Tag Archives: Լեոնիդ Ենգիբարյան

Այդ վտանգավոր մասնագիտությունը՝ դերասան

22 Ապր

Էկրանի վրա դերասանները բարդ հնարքներ են ցուցադրում, հաղթահարում են դժվարին խոչընդոտները, ելք են գտնում ծայրահեղ իրավիճակներից, և հանդիսատեսը համոզված է, որ այդ բոլորը ընդամենը կինո է ու ցանկացած ցուցադրվող գործողություն ունի իր բացատրությունն ու կատարման եղանակը: Եվ հազիվ թե նրանց մտքով անցնի, որ շատ ու շատ անգամ դերասաններն իսկապես բախվում են այնպիսի արտակարգ հանգամանքների, որոնց մասին նույնիսկ երևակայելը դժվար է:

Ստորև կներկայացնենք երեք փոքրիկ դրվագ հայկական կինոյի էջերից, մինչդեռ նմանատիպ պատմությունները անհամեմատ ավելին են:

* * *

1970 թվականն էր: Մոսկվայի կրկեսում նկարահանվում էր «2 Լեոնիդ 2» գեղարվեստական կինոնկարը՝ Լեոնիդ Ենգիբարյանի մասնակցությամբ: Հերթական տեսարանն էր, որտեղ Ենգիբարյանը մի ձեռքում բռնել էր վառվող ջահ, իսկ մյուսում՝ աղավնի: Տեսախցիկն արդեն աշխատում էր, երբ հանկարծ թեքված ջահից բենզինն ու կրակի լեզուները թափվեցին դերասանի վրա: Մեկ ակնթարթ հետո Ենգիբարյանն ինքն էր վերածվել վառվող ջահի: Այրվում էին մազերը, դեմքը, ձեռքերը, հագուստը… Կատարվածից ապշահար ներկաները պապանձվել-քարացել էին տեղում: Օպերատորը բնազդաբար շարունակում էր նկարել, մինչ Ենգիբարյանը թավալվում էր արենայի կենտրոնում՝ փորձելով մարել բոցերը: Վերջապես արտիստներից մեկը մոտ վազեց և ձեռքի տակ եղած սավանով հանգցրեց կրակը:

Կես ժամ անց՝ դեմքն ու ձեռքերը վիրակապերով փաթաթած, Լեոնիդ Ենգիբարյանը դուրս եկավ հրապարակ և ասաց, որ պատրաստ է շարունակել նկարահանումները: Սակայն մինչև այդ օպերատորին խնդրեց, որ իրեն նվիրի սարսափելի միջադեպի նկարահանված ժապավենը: «Ուզում եմ ցույց տալ ընկերներիս,- բացատրեց նա:- Թող տեսնեն, որ Լյոնյան ոչ ջրում է խեղդվում, ոչ էլ կրակի մեջ է այրվում»:

* * *

Գուրգեն Մահարու ձեռագիր արխիվներում պահպանվել է 1927 թվականին արված մի գրառում, որը վերաբերում է «Հայկինո»-ի 6-րդ ֆիլմի՝ «Խասփուշի» նկարահանման աշխատանքներին և գլխավոր դերակատար Հրաչյա Ներսիսյանին: Ահա մի դրվագ այդ գրառումից.

«… Նկարահանվում է «Խասփուշի» տեսարաններից մեկը. ըստ կինոպիեսի, մի պարսիկ պիտի ծեծի ենթարկվի. ծեծվողը մեր շնորհալի դերասան Հրաչյան է, ծեծողները՝ «ղանթարի կինոդերասանները». ռեժիսոր Բեկնազարյանը փորձում է, փորձը անցնում է հաջող, այսինքն մեր «պարսիկները» ցույց են տալիս, որ ծեծում են, բայց իսկապես չեն ծեծում, այլ ձևացնում են: Օպերատորը դարձնում է ապարատը, ծեծողներն անցնում են իսկականին բառի… իսկական իմաստով: Հրաչյան կարիք չունի ցավ ձևացնելու, նա գոռում է իսկական ծեծվողի գոռոցով: Սաստել չի լինի, որովհետև «պարսիկները» կշփոթվեն: Հրաչյան գոռալով դիմանում է և ոտի ելնում արդեն կապտած մարմնով…»:

* * *

1973 թվականին ռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանը նկարահանում էր «Մհերի արձակուրդային արկածները» կինոկատակերգությունը: Ֆիլմում դեր էր ստացել նաև Արմեն Խոստիկյանը: Նա պիտի մարմնավորեր միլիցիոների կերպարը: Սակայն դրա համար նախ անհրաժեշտ էր սովորել մոտոցիկլետ վարել, ինչը Խոստիկյանը չգիտեր: Այդ նպատակով դերասանին կցեցին միլիցիայի ավագ Խդրյանին, որը ստանձնեց ուսուցիչ լինելու պարտականությունը: Խդրյանը բոլոր ջանքերը գործադրեց կարճ ժամանակում Խոստիկյանից բավականին հմուտ մոտոցիկլետիստ կերտելու համար: Դերասանն այժմ ամեն ինչ գիտեր՝ շարժիչը գործի գցել, տեղից պոկվել, երթևեկել… Խդրյանն ընդամենը մի աննշան բան էր մոռացել՝ սովորեցնել, թե ինչպես է պետք… արգելակել:

Վրա է հասնում նկարահանման օրը: Բոլորը պատրաստ են: Օպերատորը սկսում է նկարել: Խոստիկյանը շարժվում է տեղից, արագություն է հավաքում ու սկսում է սլանալ: Նրա հետևից եկող նկարահանող խմբի մեքենան հազիվ է հասնում մրցարշավորդ դերասանին: Թվում է՝ աղետն անխուսափելի է. ուր որ է՝ մոտոցիկլետը պիտի բախվի փողոցում ընթացող մեքենաներին: Խոստիկյանը սեղմում է հնարավոր բոլոր բռնակներն ու սարքերը, բացի արգելակից: Այնուհետև նա հայտնվում է հրապարակում ու սկսում է խելահեղ պտույտներ գործել: Եվ հենց այստեղ է, որ միլիցիայի ավագ Խդրյանը դիմում է հերոսական քայլի. նա ընթացքից իրեն նետում է մոտոցիկլետի սայլակի մեջ և վերջին պահին արգելակում է եռանիվ մեքենան:

Ասում են՝ այդ դեպքից հետո Արմեն Խոստիկյանը երդվեց նկարահանվել միայն հետիոտների դերերում:

Հովիկ Չարխչյան

Լեոնիդ Ենգիբարյան

24 Օգս

Էրեբունիի ավերակներին նստած ալեհեր իմաստունին ես հարցրեցի. «Ի՞նչ է սերը»:

Ես այդ հարցով ու՞մ պիտի դիմեմ, եթե ոչ հնամենի ամրոցի ամենածեր իմաստունին:

— Եթե չգիտես,- պատասխանեց նա,- ուրեմն մի էլ հարցրու: Հարցնում է կասկածողը, իսկ կասկածողը չի սիրում: Սերը կասկած չի ճանաչում:

Ես երկար թափառեցի սրբազան ավերակներում: Ուզում էի հասկանալ անըմբռնելին… Եվ չհասկացա:

Փառք աստծո, ուրեմն դեռ կարող եմ սիրել:

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

22 Մյս

Առաջներում երեկոյան երկրի վրա համբուրվում էին, իսկ առավոտյան պատերազմում էին հանգիստ խղճով, որովհետև գիտեին, որ երեկոյան համբուրվել են և ուրեմն կլինեն հետո պատերազմողներ: Ահավոր է, ինչ գիտակից աշխարհ էր:1_2d14a445bb34

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

27 Փտր

Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.

— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:

Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…

Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:

Հիմա շատ տարիներ հետո աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ օդապարիկ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին… Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատում է արդյոք վերելակն այսօր, թե ոչ… Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@ (20)

Ենգիբարյանի մեկ օրը (լուսանկարներ)

2 Օգս

Ռուս լուսանկարիչ Վիկտոր Ախլոմովը հանրահայտ կրկեսային դերասան Լեոնիդ Ենգիբարյանի լուսանկարների այս բացառիկ շարքը նկարել է 1969 թ. ապրիլի 4-ին, Մոսկվայում:
1374666406,468

1374666403,2664

1374666398,4833dd4289d788197b23222b6d0b0051f486

0_28e11_46d8415b_L

596861f3fb9a5781a9bd90d398f24874

a14a2864b2e4ab550e2d2ca14bb3ef81

1374666425,6072

c6258e62f2b99041aa77697067dc0502

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

12 Հնս

ՆՐԱՆ, ՈՎ ԱՌԱՋԻՆՆ ԻՄԱՑԱՎ, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՁՐԵՎԸ

Անձրև` նշանակում է մենք տանն ենք, փափուկ ամպերով հոծ ծածկված մեր փոքրիկ երկրի վրա: Մենք ոչնչից չենք վախենում, մենք միասին ենք կրակի մոտ, որ վառել է արևը շատ ու շատ դարեր առաջ և, կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի վրա, կարող ենք հանգստանալ, իսկ հետո նորից ստուգել, թե ինչ է այնտեղ…
Անձրև` դա քո թաց վարսերն են, մաքուր ջրի կաթիլները, թանկարժեք, ինչպես զմրուխտի կաթիլները: Դրանք պարզապես մեզ են նվիրում ամպերը, մենք թրջվել ենք, մեզ հագեցրել է անձրևը, տվել է իր շրշյունը: Մենք մենակ ենք անձրևի պատի ետևում: Ինչ հարմարավետ է մեզ մոտ՝ տամուկ Երկրի վրա:
Անձրևը, մեր բարի երկրային անձրևը: Եթե երկրի երեսին անձրև չլիներ, մենք կփախչեինք այստեղից, կփախչեինք այնտեղ, ուր անձրև է տեղում: Անձրևը: Անձրևը:
Դու հարցնում ես, թե ես ինչո՞ւ եմ սիրում անձրևը… Անձրև` երբ մենք միասին ենք: Մեզ պետք չէ հյուր գնալ, որովհետեւ Անձրև է:
Անձրև է, և ոչ ոք չի խանգարում մեզ համբուրել թաց շուրթերը:
Անձրև է, և քեզ անհրաժեշտ է իմ ջերմությունը, առանց ինձ դու մրսում ես, որովհետև Անձրև է: Անձրև` դա միայն մերն է, երկրայինը: Արևը բոլոր մոլորակներում` սև, երկրային, նարնջագույն երկնքում` միևնույն Արևն է: Իսկ անձրևը լինում է միայն մեզ մոտ, Երկրի երեսին: Տաք անձրև, քեզ լա՞վ է այստեղ, դու չե՞ս թռչի: Ճի՞շտ է:
Հարմարավետ և թեթև է Երկրի երեսին ապրելը:
Ճի՞շտ է:
Դու տխրում ես: Քեզ պատմել են… որ անձրևները երկրի երեսին տարբեր են լինում` լինում են կապարե, լինում են սնկանման ամպից… Այո, դա ճիշտ է: Այդպես պատահում է:
Իսկ դու մի հավատա, մի հավատա, սիրելիս, մի հիշիր, մի պատմիր այդ մասին քո տանը: Իսկ երբ դու դարձյալ կթռչես ինձ մոտ ընդմիշտ, խոստանում եմ` ամեն ինչ այլ կերպ կլինի: Ես երդվում եմ քեզ` մեզ մոտ դա չի կրկնվի, և ես քեզ համար ընդմեջ լուսավոր ամպերի կպատրաստեմ արևի երկար ժապավեններ, և դրանց մեջ կկոտորակեմ բյուրեղապակյա միլիոնավոր կաթիլներ:
Թռչիր:

***
Ես դարձյալ միայնակ եմ: Դա տանջալից է: Դա սարսափելի է, գալիքը թվում է լիովին մռայլ: Զարմանալիորեն դժվար է, բայց այնքան նոր բան չէ միայնակ մնալը: Մտերիմ մարդ չկա, կին, ով կհավատա, կջերմացնի քեզ, և արդեն, երևի թե, այլևս չի լինի:
Դա դառը ճշմարտություն է:
Իսկ վաղը տանջալիորեն դժվար, տաժանակիր աշխատանք է, որի իսկական գինը միայն դու գիտես: Եվ հաջողությունն այնքան աննշան կլինի, եթե իհարկե լինի, փոխարենը ինչ սարսափելի է պարտությունը: Իմ հանդիսատես, ես հավատում եմ այն բանին, որ դու պիտի բարի լինես: Ինչի՞ մասին ես դու այսօր, այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ նայելու: Երեւի, ոչ իմ մասին: Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով էլ չի անցնի, թե ինչ տխուր է, եւ ինչքան չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչ միայնակ է նա: Դե նաեւ քաղց է զգում: Այդ ինչպե՞ս է պատահում, որ սերը և սիրո մեջ վիթխարի պահանջկոտությունը բաժանման է բերում:
Մի՞թե քո մտքով կանցնի, որ ես լիովին, հասկանում ես, բացարձակապես մենակ եմ: Ինչպես բացատրեմ, որ ես չեմ կարող ներել սիրելի կնոջը նրա սովորական մարդկային կանացի անցյալը, որովհետև ինձ համար իմ սիրելիի անցյալը, ներկան և ապագան` դա միևնույն բանն է, որովհետև ես սիրել եմ նրան այն օրը, երբ նա ծնվել է, և կսիրեմ մինչ ի մահ, և այն ամենը, ինչ կկատարվի նրա հետ այդ ընթացքում, ինձ է վերաբերում, այդ ամենը ես ընկալում եմ, ասես դա կատարվել է այսօր առավոտյան:
Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, չեմ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակներ: Չգիտեմ, թե ես ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմում` ես լրիվ միայնակ եմ:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

28 Մյս

ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԿԱԿԱՉԸ

Երբ նա մահացավ, նրա ափից աճեց մի Երկնագույն Կակաչ: Ափի խորշոմներն ու գալարները դարձան նրա արմատները:
Մարդը դրանից շատ զարմացավ և իր մատներին հարցրեց, թե ինչպես այդքան ծեր, հոգնած ձեռքից կարող էր աճել այդքան հիասքանչ Երկնագույն Կակաչ: Եվ մատները նրան պատասխանեցին. «Իսկ ինչո՞ւ ես դու զարմանում: Մի՞թե կյանքում մենք քիչ ծաղիկ ենք աճեցրել»:

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

27 Մյս

ԴՈՒ, ԵՍ ԵՎ ՏՐՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սրճարանը դատարկվում է: Աթոռները տարուբերում են, խոհանոցում ափսեներն են չխկչխկացնում: Մնում ենք միայն` դու, ես և տրտմությունը:
Ներիր ինձ, ես գիտեմ, դու կամենում էիր, որպեսզի այսօր մենք միայն երկուսով լինեինք, բայց ինձ հետ է իմ տրտմությունը…
Դե ահա դու արդեն բարկանում ես, քեզ զանգահարել է պետք: Ես հասկանում եմ: Շտապ:
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները տարուբերում են, խոհանոցում ափսեներն են չխկչխկացնում: Եվ մենք միայն երկուսով ենք, ես և դու, իմ տրտմություն:

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

7 Փտր

ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԾԱՂՐԱԾՈՒ

Վերջին ժամանակներս այս մասնագիտությունը հատուկ ժողովրդականություն է ձեռք բերել:
Նախ` այն մեդալների արտասովոր առատ բերք է բերում, բայց գլխավորը դափնու տերևն է (որն այնքան քիչ է մեր շուկաներում): Վստահ եմ, որ Կարանդաշի, Պոպովի, Նիկուլինի կանայք այդ մթերքի ետևից շուկա չեն վազում, իսկ դա արդեն ինչ-որ բան է:
Երկրորդ` բոլորին գրավում է այդ մասնագիտության մատչելիությունը, դրա համար էլ հեղինակը, ով որոշ չափով նախկինում առնչվել է կրկեսի հետ, ուզում է մի քանի օգտակար խորհուրդ տալ այն բազմաթիվ երիտասարդներին, որոնք որոշել են իրենց նվիրել կլոունադայի հին արվեստին: Ահա այն հատկանիշները, որոնք պետք է ունենա մարդը, ով մեծ կոշիկներ ու վանդակավոր տաբատ է հագել:

Հումորը
պետք է իսպառ բացակայի, քանի որ հումորով օժտված մարդը ոչ միայն ծաղրածու չի դառնա, այլև նույնիսկ գրիմավորվել չի կարող: Ծիծաղը կսկսի քննել, խեղդել նրան. ինչպե՞ս է նա` միանգամայն նորմալ մարդը, քթին ներսից վառվող հսկայական կարմիր տանձ կպցնում: Նա չի դիմանա` իրեն տեսնելով հայելու մեջ կանաչ-կարմրավուն կեղծամով: Ծաղրածուն պետք է միանգամայն լուրջ մարդ լինի:

Կյանքի փորձը
պետք է հնարավորինս մեծ լինի: Դուք պետք է տասնյակ մասնագիտություններ փոխեք` համոզվելու համար, որ պիտանի չեք ցանկացած այլ աշխատանքի և ծառայության համար… Եվ այդժամ ելքը մեկն է` արենան:

Առողջությունը
պետք է կատարյալ լինի, դյուցազնական, ինչպես Ժաբոտինսկունը, քանի որ կրկեսում ձեզ բազում անակնկալներ են սպասում: Դուք համազգեստավորների ավելներից բարձրացած փոշին եք շնչելու:
Ձեր գլխին գմբեթից տրապեցիաներ են ընկնելու, աղյուսներ, պտուտակներ և այլ առարկաներ` վատ ամրացված օդային սարքերից: Կուլիսների ետևում ձեզ կկծեն ելույթի պատրաստվող, ուստի և շատ զգայուն ու ջղային շներն ու արջերը: Կրկեսի բուֆետում ձեզ այնպես կկերակրեն… Ավելի լավ է` նախապես գրանցվես թերապևտի մոտ:

Ընտանեկան դրությունը
Ծաղրածուն անպայման պետք է ամուսնացած լինի: Այդ ժամանակ նա դժբախտ սեր չի ունենա, և նրա ստեղծագործության մեջ չի լինի «Ծիծաղիր, խեղկատակ, կործանված սիրո վրա» թեման, իսկ դա նշանակում է` նրա համար արդեն ապահովված է բարեհաճ քննադատությունը:

Ստեղծագործելու կարողություն
պարտադիր չէ, որ ծաղրածուն ունենա, նույնիսկ հակառակը` ծաղրածուն պետք է յուրային լինի, հասարակ (առանց ամեն տեսակ «իզմերի», հակումների ու տատանումների) տղա: Նա պետք է հաճախ կրկնի «Կրկեսը կրկես է», «Մենք օպերա չենք, մենք կրկես ենք», «Ձեռքերիդ վրա կանգնես` հաց կուտես» և այլ ճշմարտություններ: Ու միայն դրանից հետո ծաղրածուն կհռչակվի կրկեսի իսկական նվիրյալ և գործընկերների մեջ շատ բարեկամներ ձեռք կբերի:

Խաղացանկը
էական չէ և պարզ է: Դեռ ոչ մի ծաղրածու սեփական խաղացանկ չի ունեցել:

Մամուլին
ծաղրածուն պետք է վերաբերվի խստությամբ, մարդասիրաբար, հիացական, խոժոռ և աստվածավախ: Լրագրողները դա սիրում են, հատկապես վերջինը: Լրագրողի աչքում նորմալ ծաղրածուն պետք է գետակինճի նման լինի (տե՛ս Брема, том А, стр.73, с 4 строки сверху до 21 снизу, изд. С.-Петербург, 1911г.), այսինքն` շատ արտասովոր: Եվ այստեղ վրա է հասնում ամենանրբանկատ պահը. արդյո՞ք ինքներդ պետք է հոդվածներ, էսսեներ և այլ բաներ գրեք: Կտրականապես պատասխանում եմ. «Ոչ», ինչը նշանակում է` «Այո»: Պարզաբանում եմ, որ դուք չպետք է գրեք, այլ ձեզ պետք է գրի առնեն և խմբագրեն: Դուք հեղինակն եք, բայց ձեր անվան կողքին համեստորեն տեղ է գտել. «Գրի առավ այսինչը…»: Եվ այդ ժամանակ ձեր առջև կանաչ ճանապարհ է բացված:
Մի տարի անց ի հայտ է գալիս ձեր առաջին գիրքը: Ահա, ըստ իս, մի քանի օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է անվանել կրկեսի մասին գիրքը. «37 տարի գլխիվայր», եթե այդ դիրքում եղել եք, կամ` «Բռնիր ձեռքս», «Միշտ քո ատամներում» (նկատի ունեմ կաշվե լեզվակը), և, իհարկե, եթե հիմնավորումներ ունեք` «Այո, ես ծաղրածու եմ»: Անպայման սև տառեր` արծաթավուն ֆոնին… Ինչպես հասկացավ իմ թանկագին ընթերցողը, խորհուրդների այս բաժինը ամենադժվարն է: Փոխարենը դուք անմիջապես մի շարքում եք հայտնվում այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Վ.Շեքսպիրը, Է.Հեմինգուեյը, Լ.Տոլստոյը և Ե.Սազոնովը:

Որպես ամփոփում
պետք է ասեմ, որ եթե երիտասարդն ունի այս բոլոր անհրաժեշտ հատկանիշները, ապա` բարի երթ:
Նրա կյանքն անամպ կլինի, առանց հիմար տառապանքների` ի՞նչ, ինչո՞ւ և ինչպե՞ս:
Երիտասարդ ծաղրածուն պրեմիերաներից առաջ անքուն գիշերներ և սրտի սպազմ չի ունենա: Եվ մենք բոլորս (ես դա ասում եմ ամենայն լրջությամբ) միայն կնախանձենք նրան:

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

17 Նյմ

ՎԵՐՋԻՆ ՌԱՈՒՆԴԸ

ԿԱՐՃ` ԻՄ ՄԱՍԻՆ
1961 թվականի ապրիլի 22, երեկո:
Երջանիկ երեկո: Այն ընդմիշտ կմնա հիշողությանս մեջ: Թվում է` այսօր էլ այն հիշում եմ ամենափոքր մանրամասնություններով հանդերձ:
Հիշում եմ, որ ցերեկը սարսափելի տրամադրություն ունեի, ինչ-որ ընկճվածություն: Նախորդ օրը հուզմունքից վատ էի քնել: Երեկոյան, վաղեմի սովորությանս համաձայն, ոտքով կրկես գնացի: Մոսկվան ողողված էր կինոթատրոնների և խանութների լույսերով: Թաց ձյուն էր գալիս: Փողոցի բանուկ մասը լիքն էր տեղում պտտվող մեքենաներով: Նրանք շփոթահար չռել էին դեղին աչքերը զզվելի եղանակի վրա, նրանց հենց քթի առջևով արագ անցնում էին ուշացած, շտապող անցորդները: Օձիքս բարձրացրած` ոտքերս քարշ էի տալիս մայթով, և ժամանակ առ ժամանակ գլուխս թափահարելով մաքրում էի կեպկայիս հովարին հավաքված ջրի կաթիլները:
Երբ կրկեսի ճակատին տեսա հսկայական, ջրից ներկը թափված ազդագիրը, որը ծանուցում էր իմ հյուրախաղերի մասին, լրիվ տրտմեցի: Հանդերձարանում մեխանիկորեն գրիմ արեցի և այդ ժամանակ միայն հասկացա, որ այսօր բեմելս է, առաջին ելույթս մոսկովյան կրկեսում, որն, իրավամբ, համարվում է լավագույնն աշխարհում: Ես հանկարծ պատկերացրի, թե ինչ կլինի, եթե ձախողվեմ:
Կարկամեցի, բայց ինչ-որ տեղ` խորքում, այլ զգացում կար, սպորտային ազարտի, սպորտային չարության զգացում, ճկուն, ուժեղ, ցանկացած մտքի հնազանդ մարմին կար, և կար այն, ինչը փայփայվում էր հինգ տարի շարունակ, և հենց այնպես զիջել ես չէի ուզում:
Այդ երեկոն հիշում եմ ամենայն մանրամասնությամբ: Ես հիշում եմ, թե ինչպես ինձ մոտ ներկայացման ավարտից մի փոքր առաջ կուլիսներ վազեց կրկեսի հայտնի մի դերասան և աղաչում էր ինձ «դիմանալ, որովհետև առայժմ ամեն ինչ հիասքանչ է…», իսկ ես ավելի էի հանդարտվում. գլխավորը թողնվել էր վերջում:
Հիշում եմ ճչացող դահլիճը վերջին` «Բռնցքամարտ» կլոունադայից հետո և, ինչն ամենաանհավանականն է, այն, որ ինձ կանչում էին հեռանալուցս հետո, կանչում էին, կարծես դա թատրոն էր, այլ ոչ թե կրկես: Հանդիսատեսների ծիծաղող դեմքեր, որ շարք առ շարք վեր էին բարձրանում մանեժի արգելապատից, և միայն մեկի դեմքն էր արցունքների մեջ, աջից չորրորդ շարքում, մորս դեմքը:
Այդ ամենը ես հիշում եմ, ասես երեկ էր, չեմ հիշում միայն ինչպես եմ ինձ պահել, ինչ եմ զգացել մանեժում, հիշողությանս մեջ միայն ազատության և երջանկության զգացողությունն է մնացել: 1961թ. լրիվ սկսնակ չէի. այդ ընթացքում արդեն մեկ տարի աշխատել էի մանեժում և 1956-ից, իհարկե, ոչ կանոնավորապես, որպես մնջկատակ աշխատում էի հեռուստատեսությունում և էստրադայում: Գլխավորը, որ հաջողվեց անել, եթե կարելի է այդպես արտահայտվել, կրկեսի և էստրադայի համար երկացանկի ընդհանուր ուրվագծերն էին, իսկ ծաղրածուի երկացանկը, նոր ռեպրիզը, նոր մնջախաղն այնքան թանկ են նստում հեղինակի վրա, որ, թվում է` չկա այնպիսի հոնորար, որը կարողանար փոխհատուցել նրա տառապանքը, եթե նույնիսկ այդ փոքր ստեղծագործությունը ծնվում է հընթացս:
Ինքնախարազանման, ինքնատվայտանքի քանի ժամ է պահանջվել, հուսալքության քանի ժամ է անցկացվել այն մտքից, որ դու բացարձակապես անտաղանդ ես և վերջին բանը, որ արել ես, այդպես էլ վերջինը կմնա: Բայց չհոգնեցնենք ընթերցողին հեղինակային դժոխքի սարսափներով, ավելի լավ է հիշել լուսավորն ու հաջողվածը:
Մի անգամ, դա 60 թվականին էր, ինձ կրկեսում ծրագրի համար հարկավոր էր գոնե մեկ նոր ռեպրիզ, այլապես կկործանվեի…
Ողջ առավոտ թափառեցի քաղաքում, և Լուի Արմսթրոնգի հիանալի երաժշտությունն ինձ հանգիստ չէր տալիս: Ես մենակ էի. երբ կամացուկ դնդնում եմ, չգիտես ինչու ընկերներս ինձ մենակ են թողնում` այսուայն կողմ փախչելով ու չխրախուսելով երաժշտական ունակություններս: Օ՜, նախանձ:
Երեկոյան, ներկայացումից առաջ, ասիստենտներիս, նրանք երկուսն են, պատմեցի նոր ռեպրիզիս մասին: Նրանք ծիծաղեցին և ասացին, որ կրկեսում դա չեն հասկանա: Հոգուս խորքում նրանց հետ արդեն համաձայն էի, բայց հակառակվելու զգացումից ջղագրգիռ ասացի, որ նրանք սխալվում են և այդ ռեպրիզի մասին դեռ առանձին գրախոսականներ կգրվեն:
Այդ երեկո խնդրեցի նվագախմբի շեփորահարին մի ինչ-որ բան նվագել Արմսթրոնգի բլյուզ ոճով և կատարեցի այդ ռեպրիզը:

ԵՍ ՃԻՇՏ ԷԻ
Դա աշխարհի պես հին մի պատմություն է այն մասին, որ չնայած իր ակնառու հաջողություններին` մարդիկ չեն ուզում ընդունել արվեստագետին, տվյալ պարագայում` ընդամենը ակրոբատին: Բայց երբ նրա տեխնիկան հասնում է կատարելության, իսկ դա ակնհայտ է, դահլիճը նրան պատշաճն է մատուցում… Ուշ է. նրա մեջ սպանել են հաջողության հավատը: Նա չի վերադառնա, իսկ եթե վերադառնա…
Իսկ թե ինչ կլինի, եթե նա վերադառնա, ես չգիտեմ, ես չեմ կարող իմանալ, թե ինչպես կվարվեն իմ հերոսներն ապագայում, ես մարգարե չեմ, ես սոսկ նրանց հեղինակն եմ, ես եմ նրանց ծնել, իսկ թե ինչպես կապրեն երեխաները հետո, միշտ չէ, որ միայն ծնողներից է կախված:
Հաճախ ասում են, թե հեղինակը պետք է «դիտի կյանքը», «ուսումնասիրի»: Ազնիվ խոսք, ես չգիտեմ ինչ է դա:
Իմ աշխատանքի ընթացքում ես մոտ քառասուն մնջախաղ և հիսուն ռեպրիզ ու կլոունադա եմ գրել ինձ և ուրիշ դերասանների համար, բայց ոչ մի դեպք չի եղել, որ սյուժեներից գոնե մեկը «տեսած» լինեմ:
Իմ կարծիքով` սյուժեն «տեսնելը» նույնն է, թե նատուրալիստական, ասես շուկայական գույնզգույն լուսանկար, կտավ նկարես և չավելացնես քո «ես»-ը. «ամեն ինչ ինչպես կյանքում է», և ամեն ինչ կեղծ է: Դե, չի կարող, իմ կարծիքով (այն, ինչ ասում եմ, իհարկե, սուբյեկտիվ է), մնջախաղի կամ ռեպրիզի սյուժեն կյանքում գոյություն ունենալ «մաքուր ձևով», ինչպես բնության մեջ մաքուր ձևով գոյություն չունեն թանկարժեք մետաղները:
Ես հիշում էի, թե որքան երկար եմ տառապել «Նրա ծննդյան օրը» մնջախաղը պատրաստելիս, և երբ այն պատրաստ էր, սովորականի նման այն ցույց տվեցի ընկերներիս: Նրանք միաբերան ասացին. «Այո՛»: Եվ անասելիորեն զարմացան, որ հետո մի քանի տարի ես այն չէի խաղում: Ահա թե ինչի մասին է:
Տղային հրավիրել են ծնունդի: Նա երկար մտածեց և որոշեց աղջկան ծաղիկներ նվիրել, ո՛չ, ծաղիկ. միայն մի ծաղկի խնայողություն ուներ: Ճանապարհին և հանդիսության մեղավորի տանը տեղի ունեցած բազմաթիվ արկածներից հետո տղան վերջապես հասնում ու Նրան է մեկնում իր նվերը: Իսկ աղջիկը պատասխանում է «Իսկ ո՞վ է ձեզ հրավիրել»-ի տիպի մի ինչ-որ բանով: Տղան հեռանում է:
Ես երկար ժամանակ չէի կատարում այս պանտոմիմը բեմում, երկար ժամանակ, մինչև որ ցավը մոռացա…