Պահոց | Հունվարի, 2018

ՄՏՔԵՐ

27 Հնվ

Քսանհինգ տարեկանում բոլորն էլ կարող են լինել տաղանդավոր: Ամբողջ խնդիրն այն է, որ տաղանդավոր լինես նաև հիսուն տարեկանում:
Էդգար Դեգա

Լավագույնը, որ հայրը կարող է անել իր զավակների համար, նրանց մորը սիրելն է:
Թեոդոր Հեսբերգ

Իսպանացի գրող Լոպե դե Վեգան մահվան մահճում վերջին անգամ հայացք նետեց իր շուրջը հավաքվածների դեմքերին ու ասաց. «Դե լավ, թեև վերջում հետևյալը կասեմ` սիրտս խառնում է Դանթեից»:

Յուրաքանչյուր Կայեն կգտնի իր Աբելին:
Հելմուտ Վալտերս

Մարդկանց ատամներ ցույց տալու լավագույն միջոցը ժպիտն է:
Վիկտոր Ֆինկ

Զարմանալի է, բայց կյանքի ամբողջ փիլիոփայությունը ամփոփված է երկու բառի մեջ. «Թքած ունեմ»:
Շառլ Լուի Մոնտեսքյո

Աստված մեզ հիշողություն տվեց, որ վարդերը մեզ համար ծաղկեն նաև դեկտեմբերին:
Ջեյմս Մեթյու Բարրի

Բանակային այն կանոնը, թե «հրամայել կարող է միայն նա, ով կարողանում է ենթարկվել»` նույնն է, եթե ասենք, որ լողալ կարողանում է միայն նա, ով կարողանում է խեղդվել:
Լորենս Պիտեր

Իսկ գուցե բուրմունքը մեռնող վարդի ցա՞վն է:
Հռոմի պապ Ալեքսանդր VI

Որտեղ շատ լույս կա, այնտեղ ստվերը թանձր է:
Գյոթե

Իշխանական աթոռները գլխի չափերով չեն պատրաստվում:
Ստանիսլավ Եժի Լեց

Սրամիտ լինելը դժվար գործ չէ, եթե քեզ համար աշխատում է մի ամբողջ կառավարություն:
Ուիլ Ռոջերս

Աստված պատասխանում է մեր բոլոր աղոթքներին: Երբեմն ասում է «այո», երբեմն` «ոչ», իսկ երբեմն էլ ասում է. «Դուք ինչ է, բոլորովի՞ն խելքներդ թռցրել եք»:
Ջիմմի Քարտեր

Անօգուտ է հանգստություն գտնել ինչ-որ վայրում, եթե այն չես գտել քո ներսում:
Ֆրանսիական

Առանձնության մեջ կարելի է ձեռք բերել ամեն ինչ, բացի բնավորությունից:
Ստենդալ

Միշտ թվում է, թե մեզ սիրում են նրա համար, որ լավն ենք: Բայց չենք կռահում, որ մեզ սիրում են նրա համար, որ լավն են նրանք, ովքեր մեզ սիրում են:
Լև Տոլստոյ

Դուք այն եք, ինչ մտածում եք:
Ջեյն Վագներ93963218_large_tainavtebe

ԿԵՍԱՐԸ, ՈՐԻՆ ՈՒՏՈՒՄ ԵՆ

27 Հնվ

Շատերիդ, անկասկած, ծանոթ է «Կեսար» աղցանը: Բայց այս կերակուրը Հուլիոս Կեսարի հետ ոչ մի առնչություն չունի: Աղցանն այդպես է կոչվել ի պատիվ ազգությամբ իտալցի խոհարար Կեսար Կարդինիի, որ բնակվում էր ԱՄՆ-ում: Պատմում են, որ մի անգամ` Ամերիկայի անկախության տոնի օրը, երբ ռեստորանի բոլոր ուտեստները սպառվել էին, իսկ այցելուները պահանջում էին ինչ-որ բան մատուցել, Կարդինին ստիպված է լինում աղցան պատրաստել այն ամենից, ինչ այդ պահին մնացել էր խոհանոցում: Արդյունքում ստացվում է ձեզ հայտնի «Կեսարը»:

recept_1910_g5fx

ՄԱՀԻՑ ԱՌԱՋ

27 Հնվ

Պատմում են, որ իր մահից մի քանի ժամ առաջ Վիլյամ Սարոյանը հեռախոսով  հարցազրույց է տվել «Ասսոշեյթեդ պրես» գործակալությանը: Այդ զրույցի ժամանակ էլ նա ասել է. «Մենք բոլորս մահկանացուներ ենք, բայց ես միշտ հավատացել եմ, որ իմ դեպքում բացառություն կանեն: Եվ հիմա ի՞նչ …»:

photo_219682_146e6b7b8

ԲԱԽՏԱԿԻՑ ԲՈԼԻՎԻԱՆ

27 Հնվ

Բոլիվիան միակ երկիրն է, որ ծով չունի, բայց պաշտոնապես ունի ռազմածովային ուժեր: Բանն այն է, որ դեռևս 1879 թվականին Չիլիի հետ պատերազմում այդ երկիրը պարտվեց ու կորցրեց խաղաղօվկիանոսյան առափնյա հատվածը: Սակայն հանրային գիտակցությունը ոչ մի գնով չհաշտվեց կորստի հետ: Հիմա Բոլիվիայում ամեն տարի նշում են Ծովի օրը, իսկ քաղաքական գործիչներն իրենց ելույթներում մշտապես շեշտում են, որ մի օր կվերադարձնեն կորցված հողերն ու ջրերը: Ինչ վերաբերում է ռազմածովային ուժերին, ապա եղածն ընդամենը փոքրիկ նավեր են, որոնք նավարկում են գետերում և լճերում:
Այս ամենը շատ է հիշեցնում մեր «Ծովիվ ծով Հայաստանը», միայն այն տարբերությամբ, որ մենք նավատորմիղ չունենք, թեև այդ բացը լրացնելու համար երբեք ուշ չէ…

Kakoy-parad-bez-moryakov

ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԵՆ

18 Հնվ

Բոլորը գրում, գրում ու գրում են, և ինչն է ամենից ահավորը` գրում են բանաստեղծություններ: Ինչ լավ կլիներ, եթե այդ գրչակների ամբողջ ցեղախումբը` մեզնից յուրաքանչյուր չորրորդ խելառի ձեռքը տային գործիքնրով արկղիկն ու ուղարկեին որևէ իսկական աշխատանք կատարելու:

waltWhitman072116

ՍԻԼՈՒԵՏԻ ՍԵՎ ՀԵՏՔԸ

18 Հնվ

«Սիլուետ» բառը հետաքրքիր ծագում ունի: 18-րդ դարի կեսին Ֆրանսիայում կար մի նախարար, որի անունն էր Էթեն դե Սիլուետ: 1759 թվականին` Յոթնամյա պատերազմի ժամանակ, այս նախարարը խիստ տնտեսական սահմանափակումներ կիրառեց ֆինանսական ճգնաժամի պատճառով: Հենց նրա ազգանունով էլ սրամիտ ֆրանսիացիները կոչեցին սև թղթից մկրատված դիմանկարները, քանի որ դրանք անհամեմատ էժան էին: Ի դեպ, նախարարն ինքն էլ նմանատիպ պատկերներ կտրատելու հոբբի ուներ:

Без названия

ՈՒՐԻՇ ԴԱՆԱՅԱ

18 Հնվ

Հիշու՞մ եք Ռեմբրանդտի «Դանայա» կտավը: Իսկ գիտե՞ք, որ այս նկարը ժամանակին լուրջ փոփոխութան է ենթարկվել: Մասնագետները ռենտգենյան նկարահանման միջոցով պարզել են, որ սկզբնապես կտավում պատկերված դեմքն այլ է եղել ու հիշեցրել է Ռեմբրանդտի կնոջը` Սասկիային: Բայց կնոջ մահից հետո նկարիչն այն վերափոխել է, և Դանայան արդեն նմանվել է Ռեմբրանդտի սիրուհուն` Հերտե Դիրկսին:

Rembrandt_-_Danae

ՀԱՎԸ ԿՈԼԻԶԵՅՈՒՄ

16 Հնվ

Հին Հռոմում հանցագործներին պատժում էին նաև Կոլիզեյում` գիշատիչների հետ մենամարտով: Հենց նման մի մենամարտ էլ կայսր Գալլիենոսը նախատեսել էր այն առևտրականի համար, ով կայսրի կնոջը կեղծ զարդեր էր վաճառել: Եվ երբ առևտրականը կանգնած էր Կոլիզեյի կենտրոնում, բացվեց վանդակի դուռն ու այնտեղից առյուծի փոխարեն դուրս եկավ մի հավ: Հավաքված ամբոխը սկսեց հռհռալ, իսկ Գալլիենոսն ասաց. «Նա խաբել էր և հիմա ինքը խաբված եղավ», ինչից հետո ազատ արձակեց առևտրականին:

colosseo

«ՏԻՏԱՆԻԿԻ» ԵՐԳԸ

16 Հնվ

Հիշու՞մ եք «Տիտանիկի» երգը: Ի սկզբանե ֆիլմի համար որևէ երգ նախատեսված չի եղել: Ավելին, ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ընդհանրապես դեմ է եղել դրա առկայությանը` ասելով, որ անհրաժեշտություն չկա: Բայց կոմպոզիտոր Ջեյմս Հորները գրում է «My Heart Will Go On» ստեղծագործությունը և պնդում, որ այն անպայման պիտի հնչի ֆիլմում: Քեմերոնը կտրականապես դեմ է, սակայն կոմպոզիտորի սիրտը չկոտրելու համար համաձայնում է լսել: Հրավիրում են Սելին Դիոնին: Սա իր հերթին բոլորովին չի հավանում երգը, և նրան մի կերպ համոզում են գոնե մեկ ձայնագրություն կատարել: Հենց այդ ձայնագրությունն էլ ներկայացնում են ռեժիսորին: Քեմերոնը ոչ միայն հիանում է երգով, այլև անմիջապես հրահանգում է այն դարձնել ֆիլմի կարևոր բաղադրիչը: Ընդ որում, նույնիսկ թույլ չի տալիս երկրորդ անգամ ձայնագրել երգչուհուն: Եվ հենց այդ փորձնական կատարումն էլ այսօր մենք լսում ենք էկրաններից: Ինչպես ասում են, երգերն էլ իրենց ճակատագիրը կարող են ունենալ:

636487483185768541-AP-THEATER-TITANIC-64392358

ԱԹԵՆԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

14 Հնվ

Ընդունելով աթենացի դեսպանին, Ֆիլիպ Մակեդոնացին հարցրեց. «Ասեք ինձ, ես ի՞նչ կարող եմ անել Աթենքի բնակիչների համար, որ հաճելի լինի նրանց»:
— Կախվեք,- անմիջապես պատասխանեց դեսպանը:

300px-Alexander_and_Porus_draw

ԸՆԴԴԵՄ «ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ»

14 Հնվ

Պատմությանը շատ դեպքեր են հայտնի, երբ բազմաթիվ հայտնի մտավորականներ միասին հանդես են եկել ինչ-որ բանի դեմ: Ճիշտ այդպես էլ ժամանակին շուրջ 300 մշակութային գործիչներ, այդ թվում` Մոպասանը, Ալեքսանդր Դյումա-որդին, Շառլ Գունոն, Լեկոնտ դե Լիլը, փարիզյան օպերայի ճարտարապետ Շառլ Գարնիեն և ուրիշներ ստորագրեցին մի հայտարարություն, որով բողոքում էին Փարիզն այլանդակելու դեմ: Իսկ «այլանդակության» անունը Էյֆելյան աշտարակ էր:

pimg_833_1271

ՓՇՐՎԱԾ ԱՊԱԿԻՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

14 Հնվ

Եթե տան ապակիներից մեկը կոտրված է, ապա ամենայն հավանականությամբ կկոտրվեն նաև մյուսները, իսկ հետո կսկսվի թալանը: Այսպիսին է «Փշրված ապակիների» տեսության հիմնական գաղափարը: Այս տեսության առավել լայն իմաստն այն է, որ մարդիկ ավելի հեշտությամբ են խախտում ընդունված կարգն ու վարքականոնը, եթե շրջապատում տեսնում են անկարգության բացահայտ նշաններ: Օրինակ, ավելի մեծ է հավանականությունը, որ անցորդը աղբը կնետի նկարազադված կամ խզմզանքներով պատի տակ, քան մաքուր պատի մոտ:

316_640

ԲՈՐԻ ՖՈՒՏԲՈԼԸ

8 Հնվ

Դանիացի աշխարհահռչակ ֆիզիկոս Նիլս Բորը նաև հրաշալի ֆուտբոլիստ էր` «Ակադեմիկս» թիմի դարպասապահը: Նրա կրտսեր եղբայր Հերալդն էլ իր հերթին մաթեմատիկական գիտությունների դոկտոր էր ու միաժամանակ հանդես էր գալիս Դանիայի ֆուտբոլի հավաքականի կազմում: Այդ իսկ պատճառով էլ երբ եղբայրները գիտական թեզ էին պաշտպանում, նրանց պաշտպանությանը ավելի շատ ֆուտբոլասերներ էին ներկա գտնվում, քան ֆիզիկոսներ ու մաթեմատիկոսներ:

Belgium-v-Czechoslovakia--008

ՍԽԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

6 Հնվ

Երբ Եղիշե Չարենցը գրեց իր «Երկիր Նայիրի» վեպը, «Մուրճ» հանդեսն այդ առիթով մի գրախոսական տպագրեց, որտեղ ասվում էր. «Երկիր Նայիրին» մի վիպանման պոեմ է, որը կարելի է գրել տրամվայի մեջ կամ «Կաֆե Նայիրիում» նարդի խաղալիս: Անչափ ձգձգվում է, կրթություններով լի, թեև գրված է Ա. Բելու ու Գոգոլի նմանությամբ ու նրանց անմիջական ազդեցության տակ, բայց… դժբախտաբար, նրանց երգիծանքն ու խորաթափանցությունը, նրանց գունագեղությունն ու թափը չունի»…
Ամերիկացի հանրահայտ երգիչ Էլվիս Փրեսլիին լսելուց հետո երաժշտական քննադատ Ջեկ Հոուլդը 1956 թվականին գրեց. «Պարոն Փրեսլիի մոտ բացակայում է երգեցողության ընդունակության որևէ տարբերություն: Նրա մասնագիտացումը` ռիթմիկ երգեցողությունը նա կատարում է անհասկանալի ոռնոցի օգնությամբ: Նրա վոկալը, եթե դա կարելի է այդպես անվանել, կազմված է կարծրատիպային տարբերակներից: Նրան լսելը աներևակայելի ձանձրույթ է»…
Հետախոսի գյուտից առաջ «Բոստոն Փոստ» թերթը մի խմբագրական հոդված հրապարակեց, որտեղ ասվում էր. «Լավ տեղեկացված մարդիկ հասկանում են, որ ձայնը հնարավոր չէ հաղորդել լարերի միջոցով, իսկ այնտեղ, որտեղ նման բան հնարավոր է, դա չի կարող ունենալ ոչ մի գործնական նշանակություն»…
Եվ այսպես շարունակ… Որովհետև մարդիկ կարծիք հայտնելու իրավունք ունեն, իսկ սխալ կարծիքի համար չեն պատժում: Այլ բան է, որ նրանցից գրեթե ոչ ոք հետագայում ոչ կհիշի, ոչ էլ կխոստովանի, որ ինքը սխալվում էր:

Հովիկ Չարխչյան

a7c7e20ef55b9c6f68541bcec8a4cfb6_M

ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐՆ ՈՒ ՆՈԲԵԼԸ

6 Հնվ

Մաթեմատիկոսները Նոբելյան մրցանակի չեն արժանանում: Այն մասին, թե ինչու Ալֆրեդ Նոբելը նրանց չի ընդգրկել հավակնորդների ցանկում, տարբեր վարկածներ են շրջանառվում: Դրանցից մեկի համաձայն պատճառը եղել է այն, որ իբր Նոբելի կինը նրան դավաճանել է մի ինչ-որ մաթեմատիկոսի հետ: Սա, իհարկե, ընդամենը հորինվածք է, քանի որ Նոբելը երբեք ամուսնացած չի եղել: Շատ ավելի արժանահավատ կարող են դիտվել այլ տարբերակներ, օրինակ այն, որ իր անվամբ մրցանակ սահմանելիս Նոբելը գիտեր, որ գոյություն ուներ մաթեմատիկայի գծով մեկ այլ մրցանակ և այն շնորհում էր Շվեդիայի թագավորը: Ասում են նաև, որ Նոբելի կարծիքով մաթեմատիկոսները մարդկության համար կարևորագույն հայտնագործություններ չեն կատարում, քանի որ այդ գիտությունն ունի զուտ տեսական բնութագիր:

alfred-nobel

ՌԱԼՖ ԷԼԼԻՍՈՆ

4 Հնվ

Ինձ հատկապես ուժգին էին ատում այն ժամանակ, երբ ես ջանում էի առավելագույնս անկեղծ լինել: Փոխարենը ինձ ամենաշատը սիրում էին այն ժամանակ, երբ ես փորձում էի «համապատասխանել» ու պաշտպանել ինչ-որ մեկի մոլորությունը, կամ այն դեպքերում, երբ ես ճգնում էի իմ ընկերներին տալ սխալ, անհեթեթ պատասխաններ, որոնք նրանք այնքան երազում էին լսել…

565e0532722d0.image

ԻՆՉՈՒ ՄԱՏԱՆԵՄԱՏԸ

4 Հնվ

Երբևէ մտածե՞լ եք, թե արյուն վերցնելիս ինչու են միշտ նախապատվությունը տալիս մատանեմատին: Պարզվում է, դա շատ պարզ բացատրություն ունի: Այդ մատն, ի տարբերություն ցուցամատի կամ միջամատի, ավելի քիչ է օգտագործվում աշխատանքի մեջ: Այդ իսկ պատճառով էլ մաշկն ավելի նուրբ է և ասեղով ծակելիս այնքան էլ ցավոտ չէ: Ինչ վերաբերում է ճկույթին ու բութին, ապա այս երկուսն ուղղակիորեն կապված են դաստակի ոսկորների հետ: Ու եթե դրանց մեջ վարակ անցնի, այն կարող է շատ արագ տարածվել ամբողջ ձեռքի մեջ:

dedo-anular