Պահոց | 6:30 ե.

Կամ լեզգինկա, կամ այրվող Ղուրան

27 Դկտ

Ռուս ազգայնական Վլադիմիր Տորն իր «Կենդանի ամսագիր» բլոգում մոսկվացիներին կոչ է արել դեկտեմբերի 31-ի գիշերը հավաքվել Կարմիր հրապարակում։ «Բարեկամներ, եկեք Նոր տարին դիմավորենք Կարմիր հրապարակում։ Թող այնտեղ շատ ռուսներ լինեն»,- գրել է նա: Իր հայրենակիցներին մայրաքաղաքի կենտրոն հրավիրող ազգայնականը գիտի, որ նույն օրը բազմաթիվ կովկասցի երիտասարդներ ևս որոշել են նույն վայրում հավաքվել ու լեզգինկա պարել: Ի պատասխան սրա, սլավոններն էլ պատրաստվում են Կարմիր հրապարակում այրել Ղուրանը։ «Կարմիր հրապարակը Ռուսաստանի սիրտն է ու չի կարելի թույլ տալ, որպեսզի այն կորցնի իր կերպարը»,- գրել է Վլադիմիր Տորը` համոզված, որ այրվող Ղուրանի կրակները ետ կբերեն Ռուսաստանի նախկին էությունը: Ավելի խելացի բան մտածել չկարողանալով, նրանք որոշել են կրկնել այն, ինչն այս տարվա սեպտեմբերին արեց ամերիկյան եկեղեցիներից մեկի հոգևորականը Ֆլորիդայում` կրակի մատնելով մուսուլմանների սուրբ գիրքը:
Ինչպես տեսնում ենք, ազգայնական կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև նոր թափ ու լիցքեր են առնում: Դեկտեմբերի 11-ից հետո, երբ Մոսկվայի Մանեժնայա հրապարակում ծայրահեղականների և ֆուտբոլային ֆանատների կողմից կովկասցիների վրա կատարված հարձակումների ու ոստիկանության հետ բախումների պատճառով տասնյակ անմեղ մարդիկ տուժեցին, այդ երկրի իշխանություններն ըստ էության որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին հետագա զարգացումները կանխելու համար: Բավարարվելով սոսկ բարոյախրատական ելույթներով ու իրավապահների աշխատանքը խրախուսելով, նրանք իրենց չեզոք պահվածքով նպաստեցին հաջորդող շաբաթների աճող լարվածությանը: Միայն վերջին մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանի տարբեր անկյուններից անընդմեջ հաղորդումներ են ստացվում այլազգիների սպանության, բռնությունների, ավազակային հարձակումների մասին: Դրան զուգահեռ դատախազություններում հանցագործների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում՝ անկարգությունների դրդող և ազգայնական բնույթի կոչեր հնչեցնելու մեղադրանքով, ինչը եղած պատիժների ամենամեղմ տարբերակն է: Այդպես էլ ոչ մեկի նկատմամբ զանգվածային անկարգությունների կամ ջարդերի մասնակցության մեղադրանք չի առաջադրվել, թեև աղաղակող փաստերը բազմաթիվ էին ու անժխտելի: Իսկ շովինիզմի հաղթարշավը շարունակվում է` «Ռուսաստանը՝ ռուսներին» կարգախոսով: Միայն վերջին օրերին բողոքի ինքնաբուխ ակցիաներ են տեղի ունեցել Կլին, Պավլովո-Պոսադ, Չեխով, Սերպուխով և այլ քաղաքներում: Այս պատկերն առավել ամբողջացրել է «Շարժում դեկտեմբերի 11» ուլտրաաջ կազմակերպության ստեղծվումը, որի հրապարակած մանիֆեստի համաձայն, իրենց նպատակն է ռուս ժողովրդին ազատել ոչ ռուսական իշխանությունից և «միլիոնավոր պարազիտներից», գրավել Կրեմլը և երկրից վտարել բոլոր կովկասցիներին ու միջինասիացիներին:
Որպեսզի չստեղվի այն տպավորությունը, թե մենք ցանկանում ենք միտումնաբար ու հանիրավի խտացնել գույները, ներկայացնենք վերջերս Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից իրականացված հարցման արդյունքներից ընդամենը մի քանի կետ: Համաձայն դրանց, յուրաքանչյուր 10-րդ ռուսաստանցին պատրաստ է մասնակցել բողոքի այնպիսի գործողությունների, ինչպիսիք դեկտեմբերի 11-ին տեղի ունեցան Մանեժնայա հրապարակում: Հարցվածների 18 տոկոսն, այսինքն ամեն 5-րդը, հավանություն է տալիս ջարդեր իրականացրած ազգայնականների գործողություններին: Եվ նման տրամադրությունների ֆոնի վրա իշխանություններն իրենց հերթին տեղեկացնում են, թե պատրաստվում են ստեղծել էթնիկ հանցագործությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանում:
Բայց արդյո՞ք ոչ-ռուսներն այդպիսի վտանգ են ներկայացնում ռուսների համար: Ընթացիկ տարվա գործունեության հաշվետվության մեջ այժմ նշվում են սարսափազդու թվեր, ըստ որի Մոսկվայի բոլոր հանցագործությունների 70 տոկոսը իրականացրել են եկվորները: Ինչ-խոսք, տպավորիչ ցուցանիշ է: Մոսկվաբնակներն իրոք զգուշանալու հիմքեր կունենային, եթե այդ տվյալները գոնե փոքր-ինչ մոտ լինեին ճշմարտությանը: Բանն այն է, որ բոլորովին վերջերս ՌԴ ոստիկանության պաշտոնական վիճակագրության ամփոփագրում միանգամայն ուրիշ պատկեր էր: Այնտեղ ասվում էր, որ 2010-ի 11 ամիսներին, ողջ Ռուսաստանում արձանագրվել է 2 438 126 հանցագործություն, որից միայն 41 765-ն են իրականացրել ԱՊՀ երկրներից ժամանած միգրանտները: Ըստ այդմ, միջին միգրանտը 3 անգամ ավելի օրինապահ է գտնվել, քան միջին տեղացին: Սակայն ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է սևացնել «սևերին», որպեսզի «սպիտակները» էլ ավելի սպիտակ երևան:
Այս տարի Ռուսաստան է ժամանել 13 մլն արտասահմանցի: Անօրինական միգրանտների թիվը կազմում է 3 մլն: Նման ահռելի հոսքի պայմաններում ակնկալել լիակատար ներդաշնակություն ու համերաշխություն` այնքան էլ իրատեսական չէ: Սակայն կա խնդրի մյուս կողմը, ինչի մասին դիպուկ նկատեց Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` ասելով, որ Ռուսաստանում դարերով առկա ազգայնականության ու քսենոֆոբիայի դեմ իմունիտետը սկսել է թուլանալ: Ճիշտ է, օրերս Պուշկինսկայա հրապարակում ռուս մտավորականությունը հանրահավաք անցկացրեց այլատյացության դեմ, և մոտավորապես 2 հազար մասնակիցներ վանկարկեցին` «Ռուսաստանը բոլորի համար», «Ոչ ֆաշիզմին» կարգախոսներ, իսկ նույն ժամանակ ռուս հայտնի գործիչների մի խումբ հանդես եկավ մոսկվացիներին ուղղված դիմումով` կոչ անելով մոսկվացիներին կանգնել «ի պաշտպանություն նորմալ կյանքի և մարդկային արժանապատվության», սակայն նրանց ձայնը և պահանջը` «Ռուսաստանն առանց նացիզմի», դեռ երկար ժամանակ կխլանա այն վանկարկումների և աղաղակների ներքո, որոնք այդ բազմազգ երկրի համար այլ ապագա են գուշակում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: