Պահոց | Օգոստոսի, 2017

ՎԻԼՀԵԼՄ ՏԵԼԼԻ ՈՃՈՎ

31 Օգս

Բոլորին է հայտնի առասպելական հերոս նետաձիգ Վիլհելմ Տելլի պատմությունը, ով թագաժառանգի պահանջով խնձոր տեղադրեց հարազատ որդու գլխին և կարողացավ խոցել խնձորը` առանց տղային վնասելու:
Ահա այս պատմությամբ ոգեշնչված ամերիկացի նշանավոր գրող Ուիլյամ Բերրոուզը 1951 թ. սեպտեմբերի 6-ին մի խնջույքի ժամանակ բաժակը դնում է կնոջ` Ջոանի գլխին և հայտարարում է, թե կարող է փշրել գավաթը «Վիլհելմ Տելլի ոճով»: Սակայն դա ճակատագրական կրակոց էր: Գրողը վրիպում է և սպանում է կնոջը:

400622_33_i_067

ԿՅԱՆՔԻ ՀԱՄԵՐԸ

31 Օգս

Դուք հնձան տեսե՞լ եք: Ես տեսել եմ, իմ պապական տան նկուղում: Հայրս ու հորեղբայրս ընտրանի խաղողը բերում, լցնում էին այնտեղ, բոբկացած մտնում էին մեջը ու սկսում էին տրորել հազարավոր ողկույզները, իսկ մենք` փոքրերս, հավաքվում էինք ծորակի մոտ և նայում էինք, թե ինչպես էր պղտոր, փրփրուն հյութը գուռից հոսում դույլերի մեջ:
Երեխա էինք, միամիտ բաներ էինք մտածում: Օրինակ, մտածում էինք այն մասին, որ հավանաբար ամեն լավ բան ոչ միայն պիտի ջերմանա արևից, խմի հողի կենսաբեր հյութերը, աճի խնամող ու հոգատար ձեռքերի տակ, այլև մի քիչ էլ ոտնատակ պիտի գնա, պիտի տրորվի, ճզմվի, որ առնի կյանքի քաղցրությունից անբաժան կյանքի դառնության համը ու դառնա լիարժեք, ախորժելի: Եվ հենց դրա համար էին մեր հայրերը այգուց խաղողը հնձան տանում:

Հովիկ Չարխչյան

f55c5c60eba418_55c5c60eba7e1.thumb

Այսօր մեր շուրջը շատ մարդիկ կան, որոնց հայանպաստ գործունությունը լուրջ կասկածի տեղիք է տալիս, ինչո՞ւ «Ելքը» նրանց մասին չի խոսում. Հ. Չարխչյան

31 Օգս

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության՝ փողոցների անվանափոխության հետ կապված ծրագիրը, թեև զուտ նախաձեռնություն է, միևնույն է, «Ելք»-ը՝ որպես քաղաքական միավոր, պետք է ձևավորեր ընդհանուր դիրքորոշում, որն ընդունելի կլիներ ճնշող մեծամասնության համար. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գրականագետ Հովիկ Չարխչյանը: Նա նշեց՝ առաջ քաշված խնդիրն իսկապես առկա է, սակայն սխալ է, որ ընդհանուր ձևավորված մոտեցում չկա, թե ինչ մարդկանց անունով կարելի է կոչել փողոցը, դպրոցը և այլն: «Խնդիրը համակարգային է, օրինակ՝ Պանթեոնի պարագան: Քանի որ մոտեցում չկա, թե այդտեղ ով պետք է թաղվի, ով ոչ, թաղելուց հետո քննարկումներ են լինում, և այլն: Մենք տվյալ դեպքում գործ ունենք տեղանունների, աշխարհագրական վայրերի անունների փոփոխության հետ, իսկ այս տեսանկյունից խնդիրը մի փոքր այլ երանգ է ստանում: Այս պահին Երևանում բազմաթիվ տեղանուններ կան՝ սկսած թաղամասերի անուններից, վերջացրած փողոցներով, որոնց հետ կապված եթե վերլուծություն անենք, ապա շատ առարկությունների կհանդիպենք: Վերջին 30 տարվա ընթացքում ոչ միայն Երևանում, այլև ամբողջ հանրապետությունում բնակավայրերի անուններ փոխվեցին, նոր փողոցների անուններ ավելացվեցին, սակայն որևէ մեկը հիմնական սկզբունքի չի ենթարկվում, քանի որ այս հարցում մենք չունենք ընդհանուր մոտեցում»,- ասաց Չարխչյանը։ Չարխչյանը նկատեց, որ այսօր մայրաքաղաքում կարել է հանդիպել բազմաթիվ կիսանդրիների, հուշատախտակների, որոնց վրա գրված մարդկանց անունները, կենսագրությունը կասկածի լուրջ տեղիք են տալիս: Նրա խոսքով՝ շատ անգամ կասկածով ես նայում, թե այդ մարդն ի՞նչ ծառայություններ է մատուցել հայրենիքին, որ արժանացել է այդ պատվին: «Ծանոթ լինելով որոշ մարդկանց կյանքին ու գործունեությանը՝ հասկանում ես, որ որևէ բան չկա նրանց նման պատվի արժանացնելու համար: Զարմանալի է, թե ինչու «Ելք»-ն այս խնդրին չանդրադարձավ ու հայացք նետեց 100 տարվա վաղեմության պատմությանը: Բացի սա, մի օրինակ էլ բերեմ, որը մեզ համար ցավոտ թեմա է: Այսօր փողոցներ կան, որ առաջարկում են անվանակոչել զինվորի կամ ազատամարտիկի անունով: Պատկերացնո՞ւմ եք, թե անցած 100-200 տարվա մեջ որքան զինվոր է զոհվել իր հայրենիք համար, ցավոք, դեպքերն էլ շարունակական են լինում, արդյո՞ք այսքան մարդկանց անուններով փողոցներ անվանակոչենք: Ես դեմ չեմ մեր հերոսներին հիշելու, հարգելու, սակայն հստակ մոտեցում պետք է ձևավորվի»,- նշեց նա: Գրականագետը նկատեց, որ փողոցների անվանափոխության հետ կապված նախաձեռնությունը բոլշևիզմի դեմ գրոհ դիտարկվեց: Հովիկ Չարխչյանը նկատեց, որ եթե հանկարծ խորհրդային անունների դեմ պայքարենք, կոմունիստների նկատմամբ «հալածանք» իրականացնենք, ծուղակի մեջ կընկնենք, որից դուրս գալը դժվար կլինի: Վերջինս գտնում է, որ չի կարելի մոռանալ, որ կոմունիստական ժամանակաշրջանի մարդիկ օտարներ չէին՝ մեր ծնողներն էին: Նրա համար զարմանալի է նաև փողոցների անվանափոխման հիմքում դրված՝ «հայանպաստ» և «ոչ հայանպաստ գործունեություն» ձևակերպումը: «Եթե հանկարծ խորհրդային անունների դեմ մի բան անենք, ուրեմն պետք է սկսենք Վահան Տերյանից, Եղիշե Չարենցից: Հայանպաստ և ոչ հայանպաստ գործունեություն ասելով՝ մենք ընկնում ենք մեծ մոլորությունների մեջ, քանի որ այսօր մեր շուրջը շատ մարդիկ կան, որոնց հայանպաստ գործունեությունը լուրջ կասկածի տեղիք է տալիս: Այդ մարդկանց մասին գրում են, բարձրաձայնում են, բայց այդ մարդիկ մեդալներ, կոչումներ ու շքանշաններ են ստանում: Այդ հայանպաստի և ոչ հայանպաստի որոշողներն ինչո՞ւ այդ ժամանակ ձայն չեն բարձրացնում, հարցականի տակ դնում այդ մարդու հայանպաստ գործունեությունը»,- ընդգծեց Հովիկ Չարխչյանը: Վերջինս նկատեց, որ բոլշևիկները, երբ իշխանության եկան, Պետրոս Առաջինի արձանը չքանդեցին, թեպետ քաղաքական տեսանկյունից հակառակ մոտեցումներ ունեին: Հովիկ Չարխչյանի դիտարկմամբ՝ փողոցների անունները սրբագրելով պատմություն չես փոխի: «Մենք ուզում ենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ դառնալ՝ առանց հասկանալու, թե ի՞նչ, ո՞ւմ ենք փոխում, ում ենք ջարդում: Ֆրանսիայում այսօր կան ինչպես Լյուդովիկոս թագավորի, այնպես էլ Նապոլոնի արձանները, որոնք ախոյաններ էին: Հիմա սա է մեր պատմությունը, մեր պատմությունից այլ տեղ չեն փախչի՝ փողոցի անուն փոխելով պատմություն չես սրբագրի: Այսօր հանրապետությունում այնպիսի անձանց անուններ կան, որոնք թշնամական են եղել մեր նկատմամբ, որոշ տեղանուններ կան, որոնք մնացել են դեռևս այն ժամանակներից, երբ հայերը պարսկական տիրապետության տակ էին»,-եզրափակեց Հովիկ Չարխչյանը:

Աղբյուր ՝ tert.amd5b0d5b8d5bed5abd5af_d5b9d5a1d680d5add5b9d5b5d5a1d5b6_hovik_charkhchyan1.thumb

ՖՐԵԴԵՐԻԿ ԲԵԳԲԵԴԵՐ

31 Օգս

Թիթեռը մեկ օր է ապրում, վարդը` երեք: Կատվի կյանքը 13 տարի է, սիրո կյանքը` երեք տարի: Եվ ոչինչ չես կարող փոխել: Սկզբում կրքերի տարին է, հետո քնքշանքի տարին և վերջապես` ձանձրույթի տարին:
Առաջին տարին ասում են. «Եթե դու գնաս, ես ինձ կսպանեմ»:
Երկրորդ տարին ասում են. «Եթե դու գնաս, ես ցավ կապրեմ, բայց կդիմանամ»:
Երրորդ տարին ասում են. «Եթե դու գնաս, ես դա կնշեմ շամպայնով»:

«Սերն ապրում է երեք տարի» գրքիցлюбовь765

 

ՄՈՆՏԱԺԻ ՍԱՐՍԱՓԸ

31 Օգս

Վաղուցվա դեպք է: Մի ադրբեջանցի զինվոր հատել էր սահմանը ու գերի էր հանձնվել: Ասացին, որ դիմում է գրել` երրորդ երկիր տեղափոխվելու համար: Մեզ ուղարկեցին դրա մասին հեռուստառեպորտաժ պատրաստելու:
Գնացինք ԿԳԲ-ի շենք, թարգմանչի հետ իջանք նկուղ: Բացեցին մենախուցը, ներս մտանք: Նստած էր խեղճ-կրակ մեկը: Սեղանին իր գրած դիմումն էր: Օպերատորը սկսեց նկարել: Սկզբից թուղթը նկարեց, հետո իրեն: Թարգմանչի միջոցով հարցեր էինք տալիս, սա էլ պատասխանում էր:
Ու մեկ էլ հանկարծ գերին լռեց, գույնը գցեց, հետո սեղանի վրայից խլեց թուղթը, մտցրեց բերանը, ծամեց ու կուլ տվեց: Ինչ մեղքս թաքցնեմ, լավ զայրացանք: Հարցնում ենք` ինչու՞ նման բան արեցիր: Սա թե` իմ հարազատներին Ադրբեջանում կվնասեն: Ասում ենք` այ խելոք, սահմանն անցնելիս մտածեիր դրա մասին, թե չէ հիմա որ թուղթ ես ուտում, դրանից ի՞նչ է փոխվելու: Բայց տեսնում եմ` համառում է: Ու այդ ժամանակ սրան հարցրեցի.
— Դու գիտե՞ս, թե ինչ բան է մոնտաժը:
Զարմացած ինձ է նայում: Ես էլ բացատրում եմ.
— Դիմումդ նկարեցինք, քեզ նկարեցինք: Կտանենք ստուդիա, այդ երկու կտորները կմիացնենք իրար ու վերջ, նյութը պատրաստ է:
Ապշած նայում է դեմքիս, քիչ-քիչ հասկանում է, թե խոսքն ինչի մասին է: Իսկ մենք հավաքեցինք տեսախցիկներն ու գնացինք: Պարզվեց, մոնտաժը ահեղ զենք էր: Մեզնից հետո նոր դիմում էր գրել:

Հովիկ Չարխչյանmontaj

ՀԱՐԿԱԴԻՐ ՍԵՐ

29 Օգս

Պրուսիայի տիրակալ Ֆրիդրիխ Վիլհելմը շատ բռնկուն բնավորություն ուներ: Եվ նրա անկայուն խառնվածքն առանձնապես դրսևորվում էր այն ժամանակ, երբ որոշում էր դուրս գալ զբոսանքի Բեռլինի փողոցներում: Եթե փողոցում որևէ մեկը տիրակալի դուրը չէր գալիս, Վելհելմն անմիջապես բարձրացնում էր ձեռնափայտն ու հարձակվում էր իր զոհի վրա: Զարմանալի չէ, որ նրան հեռվից նկատողներն անմիջապես շտապում էին հեռանալ:
Ահա մի անգամ էլ Վիլհելմը քայլում էր քաղաքում և տեսավ մի բեռլինցու: Վերջինս փորձեց թաքնվել, բայց արդեն ուշ էր: Տիրակալը բռնեց նրան:
— Այդ ու՞ր ես ուզում գնալ:
— Այս տունը,- ասաց խեղճ մարդը:
— Դա քո տու՞նն է:
-Ոչ:
— Քո ընկերոջ տու՞նն է:
— Ոչ:
— Այդ դեպքում ինչու՞ ես ուզում մտնել այնտեղ:
Հասկանալով, որ իրեն կարող են կողոպտչի տեղ դնել, դժբախտ բեռլինցին ստիպված խոստովանեց.
— Որպեսզի Ձեզ չհանդիպեմ, Ձերդ մեծություն:
— Իսկ ինչո՞ւ չես ուզում ինձ հետ հանդիպել:
— Որովհետև վախենում եմ:
Այդ խոսքերից արյունը խփեց Վիլհելմի գլխին: Կատաղած բռնակալը ճանկեց քաղաքացուն, սկսեց ուժգին թափահարել նրան ու գոռալ.
— Ինչպե՞ս ես դու համարձակվում ինձնից վախենալ: Ես քո տիրակալն եմ: Դու պիտի ինձ սիրես: Սիրես ինձ: Սիրես, հասկանու՞մ ես, ապուշ: Միայն սիրես…

friedrich-wilhelm-i-1

 

ԻՐ ՀՈՂԻ ՎՐԱ

29 Օգս

ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնը երբեք չի այցելել Մեծ Բրիտանիա, իսկ մի անգամ նույնիսկ հրապարակավ հայտարարել է, որ ոտք չի դնի Լոնդոնում: Եվ երբ նրա մահից հետո ամերիկացիները ցանկություն հայտնեցին Լոնդոնում տեղադրել Վաշինգտոնի արձանը, իրենց նախագահի խոստման մասին չմոռացան: Նախքան քանդակի տեղադրելը նրանք ԱՄՆ-ից հող բերեցին ու լցրեցին արձանի պատվանդանի տակ:

6448beb7ec2fe52b28bdd1276ba6cc17.jpg

ԲԱՑԱՐՁԱԿ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

29 Օգս

Աշխարհում անսովոր գրքերի պակաս չկա: Դրանցից մեկի հեղինակն էլ լեհ ֆանտաստ գրող Ստանիսլավ Լեմն է: Նրա պատմվածքների ժողովածուի անունն է «Բացարձակ դատարկութուն»: Գիրքն իրենից ներկայացնում է գոյութուն չունեցող գրքերի գրախոսականների հավաքածո, որոնց հեղինակները գոյութուն չունեցող գրողներն են:

EN_00907813_8369

ՀԱԿԱԾԽԱԽՈՏԱՅԻՆ

29 Օգս

Առաջին անգամ ծխելու և թոքերի քաղցկեղի առաջացման բարձր հավանական կապի մասին հայտարարել են նացիստական Գերմանիայի բժիշկները: Եվ հենց 1930-ականներին` Հիտլերի օրոք է առաջին անգամ պետական մակարդակով հակածխախոտային քարոզչութուն իրականացվել:

2-9TgRZo__original__

ԷՅՆՇՏԵՅՆԻՆ ՉՀԱՍԿԱՑԱՆ

29 Օգս

Տարածված բան է` նշել, թե ինչ են ասել նշանավոր մարդիկ իրենց մահից առաջ: Բայց ահա Էյնշտեյնի բախտը չի բերել: Նրա վերջին խոսքերն այդպես էլ անհայտ կմնան, քանի որ այդ պահին գիտնականի կողքին գտնվող աղախինը գերմաներեն չէր հասկանում:

916447298

ԳՅՈՒՂԻ ՏՂԱՆ

28 Օգս

Գյուղն առանց առուների գյուղ չէ: Գյուղի երեխան պիտի ոտքերը թրջի այդ առուների ջրերի մեջ, պիտի քսվի առվեզերքին աճած դաղձի ու եղինջի տերևներին, պիտի ցեխոտվի ու մաքրվի, պիտի քրտնի ու մրսի, պիտի սայթաքի ու վեր կենա, որ դառնա գյուղի տղա: Գյուղի տղան պիտի մկրտվի ջրով, արևով, փոշով ու ցավով լցված ազնվության ավազանի մեջ:
Գյուղի տղայի ձեռքերի մեջ բահից, մանգաղից, որձաքարից պիտի առաջին կոշտուկները դուրս գան, ճամփի շեկ ավազների ու հողերի վրա ոտնատակը պիտի խանձվի, պիտի կռիվ անի ու հաշտվի, քթից եկող արյունը պիտի սրբի թևքով: Գյուղի տղան պիտի իմանա սիրո միայն մի ձևը` լուռ սերը, պիտի մեծանա ավագ եղբոր շորերի մեջ, պիտի ցանկանա ու չունենա, պիտի հարցնի, նոր վերցնի, պիտի հիշի ու չափսոսա:
Հետո իր կյանքում շատ ուրիշ բաներ կտեսնի, կդառնա կամ լավը, կամ վատը, բայց մի բան նրան երբեք չի լքի: Էն առվի քչքչոցը:

Հովիկ Չարխչյանwrinkly

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

26 Օգս

Դաշտերում սեզ ու ծաղիկ,
Գյուղերում որքան մանուկ…
Գալիք իմ, լուսե գալիք,
Երկիր իմ, երգ իմ անուշ…

Փռվում է իրիկունը,
Նման է գորշ մի վարդի,
Արևը կրակում է
Մոխիրն սարերից անդին:

Իմ երկրի աստղերի տակ
Դեռ ծնվող որքան մանուկ…
Օ, երկունք խոր ու հստակ,
Երկիր իմ, երգ իմ անուշ…

1926aa1bca99-73f1-450e-a25e-f0302e38c981

ՎԵՐՋԱԿԵՏ

25 Օգս

Գրպանումս վերջակետ կա: Արդեն քանի տարի: Մշտական ուղեկից է: Գիտեմ, որ մի օր պիտի դրվի, որովհետև մեզ ասել են` ամեն բան իր հատուցման գինն ունի: Բայց մնացել է, քանի որ հանգամանքներն անսիրալիր գտնվեցին, ժամանակը դատարկ հույսով կերակրեց, ակնկալիքների ծխի միջից տեսանելի չեղավ ճանապարհի ավարտը: Իսկ գրպանիս միջի վերջակետը տանջեց, կեղեքեց, տողը երկարեց, միտքը դարձավ ձանձրալի, պատմությունը ճահճացավ:
Հիմա ներքին ձայնս եկել ու ասում է. «Դիր վերջակետդ, անցիր առաջ»: Ու նոր տող գրել բոլորովին էլ պարտադիր չէ: Պարզապես ավարտիր: Եվ եթե նույնիսկ վերջակետը ցավալի է, ապա գոնե ազնիվ նշան է:

Հ. Չարխչյանmid_27188_2845

ՏԱՏԻՍ ԵՐԿՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

25 Օգս

Լուսահոգի տատս, որ ապրեց հարյուր տարուց ավելի, չտեսավ այն օրը, երբ մեր կենցաղ մտավ ու տիրաբար բազմեց նորին գերազանցութան պոպկորնը, որովհետև երբ տատս նկուղից դուրս էր բերում ամառը հավաքած, չորացրած ու ձմեռվա շիկացած վառարանի մոտ հատկահան արվող եգիպտացորենը, նրա հրաշագործ ձեռքերի տակ փքվող ձյունաճերմակ ամպին տատս անվանում էր ադիբուդի, իսկ մենք` երեխաներս դրան կոչում էինք պտպտիկ:
Դրա համար էլ երբ այսօր ոմանք սոփեստական քննարկումներ են ծավալում օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների շուրջ, այդ աղմուկը ինձ հիշեցնում է «առաջինը հավն է եղել, թե ձուն» հավերժական վեճը, իսկ տատիս արդեն ոչինչ հիշեցնել չի կարող, թեև սկզբնապես ադիբուդին էր:

* * *
Իմ ողորմած տատը կրկնակի երջանիկ էր, որովհետև չտեսավ նաև այն օրը, երբ երկու ոստիկան մեր բակ մտան ու պահանջեցին ոչնչացնել պատի տակ աճած կանեփի թփերը: Այս շրջադարձային պահին ոչ մեր տանը, ոչ բակում, ոչ էլ ամբողջ թաղում չգտնվեց գոնե մեկ պոտենցիալ թմրամոլ, որ հակադարձեր նրանց ու կանխեր կանաչ թփերի ջարդը: Փոխարենը եղբայրս արագ դուրս բերեց գերանդին, հորիզոնական դիրք տվեց վտանգավոր բուսատեսակին ու ոստիկանները գոհացած հեռացան:
Բայց մինչ այդ ժամը այլ ժամանակներ էին և այդ անցած ժամանակների մեջ էլի տատս էր, որ տոնական օրերին բոված կանեփը խառնում էր ցորենին ու մենք բռերով ուտում էինք նրա տված աղանձի խրթխրթան ջերմութունը`անգիտակից «կակաչ-կանեփ» հնարավոր օպերացիային և դրա կասկածելի անձանց «սև ցուցակում» հայտնվելու հետևանքներին:

Հ. ՉարխչյանPopcorn_Banner

ԳԱՆՁԸ ՆԱՅՈՒՄ Է ԻՆՁ

25 Օգս

Ասում են` Հայաստանի լեռներից մեկի գագաթին (Գառնի գյուղի շրջակայքում) մի հինավուրց քար կա, որի վրա փորագրված է. «Ես նայում եմ գանձին, գանձը նայում է ինձ»: Հնագետներից շատերին ծանոթ է այդ վայրը, իսկ գանձախույզները դարեր շարունակ փորձել են գտնել թաքցված հարստությունը` կողմնորոշիչ ունենալով առեղծվածային գրությունը:
Տեղեկութուններ չկան այն մասին, թե որևէ մեկին դա հաջողել է, բաց ես կարծում եմ, որ ինքս արդեն գիտեմ հեքիաթային գանձի գաղտնիքը:
«Ես նայում եմ գանձին, գանձը նայում է ինձ» Քարը նայում է մեր երկրին, երկիրը նայում է քարին: Ավելի մեծ գանձ չկա:

Հ. Չարխչյան

704797_389325557814587_1457029877_o

ԱՆՄՈՌՈՒԿԸ

25 Օգս

Անմոռուկը այն հազվագյուտ ծաղիկներից է, որի անունը տարբեր լեզուներով նույն իմաստն ունի, թեև ամեն երկիր ծաղկի անվան առաջացման իր լեգենդն է մատուցում: Այդ պատմություններից մեկի համաձայն, Աստված անուն է տալիս բոլոր բույսերին, բացի մի փոքրիկ ծաղկից: Եվ այդ ժամանակ ծաղիկն ասում է. «Մի մոռացիր ինձ»:
— Հենց դա էլ կլինի քո անունը,- պատասխանում է Արարիչը:

information_items_12694

Խորքից վերև են նայում

24 Օգս

Քայլում եմ: Դիմացից Ռաֆայել Քոթանջյանն է գալիս: Դանդաղաքայլ, կքված, ինքն իր մեջ միանձնացած: Հագին մուգ կոստյում է, գրպանում` կարմիր թաշկինակ: Արտիստիկ տխրություն կա այդ ամենի մեջ, բայց կեցվածքից պատկառանք է բխում, ուզում ես կանգնել ու խոնարհվել: 
Եկավ, բարևեցինք, անցավ: Թվաց` թաղվել էի մի ուրիշ ժամանակի մեջ, հիմա թոթափվում եմ, միայն թե դրանից թեթևություն չեկավ: Մարդն ընդամենը մայթով անցել էր ու մի ահռելի ծանրություն էր թողել: Չէ, հետք էր թողել: Խորը հետք: Իսկ խորության միջից միայն վերև են նայում:

Հ. Չարխչյան

maxresdefault

ՄՏՔԵՐ

23 Օգս

Կնոջը կառավարելու երկու միջոց կա, բայց ոչ ոք դրանք չգիտի:
Հաբերդ Ֆրանկ

Նա, ով առաջինը կնոջը համեմատեց ծաղկի հետ, մեծագույն պոետ էր: Իսկ ահա երկրորդը հիմարի մեկն էր:
Հայնրիխ Հայնե

Շատ քչերը ձեզ կստիպեն ծիծաղել: Եվ գրեթե ամեն ոք կարող է ձեզ ստիպել արտասվել:
Բիլ Մյուրե

Ուժի թուլությունը կայանում է նրանում, որ այն հավատում է միայն ուժին:
Պոլ Վալերի

Հիմնական գաղափարը`մեռնել երիտասարդ որքան հնարավոր է ուշ:
Էշլի Մոնտեգյու

Կանայք տղամարդկանցից ուշ են մահանում, որովհետև միշտ ուշանում են:
Ֆաինա Ռանևսկայա

Թշնամուն կարելի է ներել, բայց նախ պետք է նրան ոչնչացնել:
Նապոլեոն

Դուք ասում եք` ժամանակն անցնում է: Անմիտներ, այդ դուք եք անցնում:
Թալմուդ

Ով առաջ չի գնում, նա ետ է գնում: Անշարժ վիճակ չկա:
Բելինսկի

Կինը երբեք այնքան ուժեղ չի լինում, քան երբ զինված է լինում թուլությամբ:
Բունին

Վանդակում ծնված թռչունը կարծում է, թե թռիչքը հիվանդություն է:
Ալեքսանդրո Խոդորովսկի

Վատ օրենքներով և լավ չինովնիկներով լիովին կարելի է կառավարել երկիրը: Բայց եթե չինովնիկները վատն են, չեն օգնի նույնիսկ ամենալավ օրենքները:
Բիսմարկ

Կցանեք արարք` կհնձեք սովորություն:
Կցանեք սովորություն` կհնձեք բնավորություն:
Կցանեք բնավորություն` կհնձեք ճակատագիր:
Ուիլյամ Թեքերեյ

Եթե իրավիճակից ելք չեք տեսնում, գործեք անտրամաբանորեն: Հենց դա էլ ելք կդառնա:
Կոկո Շանել

Եթե կինն ասում է «ոչ», դա նշանակում է «թերևս», եթե կինն ասում է «թերևս», դա նշանակում է «այո», եթե կինն ասում է «այո», ապա դա կին չէ:
Վոլտեր

Եթե մարդը քեզ վատություն է արել, նրան կոնֆետ տուր: Նա քեզ` վատություն, դու նրան` կոնֆետ: Եվ այդպես այնքան ժամանակ, քանի դեռ այդ անասունի մոտ չի առաջացել շաքարային դիաբետ:
Ֆաինա Ռանևսկայա

Առաջ անցնելու երկու ճանապարհ կա` խաղալ կանոններով բոլորից լավ կամ բոլորից լավ խախտել կանոնները:
Բոբ Հոկեր

61a402bd823c2f6844682e14efdac62b

ԱՄԵՆԱԲԱՐԵԿԻՐԹ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

23 Օգս

Անգլիացի ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզն իր ողջ մարզական կենսագրության ընթացքում չի ստացել ոչ մի նախազգուշացում, դեղին կամ կարմիր քարտ: Ի դեպ, նա մասնակցել է ավելի քան 700 պաշտոնական խաղի և ֆուտբոլը լքել է 50 տարեկանում: Հրաժեշտի արարողության ժամանակ Ելիզավետա Երկրորդ թագուհին նրան ասպետական տիտղոս է շնորհել: Մեթյուզը սպորտաձևի պատմության մեջ մնացել է իբրև ամենաբարեկիրթ ֆուտբոլիստ:

20915151_2486353001505640_1248677619905104216_n

ԳՆԴԻԿԱՎՈՐ ԳՐՉԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏԸ

23 Օգս

Մատենադարանի ձեռագրերը վկայում են, որ առաջին գնդիկավոր ինքնահոս գրիչները հնարել են հայ գրչագիրները դեռևս 1166 թվականին` Հռոմկլայում (Կիլիկիա): Այդ թվականին գրված մի ձեռագրում պատկերված է ավետարանիչը` գնդիկավոր ինքնահոս գրիչը ձեռքում: Ստեփանոս գրչի հիշատակությունից պարզ է դառնում, որ գրիչը մեկ անգամ թաթախելով 700 տառ է գրել, մոտավորապես մեկ էջ:
Սա հաստատում է, որ ինքնահոս գրիչը հայկական ծագում ունի, քանի որ 1166 թվականից առաջ հին մատենագրության մեջ չի հիշատակվում նման որևէ դեպք:

18051785_917185958421553_1064201999_n

%d bloggers like this: