Tag Archives: ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

ԴԱԼԻԻ ՄՐՋՆԱԿԵՐԸ

9 Փտր

Լուսանկարում 65-ամյա Սալվադոր Դալին դուրս է գալիս Փարիզի մետրոյից՝ հսկայական մրջնակերի ուղեկցությամբ: Քչերին է հայտնի, որ էքսցենտրիկ նկարիչն իսկապես իր տանը մրջնակեր էր պահում և նրա հետ զբոսանքի էր ելնում՝ կենդանու պարանոցին ոսկեզօծ կապ ամրացրած, իսկ աշխարհիկ ընդունելությունների ժամանակ դնում էր ուսին: Ասում են, որ Սալվադոր Դալիի սերը մրջնակերի նկատմամբ ծնունդ է առել այդ կենդանում մասին Անդրե Բրետոնի «After the Giant Anteater» պոեմն ընթերցելուց հետո:

7518555-R3L8T8D-500-znamenitosti-6

ԸՆԿԱՎ ԻՐ ԹԱԿԱՐԴԸ

14 Մյս

Մի անգամ Սալվադոր Դալին կարծիք հայտնեց այն մարդկանց մասին, ովքեր իրենց խոսքում հաճախ են օգտագործում ծեծված ու կաղապարված արտահայտություններ: «Առաջին մարդը, ով կնոջ այտերը համեմատեց վարդի հետ, պոետ էր: Առաջին մարդը, ով դա կրկնեց, ապուշ էր»,- ասաց նա: Նկատենք միայն, որ իր ասույթով Դալին հարվածի տակ էր դնում նախ և առաջ ինքն իրեն: Բանն այն է, որ այդ մտքի հեղինակն իրականում ֆրանսիացի բանաստեղծ Ժերար դը Ներվալն էր:

salvador-dal--696x392

ԴԱԼԻԻ ԿՈՆՖԵՏԸ

7 Մրտ

Քաղցրահամ «Չուպա-Չուպսի» ծաղկանման խորհրդանշանին բոլորդ եք ծանոթ: Իսկ գիտե՞ք, որ դրա հեղինակը Սալվադոր Դալին է: Աշխատանքը կատարվել է 1961 թվականին, հաշված ժամերի ընթացքում: Աննշան փոփոխությամբ այն պահպանվում է առ այսօր:

334c5c

ԴԱԼԻԻ ԲԱՆԱԼԻՆ

23 Հկտ

Սալվադոր Դալին հաճախ էր քուն մտնում` ձեռքի մեջ ունենալով բանալի: Աթոռին նստած նա ննջում էր, իսկ մատների մեջ սեղմած էր պահում ծանր բանալին: Երբ քունը նրան հաղթում էր, մատների սեղմումը թուլանում էր, բանալին ընկնում էր հատակին դրված ափսեի մեջ ու նա վեր էր թռչում: Դալին այն կարծիքին էր, որ հատկապես նման պահերին կարող էին ծնունդ առնել նոր գաղափարներն ու դժվար խնդիրների լուծումները:

B2A76C4E-9E83-49DA-A9AB-A1781313B043_cx0_cy19_cw0_w1023_r1_s

ԾԻԾԵՌՆԱԿԻ ՊՈՉՆ ՈՒ ԴԱԼԻԻ ԲԵՂԵՐԸ

21 Հնս

Սալվադոր Դալիի վերջին կտավը կոչվում է «Ծիծեռնակի պոչը»: Նկարիչն այն ստեղծել է 1983 թվականին: Դա մի աշխատանք է, որի հիմքում ֆրանսիացի մաթեմատիկոս Ռենե Թոմայի աղետների տեսությունն է: Համաձայն այդ տեսության, որոշակի հանգամանքներում աննշան փոփոխությունները կարող են հանգեցնել մեծագույն ցնցումների: Եվ ահա Դալին «Ծիծեռնակի պոչը» կտավում պատկերել էր հիշյալ տեսության սեփական ընկալումը: Իսկ այն փաստը, որ նկարի կենտրոնում նրա հանրահայտ բեղեր են, արդեն հուշում է այն մասին, Որ Սալվադոր Դալին իր անձը զետեղել էր բոլոր փոփոխություների կիզակետում:

429b4494726e8111f68f2626a827a46b

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

17 Ապր

— Ձեզ ոչինչ չի՞ զարմացնում: Ենթադրենք: Բայց պատկերացրեք այսպիսի մի դեպք: Կեսգիշեր է, իսկ հորիզոնում հայտնվում է փայլատակում՝ ավետելով լուսաբացը: Դուք լարված դիտում եք և հանկարծ տեսնում եք, որ արևը դուրս է գալիս: Եվ կեսգիշեր է: Ձեզ դա՞ էլ չէր զարմացնի:
— Ոչ,- պատասխանեցի ես,- դա ինձ դույզն ինչ չէր զարմացնի:
Բրյուսելցի ժամագործը բացականչեց.
— Դա ինձ կցնցեր, և այն աստիճան, որ ես կմտածեի, թե խելքս թռցրել եմ:
Եվ այստեղ Սալվադոր Դալին բարբառում է այն հիմնարար սոֆիզմներից մեկը, որոնց գաղտնիքին միայն ինքն էր տիրապետում.
— Ըստ իս, ճիշտ հակառակը: Ես կմտածեի, որ արևն է խելքը թռցրել:

«Հանճարի օրագիրը» գրքից

6348260-R3L8T8D-800-0_9e966_f5ab1d79_XXXL

ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑԻՆ ՓԱՓՈՒԿ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԸ

18 Մրտ

Մի երեկո ես հոգնած էի, գլխացավ  ունեի` հազվադեպ տկարություն` իմ պարագայում: Մենք ընկերներով պիտի կինո գնայինք, բայց վերջին պահին ես որոշեցի մնալ տանը: Գալան կգնա նրանց հետ, իսկ ես ավելի վաղ անկողին կմտնեմ: Մենք շատ համեղ պանիր ճաշակեցինք, ապա ես մնացի մենակ, նստեցի` հենվելով սեղանին և մտորում էի այն մասին, թե որքան «գերփափուկ» էր հալած պանիրը… Ես ոտքի ելա և գնացի արվեստանոց, որպեսզի սովորականի պես հայացք նետեմ իմ գործերի վրա: Կտավը, որ պատրաստվում էի նկարել, ներկայացնում էր բնապատկեր Պորտ-Լիգատի մերձակայքում`ժայռեր, որոնք ասես լուսավորված էին երեկոյի ոչ պայծառ լույսով: Առաջին պլանում ես պատկերեցի տերևազուրկ ձիթենու սղոցված բունը: Այս բնապատկերն ինչ-որ գաղափար կրող կտավի հիմքն էր, բայց ինչպիսի՞: Ինձ գայթակղիչ մի պատկեր էր անհրաժեշտ, բայց ես այն չէի գտնում: Ես գնացի լույսն անջատելու, ու երբ դուրս եկա, բառացիորեն տեսա «լուծումը». փափուկ ժամացույցների երկու զույգ, մեկը խեղճորեն կախ է ընկել ձիթենու ճյուղից: Չնայած գլխացավիս, ես պատրաստեցի ներկապնակն ու գործի անցա: Երկու ժամ անց, երբ Գալան վերադարձավ կինոյից, կտավը, որը պիտի դառնար ամենահանրաճանաչներից մեկը, ավարտված էր…

 ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻПостоянство-памятиззззззз1

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

7 Հնվ

— Ձեզ ոչինչ չի՞ զարմացնում: Լավ, եկեք պատկերացնենք այսպիսի մի դեպք: Կեսգիշեր է, իսկ հորիզոնում հայտնվում է փայլքը` ազդարարելով լուսաբացը: Դուք լարված դիտում եք և հանկարծ տեսնում եք, որ արևն է ծագում: Կեսգիշերին: Ձեզ այդ բանը չի՞ զարմացնի:

— Ոչ,- պատասխանեցի ես,- դա ինձ ամենևին զարմանք չէր պատճառի:

Բարսելոնցի ժամագործը բացականչեց.

— Իսկ ահա ես կզարմանայի: Ընդ որում այն աստիճան, որ կորոշեի, թե խելքս գցել եմ:

Եվ այդ ժամանակ Սալվադոր Դալին նրան ի պատասխան արտասանեց այն արձանագրային դարձվածքներից մեկը, որի գաղտնիքը միայն իրեն է հայտնի:

— Իսկ ես, ճիշտ հակառակը, կմտածեի, որ արևն է խելքը գցել:

«Հանճարի օրագիրը»salvador-dali-yoko_2416911b

Սալվադոր Դալիի մահը

2 Նյմ

1984 թվականին հրդեհ բռնկվեց այն դղյակում, որտեղ միայնակ ապրում էր Սալվադոր Դալին: Չկար մեկը, որ նրան օգներ: Ծանր այրվածքներ ստացած ծերունին հրաշքով փրկվեց, բայց հետագա օրերն անցկացրեց անկողնում գամված: Հիվանդության օրերին Դալին միայն մեկ հոդաբաշխ նախադասություն արտասանեց. «Իմ ընկեր Գարսիա Լորկան»: Դալին վախճանվեց 1989-ի հունվարի 23-ին: Նրա կտակի համաձայն, նկարչին թաղեցին իր թատրոնի բեմի տակ:huge

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

27 Մրտ

ԻՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Ես` Սալվադոր Դալիս, հռոմեական ու առաքելական կաթոլիկս և հոգով միապետականս համեստությամբ ու ցնծությամբ հավաստում եմ, որ ժամանակակից ստեղծագործող երիտասարդության ողջ եռանդը խտանում է միակ առաքինության` բուրժուական մշակույթին հակադրվելու շուրջը:
Ամենագեղեցիկ և ամենախոր մշակութային հեղափոխությունները տեղի են ունեցել առանց բարիկադների: Ընդվզող մոլեգնությունը շիկացնում է միտքը, որ տարածության ու ժամանակի միակ տերն է: Պեղումները այն իսկական հակաբարիկադներն են, որոնք անցյալին հնարավորություն են ընձեռում ապագայի մեջ շրջագայելու. անտիկ շրջանի քանդակագործության վերագտնումով 16-րդ դարում իրականացվեց արդարացիորեն Վերածնունդ կոչված մշակութային հեղափոխությունը: Համանման ամեն մշակութային հեղափոխություն պիտի հանգի նոր ոճի հարաբերակցության: Վերածննդի գագաթնակետը դարձած Լյուդովիկոս 14-րդի ոճը փլուզվեց մի հեղափոխությամբ, որը բուրժուազիային պիտի տար նվաստացուցիչ իշխանություն: Բանվորների համար նախատեսված Լըդուլի գնդաձև ճարտարապետությունը քնարական, ցնորական ու խաղացկուն քաղաքի տեսիլքի մեջ պիտի լքվեր թերահավատ, բանական ու գործնական բուրժուաների կողմից:
Այս նոր հեղափոխության ես ընծայաբերում եմ այն ամենը, ինչ ունեմ, այսինքն իմ խելացնորական-քննադատական մեթոդը, որն ինձ թվում է, բացառապես հարմարեցված է առկա իրադարձությունների բարեբախտաբար իռացիոնալ բնույթին: Այդ մեթոդի լույսի ներքո ինձ թույլ եմ տալիս անել հետևյալ դիտողությունները:

ԳՈՒՅՆԸ
Արդի մշակութային հեղափոխությունների գույնը ոչ թե կարմիրն է, այլ օդ, երկինք, հասունություն հիշեցնող մեղեսագույնը: Դա աշխարհի դարաշրջիկ փոփոխությանը համապատասխանող գույնն է: Ջրհոսի դարաշրջանը, որ ավարտվելու է առաջիկա հազարամյակում, կտեսնի արյունոտ բռնությունների վերացումը: Ներկայումս մենք արդեն սպանել ենք Ձուկը («Աստված մեռել է»), և նրա արյունը գունավորում է կապույտ ծովը` ալիքներին հաղորդելով մեղեսիկի գույն:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ
Բուրժուական մշակույթը կարող է փոփվել լոկ ուղղահայացորեն: Մշակույթը կարելի է ապաբուրժուականացնել միայն այդ հասարակությունը ապապրոլետարականացնելով, մտածողությունը կողմնորոշելով դեպի բարձրը, ուղղելով դեպի իր օրինական, կատարյալ, աստվածային նախասկիզբը: Հարկ է, որ ի հայտ գա մտքի արիստոկրատիա: Մարդ-թագավորը կարող է իր պալատում հանդուրժել միայն մտքի իշխաններին:
Գործնականում կարելի է հաշվառել բուրժուական մշակույթի հուշարձանները: Ոչ թե քանդել, այլ նոր իմաստ ներդնել դրանց մեջ, փոփոխել նրանց նշանակությունը: Օրինակ, Ավգուստ Կոնտի հուշարձանի տակ ավելացնել մասնատուփ նրա սուրբ Կլոթիլդի, ըստ պոզիտիվիստական զառանցանքի, մարդկության տիրուհու համար: Այդ մասնատուփը կարող է լինել հելիումով լի մեղեսիկե մի օրորոց, որի մեջ հերթով կօրորվեն ամենագեղեցիկ ու մերկ աղջիկները ձմեռային քնի վիճակում` ի մռայլ հաճույք ուսանող-դիտորդների և ի հանգիստ նրանց խստորեն ու գիտականորեն վերահսկվող պատրանքածին փորձերի:
Նույն ձևով առաջարկում եմ որոշ քաղաքների հուշարձանները զարդարել զենք ու զրահ կրող դերասաններով, որոնք Պակո Ռաբանի նման ընդունակ են տոնել Ջրհոսի հազարամյակի գալուստը:

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լիբիդոյի որոշ քանակություն ներարկել, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաճույքային կազմակերպություններին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերածել հասարակական բթության նախարարության` չզրկվելու համար այն ամենից, ինչն արդեն ստեղծվել է: Դրա մեջ ներառնել ֆոլկլորային գովելի պոռնկությունը, բայց դրան ավելացնել լիբիդային և հոգևոր ուժեղ էներգիա: Այսպիսով այդ գերձանձրույթի օջախը ձևափոխել իսկական տարփածին գոտու` ծախու սիրո առաջին օրենսգետ սուրբ Լուիի հովանավորությամբ:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հետազոտությունների կիբեռնետիկական հանձնաժողովների ակտիվացում` մատերիալիզմին զոհ գնացած մեծ մտքերի վերածննդի ու փառաբանման համար: Օրինակ, Ռեմոն Լուլլի համակցված անիվները, Ռայմունդո Սեբոնդի բնական Աստվածաբանությունը, Պարացելսի աշխատությունը, Գաուդիի միջերկրական գոթականությամբ ներշնչված ճարտարապետությունը, Ֆրանչեսկո Պյուժոլի հիպարքսիոլոգիան, Ռեմոն Ռուսելի հակաժյուլվեռնյան բանաստեղծականությունը, ավանդական միստիկ մտածողության տեսաբաններին, բոլոր ճշմարիտ ներշնչվածներին: Չպղծել նրանց անարդար գերեզմանները: Հանել գերեզմանից և վերստին թաղել, բայց Նիկոլա Լըդուի պատկերացրած ֆուտուրիստների ամենաշքեղ դամբարաններից մեկում:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այնտեղ, ուր տեղի է ունենում մշակութային հեղափոխությունը, պիտի ծաղկի երևակայությունը:
Փարիզ, շաբաթ, 18 մայիսի, 1968 թ.
Սալվադոր Դալի:

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

1 Նյմ

Պարոնայք, քանի դեռ ոտնամանները ծառայում են մեզ` հագնում ենք, իսկ երբ մաշվում են` գցում ենք ձեղնահարկ և նորերն ենք գնում: Իսկ ինչու՞ նույնը չպահանջենք արվեստից: Եվ եթե այն հնացել է ու այլևս չի ծառայում մեր զգացումներին` շպրտենք ձեղնահարկ: Թող դառնա պատմության սեփականությունը:Այն արվեստը, որ այսօր հիրավի ծառայում է մեզ և համապատասխանում մեր ժամանակին ու պահանջներին, անկասկած, ավանգարդիզմ կոչվող կամ նոր արվեստն է: Ամեն մի դարաշրջանի հին արվեստ, համոզված եղեք, իր ժամանակի համար նոր է եղել և, այսօրվա արվեստի նման, ձևավորվել է այն մարդկանց չափանիշներով ու, հետևաբար, ներդաշնակության օրենքներով, ովքեր օգտվել են դրանից:Հենց նոր կառուցված Պարթենոնն ավերակ չի եղել: Եղել է նոփ-նոր, ինչպես մեր ավտոմեքենաները, առանց փառ ու բորբոսի:
Որքան էլ մեծ լինի մեր հարգանքը հանգուցյալ ծնողի հանդեպ, ժամանակն է պարզելու` դեռ ինչքա՞ն պետք է մեր ուսերին քարշ տանք նրա դիակը` տոկալով նեխման բոլոր փուլերին: Վերջապես նրա մարմինը հողին հանձնենք պատշաճ հարգանք-պատվով և լավագույն հիշողություններ պահենք նրա մասին:
Իհարկե, լավ կլիներ, եթե հարգանքի վեհ զգացումն անցած արվեստի և, առհասարակ, արդն հնագիտության բնագավառին վերաբերող ամեն ինչի նկատմամբ այդքան խոր ու ամուր արմատներ չգցեր մեզանում: Չէ՞ որ դա է մեզ պարտադրում երկյուղածորեն պահպանելու այն ամենը, ինչ թողել են մեր նախնիները: Փչում-մաքրում ենք փոշին, աղոթում ենք, խնամում-պահում այնքան ժամանակ, մինչև որ մգլում ու փտում են դրանք` ի չիք դարձնելով և մեր հարմարակեցությունը, և քաղաքակիրթ հասարակության վարկը:
Այդպես ծաղկում է անմաքրությունների պաշտամունքը: Ի՞նչ է բորբոսը: Անմաքրություն է դա, որ ժամանակը կուտակում է պատերի, իրերի, կահույքի և նման բաների վրա… Եվ երկրպագում ենք բորբոսին…

Թարգմ. Սուրեն Խաչատրյան