Պահոց | Հոկտեմբերի, 2013

Էդգար Պոյի մահը

31 Հկտ

«Տեր, ընդունիր իմ խեղճ հոգին»,- սրանք Էդգար Պոյի վերջն խոսքերն էին: Նրան գտել էին Բալթիմորի փողոցներից մեկում` անօգնական վիճակում: 4 օր հիվանդանոցում մնալուց հետո Պոն մահացավ: Նրա թաղմանը մասնակցեցին ընդամենը 4 հոգի: Մինչ օրս նրա մահը առեղծված է մնում: Տարբեր պատճառներ են նշվում, այդ թվում` ուղեղի ուռուցքը: Սակայն այդ վարկածները չեն հաստատվել:Edgar po

ՀՈՎԱՐԴ ՖԻԼԻՊՍ ԼԱՎՔՐԱՖՏ

31 Հկտ

Ինչ հրաշալի բացահայտումներ ասես, որ մենք չենք անում պատանի հասակում: Երեխա ժամանակ մենք հեքիաթներ ենք լսում ու երազում ենք, սակայն մեր մտքերն անկատար են: Իսկ երբ, հասակ առնելով, փորձում ենք վերադարձնել մանկական անուրջները, մենք արդեն թունավորված ենք առօրյայի թույնով, ինչը մեզ դարձնում է ձանձրալի ու պրոզայիկ: Մեզնից եզակիներին են գիշերներն այցի գալիս հրաշք տեսիլքները ծաղկուն բլուրների ու այգիների, արևի լույսի տակ երգող շատրվանների, ոսկեզօծ ժայռերի, որոնց ոտքերի տակ փշրվում են ծով ալիքները, զառիթափ դաշտերի, որ իջնում են բրոնզ ու քար հագած քնած քաղաքի վրա, թափանցիկ այրուձիի` կուրացուցիչ ճերմակ նժույգներով, որ վարգում է ննջող անտառի եզրով: Եվ այդ ժամանակ մենք հասկանում ենք, որ մի ակնթարթ հայացք նետեցինք կախարդական աշխարհին փղոսկրե դարպասների միջից, աշխարհին, որը մեր տիրապետության տակ էր մինչ այն պահը, երբ մենք խելոքացանք ու դարձանք դժբախտ…hp_lovecraft

ԷՐԻԽ ՖՐՈՄՄ

30 Հկտ

Սերն արվե՞ստ է: Եթե այո, ապա այն պահանջում է գիտելիք ու ջանք: Կամ գուցե սերը հաճելի զգացողությու՞ն է, որը ճաշակելը նախախնամության գործն է, մի այնպիսի բան, որը բաժին է ընկնում մարդուն երջանիկ պատահականությամբ: Բանն այն չէ, որ մարդիկ սերը համարում են անկարևոր: Նրանք դա փափագում են, նրանք դիտում են անթիվ քանակությամբ երջանիկ ու դժբախտ սիրային պատմություններով ֆիլմեր, նրանք հարյուրավոր հիմար երգեր են լսում սիրո մասին, բայց հազիվ թե որևէ մեկն իսկապես մտածում է, որ կա սերը սովորելու անհրաժեշտություն: Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը սիրված լինելն է, այլ ոչ թե սիրել կարողանալը:fromm-400x250

ԱՐՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ

29 Հկտ

1955 թվականի հոկտեմբերի 12-ին Երևանի հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն էր: Մրցում էին տեղի «Սպարտակը» և Սվերդլովսկի մարզային սպայի տան ֆուտբոլային ակումբը` ОДО-ն: Սպասվում էր լարված ու վճռորոշ պայքար. 25 հազար հանդիսատեսներ հետևում էին, թե երկու թիմերից որի՞ն բախտ կվիճակվեր դուրս գալ ԽՍՀՄ առաջնության Ա խումբ: Ստացվել էր այնպես, որ մարզադաշտում հավաքվել էր բավականին ներկայանալի երկրպագուների կազմ. այնտեղ էր ոչ միայն հանրապետության ողջ կուսակցական վերնախավը, այլև բազմաթիվ օտարերկրացի լրագրողներ: Վերջինն, ինչ խոսք, այդ ժամանակների համար աննախադեպ երևույթ էր: Սակայն սա էլ իր բացատրությունն ուներ: Հայաստանում հենց նոր ավարտվել էին կաթողիկոսական ընտրությունները: Օտար լրագրողները ժամանել էին լուսաբանելու այդ իրադարձությունը, իսկ ֆուտբոլային խաղին ներկա լինելու հնարավորությունը որոշել էին նույնպես ձեռքից բաց չթողնել:63971500

Մարզադաշտում տիրող ընդհանուր տրամադրությունը ոչինչ չէր մատնում սպասվող զարգացումների մասին: Մինչդեռ դրա համար ի սկզբանե կային ծանրակշիռ հիմքեր: Ինչպես ավելի ուշ պիտի նշվեր իշխանական օղակներին ներկայացվող զեկուցագրերում, հանդիսատեսների մեծ մասն այդ օրը խաղի էր եկել` նախապես զինված քարերով և այլ առարկաներով: Այդ քարերը նրանք իրենց գրպանն էին դրել հենց ստադիոնում: Բանն այն է, որ հանրապետական մարզադաշտում ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, և այնքան էլ դժվար չէր տարածքում լցված շինարարական աղբը «թեթևացնել»: Բայց այս անգամ մարզասերների «քարեդարյան զինանոցը» ամենևին նախատեսված չէր հյուրերի համար: Ճիշտ հակառակը. հայ ֆուտբոլասերները վերջին շրջանում խիստ չարացած էին իրենց սիրելի թիմի մարզիկների նկատմամբ: Երևանի «Սպարտակը» երկու խաղ անընդմեջ պարտություն էր կրել ու մրցաշարային աղյուսակում հայտնվել էր բավականին անմխիթար դիրքում: Երրորդ պարտությունը չէին հանդուրժելու: Բոլորն էլ կիսում էին այն կարծիքը, որ Ա խմբում չհայտնվելն ուղղակի աղետալի հետևանքներ կունենար ոչ միայն «Սպարտակի», այլև հայ ֆուտբոլի համար:spartak-1955

Սկզբում խաղն ընթանում էր խիստ բարենպաստ հունով: Երբ հայերը առաջի գոլը խփեցին, տրիբունաներում չէր դադարում հաղթական օվացիան: Սակայն շատ չանցած` սվերդլովցիները հավասարեցրին խաղի հաշիվը: Իսկ երբ հյուրերը նաև երկրորդ գնդակն ուղարկեցին երևանցիների դարպասը, կատարվեց այն, ինչն ամենից անցանկալին էր: Հարյուրավոր քարեր սկսեցին թռչել մեր ֆուտբոլիստների ուղղությամբ: Մարզադաշտում ներկա միլիցիոներները գործի անցան: Պահանջվեց բավականին ժամանակ, մինչև հնարավոր եղավ խաղաղեցնել անկարգապահ ֆուտբոլասերներին: Խաղը շարունակվեց: Յուրայինների արարքից ազդված հայ մարզիկները կարծես թե սթափվեցին, և նրանց հաջողվեց երկրորդ գնդակը խփել: Հաշիվը հավասար էր` 2-2: Մրցամարտը մոտենում էր ավարտին: Մնացել էր ընդամենը 7 րոպե եզրափակիչ սուլիչի ձայնին, երբ հայերը հերթական անգամ նետվեցին հակագրոհի և Հարություն Քարաջյանը երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Մազադաշտը ցնցվեց: Դա հաղթանակ էր նշանակում: Դա այն էր, ինչ նրանք ցանկանում ու պահանջում էին…

Բայց  հազարավոր ներկաների ուրախությանը վիճակված էր մնալ կիսատ: Մոսկովյան մրցավարական խումբը ներկայացնող Նիկոլայ Շևցովը որոշում կայացրեց չհաշվել գոլը: Սա ինքնազսպումի վերջին կաթիլն էր: Հիմա արդեն ոչ մի ուժ ի զորու չէր կասեցնել փոթորկված բազմության զայրույթը: Եվ քարերի ու ծանր առարկաների հեղեղը ուղղվեց մարզադաշտ: Այս անգամ թիրախը մեկն էր` մրցավարը:Безымянный

Ալիքն այնքան ուժգին էր, որ նույնիսկ սարսափած իրավապահները խուսափեցին միջամտել: Րոպեներ անց կոտրված գլխով ու արնաշաղախ դեմքով խոտերի վրա ընկավ եզրային մրցավար Վիկտոր Սամոլազովը: Բայց նույնիսկ նրան օգնության հասան ոչ թե միլիցոներներն ու բժիշկները, այլ հայ ֆուտբոլիստները: Վերջիններս իրենց մարմնով ծածկեցին մրցավարին ու տեղափոխեցին դաշտից դուրս: Կատաղած ամբոխը գնաց նրանց հետևեց: Ֆուտբոլիստները մտան հանդերձասրահ ու փակեցին դուռը: Ժողովուրդը պաշարեց տարածքը: Փշրվում էին ապակիները, կոտրվում էին լամպերը, շրջապատի ողջ գույքը ջարդուփշուր էր արվում, կրակի էր տրվել այն ամենը, ինչը կարելի էր այրել: Հաշվեհարդար տեսնելու մոլուցքն այնքան ուժգին ու անսանձ էր, որ երբ քաղաքից իրավապահների և հրշեջների օգնական ուժեր ժամանեցին, հազարավոր մարդիկ հարձակվեցին նրանց վրա: Քիչ անց արդեն վառվում էին շրջապատի մեքենաները, միլիցիոներների մոտոցիկլետները: Դաժան ճակատագիր էր վիճակված շտապօգնության մեքենային, որով ցանկանում էին վիրավոր մրցավարին տեղափոխել հիվանդանոց: Ավելի ուշ ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներից մեկը պիտի զեկուցեր, որ մեքենան վերածեցին պահածոյի տուփի:

Բայց սա էլ դեռ վերջը չէր: Քաոսային վիճակը շարունակվեց մի քանի ժամ: Գնալով բազմապատկվում էր վիրավորների թիվը երկու կողմերից: Սկսեցին խոսել առաջին զոհերի մասին, որոնց հապշտապ հեռացնում էին բախման վայրից: Հրշեջները գործի դրեցին ջրցան խողովակները: Միայն թե շիկացած կրքերը մարելու համար ջուրն ամենաազդեցիկ միջոցը չէր…Безымянный3

Բացվող առավոտը ոչ մի լավ բան չէր խոտանում: Իրար հաջորդեցին բազմաթիվ ձերբակալությունները: Մոսկվայից Երևան ժամանեցին հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները, որոնք հայ գործընկերների հետ պիտի հետաքննեին կատարվածը և միջոցներ ձեռնարկեին հետագայում նման իրավիճակները բացառելու ուղղությամբ:

Այստեղ հարկ է անդրադառնալ մի էական խնդրի: Ինչպես ավելի ուշ պարզվեց, ֆուտբոլասերների զգալի մասը եկել էին գյուղերից: Այս հանգամանքը հաշվի առնելով, այն օրերին ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Սուրեն Թովմասյանը առաջարկեց մայրաքաղաքին մերձակա շրջաների վրա տարածել անձնագրային ռեժիմ: Այս առաջարկը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 1950-ականներին գյուղական բնակչության զգալի մասն ընդհանրապես անձնագիր չուներ: Իսկ միլիցիայի համար դա ստեղծում էր լրացուցիչ դժվարություն` խժդժությունների մասնակիցների անձը պարզելու համար:

Իշխանությունների համար հաջորդ անհետաձգելի քայլը ցավալի իրողությունը թաքցնելն էր: Տեղական լրատվամիջոցները պահպանեցին քար լռություն: Ոչ մի տող չգրվեց ոչ միայն արյունալի միջադեպի, այլև նույնիսկ ֆուտբոլային հանդիպման մասին: Փոխարենը չլռեցին օտարերկրացի լրագրողները: Տեղ հասնելուն պես նրանք իրենց թերթերում պատմեցին այն ամենը, ինչին ականատես էին եղել Երևանում:

Երևանյան պատահարի հետ կապված բոլոր գրավոր տեղեկությունները փակի տակ դրվեցին: Դրանց մի զգալի մասն այսօր էլ գտնվում է Մոսկվայի պետական արխիվում: Մասնավորապես, այնտեղ են պահվում նույն թվի հոկտեմբերի 25-ին կայացած Համամիութենական ֆուտբոլային սեկցիայի հատուկ նիստի սղագրությունները, որոնք նոր լույս են սփռում դրամատիկ դեպքերի ընթացքի վրա: Ահա մի հատված Հայաստանի ներկայացուցիչ Մելիք-Օսիպյանի ելույթից. «Խաղը պիտի դատեր Սամոլազովը, իսկ հետո հեռագիր ստացվեց, որ մրցավարը կլինի Շևցովը: Դուք դատավարությունը վատ անցկացրեցիք: Չէ որ բանն ավարտվեց մարդկանց մահով, իսկ մարդիկ այսօր գտնվում են վատ վիճակում: Անկախ այն բանից, թե այսօր ինչ կորոշի Համամիութենական սեկցիան, մենք դիմել ենք ՍՄԿԿ Կենտկոմին, որպեսզի Ձեր հարցը, ընկեր Շևցով, այնտեղ վճռեն: Հասկացեք, երբ հաղորդավարը բեմից սխալ բառ է արտասանում, նրան պատասխանատվության են ենթարկում, իսկ դուք ծաղրում էիք այդքան մեծ թվով հանդիսատեսների…»:

Հնչեցին կարծիքներ վերախաղարկման մասին: Ոմանք այն կարծիքին էին, որ եթե մրցման վայրը տեղափոխվի, դա անհարգալից վերաբերմունք կդիտվի Հայաստանի նկատմամբ, մյուս կողմից էլ` անուղղակիորեն կվկայի, որ իշխանություններն անզոր են վերահսկել իրավիճակը: Կար նաև մտավախություն, որ Երևանում խաղի կրկնությունը կարող էր առիթ տալ ոմանց մտածելու, թե անկարգությունները «մարսեցին», ինչն էլ իր հերթին պարարտ հող կդառնար նոր խժդժություններ հրահրելու համար:

Ամեն դեպքում, ինչպես ցույց են տալիս հետագա տարներին հրապարակված ֆուտբոլային ամփոփագրերը, նոյեմբերի 22-ին վերախաղարկումը կայացել է Օդեսա քաղաքում: Ձյունաշատ դաշտում Սվերդլովսկի թիմը 2-0 հաշվով հաղթել է Երևանի «Սպարտակին»:

Ինչ վերաբեում է մրցավարին, նրան որակազրկեցին: Պարզվեց, որ վերջինս իսկապես կոպիտ սխալ էր թույլ տվել: Եզրային մրցավարները և խաղի տեուչը հաստատեցին, որ հայերի երրորդ գոլը ճիշտ էր ու ազնիվ:

Իբրև հավելում նշենք, որ սրանով ֆուտբոլային մեծ բախումների պատմությունը չավարտվեց: Ֆուտբոլի տարեց երկրպագուները հավանաբար դեռ հիշում են, թե 1961 թվականին ինչ կատարվեց Թբիլիսիում, երբ հայերը հաղթեցին վրացիներին: Կհիշեն նաև, թե ինչ պատահեց Երևանում, որից հետո ԲԿՄԱ-ի ֆուտբոլիտներին հարկ եղավ զրահամեքենաներով էվակուացնել օդանավակայան: Բայց սրանք արդեն բոլորովին այլ պատմություններ են:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆpostcardusedin1948ofthefs2

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

29 Հկտ

Ես կարծում եմ, որ խիղճը հսկիչ է, ով յուրաքանչյուր առանձին մարդու համար պահպանում է այն կարգը, որ հասարակությունը մշակել է իր անվտանգության համար: Նա` մեր սրտի ոստիկանը այնտեղ է, որպեսզի թույլ չտա մեզ խախտել օրենքը: Լրտես է, որ ներթափանցել է մեր «ես»-ի ամրոցը: Մարդն այնպես է մղվում ճանաչման, այնպես խենթորեն է սարսափում, թե կդատապարտեն իրեն, որ ինքն է շտապում դռները բացել իր ոխերիմ թշնամու առաջ: Եվ ահա թշնամին աննահանջ հետևում է նրան` նվիրվածորեն պաշտպանելով իր տիրոջ շահերը, արմատից կանխում է երամից անջատվելու  մարդու չնչին հավակնությունները: Եվ մարդը սկսում է հավատալ, որ հանրության շահը վեր է անձնական շահից…Somerset621X414--621x414

ՀԵՆՐԻ ՌԱՅԴԵՐ ՀԱԳԱՐԴ

28 Հկտ

Քանի դեռ գոյություն ունի աշխարհը, մարդը չի մեռնում: Ճիշտ է, նրա անունը մոռացվում է, բայց քամին, որ նա շնչել է, շարունակում է լեռներում շարժել սոճիների կատարները, արձագանքը բառերի, որ նա արտաբերել է, դեռ հնչում են տարածության մեջ, մտքերը, որոնք ծնվել են նրա ուղեղում, այսօր դառնում են մեր հարստությունը: Նրա կրքերը մեզ կյանքի են կոչել, նրա ուրախությունն ու տխրությունը հարազատ են նաև մեզ, և ավարտը, որից նա սարսափով փորձում էր փախչել, սպասվում է մեզնից յուրաքանչյուրին: Տիեզերքն իսկապես լի է ուրվականներով, բայց ոչ պատանքներով ծածկված գերեզմանային տեսիլքներով, այլ կյանքի անմար, անմեռ մասնիկներով, որոնք մեկ անգամ ծնվելով այլևս չերբեք չեն մեռնում, թեև նրանք աննկատ ձուլվում են մեկը մյուսին և փոփոխվում, փոփոխվում են հավերժ:634889241639360477_sir_henry_rider_haggard

ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ

27 Հկտ

Մարդը և նրա արարքը տարբեր բաներ են: Այն դեպքում, երբ լավ արարքը արժանի է խրախուսման, իսկ վատը` դատապարտման, մարդն` անկախ այն բանից, լավ թե վատ արարք է գործել, միշտ արժանի է հարգանքի ու սրտացավության` կախված հանգամանքներից: «Ատել մեղքը, բայց  ոչ մեղավորին»` սա մի պայման է, որը թեև հեշտ հասկանալի է, սակայն հազվադեպ է կիրառվում կյանքում: Ահա թե ինչու ատելության թույնը հեղվում է ամբողջ աշխարհում:images

ԷՄԻԼ ՍԻՈՐԱՆ

23 Հկտ

Ի մի բերելով մեր անցած ուղին` ստորացման զգացումով արձանագրում ենք, որ չենք ունեցել այն անհաջողությունները, որոնց արժանի էինք, որոնց հույսն ունեինք իրավացիորեն…

Որքան էլ անպատրանք լինես` անհնար է ապրել առանց հույսի: Միշտ մի հույս պահում ես` առանց ինքդ քեզ հաշիվ տալու դրա մասին, և այդ չգիտակցված հույսը փոխարինում է բոլոր այն ձևակերպված հույսերին, որոնք մերժել ես կամ սպառել…emil-michel-cioran3

ՉԱՐԵՆՑ ԵՎ ԶԱՎԱՐՅԱՆ

23 Հկտ

Ինչպես հայտնի է, 1920 թ. հունվարի 1-ին Եղիշե Չարենցը նախարար Նիկոլ Աղբալյանի հրամանով նշանակվեց Հանրային կրթության և արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով կոմիսար: Այս շրջանի նրա գործունեությունը դեռևս ամբողջապես ուսումնասիրված չէ: Սակայն մի փոքրիկ դրվագի մասին արժե այսօր հիշատակել:

Արխիվային ֆոնդերում պահպանվել է գրությունների մատյան, որտեղ 1920 թ.  հունիսի 3-ին կատարվել է հետևյալ գրառումը. «Արտաքին գործոց մինիստր պ. Համազասպ Օհանջանյանին պահանջ. N2181 չեզոք շրջանի Այգահատ գյուղի  Սիմէոն Զավարյանի անունով դպրոցի տնտեսական ծախքերը հոգալու համար: Գումարը՝ 2400 ռ.»: Այս գրության դիմաց շեղ, անբնորոշ թեքությամբ գրված է. «Չարենց»:

Ի՞նչ կրող է սա նշանակել: Հայտնի է, որ պաշտոնի բերումով Չարենցը շատ անգամներ գործուղվում էր տարբեր բնակավայրեր` այս կամ այն հանձնարարությունը կատարելու համար: Սրա հետ մեկտեղ նախարարության տարեկան աշխատանքային ծրագրում կարդում ենք. «Հանրային կրթության և արվեստի մինիստրությունը պարտականություն է համարում հոգալ այն ծնողազուրկ զավակների մասին, որոնց ծնողները զոհ են գնացել պատերազմի դաշտում Հայաստանի ազատագրական պայքարին: 1920  ուսումնական տարվա ընթացքում պետական գանձարանի հաշվին ձրի դասական պիտույքներ մատակարարել կամավորների, զինվորների, սպաների, բժիշկների և գթության քույրերի զավակներին, որոնց ծնողները զոհ են գնացել  պատերազմի դաշտում սկսած 1914 թ. սեպտեմբերի 1-ից»:

Չեզոք գոտու Այգահատ գյուղը նախկին Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառում գտնվող Այգեհատ բնակավայրն է, հետագայում Թումանյանի շրջանի Դանուշավան գյուղը: Հենց այդ գյուղում է ծնվել հասարակական-քաղաքական գործիչ Սիմոն Զավարյանը: Պետք է ենթադրել, որ հենց Չարենցին է վստահվել Զավարյանի անվան դպրոցին օգնություն ցուցաբերելու գործը:pizap.com13825297587281

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

22 Հկտ

Ես երբեք չեմ հավատացել ինքնանպատակ ճշմարտության ուժին: Բայց արդեն մեծ բան է նշանակում գիտենալ, որ հավասարազոր ուժերի դեպքում ճշմարտությունը տանում է հաղթանկ ստի նկատմամբ: Մենք հասել ենք այդ դժվար հավասարակշռությանը և այսօր պայքարում ենք` հիմք ունենալով այդ նրբերանգը: Նույնիսկ համարձակվում եմ ասել, որ ուղղակի կռվում ենք հանուն նրբերանգների, այն նրբերանգների, որոնք կարևոր են, ինչպես մարդը: Կռվում ենք հանուն այն նրբերանգի, որը տարանջատում է զոհաբերությունը միստիկականությունից, եռանդը` բռնությունից, ուժը` դաժանությունից հանուն դեռևս շատ թույլ դրսևորվող այն նրբերանգի, որը զատում է կեղծը ճշմարիտից, մարդուն, որի հետ հույսեր են կապում` թուլամորթ աստվածներից, որոնց մեծարում եք դուք…albert-camus

ԳԻԼԲԵՐՏ ՉԵՍՏԵՐՏՈՆ

22 Հկտ

Մարդը երբեք լավը չի լինի, քանի դեռ չի հասկացել, թե որքան վատն է ինքը կամ որքան վատը կարող էր դառնալ, քանի դեռ չի հասկացել, թե որքան քիչ իրավունք ունի քմծիծաղել կամ դատողություններ անել «հանցագործների» մասին, կարծես թե այդ կապիկներն ինչ-որ տեղ` հեռավոր անտառում են, քանի դեռ նա չի դադարել այդպես նողկալի ձևով խաբել ինքն իրեն, այդպես հիմարաբար խոսել «ցածրագուն տիպի» և «արատավոր գանգի» մասին, քանի դեռ նա չի քամել իր հոգուց փարիսեական ձիթայուղի վերջին կաթիլը, քանի դեռ հույս ունի հալածել մեղսավորին և ծածկել նրան ցանցով, ինչպես միջատի:

Եթե դու չափազանց հպարտ ես, որպեսզի պայքարես, ստիպված ես պայքարել հեզությամբ:gkc2

ԱՆԴՐԵ ԺԻԴ

21 Հկտ

Ճշմարիտն ասած, «թախիծ» բառը չափազանց թույլ է, որպեսզի արտահայտի այն անամոք հուսահատությունը, որով ես համակված էի: Այն պարփակում է ձեզ հանկարծահաս, նա անկանխատեսելի է: Դեռ մեկ րոպե առաջ բոլորը ժպտում էին ձեզ, և դուք էիք ժպտում բոլորին, ու հանկարծ հոգու խորքից դուրս է հորդում մռայլ ծուխը` տարանջատելով ցանկությունն ու կյանքը, վերածվելով մեռյալ-գունատ քողի, որ բաժանում է ձեզ մնացյալ աշխարհից, որի ջերմությունը, սերը, գույները, ներդաշնակությունը այժմ ձեզ են հասնում բեկբեկված, վերափոխված աբստրակտային վիճակի: Դուք ընդունակ եք նկատել դրանք, սակայն չեք հուզմունք չեք ապրում: Զուր ջանքերը, որոնք ուղղված են հաղթահարելու հոգին մեկուսացնող այդ քողը, կարող են ձեզ մղել ցանկացած հանցագործության, սպանության կամ ինքնասպանության, հասցնել խելագարության…

«Իզաբել» գրքիցAndre-Gide

ՊԱՅԹՅՈՒՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ

21 Հկտ

1958 թվականի սեպտեմբերի 2-ին Սասնաշեն գյուղի երկնքում ուժգին պայթյուն որոտաց: Փողոց դուրս եկած բնակիչները ամպերից ցած նկատեցին այրվող ինքնաթիռը և նրա շուրջը պտույտներ գործող կործանիչների: Լսվում էին նաև կրակոցի ձայներ: Իսկ հետո հսկայական մետաղե թռչունը ներքև սուրաց ու ջախջախվեց մոտակա դաշտերում: Այգիներում աշխատող մարդիկ շտապեցին դեպի աղետի վայրը` հուսալով, որ դեռ կկարողանան ինչ-որ մեկին օգնել: Բայց ամեն ինչ արդեն անօգուտ էր: Մինչ սարսափած գյուղացիները փորձում էին հասկանալ, թե ինչ կարող էր պատահած լինել, Սասնաշեն ժամանեցին պետական անվտանգության աշխատակիցներն ու զինվորականները: Երկնքում երկար ժամանակ հերթապահում էին ռազմական կործանիչները: Տեղանքն անմիջապես շրջափակվեց: Դեպքի վայրը մանրակրկիտ հետազոտելուց հետո համազգեստավոր «հյուրերը» գյուղացիներին խստագույնս պատվիրեցին ոչ մեկին ոչինչ չասել կատարվածի մասին: Այդ լռությունը պիտի ձգվեր մի քանի տասնամյակ…25aa382572e9e7611b87617d00db2187

1990-ականների սկզբին, երբ բացվեցին գաղտնի արխիվները, բազում այլ նյութերի շարքում հայտնվեցին առաջին տեղեկությունները «Սասնաշենյան միջադեպի» մասին: Խոսեցին նաև ականատեսները, և հետզհետե գծագրվեց դրամատիկ իրադարձությունների այն ողջ շղթան, որ եզրափակվեց ողբերգական պայթյունով:

Եվ այսպես, 1958 թ. սեպտեմբերի 2-ի առավոտյան Թուրքիայի Ինջիրլիկ ավիաբազայից երկինք բարձրացավ ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող լրտեսական C-130A ինքնաթիռը: Այն ուղղություն վերցրեց դեպի թուրք-սովետական սահմանը: Ռադիոլոկացիոն կայանները ժամը 15 անց 06 րոպեին պետական սահմանի խախտում արձանագրեցին Լենինականի հատվածում, 10 հազար մետր բարձրության վրա: Սահմանախախտին որսալու համար անմիջապես Երևանից և Լենինականից օդ բարձրացան հերթապահություն իրականացնող չորս ՄԻԳ-17 կործանիչներ: Սկզբում նրանք փորձում էին լրտես-ինքնաթիռին ստիպել` գնալ վայրէջքի: Սակայն վերջինս չէր պատասխանում ազդանշաններին: ՄԻԳ-երից մեկը լուսարձակ փամփուշտներով նախազգուշական կրակ բացեց: Դրանից հետո ամերիկյան «Հերկուլեսը» պտույտ կատարեց և այս անգամ սկսեց թռչել դեպի Երևան: Ավելի ուշ ռազմական փորձագետները պիտի արձանագրեին, որ այդ քայլով անկոչ հյուրերը իրենց համար մահվան դատավճիռ կայացրեցին: Բանն այն է, որ ԶՈՒ հրամանատարական կետում թռիչքի ուղղության փոփոխությունը գնահատվեց ոչ այլ կերպ, քան իրական վտանգ մայրաքաղաքի համար: Եվ այդ ժամանակ հրաման տրվեց ամեն գնով ոչնչացնել սահմանախախտ ինքնաթիռը: Լենինականից 44 կիլոմետր հարավ` Սասնաշեն գյուղի մերձակայքում ՄԻԳ-երը կրակ բացեցին: Խոցված ինքնաթիռն ընկավ բնակավայրից 200 մետր հյուսիս: Զոհվեց 17 հոգի, այդ թվում` անձնակազմի 6 անդամներ և հետախուզական համակարգի 11 օպերատորներ:pVceu4FuRkE

Մի քանի օր անց ԽՍՀՄ Արտաքին գործերի մինիստրությունը Միացյալ Նահանգների իշխանություններին բողոքի նոտա հղեց, ուր մասնավորապես ասվում էր, որ ինքնաթիռի անկման վայրում հայտնաբերվել են միայն անձնակազմի 6 անդամների մարմինները և որ պատրաստ են բավարարել ամերիկյան կողմի խնդրանքը` զոհվածների աճյունները հանձնել հարազատներին: Միաժամանակ կատարվածը գնահատվում էր իբրև միտումնավոր պրովոկացիա:

Այս պատմությունը` խաղարկված «սառը պատերազմի» կանոններով և ունենալով նույնպիսի վախճան, ինչպես իր նախորդները, չէր կարող անհետևանք մնալ: Մարդիկ, ովքեր դեռ նոր էին թոթափել անցած պատերազմի ծանր բեռը ու խորհրդային պրոպագանդայի պայմաններում ամեն օր լսում էին «իմպերիալիզմի կամակատար» Թուրքիայից սպառնացող վտանգի մասին, հենց թուրքական կողմից եկած օդանավի հայտնության մեջ վատ նախանշաններ էին տեսնում:

Հատկանշական է, որ ամերիկյան կողմն էլ ամեն կերպ խուսափում էր պատասխանել այն հարցին, թե իր ինքնաթիռն ի՞նչ էր փնտրում Հայաստանի տարածքում: Շրջանառության մեջ դրվեց մի վարկած, համաձայն որի Ադանայից Տրապիզոն, իսկ այնուհետև Վան թռչող ինքնաթիռը պարզապես մոլորվել և թյուրիմացաբար էր հատել ԽՍՀՄ սահմանը: Սակայն նման վարկածին հավատալու որևէ հիմք չկար թեկուզ այն պատճառով, որ հիշյալ դեպքից ընդամենը երկու ամիս առաջ, իսկ ավելի ճիշտ` 1958 թ. հունիսի 27-ին ամերիկյան մեկ այլ` C-118 «Liftmaster» տիպի լրտեսական ինքնաթիռ Երևանից 30 կմ. հարավ դարձյալ մուտք էր գործել Հայաստանի օդային տարածք, և միայն սահմանապահ ինքնաթիռները ստիպեցին նրան վայրէջք կատարել դաշտային օդանավակայանում: Լրտեսներից ոմանք օգտվեցին պարաշյուտներից, մյուսները ձերբակալվեցին տեղում: Իսկ եթե հավելենք նաև, որ 1950-83 թթ. ԽՍՀՄ տարածքում ոչնչացվել է 27 «մոլորված» լրտեսական ինքնաթիռ, իսկ 60-ին հարկադրել են վայրէջք կատարել, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա:c130rh53

Բայց արի ու տես, որ նույնիսկ այս պարագայում ամերիկյան կողմը չէր զլացել որոշակի հերոսականության երանգներ հաղորդել իր օդաչուների արարքին` պնդելով, թե անկման պահին անձնակազմն ամեն բան արել էր, որ ինքնաթիռը չընկներ Սասնաշեն գյուղի տների վրա: Ի դեպ, որոշ ականատեսներ հետագայում պնդում էին, որ ինքնաթիռի բեկորների մեջ նրանց հաջողվել է գտնել մեծ քանակությամբ թանկարժեք ժամացույցներ և ոսկեղեն, ինչը միամիտ գյուղացիներին հիմք էր տվել ենթադրելու, թե իբր օտար ինքնաթիռը հումանիտար բեռ էր տեղափոխում…

Ինչևէ, անցան տարիներ և, ինչպես պատահում է սովորաբար, այս անգամ էլ հայերը բոլորից առաջ ընկան ու ինքնաթիռի վթարի վայրում հուշակոթող կանգնեցրին: Կոթողի վրա փորագրված էին մտքեր ազատության ձգտումների մասին: Թե 1958-ի սեպտեմբերին կատարված իրադարձություններից հատկապես ո՞րն էր միտված ազատության ձեռքբերմանը, դժվար է ասել: Իսկ 1993-ին Հայաստան ժամանեցին ամերիկյան բանակի ներկայացուցիչները: Նրանք պեղումներ կատարեցին վթարի վայրում, հայտնաբերեցին մյուս 11 հոգու մնացորդները, ինչպես նաև անձնական իրեր: Պատահարից ճիշտ 40 տարի հետո 1998 թ.  սեպտեմբերի 2-ին զոհվածները թաղվեցին Վերջինիայում` Առլինգտոնի գերեզմանատանը:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆusairmen

ՌԻՉԱՐԴ ՕԼԴԻՆԳՏՈՆ

20 Հկտ

Մի մտածիր, թե դու կարող ես լինել կատարելություն. դա անհնար է: Կոփիր ինքդ քեզ, քո բնավորությունը, որպեսզի երբ վրա հասնի փորձությունը,- իսկ դա անխուսափելի է,- դու կարողանաս նրան դիմավորել ինչպես իսկական տղամարդ: Թույլ մի տուր, որ քեզ մոլորեցնեն ծեծված ճշմարտություններով ու բարձրագոչ ֆրազներով: Ճամփորդիր, ճանաչիր աշխարհը, ծանոթացիր մարդկանց հետ, ինչ-որ բանի վրա աշխատիր, որը քեզ հետաքրքրում է, սիրահարվիր, արա հիմարություններ, եթե այդպես է վիճակված, բայց այդ բոլորն արա ներշնչանքով: Ամենակարևորը` կյանքն ապրիր ճաշակով: Հնարավոր է` մեզ ևս մի կյանք է սպասվում: Բայց որպեսզի վաստակենք այն, պետք է պարպենք այս կյանքն ամբողջովին, վերցնենք նրանից այն ամենն, ինչ հնարավոր է: Վախեցիր անգույն ճակատագրից:literature05

ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ

19 Հկտ

Խեղճ մարդիկ: Նրանք ինձ մոտ ոչ թե արհամարհանք են հարուցում, այլ անսահման խղճահարություն: Մարդկային կեցության բոլոր գաղտնիքներից ես կարողացա գուշակել մեկը. կյանքում ամենից շատ մենք տառապում ենք հավերժական միայնությունից, և մեր բոլոր արարքները, մեր բոլոր ջանքերն ուղղված են այն բանին, որ փախչենք դրանից: Եվ նրանք, այդ սիրեկանները, որ օթևանում են բաց երկնքի տակ դրված նստարաններին, մեզ պես, բոլոր կենդանի արարածների պես ձգտում են գոնե մեկ ակնթնարթ իրենց չզգալ միայնակ: Սակայն նրանք, ինչպես և մենք, միշտ եղել են ու կլինեն միայնակ: Ոմանք դա ուժգին են զգում, մյուսները` թույլ. ահա և ողջ տարբերությունը: Ինչ էլ մենք անենք, ինչքան էլ դեսուդեն նետվենք, որքան էլ կրքոտ լինի մեր սրտի մղումը, շուրթերի կոչն ու գրկախառնության ավյունը, մենք մշտապես միայնակ ենք…1352460029_1

ԻՎԱՆ ԻԼՅԻՆ

18 Հկտ

Հավատարիմ լինելու համար պետք է ինչ-որ բան սիրել: Այսինքն, անհրաժեշտ է ընդհանրապես սիրել կարողանալ, հատկապես անբաժանելի` ամբողջական սիրով: Հենց այդ սերն էլ առանձնացնում է մարդուն: Այդ սերը նրան կապում է իր սիրելի արժեքների հետ, և հավատարմությունն այս դեպքում նվիրվածությունն է արժեքներին: Ով ոչինչ չի սիրում, նա անդադրում է, պարապ թրևող, ոչնչին հավատարիմ չէ,  ամեն բան հանձնող է: Ով իսկապես սիրում է, նա «այլ կերպ չի կարող». նրա մեջ տիրապետում է ներքին օրենքը, սուրբ անհրաժեշտությունը: Այնպես չէ, որ այդ անհրաժեշտությունը նրա համար ծանրություն է կամ կախման մեջ է պահում: Ոչ, բայց նա այլ կերպ չէր էլ փափագի ու չէր կարող: Այդ անհրաժեշտությունը նա ընկալում է իբրև իր կողմից ընտրված ու ցանկալի մի բան` ինչպես ինքնորոշումը, ինչպես ճշմարիտ ազատությունը: Դա նրա համար թեթև է և բնական: Ու նա կրում է իր հավատարմությունը որպես իր կյանքի միակ և բնական հնարավորություն…hvme-JnWzow

ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ

17 Հկտ

Կանայք. ինձ դուր են գալիս նրանց զգեստների գույները, այն, թե ինչպես են նրանք քայլում: Ոմանց դեմքերին խստություն կա: Ժամանակ առ ժամանակ` զտարյուն գեղեցկություն որևէ դեմքի վրա, բացարձակ, պաղեցնող կանացիությամբ: Նրանք կարողանում են այդ բանը անել մեզ հետ: Նրանք շատ ավելի լավ են ծրագրեր կազմում և ավելի կազմակերպված են: Մինչ տղամարդիկ ֆուտբոլ են դիտում, կամ գարեջուր են խմում, կամ թրև են գալիս կեգելբաններում, նրանք` այդ կանայք, մտածում են մեր մասին, կենտրոնանում են, ուսումնասիրում են, որոշում են` ընդունել մեզ, դեն նետել, փոխանակել, սպանել կամ պարզապես լքել: Եվ արդյունքում, հազիվ թե դա նշանակություն ունի, ինչ էլ նրանք անեն, մենք ավարտում ենք միայնակությամբ և խեղահեղությամբ:buk6

ԿՈՐՐԻ ԹԵՆ ԲՈՈՄ

16 Հկտ

Ի՞նչն է մեզ ամենաուժգին ցավը պատճառում: Սերը: Սերն ամենասարսափելի ուժն է աշխարհում, և եթե այն չի հանդիպում պատասխան զգացումի, ապա մեզ ստիպում է տառապել: Երբ դա կատարվում է, պետք է երկու բան անել: Կարելի է սպանել սեփական զգացումը, սակայն այդ դեպքում կսպանվի նաև մեզնից մի մասնիկ: Կամ էլ, Կորրի, կարելի է Տիրոջից խնդրել` մեկ այլ ճանապարհ բացել այդ սիրո համար: Եվ եթե դու խնդրես նրան, նա քեզ սեր կտա, որին այլևս ոչինչ չի կարող ոչնչացնել: Երբ մենք չենք կարողանում սիրել` այդ բառի սովորական իմաստով, Կորրի, Տերը մեզ կարող է տալ մեկ ուրիշ հրաշալի միջոց… Երջանկությունը պայմանավորված չէ մեր շրջապատով: Երջանկությունն այն է, ինչը մենք ստեղծում ենք մեր սրտում:

«Օթևանը» գրքիցCorrie-ten-Boom

ԻՎԼԻՆ ՎՈ

15 Հկտ

Մարդիկ կյանքի զանազան ծրագրեր են կազմում և մտածում են, որ պարտավոր են ներգրավվել այդ խաղի մեջ, եթե նույնիսկ դա իրենց սրտով չէ: Մինչդեռ խաղը ոչ բոլորի համար է նախատեսված… Մարդիկ չեն տեսնում, որ «կյանք» բառի ներքո երկու տարբեր բաներ են ենթադրվում: Նախ և առաջ, դա պարզապես կեցություն է` իր բոլոր կարգի ֆիզիոլոգիական հետևանքներով, աճով ու օրգանական փոփոխություններով: Դրանից ոչ մի տեղ չես փախչի, նույնիսկ անհայտություն: Բայց այն պատճառով, որ կեցությունն անխուսափելի է, մարդիկ հավատում են, որ անխուսափելի են նաև մնացածը` մագլցումը, վազվզուքը, կործանումը, կենտրոնին հասնելու ձգտումը: Իսկ երբ ընկնում ենք այնտեղ` պարզվում է, որ մենք չենք էլ բարձրացել այդ անիվի վրա:
Ոչինչ, ըստ էության, մեզ չի պատկանում, բացի անցյալից:037

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՎ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ. ՄԻԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

13 Հկտ

Կուբայական հեղափոխությունից հետո հայ նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն առաջիններից մեկն էր, ով խորհրդային պատվիրակության ոչ մեծ կազմի հետ հյուրախաղերով մեկնեց Ազատության կղզի: Այդ ուղևորության մեջ քաղաքական ենթատեքստն ակնհայտ էր, բայց ոչ նրա համար: 1960 թ. փետրվարին Հավանայում Խաչատրյանը ներկայացրեց իր Երկրորդ սինֆոնիան: Նա նաև խմբավարն էր: Ելույթի հաջողությունը մեծ էր: Հանդիսատեսը բուռն ծափերով ողջունեց հայ երգահանին, իսկ դահլիճից ստացած բազում երկտողերի թվում կար նաև այս մեկը. «Դուք երկու հրաշք գործեցիք: Առաջինը ձեր սինֆոնիան էր, երկրորդն այն, թե ինչ արեցիք նվագախմբի հետ»: Երկտողի հեղինակը աշխարհահռչակ ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի կինն էր` Մերի Ուելշը:

Հեմինգուեյի գրչով հիացած և նրա ստեղծագործություններին լավ ծանոթ կոմպոզիտորի համար նման մեկից  գովասանքի խոսքեր լսելը պիտի որ կրկնակի հաճելի լիներ: Սակայն ամենամեծ անակնկալը` արվեստի երկու հզոր ներկայացուցիչների հանդիպումը, դեռ առջևում էր:

Պետք է ենթադրել, որ հենց Մերիի նախաձեռնությամբ էլ հնարավոր է դարձել Խաչատրյանի, նրա կնոջ` Նինա Մարկովնայի և Հեմինգուեյի տեսակցությունը: Այս վարկածն անուղղակիորեն հաստատում է նաև  նշանավոր խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի որդին` Սերգոն, ով նույնպես այդ օրերին հոր հետ գտնվում էր Կուբայում: Իր հուշերում գրում է. «…Այլ նվերների շարքում մենք Հեմինգուեյին տարել էինք նաև մի շիշ ռուսական օղի: Եվ զարմանքով նրա սեղանին նկատեցինք ճիշտ այդպիսի մի շիշ, բայց արդեն բացված:1960 kuba

— Մի քանի օր առաջ ես իմացա, որ Հավանայում է գտնվում հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը,- ասաց նա:- Մենք նրան հրավիրեցինք մեզ մոտ: Ճաշի սեղանի շուրջ հետաքրքիր զրույց ունեցանք: Նա և իր կինը մեզ շատ դուր եկան: Ես սիրում եմ նրա երաժշտությունը: Հենց Խաչատրյանն էլ ինձ թողեց այս շիշը»:

Հիշյալ հանդիպման ականատեսներից մեկն էլ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Կուզմիշևն էր: Հեմինգուեյին հյուրընկալելիս նա ընկերացել է Խաչատրյանին:

Այդ տարիներին ամերիկացի գրողը բնակվում էր Հավանայից ոչ հեռու գտնվող «Լա Վիխիա» առանձնատանը: Այստեղ էր նա ընդունում հազարավոր երկրպագուների, որոնք ժամանում էին աշխարհի տարբեր անկյուններից: Խաչատրյանի հյուրընկալումն առավել քան ջերմ էր: Սկզբում, համաձայն ամերիկյան ավանդույթի, տանտերերը նրանց ուղեկցել են եռահարկ շինության բոլոր հարկաբաժիներով: Կուզմիշևն իր հուշերում պատմում է. «Խաչատրյանը շատ համեստ մարդ էր, և անկեղծ զարմանքով պարզեց, որ «Լա Վիխիայի» տանտերը պաշտում է իր երաժշտությունը»: Սակայն սա դեռ բոլորը չէր: Պարզվել է, որ Հեմինգուեյն ունեցել է Խաչատրյանի երաժշտության ձայնագրությունների հավաքածու` շուրջ 15 ձայնասկավառակներ ու մագնիտոֆոնային ժապավեններ:

«Հեմինգուեյը բառացիորեն ցնցեց Արամ Իլյիչին, երբ առանձնակի բարեկամական և հարգալից շարժումով հյուրասենյակի պահարաններից մեկում ցույց տվեց մագնիտոֆոնային ձայներիզները և ասաց. «Սրանք ձեր երաժշտություններն են, մաեստրո»:

— Իսկ ինչու՞ են դրանք այստեղ,- ակնհայտորեն հանկարծակիի եկած այն փաստից, որ Հեմենգուեյի մոտ կան իր ստեղծագործությունների ձայնագրությունները, շփոթված հարցրեց Խաչատրյանը:

Բոլորը, բացի կոմպոզիտորից, բնականաբար, ծիծաղեցին: Իսկ նա, շարունակելով տարակուսել, երկու-երեք անգամ հարցրեց. «Այստեղ ի՞նչ կա ծիծաղելի: Ինչու՞ եք ծիծաղում»: Պետք էր ճանաչել Արամ Իլյիչի համարյա մանկական անկեղծությունը` հասկանալու համար, որ խոսքը մեծ արվեստագետի սեթևեթանքի մասին չէ, այլ միանգամայն բնական ռեակցիայի. « Ինչպե՞ս թե, Նոբելյան մրցանակակիր, համարյա երկնային արարած, իսկ ես նրա համար մաեստրո՞ եմ»:

Երկու մեծերի հանդիպման մասին կա ևս մի վկայություն, որը գրառել է հայազգի ճանաչված գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը: Նա իր «Սոլո ունդերվունդի համար» ստեղծագործության մեջ մի այսպիսի դրվագ է նկարագրել. «Խաչատրյանը եկավ Կուբա: Հանդիպեց Հեմինգուեյին: Պետք էր ինչ-որ կերպ բացատրվել: Խաչատրյանն անգլերենով ինչ-որ բան ասաց: Հեմինգուեյը հարցրեց.

— Դուք խոսու՞մ եք անգլերեն:

Խաչատրյանը պատասխանեց.

— Մի քիչ:

— Ինչպես և մենք բոլորս,- ասաց Հեմինգուեյը»:

Հետաքրքրական է, որ նույն Սերգո Միկոյանը պնդում է, թե այս երկխոսությունը տեղի է ունեցել իր հետ, մինչդեռ Դովլաթովն առանց հիմքի այն վերագրել է Խաչատրյանին:

Ամեն  դեպքում, անկախ այն բանից, թե ում անգլերենի իմացության մասին է խոսել Հեմինգուեյը, դա չի խանգարել անկեղծ ու անմիջական երկխոսությանը: Ներկաների վկայության համաձայն, ճաշի ժամանակ նրանք զրուցում էին գրականության, երաժշտության, Կուբայի, Ռուսաստանի և Իսպանիայի` Հեմինգուեյի հավերժական սիրո մասին: Հաճելի էր փաստելը, որ բազմաթիվ հարցերում նրանք համակարծիք էին: Եվ դա զարմանալի չէր: Երկուսի համար էլ գնահատելին համամարդկային արժեքներն էին, որոնք չեն ճանաչում սահմաններ, ժամանակ և քաղաքականություն:

Որպես հիշատակ իրենց առաջին հանդիպումից, նրանք լուսանկարվել են առանձնատան բակում աճող նշանավոր սեյբա ծառի մոտ: Իսկ հրաժեշտի ժամանակ տանտերն առաջնորդվել է կուբայական ավանդույթներով, որտեղ տղամարդիկ երկար իրար ձեռք են թոթվում, իսկ կանայք ողջագուրվում են:

Ասում է, որ երբ մեկ ամիս անց Հեմինգուեյին այցելել են խորհրդային մեկ այլ պատվիրակության անդամներ, գրողը նրանց հյուրասիրել է Խաչատրյանի նվիրած հայկական կոնյակով և հիշել, որ Խաչատրյանն այն հանձնելիս առանձնակի հպարտությամբ շեշտել էր. «Երևանից է»:

Դժվար էր հավատալ, որ այս հանդիպումից մեկ տարի անց ամուր, կենսախինդ, նորանոր ծրագրեր նախագծող Էռնեստ Հեմինգուեյը պիտի ինքնասպան լիներ:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆernest-hemingway-anastas-mikoian-1959-cuba1