Պահոց | 11:54 ե.

ՍՏԵՖԱՆ ՄԱԼԱՐՄԵ

3 Դկտ

Գալիք ֆենոմենը

Մի դժգույն երկինք` զառամյալությունից մեռնող աշխարհի վրա, գուցե հիմա մեկնի ամպերի հետ. մայրամուտների նվաղած բոսորի ծվենները գունաթափվում են գետի մեջ, որը քնած է ճառագայթներով ու ջրով ողողված հորիզոնում: Ծառերը ձանձրանում են, ու նրանց ճերմակած սաղարթների ներքո (ավելի շուտ` ժամանակի և ոչ թե ճանապարհների փոշուց) հառնում է Անցյալ իրերի Առաջնորդի կտավե տունը. բազում լապտերներ սպասում են մթնշաղին և առույգացնում են դեմքերը մի դժբախտ ամբոխի, որը հաղթված է մշտնջենական հիվանդությունից, դարերի մեղսանքից, մարդկանցից` իրենց ազազուն կողակիցների հետ, որոնք հղի են ողորմելի պտուղներով. սրանց հետ էլ մեռնելու է աշխարհը: Անհանգիստ լռության մեջ աչքերի ողջ զորությամբ աղերսելով արևը, որ ջրի տակ է սուզվում ճիչի հուսահատությամբ, լսվում է պարզ բարբաջանքը. «Ոչ մի նշանակ ձեզ չի հրամցնի ներքին թատերախաղ, քանզի այժմ չկա նկարիչ` ընդունակ դրանից ստեղծելու մի տխուր ստվեր: Ես բերում եմ կենսախինդ (և տարիների ընթացքում գերագույն գիտության կողմից պահպանված) անցյալի մի Կին: Ինչ-որ նախագո և միամիտ խենթություն, մի ոսկե հափշտակություն, չգիտեմ էլ ինչ. այսպես է նա կոչում իր վարսափունջը, որ կտավի նրբագեղությամբ ճկվում է դեմքի շուրջը` լուսավորելով նրա շրթունքների արյունոտ մերկությունը:Ավելորդ հագուստի փոխարեն նա մարմին ունի, իսկ աչքերը` նման հազվագյուտ ակների, արժանի չեն իր երջանիկ մարմնից արձակվող հայացքին, նա ունի ցցուն ստինքներ, ասես հավերժական կաթով լի, պտուկները` դեպի երկինք, ողորկ սրունքներ, որոնք դեռ պահպանում են առաջին ծովի աղը»: Հիշելով իրենց խեղճ կանանց` ճաղատ, թուլակամ ու սարսափահար ամուսինները աճապարում են. կանայք` մելամաղձոտ, հետաքրքրասեր, նույնպես ուզում են տեսնել:
Երբ բոլորը կհայեն ազնիվ արարածին` իբրև արդեն նզովյալ դարաշրջանի մի մասունք, ոմանք անտարբեր, որովհետև այն հասկանալու ուժ չեն ունենա, իսկ մյուսներն էլ` խոցված, հլու արցունքներից տամուկ կոպերով կնայեն միմյանց, մինչդեռ այս ժամանակների բանաստեղծները, զգալով, որ նորից են բռնկվում իրենց հանգած աչքերը, ճանապարհ կընկնեն դեպի իրենց ճրագը, մի պահ ուղեղներն արբեցած անորոշ փառքից, հետապնդվելով Ռիթմից և մոռացության մեջ, քանզի իրենք գոյություն ունեն գեղեցկությանը վերապրող դարաշրջանում…

ՌԻՉԱՐԴ ԲԱԽ

3 Դկտ

***
Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:

***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …

Թարգմ. Մարիետ Սիմոնյան

ԺԱԿ ԲՐԵԼ

3 Դկտ

… Իհարկե, մարդկային կյանքում նպատակները հորինվում են, իսկ ճանապարհները` պատկերացվում: Ձախորդությունները առկա են մարդկային կյանքում և անխուսափելի: Մարդը որպես հասարակական էակ, գնում է դեպի նշված նպատակը:
Համակերպվել եմ կյանքին, չեմ ցանկանում համաձայնել, սակայն ընդունում եմ կյանքն այնպես, ինչպես կա. կարող եմ ասել, որ նույնիսկ գոհ եմ, երբ այս ու այն երգս որպես սիրերգ է ընկալվում: Եվ եթե մարդիկ հաճույք են ստանում այդպես մտածելով, էլ ավելի լավ:
Սիրում եմ քնքշանքը, սիրում եմ տալ ու ստանալ: Բայց մենք հաճախ քնքշության պակաս զգալով չենք համարձակվում ոչ տալ, ոչ էլ ստանալ: Քնքշությունը մարդու մեջ սերմանում են ծնողները: Կանայք` նույնպես, բայց նրանք նախկին քնքշանքը չունեն: Սերը կրքի արտահայտություն է, քնքշությունը բոլորովին այլ բան է: Կիրքը կարող է չեզոքանալ, մեռնել, իսկ քնքշանքը` երբեք. այն հնարավորություն ունի հավերժ ապրելու: Ծնվել եմ նուրբ ապրելու համար, և այն, ինչ սեր եմ անվանում, իրականում նրբություն է…

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

3 Դկտ

ՊՈԵԶԻԱՆ ԱՄԵՆԱԶՈՐ Է

Մենք ծանր ժառանգություն ենք ստացել` մեր ժողովուրդները կրում են դարավոր անեծքի ծանրությունը: Այդ ժողովուրդներն արժանի են ամենափառահեղ կյանքի, ժամանակին նրանք կառուցել են քարից ու մետաղից հրաշալի աշտարակներ, ստեղծել են ապշեցուցիչ գանձեր, որ հետո բազում դարեր հավասարեցրել են հողին, և գաղութային ստրկության պարտադրանքով նրանք լռել են ու լռում են նույնիսկ հիմա: Մեզ ճանապարհացույց աստղեր են պայքարը և հույսը: Բայց ոչ պայքարը, ոչ հույսը միայանակ չեն լինում: Մարդու մեջ համադրվում են անցյալ դարերը, մոլորությունները, սխալները, կրքերը, հանապազ կարիքները, պատմության վազքը:
… Ես ընտրել եմ դժվար ճանապարհ, ես մարդկանց հետ կիսում եմ պատասխանատվությունը, խոնարհումը անհատականությանը իբրև աշխարհաստեղծության կենտրոնի, նախընտրում եմ համեստ ծառայությունը բազմաթիվ մարդկանց, որոնք ժամանակ առ ժամանակ կարողեն մոլորվել, սակայն առանց հոգնության առաջ են շարժվում` ամեն օր դեմառդեմ բախվելով ժամանակից հետ մնացած համառներին ու անհամբեր գլուխգովաններին: Ես հավատում եմ, որ բանաստեղծի իմ պարտքը հրամայում է հարազատանալ ոչ միայն վարդին ու համաչափությանը, խանդավառ սիրուն ու անպարագիծ կարոտին, այլև մարդկանց դաժան գործերին, որոնք մասն են իմ պոեզիայի:
Ուղիղ 100 տարի առաջ մի աղքատ ու հրաշալի բանաստեղծ, ամենադաժանը բոլոր հուսահատներից` Արթյուր Ռեմբոն մարգարեացել է. «Արշալույսին, զինված հրդեհի համբերությամբ,մենք կտեսնենք փառահեղ քաղաքները»: Ես հավատում եմ պայծառատես Ռեմբոյի մարգարեությանը: Ես ծնվել եմ խուլ մի գյուղում, աշխարհից լեռներով բաժանված մի երկրում: Ես բանաստեղծներից ամենակորուսյալն էի, իմ պոեզիան ամենատխուրն էր ու մռայլը, բայց ես միշտ հավատում եմ մարդուն: Ես երբեք չեմ կորցրել հույսս: Եվ հենց այդ պատճառով եմ հայտնվել այստեղ` իմ պոեզիայով ու իմ երկրի դրոշով: Մարդկության ապագան ամփոփվում է Ռեմբոյի բառերում` զինված հրդեհի համբերությամբ մենք կգրավենք փառահեղ քաղաքները և կտանք լույս, արդարություն ու արժանապատվություն բոլոր մարդկանց: Իսկ դա նշանակում է, որ պոեզիան ամենազոր է:

Աստանա. օր երկրորդ

3 Դկտ

Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթաժողովի երկրորդ օրն իր ակտիվությամբ չզիջեց նախորդին, սակայն այն մեզ համար կարևորվում էր նախ և առաջ Հայաստանի նախագահի ելույթով: Արդեն իսկ կուտակված լարվածության լիցքերը չէին կարող իրենց անդրադարձը չունենալ նրա խոսքի վրա: Ու թերևս սա էր պատճառը, որ Ս. Սարգսյանի ելույթում խիստ ընդգծվում էր վերջնագրային տոնը: Այն կառուցված էր երկու հիմնական դրույթների վրա: Առաջինը նախապայման էր, ըստ որի Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել ԼՂՀ-ն դե յուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար: Երկրորդը սահմանում էր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ապագա չունի Ադրբեջանի կազմում, և, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: «Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ոչ իրավական, ոչ քաղաքական ու ոչ էլ բարոյական հիմք»,- ասում էր նախագահը:
Հետաքրքրական էր այդ ելույթում օգտագործված ևս մի արտահայտություն. «Ադրբեջանի փորձերը` ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ… շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը: Իսկ վերջին մեկ շաբաթվա մեջ ես կրկին համոզվեցի, որ այս փուլում Ադրբեջանը հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի լուծմամբ»: Ի՞նչ էր ակնարկում նախագահը: Վերջին մեկ շաբաթում նա կարող էր Ադրբեջանի պահվածքի գնահատման երկու սկզբնաղբյուր ունենալ` նախ համանախագահները, որոնք ժամանել էին տարածաշրջան, և ապա աղմկահարույց գաղտնի փաստաթղթերը, որոնք Wikileaks-ի թեթև ձեռքով հասու են դարձել յուրաքանչյուրին ու բացահայտում են դիվանագիտական խոհանոցի մութ անկյունները: Թե դրանցից հատկապես ո՞րն էր առիթ դարձել Բաքվից վերջնականապես հիասթափվելու համար, այժմ դժվար է կռահել: Ամեն դեպքում, նախագահի ակնարկած ներկա փուլը ժամանակային առումով խիստ հարաբերական է և որևէ կերպ չի բխում միջնորդների պահանջից` հնարավորինս արագ հանգել խնդրի վերջնական լուծմանը:
Գագաթաժողովի տասնյակ ելույթների շարքում հատկանշական էր նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքը, ով ամեն գնով ջանում էր տպավորություն ստեղծել, թե իր երկիրն էական դեր է խաղում Ղարաբաղի հարցում և պատրաստ է աջակցել ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների կարգավորմանը: «Հակամարտությունները Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի տարածքներում պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության, պետության միասնության սկզբունքների, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի շրջանակներում»,- հայտարարեց Գյուլը` իրապես որևէ պատկերացում չունենալով, թե ինչպես պիտի այդ երեքը տեղավորի մի կաթսայի մեջ:
Երբ ներկաներից բոլորն արտահայտել էին իրենց կարծիքները, Ղազախստանի նախագահը լիագումար նիստում ընդմիջում հայտարարեց, որպեսզի կողմերը կարողանային համաձայնեցնել գագաթաժողովի ամփոփիչ փաստաթուղթը: «Մենք կվերսկսենք աշխատանքը ժամը 15-ին»,- խոստացավ Նազարբաևը: Սակայն տանտերն այդ անգամ չափից ավելի լավատես էր գտնվել: Ժամանակն անցնում էր, իսկ սպասված փաստաթուղթն այդպես էլ չէր ներկայացվում լրագրողներին: Փոխարենն այդ ընթացքում զանազան լուրեր էին շրջանառվում այս կամ այն երկրի ներկայացուցչի անհամաձայնության, առանձին ձևակերպումների շուրջ ծագած վեճերի մասին: Օրինակ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ չի պատրաստվում սատարել ամփոփիչ փաստաթղթի այն ձևակերպումներին, որոնցում խոսք կլինի «վրացական հակամարտության» մասին։ Ավելի ուշ պարզվեց, որ նույնանման վերապահումներ ունեցել էին նաև Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանը: Վերջապես, տասժամյա քննարկումներից հետո, հռչակագիր ընդունվեց «Անվտանգության հանրույթին ընդառաջ» անվանումով:
Երկու բուռն օրերի ավարտից անմիջապես հետո մամուլում հրապարակումներ հայտնվեցին ձախողված գագաթաժողովի մասին: Դրանցից մեկը, որը ներկայացնում է Ռուսաստանի սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական ու հասարակական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի խոսքը, առանձնահատուկ ուշադրության է արժանի: Վերջինիս կարծիքով, ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում երկու իրադարձություններ եղան, որոնք միջոցառումը տապալեցին։ Առաջինը տարածքային ամբողջականության սկզբունքն էր, որ դարձավ հիմնական խոչընդոտը: Իսկ երկրորդ հանգամանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր, որը կանխորոշեց գագաթաժողովի տապալումը։
Աստանայի արդյունքները Հայաստանում ևս ոչ բոլորին գոհացրեցին: Թերահավատների կարևոր փաստարկներից մեկն այն էր, թե նախագահը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կախման մեջ է դնում բացառապես Ադրբեջանի քայլերից, իսկ սա մեր երկրի շահերի տեսանկյունից ոչ մի լավ բան խոստանալ չի կարող: Դժգոհության մյուս պատճառն այն էր, որ Աստանայում ընդունված հայտարարությամբ կանաչ լույս վառվեց ղարաբաղյան կարգավորման մեծ փաստաթղթի կամ, ինչպես ասում են, ճանապարհային քարտեզի համար: Չէր շրջանցվում նաև այն փաստը, որ վերստին անտեսվել էր Ղարաբաղի մասնակցության հարցը: Սակայն գլխավոր մեղքը կրկին բարդվում է Ադրբեջանի վրա, որի պահվածն առայժմ մղում է մեկ հիմնական հետևության. հերթական փաստաթուղթը մեզ համար որևէ երաշխիք չի կարող հանդիսանալ, քանի որ կնքված է անվստահելի գործընկերոջ հետ: Ի դեպ, ասվածի առաջին ապացույցներն ի հայտ եկան գագաթաժողովի ավարտից րոպեներ անց: Բաքվում հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը` ասելով, որ իբր «Աստանայի գագաթաժողովի ընթացքում Ադրբեջանը բախվեց Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման հետ, ու եթե հետագայում էլ Հայաստանը շարունակի նման մոտեցում որդեգրել, Ադրբեջանը ստիպված կլինի ազատագրել իր տարածքները ռազմական եղանակով»:
Նրանք, ովքեր հակված են գագաթաժողովի արդյունքներում միայն ձեռքբերումներ տեսնել, այս պահին առաջնորդվում են «եթե չկա ետընթաց, ուրեմն սա առաջընթաց է» սխալ տրամաբանությամբ: Ինչ խոսք, դրական է, որ Հայաստանն այնտեղից վերադարձավ առանց լուրջ կորուստների, կարողացավ չնահանջել իր որդեգրած սկզբունքներից: Սակայն պետք չէ նաև մոռանալ, որ հակամարտությունը շարունակվում է, կա պատերազմի վերսկսման վտանգը և այն սանձահարելու համար դեռևս ոչ մի նշանակալի ու էական երաշխիք ձեռք չի բերվել:
2011թ. ԵԱՀԿ նախագահությունը Ղազախստանի փոխարեն կստանձնի Լիտվան: Ինչպես երեկ հայտարարեց այդ երկրի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, իրենք մտադիր են առաջընթացի հասնել ձգձգված հակամարտությունների լուծման գործում: Բարի երթ մաղթելով նրան, մեզ մնում է միայն վերհիշել, թե քանի-քանիսի շուրթերից է հնչել այս գեղեցիկ, սակայն առ այսօր անիրական խոստումը:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԷԼՄԵՐ ԴԻԿՏՈՆԻՈՒՍ

3 Դկտ

Քաղաքակրթություն

Քո քաղաքները,
քո օրենքները,
քո արվեստները,
ոստիկաններդ` խաչմերուկներում,
քո կրոններն ու գիտությունները,
պոռնկատներն ու քո լայնահուն
պողոտաները,
գրադարաններն ու
հռչակավոր անունները քո,
և գիշերային քո ռեկլամների ռիթմը մոլեգին,
ես տեսել եմ քեզ, քաղաքակրթությո~ւն:
Հիանալի~ է:
Հրաշալի~ է:
Շքե~ղ է իրոք:

Մտածել միայն, որ այդ մենք, մենք ենք,
մենք` ողորմելի թափթփուկներս,
մանրէների պես վխտում ենք այսպես,
և բորբոսի պես պարուրել ենք մենք
այս հողագնդի մարմինը մաքուր:
Անըմբռնելի, սակայն ինչ արած,
իրողություն է:

Ես սակայն ահա նզովում եմ քեզ,
ես չեմ կուրացել քո շլացուցիչ
փայլատակումից,
և տեսնում եմ դեռ
քո դժոխային ստվերները ես,
և ճչում եմ ես,
դաժան պատժի եմ կոչում ամենն այն,
ինչ ծնում ես դու, քաղաքակրթություն:
ինչի համար է այս ամենն, ինչի,
երբ այսքան մարդկանց
նետել ես դու քո սահմաններից դուրս,
երբ ինչ-որ մեկը
քնում է ցայսօր ասֆալտի վրա,
երբ մանուկները
սոված են քնում:
1924

%d bloggers like this: