Պահոց | 2:16 ե.

ԲԵՆ (Բենժամեն Վոտիե)

20 Դկտ

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
1961- Իմ ստեղծագործությունների ոչնչացումը որպես արվեստի գործ:
1962- Տասնհինգ օր ապրել ցուցասրահի ցուցափեղկում (ցուցասրահ Ուան, Լոնդոն):
1965- Նկարել մի կտավ հետևյալ տեքստով. «Սա իմ վերջին կտավն է», այլևս երբեք չնկարել:
1966- Ամեն անգամ, երբ մի նկարիչ մեռնում է, մյուս նկարիչներին ուղարկել մի փոքրիկ բացիկ հետևյալ մակագրությամբ. «Ուֆ, մեկն էլ պակասեց»:
1966- Այնտեղ, ուր պետք է կախված լինի իմ նկարը, փակցնել մի թուղթ` «Բենի կտավը չկա» մակագրությամբ:
1967- Մեկին ժամադրելիս նրան սպասեցնել` ուղարկելով երկտող. «Բենին սպասելն արվեստ է»:
1968- Ինձ սպանել 1992 թ. հոկտեմբերի 8-ին: (Տարեթիվը ընտրված է պատահական):
1970- Բարեխղճորեն ավլել մի փողոց: Իրագործված է Նիցցայում և Մոնպելինում:

Եվս մի ցնցում թուրքերի համար

20 Դկտ

Արդեն մի քանի օր է` մեկը մյուսին հակասող տեղեկատվություններ են տարածվում այն մասին, որ մինչև տարեվերջ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը: Այս տարվա գարնանն էր, երբ Ադամ Շիֆի և հայամետ մյուս կոնգրեսականների հեղինակած թիվ 252 բանաձևը հավանության արժանացավ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Սակայն, ինչպես հայտնի է, այն այդպես էլ լիագումար նիստ չմտավ` ոչ առանց Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական խմբակցության «ջանքերի», որոնք տևական ժամանակ ուղղակի անտեսեցին և քննարկումից դուրս թողեցին հարցը: Իսկ փաստաթուղթն առհասարակ կարող է իր ուժը կորցնել արդեն եկող ամիս, երբ պալատի վերահսկողությունը կստանձնեն հանրապետականները:
Այս ամենը հաշվի առնելով`դեկտեմբերի սկզբին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու մյուս հայկական կազմակերպությունները կոչ արեցին պալատի խոսնակ Նենսի Փելոսիին` մինչև Կոնգրեսի ներկայիս կազմի լիազորությունների ավարտը ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը քվեարկության դնել Պալատի լիագումար նիստում: Մյուս կողմից այդ քայլը պիտի որ բարոյական գործոնի դեր էլ խաղար` Փելոսիին հնարավորություն տալով իր պաշտոնավարման ժամկետն ավարտել առանց կիսատ թողած գործերի: Կոնգրեսում ուժերի հարաբերակցությունը դեռևս կարել է գնահատել նպաստավոր: Այս պահի դրությամբ պալատում բանաձևին պաշտոնապես աջակից կոնգրեսականների թիվը հասնում է 150-ի, թեև իրականում հայկական հարցին զորակցողների ու համակրողների թիվը շատ ավելին է: Իսկ օրինագծի ընդունման համար անհրաժեշտ է 218 քվե: Դիտարկումները ցույց են տալիս, որ դրական արդյունքի հասնելն այնքան էլ անհավանական բան չէ: Ամեն դեպքում, ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը համոզված է, որ եթե հարցը դրվի քվեարկության, այն անպայման կընդունվի:
Այս լավատեսությունը որևէ կերպ չեն կիսում Հայաստանում: Գուցե թե նախկին հիասթափություններն այստեղ իրենց կնիքն են դրել, և դա է պատճառը, որ Երևանում կարծում են, թե հաջողության հասնելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ` հորդորելով մեծ նշանակություն չտալ Կոնգրեսում բանաձևի ընդունմանը, քանի որ այն ձևական բնույթ է կրում: Կա նաև մեկ այլ ազդեցիկ պատճառ: Խոսքը հակազդեցության մասին է: Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ Պետդեպարտամենտը սպասվող նախաձեռնությանն արձագանքել է միանշանակ. «Մենք տեղյակ ենք Պալատի հնարավոր թիվ 252 բանաձևի մասին և մենք խիստ դեմ ենք այդ բանաձևին: Մենք շարունակում ենք հավատալ, որ Թուրքիայի ու Հայաստանի համար իրենց ընդհանուր անցյալին անդրադառնալու լավագույն ուղին հարաբերությունները կարգավորելու ջանքերն են»,- ասել են այդ գերատեսչությունից: Ինչպես իրավացիորեն նկատում է Associated Press գործակալությունը, նման քվեարկությունը հարված կինի նախագահ Բարաք Օբամային իր կուսակիցների կողմից, քանի որ բանաձևը կարող է վնասել կարևոր դաշնակից Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները:
Թուրքերի և ամերիկացիների համար տագնապելու հաջորդ դրդապատճառն էլ այն է, որ Անկարա-Թել Ավիվ հարաբերությունների`վերջին ամիսների սրման համատեքստում հավանական է համարվում ԱՄՆ-ում հրեական լոբբիի աջակցությունը բանաձևի ընդունմանը: Եվ ոչ միայն նրանք: «Հայկական, հրեական, քրդական ու սիրիական լոբբիներն ԱՄՆ-ում կարող են միավորվել ընդդեմ Թուրքիայի»,- ոչ առանց հիմքի այս օրերին ահազանգում էր «Hurriyet Daily News» պարբերականի թուրք թղթակիցը:
Բայց թուրքական կողմը ևս ձեռքերը ծալած չի նստել: Հայերի նախաձեռնությանն առաջինը արձագանքեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը՝ կոչ անելով ամերիկյան հասարակությանը ողջախոհություն ցուցաբերել։ Նրան միացան Միացյալ Նահանգներում գործող 250 թուրքական կազմակերպություններ: Ներկայացուցիչների պալատին թիվ 252 բանաձևը չընդունելու պահանջով դիմեցին Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիան և Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեան։ Վերջիններս սպառնացին, որ ցեղասպանության բանաձևի ընդունման արդյունքում, «ինչն ուղղված է Թուրքիային և մուսուլմաններին դատապարտելուն», Միացյալ Նահանգները տարածաշրջանում կկորցնի իր հեղինակությունը։ Նկատենք, որ Անկարան հեշտորեն իր մեղքը փորձում է բարդել նաև ամբողջ մուսուլմանական աշխարհի վրա և այնուհետև վերջինից պահանջում աջակից դառնալ իրեն:
Ի դեպ, սպառնալիքներով խոսելու մարտավարությունը ամերիկաբնակ թուրքերն անկասկած յուրացրել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուից, ով այս օրերին հապշտապորեն հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ խնդրելով ամեն ինչ ձեռնարկել բանաձևի կանխարգելման համար։ «Ես բացեիբաց նշեցի, որ հայկական բանաձևի օրակարգ գալը լրջորեն կվնասի մեր թուրք-ամերիկյան հարաբերություններին»,- տեղեկացրեց նա լրագրողներին, իսկ այն հարցին, թե բանաձևը ընդունվելու դեպքում Թուրքիայի արձագանքը ինչպիսի՞ն կլինի, Դավութօղլուն պատասխանեց. «Այդ ժամանակ աշխարհը կտեսնի Թուրքիայի արձագանքը, սակայն հույս ունեմ, որ նման բան չի լինի»։
Առայժմ դժվար է ասել, թե մոտակա շաբաթների ընթացքում աշխարհն էլ ինչեր կարող է տեսնել: Հայտնի է միայն, որ Կոնգրեսն իր այս կազմով կաշխատի մինչև դեկտեմբերի 21-ը: Չի բացառվում, որ բանաձևը լիագումար նիստի օրակարգ ընդգրկվի հենց վերջին օրը: Մյուս կողմից էլ օրակարգում կան նաև բազմաթիվ այլ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նույնպես պետք է անպայման քննարկվեն, և այս հանգամանքը հնարավոր է դարձնում Կոնգրեսի աշխատանքները մի քանի օրով երկարաձգելու հեռանկարը, ինչը ևս կարող է նպաստել, որպեսզի հայկական բանաձևն այդ օրերի ընթացքում ներառվի օրակարգ։ Սակայն եթե նույնիսկ դա չհաջողվի, այս փոքրիկ ցնցումն էլ քիչ չի լինի թուրքական կողմի համար: Ի վերջո, յուրաքանչյուր դեպք հիշեցում է այն մասին, որ հատուցման խնդիրը եղել ու մնալու է նրանց գլխավերևում դամոկլյան սրի պես կախված:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

20 Դկտ

Ես միշտ զարմանում եմ, թե այդ ինչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…
Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել, շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին` չի ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի: Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել: Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում… Չի կորչում… Դա ինձ միշտ փրկել է… Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի:
Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:
Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:

ՅՈԹՔԱՐ

20 Դկտ

Մեծ ու փոքր քարերը հատիկ-հատիկ, մատների ծայրերով զգույշ բռնած, կշարես իրար վրա: Կնայես, որ փուլ չգա, որ ամեն ինչ իր տեղում լինի, որ քո փխրուն շինվածքը չճոճվի պատահական հպումից: Միշտ այդպես են արել: Ջրերից մաքրված, հոսանքներից քշված, սուր անկյունները վաղուց հարթեցրած գլաքարերը դրել են մեկը մյուսի վրա, մեծից փոքր, հետո շուրջը կավիճով փոքրիկ շրջանակ են գծել ու ասել են. «Պատրաստ է»: Սա է եղել ամբողջը: Պարզ ու հասարակ: Այս խաղի պատմությունը հենց այսքանն է:

***
Հանրամատչելի հիշողությունը մենք կոչում ենք պատմություն: Այդպես ազդեցիկ ու բարեհունչ է: Սակայն հիշողությունը միայն այն դեպքում է վերափոխվում պատմության, երբ այդ մասին այլևս ոչ ոք չի հիշում: Մի խոսքով, դա նույն ճշմարտությունն է, միայն թե առանց ատամների ու աչքերի: «Պատմությունը մեզ կների»,- ասում են աշխարհի մեծագույն սրիկաները հերթական ստորությունը ձեռնարկելիս, և համարյա երբեք չեն սխալվում: Թերևս հենց այդ մեծահոգի ներողամտության մեջ է պատմության հմայքը: Եվ այլևս կարևոր չէ՝ մենք հավատում ենք նրան, թե ոչ: Պատմությունը երբեք չի տրտնջացել հավատի պակասից: Ինչ էլ որ ասենք, բոլոր դեպքերում պատմությունն ուղղակի պարտավոր է լինել դարավոր, փառապանծ և ուսանելի: Սա է նախապայմանը: Անցյալի վերածվող ներկան մեկընդմիշտ կդառնա անմեղ:

***
Հիմարների կողմից կառավարվող ամբոխը արժանի չէ հարգանքի, եթե նույնիսկ նրա անունը ժողովուրդ է: Այն տարածված համոզմունքը, թե ժողովուրդը երբեք չի սխալվում, շարքային հաճոյախոսություն է և ուրիշ ոչինչ: Ժողովուրդը ոչ միայն սխալվում է, այլև հակում ունի ժամանակ առ ժամանակ կրկնելու հին սխալները: Եվ հենց դա է ապահովում նրա կենսունակությունը՝ օրակարգում պահելով գոյության խնդիրը: Անսխալական ժողովուրդը դատապարտված է ինքնաոչնչացման: Այդպես ճշմարտությունը կարող է գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ կա սխալը: Առանց սխալի ճշմարտությունն այլևս անիմաստ է, դատարկ հնչյուն: Մարդը ևս իր էությամբ այդ երկու բևեռների արգասիքն է: Եվ միայն դրա շնորհիվ է, որ նա շնչում է:

* * *
Նա, ով մտածում է ոչ այնպես, ինչպես ժողովուրդը, կոչվում է առաջնորդ: Քանի դեռ ժողովուրդը երկյուղում է նրա մտքերից, առաջնորդը դրության տերն է: Այն պահից, երբ առաջնորդը սկսում է մտածել ժողովրդի նման, նրան ուղարկում են կառափնարան: Նահատակված առաջնորդներին կոչում են հերոսներ, իսկ իրենց բնական մահով վախճանված առաջնորդներին՝ բռնապետներ: Բռնապետը գիտի, որ ողջախոհությունը այցելում է միայն քաղցածներին: Հերոսն այդ մասին ընդհանրապես ոչինչ չգիտի:

* * *
Կար ժամանակ, երբ հերոսները ծնվում էին հավատից, իսկ կուռքերը՝ սնահավատությունից: Այժմ նրանց երկուսին էլ աշխարհ է բերում Դիպվածը:

* * *
Նպատակն այն կետն է, որին կարելի է շրջանցել, սակայն չի կարելի մերձենալ: Նպատակի էությունն իր անհասանելիությունն է, ինչպիսին լինում է անընդհատ հեռացող հորիզոնը: Բոլորը տեսնում են, սակայն դեռ ոչ ոք այն չի հատել: Ճիշտ նպատակի ընտրությունը ճիշտ հորիզոնի ընտրության պես է:

* * *
Իսկ ահա գաղափարներին հորիզոն պետք չէ: Դրանք սովորաբար լինում են կարճատես, վաղամեռիկ ու ինքնաբավ: Եթե ինչ-որ պահի ձեզ հանկարծ թվա, թե որևէ գաղափար անհամեմատ կենսունակ է, ապա վստահ եղեք, որ դուք պարզապես մոլորվել եք, գաղափարը շփոթել եք ստամոքսահյութի արտադրության հետ: Սպասեք մի փոքր, և նա անպայման կփսխի: Այն, ինչ կտեսնեք արդյունքում, հենց դա էլ նրա բուն էությունն է: Ամենահզոր գաղափարները նույնիսկ մի հատիկ մարդու կյանք չարժեն:

* * *
Կյանքն արժեզրկելը մարդկության ամենահիմնական զբաղմունքն է: Այդ վեհ նպատակի համար մարդը միշտ պատրաստ ունի երեք մոգական զենք՝ ատրճանակ, դրոշ և գրիչ: Կարևոր չէ, թե անհրաժեշությունը դրանցից որ մեկին առաջնությունը կտա: Կարևորն այն է, որ այդ երեքից յուրաքանչուրը կարող է սպանել: Ատրճանակով մարդկանց են սպանում, դրոշով՝ ազատությունը, իսկ գրիչով՝ խոսքի արժեքը: Նա, ով կփորձի հավատ ընծայել այդ եռյակից որևէ մեկին, ստիպված կլինի ողջ կյանքում հպատակի պես ծառայել նրանց, կրել իր ձեռքին, բանեցնել հանուն սեփական մաշկի անվտանգության: Իսկ սեփական մաշկն անխոցելի է միայն այն ժամանակ, երբ գրչով, դրոշով ու ատրճանակով չեզոքացված են մերձավորները:
Այդ իսկ պատճառով մարդիկ գերադասում են հավատալ Աստծուն, քանի որ նա երբեք մոտերքում չէ:

* * *
Հայրենիքն այն հայելին է, որտեղ սեփական ոչնչությունը չի արտացոլվում: Հայրենիքն այն հարստությունն է, որը միշտ ունես, երբ գրպաններդ վաղուց դատարկ են: Հայրենիքի սերն այն միակ ափն է, որը կփրկի եսասիրության վարակիչ մեղքից: Հայրենիքը այն համր լեզուն է, որ միշտ լռում է, երբ հայհոյում ես: Հայրենիքի հողն այն միակ տեղն է, որտեղ թաղվելը անպատվաբեր չէ:
Այսպես ապրում ենք, երբ ձևացնում ենք, իբր ապրում ենք Հայրենիքի համար:

* * *
Մեծ ու փոքր քարերը հատիկ-հատիկ, մատների ծայրերով զգույշ բռնած, կշարես իրար վրա: Կնայես, որ փուլ չգա, որ ամեն ինչ իր տեղում լինի, որ հիմքում լինի մեծ քարը, իսկ գագաթին՝ փոքրը: Ամեն բան կանես ճիշտ այնպես, ինչպես միշտ արել ես: Ինչպես արել են քեզնից առաջ ու կանեն քեզնից հետո: Եվ երբ քո փոքրիկ բուրգը պատրաստ կլինի, հանկարծ գլորվելով կգա մի հսկա գնդակ, կփվի անհաստատ սյունին, ու քարերը կթռչեն տարբեր կողմեր, կցրվեն շուրջբոլորը: Եվ գնդակ գլորողները հաճույքից ծափ կզարկեն՝ սպասելով, թե դու ինչպես պիտի նորից հավաքես դրանք ու նորից շինես քո հավերժ փլուզվող փոքրիկ աշտարակը:
Յոթքար ենք խաղում…

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: