Պահոց | Նոյեմբերի, 2017

ՄՏՔԵՐ

27 Նյմ

Եթե կյանքն ինչ-որ բան տալիս է, ապա միայն նրա համար, որ ետ վերցնի:
Արթուր Շոպենհաուեր

60 տարի առաջ «լավատես» ու «հիմար» բառերը հոմանիշներ չէին:
Մարկ Տվեն

Որքան մարդը տարիքն առնում է, այնքան ավելի է նմանվում ինքն իրեն:
Մորիս Շևալյե

Խելացի մարդ համարվելու համար պարտադիր չէ խելացի բաներ անել: Բավական է ընդամենը հիմարություն չանել:
Բոգուսլավ Վոյնար

Մարդը կարող է ամեն ինչ, բայց ոչ ավելին:
Կոստանտին Մելիխան

Որքան բարակ է սառույցը, այնքան բոլորի մոտ ավելի մեծ է ցանկությունը ստուգել` կդիմանա՞ արդյոք:
Հենրի Շոու

Դիվանագետի թանաքը հեշտ է ջնջվում, եթե նրա վրա չեն ցանել հրանոթային վառոդ:
Պիեռ Բուաստ

Մահից ավելի վատ ի՞նչ կարող ես ցանկանալ նրան, ում վրա զայրացած ես: Այնպես որ հանգստացիր, նա կմեռնի, եթե դու նույնիսկ մատդ մատին չխփես:
Սենեկա

Ընկեր գտնելու համար պետք է մի աչքը փակել: Ընկեր պահելու համար պետք է փակել երկու աչքերը:
Նորման Դուգլաս

Եթե մարդը հոռետես է դառնում մինչև 48 տարեկանը, ուրեմն նա չափից շատ գիտի: Իսկ եթե նա այդ տարիքում էլ մնում է լավատես, ուրեմն նա չափազանց քիչ գիտի:
Մարկ Տվեն

Որքան քիչ են մտքերը, այնքան շատ են համախոհները:
Կոստանտին Մելիխան

Երբ խորհրդարանը նիստ է գումարում, ամբողջ երկիրն այնպիսի զգացողություն է ունենում, կարծես երեխայի ձեռքը մուրճ են տվել, որ խաղա:
Ուիլ Ռոջեր

Որպեսզի երբեք հիմարների չհանդիպեք, փակվեք ձեր սենյակում և կոտրեք հայելին:
Ֆրանսուա Ռաբլե

Չես կարող պարտադրել, որ քեզ սիրեն: Բայց կարող ես պարտադրել, որ քեզ հարգեն:
Բենջամին Ֆրանկլին

Ինչ էլ պատահի, երբեք կյանքը չափից ավելի լուրջ մի ընդունեք: Միևնույն է, նրաից դուք կենդանի դուրս չեք գա:
Քին Հաբբարդ

Երաժշտություն հորինելու համար պետք է ընդամենը հիշել մեղեդին, որը դեռ ոչ ոք չի հնարել:
Ռոբերտ Շուման

Մենք ի՞նչ կարող ենք ասել Աստծո մասին: Ոչինչ:
Մենք ի՞նչ կարող ենք ասել Աստծուն: Ամեն ինչ:
Մարինա Ցվետաևա

Լավ է քիչ հասկանալ քան վատ հասկանալ:
Անատոլ Ֆրանս

Վաղվան մի հետաձգեք այն, ինչը կարելի է անել վաղը չէ մյուս օրը:
Մարկ Տվեն

1455008083701

Advertisements

ԼՈՒՑԿԻ, ԹԵ՞ ԿՐԱԿԱՅՐԻՉ

27 Նյմ

Առաջինը ձու՞ն է եղել, թե՞ հավը: Այս խնդիրը լուծելուց առաջ եկեք մեկ այլ հարց պարզենք` առաջինը լուցկի՞ն է եղել, թե՞ կրակայրիչը: Պարզվում է, առաջին կրակայրիչը ստեղծվել է 1823 թվականին, գերմանացի քիմիկոս Յոհան Վոլֆգանգ Դյոբերեյների կողմից: Իսկ առաջին լուցկին լույս աշխարհ է եկել դրանից երեք տարի հետո` քիմիկոս Ջոն Ուոլքերի շնորհիվ:

Dollarphotoclub_73217519-700x466

ԱՓՍՈՍ

24 Նյմ

Գիշերվա փողոցում մենակ մնացած մարդը հենց այնպես միայնակ չդարձավ: Նրան լքեցին: Նախ ցերեկը լքեց, հետո` համբերությունը, հետո` սպասման իմաստը և ապա բոլոր նրանք, ովքեր գնացին վերադարձի խոստումով: Գիշերում մնացած մարդը պիտի չիմանար, որ ապահով լույսի հրապույրն ավելին է, քան մոլորված մարդու նվիրումը: Եվ մարդն այնտեղ էր, որովհետև նա մենակ էր շատերի մեջ, երբ շատերը մեկուսի էին միասին:
— Ափսոս,- ասաց գիշերվա միջի միայնակ մարդը, երբ արդեն հեռանում էր: Ու ոչ ոք չկար, որ իմանար, թե ինչն էր ափսոս: Ափսոս էր, որ այլևս չունե՞ր, թե՞ ափսոս էր, որ այլևս չկար: Իսկ դրանք տարբեր բաներ են:

Հովիկ Չարխչյան

1444

ԳՈԳԵՆԸ ԳԼԽԻՎԱՅՐ

24 Նյմ

Պոլ Գոգենի «Բրետոնական գյուղը ձյուների մեջ» կտավը նրա մահից հետո վաճառքի դրվեց աճուրդում: Տեղի աշխատակիցները սխալմամբ նկարը գլխիվայր էին կախել և ներկայացրել էին «Նիագարայի ջրվեժը» անվանումով:

Бретонская-деревня-в-снегу

ՍԱՀԱԴԱՇՏ ՏԻԿՆՈՋ ՀԱՄԱՐ

24 Նյմ

Մի անգամ ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս 14-րդի կինը` իր բազում քմահաճույքներով հայտնի տիկին Մենտենոնը ամառվա կեսին որոշեց սահել դահուկներով: Ցանկությունը հրաման էր: Եվ հաջորդ առավոտյան Վերսալի ճանապարհներին պատրաստ էր բազմակիլոմետրանոց «ձնե» սահուղին: Այն պատրաստել էին աղից ու շաքարից:

4208f4ff

Ո՞վ է պայթեցնում Վանաշենի հնավայրը

21 Նյմ

Շուրջ 30 տարի առաջ Արարատի մարզի Վանաշեն գյուղի տարածքում հնագետների կողմից հայտնաբերվեցին հին բնակատեղի եւ ընդարձակ դամբարանադաշտ։ Դամբարանադաշտը փռված է Վեդիից 3,5 կմ. հարավ-արեւելք, Ուրծի լեռների հյուսիսարեւելյան վերջավորության ոչ մեծ սարահարթի վրա, իսկ բնակատեղին` սարահարթի ստորոտում, մոտ 1 կմ երկարությամբ։ Վեդի գետի ձախափնյա ցածրավայրում պահպանվել են նաեւ 36 մետր եկարությամբ պարիսպի մնացորդներ։ Մասնագետներն այն կարծիքն են հայտնել, որ այս գոտում գտնվում են շուրջ 800 գետնափոսային տիպի դամբարաններ, որոնցից հետազոտվել են միայն 23-ը։ Առաջին իսկ պեղումներն ու ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հնավայրը չափազանց հարուստ էր, իսկ հայտնաբերված ուշագրավ նյութերը վերաբերում էին ուշ բրոնզի եւ երկաթի դարերին` Արարատյան հայոց թագավորության ժամանակաշրջանին։ Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, ով ծնունդով Վանաշենից է, դիմել է խորհրդարան, Պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանման գործակալություն։ Նրա պնդմամբ՝ կասկածից վեր է, որ նյութերը կարող են մեծապես նպաստել այդ մշակույթի կերտողների ծագումնաբանության հարցերի պարզաբանմանը։ «Հետագա տարիների ընթացքում հնավայրը մատնվեց անուշադրության։ Իսկ այժմ այն հայտնվել է լիովին ոչնչացվելու վտանգի առաջ։ Բանն այն է, որ ներկայումս դամբարանադաշտի մերձակայքում եւ բուն տարածքում իրականացվում են հանքափորման ու հորատման աշխատանքներ, որոնք պարպերաբար ուղեկցվում են այդ նպատակի համար կիրառվող պայթեցումներով։ Այս ցավալի փաստը հարուցել է տեղի բնակչության եւ նախանձախնդիր կազմակերպությունների արդար վրդովմունքը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց պարոն Չարխչյանը։ Թե ինչու եւ ինչպես է հնավայրի տարածքը տրամադրվել արդյունահանման ձեռնարկության շահագործման, ինչպե՞ս է դա օրինականացվել առանց գործակալության թույլտվության, այլ հարց է։ Առաջնային խնդիրն այժմ կայանում է շուտափույթ կերպով դամբարանադաշտը վերջնական ոչնչացումից փրկելու քայլերի մեջ։ «Կարծում ենք, որ իբրեւ այդպիսիք կարող են համարվել տարածքի նվազագույն պաշտպանությունը, այդ գոտու ցանկապատումը, հատուկ ցուցանակի ամրացումը, մինչեւ այն ժամանակը, երբ հնարավորություն կստեղծվի վերստին ավելի լրջորեն զբաղվել դամբարանադաշտի հետազոտմամբ եւ վերսկսելու պեղումները»,-շեշտեց մեր զրուցակիցը։ Նա վկայում է՝ հենց դամբարանադաշտի տարածքում արդեն տարիներ շարունակ քարհանք է: «Ժամանակին տարբեր եղանակներով ահազանգել ենք պատկան մարմիններին, բայց նրանք կամ մեր դիմումներն անպատասխան են թողել, կամ բանավոր կարգով տեղեկացրել են, որ ոչինչ անել չեն կարող: Այսօր դժվար է հստակ ասել, թե վնասի ծավալներն ինչքան են, արդյո՞ք գոնե մի չնչին հետք մնացել է պատմական արժեքներից: Բայց խնդիրը բարձրաձայնելու համար երբեք ուշ չէ: Մեկ էլ տեսար` ինչ-որ մեկը վերջապես կբարեհաճի լսել»,-եզրափակեց պարոն Չարխչյանը: Պատկան մարմինների մեկնաբանությունը կներկայացնենք ավելի ուշ։

Աննա Բաբաջանյան23601907_1566675516746842_687421987_n-600x386

ԲՈՅԿՈՏԸ

21 Նյմ

«Բոյկոտ» բառի ծագման պատմությունը բավականին ինքնատիպ է:
1880 թվականին իռլանդացի մի կառավարիչ` Չարլզ Բոյկոտը պայքարում էր գործադուլավոր ծառայողների դեմ, ովքեր իրենց անհամաձայնությունն էին արտահայտում վարձակալման վճարների առիթով: Ի պատասխան դրա հանրությունը որոշեց նրան արհամարհել ու մեկուսացնել: Հարևանները դադարեցին նրա հետ զրուցել, խանութներում չէին սպասարկում, եկեղեցում մարդիկ չէին նստում նրա կողքին: Դիմադրության այսպիսի ձևն էլ հետագայում ձեռք բերեց բոյկոտ անվանումը և լայն տարածում գտավ:

Boycott stamp

ԱՆՀԵՏԱՑԱԾ ՏԱՌԸ

20 Նյմ

Ֆրանսիացի մի գրող կա` Ժորժ Պերեկ: Նա 1969 թվականին վեպ հրատարակեց «La disparition» (Անհետացում) վերնագրով: Ստեղծագործության առանձնահատկությունն այն էր, որ վեպում չկար ոչ մի e տառ, թեև դա ֆրանսերենում ամենագործածականն է: Այդ նույն սկզբունքով` առանց e-երի, գիրքը թարգմանվեց անգլերեն, գերմաներեն, իտալերեն: Ռուսները նույնպես հետևեցին օրինակին, միայն այն տարբերությամբ, որ ռուսերենում բացակայում էին բոլոր օ տառերը, քանի որ օ-ն է ռուսերենի ամենագործածական տառը:images

ԱԳՌԱՎԻ ՆԱԽԱՆՁԸ

19 Նյմ

— Տեսե՞լ ես, թե ագռավն ինչպես է ընկույզը փշրում,- հարցնում է ծանոթս:- Գետնից կտուցով վերցնում է, բարձրացնում է վերև ու բաց է թողնում: Եվ դա կրկնում է այնքան ժամանակ, մինչև ընկույզը կոտրվում է:
— Իսկ դու տեսե՞լ ես, թե ինչպես են փշրում մարդու սիրտը,- ասում է մյուս ծանոթս:- Ագռավները կնախանձեին: Ոչ կտցում են, ոչ վերևից ներքև են նետում, ոչ հարվածում են: Ընդամենը հուսախաբ են անում և վերջ:

Հովիկ ՉարխչյանTorgachkin=A77=2-DSC05545

ԾԻԱԾԱՆԻ ՄԵՂԵԴԻՆ

19 Նյմ

Թեև ծիածանի բազմագույն սպեկտրում երանգներն առանձնացված չեն և մի գույնից մյուսին անցումը տեղի է ունենում բազմաթիվ միջանկյալ երանգների հաշվին, բայց ավանդաբար խոսվում է ընդամենը 7 գույների մասին: Համարվում է, որ այդ 7 գույներն առաջինը ընտրել է Իսահակ Նյուտոնը: Ընդ որում, սկզբնապես նա առանձնացրել է ընդամենը 5 գույն, ինչի մասին գրել է իր «Օպտիկա» աշխատության մեջ: Հետագայում ցանկանալով համապատասխանություն ստեղծել գունային սպեկտրի թվի և երաժշտական նոտաների թվի միջև, Նյուտոնը հավելել է ևս երկու գույն:

music-notes-clipart-rainbow-12

ԲՈԼՈՐԻՍ ԵՐԵԽԱՆ

17 Նյմ

1988-ի երկրաշարժից մի դեպք պատմեմ:
Աղետից հավանաբար մի շաբաթ էլ չէր անցել: Մի օր կեսօրին մայրս տուն եկավ 5-6 տարեկան անծանոթ աղջնակի ձեռքը բռնած: Ներս բերեց, նստեցրեց վառարանի մոտ, հետո մեզ հետ առանձնացավ ու ասաց. «Ծնողները զոհվել են: Այսօրվանից նա մեր տանն է ապրելու: Ձեզ համար քույրիկ կլինի»: Այնպես միանգամից ասաց ու այնպես հանգիստ հաշտվեցինք այդ մտքի հետ, կարծես վաղուց գիտեինք դրա մասին և ընդամենը սպասում էինք, որ տուն գար:
Արագ-արագ քաղցրավենիքներ, մրգեր դրեցինք սեղանին, խաղալիքներ գտանք, մտածում էինք, թե որտեղից կարելի էր մանկական տաք հագուստներ բերել: Այդպես զբաղեցնում ու մերվում էինք նրա ներկայության հետ:
Մի քանի ժամ էլ չէր անցել, երբ հանկարծ տան դռները աղմուկով ետ գնացին, ներս ընկամ մի հաղթանդամ կին, նետվեց դեպի երեխան, գիրկն առավ, հետո զայրույթով ու դժգոհությամբ նայեց մեր կողմը և դուրս գնաց: Երեխայի մորաքույրն էր: Նրա վերջին հայացքը մեզ ասում էր. «Էս երեխան անտեր չէ, որ ձեր տուն եք բերել»:
Նրանք գնացին: Մենք անշարժացած կանգնել էինք: Ու դա եզակի անգամ էր, որ կոպտությանը պատասխանում էինք ժպիտով:

Հովիկ Չարխչյանmaxresdefault (15)

ՍՎԻՏԵՐԻ ՄԱՍԻՆ

17 Նյմ

Եղանակները ցրտեցին: Մարդիկ պահարաններից դուրս են բերում իրենց տաք հագուստները: Դրանց թվում է է նաև սվիտերը: Իսկ գիտե՞ք, թե ինչու են դրան անվանում սվիտեր: Հագուստի այդ տեսակն առաջին անգամ սկսել են գործածել դեռևս 19-րդ դարում, Եվրոպայում: Ի սկզբանե այն համարվում էր զգեստ նիհարելու համար, քանի որ ֆիզիկական վարժությունների ժամանակ նպաստում էր քրտինքի արտադրությանը: Ավանումն էլ առաջ է եկել անգլերեն «to sweat»` «քրտնել» բայից:

SGiLRjun52s

ԱՆՊԱՏՃԱՌ ՀՈՒՇԸ

16 Նյմ

Հիշելն ու չմոռանալը տարբեր բաներ են: Հիշելն ինքնաբերաբար է, չմոռանալու մեջ ճիգ կա:
Հիշողության իրավունքը լինելն է: Մնացածը քո ընտրությունն է: Մեկին կհիշես, մյուսին կմոռանաս, երրորդին կպահես մտքիդ մեջ, չորրորդի մասին քեզ կհուշեն: Եվ դրանցից ամեն մեկն իր պատճառը կունենա, որովհետև հիշողությունն ամեն բանի համաձայն է, բացի անպատճառ լինելուց:
Ու եթե մի օր հանկարծ բացորոշես, որ քո բոլոր հուշերն ու հիշատակները ասեղված են միևնույն թելով, իմացիր, որ դա քո դերձանն է: Քո հիշողության մեջ դու պահպանում ես քեզ կամ կորցնում ես քեզ: Եթե այնտեղ կան ուրիշները, ապա կան միայն նրա համար, որ քեզ հետ են եղել: Նրանց բացառելիս դու նախ ինքդ քեզ ես հերքելու:

Հովիկ Չարխչյանmemory

ՀԱՎԵԼԱԴԻՐ ԻՄԱՑԱԿԱՆԸ

10 Նյմ

Գիտնականներն ասում են, թե մահից հետո մարդը գրեթե մեկ ժամ գիտակցում է, որ ինքը մահացել է և հասկանում է, թե ինչ է կատարվում իր շուրջը: Ես չգիտեմ` դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Հաստատելու համար ապացույցներ չունեմ, հերքելու համար հիմքեր նույնպես չկան: Բայց վստահաբար կարող եմ պնդել, որ չկա ավելի ծանր բան, քան հետմահու կյանքի այդ մեկ ժամը:
Աստծո ամենամեծ պատիժն է` իմանալ ավելին, քան տրված է իմանալ: Եվ իմանալ, որ այդ հավելադիր իմացականը քո մահն է:

malchik-bolezn-zhizn-smert

ՄԵՆԱՄԱՐՏ ՄԵՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

8 Նյմ

Պատմության մեջ ամենաանհեթեթ մենամարտը թերևս նա է, որ տեղի է ունեցել 1806 թվականին, Անգլիայում: Գինետներից մեկում վիճաբանում են երկու ջենթլմեն` Համֆրի Հովարտը և կոմս Բերիմորը: Հաջորդ առավոտյան նշանակվում է նրանց մենամարտը: Եվ ահա հայտնվում է Հովարտը` բոլորովին մերկ: Նա մտադրություն չունի որևէ մեկին ծաղրելու, պարզապես մասնագիտությամբ լինելով վիրաբույժ` գիտի, որ երբեմն մահը վրա է հասնում ոչ թե գնդակից, այլ գնդակի հետ մարմին ներթափանցած հագուստի ծվեններից, որոնք վարակի աղբյուր են ծառայում: Դրա համար էլ մերկացել է:
Կոմսն իր հերթին չի ցանկանում պատմության մեջ մնալ իբրև մեկը, ով մերկ մարդ է գնդակահարել: Այդ պատճառով էլ ախոյանները զենքերը վայր են դնում և բաժանվում են խաղաղությամբ:

0_77d384_4df3a8ab_XL

ՌԵԺԻՍՈՐԻ ԵՐԱԽՏԻՔԸ

8 Նյմ

Եթե ուշադիր լինեք, ապա վրացի ռեժիսոր Գեորգի Դանելիայի գրեթե բոլոր ֆիլմերի տիտրերում կհանդիպեք դերասան Ռենե Խոբուայի անունը: Սակայն նման դերասան գոյություն չունի: Ռենե Խոբուան հասարակ մարդ է, շինարար, կինոարվեստի հետ որևէ առնչություն չունեցող մեկը: Դանելիան նրա հետ ծանոթացել է 1960-ականների սկզբին, Թբիլիսիում, երբ հյուրանոցում աշխատում էր ֆիլմերից մեկի սցենարի վրա: Եվ ահա ռեժիսորն ու սցենարիստը Խոբուային հրավիրում են իրենց սենյակ ու մի քանի օր շարունակ նրան զանազան պատմություններ են պատմում, հատվածներ են ընթերցում ապագա ֆիլմի սցենարից: Նպատակը մեկն էր` իմանալ «շարքային կինոդիտողի» կարծիքը: Միայն վերջում պարզվում է, որ խեղճ շինարարը գործուղման է եկել, պիտի Թբիլիսիից շտապ շինարարական նյութեր տեղափոխեր Զուգդիդի, բայց դրա փոխարեն նստել ու պատմություններ է լսել:
Ի նշան երախտագիտության Գեորգի Դանելիան որոշում է այդ մարդու անունն անմահացնել իր ֆիլմերում:1169177839

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ

5 Նյմ

1960-ականներին Միլանում մի ունևոր գործարար թաղամասի բոլոր տղաներին մեկական պարսատիկ նվիրեց ի նշանավորումն իր ընկերության հոբելյանի: Պարսատիկներին կցված էր հետևյալ գրությունը. «Շնորհակալություն անդավաճան համագործակցության համար»:
Այդ գործարարը զբաղվում էր շենքերի ու պատուհանների ապակեպատմամբ:CoolClips_vc004806

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

5 Նյմ

Չգիտեմ, դա եղել է ամենաերջանի՞կ, թե՞ ամենադժբախտ օրը, բայց 1930 թվականի ապրիլի 18-ին BBC-ի հաղորդավարը եթերից տեղեկացրել է, որ չկան այնպիսի նորություններ, որոնց մասին արժե տեղեկացնել: Եվ ամբողջ օրը ռադիոյով հնչել է դաշնամուրային երաժշտություն:

pic06_hrh_princess_elizabeth.1

ՄՏՔԵՐ

5 Նյմ

Տևական հաջողությունը միշտ էլ կասկածելի է:
Տիբեթյան

Քաջությունն ավելի շատ երկրպագուներ ունի, քան հետևորդներ:
Մարգարիտա Բլեսինգտոն

Եռանդն անհրաժեշտ է խելոքներին, բայց սովորաբար հանդիպում է հիմարների մոտ:
Թոմաս Ֆուլեր

Ես թքած ունեմ, թե ինչ եք խոսում իմ մասին: Բայց քանի դեռ դու ինչ-որ բան խոսում եք, բարի եղեք անունս ճիշտ արտասանել:
Ջորջ Մ. Կոհան

Մահը այն նետն է, որ թռչում է դեպի քեզ, իսկ կյանքն այն ակնթարթն է, որ ընթացքում այդ նետը քեզ կհասնի:
Իբրահիմ ալ Հուսրի

Այսօրվա պոետներն իրենց թանաքին չափից շատ ջուր են խառնում:
Գյոթե

Թույլ մարդը կասկածում է որոշում կայացնելուց առաջ, ուժեղ մարդը` որոշում կայացնելուց հետո:
Կարլ Կրաուս

Ինչու՞ ես ուրախանում, եթե քեզ գովաբանում են մարդիկ, որոնց ինքդ չէիր գովաբանի:
Սենեկա

Արիստոտելը պնդում էր, որ կանայք ավելի քիչ ատամներ ունեն, քան տղամարդիկ: Ու թեև նա ամուսնացել էր երկու անգամ, նրա մտքով այդպես էլ չանցավ իր պնդումը ստուգել` կանանցից մեկի բերանն ուսումնասիրելով:
Բերտրան Ռասսել

Պատահում է, որ ամեն բան հաջողվում է: Բայց մի վախեցեք, դա կանցնի:
Ժյուլ Ռենար

Հմայվեք փոքրիկ նավակներով, բայց ձեր բեռը վստահեք միայն մեծ նավերին:
Հեսիոդոս

Ատելությունը ձգտում է ընդհանրության, սերը` մանրամասնության:
Լուիս Դադեկ

Այսօրվա ծայրահեղականը վաղվա պահպանողականն է:
Մարկ Տվեն

Նա, ով երջանիկ է եղել սիրո մեջ, ոչ մի պատկերացում չունի դրա մասին:
Ժան Անույ

Ամեն սիրտ երգում է: Բայց այդ երգն անավարտ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ մեկ ուրիշն էլ չի ձայնակցել:
Ջեսի Կիրբ

Այնպիսի ծուռ փայտից, ինչպիսին մարդն է, ոչ մի ուղիղ բան չես հղկի:
Իմանուիլ Կանտ

Եթե մենք դադարեինք վազ տալ երջանկության հետևից, ապա բավականին լավ ժամանակ կանցկացնեինք:
Իդիթ Ուարթոն

1433232585

ԱՍՏՎԱԾ ԻՆՁ ԼՍԵՑ

4 Նյմ

Իմ հարազատներից մեկն էր կորել: Գնացել էր գործի ու հետո տուն չէր վերադարձել: Երկու օր շարունակ փնտրում էինք: Չկար ու չկար: Ոստիկանները եկան, միացան որոնումներին: Երրորդ օրն էր, դարձյալ ոչ մի լուր: Հույսը նվազում էր, բոլորս էլ արդեն հասկանում էինք, որ ցավալի ինչ-որ բան է պատահել, բայց գտնել պետք էր, իմանալ պետք էր, և տանջալի ցերեկներին հաջորդում էին անքուն գիշերային փնտրտումները:
Մյուս օրը որոշեցինք շարժվել այլ ուղղությամբ, նայել գյուղամերձ այգիների տարածքները, բոլոր ծառերի ու թփերի տակ: 10-15 հոգի էինք: Երկար շղթա կազմեցինք ու սկսեցինք առաջ քայլել: Աշուն էր, այգիների խոտը խոնավ էր ու սմքած, խաշամի կույտերը հեռվից տերևածածկ մարմիններ էին հիշեցնում, շարժվող ամեն ստվեր հոգեվարքի շնչառություն ուներ և մեր ցրված ոտնաձայները պաղ քամու սվսվոցին էին նման:
Քայլում էինք լուռ, դանդաղ, առանց իրար նայելու և այդ տարտամ երթի մեջ ես խնդրում էի Աստծուն, որ եթե մարմինը գտնվի, գտնողը ես չլինեմ: Չէ, դա վախ չէր, ոչ էլ ցավը հեռու վանելու բնազդային մղում: Ինձ թվում էր, որ եթե առաջինը տեսնեմ, ես կլինեմ դժբախտություն բերողը, կսկիծի սերմեր նետողը, վերջին հույսի դահիճը:
Եվ Աստված ինձ լսեց…
Հաջորդ օրը նրա մարմինը գտան ջրանցքում: Այդպես էլ չիմացանք, թե ինչ էր պատահել:

Հովիկ Չարխչյան

autumn garden 1

%d bloggers like this: