Պահոց | Դեկտեմբերի, 2012

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ. «ՏՎԱԾԸ ԽԼԱԾԻՑ ՇԱՏ Է»

31 Դկտ

Նոր տարի է գալիս եւ նոր խոսք է ուզում: Իսկ ես կորցրել եմ նոր խոսք ասելու իմ եղած-չեղած, ոչ միայն կարողությունը: Կորցրել եմ, դժբախտաբար, ոչ միայն տարիքի բերումով: Ուր է թե այդպես լիներ: Ուրիշ պատճառներ էլ կան, որ շատ են…

Մեր ապրած կյանքի տագնապալից, խառնիխուռն, անկայուն օրերի եւ վիճակների միասին այնքան եմ կարդացել ու լսել, որ վախենում եմ ինչ էլ ասեմ, դրանց կրկնությունը լինի…

Ինչ որ է, նոր տարի է գալիս, եւ աշխարհն ուրախ է… Եվ սգո սեւերը հազիվ հանած` վիրավոր Հայաստանն էլ նրա հետ ուրախանում է:

Զարդարված տոնածառներ եւ տոնածառներով զարդարված հրապարակներ, դատարկ խանութների վերեւում՝ առատ սեղաններ, շնորհավորանքներ, երգ, պար, ազգային ու միջազգային մեղեդիներ:

Զարմանալի ժողովուրդ ենք հայերս…. Նման ենք այն հպարտ աղքատին, որ վերջին կովը ծախելուց հետո էլ ամեն առավոտ կովկիթը լվանում-դնում է պատին՝ անցնող-դարձողներին ցույց տալու համար, թե կովը դեռ կա:

Եվ ահա աշխարհի հետ, աշխարհի պես ընդունված բոլոր օրենքներով, նա դիմավորում է նոր տարին, մի կողմից մի քանի օրով մոռանալու համար իր կորուստների ցավը, իր հիասթափությունը, իր վիրավորանքն ու զայրույթը, մյուս կողմից` աշխարհին ասելու, որ ես դեռ կամ, ապրում եմ եւ պիտի ապրեմ ի հեճուկս նրանց, որոնք իմ ապրելը չեն ուզում:

Ես չգիտեմ` տարերքով, ենթագիտակցաբար է անում, թե մտածված, միայն գիտեմ, որ ճիշտ է անում…

Վերջին երկու տարին շատ բան խլեց մեզանից, բայց, փառք աստծո, տվածը խլածից շատ է: Մենք սկսեցինք մեզ ճանաչել, մեր ուժին եւ մեր պնդությանը հավատալ: Վերջապես ազգովի գլխի ընկանք, որ ավագ եղբայրը խորթ է եղել: Մենք հայ քրիստոնյա ենք եւ միշտ թույլին ենք պաշտպանում եւ արդարության կողմն ենք: Թվում էր` մեր ավագն էլ նույնպիսին պիտի լինի: Բայց ավագը երկու տարի մեզ խաբեց եւ դեռ շարունակում է խաբել: Նա անցավ ուժեղի կողմը, արհամարհեց մեր արդար պահանջը, փորձեց ու դեռ փորձում է աշխարհի համար երեք հազար տարի տներ շինած մի ազգի հավասարեցնել երեկվա վաչկատուն ցեղերին:

Չէ, այդ չի լինելու, ինչպես ասում են` վերեւն Աստված կա…

Թող Բելով-Բոնդարեւ-Ռասպուտինները մտածեն աշխարհի երեսից իսպառ ջնջված իրենց երկու հարյուր հազար գյուղերի մասին, Եվրոպայի տարածքից մի քանի անգամ ավել իրենց մեռած հողերի մասին, ցամաքած լճերի մասին ու մահամերձ գետերի: Եվ թող իմանան, որ դրա մեղքը հրեաներինը չի եւ ոչ էլ մյուս ազգերինը: Թող նրանք չմտածեն ուրիշ ժողովուրդների հաշվին ավելի անպարագիծ ու մեծ Ռուսաստան ստեղծելու մասին, այլ այնպիսի Ռուսաստանի, որ ազատ լինի, ապահով, հարուստ եւ հարեւան ժողովուրդների համար ոչ թե հովանի լինի, այլ նույն ծառի հովին հացի նստած ընտանիքի հավասար անդամ…

Թող իմանան իմ երեսառած, փառքից փքված գրչակիցները, որ իրենց շովինիզմով միայն փլուզում կշահեն:

Իսկ ես այդ փլուզումից շատ եմ վախենում: Իմ ազգի կեսը մնացել է մի կայսրության փլատակների տակ: Չեմ ուզում մյուս կեսի վրա էլ մի ուրիշ կայսրություն փլվի:

Մենք Տոլստոյի, Պավլենկոյի, Բրյուսովի, Սախարովի, Դուդինի Ռուսաստանի հետ ենք եւ պիտի լինենք…

Նոր տարի է  գալիս: «Խաղաղություն  ամենեցուն» ավանդական մաղթանքից հետո մի քիչ խելք ու խղճմտանք մաղթենք մեր տերության գլխավորներին, որ նրանք ճշմարտության հետ պահմտոցի չխաղան եւ աչքերն ու լեզուները կիսով չափ բացված ժողովուրդներին չհրեն յոթանասունամյա ստրկության դժոխքը: Մաղթենք, որ Կումայրիի ու Սպիտակի ցուրտ վրանների տակ մնացած որբերն ու որբեւայրիները իրենց գլխի վերեւ ապահով ծածկ ունենան եւ ոտքերի տակ ամուր հող: Ապա դառնանք ու մաղթենք, որ այս տարին իրենց տունուտեղից բռնի քշված, հայրենիք եկած հայերի համար գաղթականության վերջին տարին լինի, որ նրանք իրենց հող դարձած պապերի հողի վրա տիրաբար քայլեն, ծաղկեցնեն այդ հողը եւ ապահովեն իրենց սերունդների ծաղկումը:

Նոր տարին է բացվում, բարով է բացվում եւ բացվում է բարի:

Շնորհավոր Նոր տարի, Աշխարհի մարդիկ: Վերածնվող Հայաստան աշխարհ, շնորհավոր Նոր տարի:

Համո ՍԱՀՅԱՆ

1990թ.7

Advertisements

«Հույսը դուք եք…»

31 Դկտ

Շատ տարիներ առաջ Երևանի օպերային թատրոնի դահլիճում նշում էին Ավետիք Իսահակյանի հոբելյանը: Ըստ այն ժամանակվա կարգի` Խորհրդային Միության բոլոր հանրապետություններից, արտասահմանից հյուրեր կային: Շքեղ, շատ շքեղ երեկո անցկացրինք: Ճառեր, ճառեր, ճառեր…

Գրողներ, պոետներ, կուսակցական գործիչներ… Եվ հանկարծ ներս մտան պիոներները (այն ժամանակ շատ ընդունված էր): Ողջույնի խոսք ասացին Վարպետին: Իսահակյանը նայեց, նայեց, հանկարծ վեր կացավ տեղից, մոտեցավ երեխաներին ու ասաց. «Երեխեք ջան, մեզնից բան դուրս չեկավ: Հույսը դուք եք…»:

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆNPG x135027; Avetik Sahak Isahakyan by Ida Kar

ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ

31 Դկտ

xachՎայ այն թատրոնին, որ չունի դերասան: Դերասանի համար պիտի գան թատրոն, տոմսարկղի մոտ պետք է հարցնեն` այսինչը խաղու՞մ է:
Ասում են` վատ հանդիսատես ունենք: Ըստ իս` վատ հանդիսատես չի լինում, լինում է վատ դերասան, վատ ներկայացում: Իտալիայում վատ երգիչների համերգի ժամանակ հանդիսատեսը աղմկում է և նեխած պոմիդորներ նետում բեմ: Դա վատ հանդիսատես չէ, այլ հանդիսատես, որ կարողանում է գնահատել իսկական արվեստը: Նույն հանդիսատեսը ծափեր ու ծաղիկներ է շռայլում լավ երգչին:

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «ԵՐԿԻՐ: Ց´ՊԱՀԱՆՋ…»

12 Դկտ

2008-04-04_mek-gumaratc-mekՎանո Սիրադեղյանի այս` թերևս միակ չափածո ստեղծագործությունը գրվել է 23 տարի առաջ` 1989 թ., ենթադրաբար` հունվարին կամ փետրվարին: Այն օրերին Սիրադեղյանը ձերբակալված էր և «Ղարաբաղ» կոմիտեի մի քանի անդամների հետ գտնվում էր Մոսկվայի «Բուտիրկա» բանտում:

Վանո Սիրադեղյան

ԵՐԿԻՐ: Ց´ՊԱՀԱՆՋ…

Ձմեռ է դուրսը ըստ օրացույցի.
ձյուն է, հալոցք է, թե սառնամանիք,
ճաղերից այս կողմ ջերմաստիճանը անփոփոխ է-
հարկերում՝ 20,
նկուղում՝ 15:
Նախաճաշից իրիկնահաց,
իրիկնահացից նախաճաշ ընկած միջոցը նույնն է,
ուրբաթի գալը իմացվում է ոլոռի լափից.
ժամանակից դուրս ես եմ ծերանում,
Քեզ ժամանակի հոսանքն է տանում՝
հայացքդ ափին,
ցավդ տանեմ:
Աղյուսակապ առաստաղի տակ լամպը
հանգչում է,
երբ փչանում է,
չի թարթում անգամ լարման անկյունից,
լույսի տակ քնում, լույսով զարթնում եմ,
և պատին դարձած լուսամփոփիդ
նրբանկատ շողքն եմ հիշում.
ցավդ տանեմ:
Համայն Ռուսիայի Ստանիչնի պրիստավ
Նվաստ մականունով Ալեքսանդրի հիմնած
զնդանում
ցաքուցրիվ կանք մի բուռ ընկերներ՝
Հայաստանի սրտից պոկած փերթ.
նույն խոհանոցից կեր ենք ստանում,
նույն միջանցքներն ենք ոտքի տակ տալիս,
սակայն իրարից այնքան ենք հեռու,
ինչքան ջղաձիգ Հայաստանից:

Մի տարվա ազատ կյանքի դիմաց
Մի լրիվ կյանքի գին են ուզում,
Ուզում եմ ընդմիշտ վերացած տեսնել
Մահապարտ ոգին Ավարայրի,
ո՜նց կուզենային տասը տիկ հանել
դնել դեմը Մայր Հայաստանի,
չլիներ ահը հազար ինն հարյուր ութսունութ թվի Երևանի:
Ի՜նչ սրընթաց տարին բոլորեց,
Ձյան քանի՞ շերտի տակ է փետրվարի
ապստամբ ոգին,
ձնհալի հետ կմաքրվեն հրապարակները
ժանգ ու մետաղից,
ծիրանիները կծաղկե՞ն, արդյոք, այս գարնանը
քրտնախաշ օդում զորանոցային Երևանի:

Ո՞նց ես ապրում Երևանում՝ առանց Վանոյի,
ո՞վ է եփածդ սուրճով հիանում,
ո՞վ է մոտենում հեռախոսին,
որ մի ժամանակ հանգչում էր գոգիդ,
շնչում էր սիրով, խոսում սրտիդ հետ…
Հաշտվիր հետը.
շաբաթ կանցնի, ամիս կանցնի, կանցնի տարի,
առօրյա մի զանգ հանկարծ սիրտդ,
պտղի առաջին զարկի նման, թունդ կհանի,-
եթե ականջդ ձայնի պահես,
եթե սիրտդ սառած չլինի,
եթե սլացիկ, արագ ոտքերդ քեզ ինձանից տարած չլինեն:
Բայց դու սրտիդ հետ մենակ մնա,
եթե բարակ է՝ կկտրվի,
կտրվեց՝ շունչն էր, ուրեմն, կարճ, արյունը՝ սակավ,
սակավի համար չեն ափսոսում,
ես իմն ապրեցի, դու քոնը ապրիր,
ցավդ տանեմ:
Երեկ նայեցի հայելու խորքը,
Տեսա՝ դեպի վերջն եմ գնում
և տեսա քեզ ձմեռային գորշ Երևանում
մենակ ու սիրուն.
օձիքդ՝ թաց,
գլուխդ՝ բարձր,
շուրթերդ՝ սեղմած, որ լաց չլինես…
Արցունքներիդ ճանապարհ տուր,
որ սիրտդ բացվի,
ժպտա՝ քաղաքի դեմքը ծաղկի,
թաց ու լույսի մեջ ջահել սերդ
թող Հայաստանի ցավոտ երկնքին
ծիածան կապի,
Հարսնություն արա Երևանին,
ցավդ տանեմ,
քանզի օրերից աննման մի օր
ես քեզ գտա երջանկության մատույցներում
և ընդունեցի՝ ճակատիս գիր,
կարգեցի՝ մերձավորիս քույր,
հռչակեցի օպերայի հարս:
…երգը վերջացավ,
խցի պատերը տեղը եկան,
հինգ տղամարդ պապանձված են շուրջը սեղանի,
պարզվեց ռադիոն վանդակի մեջ է,
երկաթե դուռը՝ երիցս կողպած,
սիրտ չկա նայելու պատուհանին,
սիրտ չկա գդալը բերան տանելու,
բայց միջանցքում կրի սայլակը առաջ հրեցի,
և բանտն սթափվեց ապուշությունից:
Այստեղ թուլանալ չի կարելի.
օրերը հաշվել չի խրախուսվում,
դրսի կյանքը մոռանալն է ճիշտ,
աշխարհաթող լինելն է փրկում,-
սա այբուբենն է անազատ կյանքի,
որ հաշտվածները եղբայրաբար
սովորեցնում են շփոթվածներին,
և ով կարեցավ գիշերը տեսած երազը հիշել,
ասում են՝ կապրի:

Բայց ես մոռանալ չեմ կարողանում
քեզ, որդուս, Հայաստանը.
քեզ՝ լացակումած,
որդուս՝ մոլոր,
Հայաստանը՝ ավերակ դարձած:
Ես ո՞նց մոռանամ,
ես ձեզ ու՞մ պահ տամ, սիրելիներս,
երբ աստված, այսպես, մեր մեջքը ջարդեց
մեր ձգված պահին…
Տեսնես ի՞նչ կա Լենինականում,
Սպիտակում ի՞նչ են անում,
փրկվածները ո՞նց են ապրում
գնացածները տեսնես ու՞ր հասան,
ո՞վ էր տեսել դասարաններով երկինք
համբառնան.
հրեշտակների այսչափ երամներ
ո՞ր երկնքում կան
բացի նզովյալ Հայաստանից:
……………..
Ձմեռվա կեսին Մոսկվա քաղաքում
կեսգիշերին անձրև է գալիս.
եղանակները ելել են հունից,
աղետաբեր են ժամանակները,-
մենք ու մեր ոխերիմ աստված,
ուշքի եկեք, աղետյալներս,
թոթափվեք թաղից գարնանը հառնող
վազի նման,
խչմարեք իրար ու ապավինեք, ձեր
ցավը տանեմ,
Դու,
որդիս,
Հայաստանը:

1-ej-mec-nkar19

%d bloggers like this: