Պահոց | Օգոստոսի, 2022

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ

31 Օգս

Մարդը չի կարող խուսափել իր ժամանակի զգացողությունից: Իր ժամանակի զգացողությունը նրան, ի վերջո, տեսանելի լեզու է տալիս ընդլայնելու կողմնորոշման իր ունակությունը այս աշխարհում: Ամեն իսկական ամբողջական մարդ արարած, ով անհաղորդ է իր ժառանգությանը, ով լաց չի լինում մի քիչ ու խորը չի զգում, թե ինչ է կատարվում այսօր իր շրջապատում, չի ապրում: Ապրել՝ նշանակում է զգալ և ամենից առաջ՝ գիտակցել:

ՏԵՍԱԴԱՇՏԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

28 Օգս

Իմ գրականության ուսուցչուհի Ջուլիետա Կարապետյանը երբ դասարան էր մտնում, ասում էր.

— Հիմա բոլորդ ուշադիր ինձ եք նայում, բացի Չարխչյան Հովիկից:

Լավ ուսուցիչ էր, նկատել էր, որ ես ավելի կենտրոնացած եմ լսում, երբ հայացքս թափառում է շրջապատի առարկաների վրա:

Կյանքում ևս նման բան կա: Պարտադիր չէ, որ սևեռվես դեպքերի ու երևույթների վրա՝ ապացուցելու, թե դրանք քեզ առավելապես են մտահոգում: Հայացքի ուղղությունը դեռ մտքի ուղղությունը չէ: Ինչ-որ տեղում գտնվելը դեռ չի նշանակում, թե այդ տեղը քեզ կարևորում է: Սերը, նվիրումը, հավատարմությունը, նպատակի ընտրությունը, պայքարի ձգտումը ավելի անկեղծ են, երբ դրանց տեսադաշտն ընդարձակ է: Իսկ երբ վրա հասնի դրսևորման ժամը, բոլոր շողերը կբեկվեն ու կմիավորվեն մեկ կետում, ինչպես ոսպնյակի միջով անցնող լույսը:

Հովիկ Չարխչյան

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԼԵԶՎԱԲԱՆԸ ԵՐԳ ԳՐԵՑ

28 Օգս
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր,
Իմ հոգու հետ դու խաղում ես անդադրում,
Հույս ես վառում քո հայացքով ամեն օր.
Մեկ կանչում ես, մեկ էլ խաբում, մոլորում.
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր։

Քչերին է հայտնի, որ այս սիրված երգի բառերի հեղինակը ճանաչված լեզվաբան, ակադեմիկոս Արարատ Ղարիբյանն է: Երիտասարդ տարիներին նա բանաստեղծական փորձեր էր անում, և դրանցից մեկին էլ վիճակված էր վերածվել երգի: Հետաքրքրական է, որ «Դու անմեղ ես» երգի երաժշտությունն էլ գրել է մասնագիտությամբ ինժեներ Հասմիկ Ենգիբարյանը:

ՄԻ ԱՅՍՊԻՍԻ ՎԱՎԵՐԱԳԻՐ

28 Օգս

Եզակի ու շատ ինքնատիպ վավերագիր է: 1928 թ մայիսին Եղիշե Չարենցը, Մարտիրոս Սարյանն ու Ռոմանոս Մելիքյանը այցելում են Այղր լիճ՝ դիտելու այնտեղ ընթացող աշխատանքները: Եվ ահա հրաշալի եռյակը որոշում է արձանագրել այդ հիշարժան պահը: Չարենցը՝ խոսքերով, Սարյանը՝ մատիտանկարով, Մելիքյանը՝ նոտաներով: Արդյունքում ստացվում է մի այսպիսի խայտաբղետ պատկեր:

ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ԿՈՐԱԾ ԵԼՈՒՅԹԸ

28 Օգս

1856 թվականի մայիսի 29-ին Իլինոյս նահանգում Աբրահամ Լինքոլնը մի ելույթ ունեցավ, որը համարվում է «կորած ելույթ», քանի որ այդ իրադարձությանը ներկա բոլոր լրագրողներըն այնպես էին տարված նրա հռետորական տաղանդով, որ մոռացել էին գրի առնել ապագա նախագահի խոսքերը (Լինքոնը ԱՄՆ նախագահ դարձավ 1861 թ.): Ականատեսները նշել են, որ ունկնդիրները գտնվում էին գրեթե հիպնոսացած վիճակում:

Թե այս պատմությունը որքանով է հավաստի, դժվար է ասել: Բայց փաստն այն է, որ այդ ելույթից ոչ մի տող չի պահպանվել, իսկ Լինքոլնի ելույթի վայրում հետագայում փակցվել է մի հուշատախտակ, որը պահպանվում է առ այսօր:

ԵՐԲ ԷՐ ԱՌԱՋԻՆԸ

28 Օգս

Ընդունված է ասել, որ հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել 1956 թ. նոյեմբերի 29-ին: Այո, այդ օրը իսկապես հաղորդավարը ողջունել է հեռուստադիտողներին, իսկ հետո ցուցադրվել է գեղարվեստական կինոնկար: Սակայն եթե հետևելու լինենք հետագա ընթացքին, ապա կնկատենք, որ մինչև տարեվերջ այլ հաղորդումներ գրեթե չեն եղել, բացառությամբ ֆիլմերի: Այլ կերպ ասած, անհրաժեշտ էր առաջին անգամ եթեր դուրս գալ նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի խորհրդայնացման հերթական տարեդարձի օրը, ինչն էլ արվել է: Իսկ իրականում առաջին լիարժեք եթերը եղել է 1957-ի հունվարի 2-ին՝ հատկապես երեխաների համար պատրաստված ամանորյա ծրագրով:

ՄԻՆԱՍԸ՝ ԻՐ ՀՈՐ ՄԱՍԻՆ

28 Օգս

«…Հիշում եմ, ցուցահանդեսս էինք նայում: Գյուղից հայրս էլ էր եկել: Շրջեց, նայեց ու դարձավ ինձ. «Իսոր համա՞ր էիր ինձ կանչել»: Ինձ թվում էր՝ պետք է ուրախանար, որ իր դիմանկարն էլ էր ցուցադրվում, բայց…

Մեծ արժանապատվության տեր մարդ է: Սարյանն էլ էր այնտեղ: Հորս տեսավ, հասակակիցներ էին, և սկսեց հետը խոսել, իրեն հատուկ չարաճճիությամբ կատակել. «Մասիսը մյուս կողմից տեսե՞լ ես»: «Հա, մի անգա,»: «Ե՞րբ»: «Տասնհինգ թվին, աբոզ էի գնացել», և հանգիստ շարունակեց, կարծես Սարյանը չէր հետը խոսողը: Երբեք չէր ընկճվում»:

ԵՐԲ Է ՀՈԲԵԼՅԱՆԸ

28 Օգս

Կա պնդում, որ «հոբելյան» բառը վերաբերում է բացառապես 50-ամյակին: Եվ ահա թե ինչու: Հին հրեենում հոբել jŏbŏl  նշանակում է ոչխարի եղջյուր կամ հանդիսավոր ձայն, որը հնչում է եղջյուրից: Հրեաների մոտ 50 տարին մեկ անգամ ազատ էին արձակում գերիներին, ներվում էին պարտքերը, և այդ իրադարձությունն ազդարարվում էր շեփորափողերի հնչեցումով: Այստեղից էլ առաջացել է հոբելյանական տարեդարձը՝ 50- ամյակը:

ԳԵՈՐԳԻ ԳՈՒՐՋԻԵՎԻ ԱՍՈՒՅԹՆԵՐԸ

28 Օգս

Գեորգի Գուրջիևի այս ասույթները փորագրված են իր կողմից հիմնադրված Մարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտի պատին, Մոնտենբլոյում, 1922 թվականին:

Սիրիր այն, ինչ օգնում է ապրել գիտակից կյանքով:

— Ամենամեծ բանը, որին մարդ կարող է հասնել, գործելու ունակությունն է:

— Հիշիր քեզ միշտ և ամենուր:

— Իսկական լավ մարդը նա է, ով սիրում է իր ծնողներին:

— Ուրիշներին չափիր քեզնով և հազիվ թե սխալվես:

Օգնիր միայն նրան, ով չի ծուլանում:

— Սիրիր նրան, ով սիրում է աշխատել:

— Մարդկանց մասին մի դատիր ուրիշների պատմածով:

— Երբ սովորեցնում եք այլոց, ինքներդ եք սովորում:

— Միայն նա կարող է արդար լինել, ով իրեն կարող է դնել ուրիշի տեղը:

— Հարգիր յուրաքանչյուր կրոն:

— Գիտակցված հավատը ազատություն է, զգացմունքային հավատը ստրկություն է: Մեխանիկական հավատը տխմարություն է:

ՎԵՆԵՏԻԿԻ ՆԺՈՒՅԳՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ

27 Օգս

1939 թվականին Հռոմում հրատարակված «Արվեստի ընդհանուր պատմություն» աշխատության մեջ իտալացի հեղինակ Տերեզո Ռովերեն գրում է. «Արվեստի պատմության սկզբնաղբյուրներում նշվում է, թե ինչպես նշանավոր չորս բրոնզաձույլ, ոսկեզօծ ձիերը, որոնք Վենետիկում զարդարում են սուրբ Մարկոսի տաճարի ճակատը, մեզ մոտ են եկել Հայաստանի ու Վենետիկի միջև կատարված անուղղակի փոխանակմանմ հետևանքով: Ավանդությունը պատմում է, որ հայկական մի իմպերատոր, ամենայն հավանականությամբ Տիգրան Մեծը, իր հաղթական արշավանքի ժամանակ այդ ձիերը Հունաստանից տարել է իր երկիրը և, մի քանի դար հետո, Տրդատ թագավորը՝ նա, ով տասնհինգ տարի Կոստանդինից առաջ քրիստոնեությունը հայտարարեց պաշտոնական կրոն, ուղևորվելով Հռոմ կայսրին այցելության, տարատեսակ նվերների հետ նաև տարավ այդ նշանավոր ձիերը»:

ՈՉ ՄԻ ՇԱՐԺՈՒՄ

27 Օգս

Հիշու՞մ եք 2004 թվականի Ինդոնեզիայի աղետաբեր ցունամին: Վերջին օրերին ես անընդհատ մտաբերում եմ կադրեր, որոնք այդ ժամանակ հաճախ էին ցուցադրում: Ծովի մեջ կանգնած է մարդը և նայում է իրեն մոտեցող ահռելի ալիքներին: Գիտակցում է, որ դա իր մահն է: Հաշված վայրկյաններ հետո սարսափելի տարերքի ուժը պիտի փլվի նրա անպաշտպան մարմնի վրա: Բայց նա կանգնել ու նայում է: Ոչ մի շարժում չի անում: Փախչելու ոչ մի ճիգ: Ազատվելու ոչ մի ջանք: Մեկ ուրիշն իրեն պիտի նետեր դեպի ափ`կառչելով վերջին ալիքի վերջին փրփուրներից: Բայց սա չի գնում: Մեխվել է տեղում` հաշտ իր ճակատագրի հետ: Ու կանգնում է այնքան, մինչև ջրերի հրեշավոր պատը գալիս ու կլանում է իրեն:

Հիմա թողեք այդ հիշողությունը և մեզ նայեք: Արդյո՞ք նման չենք նրան:

ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԸ

27 Օգս

Ասում են Սիցիլիայի ծովահենները հաճախ բաց ծովում գերի էին բռնում աթենացիներին իրենց նավերով և փոխանակ փրկանքի, այս կիսավայրենի ավազակները պահանջում էին գերիներից Էսքիլեսի գործերից կարդալ: Իմացողներին բաց էին թողնում, իսկ չիմացողներին կապում իրենց նավերի կայմերից, որպես պակասավոր, հետևաբար և վտանգավոր մարդիկ: Նույն միջոցառումը որոշ փոփոխությամբ չէ՞ր կարելի արդյոք կիրառել և մեր օրերին, գոնե հետևողական լինելու համար, առանց գործը կախաղանի հասցնելու, իհարկե…

Վահրամ Փափազյան

«ՏԱՃԱՐ ՄԱՍՍԻ»

27 Օգս

Այս կառույցի անվանումը ժողովուրդն է դրել «Չարենցի կամար»: Իսկ դրա հեղինակը՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն իր նախնական մտահղացմամբ կառուցում էր բոլորովին այլ բան: Նա իր հորինվածքն անվանեց «Տաճար Մասսի» և 1955 թվականին արված գծագրերի վրա հենց այդպես էլ գրեց: Նույնիսկ տաճարի ներսում պատվանդանակերպ մի զոհասեղան կառուցվեց: Բայց քանի որ կամարի վրա փորագրվել էր Չարենցի «Ես իմ անուշ»-ի հայտնի տողը, մարդկանց համար այն դարձավ Չարենցի կամար:

ԾԱՂԿԱԹԵՐԹԵՐԻ ԶՈՀԵՐԸ

27 Օգս

Մեր թվագրության երրորդ դարում Հռոմի կայսերն էր մի երիտասարդ` Հելիոգաբալոս անունով: Վատ հակումներով ու անտանելի վարքով այս տղան տարատեսակ զվարճալիքների հեղինակ էր: Դրանցից մեկն էլ վարդի թերթիկների անձրևն էր: Նա հյուրեր էր կանչում իր մոտ, հյուրասիրում էր նրանց, իսկ հետո պալատի առաստաղից սկսում էին անհամար վարդի թերթիկներ թափվել, և դրանք այնքան շատ էին լինում, որ ի վերջո նրա հյուրերը խեղդվում էին դրանց ծանրության տակ:

Իբրև հավելում նշենք, որ Հելիոգաբալոս կոչեցյալն այնքան զզվացրեց բոլորին, որ նրան շուտով սպանեցին:

ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆԸ

26 Օգս

Շատ վաղուց էր, հեռու, օտար, անհարազատ մի քաղաքում: Կեսգիշերին ես վազում էի դատարկ փողոցներով և հստակ լսում էի այն գնացքի շչակի ձայնը, որի ուղևորը պիտի լինեի:

Ուշացել էի: Գնացքն արդեն շարժվում էր: Գիտակցությունս ինձ հուշում էր, որ այլևս անիմաստ է այդ խելահեղ վազքը, ես չեմ հասնելու գնացքին: Բայց բնազդային, անբացատրելի մի ուժ շարունակում էր մարմինս հրել առաջ, և ես վազում էի, վազում, վազում…

Ու հանկարծ կատարվեց անհավանականը: Ինչ-որ մի անհայտ, անիմանալի պատճառով գնացքը, որ պիտի արդեն սլանար ամբողջ թափով, դանդաղեցրեց իր ընթացքը, և ես` վերջին ուժերս հավաքած, հասա նրան, կառչեցի հետնապահ վագոնից, ձգվեցի վեր ու հենց այդ պահին երկաթե անիվները խուլ ձայնով տնքացին և մղվեցին առաջ կատաղի արագությամբ:

Այս պատմությունը հորինվածք չէ. դա իսկապես եղել է: Ու հիմա` վերհիշելով այն գիշերը, որ պիտի վաղուց մոռացած լինեի, ես ոչ այնքան հավատում եմ նախախնամությանը, որքան ներքին համոզմունք ունեմ, որ երբեք, երբեք ուշ չէ և երբեք դու ուշացողը չես, եթե մինչև վերջին վայրկյանը վհատում չկա ու քո բոլոր մղումները քեզ տանում են դեպի նպատակ:

Հովիկ Չարխչյան

ՆՈԴԱՐ ԴՈՒՄԲԱՁԵ

26 Օգս

— Արտաշ, անունդ ու արտաքինդ հուշում են, որ հայ ես, հայերեն գիտե՞ս:

— Էլ ի՞նչ հայ, որ հայերեն չիմանա: Նույնիսկ Թեդոն գիտե,- պատասխանեց զարմացած:

— Դե որ այդպես է, ասա, խնդրեմ, աստծուն հայերեն ի՞նչ են ասում:

— Տո կոմսոմոլ ախմախ, վրացերեն հայհոյում եք` հերիք չի, հիմա էլ ուզում եք հայերեն սկսել,- Արտաշը կիսաբերան ժպտաց:

— Չէ, չէ, այ մարդ, ինձ թվաց, թե քեռի Գևորգը մեռնելուց առաջ ինչ-որ բան ասաց աստծուն…

— Ի՞նչ,- Արտաշը ծնկների վրա բարձրացավ:

— «Աստված, ինչի՞ համար»:

— Այդպե՞ս էլ ասաց,- զարմացած հարցրեց Արտաշը, վերստին խաչակնքեց, ապա նայեց Թեդոյին, որ նույնպես մնացել էր ափիբերան:

— Դե ասեք, ի՞նչ է նշանակում,- շունչս կտրվում էր պատասխանի սպասելիս: Անհամբեր նայեցի Թեդոյին:

Թեդոն համարյա շշնջալով թարգմանեց` ղմերթո, րիսի՞ դուլիաթվիս:

Հատված «Աստված, ինչի՞ համար» պատմվածքից

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԵՎ ՕՁԸ

26 Օգս

Կա այսպիսի մի պատմություն: Մատենադարանի շենքը կառուցելիս ճարտարապետ Մարկ Գրիգորյանը՝ դժգոհ լինելով աշխատանքների ընթացքից և որոշ մասնագետներից, իր մոտ է հրավիրում ինժեներ Գրիգոր Իսկանդարյանին: Վերջինս գալիս է շինհրապարակ, պտտվում է կիսակառույցի շուրջը և հանկարծ նկատում է, թե ինչպես մի օձ դուրս է գալիս քարերի արանքից ու մտնում շարվածքի ճեղքից ներս: Եվ այդ ժամանակ նա Մարկ Գրիգորյանին ասում է.

— Համաձայն եմ աշխատել քեզ հետ, եթե դու կարգադրես, որ քանդեն արդեն կառուցված երկու հարկերը:

— Ինչպե՞ս թե: Ինչու՞,- զարմանում է ճարտարապետը:

— Եթե օձը կարողանում է սողոսկել ճեղքից ներս, այս կառույցը վաղ թե ուշ կփլուզվի,- պատասխանում է Իսկանդարյանը:

Եվ, պատկերացրեք, հենց այդպես էլ անում են: Քանդում ու նորից են շարում պատերը:

ՉԱՐԵՆՑ ԵՎ ԱՌՆՈ

26 Օգս

Հայրս մտերմություն էր անում Չարենցի հետ: Բանաստեղծը հաճախ էր մեզ այցի գալիս: Երաժշտական իմ անդրանիկ հաջողություններով հպարտ, ծնողս մի անգամ (1931-ին էր) պարծեցավ, թե տղան հորինել է պիոներական քայլերգ: «Հապա նվագիր»,- պահանջեց Չարենցը: Ես ինձ գցեցի դաշնամուրին: «Իսկ նոտաները կա՞ն,- հարցրեց Չարենցը,- մի բեր՝ տեսնեմ»: Եվ տիտղոսաթերթի լայնքով մեկ մակագրեց. «Տպագրել 1000 օրինակ, Եղիշե Չարենց»: Եվ, պատկերացրեք, տպվեցին: Դիմանկարով հանդերձ, տասնմեկը դեռ չբոլորած մարդու դիմանկարով…

Չարենցի բարությունը երեխաներս երբեմն չարաշահում էինք: Օրինակ, իմ տարեկից Արմենի հետ ունենում էինք մոտավորապես այսպիսի մի երկխոսություն. «Սովա՞ծ ես- ըհը- ես էլ: Գնում ենք քեռի Եղիշեի մոտ»: Եվ ահա գնում էինք: Այն ժամանակ Չարենցը մնում էր «Ինտուրիստ» հյուրանոցում (հիմա՝ «Երևան»), ուր իր համարը լրիվ պատած էր ճապոնական նուրբ պաստառներով և մեծ թվով Բուդդայի արձանիկներ կային: Պոետը կեսօրին էլ նստած էր լինում անկողնում և միշտ նույն կարեկցանքով հարցնում էր. «Հը, տղերք, հո քաղցա՞ծ չեք: Տեսեք խոհանոցում բան-ման չկա՞»: Եվ մենք առանց այլևայլության գցվում էինք համարի «խոհանոց» կոչվող թևը…

Առնո Բաբաջանյան

ՀՐԱՊԱՐԱԿԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

26 Օգս

Երևանում Կառավարության տունը նախագծելիս Ալեքսանդր Թամանյանը նախատեսել էր շենքի աշտարակը զարդարել հսկա ժամացույցով: 1938-ին շենքի կառուցումը գրեթե ավարտվել էր, բայց աշտարակի վրա դեռ մնացել էր մեծ տրամագծով մի խոռոչ: Սակայն որտեղի՞ց գնել այդ չափերի ժամացույց:

Ժամացույցը պատրաստելու պատվերը ստանձնում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ինժեներ Մագնուշևսկին: Դա 1940 թվականն էր: 1941-ի սեպտեմբերին ժամացույցն արդեն պատրաստ էր: Այն անմիջապես Մոսկվայից բերվում է Երևան՝ համապատասխան գծագրերի հետ: Սակայն 1941-ի հունիսին սկսվել էր Հայրենական պատերազմը, և Մագնուշևսկին Հայաստան գալ չէր կարող: Ուրեմն ու՞մ վստահել ժամացույցի տեղադրումը:

Երկար փնտրտուքներից հետո ի վերջո գործը հանձնարարում են Հայկական ՍՍՀ Կապի մինիստրության ինժեներ Արծրուն Յավուրյանին: Հենց նա էլ կարճ ժամանակում մայրաքաղաքին տալիս է գլխավոր հրապարակի երգող ժամացույցը:

ՎԱՍԻԼԻ ԳՐՈՍՄԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀՈՒՇԸ

25 Օգս

Ռուս գրող Վասիլի Գրոսմանը 1963-ին գալիս է Հայաստան և շուրջ երկու ամիս մնում է մեր երկրում: Հետագայում գրի է առնում իր ճամփորդական նոթերը: Ուզում եմ ներկայացնել մի հատված նրա հուշերից, որտեղ նկարագրում է հայկական հարսանիքը:

«…Երբ հարսը, մի խումբ կանանցով շրջապատված, մոտենում էր ավտոբուսին, տասնհինգ տարեկան մի պատանի վազելով մոտեցավ այդ կանանցից մեկին, բռնեց ու համբուրեց նրան: Կատաղած տղամարդիկ նետվեցին նրա վրա և մի ակնթարթում նրան արնաներկ արին: Ես իսկույն հասկացա, որ տղան խմել-խելքը կորցրել է ու իմ կարծիքով խիստ դաժան վարվեցին նրա հետ: Բայց ինձ բացատրեցին, որ դա հարսանեկան ծիսակատարություն է, տղան հարսի եղբայրն է, և փեսայի գյուղից եկած կանանցից որևէ մեկին համբուրելով ասես վրեժ է լուծում իր քրոջ համար: Դա ծիսական սովորություն էր, պայմանականություն, բայց ինչպիսի դաժան, ինչպիսի կոպիտ սովորություն:

Եվ հանկարծ ես տեսա, հարսը բարձրացրեց իր արցունքակալած աչքերը, նայեց եղբորը: Արյունլվա դեմքով, արցունքից խոնավացած աչքերով տղան նայեց քրոջը: Նրանց լացակումած աչքերը ժպտացին միմյանց: Դա սիրո ժպիտ էր: Եվ սիրտս իսկույն համակեց այնպիսի՜ ուրախությամբ, այնպիսի՜ ջերմությամբ, այնպիսի՜ թախիծով…»: