Պահոց | 8:36 ե.

ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ

8 Դկտ

Շաղ տուր, հարմոն, կսկիծ ու ցավ,
Շաղ տուր դու նորից,
Խմիր ինձ հետ, զզվելի քած,
Ընկերացիր ինձ:

Տրորել են մաշող սիրով
Քրքրել են քեզ,
Մի նայիր ինձ լուրթ շիթերով,
Մռութիդ կուտես:

Քեզ խրտվիլակ դնեն այգում,
Ագռավին ի փախ,
Ինչքան շատ է այս ամենը
Զզվեցրել ինձ, ախ:

Շաղ տուր, հարմոն, շաղ տուր, իմ լավ,
Խմիր դու կրկին,
Կգտնեմ ես քեզնից հիմար
Ու կրծքով մեկին:

Կանանց մեջ դու առաջնեկ չես,
Շատ կա ձեզանից,
Չէի տեսել քեզ նմանին
Ես վաղուցվանից:

Ինչքան տանջող, այնքան հնչեղ,
Այստեղ կամ այնտեղ,
Հեռացիր դու, վերջ չեմ տա, չէ,
Իմ կյանքին արդեն:

Վաղուց պետք է մոռանալ ձեր
Ցեղը շների,
Ախ, սիրելիս, լալիս եմ ես,
Ներիր ինձ, ներիր:

ՕԳ ՄԱՆԴԻՆՈ

8 Դկտ

…Բոլոր աշխարհիկ բաներն ու ճշմարտությունները անցողիկ են: Երբ մեծ վիշտ ունենամ, կմխիթարվեմ նրանով, որ դա անցնելու է, իսկ երբ հաջողությունից գլուխս պտտվի, ինձ կհիշեցնեմ, որ դա էլ է անցնելու… Երբ աղքատությունը ինձ վշտացնի, ինքս ինձ կշշնջամ `դա էլ կանցնի, իսկ երբ կքվեմ հարստության առատ բերքի տակ, կրկին կհիշեմ`կանցնի և սա:
Ես կծիծաղեմ աշխարհի վրա: Եվ ամենից շատ կծիծաղեմ ինքս ինձ վրա, քանզի մարդն առավել ծիծաղելի տեսք է ստանում, երբ ինքն իրեն չափից ավելի լուրջ է ընդունում: Երբեք չեմ ընկնի մտքի այդ ծուղակը: Թեև ես բնության հրաշափառ կերտվածք եմ, այնուամենայնիվ մի՞թե ընդամենը հյուլե չեմ: Մի՞թե իրականում գիտեմ` ով եմ և ուր եմ գնում: Այսօրվա նկատմամբ անհանգստությունս արդյո՞ք աչքիս հիմարություն չի երևա մեկ տասնամյակ անց…

Իսրայելյան զենք` Ղարաբաղի ճակատում

8 Դկտ

Երբ հայ սահմանապահները ստուգում էին սպանված ադրբեջանցի դիվերսանտի իրերը, գերազանց սպառազինված զինվորի մոտ նրանք հայտնաբերեցին նաև իսրայելական արտադրության գիշերային տեսասարք, խլացուցիչով ինքնաձիգ, սառը զենք: Սակայն դրանց պատկանելիությունն առանձնապես չզարմացրեց հայկական կողմին: Վաղուց էր հայտնի, թե Իսրայելն ինչպես է հոգ տանում Ադրբեջանի բանակի հագեցվածությունն ապահովելու համար: Այնպես որ, մեզ համար մեծ անակնկալ լինել չէր կարող նաև սկանդալային Wikileaks-ի հազարավոր բացահայտումներից այն մեկը, ուր խոսք է գնում Ադրբեջանի և Իսրայելի ռազմական հարաբերությունների մասին: Բաքվում ԱՄՆ դեսպանատան խորհրդականի այդ հեռագիրում նշվում է, որ շնորհիվ Իսրայելի հետ սերտ կապերի՝ Ադրբեջանին հասանելի է դարձել սպառազինության նոր մակարդակը՝ սեփական բանակի զարգացման համար: Ադրբեջանցի դիվանագետը նաև գրում է, թե նման տեխնիկա նա չի կարող ստանալ ոչ ԱՄՆ-ից, ոչ Եվրոպայից ու ոչ էլ հետխորհրդային երկրներից տարբեր իրավական սահմանափակումների պատճառով: Իբրև ասվածի հիմնավորում, պատճառաբանվում է, որ Արևմուտքի մյուս երկրները վախենում են վերգետնյա ռազմական համակարգեր վաճառել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ չսկսելու համար, իսկ ահա Իսրայելն իրեն միանգամայն ազատ է զգում ու սիրով պատրաստ է գործարքներ կնքել և եկամուտ ստանալ հարուստ հաճախորդից:
Նախ նկատենք, որ ամերիկացի նամակագիրը չափից ավելի է խտացրել գույները և շրջանցել է ճշմարտությունն այն պարզ պատճառով, որ Բաքուն վաղուց ի վեր ակտիվ ռազմական համագործակցություն է ծավալում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Բելոռուսի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության հետ: Պաշտպանության ծախսերը մեծացնելով` Ադրբեջանն այսօր ռազմական տեխնիկա է ձեռք բերում նաև ՆԱՏՕ-ի այլ անդամներից` Գերմանիայից ու Իտալիայից: Այնպես որ, Իսրայելը սոսկ այդ ընդարձակ ցանկում հերթական գործընկեր է: Սակայն նույնիսկ այս պարագայում երկու երկրների համագործակցությունը առանձնակի ուշադրություն է պահանջում:
Իսրայելի ու Ադրբեջանի ռազմական կապն առաջին անգամ հրապարակայնորեն հաստատվեց 2008 թվականին (չնայած, ըստ որոշ աղբյուրների, նրանց հարաբերությունները սկիզբ են առել դեռևս 1990-ականների սկզբներին): Այն ժամանակ Բաքուն հեշտ ու հանգիստ և առանց ավելորդ դիմադրության համաձայնագիր ստորագրեց Իսրայելի պաշտպանության նախարարության հետ, որը նրան թույլ էր տալիս նռնականետներ, զինամթերք, ռեակտիվ հրետանի ու կապի միջոցներ ձեռք բերել: Նույն ժամանակ Իսրայելի Կնեսեթում այդ երկրի իշխանության ներկայացուցիչները կուրծք էին ծեծում` հավատացնելով, թե «Իսրայելը երբեք զենք չի մատակարարի մի երկրի, եթե դա կարող է սպառնալ հարևան երկրների անվտանգությանը»: Շատ ու շատ դժվար պիտի լինի մտածել, թե Թել Ավիվում ոչինչ չէին լսել Լեռնային Ղարաբաղի մասին և չգիտեին, որ Հայաստանը Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական վիճակում: Բայց նույնիսկ տեղեկացված լինելը չխանգարեց, որպեսզի կնքվեր հարյուրավոր միլիոն դոլարների չափով գործարքը, և Իսրայելից Ադրբեջան տեղափոխվեին Lynx համազարկային 122 մմ-անոց համակարգեր, «Սոլթամ» ընկերության արտադրության հաուբիցներ ու դրանց համար ռազմամթերք, հրթիռա-հրետանային համակարգեր, «Տադիրան» ընկերության կապի միջոցներ, մեծ հզորությամբ ու հեռահարությամբ օժտված «EXTRA» հրթիռներ և այլն, և այլն: Իսկ ընդամենը երկու ամիս առաջ տեղեկություն հրապարակվեց, որ իսրայելական Elbit Systems ընկերությունն արդիականացնելու է ադրբեջանական բանակի Т-72 տանկերը: Հիշենք նաև, որ այս տարվա սկզբներին մամուլում լրատվություն սպրդեց այն մասին, որ ադրբեջանական զինվորական պատվիրակությունը գաղտնի այցելել է Իսրայելի ռազմա-արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ ու բանակցել է երկրի ռազմական ապահովման կառույցների հետ:
Հազիվ թե գտնվի ավելի պերճախոս վկայությունն այն իրողությյան, որ Իսրայելն ակնհայտորեն փորձում է ներխուժել կովկասյան առանց այդ էլ անկայուն տարածաշրջան` իր ներկայությամբ մեծացնելով պատերազմի վերսկսման հնարավորությունը: Թել Ավիվի այս «դեպի հյուսիս» տեղաշարժերի մասին այսօր զանազան ենթադրություններ են արվում, որոնցից մեկի համաձայն էլ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ակտիվացումը կարող է պայմանավորված լինել հայ-թուրքական հարաբերություններում նշմարված փոփոխություններով, մի հանգամանք, որն անհետևանք չմնաց ու որոշակի լարվածություն հաղորդեց նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Սակայն Իսրայելում նախընտրում են դա արդարացնել սոսկ Իրանից եկող վտանգներով: Հատկանշական է, որ Իսրայելի հետ ձայն ձայնի տված, Ադրբեջանը նույնպես սկսել է Իրանը դիտարկել որպես իր անվտանգության գլխավոր սպառնալիք: Այսպես շատ հարմար է, և ցանկացած դեպքում կարելի է Արևմուտքին բացատրել, թե հատկապես դրանով է պայմանավորված երկու երկրների համագործակցությունը, առավել ևս, որ վերջիններիս կապը լուրջ դժգոհություն է հարուցել Իրանի պաշտոնական օղակներում, և Թեհրանում բացահայտորեն ու խստությամբ դատապարտում են Ալիևի իսրայելական քաղաքականությունը: Միայն թե այնքան էլ հեշտ գործ չէ մախաթը պարկում պահել ու Հայաստանի փոխարեն մատնացույց անել Իրանին: Զենքի ու ռազմամթերքի այդ ահռելի պաշարը, որ կուտակվում է Բաքվում, գործադրման մեկ հասցե կարող է ունենալ, և դա Ղարաբաղն է: Տարօրինակ է միայն, որ, ի տարբերություն Իրանի, Երևանում ու Ստեփանակերտում շարունակում են համառ լռություն պահպանել, և այդ լռությունն այս պահին ոչ մի արդարացում չունի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՋԵԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋԵԲՐԱՆ

8 Դկտ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվ կինը, որ երեխա ուներ գրկին, խնդրեց.
— Ասա՛ մեզ երեխաների մասին:
Եվ նա ասաց.
— Ձեր երեխաները ձեզ համար չեն:
Նրանք Կյանքի՝ ինքն իր հանդեպ կարոտի որդիներն ու դուստրերն են:
Նրանք գալիս են ձեր շնորհիվ, բայց ո՛չ ձեզանից:
Ու թեև նրանք ձեզ հետ են, նրանք ձեզ չեն պատկանում:
Դուք նրանց կարող եք տալ ձեր սերը, բայց ո՛չ ձեր մտքերը: Քանզի նրանք իրենց մտքերն ունեն:

Թարգմ. Հրաչյա Ամիրյան

ՉԱՐԼԶ ՉԱՊԼԻՆ

8 Դկտ

ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ
Խոսք` արտասանված ծննդյան 70 ամյակին

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ:
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար:
Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով:
Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը` սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից: Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց:
Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց: Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել:
Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով:
Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը:
Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»:
Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում:
Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. ԱՆՏԻՊ ԷՋԵՐ

8 Դկտ

ԱԲՈՎՅԱՆՈՒՄ
Ծանոթ է այստեղ ամեն քարը
Եվ փոշու հատիկը անգամ.
Նույն ժպիտն, օ, քանի անգամ է
Նույն դեմքին ճառագել անկամ:
Ճառագել, բռնկվել անհասցե
Ինքն իրեն ու ինքն իր համար,
Եվ որքան, որքան եմ որսացել
Ժպիտն այդ անհասցե
Եվ ինձ, և ոչ ինձ համար…
Բայց հիմա, ինձ հետ ես հիմա դու
Ու վեր ենք բարձրանում ցածից.
Եվ ուրիշ ժպիտ չեմ նկատում
Քո այրող ժպիտից բացի:
Այս համեստ մեր Աբովյանում,
Որ սակայն թվում է մեզ անծայր,
Որ մեզ հետ վերև է բարձրանում,
Անցնում է մեր ուղին անցած:
Ուր երեկ մեր ձեռքով ենք կերտել
Մեր տան հետ մեր բախտն ու հույսերը:

— Այստեղ են բոլորը մկրտվել,
Մկրտենք նաև մենք մեր սերը…
30.7.1947 թ.

* * *
Դու աղջիկ ես մի հասարակ
Եվ գերում ես` քո հմայքին
Ես անծանոթ, և անտեղյակ,
Անգետ խաղի ու քմայքի:
Օ, այնպես հեշտ, լավ է քեզ հետ,
Ես չեմ փնտրում խոսքեր հարուստ,
Որով գիտեն ոմանք շոյել,
Թեկուզ… առանց հավատալու:
Ոչ ջանք իզուր- սրամտել,
Ոչ կոմպլիմենտ- խոսքի շոյանք…
Ողջը այնպես հեշտ է, թեթև,
Հասկանալի և հասարակ:
Բայց… ափսոս որ դու ուշացար,
Ոչ, շտապել եմ ես իզուր…
— Քեզ նայելով անդարձ անցած
Պարզությունս եմ ցավով հիշում…
28. 2.1958
Մոսկվա

* * *
Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ,
Կրնկիդ վրա պտույտ ես տալիս
Ու նորից ժպտում, ժպտում ինքնագոհ,-
Ինքդ չափազանց քեզ դուր ես գալիս:

Ինքդ քո աչքում ուրիշ ես դարձել,
Այնպես չես քնում, վեր կենում, գնում…
Ինչ-որ բան հանկարծ փոխվել է կարծես,
Թե ի՞նչ է փոխվել պարզ չես հասկանում:

Թե ի՞նչ է փոխվել, ես գիտեմ, անգի՛ն.
Մի՛շտ, ամեն անգամ այդպես է լինում,
Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին
Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժ
Առանց խոսքերի իր սիրտն է բանում…
1960-ականներին

%d bloggers like this: