Tag Archives: մայր

ՄԵՌՆՈՂ ՄԱՅՐԸ

8 Սպտ

— Ի՞նչ… Մեռա՞վ… Դեռ ո՞ղջ է… Կամաց խոսեք…

— Գուցե պարզապես քնա՞ծ է…

Մեկն առաջարկեց.

— Բերեք երեխային ու դրեք մոր կրծքի վրա, այնտեղ, ուր սիրտն է բաբախում: Գուցե նա զարթնի:

Բերեցին: Փոքրիկը լաց լինելով ծածկեց երեսը մոր կրծքի վրա:

— Ահ, եթե նա հիմա էլ չարթնացավ, ուրեմն ամեն ինչ վերջացած է… Աղոթեք նրա համար…

Ալեքսեյ Ապուխտին

ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿԸ

29 Հլս

Իր ծննդից մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
— Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհը: Ի՞նչ պիտի անեմ այնտեղ:
Աստված պատասխանեց.
— Ես քեզ հրեշտակ կնվիրեմ, որ միշտ քո կողքին կլինի: Նա ամեն բան քեզ կբացատրի:
— Իսկ ինչպե՞ս պիտի նրան հասկանամ: Չէ՞ որ ես նրա լեզուն չգիտեմ:
— Հրեշտակը քեզ կսովորեցնի իր լեզուն: Նա քեզ կպաշտպանի բոլոր դժբախտություններից:
— Իսկ ի՞նչ է իմ հրեշտակի անունը:
— Կարևոր չէ, թե նրա անունն ինչ է: Նա շատ անուններ ունի: Դու նրան կարող ես կոչել «Մայրիկ»:

138513181_image__2_

ԴՐԱՆԻՑ ՉԿԱ

1 Հկտ

Ով մեր գյուղից Երևան է գալիս, մայրս հետը միրգ է ուղարկում: Հետո զանգ է տալիս, թե` գնա վերցրու: Գործս թողած տաքսի եմ նստում, փողոցներն ընկած ման եմ գալիս մրգաբեր համագյուղացուս, հետո զայրացած, անհավես տուն եմ հասնում, իսկ երեկոյան զանգ եմ տալիս մորս, որ համոզեմ.
— Այ մամ,-ասում եմ,- ախր էդ նույն մրգից մեր տնից հինգ քայլի վրա վաճառում են: Տաքսիներին տված փողով մի ամբողջ արկղ կառնեմ, ինչի՞ ես դու ուղարկում:
Մայրս ուշադիր լսում է իմ երկար, հուզական ելույթը ու հետո ասում է.
— Դրանից ձեզ մոտ չկա:
Եվ երկու օր անց նորից է ուղարկում…

Հովիկ Չարխչյան1481498901

ՈՒՍՈՒՑԻՉՍ

9 Հկտ

Հարցրեց. «Դասերդ սովորե՞լ ես»: Ասացի՝ հա: «Բեր պատմիր»: Պատմեցի: Հետո օրագիրս ուզեց: Նայեց, դրեց մի կողմ: «Թեթև ես հագնված, մի բան գցիր վրադ ու գնա հաց ուտելու»: Կերա: «Դե գնա դուրս, մի քիչ ման արի, բայց ուշ չգաս»:
Պիտի արդեն դուրս գայի, շեմքին կանգնեցրեց.
— Որ լավ մարդ չես դարձել, իմ ձեռքով կսպանեմ:
Մայրս էր:

Հովիկ Չարխչյանlight-door

ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ՄՈՐ ՏԵՍԻԼՔԸ

29 Փտր

Հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ նա պատմում է, որ 1915 թվականին իր ընտանիքը տարագրվել է: «Ճանապարհին մայրս և քույրս աչքիս առաջ բռնաբարվեցին»,- ասում է Թեհլերյանը, ապա ջղաձգվելով մի հառաջ է արձակում և հայտարարում է, որ ավելի շուտ մեռնել կցանկանար, քան մեկ անգամ էլ հիշել այդ օրերի մանրամասները: Այնուհետև դատական նիստի սղագրության մեջ գրված է.
«Դատավոր- Դուք ձեզ մեղավոր զգու՞մ եք Թալեաթի սպանության համար:
Թեհլերյան- Ոչ, իմ խիղճը մաքուր է:
Դատավոր- Սպանելու միտքը ե՞րբ ծագեց:
Թեհլերյան- Այդ արարքից գրեթե երկու շաբաթ առաջ մի գիշեր մորս տեսիլքն ինձ երևաց: Նա կանգնեց դիմացս ու ասաց. «Դու տեսար, որ Թալեաթն այստեղ է և տակավին անտարբեր ես մնացել: Ուրեմն դու իմ որդին չես»: Այդ պահից ես որոշեցի նրան սպանել»:

70121c431fc07534b53a2f21924b9b4d

Երջանիկ որդի և բախտավոր մայր

27 Դկտ

vazgen arajin 1955 «Էջմիածին» ամսագիր1955 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Վազգեն Առաջինը: Նրա նստավայրն այդուհետ պիտի լիներ Սբ. Էջմիածինը: Իսկ վեհափառի մայրը բնակվում էր Ռումինիայում: Նա դեռ չէր տեսել իր օծյալ որդուն: Վերջապես վրա է հասնում պահը: Իսկ թե ինչպես նրանք հանդիպեցին, այդ մասին փոքրիկ տեղեկատվություն է պահպանվել «Էջմիածին» ամսագրի էջերում. «Դեկտեմբերի 27-ին Ս. Էջմիածին ժամնեց Նորին Ս. Օծության Վեհափառ Հայրապետի մայրը` տիկին Սիրանուշ Պալճյանը, ընկերակցությամբ ռումինահայ թեմի քարտուղար պ. Հովհաննես Գայփաքճյանի:
Վեհափառի մորը դիմավորելու համար Մոսկվա էր մեկնել Մայր Աթոռի տնտեսաֆինանսական գործերի վարիչ պ. Հմայակ Սեդգարյանը: Երևանի կայարանում իր սիրելի մորը դիմավորեց անձամբ Վեհափառ Հայրապետը: Հուզիչ ու սրտագրավ էր մոր և որդու հանդիպումը…
Երջանիկ որդի և բախտավոր մայր»:images

ԲԵՌՆԱՐԴ ՎԵՐԲԵՐ

17 Սպտ

Որպեսզի իմանաս տարվա արժեքը, հարցրու ուսանողից, ով ձախողել է քննությունները:

Որպեսզի իմանաս ամսվա արժեքը, հարցրու մորը, ով ծննդաբերել է ժամանակից շուտ:

Որպեսզի իմանաս շաբաթվա արժեքը, հարցրու շաբաթաթերթի խմբագրից:

Որպեսզի իմանաս ժամի արժեքը, հարցրու սիրեցյալին սպասող սիրահարից:

Որպեսզի իմանաս րոպեի արժեքը, հարցրու գնացքից ուշացածից:

Որպեսզի իմանաս վայրկյանի արժեքը, հարցրու վթարից հարազատին կորցրածին:

Որպեսզի իմանաս մեկհազարերորդ վայրկյանի արժեքը, հարցրու օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին:Werber-B

ՓՈՒՆԵ ՆԵԴԱՅԻ

27 Մրտ

ՄԻԱՅՆ ՄԱՅՐՍ

Չգիտեմ ի՞նչ օր է այսօր:
Մայրս ասում է` շաբաթ,
Բայց չեմ հավատում.
Հարց եմ տալիս անցորդներին,
— Կիրակի,- պատասխանում են,
Դարձյալ չեմ հավատում.
Հանդիպում եմ սիրեկանիս,
Նրան եմ հարցնում,
— Կիրակի,-պատասխանում է,
Հավատում եմ ես նրան:
Ուրեմն, ես կորցրել եմ մի ամբողջ օր,
Ասես քնով եմ անցել:
Միայն մայրս,
Մայրս չուզեց խելագարվեմ…

Պարսկերենից թարգմանեց Վահե Արմենը

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

9 Մրտ

Դուրսը՝ թախծի հեղեղ,
ներսս՝ անհուն թախիծ.-
մեկը մի բան երգեր
աստվածային Բախից:
Գոնե մի բան լիներ,
լույսի մի ճառագայթ,
որ այդ թախծի ծովում
դառնար ինձ առագաստ:
Թե ոչ՝ ուզում եմ ես
անվերադարձ, անհետք,
տխուր կոհակվելով
հանդերի մեջ ցրվել.-
երևի թե մայրս
աչք է եղել նրբին,
որ ես այսքան մաքուր
արտասուք եմ ծնվել:

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ

21 Փտր

ԱԴԱՄԻ ՎԻՇՏԸ

Լեռներու ստորոտ, մարմանդին վրա,
Շուքին տակ ծառի մը բազկատարած,
Վճիտ առվակի մը մոտ արծաթյա
Եվա մեղկորեն էր ընկողմանած:

Բոցակեզ արևն հորիզոնեն վեր
Կ’ելլեր հաղթական. զեփյուռն անուշակ
Կպարզեր օդին մեջ փափուկ թևեր,
Վարդը կխնկեր, ու կ’երգեր սոխակ:

Բայց ո՛չ արևին, ո՛չ ծաղիկներուն
Կնայեր Եվա. ուժով կսեղմեր
Իր թևերուն մեջ մանկիկ մ’ը սիրուն,
Խնձոր այտերով, խաժակն, ոսկեհեր:

Կշարժեր անդուլ մանկիկն անհանդարտ,
Խաղալով մանրիկ մատներով իր մոր
Գանգուրներուն հետ. և ան, գոհ, զվարթ
Կհամբուրեր զայն, ժպտալով անոր:

Ծառի մ’ ետևեն Ադամ կդիտեր
Այդ պատկերն աղու և շնորհալի,
Ու լուռ, տրտմությամբ լեցված, կխորհեր`
Աչքն իր մանկիկին հառած ծաղկատի:

Հանկարծ արցունքով աչքերը լեցան,
Հառաչ մը կուրծքեն թռավ թախծալիր,
Ճակտին զարկավ ձեռն ու շեշտով մը դառն`
«Տե՛ր,- ըսավ,- ինչո՞ւ մայր մ’ ինձ չտվիր»:

ՇԱՆԴՈՐ ՊեՏեՖԻ

16 Փտր

ՁԱԽՈՂՎԱԾ ՄՏԱԴՐՈՒԹՈՒՆ

Ես ամբողջ ճամփին միտք էի անում.
Ի՞նչ պիտի ասեմ իմ մորը բարի,
Ա՜խ , չէ՞ որ նրան՝ իմ հարազատին,
Չեմ տեսել արդեն ես քանի տարի։

Ու մտերմության ինչպիսի՞ խոսքեր
Պիտի դուրս թռչեն իմ շրթունքներից։
Ի՞նչ պիտի ասեմ նրան, որ անքուն՝
Օրորոցիս մոտ օրորել է ինձ։

Եվ քանի՜, քանի՜ հիասքանչ մտքեր
Իմ ուղեղի մեջ իրար փոխեցին։
Վայրկյանը արդեն տարի էր թվում,
Թեև արագ էր սլանում իմ ձին։

Ու ես ներս մտա։ Եվ հանկարծ դեմից
Ընդառաջ վազեց ինձ մայրս բարի,
Ես ոչինչ չասած՝ կախվեցի վզով,
Ինչպես պտուղը՝ հարազատ ծառից։

ՋԵԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋԵԲՐԱՆ

8 Դկտ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվ կինը, որ երեխա ուներ գրկին, խնդրեց.
— Ասա՛ մեզ երեխաների մասին:
Եվ նա ասաց.
— Ձեր երեխաները ձեզ համար չեն:
Նրանք Կյանքի՝ ինքն իր հանդեպ կարոտի որդիներն ու դուստրերն են:
Նրանք գալիս են ձեր շնորհիվ, բայց ո՛չ ձեզանից:
Ու թեև նրանք ձեզ հետ են, նրանք ձեզ չեն պատկանում:
Դուք նրանց կարող եք տալ ձեր սերը, բայց ո՛չ ձեր մտքերը: Քանզի նրանք իրենց մտքերն ունեն:

Թարգմ. Հրաչյա Ամիրյան

ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

28 Նյմ

ՍԻՐԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամուսնուց նամակ եկավ: Նա այլեւս չէր սիրում նրան եւ լքել էր: Երկու տարվա ընթացքում առաջին նամակը: Հեռավոր քաղաքից:
«Աղջկան ռեզինե գնդակը մի տուր: Ես լսում եմ, թե ինչպես է նա դրանով խփում հատակին: Այդ ձայնից իմ սիրտը արագ է խփում»:
Մայրն աղջկանից խլեց գնդակը: Նա ինը տարեկան էր:
Հետո ամուսնուց եւս մի նամակ եկավ: Այն արդեն ուրիշ քաղաքից էր ուղարկված:
«Թող մեր աղջիկը դպրոց գնալիս այդ կոշիկները չհագնի: Ես լսում եմ դրանց տկտկոցը սալահատակի վրա: Ասես տրորում է իմ սիրտը»:
Այդ կոշիկների փոխարեն մայրն աղջկան տվեց կտորե փափուկ մաշիկները: Աղջիկը լացեց եւ դադարեց դպրոց գնալ:
Հետո եւս մի նամակ եկավ: Նախորդ ուղերձից հետո ընդամենը մեկ ամիս էր անցել, բայց ամուսնու ձեռագիրը ծերունական էր:
«Աղջկան կերակրաթասը մի տուր: Երբ նա այնտեղից բրինձ է քերում, իմ հոգում ասես կատուներ են ճանկռտում»:
Մայրը սկսեց աղջկան իր փայտիկներով կերակրել, կարծես թե նա երեք տարեկան էր: Հետո նա հիշեց այն ժամանակը, երբ նա իրոք երեք տարեկան էր, իսկ ամուսինն այնքան երջանիկ խաղում էր նրա հետ:
Աղջիկը կամացուկ մոտեցավ պահարանին եւ հանեց կերակրաթասը: Մայրը ճանկեց այն նրա ձեռքից ու ջարդուփշուր արեց այգու քարի վրա: Ահա թե որ ձայնից է կոտրվում նրա ամուսնու սիրտը: Նա մռայլվեց եւ իր կերակրաթասն էլ քարով տվեց: Ահա այդ ձայնի՞ց է կոտրվում նրա սիրտը: Մայրը ճաշասեղանը նետեց այգի: Իսկ այս ձայնը ո՞նց է: Նա նետվեց դեպի տան պատը եւ սկսեց բռունցքներով խփել դրան: Հետո մեջքանց նետվեց թղթե միջնորմի վրա` պատռեց, ասես տեգով խփեց, ընկավ հատակին: Ո՞նց է քեզ այս ձայնը:
— Մամա, մայրիկ:
Աղջիկն արտասվաթոր վազեց մոր մոտ, իսկ նա սկսեց ապտակել նրան: Դե, այս ձայներն էլ լսի:
Դրա արձագանքն եղավ ամուսնու նոր նամակը: Մեկ ուրիշ հեռավոր քաղաքից:
«Դուք չհամարձակվեք որեւէ ձայն հանել: Դուք չհամարձակվեք դռները շրխկացնել: Դուք չհամարձակվեք պատուհանները բացել: Դուք չհամարձակվեք շնչել: Դուք չհամարձակվեք ժամացույցը լարել»:
«Դուք, դուք, դուք…»,- շշնջում էր կինը՝ արցունք թափելով: Հետո ընդմիշտ դադարեց ձայն հանել: Նույնիսկ` ամենացածր: Նա ու աղջիկը մահացան:
Տարօրինակ է, բայց ամուսինը մահացել էր նրա հետ նույն անկողնում:
Թարգմ. Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

ՎԱՍԻԼԻ ՇՈՒԿՇԻՆ

2 Նյմ

ՆԱՄԱԿԸ ՄՈՐԸ

Բարև, մայր
Ստացա 200 ռուբլին, ծանրոցը (երկրորդը) և նամակը: Ծանրոցում ամեն ինչ պահպանվել էր: Մայր, դու այդ ի՞նչ ես անում: Վերարկու ես գնել: Սիրելիս, չէ՞ որ նույն հաջողությամբ շինելով կանցկացնեի աշունն ու գարունը: Ծանրոց եմ ստանում, էլի ոնց որ փոքրիկ վագոն: Ի՞նչ է, մտածում եմ, հաջողացրել է այստեղ էլի՞ ինչ-որ բան տեղավորել: Բացում եմ, իսկ այնտեղ նոփ- նոր վերարկու է: Այ քեզ բան: Մայր, որտեղի՞ց ես փող ճարում: Վերարկուն ճիշտ վրայովս է: Բայց դեռ չեմ հագնի: Այ, կմաշեմ շինելս, իսկ հետո արդեն… Փող ունեմ: Լավ եմ սնվում: Ինչ ցանկանում` այն էլ գնում եմ: Մինչև հոկտեմբերի 15-ը փողս կհերիքի: Այլևս ոչինչ մի գնիր…
Այսօր ստացա քո նամակը` լուսանկարով: Մայր, կարծես մի քիչ նիհարել ես: Սիրելիս, ազնվորեն գրիր` ինչպե՞ս ես ապրում: Ի՞նչ ես ուտում…
Վերջերս մեր կուրսում հարցում անցկացվեց` ում ծնողներն ովքեր են, այսինքն` ուսանողների ծնողների մասնագիտությունը, կրթությունը: Գրեթե բոլորինը` գրողներ, դերասաններ, պատասխանատու աշխատողներ են և այլն: Հերթն ինձ է հասնում: Հարցնում են` ծնողներից ով կա: Պատասխանում եմ` մայրս:
— Ի՞նչ կրթություն ունի:
— Երկու դասարան,- պատասխանում եմ, — բայց հասկանում է մինիստրից ոչ պակաս:
Ծիծաղում են: Դե եղիր առողջ, սիրելիս:
Քո` Վասիլի:

Թարգմ. Նորա Ազատյան