Պահոց | Մարտի, 2011

ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

31 Մրտ

ԴԵՊՔ ՊԱՏԱՀԱԾ ՄԵՌԱԾ ԴԵՄՔԻ ՀԵՏ

— Պատկերացնում եմ, թե ինչպիսի անհամբերությամբ եք սպասում տեսնելու խեղճին,- ասաց զոքանչը` աճապարանքով ուղեկցելով տղամարդուն այն սենյակը, ուր պառկած էր նրա մահացած կինը:
— Ահա տեսեք, թե ինչ է արել նրան մահը,- ասաց նա և ուզեց հանգուցյալի դեմքից ետ գցել սպիտակ ծածկոցը:
Բայց փեսան անսպասելիորեն կանգնեցրեց նրան.
— Սպասեք մի րոպե: Ես կուզենայի նայել նրան առանց կողմնակի անձանց: Չի՞ կարելի արդյոք ինձ նրա հետ մենակ թողնել:
Նրա խոսքերը փոքր-ինչ տարօրինակ տպավորություն գործեցին սենյակում հավաքված ազգականների վրա: Բոլորը լուռ դուրս եկան` իրենց ետևից փակելով սյոձիները:
Նա ետ քաշեց սպիտակ ծածկոցը:
Տառապանքը սառել էր մահացած կնոջ դեմքին: Ցամաքած այտերը փոս էին ընկել, և կիսաբաց բերանից դուրս էին ցցվել դեղնած ատամները: Վերին կոպերը ծխախոտաթղթի պես բարակ ու թափանցիկ, թվում էին կպած ակնախնձորներին: Ճակատի ուռած երակները վկայում էին նրա կրած տանջանքների մասին:
Վախենալով շարժվել` ամուսինը երկար ժամանակ նստած նայում էր մահացած կնոջ տգեղ ու տանջահար դեմքին: Հետո նա վեր կացավ, մոտեցավ հանգուցյալին ու դողացող ձեռքերով փորձեց միացնել ծնոտները: Բայց հենց որ նա ձեռքերը հեռացրեց, հանգուցյալի ատամները նորից բացվեցին: Տղամարդը նորից սեղմեց կնոջ բերանը, բայց նրա շրթունքները կրկին դանդաղ բացվեցին` մերկացնելով դուրս ցցված այլանդակ ատամները: Նա այդպես արեց մի քանի անգամ, բայց ապարդյուն: Այնուամենայնիվ, նա նկատեց, որ հանգուցյալի բերնի շուրջը գոյացած խոշոր ու վշտալի ծալքերը դարձան ավելի մեղմ ու նուրբ:
Նա զգաց, որ իր մատները թեժացան, ասես նրա մարմնի ամբողջ ջերմությունը կուտակել էին իրենց մեջ, և սկսեց եռանդուն կերպով տրորել կնոջ ճակատի խոր կնճիռներն ու ուռած երակները: Նա այդպես արեց այնքան ժամանակ, մինչև որ ափերն սկսեցին այրվել: Հետո նորից նստեց հանգուցյալի կողքին ու նայեց նրա դեմքին, որը նրա ձեռքերի ջերմությունից կարծես մի տեսակ թարմացավ` դարձավ ավելի հանգիստ, խաղաղ ու բարի:
Այդ ընթացքում սենյակ մտան հանգուցյալի մայրն ու կրտսեր քույրը:
— Դուք հավանաբար ճանապարհից հոգնած կլինեք: Ձեզ հարկավոր է ճաշել ու հանգստանալ:
Բայց հանկարծ զոքանչն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել և կերկերուն ձայնով ասաց.
— Աստված իմ, ինչպիսի ուժ կա մարդու հոգում: Խեղճ աղջիկն այնպես չէր ուզում մեռնել, սպասում էր Ձեր վերադարձին: Ձեր մեկ հայացքն էլ բավական էր, որ նրա դեմքը դառնար հանգիստ ու քնքուշ: Դե լավ… թողեք խեղճը խաղաղ ննջի:
Հանգուցյալի կրտսեր քույրը իր անասելի հիասքանչ, լուսաշող աչքերով նայեց փեսայի փոքր-ինչ խելագար աչքերի մեջ և, բարձրաձայն հեկեկալով, ծնկի եկավ:

Թարգմ.` Ե. Հայրապետյանի

ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ ԿՏԱԿԸ

31 Մրտ

«Բոլորին
Այն բանի համար, որ մեռնում եմ, չմեղադրեք ոչ ոքի և խնդրում եմ, մի բամբասեք: Հանգուցյալն այդ բանը սոսկալի չէր սիրում:
Մայրիկ, քույրեր և ընկերներ, ներեցեք- սա ձև չէ (ուրիշներին խորհուրդ չեմ տալիս), բայց ելք չունեմ: Լիլիա- սիրիր ինձ:
Ընկեր կառավարություն, իմ ընտանիքը` Լիլիա Բրիկ, մայրս, քույրերս և Վերոնիկա Վիտոլդովնա Պոլոնսկայան: Եթե դու տանելի կյանք ապահովես նրանց համար- շնորհակալություն:
Սկսած բանաստեղծությունները հանձնեք Բրիկներին, նրանք կհասկանան:
Ինչպես ասում են, «ինցիդենտը սպառված է»,
Սիրո նավակը
բախվեց կենցղին:
Կյանքի հետ հաշիվս մաքրել եմ,
էլ չթվարկեմ
Փոխադարձ ցավեր,
փորձանք դառնաղի:
Լավ մնացեք:
Վլադիմիր Մայակովսկի
12.4. 30 թ.

Ընկեր Վապպականներ, ինձ փոքրոգի չհամարեք: Լուրջ- ոչինչ չես անի:
Ողջույն:
Երմիլովին ասացեք, որ ցավում եմ- հանեց լոզունգը, պետք էր դեռ կռվել:
Գրասեղանիս մեջ 2000 ռուբլի կա- հարկը վճարեք: Մնացածը վերցրեք Պետհրատից:
ՎՄ»:

Թշնամին չկրակել չի կարող

31 Մրտ

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը ստիպված էր խոստովանել, որ իր լավատեսությունը` Լեռնային Ղարաբաղի խնդրում որոշակի առաջընթացի հասնելու իմաստով, արժանացավ նույն ֆիասկոյին, ինչը բաժին էր ընկել նրա նախորդներին: Նույնիսկ առաջին հայացքից ոչ մի բարդություն չներկայացնող հարցում նա ի վերջո հաստատեց, որ ինքը երկկողմանի մերժումի է արժանացել: Խոսքն այն մասին է, որ թե Հայաստանը և թե Ադրբեջանը հրաժարվեցին դիպուկահարների հետքաշման առաջարկից: Ու թեև մինչև վերջ էլ Աժուբալիսը շարունակում էր համառել, որ «նմանօրինակ առաջարկները վստահության փոքրիկ քայլեր են», սակայն ԵԱՀԿ գործող նախագահը վատ գիտի այդ վտահության ձեռքբերման գինը:
Վերջինս դեռ Բաքվում մարտի 14-ին հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կողմերը պետք է ջանքեր գործադրեն հրադադարի ռեժիմի ամրապնդման ու փոխվստահության բարձրացման ուղղությամբ` նշելով, թե շփման գծում արձանագրված միջադեպերը հաստատում են իր այն համոզմունքը, որ «կողմերը պետք է դուրս բերեն դիպուկահարներին շփման գծից»: «Կողմերից և ոչ մեկը շահող դուրս չի գա ստեղծված իրավիճակում`ոչ քաղաքական, ոչ էլ ռազմական առումով»,-հայտարարել էր ԵԱՀԿ գործող նախագահը:
Այս դեպքում Աժուբալիսն ուղղակի պարավոր էր իմանալ, որ կես տարի առաջ Ադրբեջանը բառացիորեն հայտարարել էր այն մասին, որ դիպուկահարների հետքաշումը իր խորին համոզմամբ չի նպաստի հակամարտության կարգավորմանը: Նման ձևակերպումը ոչ մի դեպքում չի կարող երկիմաստ դիտվել և պիտի նշանակի հետևյալը` մեզ հրադադար պետք չէ, մեզ սահմանային անվտանգություն պետք չէ և խաղաղությունը չի բխում մեր շահերից: Հենց այսպիսի պատասխանի էլ անցյալ տարվա սեպտեմբերին արժանացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով ևս մեծ հույսեր էր կապում բարի կամքի հետ:
Իսկ ի՞նչ արեց Աժուբալիսը: Նախորդներից դասեր քաղելու փոխարեն նա որոշեց, որ կարելի է շրջանցել համառին և ողջ ջանքերը կենտրոնացնել անհամեմատ ավելի բարյացկամ կողմի զգացմունքների վրա: Եվ մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նա Հայաստանին առաջարկեց միակողմանիորեն հեռացնել դիպուկահարներին շփման գծից: «Եկեք դիպուկահարներին հեռացնենք շփման գծից, եկեք ստեղծենք 24 ժամ գործող թեժ գիծ: Կարծում եմ, որ եթե այս միջոցառումներն իրականացվեն, կօգնեն կրճատել լարվածությունը»,- իր դերի մեր էր գործող նախագահը: Սակայն Երևանում այնքան էլ հակված չէին տուրք տալու պոռթկումներին: Հրադադարը լավ բան է, սակայն ինչու՞ միակողմանի և ինչու՞ այդ միակ կողմը պիտի դառնա հենց Հայաստանը, որը կարծես թե սահմանային գոտում իրեն շատ ավելի զուսպ է դրսևորում, քան հակառակորդը:
Եվ եթե ԱԳ նախարար Նալբանդյանի պատասխանը առավելագույնս կոռեկտ էր ու դիվանագիտական ( «Ես կցանկանայի հիշեցնել, որ վերջին երկու տարիներին դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու կոչերը թե’ Հայաստանը, թե’ Ղարաբաղը պաշտպանել են»), ապա շիտակ ուղղախոսությունը բաժին ընկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ով Աժուբալիսին պատասխանեց այս կերպ. «Մենք այսօր հիմք ունենք հայտարարելու, որ Ադրբեջանը արդեն այս տարիների ընթացքում մի քանի անգամ խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, և նման իրավիճակում մենք չենք կարող մեզ թույլ տալ ձեր առաջարկությունը ընդունել»:
Մերժվածների շարքերը համալրեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր մարտի կեսերին եկան տարածաշրջան, փորձեցին կրկին բարձրացնել դիպուկահարների խնդիրը, սակայն վերադարձան ձեռնունայն ու իրենց խորը ափսոսանքն արտահայտեցին համատեղ հայտարարության տեքստում:
Այդ ընթացքում քաղաքական շրջանակներում բուռն քննարկումներ էին ծավալվել միջնորդների պահվածքի և նրանց տրված պատասխանի նպատակահարմարության շուրջ: Մի հարցում բոլոր կողմերը միակարծիք էին` առաջարկությունը պետք էր ուղղել հակամարտող երկու թևերին, այլ ոչ թե միայն մեկին, որն այդ դեպքում հայտնվում էր ակամա մեղավորի դերում: Շատերը նկատեցին այն փաստը, որ, չգիտես ինչու, լռությամբ շրջանցվեց ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ կապված միջադեպը, երբ վերջինս հերթական դիտարկումն էր անցկացնում սահմանին, և այդ ժամանակ ադրբեջանցի դիպուկահարները կրակ բացեցին նրա ուղղությամբ: Այդ կրակոցները մեծ հաշվով ուղղված էին ոչ թե ներկայացուցչի, այլ հենց Աուդրոնյուս Աժուբալիսի դեմ ու տալիս էին նրան հուզող հարցերի ամենալիարժեք պատասխանը:
Հայկական կողմը բազմաթիվ առիթներով է առաջարկել հայ-ադրբեջանական շփման գծից հեռացնել դիպուկահարներին: Հայաստանն առաջինն էր, որ խոսում էր գործուն մեխանիզմների մշակման մասին, իսկ երբ ծնվեց սահմանում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հետաքննություն անցկացնելու գաղափարը, դարձյալ հայերը հայտարարեցին, թե այդ հետաքննության ամենաշոշափելի արդյունքը կլինի այն, եթե Ադրբեջանը միջազգային հանրության ճնշման ներքո շփման գծից դուրս բերի իր դիպուկահարներին:
Այդ ամենը չեղավ: Սակայն եղավ ու կատարվում է մեկ այլ բան: Դեռևս այս տարվա հունվարի վերջին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն իր զինված ուժերի համար դիպուկահարներ պատրաստելու նպատակով ձեռք է բերել ռուսական մարզագույք ու զինամթերք, և սկսել է լայնածավալ դասընթացներն այդ ուղղությամբ: Մի երկիր, ով սահմանային սպանությունների համակարգ է մշակում, նրա հետ անիմաստ է խոսել բարի կամքի մասին: Զուգահեռաբար տեղին պիտի դիտվի տարակուսանքն այն փաստի առթիվ, որ այդ նպատակի համար անհրաժեշտ պարագաները նա ձեռք է բերում մեկ այլ երկրից, որը միջնորդ կողմ է ու պնդում է, թե հակված է սահմանին հաստատել խաղաղություն ու բացառել անմեղ մարդկանց մահվան դեպքերը:
Ըստ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ամփոփագրերի, անցած տարվա համեմատ այս տարի ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվն ավելացել է 30-40 տոկոսով: Ադրբեջանական կողմը այս տարվա առաջին երկու ամիսներին դիպուկահար կրակ է բացել 192 անգամ, հայկական կողմը՝ 21 անգամ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

31 Մրտ

Մի գիշեր, բավականին վատ եղանակով, կարծեմ Բարեկենդանի չքնաղ օրերից մեկն էր, բեռնավորված հրացաններով` գնում էինք հեռու թաղերից մեկը, հասարակ տեղափոխություն էր: Պատահական կերպով անցա ամերիկյան որբանոցի առաջից , և հանկարծ, լսեցի եվրոպական մի երգի ձայն, որ երգում էր մի խումբ, հավանորեն կանայք, դաշնամուրի ներդաշնակությամբ: Հատկապես տեղս մեխվեցի և մի քանի վայրկյան ականջ էի դնում երգի ելևէջին: Մեջս ծնեցին տխուր-տխուր մտքեր: Մտածում էի, որ այս եվրոպացիները հանուն ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ եկել են մեր երկիրը և մեր թշվառության վրա մի բուրժուական երջանկություն հիմնել և դրանով իրենց մարդկայնական պարտականությունը կատարած են համարում, իսկ որբանոցից մի քանի քայլ անդին, հազար գյուղեր ու քաղաքի թաղեր, մերկ ու անոթի, հեկեկում են. նրանք էլ թշվառության երգն են մրմնջում… Բայց ինչո՞ւ մեր թշվառության վրա եվրոպացիների` իրենց համար հիմնած երջանկությունը մենք մարդասիրություն ենք համարում… Մտքերի ասոցիացիան հեռու-հեռու տարավ ինձ: Վերջը խորին համոզմունքով բացականչեցին. «Երանի թե այս ծով դժբախտության վայրում այս մի հատիկ օվասիսն էլ չլիներ»: Օվասիս, որ խաբուսիկ ու օդային է: Կարծես եվրոպական երգի մեղեդիները դիսոնանս էին համատարած երգի ալիքների մեջ…
Ախ, երանի այն օրերին, երբ որբանոցները և նման բուրժուական հիմնարկությունները կդադարեն օվասիս լինելուց, և այս դժբախտ երկրի ժողովուրդները կկարողանան իրեն կուլտուրական հանճարով և տնտեսական արդար վաստակով ստեղծել ամբողջ երկրի համար, բոլոր հասարակությունների և ժողովուրդների համար մի ավելի ալտրուիստ ու ռադիկալ ձգտումներով օվասիս…

ՆԻԿՈԼԱՅ ՌԵՐԻԽ

31 Մրտ

Այժմ միայն քչերը չեն գիտակցում, որ երկրի ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական ողջ բարեկեցությունը կախված է երեխաների գիտակցության մեջ դրվող հիմքերից, բայց և այնպես այդ ուղղությամբ ոչինչ չի արվում:
Խայտառակություն է, երբ որևէ երկրի ուսուցիչները գտնվում են կարիքի և ծայրահեղ չքավորության մեջ: Ամոթ նրանց, ովքեր գիտեն, որ իրենց երեխաներին ուսուցանում է չքավոր մարդ: Ապագա սերնդի ուսուցիչների մասին հոգ չտանելը ոչ միայն խայտառակություն է, այլև ժողովրդի տգիտության նշան: Կարելի՞ է արդյոք երեխային վստահել ընկճված մարդուն` չիմանալով, որ ճնշված հոգին խանդավառություն չի առաջացնի: Կարելի՞ է արդյոք ուսուցչությունը համարել չնչին զբաղմունք: Կարելի՞ է արդյոք հուսալ երեխաների հոգու լուսավորության, եթե դպրոցը պետք է լինի նվաստացման և վիրավորանքների տեղ: Կարելի՞ է արդյոք սրտի կրակներ ակնկալել, երբ հոգին լռում է: Ասում եմ, կրկնում եմ, որ ժողովուրդը, մոռանալով ուսուցչին, մոռացել է իր ապագան:
Բաց չթողենք ժամը, որպեսզի միտքը մղենք դեպի ապագայի բերկրանքը: Բայց հոգանք, որ ուսուցիչը լինի երկրի ամենաարժեքավոր դեմքը: Գալիս է ժամանակը, երբ հոգին պետք է կրթվի և ուրախանա ճշմարիտ իմացությամբ: Կրակը շեմին է…

ԽՓՎՈՒՄ ԵՔ, ՏՂԵՐՔ…

31 Մրտ

Գիշերն է դառնում ջաղացքարի պես,
Աղում քաղաքի տաղտուկն անհոգի,
Խաբեբան ուրախ իր դուռն է կողպել,
Վաշխառուն քնել բարձերին փողի…
Պանդոկներ կան, որ բաց են մինչև լույս
Մեղավոր սիրո ու հացի դեմ զեխ-
Սրանից հեռու, սրանից հեռու
Խփվում եք, տղերք:

Երեկ էլ, ավաղ, մեռնողը մեռնում,
Ապրողն ապրում էր,- օրենք է անարգ,-
Խավարին ընդդեմ միշտ լույսն է ելնում,
Մարդկանց աշխարհում չկա այլ հնարք:
Սակայն երեկ էլ, և վաղն էլ հացը
Հաց է կոչվելու, մղեղը` մղեղ…
Դուք եք լցնում մեր երազի քաղցը
Ու զոհվում, տղերք:

Պտտվում է մեր անիվը համառ`
Արնոտ ճռինչով խավարում կարծր,
Հրվելով հրում դեպի հաջորդ դար
Մեր արմենոիդ վարքը փայփայած:
Դուք եք տանողը: Մնացածներս
Ճառ ենք, տեսիլք ենք, նինջ ենք ու տարերք,
Դուք մեզ էլ հաղթած, մեր թշնամուն էլ`
Խփվում եք, տղերք:

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԵՐԸ

30 Մրտ

«… Հունվարի 6-ին առբաժնի միջոցով հրավիրվեց կոնսիլիում` բաղկացած 3 բժշկից: Բժիշկներն ասացին, որ ոչինչ անել հնարավոր չէ և պետք է րոպե առ րոպե սպասել վախճանին: Լույս 7-ի ամբողջ գիշերը չքնեց, մի քանի անգամ խնդրեց իրեն հագցնել և նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպե անգամ չէր կարողանում նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին, և խնդրում էր դրանք շփել, իսկ ինքը հանգիստ էր: Հարցնում էր` ի՞նչ եմ ես կարծում, ու՞մ համար է ավելի դժվար` նրա՞, որ մեռնում է, թե՞ հարազատների, որ մնում են… Միայն ասում էր` որքան հնարավոր է շուտ գնանք Մոսկվա…
… Առավոտյան ես գնացի հաջողացնելու մեր մեկնումը: Վերադարձա, նա խնդրեց բժիշկ հրավիրել… Գնացի այն ռազմա-սանիտարական գնացքի բժիշկին բերելու, որով մենք Սամարայից եկել էինք (գնացքը դեռ կանգնած էր Օրենբուրգ-1-ում, 9 վերստ հեռու): Երբ մենք մեկ ժամից հետո եկանք, նրա զարկերակը գրեթե չէր խփում, սակայն ֆելդշերին նա ճանաչեց և շատ ուրախացավ: Երբ սրսկում էինք, նա խոսում էր ու հարցնում. «Կարելի՞ է անվերջ սրսկել և այդպիսով կյանքը երկարացնել դարձյալ մեկ շաբաթով…
…Կամֆորայից հետո երկու ժամ դեռ գիտակցությունը տեղն էր: Խնդրեց հանգիստ նստել իր մոտ և լաց չլինել ու չվազվզել: Այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ դա մահ է…»:

Անահիտ Շահիջանյան

«Տերյանի վերջին խոսքերը.
— Ու՞ր է իմ պայուսակը: Ես ընկնում եմ…»

Սաքո Սուքիասյան

«… Թաղեցին Տերյանին այնպես, ինպես խնդրել էր նա իր բանաստեղծության մեջ` «Ինձ թաղեք, երբ վերջին վերջալույսն է մարում», հունվարյան կարճ օրվա վերջում, երեկոն իջնելուց առաջ: Շատ հայեր էին եկել, նրանք ծաղիկներ էին բերել` այն ամենը, ինչ կարելի էր ճարել ձմեռային քաղաքում: Հավաքվել էին նաև ինձ անծանոթ մարդիկ. բանակի շտաբից, նահանգգործկոմից, հարևան տների բնակիչները` ռուսներ, թաթարներ, լեհեր: Ես գերեզմանոց չգնացի. հոգեհացի էր պետք պատրաստվել, իսկ առանց տանտիրուհու այդպիսի գործերում յոլա չես գնա: Բայց ինձ հետո պատմեցին, որ այնտեղ էլ ամեն ինչ այնպես էր եղել, ինչպես կտակել էր ժամանակին բանաստեղծը. «Ինձ անխոս թաղեցեք…»:
Մարգարիտ Վեքիլյան

Ի՞նչ է Ռուսաստանի ուզածը

30 Մրտ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Մոսկվան որոշակի իմաստով «պահպանողական» է իր արտաքին քաղաքականության մեջ: Հայտնի իրողություն է, որ այնտեղ, որտեղ արևմտյան ուժերը համախմբվում են որևէ մեծ նպատակի շուրջ, Ռուսաստանը մշտապես իրեն հեռու է պահում: Նման գործելաոճը ռուսներին դարձնում է ոչ թե կռահելի, այլ առավելագույնս ինքնուրույն, մի բան, որ դժվար է ասել Արևմուտքի շատ երկրների մասին: Եվ Լիբիայի դեպքը նույնպես բացառություն լինել չէր կարող: Այն պահից ի վեր, երբ աֆրիկյան այդ երկրում իրադարձությունները սկսեցին զարգանալ ողբերգական սցենարով, Ռուսաստանն առաջինների թվում էր, որ արձագանքեց դրանց: Արդեն մարտի սկզբին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր ստորագրեց Լիբիային բոլոր տեսակի զենք, զինամթերք ու ռազմական տեխնիկա առաքելու արգելքի մասին: Դրա հետ մեկտեղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարեց, թե իրենք ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում դեմ կարտահայտվեն Լիբիայի ներքին գործերին ռազմական միջամտություն ցուցաբերելու որոշումներին:
Այս մի հարցում ռուսները թերևս շտապել էին կամ գերագնահատել էին իրենց անկախ պահվածքը: Բանն այն է, որ երբ վրա հասավ ճակատագրական որոշումը կայացնելու պահը, Ռուսաստանը ընդամենը ձեռնպահ քվեարկեց: Ավելի ուշ պաշտոնական Մոսկվան պիտի արդարանար, թե Անվտանգության խորհրդում չի օգտագործել վետոյի իր իրավունքը, քանի որ բանաձևի դրույթների հետ ընդհանուր առմամբ համաձայն էր: Սակայն նման բացատրությունն անլիարժեք էր ու ոչ համոզիչ: Առաջին հերթին պարզ չէր, թե որտեղ էր ավարտվում համաձայնության սահմանը և սկսվում տարակարծության ոլորտը: Այդ պատճառով էլ հարկ է իբրև հիմք ընդունել նախագահ Մեդվեդևի անհամեմատ անկեղծ մի արտահայտությունը, ըստ որի «չի կարելի ասել, որ Ռուսաստանը չի հասկանում, թե ինչ է անում»: Ընդունենք, որ Ռուսաստանը գերազանց հասկանում է: Իսկ ի՞նչ է անում նա:
ՄԱԿ-ի բանաձևի ընդունումից անմիջապես հետո Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարեց, որ ռուսական ռազմական ուժերի մասնակցությունը Լիբիայում բացառվում են: Երկու օր անց այն բանից հետո, երբ դաշնակիցները սկսեցին ռմբահարել Լիբիայի քաղաքները, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը խիստ քննադատության ենթարկեց Անվտանգության խորհրդին, որն, ըստ նրա, թույլ է տալիս օտարերկրյա ներխուժում իրականացնել ինքնիշխան երկրի տարածք: «ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը լիարժեք չէ ու վնասակար է: Այն թույլ է տալիս ամեն ինչ և խաչակրաց արշավանքի միջնադարյան կոչ է հիշեցնում»,- հայտարարեց Պուտինը:
Նրա ելույթից բառացիորեն 3 ժամ հետո Լիբիայի իրավիճակի վերաբերյալ հատուկ ելույթով հանդես եկավ Մեդվեդևը: Նա ասաց, որ անթույլատրելի է համարում այնպիսի արտահայտությունները, որոնք, ըստ էության, կարող են քաղաքակրթությունների բախման հանգեցնել: Խոսքն, իհարկե, «խաչակրաց արշավանքի» մասին էր: Դրանից հետո նախագահը նաև հավելեց, որ ինքն է ցուցում տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո չդնել բանաձևի վրա, իսկ արտգործնախարարությունն այդ ցուցումը կատարել է: «Ես չեմ համարում, որ այս բանաձևը սխալ է, ավելին` կարծում եմ, որ բանաձևն ընդհանուր առմամբ նաև մեր տեսակետն է արտահայտում Լիբիայում տեղի ունեցողի վերաբերյալ»,- ամփոփիչ մտքում հին թեզը վերաշարադրեց նա:
Բայց նույնիսկ այս դիտողությունը չհանդարտեցրեց Պուտինին, ով այնուհետև ևս շարունակեց պնդել, թե Լիբիայիում ռազմական օպերացիան ողբերգություն է, և դրան հավանություն տվողները պետք է աղոթեն իրենց հոգիների փրկության համար: Պուտինին անհանգստացրել էր այն թեթեւությունը, որով ԱՄՆ-ը որոշում է կայացնում ուժ կիրառել միջազգային ասպարեզում: «ԱՄՆ քաղաքականությունը կայուն տենդենցներ է ձեռք բերում: Բիլ Քլինթոնի օրոք ռմբակոծում էին Բելգրադը, Բուշի օրոք` Աֆղանստանն ու Իրաքը: Հերթը Լիբիայինն է: Որտե՞ղ է տրամաբանությունը կամ խիղճը: Երկուսն էլ բացակայում են»,- եզրահանգել էր Պուտինը:
Ահա թե որտեղ է ռուսների իրական մարտադաշտը: Ամերիկացիները ռմբահարում են Լիբիան, իսկ ռուսները հարվածում են Վաշինգտոնի հեղինակությանը: Այդ պատճառով էլ Ռուսաստանի ճշմարիտ ձանը պետք է փնտրել ոչ թե այդ երկրի նախագահի, այլ վարչապետի խոսքերի մեջ: Դերերի հստակ բաշխում է տեղի ունեցել: Մեկը մեղադրանքներ է շպրտում գերտերությունների դեմքին, մյուսը հարթում է սուր անկյունները: Սակայն առաջինի տպավորությունն է ամենաուժգինն ու մտապահվողը:
Նման դեպքերի համար ռուսներն ունեն նաև «էպիզոդային» դերակատարներ: Դրանցից մեկն էլ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին է, ում լեզուն ոսկոր չունի: Հենց նա էր, որ օրերս այն համոզմունքը հայտնեց, թե շուտով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն կտա նաև ցամաքային ներխուժմանը Լիբիա և կընդունի 3-րդ բանաձևը: Դրանից հետո Ժիրինովսկին դիմեց Նոբելյան կոմիտեին` խնդրելով զրկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Նոբելյան մրցանակից: Վլադիմիր Վոլֆովիչի կարծիքով, Օբամային այդ մրցանակի հանձնումը չի համապատասխանում Լիբիայում ԱՄՆ գործողություններին: «Այդ ինչպիսի խաղաղապահններ են դրանք, որ «Թամահաուք»-ներով ռմբակոծում են ողջ երկրի տարածքը»,- բացականչել էր նա ու հավելել, որ ԱՄՆ-ի գործողությունները «ագրեսիայի ակտ» են և կարող են դիտարկվել որպես «գաղութարարական քաղաքականություն»:
Հաջորդ ապտակը հասցրեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, ով, ինչպես գրում է ամերիկյան The Washington Post-ը, հրապարակավ ստորացրեց իր գործընկեր Ռոբերտ Գեյթսին ու ողջ ամերիկյան վարչակազմին, երբ միջազգայի հանրությանը՝ ԱՄՆ գլխավորությամբ, մեղադրեց Լիբիայի խաղաղ բնակչության սպանելու մեջ և կոչ արեց անհապաղ դադարեցնել կրակը: Նույն թերթը նշել էր, թե Սերդյուկովը Գեյթսի ներկայությամբ բառացիորեն «նախատել է Օբամային»։
Խնդիրը, որն իր առաջ դրել է Ռուսաստանը, առայժմ կատարվում է անխափան: Վերջին խոսքը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովինն էր, ով երեկ հայտարարեց, թե «Հաղորդագրություններ կան Քադաֆիի զորքերի դեմ օդային հարձակումների, զինված ապստամբներին աջակցություն ցուցաբերելու մասին: Այն երկրները, որոնք պարտավորվել են կատարել Անվտանգության խորհրդի բանաձևը, պետք է հաշվի նստեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի, այլ ոչ՝ ուրիշ կառույցների հետ»: Այդ կողմնակի կառույցների թվում Լավրովն առաջին հերթին նկատի ուներ ՆԱՏՕ-ին, որը ստանձնեց լիբիական օպերացիայի հրամանատարությունը: Եվ դա ասվում է` նկատի ունենալով, որ ապրիլի 15-ին Բեռլինում տեղի է ունենալու ԱԳ նախարարների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Մեծ է հավանականությունը, որ խորհրդակցության ընթացքում Լիբիայում առկա իրավիճակի մասին հարցը կլինի առանցքային։ Սակայն սա կարող է չափազանց ուշացած և ժամանակավրեպ երկխոսություն լինել, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի արագությամբ են զարգանում իրադարձությունները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

30 Մրտ

ՍԻՐՏԸ

Նա նամակ ստացավ ամուսնուց, որ չէր սիրում նրան և լքել էր: Նամակը եկավ հեռվից, նրա հեռանալուց երկու տարի անց: Նա գրում էր. «Երեխային թույլ մի տուր գնդակ խաղալ, նրա հարվածները հասնում են ինձ և խփում իմ սրտին»:
Կինն իր իննամյա աղջկա ձեռքից վերցրեց գնդակը:
Ամուսնուց նորից նամակ եկավ: Էլ ավելի հեռու տեղից: «Թող աղջիկը,- գրում է նա,- կաշվե կոշիկներով դպրոց գնա: Նրա ոտքերի դոփյունը հասնում է ինձ և ինձ այնպես է թվում, կարծես տրորում են իմ սիրտը»: Կինն աղջկան կաշվե կոշիկների փոխարեն տվեց փափուկ նրբաթաղիքե կոշիկներ: Աղջիկը լաց էր լինում, և ամեն ինչ վերջացավ նրանով, որ նա այլևս դպրոց չգնաց:
Երկրորդ նամակից մի ամիս անց ամուսինն ուղարկեց ևս մեկը: Ձեռագիրն անհարթ էր, անվստահ ու ծերունական:
Նա գրում էր. «Աղջկան ճենապակե խոր ամանով ճաշ մի տուր: Այդ սպասքի զնգոցը հասնում է ինձ և կտրատում իմ սիրտը»:
Եվ կինն սկսեց աղջկան կերակրել ինչպես երեք տարեկան երեխայի` փայտե կերակրաձողիկներով: Նա հիշեց այն ժամանակները, երբ աղջիկը երեք տարեկան էր, իսկ ամուսինը` ուրախ ու գոհ, դեռ ապրում էր իրենց հետ:
Նրան չհարցնելով, աղջիկը մի անգամ մոտեցավ պահարանիկին ու վերցրեց իր խոր ճաշամանը: Մայրն աղջկա ձեռքից արագ խլեց ճենապակե խոր ճաշամանը ու նետեց այգի: Վերջինս զարկվեց սալարկված քարերով ճանապարհին ու փշուր-փշուր եղավ: Հոնքերը կիտելով` նա դուրս նետեց նաև իր ամանը. լսվեց նույնպիսի մի ձայն: Իսկ գուցե ամուսնու սիրտը հիմա փշուր-փշուր եղավ:
Նա դեն նետեց նաև ճաշի սեղանիկը, որը նույնպես դուրս թռավ այգի: Օ, այդ ձայնը: Խենթի պես նա նետվեց դեպի թղթե շարժական միջնորմը, սկսեց թակել այն բռունցքներով և պատռելով այն իր մարմնի ծանրությամբ` ընկավ հատակին:
— Մայ-րիկ,- լալով մոտ վազեց աղջիկը,- մայ-րիկ…
Նա մի փոքր բարձրացավ և ապտակեց աղջկան:
— Դու լսու՞մ ես, լսու՞մ ես այդ ձայնը, անպետք աղջիկ:
Ամուսինը նորից նամակ ուղարկեց:
Այն ուղարկված էր նոր ու էլ ավելի հեռու տեղից:
Ամուսինը գրում էր. «Դուք այլևս չպետք է ծպտուն հանեք: Դուք չպետք է բացեք և փակեք դռներն ու սյոձիները: Դուք չպետք է լարեք ժամացույցը, որպեսզի չլսվի նրա տկտկոցը: Դուք չպետք է շնչեք…»:
— Դուք չպետք է… դուք չպետք է…,- շշնջում էր կինը, և արցունքներն առվակի պես հոսում էին նրա այտերով:
Եվ տանն սկսեց այլևս ոչ մի ձայն չլսվել: Մի խոսքով, մայր ու աղջիկ մահացան: Բայց որքան էլ տարօրինակ է, բարձի վրա մահացած կնոջ դեմքի կողքին նաև նրա մահացած ամուսնու դեմքն էր:

ՎՈԼՏԵՐ

30 Մրտ

Ապրել` նշանակում է աշխատել: Աշխատանքը մարդու կյանքն է: Մարդը ստեղծված է գործ անելու համար: Գործ չանելը և գոյություն չունենալը մարդու համար միևնույն բաներն են: Աշխատանքը մեզ փրկում է երեք մեծ չարիքից` ձանձրույթից, անբարոյականությունից, կարիքից: Սակայն ոչ թե գործն է ստեղծված մտքի համար, այլ միտքն է ստեղծված գործի համար: Երբեք չեն լինում մեծ գործեր առանց մեծ դժվարությունների: Մեծ գործերի համար անհրաժեշտ է անխոնջ հաստատակամություն: Հաստատակամությունը մտքի արիությունն է: Այն ենթադրում է լուսավորյալ վճռականություն: Կամակորությունն, ընդհակառակը, ենթադրում է կուրացում: Տեսնել և ստեղծել նորը` շատ մեծ բավականություն է:
Ոչ մի բանի պետք չէ նա, ով պետք է միայն ինքն իրեն: Անչափ փոքրիկ մարդիկ անչափ մեծ գոռոզություն ունեն: Ցածրակարգ մարդկանց գոռոզությունը շարունակ իրենք իրենց մասին խոսելու մեջ է, իսկ բարձրակարգ մարդկանցը` իրենց մասին բնավ չխոսելու մեջ: Որքան անհեթեթություններ են ասում մարդիկ միայն որևէ նոր բան ասելու ցանկությունից: Մինչդեռ մշտական վեհակերպությունը սոսկ միջակության դիմակն է: Անձնապաշտությունը օդով լցված գունդ է, որից մրրիկներ են դուրս ժայթքում, երբ այն ծակում են: Դրա համար էլ սուտը այն պատճառով ենք ամենամեծ խայտառակությամբ նշավակում, որովհետև բոլոր վատ արարքներից դա ամենից հեշտ է թաքցնել և ամենից ավելի հեշտ է կատարել: Միայն թույլերն են վատ արաքներ գործում: Ուժեղներին ու երջանիկներին դրանք պետք չեն: Օգտվեք, բայց մի չարաշահեք` այսպիսին է իմաստության կանոնը: Ոչ ինքնազսպումը, ոչ էլ շռայլանքը երջանկություն չեն բերում:

Եվս մի զեկույց` վասն ոչնչի

29 Մրտ

Շուրջ հինգ ամիս պահանջվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից հրապարակելու համար անցյալ տարվա հոկտեմբերին Ղարաբաղում իրենց դաշտային առաքելության արդյունքներն ամփոփող զեկույցը: Գնահատման առաքելության հաշվետվությունը ներկայացվեց անցած շաբաթ Վիեննայում և, նրանց իսկ ձևակերպմամբ, բացահայտում էր «Լեռնային Ղարաբաղին հարող Ադրբեջանի 7 օկուպացված տարածքներում» տիրող իրավիճակը, ներառյալ` մարդասիրական ու այլ հարցերով: Հիշեցնենք, որ սա 2005 թվականից ի վեր միջազգային հանրության առաջին առաքելությունն էր, ինչպես նաև ՄԱԿ-ի պաշտոնյաների առաջին այցը վերջին 18 տարիների ընթացքում: Եթե զեկույցի ողջ ասելիքը ներկայացնենք մեկ նախադասությամբ, ապա դիտորդների վերաբերմունքն այս էր. «Դաժան իրականությունն այս տարածքներում ավելի է խորացրել համանախագահների համոզմունքը, որ ստատուս քվոն անընդունելի է»:
Հենց սկզբից փաստաթուղթն իր անորոշ, երկիմաստ ձևակերպումներով հարուցեց ինչպես հայաստանցիների, այնպես էլ ադրբեջանցիների դժգոհությունը: Բաքվի սպասելիքները շատ ավելին էին, քանի որ առաքելություն կազմակերպելու նախաձեռնությունը նրանցն էր: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա այստեղ նկատում էին տողատակերում քողարկված այն միտումները, որոնք խնդիրը հրում էին միանգամայն այլ հարթություն: Վերլուծաբանների և առանձին քաղաքական ուժերի տեսակետները հանգում էին հետևյալ հետևությանը. առաքելության առաջադրանքն ի սկզբանե սխալ է եղել՝ ուսումնասիրություններ անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղի ներսում ու անվտանգության գոտու տարածքում, մինչդեռ զուգահեռ առաջադրանք չի դրվել ուսումնասիրել Ադրբեջանի վերահսկողույթյան տակ գտնվող տարածքները, ինչը կբացառեր ամեն կարգի միակողմանի մոտեցումները և հավասար վերաբերմունք կցուցաբերեր երկու կողմերի հանդեպ։ Ասվածից բխում էր այն համոզմունքը, որ համանախագահները նպատակ ունեն ստեղծել մի իրավիճակ, ինչը թույլ կտա ստիպել հայկական կողմին տարածքներ զիջել: Ներկայացնելով ամբողջական պատկերը, դիտորդները բավականին խտացրել էին գույները, և սա նույնպես նպատակային էր, որպեսզի բանակցությունների ժամանակ կարողանան ճնշում գործադրել հայկական կողմի վրա այն իմաստով, որ եթե այդ տարածքները չեն օգտագործվում, չեն բնակեցվում ու մշակվում, բնականաբար ձեզ դրանք պետք չեն: Իսկ թե ո՞վ է ստեղծված իրավիճակի մեղավորը`դրա մասին ոչինչ չէր ասվում: Եվ հենց այստեղ էլ զեկույցի հեղինակները վրիպել էին, քանի որ նրանց անդեմ ու անհասցե հայտարարությունները չեն կարող որևէ կերպ ճեղքում ապահովել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում:
Գալով ղարաբաղյան կողմի արձագանքին, նկատենք, որ վերջիններս թեև նշում են, որ համանախագահները հիմնականում օբյեկտիվ են եղել, սակայն անմիջապես էլ հավելում են, թե զեկույցի բոլոր ձեւակերպումները չէ, որ դուր են գալիս իրենց։ «Դա մանավանդ վերաբերում է ստատուս-քվոյի պահպանումը թույլ չտալուն։ Դրանով ակնարկ է արվում, որ գոյություն ունեցող իրողությունները չեն համապատասխանում տարածաշրջանի քաղաքական կայունությանը։ Մենք այդպես չենք կարծում»,- ասում են Ստեփանակերտում: Ամեն դեպքում, երեք կետերի շուրջ որոշակի համաձայնության եզր այստեղ տեսնում են: Նախ դրական է որակվում այն, որ համաախագահներն առաջարկում են Ստեփանակերտը ներգրավել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մեջ։ Խրախուսելի է համարվում այն հանգամանքը, որ համանախագահները կրկին պնդում են խնդրի՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը։ Եվ վերջապես կարևոր ու դրական տեղաշարժ է, որ միջնորդները չեն հավատացել ադրբեջանական քարոզչությանը, թե իբր ԼՂՀ հարակից տարածքներում իշխանությունները խրախուսում են թմրանյութերի աճեցմանը, միջուկային թափոններ են կուտակվում և նմանատիպ այլ հորինվածներ:
Կարճատև սպասումից հետո համարյա միաժամանակ իրենց պաշտոնական դիրքորոշումներն արտահայտեցին Երևանի ու Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչությունները: Հայաստանի ԱԳՆ-ն գրավոր մեկնաբանություն տարածեց` ընդհանուր առմամբ չհակադրվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի սկզբունքային կետերին: Դրա հետ մեկտեղ հայտարարության մեջ ասվում էր. «Ակնկալում ենք նաև, որ Մինսկի խմբի համանախագահները հնարավորին կարճ ժամկետներում կայցելեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատված, Մարտունու շրջանի արևելյան մաս, ինչպես նաև Շահումյանի շրջան ու համապատասխան զեկույց կկազմեն այնտեղ տիրող իրավիճակի մասին»: Այս պահանջ-առաջարկը լավագույն ապացույցն էր այն բանի, որ Երևանում այնուամենայնիվ բավարարված չէին միջնորդների միակողմանի մոտեցումից և կփորձեն վերականգնել հավասարակշռությունը:
Ադրբեջանն իր հերթին զեկույցը ընթերցեց այնպես, ինչպես իրեն էր ձեռնտու: Այդ երկրի ԱԳՆ-ի կողմից տարածած պաշտոնական հայտարարությունում աջակցության ջերմ խոսքեր էին հասցեագրված Մինսկի խմբի համանախագահներին, քանի որ վերջիններս, ըստ Բաքվի, կոչ էին արել «հրաժարվել ցանկացած գործունեությունից, որը կարող է ժողովրդագրական, սոցիալական, ինչպես նաեւ մշակութային բնույթի փոփոխությունների հանգեցնել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում»:
Եթե որևէ փաստաթուղթ տարընթերցումների առիթ է տալիս, դա արդեն լավ փաստաթուղթ որակվել չի կարող: Եվ բացի այդ, այնքան էլ հասկանալի չէ, թե ի վերջո այս և համանման բոլոր զեկույցներն ինչո՞վ են նպաստելու Ղարաբաղյան հարցի հանգուցալուծմանը: Անցած 20 տարիների ընթացքում ահռելի քանակությամբ էջեր են գրվել, կարծիքներ ու դիտարկումներ են թղթին հանձնվել, սակայն դրանք նույնիսկ աննշան չափով հարցը տեղից չեն շարժել ու որևէ կերպ չեն նպաստել կողմերի հաշտեցմանը:
Իսկ այս ընթացքում արդեն մեկ այլ կառույց` Միջազգային ճգնաժամային խմբը (ՄՃԽ) շտապեց տեղեկացնել, թե իրենք պատրաստվում են մի քանի զեկույց պատրաստել ԼՂ հակամարտության վերաբերյալ: Դրանցից մեկի թեման լինելու է շփման գծում հրադադարի խախտման միջադեպերը, երկրորդ զեկույցում ՄՃԽ-ն նախատեսում է ուղիներ առաջարկել լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի առաջընթացի համար, երրորդ զեկույցը նվիրված է լինելու Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, նրանց քաղաքական, տնտեսական ու սոցիալական պայմաններին: Եվ ուրեմն առաջիկայում բանավիճելու, անիմաստ ջուր ծեծելու բազում առիթներ են սպասվում բոլորիս:

Հովիկ Չարխչյան

ՀԵՌԱԽՈՍԸ

29 Մրտ

(դրամա ցանկացած թվով գործողությամբ)

Ա.- Ալո, բարև ձեզ:
Բ.- Բարև ձեզ:
Ա.- Սահակը տա՞նն է:
Բ.- Այստեղ Սահակ չկա:
Ա.- Ինչպե՞ս թե չկա, երբ ինձ նրա համարն են ասել:
Բ.- Ուրեմն սխալվել են:
Ա.- Հիմա ես ի՞նչ անեմ:
Բ.- Չգիտեմ, դա ձեր գործն է:
Ա.- Ինչպե՞ս թե` իմ գործն է: Հիմա ես ինչպե՞ս գտնեմ Սահակին:
Բ.- Գտեք` ինչպես կուզեք:
Ա.-Դե իհարկե, եթե բոլորն էլ ձեզ պես մտածեն…
Բ.- Իսկ ի՞նչ կհրամայեք անել:
Ա.- Ես ոչինչ չեմ հրամայում: Ես Սահակին եմ ուզում:
Բ.- Ուրեմն փնտրեք ճիշտ համարը:
Ա.- Ինչու՞ փնտրեմ, եթե ինձ արդեն ասել են:
Բ.- Քաղաքացի, դուք ի՞նչ է, չլինի՞ ծաղրում եք:
Ա.- Մտքովս էլ չի անցնում: Ես պարզապես շատ կարևոր գործ ունեմ:
Բ.- Ուրեմն զբաղվեք ձեր գործով:
Ա.- Առանց Սահակի չեմ կարող:
Բ.- Խնդրեք մեկ ուրիշին, թող օգնի:
Ա.- Ու՞մ դիմեմ: Դուք, օրինակ, կօգնեի՞ք:
Բ.- Դե եթե անհրաժեշտ լիներ… Իսկ ի՞նչ է պետք անել:
Ա.- Ուզում եմ Սահակին գտնել:
Բ.- Բայց ախր ես ոչ մի Սահակ չեմ ճանաչում:
Ա.- Այդ դեպքում ինչու՞ են ձեր համարն ինձ տվել:
Բ.- Ես ի՞նչ գիտեմ: Սխալմունք է, պատահականություն:
Ա.- Առաջներում երբեք նման բան չի եղել:
Բ.- Ոչինչ, ամեն բան առաջին անգամից է սկսում:
Ա.- Միայն չփորձեք ինձ մխիթարել:
Բ.- Իսկ ես չեմ էլ փորձում:
Ա.- Իզուր: Կարելի էր ավելի մեծահոգի լինել:
Բ.- Եվ դուք դեռ բողոքու՞մ եք ինձնից, որ ձեզ հենց սկզբից գրողի ծոցը չուղարկեցի…
Ա.- Մի կոպտեք:
Բ.- Իսկ դուք մի չարաշահեք համբերությունս:
Ա.- Մտքովս էլ չի անցնում: Ես մարդ եմ փնտրում:
Բ.- Նա այստեղ չէ:
Ա.- Իսկ ու՞ր է:
Բ.- Չեմ ասի:
Ա.- Ինչպես թե` չեք ասի:
Բ.- Հենց այդպես: Գաղտնիք է:
Ա.- Դուք, ի՞նչ է, իսկապե՞ս գիտեք նրա տեղը:
Բ.- Դե իհարկե: Ես միակն եմ, որին նա տեղեկացնում է այդ մասին:
Ա.- Այդ դեպքում ինչու՞ հենց սկզբից չասացիք:
Բ.- Իսկ ես պարտավոր չեմ ամեն պատահական զանգահարողի տեղեկություններ հաղորդել:
Ա.- Ես պատահական մեկը չեմ:
Բ.- Դա դեռ հարց է:
Ա.- Ի՞նչ է, ինձ չե՞ք հավատում:
Բ.- Իհարկե ոչ:
Ա.- Ինչու՞:
Բ.- Պատճառներ ունեմ:
Ա.- Ի՞նչ պատճառներ:
Բ.- Հիմնավոր:
Ա.- Բայց ես չվստահելու առիթ չեմ տվել:
Բ.- Տվել եք:
Ա.- Ե՞րբ:
Բ.- Քիչ առաջ:
Ա.- Չեմ հիշում:
Բ.- Իզուր: Բայց ոչինչ, վաղը Սահակն ինքը կհիշեցնի:
Ա.- Չեմ հասկանում, դուք ի՞նչ եք ուզում ինձնից:
Բ.- Ախ, դուք չեք հասկանում… Ոչինչ, դրա ժամանակն էլ կգա:
Ա.- Սատանան տանի, ես այս ու՞ր եմ զանգահարել:
Բ.- Ինչպես թե` ուր: Սահակենց բնակարանը:
Ա.- Ի՞նչ Սահակ:
Բ.- Նա, որին փնտրում եք:
Ա.- Ես ոչ մի Սահակ էլ չեմ փնտրում:
Բ.- Այդ դեպքում ինչու՞ եք զանգահարել այստեղ:
Ա.- Չեմ հիշում:
Բ.- Իսկ ո՞վ պետք է հիշի:
Ա.- Չգիտեմ: Դուք, օրինակ, հիշու՞մ եք:
Բ.- Հիշում եմ: Ձեզ Սահակն էր պետք:
Ա.- Իսկ հիմա պետք չի:
Բ.- Ինչպե՞ս թե: Չէ՞ որ կարևոր գործ ունեիք:
Ա.- Դա իմ պրոբլեմն է: Քիչ առաջ ունեի, հիմա չունեմ:
Բ.- Ուրեմն Սահակին էլ չե՞ք ուզում:
Ա.- Մի՞թե հասկանալի չէ: Ոչ:
Բ.- Հիմա ես ի՞նչ անեմ:
Ա.- Ի՞նչ պիտի անեք: Ցած դրեք խոսափողը: Առանց այդ էլ կես ժամ է զբաղեցնում եք ինձ:
Բ.- Ե՞ս եմ զբաղեցնում…
Ա.- Իհարկե: Եվ այլևս չփորձեք պարապ հարցերով ինձ անհանգստացնել…
(Ցած է դնում խոսփողը)

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

28 Մրտ

… Հիշողությունները: Իմ գրքերը միշտ իմ էության մասնիկներն են, ամեն նախադասություն, ամեն մանրամասնություն ծնունդ է առնում մի իրական եղելությունից: Անշուշտ, իմ հիշողությունը թեմատիկ է: Այսքանով հանդերձ ուզում եմ մեկընդմիշտ ասել, որ Գարսիա Մարկեսը ռեալիստ գրող է և զուրկ է երևակայությունից: Հետո երբեմն պատահում է, որ նա հասնում է ռեալիզմի սահմանից մեկ միլիմետր այն կողմ… Ի վերջո, իմ գրելու տեխնիկան միշտ գալիս է արհեստից` լրագրությունից: Իրական դեպքերը որսալու և լուսանկարելու նույն եղանակն է: Հետո վրա է հասնում բանաստեղծությունը և փրկում է կրոնը: Լրագրությունը ընթանում է դեպի գրականություն և հակառակը: Ես եղել եմ լրագրող, հրատարակիչ, երգիչ, կինոռեժիսոր, ու միշտ ասում էին. «Զգուշացիր, այդ բոլորը սպանելու են գրականությունդ»: Ոչ: Գրողին, ով կարողանում է պատմել, ոչ ոք չի կարող սպանել: Նույնիսկ մահը:
Հիշողությունը պահպանում է իսկական հիշատակներ, կարևորները: Սարսափելին եղելությունը արձանագրելն է: Երբեմն երևում է, երբեմն թաքնվում: Մի օր փողոցում տաքսի եմ տեսնում, չեմ կանչում, քանի որ լիքն է: Հետո մոտենում եմ ու տեսնում, որ դատարկ է: Վարորդին ասում եմ. «Մի մտահոգվեք, կախարդանք է, որ հաճախ է պատահում»: Դեպքը պատմում եմ Լուիս Բունյուելին: Ասում է. «Գեղեցիկ է, բայց պատմություն չէ»: Իսկ հետո գալիս է գրելու մղձավանջը: Ամեն առավոտ երկու ժամ ստամոքսի ցավեր, վերջապես հանկարծակի ինչ-որ բան է սկսում հայտնվել: Գիրը հորդում-ցայտում է ջրի պես: Գիրը սաղմնավորվում է, բայց երբեմն գրիչը քեզ տանում է, սավառնում:
… Վախենում եմ մահից, քանի որ երբեք պիտի չկարողանամ այն պատմել: Մինչդեռ սերը իմ միակ գաղափարականությունն է: Սերը սկիզբ է առնում ամեն առավոտ: Բայց կարող է վերջանալ ամեն երեկո: Սերը հավերժ է, քանի դեռ տևում է: Գոյություն չունի հավատարմություն: Գոյություն ունի ուղղամտությունը: Հնարավոր է սիրել հինգ կնոջ միաժամանակ, եթե կնոջ հանդեպ ճշմարտացի ես: Կինը ամենասքանչելի հայտնությունն է, բայց նրան տիրելու համար հարկավոր է մի ամբողջ կյանք ջանալ: Երբեք պետք չէ անել առաջին քայլը: Մերժված մարդը դատապարտված է: Կանայք ապագան են: Մեկն ասել է. «Եթե տղամարդիկ կարողանային ծննդաբերել, վիժումը սուրբ արարք կհամարվեր»: Աֆորիզմ, որը հարկ է շրջել:

Հյուր պատժված բարեկամին

28 Մրտ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի իր գործընկեր Մահմուդ Ահմադինեժադի հրավերով երեկ աշխատանքային այցով մեկնեց Թեհրան: Իրականում ճիշտ կլիներ այցը կոչել ոչ թե աշխատանքային, այլ տոնական: Երկիրը նշում էր Նովրուզը, և այդ առթիվ մասնակցելու հրավիր էին ստացել նաև Ադրբեջանի, Իրաքի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ու Պակիստանի նախագահները։ Սակայն անսպասելիորեն Իլհամ Ալիևը վերջին պահին հրաժարվեց ուղևորությունից ու իր փոխարեն Թեհրան ուղարկեց փոխվարչապետ Էլչին Էֆենդիևին: Բաքվի այս քայլչ չէր կարող զանազան ենթադրությունների տեղիք չտալ: Ոմանք ասում էին, որ ադրբեջանական պատվիրակության մակարդակի իջեցման պատճառը կարող է լինել վերջին շրջանում երկու երկրների միջև հարաբերությունների նկատելի սառնությունը և առաջին հերթին Կասպից ծովի շուրջ ստեղծված իրավիճակի, տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցերում առկա տարաձայնությունները: Մի շարժառիթ էլ կարող էր համարվել այն, որ շատ դեպքերում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղի հարցում Ադրբեջանի համար ընկալելի չի լինում: Մյուսները համոզված էին, թե Ալիևի Թեհրան մեկնելը կարող էր պատճառ դառնալ, որպեսզի Արևմուտքի քաղաքական շրջանակներում նրա նկատմամբ բացասական վերաբերմունքը աճեր, դրա համար էլ Ալիևը նախընտրել էր առավել քան զգույշ լինել: Իսկ ահա «Թուրան» լրատվական գործակալություն մեկնաբանմամբ, չի բացառվում, որ Ալիևի Իրան մեկնելուց հրաժարվելը կապված է այն բանի հետ, թե Հայաստանի նախագահն այդ միջոցառմանը ևս ներկա էր:
Ամեն դեպքում, Ադրբեջանի ղեկավարի բացակայություն բոլորովին չվշտացրեց ոչ հյուրերին, ոչ տանտերերին: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա հանդիպումներ ունեցավ նախագահ Ահմադինեժադի ու հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ, կողմերը քննարկեցին փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր, կարևորեցին հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի ու մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը, անդրադարձան Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին, ինչից հետո մեկնեցին «Վահդաթ» համալիր` մասնակցելու Նովրուզի տոնակատարությանը, որտեղ էլ Հայաստանի նախագահը հանդես եկավ շնորհավորական խոսքով:
Տոնական առիթն` իր տեղում, սակայն մեր պատվիրակությունը շատ ավելի բարդ խնդիրներով ու մտահոգությամբ էր մեկնել Թեհրան: Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ այլ հանգամանքների շարքում լուրջ խոչընդոտ են դիտում այն իրական աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք ուղղված են այս տարածաշրջանին: Նույնիսկ օրերս Բրյուսելում` Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետը ստիպված էր բարձրաձայնել, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն իրականում սպառնալիք են ոչ միայն այդ երկրի, այլև նրա հարևանների համար: Պատմելով, որ 1980-ականների վերջին մեր երկիրը գոյատևեց միայն Իրանի միջոցով հիմնական ապրանքատեսակների տարանցում կազմակերպելու շնորհիվ, վարչապետը ահազանգել էր, որ պատժամիջոցների խստացումը կտրուկ կնվազեցնի իրանական միջանցքի հասանելիությունը:
Կրակի վրա յուղ էին լցրել նաև ամերիկացիները, ովքեր հարմար էին գտել Սերժ Սարգսյանի մեկնումի նախօրեին հատկապես Հայաստանից իրենց դեսպանի միջոցով հերթական անգամ դասեր տալ Իրանին ու հիշեցնել այդ երկրի կողմից իր պարտավորությունները կատարելու հրամայականի մասին: Սրան անմիջապես արձագանքեց Երևանում Իրանի դեսպանատունը` Մարի Յովանովիչի հայտարությունը որակելով որպես «անպատասխանատու»: «Տեղին կլիներ, որ տիկին դեսպանը հասարակական կարծիքը համոզելու նպատակով պատասխանատվությունից փախչելու փոխարեն պատասխանատու լինի տարածաշրջանի, մասնավորապես Գազայի, գրավյալ Պաղեստինի, ԱՖղանստանի, Բահրեյնի, Իրաքի և Լիբիայի հալածված ժողովուրդների դեմ դիմակայությունում ԱՄՆ երկակի վարվելակերպի համար»,- կոշտ տոնով պատասխանեցին իրանցիները:
Լարվածությունը` լարվածություն, սակայն միայն այդ հարցերի վրա բևեռվելը որևէ կերպ չի նպաստում ընդհանուր վիճակի փոփոխությանը: Մինչդեռ վերջին շրջանում նկատելի են որոշ խրախուսելի տեղաշարժեր: Ճիշտ է, հնարավորությունների ողջ ծավալը հաշվի առնելով չի կարելի ասել, թե դրանք բավարար են, բայց աճի միտումը չնկատելը դժվար է: Ներկայում Իրանը Հայաստանում մոտ 10 խոշոր տնտեսական նախագծեր է իրականացնում: Բոլորվին վերջերս այդ երկիրն իր բյուջեից 600 մլրդ ռեալ (60 մլն դոլար) հատկացրեց Իրան-Հայաստան ավտոմայրուղու շինարարության համար։ Երկու երկրների միջև կնքված մեկ այլ պայմանագրի համաձայն այսուհետ իրանական մեկ խորանարդ մետր գազի դիմաց Հայաստանն Իրանին կվերադարձնի 3 կիլովատ էլեկտրաէներգիա: Այժմ մեր հարևաններն իրենք են առաջարկում հայկական կողմին ներդրումներ կատարել հանքարդյունագործության ոլորտում, խոստանում են հայ գործարարների համար Իրանում արդյունաբերական տուրեր կազմակերպել: Սա, ինչ խոսք, վստահության ու ամուր կապեր ստեղծելու ապացույցներից մեկն է, ինչին նախանձով պիտի նայեն Ադրբեջանում:
Սահմանի մյուս կողմում գերիշխողն այժմ ճիշտ հակառակ տրամադրություն է: Բաքվի Կենտրոնական բանկը օրերս թարմացրեց այն երկրների ցանկը, որոնց հետ ֆինանսական գործառնությունները ցանկալի չեն՝ փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման տեսանկյունից։ Առաջին անգամ այդ ցուցակի մեջ ընդգրկվեց Իրանը։ Սրա հետ մեկտեղ Ադրբեջանի կառավարությունը կարգադրեց թուլացնել Իրանի հետ ունեցած տնտեսական և առևտրային հարաբերությունները, փոխարենը իր կապերը սերտացնելով Իսրայելի հետ: Իր հերթին Իրանի ժողովուրդն ու իրանական լրատվամիջոցները սկսել են ավելի հաճախ դժգոհություն հայտնել Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության առնչությամբ: Փորձագետների կարծիքով, պաշտոնական Բաքուն անհանգստացած է իսլամական աշխարհում կատարվող ապստամբություններից և միջոցներ է ձեռնարկում, որպեսզի կանխի դրանց ներթափանցումն իր երկիր:
Թերևս միանգամայն իրավացի է ֆրանսիական Le Figaro պարբերականը, որ գրելով Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականության մասին, անմիջապես նշում է, թե այդ առճակատման դեպքում Իրանը կկանգնի Հայաստանի կողքին, մինչդեռ Թուրքիան` Ադրբեջանի ավանդական դաշնակիցը, կներգրավվի հակամարտության մեջ մյուս թևից: Յուրայինների նման խմբավորումը բխում է առկա իրողությունների տրամաբանությունից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԴՈՒՌԸ

28 Մրտ

Տանը բազմոցին մեկնված թերթ եմ կարդում, մեկ էլ լսում եմ` դուռն են ծեծում: Վեր կացա, որ գնամ բացեմ, հետո մտածում եմ. «Ասենք թե բացեցի: Իսկ եթե դռան ետևում անբանի մեկն է, որ բանուգործ չունի ու եկել է օրս փչացնելու: Ես ինձ համար նստել, թերթ եմ կարդում, իսկ նա գալու է, դատարկ-դատարկ խոսելու է մի քանի ժամ, գնալուց հետո էլ գլխացավից բացի ուրիշ ոչինչ չի մնալու: Չէ, չեմ բացի»:
Ես այսպես մտածում եմ, իսկ նա շարունակում է դուռը ծեծել: Նորից քայլ եմ անում դեպի դուռը, բայց էլի կանգ եմ առնում. «Թող ծեծի` որքան ուզում է, չեմ բացելու: Լավ բանի համար հիմա ո՞վ է ուրիշի տուն գնում: Կամ աղն է պակաս, կամ մաղը: Կարող էր, չէ՞, գալուց առաջ զանգահարել, զգուշացնել: Իսկ եթե ավազակներ են, որ եկել են օրը ցերեկով ինձ թալանելու: Հազար տարի էլ անցնի` միևնույն է, բացող չկա»:
Շվարել կանգնել եմ: Իսկ նա դուռն արդեն ավելի ուժգին է թակում: Հիմա էլ ուրիշ բան եմ մտածում. «Լավ, իսկ եթե դռան ետևում ոչ մի անբան ու ավազակ էլ չկա՞, այլ կամեցող մեկն է, որ կարևոր լուր է հաղորդելու: Իսկ եթե մերոնցից մեկնումեկին դժբախտություն է պատահե՞լ ու շտապ օգնություն է պետք: Ի՞նչ եմ առել, արձանի պես ցցվել այստեղ, երբ պետք է իսկույն դուռը բացել, իմանալ` ի՞նչ է եղել»:
Ես միջանցք եմ նետվում, արագ պտտում եմ փականը, ետ եմ հրում դուռը, իսկ շեմքին արդեն ոչ ոք չկա:

Հովիկ Չարխչյան

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

27 Մրտ

ԻՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Ես` Սալվադոր Դալիս, հռոմեական ու առաքելական կաթոլիկս և հոգով միապետականս համեստությամբ ու ցնծությամբ հավաստում եմ, որ ժամանակակից ստեղծագործող երիտասարդության ողջ եռանդը խտանում է միակ առաքինության` բուրժուական մշակույթին հակադրվելու շուրջը:
Ամենագեղեցիկ և ամենախոր մշակութային հեղափոխությունները տեղի են ունեցել առանց բարիկադների: Ընդվզող մոլեգնությունը շիկացնում է միտքը, որ տարածության ու ժամանակի միակ տերն է: Պեղումները այն իսկական հակաբարիկադներն են, որոնք անցյալին հնարավորություն են ընձեռում ապագայի մեջ շրջագայելու. անտիկ շրջանի քանդակագործության վերագտնումով 16-րդ դարում իրականացվեց արդարացիորեն Վերածնունդ կոչված մշակութային հեղափոխությունը: Համանման ամեն մշակութային հեղափոխություն պիտի հանգի նոր ոճի հարաբերակցության: Վերածննդի գագաթնակետը դարձած Լյուդովիկոս 14-րդի ոճը փլուզվեց մի հեղափոխությամբ, որը բուրժուազիային պիտի տար նվաստացուցիչ իշխանություն: Բանվորների համար նախատեսված Լըդուլի գնդաձև ճարտարապետությունը քնարական, ցնորական ու խաղացկուն քաղաքի տեսիլքի մեջ պիտի լքվեր թերահավատ, բանական ու գործնական բուրժուաների կողմից:
Այս նոր հեղափոխության ես ընծայաբերում եմ այն ամենը, ինչ ունեմ, այսինքն իմ խելացնորական-քննադատական մեթոդը, որն ինձ թվում է, բացառապես հարմարեցված է առկա իրադարձությունների բարեբախտաբար իռացիոնալ բնույթին: Այդ մեթոդի լույսի ներքո ինձ թույլ եմ տալիս անել հետևյալ դիտողությունները:

ԳՈՒՅՆԸ
Արդի մշակութային հեղափոխությունների գույնը ոչ թե կարմիրն է, այլ օդ, երկինք, հասունություն հիշեցնող մեղեսագույնը: Դա աշխարհի դարաշրջիկ փոփոխությանը համապատասխանող գույնն է: Ջրհոսի դարաշրջանը, որ ավարտվելու է առաջիկա հազարամյակում, կտեսնի արյունոտ բռնությունների վերացումը: Ներկայումս մենք արդեն սպանել ենք Ձուկը («Աստված մեռել է»), և նրա արյունը գունավորում է կապույտ ծովը` ալիքներին հաղորդելով մեղեսիկի գույն:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ
Բուրժուական մշակույթը կարող է փոփվել լոկ ուղղահայացորեն: Մշակույթը կարելի է ապաբուրժուականացնել միայն այդ հասարակությունը ապապրոլետարականացնելով, մտածողությունը կողմնորոշելով դեպի բարձրը, ուղղելով դեպի իր օրինական, կատարյալ, աստվածային նախասկիզբը: Հարկ է, որ ի հայտ գա մտքի արիստոկրատիա: Մարդ-թագավորը կարող է իր պալատում հանդուրժել միայն մտքի իշխաններին:
Գործնականում կարելի է հաշվառել բուրժուական մշակույթի հուշարձանները: Ոչ թե քանդել, այլ նոր իմաստ ներդնել դրանց մեջ, փոփոխել նրանց նշանակությունը: Օրինակ, Ավգուստ Կոնտի հուշարձանի տակ ավելացնել մասնատուփ նրա սուրբ Կլոթիլդի, ըստ պոզիտիվիստական զառանցանքի, մարդկության տիրուհու համար: Այդ մասնատուփը կարող է լինել հելիումով լի մեղեսիկե մի օրորոց, որի մեջ հերթով կօրորվեն ամենագեղեցիկ ու մերկ աղջիկները ձմեռային քնի վիճակում` ի մռայլ հաճույք ուսանող-դիտորդների և ի հանգիստ նրանց խստորեն ու գիտականորեն վերահսկվող պատրանքածին փորձերի:
Նույն ձևով առաջարկում եմ որոշ քաղաքների հուշարձանները զարդարել զենք ու զրահ կրող դերասաններով, որոնք Պակո Ռաբանի նման ընդունակ են տոնել Ջրհոսի հազարամյակի գալուստը:

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լիբիդոյի որոշ քանակություն ներարկել, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաճույքային կազմակերպություններին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերածել հասարակական բթության նախարարության` չզրկվելու համար այն ամենից, ինչն արդեն ստեղծվել է: Դրա մեջ ներառնել ֆոլկլորային գովելի պոռնկությունը, բայց դրան ավելացնել լիբիդային և հոգևոր ուժեղ էներգիա: Այսպիսով այդ գերձանձրույթի օջախը ձևափոխել իսկական տարփածին գոտու` ծախու սիրո առաջին օրենսգետ սուրբ Լուիի հովանավորությամբ:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հետազոտությունների կիբեռնետիկական հանձնաժողովների ակտիվացում` մատերիալիզմին զոհ գնացած մեծ մտքերի վերածննդի ու փառաբանման համար: Օրինակ, Ռեմոն Լուլլի համակցված անիվները, Ռայմունդո Սեբոնդի բնական Աստվածաբանությունը, Պարացելսի աշխատությունը, Գաուդիի միջերկրական գոթականությամբ ներշնչված ճարտարապետությունը, Ֆրանչեսկո Պյուժոլի հիպարքսիոլոգիան, Ռեմոն Ռուսելի հակաժյուլվեռնյան բանաստեղծականությունը, ավանդական միստիկ մտածողության տեսաբաններին, բոլոր ճշմարիտ ներշնչվածներին: Չպղծել նրանց անարդար գերեզմանները: Հանել գերեզմանից և վերստին թաղել, բայց Նիկոլա Լըդուի պատկերացրած ֆուտուրիստների ամենաշքեղ դամբարաններից մեկում:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այնտեղ, ուր տեղի է ունենում մշակութային հեղափոխությունը, պիտի ծաղկի երևակայությունը:
Փարիզ, շաբաթ, 18 մայիսի, 1968 թ.
Սալվադոր Դալի:

ՓՈՒՆԵ ՆԵԴԱՅԻ

27 Մրտ

ՄԻԱՅՆ ՄԱՅՐՍ

Չգիտեմ ի՞նչ օր է այսօր:
Մայրս ասում է` շաբաթ,
Բայց չեմ հավատում.
Հարց եմ տալիս անցորդներին,
— Կիրակի,- պատասխանում են,
Դարձյալ չեմ հավատում.
Հանդիպում եմ սիրեկանիս,
Նրան եմ հարցնում,
— Կիրակի,-պատասխանում է,
Հավատում եմ ես նրան:
Ուրեմն, ես կորցրել եմ մի ամբողջ օր,
Ասես քնով եմ անցել:
Միայն մայրս,
Մայրս չուզեց խելագարվեմ…

Պարսկերենից թարգմանեց Վահե Արմենը

ՀՈՂՄԵՐՆ ՈՒ ՈՂՈՐՄԵԼԻՆ

27 Մրտ
Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ իրավիճակային ցնցումների, հանգամանքների «բարենպաստ» ընթացքի կամ անհատական արկածախնդրության շնորհիվ տեսանելի բարձունքներում են հայտնվել մարդիկ, ովքեր, մեղմ ասած, ունեցել են խիստ համեստ ընդունակություններ ու կասկածելի հեղինակություն: Եվ միայն ամենազոր ժամանակն է, որ դեռ ի զորու է եղել սրբագրել պատեհապաշտության սայթաքումները, տարանջատել արժեքն անարժեքից, վերջին դարձնել երեկվա առաջինը։ Այդ երևույթն իր առավել ցցուն արտահայտությունն է գտնում հատկապես քաղաքական կյանքում և գրական միջավայրում: Իսկ դրսևորման վայրի նմանօրինակ ընտրությունը բացատրվում է սոսկ այն հանգամանքով, որ այս ոլորտներում են առավելագույնս բացահայտվում մարդու անհատական ես-ի ճշմարիտ նկարագիրը, նրա հավակնությունների ու մտասևեռումների իրական սահմանը։
Հայ գրականության մեջ ասվածի ամենատիպիկ ու ամենավառ ներկայացուցիչներից է եղել Հակոբ Հակոբյանը (1866-1935 թթ): Չարենցի դիպուկ բնորոշմամբ` բանաստեղծ դարձած այդ «մեծ հաշվապահը» մի օր հանկարծ հռչակվեց պրոլետարական գրականության հիմանդիր ու նահապետ, նրա գործերին դասագրքային արժեք վերագրվեց, մեծարումների ու փառաբանումների ալիքն այնպիսի ծայրահեղ արտահայտումներ ունեցավ, որ այն խառնակ օրերին քիչ չէին նրանք, ովքեր Ազատ Վշունու ոգով Հակոբյանի մասին կարող էին ասել.
«Մի Դանթե՞ կամ թե Պուշկի՞ն ես դու,-
Չէ, իմ ընկեր
Ավելի ուժգին ես դու…»:
Սակայն դա մոլորության ընդամենը մի երեսն էր: Հաջորդը պիտի լիներ այն, որ նորահայտ «ուժգինը» ինքն էլ հավատաց և խորապես ներշնչվեց այն համոզմամբ, թե իրոք, սեփական գրիչը համաշխարհային դասականներին գերազանցող արվեստ էր արարում, իսկ այդ արարչագործությունը պիտի փոխհատուցվեր ըստ արժանվույն: Նման անձնահաճության ներքո էլ Հակոբյանն ապրեց իր կյանքի մնացյալ տարիները` դրանց ուղեկից հետևանքներով։
Հայաստանի ազգային արխիվում պահպանվել է Հ. Հակոբյանի ոչ այնքան գրագետ մի նամակը` հասցեագրված այն տարիներին ՀՍՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանին: Բացի այն, որ այս վավերագիրն իր բովանդակությամբ և ոճով չափազանց հատկանշական է տվյալ ժամանակաշրջանի ու գրական միջավայրի ոգուն, սրա հետ մեկտեղ այն մի իսկական հայելի է Հակոբյանի մարդկային էությունն իր ողջ զավեշտականությամբ ու մոլորություններով արտացոլված տեսնելու համար։ Նամականը միևնույն ժամանակ վկայությունն է այն բանի, թե մարտնչող միջակությունն իր նպատակին հասնելու ինչպիսի զարտուղիներ, այլոց վաստակի նկատմամբ վերաբերմունքի ինչպիսի քամահրանք կարող է որդեգրել։
«Մեր Վերհարենը,- նայիր, հրեն- Քաշում է փառքը իր պարանով»,- հերթական անգամ Հակոբյանին պիտի հեգներ Չարենցը: Իսկ թե ինչպես էր իր փառքը քաշում Հակոբյանը` համոզվեք ինքներդ` ընթերցելով ստորև ներկայացվող նամակը, որ մեջբերվում է ամբողջությամբ:

«15. 10. 25
Թիֆլիս 1
Թանկագին ընկեր Ասքանազ Մռավյան,
Անհամբեր սպասում եմ, թե ե՞րբ պիտի գրես, որ գամ Երևան լիակատար ժողովածուիս հրատարակման մասին բանակցելու:
Ես վախենում եմ, թե իմ «Ստեփան Շահումյանը որպես գրական քննադատ» հոդվածիս պատճառով, ուր, ինչպես քեզ հայտնի է, շոշափվում է Բախշի Իշխանյանի2 չունեցած «պատիվը»- նրա հոգևոր լակոտները խանգարեցին ժողովածուի լույս տեսնելը:
Եվ սակայն ինչպես քանիցս գրել եմ, ոչ միայն հերթական պահանջ ու անհրաժեշտություն է այդ, այլև Զակկրայկոմին3 կից հոբելյանական հանձնաժողովի որորշումն` վավերացրած կուսակցական բարձրագույն օրգանի (ЗККОМ-ի) կողմից:
Ոչ ոք ինձ այնպես չի վիրավորած, որքան Խ. Հայաստանի մի քանի նախկին սպեցիֆիկ պատասխանատու աշխատավորները, որոնց ձեռքումն է այժմ գտնվում և մուրճը, և զնդանը, և փողը, և իրավունքը այդ փողի գործադրման, սկսած հանգուցյալ Մյասնիկյանից4, վերջացած նրա աջ թև համարյալ Աշոտ Հովհաննիսյանից5:
Այդ նորակոչ, իրենց «հին» համարող ընկերները հրատարակեցին Վահան Տերյան զտարյուն սպեցիֆիկի լիակատար ժողովածուն` ծախսելով 10 հազարներ, հոնորարներ տալով հանգուցյալի կնոջ և նրա հրատարակող- խմբագիր Պ. Մակինցյանին6, բայց որոշումն իմ ժողովածուի մասին հայտարարած` զլացան ի կատար ածել կամ գոնե հերթական համարել:
Ո՞ւմ էր պետք չորս մեծ հատորները «այդ աշնան թախծի», «աշնան տերևաթափի» և «մեռնող հոգու» հեծեծանքները… Արթնացո՞ղ, դասակարգային կռվի ելած բանվորությա՞ն, թե՞ սոցիալիստական կարգերը հիմնադրող այսօրվա շինարար բանվորագյուղացիության: Ի՞նչ կարող են տալ այսօր և վաղը մեր աշխատանքի հերոսներին, հեղափոխության կամ սոցիալիստական շենքի կառուցողներին Վահան Տերյանի ողբերը, հեծեծանքները, վշտերը և նման ապրումները…
— Ոգևորությո՞ւն, հրահրո՞ւմն, խթանու՞մն մեր միջին և ստորին աշխատավորական մասսաներին մասնակցել ընդհանուր կռվին բոլոր ֆրոնտներո՞ւմ:
Կամ` Հովհ. Թումանյանի լիակատար ժողովածուն, որի համար հատկացված է մոտ չորս տասնյակ հազար ռուբլի նույն Պողոս Մակինցյանի հորդորներով և անմիջական մասնակցության…
Ինձ թվում է, որ մեր արթնացող գյուղը կամ մեր սովետական գյուղացիությունը և բանվորությունը այսօր կարոտ ու ծարավի չի Հովհ. Թումանյանի գործերին: Եվ սակայն նա հրատարակվում է 2-րդ հերթին:
Ոչ պակաս խնամք ու նյութական աջակցություն են ցուցադրում հիշյալ մեկենաս- սպեցիֆիկները իրենց ինտելիգենտական տենչերի պոետ լեֆիստ- ֆուտուրիստ, եթե կուզես` անգամ երես առած ֆաշիստ Եղ. Չարենցին` հրատարակման օժանդակություն տալով նրա «Ռոմանս անսեր»-ներին, «Ասպետական» ու «Երկիր-նաիրյան»-ներին «կոնքի», «մեզի» և «նստուկների» պոետին` պրոլետարական անունը շռայլելով:
Ես ուղղակի մնացել եմ զարմացած, թե որքան նահանջներ ենք թույլատրում մեզ գրականության մեջ, փոխարեն աճում- նվաճումների…
Եթե այն, ինչ կատարվում է այսօր, տեղի ունենար փառավոր անցյալում, բոլշևիզմի փառավոր տրադիցիաների օրոք, ամեն մեկը իրավունք կունենար դավաճան անվանելու մեզ, ինչպես մենք էինք և ենք անվանում մենշևիկներին:
Դու կարող ես համաձայն չլինել իմ կարծիքներիս մի քանի կետերի հետ, բայց հոգուդ խորքում, որպես հին կուսակցական, որպես բոլշևիզմի տրադիցիաների պաշտպան և նրա դրոշի տակ գործողներից մինը` չես կարող հերքել, չհամակրել:
Վերջ տանք այս բոլոր խոսակցություններին և միանգամից մոտենանք հարցին:
Ես պահանջում եմ և իրավունք ունեմ պահանջելու Խորհրդ. Հայաստանի ղեկավարությունից, որ նրանք հրատարակեն իրենց ավագագույն պրոլետ պոետ Հակոբ Հակոբյանին` դրա համար չխնայելով նյութական անհրաժեշտ միջոցներ, ինչպես չխնայեցին այնպիսի վերը հիշածս հեղինակների համար, որոնց կարելի էր հետաձգել:
Բայց չհետաձգեցին, որովհետև պաշտպաններ և խնամիներ ունեցան, մեջի մարդիկ- մեկենասներ…
Ես քեզ խոստանում եմ այս հարցը վերջնականապես դնել այն կոմիսսիայում, ուր որոշման է սպասում իմ լիակատար ժողովածուիս հրապարակումը:
Ես այլևս սպասել չեմ կարող. գարնանը խոստանալ աշնան համար, աշնանը` գարունքի ձգել… Իսկ ով գիտի, գուցե մինչև գարունքը սիրտս պայթի հիվանդությունից, և ես իմ սրտի մուրազը հետս տանեմ գերեզման:
Ես շատ եմ խնդրում այս նամակաբերով վերջապես ինձ հայտնես` տպվելու՞ է ժողովածուս այդտեղ, այս տարի, թե՞ նա ինչ-ինչ հաշիվներից դրդված հետաձգվելու է նորից:
Եթե Խ. Հայաստանը չի կամենում հին բոլշևիկ կոմմունիստ պոետի գործերը երևան հանելու` ի՞նչ է մտածում այդ ավագ բոլշևիկ պոետի подполь- ընկեր Ա. Մռավյանը7…
Բոլշևիկ պոետը շատ լավ գիտի, որ բոլշևիկ ընկեր Մռավյանը մեծ տակտիկայի և համբերության մարդ է. տասը չափող` մին կտրող: Բայց բոլշևիկ պոետը այլևս, 1923 թվից- ուղիղ երկու տարի- չի կարող սպասել, թե երբ կբարեհաջի հոգու ներսում ատող Աշոտ Հովհաննիսյանը հին բոլշևիկի գործերին ուշադրություն դարձնել:
Ես այլևս չեմ կամենում ծաղրանքի առարկա դառնալ… Ես խնդրում եմ պարզ խոսել. ճշմարիտն երեսիս ասել և ինձ հույս ու խոստումներով չկերակրել… Կամենու՞մ եք խոստումներդ կատարել, մանավանդ Աշոտը, որ ձեռքը կրծքին տանելով` մի քանի շաբաթ սրանից առաջ խոստացավ իր ձայնը տալ հօգուտ լիակատար ժողովածուիս:
Ծաղրանք եմ համարում այդ լռությունը նրա համար, որ որոշակի ձեր ծանրակշիռ խոսքին կարոտ մնացի, մեկ` ու երկրորդ էլ` անկարող ինքս իմ գլխի ճարն անել այն միջոցներով, քանի շունչս բերանումս է:
Ոչ դուք եք մի հույսատեղի առիթ դառնում և ոչ ինձ եք ազատում, որ կարողանամ դիմել մի ուրիշ աղբյուրի, որի հաջողությանը չեմ կասկածում, որովհետև չէ՞ որ Վրաստանը ինձ պակաս չի սիրում Հայաստանի ժողովրդական մասսաներից:
Մյուս տարի մայիսի 29-ին լրանում է իմ ծննդյան 60 տարին և թող պատմությունը մի անգամ էլ թքի հայ սպեցիֆիկների երեսին, ասելով` Ամոթ ! Հ. Հակոբյանին հրատարակեցին վրացիները, կամ ռուսները, իսկ հայերը` ոչ: Նրանք կարողացան գնահատել «կոնքի ու մեզի» պոետին, «երազներ թքող», «Նոսկեների նստուկները»8 նկարող հիվանդներին, սիֆիլիտիկ կանանց երգող- սիրողին, բայց պրոլետ պոեզիայի հիմնադրին Հայաստանում` Հակոբ Հակոբյանին` ոչ:
Կամ Վահան Տերյաններին ու նմաններին:
Բոլորովին էլ չեմ վշտանա, եթե մարդ [ անընթեռն.] վեր կենաք ինձ գրեք, թե թող հույս չունենամ լիակատար ժողովոծուիս երես տեսնել Հայաստանում, հայաստանցիների կողմից, Հայաստանի տպարանում տպված…
Թող այդպես լինի, միայն թե լսեմ որոշում, լսեմ կենդանի խոսք, թեկուզ նա մեռելաթաղի նոտաներով լինի հնչելիս…
Տպվում է, թե ոչ! Ե՞րբ ու էլի երբ: Մտադիր եմ, եթե հրավիրի տեղական ասոցիացիան (պրոլետ-գրողների) անցնեմ Հայաստան9 և հավատացած եղիր, ընկեր Ասքանազ, որ եթե պատահենք էլ` թոբա թե մի խոսք հարուցանեմ ժողովածուիս տպել- չտպվելու մասին, միայն թե մինչև այդտեղ գալս նեղություն քաշես նամակաբերովս մի վճռական պատասխան տալ ինձ, որ ես էլ իմ անելիքն անեմ: Լռությունը համարում եմ շատ անքաղաքավարի ձևով մերժումի տեղ: Մերժում եք, մերժեք նամակով:
Կոմողջույններով` Հակոբ Հակոբյան»:

Պետք է ասել, որ ի պատիվ Հայաստանի այն օրերի պատասխանատուների, Հակոբյանի բացահայտ շանտաժը որևէ ազդեցություն չունեցավ: Լիակատար ժողովածուն չտպագրվեց ոչ այդ, ոչ էլ հաջորդ տարի: Նա ստիպված էր կրկին Թիֆլիսում լույս ընծայել բանաստեղծությունների իր գրքույկը: Փոխարենը Երևանում մեկը մյուսի ետևից հրատարակվեցին Տերյանի, Թումանյանի, Շիրվանզադեի, Դեմիրճյանի, Պարոնյանի, Նար-Դոսի հատորները: Իսկ Հ. Հակոբյանի քառահատոր երկերի ժողովածուն Երևանում սկսեցին տպագրել միայն… 30 տարի անց, երբ ուրիշ էր ժամանակը և ուրիշ էին մարդիկ։
Առաջներում և հետո շատերն են իրենց սրամիտ էպիգրամներով ու ասույթներով ձաղկել Հակոբյանին, սակայն դրանցից ամենահիշարժանը դարձյալ մնում է Չարենցի «Գրական նահապետին» վերնագրով երկտողը, որն իր սեղմ բովանդակության մեջ ամփոփում էր հարաբերությունների ամբողջ ողբերգությունն ու զավեշտը.
«Սանձել է ուզում հողմերին
Այս… ողորմելին»:

1. Նամակի առաջին էջի գլխամասում հեղինակի ձեռքով գրված է. «Վերջին նամակս ժողովածուիս առթիվ: Հ. Հ.»:
2. Զակկրայկոմ- Անդրկովկասի երկրամասային կոմիտե
3. Բախշի Իշխանյան- Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայկական կազմակերպության հիմնադիրներից, դրա այսպես կոչված «սպեցիֆիկ» անջատողական թևի ներկայացուցիչ:
4. Ալեքսանդր Մյասնիկյան- (1886- 1925), հայ պետական գործիչ, Խորհրդային Հայաստանի կառավարության առաջին նախագահը, զոհվել է ինքնաթիռային աղետից 1925 թ. մարտի 22-ին։
5. Աշոտ Հովհաննիսյան (1887-1972), պատմաբան, պետական և կուսակցական գործիչ:
6. Պողոս Մակինցյան- (1884- 1938), հայ գրականագետ, հրապարակախոս, պետական գործիչ, 1920-ականներին դիվանագիտական աշխատանքով գործուղված էր Եվրոպա։
7. Подполь- ընդհատակ (ռուս.)
8. Նոսկե- Գուստավ Նոսկե (1868- 1946), Գերմանիայի ռազմական մինիստր, աջ սոցիալիստ: Ակնարկում է Չարենցի «Տիրապետողների կամքը» ստեղծագործությունը, որտեղ հիշատակված է այս անունը:
9. 1925 թ. նոյեմբերի 4-ին Հ. Հակոբյանը մասնակցել է Հայաստանի պրոլետ գրողների ասոցիացիայի առաջին համագումարին, հանդես է եկել բացման և եզրափակիչ ելույթներով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ

26 Մրտ

ԱՍԵԿՈՍԵՆԵՐ

«Փարիզում,- գրել է Բալզակը «Զարմուհի Բետտո»-ում,- յուրաքանչյուր նախարարություն մի փոքրիկ քաղաք է, որտեղից կանայք վտարված են: Բայց ասեկոսեներն ու բանսարկություններն այնպես են ծաղկում, կարծես այնտեղ հարյուրավոր կանայք են ծառայում»: Այս դիտողությունն այժմ ուղղում է պահանջում: Նախարարությունները լի են կանանցով, իսկ խնամի- սանահերներն այնտեղ չարախոսում են ոչ պակաս, քան քավորակինները:
Անկեղծ ասած, թե կանայք, թե տղամարդիկ լույս աշխարհ գալուց ի վեր պաշտում են մեկը մյուսի մասին խոսելը: Մասամբ այն բանի համար, որ մեզ բոլորիս հետաքրքրում է մարդկային բնույթը, մասամբ էլ նրա համար, որ քիչ է հավատը մեր անձի նկատմամբ, մենք հիվանդ հանգստություն ենք ձեռք բերում այն բանից, երբ նկատում ենք, որ այլոք ևս մեզնից ավելին չարժեն: Վերջապես նաև նրա համար, որ ցանկացած խոսակցություն կոչված է կահավորելու ինչ-որ բան, իսկ շատերը եթե դիմեն միայն անկեղծությանը` վտանգավոր է. կամ եթե մագլցեն ընդհանուր դատողությունների բարձունքները` դժվար է, ու չեն էլ իմանա, թե ինչ ասեն, եթե չլինեն ասեկոսեները:
Ակնհայտ է, որ ասեկոսեները համարյա միշտ անբարյացկամ են: Հնարավոր է, իհարկե, երևակայել, թե ինչպես ողջ երեկո կարելի է անընդհատ գովաբանել ոմն բարեկամի առաքինությունները և, ի պատիվ մարդկության, հարկ է խոստովանել, որ երբեմն այդպես պատահում է: Սակայն բացարձակ առաքինությունը այնքան էլ հաճախակի հյուր չէ:
Բավական է միայն ցանկացած բնավորություն սկսել մաղել քննարկման մաղի վրա, երբ համարյա միշտ էլ հավաքվում է պակաս համակրելի ավելորդությունը, ինչը հարմար է ծաղրելու համար: Եվ հետո լավ է, եթե զազրախոսությունը դուրս չի գալիս կանոնների սահմաններից, դե, իսկ եթե դուրս է գալիս, միևնույն է, զվարճալի է: Պարապ հերյուրանքը ունկնդիրների կողմից ընկալվում է իբրև փոքրիկ կատակերգություն: Եթե այն գրավիչ է, ծիծաղելի, ապա քչերին կանհանգստացնի, թե որքանով է դա ճշմարտացի: Փարիզում և ոչ Փարիզում խոսում են ինչ ասես և ում մասին ասես: Չափազանց ցավալի է, սակայն քիչ են այն առաքինի մարդիկ, ովքեր ապացույցներ են պահանջում:
Մոլիերը այդ ամենը ուսումնասիրել էր: «Միզանտրոպում» Սելիմենան ուզում է ուրախ աղջիկ լինել և գիտի, որ, ցավոք, դա իրեն հաջողվում է: Առավել հաճույքով է նա դիմում կատակների: Բավական է միայն որևէ մեկի անունն ակնարկել, երբ նա այդ մարդուն հասցնում է ծիծաղելիի աստիճանի, թեկուզ դա լինի իրեն սիրահարված Ալգեստը, որին ինքը հարգանքով է վերաբերվում: Շրջապատի արյունռուշտ խումբը պահանջում է, գրգռում. «Էլի, էլի»: Ինչպե՞ս այնտեղ դիմանաս: Պետք է շատ խելացի լինես, որ զգուշանաս և դուրս չգաս ափերից: Չա՞ր էր Սոլիմենան: Չեմ կարծում: Նա չի հարձակվում այս կամ այն զոհի վրա: Նա չի ուզում վնաս պատճառել, նա ուզում է փայլել: Ողջ սատանայությունը նրանում է, որ նա իրենից անկախ գուցե և բազում վնասներ է բերում: Խոսքը անվնաս չէ:
«Ձեզ որ լսենք, ուրեմն ընդհանրապես չարժե խոսել»: Արժե, Սելիմենա, դեռ շատ բան կարելի է ասել: Չէ՞ որ կան բազմապիսի և շատ ուրախ պատմություններ, որոնք ոչ մեկի վնաս չեն պատճառում, նրանք, որ կառուցված են բնավորության գծի վերին մասերում և ինչ-որ մեկի հեղինակությունը հարվածի տակ չեն դնում, կամ պատմվել են փափուկ հումորով, որը, թեթև վերք հասցնելով, շատ բանով դարմանում է այն: Եթե նման պատմության հերոսը հումորի զգացում ունի, ապա նա հրաշալիորեն կընկալի այդ, թեկուզ այն պատմվի իր ներկայությամբ: Այստեղ, անկասկած, թաքնված է բարեկիրթ լինելու առաջին նախապայմանը. «Մի ասա մարդու թիկունքում այն, ինչը չես համարձակվի ասել նրա դեմքին»: Եվ երկրորդը. «Ինչ էլ որ ասեք, ասեք առանց չարության»:
Երբ զրույցը թուլանում է և ուր որ է` մարելու է, փրկարար ակունքը հանրաճանաչ մարդկանց կյանքն է, որոնց հետ դուք անձամբ ծանոթ չեք: Նրանց մասին ցանկացած ասեկոսե հետաքրքրություն է արթնացնում, լինի դա Բրիջիդ Բարդոյի, թե ինչ- որ մի թագակիր անձնավորության մասին: Մեծ սխալ է այդպիսի ասեկոսեներն անմեղ համարելը: Անեկդոտը, ասեկոսեն վերաճում են զրպարտության, և շատախոսները համարձակվում են հարուցել շղթայական ռեակցիա, որից հօդս կցնդի ինչ-որ մեկի երջանկությունը: Մարիա Անտուանետան մեռավ` դառնալով բառիս բուն իմաստով ասեկոսեի զոհ:
Եվ առանձնապես հարկ է զգուշանալ, որպեսզի ձեր կամքից անկախ չդառնաք դժբախտության պատճառ մարդկանց համար, ովքեր ձեզ ոչ մի վատ բան չեն արել: Դատում եք այսպես. «Ի՞նչ վատ բան կա, եթե ես պատմեմ այս թեկուզ հնարովի, բայց զվարճալի պատմությունը իմ մտերիմների շրջանում»: Դա նշանակում է, որ դուք վատ գիտեք մարդկային բնույթը: Ձեր մտերիմները վաղը կցանկանան իրենց հերթին փայլել ավելի մարդաշատ շրջանակներում և կվերապատմեն ձեր պատմությունը` հավելելով սեփական արտադրության գեղարվեստական մանրամասներ: Նրանք վեցն էին, կպատմեն վաթսունին, դրանք էլ` վեց հարյուրին: Բոմարշեն հիանալի է պատկերել համանման բամբասանքի հոսքը, որը նախ դուրս է սողում, հետո փորսող է տալիս, հետո փքվում է և խորտակում է շրջապատում ամեն բան:
Մի փոքր ժամանակ է պետք, որ տոննայանոց կեղծիքի և մի ունցիա ճշմարտության պայթյունավտանգ խառնուրդը հասնի հենց այն մարդուն, որին նա կկործանի: Արդեն և կինը, և երեխաները ցնցված են նրանից, ինչը նրանք համարում են բացահայտ բան և ինչն իրականում զրապարտություն է:
Եվ ահա անմեղ կյանքերը` թունավորված շաղակրատությամբ: Ամենքը գիտեն, որ այդպիսի հարվածներից մեռնում են: Բալզակը (քանզի նրա մասին հարկ է մշտապես հիշել) համոզված էր, որ անգամ մտածմունքը կարող է սպանել: Դա հաստատում են բժիշկները: Լինում են հիվանդություններ վհատությունից: Զվարճասերը` համարելով, որ ինքը կատակել է, թեկուզ և ոչ այնքան հաջող, դառնում է հանցագործության մեղավորը: «Ես այդ բանը չէի ուզում»,- կասի նա: Թերևս, բայց դուք այդ բանը արել եք: Դուք մարդասպան եք:
Մենք սկսեցինք փոքր օրինակներից և հասանք մեծ ողբերգություններին: Վերադառնանք օրենքի շրջանակները չոտնահարող խոսակցությանը: Ու նախ և առաջ մտածենք ահա թե ինչի մասին. քանի որ հաղորդակցության ժամանակ մենք յոլա չենք գնա առանց ամեն կարգի անեկդոտների, ինչու՞ դրանք չգտնել այնտեղ, ուր նրանք չեն կարող որևէ վնաս բերել: Ես ուզում եմ ասել` անցյալում: Անցյալից եկած անեկդոտները ոչ մեկին այլևս չեն վնասի և հնարավորություն ունեն ճշմարտությանը ավելի մոտ գտնվել, քան բամբասանքները ներկայի մասին, քանի որ գոյություն ունեն փաստաթղթեր, նամակներ, հուշագրություններ, որոնց միջոցով կարելի է դրանք ստուգել: Ոչ ոք այդպիսի անեկդոտներով ավելի մեծ կատարելության չի հասել, որքան Սեն-Սիմոնը: Կարդացեք նրան: Նախ և առաջ նա հոյակապ է գրում, հետո նա մեծերին ավելի լավ գիտեր, քան ձեր հարևանուհին գիտի հոլանդական արքայադստերը, իսկ ձեր վարսավիրը` Սոֆի Լորենին: Վերջապես մարդիկ, որոնց մասին նա պատմել է, արդեն վաղուց ավարտել են իրենց երկրային ուղին, այնպես որ, եթե նա նույնիսկ չարախոսել է (այդ բանը նրա մոտ կա), ապա ծայրահեղ դեպքում զգուշություն է ունեցել իր գրառումները չհրապարակել նրանց կենդանության օրոք:
Դուք ուզում եք իմանալ, թե ինչպես է ապրում Ֆրանսուա Արդին: Երդվում եմ ձեզ, մադմուազել Մարսի կամ Ռաշելիի կյանքը ամենևին էլ պակաս հետաքրքիր չէ և շատ ավելի հասանելի է ուսումնասիրման համար: Արդեն քառասուն տարի ես և կինս ապում ենք ավելի շատ 19-րդ դարում, քան 20-րդում: Մենք չենք ձանձրանում բամբասել Հյուգոյի և Վենիի, Ժորժ Սանդի և Մյուսսեի, Բալզակի ու կոմսուհի Աբրենտեսի* մասին:
Կրկնակի օգուտ. մենք մեր շրջապատում ունենք հրաշալի մարդիկ և ոչ մեկին վնաս չենք պատճառում: Դուք ինձ կասեք, որ մի հրաշալի օր աշխարհ կգան ասեկոսեներ նաև իմ մասին: Կասեմ. ես շատ համեստ եմ, որ դրան հավատամ, բայց եթե այդպես պիտի պատահի, ապա նման ասեկոսեից ոչ հեռու ապագայում իմ ստվերը ոչ կջերմանա, ոչ էլ կսառչի: Եթե ճիշտն ասեմ, ապա դա նրանց ճաշակով կլինի, որոնց ես հարգում եմ, իսկ եթե խեղաթյուրեն, աստված իրենց հետ: Կգտնվի ինչ-որ մի ազնիվ մարդ, որ կհակաճառի նրանց:
Վերադառնանք ապրող ասեկոսեներին: Մի բան ինձ կարևոր է թվում: Ասեկոսեները սև ու սպիտակ են կենդանի մարդկանց երկրում: Այսինչը հրեշ է, այսինչը սահմաններ չճանաչող ալկոհոլիկ է: Նայեք մարդկանց, մի՞թե ամեն բան այդպես հասարակ է:
Որքան տաղանդավոր է նկարիչը, այնքան շատ ավելի նրբերանգներ է նա ներմուծում: Նյուանսներ են պետք: Թերությունների հետ մեկտեղ այսինչը ունի իր դրական կողմերը: Ուրվագծելով բնավորությունը ամենայն մանրակրկիտությամբ, սրամտությամբ` դուք չեք կորցնի, դուք կշահեք: Եթե մենք ճանաչեինք մարդկանց` ինչպես ինքներս մեզ, նրանց վրիպումներից ամենատհաճները մեր հանդուրժողականությունը կվաստակեին: Ըստ որում, շարունակեք ձեր զրույցը:

* Ֆրանսուազ Արդի- ֆրանսիացի դերասանուհի: Մադմուազել Մարս- «Կոմեդի Ֆրանսեզի» նշանավոր արտիստուհի Աննա Բուտեի թատերական ծածկանունը (1779-1847): Ռաշել- ֆրանսիացի ողբերգակ դերասանուհի Է. Ֆելիկսը (1821-1858): Լաուրա Պերմոն, ամուսնական ազգանունով` կոմսուհի Աբրենտես (1784-1838):
Թարգմանությունը` Հովիկ Չարխչյանի

ԱԼՖՐԵԴ ԿԱՊՅՈՒՍ

25 Մրտ

ԱՄԵՆԱՄԱԶԱԼՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կյանքիս մեջ երբեք այնպիսի մազալու պատմություն չեմ լսել, որպիսին պատմեցին ինձ ընկերական մի շրջանակում` նախաճաշի ժամանակ: Ծիծաղում էի գժի պես և մյուս բոլոր լսողներն էլ փորները բռնել էին: Մյուս օրը հիշեցի այդ պատմությունը և դարձյալ ծիծաղից թուլանում էի: Ցավոք, այդ օրից արդեն շատ ժամանակ է անցել, և ես չեմ կարողանում այդ պատմությունը մտաբերել: Ամենևին չեմ կասկածում, որ այդ պատմությունը ամենամազալուն էլ լսածս բոլոր պատմությունների մեջ և որ ես երբեք այնքան չէի ծիծաղել, որքան այդ անգամ: Ես շատ ցավում եմ, որ մոռացել եմ, ապա թե ոչ, հավատացած եմ, ձեզ էլ դուր կգար:

%d bloggers like this: