Պահոց | 11:47 ե.

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

11 Դկտ

Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները

Վստահության արժանի մարդիկ են պատմում( թեև Ալլահն ավելի գիտե) ,թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել էր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին: Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են:
Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա անարգված ու շփոթված թափառեց մինչև երեկո: Այդ ժամանակ թագավորը աստվածային օգնություն խնդրեց և գտավ դուռը: Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքն Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա: Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին: Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ: Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց . «Օ՜հ, թագավոր ժամանակի, նյութ ու թիվ դարերի, աստիճաններով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ինձ ուզում կորցնել, հիմա Ամենակարողը պարգևել է իմը քեզ ցույց տալ, ուր ոչ բարձրանալու աստիճաններ կան, ոչ բացելու դռներ, ոչ էլ ճանապարհդ կտրող պատեր»:
Հետո կապերն արձակեց և թողեց անապատում, ուր նա սոված ու ծարավ մեռավ: Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում:

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ

11 Դկտ

* * *
Ես սկսում եմ տարին, և կրակը արագ գալարվում է
պարապուտ նետված եղևնին դեպի
— նման է պերկեսի կրծած կմախքի։
Եվ նոր Ֆաետոնը սլանում է երկինք,
և անհունում արևն է լողում ինչպես կղզի,
և ծաղկուն տարիքում աճապարում եմ դեպի հյուսիս։

Իմ շարժուձևով սկսում եմ տարին,
իմ թեք ուսերից ստվերներն են աճում,-
ինչպես ծովը, որ իր երախն է բացում
թիանավի էգկուրծք ճուռակների առաջ,
ֆրեգատների բոլոր ճուռակ-կանանց առաջ,
բոլոր ձկնանման աղջիկների առաջ։

Ախ, Ապոլոն, գիտեմ՝ անծանոթ չէ քեզ
արգոսյան խուճուճ օրացույցը հին,-
փոթորկուն հետքերս հարթի՜ր քո դիպուկ
եռաժանիով։-

Երբ պատուհանի տակ հունվարն է շաչում,
ինձ հովվերգական այբուբեն է պետք,
որ հախուռն օգոստոսը չծաղրի խենթին։

ՉԻՆԱԿԱՆ ԱՌԱԿ

11 Դկտ

ՍՊԱՆԵԼ ՎԻՇԱՊՆԵՐԻՆ

Շատ վաղուց մի ռազմիկ սովորեց սպանել վիշապներին:
Վիշապները վատ կենդանիներ էին համարվում: Եվ ռազմիկը գնաց նրանց սպանելու:
Նա շրջեց ամբողջ Չինաստանով մեկ և բոլոր վիշապներին սպանելուց հետո գնաց չինական կայսեր մոտ ու հարցրեց.
— Էլ որտե՞ղ են վիշապներ մնացել, դրանց բոլորին հարկավոր է սպանել:
Կայսրը պատասխանեց.
— Այժմ վիշապներ միայն քո ներսում գոյություն ունեն: Սպանի’ր դրանց:

ԱՆՏՈՒԱՆ Դ’ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

11 Դկտ

Բարեկամը նա է, ով չի դատում, բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի և անկյունում դրված նրա ձեռնափայտի առջև ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը։ Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը։
Եթե հյուրը պատմում է այն գյուղի վրա թափված սովի սարսափների մասին, որտեղից նա ճանապարհ է ընկել, բարեկամը նրա հետ միասին տանջվում է սովից։ Քանի որ, քեզ այդ մասին ես արդեն ասել եմ, բարեկամը մարդու մեջ այն մասն է, որ միշտ քո կողմից է, և բարեկամը քո առջև բացում է այն դուռը, որ երբեք չէր բացի մեկ ուրիշի առջև։ Եթե քո բարեկամը իսկական է, ու այն ամենը, ինչ նա ասում է, ճշմարտություն է, նա քեզ սիրում է նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշ տանը նա քեզ ատում է։ Եկեղեցում իմ բարեկամը նա է, ում հետ, աստծո ողորմածությամբ, ես հանդիպում եմ, այդ նա է, ով դեպի ինձ այն դեմքն է ուղղում, ինչպիսին որ իմն է՝ նույն Աստծով լուսավորված, այսպիսով մեր միությունը կայացել է, նույնիսկ եթե եկեղեցու պատերից այն կողմ նա վաճառական է, իսկ ես նավապետ, նա այգեգործ է, իսկ ես՝ ծովագնաց։
Չնայած մեզ բաժանող պատնեշներին, ես գտել եմ նրան, և նրա բարեկամն եմ։ Նրա կողքին ես կարող եմ լռել և ամենևին չվախենալ իմ ներքին այգիների, իմ լեռների, իմ ձորակների, իմ անապատների համար, գիտեմ որ երբեք նա չի տրորի դրանք։ Այն, որ բարեկամս լինելով, սիրո հետ միասին ինձնից ստանում է, կարծես իմ ներքին թագավորության դեսպանը լինի։ Եվ ես նրան քնքշորեն ընդունում եմ, նստեցնում ու լսում եմ նրա խոսքը։ Եվ մենք միասին երջանիկ ենք։ Մի՞թե դու երբևէ տեսել ես, որ ես, ընդունելով դեսպաններին, նրանց վրա ուշադրություն չդարձնեմ կամ որևէ բանում մերժեմ միայն նրա համար, որ իմ տերությունից հազարավոր օրեր տևող ճանապարհի ծայրին գտնվող նրանց հեռավոր թագավորության խորքում մարդիկ սնվում են կերակուրներով, որոնք իմ ճաշակով չեն, կամ էլ նրանց և իմ սովորույթները նման չեն միմյանց։ Բարեկամությունը ոգու հանգստությունն ու վեհ ճախրանքն է մանրուքների ոչնչության վրայով։ Եվ ես չեմ կարող նախատել իմ սեղանի շուրջը նստած մարդուն։
Այնպես որ, իմացի՛ր` հյուրընկալությունը, հարգալից վերաբերմունքն ու բարեկամությունը մարդու հայտնագործումն են մարդու մեջ։ Ես ինչ՞ ունեմ անելու Աստծո տաճարում, եթե նա հանկարծ սկսի տնտղել իրեն հավատացող և խոնարհվելու եկող մարդկանց հասակի կամ էլ գիրության մանրամասները։ Ինչ՞ ունեմ ես անելու բարեկամի տանը, եթե նա չցանկանալով հաշվի առնել իմ հենակները, հանկարծ ստիպի ինձ պարել` դատելու համար, թե ինչի՞ եմ ես ընդունակ։
Աշխարհում դու այդպիսի շատ դատավորների կհանդիպես։ Եթե խոսքն այն մասին է, որ դու ուրիշ՝ ավելի կոպիտ մարդ դառնաս, թո՛ղ այդ գործը թշնամիներին։ Նրանք մայրի խորտակող հողմի նման հաճույքով կվերցնեն այդ իրենց վրա։ Քո բարեկամը ստեղծված է քեզ ընդունելու համար։ Եվ եթե եկեղեցի ես գալիս Աստծու մոտ, նա չի դատում քեզ, նա քեզ ընդունում է։

ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ

11 Դկտ

Ես կարծում եմ, որ եթե մարդու մեջ նիրհող գազանին հնարավոր լիներ կանգնեցնել սպառնալիքով, միևնույն է` կալանատան կամ դժոխային հատուցման սպառնալիքով, մարդկության բարձրագույն խորհրդանիշը կլիներ կրկեսի մտրակավոր վարժեցնողը և ոչ թե իրեն զոհաբերող քարոզիչը: Բայց հենց բանն էլ այն է, որ մարդուն հարյուրամյակների ընթացքում անասունից զատել ու վեր է բարձրացրել ոչ թե խարազանը, այլ երաժշտությունը` անզեն ճշմարտության անհերքելիությունը, նրա օրինակի գրավչությունը: Մինչև օրս այն կարծիքն է եղել, որ Ավետարանում ամենակարևորը պատվիրաններում ամփոփված բարոյախոսական ասույթներն ու կանոններն են, իսկ ինձ համար ամենագլխավորն այն է, որ Քրիստոսը խոսում է կյանքից առնված առակներով` ճշմարտությունը պարզաբանելով առօրեականության լույսով: Սրա հիմքում ընկած է այն միտքը, որ հաղորդակցությունը մահկանացուների մեջ անմահ է, և որ կյանքը խորհրդանշական է, որովհետև խորախորհուրդ է:

ԲՈՐԻՍ ՎԻԱՆ

11 Դկտ

Ինձ համար էություն ասածը պարզապես գոյություն չունի: Գնա գրողի ծոցը, կառարկեն ինձ, բայց չէ՞ որ այդ աղտեղությունների ուղղակի հետևանքը սրտխառնուքն ու փսխումն է լինելու, որ դուք նույնացնում եք կատարելապես բնական հանդիսացող արտաթորության արդյունքի հետ, ուրեմն և այն բնախոսական պրոցեսի խախտման հետևանք է ու արդյունք: Բայց տեսեք, որ այս սրտխառնուքը մաքրության նշան է: Այս փսխում կոչվածը անմեղության նշան է: Այն բացսրտության, անկեղծ միամտության և անիմանալիի առջև շարունակ խորացող ապստամբ ծառացումի նշան է: Ի՞նչ են անում հարբեցողները: Նրանք խմում են և ողջը պահում են իրենց մեջ: Ի՞նչ են անում չար հոգիները: Նրանք տեսնում են չարիքը և ժպտում են: Ի՞նչ են անում մերժվածները, անիծվածներն ու սևամաղձոտ հոգիները: Նրանք չեն նահանջում տիեզերական չարիքի առաջ, և ձեռքերն են շփում ի ցույց դրված արատի ներկայացման առթիվ: Իսկ բարի հոգինե՞րը: Նրանք միայն սիրտ են թափում…
Ես երբեք ինձ համար դույզն-ինչ «հայտնություն» անելու փորձություն չեմ ունեցել, ես երբեք ամբողջ գիշեր իմ սենյակում հպարտորեն ետուառաջ քայլելու երջանկությունը չեմ ունեցել փիլիսոփաներին ընթերցելուց հետո, որպեսզի բռունցքով հարվածեի փորիս ու բացականչեի. ահա, ահա միակ ճշմարտությունը: Ես երբեք չեմ սկսել գործել` հետագայում ինձ ժխտելու համար, և չեմ հավատում, որ մի մարդ, որը շտապում է սխալ գործել` հետագայում այն հրապարակայնորեն խոստովանելու համար, լինի արժանի համընդհանուր հիացմունքի, ես հատկապես ցավալի եմ համարում այդպիսիք գործած լինելը…

ԻՆՈԿԵՆՏԻ ԱՆԵՆՍԿԻ

11 Դկտ

Երկնային կանթեղն հանդարտ հուհրում,
Խամրում է ճերմակ և առանց տապի,
Եվ վաղուց ծաղկած ծառուղիներում
Զիգզագն է դողում տերեվաթափի:

Նուրբ տերևներն են պարում այդ հոսքում
Եվ չեն կամենում իջնել խաշամին…
Օ, մի՞թե դու ես, նույն տանջող սոսկում,-
Ծանոթ այցելու աշնան այս ժամին:

Թե՞ խաբկանքների գոյությանն ի տես
Դեռ չի ղողանջել կանքը արարչի,
Եվ առանց սկիզբ և առանց վերջի
Տևելու ես դու, մեր թախծալի ես:

%d bloggers like this: