Պահոց | Ապրիլի, 2024

ՇԻՐԱԶԻ ՊԱՏՌՎԱԾ ՊԱՏԳԱՄԸ

27 Ապր

Երկար տարիներ մեր տանը թանկ մասունքի պես պահում եմ մի ծրար, որի ներսում պատառոտված թղթի կտորներ են: Իսկ այդ պատառիկների վրա Հովհաննես Շիրազի ձեռագիրն է…

14 տարեկան էի: Հանդիպում էր Շիրազի հետ: Մինչ ներկաներից ոմանք ելույթներ էին ունենում, սեղանի դիմաց նստած Շիրազը գլուխը հակել էր թղթերի վրա և արագ-արագ ինչ-որ բան էր գրում: Վերջապես խոսքը տվեցին նրան: Բարձրացավ տեղից, մի քիչ խոսեց իր գրականության մասին, իսկ հետո ասաց՝ պատգամ ունի, որը չափածոյի է վերածել ու հիմա ուզում է կարդալ: Վերցրեց հենց նոր գրառված թղթերը, սկսեց ընթերցել…

Ընթերցումն ավարտելուց հետո դալիճը դղրդաց ծափերից: Իսկ Շիրազն այդ պահին պատռեց իր գրածը ու թղթերը թափեց հատակին: Անկեղծ ասած, նրա արարքից ես անակնկալի եկա և մինչև վերջ աչքս չէի կտրում ոտքերի տալ լցված այդ պատառիկներից: Հանդիպման ավարտից անմիջապես հետո վազեցի ու սկսեցի դրանք հավաքել: Երեկոյան տուն բերցեի, հատվածներն իրար կցեցի ու կարդացի հետևյալը.

Ինձնից քեզ խրատ

Եվ չմոռանաս՝

Կհեծնեն վրադ,

Թե շատ կռանաս:

Ազգ իմ, թե կուզես

Հայ մնալ խոսուն,

Դու պիտի փրկես

Քո հայոց լեզուն:

Ելնես Արարատ,

Կանգնես գագաթին,

Ով հաչի վրադ՝

Թքես ճակատին:

Հովիկ Չարխչյան

ԱՐԱՐԱՏԻ ՍԵՐԸ

25 Ապր

Երջանկահիշատակ Գերման Ավագյանը մի օր զանգահարեց ինձ ու ասաց, որ Թուրքիայի աշխարհագրական ընկերության ամսագիրը Արարատ լեռան մասին նյութ է պատրաստում: Ինքը լուսանկարների շարք էր արել նրանց պատվերով: Թուրքերը նաև խնդրել էին, որ Հայաստանից որևէ մեկը խոսք ասի Արարատի մասին: Գերմանն էլ ինձ էր առաջարկում թուրքերին հասցեագրված մի փոքրիկ, սեղմ տեքստ շարադրել: Ես գրեցի հետևյալը.

«Ոչ մի հայ մեկ ուրիշ հայի երբեք չի հարցնի. «Ինչ է Արարատը քեզ համար»:

Ես ծնվել եմ մի գյուղում, որ գտնվում է Արարատյան հարթավայրում, Արարատի շրջանում, Արարատ քաղաքից ոչ հեռու: Ամեն առավոտ դուրս եմ եկել փողոց ու առաջին բանը, որ տեսել եմ, Արարատ լեռն է եղել: Կնշանակի Արարատն իմ բացվող օրն է, իմ կյանքը, իմ մանկությունը, իմ հիշողությունը, իմ փողոցի վերջում ձգվող հորիզոնը: Մի՞թե ես կհրաժարվեմ դրանցից: Մենք անվերջ հիշատակում ենք պատմությունը` մոռանալով ներկայի մասին: Մինչդեռ Արարատը մեր ներկան է: Հայերի համար Արարատը նույնն է, ինչ որ արժանապատվությունը: Ոչ մի ազնիվ հայ երբեք ու ոչ մի գնով չի հրաժարվի իր արժանապատվությունից: Արարատը նաև երազանք է հայի համար: Ո՞ր մարդը կապրի առանց մեծ երազանքի: Սիրել Արարատը մեզ համար չի նշանակում թշնամիներ փնտրել: Սիրել Արարատը չի նշանակում խլել մեկ ուրիշի սերը: Դրա համար էլ մենք այն սիրել ենք երեկ, սիրում ենք այսօր ու կսիրենք վաղը: Մենք սիրում ենք մեր Արարատը: Դուք էլ սիրեք ձեր տեսած Արարատը: Դրանից Արարատի սերը միայն կկրկնապատկվի»:

Ամիսներ անց Գերմանը զանգ տվեց ու ասաց, որ ամսագիրը լույս է տեսել: Խոստացավ հանդիպելիս ինձ փոխանցել դրա մեկ օրինակը: Ցավոք, մենք այլևս չհանդիպեցինք…

ԳՈՐԿՈՒ ԿՈՇԻԿԻ ՏՈՒՓԵՐԸ

16 Ապր

ԱՄՆ-ում հաստատվելու առաջին տարիներին Արշիլ Գորկին կարիքից դրդված մի առ ժամանակ աշխատում էր կոշիկ արտադրող ամերիկյան «Hood Rubber» ընկերության ֆաբրիկայում: Ընդմիջումների ժամանակ նա թաքուն բարձրանում էր այդ շինության տանիքը և այնտեղ կոշիկի տուփերի վրա նկարում էր: Երկու ամիս անց, իմանալով իրենց բանվորի «վնասակար» հրապուրանքի մասին, տնօրինությունը նրան ազատեց աշխատանքից…

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԳՏԱԾ ԳԱՆՁԸ

12 Ապր

Քչերին է հայտնի այն փաստը, որ Հովհաննես Այվազովսկին հրապուրվել է նաև հնագիտությամբ: Եվ ոչ միայն հրապուրվել է, այլ որոշ ժամանակ լրջորեն զբաղվել է դրանով: Իր մտադրության մեջ նա այնքան հաստատակամ էր, որ դիմել էր կայսերական պալատին՝ պեղումներ կատարելու պաշտոնական թույլտվություն ստանալու համար: Նրան թույլատրեցին, և Այվազովսկին Թեոդոսյայի մերձակայքում 1853 թվականին սկսեց շուրջ 80 դամբարանների (կուրգանների) պեղումները սեփական միջոցներով: Սկզբում հաջողությունն առանձնապես չէր ժպտում նրան: Սակայն շուտով մեծ ծովանկարչի ջանքերը պսակվեցին աննախադեպ ձեռքբերումով: Մ. թ. ա. 4-րդ դարի դամբարաններից մեկում նա գտավ ոչ միայն մի շարք կերամիկական իրեր ու զարդեղեն, այլ նաև այն հրաշքը, որին հետո պիտի տային «Թեոդոսյական ականջողեր» անունը: Դա իրավամբ արվեստի գործ էր: Հին հույների կողմից ստեղծված այդ զարդարանքը բացառիկ էր թե իր գեղեցկությամբ, և թե աշխատանքի նրբությամբ: Նկարիչը ցնծում էր…

Այվազովսկու գտածոն այժմ պահվում է Էրմիտաժի ոսկե ֆոնդում:

ԴԵՎԻ ՓՇՐՎԱԾ ԳԼՈՒԽԸ

9 Ապր

Մի անգամ մի մարդ մտավ թանգարան, նայեց Վրուբելի կերտած «Դևի գլուխը» քանդակին, հետո անսպասելիորեն մոտեցավ, վերցրեց այն, խփեց գետնին ու ջարդուփշուր արեց: Այցելուն հոգեկան հիվանդ էր:

Թանգարանի ղեկավարությունը կանչեց հայտնի վերականգնող Իգոր Կրեստովսկուն: Կրեստովսկին եկավ ու տեսավ հատակին թափված ավելի քան 600 բեկոր: Դրանցից շատերն այնքան մանր էին, որ հնարավոր չէր վերցնել առանց հատուկ գործիքի: Բայց Կրեստովսկին որոշեց փորձել: Առաջին հերթին նա պահանջեց, որ ամեն բան մնա իր տեղում: Երկու ամիս շարունակ սրահը փակ էր և այնտեղ մուտք ուներ միայն վերականգնողը:

Կրեստովսկին սկսեց իր հաշվարկները: Հայտնի է, որ ամեն մի կոտրվող առարկա փշրվում է յուրովի, կախված նրա ձևից և ստացած հարվածի ուղղությունից: Հենց այդ մեթոդի կիրառմամբ էլ նա ի վերջո ավարտեց իր աշխատանքը՝ ցուցադրելով փայլուն արդյունք: Հետո նույնիսկ ամենահմուտ մասնագետները առաջին հայացքից չէին կռահում, որ իրենց դիմաց դրված է վերականգնված քանդակ: