Պահոց | Ապրիլի, 2011

ԲԱԿՈՒՆՑԸ` ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ

30 Ապր

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ՎԿԱ ԱՇՈՏ ԳԱՐԵԳԻՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ

16 սեպտեմբերի 1954թ.
Ակսել Բակունցին գիտեի 1914թ., Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում նրա ուսանելու ժամանակից, որտեղ ես դասավանդում էի պատմություն, լատիներեն ու գերմաներեն լեզուներ, ինչպես նաև բարձր դասարաններում՝ քաղաքատնտեսություն: 1923թ. Բակունցը, որը նոր էր վերադարձել Խարկովից, ղեկավար մասնակցություն ունեցավ դաշնակցականների կուսակցությունը վերացնելու համագումարի հրավիրման և անցկացման գործում: Անցյալում չունենալով որևէ կապ Դաշնակցություն կուսակցության հետ, չլինելով այդ կուսակցության անդամ կամ նրա գաղափարական հետևող, Ակսել Բակունցը Հայաստանի կոմունիստական կուսակցության Լենինականի գավառային կոմիտեի քարտուղար Երեմիա Բակունցի միջոցով, որը նրա համերկրացին ու բարեկամն էր (ժամանակին մոտիկ մասնակցություն է ունեցել գրողի գաղափարական ձևավորման մեջ), ներգրավվել է դաշնակցականների համագումարի կազմակերպման գործում և բուն համագումարում հանդես եկել «զղջացող դաշնակցականի» դերում:
Այդ ժամանակ լինելով ՀԿ(բ)Կ Կենտկոմի գլխավոր քարտուղար, ես հետևում էի այդ համագումարի նախապատրաստությանը: Այն անմիջապես ղեկավարում էր Կենտկոմի առանձնացրած հանձնաժողովը, Կենտկոմի քարտուղար Ա.Շահսուվարյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքի մասին հարցը քննարկելու ժամանակ Կենտկոմը նպատակահարմար գտավ այդ գործի մեջ Բակունցի ներգրավումը, մի մարդու, որն ի վիճակի էր ղեկավարել համագումարը և նպաստել մտավորականների զգալի շերտերի հեռացմանը դաշնակցականներից, մտավորականներ, որոնք անցյալում կապված էին եղել նրանց հետ: Բակունցի
կատարած աշխատանքը հետագայում մեզ համոզեց, որ մեր հաշվարկները ճիշտ էին: Նա իրականացրեց ստանձնած առաքելությունը: Դժբախտաբար Բակունցն անձամբ դաժանորեն հատուցեց դաշնակցականների համագումարի կազմակերպմանը եռանդուն մասնակցելու համար: Հայ «ռապպականների» խմբից նրա հակառակորդները հետագայում ամբոխավարի մատնացույց էին անում նրա «դաշնակցականությունը», մտածելով այդպիսի էժան եղանակով վարկաբեկել և նրան գցել գրական վեճերում գրաված դիրքից: Սակայն ոչ տրոցկիզմի ու աջերի դեմ պայքարի ժամանակ Բակունցի վարքագիծը, ոչ նրա գրական ելույթների բնույթն ու բովանդակությունը, ոչ նրա բողոքները Անդրկովկասում ժողովրդի թշնամի Լ.Բերիայի անցկացրած ազգայնական քաղաքականության դեմ, հիմք չէին տալիս կասկածելու Բակունցին՝ որպես դաշնակցականի կամ ազգայնականի: Հայաստանի Կ(բ)Կ Կենտկոմը, քարտուղար Ա.Խանջյանի գլխավորությամբ, նրան լրիվ վստահում էր: Բնորոշ է, որ 1930-ական թվականների կեսերին, երբ դաշնակցականներին մերկացնելու համար Ա.Միկոյանի առաջարկությամբ ձեռնարկվեց «Զանգեզուր» կինոնկարի նկարահանումը, որի բովանդակությունը Հայաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ դաշնակցականների կատարած գազանություններն էին, այդ կինոնկարի սցենարի հեղինակ առաջադրվեց Ա.Բակունցը: «Զանգեզուր» կինոնկարը, որն իրականացվեց այդ սցենարով, փայլուն կերպով արդարացրեց իրեն:

Աշոտ Իոաննիսյան
Արդարադատության գնդապետ՝
Ա.Վիտիևսկի

ՀՀ ԱԱՆԱ, ԿԳՖ, գ. 3036 (8 հատոր), հ.8, թ. 302 եւ հակ. — 305 և հակ.:
Բնագիր: Ինքնագիր: Թարգմ. ռուս.:

Advertisements

ԿՈՍՏԱ ԽԵՏԱԳՈՒՐՈՎ

30 Ապր

ԳԻՏԵՄ…
Գիտեմ, պիտի մի օր սգաք,
Երբ աճյունըս հանձնեք հողին,
Բարի սրտով «ողորմի» տաք
Ինձ և անբախտ իմ ծնողին…

Հետո գառը գետնին զարկեք-
Ո՞վ է ծոմից իրեն տանջում.-
Օղի խմեք ու քեֆ անենք,
Ինչպես ադաթն է պահանջում:

Լաց ու կոծով երդում անեք`
«Թող կուրանա` ով մոռանա»,
Հետո… նույնիսկ էլ չհիշեք
Շիրմիս քարը լքված, մենակ…

Թարգմ. Գևորգ Էմին

ԺԱՆ ՌՈՍՏԱՆ

30 Ապր

Բացատրվել կարելի է նրանց հետ, ովքեր խոսում են ուրիշ լեզվով, բայց ոչ նրանց հետ, ովքեր նույն բառերի մեջ բոլորովին այլ իմաստ են դնում: Եթե գրքում ճշմարտությունը ութսուն տոկոս է, նշանակում է այն հարյուր տոկոսով սուտ է: Սուտը կարող է լինել պակաս ստանման, քան հմտորեն ընտրած ճշմարտությունը: Եթե հավատում ես ճշմարտության զորությանը, մի ջանա համոզել, որ նա այնպես էլ կհաղթի: Ես գնահատում եմ նրանց քաջությունը, ովքեր կարող են շնորհիվ դրա ամեն ինչ կորցնել, ես գնահատում եմ նրանց զգուշավորությունը, ովքեր շնորհիվ դրա ոչինչ չեն կարող շահել: Ինչ-որ մեկի քաջությունը գնահատելու համար հարկավոր է իմանալ, թե ինչպիսին են նրա երկյուղները:
Սիրել ինչ-որ բան ավելի շատ, քան կյանքը, նշանակում է կյանքը դարձնել ինչ-որ ավելի մեծ բան, քան նա կա: Մահը միակ բանն է, որ ավելին է իրեն իմաստավորող բառից: Ով մարդ է սպանում, նա մարդասպան է: Ով միլիոնավոր մարդիկ է սպանում, նա հաղթող է: Ով սպանում է բոլորին, նա աստված է:

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

30 Ապր

«ԳՆԱ ԱՊՐԻՐ ՀԵՔԻԱԹՈՒՄ»

Լույս է տեսել Երազիկ Գրիգորյանի հեքիաթների ժողովածուն` «Գնա ապրիր հեքիաթում»: Այս գրքում տասնյոթ հեքիաթներ են` մանկական տարբեր տարիքի երեխաների համար: Բարի, զվարճալի և ուսուցողական այս հեքիաթներն իրենց ինքնատիպ ձևավորմամբ (նկարիչ` Նաիրա Մուրադյան) գեղեցիկ նվեր են մեր փոքրիկներին: «Երազիկ Գրիգորյանի հեքիաթների այս ժողովածուն շահեկանորեն առանձնանում է մանկական գրականության նորօրյա ստեղծագործությունների շարքում` իր մի քանի յուրահատկություններով: Իբրև գլխավոր հատկանիշ, առաջին հերթին պետք է մատնանշել այն համարձակությունը, որով հեղինակը կարողանում է միահյուսել դասական բանահյուսական ժանրի տարրերը արդիական թեմաների հետ` արդյունքում ստանալով ոչ թե կեղծ ինքնատիպության պատրանքը, այլև գրավոր պատումի այն թարմությունը, ինչը հիմնարար նախապայման է այսօրվա պատանի ընթերցողին գրավելու և նրա ձևավորվող աշխարհընկալման վրա դրականորեն ներազդելու համար»,-գրում է ժողովածուի խմբագիր, գրականագետ Հովիկ Չարխչյանը:

ԷՍՔԻԼՈՍ

30 Ապր

Հարցնում եմ ձեզ, անտանելի արարածներ,
Վայելու՞չ է, և կփրկվի՞ քաղաքը այս,
Կարիանա՞ մեր պաշարյալ բանակն արդյոք,
Որ ոստանի դից կուռքերի առջև ընկած`
Դուք կականեք, աղաղակեք խելակորույս:
Օ, ոչ. չէի ցանկա լինել ես կանանց հետ
Ոչ չարյաց մեջ, ոչ երջանիկ իմ օրերին:
Թե հաղթեցին` լկտիանում են չափազանց,
Իսկ ահի մեջ կկործանեն տուն ու քաղաք:
Ահա այժմ դուք վազելով, աղմկելով
Քաղաքացոց ներշնչում եք փոքրոգություն`
Ոսոխներին լավագույնս աջակցելով:
Խորտակում ենք մենք այդ ձևով ինքներս մեզ.
Այդպես է միշտ, երբ կանայք են մեջ ընկնում:
Գիտցեք. ով որ իշխանությանն իմ չենթարկվի,
Լինի նա այր, թե կին կամ այլ մի արարած`
Բաժին կընկնի նրան վիճակ մահապատժի,
Չի խուսափի քարկոծումից, ժանտ օրհասից:
Ռազմի հոգսն է միայն արանց, իսկ ձեզանից
Պահանջվում է լոկ չգործել չարիք ներսում:
Լսու՞մ եք ինձ, թե՞ խոսում եմ խուլերի հետ…

Պատահմունքի ուժով, ավաղ, արդար մեկը
Կապվել է խեղ ու անօրեն այրերի հետ:
Ամեն գործում վատ շրջապատն ամենամեծ
Չարիքն է միշտ, և բարի ելք չարժե սպասել:
Ոճրի դաշտից դու միայն մահ կհավաքես:
Երբ բարեպաշտ այրն ընկնում է նույն նավի մեջ
Նավորդների կողքին լպիրշ ու նենգամիտ,
Կորչում է դից կողմից մերժված սերնդի հետ:
Երբ արդարը քաղաքակից մերդկանց մեջ է,
Որ ոսոխ են օտարներին, դից չեն պատվում,
Ուրեմն մեկ թակարդում է նա սրանց հետ,
Եվ նրան էլ կհարվածի մտրակն աստծու…

«Յոթն ընդդեմ Թեբեի» ողբերգությունից
Թարգմ. Ա. Թոփչյան

ՆԱՍՐԵԴԻՆ

30 Ապր

ԻՆՉՈՒ՞ ԷՐ ՆԱՍՐԵԴԻՆԸ ՍԻՐՈՒՄ ՓՈՂԸ

(Թուրքմենական)

Մի ժլատ մարդ հարցրեց Նասրեդինին.
— Դու փող սիրու՞մ ես:
— Հա, սիրում եմ,- պատասխանեց Մոլլան,- քանի որ փող ունենալը մարդուն անկախ է դարձնում ամեն տեսակ գծուծներից:

ՆԱՍՐԵԴԻՆԻ ԾԱՆՈԹԸ

(Պարսկական)

Նասրեդինը գնում էր դաշտով: Տեսնելով, որ մի քանի անծանոթ մարդ նստած հաց են ուտում, մոտեցավ: Ապա առանց մի հատիկ բառ ասելու ինքն էլ նստեց ու սկսեց ուտել: Նստածներից մեկը հարցրեց.
— Մեզնից ու՞մ հետ ծանոթ լինելու պատիվն ունես:
— Սրանց հետ,- ասաց Նասրեդինը` ցույց տալով ուտելիքները:

ԿԱՐԾԵՑԻ, ԹԵ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԵՆ ՍԱՓՐՈՒՄ

(Սերբական)

Մի անգամ Նասրեդինը որոշեց սափրվել, բայց բախտը նրան գցեց մի չափազանց անշնորհք սափրիչի մոտ: Սա անընդհատ ածելիով կտրում էր Նասրեդինի երեսը, իսկ վերջինս հազիվ էր ցավից զսպում ճիչը: Միայն արցունքներն էին հոսում Մոլլայի երեսից, մեկ էլ աչքերի առաջ օղակներ էին հայտնվում: Հանկարծ փողոցից ուժեղ աղմուկ լսվեց: Նասրեդինը սափրիչին հարցրեց, թե ինչ է պատահել:
— Մոտերքում դարբինը ձի է պայտում,- բացատրեց սա:
— Ա~,- ասաց Նասրեդինը,- ես էլ կարծեցի, թե այնտեղ էլ մեկ ուրիշին են սափրում:

Երկարակյացի վերջին օրերը

29 Ապր

Արդեն տևական ժամանակ է, որ լուրեր են պտտվում այն մասին, թե Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը մոտ ժամանակներում կհեռացվի պաշտոնից ու նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի նախագահ Իլհամ Ալիևի` ռազմական հարցերով խորհրդական Վահիդ Ալիևը: Կադրային այսպիսի փոփոխությունները հազիվ թե էականորեն ազդեն բուն հակամարտության վրա և կամ կարողանան կանխորոշել նախկինից տարբերվող այլ գործընթացներ: Եվ այնուամենայնիվ, եթե այդ բանը կատարվի, այն չի կարող անհետևանք լինել:
Աբիևի գլխին սև ամպերը սկսեցին կուտակվել այս տարվա ձմռանը, երբ ադրբեջանական բանակում արձանագրված արյունալի միջադեպերը եկան լցնելու համբերության բաժակը: Այն ժամանակ այդ երկրի խորհրդարանի պատգամավորները պաշտպանության նախարարին ուղղակիորեն մեղադրեցին կատարվածի մեջ: «Նա, ով մեղավոր է բանակում տեղի ունեցող ողբերգություններում, ով չի կարողանում կատարել ստանձնած պարտավորությունները, պետք է ներողություն խնդրի ժողովրդից ու հեռանա»,- հայտարարեցին պատգամավորները: Միլի մեջլիսը, որ գտնվում է նախագահի խիստ վերահսկողության ներքո, հազիվ թե կարողանար իրեն թույլ տալ նման անկեղծություն, եթե չլիներ վերևից եկող աջակցությունը: Նույն օրերին Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) պահանջեց պաշտոնից ազատել նախարարին և Գլխավոր շտաբի պետին: «Ժամանակն է փրկելու ադրբեջանական բանակն այդ երկու անհաջող հարսանյաց գեներալներից»,- ասացին ՂԱԿ-ի ակտիվիստները: Բայց այդ բանը հեշտ չէր անել: Անհրաժեշտ էին նոր ու առավել համոզիչ կոմպրոմատներ: Այդ ժամանակ էլ սկսվեցին զինկոմիսարիատներում զանգվածային ստուգումները, և նախարար Աբիևին չհաջողվեց դրանք կանխել: Ասվում էր, որ նրա` ստուգումներ չանցկացնելու մասին երկրի գլխավոր զինդատախազին ուղղված դիմում-խնդրանքն անպատասխան էր մնացել: Իսկ մեկ ամիս առաջ նախագահ Ալիևը որոշեց անձամբ ստուգել իրավիճակն ադրբեջանական բանակում և առաջին գիծ գործուղեց անվտանգության ու պաշտպանության հարցերով իր օգնականին` նույն Վահիդ Ալիևին: Ակնկալվում էր, որ Վ.Ալիևը հատուկ զեկույց կնախապատրաստի նախագահի համար բանակի մասին, որից էլ կախված կլիներ Սաֆար Աբիևի ճակատագիրը: Դրա համար «բարենպաստ» հող առատորեն կար: Զինված ուժերում կարգապահություն թույլ է, բարոյական վիճակը` ցածր, բռնությունները` համատարած: Զինվորները չունեն բավարար ուտելիք, վառելանյութ, համազգեստ: Եթե ասվածին էլ հավելենք այն, որ պաշտպանության նախարարությունը երկրի կոռուպցիայի խոշորագույն օջախն է, ապա էլ ի՞նչ էր անհրաժեշտ Աբիևի կարիերային վերջ դնելու համար:
Բայց նախ տեսնենք, թե ո՞վ է պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը և ինչո՞վ է պայմանավորված վերջինիս աննախադեպ «քաղաքական դիմացկունությունը»: Փաստ է, որ Աբիևը ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներից ամենաերկարակյացն է, իսկ աշխարհում` ամենաերկար ժամկետով ծառայողներից մեկը: Նա արդեն 60 տարեկան է, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ղեկավարում է 1995թ. փետրվարից: Այդ ընթացքում նա կարողացավ յուրացնել երկու կարևոր նախապայման` առաջինը` բացարձակ ու անսասան հավատարմությունն էր Ալիևյան տոհմին, իսկ երկրորդը Ղարաբաղի հարցում անվերապահ աջակցությունը նախագահին: Պետք էր անվերջ կրկնել այն նույն բանը, ինչը պնդում էր Իլհամ Ալիևը, այսինքն հանրությանը համոզել, որ Ադրբեջանն անպայման մի օր կվերադարձնի կորցրած տարածքները և Լեռնային Ղարաբաղը կրկին կդառնա ադրբեջանական:
Սակայն այսօր կարծես թե դրանք այլևս չունեն նախկին ներգործությունը և վրա է հասել պահը, երբ իրավիճակը պահանջում է նոր դեմքեր ու նոր մոտեցումներ: Այս տեսանկյունից Վահիդ Ալիևի թեկնածությունը շատ ավելի նախընտրելի է: Ճիշտ է, սա ևս սուրբ չէ, սակայն փոփոխությունների պատրանք ստեղծելու համար մինգամայն հարմար թեկնածու է: Ի դեպ, Բաքվի թերթերն արդեն գրում են, թե Վահիդ Ալիևն իր մոտ շրջապատում հայտարարել է, որ առաջիկայում նշանակվելու է նախարարի պաշտոնում: Այս առթիվ Milaz.info կայքէջը նույնիսկ գրել էր. «Երևի դա է պատճառը, որ այդ պնդումից ոգևորված` նա կարողացել է իր ղեկավարած փոքրիկ բաժնի միջին զինվորական կրթությամբ միանգամից երեք անձանց համար գեներալի կոչում հաջողացնել»:
Ներկայիս նախարարը մեկ ուրիշ լուրջ մրցակից էլ ունի: Խոսքը Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի մասին է: Վերջինիս և պաշտպանության նախարարի միջև առանց այն էլ խնդիրնելով լի հարաբերություններն այս օրերին հասել են բացահայտ առճակատման: Երկու «հզորների» միջև մրցակցությունը գնում է «յուղոտ» հայտամրցույթների շուրջ, իսկ կռվախնձորը պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնող երկու` տանկերի վերանորոգման և ավիացիոն վերանորոգման գործարաններն են, որոնք Ջամալովը ցանկանում է մտցնել իր նախարարության կազմ: Հրապուրված նոր եկամուտի աղբյուրներ տնօրինելու հեռանկարով, Աբիևն ակնհայտորեն կորցրել է իրականության զգացողությունը ու թերևս չի պատկերացնում , որ մի առավոտ կարող է արթնանալ` ամեն բանից զրկված մարդու կարգավիճակով:
Սակայն եթե այս հանգամանքը չափազանց էական է նախարարի համար, ապա Ադրբեջանը հազիվ թե նման հեռանկարից ոգևորվելու լուրջ հիմքեր ունի: Զինված ուժերի անմխիթար կացությունը ընդհանուր պատկերի մի մասն է միայն: Եվ այս պարագայում նույնիսկ բանակին հատկացված միլիարդները այլևս չեն կարող երաշխիք լինել սպասվող հաղթանակների համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՄԱՍԻՆ

28 Ապր

Երերուն, բայց անշեղ ընթացք

Ինձ համար դյուրին էր ասել. «Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգեւում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ». և հավելել արդար խղճով՝ «Եվ իր բոլոր պահերին գեղեցիկ էր, մերայինների մեջ թերևս ամենավայելուչը, քանի որ երբեք չմտավ իրեն չվերապահված սրահներ և այդպիսով իրեն անակնկալների չբերեց»: Կարող էի ասել. արժանավորների մեջ այդ արժանավորին մի կողմ քաշել այս փլուզման մեղավորների ստվար զանգվածից ու արդարանալ` «ինքն անպարտ է, մենք անպարտ ենք»։
Բայց որովհետև փլուզումը մեր իսկ փլուզումն է, որը թվում է այլևս ի զորու չենք դիմագրավել- մերային ավագների ու անցածների հետ պարտքուպահանջի մեջ ենք մտնում և, մեզ հավասար, պարտքուպահանջի մեջ ենք մտնում առաջինը հենց ամենաարժանավորների հետ։ «Ինչո՞ւ ինձ այս նյութից շինեցիր եւ ինչո՞ւ ինձ ստեղծեցիր այս աշխարհում»։ Նախնուն այդպես է գանգատվել Արտավազդ արքան, մյուս վիպերգի Մհերը, նախնու ուժով զորացել կամ անեծքով այդպես են ծանրացել բոլորը։
Բայց խոսքս ինչպես կառուցեմ, որ կարողանամ շրջանցել այդ անխուսափելի «չնայածը». «չնայած անասելի դժվար պայմաններին, այնուհանդերձ…», «չնայած հայ մարդու իր ստուգապես ազգային մի խոշոր թուլության, նա, այնուամենայնիվ, հարաբերվել կարողացավ աշխարհի ազատների այն համայնքին, որ իրեն բանաստեղծների համայնք է անվանում», «չնայած իր ժամանակը կենդանի պահեր այնքան քիչ ունեցավ, որ կարելի է անժամանակություն կոչել, և իր տարածությունը կենդանի թրթիռներ այնքան հազվադեպ բացահայտեց, որ կարելի է անապատ ասել, բայցևայնպես…»։ «Չնայածը» իսկապես չպետք է շրջանցվի, որովհետև…
Որովհետև ի վերջո ընթերցողի հոգսը չի, թե իր տունը ուրախ ճլվլոցով լցնելուց առաջ խոսքը, ասենք Փավստոսի, քանի թակարդի է խաբել, որքան կրակների վրայով է ճախրել. գանձարանի հոգսը չի, թե այսինչ զմրուխտը ինչ մոլոր բավիղներով է եկել. վերոհիշյալ ազատ համայնքի գործը չի, թե մի ամբողջ շահագրգիռ թիկնազոր էր առաջնորդում, ասենք, ուրիշ մի Ս-ի դեպի այդ նույն ազատ համայնք, իսկ Սահյանը ներկայացավ մեն ու մենակ։ Ներկա ես՝ ներկա ես, ներկա չես՝ ներկա չես, այդպես է, կաս կամ չկաս։
Ազատ բառը շատ գործածվեց. հիշենք, որ Ազատը Աստծու հետ և Խոսքի հոմանիշն է. Բանը և Աստված հոմանիշ են, Ազատը երկուսի հոմանիշն է։ Ուրեմն՝ Գրականություն-Ազատություն։ Ազատություն անբանության անասնական կապանքից։ Բանը այստեղ խոսքն էր՝ ի սկզբանե էր բանը. բան հնչեցրիր՝ քեզ զատեցիր անբանության լուռ զանգվածից։ Բռնանալ բանի վրա՝ նշանակում է մարդուն ետ անկենդանության կապանք մղել։ Բանը մեզանում նաև գործն է։ Բռնանալ բանի վրա՝ նշանակում է խեղված երկիր բացարձակել։ Ասացի և ահա լայն դարբաս բացվեց խոտանումի ու ինքնադատափետման ասպարեզի վրա. խուժիր թեկուզ ամբողջ զորագնդերով և խոտանիր ու ոչնչացրու խեղված այս ողջ գործն ու բանը՝ երկիրդ երկիր չէր, կուռքերդ կուռքեր չէին, ծեսերդ ծես ու երգդ էլ երգ չէր։
Բայց Սահյանը եղել է, Սահյան է եղել:
Բռնության դեմ ազատության պայքարի՞ Սահյան։ — Ո՛չ։ Ազատությունը իր պայքարի տղերքին կալանում է, և էլ երբեք նրանց չի տրվում ազատ լինել։ Փառք իրենց, բայց նրանք մարդկության մեր ընթացքի ելևէջման միայն մի պահն են՝ ընդվզումի, ժխտման, ապստամբության շատ կարևոր պահը, և սակայն մյուսները կան, ովքեր իրենցով բովանդակում են ելևէջի ավելի տևական շառավիղ։ Սահյանի մեջ տևականության այդ միտումը կա։
Ինքն այդ գիտեր և ա՞յդ պատճառով կամ դրա՞ շնորհիվ էր չպայքարողի վարք որդեգրել։ — Ո՛չ։ 1914-ի ծնունդ, իր ժողովրդի զավակ, եղեռնի ու գաղթերի, համայնավարացման ու հավատաքննության ու պատերազմների վկա՝ ինքը իր և մեր սոսկ գոյությունն իսկ հաղթանակ ու հրճվանք էր համարում։
Ուրեմն՝ հանդուրժումի ու հաշտվածությա՞ն Սահյան։ — Ո՛չ։ Այդքան քաջ չէր, որ ընկներ մինչև վերջ և անկումը ճանաչեր և բարձրանար մինչև վերջ և համբարձումը ճանաչեր, և առավել` քարոզեր։ Պարտված և ռամիկ երկրի որդի՝ պատերազմի և խաղաղության, հաղթանակի և պարտության, անկումի և վերելքի հիմնախնդիրները նրան ներկայանում էին ինչ-որ այլ կեցվածքով՝ գուցե արժանապատվության, թերևս ինչ-որ բան չմատնողի, իր խոսքով՝ հեկեկանքի ելքը սեփական ձեռքով ծեփած։ Բայց սա արժանի՞ք է բանաստեղծի համար։ Եթե ինքնազսպումի այս աշխարհը մի աշխարհ է, որից անդին Քամն ու քամականությունն են, այո՛, արժանիք է։
Հայ գրողի նրա կերպարը, նրա բարոյական կեցվածքը, նրա կեցվածքի բարոյականությունը ծեփվում է, իհարկե, առաջին հերթին նրա արածից, բայց և, որ շատ կարեւոր է, նաև չարածից, առաջին հերթին տեսած-նկատածից, բայց և չնկատելու տվածից, Սեմի-Հաբեթի իր պանծացումից, բայցև, որ շատ կարևո՛ր է, իր ներսի, իր իսկ Քամի ճնշումից, Ահեղ դատաստանի բացահայտման հրաժարեմքից… որովհետև Բանը, առաջին հերթին մեր ազգային Բանը, որքան եղածի պատմություն, նույնքան էլ գալիքի մարգարեություն է, մարգարեությունը որքան գուշակություն, նույնքան էլ հրավերք է, արարումն, կոչունք, ոգեկոչումն է ինքնակա թվացող լինելիքի։ Անսպասելի ոչինչ, ոչինչ չի լինում։ Լինում է այն, ինչի սպասում, այլև կանչում ենք։ Հայ մարդուն, Հայոց հայրենիքին մեծագիր Այո ասելու նրա հույժ հաստատական շեշտը ուղիղ մատնացույցն է հայրենիքի համար նրա տագնապի։ Ազատ ծնվա՞ծ Սահյան։ — Ո՛չ։ Իր մուտքը «Հանճարեղ պատանու» մուտք չէր, իր ընթացքի վերուվարումները նույնպես ի բնե մեծ լիցքի վկայություններ չէին։
Վարպե՞տ Սահյան, որ աշխարհի ու հայրենի ժառանգությունը յուրացնելով ու յուրացնելով տարիների մեջ «Հանճարեղ պատանի» դարձավ։ — Երբեք։ Հենց որ գտնում էր, թե ինչ է պոեզիան և ինչ պետք է անի պոեզիան, տողերը գրչի տակ մեռնում էին։ Այդ՝ երևի թե այն պատճառով, որ կարծում էր պոեզիան է իրենը և ոչ ինքը պոեզիայինը։ — Այդպես պոեզիան ինքնակա մի բան է դառնում, այո՞։ — Ինքնին մի երևույթ, Աստծուց ընձեռվող տեքստ, ինչից ոմանք հաջողացնում են էջեր փրցնել։ — Եվ Սահյանին հաջողվե՞լ է։ — Հաջողվել է և՝ հաճախ։
Նա գյուղացի էր, բնապաշտ, պահպանողական, արևելքցի, աշուղ — նա քմայքոտ մտավորական էր, արևմուտքցի, հույժ արդիական։ Բայց ո՛չ հույժ արդիական էր, ո՛չ արևմուտքցի, ո՛չ մտավորական, ո՛չ աշուղ, ո՛չ արևելքցի, ո՛չ էլ գյուղացի։ Բնությունից գիր, գրից բնություն, ալտրուիզմից ազգայնականություն և ազգայնականությունից այլասիրություն, այսօրից անցյալ և անցյալից այսօր, բանաստեղծից գյուղացի և գյուղացուց բանաստեղծ երթուդարձն էր Սահյանը, հարատև, անվերջ երթուդարձը։ Կառանումը որպես թե վերջապես գտնված որևէ հանգրվանի մահ է, պոետի մահն է։
Ես իր ընթերցողն էի դեռ այն հեռու դպրոցական տարիներիս, և ինքը պետք է որ ենթադրելիս լիներ, թե իրեն ընթերցող, արտասանող, իրենից քաղաբերող ունի անգամ երեկոյան դասընթացների աշակերտության մեջ։ Հետո իր բերանբաց ունկնդիրն էի, երբ խմբագրի իր և «Անլռելի զանգակատունը» գրողի իրենց զույգը ուսանողներիս առաջ ցուցադրում էր գրքի հրապարակման իրենց հաղթական շքերթը — վերադասին ինչպես էին անպատեհ ժամի ու անվայելչորեն առանց փողկապի անակնկալի բերել, տիկինն ինչպես էր վերադասի դրական չեզոքությունը համակրանք դարձրել առ գիրքն ու հյուրերը և այլն։ Ապա գինու և հացի իր ընկերն էի, կարելի է ասել՝ մտերիմ, եթե ինքն իհարկե իրեն թող կտար թուլանալ կամ խրոխտանալ այնքան, որ ասեիր՝ «պատյանից ելած Համո Սահյանին ես տեսա, շողուն էր կամ ժանգակեր»։ Հյուրընկալեցի և հյուրընկալվեցի, հիվանդի իր սնարին կանգնեցի և նեղության իմ ժամին գլխավերևս կանգնած առաջինն իրեն նկատեցի։ Հետո իր թափորի հուղարկավորն էի, հիմա` իր շիրիմի այցելուն։
Ես իր հուղարկավորը, հացընկերը, զրուցակիցը, ունկնդիրն էի, որովհետև իր ընթերցողն էի, իրենից զորություն էի հայցում։ Հիմա իր ուխտատեղիի ուխտավորն եմ, որովհետև մնում եմ դարձյալ իր ընթերցողը։ Կտա ինձ իմ ուզածը, կզորացնի՝ իսկապես ուխտատեղի կդառնա, չի տա` կլքեմ, ի շարս բազում հասարակաց թող խաղաղությամբ վայելի անանունի իր շիրիմը. հայրենի հողը շատերին կոչել և քչերին է ընտրել։ Իմ անկումների և հուսահատությունների ժամերին մի պահ անգամ իմ կողքին չեղավ՝ կլքեմ անպայման, չուզենամ էլ` կլքեմ, տարիներով ու հավիտենություններով ետ կմնա, կմոռացվի։ Այդպես կլինի, քանի որ մեր լքելուց առաջ իրենց ընթացքի մեջ մի պահի պիտի որ հենց իրենք լքած լինեն իրենց, դավաճանած լինեն իրենք իրենց և մեզ։ Այդպես է, որովհետև մի պահի մեջ սեղմված հավիտենությունն է, մի մարդու մեջ` սերունդների չուն, մի մարդը բոլոր մարդկանց բոլոր պահերն է։
Իր զորության, իրենց զորության կարիքը ես շատ եմ զգում- «այսօր և վաղը և վաղվա վաղը»։ Կենսական օդի, ջրի պես անհրաժեշտ՝ այդ զորության ծարավը ինձ յուրովի կռապաշտ է դարձնում. ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ կաթնաղբյուրային ակունքի հորդումն եմ ակնկալում և ակունքներից, որոնք երբևէ չեն բխել, չեն եղել. սա ի՞մ թուլությունն է, իմ տկարության համար ես ի՞նձ մեղադրեմ։ Որևէ ֆրանսիացի, ռուս, թուրք, վրացի, արաբ իր ընթացքի մեջ այսքան ե՞տ է նայում, ետ նայո՞ւմ են առհասարակ, նրանց գրականությունը իրենց ժողովուրդների ու թագավորների համար այսպես ապաստարա՞ն է դառնում, ապաստարան դառնո՞ւմ է։ Եթե ոչ՝ ուրեմն գրականությունը խա՞ղ է, եթե այո՝ իրենց բարվոք կամ խեղդուկ այսօրը իրենց գի՞րն է բերել: Ինչ է, մեզ ու ժողովրդին, երեկ, զրկում էինք այսօրվա այս գեհեն և սոսկական հայեցողի մեր անջիղ պատո՞ւմն էինք պատմում, տեսանող էինք լինելու- հայեցո՞ղ էինք։ Եթե թագավոր ու թագավորություն ունենայինք՝ ա՞յլ առաքելությամբ էինք բերան բացելու, ուրի՞շ էր լինելու Խորենացու-վիպերգի- Աբովյանի- Թումանյանի- Չարենցի մեր խոսքը։ Ռուսներն ահա (պարսիկներն ահա, թուրքերն ահա, արաբներն ահա) թագավոր ու թագավորություն էին- ա՞յլ է բանաստեղծի իրենց խոսքը: Իրենց հետ գործ չունեմ, գնամ նմանի՞ս գտնեմ, երկնքից սխա՞լ տեղ ենք կաթել, վրիպա՞ծ ժամանակ, թե՞ հենց Աստծու վրիպանքն ենք որ կանք։
Ուզում եմ հավատացած լինել, որ հիմա անձիս ու գործիս պատվախնդրությունը չի խոսում իմ մեջ, այլ` խոսքի հիմնարար նշանակության գիտակցումը:
Ի սկզբանե էր բանը։ Բայց սա կուսակցական ծուղակ չէ՞ միամիտներիս համար- խեղճուկրակ աստնվորիս կանգնեցնել որպես թե արարման ակունքներում և ինձանով հեղինակազորել ինքնագո ողջ սևն ու սպիտակը, որպես թե ես ահա ոգեկոչեցի և եթե ինձ ուտում են՝ ի՛մ ճիվաղները, եթե սավառնում եմ` ի՛մ հրեշտակներով։ Թե՞, այնուամենայնիվ, հավակնոտ ու շատ մարդկային մղումն է սա- ի սկզբանե էր բանը՝ մարդու մեր խոսքին արարումի եռանդ հաղորդել:
Չգիտեմ։
Գիտեմ միայն, որ չպետք է տեսած լինեի մարդու վրա այս վայրենի հարձակումը, մարդու և մարդկայինի այս փորձությունը, աշխարհի ու մարդու այս ծվատումը- առավել ևս, որ ծանր փորձանքի Սահյանի աշխարհն է եկել, որ նրա հրավերով ասպարեզ ելած մարդն է հոշոտվում։
Մի ուրիշ անգամ պիտի որ արտահայտված լինեմ մոտավորապես այսպես. «Իրեն քաղաքակրթություն անվանած այս վայրենության և թշնամական բանակների սլաքը ճշգրիտ մատնացույց է դառնում դեպի այն, ինչը արժանի է մեր տագնապներին ու պաշտպանությանը- հայրենի տունը»։ Ավիրվում է ահա այդ հայրենին, նույն այդ տունը, և նույն միս ու մարմնի մեջ՝ չարամիտ անցորդի է վերաճում երեկվա տանտերը, ում ճակատից ազնվության ու ազնվականության գիր էր վերծանում Սահյանը։ Այս ի՞նչ եղավ, այս ի՞նչ է լինում, ո՞ւմ մեղքով, բանաստեղծների՞ս մեղքով, մեղքը իրենը Սահյանի՞նն է, մեղքը մեր նախնիների՞նն է՝ որ այս կործանման առջև այսքան անզոր ենք, որ թերիներ սերեցին, եւ թերիներս հիմա կործանվում ենք։ Եթե խեղճությունը մեղք է՝ այո, եթե խեղճությունը նախ մտքի խեղճություն է՝ այո, մեր մտքի դաստիարակներն են խուճապային այս նահանջի մեղավորները:
Միայն պարապ ունկերը կլցվեին այսպես այլ ձայներով, զորաց ոտը այսպես միայն մտքից տկարները կգնային, միայն հոգով աղքատները կտրվեին այսպես այլ աստվածների, միայն թիապարտները կջարդեին այսպես թիարանը` կործանելով նավի հետ և իրենց, մեծուփոքրով այսպիսի ինքնագերեվարման միայն անաստված ժողովուրդը կգնար։ Աստծու թե սատանայի առաքյալների առաջ ի՜նչ տարողունակ ավազան է հոգով աղքատ ժողովուրդը, վարձու բանակ կապողների համար ի՜նչ ազատ ասպարեզ է կարիքի հրապարակը։
Մեզանում և այլուր եզակիորեն առաջիններից և կամ 20-րդ դարի մարդու իր մեջ մի համայնապատկերի բերելով նախորդների ու ժամանակակիցների կողմնակի, անվստահ, բոլոր դեպքերում՝ ոչ-սևեռուն փորձը, Սահյանը հասարակական-քաղաքական մտքի օրենսգրքում քաղաքացիական իրավունք գրանցեց ինքնաբավորեն լուսավորյալ ինքնակա ադամորդու համար։
Այդ մարդը նախաստեղծորեն ինքնաբավ է, ինքնակա, կատարյալ, քո սիրո, լույսի ու քո գաղափարների մերձավորության կարիքը ամենևին չունի. քո վերաբերմամբ որևէ պահանջ եթե այնուամենայնիվ ունի- իրենից քո հեռանալու, առաքյալի քո որոգայթներից իրեն դուրս թողնելու, պարոնտիրոջ սիրո քո ողորմությունից իրեն ազատելու պահանջը, քանի որ քո մերձավորությունն իրեն դառնացնում է, աղարտում, աղավաղում ու ոչնչացնում, ինչի վկայությունն այսօր երեքհարյուրմիլիոնանոց այս քանդուքարափ հանրակացարանն է։ Եվ եթե քեզնից իր նկատմամբ մի վերաբերմունք հայցվում է- պատկառանք իր կատարելության առաջ։
Սահյանը ժամանակների ու տարածությունների մեր այս ջղուտ ու դյուրագրգիռ խաչմերուկի հայ մարդը եղավ, և իր խոսքը մեր երթի համար օրհներգ և իր գործը մեր դրոշին ճիշտ մեր պատկերը դարձավ։ Եվ որովհետև հաճախ թափոր ենք` առանց դրոշի և ավելի հաճախ առաջնորդվում ենք ուրիշների սրբապատկերներով, Սահյանի գործը էականորեն կարևոր է։

Մայիս, 1994 թ

Կասպիցը ոչ մի կերպ չի բաժանվում

28 Ապր

Երկու օր առաջ Ադրբեջանի մայրաքաղաքում գումարված մերձկասպյան երկրների արտգործնախարարների մակարդակով Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցերով հատուկ աշխատանքային խմբի հերթական նիստը հանիրավի կերպով անուշադրության մատնվեց, թեև այս խնդիրն իր կարևորությամբ տարածաշրջանային հիմնահարցերից մեկն է դիտվում և մեծապես պայմանավորում է հարաբերությունների ինչպես որակական, այնպես էլ քաղաքական կողմը: Բաքվում հավաքված ծովի 5 երկրների փորձագետները քննարկում էին Կասպիցի բաժանման ճակատագիրը, որն արդեն երկար տարիներ և մինչ օրս բավականին լուրջ տարաձայնությունների առիթ է հանդիսանում: Իսկ սա պատահական չէ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ջրային այդ նշանակալի տարածքը գակթակղության քար է դարձել նավթի ու գազի ահռելի պաշարներով, ինչպես նաեւ կենսաբանական ռեսուրսները չկիսած լինելու հանգամանքով։ Կողմերից և ոչ մեկը ցանկություն չունի հեշտությամբ հրաժարվելու այս թանկարժեք պատառի մի ավելորդ կտորն էլ իր կողմը ձգելու մտադրությունից:
Երկարատև բանակցություններին մասնակցում են 5 պետություներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը և Ադրբեջանը։ Քննարկումները պարբերաբար են, բավական ակտիվ ու երկարամյա, սակայն ծովի բաժանման սկզբունքային հարցերի շուրջ համաձայնությունն այդպես էլ ոչ մի կերպ չի գտնվում: Հնգյակի անդամներից երեքը` Ռուսաստանը, Ադրբեջանը և Ղրղզստանը, այդ հարցերի շուրջ անցյալ տարվա նոյեմբերին կարծես թե կարողացան հասնել որոշակի պայմանավորվածությունների` ստորագրելով երկկողմ և եռակողմ համաձայնագրեր: Սակայն նույնիսկ այս էական տեղաշարժը քիչ բան փոխեց ընդհանուր պատկերում: Նախկինի պես գլխավոր ընդդիմախոսը շարունակում է մնալ Իրանը, որը պնդում է, թե ծովն անհրաժեշտ է բաժանել հավասարաբար ու արդարաբար` 20 տոկոս չափաբաժնով: «Թեհրանը չի ընդունում Կասպից ծովի հատակի սահմանազատման համաձայնագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև»,- ժամանակին հայտարարեց Իրանի ԱԳ փոխնախարար Մոհամմադ Մեհդի Ահունզադեն: Ըստ նրա, Իրանի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ ցանկացած համաձայնագիր պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Իսկ այս մոտեցումը ոչ մի կերպ չի բավարարում առափնյա մնացած պետություններին: Պահպանվում են նաև հակասությունները Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև` կապված ազգային հատվածների ջրային տարածությունների բաժանման հետ:
Ահա հենց այսպիսի անորոշության պայմաններում էլ պաշտոնական Թեհրանը օգտվում է ընդհանուր կացությունից և գտնում Է, որ այնքան ժամանակ, քանի դեռ նոր փաստաթուղթ չի ընդունվել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ, ուժը պահպանում են նախորդ պայմանագրերը: Նույն բանը Բաքվում կրկնեց Կասպից ծովի հարցերով Իրանի հատուկ ներկայացուցիչ Մուհամեդմեհդի Ախունզադեն: «1921 և 1940 թվականներին Իրանի ու ԽՍՀՄ-ի միջև ստորագրված պայմանագրերը ուժի մեջ են մնում»,-ասաց նա: Դիվանագետը նաև հավելեց, թե «Մերձկասպյան երկրներում ապրող ժողովուրդների ճակատագիրը փոխկապված են, ուստի մենք գտնում ենք, որ Կասպից ծովը բարեկամության ու խաղաղության ծով Է», սակայն այս խոսքերն ավելի շատ նախազգուշացման պես հնչեցին, քան հաշեցումի, առավել ևս, որ իրանցի դիվանագետը անհրաժեշտ համարեց ներկաներին հիշեցնել, թե իրենց համագործակցության վրա «ոչ մի արտաքին գործոն չի կարող ազդել»:
Սխալ պիտի լինի այս հարցը դիտարկել սոսկ որպես սահմանաբաժանման հետ կապված տեխնիկական խնդիր: Մասնակից երկրները դրան առավել քան մեծ նշանակություն են տալիս` այն դիտարկելով նախ և առաջ որպես ազդեցությունների ոլորտի հստակեցում: Եվ այս տեսակետը լիովին կիսում են նաև քաղաքական դիտորդները` ամենևին չնսեմացնելով խնդրի կարևորությունը: «Կովկասի տարածաշրջանում այսօր կարևորագույն խնդիրը Կասպից ծովի բաժանումն է»,-հայտարարեց Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը։ Հետաքրքիր էր հատկապես այն, որ աստիճանակարգման հարցում նույն փորձագետը բոլորովին չէր տատանվել, երբ պնդել էր, որ տարածաշրջանի համար կարևորությամբ առաջինն է Կասպիականի կարգավիճակի խնդիրը, իսկ երկրորդ տեղում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը։ Այս երկու հարցերը կողք-կողքի դնելն, ինչ խոսք, ինքնանպատակ լինել չէր կարող: Ու թերևա կա անհրաժեշտություն ղարաբաղյան հարցը քննելիս հաշվի առնել նաև այս հանգամանքը:
Բաքվում կայացած բանակցություններն այդպես էլ էական արդյունքներ չարձանագրեցին: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրի մշակման համար կողմերը հաջորդ անգամ կհանդիպեն Աստանայում։

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Լռությունը ոսկի չէ

27 Ապր

Վերջին շրջանում վրացի դիվանագետները Հայաստանը ջրի ճամփա են դարձրել: Սովորաբար նման դեպքերի համար ասում են, որ եկվորի կամ աղն է պակաս, կամ մաղը: Իսկ եթե խոսքը Վրաստանի մասին է, ապա եղած ենթադրություններին կարելի է հավելել ևս մեկը. ամենայն հավանականությամբ նրանք կրկին այնպիսի մի բան են արել, որի համար արդարանալու են շտապում:
Եթե դիտելու լինենք սոսկ ժամանակագրական կարգով, ապա դժվար չի լինի վերհիշել, որ միայն վերջին չորս ամիսների ընթացքում արդեն կայացել են Վրաստանի նախագահի ու վարչապետի այցերը Երևան: Դրանից հետո իրենց այցերով մեզ պատվեցին նույն երկրի ներքին գործերի, պաշտպանության և տրանսպորտի նախարարները: Էլ չենք խոսում առավել ցածր կարգավիճակի այն անհատների ու խմբերի մասին, որոնք եկան ու գնացին զանազան պատրվակներով ու գործերով: Հայաստանի պաշտոնյաները բոլոր առիթների համար անմիջապես մատնանշեցին, որ այցելությունների այս ինտենսիվությունը վկայում է «Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցության ոչ միայն ծավալուն բովանդակության, այլև իրական բարեկամական հարաբերությունների մասին», սակայն նման խոսքերը հյուրընկալողի նրբանկատություն լինելուց ավելին չէին:
Այս անգամ էլ աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Շատ դժվար էր կռահել, թե հատկապես ինչ նպատակով էր նա ճանապարհ ընկել Երևան, քանի որ ոչ դրանից առաջ և ոչ էլ այստեղ գտնվելու օրերին որևէ հստակ տեղեկատվություն չտրվեց հանդիպումների բուն նպատակի մասին: Ընդհանուր ձևակերպումների ընդգրկման տարածքներն այնքան լայն ու տարողունակ էին, որ տպավորություն էր ստեղծվում, թե Վաշաձեն պատրաստվում է հայաստանցիների հետ զրուցել ամեն ինչի մասին և անվերջանալիորեն: Սակայն նույնիսկ թեմաների նման առատության պայմաններում վերստին պահպանվում էր նախկին տպավորությունը, երբ կարելի էր հանգիստ խղճով ասել` երկխոսություն վասն ոչնչի:
Վաշաձեն հանդիպում ունեցավ հայաստանցի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ: Հետո պաշտոնական հաղորդագրությունը պիտի տեղեկացներ, որ նախարարները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրներ, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել վիրահայությանը հուզող թեմաներին: Իսկ որո՞նք էին վրահայությանը հուզող խնդիրները: Պարզվում է այն, որ Թբիլիսիում վերանորոգվել է հայկական թատրոնի շենքը: Ինչ խոսք, դա հաճելի լուր է, բայց մի՞թե արժեր տվյալ քայլը որակել իբրև մեծագույն ծառայություն հայ ժողովրդին և այնպիսի տպավորություն թողնել, թե իբր Վրաստանը շենքի վերանորոգմամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները տեղաբնակ հայերի հանդեպ: Իսկ Ջավախքը՞, իսկ էթնիկ խտրականությա՞ն բազմաթիվ աղաղակող փաստերը, իսկ ավերվող եկեղեցիներն ու փակվող դպրոցնե՞րը: Այս հարցերը չե՞ն ներդաշնակում այն պոզիտիվ գույների հետ, որ պարտադրվում է մեզ իբրև բարեկամության և համագործակցության առհավատչյա:
Մինչ Վաշաձեն Հայաստանում էր, վրացի քաղաքագետ Լևան Ուրուշաձեն կարծիք էր հայտնել այն մասին, թե չի բացառում, որ Վրաստանի ԱԳ նախարարը իր Երևան այցելության ժամանակ կքննարկի նաև ռուսական ռազմական բեռների տարանցման մասին ռուս-վրացական համաձայնագիրը օրերս Վրաստանի խորհրդարանի կողմից չեղյալ համարելու խնդիրը: Գուցե և դա քննարկվել է: Միայն թե այս պարագայում էլ Վաշաձեն կարող էր իրեն առանձնապես անհարմար չզգալ: Հայ գործընկերներն արդեն շտապել էին նրա ժամանումից առաջ ասել, որ այդ որոշումը չի կարող անդրադառնալ վրաց-հայկական հարաբերությունների վրա: Մի խոսքով, ցանկացած քայլ իր արդարացումն ու բացատրությունը ունի, եթե նույնիսկ դա էապես վնասում և հարված է հասցնում մեր երկրի շահերին: Իսկ ահա սահմանից այն կողմ այդ կարգի բարդույթներով չեն կաշկանդվում: Նույն որոշման մասին վրացիները շատ հանգիստ անկեղծացան և հայտարարեցին, որ իրենց երկիրը չի վստահում Հայաստանին ռուսական ռազմակայանի պատճառով, թեպետ արտաքուստ հայ-վրացական հարաբերությունները ընկերական են թվում: Այս մասին նույնիս գրեց վրացական Journalist.ge լրատվական գործակալությունը` դժգոհությունը հիմնավորելով այն կարծիքով, որ հայերը չափից ավելի շատ զենք են տեղափոխում, իսկ դա բոլորովին էլ Թբիլիսիի սրտով չէ:
Նույն իրավիճակին կարելի է ականատես լինել նաև շատ ավելի թարմ օրինակի հիշատակմամբ: Օրերս հայտնի դարձավ, որ վրացիներն այժմ էլ Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանը շրջանցող մայրուղի են կառուցում: Իսկ սա, ինչպես հայտնի է, ոչ միակ, ոչ էլ վերջին դեպքն է, երբ վրացիները թեթև ձեռքով Հայաստանին դուրս են հրում տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերից: Հավանաբար շատ շուտով պաշտոնական Երևանը դրա առիթով էլ կասի, թե եղածը ընդամենը երկու ժողովուրդների ամուր կապերի վկայությունն է և անարդար ոչինչ տեղի չի ունեցել:
Իսկ բոլորովին վերջերս էլ հանրությունը տեղեկացվեց, որ Վրաստանը Հայաստանի 17 միլիոնանոց պարտքը կմարի միայն 2025 թվականին: Սա բարեգործությանը հավասարազոր առատաձեռնություն է, որի համար ցանկացած բացատրություն, միևնույն է, համոզիչ լինել չի կարող:
Որքան էլ փորձեր արվեն կանխակալություն որոնել վերը հիշատակված որակումների մեջ, միևնույն է, ճշմարտությունից հեռու փախչել չի հաջողվի: Միշտ չէ, որ լռությունը ոսկի է: Իսկ հաջորդ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի վրացական քաղաքականությունը և հայ-վրացական հարաբերությունները արմատապես վերանայելու անհրաժեշտություն են զգում: Եվ այդ պահանջը ոչ նոր է, ոչ էլ անհիմն կերպով չափազանցված:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Առանց քաղաքականացման անհնար է

26 Ապր

Ռուսներն ու վրացիները ևս մեկ անգամ ստիպված կլինեն խաչել իրենց սրերը, այս անգամ` Շվեյցարիայի Բեռն քաղաքում, որտեղ ապրիլի 28-ին կայանալու է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու հարցերով Վրաստանի ու Ռուսաստանի միջև բանակցությունների երկրորդ փուլը: Առաջինը կայացել էր այս տարվա մարտի սկզբին, նույն վայրում, որն ավարտվեց անարդյունք, քանի որ եթե Ռուսաստանը Վրաստանից պահանջում էր վրացական մաքսային վերահսկողության վերականգնման հարցում բանակցային գործընթաց ձեռնարկել ոչ թե իր, այլ` Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ, ապա վրացիները վերահսկողություն էին պահանջում նշված անցակետերի նկատմամբ, դրանք համարում «օկուպացված»` անկախ այն բանից, որ ըստ ռուսների, մաքսակետերի պատկանելիության հարցը Վրաստանի հետ առնչություն չունի:
Բեռն մեկնելու նախօրեին Վրաստանի արտգործնախարար Վաշաձեն էլ ավելի սրեց առանց այդ էլ լարված մթնոլորտը` հայտարարելով, թե իրենց այս անգամ էլ բանակցությունների սեղանի մոտ են նստելու, որպեսզի «Ռուսաստանի պատվիրակության հետ համատեղ փոխընդունելի ելք գտնենք իրավաբանական այն մղձավանջից, որը Մոսկվան ստեղծեց Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի այսպես կոչված անկախությունը ճանաչելու իր չմտածված, հապճեպ, հուզական ու հիմար որոշմամբ»: Խնդրի նման քաղաքականացումն արդեն իսկ պիտի հուշի հնարավոր ելքի մասին, թեև, որքան էլ տարօրինակ է, նույն վրացիներն անմիջապես լրացնում են, որ իրենք գործին չվերաբերող քաղաքական, ռազմական ու այլ թեմաներ բանակցությունների սեղանին չեն դնի: «Վրաստանը չի պատրաստվում քաղաքականացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամագրվելու գործընթացը»,- երկրորդ ձայնով հայտարարում են նրանք:
Անշուշտ, վատ չէ երկխոսությունից առաջ միջազգային հանրությանը ներկայանալ իբրև անաչառ կողմ, որը հարգում է խաղի կանոնները և առաջնորդվում է բացառապես դրանցով: Հաճելի է լսել, երբ Թբիլիսին հավաստիացնում է, թե Բեռն են գնում բանակցելու ոչ նրա համար, որ արգելափակեն Ռուսաստանի անդամակցությունը: Սրա հետ մեկտեղ, ասես ի պատասխան այլ երկրներից հնչող հորդորներին, վրացական կողմը նաև նշում է. «Մեր գործընկերները մեզ ընդամենը մեկ անգամ են ասել, որ Ռուսաստանի անդամակցությունն օգուտ կտա ողջ համաշխարհային տնտեսությանը: Մենք հրաշալի լսել ենք մեր գործընկերներին»:
Հասկանալի է, թե խոսքը տվյալ դեպքում որ գործընկերների մասին է և Վրաստանն ինչ չափով պիտի ականջալուր լինի նրանց: Ամեն դեպքում, դրսից եկող այս հորդորներին ի պատասխան Թբիլիսին անմիջապես մի կողմ է թողնում քաղաքական բնույթի պահանջները և կտրուկ անցում կատարում բուն հարցին` հավաստիացնելով, թե իրականում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության գործընթացում իրենց պահանջները բխում են այդ կազմակերպության արմատական սկզբունքներից և որ բանակցություններ են վարում` ելնելով ԱՀԿ-ի կանոնադրության նորմերից: Սակայն նույնիսկ այս պարագայում Ռուսաստանը չի բավարարում այդ նորմերից և ոչ մեկը: Բացի այդ, վրացական արտադրանքն արգելված է ռուսական շուկայում միայն նրա համար, որ այն վրացական է: Իսկ սա արդեն իսկապես հարցի քաղաքականացում է, սակայն ռուսների կատարմամբ:
Ի տարբերություն Վրաստանի, ռուսական կողմը մինչ այս պահը շատ ավելի հանգիստ կեցվածք ունի և նկատելի ջղակծկումներ չի դրսևորում: Ավելին ասենք, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնիսկ հայտարարեց, թե իր երկիրը կարող է անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն առանց Վրաստանի մասնակցության: «Եթե մեր վրացի գործընկերները շարունակեն իրենց քաղաքականացված դիրքորոշումը, ապա անդամակցության հարցը կլուծվի առանց նրանց մասնակցության»,- ասաց Լավրովը: Թե ինչպես է դա հնարավոր իրականացնել` առայժմ այնքան էլ պարզ չէ, սակայն հավանաբար կան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հնարավոր դարձնել անհնարինը: Ռուսաստանի ԱՀԿ-ին անդամակցելու բանակցություններն ընթանում են ավելի քան 17 տարի: Այս բոլոր տարիներին Մոսկվան հարկադրված է եղել բազում մեծ ու փոքր խոչընդոտներ հաղթահարել, և հիմա հերթը վրացական արգելապատնեշինն է: Կազմակերպության անդամ դառնալու համար անհրաժեշտ է կառույցի անդամ բոլոր 153 պետությունների համաձայնությունը, իսկ նրանցից յուրաքանչյուրը դա դիտարկում է բացառապես իր շահերի դիրքերից:
Ինչ խոսք, վրացիներին կարելի է ահաբեկել նաև այլ կարգի հեռանկարներով, ինչպես դա անում է, օրինակ, լուս լիբերալների առաջնորդ Վլ. Ժիրինովսկին` խոստանալով, որ եթե Վրաստանն արգելափակի ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը, վրացական բիզնեսը Ռուսաստանում կոչնչացվի, «օրենքով գողերին» բռնի կերպով կուղարկենք Վրաստան, և այդ երկիրը կշրջափակվի բոլոր կողմերից»:
Սակայն խնդիրը սոսկ Վրաստան-Ռուսաստան հակամարտության դաշտում չէ: Միացյալ Նահանգների վարչակազմը ևս շարունակում է վճռականորեն աջակցել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը և կարծում է, որ հարցը կլուծվի մինչև ընթացիկ տարեվերջ: Այդ մասին վերջերս հայտնեց Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Մայքլ Մակֆոլը: Նրա խոսքով`այդ թեման կոնգրեսի հետ առավել առարկայական կքննարկվի այն ժամանակ, երբ վերջնականապես կհամաձայնեցվեն կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության բոլոր պայմանները: Իսկ ընդհանրապես, ԱՄՆ-ը դժգոհ է ԱՀԿ-ում Վրաստանի դիրքորոշումից: Ճիշտ է, իրավիճակի վրա ներազդելու Վաշինգտոնի փորձերը դեռևս հաջողություն չեն գրանցել, բայց օվկիանոսից այն կողմ համոզված են, որ դա ի վերջո ժամանակի հարց է:
Թբիլիսիում ներկա պահին այդպես չեն կարծում: Վերջիններիս ինքնավստահության պատճառներից մեկն էլ թերևս այն է, որ ռուսների հետ իրենց մրցակցություն միայն ԱՀԿ-ի խնդրով չի սահմանափակվում: Առջևում կան այլ առիթներ ևս, որտեղ վրացիները կարող են հաճույքով ատամ ցույց տալ Մոսկվային: Դա Սպառազինությունների կրճատման պայմանագիրն է, Եվրոպայում անվտանգության ու կայունության նոր ճարտարապետության Մեդվեդևի գաղափարը: Մի խոսքով, մոտակա ժամանակներում Ռուսաստանը որ կողմ էլ գնա` իր ճանապարհի վրա տեսնելու է Վրաստանին:
Իսկ Բեռն մեկնելուց առաջ ռուսները նույնպես պատասխան քայլ ունեին: Ապրիլի 25-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնեց Ցխինվալի և այնտեղից հայտարարեց, թե Ռուսաստանը Վրաստանի ղեկավարությունից Հարավային Օսիայի ու Աբխազիայի դեմ ուժի չկիրառում է պահանջում։ Ինչպես տեսնում ենք, հարցն այնուամենայնիվ առաջ չի գնալու առանց քաղաքականացման:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մեդվեդև, թե՞ Պուտին

25 Ապր

Վերջին օրերին աշխարհին մատուցվեց ևս մի գայթակղիչ ու հետաքրքիրական ինտրիգ, որը կարող է երկար ժամանակ զբաղեցնել քաղաքական գլուխկոտրուկների սիրահարներին: Ռուսաստանի առաջնորդներն առաջին անգամ խոսեցին 2012 թվին կայանալիք նախագահական ընտրություններին իրենց մասնակցության հնարավորության մասին: Առաջինը «լռության ուխտը» խախտեց նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով Չինաստան այցելության նախօրեին CCTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չբացառեց, որ կառաջադրվի նախագահական հաջորդ ժամկետի համար: «Ես չեմ բացառում, որ կառաջադրվեմ նախագահական նոր ժամկետի համար: Որոշումը կընդունվի շատ մոտ ապագայում, քանի որ մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել»,- նշեց ՌԴ նախագահը` դրա հետ մեկտեղ հարկ համարելով խոսել նաև իր և վարչապետ Պուտինի տարբեր դիրքորոշումների, Ռուսաստանի զարգացման ուղիների և գործադրվող մեթոդների հարցում ունեցած տարբեր մոտեցումների մասին:
Մեկ օր անց վարչապետ Վլադիմիր Պուտինը պատասխան քայլը կատարեց` լրագրողներին հայտնելով, թե իրենք երկուսն էլ` և Մեդվեդևը, և ինքը, չեն բացառում, որ կառաջադրվեն: Սակայն, ըստ նրա, մինչև ընտրությունները դեռ երկար ժամանակ կա, ու ճիշտ չէ այսքան վաղ հայտարարել դրա մասին, քանի որ թե կառավարությունում, թե նախագահի աշխատակազմում մարդիկ չեն կարողանա բնականոն աշխատել: Պուտինը նաև նշեց, որ թեկնածության առաջադրման որոշումը կպայմանավորվի նախընտրական շրջանում տնտեսական, քաղաքական ու հասարակական ընթացիկ իրավիճակով։
Կարելի է Պուտինի այս խոսքերի մեջ թաքնված հանդիմանություն նկատել` ուղղված Մեդվեդևին, ով փաստորեն դեպքերից առաջ ընկած խոսեց ամենակարևորի մասին` անտեսելով դրա հետևանքները: Իսկ հետևանքներն իրենց ուշացնել չտվեցին: Հաջորդ քայլը եղավ այն, որ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը հայտարարեց, որ իրենց համար վարչապետ Վլադիմիր Պուտինը գերակա թեկնածուն է 2012թ. նախագահական ընտրություններում: Թիկունքում որևէ ծանրակշիռ քաղաքական թիմ չունեցող Մեդվեդևի համար սա լուրջ նախազգուշացում էր: Մյուս կողմից էլ ուժերի իրական հարաբերակցության պատկերն էլ ավելի ընդգծեց տարբերությունները: Նույն օրերին անցկացված համառուսաստանյան հարցման արդյունքներից պարզ դարձավ, որ, Պուտինին վստահում էր բնակչության 53 տոկոսը այն դեպքում, երբ Մեդվեդևի վստահության վարկանիշը 46 տոկոսի սահմաններում էր: Ճիշտ է, հարցն այստեղ իր մյուս կողմն էլ ուներ: Բանն այն է, որ թե Մեդվեդևի, և թե Պուտինի պարագայում ժողովրդական վստահության ցուցանիշը հասել էր իր «պատմական» նվազագույնին: Ընդամենը մեկ տարի առաջ նրանք ունեին համապատասխանաբար 62 և 69 տոկոսի վարկանիշ: Սակայն այս հանգամանքը տվյալ պարագայում եղանակ չի փոխում: Կան շատ ավելի մեծ հարցականներ, որոնց պատասխաները որոնում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Առաջին հերթին ամենքը փորձում են պարզել, թե արդյո՞ք Պուտինի ու Մեդվեդևի միջև առկա տարաձայնությունները լուրջ են: Վերջին շրջանում չափազանց ակնհայտ է դառնում, որ նախագահը ջանում է հնարավորինս անկախ քաղաքականություն վարել: Բայց ոչ պակաս ակնհայտ է նաև այն, որ նրա «անկախությունը» սահմանափակող ու վերահսկող շրջանակներ կան, այլ կերպ ասած, եթե հակասություններ իրոք գոյություն ունեն, ապա դրանք երկուստեք շատ հավասարակշռված են գլուխ բարձրացնում` հավանաբար առաջնորդվելով այն բանի գիտակցումով, որ միայն նրանց երկուսի միասնությունը կարող է պահել իրենց իշխանությունը և դրա հաջորդականությունը:
Շատերն են այսօր սիրում արձանագրել, որ Մեդվեդևը առավել ժողովրդավարական հայացքների կրողն է, նորարարական մոտեցումներ ունի և նման բաներ, իսկ ահա Պուտինն իր հայացքներում ավելի շատ «կոնսերվատիվ և սովետական բռիության տարրեր ունի»: Ինչ խոսք, նրանք երկուսն էլ
տարբեր տեսակի, տրամաչափի և ինքնադրսևորման տարբեր աստիճանների վրա գտնվող գործիչներ են, միանգամայն այլ աշխարհընկալումներով և մտածողությամբ: Ոմանք նույնիսկ հակված են պնդելու, որ Մեդվեդևի պարագայում կարծես թե գործ ունենք ոչ թե գործչի, այլ գործիչ դառնալու անկեղծ ցանկություն ունեցող մեկի հետ: Իսկ Պուտինն այսօր նման խնդիր կարծես թե չունի, փոխարենն ունի գործոն լինելու խնդիր: Եվ հենց այդ տարբերությունն էլ ենթադրում է տարբեր վարքեր:
Սակայն ամեն դեպքում թվարկված կարծիքները մնում են ենթադրությունների ու կռահումների ոլորտում: Ինչպես իրավացիորեն նկատում է քաղաքագետ Վիկտոր Շենդերովիչը` «Ռուսաստանյան քաղաքականությունը շատ փակ քաղաքականություն է, և թե ինչ է իրականում կատարվում Կրեմլում` ոչ ոք չգիտի: Մենք չգիտենք, թե ինչի մասին են պայմանավորվել Պուտինն ու Մեդվեդևը 2008 թվականին, չգիտենք, թե ինչ պայմաններով է Մեդվեդևը ստանձնել Պուտինի ժառանգորդի դերը»: Չիմանալով հանդերձ` վերլուծաբաններին մնում է իրենց հետևություններում առաջնորդվել այն փաստերով և իրողություններով, որոնք գտնվում են տեսանելի դաշտում: Իսկ դրանք ներկա պահին հուշում են այն մասին, որ Մեդվեդևը նախագահության երկրորդ ժամկետի ռեալ շանսեր չունի:
Խնդիրին ուշի ուշով հետևող Արևմուտքը ևս փորձում է հարցերին պատասխան տալ: Ահա թե ինչ է գրում այդ մասին The New Times հանդեսը. «Մեդվեդևը շատ քիչ ժամանակ ունի, և ժամանակը այսօր Պուտինի օգտին է աշխատում: Մեդվեդևը պետք է շտապի, պետք է փորձի քաղաքական ու գործարար վերնախավին համոզել, որ ինքն է Ռուսաստանի տերը, իսկ դրա համար շատ քիչ ժամանակ է մնացել»:
Այն, որ Ռուսաստանի նախագահի ընտրության հարցը միայն ռուսների անհանգստության առարկան չէ, դա պարզաբանելու կարիք չկա: Աշխարհի հզորագույն երկրներից մեկում սպասվող յուրաքանչյուր փոփոխություն այսպես թե այնպես իր անդրադարձն է ունենալու նաև մյուս երկրների վրա: Եվ ուրեմն վերջինները ևս արդեն իսկ պատրաստ են դիտարկել հնարավոր շրջադարձերի թեր և դեմ կողմերը, ու առաջին հերթին նրանք, ովքեր Մոսկվայի հետ խնդիրներ ունեն: Այդպիսի երկրներից մեկն էլ Վրաստանն է, որտեղ կարծում են, թե իրենց համար ավելի ձեռնտու է, եթե Ռուսաստանի նախագահ դառնա Վլադիմիր Պուտինը: Իսկ այդ երկրի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հաճույքով բացում է նման կողմնորոշման փակագծերը. «Հիշեք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրաժարվել է բանակցել Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Հաշվի առնելով, որ հենց Պուտինն է ընդունել վրացական ընդդիմությանը, չեմ բացառում, որ նա բանակցություններ կվարի Սահակաշվիլիի հետ»,- հայտարարել է Շևարդնաձեն:
Հետաքրքիր է, իսկ ի՞նչ են մտածում Հայաստանի վերնախավում և ո՞ր թեկնածուի օգտին պիտի արտահայտվեն մեր հանրապետության քաղաքական ուժերը: Այստեղ դեռևս լռում են: Հավանաբար վաղ է այդ մասին բարձրաձայն խոսելու համար: Պետք է կարծել, որ հայաստանյան առաջին կարծիքները լսելի կլինեն միայն Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն այս տարի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՀԱՅՆՐԻԽ ԲՅՈԼ

22 Ապր

ԻՄ ԹԱՆԿ ՈՏՔԸ

Հիմա նրանք ինձ հնարավորություն են տվել: Նրանք ինձ հաշվառման են վերցրել: Ես պիտի ներկայանայի աշխատանքային գրասենյակ և ես ներկայացա գրասենյակ: Պաշտոնավայրում նրանք շատ սիրալիր էին: Վերցրեցին իմ հաշվառման քարտը և ասացին. «Հըմ»: Ես էլ ասացի «հըմ»:
— Ո՞ր ոտքն է,- հարցրեց պաշտոնյան:
— Աջ:
— Ամբողջությա՞մբ:
— Ամբողջությամբ:
— Հըմ,- նորից արեց նա: Հետո սկսեց քրքրել տարբեր թղթեր: Ես կարող էի նստել:
Վերջապես մարդը գտավ մի թերթիկ, որն, ըստ երևույթին, ճիշտ իր ուզածն էր: Ասաց.
— Կարծում եմ, Ձեզ համար ինչ-որ բան կճարվի: Մի լավ գործ: Դուք հնարավորություն կունենաք նստած տեղը աշխատել: Կոշիկ մաքրող, հանրապետության հրապարակի հասարակական զուգարաններից մեկում: Ինչպե՞ս է:
— Ես չեմ կարող կոշիկ մաքրել, ես արդեն վատ մաքրողի համբավ ունեմ:
— Դուք կարող եք սովորել,- ասաց նա:- Մարդը կարող է ամեն ինչ սովորել: Գերմանացին ամեն ինչ կարող է: Ցանկության դեպքում դուք կարող եք անվճար դասընթացների մասնակցել:
— Հըմ,- արեցի ես:
— Բարի՞, ուրեմն:
— Ոչ,- ասացի,- ես չեմ ուզում: Ես ավելի բարձր ռոճիկ եմ ուզում:
— Դուք խելքներդ թռցրել եք,- մեղմ ու բարեկամաբար հանդիմանեց նա:
— Ես խելքս չեմ թռցրել, ոչ մեկը չի կարող ետ բերել իմ ոտքը, ես այլևս չեմ կարող սիգարեթ վաճառել, հիմա արդեն դա ինձ համար դժվար է:
Մարդը ետ ընկավ աթոռին և խոր հոգոց հանեց:
— Սիրելիդ իմ,- սկսեց նա,- ձեր ոտքը խելքից դուրս թանկ ոտք է: Տեսնում եմ` քսանինը տարեկան եք, առողջ սիրտ ունեք, առհասարակ կատարյալ առողջ եք, ոտքից գլուխ: Կապրեք յոթանասուն տարի: Խնդրեմ, հաշվեք, ամսական յոթանասուն մարկ, տարվա մեջ` տասներկու անգամ, ուրեմն` քառասունմեկ անգամ տասներկու անգամ յոթանասուն: Հաշվեք խնդրեմ, տոկոսները հանած: Մի կարծեք, թե ձեր ոտքը միակն է: Դուք ինքներդ նույնպես միակը չեք, ով հավանաբար դեռ երկար կապրի: Եվ այդ ամենով հանդերձ` ռոճիկը բարձրացնե՞լ: Ներող կլինեք, բայց դուք խելքներդ թռցրել եք:
— Պարոնս,- ասացի ես, իր նման ետ ընկա աթոռին և խոր հոգոց հանեցի,- կարծում եմ, որ դուք իմ ոտքը խիստ թերագնահատում եք: Իմ ոտքը շատ ավելի թանկ է: Շատ-շատ թանկ ոտք է: Ոչ միայն իմ սիրտն է կատարյալ առողջ, այլև, դժբախտաբար, գլուխս: Մի րոպե լսեք:
— Ժամանակ չունեմ:
— Լսեք մի րոպե,- ասացի ես,- նույն ինքը` իմ ոտքը շատ-շատերի կյանք է փրկել, այդ մարդիկ այսօր լավ ռոճիկ են ստանում:
Ահա թե բանն ինչպես եղավ: Բոլորովին մենակ պառկել էի առջևի գծում մի տեղ և հսկում էի, թե երբ նրանք կգային, որպեսզի մերոնք ճիշտ ժամանակին կարողանային հեռանալ: Հետին գծում շտաբները կազմ-պատրաստ սպասում էին. նրանք չէին ուզում ոչ շուտ, ոչ էլ ուշ հեռանալ: Սկզբում երկու հոգով էինք, բայց նրան սպանեցին, նա էլ ոչինչ չարժեր: Ճիշտ է, ամուսնացած էր, բայց կինը ողջ է և ի վիճակի է աշխատելու. այնպես որ դուք վախենալու կարիք չունեք, նա ուրեմն սարսափելի էժան էր: Ընդամենը չորս շաբաթվա զինվոր էր և մի փոստային բացիկից ու զինվորի մի կտոր հացից ավելին չարժեր: Այնքան ազնիվ ու քաջ էր, որ առնվազն իրեն սպանել տվեց: Լավ, ուրեմն մենակ պառկել էի այնտեղ և վախենում էի, և ցուրտ էր, ես էլ էի ուզում հեռանալ, այո, և այն է` ուզում էի հեռանալ, երբ մեկ էլ…
— Ես ժամանակ չունեմ,- ասաց մարդը և սկսեց փնտրել մատիտը:
— Ոչ, լսեք մինչև վերջ,- ասացի,- ամենահետաքրքիրը հիմա է: Հենց որ ուզում էի հեռանալ` ոտքիս այս պատմությունը եկավ գլխիս: Եվ որովհետև, ինչ խոսք, այդպես ընկած պիտի մնայի, մտածեցի ինքս ինձ` հիմա դու կարող ես արդեն ազդանշան տալ, և ես ազդանշան տվեցի, և նրանք բոլորը արանքը ճղեցին, հերթով, ըստ կարգի, նախ զորամասը, հետո գունդը, հետո գումարտակը և մնացածները` իրար ետևից, շարեշար: Տխմար պատմություն. նրանք մոռացան ինձ հետները վերցնել, պատկերացնո՞ւմ եք: Այնպես էին շտապում: Իսկապես որ տխմար պատմություն. թե որ ոտքս չկորցնեի, բոլորն էլ կմեռնեին` գեներալը, գնդապետը, մայորը` հերթով, ըստ կարգի, և դուք հիմա ստիպված չէիք լինի նրանց ռոճիկ տալ: Դե հիմա ինքներդ հաշվեք, թե ինչ արժե իմ ոտքը: Գեներալը հիսուներկու տարեկան է, գնդապետը` քառասունութ, մայորը` հիսուն, բոլորն էլ ոտքից գլուխ առողջ, առողջ սիրտ, առողջ գլուխ, իրենց զինվորական կենցաղն էլ վրադիր` կապրեն առնվազն ութսուն տարի, Հինդենբուրգի չափ: Դե, խնդրեմ, հաշվեք. հարյուր յոթանասուն անգամ տասներկու անգամ երեսուն, միջինը վերցնենք թեկուզ երեսուն, այո՞: Իմ ոտքը դարձել է խելքից դուրս թանկ, մեկը ամենաթանկ ոտքերից, որ ես կարող եմ երբևէ երևակայել, հասկանու՞մ եք:
— Չէ, դուք խելքներդ թռցրել եք,- ասաց մարդը:
— Ոչ,- պատասխանեցի,- ես խելքս չեմ թռցրել: Ափսոս, որ սիրտս գլխիս պես առողջ է, ափսոս, որ ոտքս կորցնելուց գոնե մեկ րոպե առաջ ինքս էլ չսպանվեցի: Մենք շատ փող խնայած կլինեինք:
— Հիմա ինչ, ուզու՞մ եք այս տեղը,- հարցրեց մարդը:
— Ոչ,- ասացի ես և դուրս եկա:

ՄԱԹԵՈՍ ԶԱՐԻՖՅԱՆ

22 Ապր

ԱՆ ՉԷ …

Հոգիս կը տանջե
Ջութակ մը հեռու.
Իզու՜ր շուքերու
Կը նայիմ- Ան չէ…

Ահ, նվագըն այս խոր
Ամառ գիշերվան.
Կարծես թե կուլան
Աստղերը բոլոր…

Իզուր շուքերու
Կը նայիմ- Ան չէ,
Հոգիս կը տանջե
Հոգի մը հեռու…

Բաքուն դարձյալ խռովել է

22 Ապր

«Տարածաշրջանային արձագանք»` այսպես պիտի կոչվեր Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ զորավարժությունը, որը փաստորեն դարձավ անարձագանք: Զորավարժությունները պետք է մեկնարկեին մայիսի 15-ին Բաքվի մերձակայքում գտնվող Ղարա-Հեյբաթի զորավարժարանում ու շարունակվեին 10 օր: Սակայն ադրբեջանական կողմը ռազմական խաղերը անորոշ ժամանակով և առանց բացատրության հետաձգեց: Ի դեպ, սա առաջին ձախողումը չէ: Ճիշտ մեկ տարի առաջ` 2010 թվականի գարնանը երկու երկրների համատեղ զորավարժությունները տապալվեցին այն պատրվակով, որ նախագահ Իլհամ Ալիևին չէին հրավիրել միջուկային անվտանգության խնդիրներին նվիրված վաշինգտոնյան համաժողովին: Մյուս կողմից էլ շուրջ մեկ տարի Բաքուն մնացել էր առանց ԱՄՆ դեսպանի, ինչն այստեղ ընկալվում էր որպես ծանր վիրավորանք: Եվ եթե այսօր Ադրբեջանը հերթական զորավարժությունները չեղյալ է հայտարարում առանց հիմնավորումի, ապա սա դեռ չի նշանակում, թե այդ քայլին դիմելու համար դրդապատճառներ չկան: Միայն թե կողմերից որևէ մեկը առայժմ պատրաստ չէ առաջինն այդ մասին բարձրաձայնելու: ԱՄՆ-ի դեսպանատունը մեկնաբանություններ չի անում` հիմնվելով Ադրբեջանի կառավարության կողմից պաշտոնական իրազեկման բացակայության վրա: Երբ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանության հանրային կապերի բաժնի տնօրեն Թերի Դևիդսոնին հարցրեցին այդ մասին, նա պարզապես պատասխանեց. «Զորավարժությունները հետաձգվել են ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, ուստի ավելի ճիշտ կլիներ պարզաբանումների համար դիմել հենց Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը»:
Բայց արի ու տես, որ նույնիսկ Բաքվի պատասխանատուներից շատերը դեռ պատրաստ չեն կատարվածի համար խելամիտ բացատրություն գտնել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն APA գործակալությանը խոստովանեց, որ ինքն անձամբ տեղյակ չէ այդ քայլի դրդապատճառներին: «Ես գիտեմ, որ զորավարժությունները հետաձգվել են անորոշ ժամկետով, բայց թե որն է նման քայլի պատճառը` որևէ տեղեկություն չունեմ»,- ասաց նա` նույն պահին էլ համոզմունք հայտնելով, թե իբր զորավարժությունների չեղյալ հայտարարելը որևէ կերպ չի ազդի ադրբեջանա-ամերիկյան ռազմական գործակցության վրա: Սակայն սա, ինչ խոսք, ոչ մի գնով անկեղծ համոզմունք չես համարի:
Անորոշությունն իր տեղն ունի, միայն թե դա չի խանգարում կողմերին որոնել այս հարցի տրամաբանական պատասխանը, ինչն իրականում այնքան էլ առեղծվածային չէ, ինչպես պիտի թվա առաջին հայացքից: Ճիշտ է, ադրբեջանական «Թուրան» գործակալությունը նկատում է, որ պաշտոնական Բաքվի որոշումը` հրաժարվել նախապես ծրագրված զորավարժություններից, բավական տարօրինակ է, քանի որ մեկ տարում երկու երկրների հարաբերություններում լուրջ դրական տեղաշարժ է արձանագրվել, սակայն իր հերթին չի ցանկանում տեսնել խնդրի խորին շերտերը, որտեղ շատ բաներ բոլորովին էլ դրական չեն և ամենևին էլ չեն վկայում կարգավորման մասին: «Թուրանի» փոխարեն Արևմուտքի լրատվամիջոցները չեն զլանում գրել, որ վերջին օրերին Ադրբեջանը սուր քննադատություն է հնչեցնում Վաշինգտոնի հասցեին` նկատի ունենալով վերջինիս դերակատարությունը տարածաշրջանային կարևոր հիմնախնդիրների գործընթացում: Այսպես, ըստ այդ աղբյուրների, մի շարք օտարերկրյա դիվանագետներ ասում են, թե քննադատությունն արտացոլում է Ադրբեջանի զայրույթը` կապված այն փաստի հետ, որ ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը և կողմ է երկու երկրների միջև սահմանի բացմանը: «Ադրբեջանը, որ Արևմուտքին նավթ և գազ է մատակարարում, մտավախություն ունի, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում իր դիրքերը կթուլանան ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում»,- գրում են թերթերը:
Չմոռանանք նաև, որ զորավարժությունները չեղյալ հայտարարելուց հաշված օրեր առաջ «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում նախագահ Ալիևի գլխավոր խորհրդականը մեղադրեց ԱՄՆ-ին ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանին սատարելու համար և զգուշացրել, որ Բաքուն կարող է վերանայել իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ: «Առաջիկայում Ադրբեջանը կվերանայի ԱՄՆ-ի հետ քաղաքականությունը, քանի որ Վաշինգտոնը Ադրբեջանի հանդեպ այնպիսի քաղաքականություն չի վարում, որը նման լինի ռազմավարական գործընկերոջ հանդեպ վարվող քաղաքականությանը»,- ասել էր նա:
Բաքվի զայրույթը հարուցելու մի լուրջ պատճառ էլ կա: Եվ այս իմաստով ամենևին պատահական չէր, որ ԱՄՆ դեսպանության հանրային կապերի բաժնի տնօրեն Դևիդսոնը, երբ խոսում էր զորավարժությունների մասին, հանկարծ թեմայից կտրուկ անցում կատարեց և լրգրողներին հետևյալն ասաց. «Մեր դեսպանատունը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ արտահայտվելուն և հանրահավաքներ կազմակերպելուն առնչվող ազատությունները: Մենք կարծում ենք, որ դրանք այն արմատական իրավունքներից են, որոնք գոյություն ունեն դեմոկրատական հասարակության մեջ»: Ադրբեջանի այգին նետված այս քարը անպայման հասնելու էր իր նպատակակետին: Գաղտնիք չէ, որ արաբական աշխարհում հեղափոխական զարգացումներից ի վեր Բաքուն սկսեց կասկածանքով վերաբերվել Վաշինգտոնին՝ վերջինիս մեղադրելով իր ներսում հեղափոխություն հրահրելու մեջ: Իսկ երբ Վաշինգտոնի քննադատությունն ավելի ուժգնացավ ընդդիմության հանրահավաքը ցրելուց հետո, Ադրբեջանն իր հերթին սաստկացրեց հակաամերիկյան հիստերիան` մեղադրելով օտարերկրյա դիվանագետներին ընդդիմադիր առաջնորդների հետ շփումներ ունենալու համար: Հիմա նախկին սպառնալիքներին նորերն են գումարվել: Բաքվում ասում են, թե իրենք կարող են առաջիկայում չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ մի շարք համաձայնագրեր, ետ կանչել իրենց խաղաղարարներին Աֆղանստանից և նմանատիպ այլ վերջնագրեր:
Իսկ ինչ վերաբերում է զորավարժություններին, ապա մոտակա ժամանակաշրջանում Ադրբեջանը ստիպված կլինի դա անել միայնակ ու ինքնուրույն: Բոլորովին վերջերս այդ երկրի ռազմաօդային ուժերի ավելի քան մեկ տասնյակ ռմբակոծիչներ ու ուղղաթիռներ զորավարժություններ էին անցկացնում Ղարաբաղի հետ սահմանակից գոտում: Այժմ էլ հայտարարվել է այն մասին, որ ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանի զինուժը նախատեսում է հերթական լայնածավալ զորավարժություններ անցկացնել, որի ընթացքում առաջին անգամ գործնական պայմաններում կցուցադրվեն Ադրբեջանի արտադրության զենքը և ռազմական տեխնիկան:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ

22 Ապր

Ամենաճիշտ նախադրյալներից մարդիկ հաճախ անում են ամենասխալ եզրակացությունները: Սիրտը նույնպես խաբում է, ինչպես և բանականությունը, նրա մոլորությունները ոչ պակաս կորստաբեր են, բայց նրանցից ազատվելն ավելի դժվար է` նրանց հետ կապված ցավի պատճառով: Չկան երևակայական դժբախտություններ: Բոլոր դժբախտություններն իրական են, եթե տառապում ես նրանցով: Երևակայական վիշտը ճշմարիտ վիշտ է: Երևակայությունը զգայուն մարդուն դարձնում է արվեստագետ, իսկ խիզախին` հերոս: Կարողացեք տառապել: Ով տառապում է գիտենալով, նա ավելի քիչ է տառապում: Միայն սիրտն է ընդունակ իր երազներն արգասավորելու: Սիրտը կարող է միտք ավելացնել, բայց միտքը չի կարող սիրտ ավելացնել: Առողջ միտքը հազվադեպ է զուգորդվում միջակ բնավորության և ավելի հազվադեպ` բարձր խելքի հետ: Կարելի է կասկածել ամեն բանում, սակայն կյանքի պայմանները դրանից չեն փոխվի: Ոչ թե բանականությունն է կործանարար մարդու համար, այլ բանականության սխալները: Մարդը եկել է երկիր վերջինը, նա միայն երեկ է ծնվել: Դրա համար չի կարելի պահանջել, որ նա լինի չափազանց խելամիտ: Ժամանակը միշտ պիտի հարգի ու պաշտպանի այն, ինչ ամուր է, բայց և պիտի փոշի դարձնի այն, ինչ անկայուն դուրս կգա:

ԲՈՐԻՍ ՎԻԱՆ

21 Ապր

ՍԱՐԴԵՐԸ

Տներն այն, ուր երեխաներն են մեռնում
Ներս են մտնում միշտ չափազանց ծեր անձինք
Նստոտում են նախասենյակում նրանք
Ցուպերն իրենց սև ծնկների արանքում
Լսում են լուռ գլխով անում խորիմաստ:

Հենց հազում է երեխան ողջ թոքերով
Նրանք սիրտն են իրենց չանչում ձեռքերով
Ձեռքեր նման դեղին ու մեծ սարդերի
Պատռվում է հազն անկյունում սենյակի
Ինչպես թրջված դժգույն թիթեռ վեր թռչում
Եվ բախվում է առաստաղին ծանր խիստ:

Նրանց դեմքին ինչ-որ ժպիտ կա տարտամ
Իսկ երեխան դադարում է հազալուց
Եվ սարդերը այն դեղնավուն ու հսկա
Թափվում են ցած և հանգչում են դողալով
Նրանց կարծր ծնկների մեջ սեղմված
Փայլուն ու կոկ գլուխներին ցուպերի:

Եվ այնուհետ երբ մեռնում է երեխան
Նրանք ելնում ու գնում են մի այլ տեղ…

Թարգմ Ս. Չիլոյան

ԹՈՄԱՍ ՖՈՒԼԵՐ

21 Ապր

Օրենքը կառավարում է մարդկանց, բանականությունը` օրենքներին: Նա, ով մեղրը լիզում է եղինջի վրայից, դրա համար չափազանց թանկ է վճարում: Նիհար ազատությունը լավ է ճարպոտ սրկությունից: Չի կարող բարեկամություն լինել այնտեղ, որտեղ ազատություն չկա: Սոխակը վանդակում չի կարող երգել:
Ուզու՞մ ես երջանիկ լինել ամբողջ կյանքում` ազնիվ մարդ եղիր: Բարի համբավը լավ է գեղեցիկ դեմքից: Առաքինություններից ամենափոքրը երախտագիտությունն է այն դեպքում, երբ երախտամոռությունը արատներից վատթարն է: Սակայն առաքինությունը նախանձից չի ապահովագրում: Բախտի քմահաճույքները փորձաքար են արիասիրտ մարդու համար: Նա, ով ձեր ներկայությամբ ձեզնից վախենում է, ձեր ետևից ձեզ կատի: Ով զգուշանում է եղինջից, նրան եղինջն ավելի հաճախ կխայթի: Լավագույն նշանառուն ևս կարող է վրիպել, խավար գիշերում լավ նավաստին ևս կարող է սխալվել, և ոչ ամեն եղեգնից կարելի է շվի պատրաստել: Լիքը գավաթը հարկավոր է զգույշ տանել:
Գործողությունը գիտելիքների արդյունքն է: Գիտելիքը գանձ է, բայց նրա բանալին փորձն է: Փորձը լավ բան է, եթե նրա համար թանկ չի վճարված: Նա, ով ամեն ինչ թողնում է պատահմունքի քմահաճույքին, նա իր կյանքը դարձնում է վիճակախաղ: Բայց հիմար խաղում ոչ ոք չի շահում: Ով կարող է նվագել, թող նա էլ վերցնի վինը: Ով ոչնչի մասին չի հարցնոմ, նա ոչինչ չի սովորի: Միշտ չէ, որ շքեղ գլխարկը ծածկում է հարգանքի արժանի գլուխը: Ճշմարտության լավագույն զարդը նրա մերկության մեջ է:

ԱՅՍՊԵՍ ԾՆՎԵՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ

21 Ապր

ՀԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 1915 ԹՎԱԿԱՆԻ
ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԿՈԹՈՂ
ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16 մարտի 1965թ.
Երևան

Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետը ո ր ո շ ո ւ մ է՝
1. Սուլթանական Թուրքիայի կառավարողների կազմակերպած հայկական կոտորածների հիսնամյակի կապակցությամբ, ընդառաջելով ռեսպուբլիկայի աշխատավորների ու հասարակական կազմակերպությունների ցանկություններին, Երևան քաղաքում կանգնեցնել կոթող՝ ի հավերժացումն 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակի։
2. Հանձնարարել Հայկական ՍՍՌ Պետշինին հայտարարել կոթողի լավագույն նախագծի մրցանակաբաշխություն։ Մրցանակաբաշխության ժամկետ սահմանել մեկ ամիս՝ սկսած հայտարարության օրվանից։
3.Առաջարկել Երևանի քաղաքային սովետի գործկոմին անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք կատարել և կոթողի կառուցումն ավարտել 1965 թվականին։

Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի նախագահ Ա.Քոչինյան
Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի գործերի կառավարիչ Հ.Մելքոնյան

ՀԱԱ, Ֆ.113, ց.96, գ.88, թ.2։ Բնագիր։ Մեքենագիր։

Մի դուռ էլ փակեցին

21 Ապր

Ամեն գնով նախահարձակ լինելու և լարվածությունը պահպանելու Վրաստանի գործունեության նոր դրսևորումը դարձավ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դիմումը իր երկրի խորհրդարանին, որով նա առաջարկում էր չերկարաձգել «Վրաստանի տարածքով ռազմական բեռների ու անձնակազմի տարանցումը կազմակերպելու վերաբերյալ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնագրի» կիրառումը: Ըստ պաշտոնական բացատրության, այդ փաստաթղթի գործողության ժամկետը լրացել էր և երկու երկրների ներկայիս հարաբերությունների պայմաններում պարզապես իմաստ չուներ այն երկարաձգել: Հիշեցնենք, որ տվյալ համաձայնագիրը Վրաստանի ու Ռուսաստանի կառավարությունների կողմից ստորագրվել էր 2006 թվականին` հինգ տարի ժամկետով: Այն սահմանում էր Վրաստանի տարածքով ավտոմոբիլային, օդային և երկաթուղային տրանսպորտով ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական բեռների, ինչպես նաև անձնակազմի տարանցման կարգը, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի համար: Փաստաթղթում ասվում էր նաև այն մասին, որ եթե վրացական կողմը դրա ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարեր դադարեցման մտադրության մասին (ժամկետը լրանում է նոյեմբերին), ապա Մոսկվայի հետ կնքված համաձայնագիրը մեխանիկորեն կերկարաձգվեր:
Եվ այսպես, Վրաստանի խորհրդարանը ապրիլի 19-ին 84 կողմ ձայներով որոշում ընդունեց համաձայնագրի գործողության ժամկետի լրանալու մասին: Երկրի արտգործնախարար Նինո Կալանդաձեն կատարված փաստը մեկնաբանեց զուտ վրացական բառապաշարով. «Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայից հետո վրացական կառավարությունը որոշում է ընդունել այլևս չշարունակել Ռուսաստանի հետ ռազմական բեռների փոխադրման համաձայնագրի ժամկետը»:« Սրա հետ մեկտեղ վրացական կողմը նաև պնդում էր, թե վերջին անգամ Ռուսաստանը այդ հարցով իրենց է դիմել 2008 թվականի հունիսին, սակայն ստանալով մերժում, այլևս այդ խնդրով հարցումներ չի ներկայացրել: Ստացվում էր այնպես, որ կամ ռուսները վերջին երեք տարիների ընթացքում ոչ մի փոխադրում չէին իրականացրել (ինչը հազիվ թե համապատասխանի իրականությանը), կամ ունեն այլընտրանքային ուղիներ և վրացական օգնության կարիքը բնավ չեն զգում:
Ամեն դեպքում քաղաքական մեկնաբանները միաձայն այն տեսակետն են պաշտպանում, որ այս որոշումն այսպես թե այնպես կսրի իրավիճակը տարածաշրջանում: Ի դեպ, նույն միտքը կիսում են նաև վրացի դիտորդները, որոնք էլ շրջանառու դարձրեցին վարկածն այն մասին, թե որոշումը պայմանավորված է Ադրբեջանի հետ բարելավվող հարաբերություններով: «Հնարավոր է, որ դա ադրբեջանցիներն են խնդրել: Թեև որոշման պատճառների մասին միայն կարելի է գուշակել, բայց դա առաջին միտքն է, որ գալիս է մարդու ուղեղին»,- գրել էր վրացի փորձագետներից մեկը: Իհարկե, նման տարբերակը քիչ հավանական է` հաշվի առնելով Բաքվի նկատմամբ Մոսկվայի ազդեցության չափերը, սակայն սա էլ լիովին բացառել չի կարելի: Մյուս կողմից էլ նկատենք, որ կատարվածն ըստ էության այլ բան չէր, քան արդեն առկա իրավիճակի սոսկ իրավական ձևակերպումը:
Մեզ անհանգստություն պատճառող խնդիրը կայանում է նրանում, որ նման որոշմամբ փաստացի Ռուսաստանը զրկվում է Վրաստանի տարածքով` ցամաքային ու օդային ճանապարհով, Հայաստանի իր ռազմակայանին բեռներ մատակարարելու հնարավորությունից: Ու որքան էլ ընդունենք, որ հարցը բխում է ռուս-վրացական լարված հարաբերություններից, միևնույն է, չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ այս ուղղությամբ ռուսներն ուրիշ ու՞ր պիտի ռազմական տեխնիկա առաքեին, եթե ոչ Գյումրիի ռազմակայան: Եվ այս դեպքում արդեն դժվար է դառնում միանշանակորեն ասել, թե հարուցված բարդություններն առաջին հերթին ում ուսերին են ծանրանալու` ռազմակայանը տնօրինող ռուսների՞, թե՞ այդ «բարիքներից» օգտվել ցանկացող Հայաստանի: Չենք կարող շրջանցել նաև այն փաստը, որ Վրաստանի խորհրդարանն այդ որոշումն ընդունեց Վրաստանի պաշտպանության նախարարի Հայաստան կատարած այցից անմիջապես հետո, երբ բարեկանության, եղբայրության ու փոխօգնության մասին հավաստիացումների պակաս չէր զգացվում:
Ռուսաստանցի առաջատար ռազմական փորձագետներից մեկը` Ալեքսանդր Գոլցը, մեկնաբանելով վրացական կողմի նախաձեռնությունը, ասաց. «Ակնհայտ է, որ այս քայլի նպատակը դեպի Գյումրիի ռազմակայան անձնակազմի ու ռազմական տեխնիկայի տեղափոխումը դժվարացնելն է: Թույլ տվեք հիշեցնել, որ ռուսական բանակը զորակոչային հիմքի վրա է համալրվում: Դա նշանակում է, որ կես տարին մեկ Գյումրիում անձնակազմի փոփոխություն է տեղի ունենում: Երբ դա անհնարին է դառնում, ռազմակայանը լուրջ բարդությունների առաջ է կանգնում»:
Խնդիրն այս պարագայում ոչ միայն Գոլցի հիշատակած բարդություններն են, այլև այն, թե դա ի՞նչ կարող է տալ վրացիներին, որոնք հրաշալի հասկանում են`Ռուսաստանը բոլոր դեպքերում մի շարք այլընտրանքային տարբերակներ ունի, որոնք ոչ միայն թույլ կտան կազմակերպել ռազմակայանի անխափան մատակարարումը, այլև առանձնապես մեծ վնասներ չեն կրի դրանից:
Գուցե իսկապես վրացական դեմարշը որևէ խնդիր չհարուցի Հայաստանի համար: Ինչպես այս օրերին գրել էր «Կոմերսանտ» թերթը`«զենքն ու ցանկացած այլ սպառազինությունը Հայաստան կարող է հասցվել Իրանով: Բացի այդ, կա օդային ճանապարհը` անմիջապես Ռուսաստանից Հայաստան»: Իսկ Պետդումայի աղբյուրներից մեկը նույն թերթին տեղեկացրել էր, որ «ցանկացած բեռների տեղափոխումը Հայաստան այսուհետ ևս կատարվելու է առանց սահմանափակումների»:
Բոլորովին ոչ պատահաբար տարածում գտավ նաև այն կարծիքը, թե իբր Վրաստանի արգելքը տարածվում է միայն ռուսական ռազմաբազայի, այլ ոչ թե ՀՀ Զինված ուժերի կարիքների համար մատակարարումների վրա: Այս թարմ գաղափարն, իհարկե, վրացիների «արտադրանքն» է, որի նպատակն է տպավորությունն ստեղծել, թե իբր արգելքի ազդեցությունը նվազագույն հետևանքներ կունենա հայերի համար: Բացի այդ, Վրաստանում հավանաբար մոռացել են, որ անցած երեք տարում 102-րդ ռազմաբազան բնականոն ծառայություն է իրականացրել, համալրվել է անձնակազմով, բավարարել է իր բոլոր կարիքները, և ուրեմն նրանց հիշեցումը 2008-ից ի վեր գործող արգելանքի մասին որևէ ներգործություն չի ունեցել, իսկ հարակից լուծումները միշտ էլ գտնվել են: Ասվածին մնում է միայն հավելել, որ նույն այն օրը, երբ Թբիլիսիիում խոսում էին ճանապարհները փակելու մասին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պետդումա ներկայացրեց Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման մասին պայմանագիրը` վավերացման նպատակով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: