Պահոց | Հունիսի, 2016

ԳՈՒՍՏԱՎ ՄԱՅՐԻՆԿ

30 Հնս

Հանուն այն բանի, որ անձնական ճակատագիրը ձեռք բերի բարձրագույն իմաստ, կարելի է շատ բան զոհաբերել, և «հպարտ մարդկային բանականությունը» ամենևին էլ ամենաթանկ վճարը չէ: Դրա օրինակ են ծառայում մեր շատ «սովորական» քաղաքացիների ճակատագրեր, որոնք, ցավոք, հաճախ զրկված են ամեն տեսակ իմաստից, բացառությամբ, իհարկե «առողջ դատողությունից»: Բայց կորստյան մատնել սեփական ես-ը՝ աղետ է, ամբողջական ու վերջնական:96426920_743664_0b16799ab89de247a82156b3cbb

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԱԼԳՈՐԻԹՄԸ

29 Հնս

Մեր աշխարհագրության ուսուցիչը բավականին խելացի ու հետաքրքիր մարդ էր: Նույնիսկ ամենաձանձրալի թեման կարողանում էր վերածել գրավիչ դասաժամի: Եվ ահա մի օր մենք պիտի ծանոթանայինք խոնավագրիչ (գիգրոգրաֆ) կոչվող սարքի հետ: Հակիրճ բացատրությունից հետո նա մեզ առաջարկեց մի պարզ փորձ կատարել՝ մեկ շաբաթ շարունակ սարքը պահել միացրած, հետո ծանոթանալ արդյունքներին՝ այսինքն դիտել հիդրոգրամման և փորձել կռահել, թե ինչ արտաքին գործոններ են ազդել խոնավության տատանումների վրա:
Սարքը գործի դրեցինք ու ժամանակը սկսեց հոսել: Երբ վերջապես վրա հասավ նշված օրը, բոլորս միասին բացեցինք գալարաթուղթը, նայեցինք գծապատկերին ու այն, ինչ տեսանք, ապշեցրեց բոլորիս: Յոթ օր անընդհատ, գրեթե միշտ նույն ժամին խոնավության ցուցիչը միանգամից թռիչք էր արձանագրել, թեև այդ օրերին տեղումներ ընդհանրապես չէին եղել. պարզ, արևոտ եղանակ էր: Ուրեմն ինչու՞ պիտի սարքն արձանագրեր խոնավության կտրուկ աճ: Մենք դրա համար բացատրություն չունեինք: Սկսեցինք ամենատարբեր ենթադրություններն անել: Եվ երբ վարկածների ամբողջ պաշարը սպառվեց, մեր ուսուցիչը բացահայտեց գաղտնիքը:
Պարզվեց, որ ամեն օր նույն ժամին դպրոցի հավաքարարը մտել էր դասասենյակ և խոնավ շորով լվացել էր հատակը: Սարքն էլ անմիջապես արձանագրել էր նրա «թաց աշխատանքը»: Ընդամենը այդքանը, ուրիշ ոչինչ:
Միանգամից ասեմ, որ մենք ջախջախված էինք: Հավաքարարուհին մեզ խորագույն հիասթափության դուռն էր հասցրել՝ գիտության առեղծվածային հմայքը նետելով դասարանի թաց հատակին ու փշուր-փշուր անելով այնտեղ: Հասկանում էինք, որ ուսուցչի ասածն առավել քան համոզիչ էր: Բայց և այնպես մեր անհանգիստ միտքը դեռ երկար ժամանակ փնտրտուքի մեջ էր՝ նորանոր կապեր որոնելով տամկացած օդի և նրա թողած թանաքագիր հետքերի միջև: Գիտեինք, թե որն էր ճշմարտությունը, բայց նրան ճանաչել չէինք ուզում: Օդի խոնավությունը եկել, բախվել էր մեր ընկալումների չորությանն ու առաջ չէր անցնում: Իսկ պատճառը պարզից էլ պարզ էր:
Ճիշտ է, պատճառների մասին մենք պիտի խորհեինք ավելի ուշ: Միայն թե մեր ուշացած մտածումը չէր փոխում խնդրի էությունը, որ վավերացնում էր անուղղելին. մարդիկ չեն ցանկանում իրենց համար նշանակալի դեպքերի մասին ունենալ պարզ բացատրություններ, քանի որ պարզությունը չի արդարացնում նրանց մեծ սպասելիքները: Մարդիկ համոզված են, որ որքան կարևոր է իրադարձությունը, այնքան շատ խորհրդավորություն պիտի կրի, պիտի ունենա բազում քողավորող ծալքեր, խճճված թելեր, կանխամտածված քայլեր:
Ու դեռ ավելին. պիտի անպայման գործի դավադրության ալգորիթմը, քանի որ ոչինչ չի կարող տեղի ունենալ առանց կողմնակի միջամտության: Միշտ կգտնվի անտեսանելի այն ուժը, որ ներգործում է դեպքերի ընթացքի վրա, ուղղորդում է դրանք, ենթարկում է իր կամքին: Ընդամենը անհրաժեշտ է որոնել: Լավ որոնել: Եվ եթե համառ գտնվես՝ երևակայությունդ օգնության կգա ճիշտ ժամանակին:
Արտառոց այս հակումը՝ իմանալ այն, ինչ ուզում ես, այլ ոչ թե այն, ինչն իրական է, մի փոքր ավելին է, քան սովորական ինքնախաբկանքը: Դա ընկալման կաղապարն է, որ ձևավորվում, ամրանում, շիվեր է տալիս պատճառահետևանքային առնչությունների բարդ լաբիրինթոսում, իսկ հետո դառնում է որոշիչ իր մեծ ու փոքր դրսևորումների մեջ: Մարդն ինքնաթելադրվում է իր պատկերացումների պահանջներին համապատասխան՝ ստորադասելով փաստերն ու գերադասելով աշխարհը և երևույթները տեսնելու այն սովորույթը, որին իր աչքն ու միտքն են վարժվել, իր փորձն է համակերպել, իր կանխակալ կարծիքն է հարիր ճանաչել:

* * *
Ամեն օր կարելի է տեսնել ու լսել այդ բաները: Մեկը սայթաքեց ու ընկավ, վերլուծաբանն անմիջապես կգրի. «Մասոնների ձեռքի գործն էր»: Մեկ ուրիշն աննպաստ կարծիք է հայտնել՝ «Սիոնիստների մատը խառն է»: Երրորդը դժգոհ է ինչ-որ բանից, սրա արձագանքն էլ ունեն. «Պատվիրված բողոք է»: Հետո գույները գնալով խտանում են, և պարզվում է, որ ծորակից ջուր չի գալիս, քանի որ կա պանթյուրքական ծրագիր, հարևանը մեկնեց արտագնա աշխատանքի՝ համաձայն Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի, խանութի հացը լավը չէր Սորոսի մեղքով, աշխատավարձն ուշ է վճարել ոչ թե գործատուն, այլ տամպլիերների օրդենը և այսպես շարունակ: Ամեն ինչ գալիս է հեռվից, գալիս է խորքից, բարդ, անքննելի են դրանց գործերը և անհնար է, որ երբևէ լինեն հասարակ ու պարզ:
Ու որքան մեծանում են թվացյալ դավադրության ընդգրկման ծավալները, այնքան մարդն իրեն զգում է փոքր, անպաշտպան, ենթակա, արտաքին ազդակների կրնկի տակ տրորված, խորհրդավոր հսկաների թելադրանքին հնազանդ: Եվ մեր միտքն արդեն ինքնավար կերպով սկսում է ստեղծել մի կենցաղ ու առօրյա, որի մասին Իոնեսկոն կասեր՝ «Չկա ոչինչ ավելի ճշմարիտ, քան առասպելը», ու ցավալիորեն չէր սխալվի…
Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը 53-օրյա պաշարումից հետո նվաճվեց Օսմանյան կայսրության զորքերի կողմից: Պատմաբանները պնդում են՝ դա անխուսափելի էր, քանի որ այն դատապարտված էր կործանման, և դրա համար թվարկում են տասնյակ հանգամանքներ: Իսկ երբ նրանք դա հիմնավորում են գիտականորեն, այդ ժամանակ արժեզրկվում է պատմությունն այն մասին, որ քաղաքը հանձնվեց, քանի որ օգնական ուժեր կանչելու համար նեղուցը կտրել ցանկացող մակույկը մոլորվեց թանձր մառախուղի մեջ, չկարողացավ ժամանակին տեղ հասնել, այլապես պատմության անիվը գուցե պտտվեր բոլորովին այլ ուղղությամբ: Մարդիկ չեն ցանկանում ջրերի վրա անհուսորեն տարուբերվող մակույկին վստահել լինել-չլինելու ճակատագրական խնդրի բանալին, քանի որ դա կդիտվի պարզունակ լուծում, կզրկի պատկերը հոգեցունց տեսարաններից, կարժեզրկի խոշորն իր մանր ներկայությամբ: Եվ ու՞մ հոգսն է, որ գուցե թե փոքրիկ նավակն իսկապես մի հսկա կայսրություն փրկեր, եթե կարողանար ափ հասնել:
Հավանաբար նույն կերպ ժամանակին սագերն էին փրկել Հռոմը, երբ գալլերը մթա 390 թվականին ուզում էին քաղաք ներթափանցել: Բայց աղմկոտ թռչնազգիները ոչ մի ձևով չէին պատշաճում անտիկ աշխարհի հերոսական պատումի հետ, ու Հռոմն էլ պիտի անառիկ մնար՝ լիներ սագերի հետ, թե առանց սագերի: Այսպես են մեզ թելադրում-հորդորում ներքին պահանջները, լրջության և անլրջության մասին մեր բարեհարմար հայեցակետերը, վերին թելադրանքի անխուսափելի առկայությունը: Եվ գրողի ծոցն է գլորվում խեղճ ու կրակ ճշմարտությունը, որ ապրի առասպելի և դավադրության սիրո պտուղը: Ապրի կասկածելին:
Դեռ երբեք աշխարհը չի փլուզվել նրանից, որ մարդը որևէ փաստի մասին վերապահ կամ թյուր ըմբռնում ունի: Փոխարենը փլուզվել է մարդը՝ չնկատելով, թե ինչպես կաթիլ առ կաթիլ սեփական կարողությունների նկատմամբ անվստահությունն իր նստվածքն է թողնում և արժեզրկվում է կարծիքն իբրև անհատական վերլուծումների հանրագումար: Նահանջում է նա ու իր նահանջի ճանապարհին մի կողմ է նետում ամենակուռ զրահը՝ հակադրման համարձակությունը:

* * *
Կանգնիր գետափին, մի քար վերցրու և նետիր ջրերի մեջ: Լսեցի՞ր ճոփյունը: Տեսա՞ր, թե քարն ինչպես կուլ գնաց ալիքներին: Դա քո ընտրությունն էր: Եվ գետը, և քարը, և նետելը: Ոչ ոք ոչինչ չթելադրեց, չհուշեց, թե ինչպես վարվես, չասաց, թե այլընտրանք չկար: Կարող էիր նաև չնետել քարը: Դա ևս կլիներ քո կամքը: Եվ ընդհանրապես, քո նետած քարից հազիվ թե գետն իր հունը փոխի, բայց եթե բազում լինեք ազատներդ և շատ լինեն նետված քարերը, ապա մի օր ջրերը կարող են հոսել այնտեղ, որտեղ դուք կցանկանաք:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆhovik charkhchyan

ՄԱՀԱՓՈՐՁ ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ԴԵՄ

29 Հնս

Պատմության կարևորագույն իրադարձությունները միշտ էլ ուղեկցվել են առաջին հայացքից աննշան, դրվագային թվացող դեպքերով, որոնք, սակայն, հետքեր են թողել ինչպես ժամանակի, այնպես էլ մարդկանց ճակատագրերի վրա: Ու եթե հաճախ դրանք մոռացության են տրվել, այդ մոռացումն էլ իր պատճառներն է ունեցել: Ահա այդպիսի մի «անտեսված» միջադեպի մասին ենք ուզում պատվել, որն առնչվում է հայ նշանավոր գրող, Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի անվան հետ:
Ահարոնյանը, որ գլխավորել էր հայկական պատվիրակությունները Կոստանդնուպոլսի հայ-թուրքական բանակցություններում (1918), Փարիզի խաղաղության խորհրդաժողովում (1919), Լոնդոնի (1921) կոնֆերանսում ու ստորագրել էր Սևրի դաշնագիրը (1920), 1921 թվականին ապրում էր Փարիզում: Ահա հենց այդ տարվա ձմռանն էլ Հայաստանում և սփյուռքում անսպասելի մի լուր տարածվեց՝ մահափորձ էր կատարվել Ավետիս Ահարոնյանի դեմ: Տեղեկություններն այնքան կցկտուր ու հակասական էին, որ առաջին պահին նույնիսկ քչերը հավատացին դրանց իսկությանը: Բայց շատ չանցած տեղ հասան նաև առաջին վկայություններն ու պաշտոնական հաղորդումները:ավետիս ահարոնյանի վերջին նկարը 1936
Համաձայն այդ հրապարակումների, հունվարի 26-ին Տեր-Զաքարյան ազգանունով մի հայ երիտասարդ մուտք էր գործել քաղաքի Մարսո փողոցում գտնվող Ահարոնյանի բնակարան, սպառնացել էր նրան, իսկ հետո կրակել էր ատրճանակից: Բարեբախտաբար, ահաբեկիչը վրիպել էր, ինչից հետո նրան ձերբակալել էին: Բոլորին առաջին հերթին մտահոգում էր, թե ի՞նչն է եղել հարձակման պատճառը, սակայն ամենից շատ վշտացնում էր այն փաստը, որ կրակողն ազգությամբ հայ էր, այլ ոչ թե օտարերկրացի մեկը:
Հաջորդ օրերին նոր մանրամասներ ի հայտ եկան՝ լրացնելով ժլատ լուրերի բացը: Նախ գրեցին, որ Ալեքսանդր Տեր-Զաքարյանը գնացել էր Ահարոնյանի մոտ՝ նրանից դրամ խնդրելու, որպեսզի Ֆրանսիայից Միացյալ Նահանգներ մեկներ, և մերժում ստանալուց հետո կրակել էր: Այնուհետև ասվում էր, որ հարցաքննության ժամանակ նա քննիչին հայտնել էր, թե սեփական թշվառությունն էր իրեն մղել նման ոճրագործության: Բայց առավել հետաքրքրականը նրա հետևյալ խոսքերն էին. «Փարիիզ էի եկել՝ հուսալով բարեկեցիկ կյանք գտնել այստեղ, մինչդեռ ծանր աշխատանքի գնով հազիվ եմ կարողանում օրվա ապրուստ հայթայթել ինձ համար: Այդ պատճառով էլ որոշեցի իմ և հայրենակիցներից վրեժը լուծել՝ սպանելով Հայաստանի խորհրդարանի նախագահին, ով հայերին սովամահության է մատնել»:
Ձերբակալվածի այս բառերը լիովին բավական էին, որ Ահարոնյանի ու Դաշնակցություն կուսակցության քաղաքական հակառակորդներն անմիջապես վերցնեին այդ միտքն ու դրոշակ դարձրած ծածանեին նրանց դեմ՝ որպես ապացույց իրենց առավելության և հիշեցում այն բանի, թե ՀՅԴ-ն էր Հայաստանը տարել կործանման: Այստեղ հարկ է նկատել, որ հատկապես 1920-ականների սկզբին շատերի մոտ կար այն մտայնությունը, համաձայն որի տանուլ տրված Հայկական հարցի մեղավորներից մեկը հենց Ավետիս Ահարոնյանն էր, քանի որ նա՝ իբրև կուսակցության ակնառու դեմքերից մեկը, ամենաակտիվ մասնակցությունն էր ունեցել ազգային, քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձություններին: Իսկ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, սրված գաղափարական պայքարի պայմաններում, այդ թեզն ավելի հաճախ էր շրջանառվում:
Այնպես որ, երբ մի քանի օր անց հայտնի դարձավ, որ մահափորձի հեղինակ երիտասարդն ինքն էլ Երևանից եկած դաշնակցական էր ու հինգ տարի իբրև կամավոր կռվել էր թուրքերի դեմ, պատկերը նոր երանգներ ձեռք բերեց:
Այդ ընթացքում տեղի մամուլը շարունակում էր պարբերաբար անդրադառնալ գործի ընթացքին, և հետզհետե ավելացող փաստերը որոշակի ձևափոխումներ էին կատարում սկզբնական պատկերացումներում: Օրինակ, գրեցին, թե Տեր-Զաքարյանը նախկինում էլ մի քանի անգամ նույն պահանջով այցելել էր այդ տուն ու դատարկաձեռն հեռացել: Իսկ միջադեպի օրը, հակառակ տան ծառայողի արգելքներին, նրան հաջողվել էր հասնել մինչև Ահարոնյանի սենյակ ու պահանջել 1500 ֆրանկ: Լսելով մերժողական պատասխան, գրպանից դուրս էր քաշել ատրճանակը, բայց մինչ կկրակեր, Ահարոնյանը կարողացել էր բռնել նրա դաստակը և փամփուշտը խրվել էր պատի մեջ:twuby
Որոշ ժամանակ անց ֆրանսիական թերթերը հանդես եկան առավել ծավալուն հրապարակումներով, որտեղ արդեն աչքի էին զարնում գլխագրային ենթավերնագրերը. « Մահափորձը, որին քիչ մնաց` զոհ գնար Հայկական պատվիրակության նախագահ պ. Ա. Ահարոնյանը, քաղաքական հանգամանք չուներ»: Ահա նման շրջադարձային որակումից հետո պարբերականները փոխանցում էին ոստիկանության կոմիսար Մ. Սիմոնի կատարած քննության արդյունքները, համաձայն որոնց Ալեքսանդր Տեր-Զաքարյանը նախկին ուսանող էր, սովորում էր Պետրոգրադում, երբ բռնկվեց հեղափոխությունը և նրան ստիպեց վերադառնալ Երևան: «Ութ ամիս առաջ Փարիզ եկավ իր ուսումը շարունակելու համար: Բայց դրամ չունենալով` բազմիցս օգնություն է խնդրել պ. Ահարոնյանից, որը զանազան առիթներով օժանդակել է նրան: Վերջերս նույնիսկ անցագիր է հանել Տեր- Զաքարյանի համար, որ իր երկիրը դառնա: Բայց նա չմեկնեց և շարունակեց գալ Մարսոյի փողոց, ուր գտնվում է պ. Ահարոնյանի տունը և դրամական նոր օգնություն խնդրել: Պ. Ահարոնյանը հրամայեց, որ հեռացնեն նրան: Տեր- Զաքարյանը մի քանի անգամ փորձեց ներս մտնել, բայց չհաջողեց: Վերջին անգամ գալով, ծառային հրմշտելով Ահարոնյանի սենյակը մտավ և 150 ֆրանկ պահանջեց: Պ. Ահարոնյանը մերժեց: Այդ ժամանակ գրպանից ատրճանակը հանելով` ուղղեց պ. Ահարոնյանի վրա: Նախագահը բարեբախտաբար ժամանակին տեսավ նրա շարժումը և կարողացավ դաստակը բռնելով` խուսափել գնդակից, որ միջնորմի մեջ անհետացավ: Իր արարքի պատճառած իրարանցումից օգտվելով` Տեր- Զաքարյանը փախավ փողոց, բայց ծառան հետևից վազելով, բռնեց և ոստիկանատուն հանձնեց»,- գրում էր թերթերից մեկը:
Մահափորձի հեղինակի նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Այս անգամ Ահարոնյանի հակառակորդները սկսեցին աղմկել, թե նա չունի այնքան ներողամտություն, որ հանգիստ թողնի դժբախտ երիտասարդին: Մինչ աշուն Տեր-Զաքարյանը մնաց կալանքի տակ, մինչև որ սեպտեմբերի վերջին կայացավ նրա դատավարությունը: Եվ միայն այդ ժամանակ հասկանալի դարձավ, որ Ավետիս Ահարոնյանի ցանկությունն էր իր վրայից հանել քաղաքական բնույթի մեղադարանքները: Ինչպես այդ օրերին գրել էր թերթերից մեկը, «Տեր-Զաքարյանը խոստովանել է, որ ցանկանում էր սպանել պ. Ահարոնյանին քաղաքական պատճառներով: Նա պատճառաբանում էր, թե Ահարոնյանն իբրև հայկական պատվիրակության ղեկավար իր հայրենակիցների մեծամասնության ներկայացուցիչը չէր»:
Հատկանշական է, որ դատավարության ժամանակ ընդհանուր դատախազ Կոտրֆրուան՝ պահանջելով ոչ այնքան խիստ պատժաչափ, միաժամանակ հարկ էր համարել հիշեցնել օտարերկրացիներին, որ կարիք չկա «իրենց քաղաքական վեճերը կարգավորել ֆրանսիական հողի վրա»: Ի վերջո դատարանը Տեր-Զաքարյանին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման և նրան պարտավորեցրեց տուժող կողմին՝ Ա. Ահարոնյանին իբրև վնասի հատուցում վճարել… մեկ ֆրանկ:
Ահա այսպիսի ավարտ ունեցավ ցավալի միջադեպը, որ դեռ երկար ժամանակ արծարծվում էր հայկական մամուլում՝ մերթ կրելով զուտ իրավական բովանդակություն, մերթ համեմվելով սուր քաղաքական սարկազմով: Իսկ տարաբախտ ուսանողի հետագա ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆaharonyan

ՌՈԲԻՆԶՈՆԸ ԵՐՋԱՆԻԿ ՉԷՐ

19 Հնս

Ամեն անգամ, երբ գյուղ եմ գնում մերոնց տեսնելու, մայրս իսկույն հարցնում է.
— Դե պատմիր, ի՞նչ կա երևաններում: Էլի ցույցեր անու՞մ են… Էն նախարարին ինչի՞ հանեցին… Էն տղաներին ինչի՞ համար են դատում… Պատերազմի մասին ի՞նչ են խոսում…
Ու ես՝ քաղաքային թոհուբոհից մինչև կոկորդս կուշտ մարդս, որ գլխապատառ փախել եմ այդ աղմուկից՝ գյուղի երանավետ լռության մեջ մեկուսի հանգստություն գտնելու հույսով, մի քիչ զարմանքով, մի քիչ էլ նախանձով ասում եմ նրան.
— Այ մեր, ապրիր քո համար հանգիստ, քո հող ու ջրով, տուն ու տեղով, օրվա հոգսերով, քո թոռներով: Ի՞նչ գործ ունես էդ ամենի հետ…
Ու մայրս էլ հարցեր չի տալիս՝ ինձ հետ անհամաձայն: Սեղան է բացում՝ ձեռքի հետ պատմելով գյուղի անցուդարձից: Իսկ ես լսում եմ նրան ու ամեն անգամ մտքումս կրկնում եմ. «Ախ, երանի ձեր հոգսերն իմը լինեին»:
Բայց հոգսն ու մտատանջությունը փոխանակելի չեն, ինչպես որ փոփոխական են մեր ցանկությունների սահմանները, դրա համար էլ մտքի ու մարմնի դեգերումները միշտ չէ, որ ընտրում են միևնույն ուղղությունը: Մենք ապրում և ինքներս ենք ստեղծում դժվարակիր կյանքը՝ իր ամենայն արատներով հանդերձ և հանդուրժում ենք մեր չարաբաստիկ հոգեզավակին այնքան ժամանակ, քանի դեռ չի լցվել համբերության բաժակը, քանի դեռ չեն սպառվել դիմակայման եռանդի վերջին պաշարները:
Եվ այնժամ առաջին միտքը, որ այցի է գալիս իբրև փրկչական ելք, սեփական անձի մեկուսացումն է: Գլուխն առնել ու գնալ, կորչել, մոլորվել, լինել շատ հեռու, դառնալ բացակա, չլսել, չիմանալ, շրջագծել հորիզոնն ինչպես մի խեցի, որի ներսում պիտի պատսպարվի կակղամորթի մեր մարմինը, տեղափոխվել մարդկանց աշխարհից դեպի մարդազերծ աշխարհը, որտեղ ներկան կդառնա բացակա, որտեղ չեն պղտորվելու միտք, հոգի արյուն…
Հանապազօր կյանքից հոգնած, ձանձրացած, ուժահատ ու դժկամ ո՞ր մեկս գոնե մեկ անգամ չենք երազել ընկնել մի անմարդաբնակ կղզի և ապրել այնտեղ խելացնոր աշխարհից կտրված, իբրև նոր օրերի Ռոբինզոն: Օվկիանոսի ջրերը կսրբեին բոլոր կապող թելերը, ձայները, հետքերը և կլիներ միայն կղզին, որտեղ չկան պայմանականություններ, չկան խաղարկվելիք դերեր, ներկրվող տագնապներ, արտանետվող խռովքներ: Մեր կղզին մեզ կտար երանության գերագույն դրսևորումը՝ մարմնի և հույզերի սանձարձակ ինքնավարությունը:
Ազատ կլիներ Ռոբինզոնը: Բայց երջանի՞կ կլիներ Ռոբինզոնը: Որովհետև մի օր իր կղզու ամայի ափերին նստած միայնակ Ռոբինզոնը պիտի հասկանար, որ ինքն ունի այն, ինչ երազում էր, սակայն չունի ամենակարևորը՝ երազանքի նպատակը: Եվ դատարկ ափի ավազի վրա ներանձնացած Ռոբինզոնը պիտի կռահեր, որ նույնիսկ անրջային կյանքը ոչինչ չարժե առանց իմաստի և իմաստն է, որ ապրելը դարձնում է ապրեցնող: Ու կղզու ափամերձ ավազների վրա վաղանցուկ հետքեր թողնող Ռոբինզոնը վաղ թե ուշ պիտի խոստովաներ, որ մարդու կյանքը խորհուրդ ունի միայն այն ժամանակ, երբ կան մյուսները: Միայնակ մարդն անմարդաբնակ կղզի է՝ անմարդաբնակ կղզու վրա և ոչ ոք չի գնում այնտեղ ապրելու:

* * *
… Մայրս նստել է կողքիս, ոչինչ չի հարցնում և ես սիրում եմ նրա անհամաձայն լռությունը: Ես սիրում եմ իմ մոր մտախոհումները, որ իր գյուղական ինքնամփոփ կենցաղի մեջ ականջ է դնում քաղաքի եռուզեռին: Իմ խուսափանքով հանդերձ ես ուզում եմ նրան հեռու պահել կողմնակի ցնցումների արձագանքից՝ տարածության ու անգիտության մտացածին ցանկապատ կապելով և հուսադրելով ինձ, թե տարօրինակ ոչինչ չկա, երբ մարդն անմասնակից է բոլոր տարուբերումներին և նրա կամքն է մնալու ինքն իր հետ՝ սեփական կյանքն իր պատկերացմամբ ապրելու իրավունքով:
Ես նույնիսկ հարմար արդարացումներ եմ գտնում ինձ համար, սկսում եմ հավատալ այն պնդմանը, որ «Դոն Կիխոտը» կարելի էր միայն բանտում գրել, ես փորձում եմ հասկանալ Գոգենին, որ Փարիզը փոխեց Հայիթիի հետ, ես նախանձում եմ Սելինջերի ինքնամեկուսացմանը, որտեղ միտքն արգասաբեր էր: Ես այս բոլորը խրախուսում ու ըմբռնում եմ մինչև այն սահմանը, երբ վրա է հասնում մեկ այլ իրողություն խոստովանելու պահը: Ու ես ինքնակամ-պարտադրական համաձայնությունս եմ տալիս մեկ այլ մտքի՝ նրան, որ թե Սերվանտեսի վեպը, թե Գոգենի կտավները, թե Սելինջերի մտքի արգասիքը հասցեագրված էին մարդկանց և երբեք լույս աշխարհ չէին գա, եթե չլինեին մյուսները՝ նրանք, ովքեր բաժանարար պատնեշից այն կողմ էին:
Երեկոյան ես հրաժեշտ կտամ մերոնց, որ վերադառնամ չմեկուսացված մարդկանց երկիրը, հազար-հազար կղզիներով այն աշխարհը, որտեղ անթիվ ռոբինզոններ են ապրում, որտեղ ամեն ոք փակվում է իր չորս պատերի մեջ, երկփեղկվում է սեփական մաշկում, բայց լուսաբացի հետ նրանք լքում են իրենց առանձնարանը, որ նավարկեն ժամանակի ջրերի միջով դեպի մյուսները, լողան ընդառաջ հարակից հոգսերին, մերձակա հույզերին, առընթեր խութերին և ճոճվեն այն ալիքների վրա, որոնք նաև մյուսներին են շարժման մեջ դնում: Միայն այդպես կարող են ապրել մարդիկ: Ուրիշ կյանք չի լինում:

* * *
Հիմա չեմ հիշում՝ այս պատմությունը երբ և ումից եմ լսել, բայց կա այսպիսի մի մոռացված լեգենդ և այդ լեգենդում ասվում է, թե եղել է ժամանակ, երբ մարդիկ իմացել են իրենց մահվան օրը:
Այդ տարօրինակ ժամանակներում մի մարդ իր պարտեզի շուրջը ցանկապատ էր կապում: Խփում էր ցից ցցի ետևից, բայց իր գործն անում էր անտարբեր ու անեռանդ, և ոչինչ չէր ստացվում: Հանկարծ մի անցորդ է մոտենում նրան, նայում է փայտերին ու հարցնում է.
— Եղբայր, ցանկապատդ ինչու՞ է այսքան վատը:
— Դե գիտե՞ս, ինձ ընդամենը երեք օրվա կյանք է մնացել ապրելու, այնպես որ այսքանն էլ հերիք է:
— Իսկ դու չե՞ս ուզում պատրաստել այնպես, որ քեզնից հետո ապրողները օգտվեն դրանից:
— Էհ,- ձեռքը թափ է տալիս մարդն ու շարունակում ցցերը շարել:
Այս հանդիպումից անցնում է երեք օր, բայց նա չի մեռնում: Անցնում է մեկ ամիս, մեկ տարի, երեք տարի, իսկ նա դեռ ապրում էր: Մարդն արդեն առաջվա պես չգիտեր իր մահվան օրը: Եվ այդ ժամանակ նա քանդում է հին ցանկապատն ու շինում է նորը՝ ամուր, ուղիղ, գեղեցիկ, որովհետև մտածում է, թե գուցե դեռ շատ երկար է ապրելու:
Եվ ապրում է: Իսկ այն անցորդը աստվածն էր: Նա որոշեց հետայդու մարդուց գաղտնի պահել իր վախճանի օրը, որպեսզի նա չմտածի միայն իր անձի մասին:
Հիմա մենք էլ, որ դեռ չգիտենք, թե ճակատագիրն ինչ է խոստանում վաղվա համար, վեր կենանք, գնանք մեր գործին և անենք այդ գործը ոչ թե հանուն նրա, որ վաղվա օրն անորոշ է, այլ հանուն այն բանի, որ որոշյալ աշխարհում մարդը նույնպես պիտի որոշյալ լինի: Որովհետև մենք կարող ենք լինել դժգոհ, կարող ենք լինել հուսահատված ու զայրացած, բայց ցանկապատը ուղիղ ու ամուր շինել պարտավոր ենք: Ցանկապատը մեղավոր չէ:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆՀովիկ Չարխչյան Hovik Charkhchyan

Սևակի անծանոթ բանաստեղծությունը

19 Հնս

Հունիսի 17-ը բանաստեղծ Պարույր Սեւակի մահվան օրն է: Այս առիթով «Ժողովուրդ»-ը ընթերցողներին է ներկայացնում նրա անծանոթ բանաստեղծությունը, որը տրամադրել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը: Վերջինս մեզ հետ զրույցում, խոսելով այս ստեղծագործության մասին, նախ նշեց, որ ըստ ժամանակակիցների վկայությունների` Սեւակը միշտ խուսափել է գրել մանկական գործեր: Եվ երբ նրան հարցրել են, թե որն է դրա պատճառը, բանաստեղծը պատասխանել է, որ մանկական գրականությամբ զբաղվելը շատ լուրջ գործ է, եւ ինքը չի պատրաստվում «խաբել» երեխաներին` անելով մի բան, որն իրեն կոչումով տրված չէ: Եվ, այնուամենայնիվ, իր կյանքի վերջին տարիներին` 1969-70 թթ., Սեւակն, այսպես ասած, դեմ է գնում ինքն իրեն: Բանն այն է, որ այդ ժամանակ «Պիոներ» ամսագիրը սովորաբար դիմում էր նշանավոր գրողներին, խնդրում, որ մանկական ստեղծագործություններ հանձնեն խմբագրությանը: Ելնելով այն հանգամանքից, որ այդ տարիներին ամսագրի գրեթե բոլոր համարներում մեկը մյուսի ետեւից տպագրվել են Սեւակի մանկական բանաստեղծությունները, կարելի է ենթադրել, որ ամսագրին հաջողվել էր համոզել նաեւ բանաստեղծին: Դրանք հետագայում պետք է ամփոփվեին փոքրիկ գրքույկում` «Մեր ծանոթները» վերնագրով, որն, ի դեպ, լույս է տեսել Սեւակի մահվանից հաշված օրեր անց: Ու թեեւ գրողն ինքը գիրքը չտեսավ, դա չի նշանակում, որ նա դրա խմբագրման աշխատանքներին չէր մասնակցել: Ի վերջո, գիրքը կազմվում էր դեռեւս Սեւակի կենդանության օրոք: Եվ հետաքրքիր է, որ նրա անծանոթ այս բանաստեղծությունը տեղ չի գտել ժողովածուում ինչ-ինչ պատճառներով: Դրանք, ըստ գրականագետի, կարող են մի քանիսը լինել: Օրինակ` գրքույկը կարող էր ծավալային առումով սահմանափակ լինել, ու որոշ բանաստեղծություններ պարզապես դուրս մնային, կամ, հնարավոր է, այս գործը Սեւակին այնքան էլ դուր չի եկել, եւ նա այն համոզման է եղել, որ դա դեռ ենթակա է մշակման: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ Սեւակը շատ քիչ մանկական ստեղծագործություններ ունի, այս բանաստեղծությունը, որը ներկայացնում ենք ստորեւ, կարելի է բավական արժեքավոր համարել:

ՎԱՐԴՆ ՈՒ ՄԱՆՈՒՇԱԿԸ

Վարդն ու Մանուշակը քույր- եղբայր են եղել,
Միշտ իրար հետ կռվել, միշտ իրար են նեղել,
Վարդը եղունգներով ճանկռտել է նրան,
Նա էլ պոկոտել է շեկ մազերը սրա:

Մայրը շատ է նրանց խելք ու խրատ տվել,
Նրանք էլ` էլ չենք անի` ասել են ու երդվել,
Ասել են, բայց հետո էլի կռիվ ու լաց,
Էլի ճանկռտած ձեռքեր, էլի կռիվ ու լաց:

Երբ չի օգնել նույնիսկ պաչելն ու ծեծելը,
Մայրիկը բարկացել է, մի օր անիծել է,
Որ իրար հետ անվերջ կռվող եղբայր ու քույր
Մեկը մեկից միշտ էլ կարոտ մնան կյանքում:

Ինչպես ասաց մայրը, եղավ հենց այդպես էլ,
Այդ օրվանից նրանք իրար էլ չեն տեսել,
Որովհետև արդեն իրենց ամբողջ կյանքում
Տարբեր ժամանակ են միշտ էլ նրանք ծաղկում:

Աննա Բանաջանյան13473707_1075482425866156_1671751765_n-600x401

ՅՈՒ ՆԵՍԲՅՈ

18 Հնս

Տարօրինակ է, բայց ես ընդամենը կցկտուր պահեր եմ հիշում այն ամբողջ ժամանակից, որ մենք միասին ենք եղել: Երբ նայում եմ լուսանկարները, ապա մտաբերում եմ: Ես մեզ վերհիշում եմ այնպիսին, ինչպիսին մենք պատկերված ենք այդ նկարներում, թեև գիտեմ, որ դա ճիշտ չէ: Իսկ գուցե հենց դրա համա՞ր ենք մենք լուսանկարվում, որպեսզի ստանանք կեղծ ապացույցներ՝ հաստատելու կեղծ պնդումները, թե մենք երջանիկ ենք եղել:
«Ուրվականը» գրքից

a96329853dd16ddeac7352ca4a398cea-Photographer-1-kurs-ksf

ԼՅՈՒՍԻ ՈՒՈՐՍԼԻ

18 Հնս

Պետք չէ վախենալ փոփոխություններից: Պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ մարդիկ խորապես համոզված չէին, որ ապրում են փոփոխությունների դարում, որ աշխարհում աճում է դաժանությունը և այն առավել խորն է թաղվում արատների մեջ, մի խոսքով, ահա-ահա վրա կհասնի աշխարհի վերջը: Ուրախալի է գիտակցել, որ աշխարհը դեռ չի անհետացել, և մենք շարունակում ենք հաճույք ստանալ ընտանեկան կյանքից: Ինչպես ասում են՝ «Տունը, որտեղ մենք երջանիկ ենք՝ ահա երազանքի սահմանը»:

SP7hSXwRfmM

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԸ

18 Հնս

Ծաղկաձորում կա մի ճամբար
Անունով հին լեգենդի,
Ուր բխում է աղբյուր մի պաղ
Հավերժական կարոտի:

Դա աղբյուրն է բանաստեղծի,
Մանուկների ձեքի գործ,
Դու կկարդաս` «Լույս եղիցի»,
Քարի վրա ոսկեբոց….

Դա հենց աղբյուրն է ճամբարի
«Պարույր Սևակ» անունով,
Քեզ պոետն է ժպտում բարի
Իր երգերի անհունով:

Ժպտում է նա կակաչներից
Լեռնային պաղ գետակի,
Սարալանջի կակաչներից,
Գմբեթներից հին վանքի:

Դու լսում ես նրան կարծես
Կաղնիների խշշոցից,
Կարծես պատգամ է կարդում քեզ
Իր վերջին երգ- երգոցից:

-Մաքուր պահենք անտառը այս,
Այս գետակը զրնգուն,
Որ միշտ լինի լույս ու երազ
Ձեր աչքերում, ձեր հոգում:

ՎԱՀԱԳՆ ԿԱՐԵՆՑաղբյուր

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

16 Հնս

Խելացի տղամարդը պետք է համաձայնությամբ պատասխանի կնոջ բոլոր կամակորություններին, իսկ հետո աննկատ գուշակի դրա շարժառիթները հակառակ որոշման համար՝ ձև անելով, թե դա կնոջ իրավունքն է՝ անվերջորեն փոխել իր ընտրությունը՝ փոխելով նաև զգացմունքները:3_result-5

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ ՀԵՏՄԱՀՈՒ «ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ»

12 Հնս

1872 թվականին, 21 տարին դեռ չբոլորած, վախճանվեց բանաստեղծ Պետրոս Դուրյանը: Այդ անսպասելի ու ծանր կորստի պահին նրա ընկերները հանկարծ հիշեցին, որ տաղանդավոր երիտասարդը նույնիսկ լուսանկար չուներ: Շտապ կանչեցին նկարիչ Աբրահամ Սարգայանին, որ գոնե մահվան մահճում Դուրյանի դիմանկարը վրձներ: Բայց մահն այնպես էր աղավաղել Դուրյանի դեմքը, որ նկարիչը հրաժարվեց այդ փորձից: (Ավելի ուշ հիշողությամբ, հարազատների նմանությունը օգտագործելով պիտի ստեղծվեր պայմանական մի կերպար, որ Պետրոս Դուրյանի դիմանկարն էր համարվելու երկար տարիներ): Նրա մարմինը հողին հանձնեցին Կ.Պոլսի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանատանը: Այսպես անցավ 85 տարի:

71609_518020394883268_1523132163_n
1957 թվականին թուրքական իշխանությունները հանկարծ որոշեցին, որ գերեզմանատան տարածքով պիտի նոր մայրուղի անցնի և դիմեցին բնակիչներին՝ իրենց հարազատների շիրիմները տեղափոխելու հորդորով: Շատերի հետ վտանգվել էր նաև Դուրյանի գերեզմանը: Պոլսո Հայոց պատրիարքարանը անմիջապես ստանձնեց բանաստեղծի վերաթաղման հոգսը: Այն օրերին պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի հանձնարարությամբ ու մասնակցությամբ Դուրյանի մասունքները հանվեցին ու տեղափոխվեցին շիրմատան խորքը:
Բայց այդ օրը տեղի ունեցավ ևս մի դեպք, որը հայտնի դարձավ տարիներ հետո: Պահպանվել է ականատես Կարպիս Տողրամաճյանի գրավոր վկայությունն այդ մասին, ուր մասնավորապես ասված է. «Ես` սրորագրյալս` Կարպիս Տողրամաճյան, Թուրքիո Հայոց պատրիարքարանին բարապանը եղած եմ 1950 թվականեն ի վեր: Կվկայեմ, որ ես անձամբ ներկա էի հանգուցյալ Գարեգին Ս. պատրիարքի կողքին 1957 թվականին, երբ Պետրոս Դուրյանի գերեզմանը կփորվեր անոր ոսկորները գերեզմանին ավելի ներսերը փոխադրելու համար, քանի որ հին գերեզմանին տեղը ընդարձակվելուն՝ ճամփու պիտի հատկացվեր: Ես անձամբ տուփի մը մեջ բերի գանգին ոսկորները նախ` դպրեվանք, ուր մնաց քանի մը ամիսներ և ապա փոխադրեցինք պատրիարքարան, ուր կման մինչև այսօր»:850
Նույնատիպ մի վկայություն էլ թողել է գերեզմանափորը՝ Միհրան Ակտաղը, և նրա գրությունն այսօր պահվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվում: 1967 թ. սեպտեմբերին նա հաստատում էր, որ հենց ինքն է դուրս բերել Դուրյանի փշրված գանգը և հանձնել հայ հոգևորականներին:
Թե որն էր պատրիարքի մտադրությունն՝ այնքան էլ հստակ չէր: Ամեն դեպքում, բանաստեղծի գանգը նրա մոտ պահվում էր կիսածածուկ և միայն եզակի, վստահելի մարդկանց էր նա արժանացնում այն տեսնելու պատվին: Վերջինիս մահից հետո Դուրյանի մասունքների պահպանությունն անցնում է Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանին: Նորընտիր պատրիարքն այդ օրերին հարկ է համարում մի հավաստագիր գրել, որտեղ ասվում էր. «Հանգուցյալ Պատրիարքը ինձի ցույց տված է Պետրոս Դուրյանի գանգին ոսկորները և ըսած է, որ զանոնք հանել տված է Դուրյանի գերեզմանեն 1957 թվականին, երբ Սկյուտարի Պաղլար- Պաշըի մաս մը կհատկացվեր հարակից ճամփուն… Մեր պատրիարք ընտրվելեն ասդին մեծ բանաստեղծին այս պատվական նշխարքը կմնա մեր հոգածության ներքո»:
Հանգուցալուծումը վրա հասավ 1969 թվականին: Օգտագործելով Էջմիածին մեկնելու անհրաժեշտությունը, պատրիարքը որոշում է Դուրյանի գանգն իր հետ տանել Հայաստան: Նա կարծում էր, որ բանաստեղծի աճյունի մյուս մասի հանգրվանը պիտի հայրենքը դառնա, իսկ նրա պոեզիայի սիրահարների համար այդ երկրորդ շիրմատեղը պիտի լինի ուխտատեղի: Պատմում են, թե ավելորդ անախորժություններից խուսափելու համար զգուշավոր պատրիարքը գանգը թաքցրել էր իր սքեմի տակ և այդպես անցել սահմանը:duryan_04
Շնորհք արքեպիսկոպոսը բանաստեղծի գանգը հանձնում է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին՝ ի տնօրինություն: Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի շտապում կազմակերպել դրա վերաթաղումը, այլև իր հերթին այն տալիս է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին: Բանն այն է, որ Վեհափառը մեկ այլ մտադրություն ու ցանկություն էլ ուներ: Նա ուզում էր մասնագետների օգնությամբ, գանգաբանական սկզբունքներով վերականգնել Դուրյանի իրական դեմքը, ինչից հետո արդեն կորոշվեր գանգի ճակատագիրը:
Այդ տարիներին մեծ համբավ ու հեղինակություն էր վայելում մարդաբանության լաբորատորիայի հիմնադիր, գանգաբան Անդրանիկ Ճաղարյանը, ով պլաստիկ անատոմիայի նորագույն մեթոդների գործադրմամբ կարողանում էր գանգի բեկորների հիման վրա վերարտադրել դեմքի եռաչափ պատկերը: Հենց նրա օգնությանն էլ ապավինել էր Վազգեն Առաջինը՝ Դուրյանի գանգն ի պահ հանձնելով թանգարանին: Եվ թանգարանի աշխատակիցները չհապաղեցին:
Ճաղարյանը հետագայում այդ նշանավոր պահը շատ անգամ պիտի մտաբերեր, և ոչ առանց հուզմունքի. «1970 թվականի մայիսն էր… Թանգարանի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Ս. Մելիքսեթյանը գուրգուրոտ հոգածությամբ ինձ հանձնեց փայտյա մի փոքրիկ տուփ, որի մեջ ամփոփված էին խունացած ոսկորներ և մի բուռ հող. «Պետրոս Դուրյանի գանգի բեկորներն են, փորձենք վերականգնել բանաստեղծի դեմքը»: Վերականգնել Դուրյանի դեմքը…Ընդունե՞լ առաջարկը, թե՞ մերժել: Իմ գիտական կյանքում հուզումներ շատ եմ ունեցել, բայց խոստովանում եմ, որ այն, ինչ համակեց ինձ այդ պահին, անկարելի է բառերով արտահայտել: Ոչ, դա ուրախության կամ հպարտության սոսկական զգացում չէր, դա գուցե ամենից առաջ վախ էր: Այո, ես վախենում էի Դուրյանից, նրա անկրկնելի հմայքից…»:71699_518020008216640_1752874978_n
Բայց գիտությունն ու էմոցիաները համատեղվել չեն սիրում, և մասնագետը գործի է անցնում: Պահպանվել է նույն տարվա մայիսի 19-ին կազմված արձանագրությունը գանգի ընդհանուր անատոմիա-մարդաբանական նկարագրական նշանների մասին: Այնտեղ մասնավորապես ասվում էր. «… Գանգը շատ վատ է պահպանված, փշրված բեկորներ, բացակայում են աջ այտային աղեղը, աջ այտոսկրի ճակատային ելունը, աջ կողմնաոսկրի մի մասը, ծոծրակոսկրի մի մասը, պահպանված է 20 ատամ, ձախ ճակատոսկրի վրա սուր գործիքից առաջացած ակոսավոր վնասվածք, որը թափանցում է ոսկորի սպունգանման շերտը, 2սմ երկարությամբ (հավանաբար դամբարանը փորելու ժամանակ բրիչի հարվածից փշրվել է գանգը)… Գանգը վերևից հնգանկյունանի (պենտագոնալ) ձևի , դեպի ծոծրակը լայնացող ձվի տեսքով, ճակատը բարձր, թմբերը` թույլ զարգացած, ունքամեջը հարթ, վերունքային աղեղները`միջին բարձրության, պտկաձև ելունները` միջակ, ձախ ելունի վրա` բազմաթիվ անցքեր, որոնք վկայում են, որ կենդանի ժամանակ Դուրյանն ունեցել է միջին ականջի բորբոքում` հավանաբար հյուծախտային ծագմամբ և բորբոքումը տարածվել է ոսկորի վերադիր հյուսվածքների մեջ…»:

77042_518022458216395_1263027382_n
Իսկ հետո մեկը մյուսին են հաջորդում մանրակրկիտ աշխատանքի երկարատև օրերը՝ լի տարատեսակ բարդություններով և նաև անսպասելի անակնկալներով: Օրինակ, ինչ-որ մի պահի հանկարծ պարզվում է, որ գանգակամարի ոսկրաբեկորների մեջ կան կտորներ, որոնք պատկանում էին տարիքն առած կնոջ: Շփոթված գիտնականն առաջին պահին չի հասկանում, թե բանն ինչ է: Եվ միայն հետո հաջողվում է ճշտել, որ Դուրյանի հարևանությամբ թաղված է եղել նրա մայրը և գերեզմանը տեղափոխելիս մոր գանգի ոսկորները խառնվել են որդու գանգի ոսկորներին:
Ի վերջո վրա է հասնում այնքան սպասված պահը: Ճաղարյանի աշխատասենյակում տեղադրված էր Պետրոս Դուրյանի կիսանդրին: Պրոֆեսորը համոզված էր. բանաստեղծը եղել է հենց այս դեմքով: Մնում էր, որ հանրությունը նույնպես ընդունեն նրան այնպիսին, ինչպիսին գիտությունն էր ծնունդ տվել՝ վերացականությունից հասնելով մինչև առարկայության:
Թե ինչեր տեղի ունեցան հետո, արդեն հանրահայտ փաստեր են: Հայաստանցիների մեծ մասը դրական գնահատեց բանաստեղծի դեմքի վերականգնումը, իր աշխատանքի մասին Անդրանիկ Ճաղարյանը մի ամբողջ գիտական աշխատություն գրեց, իսկ Դուրյանի մասունքները 2012 թվականին զմռսվեցին Պանթեոնի հուշապատի մեջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ5931359.854cdefd.560

ԹԵՆԵՍԻ ՈՒԻԼՅԱՄՍ

12 Հնս

Մարդիկ բոլորովին էլ չար չեն, եթե նրանց մոտիկից ճանաչեք: Հիշեք այդ բանը: Եվ նրանցից ամեն մեկն իր խնդիրներն ունի: Ոչ միայն դուք, գործնականում բոլորի մոտ էլ ինչ-որ բան այնպես չէ: Դուք ձեր գլուխը լցրել եք, թե միայն ձեր խնդիրները կան, որ միայն դուք եք հիասթափված կյանքից: Բայց եթե ուշադիր դիտեք, շրջապատում անթիվ հիասթափվածների կտեսնեք:
«Ապակե գազանանոցը» գրքից1411655764848.cached

ԶՈՐԱՎԱՐԸ ՁԻՈՒՑ ՉԸՆԿԱՎ, ՆՐԱՆ ԳՑԵՑԻՆ

11 Հնս

Գրողը տանի, ինչ հեշտ բան է ոչնչացնելը: Մի հարված, մի ցնցում, մի չարամիտ հպում, և փոշիանում է մարդկային մտքի ու ձեռքի տքնանքի արդյունքը, ավերակ է դառնում այն, ինչը դեռ երեկ թվում էր անսասան ու մշտակա: Եվ ոչ այն պատճառով, որ աշխարհում ամեն բան անցողիկ է, այլ նաև նրա համար, որ աշխարհի վարքը զերծ չէ ինքնափլուզումների հակումից՝ մի վայրի, անբացատրելի ջիղ, որի տատանումները ինքնախարազանման վերքեր են թողնում:
Բայց մենք, որ ոչ միայն դրա ականատեսն ու ականջալուրն ենք, այլև գիտենք զգալ ու ըմբռնել, ինչու՞ ենք տեսնում ավերումների փոշիները, ինչու՞ ենք լսում կործանումների դղիրդը, բայց չենք ուզում իմանալ ու ճանաչել աղետներից մեծագույնը՝ մարդու ոչնչացումը: Մարդու ոչնչացումը նվաստացման ճանապարհով: Մարդու ոչնչացումը` արժեզրկման գնով: Մարդու ոչնչացումը` վարկաբեկման մաղձով: Որովհետև ինչպես որ հենասյուներից զրկված կառույցն է ծնկի գալիս, այնպես էլ մարդն է փլուզվում, երբ նրան զրկում են իր պատվից, իր էությունից, իր վաստակից ու անցյալից…

* * *
Ծանր նախաբան ստացվեց, բայց ծանրությունը գրից չէ, այլ նստվածքից: Երկար ժամանակ է, որ ինձ հանգիստ չի տալիս այդ միտքը և երկար ժամանակ է, որ ես չունեմ սփոփանքի ոչ մի պատճառ: Փոխարենը գրեթե ամեն օր տեսնում եմ, թե ինչպես է աղտեղվում մարդը, արատավորվում նրա անունը, շահարկվում նրա անսատար կացությունը: Մարդը՝ և ծանոթ, և անծանոթ, մարդը, որին գիտեմ վաղուց, մարդը, որին դեռ չեմ ճանաչում, մարդը, որ այլևս չկա, բայց կա նրա հիշատակն ու գործը: Եվ նրանք բոլորը միասին այն իրավունքի պատանդներն են դարձել, որ կոչվում է սեփական կարծիք հայտնելու արտոնություն:
Ոչ բռնությամբ, ոչ ուժով, ոչ ֆիզիկական հաշվեհարդարով, այլ մեղմ, անխռով, ինչպես ածելին կխրվի քներակի մեջ կամ ինչպես թույնը կներծծվի մաշկի տակ, զրպարտվում ու պախարակվում են մարդիկ, և այդ ածելին մի քիչ ժողովրդավար է, և այդ թույնը ազատ խոսքի իրավունքով է օժտված, և սպանվում է մարդն ու նրա հիշատակը և զոհ է մատուցվում այն վեհագույն թողտվությանը, որի մոլեռանդ հավատաքննիչներն ենք դարձել… Ինչ երանություն է լինել ոչնչություն, բայց ունենալ սեփական կարծիք հայտնելու իրավունք: Ինչ գոհություն է տնօրինել ուրիշների վարկը ու զերծ մնալ հատուցման երկյուղից:
Տաղանդավոր երաժիշտը մի անգամ վրիպեց ու մատը չդրեց ճիշտ ստեղնի վրա: Եկեք կոտրենք ձեռքերը, այրենք դաշնամուրը:
Պարկեշտ ու համեստ անհատը մի անգամ թուլություն դրսևորեց ու ազատություն տվեց իր հույզերին: Եկեք քարկոծենք, սաստենք, առաքինության դասեր տանք սանձարձակին:
Հայտնի ու քաջ զորավարը, որ տասնյակ ճակատամարտեր էր շահել, մի անգամ սայթաքեց ու վայր ընկավ նժույգից: Եկեք ծաղրենք, պախարակենք, փառավորվենք նրա անկումով:
Բայց… Բայց զորավարը ձիուց չընկավ: Նրան գցեցին:
Դուք գցեցիք: Որովհետև, երբ դուք ստորին եք, թամբին նստածը ճնշում է ձեզ իր բարձրությունից: Իսկ երբ նա ներքևում է, արդեն հավասար եք դառնում, արդեն հանգիստ եք և նա անվնաս է ձեզ համար: Եվ չկա տարօրինակ ոչինչ, որովհետև փոքրերը ճնշվում են մեծերի ներկայությունից, թույլերը նախանձում են ուժեղներին, ձախողվածները չեն ներում հաջողակներին…

* * *
Զրուցում ենք: Ասում է.
— Սողոմոն Թեհլերյանին գիտե՞ս:
— Դա ի՞նչ հարց էր: Իհարկե, գիտեմ:
— Իսկ գիտե՞ս, որ իրականում Թալեաթին սպանելուն հաջորդող դեպքերը ճիշտ չեն ներկայացված:
— Չհասկացա, ի՞նչ ես ուզում ասել:
— Բանն այն է, որ կրակելուց հետո Թեհլերյանը ոչ թե դեպքի վայրում հանգիստ կանգնել ու սպասել է ոստիկաններին, այլ նրա վրա են հարձակվել կատաղած անցորդները և սկսել են դաժանաբար ծեծել: Ոստիկանները եկել են ավելի ուշ և փաստացի փրկել են վրիժառուին ամբոխի հաշվեհարդարից: Իսկ մի քանի օր անց նրա բանտախուց է այցելել Թաելաթի ազգականներից մեկը ու ներս մտնելուն պես սկսել է ձեռնափայտով հարվածել Թեհլերյանի գլխին: Ականատեսներն ասում են, որ վերքերը ծանր են եղել…
— Այն, ինչ պատմում ես, դրա մասին լսել էի: Բայց հիմա ինձ ուրիշ բան է մտահոգում: Ուզում եմ հասկանալ, թե ինչու՞ դու այդ բանը պատմեցիր:
— Դե, փաստ է, ինչու՞ չասել:
— Փաստը փաստ է: Բայց դա ճիշտ այնպիսի փաստ է, ինչպես եթե ես ասեմ, որ քո երկու ատամները փչացած են: Միայն թե դու այդ մասին չես պատմի, չէ՞: Իսկ եթե մեկնումեկն ասի՝ կչարանաս, կսրտնեղես: Ուրեմն ինչու՞ պատմեցիր Թեհլերյանի մասին: Գիտես, որ մարդիկ սիրում ու մեծարում են նրան: Գիտես, որ քո ասած դրվագները ոչինչ չեն փոխում. Թեհլերյանն էլի Թեհլերյան է մնալու: Ուրեմն ինչու՞ ասացիր: Նեղվե՞լ ես այդ սիրուց: Համբավի վրա ստվեր նետելը հաճու՞յք է պատճառում…
Տհաճ զրույց էր: Սակայն անպտուղ զրույց: Անհնար է նմաններին համոզել, որ փաստը, ճշմարտությունը, խոսքի իրավունքը հրազենի տեսակներ չեն, որով մարդ են ոչնչացնում: Թվում է՝ անկարելի է կասեցնել նրանց ավերածու կիրքը, որով սնվում է եռանդն ու սողոսկում է խորին շերտերը ջանադիր խլուրդի համառությամբ: Հազարավոր էջերի մեջ կփնտրտեն, կգտնեն ու դուրս կքաշեն մի ճմրթված խզբզանք և դրոշակ դարձրած կսկսեն ծածանել. «Խնդրեմ, ասում էի, չէ՞, որ սուրբ չէ»:
Դե իհարկե, սուրբ չէ, բայց չարիք էլ չէ, ինչպես այս սուտ դրոշակակիրը, ինչպես ճշմարտության այդ ճղճիմ պաշտպանը և ազատ խոսքի այն դավանիչը, որի համար ազատը նույնանում է անախորժի հետ:
Ասպետության ժամանակներում վիրավորանքի ու զրպարտանքի համար մենամարտի էին կանչում: Ու կռիվ էին տալիս: Ու մեռնում էին: Բայց ոչ թե կյանքն էր անարժեք, այլ պատիվն էր արժեքավոր:

* * *
Սրանք գնում են, գալիս են մյուսները՝ իբրև թե ավելի նրբանկատ և հանդուրժող: Բայց եկողներն էլ մի ուրիշ քմայք ունեն. նրանց համար չկան հեղինակություններ: Ասում են, թե ղեկավարվում են սեփական ճաշակով, որովհետև ճաշակ ասվածի կասկածելի ծխածածկույթի տակ հեշտ է մերժել բոլորին՝ հերոսներին, դասականներին, ազգային գործիչներին՝ անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը: Եվ նրանցից ոչ մեկը սրանց սրտով չէ:
«Ես այսինչին չեմ սիրում»,- աչքերիդ մեջ կնայի ու կասի ճաշակավորը՝ իբրև բարձրագույն վճիռ: Է, հետո՞: Քո սիրելն այդ ե՞րբ դարձավ չափորոշիչ գործոն: Ինչո՞վ վաստակեցիր դրա իրավունքը: Կամ ի՞նչ արժե քո ինքնաբավ, հավակնոտ չսիրելն այն հռչակի համեմատ, որ բերել է այսինչը հարյուրամյակների միջով, իր աշխատանքի, իր մտքի, իր պայքարի ու դավանանքի գնով:
Եվ թվում է, թե պիտի հաղթի նա՝ արժանավորը, քանի որ դա է ազնիվ ելքը: Սակայն պարտվում է: Պարտվում է, որովհետև միջակությունը վերջապես ազդեցության լծակ է գտել լավագույնների վրա գործադրելու ու գրոհի է անցել ամբողջ ճակատով. «Համահավասարեցումն իբրև արդարություն. ոչնչացնենք ծառերը, որ թփուտներն իրենց լավ զգան»:
Կսղոցվեն ծառերը, կմնան թփուտները և դրանք էլ կչորանան, որովհետև ծառերն էին նրանց պաշտպանիչ տանիքը ու մեկի բացասման մեջ չէ մյուսի գոյության հավաստումը: Ասա, կրկնիր, համոզիր, փաստարկներ բեր, ապացուցիր, որ ոչնչացնելով ինչ-որ մեկին ոչնչացնում ես նաև ինքդ քեզ: Ոչ ոք չի հավատա դրան:

* * *
Ժամանակին մի ապաշնորհ պոետ կար, անունը Պատվական: Իրեն չգնահատված հանճար էր համարում: Գրվածքները տարել էր Պարույր Սևակի մոտ, սա կարդացել ու ասել էր. «Պատվական, թղթերդ լավ կպչան կլինեն թոնրի համար»: Նեղվել էր, ամենուր բողոքում էր, թե իրեն նախանձում են:
Բայց բախտը մի անգամ իսկապես ժպտաց Պատվականին: Վիճակախաղով այն ժամանակների համար շատ մեծ գումար շահեց: Կարծես ճակատագիրն էլ իր հերթին էր հուշում, թե՝ թող գրելը, փողը վերցրու, տուն ու տեղ դիր, կյանքդ կազմակերպիր: Միայն թե Պատվականը այլ հովերով էր ապրում: Ու նա ամբողջ գումարը տվեց մի քանդակագործի ու սեփական արձանը պատվիրեց:
Երբ քանդակը պատրաստ էր, որոշեց բացումը նշանավորել ճոխ խնջույքով: Հավաքվեցին մարդիկ, շնորհավորեցին, խմեցին և այդ իրարանցման մեջ մեկն անզգուշորեն կպավ արձանին: Քանդակը վայր ընկավ ու փշրվեց՝ բեկորների վերածելով Պատվականի փողերը, երազանքներն ու փառասիրությունը: Որովհետև ամենահեշտ բանը ոչնչացնելն է:
Բոլոր առումներով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

hovik charkhchyan Հովիկ Չարխչյան

ՌՈԲԵՐՏ ՄԸՔՔԱՄՈՆ

11 Հնս

Բարեբախտաբար, այս աշխարհում չկա այնպիսի մի բան, որ հնարավոր չլինի շտկել: Միակ բանը, որ անհրաժեշտ է դրա համար՝ մեր ցանկությունն է, թեև երբեմն դա տրվում է մեծ դժվարությամբ: Հաճախ սխալը շտկելու համար հարկ է լինում շատերին զիջել, դիմանալ ցավին, և բոլոր դեպքերում դու պիտի դա անես, որովհետև այլ ճանապարհ չկա:robert-r-mccammon

ԱՐՔԱՆԵՐԻ ՎԵՀԱՆՁՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

10 Հնս

15-րդ դարի անգլիացի գրող ու պատմաբան Ջոն Լոուն զառամյալ հասակում զրկվել էր ապրուստի միջոցներից և ընկել ծայրահեղ թշվառության մեջ: Իմանալով այդ մասին` թագավորը նրան մի տեղեկանք է տվել, որի մեջ ասվում է. «Նկատի ունենալով, որ Ջոն Լոուն իր կյանքի քառասուն տարին նվիրել է պատմական և գիտական հետազոտություններ կատարելուն և դրանով նպաստել մեր հայրենիքի հռչակմանը, նրան տալիս ենք մեր արքայական գթառատ թույտվությունը՝ մեկ տարի ժամանակով ողորմություն մուրալու Անգլիայի բոլոր ճանապարհներին և հավաքածը ծախսելու իր օգտին»:img_12

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

8 Հնս

Մարդն այնքան մեծ է, որքան նա ընդունակ է սիրելու ուրիշներին:
Երբ սիրում ես քո ընկերներին՝ ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ, միայն քո եսը: Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ՝ ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերներիդ: Մարդկությունը սիրիր- մարդկության չափ մեծ կլինես: Տիեզերքը սիրիր- տիեզերքի չափ մեծ կլինես:
Սիրիր և կմեծանաս, և կխորանաս: Քո սիրտը կհարստանա և կդառնա քո և ուրիշների երջանկության աղբյուր հորդառատ:իսահակյան

ՏՈԼՍՏՈՅԻ, ՖԵՏԻ ՈՒ ՄԻ ԶՈՒՅԳ ԿՈՇԻԿԻ ՄԱՍԻՆ

8 Հնս

«Տեղեկանք
Սույնը տրվում է 1885 թվականի հունվարի 15-ին առ այն, որ այս մի զույգ կոշիկները՝ հաստ ներբաններով, միջակ կրունկներով ու կլոր քթերով, կարված է ինձ համար իմ պատվերով «Պատերազմ և խաղաղություն» վեպի հեղինակ կոմս Լև Նիկոլաևիչ Տոլստոյի կողմից, որոնք նա ինձ մոտ բերեց սույն թվականի հունվարի 8-ին և փոխարենը ստացավ 6 ռուբլի: Իբրև ապացույց աշխատանքի լրիվ նպատակահարմարության, ես սկսեցի կոշիկները հագնել հաջորդ օրվանից: Վերոհիշյալի իսկությունը հաստատում եմ՝ դնելով իմ ստորագրությունը և իմ գերբի կնիքը:
Աֆանասի Ֆետ»:0787231

Ես և Մոցարտը

7 Հնս

Նշանավոր կոմպոզիտոր Շառլ Գունոն մի առիթով երիտասարդներին ասել է. «Որքան խորն եք թափանցում իսկական արվեստի մեջ, այնքան ավելի եք սկսում գնահատել հին վարպետներին: Երբ ես ձեր տարիքին էի, միշտ ասում էի «ես»: Երեսուն տարեկան հասակում սկսեցի ասել՝ «Ես և Մոցարտը»: Քառասուն տարեկանում՝ «Մոցարտն ու ես»: Իսկ հիմա ասում եմ՝ «Մոցարտը»:

29-img1250341843710018

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ

7 Հնս

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

— Մարդը ծնվել է, որ ապրի հողի վրա,- բարբառեց իմաստունը:
Մարդը նետվեց ջուրը և լողալ սովորեց: Իմաստունը քորեց ծոծրակը և ուղղում մտցրեց.
— Մարդը ծնվել է, որ ապրի հողի վրա ու ջրում:
Մարդը հնարեց օդանավը և թռչել սովորեց: Իմաստունը մի քիչ էլ քորեց ծոծրակն ու դարձյալ ուղղում մտցրեց.
— Մարդը ծնվել է, որ ապրի հողի վրա, ջրում և օդում:
Մարդը տիեզերք թռավ, որտեղ չկար ոչ հող, ոչ ջուր, ոչ օդ և սկսեց շարժվել անհունի մեջ: Սաստիկ վիրավորված իմաստունը պաշտոնաթող եղավ:
Երբեք չպետք է սահմանափակել մարդու հնարավորությունները:1397066229_osoznanson

ՄՏՔԵՐ

6 Հնս

Երջանկությունը ճամփորդությունն է, այլ ոչ թե նրա վերջնակետը:
Ռոբին Շարմա

Պատերազմը սարսափելի է, բայց խաղաղությունը երբեմն ավելի սարսափելի է:
Ռեն Բրեդբերի

Երկար տարիներ մենք հույսը դրել էինք բանակի վրա և հանկարծ պարզվեց, որ բանակը մենք ինքներս ենք:
Ջասթին Քրոնին

Ընդունակներին նախանձում են, տաղանդներին՝ վնասում, հանճաներին՝ վրեժխնդիր լինում:
Ֆեոդոր Շալյապին

Որպեսզի ստանաս ինչ-որ բան, պետք է սովորես զոհաբերել մեկ ուրիշ բան:
Շառլ Ազնավուր

Պատերազմը մղում են հարուստները, արյունը հեղում են աղքատները:
Մարգարետ Միտչել

Ինձ 6 ժամ տվեք ծառ կտրելու համար և ես առաջին 4 ժամը կծախսեմ կացինը սրելու համար:
Աբրահամ Լինքոլն

Ո՞ր կողմ կթեքեր արևածաղիկն իր գլուխը, եթե երկնքում հազարավոր արևներ լինեն:
Ալեն Գինզբերգ

Երբ հետաքրքիր ես զրուցակցիդ համար, նա հարցեր է տալիս: Ես հարց տվեցի: Նա՝ ոչ:
Կիմ Հոլդեն

Լավ է ապրում բոհեմը, միայն թե շուտ է մեռնում:
Օլյա Մուխինա

Ամեն ինչին համակերպվում եք, գիտե՞ք: Ամեն ինչին համակերպվում եք:
Ջերոմ Ք. Ջերոմ

Եթե ուզում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, պիտի անեք այն, ինչ երբեք չեք արել:
Կոկո Շանել

0b0638eeef9098fe94b571a52d36780fres

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

6 Հնս

ԹԻԹԵՌՆԻԿԻ ԿՏԱԿԸ

Հայտնի է, որ կա թիթեռնիկի մի տեսակ, որը շատ է սիրում ճրագի բոցը: Նա խաղում, թրթռում է ճրագի բոցի շուրջը, մինչև այրում է թևերը և մեռնում: Ինչու՞ է թիթեռնիկն այդպիսով ավելի կարճացնում իր առանց այն էլ կարճ կյանքը: Ամենայն հավանականությամբ նա մեռնելու նպատակով չէ, որ խաղում է կրակի շուրջը, ոչ, երևի նրա համար հաճելի է ջերմությունը. նա ուզում է ավելի մոտ և ավելի շատ զգալ ջերմության հաճույքը և ահա այրվում է ու մոխրանում:
Վերջերս մի այդպիսի թիթեռնիկ աշխարհ եկավ և տեսավ անթիվ և անհամար կրակներ և ճրագներ քաղաքի փողոցներում և տներում: Դրանք, իհարկե, էլեկտրական լամպեր էին: Թռավ, թրթռաց մեր թիթեռնիկը լույսերի շուրջը և չկարողացավ կարգին տաքանալ: Թիթեռնիկը մահացավ ցրտից և տխրությունից:
Մեռնելուց առաջ մի կտակ թողեց. «Ավելի լավ է այրվել կրակով, քան մահանալ ցրտից և տխրությունից»: Մարդիկ կարդացին թիթեռնիկի կտակը և թարգմանեցին այսպես. «Ավելի լավ է այրվել աշխատանքով, քան ապրել ծույլ ու անօգուտ»:

1965մահարի թիթեռ