ», «Միասնական Ադրբեջան՝ Թավրիզում գտնվող կենտրոնով» կարգախոսներով։ Համենայն դեպս, Երևանում նման բաներ կարծես թե չեն կատարվում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հարված գոտկատեղից ներքև

10 Փտր

Կարելի է վստահաբար ասել, որ փետրվարի առաջին տասնօրյակը այլ իրադարձություններով հանդերձ նշանավորվեց հատկապես Հայաստանի դեմ Wikileaks աղմկարար կայքէջի երկրորդ գրոհով: Ընդ որում, եթե առաջինի դեպքում հրապարակված փաստաթղթերը բովանդակային առումով առնչվում էին մեր երկրի արտաքին քաղաքական խնդիրներին, ապա այժմ թիրախը հանրապետության ներքին կյանքն էր, այն կյանքը, որի մասին ինքներս էլ շատ բաներ գիտենք, իսկ Wikileaks -ը եղածին հավելեց նոր մանրամասներ: Պետք է միանգամից ասել, որ սա այլ բան չէր, քան հարված գոտկատեղից ներքև, քանի որ եթե արտաքին աշխարհի հետ կապված մութ պատմությունները դեռ կարելի էր հերքել կամ ներկայացնել իբրև կողմնակի դիտորդի սուբյեկտիվ գնահատական, ապա ներքին կյանքում դա անելը շատ ավելի դժվար կլինի: Հատկանշական էր նաև այն, որ հայաստանյան թեման Wikileaks-ը որոշել էր վստահել իր գործընկեր Русский Репортер թերթին, և հենց վերջինս էլ հրապարկ հանեց մի շարք նոր գաղտնի փաստաթղթեր: Ընդհանուր առմամբ այս բացահայտումների խումբը ներկայացնում էր մեր երկրի վիճակը վերջին 4-5 տարիների ընթացքում: Ու թեև տարբեր աղբյուրներում խոսքը գնում էր առանձին վերցրած դեպքերի և իրադարձությունների մասին, սակայն արդյունքում ստացվում էր այն, ինչը կարելի է անվանել նույն բառակապակցությամբ, որը գործածել էին ամերիկացի դիվանագետները` «Բանդիտական Հայաստան»:
Ահա Երևանում ամերիկյան դեսպանատան գաղտնի նամակագրությունից մի էջ, որտեղ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն իր մտահոգություններն է հայտնել երկրում գործազրկության պատճառով անչափահասների շրջանում մարմնավաճառության լայն տարածման վերաբերյալ: Ահա մեկ ուրիշը, որտեղ խոսքը է գնում թրաֆիքինգի զոհ դարձած կանանց մասին, և որոնց խնդրի առնչությամբ դեսպանը որոշում է քննարկում ունենալ ՀՀ Գլխավոր դատախազի հետ: Եվ ի՞նչ: Ըստ Էվանսի, դատախազը սկզբից փորձել է վիճարկել խնդրի իսկությունը, այնուհետ համաձայնել է գործով հետաքննություն սկսել, ինչն, իհարկե, չի սկսվել…
Մեկ այլ դիվանագետ`Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնն իր հեռագրում անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսական իրավիճակին, ինչն, ըստ նրա, ավելի է ծանրացել համաշխարհային տնտեսական ճգնաժամի և քաղաքական անկայունության հետևանքով ու արտագաղթի պատճառ հանդիսացել: Ասվում է, որ նույնիսկ միջին դասի ներկայացուցիչներն այլևս հույսեր չեն կապում Հայաստանի ապագայի հետ և չեն հավատում, որ երկիրը կարող է դառնալ կայուն և բարգավաճող: 2008 թ. ապրիլին կազմված զեկուցագրի վերջում էլ նշվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո երկիրը լքել է մոտ 1 միլիոն մարդ:
Wikileaks- յան շարքի ծանր մեղադրանքներից կարելի է համարել նորվեգական Aftenposten թերթի միջոցով հրապարակված նյութերը` ստացված Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից, որտեղ ադրբեջանական պնդումներն են այն մասին, թե իբր որոշ բարձրաստիճան քաղաքական և իշխանական պաշտոնյաներ, ներառյալ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, անձնական շահույթներ ունեն այս առևտրից: Մեկ այլ «շահույթի» ամբաստանություն էլ օրերս բաժին հասավ Վարդան Այվազյանին, ով, ըստ Wikileaks-ի հրապարակման, բնապահպանության նախարար եղած ժամանակ 3 մլն դոլարի կաշառք է պահանջել «Global Gold Corporation» ընկերությունից: «Մի՞թե ես նման եմ ապուշի, ով կաշառք կվերցներ»,- դրանից հետո հայտարարեց Վ. Այվազյանը` մոռանալով, որ սովորաբար ոչ բոլոր կաշառակերներն են ապուշներ և դա լավագույն փաստարկը չէ ներկայացված մեղադրանքը հերքելու համար:
Գալով փաստաթղթերի այն խմբին, որ վերնագրված էր «Բանդիտական Երևան», նախ ասենք, որ այս ոչ այնքան գեղարվեստական ստեղծագործության հեղինակը Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն է, ով հարկ էր համարել Վաշինգտոնի իր գործընկերներին պատմել 2008-ի հոկտեմբերին տեղի ունեցած մի շարք քրեական դեպքերի մասին` կատարված Սպիտակում, Երևանում, Ստեփանավանում, և այդքանով հանդերձ Հայաստանի հյուսիսն անվանել արյունոտ: Դեսպանն անկեղծորեն նշում էր, որ անօրինականությունը նոր բան չէ Հայաստանում, հատկապես քաղաքական, տնտեսական և քրեական ոլորտներում: Չէր մոռացել ընդգծել, որ սկսել են հաճախակի դառնալ հարկահանների ու մաքսավորների սպանությունները, և ապա ողջ իրավիճակի համատեքստում նոր երևույթ էր համարել դիվանագետների և օտարերկրացիների վրա հարձակումները:
Նոր երևույթների մասով շատ ավելի անսպասելի ու հետաքրքրական էր տեղեկությունն այն մասին, թե ինչպես են բրիտանական ընկերությունները մութ գործարքների մեջ մտնում իրանական կազմակերպությունների հետ`շրջանցելով պատժամիջոցների սահմանափակումները, և դրանց մասնակից են դարձնում նաև հայկական կողմին: Այդ մասին էր գրել «The Daily Telegraph»-ը` վկայակոչելով Wikileaks-ին: Ըստ այդ փաստաթղթերի՝ ընկերությունները ինքնաթիռներ են տրամադրել իրանական Mahan Air ավիաընկերությանը, սակայն դա արել են Ինդոնեզիայում գրանցված «Հայաստանի կապույտ ավիաուղիներ»` Blue Airways of Armenia ավիաընկերության միջոցով: Ինքնաթիռները տրամադրվել են հայերին, որոնք էլ իրենց հերթին դրանք փոխանցել են Իրանի իսլամական հեղափոխության պահակազորին: (Հիշեցնենք, որ սրանից առաջ ԱՄՆ-ն Հայաստանին մեղադրում էր Իրանին բուլղարական զենք վաճառելու համար):
Նոր բացահայտումների չափաբաժինն, իհարկե, այսքանով չի ավարտվում: Սակայն եղածն էլ բավարար է մի որոշ ժամանակ հանրությանը զբաղեցնելու, նրա պահանջները բավարարելու իմաստով:
Բայց մինչ այդ Հայաստանում ամերիկյան դեսպանատունն իրեն ուղղված հարցումներին պատասխանեց, թե «Պետքարտուղարությունը նյութերի, այդ թվում գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքի վերաբերյալ մեկնաբանություններ չունի», և ապա պարզաբանեց, որ այդ փաստաթղթերը հաճախ արտաքին քաղաքականության նախնական ու ոչ ամբողջական պատկերն են ներկայացնում և առանձին վերցրած չեն կարող համարվել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ներկայացնող փաստաթուղթ:
Հայաստանի պատկան մարմիններն էլ իրենց հերթին որոշեցին տուրք տալ փրկարար լռությանը: Այն հարցին, թե ԱԳՆ-ն ինչպես կմեկնաբանի եղածը, այդ գերատեսչության մամլո խոսնակը պատասխանել էր. «WikiLeaks-ի հրապարակումների մասով մեր վերաբերմունքը արտահայտվել է հանրապետության նախագահի խոսնակի կողմից` դեռ երկու ամիս առաջ»: Հիշեցնենք, որ նախագահի խոսնակն էլ իր հերթին ասել էր ընդամենը հետևյալը. «Ես ձեռնպահ եմ մնում այլ երկրի ներքին գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանություններից»:
Իհարկե, փաստաթղթերն ուրիշինն են, բայց խնդիրներն էլ հո մե՞րն են…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Զրոյական սինդրոմի կնքահայրը

21 Հնվ

Մենք սովոր ենք այն բանին, որ անգլիական դիվանագիտությունն այս տարածաշրջանում ներկայանա իր թվացյալ չեզոքությամբ և սակավախոսությամբ: Իհարկե, գոյություն չունի հատուկ վիճակագրություն այն մասին, թե Հայաստանում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը ի՞նչ հաճախականությամբ է ներկայացնում իր երկրի պաշտոնական տեսակետն այս կամ այն հարցի շուրջ, բայց որ նա հանրաճանաչությամբ կգրավեր վերջին տեղերից մեկը, սա անվիճելի է: Այնպես որ դեսպանի ցանկացած հայտնություն վերածվում է իրադարձության և անմիջապես հասկանալի է դառնում, որ նրա խոսքերի թիկունքում պետք է որոնել նախանշվող փոփոխությունների ստվերը և կամ (լավագույն դեպքում) արդեն ամրագրված դիրքորոշումների վերահաստատումը:
Այժմ ևս Լոնսդեյլը քիչ անակնկալներ չմատուցեց, երբ օգտագործելով Երևանում ՆԱՏՕ-ի Ռազմավարական հայեցակարգի հայերեն տարբերակի շնորհանդեսի առիթը, հարկ համարեց ներկաների համար շարադրել իր երկրի վերաբերմունքը Հայաստանի համար կարևորագույն երկու հարցերի` ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Նկատենք, որ երկու դեպքերում էլ Մեծ Բրիտանիան անմիջականորեն ներգրավված չէ գործընթացներում, չնայած ամեն գնով ցանկանում է տպավորություն ստեղծել, թե մեծ ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում խաղաղության և երկխոսության ամրապնդման ուղղությամբ: Սակայն, սրանով հանդերձ, չի կարելի չհամաձայնել այն մտքի հետ, որ Լոնդոնի շահերից է բխում կայունության պահպանումը և բնականոն հարաբերությունները հատկապես Ադրբեջանի հետ, ինչը նշանակում է չանտեսել էներգետիկ նշանակության առավելությունը մյուս գործոնների նկատմամբ: Ու եթե բրիտանացիները ժամանակ առ ժամանակ հիշում են նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրների մասին, ապա դա էլ արվում է սոսկ քաղաքակիրթ երկրի իմիջը չվնասելու նկատառումներով:
Բայց այժմ ստացվել է այնպես, որ ի հայտ են եկել միանգամայն նոր նրբերանգներ, որոնցով էլ թերևս պայմանավորված էր դեսպանի ելույթի անհրաժեշտությունը: Իբրև այդպիսի ելակետային գործոն նախ և առաջ շեշտվեց Մեծ Բրիտանիայի նորացված վերաբերմունքը Ղարաբաղի հարցի առնչությամբ: Հատկանշականն այստեղ ոչ այնքան այն էր, որ Լոնդոնը սատարում է Մինսկի խմբի ջանքերը, որքան այն, որ, ըստ նրանց, հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի միջազգային իրավունքի ընդունված սկզբունքների շրջանակներում` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում: «Ցանկացած հակամարտություն կարգավորելու համար պետք է գործեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, չի կարելի մի սկզբունքը ավելի բարձր դասել, քան մյուսը, քանի որ այդ սկզբունքները հավասար են»,- ասաց դեսպանը` վերահաստատելով Լիսաբոնի գագաթաժողովի ժամանակ ընդունված ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգի հանրահայտ դրույթը: Եվ սա արդեն լուրջ տեղաշարժ է, քանի որ նախկինում երբեք անգլիացիները հավասարության նշան չէին դրել այդ հակոտնյա սկզբունքների միջև:
Այսօր դեսպանը Հայաստանին ու Ադրբեջանին խորհուրդ է տալիս հաղթահարել զրոյական սինդրոմը` պարզաբանելով, թե մի պետության հաղթանակը դեռ չի նշանակում մյուսի պարտությունը: Նրա գնահատմամբ, այդ «զրոյական գումարի սինդրոմն» այն լուրջ մարտահրավերն է, որ առկա է տարածաշրջանում: Ու երբ Լոնսդեյլը ասում է, թե չի կարելի ամեն ինչ տեսնել միայն սև ու սպիտակ գույների ներքո, ապա ակամա մտածում ես, որ վատ չէր լինի, եթե վերոհիշյալ սինդրոմի սեփական ախտանիշերի հաղթահարմամբ զբաղվեին նաև Մեծ Բրիտանիայում: Չէ՞ որ այդ նրանք են, որ ճանաչեցին թե՛ Կոսովոյի, թե՛ Հարավային Սուդանի անկախացման իրավունքը, սակայն Ղարաբաղի մասով կարծում են, որ յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է և առանձնակի մոտեցում է պահանջում:
Համարժեք պատկեր կարելի է դիտարկել անգլիացիների վերաբերմունքի մեջ, երբ խոսքը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին: Ոչ վաղ անցյալում ամեն կերպ Անկարային աջակցող Լոնդոնն այժմ հանկարծ հայտարարում է այն մասին, որ Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ, եթե չբացի Հայաստանի հետ սահմանը: «Մենք աննորմալ ենք համարում փակ սահմաններ ունենալը այս դարաշրջանում: Ինչպես հայտնի է, Թուրքիան ձգտում է Եվրամիություն մտնել: Դա անելու համար նա պետք է խնդիրներ չունենա հարևանների հետ, պետք է ձերբազատվի բոլոր նման խնդիրներից»,- ասում է դեսպանը` իրապես զարմացնելով բոլորիս: Դեռ ավելին, Մեծ Բրիտանիան խրախուսում է հարաբերությունների բարելավման գործընթացը առանց նախապայմանների: Իսկ երբ հարցն առնչվում է Ցեղասպանության ճանաչմանը, ապա նախկին մերժողականությանը փոխարինելու է գալիս մեղմ վերապահումը, որն իր անդրադարձն է գտնում այսպիսի շարադրանքում. «Երբեք չպետք է մոռանանք զանգվածային սպանդը, բռնի տեղահանություններն ու կոտորածը, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին: Բայց նաև կարևոր ենք համարում հայացքն ուղղել առաջ: Իհարկե, սա չի նշանակում մոռանալ անցյալը, բայց պետք է ամեն ինչ անենք, որ հնարավոր լինի առաջ գնալ և դրական համագործակցության հիմք ստեղծել»: Ստացվում է, որ Թեմզայի ափին ըստ էության չեն էլ ժխտում եղեռնի փաստը, պարզապես անկեղծորեն խոստովանում են, որ իրենց կողմից որևէ մեկին առաջնություն տալը որևէ լավ բանի չի հանգեցնի: Այնինչ ընդամենը մեկ տարի առաջ էր, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Դեյվիդ Միլլերը բոլորովին այլ ճշմարտություն էր բարձրաձայնում` հայտարարելով, թե «քանի դեռ Բրիտանիայի ու Թուրքիայի հարաբերությունները հիմնված են տնտեսական, քաղաքական ու ռազմական շահերի վրա, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այս երկրում չի քննարկվի»:
Այն, որ առաջիկայում ևս այդ թեման քննության նյութ չի դառնա Լորդերի պալաստում, սա ևս հասկանալի է, ինչպես որ ղարաբաղյան հարցում պետք չէ սպասել Մեծ Բրիտանիայի ակտիվ միջամտությանը: Այս իմաստով էլ երիցս իրավացի էին այն անգլիացիները, ովքեր ժամանակին մեզ հուշում էին, թե իրականությունն այն է, որ Հայաստանը Ադրբեջան չէ, որտեղ Բրիտանիան ֆինանսական հետաքրքրություններ ունի, ոչ էլ Վրաստան է, որն այսօր ռազմավարական նշանակություն ունի: Եվ ուրեմն կարիք չկա խոսել ինչ-որ զրոյական սինդրոմների կամ սև ու սպիտակ գույների համադրության մասին, քանի դեռ անկաշկանդ քայլեր ձեռնարկելու մասին գաղափարներ հրամցնողը ինքը չի ձերբազատվել կաղապարներից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՆՏՈՒԱՆ Դ’ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

11 Դկտ

Բարեկամը նա է, ով չի դատում, բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի և անկյունում դրված նրա ձեռնափայտի առջև ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը։ Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը։
Եթե հյուրը պատմում է այն գյուղի վրա թափված սովի սարսափների մասին, որտեղից նա ճանապարհ է ընկել, բարեկամը նրա հետ միասին տանջվում է սովից։ Քանի որ, քեզ այդ մասին ես արդեն ասել եմ, բարեկամը մարդու մեջ այն մասն է, որ միշտ քո կողմից է, և բարեկամը քո առջև բացում է այն դուռը, որ երբեք չէր բացի մեկ ուրիշի առջև։ Եթե քո բարեկամը իսկական է, ու այն ամենը, ինչ նա ասում է, ճշմարտություն է, նա քեզ սիրում է նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշ տանը նա քեզ ատում է։ Եկեղեցում իմ բարեկամը նա է, ում հետ, աստծո ողորմածությամբ, ես հանդիպում եմ, այդ նա է, ով դեպի ինձ այն դեմքն է ուղղում, ինչպիսին որ իմն է՝ նույն Աստծով լուսավորված, այսպիսով մեր միությունը կայացել է, նույնիսկ եթե եկեղեցու պատերից այն կողմ նա վաճառական է, իսկ ես նավապետ, նա այգեգործ է, իսկ ես՝ ծովագնաց։
Չնայած մեզ բաժանող պատնեշներին, ես գտել եմ նրան, և նրա բարեկամն եմ։ Նրա կողքին ես կարող եմ լռել և ամենևին չվախենալ իմ ներքին այգիների, իմ լեռների, իմ ձորակների, իմ անապատների համար, գիտեմ որ երբեք նա չի տրորի դրանք։ Այն, որ բարեկամս լինելով, սիրո հետ միասին ինձնից ստանում է, կարծես իմ ներքին թագավորության դեսպանը լինի։ Եվ ես նրան քնքշորեն ընդունում եմ, նստեցնում ու լսում եմ նրա խոսքը։ Եվ մենք միասին երջանիկ ենք։ Մի՞թե դու երբևէ տեսել ես, որ ես, ընդունելով դեսպաններին, նրանց վրա ուշադրություն չդարձնեմ կամ որևէ բանում մերժեմ միայն նրա համար, որ իմ տերությունից հազարավոր օրեր տևող ճանապարհի ծայրին գտնվող նրանց հեռավոր թագավորության խորքում մարդիկ սնվում են կերակուրներով, որոնք իմ ճաշակով չեն, կամ էլ նրանց և իմ սովորույթները նման չեն միմյանց։ Բարեկամությունը ոգու հանգստությունն ու վեհ ճախրանքն է մանրուքների ոչնչության վրայով։ Եվ ես չեմ կարող նախատել իմ սեղանի շուրջը նստած մարդուն։
Այնպես որ, իմացի՛ր` հյուրընկալությունը, հարգալից վերաբերմունքն ու բարեկամությունը մարդու հայտնագործումն են մարդու մեջ։ Ես ինչ՞ ունեմ անելու Աստծո տաճարում, եթե նա հանկարծ սկսի տնտղել իրեն հավատացող և խոնարհվելու եկող մարդկանց հասակի կամ էլ գիրության մանրամասները։ Ինչ՞ ունեմ ես անելու բարեկամի տանը, եթե նա չցանկանալով հաշվի առնել իմ հենակները, հանկարծ ստիպի ինձ պարել` դատելու համար, թե ինչի՞ եմ ես ընդունակ։
Աշխարհում դու այդպիսի շատ դատավորների կհանդիպես։ Եթե խոսքն այն մասին է, որ դու ուրիշ՝ ավելի կոպիտ մարդ դառնաս, թո՛ղ այդ գործը թշնամիներին։ Նրանք մայրի խորտակող հողմի նման հաճույքով կվերցնեն այդ իրենց վրա։ Քո բարեկամը ստեղծված է քեզ ընդունելու համար։ Եվ եթե եկեղեցի ես գալիս Աստծու մոտ, նա չի դատում քեզ, նա քեզ ընդունում է։