Պահոց | Հոկտեմբերի, 2017

Որտե՞ղ են Վազգեն Սարգսյանի անտիպ պատմվածքները

30 Հկտ

Հոկտեմբերի 27-ը Վազգեն Սարգսյանի հիշատակի օրն է։ Այս առթիվ «Ժողովուրդ»-ը ներկայացնում է սպարապետ-արձակագրի կյանքից մի դրվագ, որը քչերին է հայտնի։ 1998-99-ին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ, սպարապետի վաղեմի ընկեր, գրող Հովիկ Չարխչյանը մեզ պատմեց, որ հակառակ այն տեսակետի, թե Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարար դառնալուց հետո այլեւս գրական գործունեությամբ չի զբաղվել, վերջինս, այնուամենայնիվ, շարունակել է գրել. «Այդ տեսակետը հիմնավորվում էր այն փաստով, որ նրա որեւէ ստեղծագործություն նախարար դառնալուց հետո չի հրապարակվել, բայց ես ակամայից առիթ եմ ունեցել համոզվելու, որ նա, ամեն դեպքում, ստեղծագործում էր»։
Ինչպես հայտնի է՝ նախարար եղած տարիներին Վազգեն Սարգսյանը պարբերաբար ելույթ էր ունենում հեռուստատեսությամբ՝ դիմելով զինծառայողներին եւ նրանց ծնողներին. «Այդ ելույթները նախապատրաստվում էին, այսինքն՝ Վազգենը գրում էր ձեռագիր տեքստը, որից հետո այն մուտքագրվում էր սուֆլյորի միջոցով, եւ հենց նախարարությունում գտնվող ստուդիայում էլ նկարահանումները կատարվում էին։ Հերթական անգամ, երբ գնացի նրանից վերցնելու պատրաստի տեքստը, որպեսզի տեխնիկական աշխատանքները նախապես կատարվեին, զգացի, որ հապաղում էր թղթերն ինձ հանձնել։ Բանն այն էր, որ նա այդ գրառումները կատարել էր իր անձնական ծոցատետրում։ Ասաց, որ չի կարող տրամադրել, քանի որ այնտեղ կային նաեւ անձնական գրառումներ։ Բայց հետո՝ հասկանալով, որ տեքստը այլ տեղ գրառելը երկար ժամանակ կխլեր, իսկ թերթերն էլ պոկել չէր ուզում, ծոցատետրը տրամադրեց ինձ։ Արդեն աշխատանքի պահին նկատեցինք, որ այն լի էր գեղարվեստական պատումներով, պատմվածքներով»,- հիշեց գրողը։
Փաստորեն, Վազգեն Սարգսյանը նախարար եղած տարիներին բազմիցս գրառումներ էր արել։ Հետո մեր զրուցակիցը նրա վարորդից եւ թիկնապահներից տեղեկացել էր, որ այդ գրառումները Վազգեն Սարգսյանը կատարում էր մեքենայի, ուղղաթիռի, օդանավի մեջ, նաեւ աշխատասենյակում, այն օրերին, երբ մինչեւ ուշ գիշեր աշխատում էր։ «Փաստ է, որ գոյություն ունեն Վազգենի ձեռագրեր, անտիպ ստեղծագործություններ, որոնք առ այսօր հանրությանը հայտնի չեն։ Հուսամ, որ այդ ծոցատետրն ինչ-որ տեղ դեռ պահպանվում է, եւ այդ գործերը երբեւէ կդառնան հրապարակման նյութ»,-եզրափակեց Հովիկ Չարխչյանը։

Աննա Բաբաջանյան
http://armlur.am
489579_sarkisian300

ԹԵՐՐԻ ՔՈՀԵՆ

30 Հկտ

Մարդիկ մի էական թերություն ունեն. յուրաքանչյուրը վստահ է, որ տիրապետում է ճշմարտությանը և ցանկանում է դա պարտադրել մնացած բոլորին: Մարդու համար անտանելի է իմանալ, որ ինչ-որ մեկն այլ կերպ է դատում, այլ կերպ է ապրում: Եվ նա սկսում է պայքարել, որ ամբողջ աշխարհն ապրի իր մտքերով, բաժանի իր կենսակերպը, ծառայի իր վեհությանը:

216688.p

ԱՅՐԻՐ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ

30 Հկտ

Աշխարհի շատ երկրներում օրենքն արգելում է այրել կամ պղծել այլ երկրների պետական դրոշները: Բայց ամենահետաքրքիրն այդ հարցում Դանիայի վերաբերմունքն է: Օրենսդրությունը թույլ չի տալիս ոտնձգություն որևէ երկրի դրոշի նկատմամբ, բացառությամբ սեփականի: Դանիացին կարող է իր երկրի դրոշն այրել` որքան սիրտը ուզի, և դրա համար պատիժ չի սահմանվում:

0_132bba_d74055f4_XL

ԱՎԵԼՑՈՒԿ ԿԱՎԸ

30 Հկտ

Աստված կավից արարեց մարդուն և երբ ավարտեց, մի փոքրիկ կտոր ավելացավ:
— Այս կավի ավելցուկից ի՞նչ պատրաստեմ քեզ համար,- հարցրեց Արարիչը:
— Ինձ համար երջանկություն ծեփիր:
Ոչինչ չպատասխանեց Աստված և միայն մարդու ձեռքի մեջ դրեց կավի ավելցուկ կտորը:

tvorenie

ՏՈՒՆՆ ՈՒ ՏԱՆՏԵՐԸ

30 Հկտ

Գրականությունը բաց դռներով տուն է, որտեղ ամեն ոք կարող է մտնել: Եվ դրա համար էլ ում ասես, որ չես հանդիպի ներսում, ինչ խելապակաս ասես, որ այնտեղ չի թրևում, աղմկում, վնասում իրերը: Բայց կան նաև մարդիկ, ովքեր այդ տունը կարգի են բերում տիրոջ սրտացավությամբ, ջերմացնում են սենյակները, շունչ ու գույն են տալիս պատերին: Դրանց ասում են գրողներ: Մյուսներին ոչինչ չեն ասում:

Հ. Չ.

latihnj4377433

ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ

30 Հկտ

Խոսքը խոսք է բերում: Բայց լռությունը լռություն չի բերում: Լռությունը բերում է մտատանջություն: Բերում է սպասում: Բերում է հարկադրանք: Որովհետև միայն լռությունն է, որ դեռ ծնրադիր է կողոպտված էության խորանում, որ դեռ հատուցում է դառնում ամեն չասված բառի դիմաց և խեցի է լինելու, որի մեջ պիտի թաքնվի տեսանելի, թափանցիկ, անծածկույթ մարդը ընկեցիկ կեղեքումների վավաշոտ հայացքներից:
Եվ երբ հուսահատ փախուստի ժամին կրկին նրա գիրկը նետվես, ինչպես ջրահեղձի մարմինն է անմռունչ հպատակվում ալիքների խարդավանքին, վերջին ակնթարթի վերջին առկայծումի միջից վերջին անգամ գուցե տեսնես վերջնագիծը անաղարտի: Որովհետև մարդը կատարելապես ազնիվ է միայն լռության մեջ` լուռ աղոթքից մինչև մահվան լռությունը:

Հովիկ Չարխչյան

surreal

ՈԶՆՈՒ ՄԻՖԸ

26 Հկտ

Այն, որ ոզնին կարող է իր փշերի վրա տանել մրգեր ու հատապտուղներ, ընդամենը գեղեցիկ հորինվածք է, որի հեղինակը հռոմեացի գրող և բնագետ Պլինիոս Ավագն է: Նրա խոսքերով, ոզնիներն ընդունակ են «մտածված կերպոց» իրենց փշերին ամրացներ խաղողի ողկույզներ և խնձորներ: Իրականում ոզնին ֆիզիկապես անընդունակ է թիկումքով քսվել գետնին` այդ ընթացքում իր վրա պտուղներ հավաքելով: Բայց, ինչպես տեսնում ենք, այս միֆը մինչև օրս էլ լայն տարածում է գտել:

ezhik4

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ

26 Հկտ

2014 թվականի նոյեմբերի 26-ին` Բրազիլիայի գավաթի եզրափակիչ խաղից առաջ տեղական «Estado de Minas» թերթը լույս ընծայեց մի բացառիկ համար, որտեղ բոլոր այն նորությունները, որոնք ֆուտբոլին չէին առնչվում, կազմված էին «բլա-բլա-բլա-բլա» նախադասություններից:

ecd1c74d99a0757386a587c2c4acaf00

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՎՐԻՊԱԿ

26 Հկտ

Երբ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը որոշեցին հիմնել աշխարհի մեծագույն որոնողական համակարգը, նրանք ցանկանում էին դրան այնպիսի անուն տալ, որը կարտահայտեր այդ հսկայածավալ ինֆորմացիայի առկայությունը: Եվ այդ ժամանակ ընտրությունը կանգ առավ գուգոլ (googol) բառի վրա, ինչը թիվ է, որը կազմված է 1-ից և նրան հաջորդող 100 զրոներից: Գոհ իրենց ընտրած անունից, նրանք շտապեցին գրանցել այդ դոմենը և հապճեպության արդյունքում թույլ տվեցին սխալ` googol-ի փոխարեն գրելով google: Այդպես ծնվեց google.com-ը:

google2.0.0

 

ԴԱԼԻԻ ԲԱՆԱԼԻՆ

23 Հկտ

Սալվադոր Դալին հաճախ էր քուն մտնում` ձեռքի մեջ ունենալով բանալի: Աթոռին նստած նա ննջում էր, իսկ մատների մեջ սեղմած էր պահում ծանր բանալին: Երբ քունը նրան հաղթում էր, մատների սեղմումը թուլանում էր, բանալին ընկնում էր հատակին դրված ափսեի մեջ ու նա վեր էր թռչում: Դալին այն կարծիքին էր, որ հատկապես նման պահերին կարող էին ծնունդ առնել նոր գաղափարներն ու դժվար խնդիրների լուծումները:

B2A76C4E-9E83-49DA-A9AB-A1781313B043_cx0_cy19_cw0_w1023_r1_s

ԱՆՈՒՆԸ` ԳՐԱՎ

23 Հկտ

Հնդկացիների կվակիուտլ ցեղախմբի անդամները երբ պարտքով փող էին վերցնում, իբրև գրավ թողնում էին իրենց անունը: Քանի դեռ հնդկացին պարտքը չէր վերադարձրել, նրան ոչ ոք անունով չէր դիմում:

crazyhorse

ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԶԻՆՎՈՐԻ ՖԵՆՈՄԵՆԸ

23 Հկտ

Հայտնի փաստ է, որ պատերազմներից հետո տղա երեխաների ծնունդների թիվը կտրուկ ավելանում է: Դրան անվանում են «վերադարձող զինվորի ֆենոմեն»: Թեև վիճակագրությունը բազմիցս հաստատել է այս երևույթը, սակայն առ այսօր դրա գիտական բացատրությունը չկա: Փոխարենը կա մի հիպոթեզ` կապված զինվորների հասակի աճի հետ: Դիտարկումները ցույց են տվել, որ պատերազմից վերադարձող տղամարդկանց հասակը միջինը 3 սանտիմետրով ավելին է եղել, քան զոհվածներինը: Իր հերթին բարձրահասակ ծնողների մոտ տղա երեխա ունենալու հավանականությունն ավելին է, քան ցածրահասակներինը: Եվ որոշ գիտնականներ այն վարկածի կողմնակիցն են, որ հատկապես բարձր հասակով է պայմանավորվում տղաների ծննդի աճը:

0a4a184130e68049ab0b060dbb86ae8b

Գտնվել են 1921թ-ին Չարենցի կողմից գրված մինչ օրս անհայտ բանաստեղծություններ․ մեկնաբանում է Հովիկ Չարխչյանը

22 Հկտ

«Անհամբերությունս զսպել չկարողացա և շտապում եմ ուրախությունս ձեզ հետ կիսել: Գտնվել են Չարենցի մինչ օրս անհայտ մի քանի բանաստեղծություններ: Շուտով դրանք կհրապարակեմ հանդեսներից մեկում»։ Երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում հենց այսպիսի գրառմամբ հանդես եկավ գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը և փոթորկեց «չարենցասերների» հոգիները։

— Պարոն Չարխչյան։ Չարենցի ֆենոմենը իր բնույթով, արդիականությամբ եզակին է հայ գրականության մեջ։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այն խորքային պատճառը, որ Եղիշե Չարենցի պոետիկան մինչև մեր օրերը մնում է ակտուալ։ Բազմաթիվ ժամանակակից գրողներ փորձում են գրել Չարենցի ոճով, տարեկան կտրվածքով բազմաթիվ գիտական աշխատանքներ են լույս ընծայվում, ինչպես նաև Չարենցի միտքը ներթափանցել է արվեստի այլ բնագավառներ, մասնավորապես երաժշտությունը։

— Չարենցի բացառիկության հմայքը նաև այդ անբացատրելիությունն է, քանի որ, ի տարբերություն շատերի, նրա պոետիկան տրոհելի կամ բաղդատելի չէ, շարունակում է մնալ իբրև կուռ համաձուլվածք և չի պահանջում համեմատության եզրեր: Արդիականության իմաստով նրա գրականությունը ճիգեր չի գործադրում դառնալու նորագույն հնչեղությունների կրողը, քանի որ իր խորքում արդեն իսկ ունի բոլոր հնչերանգները ամենատարբեր դիապազոնների համար: Սինֆոնիկ կերտվածք է, կենսական նյութի համակցություն է, որտեղ ամեն ոք կարող է գտնել այն, ինչ իրեն անհրաժեշտ է, եթե միայն փնտրի: Այդ պատճառով էլ նրա գիրը երկարակյաց է, ինչպես որ մնայուն է այն տունը, որն ամուր հիմքերի վրա է կառուցված:

— Մի փոքր պատմեք այդ գտնված բանաստեղծությունների մասին, ինչպե՞ս է պատահել, որ մոտ մեկ դար այն մնացել է ստվերում։ Եվ խնդրում եմ, նշեք, թե ինչ թեմաներով են։

— Իրականում Չարենցի անտիպ և անհայտ ստեղծագործությունների ծավալը շատ ավելի մեծ է: Եթե միայն նշենք այն գործերը, որոնց մասին հիշատակումներ կան, ապա դրանք հայտնաբերելու դեպքում կարելի է մի ամբողջական ու ստվար հատոր ունենալ: Նաև դա է պատճառը, որ որոնումները երբեք չեն ընդհատվում և երբեմն նույնիսկ հայտնի է լինում այն դաշտը, որտեղ հնարավոր է դրանք գտնել: Այս մի քանի բանաստեղծությունները, որոնց մասին նշել եմ, գրվել են 1921 թվականին, բովանդակային առումով սիրային, անձնական բնույթի են:

— Մի փոքր շեղվենք թեմայից։ Ի՞նչ կարծիքի եք հայ ժամանակակից գրականության վերաբերյալ, ի՞նչ միտումներ ու մարտահրավերներ կան։

— Ժամանակակից գրական միջավայրի գլխավոր թերացումն այն է, որ նա դեռևս որևէ հստակ ազդակ չի տալիս իր որդեգրած կամ դավանած արժեհամակարգի մասին` մնալով կաշկանդված ինչպես արտաքին հոսանքների, այնպես էլ ներքին զսպիչների ակցանի մեջ: Մենք կարող ենք հիշատակել հաջողված գործեր, շնորհալի հեղինակների անուններ, բայց դրանք ընդամենը առանձին դրսևորումներ են, որոնք որակական իմաստով շրջադարձային փոփոխության չեն հանգեցրել: Ցավոք, ես ինքս այս պահին հրապարակի վրա չեմ տեսնում այնպիսի մեկին կամ գրողների խմբի, որոնք ունակ են հայ գրականությունը մղել մեծ թռիչքի: Եվ քանի դեռ չկա թռիչքը, կարելի է գոնե հոգ տանել այն մասին, որ վաղվա սավառնումների համար կարգի բերվի թռիչքուղին և որոշակիացվի դրա ուղեծիրը:

— Ի՞նչ նոր ծրագրեր ունեք: Մոտ ապագայում հայ ընթերցասերները կարո՞ղ են կարդալ նոր գիրք։

— Այո, նոր գրքեր կան, հուսամ, որ առաջիկայում դրանք լույս կտեսնեն: Խոսքն այս պահին ինչպես գեղարվեստական ստեղծագործության, այնպես էլ կենսապատում ուսումնասիրության մասին է:

— Եթե հնարավոր է, կարո՞ղ եք հրապարակել Չարենցի գտնված բանաստեղծություններից մի երկտող։

— Հազիվ թե այդ երկտողը մոտավոր պատկերացում տա ամբողջ ստեղծագործության մասին: Սակայն մերժած չլինելու համար մեջբերեմ այս հատվածը.
Թող իմ սիրտը օրորեն
Անցած օրերը էն թեն,
Մրրիկներում էս սրի,
Օրերում էս սրադեմ:

Հարցազրույցը՝ Հովհաննես Եսայանի

http://asekose.am

D59C8EE2-9BD1-4A29-BFA6-C885296C3150_cx49_cy19_cw50_w1023_r1_s

1926-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԸ

22 Հկտ

1926 թվականի հենց այս օրը` հոկտեմբերի 22-ին Լենինականում տեղի ունեցավ ուժգին երկրաշարժ: Հարյուրավոր մարդիկ զոհվեցին, մեծ ավերածություններ եղան քաղաքում և հարակից 44 գյուղերում: Այդ աղետի մասին են պատմում այս բացառիկ լուսանկարները: Այն օրերին դրանք հրատարակվել էին բացիկների տեսքով, որպեսզի վաճառքից եկած գումարները ծառայեցվեն աղետյալներին օգնելու համար:

լենինական երկրաշարժ 1926-1

լենինական երկրաշարժ 1926

լենինական երկրաշարժ 1926-2

լենինական երկրաշարժ 1926-3

լենինական 1926

Elementary

22 Հկտ

Գուցե անհավատալի թվա, բայց Արթուր Կոնան Դոյլի հերոսի` Շերլոկ Հոլմսի հայտնի արտահայտությունը` «Elementary», որ կարելի է լսել նրա մասին պատմող բոլոր ֆիլմերում, երբեք չեք հանդիպի հանրահայտ խուզարկուի մասին գրված գրքերում: Իրականությունն այն է, որ հիշյալ արտահայտությունը հորինել էին Կոնան Դոյլի վեպերի մոտիվներով թատերական մի ներկայացման բեմադրիչները: Իսկ դետեկտիվ գրքերի հեղինակն այդ բառն ընդամենը մեկ անգամ է գործածել` «Կուզիկը» պատմվածքում:

Sherlock-Holmes-007

 

ԿԱՐԵՎՈՐԸ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

21 Հկտ

Պաղեստինում փոքրիկ գազանանոց կա: Համարյա բոլոր կենդանիներին այնտեղ են բերվել անլեգալ` Եգիպտոս տանող գաղտնի թունելով: Բայց 2009 թվականին Իսրայելի հետ ռազմական կոնֆլիկտի ժամանակ ռմբահարվեց նաև այգին, հետո սննդի պակասից սատկեցին երկու զեբրերը: Նոր զեբր գտնելու հնարավորություն չկար: Եվ այդ ժամանակ հնարամիտ պաղեստինցիները բերեցին երկու սպիտակ ավանակ, նրանց վրա սև ներկով շերտեր ավելացրեցին ու հանեցին ցուցադրման:

0,,26283724-FMM,00

ԲՈՀԵՄԱԿԱՆ

21 Հկտ

Բոհեմ: Մենք այդպես ենք անվանում այն կենսակերպը, որ բնորոշ է արվեստի ոլորտի մարդկանց` ազատ վարագիծ, էքսցենտրիկ ոճ, ռոմանտիկ միջավայր: Բայց, պարզվում է, «բոհեմ» բառը սկզբնապես որևէ ընդհանուր բան չի ունեցել մտավորական շրջանակների հետ: Այն առաջացել է Չեխիայի Բոհեմիա շրջանի անվանումից: Միջնադարում այս տարածքում ապրում էին մեծ թվով գնչուներ: Այդ գնչուները հաճախ էին հասնում մինչև Փարիզ` ֆրանսիացիներին հիացնելով իրենց թափառական կենցաղով, անկայուն ապրելակերպով, յուրահատուկ տեսքով: Եվ քանի որ մարդիկ ընդհանրություններ նկատեցին այդ գնչուների ու ստեղծագործական էլիտայի բարքերում, նման որակներն էլ պատճառ դարձան, որ բոհեմ կոչվեի նաև արվեստամերձ հանրությունը:

14005778._SX540_

ԼՍԵԼ, ԵԹԵ ՉԵՍ ՏԵՍՆՈՒՄ

19 Հկտ

Աշխարհահռչակ երաժիշտ Ռեյ Չարլզը կույր էր, բայց երբ նա որոշեց ստեղծել բարեգործական հիմնադրամ, այն ծառայում էր լսողությունը կորցրած մարդկանց: Դա շատերին զարմացրեց: Ու երբ նրանք հարցրեցին երաժիշտին, թե ինչու խուլերի, այլ ոչ թե կույրերի համար, Ռեյ Չարլզը պատասխանեց. «Երաժշտությունը փրկել է իմ կյանքը, և ես չգիտեմ, թե ինչպես պիտի ապրեի, եթե չկարողանայի այն լսել»:

ray-charles

ՇՇԻ ՖԻԱՍԿՈՆ

19 Հկտ

Ֆիասկո, այսինքն լիակատար ձախողում: Բայց ինչու՞ ֆիասկո և որտեղի՞ց հայտնվեց այդ բառը: Ասում են, որ դրա «հեղինակը» իտալացի կատակերգու Բիանկոնելլին է: Սա մի անգամ որոշեց հանդիսատեսին ցուցադրել ուրախ մնջախաղ, որտեղ ձեռքին  ուներ շիշ: Բայց ներկայացումը ձախողվեց: Իսկ շշին իտալերեն ասում են ֆիասկո (fiasco): Հենց այդտեղից էլ արտահայտությունը սկսեց շրջանառվել իր երկրորդ իմաստով:

poterpeti-fiasko

 

ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻ ԾԽԱԽՈՏԸ

18 Հկտ

Կինոռեժիսոր Քվենթին Տարանտինոն երբեք չի հանդուրժում, որ իր ֆիլմերում որևէ թաքնված կամ բացահայտ գովազդ լինի: Այս խնդիրը լուծելու համար նրա հերոսները նույնիսկ զրկված են սովորական ծխախոտներ ծխելու հնարավորությունից: Գովազդը բացառելու համար Տարանտինոն հորինել է գոյություն չունեցող ծխախոտ` «Red Apple»-ը, որն էլ օգտագործում են նկարահանումների ժամանակ:

e12abc5ea4c1e0431e9314f5048aaeba

 

%d bloggers like this: