Պահոց | Փետրվարի, 2014

ՊԱՏՐԻԿ ԶՅՈՒՍԿԻՆԴ

28 Փտր

Մշտապես դու ինչ-որ բան պարտք ես, չգիտես ինչու` պարտավոր ես և ինչ-որ բան պարտավոր չես, ու լավ կլիներ, եթե դու… Մշտապես քեզնից ինչ-որ բան են պահանջում, սպասում են, ինչ-որ բան են պնդում` սա արա, այն արա, մի մոռացիր սրա մասին, դու այդ բանն արդեն արե՞լ ես, դու այսինչ տեղում եղե՞լ ես, դու ինչու՞ ես ուշանում… Մշտական ճնշում, մշտական ցայտնոտ, մտապես քթիդ տակ են խոթում ժամացույցը…

Չի կարելի միաժամանակ երկու գործ անել` վրեժ լուծել աշխարհից և շարունակել ապրել այդ նույն աշխարհում:patrick_suskind_by_zeynowar-d6innd2

ՕՍԱՄՈՒ ԴԱԴԶԱՅ

28 Փտր

Ապրել գիտես… Ի պատասխան ես կարող եմ միայն քմծիծաղել: Այդ ե՞ս եմ կարողանում ապրել: Դե մի՞թե ապրելն այն է, ինչպես ես եմ ապրում. մարդկանցից վախենալը, նրանցից փախչելը, խաբելը հավասարազոր են այն սրբագույն խորամանկ պատվիրանի պահպանմանը, որն արտահայտվում է հայտնի ասույթով. «Մի դիպչիր Աստծուն, և նա չի դիպչի քեզ»:

Էհ, մարդիկ: Ախր դուք ընդհանրապես իրար չեք հասկանում: Ինչ-որ մեկին համարում եք ձեր լավագույն ընկերն այն դեպքում, երբ նրա մասին ձեր պատկերացումները բոլորովին ճիշտ են: Ու երբ մեռնում է ձեր այդ ընկերը, դուք հեկեկում եք նրա դագաղի մոտ` ինչ-որ բառեր արտաբերելով… Էհ, մարդիկ… Ամեն դեպքում զարմանալի է, որ իրար խաբելով, մեզնից ոչ ոք չի տառապում դրանից, ընդհանրապես չենք ցանկանում նկատել խաբեությունը:dazai_002-thumbnail2

ԳՈՒՍՏԱՎ ՄԵՅՐԻՆԿ

27 Փտր

Այն ամենը, ինչ դուրս է գալիս մահկանացուի շուրթերից և հասանելի է մահկանացուի լսողությանը, սուզվում է մոռացության մեջ: Միայն ինքդ քեզ հետ զրույցը կարող է ինչ-որ բան սովորեցնել: Յուրաքանչյուր մարդկային խոսք մեզ հաղորդում է չափից ավելի քիչ ու չափից ավելի շատ: Այն, ինչ ասվում է ժամանակից շուտ, անբավարար է լինելու, իսկ ինչ ասվում է ուշացումով, կլինի ավելորդ: Թե այս, թե մյուս դեպքում խոսքն արտասանվում է այն ժամանակ, երբ քո հոգին քնած է…Gustav Meyrink

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

27 Փտր

Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.

— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:

Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…

Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:

Հիմա շատ տարիներ հետո աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ օդապարիկ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին… Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատում է արդյոք վերելակն այսօր, թե ոչ… Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@ (20)

ԷՆԹՈՆԻ ԴԵ ՄԵԼԼՈ

27 Փտր

Հինավուրց լեգենդն ասում է, որ երբ Աստված արարեց աշխարհը, նրան մոտեցան չորս հրեշտակներ: Առաջինը հարցրեց. «Ինչպե՞ս ես դու այդ բանն անում»: Երկրորդը հարցրեց. «Ինչու՞ ես դու այդ բանն անում»: Երրորդը հարցրեց. «Ես կարո՞ղ եմ օգնել»: Չորրորդը հարցրեց. «Արժե՞ դրանով զբաղվել»: Առաջինը գիտնական էր, երկրորդը` փիլիսոփա, երրորդը` այլասեր, իսկ չորրորդը` անշարժ գույքի գործակալ: Հինգերորդ հրեշտակը հիացմունքով դիտում էր կատարվածը և ի սրտե ծափահարում էր: Այս մեկը միստիկ էր:????????????????????????

ԼԵՈՆԻԴ ԱՆԴՐԵԵՎ

26 Փտր

Ես շատ եմ սիրում կյանքը:

Ես սիրում եմ, երբ նուրբ բաժակում խաղում է ոսկեգույն գինին: Ես սիրում եմ հոգնած մեկնվել մաքուր անկողնում: Ինձ դուր է գալիս գարնանը շնչել մաքուր օդը, դիտել գեղեցիկ մայրամուտը, ընթերցել հետաքրքիր ու խելացի գրքեր: Ես սիրում եմ ինձ, իմ մկանների ուժը, հստակ ու ճշգրիտ: Ես սիրում եմ, երբ միայնակ եմ և ոչ մի հետաքրքրասեր հայացք չի կարող թափանցել իմ հոգու մութ խորխորատների ու վիհերի ընդերքը, որի եզերքին պտտվում է գլուխդ: Ես երբեք չեմ հասկացել ու չեմ ճանաչել այն, ինչը մարդիկ անվանում են ձանձրալի կյանք: Կյանքը հետաքրքիր է, և ես սիրում եմ նրան այն մեծ գաղտնիքի համար, որ նրա մեջ ամփոփված է: Ես կյանքը սիրում եմ նույնիսկ նրա դաժանության համար, վայրագ վրեժխնդրության և մարդկանց ու դեպքերի հետ սատանայական զվարթ խաղերի համար:0_ad062_9c49de27_XXXL

 

ՉԱՐԼԶ ԴԻԿԵՆՍ

25 Փտր

Պատկերացրեք, որ ձեր կյանքից ջնջել են առանձնապես կարևոր մի օր, և մտածեք, թե ինչպես այլ կերպ կշրջվեր նրա ընթացքը: Դուք, որ ընթերցում եք այս տողերը, մեկ րոպեով մի կողմ դրեք գիրքը և մտածեք ոսկուց կամ երկաթից, տատասկներից կամ ծաղիկներից պատրաստված այն երկար շղթայի մասին, որը կարող էր չփաթաթվել ձեզ, եթե չկռեր-կոփվեր նրա առաջին օղակը ինչ-որ մի օր, ձեզ համար հավերժ հիշարժան մի օր:80408-1360x768

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐԻ ՄԱՀԸ

25 Փտր

«Մշակ» թերթը հիմնադրել և շուրջ երկու տասնամյակ խմբագրել է Գրիգոր Արծրունին: Նրա մահից հետո «Մշակի» խմբագիր է դարձել Ալեքսանդր Քալանթարը, որը մոսկովյան կրթություն ստացած, աշխարհը տեսած, լուսավորյալ մարդ է եղել:

Նոր- Այրն ասում էր, որ 1913-ին լրացել է Րաֆֆու մահվան 25-րդ տարեդարձը: Խոջիվանքում կազմակերպվել է հոգեհանգիստ: Մեր ամբողջ մտավորականությունը գնացել է գերեզմանատուն: Գնացել է նաև Ալեքսանդր Քալանթարը: Մոտեցել և խոնարհվել է գերեզմանի վրա: Եվ այդպես խոնարհված էլ մնացել է: Ահա այդ ձևով մեծահռչակ վիպասանի հոգեհանգստի օրը վախճանվել է «Մշակի» խմբագիրը, որ մեր հասարակության մեջ հեղինակություն վայելող դեմք է եղել:

Տարիներ անցան, դարձա Ալեքսանդր Քալանթարի որդու` Լևոն Քալանթարի կրտսեր ընկերը, և իմացա, որ թաղումից մի կարճ ժամանակ հետո իրենց հոր գերեզմանը փոխադրել են և այդ կապակցությամբ բացել են դագաղի կափարիչը, տեսել իրենց հոր դին շրջված ու երեսը չանկրտված: Ուրեմն պատահածը լեթարգիական քուն է եղել և ոչ թե մահ…

 ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆխոջիվանք

ՋՈՆ ՖԱՈՒԼԶ

24 Փտր

Հիշում եմ, երբ փոքր էի, հորս տվեցի աշխարհի պես հին այս հարցը. «Եթե աշխարհն արարել է Աստված, ինչու՞ է նա այդ աշխարհում թույլ տվել չարի ներկայությունը»: Եվ ստացա աշխարհի պես հին այս պատասխանը. «Նրա համար, որ մարդն ազատ լինի չարի և բարու միջև ընտրություն կատարելիս ու Աստծո օգնությամբ կարողանա բարոյապես կատարելագործվել»:

Գլուխկոտրուկի ինձ առաջարկված պատրաստի պատասխանը չէր կարող իրապես բավարարել: Հավանաբար դեռ այն ժամանակ իմ ներսում ծնունդ առնող սցենարիստը նկատեց, որ այդ սյուժեն սարսափելի կեպով ձգձգված էր, իսկ ծնունդ առնող ցինիկը սկսեց խորհել այն մասին, թե ինչու՞ ստեղծված համակարգի նախագծում գոնե տեղ չէին զբաղեցրել ուժի ու կամքի հավասարազոր ազդեցությունները, որոնք թույլ կտային իրենց զոհերին իրագործել այդ ընտրությունը:faulz-620x350

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՓՐԿՎԵՑԻՆՔ ԱՏՈՄԱՅԻՆ ԱՂԵՏԻՑ

24 Փտր

1982 թվականի հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 9.55-ին Հայաստանի ատոմակայանում ահազանգ հնչեց: Կառավարման կենտրոնի ցուցատախտակի վրա վառվող լուսերը հուշում էին, որ կարճ միացման հետևանքով հրդեհ էր բռնկվել ԱԷԿ-ի առաջին էլեկտրաբլոկի տեխնիկական ջրերի մղիչ պոմպերի էլեկտրաշարժիչում: Այլ աղբյուրների տեղեկություններով, պայթյուն էր որոտացել գեներատորում: Ժամը 10.00-ին կանչ արձանագրվեց հրշեջ ծառայությունում, իսկ 5 րոպե անց մեկը մյուսի ետևից սկսեցին անջատվել կայանի շահագործումն ու անվտանգութունը ապահովող համակարգերը: Եվս հաշված րոպեներ, և խզվեց կապը միացյալ էներգահամակարգի հետ: Սրահները թաղվեցին ծխի ու մթության մեջ:8

Ղեկավարությունը տեղյակ էր, որ երկրորդ էներգաբլոկը գտնվում էր վերանորոգման փուլում, իսկ առաջինն աշխատում է ամբողջ հզորությամբ: Սակայն դեպքերի նման զարգացում ոչ ոք ենթադրել անգամ չէր կարող: Դեռ որևէ հստակ տեղեկություն չունենալով վտանգի ծավալների մասին` անմիջապես հրահանգ տրվեց ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասին տարհանել: Սակայն բոլորը չէ, որ հեռացան: Բազմաթիվ մասնագետներ` անտեսելով հնարավոր հետևանքները, շարունակում էին ելքեր որոնել չարաբաստիկ ընթացքը կասեցնելու համար: Միայն թե դա նրանց չէր հաջողվում: Վթարին հաջորդած առաջին ժամերի ընթացքում իրավիճակը գնալով բարդանում էր: Ոչ հրշեջների, ոչ օպերատիվ աշխատակիցների ջանքերը որևէ արդյունք չէին տալիս: Ի հայտ էին գալիս հրդեհի նոր օջախներ, տարբեր հատվածներում լսվում էին մեծ ու փոքր պայթյուններ:

Ժամը 12. 45-ին պարզ դարձավ, որ ռեակտորի նկատմամբ հսկողությունը լիովին բացակայում էր: Լարվածությունը ծայրահեղ էր: Հիմա արդեն կառավարման վահանակի մոտ կարելի էր աշխատել միայն հակագազ հագած վիճակում: Մարդիկ անընդհատ ներսուդուս էին անում` օդ շնչելու համար: Կայանը զրկվել էր ինչպես արտաքին, այնտես էլ ներքին էներգասնուցումից: Շարքից դուրս էր եկել սառեցման համակարգը, արձանագրվել էր ջրածնի վտանգավոր կուտակում: Պաշտպանական համակարգի խափանումը անհնար էր դարձնում որևէ վերահսկողություն, մինչդեռ միջուկային ռեակցիան ներսում շարունակվում էր: Ռեակտորում ջերմաստիճանը սկսեց բարձրանալ, ինչը կարող էր հանգեցնել ջերմային պայթյունի: Իսկ թանկագին ժամանակը հոսում էր…201985606

Հրդեհաշիջման աշխատանքներին, որ տևեց 7 ժամ,  մասնակցում էին 110 հրշեջ ծառայության աշխատակիցներ: Շատ հատվածներում նրանք ստիպված էին քանդել հարկաբաժնի պատերը` կրակի օջախներին մոտենալու համար: Ընդհանուր վնասը կազմել էր շուրջ 1 միլիոն ռուբլի (այն տարիների գներով): Շարքից դուրս էին եկել մեքենայական բաժնի գեներատորները, տուրբինները, տրանսֆորմատորը, պոմպերը, 20 մետր երկարությամբ կարևորագույն մալուխային գծերը: Եվ նույնիսկ այս բոլոր կենսական կարևորության սարքերի բացակայության պայմաններում հայ մասնագետներին հաջողվեց փրկել ատոմակայանը և չեզոքացնել մահաբեր վտանգը:

Ավելի ուշ ռուսական որոշ աղբյուրներ փորձեցին իրավիճակը գլխիվայր ներկայացնել` գրելով, թե վթարի պահին բոլոր հայերը փախուստի էին դիմել, և միայն Ռուսաստանի Կոլսկի թերակղզուց ինքնաթիռով օգնության շտապած օպերատիվ խմբի մասնագետներին էր հաջողվել տեղում փրկել ռեակտորը: Այս պնդումները իրականությանը չեն համապատասխանում: Ռուսներն, իհարկե, եկան, բայց հետո, երբ անհրաժեշտություն էր առաջացել հետաքննելու վթարի պատճառները և շահագործելու երկրորդ էներգաբլոկը:

Ինչ վերաբերում է խուճապին, ապա նմանատիպ տրամադրությունը գերիշխող դարձավ միայն այն բանից հետո, երբ անցակետում խմբված մարդկանց մոտեցավ ուսադիրներով մեկը և գոռաց. «Բոլորդ այստեղից իսկույն հեռացեք, հիմա ամեն ինչ կպայթի»: Մինչդեռ ներսում մնացած մեր մասնագետները` օպերատորները, տեխնիկական անձնակազմը, զրկված լինելով ավտոմատ համակարգը գործածելու հնարավորությունից (ամբողջությամբ այրվել էր) ծխապատ հարկաբաժիններում, երբ շնչել անգամ հնարավոր չէր, կարողացան կանգնեցնել բլոկը, հրաշքով խուսափել պայթյունից:142-hpp-21-1976-big

Հրաշքո՞վ: Նման դեպքերում հրաշքների մասին չեն խոսում: Խոսում են այն մարդկանց մասին, ովքեր հերոսաբար կարողացան կանխել սարսափելի աղետը: Սակայն ովքե՞ր են այսօր մտաբերում այդ օրերի մասին, ո՞վ է հիշում և ճանաչում նրանց:

1982-ի հոկտեմբերին ԱԷԿ-ում բարեբախտաբար գտնվեց այն մարդը, ով ոչ միայն իր վրա վերցրեց իրավիճակը կարգավորելու ողջ պատասխանատվությունը, այլև օժտված էր բարձր մասնագիտական հմտություններով և գիտելիքներով: Դա ատոմակայանի լաբորատորիաներից մեկի ղեկավար Վիլեն Արզումանյանն էր: Հրաշալի պատկերացնելով ողջ տեխնոլոգիական պրոցեսը և կայանի կառուցվածքային առանձնահատկությունները` Արզումանյանը անմիջապես ձեռնամուխ եղավ ռեակտորի հովացումն ապահովելու գործին: Այդ գործընթացի բարդ ու խրթին տերմիններով հարուստ մանրամասները շրջանցելով` նշենք միայն, որ անձնակազմի անդամների ուժերով հաջողվեց աներևակայելի կարճ ժամանակում տեղում ձևավորել այլընտրանքային կապի համակարգ, ավտոմատացված գործողությունները կատարել ձեռքով և վերջապես բարձրացնել ռեակտորի 25 տոննայանոց կափարիչը, որտեղ մղվեց անհրաժեշտ քանակությամբ բոր: Միայն դրանից հետո ռեակտորի ջերմաստիճանը սկսեց հետզհետե նվազել, ինչը նշանակում էր մեկ բան` պայթյուն չի լինի:

Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.40-ին վերականգնվեց հսկողությունը նեյտրոնային հոսքերի նկատմամբ:

Հոկտեմբերի 19-ին իրկանացված դիտարկումները հաստատեցին, որ ճառագայթման վտանգ չկա: Այսպես կոչված` գամմա-ֆոնը մնացել էր անփոփոխ:vilen

Ավելի ուշ ձևավորված հատուկ հանձնաժողովը իր հաշվետվության մեջ պիտի զեկուցեր, որ ԱԷԿ-ի վթարը պայմանավորված էր արտաքին ցանցի հետ չարտոնված միացումով: Իրավիճակի բարդացման հաջորդ փուլերում օպերատորները զրկվել էին հեռախոսային կապից, հիմնական և վթարային լուսավորումից: Դրանից բացի ինքնաբերաբար անջատվել և միացվել էին որոշ սարքավորումներ, բռնկվել էին մի քանի հրդեհներ, որոնցից  մի քանիսը` պայթյունով: Փորձագետների վկայությամբ, իրենց հաջողվել էր մալուխային բաժանմունքում գտնել նվազագույնը 9 խոցելի կետեր, որոնք կարող էին կարճ միացումների և հետևաբար հրդեհների պատճառ դառնալ: Նշվում էր նաև, որ իրավիճակից նյարդայնացած օպերատորները հոգեկան անկայուն վիճակում սխալ հաջորդականությամբ էին իրականացրել ջրածնի արտամղման գործողությունը և գազի բաղադրության վերահսկողությունը:

Ինչ վերաբերում է դրսից ակնկալված օգնությանը, ապա Խորհրդային Միության տարբեր քաղաքներից մասնագետները Մեծամոր եկան օրեր անց: Հրդեհի հետևանքով վնասներ էր կրել ոչ միայն առաջին, այլև երկրորդ բլոկը, և ռուս փորձագետների կարևորագույն խնդիրներից մեկն էր գործարկել դրանք: Ինչպես պատմում են ականատեսները, այն, ինչ նրանք տեսան պատահարի վայրում, ցնցող ու ճնշող տպավորություն թողեց: Ռուս փորձագետ Է. Կուլմատիցկին իր հիշողություններում գրել է. «Առավել մեծ ավերածություններով տեսարան հետագայում ես տեսել եմ միայն Չեռնոբիլի ԱԷԿ-ում: Բայց դա արդեն իսկական աղետ էր: Իսկ Հայաստանն, այնուամենայնիվ մեր հիշողություններում լուսավոր հետք թողեց…»:

Իսկ այդ տարիների ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը շատ ավելի ուշ այսպես պիտի վերհիշեր ճակատագրական ժամերը. «Այն, որ ատոմակայանը վտանգավոր է, ես համոզվեցի 1982 թվականին, երբ այրվել էր մալուխը: Այն ժամանակ մենք որքան մոտ էինք արհավիրքին: Կարելի է ասել` հրաշքով փրկվեցինք»:5792

Պատահարի մասին լրատվամիջոցները լռեցին: Բայց եղածը թաքցնել չհաջողվեց: Ճիշտ է, ոչ ոք հստակ չգիտեր, թե իրականում ինչ էր պատահել, բայց դառը փորձի տրամաբանությունը հուշում էր, որ կատարվածը սովորական չէր: Հայկական ԱԷԿ-ի վթարից մի քանի ամիս անց, երբ վախճանվեց ԽՍՀՄ ղեկավար Լեոնիդ Բրեժնևը և նրան փոխարինելու եկավ Յուրի Անդրոպովը, վերջինս ձեռնամուխ եղավ երկրում կարգապահության ամրապնդմանը: Հենց այդ օրերին Կրեմլում ստացան մի ահազանգող նամակ, որտեղ մասնավորապես ասվում էր. «Միայն երջանիկ պատահականությամբ երկրի ատոմակայաններից մեկի աշխատակիցների հանցավոր անտարբերությունը չհանգեցրեց խոշոր աղետի»: Այս նամակին հաջորդեցին պատժիչ գործողությունները: Եզրակացվեց, որ հենց «մարդկային գործոնն» է Հայաստանի խոշորագույն ատոմային կառույցը վտանգավոր սահմանագծի հասցրել: Աշխատանքից հեռացվեցին մի շարք պաշտոնատար անձինք, շատերը խիստ նկատողություն ստացան, իսկ ԽՍՀՄ Մինիստրների խորհդին կից ձևավորվեց ատոմակայաննների անվտանգության և հսկողության գծով հատուկ հանձնաժողով:

Եթե իսկապես մեղավորներ կային, պատիժները միանգամայն տրամաբանված էին: Սակայն ինչու՞ չհիշվեցին նրանք, ովքեր ոչ միայն շտկեցին այդ սխալները, այլև մոռացած սեփական անձն ու մահաբեր վտանգները, մինչև վերջին վայրկյանը պայքարեցին ու հաղթանակած դուրս եկան այդ անհավասար կռվից:

Մենք այս նյութում հիշատակեցինք նրանցից միայն մեկի անունը: Վստահ ենք, որ եղել են նաև «անանուն» հերոսներ, որոնց պարտական ենք մեր և սերունդների անվտանգ կյանքի համար: Այդ մարդիկ ոչ միայն պիտի հայտնի դառնան, այլև արժանանան այն պատվին, որ վաստակել են իրենց անձնազոհությամբ ու մասնագիտական հմտությամբ: Վիլեն Արզումանյանն այլևս կենդանի չէ: Բայց հիշողության արթնացման համար վաղեմության ժամկետներ չկան:

 Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

24 Փտր

Մարդն առեղծված է. պետք է նրան բացահայտել: Ու եթե քո ողջ կյանքն անցկացնես այդ գաղտնիքը բացահայտելու համար, ապա մի ասա, որ ժամանակ ես վատնել: Ինձ զբաղեցնում է այդ առեղծվածի բացահայտումը, քանի որ ցանկանում եմ մարդ լինել: Աստվածը, բնությունը, հոգին, սերը… Դրանք սրտով է պետք ճանաչել և վերապրել, այլ ոչ թե մտքով: Միտքը ծնունդ է առնում հոգու մեջ: Միտքը զենք է, մի մեքենա, որ գործում է հոգևոր ուժով ու նրա պարտադրանքով:Vladimir Favorsky, Woodcut of Fyodor Dostoevsky, 1929

ԻԵՆ ԲԵՆԿՍ

23 Փտր

Ամեն մի կյանք խորհրդանշան է: Այն ամենը, ինչ մենք անում ենք, նախշազարդի մի մասն է, որը կարող ենք գոնե փոքր-ինչ փոփոխել: Ուժեղները ստեղծում են իրենց անձնական պատկերները և ազդեցություն են գործում մյուսների նախշերի վրա, մինչդեռ թույլերը հետևում են այն ուղուն, որը նրանց համար նախանշել են ուրիշները…

Ես հավատում եմ, որ միշտ էլ կա բացարձակ ճշմարտությանը մոտ անիծյալ մի բան, և տանել չեմ կարող այն բարբաջանքը, թե իբր յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը և որ պետք է հարգել ուրիշների ցանկացած համոզմունք, եթե դու անկեղծ ես: Ինչպիսի անհեթեթություն…y_8f7b6bac

ՌՈԲԻՆ ՇԱՐՄԱ

21 Փտր

Բազմաթիվ մարդիկ կան, որ ապրում են փոքր, չնչին կյանքով: Մեզնից շատերը «մեռնում են» քսան տարեկանում այն դեպքում, որ նրանց հուղարկավորում են ութսուն տարեկանում: Հիշիր, ոչ քո չի կարող կանգնեցնել մարդուն, եթե նա չի ցանկանում կանգ առնել: Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չեն էլ ճաշակել իսկական անհաջողությունը, նրանք պարզապես հրաժարվել են պայքարից: Եվ խոչընդոտների մեծ մասը, որոնք խանգարում են քեզ առաջ անցնել դեպի քո նպատակը, դու ինքդ ես կանգնեցրել քո ճանապարհին: Ուրեմն նետիր քեզնից «մանր մտքերի» կաղապարը և դրա փոխարեն քաջություն ունեցիր երազել վեհ բաների մասին: Հասկացիր, անհաջողությունը քո ճակատագիրն է:0ICKaKtMK8A

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿՆ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՎԱՏ ԴԱՍԱԳՐՔԻ

21 Փտր

Հայերենի անաղարտության պահպանման և զարգացման գործում Պարույր Սևակի նախանձախնդիր ու հետևողական վերաբերմունքը ոչ միայն արտահայտվել է նրա ստեղծագործություններում և  հրապարակային ելույթներում, այլև շատ անգամներ գործնական դրսևորումներ է ունեցել: Այս իմաստով հիշատակման է արժանի կեսդարյա վաղեմություն ունեցող մի դրվագ, որի մասին այսօր քչերն են հիշում, թեև ժամանակին այն լայն արձագանք գտավ: Խոսքը բանաստեղծի ընդվզումն էր հայոց լեզվի դպրոցական մի դասագրքի դեմ: Այդ առիթով Սևակը հրապարակեց «Արժեքավո՞ր, թե՞ խոտելի դասագիրք» վերնագրով ընդարձակ մի հոդված, որը լույս տեսավ 1964 թ. փետրվարի 7-ին: Մեջբերենք մի քանի հատվածներ այդ հոդվածից:

Սևակը գրում էր. «…Տասնամյակներ շարունակ մեր դպրոցներում մայրենի լեզու էր դասավանդվում պրոֆ. Ա. Ղարիբյանի դասագրքով: Դասագիրքը զերծ չէր թերություններից: Գործում էր նաև «հոգեբանական ազդակը». ուսուցիչներն ու աշակերտները «հոգնել էին» բազմիցս վերամշակվող ու վերահրատարակվող  միևնույն դասագրքից, ուստի բնական ու խրախուսելի էր  լուսավորության մինիստրության հայտարարած մրցանակաբաշխությունը՝ հայոց լեզվի  նոր ու կատարյալ դասագիրք ստեղծելու նպատակով:

Մրցանակի արժանացավ Ահարոն Գրիգորյանի հեղինակած դասագիրքը, որ և հանձնվեց 5-7-րդ դասարանների աշակերտությանը: Չուշացան նաև գրախոսությունները: «Չուշացան»-ը այն բառը չէ, որովհետև եթե դասագիրքը  տպագրության է ստորագրվել  1963 թ. օգոստոսի 22-ին, ապա առաջին գրախոսությունն էլ տպարան է գնացել ոչ թե դասագրքի լույս տեսնելուց հետո, այլդասագրքից ընդամենը 5 օր անց: Վերնագիրն էլ՝ պերճախոս. «Արժեքավոր դասագիրք» (տես «Սովետական մանկավարժ», հմ. 9, 1963 թ., էջ 88-92):

Մասնագիտական մամուլն իր խոսքն ասաց ու պրծավ, բայցչպրծան 5-7-րդ դասարանների աշակերտներն ու իրենց ուսուցիչները: Իսկ մեր սիրելիների սիրելի՞ն՝ մեր մայրենի՞ն: Այս մայրենին է ահա , որ չի ուզում սպասել մինչև  ուսուցչական « տարեվերջի կոնֆերանս» կամ մինիստրության համապատասխան  մասնաժողովի նիստ և շտապում է ասել իր խոսքը:

Ա. Գրիգորյանի դասագիրքը (որ այսուհետև պիտի կոչենք Նոր դասագիրք) բնավ էլ չի համապատասխանում  այն դրվատանքներին, որոնցով լեցուն է, դիցուք, «Սովետական մանկավարժի» գրախոսությունը: Ոչ աշակերտները, ոչ էլ ուսուցիչները կհաստատեն թե ստացել են  «հիրավի արժեքավոր մի դասագիրք՝ լեզվական բարձր ճաշակի  և քերականական գիտելիքների պատշաճ մակարդակով»:

Կգտնվեն շահագրգռված մարդիկ, որոնք կաշխատեն «պնդել» ինչինչ առավելություններ այս Նոր դասագրքում, բայց մենք  նպատակ ունենք ցույց տալու այն աղաղակող թերություններն ու սխալները, որ ստիպում են երանությամբ հիշել  Հին դասագիրքը (այսպես պիտի կոչենք Ա. Ղարիբյանի դասագիրքը)…»:317611_209891875741147_818605081_n

Այնուհետև հեղինակը խիստ մանրակրկիտ դիտարկում է դասագրքի բոլոր բաժինները, մատնացույց անում սխալներն ու վրիպումները, իսկ վերջում ավելացնում է. «… Բայց ինչպե՞ս չանդրադառնաս Հայկական ՍՍՌ լուսավորության մինիստրության մրցանակաբաշխության ժյուրիին (այսինքն՝ հանձնաժողովին կամ մասնաժողովին), և կամաց, շատ կամաց չհարցնես. «Այս դասագրքին մրցանակ շնորհելիս ինչո՞վ էիք զբաղված….»:

Ժյուրին կարող է պատասխանել «Սովետական դպրոց»-ի  վերջին գրախոսի այն խոսքին, թե այս դասագրքի «մուտքը մեր դպրոցներ կարելի է միայն ողջունել»:  Ժյուրի կարող էր պատասխանել նաև «Սովետական մանկավարժ»-ի  գրախոսի խոսքով. «Ա. Գրիգորյանի  «Հայոց լեզվի դասագիրքը» լավագույն նվեր է իր զարգացման  նոր շրջանն ապրող սովետահայ դպրոցին»: … Եվ վերջապես, ինչպե՞ս չդիմես պրոֆԳուրգեն Սևակին, որի անունն էլ մեծմեծ տառերով զարդարում է Նոր դասագրքի անվանաթերթը:

Պրոֆ. Գ. Սևակը կարդացե՞լ է արդյոք իր խմբագրությամբ լույս տեսած այս դասագիրքը: Մենք գիտակցում ենք, որ այս հարցին պատասխանելը փոքրինչ ավելի է դժվար, նույնիսկ այս գրքի խմբագրումը, որովհետև եթե չի կարդացել, հապա ինչո՞ւ է ստորագրել մեծատառերով, իսկ եթե կարդացել է, ուրեմն

Այս «ուրեմն » էլ կթողնենք պրոֆ. Գ. Սևակին ի լրացումն, իսկ մենք չենք կարող չսկսել նոր տողից և չլրացնել մեր միտքը.

Հայոց լեզուն որբի գլուխ չէ, որ նրա վրա վարսավիրություն սովորեն: Կարելի է թեթևամիտ լինել սեփական գործի, սեփական կյանքի ու գլխի հանդեպ, բայց ոչ հանրային գործի, ազգային կյանքի ու սրբության: Անպատասխանատվությունը սահման ունի, որից անց արդեն կոչվում է հանցագործություն, մի հանցագործություն, որի դատապարտման համար պետք չեն դատավոր ու դատախազ, որովհետև այս երկուսը հանդես են գալիս միասնաբար՝ Ժողովուրդ անունով և Ազգ ազգանունով…»:

Նշենք, որ այս նյութի համահեղինակն էր նաև Երևանի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լ. Փարսադանյանը, թեև բոլորն էլ հասկանում էին, որ վաստակաշատ մանկավարժի անունը հոդվածի վերջում նշված էր սոսկ այն բանի համար, որպեսզի հարգվեր մանկավարժների տեսակետի հիշատակման հեղինակային իրավունքը և ընդգծվեր, որ Սևակը խորհրդակցել էր ոլորտը ներկայացնող մասնագետի հետ:

Հոդվածի հրապարակումից հետո բուռն քննարկումներ ծավալվեցին ինչպես մամուլի էջերում, այնպես էլ ուսուցչական կոլեկտիվներում: Որպես այս ամենի հանրագումար նույն տարվա ապրիլի 19-ին Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրությունը հրապարակեց մի հաղորդագրություն, ուր ասվում էր. «Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության կոլեգիան, լսելեով և քննարկելով մինիստրության կողմից կազմված հանձնաժողովի նախագահ պրոֆ. Էդ. Աղայանի զեկուցումը հայկական դպրոցների 5-7-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքի (հեղինակ՝ Ա. Գրիգորյան) մասին, նշում է, որ այդ դասագիրքն ունի լուրջ սխալներ ու թերություններ և չի համապատասխանում հայոց լեզվի ուսուցման պահանջներին: Կոլեգիան որոշում է.

1. Գործածությունից հանել Ա. Գրիգորյանի հայոց լեզվի դասագիրքը՝ 5-7 դասարանների համար:

2. Կազմել հեղինակային կոլեկտիվ` ստեղծելու հայոց լեզվի նոր դասագիրք հայկական դպրոցների 5-7 դասարանների համար»:

Այսօր Սևակի կյանքին առնչվող այս դրվագի վերհիշումը պատահական չէր: Երկար ժամանակ է, որ մենք ճիշտ հակառակ իրողության ականատեսն ենք: Տարիներ շարունակ ուսումնական հաստատություններին են պարտադրվում թերի, անգրագետ ձեռնարկներ ու դասագրքեր, մանկավարժներն ու լեզվաբանները ահազանգում են դրանց մասին, բայց ինքս չեմ հիշում որևէ դեպք (եթե սխալվում եմ` ուղղեք), որ այդ դասագրքերից որևէ մեկը դուրս բերվի շրջանառությունից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆgetImage

ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻ

19 Փտր

Երաժշտության ալքիմիան այնպիսի մի գաղտնիք է, ինչպիսին են մաթեմատիկան, գինին կամ սերը: Հավանաբար մենք դա սովորել ենք թռչուններից, իսկ գուցե և ոչ: Հավանաբար մենք պարզապես արարածներ ենք, ովքեր հավերժորեն փնտրում են բարձրագույն հիացմունքը: Առանց այդ էլ դա անիրավացիորեն քիչ է մեր այս կյանքում, որը, համաձայնեք, ցավալիորեն անկատար է: Երգը կյանքը վերածում է մեկ այլ բանի: Երգը մեր առաջ բացում է այն աշխարհը, որ արժանի է մեր ձգտումներին, նա ցույց է տալիս, թե մենք ինչպիսին կարող էինք լինել, եթե մեզ արտոնվեր մուտք գործել նրա մեջ:Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@ (4)

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍԻՐՏԸ

19 Փտր

1923 թ. ապրիլի 15-ին Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում, դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքննության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:

Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն Հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ?????

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ` ԳՐՔԻ ՆՎԻՐԱՏՈՒ

18 Փտր

1919 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի նախարարների խորհուրդը ընդունեց «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքը, համաձայն որի Երևանի հանրային գրադարանը ստացավ պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ: Դա այն օրերին խոշոր իրադարձություն էր: Երկրի կարևորագույն մշակութային օջախներից մեկի կայացման գործին ձեռնամուխ եղան բոլորը` Հայաստանում և սփյուռքում ապրող մտավորականներ, գործարարներ, պետական այրեր, հասարակ քաղաքացիներ: Արձագանքելով սկիզբ առած նախաձեռնությանը` մարդիկ մեծաքանակ նվիրատվություններ էին կատարում նորաբաց գրադարանին։ Քիչ չէր նաև նրանց թիվը, ովքեր առաջարկում էին գնել իրենց մոտ եղած գրքերը։

Եղիշե Չարենցը, ով այդ օրերին աշխատում էր Լուսավորության նախարարությունում, նույնպես իր նշանակալի ավանդն է ունեցել պետական հանրային գրադարանի կայացման գործում: Այս մասին է վկայում Հայաստանի ազգային արխիվում պահվող մի վավերագիր: Խոսքը գրադարանի հաշվեմատյանի մասին է, որը նախատեսված էր ստացված ու առաքված գրությունների, ինչպես նաև նվիրաբերված գրքերի ու ձեռագրերի գրանցման համար։ Կոչվել էր «Օրամատյան»։ Ահա այս մատյանում էլ 1920 թ. մայիսի 24-ին կատարվել է թիվ 841 գրառումը։ Այնտեղ ասված է. «Ստացվել է Խ. Խաչատրյանից Եղ. Սողոմոնյանի գրքերը փոխադրող երկու մշակի վարկը ըստ հաշվի 24. 5. 20 թ.»։

Ի՞նչ է սա նշանակում: Նախ այն, որ Չարենցի նվիրաբերած գրականությունը եղել է բավականին շատ, ինչի համար երկու մշակ վարձելու անհրաժեշտություն է ծագել: Գրառման մեջ հիշատակված Խ. Խաչատրյանը գրադարանի աշխատակիցներից էր` Խաչատուր Խաչատրյանը: Այն փաստը, որ մշակների աշխատանքի դիմաց վճարումը գրադարանն է կատարել, թույլ է տալիս հաստատապես պնդելու, որ Չարենցն իր գրքերը ոչ թե վաճառել, այլ հանձնել է անհատույց։ Հակառակ պարագայում գրադարանը հազիվ թե ստանձներ նաև փոխադրման գումարը վճարելու պարտականությունը: Իսկ եթե այս ամենին էլ հավելենք այն իրողությունը, որ մեծ բանաստեղծն այդ  օրերին գտնվում էր նյութական ծանր վիճակում և նաև չմոռանանք նրա մեծ սերը գրքերի նկատմամբ, ապա Չարենցի նվիրատվությունը կրկնակի արժեք է ձեռք բերում:

 Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ20

ԲԱԿՈՒՆՑԻ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ

17 Փտր

Ակսել Բակունցի կյանքին առնչվող հետաքրքիր մի դրվագ վրիպել է ուսումնասիրողների ուշադրությունից, մինչդեռ իր ժամանակին դրան մեծ կարևորություն է տրվել թե իր բացառիկության և թե ակնկալիքների առումով: Խոսքը մեծ գրողի մի «ոչ գրական» առաքելության մասին է: Բանն այն է, որ 1928 թվականի ամռանը Բակունցին հանձնարարվել էր գլխավորել գիտական արշավախումբ: Սա տարօրինակ պիտի թվա ընդամենը առաջին հայացքից: Իրականում այդ օրերին Բակունցը Հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալն էր, ճանաչված ու հմուտ գյուղատնտես և միաժամանակ աշխատակցում էր «Մաճկալ» թերթին:  1920-ականներին նման բարձրակարգ մասնագետ Հայաստանում քիչ կգտնվեր: Այդ պատճառով էլ ընտրության հարցում իշխանությունները չէին սխալվել: Նույն օրերին «Խորհրդային Հայաստան» թերթում մի հակիրճ տեղեկատվություն տպագրվեց սպասվելիք արշավի մասին.1910

«Գյուղատնտեսների էքսկուրսիան դեպի Արագած

Հողժողկոմատի տեղկոմը և «Մաճկալի» Գյուղատնտեսական բաժինը գյուղատնտես ընկեր Ակսել Բակունցի ղեկավարությամբ գիտական նպատակներով կազմակերպել է մի արշավախումբ դեպի Արագածի գագաթը: Արշավախումբը բաղկացած է 12 հոգուց, մեծ մասամբ գյուղատնտեսներ: Երևանից դուրս է գալիս այսօր, առ. ժամը 5-ին, դեպի Բյուրական՝ մեքենայով, իսկ այնտեղից ճանապարհը շարունակելու են ձիով և ոտքով: Արշավախումբն ուսումնասիրելու է Արագածի ամենաբարձր լանջերին գտնվող եզդիների օբաները և արոտավայրերը, իսկ վերադարձին՝ Արթիկի տուֆը»:

«Խորհրդային Հայաստան», 12. 8. 1928 թ.:

Այս կարճ լրատվությունն ամեն դեպքում բավականին հագեցած էր՝ ծրագրերի մասին նախնական պատկերացում կազմելու համար: Գաղտնիք չէ, որ այդ տարիներին Արագածի ալպյան գոտու ռեսուրսները` խոտհարքներն ու արոտավայրերը, ինչպես նաև ջրային պաշարները մնում էին չօգտագործված, մինչդեռ լեռնային, քարքարոտ երկրի համար դրանք անգնահատելի արժեք էին ներկայացնում: Եվ, իհարկե, առանձնակի ուշադրության էր արժանի տուֆի հանքերի մասին ակնարկը: Այդ հանքերը դեռ նոր պիտի ներկայանային իրենց ողջ հարստությամբ` իբրև շինաքարի ամենանախընտրելի և անսպառ պաշար Հայաստանի համար, իսկ մեկ տարի առաջ Լենինականում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքների ֆոնի վրա խնդրի հրատապ լուծումը հատկապես հրամայական էր դառնում:1930-ականներ

Բակունցի և նրա գործընկերների մեկնումից տասն օր անց հրապարակվում է երկրորդ հաղորդագրությունը: Այն հայտնում էր, որ «Հողժողկոմատի նախաձեռնած էքսկուրսիան` գյուղատնտես Ակսել Բակունցի ղեկավարությամբ, վերադարձավ Արագածից»: Այնուհետև ասվում էր. «Էքսպեդիցիան բաղկազած էր 15 հոգուց, մեծ մասամբ գյուղատնտեսներից: Երևանից դուրս գալով ամսի 9-ի գիշերը, Ապարանի կողմից (Ղազնաֆարով) էսպեդիցիան բարձրացել է Արագածը: Խմբից 12 հոգի հոգնածության պատճառով, գյուղատնտես Արամ Մելքոնյանի ղեկավարությամբ, միջին օբաներից ցած են իջել ու վերադարձել, իսկ ագրոնոմներ Ակսել Բակունցը, Ալիսը և մի հողաշինարար գիտական պարագաներով բարձրացել են Արագածի երկու բարձր գագաթները, 2 գիշեր մնացել են այնտեղ, ապա անցնելով Լենինականի լանջերը՝ իրենց ուսումնասիրությունը շարունակել են ու ամսի 15-ին Լենինականով վերադարձել»:

Արշավախամբի անակնկալ տրոհումը` հոգնածության պատճառաբանությամբ, անկեղծ ասած` այնքան էլ վստահություն չի ներշնչում: Թերևս նրանց վաղաժամ վերադարձի համար այլ խնդիրներ էին ծագել, հակառակ պարագայում ողջ արշավը կարելի էր ձախողված համարել, և նրանց կմիանային ինչպես Բակունցն, այնպես էլ Ալիս կեղծանունով Բակունցի օգնական և «Մաճկալի» թղթակից Ալեքսանդր Մարգարյանը: Սակայն նրանք ոչ միայն շարունակել էին արշավը, այլև բարեհաջող ավարտի հասցրել` ներկայացնելով արժեքավոր տեղեկություններ ու դիտարկումներ իրենց երթուղու բոլոր հատվածներից:

Հաշվետվությունը, որն այնուհետև ներկայացվեց իշխանություններին, բավականին ընդարձակ էր: Եթե շարադրելու լինենք այդ փաստաթղթի բովանդակության առավել հատկանշական հատվածները, ապա նեղ մասնագիտական զանազան տվյալների ու առաջարկների շարքում Բակունցն ու ընկերները նախ գրում էին, որ Արագածի արոտատեղիները նպատակահարմար եղանակով չէին օգտագործվում: «Արագածի ամենաբարձր լանջերի մի դեսյատինի արոտատեղի վրա արածում են միջին հաշվով 0,5-ական խոշոր անասուն կամ 2 ոչխար, մինչդեռ 14000 ֆուտ բարձրության վրա անգամ կան բնական երեքնուկ, կորնկան և բազմաթիվ հացազգի բույսեր: Նույն բարձրության վրա գտնվում են նույնիսկ բզեզներ և վայրի մեղուներ, որոնք գրավական են թիթեռնածաղիկների բեղմնավորման ու բազմացման համար»,- ասված էր հաշվետվությունում:bakunc

Էքսպեդիցիան ուսումնասիրել էր նաև օբաների խաշնարածների կոլեկտիվացման խնդիրը և գտել, որ այդ հարցի լուծումն էլ շատ դժվարությունների չի կարող հանդիպել, քանի որ  «նրանց մեջ արդեն արմատացած կան մի շարք կոլեկտիվ մոմենտներ, որպիսիք են՝ ցուլի ու ղոչի ընդհանուր լինելը, անասունների ընդհանուր արածացնելը, կաթի խաբ տալը (փոխ տալ) և պանիրն ընդհանուր կաթսայում եփելը: Հարկավոր է միայն կազմակերպչորեն նրանց ձևավորել և այդ աշխատանքները տանել այնպես, որպեսզի ոչ թե ունևրորներն օգտվեն, ինչպես եղել է մինչև այժմ, այլ չքավորները համախմբվեն ուժեղ տնտեսության մեջ»:

Ամփոփիչ հատվածում տեղ էր գտել այսպիի մի առաջարկ. «Որովհետև Արագածը շատ մեծ ուսումնասիրության կարիք ունի, էքսպեդիցիան կարծում է, որ նպատակահարմար կլիներ, եթե Հողժողկոմատը կամ տուրիստական ընկերությունը մի փոքր, բայց ամուր տնակ կառուցեր Արագածի գագաթի մոտ, որն զգալի չափով կնպաստեր զանազան էքսպեդիցիաների աշխատանքին»:

Դեպքերից առաջ ընկնելով ասենք, որ արշավախմբի ցանկություններից այս մեկը իրականություն դարձավ շատ արագ: Մի քանի ամիս անց հրապարակված հաղորդագրությունը տեղեկացնում էր. «Էքսկուրսիոն բազա Արագածի ստորոտում.- Բացի Երևանում, Ալլահվերդիում, Լենինականում և Սևանի կղզու վրա կազմակերպվելիք էքսկուրսիոն բազաներից՝ բազա է հիմնվելու նաև Արագածի ստորոտում: Բազաներում արվելու են գիշերելու հարմարություններ և տաք ջուր (սնունդ չի տրվելու)»:artik

Սակայն վերադառնանք արշավախմբի ծրագրերից գլխավորին` տուֆի հանքավայրերի ուսումնասիրմանը: Այս հանգամանքը կարևոր է թեկուզ այն պատճառով, որ տարիներ շարունակ ընդունված է եղել Արթիկի հանքերի հետախուզական աշխատանքների գլխավոր դերակատարներ համարել օտար մասնագետներին` երկրաբաններ Պ. Լեբեդևին, Բ. Զալեսկիին, Վ. Պետրովին, Ա․ Իվանչին-Պիսարևին, ազգությամբ հայ, բայց Ռուսաստանում ծնված Դավիթ Չիսլիևին: Սակայն որևէ անգամ չի հիշատակվել Բակունցի արշավախմբի առաքելության նշանակությունը: Իսկ մի՞թե պատահականություն կարելի էր համարել այն փաստը, որ 1928-ի օգոստոսից հետո արմատապես փոխվեց պատկան մարմինների և հատկապես Մոսկվայի վերաբերմունքը հանքավայրը լայնորեն շահագործելու և այդ նպատակի համար միջոցներ հատկացնելու գործում: Այն օրերի թերթերը նույնիսկ հաղորդեցին, թե ինչպես Մոսկվայում կառուցվում էր առաջին փորձնական բնակարանը Արթիկի տուֆից: Հայկական տուֆն իր գործնական կիրառումը գտավ նա Մոսկվայում թեթև արդյունաբերության ժողկոմատի, «Գրքի տան» շինարարության, ինչպես նաև բնակելի այլ շենքերի կառուցման ժամանակ։ Դրանից հետո տուֆը օգտագործվեց ԽՍՀՄ կենտգործկոմի` Սինոպում տնտեսական վարչության հանգստյան տան և ԽՍՀՄ կենտգործկոմի Սևծովյան առափնյա գոտում շենքերի կառուցման ժամանակ։ 1929-ի մայիսին հայտնի դարձավ, որ ԽՍՀՄ Հանքագիտության ինստիտուտը ձեռնարկում է Արագածի շրջանում Արթիկի տուֆային լավային հետազոտությունը: Հետազոտությանը հատկացված էր 100.000 ռուբլի: Մեծ քանակությամբ շինանյութ Ռուսաստան առաքելու հետ մեկտեղ Հայաստանն էլ անմասն չէր մնում այդ պաշարից:

Իսկ ի՞նչ պատահեց գրող Ակսել Բակունցին: Մի՞թե նրա կարճատև, բայց հագեցած ուղևորությունն այդպես էլ որևէ անդրադարձ չունեցավ գրողի ստեղծագործական էջերում: Իբրև այս հարցի պատասխան մենք կարող ենք միայն ենթադրություններ անել: Օրինակ, կարելի է վերհիշել նրա հանրահայտ գործերից մեկը` «Մուրոյի «զրուցը», որը սկսվում է այդպիսի գաղտնազերծող տողերով. «Երկրորդ օրն էր՝ Մաղդայում էինք` Ալագյազի լանջի ամենաբարձր գյուղերից մեկում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի դաշտը…»: Կամ կարելի է մտաբերել, թե ինչպես 1935 թվականին «Հայկինոն» տեղեկացրեց այն մասին, որ սկսվել են «Արագած» պայմանական անունը կրող հնչյունային ֆիլմի նկարահանման աշխատանքները: Սցենարի հեղինակը Ակսել Բակունցն էր:Մուրոյի_«զրույցը»_1

Ավելի հետևողական պրպտումները թերևս նոր փաստեր էլ ի հայտ բերեն: Մի բան կասկածից վեր է. Ինչպես որ կենսափորձն ու տպավորություններն են իրենց հետքը թողնում հոգևոր արժեքների վրա, այնպես էլ մտավորականի կերպարն է ամբողջանում նրա կյանքի բոլոր դրսևորումներով: Եվ այդ իմաստով դեպի Արագած ճամփորդությունը պիտի դիտվի Բակունցի կենսագրության նշանակալի դրվագներից մեկը:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՉԱՐԵՆՑԻ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

17 Փտր

«Ամենասիրելի Հովհ. Թումանյան

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքումմենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:

Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:

Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք , կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:

Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:

Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:

Ձեր` Եղիշե Չարենց

Մոսկվա, 1 հունվարի 1923 թ.»:Безымянный

ԿԱՐԱ ԴԱՐՎԻՇԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

17 Փտր

Հայ ֆուտուրիստ գրող Կարա Դարվիշի անունը ժամանակին լայնորեն հայտնի էր ռուսական գրական շրջանակներում: Նրա հետ անձնական մտերմություն ունեին Կամենսկին, Սևերյանինը, ինչպես նաև Վլադիմիր Մայակովսկին: Թիֆլիսում նրանց հերթական հանդիպման ժամանակ էլ Մայակովսկին նկարել է Կարա Դարվիշի այս դիմանկարը:708983_photoshopia.ru_255_Mayakovskiyy_V._V._Kara_Darvish